Մուրացան՝   Անդրեաս Երեց

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last

Տեր հայրը ներս մտավ իսկույն և թեպետ դեռ հոգնած, այսուամենայնիվ, հագավ յուր նոր պարեգոտը, փոխեց հին գլխարկը և ձեռնափայտն առնելով դուրս եկավ տանից:

Վանքի ծառան, որ ձեռքին կրում էր մոմաշորի երկար, խողովակաձև լապտեր, առաջ անցավ տեր-հոր ճանապարհը լուսավորելու համար:

Որովհետև Խցաձորից մինչև ս. Թովմասի վանքը բավական երկար ճանապարհ էր և նրանք գրեթե ավանի մի ծայրից մինչև մյուսը պիտի անցնեին, ուստի տեր-հայրը յուր ընթացքն արագացրեց: Նա կամենում էր վայրկյան առաջ հասնել առաջնորդի մոտ և իմանալ, թե՝ խանի հրամանը ինչ նոր գույժ է բերել իրենց, որովհետև բարի լուրի չէր սպասում բնավ: Բայց ճանապարհը սահուկ էր և սառցապատ: Տեր-հայրը շարունակ սայթաքում էր, երկաթագամ քոշերը հազիվ էին նրա ոտքերը գետնի վրա բռնում: Մինչև անգամ շուկայից անցնելու ժամանակ երեցը սահելով՝ նստեց ճանապարհի մեջտեղում. իսկ գետաձորը իջնելու միջոցին՝ քիչ էր մնում գլորվեր լճացած ջրերի մեջ, որոնց վրա այդ ժամանակ դեռ կամուրջ չէր հաստատված: Տեր-հայրն այդ վայրկենին այն աստիճան էր զբաղված օրվա ծանր խնդրով, որ ուշադրություն չէր դարձնում ճանապարհի վատթարության վրա: Եվ եթե ծառայի զգուշությունը չլիներ, գուցե մի վտանգ էլ պատահեր նրան, որ մտազբաղ լինելուց ի զատ նաև հոգնած էր օրվա ծանր աշխատությունից:

Երբ նրանք հասան ս. Թովմասի կամրջին, պատահեցին մի երկու ուրիշ քահանաների, որոնք նույնպես գնում էին առաջնորդարան:

Տեր-Անդրեասը սիրով ողջունեց նրանց և երբ իմացավ որ նրանք էլ կանչված են հայր սուրբից, ինքնիրեն շշնջաց.

— «Փառք աստուծո որ գոնե այս տագնապի օրերում կենդանության նշույլ է ցույց տալիս...»:

Այդ խոսքերը վերաբերում էին առաջնորդ վարդապետին, որ կաթողիկոսի մտերիմներից էր և, առհասարակ, համակրություն չէր տածում դեպի Սյունյաց անապատի սաները: Ինչպես որ ինքը կաթողիկոսը թշնամաբար էր վարվում այդ անապատի առաջնորդների՝ օրինակ, Մովսես Սյունեցի, Պողոս Մոկացի և այլ սրանց նման վարդապետների հետ, այնպես էլ նրա մտերիմները հակակրում էին այս վերջինների աշակերտներին: Եվ այդ հակառակության միակ պատճառը նախանձն էր: Մելիքսեդեկյանները, որոնք, ընդհանրապես, հոգևոր իշխանության պաշտոնակալներ էին, չարակնում էին տեսնելով որ ժողովուրդը ավելի համակրում է Սյունյաց անապատի վարդապետներին և նրանց սաներին քան, իրենց, որ ամեն տեղ սյունեցիներին ընդունում են գրկաբաց և վարձատրում առատորեն, մինչդեռ, իրենք կանգուն էին մնում միայն վարած պաշտոնների շնորհիվ, իսկ այդ պաշտոններն սկսել էին արդեն կորցնել իրենց նշանակությունը այն օրից որ կաթողիկոսը շահի կալանավորն էր դարձել:

Բայց սյունեցիք, իհարկե, հանցավոր չէին այդ դեպքում ժողովուրդը ճանաչել էր նրանց արժանիքը, վայելել էր նրանց անձնվեր ծառայության բազմազան արդյունքները, հասու էր եղել այն ճշմարտությանը, թե Սյունյաց անապատի առաքյալները ապրում են միայն գործելու համար և գործում են իրոք ի շահ ժողովրդի: Մինչդեռ կաթողիկոսի պաշտոնակալները ծառայում էին վարձատրության համար և գործում ի շահ անձնական դյուրությանց: Ահա այս ներքին հաշիվներն էին պատճառ որ Անդրեաս երեցը փառք տվավ աստծուն տեսնելով որ առաջնորդը քահանաներ է հրավիրում՝ ընդհանուր խորհրդով գործ կատարելու համար և որ իրեն էլ, իբրև հակառակորդ անձի, պատվում է այդ հրավերով:

Բայց որքան մեծ եղավ երիտասարդ քահանայի հիասթափությունն ու զարմանքը, երբ ներս մտնելով վանքի ընդունարան՝ տեսավ առաջնորդին յուր դեմ զայրացած:

Սա միջին հասակով, գիրուկ մարմնով և լայնալանջ մի վարդապետ էր: Դեմքը թեպետ դուրեկան և գեղամորուս, բայց զուրկ էր խելոք արտահայտությունից: Նայվածքը բութ և անթափանցիկ, շարժվածքը անժույժ և գռեհկական. հագած էր ասվյա պարեգոտ և նստած բարձերով զարդարուն տախտի վրա: Երբ Անդրեաս երեցը ներս մտնելով գլուխ խոնարհեց իրեն, նա իսկույն և առանց ողջունելու հարցրեց.

