Բակունց Ակսել՝   Մթնաձոր

Եթե պատահեր, որ քաղաքից եկողը մյուս օրը համաձայնվեր անձամբ տեսնելու Ծիրանի տափը, համարյա ամբողջ Միրն էր գյուղից դուրս գալիս` որը ոտով, որը ձիով: Գյուղի աչքաբաց, ազդեցիկ մարդիկ, «մեծավորի» ձիու սանձը բռնած, դարձյալ Ծիրանի տափի մասին էին պատմում և նույն հոգով այդ պատմությունն անում` ազդեցիկ մարդիկ չինովնիկին, գյուղի գզիրը` նրա պահակին:

Անհնար էր, որ մեկը կոտրատած ռուսերենով Ծիրանի տափին հասնելիս «մեծավորին» չպատմեր մի հին խոսք, թե ինչպես մի հարուստ մի տգեղ կին է ունենում և մի սիրուն աղախին, ինչպես մի օր երկուսն էլ գնում են սարը` ոչխարը կթելու, խանի չոբանը կարծում է, թե սիրունն է խանի կինը, և երբ խանը գալիս է, չոբանը ցույց է տալիս տգեղ կնոջը և խանին զարմանքով հարց տալիս` խանն ապրած կենա, սրան էլ են զուռնով բերե՞լ...

Եվ այդ ասելիս պատմողը պիտի հարցներ, թե Մրոցի հողերի շարքերին Ծիրանի տափն է՞լ է հող, բայց «մեծավորը» քահ-քահ պիտի ծիծաղեր, և Միրի մի քանի միամիտ գյուղացի , որոնք անգիր կասեին այդ պատմությունը, չինովնիկի ծիծաղը հօգուտ Միրի կընդունեին:

Այսպես շատ տարիներ եկել են, գնացել , երկու գյուղից էլ շատ յուղ ու պանիր, գորգ ու կարպետ են տարել հազար ու մի չինովնիկ և տարածի համեմատ էլ հատկացրել Ծիրանի տափը` մերթ Միրին, մերթ Մրոցին, կռիվների աղբյուր ստեղծել, ամեն տարի մացառուտի կանաչ տերևները բացվելու հետ երկու գյուղումն էլ թեժացրել զայրույթը Ծիրանի տեփի համար...

Խորհրդային օրերն եկան:

Երբ որ գավառական քաղաքից թշնամու խուճապի մատնված զորքերը հեռացան, և բեզարած կարմիր բանակայինները պառկեցին Ազգային խորհրդի դիվանների վրա, բանակի շտաբը քաղաքի հետ գրաված համարեց և հեռու ձորերը, որոնցից մեկումն ընկած էին Մրոցն ու Միրը:

Հարկավոր էլ չէր զորք ուղարկել, ոչ էլ թնդանոթ: Տեղացի մի ագիտատոր անցավ ձորերով և պատմեց այն, ինչի մասին լսել էին ձորի գյուղերում:

Հենց որ լուր եկավ, թե գավառական քաղաքից փախել են նրանք, որոնցից ոմանք առաջվա չինովնիկի պես էին մտածում Ծիրանի տափի խնդիրը որոշելիս, երկու գյուղն էլ ականջները խլշեցին նոր օրերի լուրերին, աչքերի առաջ Ծիրանի տափը:

Եվ ձորերում քարոզող ագիտատորը հենց որ Միր գնաց և ընդարձակ կալում հավաքված ժողովրդին ճառ ասաց, ձեռքերն օդում ճոճելով, զայրացած մի քանի անգամ կրկնեց «արնախումներ, գիշատիչներ», Միրում շատերն այնպես հասկացան, թե այդ բառերը վերի գյուղին են ուղղված: Ճառից հետո եկվորին շրջապատեցին գյուղացիք, և առաջին հարցը Ծիրանի տափի մասին եղավ պատասխանը` թե «հողն աշխատավորին» — ավելի երկմիտ դարձրեց Միրի բնակիչներին: Ագիտատորի գնալուց հետո գյուղում ոմանք նրա պատասխանը հօգուտ Մրոցի էին մեկնաբանում:

Նույն ճառը կրկնվեց և Մրոցում: Այնտեղ էլ ժողովուրդը խլշած ականջներով լսեց նրան, և երբ ագիտատորը հողահավասարման անունը տվեց, բազմությունը շարժվեց. թե մարդիկ կային, որոնց մտքերը հեռու էին, ցնցվեցին, մոտեցան խոսողին: Շատ մարդ էր լսում նրան, և այդ րոպեին Մրոցում ոչ մի ուղեղ չկար, որի ծալքերում Ծիրանի տափի պատմությունը չդառնար շվաքի պես: Լսելուց հետո շատերը խոսեցին Ծիրանի տափի մասին:

Կեսգիշերին Մրոցում մի քանի մարդիկ խոսում էին կտուրի վրա, որի տակ քուրսու վրա քնել էր ագիտատորը:

Հը՞, ի՞նչ անենք...

Չի վերցնի, հերսոտ ա...

Բա էդպես գնա՞, ախր լավ չի լինի...

