Խնկոյան Աթաբեկ՝   Բանաստեղծություններ, պոեմներ, առակներ, հեքիաթներ

Մյուս ընկերները՝ Կատուն, Շունը, Ուլիկը շրջապատեցին Իշուկին և այնպես մլավելով, հաչելով, մկկալով և զռալով, ծուղ-րու-ղո՛ւ կանչելով, լուսաբացին գյուղ մտան:

Աքլորը Իշուկի վրայից թռավ կտուրը և հպարտ-հպարտ երգեց.

Ծուղ-րու-ղու-ղու...
Աքլորն եմ,
Մի հավ ունեմ՝ տունն է,
Մի հավ ունեմ՝ բունն է,
Մինն էլ տարել էր չարչին,
Դուռ ու դրկից ժողովեցի,
Մութ գիշերով գնացի,
Չարչուն տան մեջ պատժեցի,
Վառոս տարել էր գերի,
Գնացի ու ետ բերի.
Ծուղ-րու-ղու-ղո՛ւ... Թագվորն եմ,
Ծուղ-րու-ղու-ղո՛ւ... Աքլորն եմ:

ՃՌԻԿԸ

1

Թռչկոտում էր Ճռիկը, թռչկոտում էր ծաղկից ծաղիկ, խոտից խոտ ու ճռի՛կ, ճռի՛կ, ճռճռում:

Անմեղ աղջիկ էր,

Ծաղկի փնջիկ էր,

Սիրտն էր խոսում,

Երգ էր ասում:

Մի օր Ճռիկը մի արծաթ շահանոց գտավ ու ճռի՛կ ճռի՛կ, ճըռճըռաց:

(Օ՜յ, օ՜յ, օ՜յ, էս ի՛նչ բախտ է, էս ի՛նչ գանձ է, էս փողով ես ի՞նչ գնեմ: Կապուտակ ձի առնեմ, հեծնեմ թռչեմ: Չէ՜, չէ՜, ինչպե՞ս ջրեմ, ինչպե՞ս կերակրեմ: Գորգ առնեմ, տակս փռեմ: Չէ՜, չէ՜, ինչպե՞ս մաքրեմ, ինչպե՞ս թափ տամ: Չէ, լավն էն է՝ կարմիր ժապավեն առնեմ, — ասավ Ճռիկն ու ժապավեն առավ: Առավ, կապեց կարմիր ժապավենը, զուգվեց-զարդարվեց, նստեց տան շեմքին, իրեն ցույց տվեց:

2

Եկավ Եզիկը, տեսավ ճռիկին,
Բարև, քեզ, ճռիկ,
Նազելի աղջիկ,
Եկ ընկերանանք,
Ընկերներ դառնանք:
Ես Եզիկն եմ, հեզիկն եմ,
Պեծիկ, մեծիկ մազիկն եմ:
Ճռիկն ասավ.
Ես էլ Ճռիկն եմ...
Սիրուն աղջիկ եմ,
Վարդի փնջիկ եմ
Ոսկեզօծ մազիկ,
Կարապի վզիկ,
Մի բուռ կրակ եմ,
Մութ տան ճրագ եմ,
Իմ սիրտն է խոսում,
Ես երգ եմ ասում:
Մի վրաս նայի՝
Գտա մի շահի,
Ժապավեն առա
Ու պեծիկ դառա:
Նա է ընկերս, ով երգել գիտե:
Եզիկը երգեց բառաչելով.
Մո՛ւ, մո՛ւ, մո՛ւ...
Ես Եզիկն եմ, հեզիկն եմ,
Պեծիկ-մեծիկ մազիկն եմ:
(Է, լա՜վ, լա՜վ:
Եզիկ, հեզիկ,
Պեծիկ-մեծիկ,
Գնա՜, մի բան չե՜ս,
Հերի՜ք բառաչես:

3

Եզիկը գնաց, Իշուկը եկավ:
Եկավ ու ասավ.
Բարև քեզ, Ճռիկ,
Նազելի աղջիկ,
Եկ ընկերանանք,
Ընկերներ դառնանք:
Ես Իշուկն եմ,
Չոշ-չոշուկն եմ,
Ձենս քնքուշ, երգս անուշ:
Ճռիկն ասավ.
Ես էլ Ճռիկն եմ,
Սիրուն աղջիկ եմ,
Վարդի փնջիկ եմ,
Ոսկեզօծ մազիկ,
Կարապի վզիկ,
Մի բուռ կրակ եմ,
Մութ տան ճրագ եմ,
Իմ սիրտն է խոսում,
Ես երգ եմ ասում:
Մի վրաս նայի,
Գտա մի շահի,
Ժապավեն առա
Ու պեծիկ դառա,
Նա է ընկերս, ով երգել գիտե:
Իշուկը երգեց խռանչելով.
Ես Իշուկն եմ,
Չոշ-չոշուկն եմ,
Ձենս քնքուշ,
Երգս անուշ...
(Է, լա՜վ, լա՜վ, Իշուկ,
Ձենդ պահի քեզ,
Դու էլ մի բան չես,
Հերիք խռանչես:

4

Իշուկը գնաց, Փիսիկը եկավ.
Եկավ ու ասավ.
Բարև քեզ, Ճռի՜կ,
Նազելի աղջիկ,
Եկ ընկերանանք,
Ընկերներ դառնանք:
Ես մլավան Փիսիկն եմ,
Խուճուճ-մուճուճ մազիկն եմ,
Աղաների մուշտակն եմ,
Խանումների չուստակն եմ:
Ճռիկն ասավ.
Ես էլ Ճռիկն եմ,
Սիրուն աղջիկ եմ,
Վարդի փնջիկ եմ,
Ոսկեզօծ մազիկ,
Կարապի վզիկ,
Մի բուռ կրակ եմ,
Մութ տան ճրագ եմ:
Իմ սիրտն է խոսում,
Ես երգ եմ ասում:
Մի վրաս նայի,
Գտա մի շահի,
Ժապավեն առա
Ու պեծիկ դառա:
Նա է ընկերս՝ ով երգել գիտե:
Փիսիկը երգեց մլավելով.
( Ես մռմռան Փիսիկն եմ,
Խուճուճ-մուճուճ մազիկն եմ...
(Է՜ լա՜վ, լա՜վ, Փիսիկ,
Դու լավը՝ լավն ես,
Բայց լավ կանես,
Որ չմլավես:

5

Փիսիկը գնաց, Մկնիկը եկավ:
Մկնիկը եկավ, բեղերը սրած
Ու վերև ծռած,
Մուշտակը հագին,
Ոլորած ագին,
Աչք է ման ածում,
Պռոշը կծում:
Եկավ ու տեսավ.
Բարև՜, պայծառիկ,
Ճըռճըռան Ճռիկ,
Աղուաղունակ,
Ծիտ ու ծիծեռնակ,
Նազանի աղջիկ,
Ալ վարդի փնջիկ,
Եկ ընկերանանք,
Ընկերներ դառնանք:
Ես Մկնիկն եմ, Մկնիկն եմ,
Դաշտի ոսկի ձկնիկն եմ:
Ճռիկն ասավ.
( Ես էլ Ճռիկն եմ,
Սիրուն աղջիկ եմ,
Վարդի փնջիկ եմ,
Ոսկեզօծ մազիկ,
Կարապի վզիկ,
Մի բուռ կրակ եմ,
Մութ տան ճրագ եմ,
Իմ սիրտն է խոսում,
Ես երգ եմ ասում:
Մի վրաս նայի,
Գտա մի շահի,
Ժապավեն առա
Ու պեծիկ դառա:
Նա է ընկերս, ով երգել գիտե:
Մկնիկը երգեց ծըվծըվալով.
Ես Մկնիկն եմ, Մկնիկն եմ,
Դաշտի շեկլիկ ձկնիկն եմ...
(Է, լա՜վ, լա՜վ, Մկնիկ,
Դու լավ ես երգում,
Ձենդ լսեցի,
Քեզ շատ սիրեցի:
Եկ ընկերանանք,
Ընկերներ դառնանք:

6

Ճռիկի բախտը չբերեց. ճիշտ է, Մկնիկը լավ էր երգում, բայց տանը չէր մնում, որ երգեր, Ճռիկը լսեր:

Շարունակ դուրսն էր, ինչ որ գտնում էր մենակ էր՝ ուտում: Մի անգամ Մկնիկը տուն եկավ, տեսավ, որ Ճռիկի ընկերուհիները հյուր են եկել: Շատ քաղցած էր, դեսուդեն ընկավ, որ մի բան ճանկի. բարձրացավ կճուճի վրա ու ընկավ տաք սպասի մեջ: Ընկավ ու մեռավ: ճռիկը քիչ մնաց խելագարվի: Նստեց ու լաց եղավ ընկերոջ համար.

Ի՞նչ եմ անում ոսկի մազիկ,
Ոսկի մազիկ, երկար վզիկ:
Թող ես շաղվեմ հում կաթի պես,
Սիրտս սև է սև սաթի պես,
Դարդս ծով է, ճռիկ-ճռիկ:
Ա՛խ, Մուկիկ ջան, վաղամեռիկ,
Ձենդ անուշ, մազդ խուճուճ,
Անտեր մնա էս խոր կճուճ,
Որ քեզ չաներ ճստիկվստիկ,
Ա՜յ իմ ընկեր, պստիկ-մստիկ:

Ու մինչև այսօր ճռիկը ճռռալով լալիս է իր ընկեր Մուկիկի մահը:

ԾԻՏԸ

Ծառի տակին պտեղ անելիս Ծտի ոտը փուշ մտավ: Նա լաց լինելով եկավ, պառավին. ասաց.

Նանի՜ ջան, նանի՜, ոտս փուշ է մտել, եկ փուշը հանի: Գնամ կոլ անեմ, կոմբոլ անեմ, գլուխս պահեմ, մորս մինուճարն եմ:

Պառավը խղճաց Ծտին, փուշը ոտից հանեց, ճամփու դըրեց:

Ծիտը գնաց կոլ արավ, կոմբոլ արավ, նորից եկավ պառավի մոտ, ճտվտալով ասաց.

Փշիկս տո՜ւր, փշիկս:

( Փշիկդ գցեցի, թոնիր վառեցի...

( Կամ փշիկ, կամ լոշիկս,— ասաց Ծիտը:

Պառավը մի լոշ հաց բերեց տվեց Ծտին: Ծիտը լոշը վերցընելով գնաց:

Մի տեղ Ծիտը տեսավ, որ հովիվը ծառի տակ նստած կաթ է խմում՝ առանց հացի:

Ծ՜իվ, ծի՜վ, ծի՜վ, ա՜յ հովիվ, ինչո՞ւ կաթդ անհաց ես ուտում, առ այս հացը բրդիր կաթի մեջ և կեր: Ես գնամ կոլ անեմ, կոմբոլ անեմ, գլուխս պահեմ, — ասաց Ծիտն ու թը՛ռ, թռավ:

Մի քիչ անց՝ Ծիտը նորից եկավ հովվի մոտ ծտվտալով ծի՛վ, ծի՛վ, ծի՛վ, ասաց հովվին.

Լոշիկս տո՜ւր, լոշիկս:

Լոշիկդ կերա:

Կամ լոշիկս, կամ գառնիկս:

Հովիվն իր հոտից մի գառ տվեց Ծտին: Ծիտը վերցրեց գառը և թռավ: Թռավ իջավ մի տան կտրան: Տանտերը իր որդու հարսանիքն էր անում, բայց աղքատ էր. դրա համարէլ հարսանիքին մսացու չուներ: Ծիտը խղճաց և ծլվլոցով ասաց...

