Չարենց Եղիշե՝   Երկեր

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Next Last

Երգեր հմայիչ, կատակներ ուրախ
Իմաստուն խաղեր, որ ունեն անհուն,
Երբ ոգին ինքն է իրմով հիանում,
Երբ ոգին ինքն է սանձարձակ թևում
Թաքնված չքնաղ մարմնի ետևում...
«Ամառվա երազ», «Վալպուրգյան գիշեր»,
Զվարթ «Աթթա Թյոլ» և որը հիշես...
Թողնենք սակայն այս զեղումն հիմա, —
Եկել են ահա երազի նման
Շարվել են քո դեմ «հերոսները» քո,
Բուդդան է նայում վերևից իր հին
Հավիտենական ժպտացող դեմքով, —
Եվ ես վերջապես... Հավիտենական
Կանացիության ուրվականն անմահ...
Կանչել ենք այս քաջ այրերին ահա,
Որ լուծեն մթին հանգույցը կյանքի.
Դե, ասա՜, ես քո ստրուկն եմ հլու,
Ո՛վ, դու բանաստեղծ, ոգի անհանգիստ, —
Ի՞նչ հարց ենք արդյոք մենք սոցա տալու...
Պատասխան. —
Դու ինքդ էլ գիտես ինձանից էլ լավ...
Քո դեմքն եմ ուզում, որ իմ դեմ բանաս,
Չես բացել <……….> այս հերոսական
Այրերի հանդեպ < >
< >

Գաղտնիք է եղել... Եվ նոքա եթե
Բացել են երբեմն հպումով թեթև,
Իմ դեմքը մի պահհաղորդել են այն
Գրքերում իրենց, երգերում ունայն,
Եվ արկածներում, որ եթե իրենք
Չեն պատմելապա ուրիշներն են միշտ
Պատմել շարունակ: — Թե որքան է ճիշտ,
Նրանց հաղորդածնայդ ինքդ գիտես.
Հայտնի է ինձ լոկ, որ գերել եմ ես
Մարդկանց հավիտյան, բայց չեն հասել ինձ:
Մթին է եղել հանելուկն իմ հար,
Ինչպես այդ պատին խփած պատկերի
Իմաստը թաքուն... Եվ այժմ ահա,
Թե ուզում ես այս այրերի ամբողջ
Իմաստությանը հասկանալսոցա
Տանք, մի հանելուկ լուծելու չնչին.
Թող մեկ-մեկ սոքա պատմեն մեզ պայծառ
Որմնապատկերի այդ իմաստը հին, —
Եվ ով սրանցից ավելի հստակ,
Ավելի խորունկ հասկանա ամբողջ
Իմաստը այդ հին չինական գորգի
Նա էլ < >
Եվ հաջող ………………. >
Համաձայն...... ………………>
Դիմացի նկարը

Դեղին մետաքսյա ֆոնի վրա < > չինական նկարչության պրիմիտիվ ոճով պատկերված է անհեռանկար մի պեյզաժ, ավելի շուտ իրար մեջ պայմանական ոճով հագցրած մի քանի փոքրիկ պեյզաժներ, որոնք կապված են իրար ոչ թե օրգանական ձևով, այլ զուտ պայմանական, ֆրագմենտալ ոճով: Պաննոյի աջ անկյունը մի գորշ դաշտանկար է. մի ցածլիկ չինական <……..>, բռաչափ բրնձի արտ: Մի տարիքոտ կորաքամակ չինացի: Այս ֆրագմենտը լոտոսների և եղեգների ֆանտաստիկ օրնամենտով միանում է երկրորդ
ֆրագմենտին, որի վրա նկարված է հախճապակյա մի չքնաղ պալատ, պատշգամբով, դեմը լազուր լիճ, պատշգամբում մի չքնաղ աղջիկ, իսկ ներքևում նրբիրան մի պատանի նվագաբանը ձեռքին երգում է՝ երազային աչքերը հառած պատշգամբի գեղեցկուհուն: Այս երկրորդ ֆրագմենտը նույնպիսի օրնամենտով միացած է երրորդ ֆրագմենտին, որի վրա նկարված է մի ծեր ալեհեր < ...... մորուքի…………> <՜ . . . գիրք է կարդում. գիրքը դրված է…………………..> < . . դրված է կրակի վրա ………. > է եղեգնյա աթոռի վրա……> դռան առաջ……………> վրա, կարծես ճահիճում լողացող տախտակամած է, որ օրորվում է կանաչավուն, նեխած ջրերում, որոնց միջից գլուխները հանած, ահագին աչքերով երկինք են նայում կանաչավուն գորտեր, մողեսներ և կարմիր ձկներ... Այս է պաննոյի ամբողջ բովանդակությունը:
< >
< >
Որպեսզի տեսնեմ, ինչպես ես <հարթել>
Այդ հերոսական այրերի համար
Ճանապարհ դեպի քո հմայքը հին...
Ո՛վ գերերկրային թագուհիդ անել, —
Թույլ տուր նոքա գան, և իբրև գերի
Հավիտենական կանացի հրիդ
Իրենց սուրասայր սրերը հանեն,
Ելնեն քո առաջ մահվան պայքարի,
Որ տեսնեն՝ արդյո՞ք ինչով են թերի
Ինչո՞ւ չեն արդյոք հասել նոքա քեզ,
Ինչպե՞ս են արդյոք մոտեցել լույսիդ
Ո՞ւմ սերն է եղել ավելի հրկեզ
Եվ ո՞ւմ վարանումն՝ անիմաստ ու սին...
Բոցը.—
Իսկ ո՞ւմ ես ուզում դու կանչել արդյո՞ք,
Տարբե՛ր է եղել այնքան դարերում...
Թե վարանումը, թե ուղին մարդու...
Հեղինակը
Երբ նայաւմ եմ ես լույսիդ անհուն
Եվ փորձում տեսնել ընթացքը ոգու, —
Տեսնում եմ, որ բարդ ուղիներում քո
Դեգերել են բյուր բազմաթիվ այրեր
Բայց շարքում դոցա քչերն են միայն
Իրենց ինքնության տիպարով փայլել...