Առավոտյան, երբ քաղաքից եկած ընկերը ձին նստեց ուրիշ գյուղ գնալու, նրան բարի ճանապարհ ասացին, մոտեցան ձեռք տվին:

Երբ մոտեցավ և նա, որ կեսգիշերին կտուրի վրա խոսելիս ասել էր, թե «լավ չի լինի, թե էդպես գնա» և ուզեց աջը մեկնի և բարևելիս ձիավորի բռան մեջ դնի այն,ինչ պինդ սեղմել էր ձեռքում, աջը մեկնելիս աչքը ընկավ ձիավորի աչքին, և կիսով չափ մեկնած ձեռքը երկյուղից ետ ընակվ փափախի վրա, բռի մեջ դրամ: Ձիավորին ճանապարհելիս նա փափախը հանեց: Նույն օրը կտուրի վրա խոսողները շատ հանդիմանեցին նրան, իսկ նա ուսերն էր վեր քաշում և ասում.

Կարացի ոչ, աչքերը հերսոտ էր...

Մի գարուն էլ շուռ տվեց, և այդ գարնանը քաղաքից հողաչափ եկավ երկու գյուղի սահմանները որոշելու: Հողաչափը դեռ գյուղ չեկած՝ երկու գյուղումն էլ գիտեին նրա մասին այնքան տեղեկություն, կարծես այդ մարդը տարիներ էր ապրել նրանց հետ: Մինչև նրա գալը երկու գյուղումն էլ նրա մասին էին խոսում:

Ասում են շատ խղճով ա:

Խմիչքեղենից հեռու չի...

Որ հերսոտեց, էլ պրծնում չկա, գործը կքանդի...

Աչքի մինն էլ մի թեթև շաշ ա...

Հողաչափի գալուց հետո խոսքն ու զրույցն ավելի շատացավ: Դեռ Միրին չհասած, վերին գյուղից ձիավորներ էին եկել նրան իրենց մոտ տանելու: Եվ որովհետև նա « խմիչքներից հեռու չէր», վերի գյուղը գնաց, որի մասին լսել էր քաղաքում: Առաջին հաղթանակը թև տվեց Մրոցին, ջուր մաղեց Միրի գլխին: Ծիրանի տափի բախտը կիսով չափ որոշված համարեցին:

Հողաչափը շաբաթից ավել մնաց, երկու գյուղումն էլ կերավ ձու, կարագ, մեղր, քնեց մաքուր տեղաշորում, շատ անգամ էլ լսեց խանի և զուռնով բերած հարսի պատմությունը, Մրոցի ազդեցիկ մարդկանց խոսքը, որ իրենք Ծիրանի տափի պլանն ունեն:

Հողաչափը վերադարձավ: Ճամփին նրա ձիու սանձից բռնում էին: Երբ բռնողը Մրոցից էր, Ծիրանի տափն իրենց գյուղի համար էր խնդրում, իսկ եթե Միրից էր` Միրի համար:

Եվ երկուսն էլ համարյա նույն օրհնությունն էին թափում հողաչափի զավակների, տան և մեռած-կենդանի բարեկամների գլխին, աշխատում մի բան իմանալ, խոսքի միջից մի շող, որով լուսավորեին իրենց կասկածների մթությունը, մինչև քաղաքից մի լուր գար:

Իսկ հողաչափը հենց մի գլուխ ասում էր.

Լավ կլինի, էնպես սահման եմ դրել ո՜ր...

Եվ այդ լավը հօգուտ Միրի եղավ...

Քաղաքից այդպես հայտնեցին Միրին էլ, Մրոցին էլ, նույն ձևով գրած, նույն թղթի վրա. « Ծիրանի տափն ամբողջովին տալ Միր գյուղին, որպես աղքատ և հողազուրկ գյուղի»:

Թեկուզ թուղթը շատ փոքր էր և հասարակ, բայց ամնեամեծ ռումբն էլ այդպիսի աղմուկ չէր հանի Մրոցում, ինչ հանեց թուղթը: Գալիս էին նայում թղթին, ձեռք տալիս, թեկուզ շատերն էին անգրագետ, և ձեռք տալուց, ուրիշին էին վերադարձնում թուղթը, որ կեծացած թիթեղի կտորի պես խանձում էր ձեռք տվողի մատները:

Նույն երեկոյան Միրում գյուղացիք խոսում էին, կասկածներ հայտնում: Ճիշտ է, թուղթը չէր խանձում, բայց վստահություն էլ չէր տալիս: Այդ փոքրիկ կտորի վրա ի՞նչ գրչով կարելի էր Ծիրանի տափի պատմությանը վերջ տալ:

Հը՞, ըստեղ մի բան կա որ

Չէ, էսքան շուտ չէր լինի

Մյուս օրը Միրից երեք հոգի քաղաք գնացին, մոտեցան մի երիտասարդի, որ հողային գործերն էր վարում, նրա սեղանին դրին Միրի համախոսականը: Զարմացք բան էր գրած համախոսականում, երիտասարդը կարդաց, քթի տակ ժպտալով նայեց գյուղացիներին:

Մեզ Ծիրանի տափի կեսը տվեք, — ասացին նրանք:

Միրհավ

Աշուն էր, պայծառ աշուն

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ: Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համարել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը:

Աշուն էր, տերևաթափով, արևի նվաղ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառների ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը: Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնհարվում էր քամու առաջ: Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն: Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը:

Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում: Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում: Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ:

Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը:

Դիլան դային նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին: Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը:

