Բակունց Ակսել՝   Մթնաձոր

Մուրո, բա շվի չունե՞ս:

Փո՞ղ: — Եվ ծպացրեց:

Նրա մի ոտը կարճ էր: Կանգնելուց մատերի ծայրը հազիվ էր գետնին դիպչում: Դեմքը ծաղկատար էր, ձախ աչքի տակը՝ ճոթռած: Նրա զգեստը, գդակը, դեմքը, ձեռքերը համարյա հողագույն էին, արևից խանձված, քամուց ծեծված: Սակայն մի քաղցրություն կար նրա միամիտ, մի քիչ կոշտ դեմքին:

Մուրոն նստեց:

Մուրո, կարդալ գիտե՞ս: — Նա ծիծաղեց:

Ուստի՞ց:

Ընկերս սկսեց հարցուփորձը: Մուրոն գյուղի հովիվն էր: Գյուղում մի «քոլիկ» ունի, որի դուռը դեռ չի կախել: Քնում է ոչխարատիրոջ տանը՝ հերթով: Ոչ ոք չունի: Սասունում էլ որբ է եղել:

Հանկարծ ընկերս հարցրեց նրան.

Մուրո, դու Լենինի անունը լսած կա՞ս...

Հբա իմա՞լ, — մի քիչ սրտնեղեց նա: — Ես Լենինի զրուց լե գիտեմ...

Ի՞նչ զրուց, մի ասա լսենք, — խնդրեց ընկերս: Մուրոն ամաչելով մեզանից «ծգարա» խնդրեց ու սկսեց.

Լենին ուռուս էր: Յուր հեր լե չքավոր էր, պապ լե. գնաց կարդալու, էս յան, էն յան, մի հուսումարան ռաստ էկավ, ասավ՝ չքավոր եմ, ինձի կառնե՞ք, կուզեմ կարդացվոր էղնիմ: Առան. մի քանի վախտ կարդաց, որ ուսում թամմեց, խելքի էկավ:

«Որ խելքի էկավ, իմացավ, թե աշխարհքի վնաս ուստից կեղնի: Մտածեց, մտածեց, տեսավ, որ վնաս ուռուսի թագավորից կեղնի: Թոփ արեց իրենց հուսումարանի տղոց, թե՝ ընկերներ, էնքան որ կարդացվոր եք, իմա՞լ կեղնի, որ չքավոր դառը դատի, հարուստն ուտի, ինք մնա չլուտ, սոված, ռութ, մի կարկատած լեֆ լե չունի, որ մեջ պառկի:

«Ընկերներ ասին. էղեր, չէղեր է, էդպես էղեր է, էդպես լե մացել է: Լենին ասավ. աշխարհն էսպես չի մնա, էսօր ամպ է, էգուց պարզ արև: Մինչի մենք ընկերություն չանենք զիրար, թագավոր լե մզի կմորթե, հարուստ լե մզի կճնշե, հող լե մզի չօգնե: Մկրատ իրեն է, կտոր լե իրեն է: Զուդր ուղիղություն կասեմ, որ մինչի թուր հարուստի բերան չառնի, պարզ խոսք չի ասի:

«Ընկերներ համոզվեցին, ասին կազմակերպություն սարքենք: Սարքին. Լենին ասավ, ընկերներ, ուժով կացեք, որ պիտի կռիվ տանք:

«Էդ վախտ թագավոր մի հավատարիմ մարդ կունենա: Կկանչի էդոր, կասի, որ երթա պտուտ գա երկիր. կուզեր իմանա, թե՝ ժողովուրդն ի՞նչ կասի չի ասի թագավորից: Էդ մարդ յոթ տարի ման կգա, վերջը կգա թե՝ թագավոր, լավ խոսք քիչ իմացա: Թագավոր թախտից կիջնի, թե ինչ տեսել ես, չես տեսել՝ զմմեն լե պատմի:

«Կասի՝ թագավոր, իմացած եղիր, որ էսպես տսվերկու տարեկան մի տղա, անուն Լենին, քեզ փորձանք կբերի: Թագավոր վախուց հրաման էտուր, թե տսվերկու տարեկան Լենին քշեք աքսորյան...»:

Արևը թեքվում էր կարմիր ամպի ետևը, իբրև հոգնած հնձվոր, որ վրան է առնում թաղիքը: Ճկում էին ծտերը, քարից քար թռչում, կարծես չէին ուզում, որ երեկո լինի:

Մուրոն ծուխը խոր քաշելով, շարունակեց.

Քշեցին աքսորյան, էլի չխրատվավ: Լենինի ախպեր, որ իմացավ, թե պստի ախպեր աքսորյան է, ասավ. էլնիմ էրթամ ինչքան թագավոր կա մորթեմ: Էդ խաբար լե շուտով հասցուցին թագավորին, թագավոր էս անգամ կատղավ, ոտք գետին զարկավ՝ թե բռնեք բերեք, իդա մանչ վի՞ր է:

«Բռնին բերին: Թագավորը հարցուց՝ ո՞վ ես, ասավ՝ Լենինի ախպերն եմ. ասավ՝ անունդ ի՞նչ է, ասավ՝ Ալեքսան: Աս խոսք ասել էր, չէր ասել, թագավոր թուր հանեց զարկեց, արյունք ծով արեց: Լենինն իմացավ, ասավ. «Վա՜յ, իմ Ալեքսան...»: Շատ արցունք թափեց ախպոր համար, բայց էլի ուժովցավ, ասավ՝ ընկերներ, եկեք գազեթ սարքենք:

