Խնկոյան Աթաբեկ՝   Բանաստեղծություններ, պոեմներ, առակներ, հեքիաթներ

ԳԱՅԼՆ ՈԻ ԿԱՏՈԻՆ

Գայլն անտառից
Փախավ գեղը.
Նեղն եմ, նեղը, —
Ասավ կատվին, —
Ասլան բալա,
Քո հոր պատվին
Մի ճար արա:
Մի տես հլա,
Որսորդ ու շուն,
Թազի, թուլա
Միսս են կրծում,
Ինձ հալածում:
Ա՜յ կտրվի
Դրանց հոտը,
Մի մարդ ցույց տուր
Պահվեմ մոտը:
( Ա՜յ ցեղակից,-գոչեց կատուն, —
Գնա մտիր Մարոյենց տուն.
Նա չափազանց բարի կին է:
Ես էլ գիտեմ, որ անգին է,
Բայց որ նրա հորթն եմ կերե՛լ...
(Բկիդ կանգներ, լավ չես արել:
Ա՜յ Դավթի մոտ կո՞ւզես կանչեմ:
(Նրանից էլ ես կամաչեմ.
Հենց ամառը
Կերա Դավթի փոքրիկ գառը
(Ո՞ւմ ասեմ էլ
Հա՛, մեր Զաքին:
(Էս գարնանն էլ
Նրա մաքին
(Ո՞վ մնաց էլ.
Հա՛, երեցը:
(Էս աշնանն էլ
Նրա էծը
(Ա՜յ դու ուտես
Չոռի մեծը:
Քանի՞սն եղավ
Հի՛նգըվե՛ցը
Ա՜յ անամոթ,
Ի՞նչ երեսով
Դու գյուղ մտար,
Ի՞նչ է ուրիշ
Տեղ չգտա՞ր:
Գյուղն հիմա՞ր է,
Որ թշնամուն
Պատսպարե:
Ով ինչ բրթե,
Էն կխրթե:

ԳԱՅԼՆ ՈԻ ՇՆԵՐԸ

Գայլը մի օր
Տեսնում է, որ
Հովիվները դանակներով
Կտրատում են մի գեր ոչխար,
Իսկ շները լուռ, անվըրդով
Թափվել են վար,
Գռմռում չեն,
Մռմռում չեն:
Գայլը հեռվից ի՜նչ է ասում.
Կոտորվիք դուք... ի՜նչ վայնասուն
Կհանեիք դուք խմբովի,
Թե այդ բանը ես անեի:

ԺԱՆՏԱԽՏ

Կենդանյաց մեջ խիստ ժանտախտ էր,
Չմեռնելը շատ մեծ բախտ էր:
Ճգնաժամ էր օրհասական ,
Ու ձայն տվեց առյուծ արքան.
Կենդանինե՛ր ինչքան որ կան,
Թող հավաքվեն, գահիս մոտ գան:
Է՛, արքայի հրաման էր,
Ժանտախտի պես դաժան բան էր:
Սարսուռ ընկավ դաշտ ու անտառ,
Գազանները լեղապատառ
Մեծ ու փոքր, բազմատարազ,
Արջ ու հովազ,
Վագր ու վարազ,
Չար բորենի, աղվես ու գայլ,
Մեկ էլ էշը վսեմափայլ,
Հավաքվեցին առյուծի դեմ,
Արքան գոչեց. — Ես ձեզ հետ եմ,
Ի՜մ իշխաններ, ես լավ գիտեմ,
Որ ձեր սրտից արյուն կերթա,
Եթե բանը այսպես գնա,
Այս ժանտախտին, ականջը խուլ,
Ամբողջ ցեղով կգնանք կուլ:
Ինձ լսեցեք, բան եմ ասում.
Ո՞ւմ մեղքիցն է այսպես ցասում:
Աշխարհն առավ ցեղիս լացը,
Հա՜ վառվում է չորն ու թացը:
Եկեք, խնդրեմ, անկեղծորեն
Խոստովանենք, որըս անօրեն
Բան ենք բռնել,
Մեծ մեղք գործել:
Մեկն ես, որ ձեր գլխավորն եմ,
Տեր ամենից մեղավորն եմ.
Քանի անմեղ գառ ու ոչխար
Ուղարկել եմ մթին աշխարհ,
Ու հովվին էլ լեղապատառ
Ինչպես արել ճոթ ու պատառ:
Սա իմ մեղքն է, ճիշտն եմ ասում.
Որ բերել է այսպես ցասում:
Մեղքերն ասին արջ ու հովազ,
Չար բորենին, վագր ու վարազ
Հետո և գայլ:
Վերջը էշը վսեմափայլ
Ասավ. — Սա է միակ մեղս,
Արտի մոտով անցած տեղս,
Հակառակ է չարը բարուն,
Ես մի բերան զարկի գարուն...
Աղվեսն այստեղ՝ լսեց, լսեց,
Ոտքի կանգնեց, մի ճառ խոսեց
Այնպես արդար,
Այնպես ճարտար,
Որ պիտ հիշվի հա՛ դարեդար:
Առեք, — ասավ, — սուլթան ու խան,
Առեք նույնպես և իմ մեղան.
Ես ամենից մեղավոր եմ,
Բայց թե կացեք տեղավորեմ.

Մեր արքան վես,
Մեր արքան հեզ,

Խոստովանեց իր մեղքը մեզ,
Բայց թե խղճով եկեք դատենք,
Մեղքը վարձքից խելքով զատենք:
Լինի արքա՝
Սովա՞ ծ ման գա,
Չուտե ոչխա՞ր...
Փուլ գաս, աշխարհ...
Ո՜չ, տեր արքա,
Ինչ ոչխար կա,
Քեզ է տրված փայ ու բաժին,
Այ, ինչ ասեմ ես այն գժին,
Այն անտաշին,
Կոպիտ էշին,
Գարու կանաչ արտը պոկե,
Մեղքն ու վարձքը նա չջոկե
Ու մեր ցեղին այսպես պատժե,
Չէ՜ , պետք է դա կյանքով տուժե...
Տեղից թռան գազանները,
Դունչն ու թաթիկ լիզանները,
Խելոք էշին գետին դրին,
Քթից բերին կերած գարին:

ԱՆԾԵՂՆ ՈԻ ԱՌՅՈԻԾԸ

Սպանվել էր
Մայր առյուծի
Կորյունը,
Մռնչում էր
Սրտի ցավից,
Աչքը կոխած
Արյունը:
Մռնչում էր,
Քրտինքի մեջ
Փրփրում,
Ժանիքներով
Ու ճանկերով
Չոր գետինը
Փորփրում:
Մին էլ ծառից
Մի մայր անծեղ
Ասավ.-Տիկի՜ն
Ազնվացեղ,
Հլա խոսքը
Մեր մեջ մնա,
Բա էն լա՞վ է,
Որ անխնա
Դու լափում ես
Այլոց ձագեր,
Ոտդ եկավ.
Ա՜յ արնակեր:

ԱՐՄԱՏՆԵՐՆ ՈԻ ՏԵՐԵՎՆԵՐԸ

Տերևները ծառի ծերին
Ասում էին զեփյուռներին.
Բա էս հովտի արդն ու զարդը
Մենք չե՞նք ու մեր խիտ սաղարթը,
Ի՞նչ կլիներ ծառի հալը,
Թե չլիներ մեր հով տալը:
Ամռան շոգին,
Ամռան տաքին
Էս ծառի մոտ ո՞վ կգա, ո՞վ,
Թե որ չտանք մենք հով ու զով:
Արշալույսին,
Վերջալույսին
Մեր մեջ սոխակն երգ չէր ասի,
Դուք, զեփյուռնե՜ր,
Համասփյուռնե՜ր,
Մեզ հետ անուշ չէիք խոսի:
Բաժին չունե՞նք այդ պարծանքից, —
Ձայներ եկան ծառի տակից:
Ո՞վ է, — ասին տերևները:
Այդպես բազմած վերևները,
Բա դուք իսկի չե՞ք ամաչում,
Որ մեզ երբեք չեք ճանաչում:
Ձեր ծնունդը՝
Ձեր սնունդը՝
Գարուն գալիս
Ո՞վ է տալիս:
Մենք այս ծառի արմատներն ենք,
Ձեր ու ծառի գլխի տերն ենք:
Ինչ եք, ինչ չեք,
Կանչեցեք,
Բայց այս բանը լավ իմացեք.
Տերևներն են գնացական,
Արմատները մնացական,
Արմատները որ չորանան,
Ծառ ու տերև ո՞ւր կմնան:

ԳՅՈԻՂԱՑԻՆ ՈԻ ԾԱՌԸ

Փայտահատ Մոսին
Կացինը ուսին
Մտավ անտառ:

Հո՜գիս, — ասավ նրան մի ծառ,—
Դալար մնան քո կոները,
Կացինըդ ա՜ռ, էս ծառերը
Իմ բոլորից ջարդի՜ր զատ-զատ,
Ինձ չեն թողնում բուսնեմ ազատ,
Տես՝ կապել են գլխիս կամար,
Արև չկա խեղճիս համար,
Էս մթան մեջ խոնավ, նեխված,
Արմատներիս տեղը նեղված,
Ինչպես կարող եմ զորանալ,
Շրջակայքի զարդը դառնալ:

Կացինն առավ փայտահատ Մոսին,
Հա՜ էս ծառին, հա՜ էն մյուսին,

Ծառի շուրջը լայն ու արձակ
Մի տեղ բացեց, շատ ընդարձակ:
Բայց խնդումը շատ չտևեց,
Էն լավ օրին վատն հետևեց.
Հա՜ արևը ծառը մրկեց.
Հա՜ կարկուտը ճյուղքին զարկեց,
Ու մի օր էլ քամին սաստիկ
Կոտրեց ծառը չարաբաստիկ:

ՔԱՄԻՆ ՈԻ ՄԺԵՂԸ

Արևը անցավ,
Քամին վեր կացավ:
Մժեղը տեսավ,
Որ քամին իրեն պտտեց,
Ինքն էլ մի կերպ
Խոտը բռնեց, խտտեց:

Մժեղ, խոտն ինչո՞ւ ես խտտել:
Քամի, էն քեզանից եմ ազատել,
Որ չհանես սարեսար,
Որ չգցես քարեքար.
Բա գյուղացին մեղքը չի՞,
Հնձաձ խոտը զուր կորչի:

ՓԱՅՏԱՀԱՏՆ ՈԻ ՄԱՀԸ

Ծերն հազալով, կղտալով,
Թույլ ծնկներին զոռ տալով,
Մեջքից ցախը վեր առավ,
Նստեց վրան՝ սուգ արավ.

Ես տուն ունեմ,
Դուռ չունի,
Թոնիր ունեմ,
Խուփ չունի,
Ձյունն է ծածկել դռնակս,
Փայտն է մաշկել կռնակս.
Ես ծեր... անցած,
Տնով քաղցած,
Հա՜ մերկ, հա՜ զուրկ,
Տալիք ու տուրք,
Խարջ ու խարաճ,
Լեզուս է կարճ...
Վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ...
Ո՞ւր ես, սև մահ...
Էսպես ապրո՞ւստ:
Մին էլ պուպուստ,
Մահը թե՝ հա,
Ծերուկ, ի՞նչ կա...

Արևդ վկա,
Ոչինչ չկա...
Ճաքած լեղին,
Մոմից դեղին,
Կմկմալով,
Լեզվին տալով,
Ծերուկն ասավ.
Մինը չկար,
Որ էս փայտը
Շալակս տար:
Ապրես, տեսա՞ր,
Ինչ շուտ հասար:
Բան մի կարծի,
Փայտն ինձ բարձի,
Դու ետ դարձի:

ՀԻՎԱՆԴ ԵՂՋԵՐՈԻՆ

Թավ անտառում,
Իր խոր այրում
Հիվանդացավ մի եղջերու:
Եղջերուներ՝ էգ թե արու,
Խիստ կարեկից
Դուռ ու դրկից,
Հորքուր, մորքուր
Հեզահամբույր,
Գորովագութ,
Սկսեցին մի ելումուտ.
Եկան հանդես,
Հիվանդատես,
Եվ խնամիչ,
Եվ սփոփիչ:

Հետևանքը՝ հիմա տես ինչ.
Գալ-գնալով այնքան բերան
Խեղճի պաշարն այնպես կերան,
Որ նախ այրը մնաց դատարկ,
Հենց թափ տված մի ալրապարկ:
Հետո որտեղ ոտ կոխեցին,
Չոր կրծեցին
Անցած ճամփին՝ կանաչ, թուփ, ծառ,
Մինչև վերջին փուշն և մացառ:
Երբ ամեն ինչ չոր-չորացավ,
Շրջապատում վերջ-վերջացավ,
Խեղճ եղջերվին,
Լավի լավին,
Էն անմեղին,
Մեջքը հողին,
Դունչը կողին,
Սոված թողին:
Իրենք փախան, փախան անհետ,
Անվերադարձ, էլ չեկան ետ:
Կես ամիսն էլ չլրացավ,
Ցավի վրա եկավ նոր ցավ:
Երբ չմնաց ուտելու բան,
Փրկիչ սովը չոքեց դռան:
Ու ձայն տվավ, — Այ, ջա՛ն-ջանի՜կ,
Զահել-ջիվան ի մ ջեյրանիկ,
Գետնին գերի,
Վե՜ր կաց, արի,
Ու թաքնվիր,
Ա՛յ գալիս են հոքիր... մոքիր...
Խեղճ եղջերուն,
Երբ լսեց անուն-անուն,
Որ չտեսնի երես-երես
Էլ նրանց պես
Հոքիր, մոքիր հիվանդատես,
Հոքիր, մոքիր՝ աչերը խուփ,
Սիրով փարվեց սովին ընդհուպ:

ՔԱՄԻՆ ՈԻ ՄԱՐԱԳԸ

Քամին վազեց
Արագ, արագ,
Կանգնեց, կանչեց.
Մարա՜գ, մարա՜գ ,
Հո՜ գիտե՞ս ինչ
Ուժի տեր եմ,
Դուռդ լայն բաց,
Դարման բերեմ:
Մարագը թե՝
Գնա բանիդ,
Ես կարոտ չեմ
Քո դարմանիդ,
Քո դարմանը
Թող քեզ լինեի,
Իմ դարմանը
Դու մի տանի:

ԱՄՊՆ ՈԻ ՍԱՐԸ

Ոչ մի կաթիլ
Թոն չտալով
Երաշտից սով
Մեծ գավառին,
Ամպը վերից
Ջիլ սահելով,
Գնաց հասավ
Օվկիան ծովին:
Այնտեղ, վերից
Մխվեց,
Կախվեց,
Ուզածի պես
Թափվեց,
Չափվեց.
Ու կանգնելով
Մեծ սարի դեմ,
Տեսա՞ր, — գոռաց,—
Ի՛նչ առատ եմ:
Վայ քո ճարը, —
Ասավ սարը, —
Մե՛ծ բան արավ,
Ծո՞վն էր ծարավ...
Մի մեծ գավառ
Մատնեց սովին,
Թոնը բերեց
Հանձնեց ծովին:

ԳՑՈԻՂԱՑԻՆ ՈՒ ԱՍՏՎԱԾ

Տրտնջալով իր չար բախտից,
Վեր բերելով աստված թախտից,
Մի աղքատ մարդ քարոտ ճամփին,
Գետն անցկացավ: Նստեց ափին
Մի խոր ձորում, տակը ծառի,
Որ արևը խիստ չվառի,
Հով ստվերում: Տրեխնին չոր
Դրեց ջուրը: Շոգից տոչոր
Մի երկու բուռ տաք ջուր խմեց,
Նստավ սրտի վիշտը քամեց:
Վազան ջրե՛ր, ա՛յ լիքը գետ,
Վիշտս տարեք ծովին ձեզ հետ,
Սիրտս նեղ է, իսկ ծովը լայն,
Թե տեղ անի՝ ծովը միայն:
Օրը օրին, հինը նորին,
Հերուն լավ էր, քանց էս տարին.
Սոված, տկլոր, միշտ անտրեխ,
Չորացել եմ, դառել տառեխ:
Հալվել, մաշվել սապնի քրտիկ,
Աշխարհը չար, ագահ մարդիկ:
Փուլ եկ գլխիս, ա՜յ քարե ժայռ,
Տված հոգիդ, տեր աստված, ա՜ռ,
Գնամ-պրծնեմ դառն աշխարհից...

Խոսքը բերնում մին էլ ժայռից
Քարոտ հողը թափվեց չը՛ռ-չը՛՜ռ...
Ափալ,
Թափալ
Խեղճը տեղից ծտի պես՝ թը՛ռ...
Դողը բռնած՝
Բարձր կանչեց.(Կեցցես, աստված,
Մեծ ամբարիշտ,
Լավի համար ականջդ խուլ,
Վատի համար պատրաստ ես միշտ:

ՊՈԻՏՈԻԿՆ ՈԻ ՇԵՐԵՓԸ

( Տակս ոսկի է, —
Մի օր փքված,
Հպարտ, հպարտ
Պուտուկն ասաց:
Շերեփը թե՝
Սուս, ամոթ է,
Մի՜ պարծենար
Գոնե ինձ մոտ,
Հաստափորիկ
Կավե անոթ.
Հերիք փքվես
Դու քեզուքեզ,
Որտեղի՞ց եմ
Գալիս բա ես:

ԱՂՔԱՏՆ ՈԻ ԲԵՌԸ

Է՛, աշխարհ է...
Անհնար է,
Պատահում է և՜ լավ, և՜ վատ:
Մի խեղճ աղքատ
Ամռան մի օր, գյուղ ետ գալիս,
Ծարավ-ծկակ՝ ջուր խմելիս՝
Ճանապարհին տկարացավ,
Խոսքը մեր մեջ, խիստ փորացավ.
Նա քաղաքում շտապ, հապճեպ,
Շատ էր կրծել ձմերուկի
Եվ վարունգի, սեխի կճեպ:
Ձենը երկիր, երկինք գցած՝
Զիլ կանչում էր լալով.(Աստվա՛ծ,
Էսպես զուլում...
Ինձ մահ մի տուր ձորում, չոլում:
Փութա՜ , գթա՜ , ողորմացի՜ր ,
Շուտ ուղարկի կամ էշ, կամ ձի,
Որ մի կերպով ինձ տուն գցի:
Խոսք լսելու աստված պատրաստ...
Եկավ մի մարդ նստած գրաստ,
Ոչ խրխնջան, այլ մի զռան,
Քուռակն իր հետ՝ խիստ թռվռան:
Փայտով բոթեց, քաշեց թևից,
Թե՝ մա՜րդ, վեր կաց, մոր ետևից
Խեղճ քուռակը գալ չի կարող,
Պետք է նրան մի շալակող:
Վե՜ր, քուռակին շալակդ առ,
Հաշվի զատկի մատաղի գառ:
Ոստոտ փայտը չար ճամփորդի
Հիվանդ մարդուն հանեց ոտի.
Կռացնելով իրա տակին՝
Շալակն հանեց ջոջ քուռակին
Ու բզելով առաջ քշեց...
Դեպքից սառած
Եվ աչքերը վերև հառած,
Խեղճը նորից աստված հիշեց.
«Ողորմած տեր, փա՛ռքդ հազար,
Օգնությանս ինչ շուտ հասար...
Ցավս քիչ էր,
Քուռակն էլ դեռ
Աղքատին բե՞ռ»:

ՀԱՄԵՐԳ

(Կռիլովից)

Պիկ-պրկ
Մեծ ծաղրածու մի կապիկ,
Էշը,
Այծը,
Բրդոտ արջը ծուռ թաթիկ
Ուզեցին տալ մի համերգ.
Իսկույն ընկան ոտ ու ձեռք,
Թե որտեղից, հազիվհազ
Գտան-բերին նոտա, բաս,
Մի ալտ, երկու հատ ջութակ,
Նստան հովտում, ծառի տակ՝
Գերել իրենց բուն ձիրքով
Արար-աշխարհ բովանդակ:

Ճըզը՛, վը՛զը, խը՜փ, խըփո՜ց,
Կընտ, կընտ, կնտնտոց...
Բան դուրս չեկավ համերգից,
Կապիկն էդտեղ դուրս շարքից.
Է՛, մեր տղերք... է՛, դադար,
Սա՞ ինչ գործ է կիսկատար,
Եկեք հեշտ կարգ հաստատենք,
Այնպես նստենք վիստվիստենք.
Միխո՜, ալտի դեմ՝ բասով,
Միայն՝ վիստ-վիստ հավասով,
Ես էլ երկրորդ ջութակի,
ճիշտը, առանց կատակի.
Ա՜յս է, պար-պար հավասար,
Պար կբռնեն անտառ, սար:
Նրանք եղան տեղափոխ,
Բայց համերգն է անփոփոխ:
Տղերք, հերիք...
Քթից բերիք,-
Էշը զռաց,—
Քիչ սպասեք՝
Ուղղեմ ձեռաց
Ես իմ գտած հնարքով,
Պիտի նստենք մի շարքով...
Ու լսելով
Էշ քեռուն,
Անուն-անուն
Մեծի կարգով
Շարվան շարքով
Լուրջ, վայելուչ.
Գործն էլի փուչ...
Խումբն սկսեց կռիվ, վեճ,
Ծուլի, ծուլի,
Առաջվանից էլ ավելի
Վեճը խիստ էր,
Ով՝ ոնց նստեր:
Պատահեցավ սոխակին
Ներկա լինել աղմուկին:
Նրանք չորսով,
Ասուխոսով
Եկան աղաք,
Ասին՝ սոխակ,
Դու մեզ ների՜,
Քիչ համբերի՜.
Մեր էս գործը կարգի դիր,
Մեր կասկածը փարատի՛ր:
Նոտա էլ կա և չորս գործիք ջոկ, տարբեր,
Միայն ասա, ինչպե՞ս նստենք, մեր ախպեր:
Սոխակը թե՝ ասեմ ճիշտ,
Որ դուք դառնաք երաժիշտ,
Ձեզ պետք է ձիրք, նուրբ ականջ,
Մի հասարակ պարզ պահանջ:
Իսկ դո՜ւք, բարի ընկերնե՜ր,
Հիմա և այլ անգամներ
Ինչպես էլ որ չնստեք,
Քաշեք, քսեք, քսմստեք,
Դուք երաժիշտ դառնալ չեք

ՍԱԳԵՐԸ

(Կռիլովից)

Մի գյուղացի
Մեծ սագախումբն առաջն արած՝
Հա՜ քշում էր ճիպտահալած,
Որ շուտ հասնի քաղաք, շուկա:
Հայտնի բան է, որտեղ շահ կա,
Ոչ թե միայն լոկ սագ ու մագ,
Մարդն էլ կերթա հենց ոտի տակ:
Գյուղացուն չեմ մեղադրի,
Բայց արի տես՝
Միտքն ուրիշ էր այն սագերի:
Ղու-ղա՜ , ղու-ղա՜ ...
Պատահելով ճամփին մարդու՝
Ասին. — Աղա՜,
Դատ արա դո՜ւ:
Այն գյուղացին, երես առած,
Չի իմանում
Ինչ սագեր են իրա դիմաց:
Մենք սագեր ենք, հա՛ , հասարա՞կ,
Որ առել է սա ճիպտի տակ,
Ասա, իսկի, պատիվ, հարգանք,
Մենք մեր գլխին ի՞նչ հողը տանք.
Խիղճ, խղճմտանք քչացել է,
Աշխարհը հո փչացել է...
Չջոկելով արմատ ու բույս,
Էլ չի հիշում կոպիտն անուս,
Որ իսկ և իսկ
Այն սագերն են մեզ ցեղակից.
Որոնք Հռոմն
Ազատեցին մեծ փորձանքից,
Եվ մեզ համար
Տոներ էլ կան այնտեղ դրված...
Ճամփորդը, թե՝
Դո՞ւք ինչով եք աչքի ընկած...
Մեր նախնիքը...
Այո՜, գիտեմ,
Կարդացել եմ, ո՞վ է ընդդեմ:
Նախ ձեր տված օգուտն ասեք,
Ապա դառեք նոր աշխարհը դուք բամբասեք,
«Մեր նախնիքը... Հռո՛մ... Հռո՛մ...»:
Ա՜խ դուք սագեր ճառք ու ճոռոմ,
Հոքիր, Հոռոմ,
Առաք անցաք նախնի՛ք, նախնի՛ք...
Ձեր, ձե՜ր արածն ի՞նչ է կանխիկ:
( Ոչինչ...
Որ էդպես է, լեզուներդ ի՞նչ:
Խնդրում եմ խիստ,
Ձեր պապերին թողեք հանգիստ,
Նրանք իրենցն հո ստացան,
Պատմության մեջ անմահացան:
Հարկը՝ հարկավորին,
Պատիվն արժանավորին:
Իսկ ձեզ՝ շամփուր խորովածի...
Մնաք բարով, ես գնացի:

ԿԱՐԱՊԸ, ԽԵՑԳԵՏԻՆԸ ԵՎ
ԳԱՅԼԱՁՈԻԿԸ
(Կռիլովից)

Ինչքան կուզեն իրենց տանջեն,
Երբ ընկերներն համերաշխ չեն,
Օգուտ չունեն բռնած գործից.
Ա՛յ, մի առակ կյանքի փորձից:
Թեև անցուկ,
Բայց ոչ մոռցուկ:

Մի կարապ, մի խեցգետին, մի գայլաձուկ
Բարձած սայլը տեղից քաշել ուզեցին
Եվ երեքով եկան սայլին լծվեցին:
Ի՜նչ են անում,
Ի՜նչ չեն անում,
Սայլը տեղից հո չի շարժվում.
Շատ թեթև է բեռը թվում,
Բայց կարապը վեր է թևում,
Խեցգետինը քաշում է ետ,
Գայլաձուկն էլ հո՜ դեպի գետ:
Ով էր արդար, ով մեղավոր՝
Մենք չդատենք: Բանն այն է, որ
Մինչև այսօր
Թե՜ սայլ, թե՜ բեռ
Նույն տեղն են դեռ:

ԱՂՎԵՍՆ ՈԻ ԽԱՂՈՂԸ

(Կռիլովից)

Հին առակ է.
Աղվեսի դունչը խաղողին
Չհասավ, ասավ՝ խակ է:

Սոված աղվես
Մտնի պարտեզ
Տեսնի խաղող,
Օ՛խ... արևկող
Հակինթ ճիթեր
Վերից կախ-կախ,
Ա՛յ թե կուտեր
Աչքն էր տեսնում,
Դունչ չէր հասնում:
Էստեղ պուպուզ,
Էնտեղ կուկուզ,
Էս վազի տակ, էն վազի մոտ,
Վերջն աչքե՝ տես, բերնե կարոտ,
Խիստ սրտնեղած
Ելավ գնաց
Պարտեզից դուրս՝
Հետն ասելով.
( Մի խոսքով,
Լավ է տեսքով,
Բայց խակ է, կանաչ է,
Ուտելու բան չէ,
Բերանդ տաս՝
Ատամհարիք
Կստանաս:

ԿԱՊԻԿՆ ՈԻ ԱԿՆՈՑՆԵՐԸ

(Կռիլովից)

Ծերացել էր կապիկը,
Լավ չէր տեսնում պապիկը.
Առավ ակնոց՝
Մի ողջ կապոց:
Ակնոցները փոքր ու մեծ՝
Ձեռքին շուռումուռ տվեց:
Մին դնում է իր գլխին,
Մին էլ պոչի մեջտեղին,
Մին լիզում է, թքոտում,
Մին էլ սրբում, հոտոտում:
Հա՜ վարձում է, հա՜ փորձում,
Բայց ակնոցը չի գործում,
Էն պսպղուն ապակին
Լույս չի տալիս պապիկին:
Կորչե՜ն,-գոռաց, — ջուխտ ու կենտ.
Նա՜ է հիմար, նա՜ է խենթ,
Ով լսում է այդ խոսքին,
Մարդկանց հազար մի ստին:
Սրանց մասին
Ինչ որ ասին,
Սուտ է, սուտ,
Էս ապակին
Խավար աչքին
Ի՞նչ օգուտ:
Ու կապիկը՝
Ծեր պապիկը,
Խորը վշտով ակնոցները
Էնպես խփեց չոր քարին.
Որ ջուր կտրած փշրանքները
Կանաչ, կարմիր կապեցին:

ԱՇԽԱՏԱՍԵՐ ԱՐՋԸ
(Կռիլովից)

Արջը տեսավ, որ գյուղացին,
Իր անտառի մարդ դրացին,
Լծաղեղ է ծռում, շարում,
Վաճառելով ապրուստ ճարում,
Ինքն էլ ուզեց, ի՜նչ էլ լինի,
Լծաղեղներ վաճառք հանի,
Ապրի հենց նույն աշխատանքով:
Անտառը լցվեց շըխկ ու դըխկով.
Անտառի արջ՝ Մխիկ քեռու
Ձայնն է լսվում հեռվից հեռու:
Ջարդեց, բրդեց
Ընկուզենի, կեչի, թեղի
Գետին թափեց,
Բայց անտեղի,
Էդքան ծառից նա չծռեց ոչ մի աղեղ:
Փրփուր մտած Մխիկն այստեղ
Գնաց մարդու մոտ խորհրդի.
Ա՜յ հարևան, ադամորդի՜,
Պատճառն ի՜նչ է, ինձ հաղորդի,
Ծառ կտրելս տեսնում ես՝ կա,
Աղեղ ծռելս իսկի չկա:
Պատճառն այն է, ա՜յ, ասեմ քեզ,
Քավոր Մխիկ, որ դու չունես
Համբերություն ասած բանը, —
Պատասխանեց հարևանը:

ԳՅՈՒՂԱՑԻՆ ԵՎ ՄՇԱԿԸ

(Կռիլովից)