Առ այս գառը, ա՜յ մարդ, հարսանիքիդ մսացու արա. դա էլ ծտիս նվերը՝ հարսիկին: Ես գնամ կոլ անեմ կոմբոլ անեմ, գլուխս պահեմ: Ասաց ու ինքը թը՛ռ, թռավ, գնաց, գառը մսացու մնաց:

Հարսանիքի երկրորդ օրը Ծիտը եկավ տանտիրոջ դուռը կտրեց: Ծի՛վ, ծի՛վ, ծի՛վ:

Գառնիկս տո՜ւր, գառնիկս:

Մորթեցինք, կերանք:

Կամ գառնիկս, կամ հարսիկս...

Տանտիրոջ ճարը որ կտրվեց, վերցրեց հարսին տվեց Ծտին: Ծիտն էլ առավ նորահարսին իր թևերի վրա և թռավ:

Շատ թռավ, քիչ թռավ, շատն ու քիչը ո՞վ գիտե, վերջն իջավ մի աշուղի մոտ՝ սազն ածելիս: Ծի՛վ, ծի՛վ, ծի՛վ...

Աշուղ ախպեր, առ հարսիկս քեզ: Ես գնամ կոլ անեմ, կոմբոլ անեմ, գլուխս պահեմ:

Երկրորդ օրը Ծիտը եկավ աշուղի մոտ և ծլվլալով ասաց.

Ծի՛վ, ծի՛վ, ծի՛վ, հարսիկս տո՜ւր, հարսիկս, հարսիկըս տո՜ւր, հարսիկս...

Տերն եկավ հարսիկին տարավ:

Կամ հարսիկս, կամ սազիկս, կամ հարսիկս, կամ սագիկս...

Աշուղը սազը տվեց Ծտին: Ծիտն առավ սազը, կախեց իր վզից և այն օրից մինչև հիմա անվերջ սազն ածելով երգում է.

Փշիկը տվի՝ լոշիկ առա,
Լոշիկը տվի՝ գառնիկը առա,
Գառնիկը տվի՝ հարսիկը առա,
Հարսիկը տվի՝ սազիկը առա,
Ծիվ, ծիվ, սազիկը առա
Ու աշուղ դառա:

ՈՒԽՏԱՎՈՐ ԱԳՌԱՎՆ ՈԻ ԱՔԼՈՐԸ

Օրերից մի օր Ագռավն ու Աքլորը խոսքը մեկ արին, որ ուխտ գնան: Նրանք իրենց խոսքի տերն էին, ինչպես ասին, էնպես էլ արին. վեր կացան, ճամփա ընկան ու գնացին: Շատ գնացին, քիչ գնացին, շատ ու քիչը ո՞վ գիտե, ես էլ հետները չէի, որ իմանայի, գնացին, գնացին, մին էլ, ըհը՜, Աղվեսը:

Էս ի՞նչ բան է, — ասում է Աղվեսը, — դաշտում՝ Աքլո՞ր, հետն էլ Ագռա՞վ: Էս երա՞զ է, թե աչքիս է երևում: Բայց ինչպե՞ս անեմ, որ բռնեմ:

Գլուխը կախեց, տխուր-տրտում գնում էր ու բարձր-բարձր խոսում, էնպես որ՝ ուխտավորները լսեցին:

( Ա՛խ, մեկի աչքը դուրս գա լավ է, քան թե անունը: Մեր աղվեսների անունը վատ է դուրս եկել: Ես էսքան բարի աղվես լինեմ, կյանքիս մեջ ծիտն ի՛նչ է՝ ծտի էլ ձեռք տված չլինեմ ու էսպես վատ անուն ունենա՞մ: Շատ էլ՝ շատ աղվեսներ անպիտան են եղել, ինձ ի՞նչ, ես ի՞նչ մեղավոր եմ: Բա մեղքը չե՞մ, որ ինձ էսքան հալածում են, ոչ ոք չի ուզում ինձ ընկեր դառնալ. մի տես էն ջուխտը ինչպես անուշ-անուշ իրար հետ զրուցում են, երնեկ թե իմանայի՝ ուր են գնում, ընկեր դառնայինք, ջան ասեինք, ջան լսեինք: Ընկեր էլ չդառնայի, էդ բախտը ինձ՝ մեղավորիս ո՞վ է տվել, նրանց ծառան լինեի, ջուր ուզեին՝ ջուր բերեի, կուտ ուզեին՝ կուտ բերեի, հիվանդանային՝ պահեի, պահպանեի, գիշերները անուշ քունս կտրեի, պահապան կանգնեի, մի իմանային, որ աշխարհումս աղվես էլ կա, աղվես էլ:

Էսպես էր ասում ու ոտը կախ գցած, աչքի տակով նայելով՝ կամաց-կամաց գնում էր:

Էս ի՛նչ բարի Աղվես է,(ասում է Ագռավը:

Էս ի՛նչ բարի Աղվես է, եկ կանչենք,— ասում է Աքլորը:

( Պարոն Աղվես, պարոն Աղվես, կաց, կաց, գանք հաս նենք:

Է՜, թե որ չեք վախենում, համեցեք:

Որ եկան հասան, Աղվեսը հարցրեց.

