Մուրացան՝   Առաքյալը

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Next Last

Հրեն Սիսիանա սարերը, — բացականչեց հանկարծ տիրացուն, չժուժալով, կարծես, որ ուսումնական մարդը այդ վեհափառ տեսարանների առաջից անցնում էր լուռ ու մունջ:

Որո՞նք են, — հարցրեց Կամսարյանը, նստելով նախկին տեղը:

Հրեն, ա՛յ, էն որ կատարնին մշուշակալած` լեի թե (կարծես) լաղ են անում (ծաղրում են) մնացած սարերի վրա, տեսնում չե՞ս:

Այս խոսքերով ցույց տվավ տիրացուն Սյունյաց աշխարհի կապուտակ լեռները, որոնց կատարները, կարծես, ծրարվում էին ամպերի մեջ:

Կամսարյանը դիտում էր լեռներով ծածկված այդ հորիզոնը խորին հիացմունքով:

Քիչ վախտից եդը էս ա հվասարիլ տենք նրանց, չուն էս ճանապարհը բանցրանում ա Մայմեխը վեր տասնըհինգ վերստ, — ավելացրեց տիրացուն:

Բայց նրա «քիչ վախտը» շատ էլ շուտ չանցավ, անթիվ կեռմաններով վերելքը տևեց մոտ երկու ժամ:

Եվ սակայն Մայմեխի ամենաբարձր լանջերին հասնելուց, արդարև, ուղևորներին թվում էր թե իրենք հավասարվել են Սյունյաց լեռների բարձրության:

Տենո՞ւմ ես, աղա, հրես հվասարվեցինք: Բա էլ Սիսիանը խի՞ ա լաղ անում մեր Մայմեխի վրա, — զվարճախոսեց տիրացուն:

Չենք հավասարվել, քեզ այդպես է թվում, — պատասխանեց Կամսարյանը:

Ո՞նց թե հվասարվել չենք. հրես քթիս թուշովը (ուղղությամբ) որ մտիկ եմ տալի, ասես իմ գլուխն ու Սիսիանա գլուխը մի չվանի են դրած:

Այդպես կերևա միշտ հեռվից, բայց եթե անցնես քո և դիմացի սարի մեջտեղը գտնվող տարածությունը, կտեսնես, որ սարը հետզհետե բարձրանում է, — բացատրեց երիտասարդը:

Դհե (այդպես) բան էլ կա՞:

Հապա՛:

Բա էդ խի՞ դհենց ա ըլում, — հետաքրքրվեց տիրացուն:

Նրա համար, որ երկիրը կլոր է և այդ պատճառով էլ քանի սարը հեռու է լինում, այնքան էլ նա փոքր է երևում, որովհետև, հեռվից մենք տեսնում ենք միայն նրա վերին մասը: Իսկ հետո որքան մոտենում ենք, այնքան նա մեծանում է, որովհետև հետզհետե տեսնում ենք նաև միջի և ապա վարի մասերը:

Տիրացուն այդ բացատրությունից ոչինչ չհասկացավ, բայց երկրի կլոր լինելովը հետաքրքրվեց: — Ասում ես երկիրը կլոր ա՞:

Հա՛:

Յանի (այսինքն) ո՞նց ա կլոր, տափակ թաբախի (խան) նմա՞ն, թե՞ կլոր ձմերուկի:

Կոլոր ձմերուկի:

Բա էդ ո՞նց կըլի, — զարմացավ տիրացուն:

Այդպես է, — կրկնեց Կամսարյանը:

Ա՛ խի՞, գիտո՞ւմ չես, որ դհենց ա՞, — մեջ մտավ Օվանեսը:

Վերջինի միջամտությունը գրգռեց տիրացուին:

Սրան մտիկ տու, լեյի ինքը գիտում ա, — նկատեց նա խեթ խեթ նայելով կառապանին:

Բա գիտում չե՞մ, — վստահորեն հարցրեց Օվանեսը: — Դե որ գիտում ես, ասա՛ տենեմ ո՞նց ա կլոր:

Հրեն աղան ասեց է՞լի, ձմերուկի նման կլոր ա:

Ա, շա՛շ, ձմերուկի նման որ կլոր ըլի, բա թոլ չի՞ լիլ (չի՞ գլորվիլ) ծովն ընկնի՞լ:

Ես ի՞մ... տարակուսեց Օվանեսը, տեսնելով նեղ տեղը լծվեցավ:

Կամսարյանը ծիծաղեց:

Խի՞, ես ծիծաղում, աղա՛, սո՞ւտ եմ ասում, — դարձավ նրան տիրացուն:

Ա՛յ տղա, դու կարո՞ղ ես քո բերանի կամ աչքի մեջն ընկնել, — հարցրեց Պետրոսը:

Բա ո՞նց կարամ ընկնիլ իմ բերանը:

Հապա ծովերն էլ գտնվում են երկրի վրա, երկիրն ինչպե՞ս կարող է նրանց մեջն ընկնել:

Երկրի վրա ծովեր կան, գիտում եմ, հրես մինն էլ մեր առաջին, Սևանա ծովն ա, ամա դե ես էդ ծովերի չեմ ասում:

Հապա ո՞րը:

Ասըմ են, աշխարհը որ վերջանում ա, դենը շատ մենծ, անտակ ծով կա, որ ըսկի ճոնդ չունի (ծայր): Հմի որ ասում, ես` աշխարհը կլոր ա, ես էլ ասում եմ` բա խի՞ չի թոլ ըլում էդ ծովն ընկնում:

Կամսարյանը նորեն ծիծաղեց և ապա տեսնելով, որ տիրացուն տարակուսած նայում է իրեն, սկսեց մի քանի համառոտ տեղեկություններ տալ նրան երկրի, լուսնի ու արևի կազմության և նրանց շարժումների մասին:

Մոսին ուշադրությամբ լսում էր նրան և երբեմն երբեմն գլուխը շարժելով ասում.