«Նեղն ընկնելիս ոտն ենք պաչում,
Լենն ելնելիս՝ հիմար կանչում»:
Մշակի հետ ծեր գյուղացին
Իրիկնադեմ մութ անտառով
Հունձ անելուց տուն գնացին:
Մին էլ մի արջ մռմռալով
Դեմից կտրեց նրանց ճամփեն,
Վախից ֆռռաց ծերի թափեն,
Դեռ վա՛յ չարած նա մի բերան
Արջը տակովն արավ նրան:
Տրորելով և գցելով ոտուձեռից,
Ազատվել էր ուզում բեռից,
Պատրաստվում էր տեղ փորելու
Ծերուկ որսին մեջն հորելու:
Խեղճ ծերուկը արջի տակին՝
Ձայն է տալիս իր բատրակին.
Տղա, Փիլոս, հասի՜ր, կացի՜ն,
էս գարշելի արարածին...
Քաջ Փիլոսը, նոր Հերկուլես,
Զեռքի կացնով զարկելուն պես
Արջի գլխին, չոր գանգն արավ
Մեջտեղից կես: Եղանով էլ աղիք-մաղիք
Գետին թափեց: Մաղիկ-մաղիկ
Մռնչալեն սատկեց արջը:
Խոսքի կարճը.
Մեծ փորձանքն անցավ,
Ծերը վեր կացավ,
Բերանը բացեց, աչքերը խփեց,
Բատրակի գլխին ինչ ասես թափեց:
Շշմեց Փիլոն, ասավ, — Մուխսի՜,
Է՞դ ինչի...
Չո՜ռ քո պնչին,
Փո՜ւչ կենդանի,
Գրողը տանի՜...
Ա՛յ ինչ ասեմ քո յոթ պորտին,
Փչացրիր արջի մորթին,—
Ասավ Մուխսին
Արջից փրկող
Էն Փիլոսին:

ՄՈՐԹԱՊԱՇՏԸ

(հայկական)

Գերի մուկը խնդրեց կատվին.
Աղա՛ փիսո, տե՛ր թանկագին,
Արի ինձ թող,
Դառնամ մի դոխ,
Լխտիկ ու գեր,
Բռնիր ու կեր:
Թե վաղ, թե ուշ՝ քեզ համար եմ,
Բայց հիմա ես շատ նիհար եմ:
Դու էլ չուտես,
Հո լավ գիտես՝
Որդիդ կուտե,
Ասա, սո՞ւտ է:
Այ, սատկես դուն, —
Ասավ կատուն, —
Առաջ մորթուս,
Հետո որդուս:
Մկին բամփեց,
Փորը ճամփեց:

ԵՍ

Ագռավը բռնեց մի խեցգետին և նստեց ծառին:

Խեցգետինն ուզեց ազատվի, կտցիցը զատվի ու ասավ նրան.

( Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը:

Ագռավը սեղմեց կտուցը և կռռաց.

( Դո՛ւ...

( Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը:

Ագռավը բացեց կտուցը և կռռաց.

( Ե՛ս...

Կտուցը բաց անելուն պես խեցգետինը կտցից ընկավջուրը և իրեն ազատեց:

ԽԽՈՒՆՋՆ ՈՒ ՍՈՒՆԿԸ

Նստել է խխունջը սունկի վրա, բարկանում է, նեղանում ու անցնողին նախատում:

(Էս ի՛նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստի: Թիթեռները թրթռում են, թռչնակները ծըլվըլում, խխունջը նորից կատաղում է.

Սրանք ի՜նչ են թռչում, թռչկոտում, ի՜նչ են երգում, էլ ուրիշ գործ չունե՞ն: Ա՛յ, ուրիշ բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում: Թռչե՞լս որն է, երգե՞լս որը:

Է՛ քուրիկ խխունջ, — հառաչում է սունկը, — գիտե՞ս ինչու ենք լուռումունջ մնացել էստեղ. ոչ թռչել գիտենք և ոչ էլ երգել:

ՀՊԱՐՏ ԱՔԼՈՐԸ

Աքլորը թռավ ընկավ հարևանի բակը: Ճղղաց, ճղղաց, բակի աքլորին կտցեց, կտցահարեց, բադերին դուրս արեց, հավերին մի տեղ հավաքեց ու հետո հարձակվեց փոքրիկ շան վրա:

Բակն իրար անցավ: Աքլորը կանգնեց ու հպարտ-հպարտ կանչեց.

Ծուղրուղո՛ւ, դուք ո՞վ եք, չասեք թե դուք խմբով եք, ես մեն-մենակ. բոլորիդ՝ հավիդ՝ բադիդ, աքլորիդ, ինչ ուզենամ, էն կանեմ, շանն էլ բակից կհանեմ:

Հարսը լսեց բակի աղմուկը, վազեց բռնեց աքլորին, դուրս շպրտեց բակից ու ասավ.

( Կորի՜, գնա՜, անպիտան, քեզպեսին էլ երես տա՞ն, բավական չէ բակումն է, ուրիշին էլ թակում է:

ԿԱՉԱՂԱԿԸ

Չալ կաչաղակը թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր, նստում, պոչիկն էր շարժում: Շարժում էր, շարժում ու երգեր ասում.

(Կա, չէ, կա, չկա, չէ:

Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում. նստում էր, նստում, պոչիկն էր շարժում ու երգեր ասում.

(Կա, չէ, կա, չկա, չէ:

Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում: Ծառին էր նստում, պոչիկն էր շարժում, պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.

( Չկա, չէ, չէ...

ՍԵՐՈԲԸ

Սերո՜բ, — ասում է հայրը, — գնա հարևանից արշինը բեր, կտավը չափենք:

Է՜, բան չունես, հայրիկ, ի՜նչ նեղություն տանք հարևանին, ես գիտեմ, որ մեր կատուն պոչից մինչև ականջի ծայրը մի արշին է: Էլ արշինն ի՞նչ կանենք:

Սերո՜բ, Սերո՜բ, — ասում է հայրը, — ապրես, գնա հարևանից գրվանքանոցը բեր, պանիր կշռենք:

Է՜, բան չունես, հայրի՜կ, ա՜յ, մեր սատկած էշի սմբակը մի գրվանքա է:

Սերո՜բ, Սերո՜բ, դու ինձանից թեթև ես, մի դուրս վազի տես եղանակն ինչպես է:

Է՜, հայրիկ, էլ ի՛նչ գնամ, կուզես մեր շանը կանչեմ, թե մազերը չոր են, հո եղանակը պարզ է:

Սերո՜բ, Սերո՜բ, — շունչը կտրած ասում է հայրը, — հացը բկիս կանգնեց, ջո՜ւր, ջո՜ւր, ջ՜ուր....

