Չարենց Եղիշե՝   Տեսիլաժամեր, Ծիածան, Ողջակիզվող կրակ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last

Բարձրանում էի: Վայրենի քամին
Ծեծում էր կուրծքս ահռելի ուժով
Եվ մթնում էին հայացքները իմ,
Լցվում էր հոգիս թանձր մշուշով:
Բայց ճիգ թափելով մի գերմարդկային՝
Ես քայլում էի լուռ, ուշի-ուշով:

Մենակ, անընկեր: Հսկա բուի պես
Ավազե մատներն աչքերիս հառած՝
Ոռնում էր քամին: Ընկնում էի ես,
Նորից բարձրանում ու անցնում առաջ:
Երբեք չէր եղել մարմինսայնքան հեզ,
Եվ ոգիսայնքան կամքի ուժ առած:

Ու վատնում էի ճիգերս հետին:
Գագաթը մոտ էկհասնեմ հիմա:
Բայց հանկարծ քամին շպրտեց գետին,
Դեպի անդունդը՝ ուղի՜ղ դեպի մահ:
Բայց ո՜չ... Մեռնողի տագնապով մթին
Գրկեցի քարերն ու ոտքի ելա:

Քայլեցի նորից: Եվ հանկարծ իմ դեմ
Փռվեց լույսերի մի ոսկի մշուշ:
Ա՛, հասել էի ես գյուղը արդեն:
Հասել էի ես: Կես-գիշեր էր ուշ: —
Եվ ցուրտ խրճիթի խոտերի մեջ թեն
Քնեցի անո՛ւշ, քնեցի անո՛ւշ

VII

...Կռիվն սկսվեցանողոք ու գոռ:
Մենք դաշտում էինք: Ձյունոտ լեռներից
Հարձակվում էին նրանքբյուրավոր,
Մերթ ետ նահանջում մեր գոռ գրոհից,
Մերթ առաջ անցնում ոհմակներով նոր
Ու փախչում էին, ու գալիս նորից:

Եվ ընկնում էին նրանք շարեշար,
Մռնչում էին գազանների պես:
Բայց խիտ, անհատնում շարքերով վարար
Շարժըվում էին նորից դեպի մեզ:
Ամեն ինչ հանկարծ խառնվեց իրար
Եվ սվինամարտն ահա սկսվեց:

Մենք գրկում էինք ու չանկռում իրար,
Սվինի զարկով գլորում գետին:
Վագրերի նման խորամանկ ու չար,
Ապրելու հսկա ծարավով հետին՝
Խոշտանգում էինքապրելո՜ւ համար, —
Եվ կռվում էինք, և կռվում էինք:
Եվ չէինք հիշում այլևս ոչինչ,
Եվ չգիտեինք ի՞նչ էինք անում:
Եվ շատերն էին ընկնում մեզանից
Եվ ոտքերի տակ մեր անշնչանում:
Չէ՜ինք տարբերվում վայրի գազանից
Ահի ու արյան այդ խառնարանում: —

Կոխոտում էինք ընկերների դին,
Ընկերների դին դիրք էինք անում:
Ու վատնում էինք ճիգերս հետին
Անհասկանալի տագնապով անհուն:
Եվ չգիտեինք, և չգիտեինք,
Թե հորձանքը սև մեզ ո՞ւր է տանում:

Իրիկունն իջավ: Անհուն խավարի
Խավար ծալքերում կորավ ամեն բան:
Եվ իջավ մռայլ երազը Չարի
Այն խայտաճամուկ դաշտերում անբան:
Է՛, մնաք բարի, ընկերնե՜ր արի,
Դուք պատվո՛վ անցաք ձեր կյանքի ճամփան:

Իսկ մենքնենգորեն նահանջեցինք ետ՝
Ձյունագիշերի մրրիկների տակ:
Եվ իմաստ չուներ ճամփան անհեթեթ,
Եվ անցնում էինք՝ անկումին գիտակ:
Երբե՛ք չէր եղել հոգիսայնքան խենթ,
Եվ գանգսայնքան զառանցոտ ու տաք:

Հոգուս մեջ կարծես հնոցներ կային,
Եվ աչքերիս մեջխարույկներ լափլեզ:
Բայց մարմինս հավե՛րժ, հավե՛րժ մարդկային՝
Ապրել էր ուզում: Մահապարտի պես
Հայացքներս հառած ահավոր Մահին՝
Մյուսների հետ փախչում էի ես:

Եվ խավարի մեջ կարմիր ու կարմիր
Գնդակներն էին թռչում ու շաչում:
Եվ ընկնում էին ընկերները մեր
Սատանայական խուճապի միջում:
Եվ ընկնում էին անգի՛ն ընկերներ:
Եվ վերջին անգամ մեզ էին կանչում:

Եվ երբ արևը բարձրացավ երկինք,
Եվ մենք լույսի տակ իրարու գտանք
Մեռելների պես սփրթնած էինք,
Չէինք հավատում, որ ապրում ենք, կանք.
Անխոս հայացքով իրար թաղեցինք,
Իրար հոգու մեջ գերեզման մտանք:

* * * * * * * * * * * * * * * *

Նրանք մնացին ձյունոտ դաշտերում՝
Քաղցած գայլերի ոհմակներին կեր,
Այնտեղ, ուր ընդմիշտ տանջանքն է լռում
Եվ հոգին դառնում անհունին ընկեր.
Ուր իբր հիշատակ կյանքերից սիրուն
Մնում են միայն այլանդակ գանգեր:
Ու մութ է հիմա այնտեղ, ամայի,
Քամին է միայն ոռնում ու կոծում,
Տոնելով վայրագ հարսնիքը Մահի՝
Նենգավոր ու խոր ձյուների ծոցում:
Եվ ո՞վ կգնա, և ո՞վ կնայի
Անդրշիրիմյան տոնող Աստծուն...

