Բակունց Ակսել՝   Մթնաձոր

Լիներ, նորից մի ժաժք լիներ, ինչպես առաջ, և եղածն էլ թափեր ձորը, մոռացվեր վանքի տեղը: Դուրս կգար իր բոստանից, պարիսպը կընդարձակեր, վանքի տեղն էլ կմաքրեր, իր սահմանի մեջ կառներ և կողքի հին դամբարանները, քարերը կիսով չափ թաղված հողի մեջ, գիրն անընթեռնելի:

Կառներ իր սահմանի մեջ և իշխանական գերեզմանների վրա կցաներ սոխ ու սխտոր, ծիրանի կտնկեր և ծիրանու արմատները կիջնեին ներքև, կմտնեին իշխանական ոսկրների մեջ, և ոսկրները համեղ ծիրան կտային:

Վանքը շվաք չէր գցի իր բոստանի վրա

Շինականի վրա գյուղում թոնթորացին, խոսք եղավ Հանավանքում, թե չպիտի թողնեն, որ բոստան անի, տեղը հնուտ է, սրբավայր: Խոսք եղավ և այն մասին, որ գյուղում բոստանատեղ չկա: Շինականը բախտավոր է, հարմար հող է ճարել: Թոնթորացին, հետո լռեցին:

Շինականի կինը հավան չէր մարդու արածին, բայց չբողոքեց: Առավոտը կանուխ գնաց, համբուրեց խաչքարերը, երկու բարակ, իր մատների պես բարակ ու դեղին մոմեր վառեց, չոքեց` աղոթքի, բայց ոտնաձայն լսեց, հեռացավ:

Ժամհարն էր, եկավ վանքի մի անկյունում դարսած խոտից մի խուրձ տանելու: Վանքի դռանը վառած մոմ ժամհարը վաղուց չէր տեսել: Հանգցրեց մոմերը, գրպանը դրեց: Երեկոյան գոմում տավարին ապուռ տալիս պետք կգար:

* * *

Ձմեռը բիբարով տոլման ավելի համեղ էր շինականի համար: Ուտում էր, մեծ պատառներ կուլ տալիս և ամանը մեկնում կնոջը:

Թե կա, մի քիչ էլ գցի

Բիբարը կծում էր լեզուն, տաքանում էր ստամոքսը, և դուր էր գալիս վանքատեղի բոստանի բիբարը: Եվ ոչ մի վանահայր անցած դարերում ձմռան օրերին չի ստացել այնքան խաղաղ հաճույք, ինչքան շինականը` իր ցանած բիբարը բերանում:

Երբեմն գնում էր տնկած ծառերին նայում: Մի քանի տարի էլ՝ կալ ու մարագը կլինի, և ամռան շոգին, կալից բեզարած կպառկի ծառի ոտքի տակ: Ձորից հովը կբերի Քասախի ալիքների սառնությունը, միրգը կհասնի ամռան արևի տակ:

Բայց այդպես չեղավ, մրգերը չհասան:

Թուղթ եկավ, մեջը գրած, որ Հանավանքը հնուտ է, արգելվում է վարուցանքս անել, ծառ տնկել, քարերը տանել տնատեղի համար:

Գարունքին, երբ հերվա պես ձյունը հալվեց Արայի լեռան փեշերից, եկան հողերը բաժին անելու: Քարակույտեր դրին հնուտ հողերի և գյուղի սահմանի վրա: Բոստանի ծառերը հանեցին:

Եվ այն, ինչ միտք էր արել հերու գարունքին, քարափի գլխից Քասախին նայելիս, կալն ու մարագը և տունը պարիսպների ետև, այդ ամենը շինականին հալվող ձյունի պես թվաց:

Կախված դուռը կրանկահան արեց, հանեց:

Այծերն էլի բարձրացան կիսախարխուլ պատերի գլխին բուսած մացառները կրծելու: Քարից քար էին ցատկոտում: Եվ երբ այդ շաղախի մի կտոր վայր էր ընկնում, արձագանքը զրնգում էր կամարների տակ, աղավնիները թռչում էին, օդում պտույտներ անում և իջնում նորից:

Շինականը երբ կրնկահան արեց դուռը, նայեց Հանավանքին: Ավելորդ թվաց նրան վանքը քարափի գլխին և համեղ` բոստանի բիբարը

Գյուլբահարի համար

Կա մի գյուղ` քսան երդիկով, անունը Դրմբոն: Առավոտ ծեգին քսան երդիկից ծուխ է բարձրանում, կրակը թանով ապուրն է տաքացնում:

Դրմբոնը ձորեր ունի դրնգան, սրածայր քերծեր, մի-մի շիշ փափախ, և ձորում դրնգան էշի զռռոցը զիլ արձագանք է տալիս` դմբ-դմբ դրնգան: Եվ երբ ձորերում արձաքանքը մի ապառաժից մյուսն է խփում, այծերը քարի ծերպին նոսր մացառի կանաչ տերևները չեն ուտում, խլշած նայում են ներքև, ձորի անդունդին և մկկում:

Կա մի գյուղ` Դրմբոն, ճանապարհից հեռու, առանց դպրոցի, Դրմբոնում մի տերտեր` տեր Մարուքը խնուսցի: Երբ «փաշայի» գաղթականության ալիքը պղտոր, տարիներ առաջ լափին տվեց Դրմբոնի ձորերին և հեռացավ, պղտոր ալիքը դրնգան ձորերում թողեց մի տաշեղ`խնուսցի տեր մարուքին:

Պատահել է ճիշտ այնպես, ինչպես մանկական հեքիաթումն է գրված. «Երկինքը փուլ եկավ, մի կտորն էլ պոչիս ընկավ»: Եվ այդ կտորը տեր մարուքն էր, որ ընկավ Դրմբոնի պոչին:

Մի ամիս, երկու ամիս հիվանդանում է տեր Մարուքը, հետո տեղը լայնացնում, դառնում Դրմբոնի ծխատեր քահանա: «Մենք քեզ հոտ, դու մեզ հովիվ», ասում են դրմբոնցիք: Տեր Մարուքը երջանիկ օրերում է ապրում, խժռում, ինչպես թրթուրը կաղամբի համեղ տերևը, անդաստանով, պատարագով լղարած կողերը ճարպակալում:

Դրմբոնում կա մի կին ` Գյուլբահարն այրի, երկու որբատեր, տունը` մեկը քսան երդիկից, տեր Մարուքի քսան ծխից, — տունը գյուղի ծայրին: Գյուլբահարը` մարդաթող, Գյուլբահարըգարնան ծաղիկ»: Եթե ապրեր Թլկուրանցին Դրմբոնում, Գյուլբահարի համար երևի կասեր.

Գենա բահար, այլվի բահար,—
Այլվի կուտան սիրո խաբար

Թլկուրանցու փոխարեն տեր Մարուքն է մտքում ասում, թե ի՜նչ փափուկ միս ունի Գյուլբահարն այրի: Ճարպոտում է տերտերը, եռում է արյունը երակներում, և զատկին մասունք տալիս նրա ձեռքը կամացուկ շոյում է Գյուլբահարի թշերը:

Մի տարի, երկու տարի: Գյուլբահարն է տերտերի փոխնորդը լվանում, փարաջան կարկատում: Փոխնորդը թևի տակ Գյուլբահարի մոտ գնալիս տերտերը մութին է սպասում, գիշերին` անլուսին:

Մեկ, երկու. հոգևոր հորդորը դառնում է մարմնավոր, և ամեն անգամ, Գյուլբահարի տնից վերադառնալիս, տեր Մարուքն ավելի ախորժով է սղալում միրուքը, մեջն սպիտակած, շրթունքները ծպպացնում: Այդպես հանգստանում է ճանճը, սեղանի վրա մոռացված շաքարի կտորը լիզելուց հետո:

* * *

Մի օր էլ Դրմբոն կոմսոմոլ մի տղա եկավ, ասեց, խոսեց, դրմբոնցի ջահելները խմբով ճամփա դրին նրան: Մյուս օրն արդեն կոմսոմոլը Դրմբոնում բջիջ ուներ:

Գյուղն առաջ էլ դժգոհ էր տեր Մարուքի Գյուլբահարի մոտ գնալուց: Դժգոհությունը խուլ էր: Դրմբոնը չէր հավատում, թե քահանան անդաստանից բացի Գյուլբահարի համն էլ գիտե:

Դրմբոնը նահապետական, վագոնի երեսը չտեսած, Դրմբոնը` առանց երկաթ գութանի, կոմսոմոլն էլ հին ադաթով, պապական նամուսով: Մի հարց, որպես սյուն, ցցվում է ջահելների առաջ:

Մեր գյուղի պատիվը գաղթական տերտերն էսպես ոտնատակ տա՞... Այ նրա կարգին, ճակատի մեռոնին...

Դրնգում է կոմսոմոլը, արձագանք են տալիս լուսավորչական ծերերը: Յախշին` Դրմբոնի նախագահը, գործի է անցնում, հետևում են, պայման անում տեր Մարուքին բռնելու:

Զգույշ է տեր Մարուքը, զուսպ է, բայց սենյակի մթության մեջ ցանկությունները հաճելի «ելանեն, լեռնանան և իջանան, դաշտանան»...

Չի լինում, չի դիմանում: Մի գիշեր էլ, «տաքության մեջ» հարևանի երեխին ուղարկում է Գյուլբահարին կանչելու, տերտերի մրսած մեջքին գավաթներ փակցնելու: Երեխան Գյուլբահարին է կանչում, հետո ծլկվում Յախշու մոտ:

Վառվում է տերտերի տան կավե ճրագը, Գյուլբահարն իր ձեռքով է կախում կարպետը պատուհանից և երբ հանգցնում է կավե ճրագը, Յախշին կապում է դռան ռիզան:

Ասես արջ է թաթը կոխել ծառի փչակում բուն դրած մեղվանոցում: Այդպես աղմկում է Դրմբոնը գիշերով, կանայք կտուրներից չանչ են անում Գյուլբահարին, մոթալ փափախներիտակ հարյուր աչք է պեծին տալիս, մթնում մահակները շարժում:

Տեր Մարուքը` մթին սենյակում, թակարդ ընկած արջի պես մռռում է, խաչակնքում երեսին, իսկ դուրսը` գարնան վարար հեղեղի պես վշշում է Դրմբոնը, աղմուկից զրնգում են ձորերը...

