Չարենց Եղիշե՝   Երկեր

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Next Last

Քո ժողովուրդը չարքաշ.
Հազարամյա զրկանքով,
Հազա՛ր սրով զարկած հար՝
Մարտիրոսյա՛լ իր կյանքով
Իր եզերքում հայրենի
Հազիվ գտած հող մի բուռ
Քշվե՜լ է հար իր բնից,
Իր խրճիթից ընդհանուր...

ԺԴ

Քեզ չմնաց անգամ քո
Հայրենիքում դեռ աճած
Մի բուռ ցնորք, մի խուրձ խոտ
Կամ թոնիրում թխած հաց...
Գերի երկրում քո անթով
Անգամ մի մա՛յր, որը քեզ
Սնե՛ր անգին իր կաթով
Եվ հավատով իր փրկեր...

ԺԳ

Չար ուրագան մի շաչող,
Դաժան մրրիկ մի ահեղ
Քշեց շյուղի նման չոր,
Հողմի նման խելահեղ, —
Եվ տերևներ ինչպես հին
Ծառից ընկած ու անկյանք
Քշեց երախը մահի
Թե՜ մայրերին, թե՜ մանկանց

ԺԴ

Զարհուրելի եռանդով,
Ինչպես քաղցած մի գազան
Սրբեց կամքով մի քանդող
Երկիր ու տուն սրբազան
Լափեց եզերքը քո հին՝
Ե՜վ ժողովուրդ, և՜ վաստակ, —
Եվ անապատ ամայի
Դարձավ երկիրն Հայաստան...

ԺԵ

Ինչպես գրքից պոկված թերթ,
Կամ չորացած արտի շյուղ,
Նետված հողմով այն անեզր
Մահվան քամուն ու փոշուն, —
Դու՝ հանճարի նման մեր՝
Հազարամյա ուրվական՝
Դարձար տերև մահամերձ,
Քշված ոգի ու վկա...

ԺԶ

Հողմով տարված ինչպես շյուղ, —
Ուղիներում դու տեսար
Հրաճարակ կյանք ու խուղ,
Եվ ժողովուրդ հրկիզված: —
Ինչպես մահո՜ւ մանգաղով, —
Տեսար գյուղե՛ր դու հնձած, —
Այդ ժողովո՜ւրդն էր քո ողջ,
Որ քեզ տվեց երգի ձայն...

ԺԷ

Եվ արդեն խո՛լ դարձած հողմ,
Խաղերի ծուխ ու փոշի՝
Քշված ձեռքով անողորմ
Զարհուրելի մի ուժի, —
Խելակորույս քո ոգին
Դո՜ւրս շպրտվեց երկրից հար, —
Եվ թափառեց տարագիր,
Իբրև մեռա՛ծ երգի բառ...

ԺԸ

Վիթիխարի եզ մի ինչպես՝
Սովից տոչոր՝ հանկարծ գա,
Լիզե մի ողջ ոսկի դեզ
Եվ չթողնի հե՜տք անգամ, —
Այդպես աղետն այն զարհուր
Անցավ բարձրիկ քո դաշտից, —
Եվ դաշտն ամբողջ դարձավ մո՜ւր,
Ինչպես արտը՝ երաշտից: —

Ի

Հալածակա՜ն, որպես քո
Ո՜ղջ ժողովուրդն այն պահին
Խելակորույս քո ոգով
Չարվեցի՛ր դու Մահի...
Ո՜չ. — չմեռա՜ր այնժամ դու,
Այլ սարսափից խելագար՝
Երազեցիր դառնալ տուն,
Որ աշխարհում էլ չկար...

ԻԱ

Եվ՝ սարսափից խելագար
Ե՜վ գզգզված, և բոկոտն
Մահվան սքեմ դու հագար
Եվ սնվեցիր քո ոգով: —
Բայց քո ոգին չքամեց
Եվ չէ՜ր կարող քամել ժանտ
Այն զոհերի մեծամեծ
Արյունը սուրբ ու անչափ...

ԻԲ

Անհնարի՜ն էր, Վարպետ,
Որ քո ոգին ստեղծող
Հղիանա՛ր ու արբեր
Ավյունով ժանտ ու խոցող...
Անհնարին էր, որ քո
Երգի ոգին հանճարեղ
Նաիրական իր երգով
Այնժամ երգեր մի արև

ԻԳ

Անհանգրվան, ինչպես նոր,
Հալածական Արքա Լիր՝
Սրտում քո՝ սո՛ւրբ մի ցնորք՝
Անէացած մի երկիր, —
Զգեցած մահ ու սարսափ,
Տեսած և՜ ահ, և՜ դժոխք, —
Ինչպես կարող էր անսալ
Ոգին քո կյանք ու ցնորք

ԻԴ

Քո հին սրինգը գրկած,
Իբրև մանուկ մի ազատ,
Որ դեռ պահում է երգած
Երգերիդ շունչն հարազատ, —
Քո այդ եղեգն երգեցիկ
Հեռու ափեր դու տարար.
Բայց դու երբեք չերգեցիր
Նրանովե՛րգ փրկարար...

ԻԵ

Անհանգրվան տարվեցիր
Երկրից. երկիր, որպես մերկ,
Անհայրենիք մուրացիկ,
Որ հացի տեղունի ե՜րգ: —
Բայց չլսեց ոչ ոք քեզ,
Քեզ ոչ մի սիրտ չգթաց, —
Միայն քամին մորմոքեց,
Միայն անձրևն իջավ թաց...

ԻԶ

Եվ ափերում այն օտար,
Ուր քեզ նետեց հողմը սև
Դու ունկնդիր չգտար,
Իսկ պատահմամբ թե լսեց
Քեզ մի անցորդ կամ մոլոր
Մի ուղևոր հոգնաբեկ, —
Տեսար, որ նույն հողմերով
Քշվածներ են նրանք հեք...

ԻԷ

Նրանք՝ իրենքտարագիր,
Իրենք՝ և՜ որբ, և՜ անճար
Ունկնդրում են քո երգին,
Որ երազեն ու տենչան, —
Որ՝ բռնելով քո թելից
Իրենց սրտով կարոտող
Դառնան երկիրն այն էլի,
Գոնե հուշով փարատող

ԻԸ

Ինչ պիտի տար սրտին քո,
Քո հանճարին որբացած
Նրանց անհող արցունքով
Ցողված ոգիդ նրբաձայն...
Հեռու երկրից քո այն վառ.
Ժողովրդից՝ դարձած հուշ
Ո՞նց քո ոգին որոտար
Կարոտանքից նրանց ուշ...