Տեր-Անդրեաս, ավետարանը պատվիրո՞ւմ է ստորադրյալին հնազանդ լինել յուր իշխանավորին թե ոչ:

Այո, առաքյալն ասում է. «Ծառայք, հնազանդ լերուք տերանց ձերոց...» պատասխանեց երեցը, մի հարցական հայացք ձգելով վարդապետի վրա:

Ոչ, այդ չէի ուզում լսել, — նկատեց առաջնորդը, — ես տեր չեմ, դու էլ ծառա չես: Տիտոսի թղթում ուրիշ պատվեր կա գրված. «Եվ հուշ արասջիր նոցա՝ իշխանությանց հնազանդ լինել և հպատակ կալ...»:

— «...Եվ ամենայն գործոց բարության պատրաստ լինել, — հարեց տեր-Անդրեասը նույն պատվերի շարունակությունը և լռեց:

Այդպես է, բայց դու ոչ հնազանդություն ես ցույց տալիս քո իշխանավորին և ոչ բարի գործ ես կատարում, — ասաց վարդապետը դեմքը խոժոռելով:

Ո՞րն է իմ հանցանքը, հայր սուրբ, — հարցրեց երեցը առանց վրդովվելու:

Քո հանցա՞նքը... լսիր, ես կհիշեցնեմ քեզ: Այստեղ գտնվող բոլոր քահանաները իրենց ձեռնադրության օրից արդեն գիտեն, որ իրենք հասարակական որևէ գործի ձեռնամուխ լինելու համար նախ և առաջ իշխանավոր առաջնորդի հաճությունը պիտի խնդրեն...

Բայց մի՞թե ես թերացել եմ այդպիսի մի դեպքում, — ընդհատեց երեցը:

Ձեր անապատում, ասում են, մարդկանց վարժեցնում են համբերության, բայց դու չես արդարացնում քո վարդապետարանի հռչակը, — հեգնեց վարդապետը և ապա շարունակեց, — այն օրից ի վեր որ ս. Թովմասի տասնյակ տարներով փակված տաճարի դուռը հրաշքով բացվեցավ, Ագուլյաց առաջնորդական գահը, որի ժառանգորդն եմ ես, համարվում է նախաթոռ: Գիտե՞ս դու այդ հրաշքի պատմությունը:

Գիտեմ, այդ փակված դուռը բացվեցավ իմ վարժապետներից մեկի, Պողոս վարդապետ Մոկացու սուրբ աղոթքներով, — պատասխանեց տեր-Անդրեասը:

Անկարելի է. այդ սուրբ վարդապետը չէր կարող լինել քո վարժապետը, կամ Պողոս Մոկացին, — բացականչեց առաջնորդը:

Նա ինքն էր, — պնդեց երեցը:

Ի՞նչ է ասում այս սնապարծը. — դարձավ վարդապետը մյուս քահանաներին:

Այդպես է, հայր սուրբ, տաճարի դուռը բացվել է Պողոս վարդապետ Մոկացու ջերմեռանդ աղոթքով, — վկայեցին մի քանի ծերունի քահանաներ:

Ես ինքս այդ ժամանակ նորընծա էի և այդ հրաշքին ականատես. — պնդեց Խցաձորի տեր-Հովսեփ քահանան:

Առաջնորդ վարդապետը, որ մի նորեկ էր և ոչ քաջ ծանոթ այդ պատմություններին, այլայլվեցավ, տեսնելով որ տաճարի դուռը բացող սուրբ հռչակված մարդը, որով ինքը կամենում էր պարծենալ, դարձյալ Հարանց անապատի անդամ և նույնիսկ տեր-Անդրեասի ուսուցիչներից է: Նա մի անհանգիստ շարժում արավ, սաթե համրիչը արագ-արագ քաշեց և ապա նորեն դեմքը խոժոռելով ասաց.

Ավելի վատ, դու ուրեմն կրկին հանցանք ես գործել, մին՝ որ անարգել ես քո վարժապետի հիշատակը և մյուս՝ որ անպատվել ես քո վիճակավոր առաջնորդին:

Բայց ի՞նչ եմ արել ես, վերջապես, — հարցրեց տերԱնդրեասը հուզվելով:

Ահա թե ինչ: Երկու օրից հետ այստեղ պիտի լինի արեգակնափայլ շահը (որի աթոռը, խնդրում եմ աստծուն, անսասան պահել հավիտյան), մեր ժողովուրդը պիտի դիմավորե նրան: Արդ, ասա ինձ, այդ դիմավորության հանդեսի մասին հոգալը քո՞ պարտավորությունն է թե առաջնորդի:

Այդ հանդեսի համար ես ոչինչ չեմ հոգացել, — պատասխանեց երեցը խոնարհությամբ:

Բայց երեկ երեկոյան բազմամարդ ժողով ես ունեցել քո տանը, ճառեր ես խոսել, կարգադրություններ ես արել... Այնպես չասացի՞ր, տեր-Սարգիս, վեր կաց և վկայիր, — դարձավ վարդապետը Անդրեաս երեցի պաշտոնակցին, որ նստած էր մյուս քահանաների շարքում:

Տեր-Սարգիսը, որ, ինչպես գիտենք, երիտասարդ երեցի հակառակորդն էր և նրա մասին էլ չարախոսել էր վարդապետի առաջ, վեր թռավ տեղից աշխույժով և հանդիսավոր դիրք առնելով՝ սկսավ խոսել.

Այո, իմ պաշտոնակից եղբայրը բազմամարդ ժողով է ունեցել երեկ, այդ ժողովի մեջն է առաջին անգամ շահի գալստյան լուրը հայտնվել և այդտեղ էլ առաջին անգամ սուրբ հայրապետի նամակը կարդացվել...