* * * * * * * * * * * * * * *

Իսկ մենք ապրում ենք ու շնչում ենք դեռ
Այս խայտանկար, ավերակ գյուղում,
Ուր ամեն տան մեջ մա՛ հ է ու ավեր,
Ուր ամեն վայրկյան արյուն է ցողում,
Ուր ամեն վայրկյան լարում է դավեր
Քմահաճ բախտի ժրաջան մեղուն:
Եվ առօրյա է հիմա մեզ համար
Մարդկային անթաղ, այլանդակված դին:
Ահաբեկիչի քրքիջով համառ
Մենք կեր ենք նետում անկուշտ անդունդին:
Եվ իմաստ չունի այլևս հիմար
Ճակատագրի որոշած Անդին:
Եվ գինին այստեղ ծորում է առատ,
Եվ հարբում ենք մենք կարմիր խնջույքում:
Այլևս չկա և ո՜չ մի արատ,
Որ ծաղիկ չտա մեր գինով այգում:
Պատրաստ է ընդմիշտ մեր զոհը պարարտ՝
Մենք՝ զոհ, մենք՝ դահիճ՝ ուրիշի ձեռքում...

VllI

Երեկ առավոտ բարձրացա կանուխ
Եվ լուռ կանգնեցի բլուրի վրա:
Հեռուն՝ զնգալով իջնում էր մի ուղխ,
Լսում էի ես կարկաչը նրա:
Կապույտ երկնքում ո՜չ ամպ կար, ո՜չ ծուխ:
Եվ ես մոռացա՛ տաժանքն առօրյա
Ա՛խ, գյուղակների շուրջպարը կանաչ՝
Դաշտերի ոսկի՛ հեռաստաններում,
Ուր մի անսահման թախիծ կա փռած
Եվ մի հոգեթով տխրության հեռու,
Ուր հավերժության ցնորքը անհաս
Ճախրում է կարծես ոսկի՛ դաշտերում...

Ամեն ինչ այնպես անդորր է ու կույս,
Որ չեմ հավատում կարմիր երազին:
Միրաժի նման փարվում է հոգուս
Անէ աշխարհի քնքշությունը հին:
Բայց չէ՞ որ այստեղ ապրել են անհույս
Եվ չե՜ն էլ լսել քնքշության մասին

Օ՛, խորհուրդների հավերժական մա՜յր,
Որ տառապանքի ու տարփանքի մեջ
Հղանում ես միշտ կյանքեր անհամար
Հազար գույներով՝ հազա՜ր ելևէջ, —
Որ հղանում ես աշխարհի համար
Հավիտենական կշռույթների վեճ...

О՛, դո՜ւ, բարբարո՛ս, խելագա՛ր, ցավո՛տ,
Երբեմն իմաստուն, երբեմնգազան,
Աշխարհներ այրող կախարդական խո՛տ,
Աշխարհներ շինող բախտի գավազա՛ն, —
Դիվային ոգի՝ ճահիճների մոտ,
Ոչնչի՛ մասինաղո՛թք սրբազան...

...Ու պե՛տք է քայլե՛լ ու քայլե՛լ համառ՝
Ապրելու հսկա տենչը բեռ արած
Քայլել անիմաստ մի կյանքի համար,
Մարելու վառել աստղերը մարած,
Որտիեզերքի զառանցանքը մառ
Չցնդի՛ երբեք ու մնաերազ...

19151916

ՏաճկաստանՊարսկաստան
Հայկական VII Կամավորական բանակ

ՎԱՀԱԳՆ

Փրկությանդ արև՝ Վահագնին տեսար...
Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ,Վահագն արի: — Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու...Եկան, երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՛ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՛ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ո՜ւժի
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի...
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր
Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ

1916

ԱԹԻԼԼԱ

Топчи их рай, Атилла!
Вяч. Иванов

I

Դարերի խորքից արթնացած նորից՝
Անցնո՛ւմ եմ ահա երկրի դաշտերում.
Նայում եմ դեպի հրդեհվող հեռուն՝
Դարերի խորքից բարձրացած նորից:

Ինձ թաղել էին ոսկի դագաղում
Իմ հոները մի հեռավոր գիշեր:
Եվ ո՜չ մի արքա տեղըս չգիտեր
Եվ աճյունիս հետ ոչ-ոք չէ՜ր խաղում:

Մոռացե՛լ էին արքա Աթիլլին:
Եվ հեգնում էին երազը նրա...
Եվ կարծում էին, որ մեռել է նա...
Իսկ եսբարձրացել, անցնում եմ կրկին:

Եվ հրդեհների բոցերը դեղին
Խանձում են ահա աստղերը նորից.
Էլ չե՜ք մոռանա, չե՜ք հեգնի էլ ինձ՝
Հոների արքա հզո՛ր Աթիլլին:
Ես կրկին ահա քանդում եմ, վառում.
Քաղաքներ, գյուղեր փլչում են իմ դեմ.
Եվ այս անգամ ես՝ գո՛ռ, անհա՜ղթ արդեն՝
Մի կարմիր գիշեր կմտնեմ Հռոմ

Եվ իմ երկաթե բռունցքովը ես
Ձեր տաճարները անդարձ կքանդեմ.
Նորի՛ց կսողան արքաներն իմ դեմ՝
Մանր, ճահճային ճիճուների պես...

Նրանքխեղկատակ ու ողորմելի,
Որ, կույր, խնդացին նստած կրկեսում
Երբ Թեոդոսը տեսավ երազում,
Որ կոտըրվե՛լ է նետը Աթիլլի:

Նրանք, որ մի օր իմ անակընկալ
Մահով կուրացած, որպես երազում,
Մի ինչ-որ հանգի՛ստ էին երազում
Հոգնած մարդկության ու իրենց համար:

Եվ չըգիտեին, որ ես չե՜մ մեռել,
Որ ես չե՜մ մեռնի, որ եղել եմ, կամ՝
Նորի՜ց կքնեմ, նորի՛ց կարթնանամ. —
Եսհազարանուն՝ Մահ, Ավերք ու Նեռ...