ԻԹ

Որքան էլ պի՜րկ նա լիներ՝
Ստեղծագործ քո ոգին
Ո՞ր դաշտերում նա հիներ
Երգն իր անմահ մորմոքի...
Ա՛խ, ծաղկի սերմն՝ հայրենի
Հող չի՜ հաճախ ճանաչում, —
Բայց սե՜րմն հոգումիայն իր
Հայրենիքում է աճում

Լ

Ամայացա՛վ քո ոգին,
Ինչպես անջուր հանդի հող,
Եվ մազերին քո չոքեց
Ձմեռ ու ձյուն անողոք: —
Եվ գետնահար, որպես ծառ՝
Պոկված հողմով կատաղի
Բեկվեց ոգին քո պայծառ՝
Առանց բույրի ու շաղի: —

ԼԱ

Քո հեռավոր երկրի ջեռ
Արոտների նման ա՜յն,
Որ դարձրեց սև մի ձեռք
Հերկ խորշակյալ և ունայն, —
Խորշակյալ դաշտ դարձավ չոր
Այդպես ոգի՜ քո հնչեղ,
Որ ո՜չ արև կենսաշող,
Ոչ հույսի շող չշնչեց: —

ԼԲ

Հո՛ղ ցանեցիր ու մոխիր
Քո մազերին զառամյալ, —
Եվ՝ հալածված ոսոխից՝
Երազեցիր միայն մահ...
Զառանցանքի մեջ զարհուր
Երազվեցին քեզ հեռվից
Հրդեհ ու ջարդ ընդհանուր
Եվ գլխատում արևի...

ԼԳ

Ապա խավար իջավ խոր
Եվ հանճարեղ քո ոգում
Փռվեց գիշեր ու ժխոր,
Եվ մտքի մուժ բորբոքուն. —
Եվ տարինե՛ր անցան սին,
Եվ քո ոգին խելագար
Կիզվեց հուրո՜վ այն զազիր,
Մինչև գիշեր վերջին գար: —

ԼԴ

Ո՛վ հայրենի մեր երգի
Հրե հանճար տառապած.
Դու չտեսա՛ր քո երկրի
Արշալույսը փառապանծ...
Իբրև աճյո՛ւն դու եկար,
Իբրև մեռա՛ծ տարագիր, —
Հին դաշնության դու վկա
Եվ առաջին քարակիր

ԼԵ

Անհանգրվան, ինչպես մի
Տերև, պոկված իր ծառից՝
Քեզ վտարեց մի քամի
Քո հայրենի աշխարհից, —
Եվ քո ոգում՝ հայրենի
Հուշն արյունով նա նշեց
Զառանցանքով արյունի՝
Հորդած կարմիր մի գիշեր — …

ԼԶ

Ճի՜շտ է, Վարպետ: — Քո ոգուն
Իջած մուժի՜ նման մառ.—
Եվ հալածող մահաթույն,
Եվ խավարի պես խավար, —
Այն օրերում մեր երկրի,
Մեր աշխարհի՜ վրա ողջ
Իջել էր սև ավերքի
Զարհուրելի մռայլ քո՜ղ

ԼԷ

Այն օրերին արդեն մեր
Ողջ աշխարհում համարյա՝
Նստե՛լ էր սև, ինչպես նեռ,
Մեր սև ոսոխն հնօրյա, —
Ինչպես բերքի տեղ հանդի՝
Հնձեն թուփեր վարդենի, —
Այդպես մահու գերանդին
Հունձն էր արել արդեն իր: —

ԼԸ

Ո՛ղջ աշխարհում արդեն մեր,
Ծայրեիծայր համարյա
Կենդանի հունտ էր ինչ դեռ
Պարտեզներում հնօրյա, —
Եվ՝ ամենից առաջ՝ ինչ
Բողբոջ ու ծի՜լ էր ոգու՝
Որ շյուղ անգամ էլ չաճի
Հնձել էր ձեռքն ահարկու: —

ԼԹ

Վերջին հողի վրա լոկ,
Վերջին քարին հայրենի,
Ցցված կղզու նման շոգ՝
Օվկիանում արյունի, —
Վերջին քարի վրա այդ,
Դեռ մնացած անողող ՝
Զառանցում էր հուսահատ
Մեր ժողովուրդը՝ դեռ ողջ...

Խ

Զառանցում էր կիսամեռ
Ժողովրդի մեր մի բուռ
Մնացորդը, որ չուներ
Էլ փրկության կարծես դուռ: —
Հորդաներով ամեհի
Շրջապատված ու ողող՝
Տերն էր նաև «հայրենի»
Քշում անդունդն անողոք...

ԽԱ

Ինչպես մարդկանց նավաբեկ՝
Կառչած լաստին մոտեցող
Ծովահենն է հրում լերկ
Մոլեգնությամբ դեպի ծով. —
Ժողովրդի ինչպես մեր
Բեկորները այդ չնչին. —
«Հայրենական» տերն էր դեռ
Հրում անդունդը վերջին...

ԽԲ

Փորձանքներից հարատև
Արդեն կորած, անուղի,
Այդ շյուղն անգամ մահամերձ
Ժողովրդի ու հողի, —
«Իր» տերերի ձեռքով սև,
Որպես դիակ՝ կրծքին քար
Պիտի սուզվեր վերջապես, —
Թե փրկությունը չգար

ԽԳ

Բայց փրկությունը եկավ
Խո՛ր խավարում, ինչպես լույս
Արեգակի հեռակա,
Որ ճառագում է վերուստ
Որպես հրաշք նա եկավ,
Որպես որո՜տշառաչեց, —
Խնդությունից խելագար,
Մի փրկչի պե՜ս փառաճեմ...

ԽԴ

Հեռուներում հյուսիսի
Պայթեց որոտն այդ ահեղ:
Ո՜չ մի ուրիշ Հիսուսի
Դեռ այդպիսի խելահեղ
Խնդությամբ չէր առաջել,
Տառապյալ մարդն իր օրում,—
Ո՜չ մի փրկչի համբավ չէ՜ր
Այդպես շաչել դեռ հեռու...

