Մուրացան՝   Անդրեաս Երեց

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last

Քեզ մինչև վերջը լսեցի, բեկ, և մեծ ուժ գործ դրի լսել կարողանալու համար... այժմ աղաչում եմ վերջին անգամ, հրամայիր հեռացնել ինձ այստեղից, ես չեմ կամենում ավելին խոսել:

Ապուշ, ես քեզ խոսք եմ ասում, իսկ դու քոնն ես կրկնում: Իմացիր որ քո առաջ երկու ճանապարհ կա միայն. կամ նամակ պիտի գրես ծնողներիդ՝ և պատվիրեսոր Վարդենին ղրկեն ինձ մոտ (իբր թե քո գործի առթիվ հարցուփորձվելու), և ինքդ սպասես ազատություն, և կամ դահիճների հետ պիտի քարշ գաս մինչ շահի դուռ՝ այնտեղ հրապարակով մեր սուրբ կրոնն ընդունելու: Փնտրիր այդ երկուսից որն էլ կամենաս, բայց ընտրիր շուտով, առանց ժամանակ կորցնելու:

Երեցի հուզմունքը հետզհետե աճում էր, նա խուլ հառաչում էր և ծանր շունչ էր քաշում, կարծես թե սիրտը պատրաստվում էր պայթելու:

Ես քեզ խորհուրդ եմ տալիս ընտրել փրկության ճանապարհը, շարունակեց բեկը տեղից վեր կենալով և երեցին մոտենալով,— ինչ բան է կինը, արժե մի՞թե նրա պատճառով մեռնել կամ կախվել... նա փոխադրական մի ստացվածք է, այսօր քոնն է, վաղը ուրիշինը... գրիր որ ղրկեն նրան ինձ և թող ղրկեն հենց այս երեկո, իսկ վաղը դու ազատված կլինես...:

Գարշելի սրիկա, պիտի լռե՞ս թե ոչ, — գոչեց երեցը զայրույթից դողալով և այլագունելով:

(Ի՞նչ, «գարշելի սրիկա՞», այդ դո՞ւ ասացիր, անհավատ շուն, դու մինչև այդտեղ լրբացար... այս ասելով բեկը մի զորավոր ապտակ իջեցրեց խեղճ կալանավորի դեմքին: Երեցն, որ արդեն ուժազուրկ էր, երերաց, և որովհետև ոտքերը կապված էին, կորցրեց հավասարակշռությունը և գլորվեցավ հատակի վրա:

Այստեղ եկեք, դուրս հանեցեք այս անզգամին, քարշեցեք նրան շահի դուռը. թող նա այնտեղ, դահճի հարվածների տակ փչե յուր պիղծ հոգին... գոռաց Շահռուխն աղմկարար ձայնով և բանտապետն ու պահապանները ներս թափվեցան իսկույն:

Այս անհավատ շունը ոչ միայն չի ուզում մեծափառ շահի հրամանը կատարել, այլև հայհոյում է Կըբլեյը-Ալեմին և մեր սուրբ ու մեծ Մարգարեին... դո՛ւրս հանեցեք սրան, դահիճներ կանչեցեք, վարոցներ պատրաստեցեք, թող այսօր ևեթ շանսատակ լինի սա, շարունակում էր Շահռուխը գոռալով և փրփրելով:

Պահապանները վեր քաշեցին երեցին կոպտաբար և անողորմ հարվածներ իջեցնելով նրա դեմքին, կրծքին ու թիկունքին, սկսան նորից ձեռքերը շղթայել և պարանոցն անուրներ անցցնել: Ապա դուրս հանելով բանտի բակը, հանձնեցին նրան դահիճների ձեռքը:

Վերջիններս, Շահռուխի հրամանի համաձայն, առաջնորդեցին զոհին դեպի շահի դուռը: Իսկ ինքը, բեկը, ձին աշտանակելով շտապեց արքայի մոտ, յուր այցելության արդյունքը նրան հայտնելու համար:

ԺԵ

Այն միջոցին որ դահիճները տեր-Անդրեասին շահի դուռը բերին, հայոց երևելիները իրենց առաջնորդի և քահանաների հետ միասին, գտնվում էին արքայական ապարանքի սրահում: Նրանք եկել էին թողություն խնդրելու թշվառ կալանավորի համար: Բայց մինչև նրանց թագավորին տեսնելը՝ Շահռուխն արդեն ներկայացել էր վերջինիս և հայտնել նրան թե՝ կալանավորը ոչ միայն արքայի հրամանը չէ կատարում և մահմեդականություն չէ ընդունում, այլև հայհոյում է վեհափառ շահին և մեծ փեյղամբարին, և թե այդ պատճառով ինքն հանձնել է նրան դահիճների ձեռքը՝ թագավորի դուռը բերելու համար:

Այս հայտնության հետ միասին բեկը բարդեց քահանայի վրա նաև այնպիսի զրպարտություններ, որոնք շահի զայրույթը սաստիկ գրգռեցին: Նա դուրս ելավ անմիջապես հանդուգն կալանավորին տեսնելու և անձամբ հրամայելու՝ որ գանակոծեն նրան յուր իսկ աչքի առաջ:

Պատահելով սրահում հայոց երևելիներին՝ շահը բարկությամբ հարցրեց թե՝ ինչու համար են ժողովվել:

Եկել ենք մեծափառ վեհապետիդ ոտքերը համբուրելու և համայն Սիսականի ժողովրդյան կողմից թողություն խնդրելու այն քահանայի համար, որ անմտանալով՝ արևափայլ շահնշահիդ արդար զայրույթը գրգռեց:

Այս խոսքերով մոտեցավ թագավորին առաջնորդ վարդապետը և ծունկ չոքելով նրա առաջ՝ կամեցավ ոտքերը համբուրել:

Նույն ձևով գետին խոնարհեցին նաև առաջնորդի հետևորդները:

Շահը զայրույթից կատաղեց:

Թշվառականներ, ինչպե՞ս եք համարձակվում թողություն խնդրել մի սրիկայի համար, որ հանդգնել է անարգել Իրանի հզոր գահակալին, ձեր թագավորին և վեհապետին, — գոռաց նա վարդապետի վրա:

Երիտասարդական անփորձությունը, տեր, մոլորեցրել է նրան, եթե մեծափառ շահը հաճի այս անգամ արժանացնել հանցվորին յուր մարդասեր գթության, այնուհետև նա շահնշահի ջերմեռանդ երկրպագուն կդառնա:

Կարճիր լեզուդ, ապուշ, շահնշահը ունի բյուրավոր երկրպագուներ: Նա կարոտ չէ մի սինլքոր սևազգեստի երկրպագության:

Բայց խեղճ սևազգեստը, նրա զառամյալ ծնողները և անմխիթար ամուսինը կարոտում են մեծափառ շահնշահի գթության...

Եթե կհամարձակիս երկրորդել խնդիրդ, քեզ կախել կտամ իսկույն, գոչեց թագավորը զայրագին:

Վարդապետը ետ կասեց, երկյուղից այլագունելով: Բայց նրա հետևորդներից մի քանիսը, որոնք հայտնի մելիքներ և ազնվականներ էին, առաջ անցնելով՝ ծունկ խոնարհեցին թագավորի առաջ և աղաչեցին որ շահը հաճի փոխել հանցավորի պատիժը դրամական տուգանքի (ինչպես նա անում էր հաճախ), և այդ տուգանքը հանձն էին առնում վճարել իրենց սեփականությունից:

Նույնը խնդրեցին նաև հարուստ խոջաները: Չնայելով որ նմանօրինակ խնդիրներ լսելը և այնոնց կատարելը սովորական էր շահի համար (ըստ որում նա շատ անգամ բանտարկում ու պատուհասում էր՝ միայն ևեթ տուգանքներ կորզելու նպատակով), այսուամենայնիվ մելիքների խնդիրը նա անտես արավ այս անգամ:

Հանցավորը պիտի պատժվի, տուգանքը չի փրկիլ նրան, — գոչեց շահը բարկությամբ, և ապա սպառնալով՝ որ նոր խնդիր առաջարկողը անմիջապես կպատժվի, հրամայեց որ ամենքը իջնին ապարանքի առաջ բացվող հրապարակը՝ մեղապարտի կրելիք պատժին ներկայելու համար:

Ինչ նոր պատիժ պիտի կրեր երեցը, խնդրարկու հայերը չգիտեին, բայց և այնպես, նրանցից ոչ ոք ձայն հանել չիշխեց: Թագավորն յուր հետևորդներով դուրս ելավ պատշգամբը, որ նայում էր հիշյալ հրապարակի վրա, իսկ հայ երևելիները իջան նույն տեղը՝ իրենց անվան հասանելիք նախատինքը տեսնելու:

Այն միջոցին որ շահը երևաց դրսում, հրապարակն ամբողջապես լցված էր ժողովրդով: Որովհետև ագուլեցիք տեսնելով տեր-Անդրեասին շահի դուռը բերելիս, հետևել էին նրան գունդագունդ: Շատերն էլ առաջուց ժողովված այդտեղ՝ սպասում էին պատգամավոր հայերի միջնորդության հետևանքին:

Շահը գոհ եղավ այդ բազմությունը տեսնելով, որովհետև ցանկանում էր որ տրվելիք պատիժը երկյուղ ազդե շատերին: Բայց ժողովուրդը ուրիշ նորության էր սպասում: Նա կարծում էր թե՝ շահը հարգելով հայ մեծամեծների միջնորդությունը, բերել է տվել երեցին՝ որպեսզի նրան ներումն շնորհե հրապարակավ:

Եվ ահա պատշգամբից շահի ձայնը լսվեցավ: Նա հրամայեց մոտ բերել հանցավորին:

Տեր-Անդրեասն առաջ անցավ: Նրա տխուր դալկահար դեմքը և շղթաներից ճնշվող քայլվածքը ծանր տպավորություն արավ շրջապատողների վրա, ուստի և շատերի կրծքից հառաչանքներ թռան: Այդ երևի հանցանք էր: Ֆարրաշները ետ մղեցին հառաչել համարձակվողներին և ոմանց էլ հարվածներ հասցրին: Բայց երբ թագավորի ձայնը նորից հնչեց, ամեն մի շարժում յուր տեղը սառեցավ:

Կատարեցի՞ր դու իմ հրամանը, — հարցրեց շահը երեցին:

Ես բանտարկվեցա խավարչտին զնդանում և կրեցի այն բոլոր տանջանքները, ինչ որ շահնշահի հրամանը որոշեց... նվաղած ձայնով պատասխանեց քահանան:

Այս մասին չէր իմ հարցը, պատրաստվեցա՞ր արդյոք դավանածդ կրոնը թողնելու:

Իմ կրոնը թողնելո՞ւ... այդ մասին չեմ էլ մտածել:

Բայց ես հրամայեցի քեզ:

Իսկ ես պատասխանեցի թե՝ չեմ կարող այդ հրամանը կատարել:

Եվ պն՞դում ես դու քո պատասխանի վրա:

Պնդում եմ:

Եվ չի պիտի դառնաս այդ որոշումից:

Երբեք:

Դահիճներ, մերկացրեք այդ անզգամին,( գոչեց թագավորը, և ապա դառնալով հայոց մեծամեծներին զայրացած հարցրեց.