«Ընկերներ համոզվան, գազեթ հանին, ասին՝ դու ամբողջի գլխավորն էղի: Լենին ասավ՝ թե կռիվ պիտի տանք, ով զենք չունի, թող առնե, ուժով միանանք, թագավորի վրա քշենք: Էս էլ որ իմացավ թագավոր, կատղեց, մարդ ճամփեց, որ աքսորյան Լենինին մորթեն:

«Էս անգամ չքավոր բանվորներ ասին, որ թագավոր մեր Լենին սպանե, հաբա մզի ուղիղություն ո՞վ ցուց կիտա: Չընք թորգի, ասին, մենք լե կերթանք կռիվ կիտանք թագավորի վրա: Լենին ժողովք արեց, նամակ գրեց զմմեն չքավոր բանվորներուն, թե պատրաստ կացեք, էս ֆլան ամիս կռիվ կէրթանք թագավորի վրա:

«Առավ իր ընկերներ, իր զենք կապեց, էդ ֆլան ամիս Լենին էկավ ուռուս թագավորի պալատ: Կանչեց՝ ե՛լ, ես աքսորյան Լենինն եմ: Ուժեղ կպան զիրար, շատ արյուն թափին: Լենինի թուր ճեղքեց թագավորի գլուխ, երկու կես արավ, թագավորին տապալեց, էնոր տուն, քուլֆաթ զարկեց, ջարդեց, լավ հողեր, լավ դուքըններ, ինչ որ թագավորն ուներ, զմմեն ոսկի, հարստություն բաժանեց չքավորներուն, ասավ՝ գնացեք ձեր քեֆին ապրեք... Չքավոր բանվորներ ռահաթցան: Լենին հավաքեց իր ընկերներ, ժողովք նստան, որոշում գրին, որ էլ կռիվ չէղնի: Էլավ մի բարձր քար, ասավ:

Ժողովուրդ, խաղաղ ապրեք: Էլ մզի կռիվ չկա...

«Եղավ խորհրդային իշխանություն...»:

Մուրոն լռեց ու, գլուխը ոչխարների կողմը դարձնելով, հոտի առաջնորդ այծի վրա կանչեց այնպես, որ հատուկ է լեռան հովիվներին և որի հնչյունը ոչ մի կերպ չի կարելի տառերով գրել: Տեսնելով, որ կանչն անհետեվանք անցավ, Մուրոն նստած տեղից քար շպրտեց այծի կողմը:

Մարմնի մյուս պակասություններից բացի, Մուրոն նաև ձախլիկ էր: Սակայն այդ նրան չխանգարեց քարը հասցնելու ճիշտ այն կետին, որ հարկավոր էր՝ այծը հետ տալու համար: Եվ ոչխարներն էլ այծի հետևից գլուխները դարձրին դեպի արևմուտք:

Մուրո, իսկ ի՞նչ պատահեց Լենինին հետո, — անհամբեր հարցրի ես:

Զրուց չխլսավ դհա, կեցի... — Եվ շարունակեց.

«Թագավորին որ զարկեց, հարուստ չխլսավ: Որ փախավ, որ լե ահուց մահացավ: Մնաց մի հարուստ մարդ: Զօր նստեց միտք արավ, գիշեր չուրի լուս միտք արավ, թե հնարքով Լենին ջնջի հողի երեսից: Վերջը հնարք գտավ: Կանչեց մի աղջիկ, ասավ՝ աղջիկ, ոսկի կուզե՞ս. ասավ՝ կուզեմ: Աղջիկ էլավ գնաց Լենինի դռան մոտ կեցավ: Պահապաններ ելան հարցրին՝ աղջիկ, դու վի՞ր ես. ասավ՝ չլուտի աղջիկ եմ, Լենին իկա խնդիր ունեմ: Լենին իլավ դուրս, ֆայտոն նստավ: — Ֆայտոն նստեր էր, չէր նստեր, աղջիկ էզարկ. Լենին ասավ՝ դրան մի սպանեք, իմացեք, թե ո՞վ ճամփեց: Իմացան, որ էն հարուստ ճամփեց, հարուստի փոր-փսոր լե տրորին, եղավ հավսար:

«Մի քանի վախտ անց Լենին հիվնդցավ: Որ հիվնդցավ, կանչեց իր ընկերներ, իր կնիկ, իր զորք, ասավ՝ ընկերներ, ես կմեռնեմ, իմ խրատներ, իմ խոսք կմնա աշխարհի երես:

«Լենին մեռավ... Յոթ օր, յոթ գիշեր սուգ արին, տարան մի բարձր տեղ թաղին, որ արևուց մոտ էղնի...»:

Մուրոն տեղից վեր կացավ, պայուսակն ուսը նետեց:

Համլա զրուց (այսպիսի զրույց), — ասաց և խոնարհ գլուխ տալով հեռացավ, փայտը քարեքար դիպցնելով: Քայլելուց նա ցնցվում էր, կարծես ամեն քայլափոխին պիտի ընկներ, եթե մահակը քարին դեմ չտար:

Տղա լաո, իդա կուտ (ցորեն) վի՞ր է, — առուների մոտից կանչեց մեկը:

Մուրոն հավաքում էր ոչխարը: Լսելի էր նրա մեղմ սուլոցն ու ձայնը. — «Հոլե՜, հոլե՜ ... քըսս, քըսս...»: Քիչ հետո ոչխարի գլուխը թեքեց դեպի գյուղը:

Հը, ո՞նց էր… — հարցրի ընկերոջս:

Երբեք չէի սպասի...

