Չարենց Եղիշե՝   Տեսիլաժամեր, Ծիածան, Ողջակիզվող կրակ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last

Լուսամփոփի՛ պես աղջիկ` աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՛ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ...

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՛ իմ հողու հեռուն...

Լուսամփոփի՛ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ...

2

Երեք գույն կա երազային քո երկրում
Երեք գույն:
Թափանցիկ են այն գույները քո երկրում
Քո հոգում:

Դու ժպտում ես. քո լուսավոր աչքերում
Երեք փայլ.—
Ու բացվում է, կապո՜ւյտ աղջիկ, քո հեռուն
Լուսավառ:

Եվ տեսնում եմ դղյակներդ երկնահուպ,
Գմբեթներդ սեգ:
Եվ հիշում եմ ոսկեծաղիկ մի ասուպ,
Որ ընկավ երեկ:

Ու լսում եմ, որ իրիկվա մշուշում,
Անձրևից հետո,
Իրիկնային զանգակներն են կարկաչում
Ու կանչում են, գոհ:

Եվ տեսնում եմ, որ դաշտերիդ, լճերիդ,
Լո՛ւյս երկրիդ վրա
Ահա իջել է անապակ ու վճիտ
Մի կապույտ հիմա:

Ու տեսնում եմ իրիկնային կապույտում
Բռնկված կրկին
Գմբեթներիդ երկնասլաց ու ժպտուն
Խաչերի ոսկին...

Եվ երազի պես պարուրվում է հանկարծ
Երկիրդ իմ հոգում,
Ջինջ երկիրդ` աչքերիդ մեջմիգամած
Իրիկուն...

3

Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,
Որ անցան
Քո՜ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում
Ծիածան:

ԿԱՊՈւՅՏԸ

1

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտըթախիծ.
Կապույտըկարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:
Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:
Կապույտում հոգիս մի հին իրիկուն .
Անզո՛ր հեծկլտաց:

Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտըարցունք, ու կապույտըցող
Հոգու, երկնքի:

Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքիցերկինք:
ՀոգիսԿապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:

Այն, որ չի եղել, որ պե՜տք է լինի
Մանկական սրտում
Հոսում է, որպես լուսավոր գինի
Հոգու կապույտում:

2

Արևից առաջ և ոսկուց առաջ
Տրտո՛ւմ է այնքան.
Խմում է հոգին բաժակը երազ
Այդ կո՜ւյս տրտմության:

Արևից առաջ, երբ կապույտը` հեզ,
Սփրթնա՛ծ, գունա՛տ
Հիվանդ աղջկա երազ է կարծես՝
Աղոտ, լուսակաթ:

Երբ աստղը՝ մի պահ դառնալով անտես
Վառվում է հանկարծ:
Երբ տիեզերքը աղոթք է կարծես՝
Հոգու մեջ հանգած:
Երբ դեռ ո՜չ մի ձայն չի՜ ընկնում հոգու
Բաժակի մեջ լուռ: —
Երբ որպես ուրու դեռ քնած ես դու
Կապույտում մաքուր:

3

Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես, —
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՛կ է այնպես:

Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն-տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:

Զգում է հոգիս շրթերի վրա`
Անմարմին, դողդոջ
Կապույտ, երկնագույն համբույրը նրա
Լուսավո՛ր քրոջ:

4

Քո՜ւյր, արցունքներըմաքուր
Ղողանջներ են, որ
Հղանում են երկնագույն
Զանգաչքերդ խոր:

Ղողանջնե՛ր ենլուսավոր, —
Կո՛ւյս թռիչք ու թև՛ .
Ղողանջնե՜ր ենթևավո՛ր
Ու թեթև՛, թեթև՛...

5

Երբ չկայիր կարծես դու` դղյակում հոգու
Անշշուկ քնած, —
Քո՜ւյր, իմ հոգին, աստղային, որպես նինջը քո
Կապույտում մնաց: —

Պատուհանից դղյակի ես տեսնում էի
Երկինքները բիլ:
Շրթերիս մեջ, հոգուս մեջ մի խոսք ունեի.
Քո՜ւյր, քնի՜ր, քնի՜ր...

Միայն զգում էի ես` լուռ, տրտում այնպես`
Որ ամեն ինչում
Քո լուսավոր էության հարազատ ու հեզ
Կապույտն է շնչում:

Եվ չկայիր կարծես դու` դղյակում հոգու
Անշշուկ քնած:
Քու՜յր, իմ հոգին, աստղային, որպես նինջը քո
Կապույտու՜մ մնաց:

ՈՍԿԻՆ

1

Կապույտի՛ մեջ, կապույտի՛ մեջարևի ոսկին:
Քնի՜ր, քնի՜ր, կապույտ աղջիկ, չզարթնես ծեգին:

Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա:

Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն, —
Փախցնում են աստղերի չուն ու կանչու՜մ, կանչում:

Խա՜չը վանքի, ե՜րգը զանգիկապույտում վերջին.
Զարթի՜ր, զարթի՜ր, կապո՜ւյտ աղջիկ, ու նայի՜ր խաչին..

Նա ոսկի՜ է, երկի՜նք նետած մի կտոր ոսկի.
Նամի երազ, ոսկի՜ միրաժ արթնացած խոսքի:

Ու արևի թևը ահա լճերի նիրհում
Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն...

Ու մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՜ս:
Արթնացել են կարապները ու կանչո՜ւմ են մեզ:

Քո՜ւյր, վայրկյանը սրբազա՜ն էբռնկում ու մահ,
Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա:

Ու կմարի խաչը վանքի կապույտում վերջին.
Զարթի՜ր, զարթի՜ր, կապո՜ւյտ աղջիկ, — ու նայի՜ր խաչին...