ԽԵ

Ո՜չ մի փրկիչ աշխարհում
Դեռ չէր եկել այդքան մեծ,
Այդքան զորեղ ու արու,
Այդքան և՜ հաշտ, և՜ աններ: —
Դեռ աշխարհի սկզբից
Մինչև օրերն այս նորոգ
Չէր տեսել կյանքը փրկիչ՝
Այսքան ատող ու ներող: —

ԽԶ

Դեռ աշխարհ չէր եկել մինչ
Փրկչի գալուստն այս անհուն
Այսպիսի բիրտ մի փրկիչ,
Այսպիսի սուրբ մի անուն: —
Շա՛տ է տեսել տառապած
Մարդն աշխարհում «փրկիչներ», —
Բայց այսպիսի փառապանծ
Դեռ փրկիչ չէր կյանք իջել: —

ԽԷ

Տառապած մարդն աշխարհում
Փրկիչներ է տեսել բյուր
Ինչ-որ չարի ու բարու
Տախտակներով ընդհանուր: —
Նրանք եկել են անխախտ՝
Միշտ՝ Աստուծո անունով՝
Բերելու լույս ու նոր բախտ
Զուրկ սրտերին՝ հանուն հոր: —

ԽԸ

Նրանք եկել են սիրո
Ե՜վ տանջանքի, և՜ հլու
Չարչարանքի խոսքերով,
Խոստանալով անմար լույս:
Նրանք եկել են խոնարհ,
Փշյա պսակ ձեռներին,
Իբրև անպարտ մի զրահ՝
Բախտ կռելու մի վերին: —

ԽԹ

Նրանք եկել են բոլոր
Հոգնածներին, խեղճերին,
Հոգիներին այն մոլոր,
Տառապանքի լճերից
Մաղձ ու լեղի լոկ խմող
Թշվառներին տալու զենք, —
Որպեսզի կյանք նրանք նոր
Եվ նոր բերկրանք երազեն: —

Ծ

Եվ՝ աշխարհի սկզբից
Մինչև օրերը ներկա
Ինչքան եկել է փրկիչ՝
Մորուքը կարճ, թե երկար, —
Դեմքով կարմիր, թե դեղին
Կամ սպիտակ, անգամ սև,
Նույն խորհուրդով լոկ հղի՝
Նույն պատգամն են բերել — «Սե՛ ր»:

ԾԱ

«Սե՛ր»... — Մարդկության անցյալ ողջ
Պատմության մեջ, — մարդկության
Երազներում՝ այն դողդոջ
Կապկանման մարդու լայն
Գազանատիպ բերանով
Հնձած խոսքից առաջին,
Մինչ «հանճարեղ մարդը նոր»
Նույնն են կրկնում բառացի...

ԿԳ

«Օ՛, եղբայրներ կարոտյալ,
Եվ գոսնացած, և՜ բորոտ,
Դուք չեք տեսնում լուսափայլ
«Կյանքն» աշխարհում այն նորոգ: —
Թե վիճակված է անհուն
Երջանկություն երկնային, —
Իսկ նրանց՝ վի՜շտ անանուն
Ընկան երբ գիրկը մահի...» —

ԿԶ

«Ուրեմն դո՛ւք եք կյանքի
Երանյալներն իսկական, —
Ով զավակներ զրկանքի,
Որ տառապել եք այնքան, —
Օվկիանի պես անեզր
Սիրով խոնարհ ու ներող, —
Սիրեցեք սև շղթաներ
Կռողներին ձեր բոլոր…: —

ԿԷ

Ինչքան ուզում են նոքա՝
Այդ կեսարներն անբարիշտ՝
Խարույկներով բորբոքած՝
Ողջակիզեն ձեզ ընդմիշտ, —
Միևնույնն է սիրեցե՛ք
Դահիճներին ձեր այդ դուք, —
Ձի եղբայրներն են ձեր հեք,
Ձեր զոհերն են նոքա կույր...: —

ԿԸ

Ձեր եղբայրնե՛րն են անգետ
Մեծատուններն այս կյանքի,
Որոնք պիտի ժառանգեն
Երկնային փառքը անգին...
Որքան կյանքում այս նոքա
Վայելեն ու հղփանան, —
Այնքան կյանքում ապագա
Պիտ հալածվեն ու տոկան...»: —

ԿԹ

«Գանահարեն թող նոքա
Եվ հալածեն հիմա ձեզ, —
Եվ կրակով բորբոքած
Կիզեն ձեր կուրծքը հրկեզ,
Միևնո՛ւյն է, սիրեցե՛ք
Ստրուկներին դուք այդ ծույլ, —
Զի ճնշվածներ են լոկ հեք,
Եվ զոհեր են նոքա կույր...» —

Հ

Օ՛, եղբայրնե՜ր կարոտյալ
Ե՜վ գոսնացած, և՜ բորոտ, —
Եկեք սրտով ձեր օծյալ,
Եղեք ոգով համբերող, —
Քանզի կյանք եք միայն դո՜ւք.
Կյանքի տերերն իսկական
Եվ ոչ ոգով այն ստրուկ՝
Բորոտյալներն իսկական» —

ՀԱ

«Օվկիանի պես անեզր
Սիրով խոնարհ ու ներող
Սիրեցեք ձեզ շղթաներ
Կռող ձեռքերն այդ գերող...
Քանզի նշված են նոքա
Նիշով անդարձ մի մահի, —
Իսկ դրախտում ապագա
Ձեզ կա վայե՛լք երկնային...»: —

ՀԲ

Ո՛վ, տառապյալ մարդկության
Հազարամյա պատմություն, —
Ո՞ր անդունդում դու գտար
Այս թույնի պես մի սև թույն, —
Ի՞նչ չարչարանք է անել
Իր թույնը սև քեզ նյութել,
Որ երազանքն այս անել
Տարիներով քեզ դյութեց...

