Մուրացան՝   Անմեղ զրույցներ

Pages: First Previous 1 2 3 4 Next Last

Հատուկ թղթակիցներին նմանեցնելով յասուլ-բաշիների, խավարամիտ ազգականս այն բարբարոս միտքն էր հայտնում, իբր թե մենք էլ նրանց եղանակով հարստահարում ենք ժողովրդին, կաշառ ենք առնում նրանից կամ երեսպաշտություն անում: Մեծ բախտավորություն է, որ այդ ապուշը չի հրատարակել այս կարծիքը պարբերական թերթերում, ապա թե ոչ, հայ ընթերցողները, որոնք մեծ մասամբ բթամիտ են լինում, հալած յուղի տեղ կընդունեին այդ բարբաջանքը:

Բայց ես, որպեսզի ապացուցանեի իմ ծանծաղամիտ ազգակցին, թե իբրև թղթակից, որքան անաչառ եմ, ասացի.

Մեր ու յասաուլ-բաշիների մեջ, արդարև, կա նմանություն, բայց այդ նմանությունը ոչ թե դրական, այլ հակադրական է. օրինակ նրանք հսկում Էին քաղաքի արտաքին կարգապահության, իսկ մենք հսկում ենք ներքինին: Նրանք օգտվում Էին մարդկանցից նյութապես, իսկ մենք օգտվում ենք բարոյապես: Նրանց հարգում էր ժողովուրդն իբրև փոքրագույն չարիքի, իսկ մեզ իբրև փոքրագույն բարիքի: Նրանք ծածկում Էին ճշմարտությունը, երբ շահ Էին ունենում և հայտնում, երբ չէին ունենում, իսկ մենք, ընդհակառակը, հայտնում ենք, երբ շահ չենք ունենում և ծածկում, երբ ունենում ենք: Նրանք մտրակում էին անհանգիստ մարդկանց, իսկ մենք մտրակում ենք խիստ հանգիստներին, նրանք հայհոյում էին լեզվով, իսկ մենք հայհոյում ենք գրչով, միով բանիվ, նմանություն կա, բայց այդ նմանությունը բացասական, հետևապես և բարոյական է:

Մի վերջին, հակադիր նմանություն ևս, որ չեմ կարող զանց առնել, այն է, որ յասաուլ-բաշիների կամ մովրովների անունն անմահացնողը եղել է մի խավարամիտ Պռոշյան, իսկ մերը պիտի անմահացնե մի ազատամիտ առաջադիմական:

Այսքանը, կարծեմ, բավական է հասկանալու համար թե ո՞վ ենք մենք:

Pages: First Previous 1 2 3 4 Next Last