Հլե տե՛ս ինչե՛ր ա ըլե աշխարհում է՛ ... փառքդ շատ ըլի, աստված ջան, բա էս խի՞ մեզ ըսենց հայվան ես ստեղծել:

Ա՛ Սոս, ես ընենց եմ մացել, թե դու էդ բաները չիմ (բոլորը) գիդում ես. բա էլ ընչի՞ վարժապետ ես, որ բան չես իմանում, — նկատեց կառապանը չարախնդությամբ:

Ա, ես ո՞րդիան մանամ, ես հու խալիս (իսկական) վարժապետ չեմ, — խոստովանեց տիրացուն յուր տկարությունը:

Բա խի՞ ես րեխանց կարդացնում:

Ընդուր որ կարդացրածս իմանում եմ:

Ի՞նչ ես կարդացնում, — հետաքրքրվեց Կամսարյանը:

Ի՛նչ որ ձեռք ա տալիս:

Օրինա՞կ:

Օրինակ, Սաղմոս, Պարգև-Մանկանց, Մայրենի լեզու, Ավետարան, Եփրեմխորի...

Առաջ ո՞րն ես կարդացնում:

Առաջ «այբ-բենի» տետրը, եդուց ով ինչ գիր բերում ա, նրանից էլ սկսում եմ:

Ինչպե՞ս, ամեն մեկը մի ջոկ գրքի վրա՞ է կարդում:

Բա՞:

Ինչո՞ւ ամենքին մի տեսակ գրքի վրա չես կարդացնում:

Էդ ո՞նց կըլի: Ընենց մարդ կա, որ տանը Սաղմոս ունի, ընենց մարդ էլ կա, որ Պարգև-Մանկանց ունի, յա չէ, Ավետարան, յա Մայրենի լեզու. բերում ա հու ասում. վարժապետ, քե մատաղ, րեխին էս գիրրը կարդացրու, հազիր տանն ունենք, մին էլ վեր չկենամ գնամ Դիլի, յա Րևան, նոր մեկելանց գիր առնեմ. աղքատ մարդ եմ, կարալ չեմ գրի փող տալ... Ես էլ վեր եմ ունում էն գիրը կարդացնում:

Հապա քո աշակերտները ոչինչ չե՞ն հարցնում քեզ երկրի, ծովերի կամ այլ այդ տեսակ բաների մասին:

Պատահում ա, որ հարցնում են:

Էհ, դու ի՞նչ ես պատասխանում:

Ինչ որ մանում եմ:

Իսկ դու բան չես իմ անում:

Դե չիմացած վախտն էլ տողաշարով (քանոնով) գլխին տալիս եմ հու ասում. «ձենդ կտրի, դասդ սովորի, էդ քու ի՞նչ մանալու բանն ա, որ հարցնում ես». էն ա խեղճն էլ գլուխը քաշ ա գցում, գիրը կարդում:

Այ, քու հերը լիս դառնա, ասիլ վարժապետը դու ես, որ կաս, — նկատեց Օվանեսը ծիծաղելով:

Բայց այս անգամ արդեն Կամսարյանը չծիծաղեց, նա սկսավ մտածել լսածների մասին և տեսավ, որ դրանք շատ ցավալի են: Այս առթիվ գուցե նա մինչև անգամ տխրեր, եթե մի փոքր ավելի խորասուզվեր յուր մտածմունքների մեջ, եթե խորհեր այն մասին, թե ի՞նչ թշվառ դրության մեջ պիտի գտնվի մի ժողովուրդ, որի առաջավոր մարդըտիրացուն, կամ վարժապետը խարխափում է այս աստիճան տգիտության մեջ: Բայց տեսարանների հանկարծական փոփոխությունը նորեն գրավեց նրա ուշադրությունը: Օվանեսի կառքը քերում էր այժմ Մայմեխի կատարը և հին Գուգարաց սահմանն անցնելով, մտնում Սյունյաց գավառամասը: Այստեղ արդեն հետզհետե նվազում Էին անտառները և սպառում մացառուտը, իսկ դրանց փոխարինում են սիզավետ լեռնադաշտեր և գեղեցիկ մարմանդներ, ուր խոտը գունավորված երփներանգ ծաղիկներով, ծածանում էր կանգնաչափ բարձրությամբ: Լեռնային հովերը խաղում Էին այդ դալարազվարճ մարգերում քաղցր ու մեղմաշունչ, իսկ արևի շողերը ոսկեզօծում կանաչը, ոչ թե նրանց ջերմացնելու, այլ փայլեցնելու չափով: Երիտասարդը յուր օրում չէր տեսած այդպիսի ճոխ ծաղիկ ու կանաչ: Նա հիացած նայում էր աջ ու ձախ և ինքնիրեն մտածում.