Մենք նստեցինք, մինչև իրիկվա նրբին լազուրը հալվեց մոկթի մեջ, թանձրացավ խավարը, և դաշտն ու դիմացի լեռնաշղթան սուզվեցին մթնում: Արաքսի արծաթ գոտին նիրհող թռչունի նման պահվեց եղեգնուտների մեջ:

Եվ ինչքան թանձրանում էր մութը, այնքան վառ էին փայլփլում էլեկտրական լույսերի շղթաները: Ահա Երևանը, Սարդարաբատի կայարանը, Վաղարշապատը, Այղրի ջրհանը:

Կարծես մութ օվկիանի վրա լողում էին հրավառ նավեր...

ՁՈՐԵՐԻ ԼՈԻՅՍԸ

1

Տեղատարափ անձրևին նա բախեց տան դուռը: Ներսը քնել էին որդին, հարսը և թոռը: Ապա անձրևախառն քամին ծեծեց դուռը, ներսում ճրագ վառեցին: Դուռը բացվեց, և անձրևի տարափի հետ տուն մտավ Սիդերո Սավվան:

Նա գործիքների կաշվե պայուսակը դրեց անկյունում, կախեց երկաթե ձողով կավե ճրագը, որ հանգցրել էր քամին: Եվ ասաց որդուն.

Լազր, որդիս, ես եկել եմ, որ գնամ, որովհետև երևաց այն նշանը... Ես քնեցի գետնի տակ և երբ զարթնեցի, տեսա հանգում էր իմ ճրագը: Հետո դում-դում մի ձայն եկավ, Լազր, մի զորավոր ձայն...

Որդին հասկացավ, որ հայրը մահամերձ է: Այն երկյուղը, որ համակել էր հորը, անցավ որդուն, անցավ և հարսին: Կարծես դռան շեմքին ինքը մահն էր՝ անձրևախառն այդ փոթորկին, երբ կայծակի հրեղեն լախտը խփում էր լեռների լանջերին:

Հայրը զգեստները հանեց, մաքուր լվաց ձեռքերը և երեսը, հանձնեց իր զարմանալի մուրճը, հագավ սպիտակ շապիկ, և երբ եղավ լուսաբաց, օրորալով դուրս գնաց գերեզմանատուն: Նրա հետևից գնացին սարսափահար բարեկամները, որոնցից ոչ մեկը չհամարձակվեց հետ պահել նրան: Նրանք գիտեին, որ Սիդերո Սավվան, որ կնշանակի Երկաթ Սավվա, — ուրիշի խոսքով երբեք հետ չի դարձել մի անգամ բռնած ճանապարհից: Կամրջի վրա որդուն ասաց.

Լազր, այս գետի ափին մի աղբյուրի ջրի մեջ կփնտռես իմ մեծ դանակը և որտեղ գտնես, գնա՛ այնտեղից ինչքան թռչում է մեղուն և կգտնես մեծ գանձեր քեզ և աշխարհի համար

Հետո համարյա վազեվազ բարձրացավ գերեզմանատան բլուրը և ընկավ, ինչպես հասկը՝ մանգաղի զարկուց: Նա պառկել էր կողքի վրա, երեսը դեպի իր կնոջ խոնավ ոսկորները: Պառկել էր մաքուր շապիկով, ինչպես ամուսնության առաջին գիշերը:

Եվ դեռ ուրիշ առասպելական զրույցներ հերոսացնում են այն զարմանալի վարպետին, որից մնում է միայն երկու քանդակ և պողպատե մի գործիք: Իսկ ինչ նրա գերեզմանն է, այդ խառնիխուռն թափած քարի փշրանքներ են, մնացորդը այն նշանավոր արձանի, որ բարձրացրել է ինքը՝ վարպետ Սավվան իր կնոջ գերեզմանի վրա՝ մարմարից, բազալտից և մոխրագույն կրաքարից:

Այդ մահարձանի վրա քանդակել է նա երկու ողկույզ, մյուս էջին՝ մի նիհար բորենի, սուր ժանիքներով, մի այլանդակ գազան, որ նայում է նույն այդ ողկույզներին: Երրորդ երեսին միայն բորենին է, ավելի նիհար, ավելի ահավոր, ցցել է դունչը դեպի երկինք, և թվում է, թե ոռնում է մենակությունից և ահից: Վերջին երեսը պարապ է, և միայն շրջանակներն են հիշեցնում չորս կողմի համաչափությունը:

Ցանկացե՞լ է Սավվան ասել, որ նույնիսկ բորենին կանհետանա և կմնա տիեզերական լռությունը՝ անմարդաձայն և անշունչ, երբ բորենին ոչնչացնում է ծաղկած այգին: Գուցե հոգնել էբազուկը և այլևս չի գտել ոչ մի գաղափար պատկերելու վերջին ամայությունը: Բայց նա ձև է տվել ամբողջ արձանին. այդ նետ է, սուր ծայրը դեպի երկինք, կարծես ահա պիտի թռչի նետը և մեխվի երկնքի կողը:

Մի ջերմեռանդ հույն, որի մոտ են եկեղեցու բանալիները, երբ ցույց տվեց Սավվայի երկրորդ հիշատակը, ասաց, որ այդ սուրբ Գևորգի գլոկխն է: Միամիտ մարդ... Եկեղեցու մայր դռան վերևը, Սավվա Սիդերոն քանդակել է կանացի մի գլուխ, մի լուսավոր երես, որի փափուկ այտերի վրա կան փոսիկներ, և աչքերը ժպտում են: Երկու ֆալլուս գրկել են կնոջ պարանոցը և թվում է, թե հենց այդ է նրա ժպիտի պատճառը:

Իսկ սրանք ոսկորներ են խաչի նմանորովհետև Սավվան մեծ վարպետ էր և սուրբ մարդ, — հավատացնում էր այն ջերմեռանդ հույնը, ձեռքին ծանր բանալինելը:

Երբ «Ոսկե գահի» բարձրության վրա Լազրը դողդոջ ձայնով երգեց իր հոր՝ Սավվա Սիդերոյի գովքը, մի քաղցր երգ, որ հորինել էին նրա բարեկամ վարպետները, ես լսում էի խաղի վերջին անընդհատ կրկնվող «Սավվա... մարմարաՍավվա Բարբարա», որ նշանակում էր.