Այ ժողովուրդ կարգին խնայեք ... — Մուխսին է կանչում, գեղի ալևորներից` հարգով, պատվով:

Յախշին ետ է տալիս ամբոխին աղմկող, մինչև լուսաբաց պահակ է դնում տերտերի դռան: Եվ միչև լուսաբաց օջախի մոտ ջահելները խոսում են, պլան քաշում, թե ինչ անեն տեր Մարուքին:

Առավոտյան գյուղի մեյդանում,կաղնու շվաքի տակ, ուր ամռան շոգին նախրից ետ արած հորթերն են դինջանում, կաղնու շվաքի տակ, գեղական ժողովը որոշում է տեր Մարուքին գյուղից հանել:

Երեք օր բերնեբերան, ձորերի արձագանքի պես, գիշերվա լուրն է տարածվում: Խոսում են մոտիկ, հեռու հարևանները: Մեկը թե`

Գնացի, որ երդը ծածկեմ, տեսա տերտերի տանը ճրագը հանգած: Երդից կռացա, փսփսոց էր գալիս, իմացա, որ տերտերը Գյուլբահարի հետ պոռնիկություն է անում: Էդ միջոցին Յախշին գցում է ռիզան:

Մի ուրիշը պատմությունն ավելի է ծաղկեցնում.

Վազեվազ գնացի տերտերի տունը և հեռվից տեսա, որ տերտերը դուռը ծեծում է. նաև տեսա, որ մի շվաք տան աջի կողքով անցավ դեպի վերև

* * *

Մի օր էլ թուղթ եկավ Յախշու անունով, դատարանն էր կանչում: Ո՞վ էր սովորեցրել տեր Մարուքին գործը դատարանին տալ:

Էլի ժողով, էլի աղմուկ քարի գլխին ցինի բնի պես թառած Դրմբոնում:

Սաղ գեղով վկա ենք, տեր Մարուքին հանենք մեր գյուղից...

Եվ քարվանը շարժվում է դատարան, ճանապարհին` աղմկելով, խոսքը մեկ անելով, մահակներով:

Դրմբոնը դատարանի կարգին ծանոթ չէ դեռ: Եվ երբ քարվանը ներս մտավ, Մուխսին, որ գիշերվա աղմուկին կանչել էր, թե կարգին խնայեք, Մուխսին տեսավ տեր Մարուքին դատարանի անկյունում, նստարանի վրա կուչ եկած: Եվ Մուխսին, թե`

Բա ես քո տեղն ա՜, տերտեր, — ասաց և սկսեց պատերից կախված նկարներին նայել:

Դատարանի լուսավոր սենյակի պատերին խառնիխուռն նկարներ են փակցրած: Ահա մի պլակատ` կաթնարտելի մասին, թևավոր մի ուղտ, օդի ոլորտում թռչում է, տակը տպած « Կորչի իմպերիալիստական պատերազմը»: Այդպես տպել են, բայց «պատերազմի» վրան դատարանի ցրիչը փակցրել է «դատարանը» և ստացվել է «Կորչի իմպերիալիստական դատարանը»:

Դրմբոցիք նայում էին պատի նախշերին, Մուխսին բոթում էր Յախշունտես, ինչ նախշուն կով ա էն...

Դատավորը մեղադրականը կարդաց, և երբ Յախշին ասաց, թե չհասկացանք, դատավորը բացատրեց, որ խորհուրդը մեղադրվում է ինքնագլուխ և ապօրինի բանտարկության համար: Մի կուժ սառ ջուր թափվեց Մուխսու գլխին, և նա շշմածի պես նայեց պատերին, դատավորին, կոշտացած մատներով փափախը ճմռթեց, ինքն իրեն հարցրեց, թե`

Էս ո՞նց ա, տեր Մարուքը գեղի պատիվը թափեց, հիմա Յախշին ա մեղավո՞ր...

Եվ երբ դատավորը Յախշուն հարցրեց, թե մեղավոր է ճանաչում իրեն, Մուխսին առաջ ընկավ.

Մեղավորը տերտերն ա...

Յախշին խոսեց, Մուխսին, դրմբոցիք: Մեկն ասաց, թե գյուղի կանայք են դրդել, որ Գյուլբահարի գլխին այդ խաղն անեն, թե չէ`

Մենք էլ կսովորենք նրանից:

Այդպես են ասել դրմբոնի կանայքը:

Գյուլբահարն ինչպիսի՞ կին է, վարքի կողմից մաքու՞ր է, թե ոչ, — հարցնում է դատավորը:

Դրմբոնցի մեկը, արծվաքիթ, քթում խոսող, տեղից կանչում է`

Գյուլբահարին իսկի կարողանու՞մ ենք պահել. ետ տալ ետ ճանապարհից:

Մի ուրիշը, որ խոսելիս ձեռքերը կրծքին է խաչում և խոնարհ գլուխ տալիս, մի իսկական դրմբոնցի, դատավորի հարցին, թե` առաջ էլ է՞ տեսել Գյուլբահարին տերտերի մոտ, — պատասխանում է.

Մի անգամ եմ տեսել:

Ի՞նչ էր անում...

Չեմ կարա ասի, լեզուս պատ չի տա ասեմ:

Ուրիշին հո չե՞ս ասել դրա մասին:

Դե, հոգի ունեմ տալու: Երեք մարդու թաքուն ասել եմ, թե նրանք սաղ գեղով մին իմաց են տվել, մեղքը նրանց վզին լինի:

Դրմբոնցի չոբանին են հարցնում` անգետ, անբան, փափախը գլխին, երկու ոտքով քարի կտոր:

Անունդ ի՞նչ է , — հարցնում է դատավորը:

Ի՞մ , — պատասխանում է ծոր տալով և քիչ անց ասում:

Քանի՞ երեխա ունես:

Ե՞ս , — ասում է, մտքերը ժողովում, ասես նոր է իր երեխաների համրանքն անում:

Ի՞նչ գիտես:

Ե՞ս ... — և պատմում է, որ այդ գործից հետո տեր Մարուքը ժողովրդին խնդրել է, թե`

Ա հասարակություն, անց կացեք, ծեր քահանա եմ, սպիտակած միրուքիս խնայեցեք:

Դատավորը Յախշուց է հարցնում, թե ինչու՞ է ռիզան գցել, Մուխսին տեղից ձեն է տալիս.

