Բակունց Ակսել՝   Մթնաձոր

Էջեր. Առաջին Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 Հաջորդ Վերջին

Ա՛ տղա, էս հո մի կարգին պոլկ ենք... — ասաց բրուտի տղան և բարձր կանչեց՝

Սլուշա՜յ... Ափիցեր Աքել Շուղունցով...

Ա՜, հերիք ա, քիչ տնազ տուր Աքել ամուդ:

Աքել ամիս նեղանալ չի... դե մի շարքով գնացեք, տեսնեմ ով ա ետ ընկել, — ասաց շիլ Իվանը ու ձին ճանապարհից հանեց:

Հաշիվը թամամ ա: Աբրահամի ձին չկա, էնա բազարում, Իսախանենց ձին՝ ոտը գելը ցրիվ ա տվել, մեկ էլ Կոստանդ խազեյնի սպիտակ ձին...

Վախիլ մի. Կոստանդը հիմա հլա քնած ա, ձին էլ ոսկի գարի յա ուտում: Վեր ա կենալու, եղ ու մեղր ուտի, ձին թամքի և Կաթնաղբյուր մեզ հասնի: Նա հո քու թայը չի՞. — ասաց Գիլանց Մուքին:

Մի հաշիվ չի՞... էս գլխից հենց նրա ձին են տանելու, — ասաց Միկին:

Իշտահ պահի, — պատասխանեց Իվանը, — քու Չալկադ պերվի նումերը հանելու ա, Շարմաղ հորքիրն ինչքան ուզում ա թող լաց լինի:

Ուրեմն Կոստանդի սպիտակ ձին ու Չալկան մի հավասարի է՞ն... Բա նա Ռահիմ բեկին մի բեռ ոսկի յա տվել, սպիտակ ձին առել: Ես ի՞նչ եմ տվել՝ մի կաղ էշ, մի կարկատած կարպետ:

Էս ա սև ու սիպտակը կջոկվի, — ասաց բրուտի տղան և խոսակցությանը վերջ տալու համար սկսեց պատմել, թե ինչպես հարևան գյուղից մի զինվոր ֆրոնտից նամակ է ուղարկել և նամակի մեջ էլ գրել, որ ինքն իրենց զորամասում տեսել է և ճանաչել իր հորեղբոր ձիուն:

Տես է՜... Որտեղից որտեղ...

Կպատահի, ինչ կա որ...

Տեսնես ձին էլ ճանաչել է՞...

Չէ՜ մի՝ եկել, վզովն ա ընկել...

Քիչ հետո ձիավորները հասան Կաթնաղբյուր և Գիլանց Մուքու առաջարկով իջան ջուր խմելու, մի քիչ հաց ուտելու և ձիերին էլ արածացնելու աղբյուրից ներքև ընկած արոտներում:

Արևը բավական բարձրացել էր: Միկին քարի ստվերում թիկն էր տվել, աչքը գցել արածող ձիերին: Գյուղի ձիերի հետ Չալկան էլ էր արածում...

Միկին աչքի տակով համեմատում էր իր ձիու բարձրությունը մյուս ձիերի հետ:

Թե Գիլանց Մուքու ձին հավասարվի Չալկայի հետ... Թե չէ՝ նրանից կարճը չիա...

Միկի, հրեն,— ասաց բրուտի տղան:

Միկին գլուխը ետ դարձրեց: Ձին խաղացնելով, հեռվում երևաց Կոստանդը: Երևում էր, որ ձին արագ էր վազում և ոտքերի տակից փոշի հանում: Թամքի վրա Կոստանդը վեր ու վար էր անում, մեկ առաջ կռանում, մեկ էլ ետ ձգվում և սանձը քաշում: Կոստանդի սպիտակ ձին, առաջի ոտքերը խաղացնելով, թռչում էր քարերի վրայով, գլուխն աջ ու ձախ դարձնում, փորձում սանձն ազատել հեծվորի ձեռքից: Արևը դիմացիցն էր, և արևի տակ թամքի արծաթ ասպանդակներն ու կապերը փայփլում էին:

Ձիավորների խոսակցությունը դադարել էր: Բոլորն էլ նայում էիր նրա կողմը: Շուղունց Աքելի բերանում հացի պատառը սառել, մնացել էր:

Ա՜յ, ձի... Հազար մանեթ գին ունի...

Տերն էլ պակաս փող չունի...

