Մուրացան՝   Առաքյալը

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Next Last

Աբա մի ասա, Պյոտր Կիրիլիչ, կռոների երկրումը, որ մնացել էիր, քիզ ո՞վ կուտար էս ղադա մեդալնիր ու խաչիր... Տես է՛, իստակ պոլկովնիկ իս դառի:

Ադելինան ու շրջապատողները ուրախ ուրախ ծիծաղեցին, մինչդեռ Պետրոսը կեղծեց թե ծիծաղում է, որովհետև Մարկոսյանի արած դիտողությունը մի տեսակ ցուրտ փչեց յուր ջերմացած սրտին:

Այսուամենայնիվ, պարկի ծառազարդ մի անկյունում ընթրիքի համար բացված սեղանը, որի վրա դրված արծաթ ու քրուստալ սպասները փայլում էին առատ լույսի առաջ, իսկ տեսակ-տեսակ ակրատն ու գինին գրգռում նույնիսկ կուշտ մարդու ախորժակը, ցրեցին նաև երիտասարդ Կամսարյանի տխրության հովերը և հավատացրին նրան, թե ավելի լավ է վայելել քան թե մտածել...

Այդ բանին, մանավանդ, լավապես օգնեց Մարկ Իվանիչը, որ սեղանը բոլորող փոքրիկ հասարակության խնդրանոք դարձավ կառավարիչ: Առաջարկած կենացները նա համեմում էր զվարթ կատակներով և երբեմն, մինչև իսկ, հաջող սրախոսություններով, այնպես որ ընթրողներն ավելի ծիծաղում, քան ուտում էին: Զարմանալի էլ չէր, որ այսպիսի ընդունակ կառավարչի շնորհիվ, դեռ երկրորդ կերակուրը չբերած` շիշերի գինին կիսից ցած լիներ, իսկ երրորդն սկսելուց` արդեն վերջացած: Այս կշռաչափը թեպետ մեծ բան չէր «լավ խմողի» համար, բայց Բորժոմի պարկում ընթրողին պատշաճ չէր դրանից ավելին վայելել, ուստի պետք է ընդունել, որ այդքանով էլ մեր հյուրերն արդեն զվարթացած էին:

Քաղցրեղենը բերելու ժամանակ ընթրողների տրամադրությունը այնքան էր քնքշացել, որ կարծես թե ահա', ուր որ է այդ բոլորը պիտի ձուլվին մի սրտի և մի հոգու մեջ: Այսպիսի հաջող տրամադրությունից օգտվելով, Լիդիա Պավլովնան, որ բոլոր ժամանակ զվարճանում էր Պետրոսի և Ադելինայի միմյանց հետ փոխանակող քաղցր ժպիտներն ու հայացքները դիտելով, կամ նրանց գողտրիկ սիրախոսությունը լսելով, իբրև թե արդեն համբերությունից ելած, ժպտալով բւսցականչեց.

Դե վերջ տվեք, էլի...

Դրուստ ա ասում, վերջ տվեք... — հարեց իսկույն Մարկ Իվանիչը և քահ-քահ ծիծաղեց:

Եվ որովհետև բոլորի համար պարզ էր թե ինչի՞ մասին է խոսքը, ուստի Կիրիլ Կարպիչը, որ ամեն բանի մեջ սիրում էր հանդիսավորություն, բարձրանալով տեղից` բռնեց որդու ձեռքը և տալով Մարկ Իվանիչին, ասաց.

Ահա՛ քու փեսան:

Տիկին Մարկոսյանը հետևելով նրան, առավ աղջկա ձեռքը և տալով Կիրիլ Կարպիչին, հարեց.

Էս էլ քու հարսը...

Թե՛ Պետրոսի և թե՛ Ադելինայի դեմքին խաղացին լուռ երանական ժպիտներ: Դրանով նրանք իրենց համաձայնությունն էին տալիս ծնողների արածին:

Շնորհավոր, շնորհավոր,— գոչեցին այս ու այն կողմից:

Մատանին տուր, խնամի, մատանին, — բացականչեց Մարկ Իվանիչը, իբրև գործնական հայր:

Լիդիա Պավլովնան ընտրեց յուր մատի մատանիներից ամենաընտիրն ու թանկագինը և հագցնելով Ադելինայի մատին, համբուրեց նրան և ասաց.

Սա թող լինի մեր զադատկան (առհավատչյան):

Ես էլ հմի իմ փեսին,— ասաց տիկին Մարկոսյանը և չիփ-չափ համբուրվեցավ Պետրոսի հետ:

Շնորհավոր, շնորհավոր, — կրկնեցին ձայները:

Շամպա՛յն, շո՛ւտ. Էս գինիքը դուս տարեք, — հրամայեց Կիրիլ Կարպիչը և ծառաները մի ակնթարթում անհետացրին սեղանի վրայից նորոգված շիշերի մնացորդը (որ մի քիչ հետո իրենց պիտի հարկավորվեր) և նրանց փոխարեն շարեցին Roederer-ի շամպայնը:

Շնորհավորանքներն ու բարեմաղթություններն ընդհանրացան: Նույնիսկ հարևան սեղաններից բարեկամ մարդիկ մոտեցան և շնորհավորեցին հանպատրաստից տեղի ունեցած նշանադրությունը:

Եվ սակայն այս ամենը կատարվեց այնքան տարօրինակ կերպով, որ ոչ ոք մտածեց հարցնել տղի կամ աղջկա համաձայնությունը: Եվ երբ այս մասին մի հոռետես իր դիտողությունն արավ, Մարկ Իվանիչը հրամայեց, որ Պետրոսն ու Ադելինան պատասխանեն նրան իսկույն:

Երիտասարդն ու օրիորդը հասկացան տրված հրամանի նշանակությունը և քաղցրաժպիտ մոտենալով իրար` ջերմագին համբուրվեցան:

Ուրախության բացականչությունները սկսվեցան նոր ուժով և շամպայնը նորոգեց յուր շրջանառությունը:

Մինչև այստեղ որ հասանք, էլ հույս ունիմ իմ ընթերցողները չեն պահանջիլ, որ ես իմ պատմությունը շարունակեմ: Որովհետև լավ գիտեն թե այսպիսի մի նշանադրության ի՞նչ է հետևում. — հարկավ պսակադրություն, շքեղ հարսանիք և մեղրալուսնի ճանապարհորդություն... իսկ այնուհետև գալիս է ամուսնական խաղաղ ու քաղցր կենակցությունը, մինչև ցնոր կարգադրություն...

Իսկ Չիբուխլո՞ւն... Սևա՞նը...

Նրանք դարձյալ մնացին իրենց տեղն անշարժ, անփոփոխ, ինչպես հարազատ մասունք անփոփոխելի հավիտենականության...

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Next Last