Սրա՞ համար էիք միջնորդում...:

Ոչ ոք չպատասխանեց:

Գոնե խոստովանո՞ւմ եք հանցավոր լինելնիդ,— հարցրեց նորեն շահը, բայց այս անգամ այնպիսի եղանակով, որից կարելի էր գուշակել թե՝ ինչ փոթորիկ պիտի բարձրանա՝ եթե հայերից մինը համարձակվի արդարացնել իրեն:

Հանցավոր ենք, տեր, — ձայն տվին վերջիններս գրեթե միաբերան:

Թող ուրեմն ձեր հանցանքն ևս քավե այս կամակորը, — հարեց թագավորը և ապա դառնալով դահիճներին, որոնք երեցին մերկացրել էին կիսով չափ, հրամայեց,(պառկեցրեք դրան գետնի վրա և հարվածեցեք: Թող գավազանները հասկացնեն դրան այն, ինչ որ շահնշահը անկարող եղավ հասկացնել:

Բռնավոր հրամանը կատարվեցավ: Դահիճները գլորեցին երեցին գետնի վրա և սկսան ձաղկել գավազաններով: Սկզբում խեղճ զոհը աշխատեց տոկալ, կամեցավ կրել տարապարտ պատիժը եկեղեցվո նահատակին վայել համբերությամբ. բայց երբ անգութ հարվածները սաստկացան, ուժազուրկ մարմինը անկարող եղավ այլևս հանդուրժել: Նա սկսավ հեծել և մռնչալ նախ խուլ և ապա բարձր ու աղիողորմ ձայնով... Եվ այդ ձայները, որոնք կրկնվում էին ամեն մի հարված իջնելու ժամանակ, կարծես իբր շանթեր մխվում էին շրջապատող հայերի սրտերը և կեղեքում նրանց: Երեցի հետ միասին հեծում ու հառաչում էին հարյուրավոր մարդիկ, և դրանցից յուրաքանչյուրն՝ հարվածի պատճառած մորմոքիչ ցավը զգում էր յուր վրա:

Փոքր մի ևս, և ահա, ամբոխի մեջ սկսավ խլրտում: Մարդիկ բարձրաձայն գոռում ու գոչում էին. ոմանք խնդրում էին շահին պատիժը դադարեցնել, իսկ ուրիշները հայհոյում ու անիծում էին դահիճներին: Կային և այնպիսիք, մանավանդ անժույժ երիտասարդներից, որոնք ձգտում էին բեկանել զինվորների շղթան և առաջ վազելով՝ հափշտակել զոհը դահիճների ձեռքից: Սակայն մտրակների հարվածներն, որոնք տեղում էին աջ ու ձախ, ետ էին կասեցնում հանդուգն ձեռներեցներին:

Այն միջոցին որ շահը յուր ուշադրությունը դարձուց խլրտող կողմի վրա և պատրաստվում էր հրամայել հալածել աղմկարարներին, ամբոխի միջից դուրս վազեց մի սպիտակահեր ծերունի և դողդոջուն բազուկները դեպի վեր տարածած՝ աղաչում էր ֆարրաշներին թույլ տալ իրեն մոտենալ շահին:

Թագավորը տեսավ ծերունուն և հրամայեց մոտ բերել նրան:

Ո՞վ ես դու և ի՞նչ ես կամենում, — հարցրեց նա, երբ ծերուկը չոքեց պատշգամբի առաջ.

Ես այդ դժբախտ քահանայի հայրն եմ, տեր արքա, — պատասխանեց ծերունին լալաձայն, — աստված չէ զրկել քեզ որդիներից և դու կարող ես չափել մի թշվառ հոր կսկիծը, երբ նա տեսնում է յուր առաջ սիրած որդուն գետնատարած, անգութ հարվածների տակ հեծելիս... Գթա, տեր արքա, ապաբախտ հոր արտասուքներին, ազատիր որդուս դահիճների ձեռքից, բավ համարիր նրան յուր տառապանքները և աստված կօրհնե քեզ քո գթասրտության համար...:

Դադարեցրեք, — հրամայեց շահը դահիճներին, ապա դառնալով ծերունուն՝ ասաց. — կամակոր որդի ես ծնել և անհնազանդության վարժեցրել, արժանի ես, ուրեմն, այն կսկծին, որ կրում ես ահա ծերությանդ օրերում...: Բայց եթե, արդարև, ծանր է քո կսկիծը, գնա, մոտեցիր որդուդ և խրատե նրան իմ հրամանը կատարել, թող նա յուր մոլար կրոնը թողնելով՝ դառնա Մահմեդի ուղիղ հավատին: Այն ժամանակ ես նրան ոչ միայն կրելիք պատիժներից կազատեմ, այլև կհասցնեմ մեծ պատվի ու փառքի, իմ իշխաններից մեծագույնին կփեսայացնեմ և իմ արքունիքում պաշտոնատար կկարգեմ:

Ծերունին գլուխը խոնարհեց:

Հա, ի՞նչ ես ասում, ընդունո՞ւմ ես պայմանս թե ոչ:

Տեր արքա, խնայիր իմ ծերությանը, աղաչում եմ. խնայիր անզոր ծնողին, թախանձեց ծերունին արտասուքը զառամած այտերի վրա ծորելով:

Չլսեցի՞ր ինչ ասացի, ծերուկ, — բարկացավ շահը:

Լսեցի, տեր իմ, բայց...:

Ի՞նչ:

Անհնարին պայման է առաջարկածդ...

Թշվառական... ինչպե՞ս ես ուրեմն համարձակվում ներումն հայցել:

Աստված, որ զրկել է մեզ ամեն իրավունքներից, թողել է գեթ մի մխիթարություն, տեր արքա, այդ խնդրելու և հայցելու իրավունքն է, մի կապտիր այն մեզանից, — մի զրկիր մեզ այդ միակ...