II

Տեսնում են նորից իմ աչքերը նեղ,
Որ սեգ նժույգիս սմբակների տակ
Ցնդում են, որպես տարտամ հիշատակ,
Ձեր երազային շենքերը բյուրեղ...

Հե՛յ, արևմուտքից մինչև արևելք
Պիտի հրդեհեմ ու քանդե՛մ հիմա՝
Եսարքա՛, աստվա՛ծ, ավերմո՜ւնք ու մա՛հ,
Եսճշմարտության խարազանը մերկ:
Եվ թո՜ղ աշխարհի տերերն իմանան,
Եվ խոր ըմբռնեն մի վերջին անգամ,
Որ եղե՜լ եմ ես, կլինե՛մ ու կա՜մ,
Ե՜սանհերքելի ու հավերժական

Եվ թո՜ղ մարդկային ցեղերն առանձին
Հավիտյան հիշեն աղոթքում, երգում,
Որ խոտ չի՛ բուսնի այլևս այն երկրում,
Որով անցել է Աթիլլի հին ձին...

Թող հիշեն նոքա, որ կամքս բռնի,
Քանդումի, հրի իմ ցնորքը հին, —
Երբեք չի՛ ցնդի, երբեք չի՜ մեռնի,
Ոչ-ոք չի՜ հաղթի արքա Աթիլլին...

III

Իսկ երբ մի գիշեր կրկին հագենամ,
Երբ հոգնի խաղից մարմինս արի
Նորի՛ց կքնեմ մի քանի տարի,
Ոսկի դագաղիս գիրկը կգնամ:

Եվ ինձ իմ մռայլ հսկաները խենթ,
Առանց աղոթքի և առանց խոսքի, —
Նորի՜ց կթաղեն դագաղում ոսկի
Եվ թաղողները կթաղվեն ինձ հետ

Որ իմ մարմինը ո՛չ-ոք չգտնի,
Որպեսզի ո՜չ-ոք երբեք չիմանա,
Թե ո՜ւր է թաղված հոն Աթիլլընա,
Որ հավասարեց ձեր փառքը գետնի...

Որպեսզի կրկին, երբ երկրի հրից
Երկնի աստղերը գանգատվեն քարին՝
Իր հին երազին մի՜շտ հավատարիմ
Արքա Աթի՛լլը բարձրանա նորից...

1916, Մոսկվա

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԶ

(Պոեմ երգիծական և ողբերգական)
Բուրդը դրին ու գզեցին...
ԱԹ. ԽՆԿՈՅԱՆ

1

Ցերեկի վազքից, հոգսերից հոգնած՝
Տուն վերադարձա գիշերի կիսին:
Իսկույն քնեցի: Եվ մեկ էլ, հանկարծ,
Մի երազ տեսա հայ ազգի՜ մասին:
Ես չեմ հավատում ո՜չ մի երազի:
Բայց արթնանալիս վախեցա, ասի.
Վատ բան է ասում իմ երազը այս՝
Ինչ էլ որ լինիտեսիլ թե երազ
Ինչ էլ որ լինիպատմեմ աշխարհին,
Թող օրը անցնիու հետը բարին:

2

Գիշերը գնաց, բայց երկա՛ր, երկա՛ր
Իմ սրտի վրա ծանր, որպես քար,
Մի թախիծ մնաց երազից էն մութ
Մի ճնշող թախիծ, ծանր մի խորհուրդ:
Ու մաշում է ինձ թախիծը հիմա.
Մութ, խորհրդավոր, սառը, որպես մահ
Գիշեր ու ցերեկ նվում է կարծես
Եվ խելքս արդեն կորցրել եմ ես:
Շրջում եմ մենակ օրերիս միգում,
Մխում է ցավը իմ հոգնած հոգում
Եվ չեն ամոքում էլ հույսերը սին...
Բայց ես մոռացա երազիս մասին:

3

Քնել էի խոր: Աչքերիս առաջ
Փռվել էր մի մութ, անթափանց մշուշ:
Կուրծքս բարձրանում ու իջնում էր ցած՝
Զգում էի, որ քնել եմ անուշ:
Քնել էի խոր: Եվ ահա հանկարծ
Թվաց ինձ, որ ես բարձրանում եմ վեր:
Սիրտս մի մթին տագնապով զնգաց
Ու սուր կարոտով սկսեց ցավել:
Նախ թվում էր ինձ, որ թռչում եմ ես,
Բայց տեսա հետո, որ վերը, օդում,
Կախվել է հոգիս, որպես աչք հրկեզ
Ու վարը իշխող խավարն է դիտում:
Ու սո՛ւր հաճույքից ճչում էի ես,
Բայց խորթ էր ձայնս՝ մի կարկառ հնչյուն: —
Զգում էի լոկ, որ երկնի միջում
Կախված է հոգիս, որպես աչք հրկեզ: —

4

Ու մութ էր շուրջս, մի մթին գիշեր:
Աշխարհը հեռուն քնել է լռին:
Երկնքից կախված նայում էի ես
Վարը տարածված երկրի խավարին:
Սկզբում ոչինչ դեռ չէր երևում.
Խավար էր միայն, մառախուղ ու մութ:
Բայց հետո հանկարծ հեռու-հեռևում
Կարմիր բռընկեց մի կրակ աղոտ:
«Հիվանդ կա» ասի մտքիս մեջ ինձ ես.
«Հիվանդի համար կրակ վառեցին»:
Ու միտք անելով ինքս ինձ էսպես
Նայում էի ես այդ կարմիր կայծին,
Երբ նրա կողքին, հապշտապ, արագ,
Տագնապով վառվեց մի ուրիշ կրակ:
Հետո մոտեմոտ, իրար հետևի՜g
Ուրիշ կրակներ վառվեցին նորից
Ու ծուխ բարձրացավ, ու հրդեհ, ու բոց.
Հսկա լեզուներ վառվեցին միգում
Եվ մեկը ասաց իմ քնած հոգուն,
Որ վառվում է ողջ երկիրը Հայոց...