Սավվայի սիրած մարմար...

Սավվայի սիրած Վարվառ...

Իմ աչքի առաջ ելնում էր երկու ողկույզը և բորենին, ամայի անապատը, ապա նրա կինը՝ սպիտակ Բարբարան, կնոջ մարմարե պարանոցի վրա իբրև ժանյակ անարատ ֆալլուսը:

2

Որդին գնաց հոր ճանապարհով:

Նա ևս դարձավ քարի վարպետ, սակայն չէր սիրում այն, ինչ Սավվա Սիդերոն՝ մահարձաններ և քանդակներ եկեղեցիների վրա: Նա երբեք չմտավ եկեղեցի, գուցե նրա համար, որպեսզի չտեսնի հոր քանդակը և չհիշի այն անձրևախառն փոթորիկը և խավար գիշերը, հոր սպիտակ շապիկը և մահը:

Լազրը գնաց Շիրվան, Իմերեթ, եղավ Մասիսի կողմերը, շրջելով հասավ մինչև Սև ծովի ափերը, հետո գնաց Գիլան, եկավ Գետաբեկ: Եվ որտեղ նա գնաց, տներ կառուցեց, գետերի վրա կապեց կամուրջներ, աղբյուրների առաջ՝ քարե ավազաններ՝ մարդկանց և անասունների համար:

Սավվան նրան սովորեցրել էր, թե ի՞նչ կա գետնի խորքում, եթե ջրերը սև ժանգ են դնում քարերի վրա, և լեռան վրա խոտը փարթամ չի բարձրանում: Այն կաշվե պայուսակը, որ մաշել էր հոր մեջքը, որդին ուսն առավ ու շրջեց երկրից երկիր, և երբեք ժանգ չնստեց պողպատե գործիքների վրա:

Որդին այդ բոլոր վայրերում հորից ավելի եռանդով փնտրեց պղինձ, երկաթ և օնիքս-մարմար, ոսկի և կվարց, և գրաֆիտ, և սրաքար: Նա փորում էր լեռան լանջերը և ձորձերի հատակը, բարձրանում էր լերկ գագաթները և խփում այն ժայռերին, որոնք իրենց էին քաշում կայծակի թրերը: Զրնգում էր և՛ ժայռը, և՛ հոր մուրճը: Նա զննում էր ժայռի բեկորը և անսխալ որոշում, թե ի՞նչ կա նրա խավար ընդերքում: Երբեմն նա գտնում էր մաքուր երկաթե շերտ, լեռան կողի վրա: Նա ինքն էր հանում ծանր մետաղը, որից գյուղական դարբինները թափում էին խոփ և ծեծում սուր գերանդի, երբեմն փակում էր իր փորած հանքահորը, երբ նկատում էր, որ հանքը խորն է և քիչ են իր ուժերը: Այդպես տարիների ընթացքում նա սովորեց թափանցվել լեռների խորքը, նայել հարյուրավոր մետր ցած և այնտեղ տեսնել ավազի և խճի տակ թաղված պղինձը և մարմարը, սև երկաթը և գունավոր կվարցը.

Լազր, հայրդ իսկապես գետի մե՞ջ էր գցել իր դանակը...

Գցել էր գետի մեջ...

Իսկ դու գտա՞ր դանակը...

Ես գտա դանակը:

Եվ Լազրը պատմում էր հանքաքար փնտրողների հին սովորությունը: Աղբյուրների ջրերի և գետերի մեջ նրանք նետում էին երկաթի կտոր և ժամանակի ընթացքում երկաթի վրա նստում էր պղինձը, եթե ջրի մութ ակունքներում պղնձաքարի շերտեր կան: Մի այլ ձևով նրանք փնտրում են մարմարը և առանձին ուշադրությամբ են զննում այն վայրերը, ուր առատությամբ թափված է կուպրի նման սև և փայլուն «սատանի եղունգը»:

Իսկ գտա՞ր դու այն գանձերը, որի մասին ասում էր քո հայրը՝ Սավվա Սիդերոն:

Նա լռում է:

Այդ զրույց է... Բայց տես մեր գերեզմանատունը... Այ իմ մոր սպիտակ մարմարը և հորս գերեզմանը: Մինչև այստեղ թռչում են մեր մեղուները: Եվ ինչ պակաս հարստություն է այն սարը:

Մկանուտ ձեռքը մեկնում է դեպի դիմացի լեռան գագաթը, որտեղ ձյունի մաքուր փայլով շողում են մարմարի վիթխարի քարերը, և երբ իջնում է ամպը, թվում է, թե մինչև երկինք է հասնում սպիտակ մարմարը:

3

Այս վայրը կոչվում է «Ոսկե գահ»:

Կլոր հարթավայր է լեռնային թանձր խոտով: Կանաչը կարմրում է, երբ խոտերի մեջ բարձրանում է կարմիր պուտը, կապույտ է զանգածաղիկներից և սպիտակ՝ երբ բացվում է լեռնային մեխակը, կարծես մեկը ներկեր է տարել, և կանաչ մարգագետինների վրա անկարգ կաթկթել են ներկերը:

Այդպես է այդ հարթավայրը, երկու կողմը բլուրներ, հետևը բարձր լեռը. լեռան դիմաց անդնդախոր ձոր, որտեղ աղմկում է լեռնային մի անանուն ջուր: Եթե լիներ մի հսկա և նստեր «Ոսկե գահի» հարթավայրին, նա թևերը կհեներ բլուրներին, մեջքը՝ այն բարձր լեռան և ոտքերը կկախեր խոր ձորի վրա:

Բայց մենք ժամերով գնում ենք «գահի» կանաչների միջով. երբեմն խանգարում է խոտը, որ հասնում է մինչև մեր կուրծքը, և երբեմն էլ քամուց ծովի նման ծփում է բարձր կանաչը և քամին խլում է Լազրի խոսքերը:

...Գնացել է նա գետի հոսանքին հակառակ և ուշադիր նայել է ջրերին, նա հասել է մինչև գետեզրի այն աղբյուրը, որի ավազանների մեջ ընկած էր պղնձապատ երկաթը:

Գետի ջրի մեջ նա գտնում է մարմարի մի զարմանալի կտոր: Նա փշրում է քարը և տեսնում նրա կապույտ փայլը, այն հազիվ նշմարելի երակները և հազարավոր ոսկեփայլ աստղիկները: Նա մտաբերում է, որ գարնանը չափից ավելի բարձրացել էր գետը: Ուրեմն ձյունհալի ժամանակ կամ գուցե գարնան պղտոր հեղեղը լեռներում քերել է մի անհայտ լեռ, և հեղեղը գետին է հանձնել այդ չնաշխարհիկ մարմարի կտորները:

Գնում է հոսանքի հակառակ մինչև գետի ակունքները՝ ցրված-փռված խոր ձորերում, լեռների վրա, մինչև բարձր գագաթների սառն աղբյուրները: Նա սպասում է մի տարի, նորից է հորդանում գետը, և ավելի շատ են երևում այդ քարերը: Այդ տարին նա համոզվում է, որ ձախ վտակներն են բերում քարը և եռապատիկ համառությամբ շարունակում է մարմարի որսը:

Եվ գտնում է հանքավայրը մի ամայի լեռան գագաթին, որտեղ միայն ամառվա ամիսներին հնչում է հովվի սրինգը, և ապրում է քարարծիվը:

Հետո շալակեց մարմարի նմուշները, իջավ այդ լեռներից և գնաց Լեռշինարդ:

Կային, որ չէին հավատում, թե մեր սարերում կա էդպես մարմարիոն... Իսկ ասում էի սա որտեղի՞ց է: Ես հո չեմ շինել:

Լեռն ելան պայթեցնողները և մարմարի վարպետները: Շատ անգամ պայթեց դինամիտը, մինչև ճանապարհը հասավ լեռան գագաթը, և այդ ճանապարհով եզներն իջեցրին մարմարի առաջին քարը:

Ձորերը լցվեց զվարթ աղմուկով:

Լազրը, Երկաթ Սավվայի արդեն ծերացած որդին, դեռ թարմ ավյունով նրանց հետ էր, որոնք ճեղքում էին լեռը, պայթեցնում էին ժայռերը և գետնի մութ ընդերքից դուրս հանում մարմարի ծանր քարերը:

Նա նայում է մինչև սայլերը ծածկվեն լեռան հետեվը, ապա նայում է ձորի մեջ ընկած իրենց գյուղին: Եվ մարմարի որսորդը գոհ է, որ իր և աշխարհի համար գտավ այդ գանձը:

***

Բարձում են օրվա վերջին սայլերը:

Սայլապանները երկաթե շղթաներով բարձրացնում են մի քար, որ ծանր է հարյուր փթից: Երբեմն բարձում են և քար, որ քաշում է երկու տոնն: Ապա մոտեցնում են սայլը, և մարմարը դանդաղ իջնում է սայլի վրա:

Ի՜նչ ահով են եզները նայում այդ սպիտակ քարերին, որ իջնում են շղթաների զրնգոցի և մարդկային աղմուկի մեջ:

Լազրը ինչ-որ բան է ասում սայլապանին, ապա շոյում է քարը:

Նա քարին զարկում է մի տարօրինակ գործիքով, որ և՛ մուրճ է, և՛ կացին, և՛ բրիչԶնգում է մուրճը, և արձագանք է տալիս քարը:

Երկու հազարից ավելի արժի:

Ես նայում եմ նրա գործիքին, նույնիսկ կարող է սղոցել քարը, նայած որ կողմից կհագցնես կոթը:

Լազր, ո՞րտեղից է քեզ այս...

Իմ ձեռքին է Սավվա Սիդերոյի նշանավոր հիշատակը:

Լեռան կատարին սողում է ամպը, և շողքն ընկնում է մարմարի ժայռերի վրա: Նրանց սպիտակության մեջ լողում է նույն ամպը: Հետզհետե խոնարհվում է արևը, զարթնում է լեռների երեկոն: Թվում է, թե ցածրանում է երկինքը, և թափանցիկ օդի մեջ բոլորովին մոտ են երևվում աստղերը: Բայց ասաղերից ավելի պայծառ թարթում են նոր տների ճրագները, և ձորերը ողողվում են մարմարի կաթնագույն լույսով:

ԱՆՁՐԵՎԸ...

