Չարենց Եղիշե՝   Տեսիլաժամեր, Ծիածան, Ողջակիզվող կրակ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last

Ու կանգնել եմ ես՝
Ոտքերս ամուր հողի մեջ մխած
Ու գլուխս տո՛թ խառնարաններում
Անցած ու գալիք անթի՛վ օրերի: —
Ու կանգնել եմ ես՝
Լեռների վրա իմ ավեր երկրի,
Կանգնել եմ հաստատ ու երգ եմ ասում
Խնդասիրտ, արի,
Եվ նետում եմ իմ երգը հողմաձայն
Ժողովուրդներին բոլո՛ր կողմերի
Բոլո՛ր կողմերում տառապող մարդուն:
Եվ ասում եմ ես.
Եկե՛լ եմ ահա.
Եկե՛լ, հասել եմ դարերի մուժից,
Անբոց մշուշից հեռու դարերի
Եվ բերել եմ ձեզ, կարմիր ձեր երթին,
Սի՜րտը Նաիրի...
Բերե՜լ եմ կարմիր սիրտը Նաի՜րի
Ձեր կարմիր հրինկարմիր ողջակեզ.
Եվ ասում եմ ես
Ժողովուրդներին բոլո՛ր կողմերի,
Բոլո՛ր կողմերում տառապող մարդուն.
Լսե՛ք, հե՛յ, լսե՛ք, —
Բոլոր կողմերում տառապող մարդիկ,
Բանվորներ արիբոլոր կողմերի,
Եվ գյուղացիներ, զինվորներ բոլոր
Ռազմադաշտերից տուն դարձող արդեն. —
Լսե՜ք, հե՛յ, լսե՜ք.
Դուք, որ հաղթակամ
Ելե՛լ եք արդեն ու կռվով ըմբոստ,
Շաչող, շառաչող օրերի միջով
Գնում եք դեպի Կարմիր Ապագան
Լսե՛ք, հե՛յ, լսե՛ք, իմ ողջույնը սեգ
Ու եղբայրական...

Նաիրի երկրիցիմ ողջույնը ձեզ.
Ձեր կարմիր հրինՆաիրի կարմիր
Սիրտըողջակեզ:

Ո՞վ գիտե արդյոք՝
Բերե՞լ է մեկը այսօր աշխարհում
Խառնելու ձեր մեծ ու հզոր երգին
Մի երգավելի՜ ըմբոստ ու արի,
Քան իմ երգը մեծերգը Նաիրի...

Ո՞վ գիտե արդյոք՝
Բերե՞լ է մեկը այսօր աշխարհում
Խառնելու հզոր, բոսոր ձեր սրտին
Մի սիրտավելի՜ ըմբոստ ու արի,
Քան իմ սիրտը թեժսիրտը Նաիրի:

Եվ ո՞վ, ո՞վ կասի՝
Նետե՞լ է արդյոք մեկը աշխարհում
Այսօրվա կարմի՜ր, կարմիր ձեր երթին
Ողջույնավելի՜ առնական, արի,
Քան ողջույնը քո, երկիր արնաքամ,
Կարմի՜ր Նաիրի...

* * * * * * * * * * * * *

Ծաղկի պես կարմիր, հրասիրտ, զվարթ,
Բացվել է այսօր սիրտս նաիրյան
Աշխարհի սրտում
Թեժ, կարմիր սրտում վառվող աշխարհի:
Իմ հազա՛ր անգամ ու հազա՛ր սրով
Արնոտած, խոցված սիրտը նաիրյան
Բացվել է այսօր աշխարհի սրտում.
Հուզում է հոգիս անհուն մի խնդում,
Խնդում մի հրե
Եվ երգում եմ ես, ահե՛ղ ու պայծառ,
Քո էն երգը մեծ, տիեզերական,
Երկի՜ր Նաիրի...
Երգում եմ հիմա քո երգը էն մեծ,
Որ սրտիս տվեց տառապանքը քո,
Քո աշխատունակ, հաղթ ժողովրդի
Տառապանքը մեծ:

Ե՜սե՜ս եմ նորից. —
Դարերից եկած անհո՛ւն մի պոետ
Եղիշե Չարենց
Նաիրի երկի՜ր, քո երգիչը վառ,
Օրհներգուն պայծառ
Ու զավակը մեծ...

Ե՜սե՜ս եմ նորից, —
Ոսկի երակը հնամյա ցեղիս,
Իմ ջլաբազուկ, հաղթ ժողովրդի
Օղակը վերջին,
Տվել եմ սիրտս գալիք օրերի
Երկաթե երգին,
Կապել եմ կյանքս Գալիքի հետ վառ
Եվ կրում եմ իմ մեծ, հսկա սրտում
Մի երկաթակուռ, նո՛ր, հզո՛ր աշխարհ:

Ու կանգնել եմ ես, հզոր ու հաստատ,
Լեռների վրա քո հավերժաձյուն
Կանգնել եմ, պայծառ, ու շուրջս հիմա
Գալիքի կարմիր թևերն են շաչում
Եվ կարծրանում ու պնդվում է հոգիս
Նրանց շառաչում:

Ու հպարտ եմ եu, հպա՛րտ է ու խենթ
Քո կարմիր հրով լցված իմ հոգին.
Հպարտ եմ, որ եսանհուն մի պոետ,
Ձայնով խնդագին
Խառնում եմ այս նո՛ր, հզոր ե՛րգը քո
Բոլորի՛ երգին...