ՀԳ

Եվբյո՜ւր անգամ, որ կրկին
Բյուրապատիկ խոցված սիրտ, —
Անգոյության եզերքից
Ընկած եզերքը այս բիրտ, —
Ինչ հալածանք դու զարհուր
Այս աշխարհում կրեցիր,
Ո՞ր երազանքն այս հանուր
Քո ընդերքում սնեցիր...: —

ՀԴ

Եվ չգիտեմ անգամ ես,
Թե պատմության մեջ ամբողջ
Որքան էլ սև ու հրկեզ,
Որքան էլ մութ անողոք, —
Եղե՞լ է մի ավելի
Հիմարական զառանցանք, —
Քան երազաքն այս՝ վերին
Բախտ խոստացող ու բերկրանք...

ՀԵ

Ինչպե՞ս է մարդը չարքաշ,
Որ երկրային է անչափ, —
Հավատացել այդ «առկախ»,
Ցնորքին սուտ ու անշահ, —
Ի՞նչպես է նա անհաշիվ
Դարե՛ր, — և ոչ լոկ «հոգին»,
Այլև իր կյանքն ու կաշին
Տվել այդ սին ցնորքին...

ՀԹ

Հին երազին իր ընտել
Տառապյալ մարդն աշխարհում
Սպասում էր փրկչին դեռ՝
Սին հույսերով զարդարուն,
Երազում էր, որ կգա
Նա հեզությամբ ու սիրով,
Սակայն ահեղ նա եկավ՝
Կայծակներով ու հրով:

Ձ

Ոչ Հիսուսի պես խոնարհ,
Ոչ Բուդդայի նման հեզ,
Մրրկաշունչ նա եկավ,
Որոտաձայն ու հրկեզ:
Եկավ ձեռքին բռնած իր
Ոչ թե «սիրո» տախտակներ,
Այլբռնություն անպատիր,
Ատելություն մարտատենչ:

ՁԱ

Ոչ թե «ներման» ու «գթի»
Սին պատգամներ նա բերեց,
Այլ փրկարար որոտի
Եվ հարվածի աներեր:
Առ իշխաններ ու արքան
Կյանքի տերերն այն բոլոր
Հռչակեց ոխ արնակամ,
Ատելություն արնհոլով:

ՁԲ

Շառաչելով նա եկավ,
Որոտալով որպես հողմ,
Մոլեգնությամբ խելագար,
Հուր սփռելով ամեն կողմ:
Տախտակներին նրա հուր
Մի պատվիրան կար գրած՝
«Դաշտերինդաշն ընդհանուր»,
«Պալատներինպատերազմ»:

ՁԳ

Ո՜չ հնազանդ ճորտի «սեր»,
Ո՜չ հեզություն ու ներում,
Հատուցման հուր հրդեհեց
Նա ճորտացած սրտերում:
Մե՛ծ պայքարի նա կոչեց,
Պատերազմի աններում,
Որ խնդություն բողբոջե
Զրկվածների սրտերում:

ՁԴ

Բերքն ինչպես է հնձում իր
Դաշտի մշակն եռանդուն,
Այդպիսի մեծ մի հնձի
Կոչեց նա հար ու անդուլ,
Հարուստների, տերերի
Հունձք հռչակեց վերջնական,
Որ ոչ մի ուժ չբերի
Էլ նրանց ետ հավիտյան:

ՁԵ

Եվ չնայած որ չուներ
Իր շողշողուն ճակատին
Փրկիչն այն նոր ոչ անէ
Սիրո պսակ մահատիպ,
Եվ ոչ կնիք նա ուներ
Հեզահամբույր նոխազի,
Բայց չէր, եկել փրկիչ դեռ
Աշխարհայսքա՛ն գեղեցիկ...

ՁԶ

Թավալգլոր որպես մի
Ձյունագնդակ կրակե,
Որին քշում է քամին
Հրաբորբոք ու հրկեզ
Գլորվում էր հյուսիսից
Դեպ արևմուտք ու հարավ,
Դեպ Էվերեստ ու Մասիս ՝
Դեպ արևելքը ծարավ: —

ՁԷ

Շառաչելով որպես հողմ,
Աչքերում հուր փրկարար՝
Շաչեց նա բորբ, անողոք
Կյանքի ծովում մի վարար, —
Արդեն ահով ողողված,
Արդեն հառնած մեր հողին
Իբրև արև շողշողաց,
Իբրև փարոս և ուղի

ՁԸ

Եվ փրկարար, որպես մի
Հրե հրաշք կենսաբեր,
Նա (խոյացավ ամեհի),
Տվեց (խոյացավ անմեհի),
Մահվան անէ կապանքից, —
Մեր բազուկներն ազատեց, —
Եվ բերկրանքի ու կյանքի
Նոր մի երկունք մեզ պատեց...

ՁԹ

Բորբ հառնեցինք մենք նրա
Հրե շնչին ընդառաջ
Որպես արև հուրհուրան
Հառնած հոգի մի վառած: —
Հառնած ոգով հնօրյա
Եվ ավյունով դարավոր ՝
Ընդունեցինք մենք նրան,
Իբրև փրկչի փառավոր:

ՂԱ

Լենինյան շունչն էր այդ բորբ,
Որ որոտի պես շաչեց,
Մրրիկներում հեռավոր՝
Լեզուների պես բոցե. —
Մղված ոգով նրա մեծ,
Այդ ժողովուրդն էր ազատ,
Որ նորոգ կյանք տվեց մեզ
Եվ հայրենիք հարազատ: —

ՂԱ

Մեզ հայրենի տվեց հող,
Հերկ՝ ձեռքերով մեր հերկած, —
Դաշտ՝ արգանդում իր պահող
Հանճարի հունտն արևկա.
Հանճարի հուրը այն որբ.
Որ դարերից մինչև մեր
Այս օրերը հրաբորբ
Երգն է երկնել մեր անմեռ

ՂԲ

Հրահանգեց մեզ ապա
Մեր առաջնորդն հանճարեղ,
Որ ազգերի փառապանծ
Սուրբ դաշնություն մենք կռենք:
Որ ժողովուրդն ամեն մի,
Իր հանճարով ինքնագույն
Կերտի երգն իր հայրենի
Անկրկնելի ու մաքուր: —

ՂԳ

Եվ օրերում քո տեսած
Ժողովուրդները այս ճորտ
Այսօր երկրում հարազատ
Կյանքն են կռում իրենց նոր: —
Դարձած մի մեծ ժողովուրդ՝
Բազում ազգերն այն անցյալ՝
Նույն երկնքի ներքո լուրթ
Կերտում են երգ մի պայծառ...

