Բակունց Ակսել՝   Մթնաձոր

Գալիս էին զորամասերի պատվիրակներ, որոնք հայտնում էին իրենց կամքը՝ կռվելու ապստամբող բանվորների հետ կողք-կողքի: Ոմանք միայն չեզոքություն էին խոստանում: Նրանք հեռանում էին ընկճված և իրենց հետ դեպի զորանոցներն էին տանում լուրեր ապստամբության մասին: Երբեմն գիշերային հետախույզները տեղեկություններ էին բերում քաղաքի շրջակայքում թշնամու կասկածելի զորաշարժերի մասին:

Իսկույն ուժեղացնել հսկողությունը կամուրջների վրա... Կարմիր գվարդիականներին ուղարկել երկաթուղու կայարանները... Զինաթափել «Աստորիայի» սպաներին: Դիմադրության դեպքում անխնա եղեք: Ընկե՛ր Մոկշին, ստուգեցեք ժամանակը:

Տասնմեկից տաս պակաս:

Եվ երկուսն էլ նայեցին ժամացույցներին:

Տասներկուսին ինձ զեկուցեք, որ «Աստորիա»-ն մեզ այլևս չի խանգարի: Շտա՛պ:

Խավար միջանցքների քարերի վրա լսվեց սապոգների մետաղյա ձայն, ապա աղմկեցին երեք բեռնատար մեքենա, և զինված նավաստիների խմբերը սլացան դեպի «Աստորիա»:

Ուրեմն օղակել Նևայից մինչև Մարսյան դաշտը, ապա Մոյկայից մինչև Մարինսկի պալատը: Հրետանին խփում է պալատի հրապարակի ուղղությամբ: Գրեցի՞ր, Վասյա... Հետո զրահապատները...

Բայց հանկարծ ներս մտավ մեկը, որին երկու ժամ առաջ ուղարկել էին շտապ հանձնարարության:

Նրանք փակեցին դարպասները... Բայց պատուհանների վրա գնդացիրներ կան: Սպասում են կոզակների երկու էսկադրոնի:

Փակել Միլիոննի փողոցը և Նևայի գետափը մինչև կամուրջ: Դադարեցնել տրամվայների երթևեկությունն այդ փողոցներով: Զինաթափել էսկադրոնները, եթե մոտենան կամուրջին: Ովքե՞ր են «Ավրորա»-ի հետ կապ պահպանողները:

Ներկա են, — ոտքի ելան երեք երիտասարդ և մի ծեր նավաստի՝ Ստեֆան Բորգան:

Կրեյսերը մոտեցնել կամրջինՀետևել ազդանշանին և անհապաղ կրակել Ձմեռային պալատի կողմը: Քսան նավաստի ուղարկել ընկեր Անտոնովին՝ պալատի վրա արշավելու...

Есть,-ասաց Բորգան, առաջին անգամ՝ առանց կապիտանի: Դռան մոտ մեկն արագ նշանակեց նրանց ազգանունները և տրված հանձնարարությունը:

Մթին պալատների առջևով անխոս գնում էին չորս նավաստի: Ցուրտ էր. ծովից փչում էր խոնավ ու սառը քամի. փողոցներում հատ ու կենտ լապտերներն օրորվում էին, և նրանց հետ օրորվում էին տների մութ ստվերները: Կողպ էին դարպասները, պատուհանների փեղկերը, և ձայն չէր լսվում բարձր հարկերից: Երբեմն նրանք հանդիպում էին զինված գիշերապահների, որոնք նշանաբանից հետո թողնում էին նրանց:

Փոթորկվել էր ծովը: Վիթխարի ալիքները արշավում էին Նևայի հոսանքին հակառակ, գետն ուռչում էր, խփում ափերի գրանիտին: «Ավրորա»-ն բոլոր լույսերը հանգցրել և զգույշ լողում էր դեպի արքայական կամուրջը: Միաժամանակ նավաստիները մթնում հանում էին թնդանոթների պղնձե երախակալները և նրանց պողպատյա փողերը դարձնում դեպի Ձմեռային պալատը...

Առաջին զրահապատները գրոհեցին Սենատի հրապարակից: Նույն ժամին, տաճարի առաջ դաշտային հրետանին հրաման ստացավ կարճ ճանապարհով միանալ պուտիլովցիների զորամասերին: Ապստամբ զինվորների զորասյուներն արշավում էին Մանեժի և Ինժեներական դղյակի կողմից: Կարմիր գվարդիականները Ալեքսանդրյան այգուց գնդակոծում էին Ձմեռային պալատի դարպասները:

Պալատի ներսից և հարևան շենքերի կտուրներից գնդացիրային կրակով պատասխանում էին յունկերները: Գնդակները շառաչով դիպչում էին ցուցանակների թիթեղներին, մայթի քարերին և աղմկով փշրում հաստ ապակիները:

Վախեցած քաղքենիները փակել էին դուռ ու լուսամուտ, նրանց հետևը շարել բարձեր, սեղաններ, գրքեր: Եվ դողում էին ահավոր երկյուղից. դողում էին, անիծում և աղոթում:

Մոտ երեք-չորս հարյուր հոգու մի բազմություն սպիտակ դրոշը բռնած մոտեցավ կարմիր գվարդիականների դիրքերին:

Կանգնեցե՛ք, — և զրահավոր մեքենան դանդաղ մոտեցավ:

Ճանապա՛րհ, — բազմությունից բղավեցին մի քանիսը: Նրանց մեջ կանացի մի ձայն կանչեց ամենքից բարձր.