Ո՞ւր եք գնում էդպես ջուխտ:

Տա մուրազդ, հեռու ուխտ:

(Էս ի՞նչ բան է, ախր ես էլ եմ գնում, էս ինչ լավ պատահեցինք:

Պարոն Աղվեսը բաց արավ իր անուշ, մեղուշ լեզուն ու սկսեց դեսից դենից խոսել: Գովեց Ագռավին, գովեց Աքլորին ու հետն էլ մտածում էր, ինչպես անի, որ երկուսին էլ միանգամից բռնի. թե մոտենա Ագռավին բռնի, Աքլորը կփախչի, թե Աքլորին բռնի, Ագռավը կթռչի: Էսպես խոսք մեջ գցելով, սրան, նրան գովելով, բերեց իր բնի բերանին կանգնեցրեց ու էսպես սկսեց.

Ագռավ ազի, անհաղթ Աքլոր, խոսք չկա, որ մենք ազիզ եղբայրներ ենք, ես էլ եմ անկեղծ, դու էլ եք անկեղծ: Ինձանից թեև ձեզ խրատ չի հասնի, բայց էլի, ասում է՝ «Մի խելքը լավ է, բայց երկու խելքը լավ է ու լավ»: Ես քանի որ ձեր եղբայրն եմ, չեմ ուզում ձեզ մի փորձանք պատահի: Ա՛յ ասեմ, որ որսորդը բազեներով որսի գա, ձեզ երկուսիդ էլ կբռնի, ես կփախչեմ, կազատվեմ. թե որ որսորդը շուն ունենա հետը, դո՜ւք կազատվեք, ես կբռնվեմ: Ա՜յ ձեզ մի լավ բան ասեմ, եկեք գետնի տակով գնանք, ա՜յ ճամփա, — ցույց տվեց իր բունը: — Այնտեղ ոչ բազե կա, ոչ շուն:

( Լավ ես ասում, պարոն Աղվես, — ասում է Ագռավը:

Լավ ես ասում, պարոն Աղվես, — ասում է Աքլորը:

Աղվեսն էդ ուխտավորներին տարավ իր բունը:

Էս ի՛նչ մութն է, ճամփեն չեմ տեսնում, պարոն Աղվես:

Ջիվան Աքլոր, անհաղթ Աքլոր, եկ մեղքերդ խոստովանի, աչքերդ լույս կտան, ճամփեն կգտնես:

Ես մեղք չունեմ:

Ի՞նչ Աքլոր ես, որ մեղք չունես, էլ ինչո՞ւ ես ուխտ գնում. որ մեղքդ ասեմ, քեզ ուտե՞մ, մարսե՞մ:

Լավ, բայց ես մեղք չունեմ:

Դե լսիր: Կեսգիշերին, մեջ գիշերին որ վեր ես կենում ու խելքիցդ դուրս կանչում ես՝ ծուղրուղո՛ւ հա ծուղրուղո՛ւ, դու էլ գիտես՝ մի մեծ բանի վրա ես, քո ձենը քո ականջը բա չի՞ ընկնում: Չես թողնում, որ խեղճ ու կրակ բանվոր մարդիկ մի կուշտ քնեն. բա մեծ մեղք չի՞, դեռ լույսը չբացված, դեռ արևը չծագած, տո՜ բաց բերան, նրանց քնահարամ ես անում: Հլա դա գնա ու գա, բա որ ձմեռն էլ բուք-բորանի ես տալիս քարավաններին, սառեցնում թողնում. դա որ մահացու մեղք է: Դե, էն է էլի լույսը որ բացվի, մարդ կիմանա, որ լույս է, վեր կկենա, կգնա իր գործին, էլ քո ծուղրուղուն ինչի՞ս է հարկավոր, — ասաց ու գլուխը մարմնից կիսեց:

Հիմի դու արի, իմաստուն Ագռավ, արի ու մեղքերդ խոստովանի:

Ես, ես, պարոն Աղվես, — կռռաց Ագռավը,— Աքլորի պես հո մեղք չունեմ. իրիկունը շուտ եմ քնում, կեսգիշերին, մեջ չեմ կանչում, բանվորների քունը չեմ կտրում, քարավան չեմ սառեցնում, բուք-բորանի բերան չեմ տալիս:

Ի՛նչ, տո՜ չարագուշակ, սևասիրտ, սևաշոր Ագռավ, որ մեղքդ ասեմ, քեզ ուտե՞մ մարսե՞մ:

( Լավ:

Լավ օրի մնաս, Աքլորի մոտ գնաս: Դեհ լսիր, ասեմ. ամառը լծած եզան վզին որ վերք է բացվում, տերը բաց է թողնում եզանը, մի երկու շաբաթ արածի, վերքը սազացնի: Բայց դու, անխիղճ Ագռավ, ամառվա էն շոգին, վեր ես գալիս անլեզու, անբերան, վիրավոր անասունի վերքին, հա՜ պտխորում ես, հա՜ վերքը կտցում, հա՜ խորացնում: Խեղճը պոչով է անում, վեր չես գալիս, գլխով է անում՝ վեր չես գալիս, վերքը խորացնում ես, հա՜ խորացնում. վերքն էլ որդնոտում, խեղճ եզանը տալիս սպանում է: Տեսա՞ր ինչ ծանր մեղքի տեր ես, — էսպես ասավ ու Ագռավին էլ Աքլորի օրին գցեց ու սկսեց թռչկոտել, հետն էլ երգել.