5

Ու, ծուխ շնչելով արնագույն մուժում,
Նայում էի ես վառվող հրդեհին
Եվ տեսնում էի՝ վարը, մշուշում
Վառվում է ահա մեր երկիրը հին:
Եզերքից-եզերք հրդեհը դեղին
Գրկել էր Հայոց աշխարհը, ու նա
Անկամ հանձնված կարմիր հրդեհին
Վառվում էր հսկա քուրայի վրա:
Արևի հսկա մի շողքի նման
Զարկել էր բոցը Արարատ սարին,
Որ վառվում էր տոթ, պարում ալվլան,
Ողջակեզ դարձած խավար աշխարհին:
Ու լուռ էր այնպես. ձայն, շշուկ չկար.
Կանգնել էր կարծես ժամանակը քար,
Որ հրդեհը այդ հավիտյան տևի...
Կրակահանդես, տոն էր երևի
Տոթ, արնակրակ հրդեհը այդ վառ
Աշխարհի համարմարդկության համար...

6

Նայում էի ես սրտով հրատապ
Ու թարթում էին աչքերս մխից
Երբ տեսա հանկարծ, որ մեկը, շտապ,
Փախչում է ահա հրդեհի տեղից:
Հրդեհի կարմիր լույսով ողողված՝
Կարմիր էր թվում թուխ դեմքը նրա:
Վազում էր, գլուխն ու ճակատը բաց,
Ե՜վ աչքերը իրկրակի քուրա
Բոցկլտում էին քինոտ ու դաժան.
Եվ շրթունքներով թուխ ու ալևոր
Մռմռում էր նա, երդվում էր նա, որ
Չի՜ դրժի երբեք ուխտը սրբազան:
Ո՞ւր էր նա փախչում և ինչո՞ւ համար,
Ինչո՞ւ էր վազում ու երդում անում: —
Քարոտ էր ուղին, հրդեհ ու խավար,
Բայց վազում էր նա, չէր հանգստանում:
Երբեմն միայն թաշկինակը իր
Մոտեցնում էր շրթերին կարմիր
Ու շրթին սեղմած ձյուն-թաշկինակում
Խեղճը հազալով արյուն էր թքում:
Եվ նորից, պարզած զույգ ձեռքերը վեր,
Հերոսի նման անփույթ, անձնըվեր
Վազում էր առաջ ու երգ էր երգում
Վրեժաժպիտ ու մահագուշակ
Ու ծածանվում էր նրա աջ ձեռքում
Թաշկինակը իր, որպես դրոշակ...

7

Երբ հուրը մնաց սարի ետևում
Կանգ առավ մի պահ այդ մարդը հանկարծ,
Երկչոտ աչքերով նա զննեց հեռուն
Բայց չէր երևում կրակի մի կայծ:
Խորունկ շունչ քաշեց ու նստեց քարին:
Մի-երկու վայրկյան սպասեց լռին. —
Գիշեր էր շուրջը, խաղաղ ու հանդարտ:
Եվ ահա, որպես փորձըված մի մարդ,
Մատները դրեց շրթունքների մեջ
Եվ երկու անգամ բարձր, զի՜լ սուլեց:
Եվ ահա մեկ-մեկ, իրար հետևից,
Դուրս եկան նրա ընկերները քաջ,
Մոտեցան նրան, բռնեցին թևի՜ց
Ու հուզված՝ կեցան ընկերոջ առաջ:
Ի՞նչ արիր, Ահո՜, — հարցրին նրան: —
Բայց Ահոն չուներ լեզու ու բերան.
Սրտի տրոփից չէր կարող խոսել:
Խնդրեց մի վայրկյան, մի քիչ սպասել,
Շրթերը ծամեց, բարձրաձայն հազաց
Ու հուզված ձայնով նա այսպես ասաց.
«Հորիզոններում տիեզերական,
Ուր աստղ ու լուսին բոցկլտում են վառ,
Աշխարհում այս մութ, նենգ ու խոլական
Ո՜չ մի ազգ չկա հայի պես թշվառ...»:
Լավ, ճառ մի՜ խոսիր, մենք այդ չենք ուզում,
Գիտենք, որ ճառեր դու լավ ես խոսում.
Դու մեզ այն ասա՝ ի՞նչ արիր, Ահո՜, —
Ճառերը հետո, խոսքերը հետո:
Դու, որ քաջ ես միշտ, շիտակ, անսասան
Կատարի՞ր արդյոք պարտքդ սրբազան:
Իհարկե, տղերք... ի՛նչ խոսք այդ մասին. —
Ձեռքը դնելով ընկերոջ ուսին
Նորից սկսեց Ահոն քաղցրաձայն
(Այդ մարդը ուներ այնպիսի մի ձայն,
Որ եթե խոսեր մի մութ փողոցում
Կասեիր՝ այնտեղ սրինգ են ածում...)
« — Վառվում են այնտեղ երեխա ու կին...»:
Բայց ընկերները խզեցին կրկին
Խոսքերը նրա: — «Ի՞նչ արի՜ր, ասա,
Պատմիր սկզբից եղածը գործի»: —
Ու պատմեց Ահոն. — «Հենց որ տեղ հասա
Առաջին գյուղում հրդեհը գցի:
Խավար էր, տղերք... ի՞նչ իմանայի...
Դուրս եկավ սակայն, որ... գյուղ է հայի...
Բայց էս դեռ ոչինչ, դեռ ոչի՜նչ, տղերք.
Այն էր՝ հավաքվել մարում էինք մենք՝
Ջուր էինք լցնում կրակի վրա
Տեսնենք հարևան տեղերից ահա
Օգնության եկավ գյուղը դրացի.
Լավ է, կմարենք, մտքումս ասացի
Մեկ էլ էն տեսա, որ կրակը թեժ,
Որպես մի վիշապ, ագահ մի հրեշ,
Հնոցի նման բռնկվեց միգում...
Ու գյուղը մնաց կրակի գրկում:
Եվ մենք հասկացանք, որ մեր դրացին
Քարյուղ է լցնում մեր փոքրիկ կայծին...
Ու կայծը ահա մի հրդեհ դառավ
Այսպես մեզ խաբեց դուշմանն անիրավ...
Ու քամի ելավ, մռնչաց ահեղ
Կրակը ցրեց, տարավ ուրիշ տեղ,
Այդտեղից վառվեց գյուղը հարևան
Ու ծուխ բարձրացավ, ու հրդեհ, ու բոց, —
Նայեցի՜ մեկ էլհրդեհի նման
Վառվում է, տեսնեմ, աշխարհը հայոց...
Կրա՛կ է այնտեղ, ու հրդեհ, ու մահ
Հայոց աշխարհում հրդեհ է հիմա»:
Ու լռեց Ահոն: Ու բարձր հազաց:
Զայրույթը մի պահ խեղդեց բոլորին:
Եվ ահա նրանց Վետերանը հին
Վեր թռավ տեղից ու խռպոտ ասաց,
« — Վայրկյանը խփեց... Օ, այո՜, այո՜...
Կռիվ ու վրեժ, — չսպասենք իզուր:
Մենք մնանք այստեղդու գնա, Ահո՜,
Հայոց աշխարհի ահազանգը տուր»:

8

Ու նորից Ահոն ընկավ ճանապարհ:
Գիշեր էր շուրջը, ահռելի խավար,
Բայց վազում էր նա ու չէր սայթաքում.
Այնպես էր գնում խավարի գրկում,
Որ տանն էր ասես, գորգերի վրա
Սովոր էր մթին հայացքը նրա:
Մի անգամ միայն խեղճը սայթաքեց
Բայց խռպոտ հազաց, արնագույն թքեց
Եվ իսկույն նորից նա ոտքի թռավ.
Մի զարմանալի աշխույժ էր, իրավ,
Որ ուներ կյանքում այդ մարդը հիվանդ
Մի զարմանալի, հանճարե՛ղ եռանդ:
Ես մտածեցի՝ «Ազնի՛վ ծերունի,
Խեղճը թոքերի բորբոքում ունի,
Բայց իր աշխույժով պատանի է դեռ
Գիտե սրբազան պարտքը կատարել:
Քո այդ անձնըվեր եռանդի համար
Քեզ փառք ու պատիվ, հիշատակ անմար:
Ով չի օրհնում քեզսրիկա է նա:
Եվ ո՞վ չի ների, եթե իմանա,
Որ դու մի չնչին սխալ ես արել
Նրանց գյուղի տեղմեր գյուղն ես վառել...
Օ, այո, Ահո՜, ազնի՜վ ծերունի՜.
Ով գործ է անումնա սխալ ունի, —
Անսխալ մարդիկ աշխարհում չկան
Աստված է միայն անսխալական...»:

9

Մինչ վազում էր նա դաշտում ամայի,
Ուր մութ էր ու մուժ, մշուշ էր մահի, —
Ճամփին մնացած ընկերները հին
Սարի տակ նստած սպասում էին:
Վառվող սրտերով, աչքերը կրակ,
Խավարի գրկում նստոտածնրանք
Մտորում էին աղետի մասին.
Եվ ահա, քինոտ ժպիտն երեսին,
Վեր թռավ տեղից Վետերանը ծեր
Եվ ազդու ձայնով սկսեց խոսել. —
«Ընկերներ, ասաց, եղբայրներ անգին,
Վառվո՛ւմ է հայոց աշխարհը կրկին...
Հասկանո՞ւմ եք դուք մտքով վերահաս,
Թե ի՞նչ են ասում կարճ խոսքերը այս...
Հայոց աշխարհում հրդեհ է կրկին...
Այսինքն այնտեղ երեխա ու կին
Վառվում են հիմա անխիղճ կրակում
Ու կյանք են հայցում, ու կյանքի փրկում:
Ընկերնե՜ր, սակայն խոսքերը այս խուլ
Որքան էլ հնչեն անհույս ու տխուր, —
Ընկերնե՜ր, այս սև խոսքերում անգամ
Մի բան կա՝ անչա՛փ մխիթարական.
Դուք տեսաք կարծեմ, որ մի քիչ առաջ,
Դեպի հեռավոր ուղիներն հառած
Իր աչքերը սև, կրակոտ ու վառ
Մեր ընկեր Ահոն ընկավ ճանապարհ:
Ես դեռ չեմ ուզում շեշտել, որ նրա
Գոյությունը լոկ մեր երկրի վրա
Կբավե արդեն, որ ցրե իսկույն
Ամեն մի անմիտ հուսահատություն...
Եվ ո՞վ չըգիտե նրա փառքը մեծ.
Նա որ տեղ հասավ ու զանգը տվեց,
Զանգը մարտակոչ, աշխարհասասան
Կհիշեն իսկույն ուխտը սրբազան
Ու եզերքներից, կողմերից հեռվի
Դուրս կգան նորից մի ահեղ կռվի,
Եվ մենք, անվհատ, անվախ, անձնվեր
Կերթա՜նք փրկելու ժողովուրդը մեր...
Ու շունչ կքաշե մեր ցեղն արնաքամ
Օ, ա՜յս է ահա մխիթարական.
Օ, ստրուկ է նա, ով որ սիրտը դող,
Յուր կյանքի համար կռվել չի կարող:
Նա՜ է այս կյանքում ապրելու արժան,
Ով աստվածային ցասումով դաժան
Գիտե թշնամու արյունը քամել.
Ով գիտե նրա արյունը խմել,
Նա չի հալածվի գերության ներքո.
Կռվով կգտնես իրավունքը քո...»:
Շատ ես աղմկում, ընկեր Վետերան, —
Ձայն տվեց հանկարծ ընկերը նրան
Ու թռավ, կանգնեց մի քարի վրա.
Լեգեոն էր հին անունը նրա
(Որ թե թարգմանել դուք կարողանաք՝
Հայերեն լեզվով կլինի «բանակ»):
Դողում էր նրա մարմինը ամբողջ.
Բարձր քրքջալով խոսքին ընկերոջ՝
Խոսել էր ուզում, չէր կարողանում.
Խեղդում էր նրան զայրույթը անհուն:
Բայց զսպեց իրան, զայրացկոտ հազաց
Ու հզոր ձայնով հաղթ, հաստատ ասաց.
— «Ես չեմ հավատում ձեր սին խոսքերին.
Չեմ կարող լինել խոսքերի գերին.
Հայո՛ց աշխարհում արյուն է հոսում
Դուք կանգնել այստեղ ճառեր եք խոսում...
Ո՜չ, ես չեմ կարող: Ես ասում եմ, որ
Ամենից առաջ գործ է հարկավոր:
Դուք կանգնեք այստեղ դաշտում ամայի.
Ես կերթամ ահա երկիրը մահի,
Կզոհեմ ա՜յնտեղ ես իմ կյանքը, ինձ,
Գուցե և մեկին փրկեմ կրակից...»:
Եվ ճիշտ որ, իսկույն, առանց նայելու,
Նա ճամփա ընկավ՝ իր խոսքին հլու:
Վետերանն ուզեց կանչել, համոզել,
Բայց ընկերն արդեն կորել էր, չկար:
Եվ նա վերստին սկսեց խոսել,
«— Ես խենթ չեմ, ասաց, կույր ու խելագար.
Իմ սիրտն էլ, ասաց, այդպես է ուզում
Բայց կա սառը միտք, քարե համոզում,
Որ շտապելով ոչինչ չես անի
Քամու բերածը քամին կտանի...»:
Եվ այդպես, հուզված, զայրույթը հոգում,
Աչքերում կրակ, թույն ու բորբոքում
Նա դեռ շատ կանե՜ր վեճ ու ղալմաղալ,
Բայց երկինքն հանկարծ սկսեց դողալ:
Դողում է՜ր կարծես երկինքը ամբողջ...
Վետերանը ծեր քար կտրեց ասես.
Շշնջաց միայն շրթերով դողդոջ.
Տղերք, Ահոյի ահազանգն է էս...