ՂԴ

Կերտում են երգ մի պայծառ
Ազգությունները բոլոր,
Իբրև մի հաղթ ծիածան
Բազմանման գույներով
Ծիածանում մեր այդ սուրբ
Ամեն մի ազգ միայն յուր
Գույնն է հյուսում ու հյուսում
Նույն ծիածանն ընդհանուր...

ՂԶ

Եվ եզերքում մեր նորոգ,
Հայրենիքում ահա մեր
Արդ ողջունում ենք սիրով,
Քո վերադարձը, Վարպետ: —
Իր տարագիր հանճարի
Վերադարձն է տոնում արդ
Ժողովուրդը քո արի
Հայրենիքով իր անպարտ

ՂԷ

Հազարամյա ճո՜րտ անհող,
Իմ աներկիր ժողովուրդ,
Էլ չկա քեզ կործանող
Ոչ մի դժնի, խեղդող ցուրտ. —
Եվ հնամյա իր երգով
Գիրկն է դառնում քո անմահ
Ահա քո շուրջը երգող
Քո ձայնապետը անմահ: —

ՂԸ

Վերադարձել է ահա
Քո հայրենիքը ազատ,
Մեռած սրտում քո պահած
Նրա փոշին սրբազան.
Գուրգուրեցի՛ր այն խավար
Զառանցանքում քո անդուռ,
Բայց չբացվեց քեզ համար
Դարձի շավիղ դեպի տուն

ՂԹ

Հալածական երգ մեր հին,
Հանճարեղ ձայն դու մեր որբ, —
Դեմքիդ կնիքը մահի,
Բայց միշտ անմահ ու միշտ բորբ. —
Չորս ծայրերում աշխարհի
Ինչքան եղար դու խաչված,
Մինչ հայրենիք դառնայիր՝
Նոր պայքարամ նվաճված

Ճ

Օ՛, հնամյա դու մեր հույս՝
Ոգու զրույց դու մեր հին,
Որքան զրկանք ու կորուստ
Եվ լուսե զոհ մենք բերինք
Մինչ այս դարձի համար քո,
Եվ հայրենի, և ազատ
Այլ պայքարով ու երգով
Հիմնեցինք հող հարազատ: —

ՃԱ

Եվ չգիտեմ ես՝ արդյոք
Կա՞ աշխարհում մի այլ երգ,
Որ քո երգի նման խոր,
Եվ արնաթոր, ինչպես վերք
Ժողովրդի սրտում իր
Տարիներով որբացած
Լինի այնքա՛ն մտերիմ,
Որքան ուղին՝ նոր բացած: —

ՃԲ

Եվ չտեսար, ո՜վ երգիչ,
Այս հայրենիքը նորոգ,
Որն իբրև մայր ամոքիչ
Արևային իր սիրով
Բուժեր քո սիրտը խոցված
Սև տեգերով անցյալի,
Դափնեպսակ դներ պարզ
Քո ճակատին պանծալի:

ՃԳ

Իբրև աճյուն դու դարձար
Քո հայրենիքը, որ քեզ
Հուշ էր թվում որբացած,
Մեռած զրույց, որ որպես
Արդեն անդարձ, կորած հեք,
Ննջած մի այր՝ դրած հող, —
Չի՜ բարձրանա էլ երբեք,
Որ արևի ըմպե շող...

ՃԴ

Արդյոք կարո՞ղ էր քո սուրբ,
Բեկված հոգին երազել,
Որ դառնալու ես մի օր
Քո հայրենիքը վսեմ,
Որ պիտի շուրջդ բուրի
Սերն ու գգվանքը մեր այս
Եվ Չարենցը համբուրի
Քո շրթունքները մեռած

ՃԵ

Բայց հայրենի երկրում քո,
Մայր-քաղաքում նրա հին,
Պատվանդանի վրա նոր
Եվ սրտերի վրա հիր՝
Ահա մարմինը քո սուրբ,
Իբրև մասունք զմռսած՝
Բարձրացել է վեհաշուք
Եվ բարձրաբերձ՝ իբրև սար

ՃԶ

Սեր է բերել և գորով
Քո ժողովուրդն ահա քեզ
Քո հնօրյա երգերով
Օրորելով սիրտդ կեզ. —
Սիրտդ տանջանք տեսած լոկ
Եվ չարչարանք կրած հեզ, —
Ահա քեզ փա՛ռք երգելով
Այնքան հպարտ ենք արդ, տե՜ս

ՃԷ

Կարոտով խոր իբրև վերք
Եվ երկյուղով սրբազան
Խոնարհվել եմ ահա ես
Աճյունիդ դեմ երգաձայն,—
Սիրտն ու հոգին իմ ահա
Նույն ափսոսանքն են հորդում՝
Օ՛, իմ անդարձ ննջած հայր,
Որ չտեսար քո որդուն

ՃԹ

Կարծես տեսել եմ ես քեզ,
Մանկությունից մինչև մահ
Դեգերել եմ կարծես ես
Ուղիներում այն ամա: —
Բռնած քո ձեռքը դողդոջ,
Հանուն ջրի ու հացի՝
Դեգերել եմ որպես գող՝
Կույր իմ հոր հետ մուրացիկ

ՃԺ

Այդպես բռնած ձեռքը ծեր
Հալածական իմ հոր՝ ես
Հաց եմ լեղի մուրացել
Հեռուներում աղեկեզ. —
Ցուրտ բակերում ժամերի
Հիվանդ հոր հետ իմ պառկած
Երազել եմ ես մեր հին
Տունն հեռավոր, ինչպես հաց...

ՃԺԱ

Եվ հեռավոր մի ժամի
Պատերի տակ ցրտահար՝
Ես առաջին անգամ ինձ
Երջանիկ եմ տեսել, հա՜յր: —
Հա՜յր, առաջին անգամ ես
Կյանքում ժպիտ տեսա քո
Շրթունքներին, երբ որ քեզ
Մի բաժակ թեյ տվի գոլ...