Ագռավիկ սևամազիկ,
Աքլորիկ երկար վզիկ,
Բարակ ճամփով եկաք ջուխտ,
Բողազավանք եկաք ուխտ:
Ա՜խ, ի՛նչ էիք, ի՛նչ չէիք,
Մի ջուխտ էիք, քիչ էիք.
Ջուխտիդ մեղքը իմ վզին,
Հասաք դուք ձեր մուրազին:
Դեհ թռե՜ք, թռե՜ք, թռցնեմ,
Բողազավանք հասցնեմ:

ՊՈԻՃՈԻՐ ՄԿՆԻԿԸ

Պուճուր մկնիկն ասում է Մեծ մկանը՝ խմորը ես անեմ. մեծն ասում է՝ ո՜չ, ես անեմ: Վերջապես Պուճուր մկնիկը զոռում է, խմորն ինքն է անում, բայց ձեռները կոտրատվում՝ մնում են խմորում: Այդ դժբախտությունը տեսնելով՝ Մեծ մուկը սրտապատառ դուրս է վազում, ձեռները խաչում և սկսում է լաց լինել:

Մի Ծիտ, լսելով Մկան լացը, ուզեց իմանալ, թե ինչու է լալիս:

Ա՛յ Մուկ,— հարցրեց Ծիտը, — ինչո՞ւ ես ձեռներդ խաչել և աղիողորմ լաց լինում:

Բա չե՞ս ասիլ, ա՜յ Ծիտիկ, — պատասխանում է Մուկը,

Պուճուր մուկիկը խմորն անելիս ձեռները կոտրեց:

Ծիտը շատ ցավեց, շատ ափսոսեց և սաստիկ ցավից նրա մի աչքը խփվեց, կուրացավ:

Ծտին պատահեց մի Արտուտիկ և հարցրեց.

Ծիտիկ, աչքդ ինչո՞ւ է փակվել:

Բա չե՞ս ասիլ, Արտուտիկ, Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները խմորումն են մնացելԱչքախուփիկ Ծիտիկն եմ:

Արտուտիկի թևերն իսկույն կոտրվեցին: Նա տխուր-տրտում մի թփի տակ ընկած Պուճուր մուկիկի մահն էր սգում:

Ինչո՞ւ ես լալիս, Արտուտիկ, — հարցրեց նրան Ագռավը:

Բա չե՞ս ասիլ, Ագռա՜վ ազի, Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում: Աչքխփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ:

Ագռավը հենց որ լսեց Պուճուր մկան դժբախտությանը, իր փետուրները թափեց և տխուր-տրտում մի ծառի վրա նստեց, ղա՛-ղո՛ւ անելով Պուճուր մկնիկի մահը սգաց:

Ասա ինձ, Ագռա՜վհարցրեց Ծառը, — պատճառն ի՞նչ է, որ դու փետուրներդ թափել ես և այդպես ցավալի կռավում ես:

Բա չե՞ս ասիլ Ծառիկ, Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում, աչքախփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ:

Ծառը հենց որ լսեց Պուճուր մկան դժբախտությունը, իսկույն ճղակոտոր եղավ: Նրա ճյուղերը թափվեցին այն քարի վրա, որն ընկած էր ծառի տակ:

Ա՜յ Ծառ, քեզ ի՞նչ պատահեց, որ հանկարծ ճղակոտոր եղար, — հարցրեց Քարը:

Բա չե՞ս ասիլ, — պատասխանեց Ծառը, — Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում: Աչքախփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ:

Քարն իր տեղից թոլ եղավ, գնաց ընկավ Ծովը: Ծովը ուզեց իմանալ Քարի տեղից շարժվելու պատճառը:

Ինչո՞ւ թոլ եղար քո տեղից, ա՜յ Քար:

Բա չե՞ս ասիլ, — պասասխանեց Քարը, — ես որ թոլ չլինեմ, ո՞վ լինի: Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում: Աչքախուփիկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ, թոլիկ-մոլիկ Քարիկն եմ: Ծովը ցավից իսկույն արյուն կտրավ: Մի աղջիկ կոտը գլխին դրած աղբը բերեց Ծովը թափելու: Տեսնելով, որ Ծովն արյուն է դառել, խղճահարվեց, ուզեց պատճառն իմանալ:

( Ա՜յ Ծով, քեզ ի՞նչ պատահեց, որ արյուն կտրար:

Բա չե՞ս ասիլ, սիրուն աղջիկ, Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում: Աչքախփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ, թոլիկ-մոլիկ Քարիկն եմ, արնակոլոլ Ծովիկն եմ:

Լսելով Պուճուր մուկիկին հասած դժբախտությունը, աղջիկը սաստիկ ցավ զգաց, այնպես որ աղբով կոտը կպավ նրա գլխին: Նա լացուկոծով, կոտը գլխին, վերադարձավ տուն:

Տատը, որ ջահրա էր մանում, հարցրեց.

Ա՜յ աղջի, ինչո՞ւ ես լալիս, ինչպե՞ս պատահեց որ աղբի կոտը գլխիդ կպավ, մնաց:

Բա չե՞ս ասիլ, տատի, — սկսեց աղջիկը, — ինչ մեծ դժբախտություն է պատահել: Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում: Աչքախփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ, թոլիկ-մոլիկ Քարիկն եմ, արնակոլոլ Ծովիկն եմ, կոտը գլխիս աղջիկն եմ:

Ջահրեն կպավ պառավի կողից: Պառավը լաց լինելով գնաց տերտերի մոտ:

Բա չե՞ս ասիլ, տեր հա՜յր, — լաց լինելով պատմեց պառավը, — էսպես մի մեծ փորձանք: Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկը ձեռները թողել է խմորում: Աչքախփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ, արնակոլոլ Ծովիկն եմ, կոտը գլխիս աղջիկն եմ, ջահրեն կողքիս պառավիկն եմ:

Տերտերը մեջքը տված դռան՝ լսում էր պառավին և հանկարծ զգաց, որ դուռն էլ իր մեջքին է կպել և պոկ չի գալիս:

Գյուղացիները հավաքվեցին տո՜ւր, հա տո՜ւր տերտերին, որ դուռը մեջքից պոկվի: Այդպես էլ լինում է: Դուռը տերտերի մեջքից է պոկվում, ջահրեն պառավի կողից, կոտն աղջկա գլխից, Ծովը նորից պարզվում, ջուր է դառնում, Քարը գլորվում է իր նախկին տեղը, Ծառի ճյուղերը նորից բուսնում են: Ագռավին նոր-նոր փետուրներ են գալիս, Արտուտը թևերի տեր է դառնում, Ծտի աչքը բացվում է, Պուճուր մկնիկն էլ իր ձեռները ետ է ստանում:

ՓԸՇԿՈ ՆՌՆՈՆ

Մի տղա իր հորից ժառանգություն ստացավ մի կատու: Կատուն դրեց թևի տակն ու գնաց:

Գնաց մտավ մի էնպիսի գյուղ, որ իսկի կատու տեսած չէին: Գնաց ու մի տուն հյուր եղավ:

Տանեցիք, որ կատվին տեսան, սաստիկ վախեցան, ամեն մեկը մի փայտ քաշեց ու կանգնեց, բան է՝ թե կատուն իրենց վրա հարձակվի, պաշտպանվեն:

Ա՜յ մարդիկ, — ասավ կատվատերը, — չտե՞ս եք, ի՜նչ է, սա հո մարդակեր չէ, որ փայտերը քաշել կանգնել եք, սա ձեզ վնաս չի տա, սա մկների թշնամին է:

Կատուն չեղած տեղը մուկ շատ կլինի: Մկները որ իրենց բներից դուրս եկան, տերը կատվին բաց թողեց: Ծըզծըվոցն ընկավ մկների մեջ:

Լուրը հասավ գյուղամեջ թե՝ հա՛յ, հա՜րայ, եկեք, չտեսած բանը տեսեք:

Գյուղացիք հավաքվեցին էդ տղի գլխին:

Գազանի անունն ի՞նչ է, — ասին:

Փշկո-Նռնո է, — պատասխանեց տերը:

(Ինչ էլ որ լինի, մեր անձի շապիկներն էլ կծախենք ու Փշկո-Նռնոն կառնենք, — ասին գյուղացիք ու երկու հարյուր ոսկի տվին կատուն առան:

Կատվին փոխնեփոխ օրական մի տուն հյուր էին տանում:

Էլ ի՛նչ պատիվ, էլ ի՛նչ գառ ու ոչխար մորթել, ի՛նչ սեր ու սերուցք ուտեցնել, կատվի պատիվն եղել էր շահի պատիվը:

Մի օր էլ մի աղքատ պառավ կատվին տուն տարավ: Պառավի ունեցած չունեցածը մի աքլոր էր: Նա մորթեց իր աքլորը, կարմրցրեց, միայն մի պատառ տվեց իր հիվանդ թոռիձեռքը, կուժը դրեց ուսին ու գնաց ջրի: Կատուն մի քանի անգամ ման եկավ երեխի շուրջը, ձեռքերը ճանկռոտեց, արյունի մեջ կորցրեց, մսի կտորը խլեց, փախցրեց: Երեխան ղժվժոցը դրեց, արյունլվա ձեռները քսեց երեսին, քիթ ու մռութն արյունոտեց:

Երբ պառավը ջրից ետ եկավ, տեսավ որ երեխեն արյունի մեջ կորած՝ գետնի վրա թավալ է տալիս, ոտները գետնին է խփում ու ղժվժում: Կատուն էլ ուռած, փքված պոչը մանգաղ է արել, մլավում է, մըռմըռում ու երեխի չորս կողմը ման է գալիս:

Պառավը կուժն ուսից տվեց գետին ու լեղապատառ իրեն գցեց գյուղամեջ, հավար տվեց.

Օգնեցե՛ք, Փշկո-Նռնոն կատաղել է, մարդ է ուտում:

Գյուղացիք, որը թրով, որը թվանքով, որը բրով, որը սրով, վազեցին պառավի կտուրը: Քար ու գնդակ էր, որ թափեցին երդիկից: Հետո երդիկ ու դուռ ծածկեցին, գնացին, որչլինի թե կատուն դուրս գա գյուղը քանդի:

Մի ժամանակ որ էդպես մնաց, եկան դուռը բաց արին, տեսան, որ Փշկո-Նռնոն մտել է թոնիրը:

Է՛, ո՜վ բռնի Փշկո-Նռնոյին, ո՜վ չբռնի. ասին՝ որ տանուտերը բռնի:

Տանուտերն իր վերարկուն փռեց թոնրի վրա, կռացավ, ձեռքը տարավ ու կատվին բռնեց: Բռնեց ու ձեն տվեց.

Ձիս բերե՛ք, ձիս բերե՛ք: Դուք էլ՝ տունը մի մարդ, ձի հեծեք:

Տանուտերը հեծավ իր ձին, կատվին դրեց գոգը ու ձին քշեց: Ձիավորներն ընկան նրա հետևից, գնացին, Սև ջրի կամուրջի վրա կանգ առան: Տանուտերը շպրտեց կատվին դեպի ջուրը: Կատուն ճանկերը գցեց ու կախ ընկավ ձիու թամքից: Ձին ֆռֆռաց, թռչկոտեց, հետի ոտքերի վրա ծառս ելավ, ետ գնալով հո՛փ, ընկավ գետը: Ձիավորները երբ տեսան, որ տանուտերը մնաց ջրի մեջ, և Փշկո-Նռնոն գետից դուրս եկավ ձիու թամքին նստած, փախան: Ձենը ընկավ գեղեգեղ.