— «Ափսո՛ս, ինչո՞ւ բնությունը այսպիսի բարձրության վրա է հանել այս հրաշալի արոտները: Մի՞թե գեղջուկի հոտերն ու նախիրը կարող են երբևիցե օգտվել նրանցից»: Բայց հազիվ անցան մի քանի րոպեներ և ահա նա տեսավ, որ հեռվում խոտը շարեշար հարել ու փռել են գետնին ցամաքեցնելու համար:

— «Ուրեմն այս բարձրության վրա էլ մարդիկ են ապրում», — մտածեց նա և իսկույն հիշեց յուր աշխատասեր և ճակատի քրտինքով ապրող ազգակիցներին:

Մի փոքր էլ առաջանալով նա տեսավ խմբակներ մարդկանց ու կանանց, տղաների և աղջկերանց, որոնցից ոմանք լեռնալանջերի վրա, մյուսները` լեռնահովտում կամ ցամաքած խոտն էին հավաքում, կամ սայլերի վրա բարձում, իսկ ավելի փոքրիկները` խաղում ու վազվզում էին կանաչ արոտներում:

Երիտասարդը հետաքրքրությամբ դիտում էր այդ շարժուն բազմությունը և աշխատում ծանոթանալ այդտեղի հայոց տիպերին: Բայց ո՛րքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ տիրացուն բացատրեց, որ դրանք հայեր չեն, այլ մալականներՍեմյոնովկա գյուղից:

Իրավ է, Պետրոսը գիտեր, որ Սեմյոնովկան առաջիկա կայարանն է և Սյունյաց սահմանակից այդ սարերի վրա կարելի էր երևակայել մի փոստային կայարան, բայց մալականի մի բազմամարդ գյուղ նա չէր սպասում տեսնել: Եվ ի՛նչ հարշալի հովիտներ, մարգեր ու մարմանդներ էին շրջապատում այդ գյուղացիներին. ի՛նչ շքեղ արոտներ, ի՛նչ հորդառատ աղբյուրներ, որոնց մասին պատմում էին Մոսին ու Օվանեսը: Դա, արդարև, մի լեռնային դրախտ էր:

Երբ նրանք հասան կայարանին, Կամսարյանը հաճույքով սկսավ դիտել ավանը, որ աչքի էր ընկնում յուր լայնադիր փողոցով և նրա ուղղությամբ շինված կոկիկ, մաքուր ու սպիտակ տնակներով: Դրանցից շատերի առաջ գտնվում էին փոքրիկ ծաղկոցներ, ուր նարգիսի ու նարնջածաղկի հետ միասին փթթում էր մայիսյան վարդ, թեպետ հունիսը վերջանալու վրա էր: Տներից քիչ հեռու ձգվում էին բանջարանոցներ, կաղամբի և գետնախնձորի ցանքեր ու արևածաղկի ընդարձակ ածուներ: Ավելի հեռուն տարածվում էին գյուղացիների հարուստ արտերը: Ավանի բնակիչները շրջապատող բնության նման ուրախ, զվարթ և կենդանությամբ լի մարդիկ երևացին: Կամսարյանը սիրով պատասխանեց նրանցից մի քանիսի քաղաքավարի ողջույնին և սիրով էլ կխոսեր նրանց հետ, եթե Օվանեսն յուր ձիերի շնորհքը մալականներին ցույց տալու նպատակով, չթռցներ նրանց գյուղի միջով, ինչպես արագաթև թռչունների:

Եվ որովհետև Պետրոսը փափագում էր Սևանը վայրկյան առաջ տեսնել, ուստի Օվանեսի եռանդը չուզեց չափավորել: Նա գոհ եղավ Սեմյոնովկայի վրա մի վերջին հայացք ձգելով և ինքնիրեն մտածելով` «Եթե սա է գյուղ կոչվածը, ապա ուրեմն, կարելի է թե՛ ապրել և թե՛ գործել սրա մեջ»:

Սեմյոնովկայից ճանապարհը սկսում էր փոքր ինչ ցածրանալ, իսկ բնության շքեղությունները նվազում էին: Մի քանի կանաչկոտ բլրակներ անցնելուց հետո, երևացին Չիբուխլուի աղքատիկ ցանքերը` հարուստ սևահողի վրա: Կամսարյանը հենց նոր սկսել էր դիտել նրանց և զարմանալ այս տարօրինակ հակադրության վրա, երբ մի նոր ու շքեղ տեսարան գրավեց նրա ուշադրությունը: Նրա աչքերի առաջ բացվեցավ հանկարծ մի բաց-կապուտակ դաշտ, որին նա սկզբում հորիզոնը փակող մշուշ կարծեց: Սակայն տիրացուի «ահա ծովը» բացականչությունը սթափեցրեց նրան: Նա, ուրեմն, հասել էր Հայաստանի բնության հրաշալիքներից մինինպատմական Գեղամա ծովակին: Եվ եթե սկզբում չկարողացավ գուշակել, թե յուր տեսածը, իրոք, Սևանն է, նա իրավունք ուներ, որովհետև հեշտ չէր հավատալ, թե լեռների այդ բարձրության վրա կարող է գտնվիլ այսքան ընդարձակ մի լիճ, որին, իրավամբ, ծովակ անուն են տվել: Իրավ է, Պետրոսը աշխարհագրությունից գիտեր, որ Անդյան լեռները, Ալպյան ու Զվիցերական բարձրավանդակները շատ այդպիսի գեղեցկություններ ունին, այնուամենայնիվ, նման շքեղություն յուր հայրենիքին հատկացնելը չափազանցություն կհամարեր: Բայց այժմ, ահա՛, նա տեսնում է Սևանը յուր առաջ փռված, տարածված 67000 ոտք բարձրություն ունեցող լեռների վրա: Եվ ի՛նչպես չհրճվեր, ի՛նչպես յուր հայացքը չհափշտակվեր նրանով... Կամսարյանը բարձրացավ յուր նստարանից և կառքի մեջ կանգնելով, սկսավ դիտել ծովակի սիրուն մակերևույթը, որի կապուտակը շարունակ փոխվում էր` առնելով երբեմն պարզ փիրուզի, իսկ երբեմն գորշ մշուշի գույն, նայելով թե կառքն ի՞նչ ուղղությամբ էր ընթանում: Այսպես բավական տեղ նա կանգնած էր կառքում, մինչև որ վերջինս սկսավ մոտենալ Չիբուխլուին: Այստեղից էլ ծովակը թվում էր անշարժ և միապաղաղ: Միայն նրա պայծառ հայելու վրա նշմարվում էին հետզհետե բացկապտագույն ժապավեններ, որոնք հոսանուտի սահմաններն էին ակոսում: Շուտով երևաց և Սևանի կղզին, որի տեսքը հեռվից թեպետ չոր ու ցամաք, այսուամենայնիվ, Կամսարյանին հետաքրքրեց հուզելու չափ, որովհետև անցյալից հիշեցրեց նրան դեպքեր, որոնք կապ ունեին Սևան անվան հետ և որոնց մասին նա մտածել էր հաճախ:

Մինչդեռ երիտասարդը սրտահույզ դիտում էր կղզյակն ու ծովը և նրանց շրջապատող լեռների տեսարանը, Օվանեսը կանգնեցրեց կառքը և հարցրեց.

Ա՛ղա, ո՞րդի տես վեր գալ (իջնել):

Ինչպե՞ս թե վեր գալ, — զարմացավ Կամսարյանը:

Բա ըստի չե՞ս մնալու:

Այստեղ ինչո՞ւ մնամ, Չիբուխլու պիտի գնանք:

Սրանե լավ Չիբուխլու կըլի՞, — նկատեց կառապանը ծիծաղելով:

Ո՞րը, սա՞, — հարցրեց Կամսարյանը զարմացմամբ շուրջը նայելով:

Հա՛, ապա՛, սա՛ է մեր գեղը, — հաստատեց տիրացուն ինքնագոհ ժպտալով:

Կամսարյանը հանկարծակիի եկածի նման մի վայրկյան մնաց անխոս, ապա նորեն սկսավ յուր շուրջը նայել, տեսնելու համար այն, ինչ որ գյուղացին «գյուղ» էր անվանում:

Տեղը, ուր կանգ էր առել կառքը, շինամիջով անցնող խճուղին էր, որ դեղնագույն ժապավենի նման ակոսում էր գյուղամիջի սևահողը: Թվում էր, թե` դա միակ մաքուր տեղն է այն բոլոր տարածության վրա, որ գյուղի շրջագիծն ամփոփում էր յուր մեջ: Վասնզի, մյուս բոլոր տեղերում գետինը ծածկված էր աղբի շերտերով և աթարի (քակոր) փշուրներով, որոնցից նա խանձվել, սև գույն էր առել: Այդ ընդարձակ աղբյուսի վրա` փողոցների փոխարեն, ընկած էին ինչ-որ ծուռ ու մուռ անցքեր, իսկ դրանց երկու կողմերում ցրված էին անկարգ ու շեղ ուղղությամբ թմբաձև, հողածածկ բարձրություններ, որոնց մի կողմերը կպած լինելով գետնին, մյուսները բարձրանում էին խանձաքարերով շինված ցածուն պատերի վրա: Դրանք գյուղացիների տնակներն էին, որոնք սակայն չէին նմանում մարդկային բնակարանների: Որովհետև մեծ մասամբ զուրկ էին պատուհաններից, իսկ ելումուտի համար ունեին մի մի հատ նեղ, ցածուն դռնակներ, որոնցից անցնելու համար պետք էր անշուշտ կորանալ: Լույս այդ տնակները ստանում էին երդիկից, որոնցից ամեն կտուրի վրա գտնվում էր մի հատ: Այդ տուն համարվող խորշերից ոչ մեկի առաջ չէր երևում կանաչի նշույլ: Իսկ գյուղի ամբողջ տարածության վրա չկար մի հատ ծառ և ոչ իսկ մի թուփ: Դրանց փոխարեն աչքի էին ընկնում գարշահոտ քակորի բլրակներ, որոնցից ամեն տուն ուներ մի, կամ երկու հատ` փառքով բազմեցրած սեփական բակում, կամ կողքին գտնվող ազատ գետնի վրա:

Գյուղի ընդհանուր տեսարանը այնպիսի տխուր ու վհատեցուցիչ ազդեցություն էր անում, որ Կամսարյանը քիչ առաջ անցած Սեմյոնովկան սրա հետ համեմատելով չէր ուզում հավատալ թե ինքն իսկապես գտնվում է գյուղի մեջ, այն էլ Չիբուխլուի, որի անունն այնքան անգամ լսել էր ճանապարհին: Ուստի յուր տարակուսանքը փարատելու համար երկրորդ անգամ հարցրեց թե` իր՞ոք սա է Չիբուխլուն, թե ոչ:

Սա՛ա, բա՛: Հրե՛ն, չե՞ս տենում մեր Աստվածածինը. հին եղցի ա, մի քիչ դենն էլ մեր դերի (քահանայի) տունն ա. հրե'ն ինքն էլ մրոքը չալին տալեն ցան ա (աթար) դարսում: Էն կուսինն էլ տանուտերինն ա: Ըստիան էլ մի քիչ որ աշմիշ ըլենք, շենի աղբյուրն ա, լավ ջուր ունի, շա՛տ, Մարալինջի տակիցն ա գալիս: Մի քիչ դենն էլ Բալըղչայն ա: Ծովն էլ հու ամեն օր առաջին ա: Մի խոսքով լավ գեղ ա. տեսնելու բաներ շատ ունի, հրեդ ման կգաս կտեսնես:

Կամսարյանը լսում էր տիրացուին և աչքերը մեքենաբար դարձնում դեսուդեն, առանց, սակայն, ուշադրություն դարձնելու նրա ցույց տված տեղերի վրա: Որովհետև այդ վայրկենին նրան զբաղեցնում էր այն միտքը թե` եթե, իրավ, սա է հայ գյուղացու բնակավայրը, ապա հազիվ թե հնար լինի իրեն ապրել այդպիսի տեղ ու գործել: Եվ սակայն, չնայելով այդ կանխահաս վստահության, նա որոշեց մտնել այդ «գյուղ» կոչված ավերանոցը, գոնե որոշ չափով նրան ճանաչելու և ուսումնասիրելու համար:

Տիրացուի խորհրդով և Կամսարյանի համաձայնությամբ, Օվանեսը կառքը քշեց դեպի տանուտերի տունը: Գյուղի շները, որոնք սովոր էին լռությամբ նայելու խճուղին անցնող ճանապարհորդներին, մեծ աղաղակ բարձրացրին գյուղը մտնել համարձակող կառքի և ձիերի դեմ, համարելով այդ անսովոր մի բան: Տիրացու Մոսին, իբրև ծանոթ անձն, յուր սաստող հրամաններն արձակեց շների դեմ, մի քանիսին, մինչև անգամ, հականե հանվանե կանչելով: Աղմկարարները կամաց-կամաց ցրվեցան և կառքը կանգ առավ տանուտերի տան առաջ:

Թ.

Աղջի, քյոխվեն տա՞նն ա, — հեղինակավոր ձայնով հարցրեց Մոսին` տարօրինակ հագուստներով և գլուխը փաթաթած միջահասակ մի կնոջ, որ կանգնած էր բակում:

Վերջինս առանց ձայն հանելու ձեռքով հովանի արավ աչքերին, իբրև թե դեմքը ծածկել ուզելով, ապա երեսը մի կողմը ծռած, շարժեց գլուխը բացասական կերպով, որ կնշանակեր թե տանը չէ:

Բա ո՞ւր ա:

Կինը ձեռքի շարժումով ցույց տվավ գյուղի դուրսը, կամենալով հասկացնել, թե հանդումն է: Բայց, միևնույն ժամանակ, գուշակելով որ նորեկը, անշուշտ, հյուր պիտի լինի իրենց, մոտեցավ դռան առաջ խաղացող տղային և նրա բերանով խնդրեց, որ «աղան» շնորհ անե կառքից իջնելու, մինչև որ ինքը մարդ կուղարկե ամուսնու հետևից:

Կամսարյանն իջավ: Մոսին ու Օվանեսը վար առին կառքից նրա իրեղենները: Իսկ մինչև այդ, գեղջկուհին ներս վազեց տուն և բերելով այդտեղից մաքուր գորգ, փռեց սրահում դրված թախտի վրա: Ապա Մոսու միջոցով խնդրելով հյուրին հանգստանալ, ինքն շտապեց հարևաններից մեկին յուր մարդու հետևից ուղարկելու:

Երիտասարդը մի վայրկյան գյուղի յուր վրա արած տպավորությունը մոռանալով, սկսավ հետաքրքրվել նշանացի խոսող կնոջ անձնավորությամբ: Նա նրան սկզբում համրի տեղ էր դրել: Բայց հետո տեսնելով, որ խոսում է աղայի և ապա Մոսու հետ, հարցրեց վերջինիս` այդ մնջկատակի պատճառը:

Ջահել կնանիքը անխոս են ըլում ըստեղ, — պատասխանեց տիրացուն:

Ի՞նչ է նշանակում անխոս լինել:

Նշանակում ա, որ նրանք չպետք ա իրանցից մենծերի, յա ղարիբ (օտար) մարդկանց հետ խոսան:

Ինչո՞ւ:

Ամոթ ա:

Ինչպե՞ս թե ամոթ է, — զարմացավ Կամսարյանը:

Բա ջահել կնիկը, որ չանեն (ծնոտը) ցցի իրանից մենծի հետ զրից անի, ամոթ չի՞:

Չէ, ինչո՞ւ է ամոթ:

Էս երկրումն ամոթ ա:

Պատճա՞ռը:

Ես ի՞մ, վաղուցվա դրած ադաթ (սովորություն) ա:

Իսկ քեզ հետ ինչո՞ւ էր խոսում:

Ինձ, միթոմ, մենծի տեղ չի գցում, — պատասխանեց տիրացուն, կարծես վիրավորված:

Ուրեմն կցանկանայիր, որ քեզ հետ է՞լ չխոսեր:

Բա խի՞ չի ցանկանալ, մարդ չի՞ ուզիլ, որ իրան պատիվ տան:

Դա պատի՞վ է:

Պատիվ ա, բա՛:

Կամսարյանը այս նորությունը լսում էր զարմանալով և չէր կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է, որ մարդ արարածը չխոսե յուր նմանի հետ, կամ թե այդ խոսելը համարե ամոթ, պատիվ, կամ անպատվություն: Այսպիսի ըմբռնումներ չէին կարող ունենալ նույնիսկ Աֆրիկայի վայրենիները, իսկ սրանք հո, համեմատաբար, քաղաքակրթված երկրի բնակիչներ էին, հետևապես և պետք է ազատ լինեին այդպիսի վայրենությունից: Բայց և այնպես փաստը յուր առաջն էր: Նա տեսնում էր մի կին, առողջ կազմվածքով, գործելու կարող, ընտանիքին պիտանի և, սակայն, զրկվա՛ծ աստուծո տված մեծագույն բարիքիցխոսելու ազատությունից, և այդպիսի մի անհեթեթության իրավունքը պաշտպանում էր գյուղի գրագետ մարդը:

Երիտասարդը դեռ զբաղված էր այս մտածությամբ, երբ վերջինս շնորհակալություն անելով նրան` իրեն արած բարության համար, առավ յուր աղքատիկ կապոցը և հեռացավ, խոստանալով դարձյալ գալ «աղայի» կոչին, երբ սա կհրամայե:

Մի փոքր հետո ներկայացավ կառապան Օվանեսը և խնդրեց նրան արձակել իրեն:

Ի՞նչ, դու վերադառնո՞ւմ ես, — հարցրեց Պետրոսը:

Հրամել ես, աղա:

Մեղք չե՞ն ձիերդ, ինչո՞ւ չես հանգստացնում:

Հրես գնամ Սիմոնովկումը կորմ կտամ, ընտեղ էլ կհանգստացնեմ:

Ինչո՞ւ այստեղ չես տալիս:

Ըստեղ դժվար ա:

Ինչո՞ւ է դժվար:

Ապուռ չըկա (կեր), էլածն էլ թանկ ա:

Իսկ այնտեղ աժա՞ն է:

Աժան ա, բա՛:

Ինչո՞ւ է այդպես:

Ընդուր, որ ըստեղ հայեր են ապրում, ընտեղ մալականներ:

Այդ ի՞նչ է նշանակում:

Էդ էն ա նշանակում, որ հայերը աջիղ (տկար) մարդիկ են: Էնքան են կարում վար ու ցանք անել, որ մենակ իրանց ա հերիք գալի: Նրանցից մինը, թե որ էսօր ինձ մի կոդ (չափ) գարի ծախի, էգուց ինքը պտի փող տա մալականիցն առնի: Ամա դե մալականը դհե չի. նա համ փող ունի, համ ղոչաղ ա, համ էլ բանի ղայդան (եղանակը) գիտում ա: Վարն էլ ա շատ անում, խոտն էլ ա շատ հարում, նհենց (այնպես) որ, իրան էլ ա հերիք գալի, ուրիշին էլ:

Կամսարյանի գաղափարը հայ գյուղացու արժանքիների մասին արդեն փոխված էր, կառապանի բացատրություններն էլ պակասը լրացրին: Ուրիշ անգամ գուցե նա ուշադրություն չդարձներ այդպիսի խոսքերի վրա, բայց այս անգամ նույնիսկ լուրջ մտածությանց առարկա դարձրեց նրանց: — «Իրավ, եթե մի գյուղ յուր տնտեսական կարողությամբ այնքան է ողորմելի, որ մինչև իսկ մի կառապան դժվարանում է այդտեղ յուր ձիերը կերակրել, մի՞թե սա չի նշանակում, թե նրա բնակիչները այնքան են ծույլ, անհոգ ու անշնորհք, որ նրանց մեջ ապրել ու գործելը ոչ միայն դժվար, այլև անհնարին է...»:

Այսպես մտածեց երիտասարդը և յուր վերջին հետևությունը, փոխանակ նրան տխրեցնելու, ընդհակառակն, պատճառեց մի թաքուն հաճույք, որ բխում էր այն նորածին մտքից, թե գուցե տեղական հանգամանքներն ստիպեն իրեն, հակառակ յուր կամքին, դրժել յուր ուխտին: Այն ժամանակ, իհարկե, ինքն այդ բանում մեղավոր չէր լինիլ. չէ՞ որ տված խոսքը նա արդեն կատարել է` հեռանալով քաղաքից և գյուղ գալով: Այժմ ի՞նչ անե, որ գյուղն ինքն է անհնար դարձնում այստեղ մնալն ու գործելը... Այսուամենայնիվ, այս մտածությունից առաջացած հաճույքը նա լիովին չվայելեց, վախենալով, թե մի գուցե ինքն սխալվում է` շտապով այդպիսի կարծիք կազմելով, կամ թե գուցե հայ գյուղացին դեռ ունի համակրելի կողմեր, որոնք տակավին անծանոթ են իրեն և որոնց պատճառով թերևս, ինքն ապագայում տանջվի խղճից, եթե այսօր կայացնե մի սխալ որոշում:

Իսկ այդ «որոշո՞ւմը»... Ոչ, նա դրա համար դեռ չի մատծիլ, չէ կարող մտածել... Ի՞նչ, դուք կարծում եք, թե նա անհնարին գտնելով հայ գյուղում ապրելն ու գործելը, կորոշե ձգել ու հեռանա՞լ. ոչ, այդպիսի բան չի անիլ: Դրա նման մի միտք, այո՛, անցավ նրա գլխով, երբ կառապանը խոսում էր, բայց դա միայն մի ցոլք էր, մի չնչին ասուպ, որ վայրկենաբար փայլեց յուր մտքի աշխարհի հորիզոնի վրա և անհետացավ: Իսկ այնուհետև նրա հոգու աչքերը դարձյալ մնացին սևեռած այն լուսավոր կետին, որի վրա գրված էր հայ գյուղացու բարօրության համար աշխատելու յուր հաստատուն վճիռը: Եվ նա շարունակ կնայե՛ այդ լուսին` ընտրած ճանապարհից չշեղվելու համար: Իսկ առայժմ... առայժմ կաշխատե ճանաչել գյուղը, նորից լսել, քննել, հետազոտել... Անշուշտ նա դեռ շատ բան չգիտե, և գուցե հենց այդ չգիտցածներն են, որոնք նորից պիտի ոգևորեն իրեն... Այսպես էր խոսում երիտասարդ Կամսարյանի երկու «ես»-երից մինը, մինչդեռ մյուսը` կարծես սիրով սպասում էր, որ նոր լսածն ու տեսածը, քննածն ու հետազոտածը հաստատեն դարձյալ այն, ինչ որ կա, ինչ որ մինչ այդ երևան էր եկել...