2

Արևի ոսկին ինչո՞ւ է փակում
Մեր աչքերը թաց
Երբ` կապույտ երազն արթնացած հոգում՝
Նայում ենք հանկարծ:

Երբ բաց ենք անում աչքերս` կապույտ,
Աստղային նիրհից, —
Որ տեսնենք ոսկու ծիծաղը` անփույթ
Հղացած հրից:

Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման,
Ոսկին արևի
Մենավոր ժամին վերջի՜ն տրտմության`
Վերջի՜ն բարևի...

3

Դու տրտում ես, բայց արևի բռնկված ոսկին
Ոսկեզօծել է քո կապույտ, աստղայի՜ն հոգին:
Ու սփրթնած դեմքի՜դ վրաբռնկվող մի փայլ.
Այն արև՜ն է, այն արև՜ն է, աստղայի՜ն եղբայր:

Դու չե՞ս ուզում, դու չե՞ս ուզում արևի ոսկին.
Չե՞ս հավատում արևի տակ շիկացած հասկին...

Միայն նայի՜ր ու հասկացի՜ր, օ, նայի՜ր ու տե՜ս. —
Մի ոսկեգույն քող են հագել դաշտ, անտառ ու սեզ:

Ու լեռնային, երկինք տանող ձյունածածկ ուղին
Հրաժեշտ է տալիս հիմա բիլ մառախուղին...

Եվ ամե՜ն տեղ, ինչպես և այն լեռնուղու վրա
Բռնկվել է ժպիտ-ոսկին ԱրևիՆրա...

4

Օ, նայիր ու տե՜ս, նայի՜ր ու ժպտա,
Օ, նայի՜ր հեռուն.—
Վառվել է ահա մի ոսկի շղթա
Քրոջ աչքերում...

Սփրթնած, գունատ կապույտը արդեն
Չքացավ, չկա.
Ժպտուն, ոսկեփայլ վառվում են քո դեմ
Աչքերն աղջկա:

Շղթան ոսկեգույն, հրաշքի՛ շղթան
Բռնկվել է, տե՜ս:
Նայիր ու ժպտա՜, դու ժպտա՜ միայն`
Արևոտու հեզ...

Եվ թող սո՛ւրբ թվա, որպես կույս հեռուն
Կապույտ մենության
Արևածագին քրոջ աչքերում
Բռնկված շղթան...

5

Օղակ-օղակ ոսկեգույն ու հրաշեկ,
Օրորվում են ալիքները լճերի:
Կապույտ նիրհում սպասումը չմաշե՜ք.
Թող արևը մի նո՜ր բախտի լուր բերի:

Ահա ճերմակ առագաստները` ոսկի
Արևի դեմ հարսների պես շիկացած`
Օրորվելով, նազանքներով, կողք-կողքի
Ճամփա ընկան դեպի հեռուն ոսկեբաց...

Դեմը, հեռուն, կապուտաչյա ջրերում,
Ոսկենկար դեմքը արև-արքայի
Հուր-ժպիտի ոսկի թերթեր է թափում,
Որ լաստերի ճանապարհը զարդարի...

Առագաստները, ոսկեգույն քող հագած,
Արևելյան հարսների պես նազանուտ, —
Օրորվելով ճամփա ընկան թևաբաց`
Դեպի ոսկի հեռաստաններն արևոտ...

6

Հրոտ, հրաշեկ ոսկին արևի`
Հրդեհված հոգու հովն է երևի...

Հուր հովը հոգու՝ հրդեհված հիմա
Լեռնային վանքի խաչերի վրա:

Փարվիլ է վանքի ոսկեթև խաչին`
Ժպտավառ` որպես համբույրն առաջին:

Որպես կարմրությունն այն այրող, հրոտ
Հարսնական դեմքիդ` ամոթխած կարոտ...

Որպես թափանցիկ կարմրությունն հոսող
Այտերիդ վրա` ոսկեգույն մի շող...

7

Եu հավատում եմ հասկի շշուկին, խոսքին
Երբ հագել ես արևի թափանցիկ ոսկին:

Հեռաստանները հացիոսկեգույն, ոսկեգույն:
Դու նայեցիր, ժպտացիր իմ գունատ հոգուն:

Աչքերիդ մեջ, հոգուս մեջ, քո՜ւյր իմ, կա՜ր, քո՜ւյր իմ, կար
Ոսկու շշուկ, ոսկու փայլ, ոսկու ճաճանչ ոսկեվառ:

Եվ հոսում էր ոսկեծուփ կապույտից դեպի վար`
Արտերի գիրկը բերրի` մի հեշտություն հրավառ:

Ու ժպտում էր բռնկված ոսկին` անշեջ ու անփույթ`
Կապույտ հոգուս, աչքերիդ, ու երկնքի՜ մեջ կապույտ:

Եվ հավատում էի ես հասկերի խոսքին,
Ու վառվում էր կապույտում արևի ոսկին...

8

Արևըորպես մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կաու կապույտ է դեռ:

Զնգում են թևերն` արնագույն ու վառ.
Այրվում է նաինչո՞ւ, ո՞ւմ համար:

Վառվում են, վառվում կապույտում անծիր
Թևերը նրա ու պսակը հիր:

Ու ճախրում է նամի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կաու կապույտ է դեռ...

9

Ու թուլացած, ու սփրթնած կմարի
Արևի ոսկին
Վերջին անգամ եզերքի մոտ կամարի
Բռնկված կրկին:

Ու կապույտը` արևի մոտ շիկացած,
Վարդագույն
Քո՜ւյր, կփռի դեմքիդ վրաամոթխած
Կարմրություն:

Ու կապույտը, ձուլված ոսկուն, հեռուներում
Կամարի
Քո՛ւյր, հոգուս մեջ, աչքերիդ մեջ, երկինքներում
Կմարի...