Չորացած ոստերի և ցողունների մի կապ ժողովել էր, դրել մոտը: Եվ հոգնությունից հանգստանում էր, աչքը հեռու սարերին: Նստել էր ու միտք էր անում` ականջը սիմինդրի տերևների խշշոցին:

Աշնան արևը ջերմացնում էր նրան. ձորի խաղաղությունը դուրեկան էր: Ծառերին փաթաթված վազերն օրորվում էին քամուց, Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև: Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ երգում էր մի հին երգ:

Եթե արևը չխոնարհվեր դեպի մայրամուտ, նա առանց հոգնության երկար կմնար այդ դիրքով և չէր հագենա մրգերը քաղած և արդեն դեղնող ծառերի սոսափից: Շուտով կիջնի ձմեռ, և ո՞վ գիտի, բացվող գարնանը նորից պիտի ի՞նքը բանա այգու դուռը, թե՞ մի ուրիշ ձեռք:

Աշնան խաղաղ օրերին նրան հաճելի էր և՛ սիմինդրի տերևների խշշոցը, և՛ վազերի օրորը, և՛ հնձանի դռնակի երգը:

Այդպես մի անգամ էլ, շատ տարիներ առաջ, ճռնչաց այգու դուռը: Էլի արև օր էր: Հնձանի ստվերում ուռենու կողովների մեջ սև խաղողը շողշողում էր:

Ներսը` քարե տաշտի մեջ, Դիլան դային, մինչև ծնկները բաց ոտներով, ճմլում էր խաղողը, և արնագույն շիրան քարե տաշտից ծորում էր կավե կարասը:

Հնձանը շոգ էր: Ճմլում էր խաղողը, ինքն իրեն դնդնում կայտառ մի երգ, և քրտինքի կաթիլները գլորվում էին, ընկնում շիրայի մեջ: Երիտասարդ էր այն ժամանակ. երակներում արյունը եռում էր իբրև թունդ գինի:

Դռան ձայնին Դիլանը գլուխը դուրս հանեց: Այգում ոչ ոք չկար: Ու հանկարծ, երբ սիմինդրի մարգերում երևաց գլխի զառ կապույտ մանդիլը, ինքը պահվեց դռան հետևը:

Կարծես հավք էր թաքնվել անտառի մթին խորշում: Ապա վիզը երկարեց, ինչպես կաքավը դեղնած արտերում խշշյուն լսելուց, և մի ջահել կին դուրս եկավ սիմինդրի խիտ արտից: Դուրս եկավ ճոճեց բարակ մարմինը, որպես եղեգ և կաքվի մանր քայլերով սորաց դեպի հնձանը:

Սոնան էր, զառ մանդիլով նորահարսը, լույս ատամներով այն աղջիկը, որ այնպես զրնգան ծիծաղում էր, երբ առվակի մեջ կախում էր սպիտակ սրունքները, իսկ դրացու տղան` Դիլանը, ջուր էր ցնցղում նրա ողկույզի պես գանգուր մազերին:

Հարսը փափուկ քայլերով, ինչպես այծյամը ձյունի վրա, մոտեցավ հնձանին: Դռան մոտ զրնգացին Սոնայի շալե շապիկի արծաթ սուրմաները, և ներս մտավ, ինչպես միամիտ հավքը վանդակի բաց դռնով:

Հանկարծ տեսավ նրան, ցնցվեց, ոստյուն արեցդեպի հետ, բայց մի կրակված ձեռք փակեց հնձանի դռնակը:

Բաղը մարդ կգա, Դիլան, — դողալով խնդրեց նա:

Ու չիմացավ գինուցն էր, թե հնձանն էր տաք, — Դիլան դային չիմացավ:

Սոնայի ականջին շշնջաց.

Կաց, անխիղճ...

Շշնջաց ու պինդ-պինդ փաթաթվեց նրան: Այնքան դուրեկան էր նրա շույը վեր չարած, լաջվարդ հալավի հոտը, այնքան տաք էր հնձանը:

Սոնան օձ պես կեռումեռ արեց, փորձեց ազատվել նրա բազուկների օղակից, կարոտով խնդրեց, խոստացավ:

Որպես եղեգ ճոճվեց նրա դալար մարմինը, և մեջքը խոնհարեց... Անիմաստ մաքառումից հոգնած, հարսը սրտաբուխ նրան ընծայեց իր մարմինը, որպես անարատ զոհ: Եվ նա ագահ համբուրեց հարսի կարմիր լար շրթունքը, անհագուրդ հիացավ ոսկեդեղձան հյուսերով, որ ծփում և խշշում էին լուսեղեն լանջի վրա:

Հետո թևը ջարդած հավքի պես Սոնան ամաչկոտ դուրս թռավ հնձանից, մի անգամ էլ շորորաց այգու շողոտ խոտերի վրա և ներսը թողեց լաջվարդ շապիկի բույրը:

Իսկ զրնգան սուրմաները կայտառ կոհակների նման ծափ էին զարկում:

* * *

Նրանք մանկության ընկերներ էին, և նրանց սերը էր նույնքան աննկատ, ինչպես մի գիշերում բացվում է մուգ մանիշակը: Առուների ափին, այգիներում, դաշտերից խուրձ կրելիս, ամառվա լուսնյակ գիշերներին խոտի դեզի մոտ,-ամեն տեղ այդ սերը ծիծեռնակի պես ճռվողում էր , մինչև հասունացան նրանք, և մի օր էլ մեծատուն հարևանի շեմքով ներս մտավ Սոնան, հարսի քողը երեսին, քողի տակ արցունքից կարմրած աչքերը` պայծառ, որպես լեռնային ծովակ:

Հարսանիքից չորս ամիս հետո պատահմամբ հանդիպել էին իրար այգիների ճանապարհին: Դիլանը նրան կանգնեցրել, հարցրել էր հալը, Սոնան թախիծով թոթվել էր ուսը և արագ հեռացել:

Հանդիպումը բորբոքել էր նրան, բայց առաջվա նման մոտիկ լինելու ցանկությունը, իբրև խոր երկնքում նազով ճախրող թռչուն, երբեք չէր իջնում նրա շեմքին:

Ու հանկարծ այդ հավքը թառեց նրա ուսին....

Ինչու՞ եկավ այգին, արդյոք Սոնան մանկության առվակի ջրե՞րն էր կարոտել, թե՞ պատահմամբ մոտեցավ հնձանի դռնակին` մտածելով, որ ներսն էլ ամայի է, ինչպես այգում: Դիլան դային մինչև վերջը չիմացավ այդ:

Մի քանի անգամ մոտեցավ, կամեցավ նրա հետ խոսել, բայց Սոնան խույս տվեց:

Թո՛ղ, Դիլան, գնա քեզ համար...

Եվ էլ իրար չտեսան:

* * *

Դիլան դային միայն գիշերը տուն գնաց: Ամբողջ օրը թափառել էր ձորում, եղել էր հարևանի այգու շրջակայքում, աղբյուրն էր գնացել, փողոցի անկյունում կանգնել էր, բայց ոչ մի տեղ Սոնային չէր տեսել:

Լուսնյակ գիշեր էր, երկինքն անամպ: Փչում էր գիշերվա հովը: Դիլան դային պառկեց դեզի գլխին, նոր հարած խոտերի վրա ու քոնը չտարավ:

Հազարավոր չորացած ծաղիկներ բուրում էին խոտի խուրձերի միջից, և լուսնյակ գիշերով նրան այնպես էր թվում, ասես այդ նույն դեզի վրա պառկել է Սոնան և խուրձերի մեջ թողել լաջվարդի բույրը:

Լուսաբացին հալվեցին աստղերը, գիշերվա լազուրը գունատվեց: Երբ ծաղիկներն արթնացան գիշերվա նիրհից, և ցողը շողշողուն կաթիլներ շարեց նարնջագույն քարերի վրա,-արևի առաջին շողերի հետ, գյուղի դիմաց, դեղնած արտերում զարթնեց կաքավըԿա՛խ-կղա, շա՛խ-կղա

Լսվում էր կաքավի թավ երգը: Ավելի վերև, անտառի խորքից, կանչում էր միրհավը:

Դիլան դային վեր կացավ, ուսը գցեց կայծքարով հրացանը և երեսը դարձրեց դեպի սարալանջի անտառը, որտեղից կանրում էր միրհավը:

Սիրտ չուներ իջնելու այգին, տեսնելու հնձանը:

Քայլում էր Դիլան դային շաղոտ խոտերի միջով, հնձած արտերն էր կոխ տալիս, ոսկեգույն ծղնոտները և գլուխը կախ բարձրանում դեպի անտառը` արահետի կեռմաններով և թփերի միջով:

Ահա ճամփի եզրին` մասրենու պառավ թուփը, նրա մոտ տափակ քարը, որի վրա հովիվներն այժմ էլ աղ են ցանում ոչխարի համարխուրձ էին կրում միասին` ինքը, Սոնան: Արևը խանձել էր աղջկա երեսը, ոսկեդեղձան հյուսերի ծայրը: Դեղին ծղնոտի փշրանքներ կային մազերի արանքում:

Կալից ձիերը քաշում էին, հսնում այդ քարին և ձիերը կանգնացնում: Ինքը բարձրացնում էր Սոնային ձիու վրա, հետո իր ձին նստում և գնում արտերը խուրձի:

Մի անգամ էլ Սոնան խնդրեց, որ միասին նստեն: Ու մի ձին հետքից քաշեցին: Առջևը Սոնան էր նստել, հետևում ինքը: Մի ձեռքով սանձն էր պահում, մյուսով գրկել էր նրա բարակ մարմինը: Աղջկա ծամերը քսվում էին նրա երեսին:

Իսկ մյուս առավոտը, երբ այդ քարին հասան, և ինքն առաջարկեց նորից միասին մի ձիու նստեն, Սոնան հայտնեց, որ մայրը հանդիմանել է իրեն և խստիվ պատվիրել առանձին նստելու

Ինչու՞:

Ամոթ է, — ասաց աղջիկը արդար ժպիտով:

Դիլան դային մոտեցավ մի դեզի, ձեռքը կոխեց խուրձերի մեջ և տաքություն զգաց: Կեծացել էին խուրձերը, գիշերվա խոնավությունից հասկերը տմկել էին:

Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց կայծքարով հրացանին, միտք արեց: Սոնան այստեղ մի ամառ քաղհան էր անում, կռանում էր ցորենների վրա, մատները փուշ էին մտնում: Սոնան հնձվորի համար հաց էր բերում, քրտնում էր արևի տակ և քրտինքից շապիկը փակչում էր լանջին:

Լինե՜ր, այնպես լիներ, որ ինքը հնձվոր լիներ, նրանց արտը հնձեր, Սոնան հաց բերեր իրեն, շապիկը քրտներ և քրտնած նստեր կողքին:

Ետ նայեց Դիլան դային, եկած ճանապարհին նայեց: Մարդ չկար. աշնան մերկ դաշտերն էին: ու միայն մասրենու կարմիր թփերն էին, և փայլուն մասուրները դեղնած տերևների արանքում:

Հանկարծ մի թփի ետևը լսվեց կաքավի ձայնը.