Մենք Պետրոգրադի Դումայի և հասարակական հաստատությունների ներկայացուցիչներն ենք և գնում ենք խնդրելու ժամանակավոր կառավարության, որ դադարեցնի այս արյունհեղությունը:

Չկա՛ ժամանակավոր կառավարություն, նա տապալված է: Կա՛ հեղափոխություն...

Ճանապարհ տվեք մեզ:

Հեռացեք կամուրջից, թե չէ կրակում եմ:

Ավազակներ, հայրենիքի դավաճաններ, — հիստերիկ ճիչով բղավեց այն կինը, որ կոմսուհի Պանինան էր

Հեռացեք կամուրջից, — և գնդացիրը կրակեց օդի մեջ:

Հեռանանք, պարոններ... Տեղի տանք բռնության ուժին և աղոթենք աստծուն մայր Ռուսիայի փրկության համար, — երկյուղած ձայնով ասաց դավանության մինիստր Կարտաշևը:

Բազմությունը հետ նահանջեց:

Կանգնի՛ր, — բղավեց երիտասարդ պահակը և ուղղեց հրացանը: Մի ավտո կանգնեց:

Իջե՛ք ցած...

Սա ի՞նչ անկարգություն է, — զայրացավ ավտոյի մեջ նստած պորտֆելով մարդը:

Դուք պետք է ոտքով գնաք Սմոլնի,— հանդարտ պատասխանեց պահակը: — Իսկ մեքենան կմնա...

Գիտե՞ք ես ով եմ, — ձայնը բարձրացրեց նա, — ես մինիստր Պրոկոպովիչն եմ... Ինչպե՞ս եք հանդգնում ձեռք բարձրացնել կառավարության անդամի վրա: Սա անկարգություն է: Ձեր ազգանո՞ւնը, պարոն, — և գրպանից հանեց բլոկնոտը:

Գնացեք Սմոլնի, այնտեղ ձեզ կասեն...

Եվ մինիստր Պրոկոպովիչը, որպես կալանավոր, ոտքով գնաց Սմոլնի:

Ժամը երեքից անց բոլոր զորամասերը հրաման ստացան.

Ուժեղացրեք գրոհը, գրավեցեք պալատը... Շուտով Իլյիչը ելույթ կունենա Խորհուրդում: Բանտարկվածներին և գերիներին ուղարկել Սմոլնի: Ձմեռային պալատը գրավող առաջին կոմիսարին հրամայում եմ անմիջապես ներսը սահմանել խիստ կարգ և առանց խուզարկության ոչ ոքի դուրս չթողնել:

Հրամանից հինգ րոպե հետո հանկարծ որոտացին «Ավրորա»-ի թնդանոթները՝ մե՛կ, երկու, ապա որոտացին Պետրոպավլովկայի կողմից: Դաշտային հրետանին, որ արդեն մնացել էր պուտիլովցիներին, հրապարակից զարկեց արքաների ձմեռային տան դարպասներին: Լսվեց մի հուժկու ուռռա, և բոլոր փողոցներից արշավեց զինված բազմությունը:

Ձմեռային պալատում գնդացիրները լռեցին:

Նավաստիների և կարմիր գվարդիականների մի զորասյուն խիզախ գրոհով մտավ բակը և ռումբերը պատրաստ բարձրացավ մարմարյա սանդուղքներով: Առաջին գրոհայինների մեջ էին «Ավրորա»-ից տասնյոթ նավաստի, որոնց թվում ծերունի Ստեֆան Բորգան:

Գրոհողները մեծ եռանդով փնտրում էին Կերենսկուն: Արդեն բանտարկել էին ժամանակավոր կառավարության անդամներին, զինաթափ էին արել յունկերներին և շարքի էին կանգնեցնում նրանց պալատից դուրս տանելու, — սակայն բանվորների և նավաստիների առանձին խմբեր Ձմեռային պալատի բազմաթիվ սենյակներում և ներքնահարկում դեռևս փնտրում էին անփառունակ «Բոնապարտին»:

Մեկը հանկարծ ներքևից կանչեց.

Բռնել ենք, բռնել ենք...

Մի քանի նավաստիներ Ստեֆան Բորգայի հետ միասին ներքնահարկի մութ միջանցքում բանտարկել էին երկու հոգու սև վերարկուների մեջ փաթաթված, — և ոգևորված գոռում էին, դղրդացնելով կամարները:

Կոմիսարը նրանցից վկայական պահանջեց:

Ծերունի նավաստու սուր աչքը սև վերարկուի տակ տեսավ էպոլետի ոսկե երիզը: Նա հետ քաշեց վերարկուի օձիքը: Նույն րոպեին կոմիսարը կարդաց նրա վկայականը.

Գեներալ-մայոր Բագրատունի, Պետրոգրադի մարզի շտաբի պետ...

Ստեփան Բորգան պոկեց գեներալի բրաունինգը և ոսկեզօծ էպոլետները:

Իսկ դրսում, Ձմեռային պալատի բակում, լսվում էր հոմերոսյան քրքիջ: Հռհռում էր զինված բազմությունը, ծիծաղում էին և սրախոսում:

Զինաթափ էին արել Կերենսկու վերջին հույսը՝ կանանց բատալիոնը: Նրանց շարքի էին կանգնեցրել և սպասում էին հրամանի՝ որևէ տեղ տանելու:

Նու, Ֆենյա, հանիր բրյուկդ:

Իսկ էն տյոտյան նրանց հրամանատարն է:

Ախ դուք Կերենսկու հարսներ... Գնանք մեր զորանոցները

Կոմիսարը կարգադրեց առանձնացնել կանանց բատալիոնը: Ապա հարցրեց.