ԴԵՊԻ ԱՊԱԳԱՆ

Լցված է անհուն իմ հոգին հիմա
Շփոթ երգերով ու աղմուկներով.
Լցված է սիրտը իմ՝ էլեկտրական
Բորբ հոսանքներով:

Ռադիո-կայան է իմ հոգին հիմա
Ամբո՜ղջ աշխարհի ու մարդկանց հանդեպ,
Ու բա՛րձր է, բա՛րձր է կայանն իմ հոգու՝
Մասիսի նման բարձր է ու հաստատ
Հզո՜ր, ահարկո՜ւ:

Օրերում այս վառ, հողմավար, շփոթ
Հեռու ու մոտիկ միլիոն սրտերի
Ե՛րգն է վիճակվել ինձ երգել այսօր.
Իմ բազմամիլիոն, բյուր ընկերների
Խինդը այսօրվա ու թռիչքը մեծ
Գալիք օրերին նետե՜լն է երգիս
Վիճակվել այսօր:

Ահա՜ թե ինչո՜ւ է երգս հաղթական,
Ահա թե ինչու է իմ ձայնն այսօր
Հավերժի նման համա՛ռ ու հաստա՜ տ:

Ահա թե ինչու
Վիթխարահսկա, որպես էյֆելյան
Աշտարակը մեծ,
Անցած ու գալիք դարերի շեմքին
Հզոր, բարձրաբերձ՝
Կանգնել եմ ամբողջ հասակովս մեկ
Եվ երգում եմ ես:
Եվ հոգիս հիմա՝ ռադիո-կայան՝
Իր հրակարմիր երգն է ուղարկում
Հեռո՛ւ ու հեռո՛ւ, —
Բոլո՜ր սրտերին, որ ապրում են, կան
Բոլո՜ր կողմերում:

Երգում է հոգիս, հրեղեն հնչում:
Գիտեմ՝ այսօրվա իմ երգի առաջ
Իմ հոգու կարմիր կայծերի հանդեպ
Ռադիո-կայան է ամեն մի հոգի,
Ո՜ւր էլ նա լինի. —
Ամե՜ն մի հոգի, որ ապրում է, կա
Եվ կրում է իր թևերի վրա
Նո՜ւյն խորհուրդը մեծ, խորհուրդը հսկա
Օրերի այս վառ, —
Այս վառ օրերի խորհուրդը պայծառ:
Ամե՜ն մի հոգի,
Որ իր երկաթե թևերով այսօր
Զնգում է, շաչում
Եվ փնտրում է նո՛ր հանգիստ ու օրոր
Միլիո՜ն թևերի ըմբոստ շառաչում...

Գիտե՞ք, որ հիմա
ԱյստեղՆաիրի իմ երկրում ավեր
Ու հեռու-հեռուն
Կարմիր Մոսկովում,
Տիբեթում դեղին,
Սան-Ֆրանցիսկոյում, Լոնդոնում հսկա
Ու Սինգապուրո՜ւմ
Բոլո՜ր վայրերում, բոլո՜ր կողմերում
Աշխարհը մի նո՛ր երգով է հղի:

Հե՛յ, հեռու-մոտիկ
Հանքահորերում,
Գործարաններում,
Լայն ստեպներում ու անտառներում
Բոլո՜ր վայրերում, բոլո՜ր կողմերում,
Երկաթի՜, բրոնզի՜, հողի՜ ու հանքի
Երգով օրորված իմ բյո՜ւր եղբայրներ,
Ո՞վ ունի այսօր կամքը մեր հրե,
Ուժը մեր բոսոր
Ու վառ բախտը մեր
Տիեզերական:

Ո՞վ ունի այսօր...

Մե՛նք ենք, որ նո՛ր ենք, հազա՛ր ենք ու բյո՜ւր:
Երկաթե հսկա մի դիսկի նման
Բյո՜ւր եղբայրների կամքը մեր արի,
Տիեզերական
Նետե՜լ ենք արդեն թափով վիթխարի
Դեպի հողմերը գալիք օրերի,
ԴեպիԱպագան...

ԲՐՈՆԶԵ ԹԵՎԵՐԸ ԿԱՐՄԻՐ ԳԱԼԻՔԻ

Շաչում է աշխարհը, զնգում է հիմա,
Շաչում ու զնգում են աշխարհի վրա
Բրոնզե թևերը Կարմիր Գալիքի:

Որպես երկաթե մի մրրկահավ՝
Թռչում է կարմիր մեր կամքը հիմա
Աշխարհի հեռուն
Ու շաչում է հաղթ, երկաթ թևերով
Հեռու ու մոտիկ ռազմադաշտերում:

Փողփողում է վառ արևի առաջ
Մեր կամքը հիմա, որպես վիթխարի
Մի կարմիր դրոշ,
Որի արնագույն, կարմրավառ փայլից
Հնավանդ, զազիր քաղաքները քար,
Ցուլերի նման վիթխարահսկա,
Վախից խելագար,
Կանգնում են հետին ոտքերի վրա.
Փորում են հողը ոտքերի տակի
Ու սարսափահար
Իրենց վայրենի վա՜խն են մռնչում
Աշխարհովը մեկ
Վա՜խը վայրենի, որ հնչում է մեր
Բոսոր սրտերում, որպես հաղթության
Ու փառքի մի երգ:

Օ, բառաչը այդ խելագար վախի,
Օ, սարսափահար ճիչը հոգեվար
Ու տագնապը սուր՝
Հին, հազարամյա, քա՛ր քաղաքների
Տագնապը զազիր...
Օ՛, սարսափը այդ հուսահատական,
Մեռնող ցուլերի բառա՜չը վերջին
Կրկեսների մեջ հսկավիթխարի, —
О՛, սարսափը այդ նրանց հուսահատ,
Որ մեր սրտերում, կրծքերում երկաթ
Փոխվում է կարմիր, խնդացող հրի...

Ճչում են հիմա
Թերթերը բոլոր մայթերի վրա,
Հաղթ կայանները ռադիո-գրի,
Գոց, զրահապատ գնացքներն շտապ
Ու շչակները գործարանների,
Սավառնակների թևերը շաչող,
Աղմուկը մաշվող ավտոշիների,
Թնդանոթների ամբոխները ծույլ,
Որ հիմա արնոտ ռազմադաշտերից,
Գործադուլ արած բանվորների պես
Տուն են շտապում քայլերով տարտամ, —
Ֆանտաստիկական, ահե՜ղ առօրյան
Ճչում է հիմա
Նրանց անամոք, նրանց հոգեվար
Տագնապի նման հուսահատական,
Ճչում է խռպոտ իր ձայնով վերջին
Ու հասնում է այդ ճիչը հուսահատ
ԼոնդոնիցՓարիզՑեյլոնՀնդուչին...