Այս պատճառով նա հանգիստ սրտով վճարեց կառապանին յուր հասանելիքը և ճանապարհ դրավ նրան:

Շուտով հասավ այստեղ և տանուտերը: Դա միջահասակ, ամրակազմ, խոշոր դիմագծերով, խելացի աչքերով և բարեդեմ մի մարդ էր: Տան պատին հենելով ձեռքն ունեցած փոցխը, որով հենց նոր խոտ էր հավաքել դաշտում, մոտեցավ հյուրին, քաղցրաժպիտ ողջունեց և, չնայելով որ նրա ո՞վ և ո՞րտեղից լինելը չգիտեր, այսուամենայնիվ, սկսավ հարցնել նրա առողջությունից, ուղևորության հանգամանքներից և ընդ նմին հայտնել յուր շնորհակալությունը, որ «աղան» պատիվ էր արել` յուր տանը հյուր լինելու:

Կամսարյանն յուր կողմից հարկ եղածը պատասխանեց` հայտնելով նրան յուր ո՞վ և ո՞րտեղացի լինելը և ապա բացատրեց, որ ճանապարհորդելու նպատակով է, որ գտնվում է այժմ Չիբուխլուում:

Մեր գեղից շատերն են ընցնում` էթում Երևան, Հէջմիածին, յա էն տեղից գալում հիջնում Դիլիջան ու ուրիշ յաներ (կողմեր), համա ըսկի մեկն էլ չի կայնում (մնում) էս գեղը: Էս մե ջոկ պատիվ ա, որ արել ես մեզի... խոսեց տանուտերը բայազետցոց բարբառով:

Ինչո՞ւ չեն մնում, — հետաքրքրվեց երիտասարդը:

Ընդուր որ մեր կուշտ (մոտ) տենալու զատ չկա:

Այո՛, ձեր գյուղը շատ խղճուկ բան է, — նկատեց Պետրոսը:

Հմմեն (ամեն) գեղերն էլ Էսենց ին, — հարեց տանուտերը:

Սխալվում եք: Քիչ առաջ անցա Սեմյոնովկայի միջով և նա բոլորովին ուրիշ գյուղ երևաց ինձ: Այնտեղ կային սիրուն տներ, լայն և ուղիղ փողոց, ծառեր, բանջարանոցներ, իսկ ձեր գյո՞ւղն... այս ի՞նչ է. կարծես շեն չէ, այլ ավերանոց:

Ղորդ ա հրամանքդ, Սիմյոնովկում քո ասած հմմեն բան էլ կա, դե ախր էն մալականի գեղ ա, էս խայի:

«Սա էլ նույնն է ասում, ինչ որ կառապանը» — մտածեց Կամսարյանը մի առանձին գոհությամբ և ապա հարցրեց.— ուրեմն հայի գյուղը չի կարող լավ լինե՞լ:

Դե իմա՞լ (ի՞նչպես) ըլնի լավ. գեղ ա է՞լի, գեղ դհա (ուրիշ կերպ) իմա՞լ կըլնի:

Հեր օրհնած, Սեմյոնովկան էլ գյուղ չէ՞:

Հրամել եք, գեղ ա:

Էհ1, նա ի՞նչու է լավ:

Ասի է՞լի, ընդուր, որ մալականի գեղ ա:

Ուրեմն, որ հայի լիներ, պետք է վատ լիներ:

Հալբաթ որ (իհարկե):

Ինչո՞ւ:

Ընդուր, որ խայն հմմեն բանի մեջ անշնորք ա:

Ուրեմն, հայոց գյուղերն ամեն տեղ էլ նման են ձերինին:

Խա, Էդենց ա:

Ամեն տեղ էլ այսպես չո՞ր, ցամա՞ք, ծուռումուռ փողոցներո՞վ, հողե տնակներո՞վ, կեղտոտ բակերո՞վ:

Խա, հրամել եք:

Եվ չի՞ գտնվիլ հայ գյուղ, որ ծառազարդ լինի, ուղիղ փողոցներ, սիրուն տներ, այգիներ, ծաղկանոցներ և այլ այս տեսակ բաներ ունենա՞:

Ի՞նչ ասեմ. կըլնի որ պատայի խարիրի (հարյուրի) մեջ մե խատ, համա էն էլ հրամանքիդ ասածի նման չըլնի. ծուռումուռ բաներ շատ կըլնի: Ի՞նչ ասեմ, կպատայի, որ ըլնին էլի նենց գեղեր, որ բակերի մեջ մի քանի խատ ծառ ըլնի, յա բոստան, յա մե պստիկ բախչա, համա տներն ու քուչեքն ինենց կըլնի` իմալ մերն ա: Ես շատ տեղեր եմ հելե, շատ խայի գեղեր եմ տեսե, մերնից փսերն (վատերը) էլ շատ կան:

Այս տեղեկությունները կարծես դյուր էին գալիս Կամսարյանին, որովհետև նա նրանց մեջ տեսնում էր հաստատությունն յուր այն կարծիքի, թե անհնար է գյուղում ապրել ու գործել, ուստի շարունակեց հարցուփորձը:

Այսուամենայնիվ, տանուտեր, դու գուցե կարողանաս ավելի ճիշտ պատճառն ասել, թե ինչո՞ւ մալականի գյուղը գեղեցիկ և մաքուր է լինում, իսկ հայինը տգեղ ու կեղտոտ: Անկարելի է, որ դրա պատճառը հայի անշնորհքությունը լինի. մի՞թե բոլոր գյուղերումն էլ հայերն անշնորհք են:

Տանուտերը մի վայրկյան մնաց լուռ և չգիտեր ի՞նչ պատասխանել: Հետո կարծես նոր գյուտ անելով, բացականչեց.