Բա թողեինք շնություն աներ, էգուց էլ սաղ գեղը վարակե՞ր...

Յախշին պատասխան է տալիս, որ ռիզան գցելու մասին ժողովուրդը որոշում ունի: Մի կոմսոմոլ ավելացնում է, թե Դրմբոնում կառավարության օրենքներին ծանոթ չեն:

Էդ գործը մեր գյուղում շատ վատ բան ա, իսկ թե կառավարության օրենքին ընդունելի չէ, էդպես չենք տանի...

Տեր Մարուքն է խոսում: Գյուլբահարն աղքատ կին է, տերտերն եկամուտից երբեմն բաժին է հանել նրան, շորերն է լվանալու տվել, իսկ ինչ որ ժողովուրդն է ասում, սխալ է, սուտ, ջահելների սարքած խաղ:

Հայոց սինոդ որ իմանա, ինձ ի՞նչ կանի, — ասում է, նայում է դրմբոցիներին, «ծխատեր» քահանայի դիրքով:

* * *

Դատարանը Յախշուն մեղավար ճանաչեց, բայց Դրմբոնի պայմաներն ի նկատի ունենալով` ներեց:

Աղմուկով հեռացան դրմբոցինք հաղթանակից վերադարձող բանակի պես:

Միայն Մարուքն էր, հարցական նշան, միտք անում, թե էլ որտեղ կա Դրմբոն, ժամի զանգեր ծլնգան, շարական ու մաշտոց և Գյուլբահար, Գյուլբահար...

Մինա Բիբին

Մինա Բիբուն ասել էին, որ երեկոյան հարսն ու որդին գյուղ պիտի հասնեն: Եվ դեռ երեկո չեղած, նա կտրից տուն չէր ուզում գա:

Կանգնել էր կտուրի վրա, մի ձեռքը ճակատին, մայր մտնող արևի շողերից աչքերը ծածկելով, նայում էր հեռուն, կածանի կեռումեռ պտույտին և սպասում էր, թե երբ են երևալու:

Որդին օտար քաղաքից էր գալիս: Տասը տարուց ավելի էր, որ գյուղ չէր եկել, մայրը նրան չէր տեսել: Քաղաք էր գնացել դեռ պատանի, մախմուրի պես աղվամազով, իսկ այժմ վերադառնում էր կնոջ ու աղջկա հետ:

Ա՛յ պառավ, բա օքմին չի երևո՞ւմ, — ներքևից կանչեց Ավան ամին: Նա էլ սենյակում էր անհամբեր և շուտ-շուտ ձայն էր տալիս պառավին, լսողությունը սրած, ոտնաձայնի պատրաստ:

Զինգիլա քարի մոտ հրեն երկու ձի յա երևում, մին ոտավոր էլ կա, — պատասխանեց Մինա բիբին կտուրից և լարեց առավել տեսողությունն իր: Նրա աչքերն ավելի փոքրացան, ձգվեց, ասես երկարացավ, որ ավելի լավ տեսնի, կանգնեց ոտքի թաթերի վրա:

Մի պահ հառեց կկոցած աչքերը Զինգիլա քարին, փորձեց որոշել, թե ովքեր են գալիս: Մի քիչ էլ, և հանկարծ Մինա բիբին ծնկներում թեթև դող զգաց, ափ ընկած ձկան պես սիրտը թրթռաց, ներսում հրճվանքը ալիքի պես բարձրացավ, կոկորդին դեմ առավ:

Եվ շնչասպառ, կտուրից իջավ, տուն վազեց:

Գալիս են, ա՛յ մարդ, հրեն է...

* * *

Մյուս առավոտ Մինա բիբին սովորականից կանուխ զարթնեց: Գիշերը քունը չէր տարել:

Գիշերը երբեմն զարթնում էր, նստում տեղաշորի մեջ և ականջը սրում` տեսնելու, թե ով է զարթուն, ինչպես են քնել: Մի անգամ էլ վեր կացավ, ճրագը վառեց, նայեց մեկ էլ, ասես տեսածին չէր հավատում: Մոտեցավ և վերմակի կախ ընկած տուտը կամացուկ շտկեց:

Նա մի ուզեց ալևորին զարթեցնի, մտքինն ասի, բայց հանգ չարավ: Ճրագը հանգցնելուց առաջ մեկ էլ նայեց, ինչ-որ բան ասաց գորովով և շուլալվեց վերմակի տակ:

Առավոտ կանուխ ջրի գնալը, կովեր կթելը Մինա բիբուն ավելի հեշտ թվաց: Ուրախությունից ջահելացել էր. երբեմն սենյակ էր մտնում, մտքինը մոռանում, նորից դուրս գալիս: Կամ օջախի կրակին փչելիս, երբ աչքին էր ընկնում հովանոցը կամ մի ուրիշ իր, որ բերել էր որդին, — տնտղում էր ուշադիր, էլի իր տեղը դնում:

Երբ օջախի առաջ ամաններն էր լվանում, թեյամանը կպավ ափսեին և զրնգաց: Ավան ամին նեղացավ, թե կամաց, կզարթնեն, իսկ Մինա բիբին`