< >
< >
< >
Բայց պարզ <……..> հանճարեղ
Այրերի ձայնով մարդն է խոսում <………….>
Իր պարզ, մի քանի գծով հիմնական...
Դեմքեր են դոքա, տիպարներ պայծառ
Եվ մարդն ինչքան էլ փոխվի աշխարհում
Կլինեն նման կերպարանքներ հար՝
Իհարկե, տարբեր, օ՛, իհարկե <………>

Բանաստ. —
Եվ ո՞վ է արդյոք առաջինըայդ
Կերպարանքների շարքում...

Պ.—
Օ՛, արի,
Աքիլլեսն անշուշտ, հերոսն այդ վսեմ.
Հեկտորը անշուշտ, Հեկտորը, կասեք
Օ՛, ոչկյանք <…………..> տարբեր
Անունների մեջ ելած իրար դեմ...
Եվ մարդիկ դարեր հավասար սիրով,
Նույն հիացմունքով, փայլով ու հրով
Դրել են նոցա ճակատներին վես
Դափնիներ կանաչ, և հուրհուր վարդեր...

Բ. —

Ովքե՞ր են մյուս հերոսներնասե՜ք,
Թվեցեք հերթով, որ կանչեմ նոցա
< >
< >
Որի մազերին <…….> է թափած
Իսկ սրտի վրա կասկածանք ու մահ...
Գալիս է ապա բոլոր դարերի
Եվ բոլոր անմահ ժողովուրդների
Մեծագույն հերոսն, այրն այն իմաստուն,
Որին <......> կամ թե պարզապես
«Ֆաուստ» են ասում: — Սրանք են ահա
Համայն աշխարհի և կյանքի համայն
Ստեղծած տխուր հերոսները մեր
Բայց ուզում եմ ես,
Որպեսզի լրիվ լինի իմ կյանքի
Վարանումների պատկերը <…...>
Կանչենք մենք նաև հայ <…..>
<…………………………………………..>
Ստեղծած երեք հերոսներին մեծ...
Այդ հերոսներից առաջինը հենց
Դավիթն է, որին ես հայ Աքիլլես
Անունն եմ տալիս մտքում իմ հաճախ,
Նմանությունը թեև արտաքին,
Ձևական է լոկ: — Իսկ երկրորդըախ,
Քեզ տարօրինակ թվա քիչ գուցե,
Բայց նա՝ կարտոնե զրահներն հագին
Քաջ Նազարն է մեծ... Սակայն մեծագույն,
< >

Դագլուխ պահող Կիկոսն է անմահ...
Որ չի ստեղծել ոչ մի ժողովուրդ
Աշխարհում այդ մեր Կիկոսի նման
Մի ցայտուն տիպար, այսքան մի հմուտ
Կերպարանք, որ ողջ մի ժողովրդի
Անցյալի տիպարպատկերը լիներ

Բուդդա — (իր պատվանդանից)

Անհնարին է, իրոք, չընդունել
Այդպիսի անհերք մի ճշմարտություն...
Ես, որ պահվելով իմ նիրվանայի
Կապույտ եթերում գտել եմ հանգիստ,
Դժվար ապրեի ու դիմանայի՝
Կրելով այդքան տառապանք ու վիշտ...
Բայց ուղին նրա անմիտ է ու սին,
Հասել է արդյո՞ք նա խաղաղության
Ոգու ու սրտի... Օ՛, իհարկե, ոչ, —
Հարգում եմ թեկուզ ես այդ Կիկոսին,
Բայց չեմ նախանձում, այդ անվերջ, անխոնջ
Ջգտումին նրա՝ անպայման տևել...
Իր այդ ձգտումով նման է նա քիչ
Իշու... որ ունի... թռչելու թևեր...

Բոցը.—
Ա՛խ զուր ես հեգնում, բուդդա, դու նրան,
Եվ զուր է կարծում բանաստեղծը, որ
Կիկոսն է միակ հերոսն հուրհրան:

Հեղինակը. —
Կանչիր դու նրանց, թող գան խնդությամբ.
Թող լցնեն մի պահ սենյակն այս տխուր
Եվ ուղի բանան իմ ոգուն, որ միշտ
Ուզում է թռչել չգիտեմ թե ուր

Ժամանակակից քննադատի
դիրքը՝ գրքակալից. —

Ո՞նց թե չգիտե, չգիտե թե ո՞ւր...
Կտրվել եք դուք բարեկամ կյանքից,
Գնացեք դեպի կյանքը ընդհանուր
Դեպի դաշտերը մեր աշխատանքի...

Բոցը.—
Օ՛, այդ նա գիտե, ձեզանից էլ լավ...
Այդ չէ հարկավոր այս պահիս նրան...
Ուրեմն կանչեք հերոսներին այդ
Թող գան հուրհրան...
Օ՛, դուք տիտաններ մարդկային կյանքի,
Մարդկային մտքի և հիմարության,
Տիտաններ խոհի և աշխատանքի:

Մի վայրկյան տիրում է խոր լռություն: Իրոնիական ժպիտով վերևից նայում է Բուդդան պոետին, որ նստած է՝ երանելի ժպիտը դեմքին՝ նայելով Կապույտ Բոցին, գրքակալներին, նամանավանդ, գրքերի այն շարքին, որտեղից լսվեց ժամանակակից քննադատի ձայնը: Լռությունը տևում է մի քանի վայրկյան, հետո:

Ձայնը. —
(Դիմելով ինչ-որ արարածի)
Օ՛, դու, թագուհի, կյանքի ու մահի,
Բոլոր դարերի, բոլոր դաշնությանց,
Բոլոր ձևերի և իմաստությանց,
Դու, որ աշխարհի խորքը ամայի
Դարձնում ես հար պայծառ ու լեցուն
Դու՝ աստվածային քաղցրությամբ լեցուն
Թագուհի մտքի, բանականության,
Զգացմունքների և երանության
Դու ամբողջություն, լիություն անհուն,
Դու բազմածնունդ և հազարանուն,
Մարդկային կյանքի առաջին օրից
Մինչև վախճանը մարդկային կյանքի
Օ, դու որ հավետ, նորից ու նորից
Սնունդ ես տալիս մեր անրջանքին, —
ԴուԿապույտ լերան թագուհի լուսե,
Դու անվերջ մաքուր և անդարձ վսեմ, —
Բոլոր դարերի, բոլոր ազգությանց,
Դասակարգերի և փոփոխությանց,
Ալեկոծ ծովով անվերջ ընթացող
Օ, ցնորք լուսե < >
Դու, որ < . . . .>
< >