Եվ հետո ինձ ուղարկվել, այնպես չէ՞, — ընդհատեց վարդապետը, և ապա դառնալով քահանաներին շարունակեց, — լսում եք, արժանապատիվ հայրեր, կաթողիկոսի նամակը վիճակավորի ձեռքը հասնելուց առաջ կարդացվել է մի երիտասարդ և տակավին նորընծա համարվող քահանայի տանը... Այս ըմբոստությո՞ւն է թե ոչ, ասացեք: Ես ձեզ հրավիրել եմ այստեղ իբրև դատավորներ: Դատեցեք և տեսեք, եթե հանցավոր է՝ պատժեցեք, իսկ եթե արդար՝ արձակեցեք: Մի քանի քահանաներ, որոնք տեր-Սարգսի համախոհներն էին, վկայեցին որ հանցավոր է երեցը և, հետևապես, պիտի պատժվի: Իսկ տեր-Սարգիսը, որ վաղուց սպասում էր այդպիսի մի բարեհաջող դեպքի՝ յուր կարծեցյալ հակառակորդին տապալելու համար, բացականչեց.

Մինչև այսօր, արժանապատիվ հայր, դա գործել է հարյուրավոր այդպիսի հանցանքներ, որոնք ուղղված են եղել մեր դեմ: Դա սառեցրել է ժողովրդի սիրտը մեզանից, ձգել է մեր վարկը նրանց առաջ, ամեն տեղ և ամեն գործում առաջ ընկնելով՝ մեզ թողել է ետքին, այդպիսով դա բռնացել է նաև մեր իրավունքների վրա, ժողովուրդը կարծես էլ չի ճանաչում մեզ, յուր կարիքների ժամանակ՝ նա փոխանակ ավագ քահանաներին դիմելու, դիմում է այս նորընծային և այդպիսով՝ շահ է թե արդյունք, դրա ձեռքն է հանձնում...

Այդ մի կողմ թող, տեր-Սարգիս, խնդիրը շահուն կամ արդյունքին չէ վերաբերում, — ընդհատեց առաջնորդը:

Այո, սրբազան (տեր-Սարգիսը իբր թե սխալմամբ տվավ վարդապետին այդ տիտղոսը, ես էլ հենց այն էի ուզում ասել թև՝ մինչև այսօր խնդիրը մեր շահուն էր վերաբերում այդ պատճառով մենք լռում, համբերում և ներում էինք տեր-Անդրեասին, բայց այժմ, երբ նա ձեռք է պարզում դեպի առաջնորդի իրավունքները՝ նրան անկարելի է ներել:

Հա՛, այդպես պիտի խոսես, այդ է իրավացին, — հավանություն տվավ վարդապետը և ապա աչքերը շուրջը հածելով՝ հարցրեց մյուսներին. — Դո՞ւք ինչ ունիք ասելու:

Ըմբոստ է... հանցավոր է, պետք է պատժվի,— ձայն տվին մի քանի հոգի, բայց մեծամասնությունը լռեց:

Անդրեաս երեցը, որ մինչև այն անխոս ու անվրդով լսում էր յուր դեմ եղած ամբաստանությունները, գլուխը վեր առավ և մի բարձրահոն հայացք ձգելով նախ յուր շրջապատի և ապա առաջնորդի վրա, ասաց,

Ինձ մնում է կրկնել առաքյալի խոսքերը թե «խընդրեմք յաստուծո զի մի ինչ արասցե ձեզ չար, ոչ զի մեք ընտիրք երևեսցուք, այլ զի դուք զբարիս գործեցեք... Խրախ եմք, յորժամ մեք տկարանալցեմք և դուք զորավոր իցեք...»: Այո, հարք և եղբարք, կցանկանայի որ դուք զարդարված լինեիք առաքինությամբ այնչափ, որ ես, ձեր համեմատությամբ, համարվեի անպիտան և նախատվեի ձեզանից իմ տկարության համար, որ ժողովուրդն յուր թշվառության օրերում մխիթարվեր ձեզնով և կարյաց ժամանակ՝ օժտվեր ձեր իմաստութւամբ... և ես չէի նախանձիլ ձեր այդ առավելության: Բայց նույն առաքյալը մեզ հրամայում է, «Խոսեցարուք զճըշմարտութիւն իւրաքանչյուր ընդ ընկերի իւրում, զի եմք միմեանց անդամք», հետևապես, ոչ թե իմ անձը պաշտպանելու, այլ իմ պաշտոնին հավատարիմ մնալու պարտավորությամբ պետք է ճշմարտությունը խոսեմ, «զի եմք վերակացու ճըշ մարտության» :

«Առաջնորդ հայր, երբ ինձ ասացին թե՝ խանից հրաման ես ստացել և այդ պատճառով է որ հրավիրում ես ինձ ու իմ պաշտոնակիցներին, անչափ ուրախացա, զի հավատացի թե՝ ժողովրդի օգտին շահավոր գործ մի սկսելու համար՝ խորհուրդ պիտի անես մեզ հետ: ՉԷ որ այս օրերում մեզ սպառնում է մի չարիք, որի առաջն առնելու համար ամենից առաջ դու պիտի մտածես: Բայց ավաղ, եկա և տեսա որ քեզ ու քո հավատարիմներին զբաղեցնում է ոչ թե ժողովրդյան ցավը, այլ մի տեր-Անդրեաս դատելու և պատժելու խնդիրն, որ ձեզ սարսափեցնում է՝ ոչ թե շահի ձեռքով լինելիք «մանկաժողովը», որ ամեն մի ագուլեցու տուն լաց ու կոծով պիտի լցնե, այլ այն, որ մի երեց պակաս հարգանք է մատուցել առաջնորդին, կամ զրկանք պատճառել մի տեր-Սարգսի:

Էլ ի՞նչ հարցուփորձ է հարկավոր, — բացականչեց հայր սուրբը տեսնո՞ւմ եք, ով քահանայք, ի՞նչ հանդուգն լեզվով է խոսում սա յուր առաջնորդի հետ. կա՞ ձեր մեջ մինը, որ չդատապարտե սրան:

Ինձ իրավունք կունենայիք դատապարտել ամենքդ, եթե երբևիցե թերացած լինեի իմ պարտավորությանց մեջ, — դարձավ երեցը քահանաներին, — բայց ճշմարտություն խոսելուս համար ոչ ոք ունի իրավունք ինձ դատապարտելու, մանավանդ թե՝ պարտավոր իսկ եք միանալ ինձ հետ և կրկնել այն, ինչ որ ես եմ խոսում, զի ժողովուրդն այս վայրկյանին վտանգի մեջ է և մենք սրբազան պարտք ունինք այդ վտանգն անցնելու համար միայն գործել: Ով որ այս միջոցում դրա հակառակն է անում, ով որ հասարակաց բարիքը թողած յուր անձնական խնդիրներով է զբաղվում՝ նա մի դավաճան է:

Չե՞ք լսում այդ մարդուն, ով քահանաներ, ինչո՞ւ համար եք լռել... — բացականչեց առաջնորդը զայրույթից գրեթե գոռալով:

Տեր-Անդրեաս, տեր-Անդրեաս, ի նչ է պատահել, դու կորցրել ես քեզ... — մոտենալով երեցին շշնջաց ծերունի տեր-Հովսեփը:

Նույնպիսի բացականչություններ արին այս ու այն կողմից: Բայց տեր-Անդրեասը մնաց անսասան:

Աղաչում եմ, հարք և եղբարք. հանդգնություն մի համարեք իմ խոսքերը, շարունակեց նա նույն եռանդով, ձեզանից շատերը ճանաչում են ինձ մանկությունիցս ի վեր և գիտեն իմ խոնարհության և համեստության չափը: Մի՞թե մինչև այսօր, մեր առտնին հարաբերությանց ժամանակ, լսել եք դուք ինձանից մի համարձակ խոսք, կամ նշմարել իմ աչքերում մի բարկացայտ հայացք... բայց այսօր ես առտնին գործով չեմ զբաղած և ոչ իսկ հանգիստ խոսելու իրավունք ունիմ. այստեղ ես կանգնած եմ իբրև դատախազ իմ ժողովրդի կողմից, որի առաջ այս վայրկենին բացված է փորձության անդունդ, որ սպառնում է կլանել նրան յուր մեջ... Ես պահանջում եմ որ այդ անդունդը փակելու վրա մտածեք, իսկ դուք ի՞նչ եք պատասխանում, կամ ի՞նչ հրամայում: Միթե իրավունք ունիմ ես լռել, կամ դուք ինձանից կարող եք լռություն պահանջել: Պատերազմի ժամանակ ամեն մի քաջ զինվոր իրավունք ունի նախատել և, մինչև անգամ, ի մահ հարվածել յուր հրամանատարին՝ եթե սա քաջապես կռվելու և զորքին արիություն ու կորով ներշնչելու փոխարեն՝ ծակամուտ է լինում, կամ յուր անձի վրա մտածում: Եկեղեցվո զինվորության մեջ ես մի սոսկ զորական եմ, իսկ մեր առաջնորդը հրամանատար, նա դանդաղում է գործել և ես հիշեցնում եմ նրան յուր պարտքը, ինչ ունիք սրա դեմ առարկելու: Տեր-Անդրեասի խոսքերը տպավորություն արին քահանաների վրա, ուստի նրանցից ոչ ոք չպատասխանեց նրան: Այդ նկատեց առաջնորդը և ճնշվեցավ: Բայց որպեսզի զգալի չդարձնե յուր պարտությունը, նա մի այլ ընթացք տվավ վեճին:

Ես գոհ եմ, — ասաց նա, — որ իմ քահանաների մեջ կան քեզ նման աներկյուղ ճշմարտախոսներ: Երկչոտությամբ լռողը՝ ստոր է ստախոսից: Բայց ի՞նչպես որոշենք կեղծիքը ճշմարտությունից: Արդյո՞ք դու դիտմամբ չես արգելք եղել իմ գործելուն՝ որպեսզի այժմ հրապարակավ իմ անգործությունը դատապարտես:

Ե՞ս, ինչպե՞ս, — զարմացած հարցրեց երեցը:

Այո, դու, — հարեց առաջնորդը, առանց իմ գիտության ժողով ես կազմել քո տանը, ինձանից առաջ կարդացել ես կաթողիկոսի գիրը և առանց իմ հրամանի սկսել ես գործել, որպեսզի այժմ առիթ ունենաս քեզ կռվող զինվոր, իսկ ինձ՝ խուսափող հրամանատար հռչակելու: Այսպե՞ս է թե ոչ:

Ո՛չ: Նախ իմ առաջնորդի թուլությունը ինձ չի կարող ուրախացնել, ուրեմն դրա համար ես չէի աշխատիլ: Երկրորդ ես ոչ մի ժողով չեմ գումարել այլ, իմ ժամավորները իրենք են, ըստ սովորության, հավաքվել ինձ մոտ՝ շահի գալստյան առթիվ խոսելու համար: Երրորդ՝ կաթողիկոսի գիրը, որ գրված է եղել բանտում՝ ածուխով և մի պատառ թղթի վրա, ուղղված է եղել ժողովրդին և ոչ թե քեզ, հետևապես, այդ գիրը կարող էր կարդալ ամեն ոք, և առաջին անգամ կարդացել է Ցղնայի քահանան, ապա խոջա-Անձրևը և վերջը ես...