ՃԺԲ

Հետո փակել եմ հոգնած
Քո աչքերը՝ ընկած խոր, —
Եվ քարերին այն պառկած՝
Ննջել կողքին մեռած հոր: —
Առավոտյան իմ մռայլ,
Իմ մեռած հոր դեմքին ցուրտ
Երանության անայլայլ
Ժպիտն էր նույն հանգչում լուրթ...

ՃԺԳ

Եվ հողմերին հեռավոր
Տալու մարմինը քո, հայր,
Կարո՞ղ էի ես արդյոք
Զառանցանքում անգամ վառ
Օ՛, երազել անգամ լույս
Վերադարձիդ մասին այս, —
Որ հայրենիք ես գալու,
Իբրև աճյուն զմռսած...

ՃԺԴ

Մի՞թե իրոք դուայն բիրտ
Ծերունին չես ննջած հար,
Որ անունով միայն իր
Կոմիտաս չէր, այլ Աբգար: —
Ինչպես մեռած մարգարե
Քարաքանդակ իր նաշում,
Մի՞թե դու չես երկարել
Այն իրիկվա մշուշում...

ՃԺԵ

Եվ մատները այն դողդոջ,
Մոմե մատներն այն բարակ,
Որ փակեցին մի օր քո
Հոգնած կոպերն անկրակ՝
Չէի՞ն արդյոք այն իմ խեղճ
Մատները որբ դեռ գերի
Նվագների տրտմաշեշտ
Եվ տերյանյան երգերի...

ՃԺԶ

...Իբրև մեռած մարգարե ՝
Պառկել էր նա այդպես միշտ,
Դեմքը մի քիչ երկարել
Եվ խաղաղվել էր ընդմիշտ: —
Իսկ անդագաղ նրան երբ
Իջեցրինք գերեզման. —
Խաղաղությամբ նայեց վեր
Եվ արքայի էր նման...

ՃժԷ

Եվ վայրկյանին ահաայդ,
Երբ որպես սուրբ մի նաշից,
Արքայական վեհությամբ
Նայեց նա խեղճ իր փոսից, —
Ես հասկացա, որ այդ խիստ,
Այդ մռայլ մարդն աշխարհում
Բարի մի հայր էր միայն
Եվ տխրությունն էր սիրում...

ՃԺԸ

Այն տխուր մարդն էր, որ իր
Մռայլ տեսքի տակ ուներ
Մի անսահման սիրող սիրտ
Եվ երազի հեռուներ, —
Որ ահաբեկ իր կյանքում
Ոչ մի անգամ չժպտաց,
Բայց գիտեի, որ հոգում
Ունի հուրեր մշտակայծ...

ՃԺԹ

...Տխուր մի մարդ էր նա լոկ
Եվ երազող ուներ սիրտ,
Ուներ ոգի համբերող,—
Դեմքն էր միայն նրա բիրտ: —
Դեմքն էր նման փականքի,
Որ նա երբեք չբացեց. —
Ահաբեկվել էր կյանքից
Եվ զրկանքից քարացել:

ՃԻ

...Ո՜ չ մի անգամ չժպտաց
Նա հոգնատանջ իր կյանքում
Տեսա ամպի պես մթնած
Ես նրա դեմքը մանկացուց: —
Գոց մնաց դուռն երկաթե
Մինչև վայրկյանը մահվան, —
Եվ միայն մայրս գիտեր,
Որ այնտեղ սերն է պահված:

ՃԻԱ

...Չհամբուրեց աշխարհում
Նավակներին նա երբեք, —
Եվ ժամերով նստած լուռ՝
Չպատահեց, որ արբեր: —
Մարդու հանդեպ չարացած՝
Ո՜չ խոհերի, ո՜չ հացի
Նա չունեցավ բարեկամ,
Լռությունից իր բացի:

ՃԻԲ

...Եվ տարիներ միայն վերջ՝
Արդեն բեկված, արդեն լուրջ՝
Նոր հասկացա միայն ես,
Երբ նրա պես դարձա լուռ
Որ երգերում բոլոր իմ
Եվ խոհերում այնքան վեհ՝
Ինչ կա անհուն ու խորին,
Այդ միայն նա՜ է տվել...

ՃԻԳ

...Որ իր ամբողջ կյանքում լուռ
Ի՜նչ չէր վատնել նա երբեք,
Ի՜նչ չէր այրել իբրև հուր
Եվ չէր երգել իբրև երգ,—
Երազներում իր տխուր,
Պահած անգամ իրենից. —
Թաքցրել է այնքան խոր,
Որ իբրև գանձ բաշխի ինձ...

ՃԻԴ

Կա տառապանք անվեհեր
Նաիրական քո դեմքին ՝
Խոհն աշխարհի այն ավեր,
Շողն հանճարի աներկիր...
Նա էր այդպես պառկել վեհ
Մի օր հողե իր փոսում
Որպես վկա հանճարեղ ՝
Հազարամյա մի նաշում

ՃԻԵ

Եվ հիրավի դու անմահ
Հայրն ես երգի մեր համայն,
Որ տարագիր գտած մահ՝
Տուն ես դարձել արդ միայն: —
Դու թաղվելու ես եկել
Երկրում քո նոր, որ արդեն
Դարձել է հաշտ ու հզոր
Եվ քեզ բերում է վարդեր...

ՃԻԶ

Կարդում եմ ես քո հոգնած,
Մագաղաթյա կոպերին
Եվ ճակատի վրա բարձր
Մտերմություն մի վերին: —
Նույն մտորումն ու անհուն
Նաիրյան խոհն հարազատ, —
Նույն երազանքն անանուն՝
Հազարամյա երազած: —

ՃԻԷ

Ճգնավորի դեմքով ծեր
Մարտիրոսի դեմքով սուրբ, —
Օ՛, ուրվական դու վսեմ,
Թափառական մեր Հիսուս, —
Ճգնավորի ճակատով
Եվ մորմոքով վկայի՝
Նո՜ր ես հառնում ահա դու
Իբրև վկա ներկայի...

ՃԻԸ

Օ՛, վարդապետ անվեղար.
Որ վայրերում վրդովիչ
Ձայնի հովի՜վ լոկ եղար՝
Ձեռքիդ սրինգ մի թովիչ:
Դու աղոթքի փոխարեն
Ձայն խնկեցիր միայն վեհ
Դեպի երկինք, որ բյուրեղ
Ժողովրդիդ սիրտն էր մեծ...