Շատախոսում ես, ծերուկ, — ընդհատեց թագավորը, ( գնա, համոզիր որդուդ կատարել իմ հրամանը, ես խնայում եմ նրա երիտասարդությանն և առնական գեղեցկությանը, թող ինքն ևս խնայե իրեն, թող արքունիքը գերադասե բանտից և արքայական շնորհները՝ անարգ գանակոծությունից:

Ծերունին լուռ էր, բայց հայացքը սևեռած թագավորի վրա:

Գնա և համոզիր որդուդ, — հրամայում եմ քեզ:

Ծերունին անշարժ էր:

Եթե մի վայրկյան ավելի դանդաղես՝ կհրամայեմ քեզ ևս ձաղկել, — գոչեց թագավորը:

Չեմ դանդաղիլ, տեր իմ, ասաց ծերունին և շուռ գալով դեպի որդին՝ բարձր ձայնով գոչեց.

Անդրե, իմ սիրեցյալ զավակ, թող դահիճների փոխարեն՝ դևեր կոչեն դժոխքից. թող փայտի փոխարեն՝ վարոց բերեն երկաթից, թող հարվածեն քեզ անխնա, դու մի սասանիր, կրիր քո խաչը, կրիր անտրտունջ, հային վայել համբերությամբ, մեռիր, որդյակ, բայց մի ուրանար մեր լույս հավատը, մեր Լուսավորչին...

Ծերունին դեռ խոսում էր, երբ Շահը որոտաց:

Լռեցրեք այդ անզգամին:

Հսկահասակ մի սարվազ հարձակվեց ծերունու վրա և բռունցքի շեշտակի հարվածով գետին գլորեց նրան:

Չէ, չի ուրանալ... մեր սուրբ հավատը... մեր լույս հավատը... մրմնջում էր դեռ ծերունին, մինչ կատաղի սարկավագը անգթաբար հարվածում ու կոխկռտում էր նրան:

Դահիճներն այս տեսնելով՝ իրենք էլ երեցի պատիժը նորոգեցին: Բայց հազիվ թե մի քանի հարվածներ իջեցրին և ահա ամբոխի մեջ բրդեց մի խուլ աղմուկ, որ հետզհետե սպառնական կերպարանք առավ: Հանկարծ զինվորների շղթան կտրվեցավ, ֆարրաշների շարքը խանգարվեց և ամբոխն աղաղակելով հորդան տվավ դեպի առաջ:

Ինչի՞ էր ձգտում հուսահատ ժողովուրդը, ո՞ւմ դեմ էր խիզախում, ո՞ւմ հետ պիտի կռվեր, ինքն էլ չգիտեր, նա այդ վայրկյանին չէր էլ մտածում, նա հուզվել, գրգռվել էր անօրեն բռնության դեմ և կամենում էր անպատճառ սիրած հովվեն ազատել: Բայց ո՞ւմ ճանկերից, չէ՞ որ հակառակորդը հզոր Շահաբասն էր... Մի քանի վայրկյան ժողովուրդն ու զինվորները խառնվեցան իրար: Հարվածներ տեղացին, մարդիկ գլորվեցան, մինչև անգամ, դահիճներից մի քանիսը փախան:

Բայց շուտով թագավորի ահարկու ձայնը որոտաց, հրամանատարները ներքև վազեցին և մի գունդ սարվազներ արշավասույր ու սուսերամերկ հրապարակը մտան:

Այդքանն արդեն բավական էր որ հուզումը դադարեր: Հարձակվողներն, արդարև, ետ կասեցան, զինվորները հրապարակը գրավեցին և շահատակության գործը վերջացավ նրանով, որ մի քանի հոգի ծանր հարվածներ առին, մի քանի տաք-գլուխներ ձերբակալվեցան, իսկ գանակոծված երեցին, կիսամեռ վիճակի մեջ, նորեն բանտը տարին:

ԺԶ

Օրը երեկոյացավ: Հայոց թաղերը հետզհետե խավարում էին: Ոչ ոք այլևս չէր մտածում թե՝ շահը դեռևս հյուր է Ագուլիսում. թե ամեն ոք պարտավոր է լուսավորել յուր տունը, կտուրն ու սարվույթը, թե պետք է բակերում խարույկներ բորբոքել և ընկեր, հարևան դրանց շուրջը ժողոված՝ մինչև կես գիշեր խրախություններ անել, թե ժողովուրդը խմբերով փողոցները պիտի պտտեր և փողերով, թմբուկներով օդը թնդացներ, թե՝ միով բանիվ, ամեն ոք պարտավոր էր մասնակցել որևէ հրապարակական զվարճության և չի պիտի գտնվեր մի անկյուն, ուր մարդիկ տխրեին, թեկուզ այդ անկյունը լիներ սգավորի տուն:

Այդպես էին տեսել ագուլեցիք մինչև այդ օրը և շահն ամեն անգամ յուր ապարանքի ապակեզարդ փենջարեից նրանց հրապարակական խրախությունները տեսնելով՝ ուրախացրել էր և յուր գոհունակությունը հայտնել շրջապատող իշխաններին:

Բայց այսօր քաղաքը կարծես սուգի մեջ է. հայոց թաղերը խավար, փողոցները դատարկ, երաժշտության ձայները լռած և միայն թյուրքերը ու ֆռանկ կոչված հայերի աննշան թաղերն էին, որոնք իրենց աղոտ լուսավորությամբ հիշեցնում էին շահին թե՝ բուն հայերն, ուրեմն չեն կամենում ուրախանալ:

Այս ի՞նչ է, խան, հայերը կարծես կոտորվել են. նրանց թաղերում կենդանության նշույլ չէ երևում, — հարցրեց Շահն Ամիրգյունեին, որ եկել էր թագավորին «բարի երեկո» մաղթելու:

Խանը նայեց ապակեզարդ փենջարեի միջով և այնպես ձևացրեց իբր թե նոր է այդ բանը նկատում: Բայց և այնպես չկարողացավ մի հարմար բացատրություն գտնել հայերին արդարացնելու համար:

Գուցե կրոնական սուգի օր՞ է, խան, — հարցրեց շահը հեգնելով:

Չգիտեմ, տեր իմ, բայց եթե հաճիս հրամայել, իսկույն կիմանամ, պատասխանեց Ամիրգյունեն, ընդ նմին պատրաստվելով դուրս գնալ և հրաման արձակել որ կատարվող անկարգության առաջն առնվի:

Եթե շահն հաճի լսել, ես կբացատրեմ պատճառը, — խոսեց Շահռուխը, որ կանգնած էր իշխանների հետ:

Բացատրիր, — հրամայեց թագավորը:

Հայերը չեն ուրախանում այն պատճառով՝ որ շահը ձաղկել տվավ ըմբոստ քահանային: Այդ ցույցով նրանք ցանկանում են վրեժխնդիր լինել մեծափառ արքային:

Հավանական չե՞ս գտնում այս բացատրությունը, — հարցրեց Շահը Ամիրգյունեին:

Եթե իմ արեգակնափայլ տերը հավանական է դրանում...

Բոլորովին հավանական, ընդհատեց շահը զայրագին, և ապա դառնալով Շահռուխին ասաց,— այս հանդուգն ժողովուրդը մի նժարի մեջ է դրել թե մեղապարտ քահանային և թե յուր թագավորին, քեզ եմ հանձնում, բեկ, սանձահարել դրանց... վաղն ևեթ շտապիր բանտարկյալի մոտ և աշխատիր խոստովանել տալ նրան թե ովքեր են եղել յուր մեղսակիցները: Անշուշտ, վաթսուն աշակերտների գլուխները նա միայնակ չէ գերծել: Բրածեծն ուտելուց հետո երեցն այժմ հեշտությամբ կխոստովանե ճշմարտությունը: Ապա անմիջապես կալանավորել տուր ցույց տված մարդկանց և հրամայիր գանակոծել նրանց հրապարակով: Թող այնուհետև հայերը մի մարդու փոխարեն՝ շատերի սուգը պահեն:

Իսկ թե չխոստովանե՞, տեր իմ, — հարցրեց բեկը:

Ձաղկել կտաս նրան ամեն օր, մինչև որ նա կստիպվի կամ ճշմարտությունը խոստովանել, կամ հավատն ուրանալ և կամ, վերջապես, հարվածների տակ կմեռնի:

Գողին մութ գիշեր էր հարկավոր և տրվեցավ: Հետևյալ առավոտ Շահռուխն շտապեց դեպի բանտ: Նա դուրս հանեց երեցին զնդանի հրապարակը, ուր պատրաստ կեցած էին ոչ միայն վարոցավոր դահիճներն, այլև մի վաշտ զորք, որ պաշտոն ուներ ամբոխի խառնակության առաջն առնելու, եթե այն տեղի ունենար:

Եկա քեզ հայտնելու շահի բարի կամքը, ասաց Շահռուխը երեցին, երբ կանգնեցրին նրան յուր առաջ. — նա գթացավ քեզ վրա և կամենում է որ դու անպատճառ ազատվիս թե կապանքներից և թե զնդանից:

Շնորհակալ եմ, թող աստված երկար կյանք պարգևե նրան, — պատասխանեց երեցը կիսաձայն:

Բայց նա ցանկանում է որ կապանքներից ազատվելուցդ առաջ հայտնես նրան այն մարդկանց անունները, որոնք գործակից եղան քեզ աշակերտների գլուխները գերծելու գործում:

Երեցի գունատ շրթունքները շարժվեցան և նրա դալկահար դեմքի վրա խաղաց մի սառն ու արհամարհական ժպիտ:

Այս անգամ, անշուշտ դու խելոք կլինիս և ուրիշների պատճառով չես մատնիլ քեզ նոր տանջանքների, — հարեց Շահռուխը:

Հրամայիր, բեկ, որ նորեն տանջեն ինձ... ես իմ ասելիքը ասել եմ արդեն շահի առաջ: Ես գործակիցներ չունիմ: Մի հուսաք բնավ թե մատնության գնով կհոժարիմ երբևիցե ազատել ինձ տանջանքներից:

Եթե գործակիցներդ քո բարեկամներն են և դու խնայում ես նրանց, դու ազատության ուրիշ ճանապարհ ունիս. թողիր կրոնդ և դարձիր մեր հավատին: Այդ քայլը կբախտավորեցնե քեզ:

Մի խոսիր այդ մասին, բեկ: Եթե տասն անգամ ավելի երկարացնեիք իմ կյանքը, քան որքան վիճակված է ինձ ապրել և ընդ նմին շրջապատեիք ինձ այն արքայական բարիքներով, որ վայելում է Իրանի հզոր գահակալը, ես դարձյալ իմ հավատը չի պիտի ուրանամ, անարգանաց այդ աստիճանին ոտք չի պիտի դնեմ:

Քեզ մնում է վերջապես մի երրորդ ճանապարհ, — այս ասելով Շահռուխը մոտեցավ երեցին և կամացուկ ձայնով շշնջաց նրա ականջումխելոք եղիր, մի համառիր, տուր ինձ նրան, զոհիր նրան և դու կփրկվիս...:

Հեռացիր, բեկ, դու քո թագավորի ամենաարժանավոր ծառան ես... ես ավելի սիրով իմ տանջանքները կտանեմ՝ քան քո պիղծ շունչը, որ մոտենում է ինձ...:

Գետին գլորեցեք և ջարդեցեք այդ անզգամի համառ ոսկորները, ով չէ ուզում մարդու պես ապրել, նա շան պես պիտի սատկի, գոչեց Շահռուխը կատաղությամբ և դահիճները գետին տարածելով թշվառ երեցին, սկսան գանակոծել նրան անգթաբար:

Չնայելով որ բանտը գտնվում էր ավանի մի հեռավոր անկյունում, այսուամենայնիվ, այդ օրն էլ ժողովված էր այդտեղ մեծ բազմություն, որ ներկա եղավ երեցի տանջանքներին, լսեց նրա արձակած աղիողորմ ձայները, սիրտ կտրատող մռնչյունը, հուզվեցավ, արտասվեց և սակայն յուր ցասումը արտահայտել չհամարձակեցավ, որովհետև տեսավ որ սուսերամերկ զինվորները փոքրիկ առիթի են սպասում յուր վրա հարձակվելու:

Եվ երեցին գանակոծելուց դադարեցին այն ժամանակ, երբ խեղճի ձայնը բոլորովին կտրվեցավ: Ապա նորեն շղթայի զարնվելով` կիսամեռ վիճակի մեջ բանտը տարին նրան:

Իսկ այնուհետև, գրեթե ամեն օր դուրս էին բերում նրան նույն հրապարակը և միևնույն ձևով ստիպում որ յուր գործակիցների անունները հայտնե, կամ քրիստոնեական հավատը ուրանա: Երեցը, ինչպես միշտ, մնում էր անհողդողդ: Ուստի և նորեն գանակոծում ու նորեն բանտ էին տանում: Նրա մարմինը թեպետ արդեն ծյուրվել, ուժազուրկ էր եղել և մի զորեղ հարվածից կարող էր անշնչանալ, բայց նրա հոգին տակավին զորեղ և արիությունն անպարտելի էր: Նույնիսկ յուր տանջանքների մեջ նա գտնում էր սփոփանք, այն մտածությամբ թե՝ համայն Սիսականի ժողովուրդը ցավում է յուր համար և համակվում յուր վշտով, թե դահիճների ամեն մի հարվածն՝ յուր մարմնին ցավ պատճառելուց առաջ մորմոքում ու կսկծեցնում էր յուր տանջանքները դիտող հայ մարդկանց սրտերը... նա մխիթարվում էր մանավանդ այն հավատով, որ յուր տանջանքների գնով փրկել է դահիճների ձեռքից հարյուրավոր հայ մարդիկ և արգելք եղել «մանկաժողովին», որ ամեն հայի տուն լաց ու կոծով պիտի լցներ: Եվ այս ամենը այնքան էր զորացնում հայրենասեր երեցի հոգին, որ նա մոռանում էր յուր տանջանքները և հաճախ անզգայանում դեպի կապանքների խստությունը:

Եվ սակայն յուրմով բարերարյալ հայերն ևս պարապ չէին նստած: Երբ նրանք տեսան թե հայ մեծամեծների միջնորդությունը ապարդյուն անցավ, մտածեցին դիմել շահի նախարարների և ավագանու բարեխոսության: Դրա համար իհարկե հարկավոր էր մեծաքանակ գումար, որպեսզի կարողանային իշխաններից յուրաքանչյուրին գոհացնել ըստ արժանվույն: Այդ նպատակով առաջավոր հայերը դիմեցին ժողովարարության, որի արդյունքը եղավ սպասածից ավելի: Որովհետև աղքատը չխնայեց յուր լուման, հարուստը՝ յուր ոսկիները, իսկ կանայք և աղջկունք՝ իրենց զարդերը:

Ավագանին, իհարկե, չկարողացավ մերժել հայերից առաջարկված նվերները, զի ըստ արժանյացն ու քանակին կարի գրավիչ էին, ուստի և հանձն առավ բարեխոսել երեցի ազատության համար: Բայց երբ նրանք միահամուռ ներկայացան թագավորին և իրենց խոնարհ խնդիրն առաջարկեցին, վերջինս զայրացավ, որովհետև գուշակեց որ այդ իշխանները դիմել են իրեն ոչ թե կարեկցության զգացումից դրդված, այլ գրավված հայոց առատ ոսկիներից: Այդ պատճառով ոչ միայն նրանց խնդիրը չընդունեց և աղաչանքներին չզիջավ, այլև երդվեց յուր գլխով՝ որ երբեք չի ներիլ ստահակ քահանային մինչև նա սրտանց չի ուրանալ հավատը և թլփատվելով՝ մահմեդական չի դառնալ:

Հայերի հույսը բոլորովին կտրվեցավ: Այլևս միջնորդելու ճանապարհ չէր մնում: Այդ պատճառով գործող անձինք աշխատելուց դադարեցին և թշվառ քահանայի վիճակը թողեցին բախտի կամքին:

Եվ սակայն հենց այդ հուսահատության միջոցին երևան եկավ մի ուրիշ ուժ, որ հույս ներշնչեց լքված սրտերին: — Դա հայ կինն էր, որ գալիս էր յուր ժառանգական պարտքը կատարելու, այն է՝ տագնապի րոպեին այր մարդուն օգնության հասնելու: Եվ նա ասպարեզ եկավ ի դեմս խոջա-Անձրևի կնոջ՝ Սառա-խաթունի, որն այդ միջոցին գտնվում էր Ագուլիսում և որին ոչ միայն ճանաչում էր Շահաբասը, այլև հարգում իբր արժանավոր կնոջ և նրան իրեն «մայր» էր անվանում:

Դուք արդեն ձեր պարտքը լիուլի կատարեցիք, թույլ տվեք որ մենք էլ մերը կատարենք, — ասաց Սառան ամուսնուն, երբ վերջինս հայտնեց նրան նախարարների միջնորդության անհաջողությունը:

Ի՞նչ կարող եք անելհարցրեց Անձրևը:

Այն՝ ինչ որ դուք արիք, — պատասխանեց Սառան, մենք ևս կերթանք միջնորդելու:

Եվ ոչինչ չեք շահիլ, — հարեց խոջան:

Բայց չենք էլ կորցնիլ ավելի՝ քան ինչ որ կորուսել ենք. եթե շահը մինչև անգամ անտես անե մեր խնդիրը, գեթ մեզ կմնա այն մխիթարությունը թե՝ մենք անգործ չնստեցինք, երբ այր մարդիկ գործում էին:

Խոջա Անձրևը չհակառակեց, բայց ցանկացավ այդ մասին առաջնորդ վարդապետի և հայ մեծամեծների կարծիքը հարցնել:

Վերջիններս ոչ միայն հուսադրական գտան Խաթունի առաջարկությունը, այլև գովեցին նրան այդպիսի հաջող միտք հղանալուն համար:

Եվ Սառան մտավ հայ ընտանիքները՝ հրավեր կարդալու, յուր սեռի ներկայացուցիչներին:

ԺԷ

Կալանավոր երեցի հաստատակամությունը տեսնելով՝ շահն յուր համբերությունը կորցրել էր արդեն: Ուստի երբ Շահռուխը խորհուրդ տվավ նրան արձակել յուր վերջին վճիռը, այն է՝ կամ բռնի մահմեդականացնել կամ գլխատել քահանային, նա սիրով ընդունեց այդ խորհուրդը և հրաման տվավ բեկին մունետիկ շրջեցնել քաղաքում և հայտնել բոլորին թե՝ հանցապարտ երեցին երկու օր ժամանակ է տրվում իսլամի ուղղափառ հավատն ընդունելու և թլփատվելու. հակառակ դեպքում նա պիտի գլխատվի:

Երբ մունետիկները արքայի հրամանը հայտարարեցին, հայերը երկյուղից սարսափեցան: Բայց հայուհիները, որոնք Սառա-խաթունի հրավերը ընդունել էին սիրով, հույս տածեցին թե՝ պիտի հաջողին Շահաբասի ներողամտությունը վաստակելու: Ուստի նույն օրն ևեթ, ահագին բազմությամբ դիմեցին շահի ապարանքը, առաջնորդ ունենալով իրենց խոջա-Անձրևի՝ շահից հարգված կնոջը:

Թագավորն, որ փենջարեի առաջ նստած խոսում էր յուր իշխանների հետ և, ընդ նմին, ավանի ձորալանջերը դիտում, զարմացավ երբ հանկարծ ապարանքի բակը կանանցով լցված տեսավ:

Այս ի՞նչ է, ովքե՞ր են, ի՞նչ են ուզում, — հարցրեց նա իրար հետևից, առանց սակայն յուր աչքերը բակը խռնվող կանանցից հեռացնելու:

Իշխաններից մինը դուրս թռավ իսկույն պատճառն իմանալու և վերադառնալով` հայտնեց թագավորին հայուհիների գալստյան նպատակը:

Հայտնիր նրանց թե՝ իմ վերջին հրամանը հայտարարված է արդեն, թող ոչ ոք չհանդգնի հանցավորի մասին իմ առաջ խոսելու, — հրամայեց թագավորը:

Բայց հազիվ բանբերը շուռ եկավ դուրս գնալու շահը կանգնեցրեց նրան:

Չէ, խնդրարկու կանանց չպետք է այդ ձևով վերադարձնել իմ շեմքից, նրանք իրավունք ունին նույնիսկ այս դահլիճը խուժելու, հավատալով որ այր մարդիկ չի պիտի վռնդեն նրանց... Ինքդ դուրս գնա, խան, դարձավ շահն Ամիրգյունեին, և հասկացրու նրանց քաղցրությամբ որ ես իմ վերջին ու անդարձ հրամանը արձակել եմ արդեն:

Ամիրգյունեն իսկույն տեղից ելնելով՝ իջավ խնդրարկուների մոտ, սկսավ խոսել և համոզել նրանց, բայց կանայք այդտեղից հեռանալ չկամեցան:

Բարի խանի հովանին թող անպակաս լինի մեր գլխից, դարձավ Սառան Ամիրգյունեին. շահի հրամանը հայտնի է մեզ, բայց մենք ցանկանում ենք որ մեր խնդիրը ևս հայտնի լինի նրան: Հայտնիր շահին թե՝ նրան կամենում է տեսնել յուր մայրը... ասա որ ոչ մի որդի յուր դռան շեմքից չի հեռացնիլ մորը, առանց նրա խնդիրը լսելու:

Ամիրգյունեն կանգ առավ մի վայրկյան, և որովհետև ինքը ևս ցանկանում էր որ շահ ընդունե խնդրարկուներին, ուստի յուր հորդորը չշարունակեց, այլ վերադառնալով թագավորի մոտ՝ հաղորդեց նրան խոջա-Անձրևի կնոջ խոսքերը:

Իմ մա՛յրը, ո՞վ է իմ մայրը, խան, ես նրան վաղուց եմ թաղել, մի՞գուցե զառանցում ես դու, — հարցրեց շահը զարմանալով:

Ոչ, տեր իմ, այդտեղ մի կին քեզ յուր որդին է անվանում և պահանջում է որ դու չհեռացնես նրան քո տան շեմքից առանց յուր խնդիրը լսելու, — ասաց խանը, ձևացնելով` իբր թե, չէ ճանաչում Անձրևի կնոջը:

Կանչիր նրան այստեղ, — հրամայեց շահը շաթիրին և վերջինս դուրս վազեց:

Մի քանի վայրկյանից հետո ներս մտավ Սառան, հետն ունենալով մի խումբ ավսարդ (տարիքավոր) կանայք և մի նորատի գեղեցկուհի, նրանք ամենքն էլ հագած էին հարուստ զգեստներ և ազատ էին քողերիցն, ըստ որում Շահը չէր սիրում որ կանայք յուր դեմը ելնեն քողարկված:

Սառա-խաթունը... այդպես էլ գուշակում էի... իսկ դու, խան, մի՞թե չճանաչեցիր նրան, — հարցրեց թագավորը:

Վաղուց է չէի տեսել, շշնջաց Ամիրգյունեն:

Քանի վեհափառ շահը հյուր է մեր երկրում, խանի աչքերը չեն կարող հասարակ մարդկանց նշմարել. շահնշահի փառքը ստվերի մեջ է թողնում նրա ծառաներին ու աղախիններին, — հարեց իսկույն Սառան՝ առաջանալով դեպի թագավորը և երկրպագելով նրան: — Բայց խանի աչքերը պիտի նշմարեին մորը, — նկատեց թագավորը ժպտալով:

Եթե խանը հավաստի լիներ թե շահը չի մոռացել այդ մորը,— վրա բերավ Սառան:

Մոռանալ, երբեք, շահը չի մոռանում արժանիք ունեցողներին: Ես լավ հիշում եմ թե՝ որպիսի հոգածությամբ էիր հսկում դու Ջուղայում ինձ համար պատրաստվող խրախությանց վրա: Թե ինչպես էիր հոգում որ քո եղբոր, խոջա-Խաչիկի տանը ամեն ինչ իմ աչքերը տեսնեն քաղցր և հաճոյական: Ես չեմ մոռացել թե՝ ինչպես քո մի խելոք ու ազդու խոսքով դու զրկանք պատճառեցիր ինձ... և սակայն այդ զրկանքը փոխանակ ատելի անելու՝ սիրելի դարձրեց քեզ իմ աչքում… — Ո՞վ է ձեզանից այդ դեպքը հիշում, — դարձավ Շահն իշխաններին:

Ես չեմ մոռացել, տեր իմ, — հառաջեց Ամիրգյունեն:

Պատմիր: Թող իշխանները լսեն, — ասաց թագավորը ժպտալով:

Երբ ես ու Զիլֆըգար խանը առաջին անգամ մտանք Ջուղա՝ որպեսզի այդտեղ ընդունելություն պատրաստենք քեզ համար, տեսանք որ տեղացի հայերը ամեն ինչ պատրաստել էին մեր ցանկացածից ավելի: Բայց երբ ուշադրությամբ դիտում էինք այդ պատրաստությունները՝ տեսնելու համար թե՝ չկա արդյոք դրանց մեջ արքայիդ անհաճո մի թերություն, Զիլֆըգար խանը նկատեց.

Այս շքեղ պատրաստություններին պակասում են մի քանի հատ գեղեցկուհիներ, որոնց հայ ժողովուրդը նվեր պիտի բերե շահին...:

Հայոց համար, ըստ երևույթին, ծանր ու անսովոր ընծայաբերություն էր այդ: Այնուամենայնիվ, նրանք մեր պահանջը մերժելու փորձ անգամ չարին: Ամենալավ ընտանիքներից ընտրվեցան յոթ գեղանի օրիորդներ, որոնց և ինչպես կհիշես, ներկայացրին արքայիդ խոջա-Խաչիկի ապարանքում...:

Այժմ ես կշարունակեմ, ընդհատեց թագավորը,— բոլոր ընծաներից ավելի թանկագինն այդ գեղեցկուհիներն էին: Բայց երկու զորավոր խաների պատրաստածը այս տկար կինը ետ խլեց մի խոսքով: Աղջիկները ներկայացել էին ինձ քողերով: Երբ ես հրամայեցի բանալ դեմքերը, իսկ նրանք դժվարանում էին, Սառա-խաթունը բացականչեց. — «Բացեք երեսներդ, ձեզ հրամայում է թագավորը և ձեր եղբայրը»: Երևակայիր, խան, այդ եղբայր բառը զինաթափ արավ ինձ, սիրտս այդ ժամանակ քնքուշ էր և դյուրազգաց: Երբ աղջիկներն իրենց քողերը բացին, տեսա որ չքնաղ են հյուրիների չափ: Բայց ես որոշեցի չժառանգել ոչ մեկին: Իմ հյուրընկալ տիրուհին նրանց ինձ «քույրեր» անվանեց, ի՞նչպես կարող էի իսլամի համար նվիրական այդ անուններն անարգել...

Այո, խաթուն, դրանք իմ քույրերն են, իսկ դու այսօրվանից կկոչվես ինձ մայր, ասացի ես հանդիսաբար, և այդ օրից, ահա, այս հայուհին իմ մայրն է:

Ավաղ, տեր իմ, եթե իմ վարմունքով զրկանք եմ պատճառել քեզ, ապա ուրեմն իզուր եմ պարծենում թե քո մայրն եմ ես, ասաց Սառան:

Զրկա՞նք, ո՞չ. լավ է յոթ քույր ունենալ քան յոթ կին: Յոթ քույրերից սիրվելը երջանկություն է, իսկ յոթ կանանց գգվանքը՝ դժոխք: Քույրն յուր սիրո համար վարձ չի պահանջում, մինչդեռ կինը կթունավորե սիրտդ, եթե անվարձ թողնես յուր մի ավելորդ գգվանքը:

Եթե այդպես է, ապա քո մայրն աղաչում է քեզ ծնկաչոք...:

Այս ասելով Սառան ծնկան իջավ թագավորի առաջ, նույնն արին և յուր հետևորդները:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last