Ձգվել են ցանցեր,
Երկաթե անտես ցանցեր ու ցանցեր
Աշխարհում անծիր, —
Սրտից սիրտ հիմա, քաղաքից քաղաք
Վառ, կարմիր ցանցեր...
Մեր կա՜մքն է այդպես հզոր շղթայել
Աշխարհը համակ, —
Մեր կամքը՝ թռչող, որպես փոթորիկ,
Ու տոկուն, համառ, որպես ժամանակ: —

Ես՜ եմեղբայրսընկերսо՛, ո՜չ.
Կա՜մքը իմ, կա՜մքը քոու էլի՜, էլի՜
Կամքեր նույնազորհազար ու հազար:
Ու էլի՜, էլի՜,
Ու էլի՜, էլի՜,—
Զգո՞ւմ ես՝ հոգիս, հոգիդ ու նրա
Հեռու, անծանոթ ընկերոջ հոգին
Նո՜ւյն արեգնական խորհրդով է լի:
Ու էլի՜, էլի՜,
Ու էլի,՜ էլի՜,—
Ամե՜ն տեղ հիմա, բոլո՜ր կողմերում՝
ՄոսկովիցՓարիզ, ԼոնդոնիցՀռոմ...

ՄինչևՀնդուչին...

Թնդանոթների բառաչը վերջին:
Տանկերը արնոտ ռազմադաշտերում՝
Կետերի նման երկաթազրահ...
Գնդացիրների ծարավը ագահ,
Գործարանների շչակները լուռ...
Օրերը՝ երկաթ ու պղինձ հագած
Սավառնակների նման ռմբաձիգ
Օրերը, որ թեժ ռումբեր են նետում
Եվ թռչում են
Ո՞ւր...

Անծի՛ր դաշտերումբանակներ կարմիր:
Քաղաքներ մեռնող ու գյուղեր անմարդ:
Օրերի միգումտագնապ ու գրգիռ:
Ոսկի ու բռունցք, արյուն ու երկաթ:
Ու տագնապը մութ, անկուշտ ու ագահ,
Հրեշի նման դեղին, հազարաչ, —
Ու բազմամրրիկ աշխարհի վրա
Բրոնզե կարմիր թևերի շառաչ:
Ու երգը իմ նոր պիտի ավետի
Վաղը աշխարհին առաջին անգամ
Թռիչքի՜ մասին անկուշտ կարոտի
Մեր հավերժական:
Եվ նրանք, որ դեռ աշխարհում չկան,
Որ դեռ նոր պիտի ապրեն աշխարհում,
Դեռ նոր պիտի գան, —
Կարո՞ղ են, թող մեր թռիչքն այսօրվա
Անձկորեն չըզգան...

Նրա՜նք, որ պիտի ապրեն աշխարհում
Կարմիր Ապագան:

Նրանք, որ դեռ նո՛ր, դեռ նո՛ր պիտի գան...

1920, V

ԵՐԳ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍԻՆ

(Ագիտ-պոեմ ժողովրդի համար)