Սկզբից մինչև
Մարդկային կյանքի
Այսօրը վսեմ
Ձգտել է մարդը
Լիության, սակայն
Ձգտումն այդ վսեմ
Եվ հերոսական
Մեկ-մեկ է միայն
Դարձել իրական...
Միայն առանձին
Հանճարներ են դեռ
Հասել բարձունքին
Այդ վսեմ ու վեհ...
Եվ այն էլ միայն
Պահերին այն լոկ,
Երբ հանճարն այդ մեծ
Իր շրջապատի
Շեփորն է եղել
Հազարապատիկ. —
Չես գտնի դու, մա՜րդ,
Շրջապատից դուրս
Ո՜չ փառքի գագաթ,
Ո՜չ հանճարի լույս
Ճակատագի՜ր է
Կոչվել այդ հնում, —
Այժմդու ինքդ ես
Ետևից գնում

< >
Երբ այն իմ դեմ <…..>
Եվ անհուն <....>
Նշված է ուղին <…..>
Ուղին դառնության
Եվ անազատ է
Այդ ուղին այնքան,
Որ զգում եմ ես,
Ներքուստ, որ ոչինչ
Էլ չկա վսեմ,
Եվ չկա էլ ջինջ...
Տրված է արդեն
Իմ ուղին վերուստ
Էլ ո՞նց ավարտեմ
Ես երգը իմ լույս
Էլ ոնց իմ ոգու
Ինքնությունն հայտնեմ,
Երբ տրված է ինձ
Այդ ուղին արդեն,
Իբրև ճանապարհ,
Որ միակն է, ախ, —
Եվ չկա՛ <հնար> ,
Որ ելնեմ խիզախ
Իմ ոգով հիմա
Եվ ուղի բանամ...
Մնում է, որ ես
Միայն իմանամ
Այն, որ ինձ վերուստ
Նշված է արդեն
Չեմ ուզում երբեք,
Որ ինձ կաշկանդեն
Ուժեր թշնամի

< >
< >
Եվ հավիտյան
Ես այլ եմ միշտ, միշտ չքնաղ, —
Միշտ ջահել եմ և ուրախ...
Հասկանալ ինձ, դնել նեղ
Շրջանակի մեջ անշունչ
Նշանակում է լինել
Իմ թշնամին արյունռուշտ
Քանի եղել է, կա
Կյանքը հավետ թարմ ու նոր
Ես խորհուրդ եմու չկա
Ինձ համար բանտ ու աքսոր...
<1937>

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

***

Աստվածամա՛յր, հեռացած կնոջ պատկեր լուսե,
Իբրև տեսիլք՝ ճառագած երազներում մեր հին...
Քեզ նվիրած հիմներում մենք մեր ցնորքն ենք հյուսել՝
Ա՜յն, ինչ տրված ենք ուզել երազներում փիրուզե
Մեր մարմնաբույր, մեր հողե սիրուհիներին

19321933

***

... Բարձրանում է բերքն անցան հայրենական երկրի, —
...Թեկուզ չկա՛ Սերմնացաննհայրենական երկրի... ...
Դու ի՜նքդ ես քո սերմնացանն, — հայրենակա՜ն երկիր...

1933 — <1936>

***

Հիշում ես՝ ինչքա՛ն անփույթ էիր դու
Խոհերիդ հանդեպ, երգիդ, գործերիդ,
Տրվելու էր քեզ կարծես թե ձրի
Թե փառքը երգչի, թե դեմքը մարդու: —
Թվում էր, թե հար կգնա այդպես
Կյանքըդ մինչև մահերգով ու հանգով. —
Կարո՞ղ էիր դու զգալ, որ այն քո
Օրերով, ինչպես կածանով անտես
Բարձրանում ես մի գագաթ երկնահաս,
Որից անցյալիդ քայլն յուրաքանչյուր,
Թվալու է քեզ անծանոթ հնչյուն,
Որը նոր պիտի դեռ դու հասկանաս
Եվ այն, որ առաջ, իր հնչած ժամին
Մի աննպատակ ձայն է թվացել
Պիտի գա հետո, որ սուրն իր ցցե,
Ինչպես ոսոխի սիրտը թշնամին...
Եվ թոթովածին հնչյուններիդ դեմ
Դու մի օր պիտի քո կուրծքը բանաս
Իբրև հարկատու, որ շատ է անահ
Իրեն պարտք տված գանձը շպրտել
Եվ այդ հատուցման ահռելի ժամին
Ա՜յն պիտի միայն քեզ մահից փրկե, —
Որ՝ դատավո՜ր ես լինելու դո՜ւ քեզ
Ավելի՜ դաժան, քան ժանտ թշնամին...

1933

***

Ո՞վ կտա ինձ գիտելիք,
Ո՞վ կտա աչքեր,
Որ պարզ նայեմ աշխարհին,
Հպարտ ու անահ: —
Որ չլինեմ ես գերի,
Չլինեմ անգետ,
Եվ սիրտըս միշտ և՜ բարի
Ե՜վ արի մնա...

1933

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

...Մենք Տերյանից սովորեցինք
Երգել երգեր անորոշ,
Մեր քնարը նվիրեցինք
Մշուշների ու սիրո, —
Եվ երբ եկան որոշ օրեր,
Որոշ գործեր եկան երբ, —
Անվարժ հնչեց քնարը մեր
Եվ մնացինք առանց երգ...