Հա. ինչո՞ւ խոջա-Անձրևը այդ նամակն առաջ քեզ է բերել և ոչ ինձ, — ընդհատեց հանկարծ առաջնորդը:

Երևի նրա համար որ կաթողիկոսը գրել էր թե՝ «շտապեցեք վտանգի առաջն առնել», քանի ավերող ոտքը չի կոխել ձեր հողը: Խոջա-Անձրևը ճանաչում է ինձ և գիտե, որ ես գործելու ժամանակ դանդաղել չգիտեմ, ուստի նամակը հանձնեց ինձ, որ կարդամ և իսկույն գործի սկսեմ:

Դարձյալ նախատինք... ուրեմն մենք պիտի դանդաղեի՞նք, — հարցրեց առաջնորդը հուզվելով:

Մի զայրանար, հայր սուրբ, ապացույցը մեր առջևն է: Կաթողիկոսի գիրը ես երեկ երեկո կարդացի, իսկ դու այսօր առավոտ, զանազանությունը մի գիշեր է, որի ժամանակ քնած ենք եղել ամենքս: Բայց այս մի օրվա ընթացքում՝ ես ինձ վերաբերյալ գործի մեծ մասն ավարտեցի, մինչ դու դեռ նոր ատյան ես գումարում ինձ դատելու համար: Ինչպե՞ս արդյոք չհավատամ թե՝ իմ դատի գործն ավելի է քո ուշը գրավում, քան Շահաբասի աղետաբեր գալուստը:

Առաջնորդը տեսավ որ երիտասարդ երեցը ոչ միայն չէ հաղթահարվում, այլև հետզհետե ավելի է նշավակում իրեն, ուստի շտապեց վերջ տալ պայքարին և, միևնույն ժամանակ, դատապարտել նրան անգործության:

Տեր-Անդրեաս, քո նախկին համեստությունից շատ ես հեռացել, — ասաց նա քահանային, բայց այդ մասին այլևս չեմ կամենում խոսել: Դու միայն ասա թե՝ ի՞նչ ես արել այսօր, գուցե գործել ես մի որևէ սխալ, այդ ես պիտի իմանամ, որպեսզի քանի ուշ չէ՝ շտապեմ ուղղել, որովհետև ինձ վրա մեծ պատասխանատվություն կա դրված:

Սխա՞լ, չեմ կարծում: Ես միայն այցելել եմ Ագուլիսի ու Դաշտի բոլոր ընտանիքներին և կարգադրել որ հեռացնեն անմիջապես հարսնացու աղջկերանց, գեղեցիկ պատանիներին և, առհասարակ, այն երեխաներին, որոնք կարող են պիտանի համարվել հարեմական ծառայությանց համար:

Եվ այժմ, ուրեմն, Ագուլիսում տեսքով տղաներ չկա՞ն:

Մնում են մի քանի տասնյակ իմ աշակերտների մեջ, նրանց էլ վաղը պիտի տանեմ Ցղնա:

Տեսնո՞ւմ ես, տեր-Անդրեաս, ի՞նչ մեծ չարիք ես հասցրել մեզ, — բացականչեց առաջնորդը՝ աչքերը մեծ բանալով և, կարծես, ուրախանալով:

( Չարի՞ք... — զարմացած հարցրեց երեցը:

Այո, չարիք, քո հապճեպ ու անխորհուրդ վարմունքով վտանգի մեջ ես դրել մեզ... ահա թե ինչու էի զայրանում քո հանձնապաստանության վրա:

Բայց ի՞նչ չարիք եմ հասցրել:

( Ի՞նչ չարիք, ահա, առ կարդա խանի հրամանը և կիմանաս... բայց ոչ, ինքս կկարդամ:

Այս ասելով վարդապետը հանեց ծոցից մի ծալած թուղթ և խնամքով բանալով այն՝ սկսավ կարդալ.

«Երկնքի թագավորության սիրելի, արևի պես պայծառ և փայլակի պես զորեղ թագավորների թագավոր և շահերի շահ՝ մեծ Աբասի Խոնարհագույն ծառա Էրմենիստանի և Գյուրջիստանի խան Էմիր-Գյունեից ՀրամանՀայոց Խալիֆի հավատարիմ սպասավորին և Ագուլիսի արժանահարգ առաջնորդին: «Հայտնի լինի ինչպես քեզ, նույնպես և Իրանի հզոր գահի «հպատակ Սիսիանի ժողովրդին, մելիքներին, իշխաններին, «բեկերին, դատավորներին, քեդխուդաներին, խոջաներին և «բոլոր պատվելիներին՝ որ աշխարհի պարծանք և երկնքի «պարգև արեգակնափայլ շահը որոշեց բախտավորացնել Ագուլիսը յուր բարձր այցելությամբ, որ տեղի կունենա սույն «ջեմադի-ուլ-էվալ ամսո 8-ին, մեծափառ իմամ Ալիի ծննդյան օրը: «Արդեն հրամայված է Ագուլիսի վեքիլին տնօրինել ինչ «որ արժանն է նորին մեծության ընդունելության համար: «Քեզ ևս հրամայում եմ առանձնապես՝ պատրաստել հայ ժողովրդի և հոգևորականության կողմից այնպիսի փառավոր «ընդունելություն, որի նմանը տեսած չլինի իմ շահը ոչ Երևանում, ոչ Նախճվանում և ոչ իսկ նախկին հարուստ Ջուղայում: Քո ժողովուրդն ու հոգևորականությունը պիտի դիմավորեն իմ վեհապետին Որտուատում: Այդտեղ ներկա պիտի «լինին բոլոր այն ընտիր դասակարգերը, որոնց անունը հիշեցի, «այլև հայոց բոլոր հոգևորականությունը յուր փայլուն արդուզարդով: Այդտեղ պիտի լինին Ագուլիսի բոլոր գեղեցիկներն ու գեղեցկուհիները մեծ թե փոքր, առանց քողերի ու ծածկոցների. այլև Սիսիանի բոլոր կուսանոցների, ինչպես Ագուլիսի ու Շոռոթի, նույնպես և Շնհերի ու Հալիձորի միանձնուհիները, որոնց թիվը, ինչպես հայտնի է մեզ, հասնում է մի քանի հարյուրի: Ընդհանուր գնացքը կարգավորելու իրավունքը տրված է Ագուլիսի մեր վեքիլին: Նրա պահանջները «պիտի կատարվին անհապաղ և առանց ընդդիմության, մինչև «անգամ, եթե կաքավողների խմբի համար ընտրելու լինի նա «հայոց գեղեցկուհիներից, իսկ շերբեթ ու գինի լցնելու պաշտոնը հանձնելու լինի երիտասարդ միանձնուհիներին:

«Ընդունելության ամենափոքր թերության համար պատասխանատու պիտի ճանաչվին՝ պարսիկների կողմիցիմ «վեքիլը, իսկ հայոց կողմիցհոգևոր առաջնորդը: «Գրվեցավ Երևանում: Ջեմադի-ուլէվալ ամսո 3-ին Հիջրի 1034 թվին»:

Ի՞նչ կպատասխանես այժմ սրան, — հարցրեց առաջնորդը՝ խանի հրամանը կարդալուց և նորեն խնամքով ծոցը դնելուց հետ:

Ի՞նչ պիտի պատասխանեմ, չգիտեմ.( հարեց տեր-Անդրեասը;

Այստեղ ուղղակի ասված է թե՝ պետք է շահի առաջը տանենք մեր բոլոր գեղեցիկներին ու գեղեցկուհիներին: Արդ, դու, որ ամբողջ ավանը դատարկել ես, էլ ես որոնց պիտը տանեմ:

Տգեղներին: Ագուլեցիք հո ստորագրություն չեն տվել շահին թե՝ անպատճառ գեղեցիկ որդիներ պիտի ծնեն:

Բայց դա կլինի հանդուգն խաբեություն, խանը մեզ ուղղակի հրաման է գրում, ի՞նչպես կարող ենք անսաստել այդ հրամանին:

Այդ միևնույն խանը գաղտնի իմացրել է կաթողիկոսին թե՝ շահը մտադիր է «մանկաժողով» անել, ուրեմն և անուղղակի խորհուրդ է տվել՝ շտապել այդ չարիքի առաջն առնել: Արդարասեր Ամիրգյունեն չի կամենում որ մեր զավակները շահի դուռը գնան, դու ինչո՞ւ ես հակառակը պահանջում:

Իսկ այս հրամանը Ամիրգյունեինը չէ՞:

Դա պաշտոնական թուղթ է. շահի նախարարը չէր կարող ուրիշ կերպ գրել, բայց դու իրավունք ունիս ուրիշ կերպ հասկանալ կամ կատարում տալ նրան:

Դու կամենում ես կախաղա՞ն բարձրացնել տալ ինձ:

( Քեզ ոչ ոք չի կախիլ մի անիրավ հրաման պակաս եռանդով կատարելուդ համար: Եվ հենց մեր սխալն այն է՝ որ այդ բարբարոսների ամեն պատվերները կատարում ենք ճշտությամբ, ամեն պահանջները լցնում ենք անդիմադիր, որով հետզհետե գրգռում ենք նրանց ախորժակը պահանջել և ստանալ ավելի ու ավելի: Այդպիսով նրանք սովորել են նայել մեզ վրա իբրև անասունների վրա. ուստի և շարունակ կթում են մեր կաթը՝ ստինքներնիս ցամաքեցնելու չափով, դնում են մեր վզին արորի ծանր լուծը և հողի փոխարեն հերկել տալիս մեզ առապարները, բարձում են մեր մեջքին դժվարատար բեռներ և վարում մեզ դեպի լեռնալանջեր. և ի վերջո, երբ քաղցենում են անգթաբար մորթոտում և ուտում են մեզ... Բայց վերջ պետք է լինի մի օր այս բոլորին թե ոչ:

Ինչ վերջ կարող է լինել քանի որ աստված դրանց ձեռքն է մատնել մեզ:

Աստված ոչինչ չի արել, ամեն ինչ մենք ենք արել: Երբ տասը հրամանին հինգը կկատարենք, երբ շատ պահանջներից միայն կլցնենք, երբ ստացած հարվածների փոխարեն մինն էլ մենք կչափենք, այն ժամանակ սրանք երես չեն առնիլ և մեկի տեղը տասը չեն պահանջիր: Շահը հրամայում է որ մեր բոլոր գեղեցիկները հանենք յուր առջևը, որպեսզի նրանց միջից ընտրե յուր սպանդանոցին հարմար զոհեր, մենք ինչո՞ւ պետք է այդ անարդար ու գարշելի հրամանը կատարենք կուրորեն...

Սը՛ ս՛ ս... ի՞նչ բառեր ես գործածում, — երկյուղով ընդհատեց առաջնորդը:

Հա, ի՞նչ է. վախենո՞ւմ ես. բայց ես չեմ վախենում. աշխարհի առաջ կգոռամ, շահին իրեն կբողոքեմ թե՝ սա մի գարշելի, մի գազանային պահանջ է, որ նա անում է յուր հայ հպատակներից...