I

Երկիրը մե՛ծ էր ու լայն: — Տափաստաններ ընդարձակ,
Անծայրածիր հովիտներ ու ստեպներ հեռանիստ,
Հորիզոնից-հորիզոն ձյունե դաշտեր սպիտակ,
Լա՛յն երկնքի տակ փռված գյուղեր անդորր ու հանգիստ:
Մե՛ծ էր երկիրն հյուսիսի վերի ծովից մինչ հարավ,
Ու արևի մի ծագից մինչ մյուս ծագն արևի:
Նստել էր էդ ընդարձակ երկրի մեջ ցարն անիրավ
Ու իշխում էր սանձարձակ, որպես դաժան թշնամի:
Խեղճ էր ապրում ժողովուրդն հազարբարիք երկրի էդ՝
Ճորտ էր, գերի, հողազուրկ՝ աշխատում էր, աշխատում,
Բայց մնում էր անոթի ու ապրում էր անհեթեթ,
Անիմաստ կյանք մի դժվար, որպես լծկան անասուն:
Նստել էին էդ անբախտ ժողովրդի շլինքին
Գոռ իշխաններ զանազան, հողատերեր ամեհի.
Քշում էին տեղից-տեղ զուրկ, անկրակ մուժիկին,
Ու լռում էր մուժիկն էլ՝ աչքը ահի ու մահի:
Էդ ընդարձակ աշխարհում, ուր հողը շատ էր այնքան,
Որ երկրի կեսը հաճախ մերկ ու խոպան էր մնում
Հողազուրկ էր գյուղացին ու տառապում էր կարկամ,
Ուրիշի հողն էր վարում առավոտից-իրիկուն:
Լուռ տառապում էր էդ խեղճ ժողովուրդը հողազուրկ,
Հացի տեղ քար էր ուտում ու մեռնում էր անոթի,
Վշտից օղի էր խմում կաբակներում բազմաղմուկ
Ու քնում էր օրն ամբողջ, որ չարթնանա ու չուտի:
Ու հավատում էր մեկ էլ, աղոթում էր աստծուն
Ժողովուրդը էդ թշվառ, — հավատում էր, որ վերից
Լույս կբացվի մի օր էլհող կտրվի գյուղացուն,
Եվ ժողովուրդը ազատ ու լի՝ կապրի էդ օրից:
Բայց ո՜չ աղոթքն էր փրկում ժողովրդին էդ թշվառ,
Ոչ էլ օղին՝ դառնահամ կաբակներում աղմկուն,
Երկիրը ծով էր արյան ու կարիքըանսպառ,
Սովն էր երկրում թափառում՝ արյունըռուշտ ու անքուն:
Հազա՛ր տարի էդ երկրում արևն ելավ արյունոտ
Ու մայր մտավ արյունոտ, որպես թրով զարկած աչք.
Երկիրը ծո՛վ էր արյան, երգը երկրումմահվան բոթ,
Ու չէր վառվում օրերում լույսփրկաբեր մի հրաշք:
Վաղո՛ւց էր, շա՛տ էր առաջ, որ հայտնվեց մի մուժիկ,
Շուրջը խմբեց բյուրավոր ըռնչպարներ անոթի,
Անտուն մարդիկ հավաքեց, գործից ընկած ու բոբիկ,
Ու խմբերով նրանց խեղճ ուզեց երկիրն ազատի:
Ձայն տվեց — «Է՛յ, ընչազուրկ, անհող մարդի՜կ, եկե՛ք դե՜ս,
Հավաքվեցեք բյուրավոր հոսանքն ի վար էս գետի.
Հազա՛ր-հազա՛ր հավաքվեք, պիտի տանեմ այսօր ես
Մինչ քաղաքը ցարի ձեր էս բանակն անոթի:
Պիտի Մոսկո՛վ տանեմ ձեզ... Ու քեֆ պիտի անեք դուք,
Էնտեղ օղի պիտ խմեք՝ ինչքան կուզեք, ինչքան կա,
Պիտի նստեք մեծամեծ պալատներում մեծաշուք,
Ու ձայնը է՜ն զրկվածի պիտի գահի՛ց զրնգա...»:
Էսպես կանչեց: — Ու եկան հազարավոր, բյուրավոր,
Եկան, բոլո՜րը եկան, ով որ չուներ խա՜տա-տուն,
Եկան, բոլո՜րը եկան, հավաքվեցին նորից-նոր,
Ու բանակը ծավալվեց օվկիանի պես ծփուն:
Ինչպես անտառը խշշար, ինչպես ծովը շառաչեր,
Ինչպես մրրիկը շաչերբանակից էդ բազմամարդ
Ամբողջ երկիրը զնգաց ու դղրդաց ծերից-ծեր՝
Երգը զնգաց բանակի՝ հազարաձայն ու զվարթ:
Ու անտառի նման սև բանակը էդ շարժըվեց,
Հորձանք տվեց ու ծփաց հոսանքն ի վեր էն գետի,
Ու հեղեղի պես սրբեց շեն կալվածներ մեծամեծ
Ու հողերի վրա տեր նստեց մուժիկն անոթի:
Էդ քանի օրը մի քիչ զուլալ էր աչքն արևի՝
Կարծես դեղդիր էր քաշել արնոտ աչքին իրա էն.
Արևավառ ծփացին տափաստաններն հեռևի, —
Զուրկ մուժիկները ելան, որ ստեպները վարեն:
Էսպես եղավ: Եվ հանկարծ, ինչպես հեղեղը հորդի՝
Ահեղ սուրաց վերից-վար արնախում զորքը ցարի.
Եկան, կռիվ եղավ մեծ, կռվեց բանակն անոթի,
Որ հույսը զուրկ մուժիկի անվերադարձ չմարի:
Երկա՛ր-երկա՛ր կռվեցին: — Ու ետ առան նորից էն
Քաղաքները գրաված ու հողերը խեղճերի,
Իշխանների կիսավեր պալատները հոյաշեն
Ու բյուր, հազար անոթի տարան հետները գերի:
Ու բռնեցին սևաչյա առաջնորդին նրանց մեծ,
Վանդակ դրին, որպես մութ սարից բռնած մի գազան,
Դեմքին ներկեր քսեցին, արնոտեցին ու էդպես
Մոսկով տարանցարանիստ քաղաքը էն սրբազան:
Էնտեղ տարան: Ողջ երկիրն արդեն գիտեր ծերից ծեր
Առաջնորդի մասին էդ անտունների բանակի,
Գիտեր, որ ռուս աշխարհի, ժողովրդի էդ անտեր
Պաշտպանն է նա ու մեռնի՜ պիտի մահով կրկնակի:
Գիտեր. — ու սուգ էր անում: Մինչ ղողանջը զանգերի
Արքայանիստ Մոսկովում ահասարսուռ զրնգաց,
Ու ամբոխը հավաքեց, և հսկային էն բերին,
Դահիճն եկավու քաջի գլուխն ընկավ ուսից ցած:
Իսկ նրանց, որ նրա հետ գերի էին վերցրել
Հոշոտեցին դահիճներն անգղների նման գեշ,
Պատառ-պատառ արեցին ու փորեցին աչքերն էլ
Ու փռեցին դաշտերում հազա՛ր դիակ, նեխած լեշ:
Էսպես արին: Ու էսպես թաղեցին բախտը խեղճի
Ու ծիծաղը մի օրվա նրա քթից բերին ետ:
Նորից արևը ելավ, ինչպես ձեռքից դահիճի՝
Աչքը թարախ ու արյուն ու շողերըմեկ-մեկ նետ:
Բայց ժողովուրդը երկա՛ր իր երգերի մեջ երգեց
Քաջի մասին էն խիզախ՝ ժողովրդին մխիթար,
Հազա՛ր երգեր հորինեց էն հսկայի մասին մեծ,
Որ ճորտացած մուժիկին ազատություն պիտի տար:

II

Ու տարիներ սահեցին դանդաղ, իրար ետևից...
Եվ արևը բարձրանում ու իջնում էր արյունոտ:
Պատերազմներ էին միշտ ու նախճիրներ էն թևից՝
Սովն էր իշխում սանձարձակ ու աշխատում էր տենդոտ:
Էնտեղ թաթարն էր զարկում: Թուրքն էր էնտեղ: Էնտեղ լեհ
Զորքն էր մտնում ընդարձակ, շեն կալվածներն արքայի:
Տենդ ու երաշտ էր երկրում, հիվանդություն ամեն տեղ,
Ու թռչում էր գեղից-գեղ սև ուրվականը մահի:
Ձեռքին կոտրած գերանդի՝ անցնում էր մահն անկշտում,
Սավառնում էր ձյունաբուք մրրիկներում սպիտակ,
Հունձք էր անում ժրաջան, հազարներով գլխատում
Ու մեռնում էր կյանքն, ինչպես ջրով լցված մի փեթակ,
Էս ժամանակ էր ահա, որ հյուսիսի դաշտերում
Երկաթակամ ու համառ մի նոր մուժիկ երևաց,
Շուրջը մարդիկ հավաքեց ու վրեժով աններում
Կռվի ելավ ահավոր ու արշավեց սրընթաց:
Նորից անտուն, անոթի հողազուրկները եկան,
Հավաքվեցին գյուղերից, քաղաքներից հեռավոր,
Հոծ բանակներ կազմեցին ու համայնքներ գյուղական
Ու խմբերով իրենց բյուր կռվի ելան նորից-նոր:
Ասին՝ երկրի վրա թող ո՜չ մի իշխան չմնա,
Մա՜հ գիշատիչ ու գազան իշխաններին հողատեր.
Այլևս ռուս աշխարհում հողատեր է միայն նա,
Ով փոցխ ունի իր ձեռքին և կարող է աշխատել:
Ասին՝ էսպե՜ս կլինի: Եվ երբ իշխան չմնա
Բոլորը գոհ կլինեն ու կաշխատեն ժրաջան,
Ու ժողովուրդը ամբողջ օր ու արև կիմանա
Ու քարե՜րը անգամ մեծ խնդությունից կճչան:
Ու քշեցին այրուձի՜ն: Առան գյուղեր, քաղաքներ,
Ձյունե ուղին բռնեցին արքայանիստ Մոսկովի,
Բայց զորքն իջավ ցարական՝ խեղճի ցավին անտարբեր,
Ու բանակները նրանց տվեց քամուն ու հովին:
Երկա՛ր-երկա՛ր կռվեցին մարտիկները գյուղացի,
Բայց զորքերը ցարական ո՜չ մի մարտիկ չթողին.
Առաջնորդին բռնեցին, իսկ նրա քաջ այրուձին
Ահից եղավ ցիրուցան ու հանձնվեց հաղթողին:
Ու սրանց էլ անվեհեր առաջնորդին սևաչյա
Վանդակ դրին ու տարան մայրաքաղաքն արքայի.
Ճամփին հազա՛ր սրիկա թքեց դեմքին ու նրա
Արևառ դեմքն արնոտեց, որ վանդակից չնայի:
Ու բերեցին սրան է՜լ, ինչպես էն հին հսկային,
Հազարամյա Մոսկովի հրապարակն ահավոր, —
Նորից ահեղ դղրդաց զանգերի խումբն ահագին
Ու դահիճը ելավ վեր՝ ոտից-գլուխ հագած նոր:
Ու դուրս եկավ վանդակից առաջնորդը սևաչյա,
Կանգնեց՝ ըմբոստ ու արի, աչքը հառեց ամբոխին,
Աչքերը հուր շանթեցին, ուզեց կանչի ու ճչա
«Ելե՛ք» ասիբայց նրան կապկպեցին, չթողին:
Ուզեց կանչի, համոզի ժողովրդին իր էն ռուս,
Ելի՜ր, ասի, բարձրացի՜ր իշխանների դեմ գազան,
Ճզմի՜ր ահեղ հարվածով իշխաններին էդ գոռոզ
Ու պաշտպանի՜ր, ինչպես մարդ, իրավունքդ սրբազան:
Բայց ի՞նչ ասեր... Դահիճի հարվածներից ահավոր
Խեղդված մանկան նման միձայնը խզվեց ու դողաց.
Ձեռքերը ետ կապեցին, ծունկի բերին նորից-նոր,
Գլուխը վար թեքեցին ու դանակը շողշողաց...
Ու ժողովուրդը նորից մնաց թշվառ ու անտեր,
Նորից արևը ելավ՝ արյուն հագած ու մոխիր
Ու տարիներ սահեցին անմխիթար, անտարբեր,
Ու չձգտեց ո՜չ-ոք էլ կյանքի ընթացքը փոխել:
Նորից երկրում ծերից-ծեր անհուսությունը իջավ
Ու մորեխի պես նստեց հոգիների վրա խեղճ:
Սովը նորից տարածվեց ու արշավեց սրընթաց,
Ու տարիներ անցան մութ ու աղետներ եղան մեծ:
Եվ չէր մուժիկն հավատում էլ ո՜չ մի նոր հսկայի.
Մեծ էր ոսոխն ավելի, քան ուժերը մի-երկու:
Ըմբոստ, խիզախ քաջերի, որ օրերում ամայի
Ելնում էին ու վառում փոթորիկներ ահարկու:
Ու ժողովուրդը լռեց: Կրեց վիճակն իր դժվար,
Որպես վերից սահմանած անմխիթար կյանքի բեռ:
Դարեր անցան ու դարեր: Մի՜շտ նույն երկինքը մռայլ,
Նո՜ւյն իշխաններն ամեհի ու արքաներն անտարբեր...