Ո՞ւր ուղարկեմ ձեզ...

Ընկեր կոմիսար, նրանց ուղարկիր իրենց կազարման... Այնտեղ նրանք սնդուկների մեջ կունենան իրենց դեյրաներն ու կոֆտաները: Կհագնեն և կկորչեն տները, — միջամտեց Բորգանը:

Մեկը բղավեց:

Պատգամավորները դեպի Խորհուրդների շենքը...

Ստեֆան Բորգան հեգնանքով նայեց գերի ընկած կանանց և հեռացավ: Իսկ մյուս նավաստին չդիմացավ գայթակղության և ծածուկ կսմթեց Ֆենյայի հաստլիկ թևը...

* * *

Պետրոգրադի Խորհրդի նիստի ժամանակ անսպասելի կերպով ներս մտավ գորշ վերարկուով մի մարդ: Նա մի վայրկյան նայեց ոգևորությունից հուզված պատգամավորների բազմությանը, որոնց վրա թանձր ծուխը ծփում էր, և օրորվում էին ջահերի ոսկե ժանյակները: Գորշ վերարկուով մարդը նայեց մի վայրկյան, ապա հաստատ քայլերով մոտեցավ ամբիոնին:

Դահլիճում աղմուկը դադարեց:

Ընկերներ, զրնգաց նրա ձայնը,— բանվորական և գյուղացիական հեղափոխությունը, որի անհրաժեշտության մասին միշտ ասում էին բոլշևիկները, կատարվեց... Ճնշված մասսաներն իրենք են ստեղծում իրենց իշխանությունը... Այսօրվանից սկսվում է պատմության մի նոր շրջան...:

Դահլիճը դղրդաց ծափերի որոտից, և նույն րոպեին Ծովային շտաբի գավիթից, «Ավրորա» կրեյսերից և Պետրոպավլովկայի հեռուներից ողջունեցին թնդանոթները, գործարանների հազարավոր սուլիչներն ահեղագոչ արձագանքեցին, և արձագանքը, որպես նոր պատգամ, սլացավ քաղաքից քաղաք, աշխարհից աշխարհ...

Այսօրվանից ամբողջ իշխանությունը պատկանում է բանվորների, զինվորների և գյուղացիների խորհուրդներին...

Խոսում էր Լենինը:

ՔԵՌԻ ԴԱՎՈՆ

Ոչ քո մասին, Հայկ, ոչ Ալեքի և ոչ օղակավար Մարինայի և ոչ էլ նույնիսկ Մխոյի «թռուցիկ բրիգադի» տղաների մասին է, որ ահա գրում եմ, այլ այն մարդու մասին, որը խրճիթում խռնված բազմության մեջ իմ աչքին չէր ընկնում, մինչև ներս վազեր գոմի պահակը և լեղապատառ կանչեր.

Քեռի Դավո, քեռի Դավո, էն անիրավ «Խմբապետի» կապ փրթավ. ելիր, թե չէ, Արաբ էնոր փոր-փսոր կթափա:

Ելավ միջահասակ և ամրակազմ մի մարդ, մեկը նրանցից, որոնք լրացնում են քառասունը, հետև են թողնում հիսունը և նույնիսկ վաթսունին հասնելով չեն փոխում իրենց քայլվածքը, դեմքի արտահայտությունը և առհասարակ իրենց: Նրանք ունենում են խիստ սև և ձյունի նման սպիտակ մազեր, և սևն ու սպիտակն իրար խառնված, նրանք ապրում են դեռ երկար, և այն տարիքում, երբ ուրիշ ծերունիներն ունենում են զառամյալ մարմին և հենվում են ցուպին, — այդպիսիները դեռ առույգ են և ունեն արթուն միտք:

Ելավ այդ ամրակազմ մարդը, որն էր ինքը՝ քեռի Դավոն: Նրա հետևից դուրս եկավ նաև Մխոն, որին անվանում են «Կես կռիվ», որովհետև նա հանդարտ չի կարողանում խոսել և նույնիսկ, երբ ժողովում խոսք է առնում, նույնիսկ այդ ժամանակ թնդում է նրա ահագնադղորդ ձայնը, և թվում է, թե գոռում է մի ամբողջ լեռ: Ես ևս դուրս եկա «զկնի», ինչպես ասում են այդ գյուղում: «Կես կռիվ» Մխոն արդեն որոտալով սլանում էր, և լսելի էր, թե ինչպես նա անարգում էր ինչ-որ լոդր Միհրանի, նրան անվանելով «կուլակի թիկնացու», «կոլխոզի տիզ» և այլ այսպիսի խոսքեր:

Իսկ քեռի Դավոն գնում էր միջահասակ մարդու սովորական քայլերով, այն վարժ քայլքով, որով այդպիսի մարդիկ լուսաբացից մինչև օր-կեսօր կարող են կտրել լեռներ և ձորեր և նոր միայն նեղանալով շոգից և ո՛չ հոգնածությունից` պառկել մի թփի ստվերում: Դժվար չէր գուշակել, որ «Կես կռիվ» Մխոն պիտի փոթորիկ գցեր և ավելի բարձր որոտար լոդրերի, ծույլերի, ավարաների և այլ այդպիսի մարդկանց հասցեին, և հենց այդ ժամանակ պիտի վրա հասներ քեռի Դավոն և լուռ ու մունչ գործ աներ:

Պատահել էր ահա թե ինչ:

«Խմբապետը», որ մի կիսախելագար երիտասարդ ցուլ էր, անպատիվ համարելով եզների շարքը դասվել և կամ գայթակղված այն ազնիվ և ընտիր կերով, որ ախոռապանները լցրել էին ձիերի առաջ, կլորել էր վզի կապը և հարբած արջի նման ծառս եղել կոլխոզի ընդարձակ գոմում, որից և վախեցած պահակը վազել էր հավարի: Ձիերից ոչ մեկը նրան մոտ չէր թողնում, իսկ Արաբը, չքնաղ մի նժույգ, — դեռ շարունակում էր զայրագին վրնջալ, դոփելով գոմի սալ քարերը:

Երբ քեռի Դավոն ներս մտավ, տեսավ հետևյալ պատկերը: Գոմի մյուս ծայրին, կիսամութի մեջ, ցուլը կռացրել էր վիզը և բոռում էր. մութի մեջ բոցկլտում էին նրա արնախառն աչքերը: «Կես կռիվ» Մխոն դռան մոտ աղմկում էր ավելի բարձր, քան վրնջում էր Արաբը: Եզների և ձիերի երկար շարքերը, որոնց վերջը չէր երևում, հանդարտ խժռում էին կերը: Միայն մի երիտասարդ քուռակ, որին ավելի կվայելեր սնվել` օրինակ առնելով հասակավոր և պատկառելի ձիերից,-ջղային անհանգստությամբ ցցել էր ականջները և ուզում էր ցույց տալ, որ ինքը ևս բաժանում է երևելի նժույգ Արաբի զայրույթը: Իսկ եզներից և ոչ մեկը որևէ կերպ ցույց չէր տալիս իր վերաբերմունքը, և նույնիսկ կարելի է ասել, որ նրանք ատելությամբ էին լցված դեպի «Խմբապետը», որին օրերից մի օր պիտի ամորձատեին, և նա ևս պիտի դառնար չարքաշ եզ:

Քեռի Դավոն, առանց փոխելու քայլերի ռիթմը, անցավ գոմի երկայնքով և ուղղակի մոտեցավ ցուլին: Նույնիսկ «Կես կռիվ» Մխոն սարսափից լռեց, և այլևս չվրնջաց Արաբը: Քեռի Դավոն բռնեց «Խմբապետի» ականջներից և առաջ եկավ՝ հետևից ցուլը: Ապա նա ցուլին հրեց երկու պառավ եզների արանքը, առավ ճիլ խոտից հյուսված թելի կծիկը, գրպանից հանեց կեմրարը և զարմանալի արագությամբ ու ավելի զարմանալի վարպետությամբ ոլորեց այնպիսի ամուր կապ, որ հուր-հավիտյան «Խմբապետը» չէր կարող քանդել: Նա ցուլին կապեց երկաթե սեպից, և միայն այդ ժամանակ նորից «փոթորիկ փրթավ» Մխոն ու դուրս գնաց:

Այդ ժամանակ քեռի Դավոն ոչ մի բառ չարտասանեց և միայն, երբ կապեց ցուլը, գրպանից հանեց ծխախոտի տուփը և հաստ մատներով փաթաթեց ծխախոտը և ապա, այն էլ կես հեգնանքով, ասաց գոմի պահակին:

Հաբա հորի՞ ժողովքին կըսեիր ընցեր է քեռի Դավոյի ժամանակ, — և թեթև զարկեց նրա մեջքին, — սովորի, տղաս, սովորի...

Ապա մոտեցավ մի ծանր ձիու, որն ահագին աղմուկով կրճտացնում էր ատամները, կարծես գարու հատիկները փշրվում էին ջրաղացի քարերի տակ, և շոյեց ձիու բաշը:

Քրտնած է ձին, տղա, — և ասաց նաև, որ գոմն արդեն նեղ է, հարկավոր է ձիերի նոր գոմ կառուցել:

Քեռի Դավո, դու ա՞յս բրիգադի մեջ ես:

Չէ, ես դաշտավար եմ:

Հապա ինչո՞ւ եկար գոմը:

Չէ՞ էս էլ մերն է, — և ձեռքը մեկնեց ձիերի ու եզների կողմը. — բոլոր իմ է:

Քեռի Դավոն գնաց:

Գոմի պահակը, որն իսկույն թողեց բարբառը, պատմեց այն ճանապարհի մասին, որով նրանք ընթացել են, սկզբում՝ չորս տարի առաջ՝ միայն տասներկու տուն, որոնք ունեին միայն մի եզ, և որոնց ծաղրելով անվանում էին «չլուտի խումբ»: Ահա այս գոմը և նրա բակը հռչակված իջևան էր Շարուրից և Օրդուբադից եկող քարավանների համար: Այժմ այդ ծածկերի տակ հանգչում են մեքենաները և մի ամբողջ գումակ: Նրանք էին տասներկու տուն և ունեին միայն մի եզ. առաջին հիմնադիրները մեջտեղ դրին ինչ որ ունեին՝ վերջին պարկ գարին ու նույնիսկ փշուր ձավարը փոխեցին գարու հետ, և համայնական առաջին դաշտում սերմնացանը լի բուռով շաղեց սերմը: Հետո երեսունից անցան, և այս ձմեռ նրանք արդեն հարյուր վեց են, և հիմնադիրները պարծանքով նայում են հետ՝ չորս մեծ տարիներին:

Պահակը պատմում էր այդ տարիների մասին, և այդ թվում էր մի պարզ պատմություն: Լեռ չի փլվել, չի եղել ամեհի պատերազմ, հրաշք չի եղել, և միայն քրտինք են թափել հողի մշակները, և նրանք, որոնք ունեին միայն մի եզ, այժմ իրենց վաստակով տեր են դարձել երամակի և նախիրի, սայլաշարքի և մեքենաների, ունեն ցորեն և գարի, կանայք կով են կթում, իսկ նաղարաչի Չոլոն նրանց զվարճացնում է, և թնդում է «գյոնդը»: Այդ թվում էր մի պարզ պատմություն, և դժվար է հաղորղել այն ներքին ուրախությունը, որով համակված էր այդ երիտասարդը, ինչպես այն մարդը, որ խեղճության, հոգու այլասերման և ծայր չքավորության անդունդի ափից անդարձ անցել է մի ուրիշ ափ և ուրախությունից կոխում է այն հողը, որ իրենն էր, բայց իրեն չէր կերակրում, տեսնում է նույնպիսի մի ձմեռ, երբ լեռները ձյունոտ են, ահա դարձյալ Արազի ափից բարձրանում է տաք գոլորշի, բայց իր դռանն այլևս չի չոքել սովի ահը, և նրա վաղը չի երևում որպես անօգնական կրակ մթագնած բուքի մեջ, այլ բացվում է որպես նորոգ գարնան առավոտ:

Խրճիթում հավաքվածների խորհրդակցությունն ավելի նման էր պարզ զրույցի, բայց այդ հասարակ խոսքերը որոշում էին հարյուրավոր մարդկանց անելիքն ամբողջ տարվա ընթացքում: Որոշում էին այս տարվա նորմաները և միաժամանակ ուրվագծում էին կոլեկտիվի ողջ արտադրության պլանը: Նստել էին՝ ով ինչպես ուզում էր, և միայն նրանք էին սեղանի մոտ, որոնք գրում էին: Նույնիսկ մեկը խրճիթում գնում գալիս էր և երբեմն բարձրացնում էր գլուխը. այդ ժամանակ նա հայտնում էր իր դիտողությունը, և նրան ևս լսում էին այնպես, ինչպես մյուսներին, որոնցից ոմանք նստել էին պատի տակ, ոմանք՝ վառարանի շուրջը, իսկ մի քանիսը հաստ արկղի վրա, որ անհայտ է, թե ինչու էր այդտեղ: Ամենքից գեղանկար տեղավորվել էր մի թիկնեղ մարդ: Նա չոքել էր և միևնույն ժամանակ համարյա պառկել մեջքի վրա, այնպես, որ նրա գլուխը ցցված ծնկների հետ հավասար էր:

Եվ ներկաները, որոնք կոլխոզի ակտիվն էին, նրա առաջատար ուժը, բոլորը՝ համարյա առանց բացառության, խոսում էին խելացի ծանրությամբ: Ննջող չկար, ինչպես գյուղական այն ժողովներոււմ, երբ զեկուցողի միալար ձայնից կախվում էին ունկնդիրների հոգնած գլուխները, և արդեն մի անկյունից լսվում էր մրափի աղմուկ, կարծես այն կողմից գնում էր մի մենավոր սայլ, և սայրը խուլ ճռնչում էր: Պատասխանատվության զգացումի հետ նրանց խոսքերի մեջ կար մի խստություն. և երբ լռում էին՝ այդ լռությունն ևս վկայում էր, որ մարդիկ կշռում և կշռադատում են: Եվ նույնիսկ «Կես կռիվ» Մխոն այլևս երկար չէր աղմկում, այլ բավականանում էր ընդհատ բացականչություններով, որ թեպետ որոտաձայն էին, բայց և այնպես խելացի էին: Իսկ քեռի Դավոն արդեն գրավել էր իր տեղը և լայն դանակով տաշում էր մի սեպ, տաշում էր և մտածում:

Հեշտ չի այն աշխատանքը, որի համար նրանք ուղեղ էին մաշում: Սյունի բարակ շերտի տակ լուռ քնել են այն դաշտերը, որտեղ վաղը նրանք պիտի քրտինք թափեն: Իսկ հարկավոր է ավելի լավ կազմակերպել համայնական դաշտերի վարը, հարկավոր է բարձր բերք ստանալ: Հարյուրավոր հեկտար դաշտերի վրա աշխատելու են տարբեր մարդիկ, և ահա պետք է այդ մարդկանց դասավորել այնպես, որ ստացվի առավել արդյունք: Կա բեղով Տիգրան, կա և Թիմարցի Տիգրան, կա Տիգրան, որ անհայտ է, թե ինչու կոչվում է «հայու տղա», վերջապես չորրորդ Տիգրանին կոչում են «կոմսոմոլ Տիկո», և ահա չկա ավելի լավ ջրվոր, քան բեղով Տիգրանը. Թիմարցուն չի կարելի քաղհանի ուղարկել, որովհետև նա կռվում է քաղհանավոր կանանց հետ, այնինչ նրանից լավ ֆուրգոն քշող չկա. «հայու տղան» բամբակի «հոգու մեջն է», իսկ կոմսոմոլ Տիկոն օրնիբուն մեքենաների հետ է: Կա տափ, բամբակի արաթ, պետք է որոշել, թե ո՞ր պատանին ձեռնհաս է հորիկ լինելու, քանի՞ տղամարդ կարող է գետափի խոտատեղը հնձել, ո՞վ է դարսում բարձր բարդոց և այնքան ամուր, որ նույնիսկ հարավի քամին չքանդի: Սեղանի մոտ նստած մեկը, որ ղեկավարում է խորհրդակցությունը, հարցնում է.

