Մուրացան՝   Անդրեաս Երեց

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last

Երբ ատյանը բոլորեց, ներս մտավ Շահաբասը, հագած հանդիսավոր զգեստ և շրջապատված դրանիկներով ու շաթիրներով:

Նստելով գոհարազարդ գահի վրա, նա հրամայեց դպրապետին կարդալ մեղադրականը:

Եվ վերջինս կարդաց:

Ապա շահը հրամայեց խոջա Նազարին բացատրել մեղադրականի բովանդակությունը այն հայերին, որոնք անծանոթ էին պարսկական լեզվին:

Այդ հրամանը նույնպես կատարվեցավ: Ապա թագավորը դառնալով հայոց առաջնորդին՝ բարձր ու ցասկոտ ձայնով հարցրեց.

Ճշմարիտը խոստովանիր, մահրասա, քո գիտությամբն է կատարվել այս հանցանքը թե՞ ոչ:

Աստված մի՛ արասցե, տեր, ինչպե՞ս կհամարձակվեի թերանալ իմ պարտավորության մեջ, որ է երկրպագել իմ թագավորին ուղիղ սրտով և ծառայել նրան հավատարմությամբ, — պատասխանեց վարդապետը խոնարհելով մինչև գետին:

Ո՞վ է ուրեմն առաջին անգամ այս դժոխային կատակը մտածել, թող առաջ գա և խոստովանե, — գոչեց թագավորը նորեն և յուր հրացայտ հայացքը սևեռեց ծնողների վրա, որոնց դեմքերը այլագունել էին արդեն ահից:

Եվ սակայն ոչ ոք չշարժվեց տեղից և ոչ իսկ ձայն հանել համարձակվեցավ:

Առաջ արի և խոստովանիր, ե՞րբ և ինչպես գերծեցիր քո որդու գլուխը կամ ով խորհուրդ տվավ քեզ այդ, դարձավ շահը ծնողներից մինին:

Վերջինս մոտեցավ դոդդողացող ծնկներով և ասաց ավելի ևս դողացող ձայնով.

Ես ոչինչ չգիտեմ... իմ որդու գլուխը տեսել եմ գերծած և չգիտեմ թե ով է արել...

Թշվառական, եթե քո որդվո գլուխը գերծելու փոխարեն կտրեին, միթե չի պիտի իմանայիր թե ով է արել:

Մարդը լուռ էր:

Թագավորը դարձավ երկրորդին, երրորդին, չորրորդին, բայց ամենքն, համարյա, նույն պատասխանը տվին, ոչ ոք նրանցից չկամեցավ խոստովանել յուր մասնակցությունը այդ գործի մեջ: Ահն ու սարսափը այնպես էր տիրել խեղճերին, որ նույնիսկ խոսածները չէին հասկանում. «չգիտեմ», «չեմ արել», «տեղեկություն չունիմ», այս էր նրանց միակ պատասխանը:

Թագավորի կատաղությունը հասավ յուր գագաթին: Նա գոռում, գոչում էր և երդվում յուր գլխով, որ բոլորին միասին գլխատել կտա իսկույն, եթե չեն խոստովանիլ իրենց հանցանքը: Բայց ոչ ոքի բերանից խոստովանության խոսք չլսվեցավ:

Այն ժամանակ թագավորը հրամայեց ատյան բերել բոլոր վաթսուն տղաներին և նրանց բերանից իմանալ ճշմարտությունը:

Սոսկումը կալավ ծնողներին. էլ ազատության հույս չէր մնում, տղաները միամտաբար պիտի մատնեին նրանց, այդ մասին բնավ չէին մտածել և ոչ իսկ կանխավ մի բան հոգացել: Ի՞նչ անեին ուրեմն: Նրանք շվարած նայեցին իրար վրա և ապա դեպի երկինք: Այդտեղից էին այժմ օգնություն սպասում:

Ես պիտի գլխատեմ ոչ միայն ձեզ, այլև ձեր զավակներին, ձեր իսկ աչքերի առաջ, որպեսզի աշխարհն իմանա թե ինչ պատիժ են կրում խաբեբաները, — գոչեց նորեն Շահաբասը և նրա որոտացող ձայնը զարհուրեցրեց ամենքին:

Բայց հազիվ բռնավորն յուր վերջին խոսքն արտասանեց և ահա սրահի խորքից լսվեցավ մի անակնկալ ձայն.

Մեծափառ արքա, թույլ տուր քո խոնարհ ծառային՝ հայտնել ատյանի առաջ այն հանցավորի անունը, որի պատճառով սպառնում ես դու կոտորել այս անմեղներին:

Ո՞վ է խոսողը, թող առաջ գա, — հրամայեց թագավորը:

Քահանաների խմբից ելնելով՝ սկսավ դեպի ատյանն առաջանալ Անդրեաս երեցը:

Բոլորի վրա տիրեց ահ և զարմացում. ի՞նչ պիտի հայտներ արդյոք նա ատենի առաջ, որի՞ն պիտի մատներ, ի՞նչ տեղեկություններ պիտի տար: Գործված հանցանքի մեջ, այո, նա ինքը մաս չուներ, ուրեմն և կարող էր անվանել հանցավորներին... բայց մի՞թե տեր Անդրեասը կգործեր այդպիսի ոճիր, մի՞թե նա ժողովրդին կդավաճաներ... անկարելի էր. ոչ ոք չէր հավատում, մանավանդ նրանք, որոնք ճանաչում էին երեցին: Բայց միևնույն ժամանակ ամենքը վախենում էին նրա ճշմարտախոսությունից: Իսկ ինչ վերաբերում է առաջնորդին, նա ահից ու սարսափից արդեն սառել էր: Չէ՞ որ վերջին օրերում նա անպատվել էր այդ քահանային և նախատել նրան ժողովի առաջ: Ահա, ուրեմն, հասել էր ժամանակը որ տեր-Անդրեասը վրեժխնդիր լիներ առաջնորդին: Եվ դրա համար նա ուներ զորավոր միջոց, «գլուխներ զերծելու» խորհուրդը առաջին անգամ հղացվել էր առաջնորդարանում, իսկ այդ բանը հայտնի էր երիտասարդ երեցին...Այսպես էր մտածում առաջնորդը և սոսկալով նայում էր տեր-Անդրեասի վրա, որ խաղաղ քայլերով առաջանում էր դեպի ատյանը:

Բայց քահանայի դեմքի վրա չէր նշմարվում մատնիչի մաղձ և նախանձ, ոչ էլ աչքերում չարության կրակ: Նրա դեմքն, ընդհակառակն, վեհ էր այդ վայրկյանին և հույժ պատկառելի, հայացքը վճիտ և հրեշտակային, կեցվածքը սեգ և գեղեցիկ: Երբ նա կանգ առավ ատյանի առաջ, թագավորն ակամայից հառեց աչքերը նրա վրա և սկսավ դիտել երեցի աննման գեղեցկությունը, որ մի առանձին շուք ու վեհություն էր տալիս նրա քահանայական տխուր սքեմին:

Ո՞վ ես դու և ինչ գիտես այստեղ քննվող գործի մասին, խոսիր ճշմարտությամբ և դու կարժանանաս իմ բարեհաճ ուշադրության, դարձավ շահը երեցին:

Ես, տեր արքա, վարժապետ ու դաստիարակ եմ այն վաթսուն աշակերտների, որոնց գերծած գլուխները այս ատենի քննության առարկան են դարձել, պատասխանեց երեցը խաղաղ ձայնով:

Դու նրանց վարժապե՞տն ես, հարցրեց շահը հետաքրքրությամբ:

Այո՛, տեր:

Բարի, ուրեմն ամենից առաջ քեզ պետք էր հարցնել: Ասա այժմ ինձ, ովքե՞ր են գերծել քո աշակերտների գլուխները, և ո՞վ է հնարել արհեստական գոնջը: Անշուշտ դու ամենից ավելի տեղյակ ես այդ բանին:

Թե գլուխները գերծելու, և թե արհեստական գոնջ առաջացնելու հեղինակը մեկն է, տեր, — խոսեց քահանան:

Այստե՞ղ է այդ հանդուգն հոգին, — գոչեց թագավորը բարկությամբ:

Այո, տեր, նա կանգնած է քո առաջ:

Տուր շուտով նրա անունը, — հրամայեց թագավորը:

Ես ինքս եմ, տեր արքա:

Դո՞ւ...

Այո, տեր:

Թագավորը աչքերը սևեռեց քահանայի վրա և սկսավ դիտել նրան քննական հայացքով: Նրան թվում էր թե՝ երեցը խելագարին մեկն է, որ մի ամբողջ ժողովրդի գործած հանցանքն առնում է յուր վրա: Մնացին ապշած նույնպես ատենականները, պարսիկ իշխանները և նամանավանդ, ունիթոր կարգապետները: Վերջիններս րոպե առ րոպե սպասում էին շահի հանցավորները կոտորելու մասին տրվելիք հրամանին, որպեսզի իրենք, հանուն Հռովմա գահի միջամտելով՝ արգիլեն կոտորածը, իսկ դրա փոխարեն իրենց կողմը դարձնեն մի քանի հարյուր հայ ընտանիք: Եվ սակայն տեր-Անդրեասի խոստովանությունը ոչնչացնում էր նրանց հույսը:

Զարմացողների թվին պատկանում էին նաև տեր-Անդրեասի հակառակորդները և նրանց հետ միասին ինքն առաջնորդը, որ մինչ այդ այնքան աննպաստ կարծիք ուներ երիտասարդ երեցի մասին, որին և այդ պատճառով վշտացրել էր հանիրավի:

Չզարմացան միայն հայ ծնողները և երեցին կուսակից քահանաները, որոնք քաջապես ճանաչում էին նրան և գիտեին թե՝ որպիսի գեղեցիկ համարձակության տեր և ինչ անօրինակ անձնվիրության ընդունակ պաշտոնյա է նա: Երբ վերջինս հանցանքն առավ յուր վրա, ամենքի համար պարզվեցավ այն միտքը թե՝ հայրենասեր երեցը յուր անձը զոհ է բերում ժողովրդին, ավելի լավ համարելով որ ինքը զոհվի միայնակ, քան շատերը միասին: Այդ պատճառով նրա վրա բարեկամներն սկսան նայիլ սրտահույզ արգահատությամբ, իսկ հակառակորդները ամոթով և խղճահարությամբ:

Ուրեմն դո՞ւ ես գերծել տղաների գլուխները, — հարցրեց շահը առժամանակյա լռությունից հետ:

Այո՛, տեր, պատասխանեց քահանան:

Իսկ գո՞նջը ով առաջացրեց:

Այն էլ ես արի, իմ պատրաստած դեղով:

Նպատակդ ի՞նչ էր, բացատրիր տեսնեմ, — հարցրեց շահը առանց բարկանալու, որովհետև քահանայի խոստովանությունը իջեցրել էր արդեն նրա զայրույթը:

Որպեսզի իմ նպատակը բացատրեմ, շահը պիտի հաճի լսել ինձ համբերությամբ:

Խոսիր, ես կլսեմ, քեզ, — ասաց վերջինս մեղմով և միևնույն ժամանակ հետաքրքրվելով թե ի՞նչ պիտի ասե քահանան:

Մեր օրենքը, տեր արքա, հրամայում է մեզ՝ աստծունը տալ աստծուն և թագավորինը՝ թագավորին...:

Այդ լավ օրենք է, ընդհատեց շահը:

Այդ միևնույն օրենքը, շարունակեց երեցը, ամբարիշտ է համարում նրան, ով արգիլում է մեզ առ աստված ունեցած մեր պարտքը կատարել: Եվ այդ իսկ պատճառով հրամայում է մեզ՝ դիմադրել ամբարիշտների ձգտումներին՝ թագավորներ լինին նրանք թե հասարակ մարդիկ:

Ճանաչո՞ւմ ես արդյոք այդպիսի մի մարդու, որ արգիլում է ձեզ տալ աստծունը աստծուն, — հարցրեց շահը անհամբերությամբ:

Այո, տեր:

Արտասանիր անունը, ես գլխատեղ կտամ նրան:

Նա կոչվում է Իրանի մեծ գահակալ, Խուդավենդի որդի՝ հզոր Շահաբաս:

Դահճապետ, խլիր այս թշվառականի լեզուն, — գոչեց թագավորը այնպիսի մի ձայնով, որից սրահը դողաց:

Սուսերամերկ դահիճը մոտ վազեց իսկույն, սարսափը պատեց բոլորին, բայց երեցն անվրդով էր:

Դու չե՞ս զարհուրում, հանդուգն արարած, — գոչեց թագավորը զայրագին:

Երկու անհաղթելի ուժեր կան աշխարհում տեր. մինը պատկանում է նրան՝ որ որոշել է մեռնել, մյուսը նրան որ խոսում է ճշմարտությունը: Այդ երկուսն էլ այժմ գտնվում են իմ մեջ...

Իսկ երրորդը մոռացար, նա գտնվում է ահա դահճապետի ձեռքում, որ պիտի լռեցնե քեզ, — ընդհատեց թագավորը:

Ոչ, տեր իմ, երրորդ անհաղթելի ուժը գտնվում է այն թագավորի սրտում, որ իրեն անհաճո եղող ճշմարտությունը կարողանում է համբերությամբ լսել, — հարեց երեցը մեղմորեն:

Այս մարդը, խան, կարի հանդուգն է, բայց զուրկ խելքից, լսենք նրան մինչ վերջը,— դարձավ շահը Ամիրգյունեին:

Մեծափառ շահի ցանկությունը վեր է մեր բոլորի իմաստությունիցպատասխանեց խանը:

Ես քեզ սպանել կտայի իսկույն, եթե այդ ինձ համար մի խոսքից ավելի արժենար, — դարձավ շահը երեցին, — ապրիր ուրեմն և ասելիքդ շարունակիր: Ես արդեն խոստացել եմ և կլսեմ քեզ համբերությամբ:

Շահաբասի մեջ այդ վայրկյանին խոսում էր ոչ թե արքայական մեծանձնությունը, այլ մի կասկածոտ հետաքրքրություն: Նրան թվում էր թե՝ ժողովուրդն ունի որոշ գաղտնիքներ կամ դիտավորություններ, որոնք կապ ունին, անշուշտ, մեծ հանցանքների կամ, գուցե, դավադրությանց հետ, որոց մասին սակայն, ինքը տեղեկություն չունի: Այդ պատճառով նա հանցավորին չէր զրկում կյանքից, որպեսզի ինքն ևս զուրկ չմնա երևակալած գաղտնիքների ծանոթությունից:

Այն գահակալը, որ հաճախ ծպտյալ մտնում էր հպատակների տունը, ընկերանում էր անցորդներին կամ ուղեկցում գյուղացվոց՝ որպեսզի նրանց հետ խոսակցելով՝ կարողանա հասու լինել իրենից ծածկվող ճշմարտությանց, և կամ ստուգե թե՝ ժողովուրդն ի՞նչ չափով սեր կամ ատելություն է տածում դեպի իրեն, բնական է որ այժմ ձեռքից չթողներ տեր-Անդրեասին, հուսալով թե՝ նրա խոստովանությունը գաղտնիքների մեծ աշխարհ պիտի բանա յուր առաջ:

Եվ երիտասարդ երեցը անվրդով սկսավ յուր խոսքը շարունակել.

Ասացի որ մեր օրենքը ուսուցանում է մեզ՝ դիմադրել նրանց, որոնք արգիլում են մեզ՝ դեպի աստված ունեցած մեր պարտքը կատարել...

Եվ թե՝ ես ինքս եմ, որ այդպիսի արգելք եմ դնում ձեր առաջ, ընդհատեց շահը:

Այո՛, տեր:

Թվիր ուրեմն, այդ արգելքները:

Այն մանկաժողովը, տեր, որ քո հրամանով պիտի կատարվի այս քաղաքում, մինն է այդ արգելքներից:

Մանկաժողո՞վը: Մի՞թե նա արգիլում է ձեզ՝ առ աստված ունեցած ձեր պարտքը կատարել:

Նա արգելում է շատ ծնողների՝ հայրենի հավատով մեծացնել իրենց որդիներին: Իսկ ամեն մի այդպիսի արգելքին մենք դիմադրում ենք, որովհետև...