III

էսպես երկար տարիներ ժողովուրդը տառապեց
Եվ օրերը նրան նոր առավոտներ չբացին
Մինչ բացվեցին ամենուր գործարաններ մեծամեծ
Ու խուլ, խավար գյուղերից քաղաք եկավ գյուղացին:
Եկան, լցրին քաղաքներն հազարանուն խմբերով,
Խուլ գյուղերից անոթի բազմություններ եկան մեծ,
Հավաքվեցին երկաթե աշխատանքի տներում
Ու վաճառքի հանեցին հաղթ մկանները իրենց:
Նրանք ոչինչ չունեին ու էլ ոչինչ չունեցան,
Նո՜ւյն անոթին մնացին քաղաքների մշուշում,
Բայց սրտերը վառվեցին ու մկաններն ամրացան
Չէին նման էլ նրանք էն անիմաստ գյուղացուն:
Քաղաքների անողոք աշխատանքի հնոցում
Շչակները ճչացին աշխարհների մասին նոր,
Ու երկաթե երկնահուպ ծխնելույզի փնչոցում
Բոլո՜րն հանկարծ լսեցին մի աղաղակ ահավոր:
Մեքենաները նրանց ըմբոստ երգեր երգեցին
Եվ աշխատանքը հոգու մի նոր թռիչք ստեղծեց.
Ջղուտ բանվոր էր արդեն դաշտ ու սարի գյուղացին
Եվ ընկերներ ուներ բյուր ու երազներ ուներ մեծ:
Էսպես եղավ: Եվ ահա քաղաքներում ամրակուռ
Մի առավոտ երգեցին ծխնելույզները բոլոր
Բանվորների մասին մերկ, տառապանքի մասին լուռ
Ու բովանդակ աշխարհի մե՛ծ պայքարի մասին նոր:
Ասին՝ համայն աշխարհում երկու բանակ միայն կա՝
Մեկըխարդախ տերերի, հարուստների անկշտում,
Որ լիանում են առատ, վայելում են անխնա,
Նստում են շեն տներում և երբեք չեն աշխատում:
Նրանք, որ տաք են հագնում, ու միշտ մաքուր, ու միշտ նոր,
Գլխի տեղ վի՜հ ունեն մի ու անկշտում մի բերան,
Որ հարբում են ու փսխում, որ կերակուր ուտեն նոր,
Եվ ափսոսում են միայն, որ աշխարհը չկերան:
Նրանք, որ տերն են հիմա քաղաքների, գյուղերի,
Պալատների, բերդերի, բարիքների բոլոր մեծ
Նրանք, որ հացն են ուտում կիսաքաղցած բանվորի,
Զո՛ւրկ թողնելով միշտ նրան, որ էդ բարիքն ստեղծեց:
Սակայն բանակը մյուս, մյուս բանակը էն մե՜ծ
Աշխատավոր բյուրերի բանա՜կն է էն անսասան,
Նրանց, որ բյուր դարերի աշխատանքը ստեղծեց,
Որ աշխատանքն եղան մեծ, բայց բարիքներ չտեսան:
Նրանց, որ բյո՜ւր են հիմա, անհաշիվ ու անհամար,
Որ մկաններ ունեն կուռ ու երակներ վիթխարի
Ու հոգիներ ունեն մեծ՝ արևների նման վառ,
Եվ ստեղծում են բոլոր հրաշալիքներն աշխարհի:
Նրանք, որ հողն են փորում, ճեղքում են կուրծքը հողի,
Ու վիթխարի գետերին հոսանքներ են տալիս նոր
Կուրծք են տալիս ծովերի հորձանքներին կատաղի,
Գնացքներ են շարժում բյուր ու հանքեր են փորում խոր:
Նրանք, որ ուժն են կյանքի, կյանքի բազուկն ստեղծող,
Որ շինել են, ինչ որ կա, ինչ որ դեռ պե՜տք է լինի.
Ասին՝ ամբողջ աշխարհում ինչքան հանք կա, ինչքան հող,
Ինչքան բերք կա ու բարիքպետք է նրա՜նցը լինի:
Էսպիսի վա՛ռ երազներ մեքենաները ասին, —
Ու երկաթի անողոք շշուկներով ահարկու
Մեքենաները մի օր ահադղորդ ճչացին,
Որ պիտ կռվի ելնեն մեծ էդ բանակները երկու:
Ու տարածվեց վիթխարի քաղաքներից հեռավոր
Ըմբոստ մի ճիչ հրեղեն, մի աղաղակ հրաշեկ
Քաղաքներից երկաթե մի աղաղակ թռավ նոր.
Պրոլետարնե՜ր աշխարհի, հավաքվեցե՜ք, միացե՜ք:
Ու միացան, ամրացան նրանց շարքերը փշուր,
Ու սրտերին նրանց կուռ մեքենաները ասին,
Որ պայքարի համար մեծ ու հաղթության համար նոր
Պետք է բոլո՜րը ելնեն ու պայքարենմիասին:
Ու պայքարի ելան մեծ նրանք մի մութ իրիկուն,
Երբ պատերազմ էր երկրի սահմաններում հեռակա,
Ելան բանվոր-գյուղացիք խենթությունով ահարկու
Ու բանակներ հանեցին արիասիրտ ու հսկա:
Քաղաքներում կարմրավառ դրոշակներ պարզեցին,
Կուրծք տվեցին զորքերին արյունարբու արքայի, —
Սակայն չօգնեց բանվորին դաշտ ու սարի գյուղացին,
Անշարժ մնաց, ահաբեկ՝ աչքը ահի ու մահի:
Ինչքա՛ն արյուն հոսեց վառ, ի՛նչ ընկերներ վիթխարի
Զինվորների թրերից տապալվեցին ու կորան,
Եվ ի՛նչ ահեղ ցասումով բազմություններ բանվորի
Արյունոտած ձեռքերով վերադարձան գործարան...
Նրանք, տխուր, քաշվեցին, բայց պայքարի համար նոր
Զնդաններում, բանտերում նրանց հոգին ամրացավ,
Ու տառապանքը անհուն նրանց հոգին կռեց լուռ,
Մինչև աղետ եղավ մեծ ու ժողովուրդն արթնացավ:

IV

Աղետ եղավ: Պատերազմ: Ու ժողովուրդը անտեր
Զավակներին իր հեռու թշնամու դեմ ուղարկեց:
Չէր հասկանում, թե ինչո՞ւ. ինքը ոչինչ չգիտեր:
Գնաց երկրորդ զավակն էլու տունն ամբողջ մնաց խեղճ:
Ու հազարներ գնացին, ու միլիոններ, ու բյուրեր,
Դեպի դաշտերը հեռու ուղարկվեցին շարեշար.
Պիտի այնտեղ նրանց տաք գնդացիրը համբուրեր,
Պիտի գնդակը սուլեր ու թնդանոթը ճչար:
Այնտեղ խեղդող գազերի ամպերը տոթ ու դեղին
Պիտի հանկարծ իջնեին բանակների վրա էն,
Պիտի արյուն թքեին ու արնահազ մեռնեին
Մա՜հն էր նրանց սպասում գգվանքներով հրեղեն:
Երեք տարի շարունակ սպասեցին տներում,
Որ կռիվը վերջանաչվերջացավ սակայն նա.
Աչքերը ջուր կտրեցին՝ հառած արնոտ էն հեռուն,
Մահն էր էնտեղ դեգերում ու գլխատում անխնա:
Էսպես եղավ: Եվ ահա քաղաքներում բազմամարդ,
Ուր երկաթե բյուրավոր գործարաններ կային մեծ,
Մի առավոտ երկնահուպ ծխնելույզները երկաթ
Կոչ նետեցին զինվորին՝ զինվորի դեմ չկռվե՜ս:
Գործարանի մշուշից բանվոր մարդիկ գնացին
Ու բանակները լցրին մեծ խոսքերով իրենց նոր,
Ընկեր դարձան զինվորին, զինվորի աչքը բացին
Ու հուզվեցին, ծփացին ահա դաշտերն ահավոր:
Չհամբերեց էլ զինվոր-զորքը՝ ելավ գահի դեմ,
Ամբողջ երկիրը ելավ, որպես զինվոր մի արթուն.
Ժողովուրդը հասկացել ու արթնացել էր արդեն
Ու զինվորը էն ծերից պատերազմից եկավ տուն:
Էլ չե՜մ կռվի, — ասաց նա, — թշնամու դեմ դրսևի.
Մենք ի՞նչ ունենք կիսելու, բաժանելու աշխարհում.
Նո՜ւյն արևն է բոլորիս արևել ու կարևի
Մեր ո՜ւնևորն է միայն մեր թշնամին արնախում:
Կռի՛վ տզրուկ ու վիշապ հարուստների դեմ բոլոր,
Ո՜չ մի հարուստ չմնա թող աշխարհի երեսին: —
Էսպես ասին ու հսկա բանակներով ահավոր
Ճակատներից տուն դարձան նրանք մի օր միասին:
Ու տվեցին կրակի օրենքները հնամյա,
Հարուստների ստեղծած իրավունքը արնատառ,
Ասին՝ ամբողջ աշխարհում մի՜ իրավունք միայն կա՝
Մարդու քրտինքը զուլալ ու աշխատանքը արդար:
Հողերն առան, ցանեցին աշխատունակ, ժրաջան,
Գործարանները մի նոր հպարտությամբ երգեցին,
Մինչդեռ երկրի ծայրերից թշնամիներ բարձրացան,
Որ ետ խլեն կարգը նոր ու հաստատեն կարգը հին:
Բայց էլ զինվո՜ր էր հիմա բանվորն ու զուրկ գյուղացին,
Բազմահազար հրացան ու թնդանոթ ուներ նա.
Հավաքվեցին բյուրավոր ու բանակներ կազմեցին,
Որ մարտնչեն մինչև վերջ, մինչև ոսոխ չմնա:
Ելան, հաստատ, որպես սար ու սարի՜ պես անսասան,
Կուրծք տվեցին բյուրավոր ահեղազուրկ հարվածի,
Հազար կռի՜վ արեցին, բայց պարտություն չտեսան,
Հազար կռի՜վ արեցին ու բոլորին հաղթեցին:
Ու կռվում են հիմա էլ, որ ետ չտան էլ երբեք
Իրավունքը բանվորի, որ անսասան է արդեն.
Բարձրացել են նրանց դեմ ունևորներն ահաբեկ,
Բայց կռվում են նրանք դեռու կհաղթե՜ն, կհաղթե՜ն:
Չե՛ն տա նրանք էլ իրենց ձեռքից զենքերը իրենց,
Չե՛ն տա թշվառ գյուղացու հողը նորից ավարի.
Ինքն իրեն տե՜ր կմնա էդ ժողովուրդը էդպես
Մինչև երկիրը սառի, մինչև արևը մարի:
Չկա կյանքում էնպես ուժ, որ կարենա պայքարել
Աշխատավոր բանվորի էլ կուտակված ուժի դեմ: —
Փա՛ռք բանակին նրանց կուռ, նրանց կամքին պողպատե...
Ժողովրդին, որ կյանքում իր բախտի տերն է արդեն:

1920, Երևան

ԽԱՂԱՂՈԻԹՑԱՆ ՌԱԴԻՈ

Նորի՛ց զրնգում է հոգիս,
Դղրդում է անսանձ ահով:
Զգում եմ՝ կուտակվում է նորից
Փոթորիկը կյանքի ու մահու:

Նորից
Աշխարհի բոլոր կողմերում
Դեպի հյուսիս, արևմուտք, արևելք
Ահաձայն զրնգում է մի երգ
Ու թռչում էհեռու:

Նվագվում է նորից
Բյուրավոր սրտերի վրա
Մի անդարձ պարտության կսկիծ...
Բայց վառվում է նո՜ր մի քուրա:
Բոցկլտում է միլիոն աչքերում,
Սրտերում արևտենչ ու վառ,
Երկաթե, բրոնզե կրծքերում,
Կրծքերումկարմի՜ր մարմար:
Սրտից-սիրտ թռչում է մի ճիչ
Օրերում այս ահեղ ու խենթ
Հեծկլտում է հիվանդ մի քրքիջ,
Զառանցում է մի տենդ:

Իսկ նրանց աշխարհում ավեր,
Ինչպես մի ուղեղում հիվանդ,
Սնուցվում են արնոտ դավեր,
Արյունի կարոտ ու խանդ:
Լոնդոնից, Փարիզից, Պեկինից
Մինչև Պո, ու Բեռլին, ու Լիոն
Զառանցում է Նյու-Յորքը նորից
Ու տենդում է դեղին Տոկիո՜ն...

Ու նրանց դաժան երազում
Թնդանոթը ճչում է բութ,
Գնդացիրը արյուն է հազում
Ու տանկերը սեղմում են անգութ:
Ու կապույտ ծովերի վրա
Զրահապատ նավերը մեծ
Նորի՛ց հորանջում են հիմա
Արյունռուշտ ձանձրույթից իրենց.
Բացել են բերանները լեն
Ու նրանց դեղին որկորից
Մռնչում է մահն հրեղեն
Նորից...

Իսկ մե՞նք, որ ելել ենք կռվի,
Մարտնչել ենք դարե՛ր ու դարե՛ր,
Հարբել ենք երազով հեռվի,
Երազել ենքկարմիր արև:
Երազել ենք հզոր աշխատանք
Միլիոնի, բյուրի, բոլորի, —
Խնդությո՛ւն աշխարհից-աշխարհ,
Խենթությո՛ւն անմար հրի...