Քեռի Դավո, երկար արտի ներքևի մա՞սը պիտի թանձր սերմել, թե՞ վերևի:

Քեռի Դավոն մի քիչ մտածում է և պատասխանում: Եվ դուրս է գալիս, որ ոչ վերևը պիտի թանձր սերմել և ոչ էլ ներքևը՝ նոսր, այլ երկու ծայրերը հավասար խտությամբ, իսկ մեջտեղը թանձր:

Եվ դեռ հարյուրավոր այսպիսի հարցեր՝ բամբակ ցանողների, քաղհանավորների, սերմնացանների և հնձվորների, դարբնի և սայլապանների մասին, աղյուս թափողների և տուն կառուցող վարպետների աշխատանքի ու նրա վարձատրության չափի մասին և այն մասին, թե ինչպես սերմել, որ արտերում անսերմ «խեց» չմնա, որ հողի բոլոր գուղձերը փշրվեն. ով է քաղցր հնձում, ով է լավ առու քաշում, լար տալիս և մարգոց անում, ե՞րբ է հարկավոր ցելաջուր և ե՞րբ ակոսով ջուր,-և մի՞թե հնարավոր է միառմի թվել աշխատանքի այն բոլոր տեսակները և նկարագրել աշխատանքի կազմակերպման դժվարությունները և նրանց փորձը, որոնք չորս տարվա ընթացքում եփվել են այն դժվարությունների բովում և որոնցից յուրաքանչյուրը փակ աչքերով էլ տեսնում է իրենց հողերը, իրենց մեքենաներն ու մարդկանց, որոնք միացրել են իրենց աշխատանքը:

Եվ դեռ երկար ժամանակ և ոչ թե մի օր, անձրևից ծեծված և արևառ դեմքերով այդ փորձառու մարդիկ, համայնական հողի մշակների այդ նոր ցեղը պիտի ուղեղ մաշի, և նրանց աշխատանքը պիտի ուռճանա լիքը հասկերով:

Երբ ներս մտանք քեռի Դավոյի տունը, տնեցիների դեմքի վրա նկատեցինք մեր գալու հետ ընդհատված հետաքրքիր պատմության հետքերը. իսկ քեռի Դավոն այնպես էր նստել, և մյուսներն այնպես էին նայում նրան, որ մատնում էին, թե այդ հետաքրքիր պատմողը հենց ինքը քեռի Դավոն էր, որի երկու կողքին, թախտի վրա քոթոթների նման կծկվել էին երկու թուխ մանուկներ, ըստ երևույթին քեռի Դավոյի թոռները: Նրանցից մեկը դեռ բավական երկար մնաց այդ դիրքով, և նրա լայն չռած աչքերից երևում էր, որ մանուկը դեռ պապի պատմածի ազդեցության տակ է:

Նրանց սենյակը շատ բան էր ասում իր տիրոջ՝ քեռի Դավոյի նկարագրի մասին: Նույնպես ամուր նստել էին պատերը, ինչպես քեռի Դավոյի կազմվածքն էր, և ամեն ինչից հայտնի էր, որ տերը տունը կառուցել է խնամքով, ամեն ինչ իր տեղն էր և մտածված, ինչպես նրա խոսքերը, և դեռ շատ վաղուց, երբ քեռի Դավոն անօթևան, թափառական էր, այդ դռան նախշը եղել է նրա մտքում:

Տան կառուցվածքի կոշտությունը մեղմացրել էր կանացի մի ձեռք, որը պատուհաններից կախել էր մաքուր վարագույրներ, պատերին նկարներ և գույնզգույն թղթերից զարդեր: Լիքն էր տան ներսը, դռան մոտ կախված էր մի փափուկ երեսսրբիչ, իսկ վերևից դաշտային չորացած ծաղիկների միջից նայում էր Բուդյոննին: Այդ լիքը տան բոլոր իրերի և մարդկանց վրա կար ապահով կյանքի կնիքը, իսկ փայլուն սամավարը կարծես ավելի զարդ էր և նորափեսայի նման ուռած-փքված նայում էր:

Երկար կլինի պատմել մեր զրույցը, որ սկսվեց, ինչպես սկսվում է պարզ զրույցը. քեռի Դավոն հայտնեց, որ հենց նույն օրը նրա առաջարկով կոլխոզի ակտիվի խորհրդակցությունը որոշել է կառուցել ձիերի նոր գոմ:

Էլ ո՞նց ես:

Գոհություն, — և հաստ մատներով սեղանի վրա հավաքում էր հացի փշրանքները: Միշտ անհանգիստ են նրա ձեռքերը, միշտ ինչ-որ մի բան է անում. ահա հավաքեց հացի փշրանքները և սկսեց հարդարել սփռոցի խճճված ծոպերը:

Նա պատմում է այն, ինչ արդեն հայտնի է, ինչ որ վկայում են նրա տունը, տան իրերը, տանեցիները, նրանց հագուստը, նրա թոռները, և վերջապես իր՝ քեռի Դավոյի անվրդով ու գոհ դեմքը, նրա զրույցի խաղաղ ընթացքը:

Պատահե՞լ է ձեզ ձմռան բուքին լինել դրսում՝ խավարի մեջ, երբ ձյունախառն բուքը ծածկում է բոլոր ճանապարհները, ձյունի փաթիլները սուր ավազների նման ծեծում են ձեր դեմքը, սառչում է ձեր շունչը, և ահա թվում է, որ այլևս փրկության ուղի չկա, փրկության ուղի՝ այդ խավար գիշերը, երբ ոռնում է բուքը. և ահա հանկարծ ցոլում է մի վիթխարի կրակ. դժվարությամբ հասնում եք կրակին, և երբ արդեն տաքացել են ձեր ձեռքերն ու մարմինը, երբ հնարավոր մահը դառնում է անցյալ, իսկ փրկությունը՝ հրաշք, կրակի մոտ ուրիշներին հանդարտ ձայնով պատմում եք այն ուղիների մասին, որտեղ խավար էր, և ոռնում էր մահվան բուքը: Ահա այդպես, իբրև մի մարդ, որ հասնում է ապահովության ափը, քեզի Դավոն պատմեց իր և իր նմանների կյանքը: Նրանք և նրանց պապերը այդպիսի տուն չեն ունեցել, նրանք ապրել են մի մութ երկրում, մրոտ տների թոնրածխի մեջ: Նրանք ունեին եղեգնյա խսիր, որ փռում էին օջախի առաջ, և ամբողջ գերդաստանը պառկում էր խսիրի վրա, ինչպես քարայրի գազանը՝ չոր տերևների վրա: Եվ նույնիսկ այդ կյանքը շատ եղավ նրանց համար, և ինչպես կրակվող եղեգնուտից փախչող թռչուններ, նրանք հեռացան իրենց բարձր քարափներից և քարափների խեղճ տներից:

Երբևիցե մի գրիչ կպատմի քեռի Դավոյի կյանքը և այդ գրիչը շատ կգտնի հերոսություններ նրա կյանքում: Եվ նա կզարմանա, թե ինչպե՞ս է, որ բոլոր պատուհասների ընթացքում չի անհետացել քեռի Դավոյի զարմը: Բարձր ոգևորություն կհոսի նրա երակներում, երբ այդ պատմիչն իր պատմությունը հասցնի մինչև այն օրը, երբ իրար հետ միացան տասներկու ծուխ և այս հողերի վրա վառեցին նոր կյանքի կրակները, և առաջին տասներկուսի հետ քեռի Դավոն լսեց համայնական կյանքի կոչը:

Իսկ ի՞նչ ես անելու այն ավելցուկը, որ ունես...

Այստեղ մեր զրույցին խառնվեցին և կանայք՝ քեռի Դավոյի կինը և նրա հարսը, այն թուխ մանուկների մայրը, որի կանացի մատները քնքշություն էին տվել Դավոյի կառուցած տան հաստ պատուհաններին և պատերին: Երևաց, որ կանայք տարբեր կարծիքի են ավելցուկ ցորենի և մյուս մթերքների օգտագործման մասին. նրանք պահանջում էին «կարի մեքենա» և «կռավաթ», իսկ հարսը՝ նույնիսկ պատեֆոն: Այնինչ քեռի Դավոն հակառակ է մտածում. նա կամենում է իր նոր տան կողքին կառուցել մի ավելի ընդարձակ սենյակ, գետնից բարձր, որ ներքևը լինի մառան, իսկ կտուրի վրա ամառվա չարդախը: Եվ երբ պատրաստ կլինի այդ սենյակը, այն ժամանակ նա կգնի երկաթյա մահճակալ: Նրա թոռները գլդոր-մլդոր փաթաթվեցին պապին, կարծես այդ եղանակով հայտնեցին, որ իրենք չեն ուզում ոչ խոր մառան և ոչ երկաթե մահճակալ, այլ միայն ուզում են, որ միշտ ունենան այդպիսի պապ, բարձրանան նրա ուսերի վրա, գլորվեն նրա գոգում, և պապը նրանց զարմանալի պատմություններ պատմի:

Ճրագները վառվեցին:

Երբ սեղանի արկղից հարսը լուցկի հանեց, իմ աչքին ընկավ էլեկտրալարի կապոցը, կոճակները, դեղին պատրոնը և նույնիսկ մի էլեկտրալամպ:

Ինչո՞ւ ես հավաքել, քեռի Դավո:

Հաբա մեզ լուս կիտա Սիմիստրոն...

Սիմիստրոն, Ցեմստրոյը, Ցեմշինը...

Քեռի Դավոյի պատուհանից երևում էր հայկական հին գյուղին օտարոտի պեյզաժ: Դիմացի բլուրների ստորոտում թարթում էին բազմաթիվ ճրագներ, բլուրների վրա երևում էին ավելի զորեղ կրակներ: Թվում էր, թե ամբողջ դաշտում փռվել է արդյունաբերական մի մեծ քաղաք, և նրա բազմաթիվ կրակները վառվում են գիշերային մթության մեջ: Պատուհանից նայում էին այդ հոյակապ տեսարանին, իսկ քեռի Դավոն պատմում էր, որ գործարանի շաղախին քիչ քրտինք չեն խառնել և իրենք. նաև ինքը, և ահա այդ վաստակի փոխարեն «Սիմիստրոն» նրանց լույս է խոստացել:

Է, բարով մնաս, քեռի Դավո:

Բարով, բարով տեսանք:

Բակից ավելի փառահեղ էր Ցեմշինը: Քեռի Դավոյի տան պատուհանից երևում էին միայն տների մի մասը և բլուրները, բայց չէր երևում վիթխարի ծխնելույզը, որից թանձր ծուխը բարդ-բարդ բարձրանում էր: Լսվում էին պայթյուններ և խուլ աղմուկ. երևի վագոնետների մեջ լցնում էին կրաքար:

Գյուղի նոր թաղով դառնում էի տուն: Երկու կողմը միանման և մաքուր տներ էին, և յուրաքանչյուր տան զույգ պատուհանից լույսի բարակ շերտ էր ընկել նոր փողոցի վրա: Եվ ինչպես մի նետ, այդ փողոցը ձգվում էր դեպի եղեգնուտը, և Զույգ լեռը կարծես փողոցի ծայրն էր:

Մուգ մանիշակագույն շղարշ էր նստել լեռան լանջերին, և նրանց ստորոտներն ընկղմվեվ էին շղարշի խավար ծալքերում: Բայց այնքան սպիտակ էր լեռան գագաթը, որ նույնիսկ այդ մութ շղարշի միջից ցոլում էր նրա սպիտակությունը, ինչպես անարատ մարմինը թափանցիկ քողի միջից: Ոսկեղեն լուսինը, որ արևի նման էր, բայց առանց ճառագայթների,-լուսինը դողդողալով իջնում էր խոր անդունդի վրա: Այն կողմերում հովիվները հրդեհել էին եղեգնուտը, և թվում էր, թե ծով է բռնկվել: Այրվող եղեգնուտից բադերը կանչելով պտտվում էին իրենց կրակվող բների վրա: Քամին բարձրանում էր, այրվող եղեգնի և խավարի մեջ նրանք նման էին հրաթև թռչունների: Լեռը բարձր էր բոլորից, և նույնիսկ այդ հրդեհվող ծովը չէր լուսավորում նրա խավար լանջերը:

Մի տնից լսվեցին խուլ ձայներ. կարծես բազմաթիվ կանայք միաժամանակ և խմբով ասացին նույն բանը: Պատուհանից երևաց սենյակի ներսը, որը հիշեցնում էր քեռի Դավոյի տունը. միայն չկային երեխաներ և տղամարդիկ: Ութ-տասը գեղջկուհիներ հասարակ սեղանի շուրջ բոլոր նստել էին, և երբ Մարինան բարձրացնում էր ձեռքը, նրանք խմբով ընթերցում էին: Մեկը նույնիսկ մատը շարժում էր տողերի հետ, ինչպես դպրոցական երեխա.

Մեր կոմունան վար կանի...

Եվ խուլ դղրդացին այդ բառերը, ինչպես բազմության սրբազան երդումը, երբ ծովի նման ծփում է այդ բազմությունը, նրանց քայլերից թնդում է գետինը, հրդեհ է բռնկվել նրանց հոգիներում, և հողմը կրակին է մատնել հին եղեգնուտները, և տիղմը և թունավոր ճահիճը, հուրը խանձում է ճահիճների զեռուններին, կրակի լեզվակները ճեղքում են դարավոր խավարը, և կարիքից ազատազրկված մարդը ճախրում է որպես հպարտ բազե:

ՄԻՐՀԱՎ

1

Աշուն էր, պայծառ աշուն: Օդը մաքուր էր, ավելի թափանցիկ, սրբած ապակու պես: Հեռավոր սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, ասես մեկը սրբել, լվացել էր նրանց լանջերը:

Աշուն էր, տերևաթափով, արևի թուլացած ջերմությամբ, ցուրտ քամով: Դեղնած տերևները քամին քշում էր խմբերով, տանում հեռու: Ծառերը խշխշում էին քամուց, բոստանում սիմինդրի չորացած տերևները քսվում էին իրար, և արևի տակ վերջին արևածաղիկն էր ժպտում:

Հնձանի առաջ, մամռոտ քարի վրա նստել էր Դիլան դային, միտք էր անում ականջը սիմինդրի տերևների խշխշոցին: Աշնան արևը ջերմացնում էր նրան, ձորի խաղաղությունը դուր էր գալիս: Ծառերին փաթաթված վազերն օրորվում էին քամուց, Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ալիքների վրա օրորվող տաշեղի պես: Հնձանի դռնակը ճռնչում էր, քամին դուռը բաց ու խուփ էր անում: Աշնան խաղաղ օրին Դիլան դայուն հաճելի էր և սիմինդրի տերևների խշխշոցը, և վազերի օրորը, և հնձանի դռնակի ճռնչոցը:

Այդպես մի անգամ էլ ճռնչաց դուռը տարիներ առաջ, երբ Դիլան դային ջահել էր: Էլի արև օր էր: Հնձանի առաջ կողովների մեջ խաղող էր դարսած, ներսում՝ քարե տաշտի մեջ Դիլան դային խաղողն էր կոխ տալիս, և շիրան համեղ, արյան պես կարմիր, քարե տաշտից ծորում էր տակառների մեջ: Այգում ոչ ոք չկար, մենակ էր աշխատում: Ոտքերը մինչև սրունքները բաց, տրորում էր խաղողի ողկույզները, քթի տակ մի երգ մռմռում:

Շոգ էր հնձանում, քրտնքի կաթիլները գլորվում էին, կաթում շիրայի մեջ: Երիտասարդ էր այն ժամանակ, երակներում էլ արյունը հոսում էր ջահել գինու պես:

Հանկարծ հնձանի դուռը կամացուկ ճռնչաց, Սոնան ներս մտավ, տեսավ նրան, ուզեց ետ դառնալ, բայց Դիլան դային տաշտից թռավ, դուռը դրեց:

Սոնան, տերտերանց հարսը, Սոնան՝ կարմիր հալավով, թևերին զրնգան սուրմեք, — ուզեց դուռը բաց անի:

Կգան, բաղում մարդ կլինի, — ասաց, բայց Դիլան դային պինդ էր գրկել նրան: Չիմացավ, գինու հոտից էր, թե հնձանն էր տաք, չիմացավ Դիլան դային: Սոնայի ականջին փսփսաց, թե՝

Հաջորդ էջ