10

Ու կտարածվի մի տրտում մշուշ
Մանուշակագույն.
Կապույտի, ոսկու տրտմունակ մի հուշ
Խանձված հոգում...

Արևը ժպտաց, երբ կույս էր հեռուն,
Ու գունատ էր դեռ:
Արևը անցավկապույտ դաշտերում՝
Մի ոսկի թիթեռ:

Կապույտը վառվեց, խանձվեց ոսկում,
Արևըանցավ.
Արևըանհուն ու որբ կապույտում`
Բռնկված մի ցավ:

Իջնում է ահա մի տրտում մշուշ
Մանուշակագույն. —
Կապույտի՜, ոսկո՜ւ տրտմունա՜կ վերհուշ՝
Խանձված հոգում...

ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ

1

Կապույտից հետո և ոսկուց հետո,
Քո՜ւյր, փռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո
Մի խամրած մշուշ մանուշակագույն...

Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն...

2

Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում
Ժպիտը ոսկի.
Մայրամուտային մշուշը տրտում՝
Այտերիդ վրա.
Եվ, որպես շշուկ չքաղված հասկի,
Մեր հոգնած սրտում
Սպասումը, որ ցրտաբեր քամին
Հիմա կսուրա...

Ստվերներն իջնում ու փարվում Էին
Դեմքիդ, իմ հոգուն.
Մթնում էր հեռուն խանձված հոգու,
Որպես իրիկուն.
Երազները, քո՜ւյր, երանգներ էին,—
Խամրեցին միգում, —
Խամրեցին, հանգան մայրամուտային
Իրիկնաժամում մանուշակագույն...

3

Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց,
Դեմքդ մշուշում մանուշակագույն:

Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
Լույսի ճաճանչներ ճախրելով անցան
Ու բացվեց հանկարծ միգամած հեռուն՝
Քո ջինջ աչքերումպայծա՛ռ ծիածան...

Քո՜ւյր իմ, այն մեռնող արև՛ն էրժպտաց,
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն...

4

Իրիկուն էր: Իրիկնային տրտմության
Հուշն էր հյուսվումմայրամուտի մի երազ:
Դու հարազատ ու մոտ էիր ինձ այնքան`
Քո աչքերով իրիկնային, ցողաթաց...

Քո աչքերի ու երկնքի կամարում
Ճառագայթները, այնքան հե՛զ, այնքան ջի՛նջ,
Ճախրում էին, հոգեվարում ու մարում`
Համբուրելով ծիածանը ամոքիչ...

Եվ լույսերը, որ ճախրեցին ու անցան,
Իրիկնային ժպիտի մեջ այն վերջին
Անրջացած, երազ դարձած սրբացան,
Որպես դեմքը քո լուսավորիմ հոգին...

5

Աղոթքի պես, երգի պես
Հոգիս ճախրեց դաշտերում.
Միայն զգում էի ես
Քո հմայքն ու քո հեռուն...

Միայն զգում էի, որ
Երկինքներում կուսական
Բռնկումները բոլոր
Նվաղեցին ու հանգան:

Հաշտություն էր ու ներում
Քո ժպիտը սրբազան _
Քո արցունքոտ աչքերում
Անրջացա՛ծ ծիածան...

6

Քո՜ւյր, երազներն այրվեցին ու անցան,
Եվ ջի՛նջ մնաց քո աչքերում, իմ հոգում
Մի սրբացած, անրջացած ծիածան`
Վերջի՛ն սիրո մի լուսավոր ամոքում:

Ու հիշում եմ առավոտը գունաթափ,
Ու կապույտը այն սփրթնած ու անհուն.
Ու հիշում եմ, որ քեզ կանչեց մի կարապ,
Երբ արթնացար արևծագի դղյակում...

Ու հիշում եմ ես երկինքը վարդագույն,
Ոսկի վարդեր, որ բացվեցին ու չկան...
Ու հիշում եմ իրիկնային երկնքում
Հրաժեշտը ոսկեժպիտ կարմրության...

Ու հիշում եմ հուր արևըմի թիթեռ, —
Ճախրեց, անցավ, աննյութացավ ու չկա.
Իսկ իմ հոգին այնքան հստակ, ջինջ է դեռ
Մի լո՛ւյս ժպիտ լուսաժպիտ աղջկա...

Իսկ երազներն այրվեցին ու անցան:
Բայց ջինջ մնաց քո աչքերում, իմ հոգում
Մի սրբացած, անրջացած ծիածան`
Վերջին սիրո մի լուսավոր ամոքում...

ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԵԿՈՆ

1

Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնիցհորիզոն
Ինչ տրտո՛ւմ է, կապույտ աղջիկ, հրաժեշտի երեկոն...

Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում, իմ հոգում.
Օրհնե՜նք, օրհնե՜նք այս երկրային հրաժեշտի երեկոն...

Եվ թող հալվե՜ն, ձուլվե՜ն, մարվե՜ն իրիկնային կապույտում
Մեր կույս հոգու իրիկնային սպասումները տրտում:

Եվ զանգերը անրջորեն, հորիզոնիցհորիզոն,
Օրհներգելով թող օրորեն հրաժեշտի երեկոն...

2

Դու մոտեցար որպես քույրու հեռանում ես ահա,
Աղոթք դարձած, խնկաբույրդու հեռանում ես ահա:

Ինչո՞ւ եկար, և ինչո՞ւ անրջացար ու չկաս.
Հրաժեշտի մի համբույրու հեռանում եu ահա...

Գուցե սո՛ւտ է սերը այսհրաժեշտի մի երազ, —
Քո՜ւյր, հո՛ւշ դարձած հեռավոր, դու հեռանում ես ահա...

3

Դու գնում ես, բայց հոգիս սպասում է քեզ
Կապո՜ւյտ աղջիկ, քո՜ւյր իմ հեզ, դու հետ չե՞ս գալու...