1933

***

Քսան տարվա գործ է այս
Եվ քսան տարում
Որքա՛ն ցնորք ու երազ
Եվ որքա՛ն արյուն...
Բայց վաստակից քո այս մեծ
Եթե մնա անմեռ
Գոնե մի բառ կամ մի էջ
Երջանիկ ես հավետ...

1933. 2. Երևան

P. S. ...Խե՛ղճ ցանկություն բավականին, —
Բայց մարդկայի՛ն, բայց մարդկայի՛ն...

1934.12

ԱՐՓԻԿԻՆ

Երբ մեծանասկարդա այս գիրքն, իմ անգին,
Որ հասկանաս խնդությունը իմ կյանքի.

Որ իմանաս, թե ինչո՜վ եմ եղել ես
Իմ օրերում թե՜ ինքնուրույն և թե՜ մեծ: —

Գլխավորըսա՜ է, մանկիկ իմ լուսե, —
Մնացածըմիայն լեգենդ է մի սև

1933. II. 12

***

Երեխաներն են բակում աղմըկում,
Եվ ժիր վազվզում, և ծեծում իրար. —
Այդպես անառակ ու աղմըկարար
Ձգտումներն էին ղժժում քո հոգում,
Դեռ երեկ, երբ դու կարծում էիր, թե
Մեր կյանքն է մի դաշտ, ու մարդը թիթեռ, —
Եվ երգերը քո թվում էին քեզ
Դեպի փառք տանող ծնծղաներ շաչուն, —
Եվ ո՛ւշ հասկացար, որ երգերըդ քեզ
Գցելու են մի ամեհի կրկես,
Ուր արյամբ են լոկ հռչակ նվաճում

19331936

***

Որքան էլ սիրո հուրերը չար
Ե՛վ չարաճճի, և դավաճան
Մեզ խրցեն հաճախ, դավեր հինեն, —
Լի՛ քեզանից գերիչ են հար,
Օ, հա՛շտ Հիմեն...

19351936

***

<………………………>
Ես ամեհի պայքարում
Եղա մարդկանց հետ,
Բայց խոհերում իմ խոր
Մենակ եղա հավետ:

Եվ իմացա՝ զոհ է միշտ,
Միշտ՝ կարմիր նոխազ
Սիրտը՝ հրով ուրիշ
Սիրով ողողած...

1934. 15. IV

***

Այնքան մաղձ կա իմ սրտում, այնքա՛ն դառնություն
Ես միայն վիշտ եմ տեսել, և՜ թախիծ, և՜ թույն

Չգիտեմ՝ ե՞ս եմ եղել մեղավոր, թե մեր
Կյա՜նքն է եղել անողոք, ու մռայլ, ու նեռ...

Ոչ բարեկամ ունեցա, ոչ թշնամի մե՜ծ. —
Բարեկամըհեռացավ, թշնամինտևեց:

Համայնական էր թեկուզ կյանքը մեզանում
Ամեն ոք շուրջս սակայն իր թե՜լն էր մանում

Ես էլ, մենակ, մանեցի իմ թելը կյանքում
Ինչքան որ ուժ ունեիանխոնջ ու անքուն:

Թույն շահեցի սակայն ես վաստակիս համար
Եվ մնացել եմ այսպես դառնացած հիմա...

1934

***

Պիտի հնչեր ոգիդ,
Պիտի մռընչար
Օվկիանի նման, ո՛վ բանաստեղծ: —
Բայց տրվել ես դու մորմոքի,
Եվ հույզերի անչար,
Եվ զարմանո՞ւմ ես դեռ,
Որ հասար այստեղ...

Եթե այսպես գնա
Դեռ ո՛վ գիտե, թե ի՜նչ
Թիարաններ հասնես...

1934.1

***

Երջանիկ են միշտ և ուրախ նրանք,
Ինչպեսկապիկները,
Որ գտել են փոքրիկ մի ընկույզ,
Եվ այն էլնեխած: —

Իսկ դու երգում ես դեռ
Անանձնական սեր, —
Խե՛ղճ երեխա

1934. 9.I

***

Քանի՛ անգամ ես թերթել
Այս գիրքը, Չարե՜նց, —
Եվ միշտ վառվել է քո մեջ
Խնդության արև. —
Համոզված ես եղել դու,
Որ մեր օրերից
Եթե բան կա մնալու
Այս գի՜րքն է նորից...

1931. II. 12

***

Այս «Երկերիս» մասին, ա՛խ, ասել է մի «պոետ»,
Թե իզուր է Պետհրատն ինձ թուղթ ու մուր թողել...

Խփել է գիրքս գետինմի սինկլիտի առջև
Եվ հայհոյել է հետին հայհոյանքով հապճեպ...

Բերել է իբր օրինակ անպետքություն վերին, —
Եվ ո՜չ մի, ո՜չ մի ընկեր չի ապտակել նեռին...

Մնում է, հա՛յ ժողովուրդ, որ դու ասես նրան
Քո դատաստանը հատու, քո խոսքն հուրհուրան:

Եթե իզուր եմ գրել այս ողջ գիրքը ես
Տո՜ւր, կործանի՜ր ինձ հրե անեծքով քո թեժ:

Թքի՜ր անպետք երեսիս, մտքիս ու գրչիս
Թող մոռացվեմ ես, ինչպես հացկատակ վերջին...

Իսկ եթե ես պա՜հ մի գեթ եղել եմ քեզ հետ
Ներվի՜, ներվի՜ թող հավետ իմ վաստակը խենթ...

Եվ սերունդները թքեն թող դեմքին նրա,
Որ կործանել էր փորձում գործն այս հուրհուրան...

Երկի՜ր իմ, խե՛ղճ ժողովուրդ, ինչ արել եմ ես
Քո անունո՛վ եմ արել և տվել եմ քեզ...