Ախպեր, խայի գեղն կեղտոտ չըլնի, իմա՞լ ըլնի, խայի գեղցու ցավը, դարդը մե չէ, երկու չէ, որ թորգի (թողնե) ու հիստակութենի ցավը քաշի: Ախար նա իսկի անշնորք էլ չէ, թեկուզ էդ անունը տվի քեզ հառաջ: Նա մալակնից էլ ա շնորհքով. իրա մեկել դրկեցից էլ: Խայի գեղցու ցավն էն ա, որ մեջը մարդ չըկա, մեջքին դայաղ (նեցուկ) տվող չըկա. ինչ որ աթաղան, բաբաղան (հորից, պապից) տեսե, սովրե, ինենց էլ անում ա, ինենց էլ ապրում ա: Քարճինի ծառ (վայրի տանձի) տեսած կա՞ս, Էն որ մեշեն ա հլնում. Էն որ թորգեն (նրան որ թողնեն), խարիր տարի կապրի, հմեն վախտ էլ պստիկ-պստիկ չոր ու ցամաք քարճին կըտա, համա թե մե բարի ձեռ նրա ճղերը կտրի ու վրեն պատվաստի մալաչի դալար շվիր (շյուղ), կտենաս մի Էրկու տարուց ետո էդ քարճինի ծառը մալածի տանձեր կբերա, խամով, խոտով ու կերածդ վախտն էլ բերնիդ ջուրը կերթա: Մեր գեղցին էլ որ կա, մեշի ծառ ա, քոթուկը (բուն) խաստ, քոքերը (արմատները ) ղայիմ, համա բարը (պտուղը) քարճին ա. մե ուստա ձեռ ա պետք, որ ճղերը կտրի, վրեն պատվաստ անի, կուզես մեղրիկինի, կուզես գյուլ-աբի, էն վախտն էլ ընդու բարն էլ էն կըլնի, ինչ որ պատվաստելիս, խամով, խոտով սիրունութենով: Մալականը որ կա, պատվաստած ծառ ա, ո՞րն ա ընդու պատվաստող, չիմ գինա, ամա տեսնում ենք բարը խամով ա: Հենա Գյանջույանն էլ նեմեցներ կան, ընդոնք էլ մալականներից են շնորքով, երևում ա ընդոնք էլ են պատվաստ արած, ընդուր որ ընդոնց արած բաներն էլ են ղայդով (կարգին) լավ, ընդոնց գեղն էլ ա թամուզ-հիստակ, ծառով լիքը, վարժատունը մեջները, ժամն (եկեղեցի) էլ պայծառ, բոստան ու բախչեն դեմներն... Մեր դեզը ըդենց բաներ չըկան... ընչի՞, ընդուր որ էն օր, ո՞ր օրվանից աստված մի ծառ ա տնկե, անունը խայի շինական դրե, էն օրվանից դեսը էդ ծառի ճղերին մի ճղադող (հոտոց) չի դիպե, խազար տարի ումբր ա քաշե (ապրել ա), խազար տարվա բարը հմմեն վախտ քարճին ա հելե ու քարճին: Մալականը ինչ վախտ որ ուզում ա գեզ քցի, յա թե չէ իր խամար շենլիկ շինի, մեկ էլ տենում ես հմմեն յանից մարդիկ են բսնում, ասում են, բարեկամ, էս էսենց շինա, էն ընենց շինա, յա ծուռ ա, դրըստի, էն պստիկ ա, ջոջացրու (մեծացրու), մե խոսքով, խորուրդ են տալում, խելքում-խրատում, գլխու քցում: Մալականն էլ բարի խրատն ընդունում ա, չգիտցածը սովրում, ու բանը անում ինենց, որ աստծուն էլ ա դուր գալում, բանդին (մարդկության) էլ: Համա խայի շինականը շենլիկ չէ՛, թեկուզ ժամ էլ քցի, ըսկի եմ վախտ մե մարդի էրես չի տենա, որ մե բարի բան սովրցնի, մե դրուստ ճամբաղ նըշանց տա, ծռի զարարը (վնասը) ու դրըստի օգուտը խասկցնի էդու խամար էլ իմալ հինքն կարցե, ինենց էլ արե, ինչ խելքն կտրե, էն էլ շինե, է՛հ, ընդուր գիտցածն էլ հելե էն ա, ինչ որ տենում ես, ընդուր իմա՞լ մեղենք (մեղադրենք):

Կամսարյանի գլխին կարծես ջուր մաղեցին: Յուր հարցին նա չէր սպասում այդօրինակ պատասխան: Դա, իսկապես, դատապարտության մի վճիռ էր, որ տանուտերը կարդաց յուր երեսին: Ախար չէ՞ որ այն ամենը, ինչ այդ գյուղացին ասաց, հայտնի էին իրեն վաղուց: Չէ՞ որ հենց իրենց ընկերական ժողովներում հաճախ այն միտքն էր արծարծվել, թե հայ գյուղացին տգետ, հետամնաց, հետևապես և թշվառ է մնում այն պատճառով, որ բոլոր յուր կյանքում զուրկ է մնում առաջնորդից, սրտացավ խորհրդատուից, բարի օրինակից: Լինեին դրանք և նա կազատվեր դարերի ընթացքում յուր վրա բռնացող ճակատագրական թշվառությունից: Արդ, ինքը եկել էր այդ առաջնորդը, այդ խորհրդատուն լինելու: Ինչո՞ւ էր, ուրեմն, երկար ու բարակ տանուտերին հարցուփորձում: Չէ՞ որ նրա համար, որ յուր դրած ուխտն այժմյանից արդեն ծանր էր թվում իրեն և նա նրանցից կամենում էր խուսափել... Մի՞թե ամոթ չէր այդ:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Next Last