Էտ ձին ինձ տան՝ կռիվ չգնացողը մարդու տղա չի, — ասաց բրուտի տղան:

Տեսնես ինչ մեծավոր ա նստելու: Ամենաքաշը գեներալ կլինի:

Վրան նստողը պակաս գեներալ չի...

Կոստանդը, երբ ձիավորներին հասավ, սանձը ձգեց, մի կերպ ձիուն պահեց: Կապույտ քրտինքը փրփուր էր դիզել նրա մարմար մորթու վրա: Ձին փնչացնում էր, ոտքերը դոփում:

Դուրս գալդ մի սհաթ կլի՞, Կոստանդ, — հարցրեց Շուղունց Աքելը:

Սհաթին չեմ նայելմինչև դուք ձիերը նստեք, ես բազար կհասնեմ: Չեմ էլ կարողանում պահեմ, ձեռքերս կոտորվեց...

Բրուտի տղան կամացուկ ասաց՝

Տուր ինձ, ես կպահեմ...

Կոստանդն ուզեց ինչ-որ բան ասի. սանձը մի քիչ թուլացրեց, սպիտակ ձին զգաց այդ. և տիրոջ խոսքը կիսատ թողեց: Ձիավորները սպիտակ ձիու թողնելը տեսան...Մի ակնթարթից հետո ձին պահվեց սարի հետև:

Այ հրեղեն ձի սրան են ասել...

Քիչ հետո գյուղացիք քաշեցին ձիերն ու ճանապարհ ընկան:

Շրջանի կենտրոնը մի բազմամարդ ավան էր,որի մեջտեղն ընդնրձակ հրապարակն էր, չորս բոլորը փոքրիկ կրպակներ: Երբ ձիավորները հասան, ասեղ գցելու տեղ չկար: Փողոցներում, արտերի միջնակներում, տների բակերում և հրապարակներում այդ օրը ձիուց բացի ուրիշ անասուն չկար: Հազար գույնի ձիեր՝ որձ ու էգ, ծանրած, մեծ ու փոքր քուռակներով, թամքած ու փալանացծ կապոտել էին՝ որը մի քարից, որը մի ծառից կամ գետնին խրած բիհրից կամ թե իրարից: Մեկի առաջ խոտ էր, մեկելինը՝ դարման, երրորդինն էլ՝ ոչ դարման և ոչ խոտ: Քաղցած ձիերը պոկոտում էին չորացած, հազար սմբակներով տրորված խոտը: Ձիերն իրար հետ կռվում էին. ամեն անկյունից վրնջոցի ձայն էր լսվում. ձիերի. բազմության մեջ քուռակն իր մորն էր կորցնում, արծաթահնչյուն վրնջոցով վազում, մռութը մոտեցնում ուրիշ մատակի պտուկներին: Որձաձիերը պոկոտում էին կապերը և ամեհի վրնջոցով հալածում մատակներին, աքացի տալիս, իրար կծոտում, արնոտում:

Եվ այդ ժխորին խառնվում էր տերերի կանչն ու աղմուկը, հարայ-հրոցն ու բղավոցը: Հայ, թուրք խառնվել էին իրար : Զինվորական հրամանը բոլոր գյուղերումն էլ կրկնվել էր նույնությամբ, և հազարավոր բակերից, գոմերից կածաններով ու արահետներով ձիերը քշել, հավաքել էին շրջանի կենտրոնը:

Հրապարակի մի անկյունում, տախտակներից շինած փոքրիկ բարձրության վրա մի երկար սեղան էր դրված, որի շուրջբոլոր նստել էին պաշտոնյաները: Դեպի այդ խմբակն էր ուղղած բոլորի աչքերը որովհետև այդտեղ էին որոշում ձիու և ձիավորի բախտը:

Գյուղի տանուտերը կարդում էր ձիավորի անունը, բազմության միջից մեկը, ձիու սանձը բռնած, առաջ էր գալիս, ինչպես կրկեսում՝ ըմբիշը: Ձիուն մոտենում էին մի քանի հոգի, տնտղում, ատամներին նայում և ապա թղթի վրա ինչ-որ նշաններ անում: Մի վայրկյան խորհրդակցելուց հետո՝ պրիստավը ձեռքով նշան էր անում:

Ահա այդ նշանն էր, որ հայտնի էր դարձնում ամեն ինչ: Եթե նշանը բազմության կողմն էր, ուրեմն ձին անպետք էր, տերը վախվխելով, ուրախությունից դողացող ոտքերով քաշում էր ձին, հեռանում: Իսկ եթե նշանը տախտակների մոտ կանգնած ռուս զինվորներին էր ուղղած, ապա նրանք իսկույն մոտենում էին, նոր սանձ գցում ձիուն, հինը շպրտում տիրոջ կողմը, մի քիչ հեռացնում և իսկույն պոչը միահավասար կտրում, բաշը կարճացնում և բաշի մազերից կախում տախտակի մի փոքրիկ կտոր:

Ձիավորն ընդմիշտ պիտի հեռանար ձիուց, որին տանում, կապում էին ընդունած ձիերի շարքում, մի երկար ու հաստ պարանից: Տիրոջը մնում էր գլխիկոր վերադառնալ նույն հրապարակով, որով մի քիչ առաջ էր անցել ձիու հետ, ձեռքի մեջ բռնած պրիստավի տված թղթի կտորը, որի վրա նշանակված էր ձիու գինն ու տիրոջ անունը:

Ձիավորնրը, երբ տեղ հասան, հրապարակց մի քիչ հեռու իջան: Գիլանց Մուքին և Շուղունց Աքելն առաջ ընկան բազմության մեջ գտնելու իրենց գզիրին ու տանուտերին:

Նրանք հարևան թուրքերից, որոնք առավոտ կանուխ էին եկել, իսկույն հարցրին.

Հը՞, շա՞տ են տանում...

Էլ մի ասեք, զուլո՜ւմ ա...

Միկին տեսավ իր վաղուցվա ծանոթ թուրքին, առանձին հարցրեց.

Ձիդ պիտի ոտը կոտրած լինի կամ մի վերք ունենա, որ ազատվի, թե չէ՝ բոյը հաշիվ չի...

Միկու ոտները թուլացան: Չալկան գնա՜ց, տարա՜ն:

Քիչ հետո Գիլանց Մուքին և Շուղունց Աքելը, բազմությունը ճեղքելով, իրար ձեռքից բռնած, եկան.

Հիմա Քարագլուխն են կանչում, հետո էլ զիլբիրեցիք են գնալու, նրանցից հեյտո` մենք...

Միկին մի վայրկյան մտածեց, տոպրակը ձիու գլխից հանեց ու ձին քշեց:

Էդ ո՞ւր, Միկի, — ձայն տվավ Սաքու տղան:

Տանեմ ջուր տամ... Կաթնաղբյուրից չխմեց:

Միկին ձին նստեց, հեռացավ:

Ինչի՞ ես ոտով, Կոստանդ, — հարցրեց Շուղունց Աքելը, մի քիչ ետ քաշվելով:

Ձիս տարել եմ քարվանսարան...— ասաց ու հեռվից, ծանոթ մեկին ձայնյ տվավ, գնաց նրա կողմը:

Էստեղ մի օյին կա, — ասաց բրուտի տղան:

Միկին արդեն հեռացել էր հրապարակից: Ճանապարհն այնքան էլ դժվար չէր, թեկուզ ամեն տեղ էլ ձիերէին կապած: Ինչքան հեռանում էր, այնքան ավելի էր սանձի ծայրով Չալկային մտրակում: Բեզարած ձին մի քիչ քայլերն արագացնում էր, իսկ երբ Միկին դադարում էր մտրակելուց, դարձյալ քայլում էր բեռան տակ մեծացած, գյուղական ձիու դանդաղ քայլերով:

Ավանի վերջին տունն էլ ետ մնաց: Միկին նեղ ճանապարհով, կարտոֆիլի թաղերի արանքով ծռեց դեպի աջ, ուր ձորակի միջով հոսում էր բարակ գետակը: Չալկան զգաց ջրի մոտ լինելը, քայլերը արագացրեց

Ձորն իջնելուց առաջ Միկին մի անգամ էլ ետ նայեց, տեսավ, որ ոչ ոք իրեն չի նկատել: Ու հնց Չալկան գլուխը կռացրեց ջրի վրա թե չէ, Միկին իջավ,սանձը շատ մոտ կապեց Չալկայի առաջին ոտքից, պարանով էլ մյուս ոտքերը կապեց ու սկսեց արձակել փալանի կապերը:

Չալկան ջուր խմելուց հետո փորձեց գլուխը վեր հանել, չկարողացավ: Եվ մռութը լուռ ու մունջ նորից կախեց դեպի սառը ջրին:

Միկին արագ շարժումով փալանը դեն գցեց, կռացավ ու վերցրեց մի չեչաքար: Երբ առաջին անգամ Միկին չեչաքարը Չալկայի մեջքին քսեց, ձին հովություն զգաց, խաղացին նյարդերը, կաշին դողդողաց:

Հանկարծ մեջքին ծակծկոց զգաց: Չալկան փորձեց հեռանալ, չկարողացավ, ոտքերն ասես պինդ մեխված լինեին: Ցավը գնալով շատանում էր, միսը կտոր-կտոր պոկոտում էին:

Միկին չեչաքարը տանում բերում էր ձիու մաշկի վրայով: Մի քանի վայրկյանում մեջքը մաշկահան եղավ, քարն արնոտվեց:

Ձին տնքում էր, պոչն ուժգին խփում, բայց չէր օգնում: Միկին քարը հա քսում էր, տնքում: Արյան կաթիլները նոր բացված վերքից դուրս էին ցայտում, իրար միանում և բարակ առվով կախվում, կաթկթում ջրի մեջ:

Չալկան էլ չդիմացավ, պառկեց կողքի վրա, բայց Միկին չէր հեռանում: Ու պառկած տեղն էլ քարը քսում էր, քթի տակ մրթմրթում: Վերջապես դադարեց, քարը շպրտեց ջրի մեջ:

Միկին մի պահ վախեցեվ, արյունը գնալով շատանում էր.

Չլինի տամար տրաքեց...

Չալկայի աչքերի առաջ մթնեց: Պառկել էր և ցավից փնչացնում էր: Միկին բռով լի ջուր էր վերցնում, վերքը լվանում: Քիչ հետո Միկին Չալկայի կապերն արձակեց, ձին ոտի կանգնեց:

Նրա մեջքի աջ կողմին մի ափսեի չափ վերք էր բացվել, երևում էր Չալկայի կարմիր միսը, տեղ-տեղ փոս ընկած, ճաքճքած: Արյունը դեռ գալիս էր, բայց մի քանի տեղ արդեն լերդակալել էր:

Միկին արյան հետքերը լվաց, շտապ փալանեց Չալկային ու ձորով բարձրացավ: Չալկային հազիվ էր կարողանում քայլերը փոխել: Միկին ինչքան էլ մտրակում էր, ոտքով փորին խփում, կանչում, Չալկան քայլերը չէր արագացնում: Ականջները կախ, մերթ տնքալով, գնում էր փողոցով, դեպի հրապարակ:

Միկին յուրայիններին թողած տեղը չգտավ: Հարևան թուրքերը ասացին, որ հենց նոր նրաց կանչել են: Բազմությունը հրելով, ետևից Չալկային քարշ տալով, Միկին հասավ հրապարակ, որի մի անկյունում խռնվել էին՝ շիլ Իվանը, Գիլանց Մուքին, Սաքու տղանև մյուսները: Պիսերը կարդում էր անունները.

Այ մարդ, ո՞ւր կորար, քիչ մնաց քեզ շտրաֆ անեն: Ասացինք հրես կգա:

Ամենից առաջ Շուղունց Աքելի անունը կարդացին: Դողդողալով առաջ անցավ, և մի անգամ միայն ետ նայեց: Այնքան գունատվե՜լ էր...

Եկան, մոտեցան: Ու մեկ էլ այն տեսան, որ զինվորները վրա տվին, փալանն արձակեցին և շպրտեցին Աքելի կողմը: Ոչ մի խոսք չասաց Աքելը, երբ քիչ հետո ձիու փալանը շալակին վերադարձավ: Եվ երբ բրուտի տղա շիլ Իվանը սրախոսեց.

Ափիցեր Աքել Շուղունցով, — ոչ ոք չծիծաղեց, Իվանի ժպիտն էլ ծռմռվեց, դարձավ կսկիծ:

Հետո Ռուստամենց ճակատը սպիտակ ձին տարան: Գնաց և տերտերի ձին: Ժամհարն եկավ, գլուխը կախ:

Հիմա ես տերհորն ի՞նչ պատասխան եմ տալու: Չորրորդ հերթը Կոստանդինն էր: Գյուղացիները զարմացան, երբ նրա անունը կարդացին, որովհետև Կոստանդը նրանց մեջ չկար: Շիլ Իվանը նկատեց, որ սեղանի շուրջը նստողների մեջ ինչ-որ փսփսոց ընկավ: Ու հանկարծ հրապարակի մյուս կողմից երևաց Կոստանդը՝ լղար, մեջքը փոր ընկած, մոխրագույն մի ձի ետևից քաշ տալով: Չնայեցին էլ, ձին ետ տվին: Կոստանդը դուրս եիավ հրապարակից:

Գյուղացիք մնացել էին սառած, ապշած, Շուղունց Աքելն ուզեց խոսի, բայց լեզուն չորացավ, կապ ընկավ: Բրուտի տղան մոտեցավ Միկուն, թե՝

Տեսա՞ր, ես որ ասում էի՜

Բայց Միտկին չլսեց: Նրա ականջովն ընկավ իր ազգանունը, և Չալկան ետևից քարշ տալով, մտավ հրապարակ:

Երբ եկան, փալանը վերցնել տվին, որ նայեն, մի ակնոցավոր ռուս, քիթը վեր քաշելով, կռացավ, վերքին նայեց.