10

Եվ ճիշտ որ. անհուն գիշերի գրկում
Մռնչում էր խուլ, ողբաձայն երգում,
Ու հոսում էր հորդ ձայնի մի հոսանք.
Ճչում էր կարծես վիթխարի մի զանգ:
Ու ղողանջները գիշերի գրկում
Մագլցում էին հորիզոնն ի վեր:
Ես մտածեցի՝ մինչ հիմա կյանքում
Ով է այսպիսի ահազանգ տվել,
Որ արթնացնի քուն մտած մարդուն...
Բայց հարցս թվաց սրբապղծություն:
Օ, ո՜չ մի ժամկոչ չի զանգել այդպես,
Թեկուզ հրդեհներ շատ է պատահել:
Չէ՞ որ ազգը մեր քնած է ասես
Մեր քնած ազգին այդպես է վայել...
Այս զանգը ազգիս թող խրատ լինի,
Որ արթուն մնա, որ էլ չքնի...
Մինչ ես, դողալով տերևի մի պես,
Միտք էի անում ինքս ինձ այսպես
Ու նայում էի իմ մութ անկյունից
Ժողովուրդն ահա արթնացավ քնից:
Ամենից առաջ մեծերն արթնացան:
Եվ ահա շտապ, խմբերով ցիր-ցան,
Բոլոր կողմերից եկան կրակուն
Ու հավաքվեցին զանգատան բակում:
Ամենից առաջ մի խենթ էր հասել
(Անունը նրա չեմ ուզում ասել) —
Զարթնել էր թե չէ՝ գիշերի մթում
Վազել էր իսկույն դեպի զանգատուն:
Եվ ահա, անմահ հերոսին վայել
Անմար եռանդով զանգում էր նա էլ:
Եվ ժողովրդի զարթնելու հուսով
Զիլ զանգում էին նրանք երկուսով:
Ու նրանց հուժկու ձեռքերի տակին
Դղրդում էին զանգերն ահագին,
Դողում էր նաև զանգատունն ամբողջ
Ու ձայն էր կտրել հորիզոնը ողջ:

11

Վերջապես նրանք, երբ քիչ հոգնեցին,
Ժպտացին իրարու վար նայեցին: —
Ու սիրտը նրանց խնդաց զնգոցով,
Երբ տեսան նրանք բազմությունը ծով,
Որ վարն հավաքված իրենց էր նայում
Հերոսնե՛ր էին նրանք այդ պահուն...
Ծփում էր այնտեղ բազմությունը հոծ.
Հավաքվել էին մեծերը հայոց,
Ու աչքերն հառած դեպի զանգատուն
Աղմկում էին գիշերի մթում:
Աղմուկը սակայն երկար չտևեց.
Բարբառեց հանկարծ խենթը վերևից
Ու տիրեց իսկույն լռությունը քար,
Կարծես ներքևում ոչ մի մարդ չկար:
Աղբյուրի նման կարկաչուն ու հորդ,
Մերթ մեղմ ու անուշ, մերթ անչափ խրոխտ,
Մերթ ինչպես վերից փոթորիկ սուրա
Հոսում էին վար խոսքերը նրա...
Ու այս էր ասում այդ մարդը վերից.
« — Ընկերներ, հայոց աշխարհում նորից
Կրակ է ընկել, ու մրրիկ, ու մահ.
Ընկե՜րներ, համառ խմբերով հիմա
Մենք պետք է իսկույն, անվախ, անվեհեր,
Երթա՜նք փրկելու ժողովուրդը մեր:
Գիտեմ, ձեր սրտում տիրում է հուզում.
Դուք անշուշտ հիմա գտնել եք ուզում:
Թե ո՞վ է նորից աշխարհը վառել, —
Կամ մինչև հիմա մենք ի՞նչ ենք արել
Մեր ժողովուրդը փրկելու համար.
Որպեսզի հարցը չմնա խավար
Ու ոչ մի գաղտնիք մեր մեջ չմնա
Ամեն ոք թող այս խոսքերս իմանա»:
Եվ նա սկսեց պատմությո՜ւնը հին.
Ո՞վ չի իմացել, որ մեր թշնամին
Խաբող է ու նենգ, ու վախկոտ, ու մութ.
Եվ ասում էր նա. «Ոչ մի ժողովուրդ
Չի սիրում խարդախ թշնամուն մեր չար,
Այնինչ ազգը մեր աստվածահանճար
Զարմանք է լցնում սրտում բոլորի
Իր բախտով դաժան ու կռվով արի:
Այո, ընկերնե՜ր: Աշխարհը՝ ամբողջ
Ողբում է հիմա աղետը հայոց,
Չի կարողանում մեր վշտից քնի,
Ուզում է մի կերպ, մի բանով օգնի,
Ու իր հեռավոր, լուսավոր ափում
Մեր վշտի համար արցունք է թափում:
Հայրենակիցնե՜ր, թե ամեն մի մարդ
Թափելու լինի մի շիշ արտասուք
Մեր երկիրն էլի՜ կխնդա զվարթ
Ու էլ չի լինի ավերում ու սուգ:
Հայրենակիցներ, հաշվել եմ, գիտեմ,
Եվ երդվում եմ մեր հրդեհովը վառ, —
Արտասուքն այդքան կբավե արդեն
Մի փոքրիկ հրդեհ մարելու համար:
Եվ հետոերեկ, երբ խղճով հանգիստ
Քնել էիք դեռ բոլորդ անխռով
Մեր անզուգական բարեկամներից
Ջուր ենք պահանջել մենք հեռագրով:
Սակայն մինչև գա օգնությունը այդ
Ով մի սուր առած, ով թեկուզ մի փայտ,
Շարքերով անծայր, ստվար, բազմահոծ
Երթա՛նք փրկելու ժողովուրդն հայոց...»:

12

Երբ ձայնը նրա խզվեց զնգոցով
Վարը հավաքված բազմությունը ծով
Մռնչաց ինչպես մի քաջ անվեհեր. —
Էրթա՛նք փրկելու ժողովուրդը մեր:
Քիչ մնաց վերից մռնչամ ես էլ.
Իմ ամբողջ կյանքում ես չէի տեսել
Մեր ճղճիմ կյանքի անթափանց մթում
Այդպիսի անկեղծ ոգևորություն:
Եվ աչքս հառած հուզված ամբոխին՝
Ես կծում էի շրթունքները իմ, —
Նման էր ողջը երազի, քնի.
Վախենում էի, որ երազ լինի...
Տեսնելով սակայն, որ չեմ արթնանում,
Խո՛ր ակնածանքով, հարգանքով անհուն
Ես մտածեցի. աշխարհում այս մութ
Ինչե՛ր չի անում ժամկոչը հմուտ...
Անհասկանալի հրաշք ես դու, կյանք, —
Բավական էր մի ազդու ահազանգ
Եվ փրկվեց ահա մեր ազգը մահից:
Եվ չէի ուզում հավատալ ես ինձ,
Բայց երբ որ մեկ էլ նայեցի ես վար
Չհավատալու էլ հնարք չկար:
Չռած աչքերով տեսնում էի ես.
Ներքևում ահա, հրձիգներ ասես.
Ձեռքերին կարմիր լապտերներ առած
Մեր խենթն ու Ահոն ընկել են առաջ
Հետքերից գցած բազմությունը հոծ
Գնում են փրկեն ժողովուրդն հայոց...

13

Ու զարմանք կտրած, սրտիս խնդություն,
Ես նայում էիչէի հավատում
Բախտից կուրացած իմ թաց աչքերին.
Եվ արցունքները հորդ հոսում էին
Ճամփեքի վրա նրանց սրբազան...
«Երանի՛ նրանց, որ ձեզ չտեսան, —
Բացականչեցին շրթերս դողդոջ.
Քանի որ նրանք աշխարհում այս փուչ
Չեն տխրի հետո, երբ դառնա երազ
Ոգևորության սուրբ վայրկյանը այս...»:
Ու գնում էին նրանք անձնվեր, —
Ունեի՛ն կարծես քաջության թևեր...
Նույնիսկ գիշերի միգում անթափանց
Ես տեսնում էի թևերը նրանց,
Որ տանում էին թափորն անվեհեր
Աստվածաընծա, սրբազա՛ն թևեր:
Խավար գիշերի գրկում ահավոր
Քայլում էր նրանց խումբը թևավոր,
Գնում էր դեպի երկիրը հրի
Մի խումբ էր կարծես հրեշտակների...

14

Եվ ահա նրանց աչքերի առաջ
Հեռուն, մշուշում բռնկվեց հանկարծ
Վառ, արնանման կրակի մի դեզ,
Մի հսկայական լեզու էր ասես
Ու մութ գիշերի լնդերքն էր լիզում
Այդ հսկայական, այդ կարմիր լեզուն:
Ու աչքերն հառած լեզվին հրածին
Նրանք քարացանու սուր զգացին
Վառվող դիերի բույրը ահավոր...
Լսեցին նրանք կանչեր հեռավոր,
Ճիչեր տխրաձայն ու աղեկտուր,
Որ կանչում էին ու տանջում իզուր...
Եվ ահա, հրե այն լեզվի նման,
Բռնկվեց նրանց սրտում անձնվեր
Ազնիվ վրեժի ու ատելության
Թույնը սրբազան ու աշխարհավեր:
Եվ այն է՝ նրանք ուզում էին որ
Անցնեն անիծված սահմանն ահավոր
Եվ նետեն իրենց հրդեհը անանց
Մշուշում հանկարծ դեմ ելան նրանց
Խմբեր կիսամերկ ուրվականների,
Որ փախչում էին ճանկերից հրի...
Ու փախչում էին նրանք քայլերեր.
Կիսամեռ մարդիկ, կիսավառ կիներ
Ու ծերունիներ տեսիլանման.
Հայոց աշխարհի ժողովուրդն էր այն,
Որ ահաբեկված սրից ու հրից
Փախչում էր անդարձ հայոց աշխարհից.