Ես Ժպտում եմ, որ երկար ճանապարհին չտրտմես.
Հոգիս մնաց ո՛րբ այնպեսդու հետ չե՞ս գալու...

Դու գնում ես, բայց կարծես կայարան եմ եկել ես,
Որ հանդիպեմ, քույր իմ, քեզ, — դու հետ չե՞ս գալու...

4

Կանցնեն օրերը բոլոր
Եվ տրտմորեն խոնարհ, գոհ, —
Այն Կայանը հեռավոր
Կհասնենք մի երեկո:

Եվ ցուրտ հովը, որպես քույր,
Կարոտակեզ ու գթոտ,
Կհամբուրե սիրալիր
Մեր աչքերը արցունքոտ:

Եվ զանգերը կարկաչուն.
Հորիզոնից հորիզոն,
Տրտո՛ւմ կօրհնեն մեր վերջին
Հրաժեշտի երեկոն...

ԳԱԶԵԼՆԵՐ

1

Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր,
Սիրտդ լցվի թող հեքիաթովդու խմի՜ր

Իրիկնային երկինքը բիլ թող անվերջ
Հոգիդ լցնի կապույտ կաթովդու խմի՜ր:

Թող լո՜ւռ լինի. անրջավոր ու տրտում
Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր:

2

Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,
Կարկաչում են ու կանչում են, կապույտում:

Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում
Միայն շշուկ ու հնչյուն ենկապույտում:

Երազներ կան, որ կարոտներ են միայն,
Լո՛ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում...

3

Ո՞ւմ եմ երգում. ի՞նձ, թե՞ քեզչգիտեմ.
Իմ երգում ինձ կգտնե՞սչգիտեմ:

Թե՞ ես ի՜նձ եմ որոնում, բայց գտնում եմ քեզ.
Կորցրե՞լ ենք արդյոք մեզչգիտեմ:

Գուցե ե՜ս եմ` քո երգում, գուցե ի՜նձ ես դու երգում.
Ո՞ւմ ես երգում. ի՞նձ, թե՞ քեզչգիտեմ...

4

Կա հոգու մեջ ու աշխարհումմի ոսկի օղակ:
Բռնկվում է նա ու մարումմի ոսկի օղակ:

Ո՞վ չի գտելժպտալո՛վ, ժպտալո՛վ
Անդուլ վազքի ճանապարհումմի ոսկի օղակ...

Բայց ես ինչո՞ւ, քու՜յր իմ, ինչու տրտմեցի այնքան,
Երբ բռնկվեց քո աչքերում մի ոսկի օղակ...

5

Դու կապույտը սիրեցիրչգտար,
Սիրտդ դարձավ ձյունաձիր, — չգտար:

Երկինքներին` հեռավո՛ր, հեռավո՛ր`
Դու մանկորեն ժպտացիրչգտար:

Կո՛ւյր աչքերից` աղոթքո՛վ, աղոթքո՛վ`
Մի քիչ կապույտ մուրացիրչգտար...

6

Քո՛ւյր, զանգերի տխրության մի ղողանջ է քո հոգին:
Դղյակի մեջ մենությանբախտի կանչ է քո հոգին:
Եվ մենակ է, քույր-աղջիկ, այնքան մենակ ու տրտում.
Իրիկնային կապույտում մի ճաճանչ է քո հոգին...

Ո՞ւմ ես կանչում և ինչո՞ւ. զանգերը ո՞ւմ են կանչում.
Բայց չե՛ս գտնի, քո՜ւյր-աղջիկ, թող չկանչե քո հոգին...

7

Բոլոր խոսքերն իմ երգումճաճանչներ են լոկ:
Կապույտ միգումոսկեգույն ճաճանչներ են լոկ:

Քո աչքերից, քո դեմքից, քո լուսե երկրից
Ճառագայթված իմ հոգումճաճանչներ են լոկ

Իմաստ չկա, միտք չկա խոսքերում այս հին,
Բայց ինչո՞ւ են ամոքումճաճանչներ են լոկ...

8

Քո՜ւյր, իմ հոգին լուռ ու տարտամմի ստվեր է լոկ,
Դղյակի մեջ քո մենությանմի ստվեր է լոկ:

Եթե նայես կճանաչես, կտեսնես հանկարծ,
Որ ձևերիդ այնքա՛ն նմանմի ստվեր է լոկ:

Գուցե ժպտաս, գուցե տրտմես, երբ զգաս, որ նա
Եղերակա՛ն երկուության մի ստվեր է լոկ...

9

Կղողաջեն օրերը քոկմարեն.
Կկարկաչենմի երեկո կմարեն:
Ու ղողանջող օրերի մեջ երգված
Երազները քո լուսաճեմկմարեն:
Հե՛տ կնայես ու կճչաս կարոտից.
Ջինջ արցունքներ կճաճանչենկմարեն...

10

Մենք չգիտենք, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի.
Թե լուռ լինենք, լուռ ու հեզկապույտը ո՞ւր կտանի:

Նատրտմունակ մի կարոտ, նրա անունը սակայն
Ո՜չ դու գիտես, քո՜ւյր, ոչ ես, — կապույտը ո՞ւր կտանի...

Կորցրել ենք աշխարհի ճամփաները հին.
Իմ ո՛րբ ընկեր, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի...

11

Քո՜ւյր, ղողանջի՛ պես ճախրել ու գնալ, —
Հմայված ու հեզճախրել ու գնալ...

Երկնքիցերկինք, իրիկվա մովում,
Անմարմին, անտեսճախրել ու գնա՛լ...

Դեպի Ամենտի եզերքը կապույտ
Քո՜ւյր, ղողանջի պես ճախրել ու գնալ...

