Մուրացան՝   Առաքյալը

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Next Last

Այս ամենը երիտասարդի վրա ծանր տպավորություն արին, սակայն նա լուռ էր, լսում էր միայն վանահորը և մեքենաբար նայում նրա ցույց տված տեղերին:

Բլրի գագաթին հասնելուց, վանահայրը մատնացույց արավ քառակուսի մի շենքի հազիվ մի կանգուն բարձրությամբ որմերի մնացորդները և հայտնեց, որ դա Սևանի անդրանիկ եկեղեցին, ս. Հարության տաճարն է, որ հիմնել է ս. Գրիգոր Լուսավորիչը:

Եթե այդպես է, դա մի պատկառելի հնություն է, — նկատեց երիտասարդը:

Հա՛, հնություն ա, — հաստատեց վանահայրը:

Հապա ո՞ւր են ավերակի գլխավոր մասերը: Անկարելի է, որ այդպիսի մի ընդարձակ տաճարից այսքան միայն մնար, մանավանդ որ սա կղզու մեջն է և սրա քարերը չէին կարող շրջակա բնակիչները հափշտակել, տանել:

Ո՞վ ա գիտում, ո՞ւր ա, հրեն ընդի մառան ա շինվել, փետատուն ա շինվել, ուխտավորի համար օթախներ են շինվել, ուրիշ տեղերից որ քար կրեին, ո՞նց կըլեր. հազիր էստեղ էլել ա. առել բանացրել են:

Այդ հո բարբարոսությո՞ւն է, — բացականչեց Կամսարյանը սաստիկ վրդովվելով:

Ինչի՞ ա բարբարոսություն, վանքի համար որ խնայողություն են արել, վա՞տ բան ա:

Դա ի՞նչ խնայողություն է, հինավուրց մի տաճարի ավերակը նորոգելու, կամ ինչպես որ կա, սրբությամբ պահպանելու փոխարեն, դուք առնում քանդում եք և ասում, թե դա բարբարոսություն չէ՞:

Վանահայրը զարմացած նայում էր երիտասարդին և չէր կարողանում հասկանալ նրա զայրույթի պատճառը:

Ես հլա ասում եմ, հայր սուրբն էդ մնացածն էլ քանդիլ տա, տեղը թամրզի (մաքրի), — խոսեց լուսարարը:

Ինչո՞ւ, — գրեթե սարսափով հարցրեց երիտասարդը: — Ինքը գիտում ա, կասի, — պատասխանեց վարդապետը, ձեռնհաս չհամարելով իրեն բացատրություն տալու:

Գիտե՞ս ինչ կա, — խոսել սկսավ վանահայրը, — առաջ էստեղ թամուզ էր, չուն երևացող քարերը տարել, բանացրել էին, մնացած պատերն էլ հողում թաղված` չէր երեվում: Էստեղ մի Մելքոն ճգնավոր կար, աստված հոգին լուսավորի, վանքի վրան երախտիք ունի, էս ճանպաներն էլ նա ա շինել, — ցույց տվավ վանահայրը բլուրը հանող կեռմանները, — նա երբ իմանում ա, որ Գրիգոր Լուսավորչի ձեռքով շինած ս. Հարության տաճարն էստեղ ա, սկսում ա իրա ձեռքով հողը քանդել ու կամաց-կամաց տաճարի հիմքերը բանալ: Երկար ամիսներ մեն-մենակ աշխատելով, էս դիփ, ինչ որ հիմա տեսնում ես, լուս աշխարհ ա հանում ու էնդուց եդը մեռնում: Մի օր էստեղ մեր վանքը մի ուսումնական եկել: Նա էս ավերակը որ տեսավ, ասեց թե` պատմությունից էրևում ա, որ սա ոչ թե Գրիգոր Լուսավորչի ձեռքով շինած տաճարն ա, այլ թե հին, Սյունյաց ժամանակի կռատունը: Ս. Հարության տաճարը, ասեց, պետք է ուրիշ տեղ էլած ըլի, յա չէ հենց էն տեղումը, որտեղ հիմի ս. Աստվածածինն ա շինված: Ա՛յ, էն օրից դեսը մեր սիրտը շաք (կասկած) ա ընկել, ասում ենք` ղորթ չըլի՞ սա կռատունն ա: Էս միաբանն էլ հմի էն ա ասում, թե՞ դրուստ, որ սա կռատուն ա, լավ կըլի, որ մեջտեղից վերցնենք:

Ի սեր աստծո, հա՛յր սուրբ, այդպիսի բան մի՛ մտածեք, — բացականչեց Կամսարյանը, — դա պատմության ու գիտության դեմ հանցանք գործել է նշանակում: Կռատուն չլինի, թեկուզ կրակատուն լինի, այս ավերակը դարձյալ սրբությամբ պիտի պահվի:

Դե ո՞վ ա ասում չպահվի, որդի, խոսքը տեղը եկավ` խոսեցինք: Ինձ հարցնես, ես կասեմ` մնա. չուն դա, որ հմի ավերակ ա, մյուս տաճարներին էլ ի՞նչ վնաս կարա տալ:

Վանահայրը թեպետ առերես հակվեցավ երիտասարդի կողմը, բայց այդ արավ լոկ դեպի քաղաքացի «աղան» ունեցած ակնածությունից. ապա թե ոչ, նա մինչև վերջն էլ չհասկացավ թե այդ մարդն ինչո՞ւ է պահանջում, որ կռատան ավերակը պահվի:

Այժմ նրանք նորից պիտի իջնեին վար` միաբանական կացարանները նայելու: Բայց այդտեղից բացվում էր այնպիսի մի սիրուն ու գրավիչ տեսարան, որ փոքր ինչ ավելի այնտեղ չկանգնելն ու այդ տեսարանով չհիանալը` հանցանք գործել կնշանակեր: Այդ պատճառով Կամսարյանը ցանկություն հայտնեց բլրի գլուխը բարձրանալու, որպեսզի այնտեղից կարողանար կղզու ամբողջ շրջապատը տեսնել, որովհետև բլրի մինչև գագաթ հասնող լանջը ծածկում էր յուր աչքից արևելյան լճամասն ու նրան պատող լեռնագոտին: Վանահայրն ու լուսարարը ընկերացան երիտասարդին:

Տաճարի ավերակից մի քանի հարյուր քայլ դեպի արևելք բարձրանալով, նրանք կանգ առան բլրի կատարին: Այդտեղից արդեն կղզյակն երևում էր ողջ ջրապարփակ և յուր թմբաձև, սապատավոր դիրքով նմանում ծովային առասպելական մի կենդանու, որ մարմնի կեսը ալիքներից վեր հանած` ներս է շնչում օդի կարևոր պաշարը` նորեն ջրի տակ սուզվելու համար: Ծովակի կապույտ դաշտը, որ պատում էր նրան չորս կողմից, սկսել էր հուզվիլ Սոդի ընդհատ քամուց: Փոքրիկ մկանունքները, որոնք մինչև այն հազիվ կնճռոտում էին ջրի երեսը, տակավ առ տակավ փոխվում էին ալիքների և իրար հրելով, կամ միմյանց թևակոխելով մերթ ուռչում, բարձրանում էին ու խուլ ֆշշոցով իրար վրա փլչում, մերթ գալիս, մոտենում բլրի ստորոտին և ուժգին շառաչով ժայռերին զարկում: Իսկ ծովակի խորքերում այդ հուզումը հետզհետե երևան էր հանում նորանոր պատկերներ. նա մերթ արևից շողեր կորզելով` նրանցով փրփրուն ալիքներն էր ոսկեզօծում, մերթ խուսափուկ ամպերից ստվեր առնելով, լճի կապուտակը սպիտակ կամ գորշ սավաններով էր ծածկում: Մինչդեռ շուրջ պատող թումբերն ու լեռները, իբրև հանդիսատես հսկաներ, դիտում էին հեռվից ծովակի հուզումը, մերթ ժպտում ուրախ, երբ բացվում էր արևը. մերթ հոնքերնին կիտում, երբ ծածկվում էր նա և այդպիսով, կարծես, հայտնում իրենց գոհությունն ու դժգոհությունը, որից և ողջ հորիզոնը ստանում էր մերթ վեհ, մերթ ակնապարար տեսք**:

Գեղեցիկ շրջանկարը գրավեց երիտասարդին: Նա չգոհացավ սեփական աչքերով և դիմեց իսկույն գիտակի օգնության:

Նրա առաջ, արևմտյան հարավից, բացվում էր մի լեռնադաշտ, որի վրա ցրված էին մանր ու խոշոր բլուրներ` իրենց գլուխ ունենալով նախ` կրկնաթումբ Ղոշդարը, որը տեղ-տեղ տակավին ծածկված էր կանաչով, ապա Գեղամա հարազատ լեռները` եռակատար Յուչ-Թափան և Ահմանկանը, իրենց գորշակապույտ լանջերով, վերջն` Սպիտակ լեռը (Աղ-Դաղը), որի կատարին դեռ նշմարվում էին ձյունի նուրբ շերտեր և հեռվից տալիս նրան մի հրապուրիչ գեղեցկություն:

Ուղիղ արևմուտքից երևում էր պատմական Ցամաքաբերդը, որի սակավաթիվ տնակներն ու հյուղերը ցրված էին ջրապատ հրվանդանի վրա: Վերջինի ծայրին բարձրացող բլրին նշմարվում էր ավերակը Կուսանաց վանքի, որ կառուցել էին երբեմն Սյունյաց պայազատները և որը, ո՞վ գիտե, որքա՞ն սրտառուչ անցքերի ու դեպքերի հանդիսատես էր եղած...

Ցամաքաբերդից դեպի հյուսիս բարձրանում էին Բարաթա լեռը և Մաշտոցներ կոչված բլուրները:

Արևմտյան հյուսիսից երևում էր ամբողջապես չարաբաստիկ Չիբուխլուն յուր գետնափոր տներով, հողածածկ խրճիթներով, աթարի դեզերով և չոր ու ցամաք տեսքով: Նրանցից դեպի հյուսիս բարձրանում էր կանաչազուրկ Մարալինջը կամ Այծեմնասարը, որ յուր չոր բազուկները ձգում, տարածում էր դեպի ծովակի արևելքը պարսպող Շահ-Դաղի լեռնագոտին, հյուրընկալելով յուր ձորակներում հազիվ մի քանի չքոտի մացառուտներ:

Նայելով դեպի արևելյան հարավ, թվում էր թե ծովակը չունի այլևս պատվար, ըստ որում հեռավոր Գարա-Արխաչի գոտին, ըստ սովորականին ծածկված լինելով մշուշով, անտեսանելի էր դարձնում այդ կողմի ցամաքը և կարծել տալիս թե երկնակամարը համբուրվում է այդտեղ Գեղամա թագուհու հետ... և հենց այդ պատճառով, եթե մի կողմից շրջակա լեռներն իրենց լայնանիստ լանջերով պինդ գրկած պահում էին գեղանի թագուհուն, մյուս կողմից էլ նրանց բարձրահայաց կատարները անհանգիստ կասկածով նայում էին դեպի հարավ, ուր նա ազատ փռում, տարածում էր հեռուն յուր ջրածուփ դաշտերը, կարծես սպառնալով այդ կողմի բացով փախչիլ, հեռանալ նախանձոտ պահանորդներից և միանալ երկնքի ջինջ կապուտակին, որի հարազատ մի կտորն էր ինքը...