Կա՛խ-կղա, շա՛խ-կղա

Դիլան դային զգույշ քայլերով, կուզեկուզ մոտեցավ թփերին: Հնձած արտերում կաքավները հավաքում էին ընկած հատիկները, կտցահարում թափված հասկերը: Մեկը չէր, շատ էին: ցատկոտում էին, օրորում գեր մարմինները: Գարնան երկու ճուտեր մի հասկի համար կռվում էին` կտուց կտուցի:

Դիլան դային չոքեց, նշան բռնեց: Մի գեր կաքավ սպիատկ վիզը ձգեց, սկասեց չորս կողմը նայել: Մյուսները լռեցին, տապ արին ծղնոտների մեջ: Քամին խշշացրեց թփերը, ինչպես Սոնան` սիմինդրի երկար ցողունները... Ու խշշոցը կաքավներին հասավ թե չէ, իսկույն փռռալով մի քանի հանգույց արին օդում, իջան արև առած արտերի վրա:

Ճանապարհը շարունակեց: Քանի գնում թփերն ավելի էին շատանում, արտերի մեջ երևում էին հատուկենտ կաղիններ` ծռված, կռացած, կայծակից խանձված: Ասես պահապաններ էին կանգնել անտառի և արտերի սահմանում:

Արահետը բարակում էր: Վերջին արտերն էին կոխ տալիս: Անտառից հովը փչեց նրա դեմքին, ռունգերն ագահորեն ծծեցին անտառի խոնավ ու զով օդը:

* * *

Անտառը ծանոթ էր նրան, գիտեր, թե որտեղ է սիրումսիրում բուն դնել ու կանչել միրհավը, մթին անտառների ոսկեփետուր թռչունը:

Անատսռի մեջ մամռոտ ժայռեր կային, արջաբներ, քամուց ընկած դարավոր կաղնիներ, որոնց վրա սունկերը շար էին ընկել: Ծառերի կիսաչոր ճղները մամռոտել էին, և կիսախավարի մեջ կարծես հետին ոտքերի վրա բրդոտ արջռր էին կանգնած:

Ժայռերին չհասած` դիմացից լսվեց հրացանի պայթյուն:

Աղմուկից դրնգաց անտառը, դեղին տերևներից ցողի խոշեոր կաթիլները մետաղի ծանրությամբ ընկան խազալի վրա: Մթնկա խորշում թփրտաց գիշերահավը:

Ո՞վ պիտի լիներ: Կայծքարով հրացանի ձայն չէր: Իսկ գյուղում ուրիշ բերդան չկար:

Տեսնես ո՞վ է որս անում, — մտածեց նա:

Տերևները խշշացին: Դիլան դային տապ արավ, պահվեց քարի ետևը: Միրհավն էր, հանգիստ քուջուջ անելով փոխում էր արնագույն տոտիկները և կտուցով քրքրում լորենու փափուկ տերևները:

Դիլան դային թաքստոցից գլուխը հանեց նշանի, հրացանի փողը երկարեց քարի վրա: Բայց հանկարծ թռավ միրհավը, հետքից մի ուրիշը, ապա երրորդը, չորրորդը...

Զգույշ է միրհավը, դժվար է նրան խփել: Երբեմն այնքան մոտ է գալիս, ահա ուզում ես կրակել, բայց մի թեթև խշշոցից, նույնիսկ որսորդի խոր շնչառությունից, — բացում է թևերը, թռչում գնդակից արագ, ծղրտում, պտույտներ անում թանձր սաղարթի վրա և անձայն իջնում մի ուրիշ տեղ: Զգույշ է միրհավը, քուջուջ անելիս ձգում է վիզը, աջ ու ձախ կռանում և ապա նորից երկարում վիզը, չորս կողմը նայում:

Դիլան դային թաքստոցից դուրս եկավ, ճանապաչհը շարունակեց: Արդեն անտառի խորքն էր, տեղ-տեղ ծառերն անանց պատնեշ էին կազմել: Տերևները հարյուրավոր տարիներ թափվել էին իրար վրա, արևերես չէին տեսել ու չէին փտել: Ծառերի բները թաղնել էին տերևների կույտի մեջ, և ճյուղերը թխսամոր թևերի նման փռել ստվերում բուսած կապույտ սունկերի վրա:

Դիլան դային կոխ էր տալիս չորացած տերևները, թաղվում, ինչպես հարդի շեղջի մեջ, սայթաքում և ճղներից բռնելով ճանապարհը շարունակում:

Հասավ աղբյուրը, կռացավ, կուխտ խմեց: Քիչ հետո իջավ լորենիների ձորը:

Ներքև, քարերի վրա, այնքան շատ միրհավ կար... Արևը տաքացրել էր մամռոտ քարերը, ոսկեփետուր միրհավը, թևերին սև պուտեր, թռչում էր քարից քար, կանչում, կտցահարում հարևանին, էգի շուրջը պտույտներ անում:

Նշան բռնեց: Երբ քարը կայծ տվավ և կայծից բռնկվեց վառոդը, հրացանի փողից բոց ու մուխ ելավ, ձորերը որոտացին ահավոր արձաքանքով, ձորից թռան միրհավները` թևերը լայն, փափուկ բմբուլով, թևերը փռած աշնան արևի ոսկե շողերի տակ:

Միայն մեկը թպրտաց, մամռոտ քարից վայր ընկավ թփուտների մեջ:

Դիլան դային վրա վազեց և վազելիս նկատեց, որ մի սպիտակ շուն, լեզուն հանած, ցատկեց թփուտների կողմը: Որսկան շան շունչն ու Դիլան դայու ձեռքերը միասին ձգվեցին դեպի արնոտ միրհավը:

Նրա մատները դիպան դեղին բմբուլներին, բայց վիրավոր միրհավը հանկարծ թևին տվեց, թռավ վեր: Երկու փետուր օրորալով վայր ընկան, աշնան դեղին տերևների նման:

Դիլան դային ափսոսանքով նայում էր արնոտ միրհավի ետևից, երբ հանկարծ, շատ մոտիկ լսեց ոտնաձայն: Հետ նայեց, աչքերը զարմանքից լայնացան,և հրացանը բնազդմամբ ձեռքից վայր սահեց ծառի ետևը: Անտառապահն էր, աչքերը` կաս-կարմիր ածուխ

Մոտեցավ, բղավեց, և մինչև ուշքի կգար, նար մտրակը օդը ճեղքելով չափեց Դիալն դայու ուսը, մինչև թիակների ոսկորը,մրմուռը ծակծկեց, ինչպես եղինջի հարվածը բաց մսերի վրա:

Անտառապահը հարվածում էր նրան և զայրանում, որ Դիլան դային փախցրել էր նրա զարկած միրհավը:

Անտառապահի որսկան շունը մեկ նայում էր տիրոջը, մեկ Դիլան դայուն, մռռում էր, պոչը գետնով տալիս, մեկ բերանը բաց` հուզմունքից հորանջում, մեկ էլ անհանգիստ հոտոտում թփերը, որտեղ քիչ առաջ թպրտում էր արնոտ միրհավը:

Անակնակալ հանդիպումը նրան շշմեցրեցՆրանք արդեն հեռացել էին, երբ Դիլան դային ուծքի եկավ, նայեց նրանց հետևից, մտաբերեց շան կարմիր երախը

Դիլան դային նստեց քարի վրա: Ցավից նրա դեմքը կծկվում էր: Մեջքը կարծես շիկացած շամփուրներով խանձել էին, աչքի տակը հարվածից տաքացել էր: Երկար միտք արեց Դիլան դային, աչքի միրհավի երկու փետուրներին: Մի անհուն դառնություն և կսկիծ ավերեց նրա չքնաղ օրը:

Արևը խաղում էր մայրամուտի ամպերի հետ: Անտառում լռություն էր: Միրհավը թռել էր հեռուՄամռոտ քարի վրա երկու փետուր էր ընկած, դեղնագույն-սև պուտերով, իսկ թփի չոր ճյուղերին` արյան կաթիլներ:

Դիլան դային ձորով իջավ ներքև:

Երբեմն երազ էր թվում միրհավը, բայց մտրակի տեղերը մրմնջում էին, աչքի տակ ցավ էր զգում, ոտքերը թեթև դողում էին:

Սեղմել էր հրացանի տաք փողը, ինչպես միրհավի մարմինը, որին միայն մի վայրկյան շոշափեց և մատների ծայրով զգաց, որ բմբուլը փափուկ է: Միրհավի մարմինը` տաք բմբուլ, ինչպես Սոնայի մարմինը լաջվարդ շապիկի մեջ:

Տուն չգնաց: Քարքարոտ արահետով իջավ այգին: Ճռնչաց հնձանի դռնակը, ներս մտավ, մեկնվեց քարե հատակի վրա:

Երբ առավոտյան արևի շողքը հնձանի դռնակի ճեղքով փայլեց ներսում, Դիլան դային զարթնեց, տրորեց աչքերը և աչքի տակ ցավ զգաց: Ուռուցքը չէր անցել:

Այդ օրը նա քարե տաշտում ավելի զայրացած էր ճմլում սև խաղողը և չէր զգում, թե ինչպես քրտինքը գլորվում է ճակատից, կաթում պղտոր գինու մեջ:

* * *

Աշուն էր, պայծառ աշուն

Հնձանի առաջ նստել էր Դիլան դային, գլուխը խոնհարել կրծքին ու միտք էր անում արևի տակ` անցած-գնացած օրերի մասին:

Այդ աշնան հաջորդ ամառը Սոնան մեռավ երեխայի վրա, և լաց լացին նրա մայրը, ամուսինը, բարեկամները: Ուրիշ աղջիկ գնաց նրա տեղը, Դիլան դային էլ կին առավ, բայց հիշողության մեջ հավիտյան անջինջ մնաց Սոնան, հնձանը, լաջվարդ շապիկը, արծաթե սուրմաները:

Դիմացի բլրակի լանջին գերեզմանատունն է: Սոնայի գերեզմանաքարի վրա մամուռ կա, գրերը վաղուց լցվել են հողով, քարը թեքվել է մի կողքի վրա և թաղվել հողի մեջ:

Սոնային լաջվարդ շապիկով թաղեցին: Արդեն վաղուց փտել է լաջվարդն էլ, ոսկե մամուռի նման մարմինն էլ

Քանի աշուն էր անցել այն օրից, — համարք չունի: Գիտի, որ ինքը զառամել է արդեն, քայլելիս հենվում է փայտին, աչքը չի տարբերում աշնան անտառի գույները, ականջը սուր չէ մանրիկ ոտնաձայն լսելու:

Հնձանի առաջ խոխոջալով հոսում էր առվակը, գիշեր-ցերեկ ջուրն աղմկում էր, ջրի անվախճան և անքննելի զրույցն անում մամուռներին, քարերին

Դիլան դային առվակի կողմը նայեց, ժպտաց: Նրա հիշողության խավար անդնդում բոցկլտաց այն օրը, ինչպես միայնակ աստղը մթին երկնքում: Այն օրը, երբ Սոնան սրունքները կախել էր առվակի վրա և ծիծաղում էր

Ապա միտքը սահեց, արահետով անցավ դեպի անտառը:

Միրհավ կար անտառում, թռավ արնակոլոլ, երկու փետուր թողեց փափուկ մամուռների վրա: Միրհավի պես էր Սոնան, աչքերը խաղողի սև հատիկներ, — տարիներ առաջ, մի արևոտ աշնան, երբ իր ջլուտ ոտքերը պղնձաքրի ծանրությամբ ճմլում էին խաղողը, և անապակ գինին շիթ առ շիթ ծորում էր մատների արանքով

Միրհավի պես թռավ Սոնան, հետքից թողեց տխրություն և դառնաթախիծ հուշեր:

Դիլան դային վեր կացավ, հետ քաշեց հնձանի դուռը, երկաթե փակն ամրացրեց, մինչև մյուս գարուն: Ապա կռացավ, դժվարությամբ շալակեց չորացած ոստերի և ցողունների կապը և հոգնած ոտքերը ծերունու հուշիկ քայլերով փոխեց դեպի այգու դուռը:

Այգում էլ ոչ ոք չմնաց:

Միայն իրիկվա հովից խշշում էին սիմինդրի կոշտացած ցողունները. չորացած տերևներն անհանգիստ խմբվում էին այս ու այն անկյունում, թպրտում հուսահատ և անմռունչ պառկում սև գուբի մեջ:

Հանավանք

Նախարարն անցավ Քասախ գետի ափով և այնտեղ, ուր գետը խոր անդունդի մեջ վշշում է, պղտոր ալիքները զարկում ժայռերին, քերում ժայռերը, հունը և ավելի խոր թաղվում ժայռերի մեջ, — բարձր ժայռերի գլխով անցավ նախարարը և որոշեց կառուցել մի հոյակապ տաճար:

Գուցե այդպես չի եղել, գուցե եպիսկոպոս է անցել և ցանկացել Քասախի ափին տեսնել մի վանք, որ խոյանա տիրակալ` քարափի գլխին, պատուհանները նայեն ձորին, գետի ալիքներին, փրփրոտ սահանքներին, և կամարների տակ դպիրները կարդան շարական ու սաղմոս, ծլնգան զանգերը, և վանահայրն աղոթքի մեջ մոռանա աշխարհը, նախարարի հարճին

Հանավանքի քարերը չեն պատմում այդ մասին:

Բայց քարերի վրա գրեր կան այն մասին, որ Հանավանքը հնձաններ է ունեցել, խաղողի այգի, ձիթահան ու ջաղաց, որ իշխանները «հոգու փրկության» համար գյուղեր են նվիրել վանքին` արջառներով գեր, անտառներ` երեներով լի, գյուղեր և գյուղերում` հեթանոս ռամիկ: Հանավանքի քարերի վրա հիշված է այդ մասին:

Քարափի գլխով նախարարը յոթերորդ դարում անցավ և երբ իր կամքը հայտնեց համհարդներին, նա չմտածեց, որ դարեր հետո միայն Քասախը պիտի մնա, ժայռերը ձորի և շինականը ռամիկ, որ իր շալակով կրեց հսկա քարերը Հանավանքի:

Դարեր անցան, շինականը բազմացավ, և այնտեղ, որտեղ անտառներ կային, անտառներում երեներ, մնացին քարեր, փափուկ հողեր, որովհետև շինականին լավաշ հաց էր հարկավոր:

Ցամաքեց գետինը չբեր կնոջ արգանդի պես: Առուներից հիշողություն մնաց և փոքրիկ ձորակներ, ձորակիների մասին ավանդություն հին օրերից, թե կար ժամանակ, երբ ձորով փրփուր առուներ էին անցնում, անտառում պախրան կռանում էր` առվակից ջուր խմում:

Շինականը շատացավ, իշխանական անտառի ծառերը դարձան մարագի գերան, մարագները վառվեցին, բնակչությունը պահվեց քարանձավներում, և երբ արևը դարձյալ շողաց խաղաղ կամարի վրա, շինականը դուրս եկավ քարանձավից, ցորենը ծլեց փափուկ հողում, և գետնափոր տներում ձմռան ցուրտ գիշերներին շինականը դարձյալ շատացավ:

Երբ առուների ջուրը պակասեց, կացնահար եղան վերջին վազերը, թմբերը հավասարվեցին, հնձանները պարապ թողին: Անձրև եկավ, ձյուն ու քամի, անձրևը ծեծեց հնձանի պատերը, և հնձանները հավասարվեցին հողին, ինչպես խաղողի այգում թմբերը:

Հնձաններից էլ մնաց հիշողություն, ինչպես յոթերորդ դարու նախարարից:

Հանավանքի կտուրի վրա փշեր բուսան, փշերը հնադարյան կրաշաղախը ճեղքեցին, քարերը տեղահան արին, և ժաժքի մի գիշեր գմբեթը փլվեց, քարերն ընկան Քասախի մեջ, գետը փրփրաց և ծածկեց քարերը, ուր դարեր առաջ շինականը պոկել էր, իր մեջքի վրա վերև բարձրացրել:

Լուսաբացին պառավ կանայք ավելի ջերմեռանդ համբուրեցին վանքի ծխից սևացած քարերը, այծերը մկկացին և ճարպիկ ոստյունով ընկած քարերի վրայով բարձրացան վանքի կտուրը, կտուրին բուսած թփերը կրծելու:

Տարիներ անցան: Գյուղը տղի պես փակչել էր հայրենի հանդին: Կուչ էր գալիս, երբ հարվածում էին, մտնում էր պատյանի մեջ, որպես խխունջ, երբ լորձունքոտ շոշափուկները դիպչում էին տհաճ իրի` խանի սարվազին, սինոդի տուրքին, պրիստավի կնուտին:

Կուչ եկած ապրում էր գյուղը Հանավանքի պարիսպների տակ, անջուր հողերում հաճար ցանում, հաճարի բլիթներ ուտում, լղար եզան աղբից հարդախառն աթար շինում, աթարը ծեփում ուրարտական պարիսպների քարերին և հեթանոս պապերի դագաղ-կարասներում պահում աղած վարունգ:

* * *

Հերու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից ձյուն էր հալում և լանջը մերկացնում, ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը, Հանավանքում մի շինական, որի պապերը յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, Հանավանքից մի շինական հերու գարունքին աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողակտորի վրա:

Շինականը ման եկավ վանքի չորս կողմն ընկած քարերին, նայեց սրբատաշ քարերին և մտքում դրեց կալ ու մարագ շինել վանքի քարերից, հողակտորն էլ` բոստան: Եվ երբ կռացավ նայեց ձորին` տեսնելու, թե ճամփա կա՞ ձորից կժերով ջուր առնելու ամռան շոգին կալվորի համար,-երբ նայեց ձորին, նա չիմացավ, որ յոթերորդ դարու նախարարն էլ այդտեղ, քարափի վրա ցանկացավ տեսնել վանքը կամարակապ, նա չիմացավ, որ վանահայրն այդ քարափից նայել է Քասախի պղտոր ալիքներին և կարոտել նախարարի հարճին, կարոտել և կարդացել սաղմոս:

Հով էր քարափի գլխին, շինականին հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ: Եվ ինչքան ցա՜վ է, որ հնում պարիսպներ են կառուցել վանքի շուրջը: Հրևանի այծերը չեն գա, բոստանի կանաչը չեն կրծի: Պարիսպների ետև, կալ ու մարագի կողքին, տուն կշինի քարափի գլխին և կապրի`հարևանի աչքից հեռու պարիսպների ետևում:

Տանը, երեկոյան, մտմտաց մեկ էլ, ծանր ու թեթև արեց ցերեկվա իր ցանկությունը և հարմար գտավ: Հարկավոր համարեց հենց մյուս օրը ծառեր տնկել, բոստանը փորել, պարսպի փլված տեղում մի դուռ կախել, որ այծերը չկրծեն բոստանի կանաչը:

Շինականն ամենից առաջ բոստանատեղը պատեց: Քարեր շատ, նախշերով քարեր` նռով ու ողկույզներով, քարեր` քամուց, արևից գիրը տեղ-տեղ խանգարված քարեր: Ինչ որ ձեռն ընկավ, առավ պատը շարեց, ուրարտական մի պարիսպ, մարդաբոյ շարեց, բահն առավ, սկսեց փորել: Հողի տակից կղմինդրի կտորներ էին դուրս գալիս, ջարդված կարասի, քարեր: Բահով շպրտեց ջարդված կարասին, քարերից մաքրեց բոստանատեղը և ավելորդ քարերը գլորեց ձորից ցած:

Իրիկնադեմին քարի վրա նստեց, ծխեց: Ձորից հով էր գալիս և շոյում քրտնած ճակատը: Ծխեց, նայեց վանքի կիսավեր պատերին, խաչքարերին: Շինականին ավելորդ թվաց հին Հանավանքը: Ի՜նչ լավ բոստան կլիներ, սեխ ու ձմերուկ, քանի՜ հարյուր տարի դինջացել է Հանավանքի հողը:

Next page