Փախե՛ք, հա գիտի՝ փախե՛ք, վայ գիտի՝ փախե՛ք, Փշկո-Նռնոն առաջ ոտավոր էր, հիմի ձիավոր է դառել, փախե՛ք, որ պրծնեք, եկավ հա՛, եկավ:

Որտեղ լուրը հասավ, էնտեղ փախեփախն ը՛նկավ: Փշկո-Նռնոն յո՛թը գյուղ ավերեց: Տակի ձին շատ վազելուց ընկավ, տրաքեց: Ինքը ելավ ծառի գլուխը, նստեց էնտեղ: Խաբարը գնաց թե՝ ի՛նչ եք անում, Փշկո-Նռնոն ելել է ծառի գլուխը, դիտակը դրել է աչքին, ինչքան աչքը կտրի, էնքան տեղ պետք է ավերի: Դեհ փախեք, որ պրծնեք:

Ամբողջ գավառում մարդ չմնաց, որ չփախչեր:

Այսպես Փշկո-Նռնոն մի ամբողջ գավառ ավերեց:

ԿՌՈԻՆԿՆ ՈԻ ԱՂՎԵՍԸ

1

Աղվեսն ու Կռունկը ընկերացան: Կռունկը բույն շինեց, ձու ածեց, թուխս նստեց, ձագ հանեց: Աղվեսն էլ ձագեր ունեցավ, մայր դարձավ: Մի օր Կռունկը դուրս գնաց ձագերի համար կերակուր բերելու, տնպահ Աղվեսը բռնեց Կռունկի ձագերից մեկին, կոլորեց, վիզը ոլորեց, անուշ արավ: Տուն եկավ Կռունկը և ի՞նչ տեսնի... Աղվեսը լալիս է, իրեն քրքրում ու ասում.

Կռունկ քուրիկ, էսպես էլ անբախտությո՛ւն...

Ի՞նչ անբախտություն, ի՞նչ է պատահել, Աղվես քուրիկ:

Բա չես ասի, մեր բալիկը չկա ու չկա: Էնքա՜ն ման եկա, էնքա՜ն ման եկա, չկա ու չկա:

(Ո՞ր Բալիկը:

Մեր բալիկը:

Մեր ո՞ր բալիկը:

Նա՜, նա՜,

Աչքս կուրանա.
Փափկամազիկ,
Երկար վզիկ,
Երկար ոտիկ,
Երկար տոտիկ,
Բոյը բարձրիկ,
Ձենը քաղցրիկ...

Գովում էր Աղվեսը, իրան քրքրում, մին խփում, հազար թափում:

Աղվես քուրիկ, — ասում է Կռունկը, —

Դու ձագի տեր ես,
Դու սիրող մեր ես,
Արցունք մի՜ թափի,
Արցունք մի՜ չափի,
Դա էլ չար բախտից,
Դա էլ մեր բախտից:

( Հա, հա,— հեկեկում էր Աղվեսը,— հա, Կռո՜ւնկ քույրիկ, հա՜, լացը չի օգնի, անցածն անցած է:

2

Երկրորդ օրը Կռունկն էլի գնում է կերակուր բերելու:

Տնպահ Աղվեսը հիմի բռնում է Կռունկի մյուս ձագին կոլորում, վիզը ոլորում ու անուշ անում, տեղը բան չի թողնում:

Տուն է գալիս Կռունկը և ի՞նչ տեսնում... Աղվեսը երեկվանից ավելի դառը լալիս է, մի խփում հազար թափում, իրան քրքրում ու լալով ասում.

Ա՛խ, Կռո՜ւնկ քուրիկ,
Քուրիկ ու մերիկ,
Իմ աչքը դուրս գա,
Աշխարհը փուլ գա,
Փափկամազիկ,
Երկար վզիկ,
Երկար ոտիկ,
Երկար տոտիկ,
Բոյը բարձրիկ,
Ձենը քաղցրիկ,
Էն մի բալիկն էլ չկա:

Կռունկն էս անգամ հասկանում է, որ ձագերին ուտողը քուրիկ Աղվեսն է, բայց իրան չհասկացողի տեղ է դնում ու ասում.

Աղվես քուրիկ,
Քուրիկ, մուրիկ,
Դու ձագի տեր ես,
Դու սիրող մեր ես,
Արցունք մի՜ թափի,
Կաթը կցամքի,
Դա էլ շար բախտից,
Դա էլ իմ բախտից...

Դու ճիշտ ես ասում, ա՜յ Կռունկ քուրիկ, չար բախտի ձեռքից ո՞ւմ գնանք գանգատ, — հեկեկում էր Աղվեսը ու մտքում ծիծաղում Կռունկի վրա:

3

Աղվես քուրիկ, — մի օր էլ ասում է Կռունկը,— էն է իմ ձագերը կորան, տանողի աչքը դուրս գա, քո ձագերն էլ մեծացան, իրենք իրենց կապրեն: Արի գնանք քիչ ման գանք, սրտներս բացվի:

Է՛, ո՞ւր գնանք, Կռունկ քուրիկ:

( Ա՜յ հենց կուզես երկինք թռչենք, տեսնենք վերևն ի՜նչ կա:

( Ի՛նչ ես ասում, քուրիկ,— ծիծաղեց Աղվեսը,— ինչպե՞ս կարող եմ քեզ հետ թռչել, ես թև չունեմ:

Է՛, ի՞նչ անենք, որ չունես, ես հո ունեմ: Նստի՜ր ինձ վրա, միասին թռչենք:

Աղվեսն ինքն իրան մտածում է.

«Էս ինչ լավ եղավ. կգնամ երկինք, պատահած թռչունը կխեղդեմ, վեր կածեմ գետնին, ետ գալիս էլ քուրիկիս կբռնեմ՝ կուտեմ... Սրանից էլ լավ բա՞ն»:

Աղվեսը նստում է Կռունկի մեջքին:

Կռունկը թափահարում է թևերը, վեր բարձրանում, գնում է ու գնում, հասնում է երկինք ու հանկարծ շուռ է գալիս: Մեկ էլ Աղվեսը մեջքի վրա դրը՛խկընկնում է գետին ու իրեն ջարդում:

( Աղվե՜ս քուրիկ,-ցած գալով ասում է Կռունկը,— էդ էլ քո՜ բախտից, էդ էլ քո՜ բախտից:

ՈՍԿԵ ԻԼԻԿԸ

Կար, չկար, մի կին կար: Էդ կինն ուներ երկու աղջիկ, մինը գեղեցիկ, բայց ծույլ, մյուսը տգեղ, բայց շատ աշխատասեր:

Մայրը գեղեցիկ աղջկան շատ էր սիրում:

Տգեղ աղջկան միշտ բուրդ էր մանել տալիս: Մի անգամ էլ ջրհորի գլխին կանգնած ժամանակ թելը կտրվեց, ու իլիկն ընկավ ջուրը:

Գլխին տալով եկավ մորը պատմեց, թե իլիկս ընկավ ջրհորը:

Մայրը թե.