12

Ինչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի, —
Զանգերը թաց ու ցողաբո՛ւյր մայրամուտի...

Ահա կույսերը գնում են աղոթելու.
Սգահանդես, տրտում թափոր մայրամուտի...

Լուսամփոփի պես կախվել է երկինքը բիլ
Հոգուս վրաօ, սո՛ւրբ անդորր մայրամուտի...

13

Մահը, գիտե՞ս, մի լուսավոր առասպել է, քո՜ւյր,
Կյանքը այնքան մեղկ ու անգույն ու անբեր է, քո՜ւյր:

Մահը անուշ, անրջալույս տրտմություն ունի.
Կյանքը սակայն շաչող, փախչող, անհամբեր է, քո՜ւյր:

Կյանքի կանչը անկումների ազդարար է լոկ.
Մահը սակայն Կապույտ Երկրի մի բանբեր է, քույր...

14

Իրիկուն է, քո՜ւյր, — աչքերդ փակի՜ր,
Հոգնաբեկ, տխուր, — աչքերդ փակի՜ր:

Թարթիչներդ թող չթարթեն միգում.
Միգամած ու խոր աչքերդ փակիր:

Կոպերիդ տակ թող երազս թաղեմ.
Իրիկուն է, քո՜ւյր, — աչքերդ փակի՛ր...

15

Դիր մատներդ կույս՝ աչքերիս վրա, —
Հոգեվար հոգուսաչքերիս վրա...

Հոգնեցի կապույտ մշուշից, մովից.
Դի՛ր մատներդ լույսաչքերիս վրա...

Մահու պես քնքուշ դի՛ր մատներդ սուրբ
Խոնջացած, անհույս աչքերիս վրա...

16

Իրիկունը ու կապույտը կանչեցին, քույր, —
Ճամփա ընկանք ոտաբոբիկ, երկնայի՛ն քույր...

Ու գնում ենք դեպի Հավերժը ամոքիչ.
Մահն է թեթև՛, մահն է բարի՛, անմարմին քույր...

Ետ չնայե՜ս, ետ չնայե՜ս թաց աչքերով,
Դու իմ վերջի՛ն, իրիկնայի՛ն, աստղայի՛ն քույր...

17

Որքան ցավ կա, որքան ցա՛վ կա այս կարոտում իրիկնային,
Ինչ տենչում ենք մի՞թե կտա այս կարոտը իրիկնային...

Թաց աչքերդ հովն է շոյում շիրիմների փսփսուկով.
Թաց աչքերի՛դ գուցե գթա այս կարոտը իրիկնային...

Հսկումների պահը սուրբ է.ժպտա՜, ժպտ՜ա, մահացող քույր,
Որ չհանի՛ քեզ Գողգոթա այս կարոտը իրիկնային...

18

Թող ապրի հոգինկապույտ վանդակում.
Կան գանձեր անգինկապույտ վանդակում:

Դուծարավ աղջիկ, կապույտըգինի.
Դուարբած մի կինկապույտ վանդակում:

Ի՞նչ պիտի անես, ի՞նչ պիտի անես,
Երբ թափվի գինին կապույտ վանդակում...

19

Մարում է հոգիս, քո՜ւյր, քո աչքերում ու մեռնում է նա:
Մթնում է ահա քո կապույտ հեռունու մեռնում է նա:

Մեռա՜ծ, մարած աստղ՝ նա ինչո՞ւ ընկավ երկինքները քո.
Նա ինչո՞ւ վառվեց երկրի խավարումու մեռնում է նա:

Շողի պես վերջին, աստղոտ երկնքից ընկած շողի պես`
Աչքերիդ վճիտ ցո՜ղն է համբուրումու մեռնում է նա...

20

Իրիկնային քո՜ւյր իմ հեզ, մեռելի՛ պես դու անցի՜ր,
Թող զանգերը օրհներգեն ու օրհնե՜ն քեզ, — դու անցի՜ր:

Վարդե՛ր թափեմ արծաթե, արծաթե աստղեր`
Դիակառքիդ, հոգո՛ւդ մեջ, դագաղիդ մեջ, — դու անցիր...

Մահատեսիլ ու անդարձ, օրերիս պես մի՛ֆ դարձած,
Անվերադա՛րձ, համրընթա՛ց, սգահանդե՛ս դու անցիր...

21

Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ.
Աղոթք անեմ, խունկեր բուրեմու լռեմ:

Այն կարոտը, որ աչքերդ տվեցին,
Քո՜ւյր, հոգուս մեջ ողջագուրեմու լռեմ:

Այն կարոտով իրիկնային ու անուշ
Բոբիկ ոտքերդ համբուրեմ ու լռեմ...

22

Շրթունքներիդ հոգեվարքն է, քույր իմ, հեզ
Աղո՜թք արա, որ աստղերի մեջ թաղեմ:

Քույր, շրթունքներդ արևին չերկարե՛ս.
Շունչդ սուրա, որ աստղերի մեջ թաղեմ...

Շրթունքներիդ դիակառքով, քույր իմ, ես
Հոգի՛ս, տարա, որ աստղերի մեջ թաղեմ...

23

Սիրո երգի կորած տողն ես հոգուս համար,
Սո՛ւրբ է կարոտդ` մոխրագես հոգուս համար:

Դու մի՛ֆ դարձած ու սրբացած մեռելների
Սուգը տոնող տրտում քո՜ղն ես հոգուս համար:

Իրիկնային մեռելոցի այս սուրբ պահուն
Հի՛ն Կարոտի վերջին դողն ես հոգուս համար...

24

Քեզ կհասնեմ, քո՜ւյր իմ, եսԱմենտի Երկրում:
Երբ հուշ դարձած կքնեսԱմենտի Երկրում...