Է՛, հայրիկ, — ասում է Սերոբը, — դու էլ ինչ դժվար բան կա, ինձ ես ասում...

ԸՆԿՈԻՅԶՆ ՈԻ ՈՐԴԸ

Այգում կային զանազան պտղատու ծառեր՝ ընկուզենի, տանձենի, խնձորենի, թզենի: Ընկուզենու կանաչ ճյուղերից կախվել էր փոքրիկ ընկույզը ու օրորվում էր: Մոտեցավ նրան ծերունի որդն ու ասավ.

( Սիրուն ընկուզիկ, թող բունդ մտնեմ, քիչ հանգստանամ, ապրենք միասին: Դու դեռ փոքր ես, քեզ կօրորեմ, հեքիաթներ կասեմ ու քեզ կուրախացնեմ:

(Մի թողնի այդ թափառականին քո տունը: Ո՞վ գիտե դրա տունն ու բունը, վարքն ու բարքը, — ասացին փոքրիկ ընկույզին նրա եղբայրները:

Այդ ձեր բանը չի, ի՞նչ եք խոսում իզուր տեղը. ես ինձ համար, դուք՝ ձեզ համար, — պատասխանեց ընկուզիկը և հյուր ընդունեց ծերունի որդին:

Ագահ և չարամիտ որդը ծակեց ընկույզի կեղևը, ներս մտավ, միջուկը կերավ, դատարկեց, նստեց ու երգեց.

Մի նոր ընկույզ ես գտա,
Ծակեցի ու ներս մտա,
Կերա, կերա կշտացա,
Դատարկ մնաց՝ վշտացա:

Այդպես երգում և ծափ էր տալիս ավազակ որդը դատարկ կեղևի մեջ: Ծափ էր տալիս ու ասում.

Դուրս գամ ծառը չափչփեմ.
Տեսնես ում կխաբխբեմ,
Ինձ որդ կասեն, ծերուկ որդ,
Լեզուս քաղցր, շողոքորթ:

Փոքրիկ, անփորձ ընկույզը զոհ էր գնացել չար, ավազակ որդին... Քամին էր միայն մեջը վզվզում, իսկ հարևանները նայում էին նրան ու ափսոսում:

ԳԱՅԼԻ ԽՈՍՏՈՎԱՆՔԸ

Գայլի մահը մոտեցել էր: Նա մեռնում էր, դրա համար էլ սկսեց իր մեղքերը մեկ-մեկ խոստովանել... Բայց ընդամենը երեք ժամ էր մնացել, որ հոգին տար, իսկ մեղքերն այնքան շատ էին, որ երեք օրն էլ բավական չէր լինի բոլորը խոստովանելու համար:

Գայլը տեսնում է, որ հնար չկա, սկսում է իր արած լավությունները մեկ-մեկ հաշվել:

Մի անգամ, — ասում է նա, — մի գառ անցավ մոտովս, իսկ ես թեև շատ քաղցած էի, բայց ձեռք չտվի նրան: Հիշում եմ, թե ինչպես այդ ժամանակ մի ոչխար հեռվում կանգնած՝ ծիծաղում էր ինձ վրա, որ ես գառանը մաս-մաս չարի: Բայց չնայելով ոչխարի ծաղրին, ես թողի գառանը, որ ողջ-առողջ անցնի իմ մոտովը:

Էս մեկ... մեկ էլ..

Հիշում եմ, ա՜յ գայլ, — ձայն տվեց ոզնին, որ կանգնած էր գայլից քիչ հեռու, — այդ բանն այն ժամանակ պատահեց, երբ դու երկու թաթով թակարդն էիր ընկել և չէիր կարողանում տեղիցդ շարժվել:

ՓՇԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ

Կառ փուշը գլուխը տնկած, փշերը փռած, փշերը սրած, ուռած ու փքված ինքն իրեն ասում էր.

Ես այս դաշտի իշխանն եմ, ո՞վ կհամարձակվի ինձ ձեռք տալ: Ես քանի-քանի քիթ եմ ծակել քանի կովի, եզան ու գոմեշի լեզու կծել: Քանիսի ձեռքից, քանիսի ոտքից արյուն եմ հանել:

Ճիշտ որ, եթե ես իմ քաջությունները համրելու լինեմ, քաջերի քաջն եմ, խաների խանն եմ: Իսկ ինչ կանեմ սրանից հետո, էն էլ ես գիտեմ: Ես վճռել եմ ով մոտիցս անցնի՝

Քաշեմ, մաշեմ, աղեմ, դաղեմ,
Լեզվի միջին փուշս թաղեմ,
Թո՛ղ թրթռան, թո՛ղ մրմռան,
Ես ծիծաղեմ, ես հռհռամ:

Երբ կովերն անցնում էին կառ փշի մոտով, խեթ-խեթ նայում էին նրան ու միմյանց զգուշացնում.

Չմոտենաս էս հպարտին, կծել գիտե, կծան է, չես կարող դու բերանդ առնել, ոչ տրորել, ոչ ծամել...

Ոչխարներն ասում էին.

Բուրդներս կքաշի, թող կորչի էս կառը, գլուխը մեծ քարը:

Խոզն ասում էր.

Արմատդ կքանդեի, քեզ կհանեի, բայց չարժե, որ դունչըս կեղտոտեմ: Գնա կորի, ո՞վ պետք է փորի:

Բայց կառ փուշը գլուխը տնկած` իր երգն էր երգում.

Քաշեմ, մաշեմ, աղեմ, դաղեմ,
Լեզվի միջին փուշս թաղեմ,
Թող թրթռան, թող մրմռան,
Ես ծիծաղեմ, ես հռհռամ:

Ու մեկ էլ եկավ էշը, վիզը երկարացրեց, ըռխեց փշի ցից գլուխը, լամեց-լամլմեց, ծամեց-ծամծմեց, կուլ տվեց ու ասավ.