ՃԻԹ

Ո՛վ նաիրյան հանճարի
Հազարամյա դու տեսիլ, —
Որքան զրկանք ու չարիք
Դու աշխարհում կրեցիր. —
Մարտիրոսյալ հավիտյան.
Որպես անհող մարգարե
Դու հանգրվան չգտար
Կյանքումդարեր ու դարեր: —

ՃԼ

Եվ միայն արդ, Նահապե՜տ,
Գիսախռիվ, կորացած,
Հազարամյա հոգնաբեկ
Թափառումից քո դարձած ՝
Պիտի հառնի շողշողուն
Հանճարիդ հուրն այգաբեր,—
Եվ խոր հանգչեն մեր հողում
Քո ոսկորներն հոգնաբեկ...

ՃԼԱ

Իբրև աճյո՛ւն դու դարձար
Քո հայրենիքը ազատ, —
Իբրև մասունք մի պայծառ,
Իբրև նշխար հարազատ, —
Եվ հայրենի քո հողում,
Հին հանճարի իբրև սերմ՝
Կբարձրանա՛ նա բեղուն,
Երկրիդ ցողով ցողված ջերմ: —

ՃԼԲ

Իբրև աճյուն դու դարձար, —
Բայց հայրենի երկրում քո
Հանճարիդ հունտն հրացայտ
Կբարձրանա՛ նոր բերքո՜վ: —
Բեղմնավորված սրբազան
Քո աճյունով և անեզր
Արեգակով մեր կիզած՝
Հողն հազար ծի՛լ կտա մեզ:

ՃԼԳ

Մե՛ծ ցնծություն է հիմա
Մեր սրտերում, ո՛վ երգիչ: —
Տոնն է երգի իր անմահ
Տոնում հառնած մի երկիր: —
Դարձի համար քո այս վեհ,
Վերադարձի քո անմահ
Կյա՜նք ենք կերտել արդեն մենք
Ե՜վ արևոտ, և՜ անմար: —

ՃԼԳ

Վերադառնան պիտի դեռ
Հազա՛ր սրտեր տարագիր,
Զարհուրելի հեռուներ
Տարված հողմով հարաբիրա: —
Իբրև սրտե՛ր կենդանի,
Իբրև աճյուն կամ մասունք
Սրտեր քանի՛, դեռ քանի
Հողն են իրենց երազում...

ՃԼԵ

Վերադառնա՛ն պիտի դեռ
Հայրենի հողը բուրյան՝
Իբրև նորո՛գ երկրի տեր
Ե՜վ Թումանյան, և՜ Տերյան: —
Շիրիմներից իրենց որբ
Իրենց դարձին են նայում
Ե՜վ Դուրյանի սիրտը բորբ,
Ե՜վ Մեծարենցն հմայուն: —

ՃԼԶ

...ՄիջագետքիցՕրենսբուրգ,
Հելեսպոնտից մինչև Վան, —
Ո՞ ր աշխարհում արդյոք սուրբ
Չկա մասունք նաիրյան...
Ո՞ր ափերով աշխարհի
Քո մերկ ոտքերը չանցան, —
Օ՛, նաիրյան հանճարի
Հազարամյա Սերմնացան...

ՃԼԷ

Պիտի դառնան դեռ հերթով
Տարագիրներն այդ անթիվ, —
Որ աճյունով կամ սրտով
Դառնան աղբյուր եռանդի: —
Կենդանի սիրտ, թե աճյուն. —
Իբրև հունտեր հանճարեղ,
Բեղմնավորե՛ն պիտի սուրբ
Հայրենի հողն արդ իրենց: —

ՃԼԸ

Իսկ դո՜ւ, ոգի՜ երգի մեր,
Վերադարձած արդեն տուն, —
Օ՛, սրբազա՛ն բերքի պես
Ընդունեց սիրտը խնդուն.—
Ցնծությունից խելագար
Ժողովրդի սիրտը քեզ, —
Իբրև աճյուն դու եկար,
Բայց իբրև կյանք ընդունեց: —

ՃԼԹ

Ինչպես երգերը քո ջերմ,
Ժողովրդի սիրտը մեծ
Իբրև բարիք, իբրև սերմ
Մի ոգեղեն ընդունեց, —
Քեզ կընդունե այդպես հար
Հայրենի հողն արդարև
Ե՜վ քո աճյունը արդար,
Ե՜վ քո ոգին հանճարեղ: —

ՃԽ

Թո՜ղ ամոքվի՜ վերջապես
Հազար սրով զարկած խոր
Սիրտդ հողում մեր հրկեզ,
Որպես գրկում սիրած մոր: —
Որպես վսե՛մ ողջակեզ՝
Հոգնած աճյունը քո թո՜ղ
Գտնի հանգի՛ստ վերջապես
Եվ հայրենի դառնա հող

ՃԽԱ

Եվ հայրենի այդ հողից,
Չանցած գարուն մի քանի
Կելնեն շքե՛ղ և ուղիղ
Երգի շյուղե՛ր կենդանի: —
Եվ շշունջում երգեցիկ,
Հնչեղ երգում նրանց խոր
Կապրի հանճարը քո ջինջ
Անմահ երթի՛ ելած նոր...

ՃԽԲ

Կխաղաղվի՛ վերջապես
Խոնջած աճյո՛ւնը քո հար
Դարձած մոխի՛ր կենսաբեր,
Դարձած ավյո՛ւն, դարձած քար: —
Անէացա՛ծ, սրբացած
Կապրի ոգիդ հմայող՝
Դարձած ելնո՛ղ երգի ձայն
Եվ հայրենի՛ դարձած հող...

30V1936

30XI1936

(Ուշ գիշեր)

ՆԱՎԶԻԿԵ

Արփիկին, Արփիկին,
Իզաբելլային
Իմ ամենաչքնաղ երկը
Ե. ՉԱՐ. 1936.21. IX.

ՀԻՆ ՆԱՎԶԻԿԵՆ

I

Նայադների՛ նման, նայադների՛ նման
Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով մորմոք և կորստի կսկիծ...

Մանկությունից անդարձ՝ իմ օրերում անցած,
Տարիներիս կարմիր ավազի մեջ
Ինձ թվացել է միշտ, որ կարոտիս կառչած
Ինձ սպասում է իմ Նավզիկեն...