Կհամբուրեմ, ջի՛նջ այնպես, շրթունքներդ ես,—
Կհամբուրեմ, քո՜ւյր իմ քեզԱմենտի Երկրում...

Մեռած աստղի լույսի պես, որ ժպտում է մեզ
Դու իմ հարսը կլինես-Ամենտի Երկրում...

25

Կմոտենանք մի իրիկուն Հավերժական Կապույտին
Կմոտենա երկրի հեռուն Հավերժական Կապույտին...

Վերջի՜ն սիրով կհամբուրեմ քո ոտները հոգնաբեկ.
Դու կմեռնես`նայվածքդ հեռուն`Հավերժական Կապույտին...

Եվ մարմինը քո խնկաբույրհնամենի խունկեղեգ
Կայրեմ որպես զոհաբերումՀավերժական Կապույտին...
Կարս 1916

Մոսկվա 1917

ՈՂՋԱԿԻԶՎՈՂ ԿՐԱԿ

1919-1920

ԻՐԻԿՈւՆԸ

1

Նո՜ւյնն է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ.
Նո՜ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:

Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ
Եվ չի՜ փոխվել իմ սրտում, իմ հոգումոչինչ:

Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա՝
Նո՜ւյն կարոտը անսփոփ ու անունըՄահ:

2

Հուրը լափում է հիմա սուրբ մարմինը քո:
Շուրջդ մութ է, շուրջդմահ, — երեկո:

Կոպերի տակ քո փակված, կրակուն,
Այրվում է քո հոգին կրակում:

Հուրը լիզում է տարփոտ շրթերով դեղին
Քո երկնագույն աչքերի, քո սրտի ուղին:

Հուրը լափում է հիմա սիրտդ աղջկա
Շուրջդ մութ է, շուրջդմահ, — ու փրկում չկա...

3

Դեպի երկինք է տանում ճանապարհը հին:
Քո հմայքն եմ ես երգում այս երգում կրկին:

Քո հմայքը հեռավոր, քո հմայքը կույս, —
Նորի՜ց ժպտում ես ահա կարոտած հոգուս:

Քո ժպիտն եմ ես տեսնում արևի հոգում,
Քո ժպիտը վարդագույնիրիկվա միգում:

Հու՜ր է դարձել ու կրակ քո ժպիտը հեզ
Քե՜զ եմ նետում ես նորից սիրտս ողջակեզ:

Թող բորբոքվի՜, թող վառվի՜ կրակուն
Քո արնաշաղ, քո կարմիր կրակում: —

4

Հրափթիթ վարդերի ոսկեշաղ, մաքուր,
Գարնանային երեկո է քո մարմինը, քո՜ւյր:

Գարնանային երեկո է, ուր արևը հիր
Մայր է մտնում` արնաշաղախ ու կարմի՛ր, կարմի՛ր:
Ու սուրում է, կարծես հեռու աշխարհից ուրիշ
Քո մարմինի բույրը, որպես այրված հաշիշ:

Հովը սուրաց, գիշերն ընկավ... Ու դառնում է, ախ, —
Քո մարմինըհրափթիթ վարդերի դագաղ...

5

Օրերը, որ գնացին, չե՜ն դառնա հիմա:
Օրերը մեզ բերեցին մենություն ու մահ:

Տխրություններ, որ կյանքում այս` անուն չունին.
Մո՛ւթ էր տագնապը հոգուս, ու կարոտը՝ հին:

Դաշտերի մեջ երկրային, հեռավոր ու մոտ,
Մեզ չէր ժպտում ո՜չ մի լույս ու կրակ աղոտ:

Չգիտեիր, սի՜րտ իմ, որ` խավարում հեռվի
Պետք է երկրի՜ կրակով քո հեռուն վառվի:

Բռնկվել է, սի՜րտ իմ, տե՜ս, քո հեռուն հիմա
Շուրջդ խավար է սակայն, ու մշուշ, ու մահ...

6

Կապույտ աչքերդ ահաաներազ ու պաղ,
Երկինքնե՛ր ենանարև, անուրախ:

Երկինքներ են, ուր արև ու կրակ չկա
Կապույտ աչքեր մի մեռած, մարած աղջկա:

Ու խաչել են քո կրծքին ճերմակ ձեռքերդ շուշան.
Ծաղիկներ ենարևին չհասան...

Էլ աչքերդ երկնագույն չե՜ն ժպտում հիմա.
Դու պառկել ես դագաղումքո՜ւյր իմ, Մահ...

7

Կապույտ կարոտը մեռավ: Խառնվեց հրին:
Արևի շողքը ահա զարկել է սարին:

Որպես հսկա ադամանդ, տե՜ս, գագաթը ձյուն
Բռնկվել է իրիկվա կապույտի միջում:

Բո՜ց է դարձել ոսկեգույնչի՜ հալչում սակայն.
Գագաթներում հուշ դարձող երազներ չկան:

Հուշ չի՜ դառնա ձյունը` ջինջ գագաթի վրա՝
Սիրտսսառույց, սիրտսձյուն, — կրակի քուրա...

8

Այս աշխարհում իրիկնային, ուր ապրեցիր միայն մի ժամ,
Հրա՜շք էր, սիրտ, հրափթիթ ծաղկումը քո հրաշուշան:

Բայց որբ հոգիս, կարոտիս պես աստեղահև ու խելագար՝
Մի՜ այլ կյանքի փայլ էր կարծես, փա՜յլ էր կարծես, կարծես չկար:

Փայլ էր հոգիս` շառագունված իրիկնային քո երազում
Ու կարոտով անմխիթար լույսի մասին երգ էր ասում:

Ու որբ հոգիս քո կարոտում հավերժորեն մխա՛ց, մխա՛ց,
Որպես կարմիր մի ողջակեզ` արյունոտված, հրե մի խաչ:

Դու ծաղկեցիր, սի՜րտ իմ, որպես հրափթիթ, կարմիր գարուն
Նա հո՛ւշ դարձած ցնդե՛ց, կորավ իրիկնային այս աշխարհում...