1934

***

Իմ օրերում ես ցանկացա լինել վսեմ և ինքնուրույն,
Իմ օրերում ես ցանկացա կյանքս զոհել դրա սիրուն:

Իմ օրերում դժվար էր շատ լինել հաստատ ու մնայուն, —
Իմ օրերում պատմությունն էր յուրաքանչյուր բառիս նայում:

Իմ օրերում երգը միայն նրանո՜վ էր մեծ ու անգին,
Որ բորբոքում, հար էր տալիս դեռ չկոփված, չեկած կյանքին:

Իմ օրերում շա՛տ էր դժվար երգը՝ կյանքի համար երգած. —
Յուրաքանչյուր բառըկամ մի թռի՜չք էր վեհ, կամմութ արկած:

Բայց օրերում իմ հուրհուրան աշխա՜րհ էր նոր ծնվում հնից, —
Եվ մե՛ծ եմ ես, քանզի ինձ մեծ երթ էր նշված Պատմությունից...

Իմ օրերի երգը եթե իմ տողերից հիմա լսես
Ուրեմն ես մե՛ծ եմ ու խոր, երգի՜ց էլ իմ խոր ու վսեմ...

Եվ եթե ես ունեմ մի բան, որով կարող եմ պարծենալ
Իմ օրերի շափա՛ղն է այդ, իմ օրերի ձայնը անահ...

Ողջո՛ւյն, ուրեմն, օրերիս, իմ օրերի անհո՛ւն շնչին, —
Եվ օրերիս հանդեպ այդ մեծթող երգս ձեզ թվա չնչին...

Բայց եթե կա երգում իմ գեթ շեշտ կամ բառ իմ օրերից
Ես կմնամ հա՜ր ու հավետ, ես կարթնանամ մահից նորից...

Մե՛ծ եմ և վեհ իմ օրերովես այդ գիտեմհուր-հավիտյան,
Ողջո՛ւյն, իմ ե՜րգ, իմ խնդությո՛ւն, իմ օրերի անհո՛ւն մատյան...

1934. III. 2, Երևան

ԲԱԼԻԿԻՍ

Մանկիկըս, մանկիկըս,
Մանկի՜կ անգին,
Մենք ո՞նց կյանքում այս
Հաղթենք կյանքին...
Կյանքումպայքա՜ր է,
Չկա՛ հանգիստ, —
Պարտվե՛ց քո հայրը,
Մանկի՜կ անգին...

1934. III. 4

***

Ինչքան խոհեր ենք ունեցել,
Ինչքան կըրակ, ինչքան ավյուն, —
Եվ չենք եղել մենք երբեք ծեր,
Չենք նայել թե՝ ով է նայում:
Եվ իմացել ենք հավիտյան,
Որ այն է լոկ չքնաղ հավետ,
Ինչ որ տվել է անսահման
Թռիչք մեզ լոկ և չի դավել...

1934. III. 4

ԻՄ ՄԱՆԿԻԿԻՆ՝ ԱՐՓԵՆԻԿԻՆ

Դու մեր երկրի նման եղի՜ր՝
Բարձր ու վսեմ, բորբ ու բերող.
Դու մեր երգի նման եղի՜ր.
Արհամարհող, նաև ներող. —
Դու մեր մրգի՜ նման եղի՜ր, —
Արևաբաղձև համբերող...

Եթե երկրի նման իմ վեհ
Ուշ հուրհուրա բախտդ, բալի՜կ, —
Դու իմ երգի նման վսեմ
Տենչա՜ չքնաղ բախտ ու գալիք, —
Մեր մրգերի նման դու սեգ՝
Ըղձա ամպրոպ ու արհավիրք...

Ախ, դու երկրիս նմա՜ն եղիր՝
Բարձր ու անհաս, մեղմ ու կարող, —
Ախ, դու երգիս նման եղիր
Լցված խոհով ու քանքարով, —
Մեր մրգերի նման եղիր, —
Լիքը բերքով, դարո՛վ, բարո՛վ:

1934. IV. 29

ՀՈԻԶՈԻՄՆԵՐԻ ԼԵԶՈԻՆ

Հովնհորովել է ասում,
Անձրևը՝ ցուրտ բառեր, —
Հուզումնավո՛ր իմ լեզու,
Ինչո՞ւ ես լռել: —

Ա՜յն, որ ասել ես ուզում,
Տե՜ս, քեզանից զորեղ՜
Դրսում ծաղիկն է ասում
Եվ ջուրը բյուրեղ:

Եվ աղջկա աչքերից
Երբ մանիշակն է նայում, —
Էլ Տերյանի երգերի
Ի՞նչն է հմայում...

Ջուրըհորդոր է հուզում,
Հուրը՝ մորմոք կարմիր: —
Հուզումնավոր այս լեզուն
Պոե՜տ, քեզ չի՜ տրվի:

1934. 18. V

RESIGNATION

Որպես Երգը Վեռլենի՝
Հին ասոնանսով
Նո՜ւյն տրտունջն է վաղեմի
Իմ հոգում այսօր: —

Տրտնջում է իմ հոգում
Այնքա՛ն հոգնաբեկ, —
Կարծես երգն է, որ թաքուն
Նա՜ է նվագել:

Մի՞թե այս հին տրտմությամբ,
Մահո՜ւ պես անդուռ
Այս մորմոքո՞վ քեզ գտա,
Օ, երգ իմ անտուն

Եվ թո՞ւյն էին միթե սև
Իմ գրած երգերը,
Որ դառնացավ կյանքդ այսպես,
Տեր իմ...

Եվ միթե ա՞յս է հնուց
Քո օրենքը, Տեր իմ, —
Որ ինչպես ճանճը գինուց
Քնքուշ երգեր երգելուց
Սատկեն պոետները...

1934

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎԻՆ

Սառն ու հմուտ էիր, խոր ու գիտուն,
Պատմությունն էր անհուն քո Մուսագետը, —
Եվ դու եղար մեզ հետ, երբ ահավոր աղետը
Մոլեգնությամբ իր բիրտ՝ մտավ մեր տուն: —
Այն օրերում մեր տանը չկար խնդում,
Կորնչում էր միգում մեր արահետը, —
Եվ մեր հանճարը հին, կոփված անդուլ
Սերունդների ջանքովդեռ անծանոթ մի գետ էր:
Դու սուզվեցի՛ր, վարպե՛տ, անեզրական այդ ծովը,
Եվ շլացած անծիր մեր գանձերի փայլից
Ելար, ինչպես նավազ, որ գյուտերից գինով է..
Եվ աշխարհի առջև, որ դեռ ահո՛վ էր լի,
Դու բացեցիր ոգու մեր գանձարանն անհուն
Եվ մեզ համար դարձարանմարելի անուն...