15

Երբ նրանք այդ սև պատկերը տեսան
Հրաբուխ դարձավ քենը սրբազան
Նրանց անվեհեր ու վեհ սրտերում.
Եվ ահա, այդ սուրբ զայրույթով եռուն
Ու մռնչյունով աշխարհասասան
Մի թռիչք արինու հրին հասան:
Տեղ հասան տեսանշատ են ուշացել.
Իրենցից առաջ շատերն են հասել
Ու իրենց նետած կրակի մեջ վառ
Աշխատում են մի եռանդով անմար.
Կրակի միջից իրեր են հանում
Եռանդով անմար, աշխույժով անհուն:
Նայում էր Ահոն վառվող կրակին
Եվ ահա այնտեղ նա տեսավ մեկին,
Որ իրեն նետած կրակը անել
Ուզում էր մի բան հրդեհից հանել:
Ճանաչեց նրանու շշմած մնաց...
Ու թվաց նրան, թե ինքը քնած
Երազ է տեսնում ընկերոջ մասին...
Բայց երբ որ տեսավ ընկերոջ ուսին
Բոցը, որ նրան ուզում էր լափի
Բղավեց խզված ձայնով տագնապի.
Հե՛յ-հե՛յ, դո՜ւրս արի, Լեգեոն եղբայր:
Բայց չէր լսում նա: Նույն ջանքով անմար
Կրակի տակից քաշում է մի բան
Ու նայում էին բոլորը նրան:
Օ, սաղամանդրա առասպելական,
Հայը իր փառքով քեզ է պարտական. —
Աղաղակեցի ես ձայնով հուզված
Բայց նա նույն պահուն ձեռքերով կիզված
Դուրս քաշեց հրից այլանդակ, դեղին
Մի անմիս դիակու մի անկողին:
Երբ դուրս եկավ նա ու բեռը դրեց
Դեմ վազեց Ահոն, ամուր համբուրեց
Ու անհուն սիրով փաթաթվեց նրան.
Օ, ցնցող սիրո ցնցող տեսարան...
Ահոն երևի դեռ երկա՛ր-երկա՛ր
Ընկերոջ կրծքին փաթաթված մնար,
Բայց ընկերը շատ չուներ ժամանակ՝
Սերն համարելով անտեղի հանաք՝
Մեղմ հրեց նրան ու հոգսոտ, լռին
Մոտեցավ հրից ազատված իրին:
« — Դե, պատմի՜ր, պատմի՜ր, այս ի՞նչ ես անում:
Մեղքս ի՞նչ պահեմ. ես չեմ հասկանում
Գցել ես դու քեզ այդ կրակն անել...
Բայց հրի միջից այդ ի՞նչ ես հանել...»:
Ու տխուր ժպտաց Լեգեոնը ծեր.
« — Դիակ է, ասաց, մեռած աղջկա.
Դիակներ են լոկ այստեղ մնացել
Ուրիշ ժողովուրդ այս երկրում չկա...»:
Բայց դու, Լեգեոն, դու ի՞նչ ես անում:
Կրակի միջից ես բուրդ եմ հանում...
Բայց ինչո՞ւ համար, Լեգեոն ընկեր...
« — Ախ, Ահո՜, Ահո՜ ... Մեծ աղետը մեր
Պե՞տք է վերջապես մի կերպ մեղմանա...
Դուք ի՞նչ գիտեք որ... Ես ներկա եղա
Մեր ժողովրդի սոսկալի բախտին.
Ես ներկա եղա հայ ազգի գաղթին
Եվ համոզվեցի, հասկացա ես, որ
Ամենից առաջ բուրդ է հարկավոր
Մեր անտերացած, որբ ժողովրդին.
Միթե՞ չգիտես, որ ձմռան ցրտին
Նա դաշտում թափված, անտեր պիտ մնա
Բաց դաշտի վրա, ձյուների վրա
Ու պետք է մեռնի անտուն ու անտեղ
Ո՞վ կտա նրան անկողին այնտեղ...
Է, ես խոսելու չունեմ ժամանակ.
Գործ է հարկավոր և ո՜չ թե հանաք:
Եվ դու էլ, Ահո, ասա բոլորին,
Որ իմ հետևից հանձնվեն հրին՝
Բուրդ-բամբակ հանեն կրակի տակից
Իսկ երբ հանեցինք բուրդը կրակից՝
Կերթանք, կգտնենք ժողովուրդը մեր
Եվ բուրդ կտանենք մենք նրան նվեր:
Եվ ժողովուրդը մեր որբ, արնաքամ,
Բուրդը գնելով մեր կյանքի գնով
Հանգիստ կքնի առաջին անգամ
Մի եդեմական, մի անո՛ւշ քնով...»:
Երբ Ահոն այս մեծ խոսքերը լսեց
Ընկերոջ առաջ խոնարհվել ուզեց
Ուզեց համբուրել ոտքերի փոշին.
Զարմացավ նրա հանճարի ուժին:
Հենց այն էր՝ իսկույն ուզում էր փորձի,
Բայց ընկերն ասաց. — «Ուրեմնգործի,
Շո՜ւտ գործի անցեք. գիտեք, որ հիմա
Ձմեռ է այնտեղ, ու քամի, ու մահ, —
Իսկ որբերը մեր պառկած են հողին
Մերկ... գետնի վրա... առա՜նց անկողին»:
Ու նետվեց նորից նա կրակը թեժ,
Որպես զոհ կարմիր, որպես ողջակեզ...

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last