Երկար նայում էր Կամսարյանը այս գեղեցիկ տեսարաններին և նրանցով հիանում. երբեմն էլ հարցեր տալիս վանահորը` իրեն անծանոթ այս ու այն տեղի, լեռան կամ բնակության մասին և լսում նրա բացատրությունները, առանց, սակայն, աչքերից դիտակը հեռացնելու:

Նշմարելով լճակի հարավակողմում երկու փոքրիկ կղզյակներ, որոնց վրա չկային ոչ շինության հետքեր և ոչ էլ կանաչ, երիտասարդը հարցրեց վանահորը թե ի՞նչ բաներ են նրանք:

Նրանք այս ծովակի «անառակ որդիներն» են, — պատասխանեց վանահայրը ծիծաղելով:

Անառա՞կ, ինչո՞ւ այդ անունն եք տալիս նրանց:

Էնդուր որ չոր, ամայի բաներ են. ոչ ասունի են պետք, ոչ անասունի. դատարկ տեղից զլուխները վեր են ցցել, որ ասեն թե` հա՛, մենք կանք: Էդ թահր մարդիկ էլ շատ կան աշխարհում: Այ, հենց մեր էս պուճուր (փոքրիկ) Սևանը, որ ման գաս, էլի միջումը մի քանի հատ կգտնես, վրաները մտիկ տաս, կասես` վարդապետ են, ամա որ մեջները պտրես կասես` սկի մարդ էլ չեն:

Վանահայրն, ըստ երևույթին, կամենում էր դարձյալ խոսքը բերել երիտասարդ վարդապետների վրա, որովհետև այն կարծիքին էր, թե նրանք յուր մասին պետք է որ աննպաստ բաներ խոսած լինեին Կամսարյանի առաջ: Այդ պատճառով աշխատում էր, որ վերջինս հասկանա թե ի՞նչ մարդկանց հետ է գործ ունեցել ինքը, որպեսզի յուր մասին վատ գաղափար չունենա:

Բայց երիտասարդը տրամադիր չէր նման զրույցներ լսելու, այդ պատճառով խնդրեց, որ այժմ վանահայրը ցույց տա իրեն միաբանության կացարանները:

Հա, լավ կըլի, գնանք: Ա՛յ, հենց էստեղից էլ երևում ա. տեսնո՞ւմ ես ինչքան տեղ ա բռնած, հազար սաժին կըլի:

Ո՞րը, ես ոչինչ չեմ տեսնում, — ասաց Պետրոսը նայելով վանահոր ցույց տված կողմը:

Ա՛յ էն մեծ տափարակը, որ ս. Աստվածածնին կպած ա:

Երիտասարդը նորից նայեց և ոչինչ չտեսավ: Բլրի բարձրությունից, արդարև, երևում էր մի ինչ-որ ընդարձակ, բարձրկեկ տափարակ, որի վրա տեղ-տեղ երևում էին փոքրիկ ծխնելույզներ ու ցած երդիկներ, կիսով չափ ծածկված դեղնած խոտերի մեջ: Վերևից թվում էր, թե այդ տափարակը բակի մի մասն է: Մինչդեռ վանահայրը բացատրեց թե հենց դա է կազմում կտուրը միաբանական այն կացարանների, որոնց մեծ մասը ս. Աստվածածնի հետ միասին շինված են Սյունյաց Մարիամ Տիկնոջ ձեռքով 877 թվին:

877 թվի՞ն. ուրեմն հազար տարվա հնությո՞ւն ունին դրանք, — զարմացավ երիտասարդը:

Հազար տարուց ավելի ա, բա՛, — հաստատեց վանահայրը:

Գնանք, ուրեմն, գնանք: Հետաքրքրական է տեսնել այդ շենքերը, ուր հազար տարի շարունակ ապրել են ձեր նախորդները, — ասաց երիտասարդը և առաջ անցավ:

Բլրի լանջն ակոսող կանոնավոր կեռմաններից դեպի տափարակն իջնելով նրանք մտան մի դռնով, որ բլրի ստորոտից հեռի էր միայն մի քանի քայլով: Այդ դուռը նրանց մի կարճ միջանցքով մտցրեց մի ուրիշ, ավելի երկար, համեմատաբար լայն, բայց և խիստ մթին միջանցք, որի երկու կողմից, կրկնաշար ուղղությամբ շինված էին միաբանական միահարկ խուցերն ու խցիկները: Դրանց մուտքերը հազիվ նշմարվում էին շնորհիվ մի նվազ լույսի, որ մտնում էր այդտեղ` երկար միջանցքի երկու հանդիպակաց դռներից (որոնցից մինը հանում էր ծովափը, իսկ մյուսը` բակի հեռավոր մի կողմը, ուր գտնվում էին ուրիշ երկրորդական շինություններ, ինչպես օրինակ, փայտատուն, մարագ, ախոռ, դարբնոց և այլն): Այս ընդհանուր միջանցքի երկու կողմից շինված կացարանների թիվը մոտ երեսուն էր: Մի կարգի սենյակներում ապրում էին վանահայրը, վարդապետները և միաբանության ուրիշ անդամներ: Այդ կարգում զետեղված էին և վանքի գրատունը և հանդերձատունը: Իսկ հանդիպակաց կարգում գտնվում էին միաբանության ընդարձակ սեղանատունը, խոհանոցը, մառանը, հացատունը և մի քանի ուրիշ սենյակներ, որոնք երբեմն ծառայում էին նաև իբրև, իջևան ուխտավորների համար, եթե դրսի սենյակները բռնված էին լինում բոլորը: Ընդհանուր միջանցքի վրա բացվում էին նաև մի քանի ուրիշ, երկրորդական միջանցքներ, որոնցից երկուսը տանում էին դեպի զանազան ամբարանոցներ ու մառաններ, երրորդը` դեպի բլուրը, իսկ չորրորդը` դեպի բակի կողմը և այլն: Բոլոր այս խուցերը, կացարանները, ամբարներն ու միջանցքները ծածկված էին մի ընդհանուր միապաղաղ կտուրով, որով և բոլորը միասին կազմում էին մի ծածկված ամբողջություն: Այդ պատճառով մի կարգի խուցերը միայն ունեին նեղ-նեղ փոքրիկ պատուհաններ, որոնցից ոմանք բացված էին դեպի բլրակի և ոմանք բակի կողմը: Մնացյալ բոլոր սենյակները լույս ստանում էին երդիկներից: Ինչ վերաբերում է միջանցքներին, նրանք այնքան մութ ու խավար էին, որ Կամսարյանին թվում էր թե ինքը կարող էր մոլորվել նրանց մեջ, եթե միայնակ մտած լիներ այդտեղ: Բոլոր շենքերն, առհասարակ, իրենց մուտքերով ու միջանցքներով, հին լաբյուրինթոսի նմանություն էին բերում, իսկ դրանց միջի օդն այնքան էր ծանր, խոնավ ու գարշահոտ, որ երիտասարդը մի-մի անգամ նույնիսկ դժվարությամբ էր շնչում:

Վանահոր սենյակը ոչնչով չէր տարբերվում մյուս միաբանների խուցերից, որ ապացուցանում էր, թե հավասարության սկզբունքը հինուց անտի հարգված է եղել այդտեղ:

Կամսարյանի հարցին թե` ինչպե՞ս են կարողանում այս մութ ու գիջին սենյակներում ապրել, վանահայրը պատասխանեց.

Հմի դեռ հալա շատ լավ ենք ապրում: Երեսուն տարի սրանից առաջ, երբ ես դեռ վանահայր չէի, էս խուցերը ոչ թե մահճակալ, սկի տախտակի պոլ էլ չունեին, ամենքս էլ նամ գետնի վրա էինք նստում կամ պառկում:

Եվ այդպես ապրելով չէի՞ք հիվանդանում:

Փառք աստուծո, հրես տեսնում ես. 49 տարի է ինչ էստեղ եմ, էս լուսարար հայր-սուրբն էլ, ոնց որ ասեցի, 45 տարի է, որ ապրում է մեզ հետ, ուրիշ միաբաններ էլ կան մեզ հասակակից, բոլորն էլ ողջ առողջ: Սովորությունից ա կախված, ոնց որ քեզ կսովորացնես, էնենց էլ կապրես: Քաղաքներում մարդիկ շատ են կոտորվում նրա համար, որ շատ են փափուկ ապրում:

Վանահայրն յուր հյուրին ամեն տեղ շրջեցնելուց հետո, առաջարկեց նրան տեսնել նաև գրադարանը, որ նրա ասելով, բարեկարգվել էր միայն յուր վանահայրության օրով:

Հենց էդ պատճառով էլ բանալին համաշա (միշտ) մոտս եմ պահում, ով որ գիրք ա ուզում, ինքս եմ գալիս, բանում, գիրքը տալիս ուզողին, ու էլ եդ փակում, բանալին ջեբս դնում, — ասում էր վանահայրը:

Երիտասարդը հետաքրքրությամբ մտավ այն խուցը, որին վերջինս «գրադարան» անունն էր տվել, հուսալով գտնել այդտեղ հին գրչագիրների մի հարուստ դարան: Բայց նա այստեղ տեսավ հազիվ երկու հարյուրի չափ հին ու նոր հատորներ, որոնց մի մասը ոչ շատ կարևոր գրչագրեր էին, իսկ մյուսը` Վենետկի հինավուրց հրատարակություններ, դարսված փայտաշեն դարակների վրա:

Երբ երիտասարդը հայտնեց յուր զարմանքը հինավուրց անապատի այդ աստիճան աղքատ գրատուն ունենալու մասին, վանահայրը բացատրեց, որ եղածն էլ յուր շնորհիվն է, որ կա, ապա թե ոչ, այս վերջին 25 տարվա ընթացքում, եթե յուր փոխարեն լիներ մի ուրիշ վանահայր, անշուշտ այդ եղածն էլ կմատնվեր կորստյան, ինչպես որ մատնվել են նրանից առաջ եղած գրական գանձերը: Եվ իբրև ապացույց նա պատմեց, թե ինչպես Սիմյոն կաթողիկոսի օրով, Հովհաննես անունով մի անարժան վանահայր, լսելով որ կաթողիկոսը գալիս է այցելության Սևանա անապատին և իմանալով, որ գրասեր հայրը պիտի հետաքրքրվի վանքի գրատան վիճակով և տեսնելով այն անկարգ ու անխնամ (ըստ որում յուր իսկ վանահոր անհոգությունից գրչագրերի մեծ մասը խոնավությունից փտել կամ ցեցակեր էին դարձել), պիտի զայրանա յուր դեմնա բոլոր այդ տեսակ հնամաշ գրքերն ու հիշատակարանները հավաքել է տալիս քսակների մեջ և իրեն խորհրդակից ապիրատների ձեռքով թափել տալիս ծովը, որպեսզի կաթողիկոսը, Սևան մտած ժամանակ, հին ու փչացած ոչինչ չտեսնե գրատանը:

Ի՞նչ զարհուրելի բարբարոսություն, — բացականչեց Կամսարյանը, սրտի խորքից վրդովվելով:

Բարբարոսություն ասիր պրծա՞ր, անաստվածություն ասա, անխղճմտանքություն ասա, — ձայնակցեց վանահայրը երիտասարդին:

Երևակայում եմ, թե ինչպիսի՛ թանկագին գանձեր են անհետացել այդ թշվառականի ձեռքով:

Դրուստ որ թշվառական, էդ տեսակ վանահոր հիշատակը պետք ա անիծվի սերունդից սերունդ, — հարեց վանահայրը:

Դժբախտաբար անեծքը չի վերադարձնիլ մեր կորուստը:

Ճշմարիտ ա, չի վերադարձնիլ, ամա մնացածներին կզգուշացնի, որ էդենց անաստված թահրով վանքի գույքը չփչացնեն:

Գրադարանից ելնելուց, ծերունի վանահայրը հոգնած զգալով իրեն, խնդրեց երիտասարդին մնացած տեղերը շրջել լուսարարի հետ, մինչև որ ինքը հոգնածությունն առնելով կգար յուր հետ միասին ճաշելու:

Լուսարարը մի առանձին հոգածությամբ առաջնորդեց Պետրոսին դեպի թանգարանը, որի պահպանությունը հանձնված էր իրեն:

Այս թանգարան կոչվածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ մի հասարակ խուց, ուր պահվում էին եկեղեցական այնպիսի սպասներ, որոնք թե՛ տանկագին և թե՛ քիչ գործածական էին. ինչպես օրինակ, արծաթե բուրվառներ, խաչեր, սկիհներ, մեռոնի տուփեր, թագեր, սաղավարտներ, գավազաններ և այլն: Դրանց մեջ ո՛չ միայն թանգարանի վայել «հնություններ» չկային, այլև շատերը «յարմուկի» ապրանք էին` պատրաստի գնված նիժնիում կամ Մոսկվայում: Այդ ապացուցանում էին իրերից մի քանիսի շուրջը քանդակված ռուսերեն աղոթքներն ու մակագրություններն, որոնք հնի դեմ կազմում էին «նոր», խայտաբղետ հակադրություն և կարծես ծաղրում Սևանի անապատում «հին հիշատակներ» պտրողներին...

Այդ մասին Կամսարյանը մտածեց մի քանի վայրկյան «իբրև ճշմարիտ ուխտավոր» և նրա շրթունքներին խաղաց դառը ժպիտ:

Ինչո՞ւ այս խուցին թանգարան անուն եք տալիս,— հարցրեց նա լուսարարին:

Ի՞նչ կլինի որ, — նկատեց վերջինս:

Ախար «թանգարան» այն տեղին են ասում, ուր շատ հին ու թանկագին բաներ են պահվում, ձեր ունեցածը միայն եկեղեցական սպասներ են:

Մենք էլ ունենք շատ հին ու թանկագին բաներ, հիմա պիտի շանց տամ, որ համբուրես, քե հենց դրա համար եմ բիրել ըստեղ, — ասաց վարդապետը` մի առանձին վստահությամբ: Ապա մոտենալով թախտի վրա դրված մի սնդուկի, բացավ նրա խուփը և մի աղոթք մրմնջալով` սկսավ հետզհետե դուրս հանել այդտեղից մետաքսյա թաշկինակներում փաթաթած ոսկեզօծ ու ակնազարդ խաչեր, նշխարատուփեր, արծաթակազմ ավետարանիկներ և այլ կերտվածներ և շարել նրանց մի սկուտեղի վրա, ուր վաղօրոք դրված էր մի պղնձե ափսե` արծաթե փողերով ու թղթադրամներով:

Սրա մեջ Հովհաննես Մկրտչի մասունքն ա դրած, — բացատրեց վարդապետը, ցույց տալով մի ակնազարդ խաչ, որ դրված էր արծաթյա երկփեղկ պահարանում, — սրա մեջ էլ` Պետրոս առաքյալի մասունքն ա, — ցույց էր տալիս մի ուրիշ, նույնպես ականակուռ խաչ, — սրա կազմի մեջ էլ սուրբ Գևորգ Զորավարի նշխարն ա դրած, — այդ էլ արծաթապատ մի ավետարան էր. — էս մասնատուփումն էլ ս. Կարապետի իրեք մանր նշխարներն են դրած: Իսկ էս ջիբթիշի փոքրիկ խաչումը Կենաց փայտի կտորն ա: Սրա մեջ էլ, — ցույց էր տալիս մի փոքրիկ արծաթե տուփ, — էլի ս. Գևորգի մասունքն ա: Դե հմի մեկ-մեկ համբուրիր և ուխտդ արա՛: Թող էս սուրբերը բարեխոս ըլին: Աստված էլ լսող ու կատարող:

Կամսարյանը լսեց վարդապետի բացատրությունները և մեքենաբար խոնարհելով համբուրեց մասունքները, առանց ներսում զգալու հավատո կամ ջերմեռանդության որևէ հուզում: Միայն ափսեի մեջ դրված դրամներից գուշակելով, որ այդ արարողության պիտի հաջորդե նաև դրամական տուրք, ծոցից հանեց քսակը և մի կարմիր տասնոց դրավ ափսեի մեջ:

Լուսարարը, որ երևի վաղուց էր ինչ չէր տեսել այդպիսի առատ նվեր, օրհնեց երիտասարդին սրտաբուխ խոսքերով և ապա մի զգացված «պահպանիչ» էլ ասելով` ճանապարհ դրավ նրան դեպի միջանցքը:

Եվ որովհետև հենց թանգարանի դիմաց, ընդհանուր միջանցքի վրա բացվում էր մի դուռ, որ հանում էր դեպի ս. Աստվածածնի եկեղեցին, ուստի վարդապետը առաջարկեց Պետրոսին անցնել այդ դռնով, եթե կամենում էր «տաճարը» տեսնել: Իսկ ինքը յուր «ծառայությունը» կատարած համարելով, դարձավ նորեն դեպի թանգարանը, ցուցահանած մասունքներն ու ստացած նվերը իրենց տեղը ամփոփելու:

Ճաշու ժամն ավարտած, ժամերգուները դուրս էին գալիս, երբ երիտասարդը մութ միջանցքից ելնելով, մտավ եկեղեցու փայտաշեն գավիթը, իսկ այնտեղից` եկեղեցին, ուր, ի միջի այլոց, նա հանդիպեց նորեն երիտասարդ աբեղաներին: Վերջիններս դարձյալ մոտեցան նրան, հարցուփորձ արին տեսածների մասին և ապա սկսան բացատրություններ տալ նկատմամբ ս. Աստվածածնի եկեղեցու, որ, չնայելով յուր հազարամյա հնության, տակավին շեն էր և ամրակուռ: Գալով բարեզարդության` սա էլ աչքի ընկնող ոչինչ չուներ յուր մեջ-զարդերն ու սպասները աղքատ Էին, պատկերները գռեհիկ և անարվեստ: Միակ արժանիք ունեցողը` սեղանի առաջ դրված Կոթա սուրբ նշանն էր, որ հայտնի էր յուր բազմադարյան հնությամբ: Դա պարզ երկաթից շինված մի խաչ էր, կես կանգուն երկարությամբ և թևերին ուներ մի- մի հատ ոչ մեծագին քարեր: Աբեղաները բացատրեցին, որ այդ խաչը, ըստ ավանդության, պահում է յուր մեջ մի կտորը այն երկաթե տաշտի, որի մեջ կույս Մարիամն լողացնում է եղել մանուկ Հիսուսին և թե դա համարվում է Սևանա անապատի ամենամեծ սրբությունը: Ապա երիտասարդ աբեղան Կամսարյանի ուշադրությունը հրավիրեց ս. Աստվածածնի մի փոքրիկ պատկերի վրա, որ կախված էր սեղանի աջ կողմը և որը, չնայելով յուր ծխից ու հնությունից սևացած լինելուն, երևում էր շնորհալի վրձինի արտադրություն:

Սա այն պատկերն է, — ասաց աբեղան, — որի առաջ Մխիթար Սեբաստացին, Վենետիկյան միաբանության հիմնադիրը, աղոթում է եղել, երբ կույր աչքերով գտնվում է եղել Սևանում և որի առաջ նա յուր հայտնի ուխտն է արել... Շատ ժամանակ չէ, ինչ դիպվածով գտել են այս ս. Առաքելոց եկեղեցու խորշերից մինում, անխնամ ընկած ու փոշոտված...

Երիտասարդը սկսավ ուշադրությամբ դիտել պատկերը.

Ի՞նչ մտքեր է սա զարթեցնում ձեր մեջ, — հարցրեց աբեղան, կարծես շտապելով մի նոր բան ասելու, քանի դեռ ոչ ոք չէր խանգարում իրենց:

Մտածում եմ թե, եթե այսպիսի մի սիրուն գործ, որ դարերից ի վեր գտնվելով Սևանում, հոգածու խնամքի արժանանալու փոխարեն, ընկած է եղել անհայտ խորշերում և երևան է եկել միայն դիպվածով, ի՞նչ թանկագին հնություններ, ուրեմն, չէին կարող անհետանալ այստեղ հոգատար սրտի և խնամող ձեռքերի պակասությունից:

Այդ էլ պատշաճ մտածություն է, բայց ես կարծում էի, թե այս պատկերը մի ուրիշ միտք կծնեցներ ձեր մեջ:

Այսինքն, ի՞նչ:

Այն թե` շուտով կլարանա երկու հարյուր տարին այն օրից, ինչ այս պատկերի առաջ աղոթողը Սևանից հեռացավ, հիմնեց օտար երկրում միաբանական մի ուխտ: Ձեզ հայտնի է, թե ի՛նչ ծառայություն արին այդ ուխտի անդամները հայ գրականությանը: Մի կողմը թողնենք նրանց` ազգի մեջ կաթոլիկություն տարածելու և պատմական գրքերում` հայ եկեղեցուն ու եկեղեցականներին վերաբերյալ փաստերն հեղաշրջելու տխուր ջանքն ու ձգտումը: Ամեն լույս ունի յուր ստվերը, ամեն մաքրություն` յուր բիծը: Բայց անհերքելի այն, որ Մխիթարյան միաբանությունը գնահատելի գործ կատարեց` հնության և անհայտության փոշիներից դուրս հանելով հայ լեզվի թանկագին արտադրությունները, նրա ոսկեղինիկ մատենագրությունը և նրա ընդհանրացնելովը սիրելի դարձրեց մեզ մեր նախնյաց լեզուն ու անցյալը, ընդնմին սովորեցնելով մեզ, ապրել և ոգևորվիլ նրանցով... Սա, արդարև, մեծ գործ էր; արժանի հարգանքի և երախտագիտության: Այսպիսի մտածության, բնականաբար, հաջորդում է մի ուրիշը. — մի՞թե Սևանը ևս չէր կարող դառնալ մի ս. Ղազարու կղզի: Մի՞թե Սևանը չէր կարող արտադրել մի նոր Մխիթարյան ուխտ: Սա, իհարկե, չէր ունենալ ս. Ղազարի առավելությունները, որովհետև չէր գտնվում Եվրոպայի սրտում, զարգացած ու բարեկիրթ ազգերի մեջ: Բայց մենք էլ Սևանից չէինք պահանջիլ այն, ինչ որ տվավ Վենետիկը, այլ գոնե նրա կեսը, թեկուզ կեսի կեսը: Սևանը մի կողմից էլ այն առավելությունը կունենար, որ տվածը կլիներ անխառն, հարազատ... ճշմարիտ է, այն ժամանակ, երբ ս. Ղազարու հայրերը իրենց խուցերում խաղաղ նստած, հանգիստ աշխատում էին, ո՛չ հարձակման սպասելով, ո՛չ կողոպտվելուց վախենալով, Սևանը գտնվում էր բարբարոս խաների դժոխային լուծի տակ, միշտ ահի ու սարսափի մեջ, սեփականության իրավունքից զուրկ և կեղեքիչների քմահաճության ենթակա, բայց չէ՞ որ, ահա, յոթանասուն տարի է, ինչ ռուսաց տիրապետության շնորհիվ այս երկիրը խաղաղել, արհավիրքները վերացել են և այս վանքի միաբանությունը ստացել է հանգիստ ու ապահով վիճակ: Արդ, մի՞թե չէր կարելի այս յոթանասուն տարվա ընթացքում ստեղծել այստեղ մի գործ, որ յուր արժանիքով հավասար լիներ Վենետիկցիների գեթ հիսունամյա գործունեության: Մի՞թե չէր կարելի հիմնել այստեղ ժառանգավորաց մի բարեկարգ դպրոց, որի սաները աշխարհային աղմուկից ու ապականությունից հեռու, այս առողջարար օդում, այս պայծառ երկնքի տակ ապրելով և ուսանելով` պատրաստվեին հասարակաց ծառայության համար... Մի՞թե չէր կարելի ժողովել այստեղ հմուտ, բանիբուն. գիտությամբ ու առաքինությամբ հայտնի հոգևորականներ և կազմել նրանցից մի գիտական կաճառ, որ պարապեր հին գրականությունը մշակելով և նորը զարգացնելով: Դուք հո ձեր աչքով տեսաք մեր այստեղի գրադարանը: Որքա՛ն աղքատ, խղճո՛ւկ... մինչև իսկ ամոթ է գրադարան անունը տա, նրան. մի քանի տասնյակ կիսամաշ ձեռագիրներ, մի երկու հարյուր հնատիպ գրյանք... քաղաքներում տիրացուներ կան, որոնք դրանցից ավելին ունին: Բայց չէ՞ որ Սևանը հնումն հայտնի էր յուր բազմահարուստ մատենադարանով, չէ՞ որ շատ տեղերի գրական գանձերը այստեղ էին ամբարվում, կամ ավանդ դրվում: Այժմ ո՞ւր են նրանք: Բարբարոս թշնամիների ավերը, այո՛ շատ բան է կորզել Սևանից. նույնիսկ նրա գրագետ միաբանությունը անխիղճ կերպով է նրա գրական հարստությունը վատնել: Բայց որքան ավելի զրկանք են պատճառել նրանք, որոնք այս յոթանասուն խաղաղ տարիների ընթացքում ձեռքերնին ծալած նստել են այստեղ և բավականացել միայն աղոթելով, կամ հսկումներ կատարելով... Ինչո՞ւ արդյոք Սևանը, որ գտնվում է հայրենի հողի վրա, նրա սրտի ու հոգու մեջ, ինքը չէ տալիս Վենետկին` այս հողին ու ջրին, սրա անցյալին ու ներկային վերաբերող ուսումնասիրությունները, սրա սրտին ու հոգուն հարազատ հուշերը և, ընդհակառակն, ինքն է նրանից մուրում: Ինչո՞ւ... բայց այդ «ինչու»-ները անթիվ են և դրանց բոլորի պատասխանը մեկ. այսինքն այն` որ այսքան տարիների ընթացքում, չի գտնվել մեր երկրում մի մարդ, աշխարհական լիներ նա թե՛ հոգևորական, որ ոգևորվեր Մխիթարի զգացած ոգևորությամբ և վառեր Սևանում լուսո այն ճրագը, որ առաջին նվագ վառեց Լուսավորիչը և որն ապա տգիտությունն ու խավարը հանգցրին... Այո, եթե այդ մի հատ մարդը գտնված լիներ այստեղ, ապա դուք այսօր Սևանը չէիք տեսնիլ այսքան անշուք, անփառունակ, չէիք տեսնիլ նրա կյանքը այս աստիճան անշարժ, ոգին` մահամերձ... Իբրև նյութական ապացույց այստեղ ապրողների անշարժության, ահա այն կացարանները, որ դուք տեսել եք, որոնց մեջ ապրել են նախկին միաբանությունները և որոնց մեջ, ահա, ապրում ենք նաև մենք: Այդ շինությունների կառուցումից մինչև այսօր` անցել են հազար երկար տարիներ: Եվ սակայն նրանք մինչև այսօր էլ նույն խոնավ, բորբոսնած, հողածածկ կտուրով խցերն ու խցիկներն են, որոնք ամենից առողջ մարմիններն իսկ մաշելով, մաշել ու ծյուրել են նաև նրանց հոգին և անընդունակ դարձրել մի ճշմարիտ ու Էական բարիք ստեղծելու... Անշուշտ դուք անցաք այդ կացարանները իրար հետ միացնող բավղաձև անցքերից. տեսա՞ք թե ինչպիսի՛ խավար է տիրում նրանց մեջ... Հարկավոր չէր ոչ մեծ խելք, ոչ էլ ճարտարապետական տաղանդ, որ մարդ իմանար, թե այդ միջանցքների վրայի կտուրը ծակելով և մի քանի տեղ, եթե ոչ ապակե պատուհաններ, այլ գեթ հասարակ երդիկներ դնելով, կարելի էր բոլոր անցքերը միանգամից լուսավորել: Սակայն հազար տարի այս խավարում խարխափող միաբանությունների մեջ չի գտնվել մի գլուխ, որ այդ հասարակ ճանապարհով աստուծո տված լույսն այդ անցքերը մտցնե և նրանց անթափանցելի խավարը փարատե: Ճիշտ այդ ձևով էլ խավար են մնացել այդ խուցերում ապրող մարդկանց ոգիները. արդյունքը եղել է այն, ինչ որ տեսնում եք այսօր...