Մենք, որ բյուր երազներ ենք սնել
Օրերի աքսորում, բանտում,
Օրերում դժվար ու անել, —
Մերկ, հոգնաբեկ, անտուն:
Մաշել ենք մկանները մեր,
Ձեռքերով մեր պողպատ ու քար
Փորփրել ենք միլիոն հանքեր
Դարերում անսահմա՛ն երկար...
Որ եղել ենք հին Աթենքում,
Կանգնեցրել ենք Մեմֆիսն ու Թեբեն,
Դարերից անցել ենք անքուն
Ու հարթել ենք կյանքի ճամփեն:

Ու հազար դարերի տենդում
Մեզ ծախել են նրանք ոսկով
Բայց հիմա եկել ենքխնդուն,
Ու հասե՛լ ենք հիմաՄոսկով:
Ծփծփում են հիմա հողմավար
Բանակները մեր բյուր,
Շառաչում են վարար,
Լեռնանում են, շաչում ամենուր:
Ձգվում են մկան առ մկան,
Ցանցում են աշխարհը հին, —
Կեցե՛լ ենք հզոր, հաղթական,
Սպասում ենքվերջի՛ն կռվին:

Ասում ենք. — Ծառացե՜ք հիմա,
Եկե՜ք, ինչքան կաք կյանքում,
Սպասում ենք ձեզանահ,
Սպասում ենքանքուն:
Երազում ենք բանակները ձեր սև,
Որ պիտի հորդեն նորից,
Որ քանդեն մեր ուղին լուսե,
Լուսավոր ուղին բոլորի:
Եկե՜ք, ինչքան կաք: Եկե՜ք:
Մեր կրծքերը պողպատ են ու քար:
Այս օրվան սպասել ենք մենք
Դարերումանսահմա՛ն երկար...
Եկե՜ք, հեղեղե՜ք, հորդե՜ք,
Ծփացե՜ք ոհմակ առ ոհմակ,
Հյուսիսից մինչև արևելք
Տարածե՜ք ավերում ու մահ:
Ոսկեղեն արևի ներքո
Թող շողան ոսկի սվիններ, —
Եկե՜ք, դարերի խորքից
Անընդհատ արշավող հոներ:
Դուք, որ միշտ մեր քրտինքն եք կերել
Ու հարբել քրտինքով մեր տոթ, —
Եկե՜ք, թե կուզեք չլինել
Մեր վերջին կռվից հետո...

Մենք ասում ենք, — Կա՜նք, կլինե՜նք,
Աշխարհում ինչքան կա դեռ արև,
Ինչքան կա աշխատանք ու երգ,
Մկաններպողպատե, քարե:
Եկե՜ք Փարիզից, Լոնդոնից,
Նյու-Յորքից, Բեռլինիցեկե՜ք.
Սպասում ենք նորից, — նորից
Մեր ճակատը հպա՛րտ է ու սեգ:
Սպասում ենք կռվին վերջին
Եվ գիտենքվերջին կռվում
Ձեր հետքերը պիտի կորչին
Մեր երթի լուսավոր հեռվում : —
Եվ ձեր խեղճ դիերի վրա
Մեր քրտինքը զուլալ, սրբազան
Կվառե խնդության մի քուրա,
Կկապե պայծա՛ռ ծիածան...

1921, ԵրևանՄոսկով

ԱՄԵՆԱՊՈԵՄ

ՍԿԻԶԲ

ԵսՀայասաանցի պոետ
Երկիր, ուր մշուշ է ու մահ
Բոլորի՜, բոլորի՜ համար
Երգում եմ
Նորից
Հիմա:

Բայց ինչո՞ւ միայն ես երգեմ,
Միայն ես, և ո՜չ թե նրանք,
Որ օրերը այս հողմածեծ
Գրոհել են անցյալի վրա:

Նրանք, որ փոշոտ, արևոտ,
Օրերի խոնավ մշուշում
Աշխատում են, եռում, պայքարում
Այս աշխարհի փոշում:

Որ հոսում են քրտինքի նման
Աշխարհի երեսն ի վայր
Ու սրբում է, տանում է քամին
Ու խառնում է նրանցիրար:

Եվ մի՞թե դուք չգիտեք,
Որ ամեն մի անհայտ բանվոր,
Որ ձեռքով իր երկաթ է կռում
Հազա՛ր պոեմներ ունի
Իր հուժկու, երկաթ թոքերում:

Չգիտե՞ք...
Իմացե՜ք հիմա:
Ականջներդլայնբացե՜ք. —
Ուրիշ հանճարներ չկան
Աշխարհումնրանցից բացի՜:

Եվ գիտե՞ք, թե ինչե՞ր են երգել,
Ինչե՛ր են ստեղծել նրանք
Ինչպիսի՛ պողպատե երգեր,
Ինչպիսի՛ եռանդ ու կրակ...

Երգել են
Եվ երգը նրանց,
Դարերի սարսափից անահ
Կանգնել է՝ վիթխարի, հաստատ,
Նրանց երգը
Աշխարհը
ահա՜:

Աշխարհը
Քաղաքները բոլոր,
Ճամփաները, փոշոտ խճուղին, —
Վերջին արտաքնոցը քարե
Ու բոլո՜ր բերքերը հողի:

Ինչպիսի՛ բազմալար երգեր
Ու հրաշք,
Հեքիաթ,
Հիացմունք:
Ողջո՛ւյն, բյուրհանճար ընկե՜ր, —
Հանքագո՛րծ,
Հանքափո՛ր,
Հացթո՜ւխ...

Այո՜:
Ինչո՞ւ միայն ես:
Թող բոլո՜րը նրանքերգեն:
Բոլորի՜ն, բոլորի՜ն, բոլորի՜ն
Երգեն:

Եվ ինչո՞ւ միայն նա՜ երգի — .
Միայն նանաիրցի մի Պողոս. —
Իսկ Իվա՞նը, Յուսո՞ւֆը, Չունկ-Ֆո՞ւն,
Որ իրար ճանաչում են վաղուց,
Եվ մի՞թե դուք չգիտեք,
Որ կարող է այսօր Տիբեթից
Մի Խուն-Յուն ինքնիրեն թռչել
Ռաշտ, Պետրոգրադ, Թիֆլիս:
Կամ աշնան տերևի նման
Կարող է թռչել Կարոն
Կուզեք, թող լինի Հագո
Թիֆլիսից՝ Մարսել, Երևան,
Պեկին, Գահիրե, Չիկագո՜:

Օ, աշխարհը վաղո՛ւց է դարձել
Մի փոքրի՛կ, փոքրի՛կ փողոց...
Վաղո՛ւց դեղնավուն Պեկինից
Մինչև Նորք իր ձեռքը պարզած՝
Մի Չունկ-Ֆու կարող է ասել. —
Բարի լո՛ւյս, բանվո՜ր Պողո՜ս...

Էլ ինչո՞ւ միայն նա երգե
Թող երգեն, ինչքան մարդ որ կա.
Թող աշխարհը ամբողջ երգե,
Զրնգա՜,
Զնգա՜,
Զնգա՜...

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last