Լսի՛ր, տեր-Անդրեաս, դու սաստիկ գրգռված ես և խոսածդ չես հասկանում, տեղից վեր կենալով` խոսեց առաջնորդը. գնա տուն և հանգստացիր, իսկ վաղը ոչնչի չձեռնարկես, ամեն ինչ ես կտնօրինեմ. և հույս ունիմ որ գալիք չարիքի առաջն առնեմ..

Ես կերթամ, բայց անգործ նստել չեմ կարող, վաղն ևեթ իմ աշակերտները Ցղնա պիտի տանեմ. ես նրանց չեմ թողնիլ այստեղ:

Օ՛ն և օ՛ն, այդպես բան չանես, թող գոնե հարյուրավոր տգեղների մեջ մի քանի տասնյակ շնորհքով տղաներ գտնվին: Մի գրգռիր շահի զայրույթը մեր դեմ. բարիք անելու փոխարեն դու չարիք կբերես մեր գլխին:

Հազարավոր ամբոխի մեջ եթե պակաս լինեն մի երեք տասնյակ մանուկներ, բնավ աչքի չեն ընկնիլ:

Այո՛, այդ ճիշտ է, բայց Ագուլիսի վեքիլը գիտե որ Խցաձորում աշակերտներ ունիս դու: Ընտանիքների միջից պակասածները, իհարկե, չեն նկատվիլ. բայց քո աշակերտների նվազությունը աչքի կընկնի իսկույն, որովհետև նրանց թիվը հայտնի է վեքիլին:

Տեր-Անդրեասը մի վայրկյան լռեց և ընկավ մտածության մեջ: Ապա գլուխը բարձրացնելով՝ վճռաբար ասաց.

Ոչ. ես նրանց կծածկեմ, կանհետացնեմ. թող թեկուզ դրա համար իմ գլուխը կտրեն, «լավ է մեզ՝ զի այր մի մեռանիցի ի վերա ժողովրդյանս և մի ամենայն ազգս կորիցե...»:

Բայց, Տեր-Անդրեաս, քո գլուխը չեն կտրիլ, այլ իմը կկտրեն, — հարեց առաջնորդը, որովհետև ամեն մի թերության համար Խանն ինձ է պատասխանատու ճանաչում:

Հոգ չէ. դու ժողովրդի առաջնորդն ես և հարկը պահանջած ժամանակ պարտավոր ես քո անձը տալ նրա փոխարեն: Լավ է որ հիսնի, երեսնի և նույնիսկ հնգի փոխարեն մինը մեռնի, առանց զոհի փրկություն չկա...

Չէ, բարեկամ, երիտասարդ ես և անփորձ տղայի պես ես խոսում: Մահը չտեսած մի արհամարհիլ նրան: Գնա, գնա և անհոգ եղիր, ես ամեն ինչ կկարգադրեմ:

Կարգադրիր, ինչ վերաբերում է քեզ, իսկ իմ աշակերտների համար ես կհոգամ, — ասաց տեր-Անդրեասը և պատրաստվեց դուրս գնալ:

( Քո աշակերտները անձեռնմխելի կմնան, այդ մեկը ինձանից պահանջիր դու, — ասաց առաջնորդը:

Ներիր ինձ, չեմ կարող այս դեպքում վստահանալ քո խոստման:

Եթե ավելի համառես, կալանավորել կտամ քեզ այս գիշերը, իսկ եթե ինձ չլսելով աշակերտները տանես Ցղնա, վաղն ևեթ վերադարձնել կտամ նրանց այնտեղից, «և եղիցի վերջին չար քան զառաջին» — սպառնաց առաջնորդը:

Տեր-Անդրեասը մի սուր հայացք ձգեց վարդապետի վրա, շարժեց գլուխը տխրությամբ և առանց մի բառ արտասանելու դուրս գնաց ընդունարանից:

Այս մարդը կամենում է որ մենք ամենքս զոհվենք յուր փառամոլությանը, — ասաց առաջնորդը և արհամարհանոք ժպտաց:

Այո՛, այո՛, միայն իր փառամոլությանը, — հարեց տեր-Սարգիսը, — դա իրանից զատ ուրիշ ոչ ոքի չի տեսնում:

Փարիսեցի է, իսկական փարիսեցի, — ձայն տվավ տեր-Սարգսի համախոհներից մինը:

Ամենքդ էլ սխալվում եք, նա ազնիվ հոգի է և արժանավոր քահանա, — լուրջ ձայնով նկատեց ծերունի տեր-Հովսեփը և վեր կացավ տեղից:

Ժողովականները հետևեցին նրա օրինակին և հետզհետե ցրվեցան:

Թ

Հետևյալ առավոտ տեր-Անդրեասը դուրս չեկավ փողոց: Աշակերտներին Ցղնա տանելու միտքը նա թողել էր առ ժամանակ, մինչև որ տեսնե թե՝ հանգամանքներն ինչ ընթացք են ստանում:

Բայց նախընթաց երեկոյան տեղի ունեցած եղելությունը տպավորություն էր արել տեր-հոր վրա: Թեպետ նա եղելությունը պատմել էր ընտանիքին և նրանից սփոփական շատ խոսքեր լսել, այնուամենայնիվ յուր սիրտը տակավին տխուր և հոգին խռոված էր: Դառնալով եկեղեցուց, ուր ավելի էր գրգռվել տեր-Սարգսին տեսնելով, նա լուռ ու մտահույզ անցուդարձ էր անում սենյակում երկար ժամանակ, մինչև որ տիրուհին հիշեցրեց նրան, թե դպրոց իջնելու ժամանակ է: Բայց տեր-հայրը չլսեց նրան և շարունակում էր յուր անցուդարձը: Տիրուհին անհանգստացավ: Այս առաջին անգամն էր՝ որ ամուսինը անուշադիր էր թողում յուր խոսքը և անփույթ գտնվում դեպի պարապմունքը: Նա մոտեցավ երեցին և կամենալով, կարծես, կասեցնել նրա ընթացքը, ասաց.