1934. 17. X. Երևան

ՆՈՐ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ

Ես նոր Տարի եմ մտնում, — բայց նոր ի՞նչ բանի
Ձգտում է սիրտն իմ տրտում...
...Մի հսկա անիվ,

Անկախ կամքից իմ ու քո, կամքից, Ղեկավա՜ր,
Շուռ է գալիս ու դառնումհավիտյան ու հար...

Ու դառնալու է անվերջ... մինչև չմնա
Ո՜չ մի ձգտում, ո՜չ մի կամք աշխարհի վրա...

Օ, Նիրվանա տևական, քե՜զ եմ անրջում, —
Իմ փոթորկոտ, իմ հախուռն օրերի վերջում..

1934. 31. XII. Գիշեր

ՆԵՐԲՈՂ ԵՐԳՈՂՆԵՐԻՆ

(Ինձ՝ Խ.Գ. Մ-ից վտարելու առթիվ)

…………………………………………….
……………………………………………
Դուք՝ հերոսական կամքով՝ միաձայն
Ինձ դո՛ւրս եք անում Միությունից «ձեր»
<……………………………………………>
Եվ կարծում եք թե դուրս եք անում ինձ
Մեր երգանվեր վայրի՛ց սրբազան, —
< >
< >
Ո՜չ. այդ չի այսօր պոետիս հուզում, —
Ձեզ չի՜ ենթարկվում Հելիկոնն հայոց...
Պատում է հոգիս տրտմություն մի հոծ,
Որ փրփրաբերան կիզել եք ուզում
Ճակատին դուք իմ դափնու արժանի
Դրոշմ մատնիչի ու դավաճանի՝
Սև գերությունից հառնած, խնդադեմ՝
Իր երթին ելած ժողովրդի դեմ...
Որ քերթողական մեղքերից բացի
Իբր այր անարժան ու քաղաքացի
Երիցս հանցապարտ լինելուս համար,
Այդ աններելի պատճառով է, որ
Վտարում եք ինձ Հելիկոնից նոր...
Օ, այս է անչափ ահա տրտմություն անչափ
Եվ վիշտ պատճառում պոետիս այսօր
Եվ միթե լոկ ձեզ «փրկելու» հույսով
Չե՞ք անում դուք այս, ո՛վ տխրահռչակ
Պովետներ մեր խեղճ, և՜ եղկ, և՜ քսու, —
Իմացե՜ք սակայն, ո՛վ խեղկատակներ,
Որ եռանդը ձեր կորչելու է զուր...
Ձեզ համա՜ր եք դուք շղթաներ հյուսում
Ամենից առաջ վտարելով ինձ. —
Այն տարբերությամբ սակայն, որ երբ ձեզ
Վաղը վտարեն «Քերթությանց Տնից»
Մտացածների ձեռքով «միաձայն» —
Ձեզ ո՜չ մի մուսա ետ չի դարձընի
Ո՜չ «փառքն» այսօրվա, ո՜չ հանցանքն անցած
Ձեզ համար վաղվա վտարումն իրոք
Կըլինի անդարձ, — և ո՜չ թե «Տնից»,
Այլև՝ կատարված մաքուր ձեռքերով
Վտարում կյանքից ու Պատմությունից..
Ձեզ վաղը եթե անգամ վտարեն
Ձեռքերը քսու, հաճոյակատար, —
Լինելու է դա միա՜կ գործն արդար,
Որ կյանքում դրանք պիտի կատարեն...
Եվ երբ, վտարված, դուք մի օր նստեք
Ամբաստանության ատյանի առջև
Որպիսի՛ ցավով պիտի հառաչեք,
Որ բարքերն այդ սևդո՜ւք եք պատվաստել
Եվ գուցե այնժա՜մ հասկանաք միայն
Ձեր աններելի սխալն այսօրվա, —
Եվ գուցե այնժամ հասկանաք և այն,
Թե ինչո՞ւ էիք դուք երեկ «շոյված»...
Հասկանաք գուցե և՜ այն, թե լուսե
Մուսաներն ինչո՞ւ մեր Հելիկոնում
(Նազարյանն է ծեր ինչպես դեռ ասել),
Մեզ փշեր են լոկ ընծայել հնուց:
Եվ ըմբռնելով Հելիկոնի մեր
Այս հազարամյա օրենքը դաժան
Գուցե նո՜ր միայն հասկանաք այնժամ,
Թե ինչո՞ւ երբեք մուսայանըվեր
Պոետն հանճարեղ նաիրյան երգի՝
Թե զուր չի կրում այդ անունը սուրբ
Երբեք չի կարող լինել իր երկրի
Դավաճանը, կամ մատնիչը քսու:
Որ նաիրական հույզի ու հացի
Պոետն աշխարհում չի՜ կարող երբեք
Միևնույն պահին չլինել և՜ սեգ
Ու վսեմագույն մի քաղաքացի: —
Եվ, հասկանալով լույսի պես դաժան
Ճշմարտությունն այս, թեկուզ արդեն ուշ, —
Գիտեմ, որ նաև կզգաք տարաժամ
Ձեր անկումն այս ժանտ և ուխտադրուժ:
Եվ կհասկանաք, որ կյանքում ձեր դուք
Օ, ո՜չ թե գրող, կամ մարդ եք եղել
Այլճորտե՜ր մտքի, կամ ոգու ստրուկ,
Որվաղո՛ւց եք դուք ձեր ուղին շեղել: —
Որ թերևս ձեզ տրված է եղել
Լեզո՜ւ քերթողի՝ և՜ անեղծ, և՜ սուրբ, —
Բայց, անբանական, ինչպես անասուն
Քսե՛լ եք դուք այն անհարիր տեղեր...
Որ վերուստ տրված ինքնությունը ձեր
Տաղանդը՝ տրված ըստ կարողության, —
Վատնել եք, իբրև Եսավ, կամ Հուդա,
Եվարծաթն անգամ ձեր չե՛ք ստացել...
Կչանգռեք այնժամ ձեր երեսը դուք,
Ձեր անդառնալի բախտը կափսոսաք, —
Եվ ամեն կողմից հալածված հեղձուկ
Կտեսնեք ձեր դեմ, երբ պարսավ ու թութ, —
Ձեզ ներում կերգե իմ անեղծ Մուսան...