Ա՛յ աղջիկ, ոչ է՜ս, ոչ է՜ն, պետք է գնաս իլիկը բերես, եթե ոչ՝ ձեռքիցս պրծնողը չես:

Աղջիկը չէր իմանում ինչ անի. տխուր-տրտում եկավ ջրհորի մոտ, կռացավ նայեց վերևից, մին էլ գլխի վրա ընկավ ջրհորը:

Որ ուշքի եկավ, աչքերը բաց արավ, տեսավ մի սիրուն, գեղեցիկ մարգագետին: Արև-արեգակ, ճաճանչ, կանաչ, ծառ ու ծաղիկ, վարդ ու մեխակ, սուսան սմբուլ ու շահբլբուլ, մի խոսքով, ես քիչը կասեմ, դու շատը հասկացիր:

Աղջիկն ուրախացավ ու էդ մարգագետնով գնաց, գնաց, հասավ մի հացով լիքը թոնրի: Թոնրի միջից հացերը ձեն էին տալիս.

Վառվեցի՛նք, էրվեցի՛նք, աղջի՛կ, հանի՜ր մեզ թոնրից, ազատի՜ր:

Աղջիկը կռացավ և հացերը թոնրի կողերից պոկեց, հանեց, փռեց, սառեցրեց, իրար վրա դարսեց ու գնաց: Գնա՛ց, գնա՛ց, հասավ մի խնձորի ծառի: Խնձորենին հիվանդի պես տնքում էր ու կանչում.

Մեռա՛, մեռա՛, ծա՛նր է բեռս, շա՛տ են խնձորներս, ափսո՛ս են ճղներս. թա՜փ տուր, թափահարի՜ր, շաղ տուր, շաղահարիր ինձ:

Աղջիկը լսեց, խղճաց խնձորենուն, շաղահարեց ծառը, խնձորները մի տեղ հավաքեց ու գնաց:

Գնա՛ց, գնա՛ց, էս անգամ հասավ մի տան: Ներս մտավ, տեսավ մի ծեր կին հիվանդ պառկած է:

Աղջի՜կս, դու բարո՛վ եկար, ի՜մ աչքի, ի՜մ գլխի վրա եկար, ես անորդի մերիկ եմ, տեր չունեմ, տիրական չունեմ, հիվանդ եմ. պահի՜ր, պահպանիր ինձ, մինչև լավանամ:

Աղջիկը մնաց հիվանդի մոտ, պահեց-պահպանեց նրան, հոգս տարավ, խնամեց, ջուր դրեց՝ լողացրեց, քրտնացրեց, ոտի հանեց:

Երբ պառավը լավացավ, ոտի կանգնեց, աղջիկն ասավ.

Նանի՜, դե ինձ իրավունք տուր գնամ... գնամ իլիկս ման գամ, գտնեմ, գնամ տուն, գործս մնաց, մեր տանը կարոտել եմ:

Լա՜վ, աղջիկս, լա՜վ ես անում, որ քո հորական տունը սիրում ես: Գնանք քո իլիկը գտնենք:

Ձեռք-ձեռքի տվին ու գնացին:

Գնացի՛ն, գնացի՛ն հասան մի փակ դռան: Պառավն ասավ.

Բախտի դռնակ, բարև՛, բարև՛, բացվի, մաղի ոսկե անձր., էս աղջկան գեղեցկացրու և մազերը ոսկի դարձրու. ջանասեր է էս բալիկը, ոսկի դարձրու և իլիկը:

Էսպես որ ասավ, դուռը բացվեց: Նրանք երկուսով ներս մըտան դռնից:

Մին էլ անձրևը մաղեց, մաղ տվեց, շաղեց, շաղ տվեց ոսկին աղջկա գլխին, աղջիկն եղավ ոսկեմազիկ, գեղեցկացավ, խաս ու ղումաշ շորեր հագավ, դարձավ կաքավ: Պառավը վերցրեց ոսկե իլիկը, տվեց աղջկան, համբուրեց նրան ու ասավ.

Էս էլ ինձ պահելու վարձը, աշխատանքիդ գինը:

Պառավը էդպես ասավ-չասավ, մին էլ դուռը փակվեց, պառավն անհետացավ: Աղջիկը աչքը խփեց բացեց, ահա իրենց տունը: Շունը, կատուն դեմ վազեցին, աքաղաղը կանչեց.

Ծուղրուղո՛ւ, հավ ու ճուտ,
Եկավ, կտա նա մեզ կուտ.
Օրոր, շորոր մի կաքավ,
Ոսկեմազիկը եկավ,
Վրան ոսկի է շարել,
Իլիկը ոսկի է արել,
Գիտեք ո՞վ է. ո՞վ նախշել,
Հիվանդ պառավն է բաշխեր:
Ծուղրուղո՛ւ, հավ ու ճուտ,
Եկավ, կտա ջուր ու կուտ:

Ոսկեմազիկը գնաց մոր ու քրոջ մոտ: Մայրն ու քույրը նրան սիրով ընդունեցին. ոսկի շատ էր բերել:

Հաջորդ էջ