( Փշի գերեզմանը էշի փորն է:

ԼԵԳԵՆԴՆԵՐ ԵՎ. ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՎԱՐԴԵՐԸ

Վեց հարյուր տարի սրանից առաջ Պարսկաստանի բանաստեղծ Հաֆիզի փառքը դղրդացնում էր ամբողջ Ասիան: Ջահել թե ահել, հարուստ թե աղքատ՝ բոլորը հիացած էին նրա բանաստեղծություններով: Մինչև անգամ աշխարհի կեսը նվաճող Լանկթամուրը հավանել էր Հաֆիզին: Նա ժամանակ առ ժամանակ ասել էր տալիս Հաֆիզի բանաստեղծություններից և մի անգամ, ինչպես պատմում են, ասաց.

Ես շատ կուզեի տեսնել այդ Հաֆիզին:

Այդ խոսքերն ամենամեծ գովասանքն էին համարվում Հաֆիզի համար, որովհետև նրանց արտասանողն էր Լանկթամուրը, որ իր անցած ճանապարհը կրակի պես այրել խանձել էր, ամեն տեղ մահ էր սփռել, ամեն ինչ ոչնչացրել, ավերակ էր դարձրել: Սակայն Հաֆիզին չէր հպարտացնում իր փառքը: Նա ապրում էր մի փոքրիկ տան մեջ Պարսկաստանի Շիրազ քաղաքում, որ կոչվում էր Պարսկաստանի վարդ, որովհետև, ինչպես որ վարդը բոլոր ծաղիկներից գեղեցիկ է, այնպես էլ Շիրազը Պարսկաստանի քաղաքներից ամենալավն էր: Բանաստեծի բնակարանը շատ փոքր էր, ուներ միայն երկու լուսամուտ և մի փոքրիկ դուռ: Սենյակում կային երկու բազկաթոռ և մի սեղան: Հաֆիզը զարդարանք չէր սիրում: Տան արևելյան պատի երկարությամբ վարդի թփեր կային տնկած, որոնք ամբողջ տարին վարդեր էին տալիս:

Հաֆիզն ինքն էր խնամում այդ վարդերը, անվանելով նրանց իր միակ ուրախությունը և հարստությունը:

Մի անգամ լուսաբացին, երբ թռչունները նոր էին, սկսել երգել, Հաֆիզը վեր կացավ անկողնից, որպեսզի գիշերվա մտածած բանաստեղծությունը գրի առնի, հանկարծ պատի հետևից լսեց ոտների ձայն. լուսամատից նայեց և տեսավ, որ մի աղջիկ քաղում է իր վարդերը: Աղջիկը աղքատ էր հագնված, բայց ծածկոցի տակից երևում էր մի գեղեցիկ դեմք՝ կենդանի և արտահայտիչ աչքերով:

Աղջիկը հազիվ լիներ տասը-տասներկու տարեկան: Նա շտապով վարդերից մի փունջ կապեց և թողեց-փախավ: Հաֆիզի զարմանքին և բարկությանը սահման չկար: Բայց ոչինչ չէր կարելի անել. աղջիկը արդեն ծածկվել էր աչքից: Հաֆիզը վեր առավ մագաղաթը, որպեսզի բանաստեղծություն գրե, սակայն բարկության ժամանակ մոռացել էր այն: Մի քանի րոպե նա նստեց՝ սպասելով ոգևորության և ահա թե ինչ գրեց.

«Թո՜ղ վարդը իր թփին: Եթե քաղվի՝ նա կմեռնի, և դու չես տեսնի նրա գեղեցկությունը և հոտը չես առնի: Թո՜ղ վարդը իր թփին: Մի՞թե դու չես կարող չքաղած հիանալ նրանով: Թո՜ղ վարդը իր թփին: Եթե չքաղես նրան, քեզ համար կասեն՝ դու իմաստուն ես, դու գթությամբ լցված ես. իսկ եթե քաղես, կասեն, որ քո ձեռքերը վայրագ են, քո սիրտը անողորմ: Թո՜ղ վարդը իր թփին»:

Մյուս առավոտ Հաֆիզը դարձյալ սպասում էր աղջկան, և նա իրեն սպասեցնել չտվեց. եկավ, ինչպես երեկ, լցրեց իր զամբյուղը վարդով և իսկույն հեռացավ: Հաֆիզը վեր առավ իր գավազանը և հետևեց աղջկան: Մի քանի փողոց անցնելուց հետո նրանք երկուսով դուրս եկան մի հրապարակ, որտեղ և շուկան էր: Այստեղ խռնվել էր շատ ժողովուրդ: Աղջիկը մոտենալով մի լավ հագնված կնոջ՝ առաջարկեց մի փունջ վարդ: «Գնեցեք այս վարդերը, սրանք ձեզ պես գեղեցիկ են»: Կինը վերցրեց փունջը և գնից հինգ անգամ ավելի վճարեց:

«Տեսնենք այս փոքրիկ գողը փողերն ի՞նչ է անելու»,— ասաց իր մտքում Հաֆիզը:

Աղջիկը մտավ մի վաճառականի խանութ և այնտեղից միքանի արշին կտոր առավ: «Հա, սա պճնվել է սիրում», — փնթփնթաց ծեր բանաստեղծը: Իսկ աղջիկը մտել էր արդեն մի ուրիշ խանութ, որտեղ միայն ուտելիքներ էին ծախում: «Ո՜չ, սա բկլիկի մեկն է», — մտածեց Հաֆիզը: Աղջիկը Գնեց մի քանի լավաշ, մի տապակած աղավնի և շտապով դուրս եկավ շուկայից: Դուրս գալով շուկայից, մտավ մի մութ ծուռումուռ փողոց և կանգնելով մի ողորմելի կիսավեր տնակի առաջ՝ դուռը բանալ տվեց և ներս գնաց: Պատի ճեղքից բանաստեղծը տեսավ մի տխուր տեսարան: Անկյունում, խոտի վրա նստեք էր մի պառավ կին: Նրա շորի կարկատանները կարծես թափվում էին վրայից: Հաֆիզը տեսավ, որ այդտեղ թշվառության և վշտի բնակարան է: Աղջիկը նստեց պառավի մոտ:

Հաջորդ էջ