Չտարան, — անցավ Միկու մտքով: Բայց հանկարծ ռուսը ետ դառավ, Միկու վրա մատը թափ տվեց: Միկին դողաց, գունատվեց ու թուլացած նստեց փալանի վրա:

Չալկային տարան: Միկինտեսավ, ինչպես ձիու երկար պոչը կտրեցին: Ու դրանով աչքին այնպես երևաց, ասես իր ձին մեծացավ, դարձավ ղազախի ձի:

Մի մարդ գոռաց վրան: Միկին սթափվեց, ոտքի կանգնեց և փալանն առավ, դուրս եկավ...

Արևն թեքվել էր արդեն, երբ գյուղացիք ճանապարհ ընկան: Ազատվել էին միայն ութ ձի, որոնց վրա և բարձել էին մնացած ձիերի փալանները: Գյուղացիներից շատերն իրենք էին շալակել ձիերի տսպրակներն ու սանձերն:

Ազատված ձիերը, որոնցից երեքը մորուց ծուռ ոտ էին, մեկի մեջքն էր ընկած, երկուսն էլ քոս էին, Սարվանենց ձին էլ պառավ էր, իսկ Հաբիդանց պառավի ձիու երկու կողքաճաղը չկար, — ազատված ձիերը բեռան տակ հազիվ էին քայլում :

Լուռ և անխոս քայլում էին գյուղացիք: Նրանցից մեկն ու մեկը երբեմն կանգնեցնում էր ձին, բեռն ուղղում կամ թե ետ էր ընկնում, տրեխի թելը կապում:

Միտին գլուխը կախ քայլում էր մյուսների հետ: Բրուտի տղան էլ էր սուս, որովհետև ոչ ոք սիրտ չուներ լսելու նրան :

Միկին միտք էր անում՝

Հենց իմ փիսությունս մնաց....

Շալակի տոպրակից ու սանձից Չալկայի քրտնահոտն էր գալիս:

Հիմա հազար ձիու մեջ անտեր խրխնջում ա... Յարաբ, տեսնես արյունը կտրե՞ց...

Ձեռքին պինդ բռնել էր ստացած թուղթը:

Արևի մայր մտնող շեղերը հրդեհել էին ամպերը, վառել հազար գույնով: Կաթնաղբյուրի մոտ նստոտել էին բեզարած գյուղացիք: Ոմանք հացի փշրանքներ էին ուտում,ոմանք էլ լուռ թիկնել էին տոպրակների վրա: Մութն ընկնելու մոտ էր. ճանապարհ դեռ շատ կար:

Հանկարծ Կաթնաղբյուրի մոտ սմբակների պողպատ նալերը զրնգացին:

Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա...

Միայն Շուղունց Աքելն էր,որ կիսաբերան պատասխանեց նրա բարևին: Մյուսները բերան էլ բաց չարին: Բրուտի տղան,աչքը դիմացի սարին գցած, մտքերի հետ կռիվ էր տալիս:

Տեսա՞ր, Միկի, սև ու սպիտակը...

Միկին չպատասխանեց: Սպիտակ ձին խաղալով էր սլանում, ասես սմբակները գետնին չէին դիպչում: Ու եթե մի քիչ էլ վերև թռներ, պիտի կորչեր նարնջագույն ամպերի մեջ:

Կես գիշեր էր, երբ տուն հասան: Դռան մոտ կանգնել էր Շարմաղ բիբին, ճրագը ձեռքին: Միկին ներս մտավ, տոպրակն ու սանձը գցեց մի անկյուն: Անկողնում ծլոնգ ելավ Շողերը:

Ապի, բա Չա՞լկան...

Շարմաղ բիբին լալիս էր: Եվ մինչև մահ էլ ոչ մի անգամ նա իրիկնապահին բաց չէր անում դուռը, որ զանգերի ծլունգի հետ աստծու օրհնությունը ներս մտնի

Էջեր. Առաջին Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 Հաջորդ Վերջին