Ձեռքս չորանա:

Ասեց և շփոթմունքից չնկատեց, որ կաթը եռաց ու սպիտակ փրփուրը թափեց մխացող աթարի վրա:

Ավան ամին սրահի առաջ կանգնել էր և ուրախ ժպիտն երեսին բարի լույս էր ասում փողոցով անցնող հարևաններին, որոնք մոտենում և աչքալույս էին տալիս:

Փոխն էլ ձեզ լինի, ձեր ղարիբն էլ տուն գա:

Եկողին Ավան ամին մի թաս օղի էր առաջարկում ու մազա` չոր միրգ կամ պանիր-հաց:

Դեռ անցյալ տարի նա իր մտքում դրել էր մի եզ մորթել որդու գալու առթիվ: Եվ երբ այդ մասին խոսք բացեց պառավի մոտ ու ավելացրեց, թե չի՞ լինի, որ եզան տեղ մի չաղ ոչխար մորթի, Մինա բիբին բողոքեց: Խոստացած մատաղը պիտի անել, հազարից մի անգամ է այդ հարկի տակ այդպիսի ուրախություն:

Հետո Ավան ամին գոմ գնաց: Նա մոռացել էր տավարին կանուխ ապուռ տալ: Այդ առավոտ նա իր բազուկների մեջ մի առանձին ուժ զգաց, ավելի արագ գոմն ավլեց, խոտ ու դարմանը ավելի շատ տվավ:

Նրան թվաց, թե տավարն էլ է զգում, որ տանը ազիզ մարդիկ կան: Կովերը տաք գոմում ախորժով խոտ էին ուտում, իսկ Ավան ամին կոշտացած ձեռքերով, որոնց ուռած երակներն ասես պարաններ լինեին, — շոյում էր կովերի մեջքը, փաղաքշական խոսքեր ասում:

Ապե՜ր, հո շատ չես չարչարվել...

Որդին էր` Տիգրանը, որ զարթնել էր ու հոր ետևից գոմ եկել:

Մի գա՛, գնա՛, գնա՛ տուն. սապոգներդ թրքոտ կանես, բալաս: Մեր փեշակն ա, բա, պտի չարչարվենք, առանց էդ չի:

Գոմ գալուց առաջ Տիգրանը իրենց բակից նայեց գյուղին, խոտի սևացած դեզերին, աթարի բուրգերին, շնչեց գյուղի օդը` բակերում, փողոցներում կիտած աղբի, վառած աթարի ու կծծած խոտի, գոմերից դուրս եկած ու մեզի անդուրեկան, ծանր հոտով լցված գյուղի օդը:

Եվ այնպե՜ս խեղճ թվաց հայրենի գյուղը, այնքա՜ն հետամնաց:

Առաջին տպավորությունը գրավիչ չէր: Քաղաքում երկար տարիներ ապրելուց հետո նրա հիշողության մեջ վառ էր մնացել միայն գյուղի գրավիչ կողմը` սարերը ծաղկաշատ, աղբյուրները պաղջուր, արոտները կանաչ, ուր խոտը տեղ-տեղ մինչև գոտկատեղն է հասնում:

Նա մռացել էր, որ գյուղում կեղտ շատ կա, սապոնով երես չեն լվանում, մի ձեռք շոր ունեն, հագնում են այնքան, մինչև հնանա, սևանա. հետո կարկատում են հազար տեղից ու նորից հագնում:

Տիգրանը կանգնել էր գոմի դռան մոտ ու նայում էր, թե ինչպես հայրը աղբով լի քթոցը շալակին, ոտները կվաջրի մեջ ճլմփացնելով ներս ու դուրս է անում, գոմը մաքրում:

Նրա աչքին ընկավ հոր վզի ամուր ջիլերը, որոնք լարերի պես ձգվում էին, երբ հայրը ծանր քթոցի տակ վիզն էր երկարում:

Գնա՛, գնա՛ տուն... նանին հիմա չայը գցած կլինի...

Տարիներ հետո, երբ քաղաքում Տիգրանը մտաբերում էր գյուղը հայրենի և հորն ալևոր, նրա աչքի առաջ կանգնում էր հայրը` վիզը ձգած, ջղերն ուռած` պինդ լարերի պես, աչքերն ավելի դուրս ընկած...

* * *

Առաջին օրերը հա գալիս-գնում էին հարևան ու բարեկամ: Նրանք բոլորն էլ նույն ձևով էին արտահայտում իրենց հրճվանքը, համբուրում գյուղացու պինդ պաչով այտ ու աչք, ունք ու ճակատ:

Երբ մի անգամ էլ Անժիկին պաչեցին, նա թաշկինակով թշերը սրբեց, նոթերը կիտեց այնպես, ասես տհաճ էր գյուղացու պաչը:

Մինա բիբին նկատեց: Նրան դուր չեկավ, որ Անժիկը սպիտակ, մաքուր թաշկինակ ունի: Փոքրիկ աղջկան թաշկինակ չի սազում, լավ չի սովորի:

Միտք արեց Մինա բիբին, տխրեց, նրա մտքովն անցավ, որ որդին, հարսն ու թոռը գյուղում չեն ապրելու, քաղաքին են վարժ և էլի պիտի գյուղը թողնեն, հեռանան: Իսկ ինքը կապված է գյուղին, Ավան ամուն, խնոցուն ու հին ճախարակին, որ շատ ձմեռներ լացել էր իր հետ, տաք քուրսու մոտ, սև նավթի ճրագի տակ:

Մի անգամ էլ Անժիկը թաշկինակով իր գդալը սրբեց: Այդ նկատեց և Շարմաղ հորքուրը, որ ժպտալով նայեց Անժիկին.