1935. 4.14

ՀԱԽՃԱՊԱԿՅԱ ՆԱԻՐՈՒՀՈՒՆ

Մարգարիտային

I

Ո՞ւր եք դուք, Վատտո՜, Բուշե՜, Ֆրագոնար, —
Նրբալույս վրձինին ձեր հին
Որքա՛ն պիտի սազեր, օ, որքա՛ն
Այս փոքրիկ նաիրուհին:

II

Կուզեի լիներ երկրիս ապագան
Այնքան լուսավոր և այնքա՛ն մաքուր,
Որքան աչքերիդ ժպիտը պայծառ
Եվ հմայքը քո դեմքի և հոգու:

<1935>

***

Օ՛, Ալեքսա՜նդր, — ո՜չ հռչակ, ո՜չ գանձ
Ես չեմ երազում օրերիս նաշում. —
Ախ, կյանքում եթե տրվե՛ր ինձ հանկարծ
Մի «Բոլդինյան» աշուն...

9. IV. 193522. XII. 1936

ՏԱՍՆՀԻՆԳ ՏԱՐԻ

(Դիֆիրամբ)

Ա

Դարեր շարունակ, ժողովուրդ դու իմ,
Տեսել ես միայն փորձանք ու աղետ:
Կարդում ենք միայն գրքերում քո հին
Վեպեր թախծության, տխրության տաղեր:
Դառնություններիդ երթը դժվարին
Գալիս է հասնում լենինյան դարին:

Բ

Դարերի անդուլ անցորդ եղար դու՝
Քշված բազմաթիվ ազգերի երթով:
Քանի՛ երկրակալ, քանի՛ պետություն
Բարձրացել, տիրել, անցել են հերթով
Եվ մա՜հ տարածել քո ճանապարհին
Դեռ դարեր առաջ լենինյան դարից:

Գ

Ելած պատմության այգերում այն վաղ,
Երբ Էլամն էր դեռ իր ուղին հարթում,
Իբրև ուրվական մի արնաշաղախ
Դարերի միջով հասար մի օր դու
Անփառ վախճանին քո ճանապարհի
Եվ բացվեց քո դեմ փրկության տարին:

Դ

Քո բազմադժվար պատմության ամբողջ
Արհավիրքալի երթի ընթացքում
Դու չէիր եղել այդպես ոտնակոխ,
Դեռ չէիր տեսել այդպիսի անկում. —
Դու ոտքի ելար մահո՜ւ խավարից,
Երբ բացվեց քո դեմ փրկության տարին:

Ե

Դու չէիր եղել այդպես մահամերձ
Դեռ ո՜չ մի օտար բռնության ներքո.
Դու դիակ էիր արդեն կիսամեռ՝
Նետված «հայրենի» տերերիդ ձեռքով
Արհավիրքների սև ճանապարհին
Երբ փայլատակեց փրկության տարին:

Զ

Հնչեց հյուսիսից ձայն հրաշագործ,
Մահվան խավարից կանչեց դեպի կյանք...
Աշխարհում վառված, օ՛, փրկարար բո՜ց, — .
Լենինյան մարտի անպա՛րտ արձագանք,
Որ երկրից երկիր թնդաց անառիկ
Եվ բերեց քեզ այն փրկության տարին:

Է

Ունկնդիր այդ նոր, կենսատու կոշին,
Լենինյան կանչին այդ ավետաբեր
Հառնեց քո ոգին մի ճիգով վերջին,
Վրայից մահու նիրհը թոթափեց, —
Եվ ելած ահա այդ նո՛ր պայքարին,
Դու ողջունեցիր փրկության տարին:

Ը

Բացվեց առավոտ մի անեզրական
Աշխարհի վրաև երկրի քո հեք: —
Եվ դարձավ ահա ուղի իրական,
Ինչ ցնորք էր քեզ թվում դեռ երեկ:
Նոր կյանքի կոչված մահո՜ւ խավարից՝
Շնչեցիր ազատ տասնևհինգ տարի:

Թ

Ինչ ցնորք էր քեզ թվում դեռ երեկ՝
Տվեց լենինյան հաղթանակը քեզ:
Ունեիր երկիր մի բազմակեղեք՝
Դարձար դու քեզ տեր: —
Ցնծությամբ անեղծ՝
Ձայնը հայրենի երգի, բարբառի
Հնչեց քո երկրում տասնևհինգ տարի

Ժ

Օ՛, հերոսական տասնևհինգ տարի
Տասնևհինգ խավար դարերից հետո...
Անդուլ տքնության, գործի, պայքարի,
Հաղթանակների անծայր պատմություն...
Ա՜յդ արգասավոր ելնող աշխարհի, —
Շռա՛յլ առավոտ լենինյան դարի...

ԺԱ

Այդ հերոսական տասնևհինգ տարում
Կործանեց հիմքից, քանդեց հիմնովին
Դասակարգը նորա՜յն, որ աշխարհում
Անխախտ էր թվում առաջին օրից.
Կանգնեց գալիքի սյունը վիթխարի՝
Հիմե՜ր անխորտակ լենինյան դարի...

ԺԲ

Տասնևհինգ տարում երկրում բարբարոս,
Որ տեսել էր լոկ ամեհի տերեր
Ահա՜ ինքնակալ ժողովուրդ հարուստ,
Կյա՜նք անդասակարգ, որ գնում է դեռ
Փշրելու կալանքն համայն աշխարհի,
Որ վախճան չգա լենինյան դարին:

ԺԳ

Դու է՜լ, որպես այդ երկրի անբաժան
Մի մասնիկ՝ մղված եռանդով նրա
Քանդեցիր հնի կալանքը դաժան,
Հաստատ կանգնեցիր ոտքերիդ վրա, —
Սնված հյութերով այդ նո՜ր աշխարհի՝
Կոփեցիր անդուլ տասնևհինգ տարի...