Նախ կարոտի նման դեռ անծանոթ կյանքի,
Բիլ ծովերում նավող նավակի մեջ՝
Իբրև ցնորք գայթող, կամ երազանք անգին
Հեռուներից կանչեց իմ Նավզիկեն:

Եվ օրերում ապա, տարիներում անդարձ,
Վայրկյաններիս կարմիր ավազի մե՜ջ
Երազեցի ընդմիշտ, թե կարոտիս կառչած՝
Ինձ սպասում է իմ Նավզիկեն...

Մերթ աղջըկա նման, մերթ մանկական տեսքով,
Մերթ որպես կին տեսած երազի մեջ, —
Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո
Պատկերացել է ինձիմ Նավզիկեն:

Մերթ սպիտակ, որպես մարմարոնյա արձան,
Մերթ միկենյան կավե մի վազի պես, —
Մերթ եբենյա մարմնով եգիպտուհի դարձած՝
Հմայել է հեռվից իմ Նավզիկեն: —

Մերթ կոնքերով ողորկ, որպես ձուլած արծաթ,
Մերթ՝ որպես էգ մի օձ երազի քեզ ՝
Մերկ, աչքերով կանաչ, մի կին դարձած
Անեղծ մի կույս կարծած իմ Նավզիկեն:

Մերթ շորերով շրշուն, մերթ ծածկոցով ծածան,
Մերթ՝ լուսնային շղարշ հագածի պե՜ս, —
Ամբողջովի՜ն մերթ գոց, մերթ մերկացած՝
Կնությունը բացածիմ Նավզիկեն...

Նա մերթ կանչել է ինձ սրինգային ձայնով,
Մերթ՝ քնարի քնքուշ նվագի պես, —
Մերթ՝ դարերո՜վ ծանոթ, մերթ՝ միայն նո՜ր
Ինձ հարազատ ձայնովիմ Նավզիկեն:

Վերելքներում անծայր, հովիտներում այն ցած,
Կամ ծովափնյա ոսկե ավազի՜ մեջ, —
Մերթ շառաչում ծովի, մերթ լճերում անձայն
Ես լսել եմ քո քայլքը, իմ Նավզիկե՜:

Ես սպասել եմ քեզ յուրաքանչյուր վայրկյան,
Եվ երազել, որ երթըս երազվի քե՜զ, —
Յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուր վայրկյան,
Կնոջական ցնո՜րք իմ, իմ Նավզիկե...

Ե՜վ հանճարեղ երգում, և՜ հանճարեղ գրքում՝
Ե՜վ հանճարեղ ամե՜ն մի կտավի մե՜ջ, —
Եվ հյուսիսում, և հին Արևելքում,
Եվ հարավում դեղին, իմ Նավզիկե՜:

Շրջադարձում, երթում, քայլափոխում ամե՜ն.
Հսկող հսկա դեպքի, կամ դավի պես, —
Ես սպասել եմ, որ կամ դու, կամ ես
Կճանաչենք իրար, իմ Նավզիկե՜:

Յուրաքանչյուր բացվող առավոտվա, կամ իմ
Յուրաքանչյուր տեսած երազի մեջ, —
Անդամ մի դուռ է երբ իմ դեմ բացում քամին
Հանդիպումդ եմ հսկում, իմ Նավզիկե:

Մանկությունից իմ լուրթմինչև կեսօրն իմ թեք,
Իմ օրերում անցած երազի պես, —
Ես սպասել եմ, որահա կելնես իմ դեմ,
Ամենօրյա ցնորք իմ, Նավզիկե՜:

Եվ իմ գրքերն ամեն, և իմ երգերն անմեռ,
Եվ բորբոք հուրն իմ այս ծարավի կեզ, —
Ի՜նչ որ արել եմ ես, ի՜նչ անելու եմ դեռ
Քեզ գտնելու համար է, իմ Նավզիկե...

Եվ մինչև օրն այն սև, մինչև դառնա նսեմ,
Մինչև ավյունս ամբողջ նվազիքեզ
Ես փնտրելու եմ իմ ուղիներում լուսե,
Անհասնելի՛ իմ սեր, իմ Նավզիկե՜...

Եվ պոետի հռչակ, և՜ փառքի տենչ խորին,
Եվ արնահամ երգի, երազի սե՜ր, —
Ես տենչացել եմ լոկ հավատալով, որ ինձ
Դեռ սպասում ես դու, իմ Նավզիկե...

Որ վարդերի՜ս անդարձ, տարիներիս հնձած,
Անդառնալի ցնդած երազի տեղ
Իմ օրերի վերջում, իբրև անհուն ընծա
Ինձ ժպտալու ես դու, իմ Նավզիկե...

Նայադների՛ նման, նայադների՛ նման,
Կարոտներիս ձայնով կանչել ես ինձ, —
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով լոկ մահ և կորուստի կսկիծ...

II

Կնոջս՝ Արփենիկ Չարենցի հիշատակին

Նայադների՛ նման, նայադների՛ նման,
Կարոտներիս ձայնով կանչեց նա ինձ, —
Նա խոստացավ սիրո անհատնելի հմայք
Եվ ինձ թողեց միայն մահո՜ւ կսկիծ...

Նաժիշտներով իր յոթ շրջապատված՝
Նաժիշտներով սիրո և ցավի կե՜զ, —
Իբրև հոժա՛ր կամքով մահապարտված՝
Ընդունեց սերն իմ սևիմ Նավզիկեն...

Կարոտներիս ծովի կղզիներում անցած
Դու իմ կղզին Լղար միակ ոսկե, —
Բայց սև աղետ դարձավ և մահացու հանցանք
Քեզ համար սերն իմ սև, իմ Նավզիկե

Եվ վարդագույն, ինչպես մի վարդագույն մարջան,
Կարոտներիս կարմիր ավազի մեջ
Դու ժպտացի՛ր, անցար, աներևույթ դարձար,
Օ, մահացու իմ սեր, իմ Նավզիկե...

III

...Արդեն նաի՛վ դարձած նայադների նման,
Նայադների նման քնքուշ ձայնով
Խոստանալով գարո՜ւն ու գարնանային հմայք
Այն ո՞վ է ինձ կանչում, այն ո՞վ...

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Next Last