Մինա՛, տեսնո՞ւմ ես. թոռդ քեզ հավան չի:

Տիգրանն ուզեց տպավորությունը կոծկել և ասաց, թե նա քաղաքում էլ էր այդպես անում: Բայց Մինա բիբին էլի տխրեց, կոտրվեց, ինչպես այն ժամանակ, երբ Անժիկը թաշկինակով երեսը սրբեց:

Անժիկի համար գյուղում շատ բան նոր էր: Նա բազմաթիվ հարցեր էր տալիս հորը, թե ինչո՞ւ գյուղում պատառաքաղ չկա, ինչո՞ւ տատը շաքարը շորի մեջ է փաթաթում ու սանդուղի մեջ պահում: Գյուղին անվարժ մանուկի հետաքրքրությամբ դիտում էր գյուղական ամեն մի աշխատանք ու հարցնում, թե ինչու են այդպես անում:

Մի օր էլ հարևանի մեկը ներս մտավ ու Տիգրանին խնդրեց մի բան գրել: Ստորագրելու ժամանակ մարդը ծիծաղեց: Անժիկի աչքին ընկավ նրա սպիտակ ատամները և այն, որ այդ մարդը գրիչը բռնել էր այնպես, ինչպես Անժիկը կբռներ գոմի թին:

Հայրիկ, մեր առաջին խմբակում դրանից լավ են գրում:

* * *

Առաջին երկու շաբաթը շատ արագ անցավ, և ամեն ինչ մտավ իր հունի մեջ: Գյուղն իր մեջ առավ նորեկներին, այլևս դադարեցին նրանց մասին խոսելուց, աչքալուս տալուց:

Միայն երբեմն գյուղի հարս ու աղջիկ հետաքրքրիր նայում էին Էլյայի զգեստին, կոշիկներին, գլխարկին: Ոմանք ծիծաղում էին, գլխարկը համեմատում ծտի բնի հետ, ոմանք էլ ասում էին, թե այդպես ավելի լավ է, ավելի ազատ և աչքի էլ դուրեկան:

Տիգրանը գյուղի ժողովներին էր մասնակցում, ասում-խոսում ահել-ջահելի հետ, պատմում նրանց քաղաքի մասին, հեռավոր երկրների անցուդարձի մասին:

Գյուղացիք հետաքրքրվում էին, հարցեր տալիս նրան, իրենց ցավ ու կրակից պատմում:

Եվ շատ հաճախ հուսահատությունը թանձր քողի պես պատում էր Տիգրանին. այնքան շատ էր թերին, գյուղում աշխատանքն այնպես դժվար: Բայց մեկ էլ նրա ներսում ուժգին գրոհով զարկում էր մակընթաց մի ալիք, բնազդորեն սեղմում էր բռունցքը, աչքերը կկոցում, ասես հեռվում տեսնում էր գյուղը գալիք:

Էլյան տան աշխատանքն էր անում, օգնում Մինա բիբուն: Միասին աշխատանքի ժամանակ Էլյան սրտի դողով և ուշադիր լսում էր Մինա բիբու պատմածը գյուղի ներքինի մասին, թե ինչ է ապրում աղջիկը մանկամարդ, երբ նրան զոռով ամուսնացնում են տարիքով մեկի ունեցվածքի հետ, թե ինչպես են բուժում գյուղում, ինչ ծանր ցավով է վիժում ջահել հարսը`ծծկեր մանուկը գրկին:

Մինա բիբին միասին աշխատանքի ժամանակ` խնոցի հարելիս կամ բուրդ գզելիս, Էլյայի աչքի առաջ բացում էր գյուղի հազարամյա գիրքը, որի յուրաքանչյուր էջը տգիտության միզոհի մարտիրոսագիր էր, սկեսրոջ ահի տակ, բռնակալ ամուսնու կրնկի տակ ընկած կնոջ տանջանքի նկարագիր կամ ծածուկ խեղդամահ արած մանուկների պատմություն: Մինա բիբին մեկ-մեկ դեպքեր էր պատմում ու թեթև գլուխը շարժում:

Սոսկում էր պատում Էլյային, ու թվում էր, թե գյուղում, կիսամութ խրճիթների անկյուններ, դեռ մնում են դարերի թանձր խավարն ու ոգին չար:

Անժիկը պապի հետ էր լինում, երբեմն էլ հարևան երեխաների հետ: Հասակակից մանուկները հավաքվում էին նրա շուրջ և զարմացած նայում սիրուն սանրած մազերին, փոքրիկ սանրին` մազերի մեջ, կոճակավոր կոշիկներին: Նայում էին գյուղի երեխաները, և ամեն մեկի սրտիկի մեջ ծնվում էր մի շատ մեծ ցանկություն` ունենալ այն, ինչ Անժիկն ուներ, նրա պես կաշվե սև գոտի կապել: Մանուկներից յուրաքանչյուրն աշխատում էր Անժիկի ընկերությունը ձեռք բերել, նրա հետ ավելի մոտ լինել:

Համարյա ամեն իրիկուն քնելու առաջ Մինա բիբին Անժիկին խնդրում էր իր հետ պառկել: Պառավն ուզում էր գրկել թոռան և իր սմքած մարմնի թույլ ջերմությամբ նրա մատղաշ մարմինը տաքացնել, հուսադրել ինքն իրեն, թե վերջին շառավիղը չէ, միջուկը փտած արմատը դեռ շատ ծիլեր է տալու:

Բայց Անժիկը միշտ էլ մերժում էր.