Աշակերտները վաղուց սպասում են քեզ. գնա պարապիր, դրանով գուցե տխրությունդ ցրվի:

Տեր-Անդրեասը կանգ առավ, նայեց տիրուհուն և ասես թե հանկարծ արթնացավ: Մանկամարդ կնոջ աչքերում նա այնքան սեր ու գորով տեսավ, որ յուր տխրությունը մի վայրկյան մոռացավ:

«Գնա , պարապիր, դրանով գուցե տխրությունդ ցրվի...»: Այդ խոսքերը այնքան մեղմ ու քաղցր հնչեցին յուր ականջին, որ դրանցից զգացված հաճելի տպավորությունը չխանգարելու համար, երիտասարդ երեցը ոչ մի առարկություն չարավ:

Լավ ասացիր, կերթամ, — պատասխանեց նա և փակեղն առնելով՝ իջավ դեպի դպրատուն:

Աշակերտները, քարե սեղանի շուրջ շարված՝ ոմանք սովորում և ոմանք խոսակցում էին. տեսնելով քահանային ոտքի ելան իսկույն: Տեր-հայրը գլխի լուռ շարժումով ողջունեց նրանց և նշան արավ աղոթելու: Աշակերտներից մինը բարձր ձայնով սկսավ Տերունական աղոթքը կարդալ: Երբ նա արտասանեց «Եվ մի տանիր զմեսի ի փորձություն, այլ փրկյա ի չարե» խոսքերը, տեր-հոր ջերմեռանդությունը ասես թե աճեց: Նա աղաչավոր աչքերը բարձրացրեց դեպի երկինք և ձեռքերը տարածեց օդի մեջ: Նա կրկնում էր նույն խոսքերը, բայց ավելի ջերմ հավատով: Եվ երբ աշակերտն ավարտեց, երեցի շրթունքները տակավին նոր աղոթքներ էին մրմնջում:

Վերջապես նա նստեց սովորական տեղը և սկսավ դաս հարցնել աշակերտներից: Բայց նրա սիրտը դարձյալ անհանգիստ և մտքերը ցրված էին: Նա հազիվ էր կարողանում յուր ուշադրությունը կենտրոնացնել պարապմունքի վրա: Եվ յուրաքանչյուր անգամ, երբ պատասխանելու համար մոտենում էին իրեն այն աշակերտները, որոնք մյուսներից ավելի առույգ ու գեղեցիկ էին, քահանայի հուզմունքը կրկնապատկվում էր: Նա հավատում էր, որ բռնավոր շահը պիտի խլե դրանց ծնողների գրկից, և առաջավոր հայերից ոչ ոք պիտի կարենա ազատել այդ զոհերին:

Վերջապես դասերը մի կերպ ավարտելով՝ նա արձակեց աշակերտներին: Եվ առարկելով թե՝ տկար է ինքը, պատվիրեց որ ճաշից հետո չգան այլևս պարապելու:

Այնուհետև բարձրանալով յուր սենյակը, սկսավ մտածել թե ի՞նչ հնար գործ դնի այդ տղաներին փրկելու համար: Այս նպատակավ երեցը որոշում էր կանչել ծնողներին և հայտնել նրանց առաջնորդի պահանջը՝ տղայոց վիճակի տնօրինությունը թողնել իրենց կամքին: Բայց հետո խորհելով թե այդ բանից ծնողները կարող են գրգռվել և առաջնորդի դեմ խռովություն հարուցանել, որով և, գուցե, ավելի վնասեն գործին, թողնում էր այդ դիտավորությունը: Ապա մտածում էր անուշադիր թողնել հայր-սուրբի պահանջը և տանելով աշակերտներին Ցղնա, հանձնել նրանց խոջա Անձրևի կնոջը: Սակայն այս միջոցն ևս ապահով չէր թվում, ըստ որում դեռ հիշում էր առաջնորդի սպառնալիքը և, հետևապես, վախենում նրա անխոհեմությունից: Տեր-Անդրեասը գիտեր որ ամենից ավելի զգույշ պետք է լիներ տխմար հակառակորդից, զի խելոք թշնամուց ավելի՝ նրա տված վնասը կլինի անդիմադրելի: Այս պատճառով, ահա, վերջին միտքն ևս թողնում էր անկատար:

Դեռ այս մտատանջությունների մեջ էր քահանան, երբ ծերունի ժամկոչը ներս մտնելով հայտնեց թե՝ ֆրանկների (հայ ունիթորների) կարգապետը գալիս է իրեն այցելելու:

Նա անցյալ օրն էլ այստեղ էր, ինչ փորացավ ունի,— հարցրեց ինքն իրեն տեր-հայրը և սակայն, քաղաքավարության համար դուրս եկավ նրան դիմավորելու:

Եկողը հայր Մատթեոս Երազմոսն էր, մի բարձրահասակ և հաղթանդամ տղամարդ, որին հոգևորական սքեմը մի առանձին շուք ու վեհություն էր տալիս: Նրա ոչ խոշոր դեմքը ծածկված էր հարուստ և գորշախայտ մորուքով, որ իջնում էր, մինչև գոտին: Թավ հոնքերի տակից նայող աչքերը թեպետ կկոցված կապիճների մեջ, բայց նայում էին սուր և թափանցող հայացքով: Շրթունքների վրա փայլում էր մեղմ ժպիտ, որ սակայն արտահայտում էր ավելի կեղծիք, քան սրտի բարություն:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last