9

Կապույտ կարոտը ոչինչ, մեզ ոչինչ չտվեց:
Մութ է խորհուրդը կյանքի, ու անհուն, ու մեծ:

Մութ է խորհուրդը կյանքի, բայց կյանքի մթում
Հազա՛ր հրդեհ կա հոգու ու հազար խնդում:

Ես հասկացա ու գիտեմ, որ աշխարհը մի
Ե՜րգ է հնչեղ, հրաշունչհրաշունչ, քամի:

Ջե՛րմ քսվում է մեր հոգու շրթերին պապակ.
Որքա՛ն դռներ կան հոգում` հեռավոր ու փակ...

Երկինքնե՛ր կան մեր հոգում` անապակ ու ջինջ
Կապույտ կարոտը սակայն չտվե՛ց ոչինչ...

10

Կապույտ լճի վրա, բացերի մեջ պարապ,
Օրորվում է ահա մի սպիտակ կարապ:

Վարը, որպես երկինք, լիճն է ծփում օրոր, —
Վերը, որպես մի լիճ, կապույտ երկինքն է խոր:

Ծի՛ր ու սահման չկա, չկա երկինք, երկիր, —
Հոգիդ փռի՛ր արձակ, ո՜ղջ աշխարհը գրկիր...

Անրջորեն ապրի՜ր տիեզերքում հրափ
Որպես անդարձ մի երգ, որպես ճերմակ կարապ...

11

Խինդ կա հիմա իմ հոգնած սրտում.
Խինդ կա հիմաայս վառվող արտում:

Հեռու հրով կրակված, երազուն՝
Օրորվում է` հոգնաբեկ ու հասուն...

Քո՜ւյր է հովը` անմարմին ու անշուք,
Երգը նրակարոտի մի շշուկ...

Երգ է ասում հասկերին միգամած,
Երգ է ասում` քաղցրաձայն ու կամաց: —

Արտը հրա՛շք է կարծես երազում
Ու ծփում է` հոգնաբեկ ու հասուն...

12

Իմ հեռավոր, իմ հեռու եզերքում
Կարծես գնում եմ հիմա ու երգում:

Հովը շոյում է թեթև իմ աչքերը թաց
Ու թռչում է` սրաթև, սրընթաց:

Սիրո խոսք է իմ սրտին փսփսում,
Ժամանակն է` երազուն ու հոսուն...

Ժամանակն է, որ անցավու չկա.
Տրոփում է, որպես սիրտ աղջկա:

Քա՛ղցր կանչում է դեպի օրերի հեռուն. —
Որքան խի՛նդ կա այս հեռու դաշտերում...

13

Ցորենների արտի վրա հրաբորբոք,
Անցնում է մի իրիկնային կարմիր մորմոք:

Հով է կարծես, կարմիր մի հով, հրե մի սյուք,
Որ անցնում է, հրաբորբոք, հրաշշուկ:

Վերը, հեռուն, արյունամած հորիզոնում,
Մեկը կարծեսհրե մի մարդզո՜հ է անում:

Երկնից իջած հորիզոնի գծի վրա
Վառել է մի ոսկեբոսոր, կարմիր քուրա:

Ու քուրայից կարմի՛ր, կարմի՛ր հոսում է վար`
Արտի վրա` մի խնդություն արևավառ:

Ջերմ ծփում է արտի վրա հրաբորբոք,
Որպես հեռո՛ւ մի խնդության կարմիր մորմոք...

14

Տունս դաշտում հեռու սպասում է հիմա:
Շուրջը մութ է ու մուժկարմիր մշուշ ու մահ:

Տունս թողած հեռուն, թողած խոնջենք ու սեր
Ես գնում եմ դեպի մահացում ու գիշեր:

Բայց կարոտս հիմահրափթիթ մի վարդ
Բռնկվել է միգում ու վառվում է զվարթ:

Ու վառվում է հոգիս տառապանքով անուշ,
Տունս թողած հեռուն, որպես ցնդած մի հուշ:

15

Դեռ մայր չի մտել երկնքում
Արևը` արյունոտ ու կարմիր.
Դեռ չի՜ մոխրացել իմ հոգում
Քո վերջալույսը կարմիր:

Վառվում է՝ արյուն ու կրակ,
Փռել է արնահոտ մի փոշի.
Վառվում է ու իջնում արագ
Աշխարհը թողնելով ուրիշի:

Գնում է, բայց կրկին պիտի գա՝
Ա՛յլ կյանքի ժպիտով ու երգով,
Գնում էու կրկին պիտի գա
Բայց մի այլմի ուրիշ կրակով:

16

Ես լռել եմ հիմա, խոնարհվել եմ հլու
Սի՜րտս գիտե միայն` արշալույս է գալու:

Սիրտս գիտե հիմա` պիտի իջնի գիշեր,
Պիտի մեռնի, մարի ամեն կարոտ ու սեր:

Մութը պիտի իջնի ու աշխարհը այս հին
Պիտի ցնո՜րք դառնա, պիտի գգվի մահին:

Պիտի ցնդի, մարի, որպես հեռու մի հուշ
Մինչև կարմիր վառվի արշալույսը անուշ:

Մինչև վառվի մուժում արևը հուր, հզոր
Ու նո՛ր փայլով խնդա հորիզոնը բոսոր:

Սիրտս գիտե հիմա, որ արևը մեր այս
Փայլ է ուրի՛շ կյանքի, ուրիշ կյանքի երազ:

Պիտի իջնի, մարի երկինքներում բոսոր
Որ արթնանա նորից` հեռավոր ու հզոր:

17

...Մայրամուտի այս սուրբ, հրակարմիր միգում,
Բորբ արևի վառվող, ողջակիզվող հոգում,
Որպես անդարձ երազ, որպես անցած մի հուշ
Մոխրանում է ահա քո մարմինը անուշ:
Որպես կարմիր մի վերք, մի արնագույն քուրա,
Բռնկվել է ահա հորիզոնի վրա,
Այրվում է, որպես իրիկնային մի սեր,
Ու գնում է դեպի մայրամուտ ու գիշեր...