Քեզ մոտ լավ չի, իմ տեղաշորից չեմ հեռանա:

Անժիկն ավելին էր ուզում ասել: Նա ուզում էր տատին ասել, որ նրա շապկից ծանր հոտ է գալիս, որ տատը ցերեկով բոբիկ է քայլում, գիշերն էլ առանց ոտքերը լվանալու պառկում:

Քաղաքից բերած իր կապույտ վերմակի տակ Անժիկը քնելուց առաջ մտաբերում էր քաղաքը, իրենց դպրոցը, շարքերը պիոներական, կինոն, տրամվայն ու էլի հազար ու մի պես-պես բաներ: Կապույտ վերմակի տակ Անժիկն իրեն քաղաքում էր զգում, և այդ նրան դուր էր գալիս:

* * *

Գարնան արևն իրեն արդեն զգալ էր տալիս: Գյուղի եռուզեռը շատացել էր:

Գյուղը հեռվից մի մեծ մրնջոցի էր նմա, որ գարնան սկզբին սկսում էր շարժվել: Գարնան արևն ավելի արագ էր քայքայում բակերում կիտած աղբը, և կծծահոտն ավելի թանձր էր թվում, գրգռում քթի լորձունքոտ մաշկը և աչքերից արցունք հանում:

Գոմերում տավարը նեղվում էր, օդաներում գյուղացիք խոսում էին սարի մասին, ուր մատաղ կանաչն արդեն ծլում էր:

Մյուսների պես Մինա բիբին էլ էր պատրաստվում սար գնալու: Նա մտքում դրել էր սար գնալուց առաջ Անժիկի հետ մատուռ գնալ: Նրա կրծքի տակ, որպես մի թույլ կանթեղ, վառվում էր Անժիկին աղոթել սովորեցնելու ցանկությունը:

Ինչո՞ւ ծնվեց նրա մեջ այդ ցանկությունը. — ինքն էլ չգիտեր: Պառավն ուզում էր կապել նրան գյուղի հետ, Անժիկին դարձնել գյուղի մի խոնարհ աղջիկ և տարիների ընթացքում արմատախիլ անել այն ամենը, ինչ քաղաքն է տվել:

Ի՜նչ լավ կլիներ, եթե նրանք գյուղում մնային: Իսկ Տիգրանը միշտ ասում էր, թե շուտով պիտի վերադառնան քաղաք, արձակուրդը լրանում է: Արդյոք մեկ էլ կգա՞ն գյուղ, ինքը ողջ կմնա՞ մինչ այդ:

Գարնան մի գեղեցիկ առավոտ, երբ ամեն ինչ աշխույժ և դուրեկան է թվում, երբ մարդ ամենից քիչ է մտածում առօրյա հոգսերի մասին և իրեն ավելի մոտ զգում բնության, գարնան այդպիսի մի առավոտ Անժիկն ու Մինա բիբին գնացին դեպի ձորակ: Տանը Մինա բիբին չէր ասել, թե մատուռ են գնում: Նա վախենում էր, որ Տիգրանն արգելի Անժիկին:

Երբ դուրս եկան գյուղից, Մինա բիբին սկսեց Անժիկին պատմել, որ ինքը պառավ է , շուտով կարող է մեռնի: Տատի տարօրինակ այդ պատմությունը, որ նպատակ ուներ երկյուղած տրամադրություն ստեղծել թոռան սրտում, վատ ազդեց երեխայի վրա: Նա չգիտեր ինչ ասի և վարանքով նայում էր մոռի թփերին, որ մուգ կանաչին էին տալիս ճամփի երկու կողքին:

Հասան մատուռին: Կիսախարխուլ մի շենք էր, ավելի քարակույտի նման: Մատուռի մոտ, կածանից ոչ հեռու, հողի մեջ խրված էր ծխից սևացած մի խաչքար , որի մոտ գյուղի շները ճամփով գնալ-գալիս շատ անգամ կանգնում էին, ետևի մի ոտը բարձրացնում և միզում հենց խաչքարի վրա:

Մինա բիբին մոտեցավ, չոքեց, երկյուղած` խաչքարը համբուրեց մի անգամ: Անժիկը զարմացած նայում էր նրան ու չէր հասկանում, թե ինչու է տատը համբուրում այդ սևացած քարը: Մինա բիբին ոտքի կանգնեց, մոտեցավ Անժիկին և խնդրեց, որ նա էլ համբուրի:

Չեմ ուզում, կեղտոտ էԵս քարը չեմ համբուրի, էնտեղ ի՞նչ կա որ

Մինա բիբին մնաց սառած, Անժիկի պատասխանը նրա համար անսպասելի էր: Եվ մի պահ նա անշարժ կանգնեց խաչքարի մոտ, ինչպես մի երկրորդ խաչքար:

Հետո սթափվեց ու քայլերն ուղղեց դեպի մատուռ, կռացավ և կուզեկուզ ներս մտավ, որովհետև մատուռի դուռը ցածլիկ էր: Անժիկը հետևեց տատին: Նա ուզում էր իմանա, թե ինչ կա մատուռում, ինչ է անելու Մինա բիբին այնտեղ: Ներս մտնելիս Անժիկի գլուխը կպավ դռան քարին:

Թո՛ւհ, էս ի՞նչ դուռ են շինել

Թու չեն անիլ, բալաս, աստված կչանչի քեզ, — երկյուղած ասաց տատը, կարծես սրբազան մի գաղտնիք էր հայտնում:

Աստված չկա՛, տատիկ, — բարձր և հատու պատասխանեց Անժիկը:

Մինա բիբուն թվաց, թե փուլ եկան մատուռի պատերը, և պատից մի քար ընկավ գլխին: Սարսուռով նայեց Անժիկին, և հինավուրց մատուռի մեջ տատիկին անհարազատ թվացին թոռան աչքերը ժիր:

Մտաբերեց որդուն, հիշեց, որ շուտով հեռանալու են, և անզոր գլուխը խոնարհեց մատուռի խոնավ հատակին: Մատուռի մամռապատ քարերը լսեցին Մինա բիբու զսպված հեկեկանքը:

Իսկ Անժիկը ձեռքը մեկնել էր մոռի կանաչ տերևներին, որոնք փարթամորեն փռվել էին մատուռի կտուրի վրա:

«ԽԱՂԼԱՑԱՎ»

Տարօրինակ թվաց զուռնայի կանչը զիլ և դհոլի աղմուկն ընդհատ աշնան արևուտ ցերեկին, բլրի լանջին արևոտ արած գյուղում:

Հարսանիք չէր և ոչ կերուխում կամ կնունք: Այդպես չի փչում զուռնան ուռած թշերով, մի աչքը միշտ կիսախուփ զուռնաչին երբ պարն է զլում, թնդում:

Առաջին պահ դժվար էր որոշել, թե ո՞ր գետնափոր խրճիթումն են նվագում: Երբ զարմացած հարցմունք արի ծանոթ գեղականից, նախ չուզեց ասի, ապա մատը

դիմացի տունն ուղղեց և ասաց.

Տասն օր ա էսպես խաղում ա, գիշեր-ցերեկ

Դիմացի տունը՝ կտուրը խոնարհած, մի քիչ թեք ընկած տուն էր, կտրին աթարի դեզ՝ շիշ փափախի պես, դեզի մոտ դեղին դդումի մի շարք: Փողոցին նայող միակ պատուհանը ներսից շորով էր ծածկած:

Զուռնան նվագում էր ներսում, դմբում էր դհոլը, ինչ-որ մարդիկ ոտքերը գետնով էին տալիս սենյակի սալաքարին: Փակ էր դուռը տան, բակում օքմին չէր երևում: Եվ եթե մեկն անցնում էր փողոցով, շորով ծածկած պատուհանի առաջ չէր կանգնում, զուռնայի նվագը չէր լսում, այլ արագաքայլ էր անում:

Եվ` ծանոթ գեղականն իմ հեռացավ մի քիչ, նստեց փողոցում ընկած գերանի վրա, շփեց ճակատն ու ասաց, թե`

Հայվանի ադաթ ա մեզանում էդ խաղը, խաղլացավը...

Չկարողացա իմանալ, թե ինչ ցավ է. բռնում է հանկարծ, ասում են, շատ միտք անելուց, հանկարծակի կորստից կամ հրճվանքից անչափ: Հիվանդի ոսկորները ցավում են:

Ցավը որդի պես, սաղ ջանով ման ա գալիս... Մին ծունկն ա ծակում, մեկ էլ փախնում սրտի տակ: Պետք ա էդ որդին սպանեն:

Եվ սպանում են «խաղլացավով»: Կիսամութ սենյակում նստոտում են վարձովի լալկան կանայք, հիվանդը նստում է նրանց մոտ: Լալիս են կանայք վարձկան, սուգ անում, մղկտում, և հիվանդի սիրտը թուլանում է, մարելու պես լինում, մեկ էլ ծլունգ լինում ընդոստ, սկսում պարել՝ խելագարի ցատկումներով անմիտ, գետնովն է տալիս իրեն, մարմինը կոտրատում և պարում, պարում ժամերով: Քրտնում է, փրփրում, բայց թնդում է պարը: Սենյակի անկյունում նստած զուռնաչին զլում է զուռնան, դհոլը դմբում է արագ, նվագն ասես թե ոսկրի մեջ է մտնում, և մարմինը՝ դհոլի դմբոցի հետ վեր-վեր է թռչում, ֆուտբոլի գնդակի պես:

Այսպես սկսվում է և երկու օր տևում: Նվագում են գիշեր-ցերեկ, հոգնած զուռնաչուն ուրիշն է փոխարինում, դարձյալ զլում զուռնան, դհոլին խփում, և հիվանդը պարում է, մինչև ուշաթափ լինի: Հիվանդին պառկեցնում են անկողնում, մի քիչ դադար առնում և հետո նորից սկսում:

Եթե երկու օրում չի լավանում, եթե հիվանդը դարձյալ գանգատվում է «որդի» ծակոցից, խաղալը շարունակում են, այս անգամ ավելի վայրենի, ավելի անիմաստ ու այլանդակ:

Զուռնի լայն բերանը մոտեցնում են հիվանդի ականջին, մեկը ձախ, մյուսը աջ, սկսում են փչել, ինչքան թոքերը կարող են շունչ պահել: Դհոլն էլ դնում են հիվանդի գլխին և փայտե կոպալներով հարվածում դհոլի պինդ քաշած կաշուն: Ինչքան ուժ ունեն, փչում են զուռնան, դհոլին կոպալները կարկտի պես են վեր թափում:

Next page