Ոճիր եք գործում, թշվառականներ, — ընդհատեց թագավորը. միթե չգիտեք որ երկրի ամենալավ ծաղիկները նախ թագավորի արքունիքը պիտի զարդարեն:

Այո, այն ծաղիկները, որոնց թուփերը չեն արտասվում՝ երբ զրկում ես նրանց իրենց զարդերից: Բայց այն ծաղիկները, որոնց «մանկաժողովն» է փնջում, լաց ու կոծով լցնում են այն պարտեզները, որոնց մեջ նրանք ծնվել ու սնունդ են առել:

Ո՞ր ծնողն է դժգոհ մնում այն բանից, որ յուր որդին աննշան անկյունից ելնելով՝ ապրում է արքունիքում և ամեն օր արքայի երեսը տեսնելու և խոսքը լսելու բախտին արժանանում:

Ընդհանրապես բոլոր հայ ծնողները:

Թագավորը մի անհանգիստ շարժում արավ և դեմքը խոժոռեց: Բայց նորեն զսպելով իրեն՝ հարցրեց,

Ի՞նչ է պատճառը:

Այն, որ նրանց որդիքը քո արքունիքը մտնելուց հետ դադարում են այլևս քրիստոնյա լինելուց, կորչում են հոգվով և մարմնով: Իսկ հայ ծնողի համար՝ ավելի լավ է հայ թաղել յուր որդուն, քան տեսնել նրան կյանքի մեջ փառավորյալ և սակայն՝ մահմեդական:

Ով տեր, հրամայիր ինձ ելնել այս ատենից, զի ականջներս չեն հանդուրժում լսել այսօրինակ հայհոյանքներ մի պիղծ քրիստոնեի բերանից, — բացականչեց պարսիկ կրոնապետը՝ տեղից վեր թռչելով:

Նրանք, որոնք չեն կամենում համբերություն սովորել իրենց թագավորից, պիտի գնան ախոռը՝ չորքոտանիներից այդ բանը սովորելու, գոռաց շահը՝ միջամտող կրոնապետի վրա և վերջինս այլագունելով՝ յուր տեղը կծկվեցավ: Ապա շահը դառնալով քահանային, նույն ցասկոտ ձայնով հրամայեց.

Շարունակիր, քեշիշ, ես կամենում եմ տեսնել թե՝ հայը ո՞ր աստիճան կարող էր լրբանալ՝ եթե նրա գլխից զսպող սանձը հանվի:

Ես կշարունակեմ, տեր, հզոր շահնշահին ցույց տալու համար թե՝ արժանավորը որ աստիճան աներկյուղ կարող է ճշմարտությունը խոսել, երբ հարկը պահանջե, պատասխանեց քահանան և ապա հարեց, — որովհետև, տեր իմ, ես արդեն գիտեի թե կատարվելիք «մանկաժողովը» մեծ վիշտ պիտի պատճառե իմ ազգակիցներին, ուստի մտածեցի՝ կարյացս չափով մեղմել հարվածի ծանրությունը, այսինքն՝ ազատել այդ պատուհասից գեթ իմ աշակերտներին, որոց վրա ես մեծ աշխատանք ունեի, որոց հետ միասին տարիներ էի անցուցել՝ ուսուցանելով նրանց ճշմարտության և առաքինության ճանապարհները... Բայց ի՞նչ կարող էի անել այդ դեպքում: Արքայի հրամանին անսաստել անհնար էր. մնում էր ուրեմն խորամանկել: Այդ, արդարև, մի հանցանքն էր. քրիստոնեական օրենքը արգիլում է մեզ նմանօրինակ գործ: Բայց որովհետև այդ օրենքից առաջ նախախնամությունը դրել է մեր սրտում և մի ուրիշ մեծ օրենք, որ կոչվում է եղբայրասիրություն, ուստի ես հնազանդվեցի այդ անդրանիկ օրենքին, ես խորամ տնկեցի, այո, բայց խորամանկեցի նրա համար, որովհետև հայտնապես դիմադրել չէի կարող: Եվ գիտցիր, ով արքա, որ չկա աշխարհում ավելի մեծ պատուհաս՝ քան հնազանդիլը բռնավորին, որ ստիպում է մարդկանց ստել, կեղծել, և խորամանկել՝ բռնության զրկանքներից ազատվելու համար... Խոստովանում եմ հանցանքս, ես ինքս գերծեցի աշակերտների գլուխները. վարակեցի նրանց արհեստական գոնչով՝ միայն ևեթ լինելիք «մանկաժողովից» նրանց ազատելու համար: Եվ մի՞թե հանցավոր էի, կամ հանցավոր կլինեին նրանք, որոնք կհետևեին իմ օրինակին: Երբ որսորդի բարակը հալածում է էրեին, սա փախչում, թաքնվում է անտառի խորքերում, կամ թռչում է ահավոր անդունդների վրայից՝ այրերն ու խորշերը ապավեն առնելու իրեն... մի՞թե հանցավոր է թշվառ կենդանին, որ խույս է տալիս բռնության երեսից, որ ճգնում է յուր կյանքն ու ազատությունն ապահովել...:

Հանցավոր է քեշիշ, որովհետև նա ծնվել է մարդ արարածին կերակուր լինելու համար, — ընդհատեց շահը զայրագին:

Հանցավոր է, որովհետև թույլ է և տկար...:

Կամ այդպես ընդունիր, իսկ թույլերը միշտ կուր պիտի լինին զորեղին, այդպես է սահմանել ինքը նախախնամությունը: Միթե չգիտես որ առյուծը պատառում է գիշախանձ բորենուն, իսկ վերջինս ցրվում է գայլերի ոհմակները: Եթե ոչխարն էլ ժանիք ունենար, անշուշտ յուր հերթում կհալածեր եղջերուին. բայց այդպիսի զենքից զուրկ լինելուն համար ինքն է գայլերին կերակուր դառնում:

Եվ հենց այդ պատճառով մենք խոնարհում ենք նախախնամության սուրբ կամքի առաջ:

Բայց ո՞ւր է այդ խոնարհությունը, հարցրեց շահը զայրագին:

Այդ դու տեսնում ես ակներև: Մենք ծառայում ենք քեզ հավատարմությամբ և նույնը ուսուցանում մեր որդվոց, մենք կատարում ենք դեպի քո մեծ իշխանությունն ունեցած մեր օրինական պարտավորությունները. զոհում ենք քո գահին մեր մարմնական ու ստացական բարիքները և այդ բոլորի փոխարեն՝ ձգտում ենք միայն պահպանել մի բանմեր հոգեկան բարիքը, այն է՝ հայրենի կրոնը պաշտելու, հայրենի լեզվով աղոթելու մեր միակ իրավունքը...