ԺԴ

Տասնևհինգ տարում երկրում ավերակ,
Որ տեսել էր լոկ հյուղեր գետնափոր,
Որ մարխ էր վառել և ձեթի ճրագ, —
Նո՜ր շեներ ահա, տներ լուսավոր,
Կայաններ, հանքեր, շենքեր վիթխարի, —
Անցել է միայն տասնևհինգ տարի...

ԺԵ

Քո անհատնելի հանքերի քարից
Կանգնել ես արդեն դու բազում շեներ,
Գործարաններ ես կանգնել վիթխարի,
Ամայի երկիրդ անճանաչ շինել, —
Ելել կառուցման մեծ ճանապարհին,
Կառուցել, կերտել տասնևհինգ տարի:

ԺԶ

Այն չէր քեզ համար սակայն դժվարին,
Որ իբրև, մռայլ անցյալի նվեր
Դու գտար միայն երկիր ամայի,
Քաղաքներ կործան ու գյուղեր ավեր,
Այդ ամենը դու հանքերիդ քարից
Կերտեցիր անդուլ տասնևհինգ տարի:

ԺԷ

Օ, շատ առավել դժնի դրանից
Եվ եղկելի էր հազարապատիկ
Քո դեմքը հոռի, մեջքը կորանիստ,
Երկթև ճորտության հետքը ճակատիդ,
Քո կամքը բեկված, քաշված, անհարիր
Եվ ահաբեկված անհաշիվ տարի...

ԺԸ

Ինչպես թանկագին հանքին հասնելու
Անաղարտ մետաղն հանելու համար
Անպետք խարամի լեռներ են հալում
Եվ ձուլում ապա հրում անդադար, —
Այդպես քո հոգին տիղմից անցյալի
Մաքրեցիր անդուլ տասնևհինգ տարի:

ԺԹ

Էլ չկա ոչինչ, որ քեզ խանգարի
Լինելու արի և հանճարափայլ.
Տրված է գործի, փառքի, պայքարի
Քեզ անգրկելի ահա ճանապարհ, —
Եվ հնոցներում այս նոր աշխարհի
Կոփեցիր դու քեզ տասնևհինգ տարի:

Ժ

Քեզ տրված է արդ այն ամենը, որ
Կարող է ըղձալ ժողովուրդ մի վեհ.
Տրված է երկիր մի արևավար,
Տրված է ուղի, որ տանում է վեր. —
Դու մասն ես անխախտ մի նոր աշխարհի,
Որ բերդն է անպարտ լենինյան դարի:

ԻԱ

Ելել ես արդեն ճանապարհ դու լայն
Որով մարդկության գալիքն է գալիս. —
Դաշտերում քո լայն ու համայնական
Մաքրել ես դու հողն ախտից անցյալի, —
Եվ ցանել այնտեղ սերմեր հանճարի,
Եվ բերք հավաքել տասնևհինգ տարի:

ԻՐ

Տիրացած պայծառ, արևոտ բախտիդ,
Կարծրացած, ինչպես թուջն է կարծրանում,
Եվ ոգիդ զտած ճորտության ախտից
Լենինյան հրե այս ավազանում, —
Տոնում ես խինդով, խանդով վիթխարի
Հաղթանակներիդ տասնևհինգ տարին:

ԻԳ

Հավատով անխախտ նայելով հեռուն՝
Կապված աշխարհին քո հերոսական,
Անսասան կանգնած անպարտ դիրքերում,
Պատրաստ մարտերին, որ դեռ պիտի գան
Նետում ես անծայր խինդդ աշխարհին. —
Ողջո՛ւյն քեզ, գալիք տասնևհինգ տարի:

1935

ԶԱՌԱՆՑԱՆՔ

Ատամնաթափ մի մարդ, գանգը նման կապկի,
Նստել էր կոկորդիս և ինձ խեղդում էր
Թույն էր թորում նա իմ գիշերային շապկին
Եվ անունը նրա... «Քնքշություն» էր

1935

ԷԿԼԵԶԻԱՍՏԵՍ

Տրիպտիքոս

«ԵԼ ով գիտէ զոգի որդւոյ մարդկան՝
Թէ ելանէ ի վեր, և զշունչ անասնաց
թէ իջանէ, ի խոնարհ երկիր»:
Բանք ժողովողի. Գլ. Գ. — 21

Խոսք առաջին. — Հյուղոս (զառանցանք)

1. — Ատամնաթափ մի մարդ, գանգով կապկի,
Նստել էր մերկ կրծքիս, — և ինձ խեղդում էր: —

2. — Թույն էր թորում նրա շրթունքներից՝ դեմքիս, —
Եվ անունը նրա — «Քնքշություն» էր: —

Խոսք երկրորդ. — Նույնը, իբրև թեմա

1. — Ատամնաթափ մի մարդ, գանգով կապկի,
Նստել էր մերկ կրծքիս, — և ինձ խեղդում էր: —

2. — Եվ բերանից նրակրծքիս, դեմքիս, շապկիս
Թուքը, լորձունք դարձած, կաթկթում էր:

3. — Եվխանձում էր լորձունքը, թշշալով թեժ,
Ինչպես ծծմբային թթվուտը: —

4. — Եվ կար ժպի՜տ նրա իմաստազուրկ դեմքին, —
Եվ թորում էր ժպիտը, ինչպես թույնը: —

5. — Եվ ամբոխվել էին շուրջսբազում մարդիկ, —
Եվ բոլորի՜ էլ դեմքըմիևնո՜ւյնն էր: —

6. — Եվ միևնույն ժպիտն էր նրա դեմքին
Նույն զառամյալ դեմքի հիմար ժպիտը: —

7. — Եվցնծություն էր մեծ, — օրհներգելով նրան՝
Կապկանման մարդուն, որ ինձ խեղդում էր...

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Next Last