Մթին սարերի ամպերից, կապույտ ձյուներից և սառն աղբյուրների ակունքներից գլոր-գլոր իջնում է Ձորագետը, գարնանը՝ հեղեղների աղմուկով, ամառվա տապին՝ զով կոհակներով և աշնանը՝ դեղնակարմիր տերևներով, որ հավաքում են ջրերը ձորերում: Հետո ջրերի վրա, նուրբ արահետների վրա ծանրանում է ցուրտ մառախուղը, և լոռեցիների բարձր աշխարհում մաղում է ձյունը:

Տխրություն, ահ, լեռնային երկրի երկա՜ր ձմեռ...

Արդեն տերևաթափ են թղենիները: Անտառում երևվում են հացենի ծառերը նարնջագույն տերևներով, կաղնիները՝ բաց դեղին և կարմիր տերևներով, տանձիները, որոնց շուրջը չոր խազալի վրա գիշերում է մի գազան: Ծառից ընկնում են տերևները, ահավոր կանչում է կույր մոշահավը, և բոլորովին մոտիկ, դեղնած սաղարթի մեջ փայտահարը կտուցով թմբկահարում է կեղևը: Անտառում մառախուղ է: Կաթում է խոնավությունը մամուռների վրա, ծառերի վրա և քարափների լանջին: Մի խանգարված մատուռի առաջ դեռ մխում է չոբան Սաքոյի կրակը: Ես զգում եմ ոչխարների՝ անձրևից տաքացած բրդի հոտը: Հետո իրար եմ հավաքում կրակը և մոխիրների տակ կարդում գերեզմանաքարի երկաթագիրր՝ «Երեմիա սուրբ ծերունի»... Խշշում են քարափի ուռիները: Բարձրերում բուք կա, և լեռնային բադերը մառախուղի միջով իջնում են դեպի տաք ձորերը:

Ահա քարանձավըՆստել է որսկան Չատին, ոտքերի առաջ եղջերուն փռել է բարակ վիզը և սառած աչքերով նայում է գորշ մշուշին: Քամուց ծփում է որսկանի սպիտակ միրուքը, նրա ոտքերի վրա բուսել է մամուռը: Կարմիր մասուրներ կան մատների վրա: Նա նայում է ինչպես եղջերուն, չգիտես խեղճ աղերսով, թե՞ անբարբառ աղոթքով: Գուցե խարույկ է եղել նրա մոտ: Վառել է չիբուխը խարույկի կրակից և գիշերվա ահից կուչ եկած թուխ մանուկներին պատմել քարանձավներում քրքջացող այսերի և մարդագող ալքերի հեքիաթը, երկա՜ր, ինչպես լեռնային երկրի ահավոր ձմեռը:

Գվվում է ձորն անհայտ աղմուկից, դողում է գետինը, դողում են ծառերը, և տարափով տեղում աշնան անձրևի ծանր կաթիլները:

Գվվում է քարանձավը, և լսում եմ մի ձայն, որ արձագանքի պես հնչում է մութ փչակից.

... Էս խոր ձորերում
Էս է՝ չորս քսան տարիս լրացավ,
Ոչ մի խնդություն տեսա իմ օրում,
Ոչ էլ մի անգամ աչքս լիացավ:

Խշշում են մասրիները, որ բուսել են քարափի լանջին, որոնց խառնվել են այն տեսիլք ծերունու մեռած մազերը: Հետո աղմկում է ամբողջ անտառը, քամին է շառաչում, և հողմահալած մառախուղը կորչում է փչակներում, մթին քարանձավներում: Կաղնիների բաց դեղին սաղարթի միջից աշնան արևը լուսավորում է փափուկ արահետները:

Խաղաղ խնդությամբ իջնում եմ գետափը:

Վերևում՝ քարանձավների առաջ, մնացին այն լուսերես ծերունիները, որոնք ապրեցին «ամեն մեռնողին երանի տալով», ոտքերի առաջ մի մեռած եղջերու...

* * *

Գետը:

Գետի վրա, պողպատյա լարերից կախված օրորվում է մի կամուրջ: Այն ափին բարձրացել է հիդրոցենտրալի բազմահարկ շենքը, որի վիթխարի ապակիներն արտացոլում են Լոռու ձորի ժայռերը, անտառը, ավերակ մատուռը և այն երեք տուննը, որ ծվարել են քարափի գլխին:

Շենքի ներսը՝ այս ձորերին անծանոթ եռուզեռով խլրտում են մարդիկ, որոնք հերոսական ջանքերով և դժվար զրկանքներով հաստատեցին լույսի այս ամրոցը: Ահա երկաթակուռ բետոնի անկործան և անփոփոխ հունով Ձորագետի ջրերը բարձր ժայռից իջնում են ծանր տուրբինների վրա: Ամեհի թափով պտտվում է սյունը, հարյուրավոր մեքենաներ դարձ են անում, ռիթմով դառնում և վերևի ընդարձակ դահլիճում գեներատորը երկնում է հազար-հազար կիլովատ:

Մեքենաների ժխորի մեջ լսում եմ տարիների համառ աշխատանքի պատմությունը.-«Երեք ագրեգատ, յուրաքանչյուրը 10.500 ձիու ուժ... բացի այդ՝ մի պեյլտոն ագրեգատ... ընդամենը 32 հազար ձիու ուժ: Օդային ֆիդերները տանում են այդ ուժը դեպի պղնձաձուլարանները, դեպի ցիանամիդի և գրանիտի գործարանները, դեպի Ստեփանավան: Հետագայում մի գիծ կմիանա Քանաքեռի հիդրոկայանին, իրար կմիանան Լենինականը, Երևանը, և հիմք կդրվի Հայաստանի էներգետիկ հզոր հանգույցին»:

Զվարթ աղմկում են մեքենաները, և դժվար է լսվում այդ պատմությունը: Բաց լուսամուտից ներս է մտնում անտառի գաղջ բույրը և նոր ներկած վահանների հոտը:

Մեկը կանգնել է ամպերոմետրի մարմարե տախտակների մոտ և ուշադրությամբ նայում է պղնձե սլաքների ընթացքին: Նա երբեմն բաց պատուհանից նայում է դիմացի լեռներին, անտառին և այն երեք տանը, որ կուչ են եկել քարափի գլխին:

Նրա կապույտ աչքերից, նիհար և բարձր հասակից երևում է այդ լեռների մարդը, անբան հովիվների շառավիղը՝ լոռեցի բանվորը: Ոչ ահ կա սրտում, ոչ խոնարհ վախ աստծուց, թավադից, չարքից ու չարչուց:

Լոռու ձորում կնստի ձմեռը, և ծմակներում կոռնա քաղցած գազանը, հոտոտելով նա կհասնի մինչև քարափի եզրը և ահից ետ կդառնա, երբ տեսնի լույսերով ողողված ձորը:

Ձմռան գիշերը լուսավոր դահլիճում մարդը կլսի մեքենաների զվարթ աղմուկը, ապա նոր ճանապարհներով կդառնա տուն և իր թուխ մանուկներին կպատմի, որպես մի առասպել, այն ժամանակները, երբ քար ու քարափների վրայով, մեջքը կքած, մեջքին ծանր բեռ, բարձրանում էր լոռեցին իր գյուղը՝ խավարի ու աղքատության մագիլներում: Այն ժամանակները, երբ «մի տուն լիքը մանուկներ» ահով էին լսում և բուքի ոռնոցը, և պարտքատիրոջ ոտնաձայնը... Ապա կանցնի նորոգ օրերի պատմությունը, երբ Լոռու ձորում մի խեղճ Չատի սպանեց թավադին և «զակոնը» նրան քշեց Սիբիր: Կավանդի և հերոսական նոյեմբերը, որպես նոր պատմության սկիզբ, կպատմի և նրանց մասին, որոնք այս ամայի ձորում բարձրացրին լույսի առաջին ամրոցը...

...Դուրսը մաղում էր բարակ անձրև ջրերի վրա, արահետների վրա և դեղնակարմիր անտառի վրա...

Այն կապուտաչյա լոռեցին մերթ նայում էր պղնձե սլաքներին և մերթ արահետին, որով մի օր իջավ քարափի գլխին ծվարած տներից և այստեղ, այս նոր ամրոցի կառուցման հետ, նրա ներսն ամրացավ մի նոր հավատ, նոր բարբառ...

* * *

Ես նայում եմ նրան և հիշում իմ երկրի հին պատմությունը:

Քարերն ու մագաղաթներն ավանդում են նրա քաղաքների կործանումը և սուր, և գաղթ:

Ինչպես մի եղեգն՝ նա խոնարհել է գլուլխը հողմերի առաջ և խաղաղության ժամին նորից հառնել: Նա սարսափահար փախել է իր գյուղերից, ինչպես նախիրը՝ հրդեհվող անտառից, ապա տուն է շինել քարափների վրա, և անձրևախառն քամին ծեծել է նրա հողաշեն խրճիթը:

Մեր երկրի ժայռերի վրա հաղթողները սնապարծ ոճով փորագրել են ավարառության և կողոպուտի պատմություններ, իսկ խավար խուցերում պատմագիրը հորինել է նույնքան սնամեջ առասպելներ հին փառքի մասին:

Ռամիկն անմռունչ պառկել է խանի, թավադի և սպիտակ ցարի մտրակի տակ, երբեմն ըմբոստացել, որպեսզի մյուս օրն ապավինի իր տխուր երգերին և նորից քաշի հին լուծը: Նա հերկել է ուրիշի հողը, սերմել է արյուն-քրտինք, իսկ առյուծի բաժին առել են ռեսը, վանքը և ռուբլու արքան:

Նրա գորշ հյուղերի վրա երկինքը մաղել է տրտմության անձրևը:

Ես նայում եմ այս նորոգ մարդու աչքերին և կարդում նոր պատմությունը: Դեռ ինչպիսի շենքեր պիտի բարձրանան մեր լեռների լանջերին և ձորերում, ինչքան քաղաքներ պիտի հառնեն տափարակների վրա, և զվարթաձայն հնչեն կառուցողների նոր երգերը:

Երկրի և մարդկանց վրա, հերկած հողերի վրա, իջնում է աշնան բարեբեր անձրևը...

ՄԻ ԱՆԳԱՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

«Ավրորա»-ն խարիսխ էր ձգել Բալթիկ գործարանի առաջ: Ավելի հեռու «Իմպերատոր Պավել» հածանավն էր, նրա մոտ՝ նշանավոր «Վիոլա»-ն, որտեղ հուլիսյան օրերին Ցենտրոբալթիկ շտաբն էր, և ապա կայմերի մի ամբողջ անտառ օրորվում էր գորշ-կապարագույն ծովի վրա:

Ստեֆան Բորգան՝ «Ավրորա»-ի ծերունի նավաստին, վախտայի հերթապահն էր. նա ծծում էր ծխամորճը և անշարժ նայում քաղաքի կողմը: Արև էր, հյուսիսի սառն արև, որի սպիտակ շողերը հրդեհել էին Իսաակիի տաճարի գմբեթը: Տախտակամածի պղնձե ճաղերը փայլում էին արևից:

Վախտայի կամրջակից նա դիտում էր քաղաքը: Փողոցներում սովորական շարժում էր. կամուրջների վրայով անցնում էին տրամվայներ, ավտոներ: Չուխոնցի երկու նավավար, հասարակ նավակները տակառներով բարձած, հանդարտ թիավարում էին: Երբեմն երևում էին փոքրաթիվ զորամասեր, որ անհայտ էր, թե ո՞ւր էին գնում: Կազակների մի էսկադրոն անցավ արքայական կամուրջի վրայով: Հեռվից նկատելի էր նրանց թրերի փայլը: Եվ նույնիսկ նրանց երգը հին էր, կարծես Պիտերում ոչինչ չէր փոխվել: Ամեն ինչ առաջվանն էր, ինչպես Նևան, ինչպես նրա գրանիտյա ափերը:

Բորգան շրջվեց դեպի «Իմպերատոր Պավել» նավը, և նրա դեմքի վրա շողաց ժպիտը: Ահա կայմերից բարձր ծածանվում է կարմիր դրոշը, առաջին կարմիր դրոշը, որ բարձրացրին Բալթիկ ծովի նավաստիները: Եվ Բորգան հիշեց այն օրը, երբ լողացող սառույցները ծովի խորքը տարան Միչման Բուլիչի արյունոտ դիակը: Միչմանը հայհոյել էր կարմիր դրոշի առաջին պահակին, պահակը կրակել էր նրա վրա, և նրա ծանր մարմինն ընկել էր բորտից ներքև:

Վախտայի կամրջակի վրա ծանր քայլում էր Ստեֆան Բորգան, ծծում էր ծխամորճը և քթի տակ երգում էստոնական անուրախ «Ձասմա»-ն: Ներքև՝ տախտակամածի վրա եռում էր նավաստիների սովորական առօրյան: Ոմանք ավազով և ծանր խոզանակով լվանում էին տախտակամածը, մյուսները խաղում էին ոսկորներով, ոմանք թնդանոթների շղթաների մոտ կանգնած խոսում էին:

Ասում են արդեն տպում են հայտարարություններ, որ իշխանությունը մեզ է անցնում.

Իսկ Կերենսկին ֆրոնտից կազակներ է կանչել, երկու դիվիզիա...

Ձեռքերը կարճ են... Չի հասնի:

Ախ, եթե մեզ ուղարկեին Ձմեռային պալատի դեմ, ես գիտեի ի՜նչ կանեի...

Ի՞նչ կանեիր:

Ե՞ս... Կանանց բատալիոնից տասը հոգու գերի կառնեի և, հասկանո՞ւմ ես... Մանավանդ այն հաստլիկ Ֆենյային:

Նավաստիները հոհռացին: Նույնիսկ Բորգան, որ կամրջակից լսում էր նրանց զրույցը, ժպտաց: Նա կամեցավ միջամտել խոսակցությանը, բայց նկատեց ծանոթ ավտոն, որ շրջվեց դեպի ափը, ուղիղ «Ավրորա»-ի դիմաց:

Գալիս են, — կանչեց նա, և տրապը հանդարտ նստեց գրանիտի վրա:

Եկողները Ռազմահեղափոխական կոմիտեի և Կարմիր նավատորմիղի ներկայացուցիչներն էին:

* * *

Թանձր ծուխը լցվել էր կամարակապ սենյակը, որ նման էր գետնահարկ խուցի: Ճրագը ծխի մեջ ավելի աղոտ էր լուսավորում, և նրանք, որոնք կռացել էին Պետրոգրադի քարտեզի վրա, ստիպված էին գործածել նաև մոմ և լուցկի, ավելի պարզ տեսնելու փողոցները, կառուցվող բարիկադները, կամուրջները, որ հարկավոր էր ըստ կարիքի բարձրացնել, և վերջապես շենքերը՝ փոստի, հեռագրատան, բանկերի, մինիստրությունների և մանավանդ զորանոցները, որ պետք էր անհապաղ գրավել:

Ուրեմն նորից եմ հիշեցնում Ցեկայի կարգադրությունը, — խռպոտ ասաց Պոդվոյսկին, — առանց խուճապի, առանց երկյուղի... մենք պիտի բանտարկենք ժամանակավոր կառավարությունը, Կերենսկուն, գլխավոր շտաբը... Պետք է գրավենք Ձմեռային պալատը, այնտեղ են նրանք բոլորը: Պա՞րզ է...

Պարզ է, — պատասխանեցին այս ու այն կողմից:

Ընկեր Պոդվոյսկի, գիշերապահները կարո՞ղ են խարույկներ վառել, — հարցրեց մեկը:

Դու էլ ինչի՞ մասին ես հարցնում, — կշտամբեցին նրան:

Հանդա՛րտ, ընկերներ: Ժամանակը թանկ է: Խարույկ չվառեք, որովհետև տաքանալու համար կրակի մոտ կհավաքվեն զանազան քաղքենիներ, իսկ այդ հարկավոր չէ:

Անընդհատ ներս ու դուրս էին անում գնդացիրի ժապավեններ կապած և ձեռքի նռնակներով զինված նավաստիներ, բանվորներ, կարմիր գվարդիականներ: Նրանք ծանրախոհ մտնում էին այս և այն սենյակը, որոնք միանման էին, ինչպես խուցեր, և հաղորդում էին լուրեր, ստանում հրահանգներ և զենք: Բակում անընդհատ աղմկում էին մոտոցիկլետներ, ավտոներ. սուրհանդակների ձիերը դոփում էին փողոցներում:

Next page