Ո՞վ է արգիլում ձեզ այդ, աղոթեցեք, որքան կարող եք:

Մենք աղոթում ենք. մեզ ոչ ոք չէ արգիլում, բայց զրկանքը հասնում է մանուկներին, «մանկաժողովի» ցանցում բռնվողները զրկվում են հայրենական լեզվից և հավատից:

Ծնողներին չե՞ն արգիլում, գոհ եղեք դրանով, ի՞նչ եք մանուկների մասին մտածում:

Օ՛, տեր իմ, երանի թե միայն ծնողներին արգիլեիք... ինչ հոգ երբ կացինը տապալում է այգու չորացող ծառերը: Բայց այգին, ավաղ, ավերակ է դառնում, երբ նրա միջից հանում են ծաղկածին ծառերը, մատղաշ տունկերը... և այդ դեպքում մի զայրանար երբ խեղճ այգեպանը կռվում է ավերող ձեռքի կամ ուժի դեմ...:

Ես ուրեմն ավերող ձեռքն եմ, իսկ դու այգեպանը, որ կռվում ես իմ դեմ... թշվառական, մի՞թե մուկերն էլ պիտի երազեն թե՝ կարող են կռվել առյուծի դեմ...: Երբ Շահ աբասը ցանկանում է որ ձեր որդիքը հայ չմնան, միթե դուք կարող եք դիմադրել այդ ցանկության: Ինչու գոհ չեք լինում որ չեմ փակում ձեր եկեղեցիները և չեմ մահմեդականացնում ձեզ ամենքիդ. կա՞ միթե աշխարհում մի ուժ, որ համարձակվի իմ արքայական հրամանին դիմադրել...

Այս խոսքերն արտասանվեցան այնպիսի մի եղանակով, որ ներկա եղող քրիստոնյաները սարսափեցան: Նրանց թվում էր թե՝ ահա, ուր որ է, թագավորը կհրամայե եկեղեցիները փակել և իրենց ամենքին բռնի մահմեդականացնել... Չէ՞ որ Իրանի գահակալները կատարել էին նմանօրինակ բռնություններ, իսկ Շահաբասը ահավորագույնն էր նրանց մեջ:

Բայց թագավորի զայրույթը երիտասարդ քահանայի դեմ էր: Մի վայրկյան լռելուց և յուր բարկացայտ հայացքը ատենի վրա շրջելուց հետ՝ նա նորեն դարձավ երեցին.

Դու պիտի գիտենաս, ով սինլքոր, որ չնչին մի որդ յուր նմանների ազատարարը լինել չի կարող: Նա միայն չարիք կբերե յուր գլխին՝ եթե համարձակվի որդն լինելուց զատ մի ուրիշ բան լինել... Դու ցանկանում էիր քրիստոնյա պահել քո աշակերտներին, իսկ ես այժմ հրամայում եմ որ ինքդ թողնես քրիստոնեությունը և դավանես այն հավատը, որը քո թագավորը և հզոր Իրանի գահակալն է դավանում: Քո ամենափոքր ընդդիմությունը կարող է կենազուրկ անել քեզ:

Տեր-Անդրեասը չպատասխանեց և միայն արհամարհական մի ժպիտ խաղացրեց շրթունքների վրա:

Այդ բանի համար քեզ տալիս եմ միայն մի օր ժամանակ հարեց թագավորը:

Իմ պատասխանը, տեր արքա, կարող ես լսել այս վայրկյանին:

Ասա՛:

Ես կարող եմ մեռնել, բայց քո հավատը դավանել երբեք:

Քեզ հրամայում է Շահաբասը, գոռաց թագավորը:

Եթե ինձ հրամայեին տասը Շահաբասներ միասին դարձյալ չէի սասանիլ իմ հավատից, — պատասխանեց երեցը համարձակորեն:

Դու հանդգնում ես մինչև այդտե՞ղ... գոռաց շահը, դահճապե՛տ, քաշիր այս թշվառականին դեպի մահապարտների բանտը, շղթայիր ոտները ամենածանր շղթաներով, պրկիր ձեռները գելարանի մեջ, իսկ պարանոցը անցցրու ծանր օղակներ, որոնք շարունակի դեպի գետին խոնարհեն սրա հիմար և հպարտ գլուխը: Թող նա տանջվի այդտեղ ամենածանր տանջանքներով և ապա պատրաստվի անարգագույն մահվան համար:

Այս ասելով շահը բարձրացավ տեղից զայրագին և հետևորդների հետ միասին հեռացավ դեպի յուր հանգստարանը:

Իսկ դահճապետը մոտենալով՝ բռնեց տեր Անդրեասի թևից և կոպտաբար քաշելով՝ դուրս հանեց նրան դահլիճից:

ԺԴ

Տեր Անդրեասի կալանավորության լուրը կայծակի արագությամբ տարածվեց ավանի մեջ և ամենքին էլ, մեծ թե փոքրը, համակեց տխրությամբ: Երբ մանավանդ հայտնի եղավ այն՝ թե երիտասարդ երեցը Շահի ցասումը ժողովրդի վրայից հեռացնելու նպատակով է մատնել իրեն, էլ չկար մի հայ որ խոր սրտից չվշտանար նրա համար: Գրեթե այն վայրկյանից, որ երեցին բանտը տարին, նա ժողովրդի համար դարձավ պաշտելի սուրբ: Տղամարդիկ ու կանայք, ծերեր և երիտասարդներ գունդագունդ դիմում էին դեպի զնդանը՝ անձնվեր հովվին տեսնելու համար: Այդտեղ եկան նաև հայոց մեծամեծներըմելիքներ և իշխաններ՝ կալանավոր երեցին մխիթարելու կամ նրան քաջալերական խոսքեր ասելու: Բայց քահանային շտապել փակել էին ամենախուլ գետնափորներից մինում և Շահռուխի հրամանով թույլ չէին տալիս ոչ ոքի տեսնվիլ նրա հետ: Նույնիսկ տեր-Անդրեասի ծնողներին, որոնք իրենց որդու գլխին հասած դժբախտությունը լսելով՝ լաց ու կոծով և մազերնին փետտելով բանտն էին վազել՝ չկարողացան սիրելվո գեթ երեսը տեսնել, պահապանները սրանց ևս մյուսների նման հեռացրին զնդանի դռներից: Եվ սակայն այս ամենը չէր արգելում Ագուլյաց ժողովդին շարունակ գալ և խռնվիլ բանտի շուրջը, կանգնել այդտեղ ժամերով և սիրեցյալ հովվի վիճակն ավաղել: Թեպետ այդպիսով երեցի դրությունը չէր թեթևանում, այսուամենայնիվ, ամեն մի հայ յուր պարտքն էր համարում այցելել այն տեղին, ուր բանտարկված էր քահանան և լսել նրա մասին մի որևէ նորություն: Այդպիսի նորություններ, իհարկե, չկային, որովհետև դեռ ոչ ոք չէր հաջողել տեսնել բանտարկյալին, կամ տեղեկություն առնել նրա դրության մասին: Սակայն ամեն մի այցելու գոհ էր լինում և այն լուրերով, որոնք հետզհետե ստեղծվում էին ամբոխի մեջ և տարածվում իբրև ճշմարտություն:

Երբ երեցի կալանավորության առթիվ տիրող երկյուղը մի փոքր թուլացավ, հայոց մեծամեծները մտածեցին դիմել շահի գթության և ներումն հայցել բանտարկյալի համար: Սա թեպետ հանդուգն մի հայցված էր և խնդրարկուները դրանով կարող էին իրենց վտանգի ենթարկել, այնուամենայնիվ, արժանավոր հովվին նեղությունից ազատելու ցանկությունը այնքան էր մեծ, որ նրանք այդ որոշումը կայացրին: Նույնիսկ այս անգամ գործի գլուխ անցավ ինքն առաջնորդը, որի մեջ տեր-Անդրեասի անձնվիրությունը զարթուցել էր նախաձավորության գեղեցիկ զգացում: Այն մարդը, որ սովոր էր հանգստության, որին մինչև այդ հետաքրքրել էին միայն անձնական հաշիվները, պաշտոն և շահը և իշխանական իրավունքը, այժմ կերպարանափոխվել, նոր մարդ էր դարձել: Նա աներկյուղ ձեռնարկում էր վտանգավոր գործիք որպիսին էր զայրացած Շահաբասին միջնորդելը, և այդ անում էր բռնավորի երեսը մի անգամ տեսնելուց, նրա ահավոր ձայնը սարսափով լսելուց հետո: Անձնվիրության լավագույն մի օրինակը դարձել էր վարակիչ, և առաջնորդը չէր քաշվում սովորել առաջնորդյալից հոգևոր պաշտոնին արժանապես ծառայելու դժվարին արհեստը:

— «Քաջ հովիվը կատարեց յուր պարտքը՝ հոտն ազատելու համար, այժմ էլ հոտի վրա է պարտք մնում հոգալ յուր հովվի ազատության համար...», — ասում էր նա հայոց մեծամեծներին, որոնց ժողովել էր յուր մոտ՝ մտադրյալ միջնորդության մասին խորհրդակցելու:

Ժողովականներն առաջնորդի խոսքերը լսում էին սիրով և պատրաստակամություն հայտնում՝ չխնայելով ոչինչ՝ տարապարտ զոհին ազատելու համար: Եվ այդ իսկ նպատակով հարուստը բերում էր դրամական նվերներ շահի մերձավորներին գրավելու, իսկ արքայի առաջ հարգ ունեցողը՝ խոստանում էր յուր բարոյական աջակցությունը:

Մինչդեռ հայերը այս պատրաստության մեջ էին, Շահռուխ-բեկն աշխատում էր ուրիշ գործի համար: Նա մոտեցավ թագավորին և իրավունք խնդրեց նրանից ստիպել բանտարկյալին կատարել արքայի հրամանը, այն է ընդունել փութով մահմեդականություն, կամ ենթարկվիլ տանջանքների, «հակառակ դեպքում ասում էր բեկը, երեցի անհնազանդությունը իբր օրինակ կծառայե տեղացի քրիստոնյաներին և ըմբոստությունը հետզհետե աճելով նրանց մեջ՝ մեծ հոգսեր կպատճառե արքայից արքային»:

Շահը բանավոր գտավ սենեկապետի խորհուրդը և հրաման տվավ նրան վարվիլ բանտարկյալի հետ ըստ յուր ցանկության:

Շահռուխն, առանց ժամանակ կորցնելու, շտապեց դեպի զնդանը:

Կամենալով հասու լինել թե՝ որքան ճշգրտությամբ են կատարել յուր հրամանը, նա անձամբ իջավ այն գետնափորը, ուր փակված էր քահանան:

Խուլ ու խավարչտին մի նկուղ էր այն, բորբոսնած պատերով ու խորշերով, հատակը թաց, օդը տոգորված գարշահոտությամբ: Մի նվազ լույս, որ թափանցում էր այդ գուբը պատուհանի տեղ ծառայող խողովակի միջով՝ հազիվ նշմարելի էր կացուցանում թշվառ բնակարանի թշվառագույն բնակչին: Նա ընկած էր գետնի վրա՝ ինչպես անշնչացած մի դիակ, ոտքերը կապված շղթաներով, ձեռքերը պրկված կոճղի մեջ, իսկ պարանոցը անցցրած երկաթյա օղակ, որի ժանգոտած շղթայի ծայրը ամրացած էր բորբոսնած պատի մեջ: Այս դրությամբ կապյալը չէր կարողանում ոչ նստել, ոչ կանգնել և ոչ իսկ պառկել ցանկացած ուղղությամբ, զի սնարի կոճղը արգիլում էր նրա ամեն մի շարժումն, իսկ ծանր օղակը պարանոցը ճնշելով` թույլ չէր տալիս գեթ գլուխը բարձրացնել: Խեղճն ստիպված էր կծկվել շարունակ մի կողմի վրա, գարշահոտ ցեխի մեջ... և անկարող օգտվելու այն մի կտոր ճաթից (կորեկահաց) ու գավաթ ջրից, որ դրել էին նրա առաջ իբրև կերակուր:

Եվ ահա բորբոսնած խորշերի կողմը լսվեցավ ոտնատրոփ, փականքը շարժեցին և ժանգահաբ դուռը բացվեցավ: Երեցը վարձեց գլուխը վեր առնել, բայց չկարողացավ, միայն մարմնի շարժվելով ոտքերի և օղակի շղթաները շաչեցին:

Հա, քեշիշ, ի՞նչպես է քեֆդ.( հնչեց հանկարծ նկուղի մեջ Շահռուխի ծաղրող ձայնը:

Կապյալը չպատասխանեց: Նրան մինչև անգամ չհուզեց այցելուի ծաղրը:

Անշուշտ, գոհ ես քո վիճակից և շարունակ աղոթում ես. այնպես չէ, — հեգնեց բեկը նորեն և մի քայլ առաջ անցավ:

Գոհ եմ և աղոթում եմ... — . պատասխանեց երեցը կիսաձայն:

Չեմ զարմանում, հայ չե՞ս, — հարեց բեկը և ապա դառնալով իրեն հետևող բանտապետին՝ ասաց. — այստեղ անկարելի է շնչել, վերև հանիր սրան:

Այս ասելով Շահռուխը դուրս գնաց, բանտապետը մոտենալով երեցին՝ արձակեց ձեռները գելարանից, հանեց օղակը պարանոցից և թողնելով միայն ոտքերի շղթաները՝ առաջնորդեց նրան դեպի վեր:

Մտնելով բանդապետի սենյակը, Շահռուխը սպասում էր երեցին և միևնույն ժամանակ մտածում թե՝ ինչ եղանակով սկսե զրույցը, որպեսզի հաջողություն ունենա. — արդյոք բարկությամբ ու սպառնալիքով, թե քաղցրությամբ և համոզիչ խոսքերով, շշնջում էր նա ինքնիրեն:

Մինչև երեցի տեսնիլն, այո, նա այն կարծիքին էր թե՝ կապանքների խստությունը ճնշած կլինի կապյալի կամակորությունը և, հետևապես, մի քանի նոր սպառնալիքներ կհաղթահարեն նրան բոլորովին: Բայց երբ յուր արած ծաղրական հարցի պատասխանը լսեց, նա համոզվեցավ որ քահանայի մեջ տակավին չէ ընկճվել հոգեկան արիությունը: Ուստի որոշում է խոսել նրա հետ կարելույն չափ մեղմ և ամոք եղանակով:

Բայց ի՞նչ հաջողություն էր սպասում բեկը: Միթե, արդարև, նա հետաքրքրվում էր քահանայի կրոնափոխությամբ, կամ մտածում էր այն մասին թե՝ շահին անպատվողը անպատճառ պիտի պատժվի՞: Իհարկե ոչ: Նա իբրև մինը բնության այն այլանդակություններից, որոնք ապրում և վայելում են կյանքը միշտ ուրիշների կենաց և արյան գնով՝ մտածում էր միայն յուր հաճույքների, յուր զգայական զվարճությանց մասին: Նա չէր մոռանում այն աղջկան, որին մի օր խլել էին իրենից, չէր մոռանում և այն անպատվությունը, որ կրել էր նրա պատճառով: Եվ ահա այժմ, երբ բախտը հաջողում էր իրեն, նա կամենում էր օգտվիլ այդ հաջողությունից: Նա տեսնում էր հակառակորդին յուր ճանկերում, ուրեմն և պիտի ճնշեր նրան որքան ուժերը կթույլատրեին, մինչև որ կդարձներ յուր հին կորուստը, մինչև որ կլուծեր յուր պատվի վրեժը…:

Երբ երեցը ներս մտավ՝ Շահռուխը հրամայեց բանտապետին հեռանալ: Ապա դառնալով քահանային, որ հյուծված դեմքով և տխուր աչքերով կանգնել էր յուր առաջ, հարցրեց.