Սի՜րտս է կարծես մխում,
Սիրտսմաքուր, զվարթ,
Սիրտսերկնի մովում
Կարմիր բացված մի վարդ:
Այրվում է, բոսոր,
Վա՜ր է իջնում արագ
Հրաբորբոք, հզոր
Սիրտս` կարմիր կրակ...

Սի՜րտսարև, սիրտսգարուն,
Հրի՛ բաժակ ու սիրո, —
Իրիկնային այս աշխարհում
Քա՛ղցր զոհ...

* * * * * * * * * *

Ցերեկների թույնը բոսոր
Սի՜րտ իմ, տա՛ր, սի՜րտ իմ, տար, —
Թող տարածվի գիշերը խոր
Ու արդա՛ր:

Մա՜յր մտի՜ր, սի՜րտ, ու ծածկվիր
Խավարո՛ւմ, խավարո՛ւմ.
Հո՜ւշ է կյանքը, ոսկի՛ մոխիր
Ու մարում:

Մա՜յր մտի՜ր, սի՜րտ, կարմի՜ր երազ,
Երկինքներում ցուրտ ու սին, —
Որ վաղը, սեգ, դու բարձրանաս
Արևի՛ հետ միասին...

* * * * * * * * * * *

18

Արևն իջավ: — Մոտ է ծիրին: —
Փա՛ռք հրաշեկ երկնավորին:

Նա չի՜ տանի դեպի կորուստ
Զո՜հ է նա մեզ` վառված վերուստ:

Արևըմի ոսկի հրաշք,
Հրե մի սիրտ, հրե մի աչք:
Արևը, որ խե՛նթ է հիմա,
Արևըկյանք, արևըմահ:

Նա է տալիս թախիծ ու թույն,
Կարմիր ժանտախտ, հիվանդություն: —
Բայց զո՜հ է նա` վառված վերուստ
Ու չի տանի դեպի կորուստ...

1918, IIIII

ՎԵՐԱԴԱՐՁ

1

Երբ երկնքի մովում վերջին աստղը հանգավ՝
Նա իր տունը թողեց ու ճանապարհ ընկավ:
Դեմը` դաշտն էր հերկած` արգավանդ ու խոնավ,
Վերը, հեռո՛ւ-հեռուն, որպես հրե մի նավ,
Առագաստը փռած, հրամանված ու հիր
Բարձրանում էր հեռու արեգակը կարմիր:
Զով էր դաշտում, չկար դեռ տագնապ ու կրակ,
Ու քայլերով թեթև նա գնում էր արագ,
Հեռանում էր անդարձ, անսփոփ ու լռին
Ու նայում էր հեռու հորիզոնի ծիրին:
Տարօրինակ, մենակ, սրտում կարոտ ու հուր`
Նա գնում էր արագ ու երգում էր տխուր,
Ու նայում էր հեռու հորիզոնի ծիրին
Եվ լսում էր մի ձայն, որ կանչում էր լռին:
Հեռուներից կապույտ մեղմ կանչում էր նրան
Մի հեռավոր ընկեր, կարոտակեզ մի ձայն, —
Մեղմ կանչում էր նրան դեպի երկնի հեռուն
Ու սուլում էր նրան մոռացում ու գարուն:

2

Ու քսվում էր անուշ հովը նրա դեմքին,
Համբուրում էր նրան, որպես սիրող մի կին
Գուրգուրում էր նրան, աներևույթ ու մութ,
Ու կանչում էր դեպի հեռուները կապույտ:
Նա գնում էր թեթև, որպես անփույթուրու
Ու ձգվում էր ուղին դաշտումհեռո՛ւ, հեռո՛ւ,
Ոլորվում էր անվերջ, որպես անդարձ մի երգ,
Որ դաշտերը թողած, թողած հովիտ ու հերկ,
Սեգ լեռների միջով, ոլորտներով վերին
Խառնվում է հեռու հորիզոնի ծիրին: —
Ու կանչում էր նրան կարոտակեզ մի ձայն,
Շշուկներով անուշ նա ասում էր նրան.
«...Ամեն տագնապ ու հոգս թողած երկրի հողին՝
Քայլի՛ր, քայլի՛ր անվերջ, կարոտներիդ ուղին.
Մի կարոտ է հոգիդ, հեռու աստղի մի փայլ
Քայլի՛ր, քայլի՛ր անվերջ, հավերժասե՛ր եղբայր...
Արեգակը, կարմիր, կբարձրանա հիմա
Ու կփռե հովտում կարմիր տագնապ ու մահ,
Խե՛նթ կխնդա վերից` տռփասեր ու զազիր
Քայլի՛ր, քայլի՛ր անվերջ ու լեռները հասիր:
Հովիտներին թողած ամեն տագնապ m հուշ
Տա՛ր լեռների հովին կարոտներդ անուշ,
Որ դաշտերի կարմիր, աղետաբեր մուժում
Չխառնվի հոգիդ ուղիների փոշուն»...
Ու քայլում էր շտապ, սրտում ուրի՛շ մի հուր,
Հեռանում էր անդարձ ու երգում էր տխուր,
Ու քսվում էր քամին նրա տխուր դեմքին,
Համբուրում էր նրան, որպես սիրող մի կին...

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last