Ճանաչո՞ւմ ես դու ինձ:

Երեցը նայեց նրա վրա դեմքի խաղաղ արտահայտությամբ, հազիվ նշմարելի արհամարհանքով և ապա հայացքը դարձրեց ուրիշ կողմ:

Չե՞ս պատասխանում ինձ(հարցրեց Շահռուխը կրկին:

(Ճանաչում եմ, — պատասխանեց երեցը անփույթ եղանակով:

( Իհարկե, կճանաչես: Բայց ինչ կարծիք ունիս այժմ իմ մասին:

Քաջ ես և հզոր,— պատասխանեց երեցը հեգնորեն:

Այդքան միայն:

Եվ, ամենակարող:

Այդ է ճիշտ պատասխանը,— հարեց Շահռուխը ժպտալով, ապա, կարծես, համոզված որ երեցը խոսում է լրջությամբ, ավելացրեց. — այժմ ես կհայտնեմ քեզ իմ այցելության պատճառը: Քո հանցանքը, բարեկամ, ամենածանրն է և աններելին: Ուստի արքայի հրամանը պիտի համարես անդառնալի: Դու կամ պիտի մեռնես և կամ մահմեդականություն ընդունես: Ազատության ուրիշ ելք չունիս:

Կմեռնեմ, — պատասխանեց երեցը:

Բայց ես կամենում եմ փրկել քեզ. ես խնայում եմ քո երիտասարդությունը:

Շնորհակալ եմ:

Ես խնայում եմ քեզ, նաև, իբրև իմ հայրենակցի, դու պիտանի մարդ ես և ափսոս է որ մեռնես:

Եթե աստված մահ է սահմանել ինձ համար, մարդիկ չեն կարող այդ մահն արգիլել:

Բայց դու ասացիր որ ես ամենակարող եմ. ուրեմն հավատա որ պիտի փրկեմ քեզ:

Երեցը զարմացած նայում էր Շահռուխին և չէր կարողանում հասկանալ թե՝ ի՞նչ տարօրինակ հոգածություն է այս որ յուր նախկին հակառակորդը ցույց է տալիս այժմ իրեն:

Այո, պիտի փրկեմ, կրկնեց Շահռուխը, բայց դրա համար կպահանջեմ քեզնից մի թեթև վարձատրություն:

Այսինքն:

Այնպիսի վարձատրություն, որը քո մեռնելուց հետ պիտի հասնե ինձ, բայց ես կամենում եմ որ քո ձեռքով լինի տրված:

Ես, ինչպես գիտեք, մի աղքատ քահանա եմ և գանձեր չունիմ, պատասխանեց երեցը, կարծելով թե բեկը, իբրև արծաթասեր պարսիկ, կաշառքի համար է խոսում:

Օ՛, դու ունիս մի գանձ, որ ինձ կարող է լիուլի գոհացնել, — հարեց Շահռուխն աշխույժով:

Ի՞նչ գանձ է այդ:

Եվ որը, գուցե, կորցրել է յուր հարգը քո աչքում: Այդպես է աշխարհում առհասարակ: Ամենալավ բանն իսկ ձանձրացնում է մարդուն, երբ նա այդ լավը շարունակ յուր ձեռքում, յուր մոտն է ունենում...

Բայց ի՞նչ գանձի մասին է քո խոսքը, — ընդհատեց երեցը մի առանձին հետաքրքրությամբ:

Եվ երբ մի բարիք յուր հարգը կորուսած է, կամ, գոնե, սիրելի չէ այնքան, որքան էր առաջ, լավ է որ այդ բարիքը տալով կյանքդ ազատես քան պահպանելով նրան մեռնես: Մարդու մահվանից հետ, հո գիտես, նրա ունեցածը ուրիշներն են վայելում:

Բայց ասա վերջապես, ի՞նչ բարիքի մասին է խոսքդ:

Այն, որն ըստ օրինի ինձ պիտի պատկաներ, բայց դու խլեցիր:

Երեցը հասկացավ չար պարսկի միտքը և վրդովվեցավ: Նրա դալկահար դեմքը շառագունեց և շրթունքները հուզմունքից դողացին:

Անշուշտ գուշակեցիր որ Վարդենիի մասին է խոսքս, — շարունակեց բեկը, այո, նա է քո փրկության գինը նրան ինձ տալով՝ դու կազատվես կախաղանից:

Բեկ,( բացականչեց երեցը խուլ ձայնով և, կարծես, զայրույթից խեղդվելով:

Ինչ, դու համաձայն չե՞ս, դու, մինչև անգամ, հուզվո՞ւմ ես.( հարեց Շահռուխն այնպիսի մի եղանակով որ կարծես խոսում էր հասարակ մի վաճառքի մասին:

Հրամայիր որ ինձ նորեն իմ արգելարանը տանեն, խնդրեց քահանան:

Ես քեզ հետ խոսում եմ, իսկ դու արգելարա՞նդ ես վերադառնում:

Ես չեմ կարող քեզ լսել:

Թշվառական, դու չես կամենում մեծափառ շահնշահի սենեկապետին լսե՞լ... գոչեց Շահռուխը բարկությամբ:

Հաճիր հրամայել որ ինձ հեռացնեն այստեղից, կրկնեց քահանան ավելի հաստատ ձայնով:

(Խորհուրդ եմ տալիս քեզ լսել ինձ. ես քո բարեկամն եմ, խոսեց բեկը՝ նորեն խաղաղելով, — հակառակությամբ ոչինչ ես շահիլ, որովհետև դու անզոր ես, իսկ ես զորավոր, դու գերի ես, իսկ ես՝ հրամայող: Այն վայրկյանից որ այդ շղթաները ոտքերիդ զարկեցին, քո գույքն ու հարստությունը դարձավ իմ սեփականություն: Ուրեմն այն, ինչ որ ես պահանջում եմ, կստանամ և առանց քեզ, միայն թե՝ ինչպես առաջ էլ ասացի, ցանկանում եմ որ այդ լինի քո կամքով և հաճությամբ, որպեսզի դրա փոխարեն՝ ես էլ քո կյանքն ազատեմ և իմ խղճի առաջ պարտապան չմնամ քեզ ոչնչով:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last