Երիտասարդ աբեղան երևի դեռ երկար կճառախոսեր, եթե խմբին չմոտենար վանքի տնտեսը և վանահոր կողմից չհրավիրեր հյուրին ճաշի:

Այդ հրավերը զգաստացրեց թե՛ խոսողին և թե՛ լսողներին. ուստի ամենքը միասին ելնելով եկեղեցու գավթից, առաջացան դեպի բակի սիզավետ կողմը, ուր հովանավոր ուռիների տակ բացված էր ընդհանուր սեղան, որը և բոլորեցին նրանք, իրենց գլուխ ունենալով վանահորը:

Վերջինս սեղանն օրհնելով առաջարկեց հյուրին վայելել վանական «անպաճույճ» ճաշը, որի ակրատը բաղկացած էր պանրից, եփած ձուերից և աղած կողակից, իսկ խորտիկը, որ հետո բերին, թանապուրից, նոր խաշած իշխաններից և ձավարով ու յուղով պատրաստած «քաշովի»-ից: Սեղանի վրա պակաս էր միայն միսը, կամ նրանից պատրաստած կերակուրը: Վանահայրը բացատրեց, որ վանական խստակեցության օրենքը արգելում է իրենց` զոհի մսից զատ, ուրիշ միս ուտել, կամ գործածել այն կերակուրի մեջ:

Մի քիչ հետո, սակայն, Կամսարյանը նկատեց, որ վանահայրը երևի համեստություն էր անում «անպաճույճ» անվանելով առաջարկված ճաշը, ապա թե ոչ վերջինս ո՛չ միայն հեռի էր անպաճույճ լինելուց, այլև չէր կրում խստակեցության կնիք:

Ես «անպաճույճ» անվանեցի ձեր տեսակետից, իսկ մեզ համար սա մինչև անգամ փարթամ ճաշ ա, — բացատրեց վանահայրը ծիծաղելով: Ապա կամենալով մի գաղափար տա հյուրին իրենց խոսակցության մասին, ծանոթացրեց նրան Սևանա անապատում ընդունված պահեցողական կարգերին որից երևաց, որ նրանք տարվա մեծագույն մասը անցնում են պահքով: Որովհետև բացի հասարակ ու շաբաթական պասերը, նրանք պահում էին նաև երեք «մեծ պասեր»: Դրանցից առաջինը սովորական մեծ պասն էր, որ բուն բարեկենդանից սկսվելով, վերջանում էր զատկին, երկրորդը` հոգեգալուստից մինչև վարդավառ, որ տևում էր ութ շաբաթ, երրորդը` Վարագա խաչի տոնից` մինչև հիսնակի պասը, որ դարձյալ ուներ ութ շաբաթ. — էդ բոլոր կարճ ու էրկան պասերին, — շարունակեց վանահայրը, — մեր միաբանության կերածն լինում ա ձեթ, լոբի, սիսեռ, ոսպ ու կանաչի: Միայն ուտիքին ա որ յուղ, կաթ ու ձու կարող ենք ուտել, կամ բրինձ ու ձավար: Ծովից հանած ձկներից էլ ի՞հարկե, անուշ ենք անում, որքան պատահում ա:

Հեր օրհնած, էլ ուրիշ ի՞նչ ես ուզում, — կամացուկ շշնջաց երիտասարդ աբեղան, որ նստած էր Կամսարյանի կողքին:

Վերջինս ծիծաղեց:

Ընչի՞ ես ծիծաղում, — հարցրեց վանահայրը ժպտալով:

Ոչինչ, մտածում եմ թե ի՞նչ կանեի ես, եթե ձեր միաբանը լինեի:

Ի՞նչ պրտի անեիր. կապրեիր էնենց, ոնց որ մենք ենք ապրում: Ըստոնք էլ քեզ պես տղերք են ըլել, հո վարդապետ չեն ծնվել: Այ, տեսնո՞ւմ ես, — ցույց էր տալիս վանահայրը աբեղաներին, — ամեն բան սովորել են, կարգի ու կանոնի վարժվել. հմի սիրով ապրում ու ըսկի դժգոհում չեն:

Ճաշը վերջանալուց` Կամսարյանն շտապեց յուր շնորհակալությունը հայտնելու վանահորը և բոլոր միաբանությանը` իրեն ցույց տված սիրալիր ընդունելության համար և ապա պատրաստվեց հեռանալ կղզուց: Բայց որովհետև հենց այդ միջոցին հիշեց, որ բացի «թանգարանին» տված նվերը, անհրաժեշտ է նաև միաբանության օգտին նվիրաբերել մի բան, ուստի խնդրեց վանահորը բերել տալ նվիրատվության մատյանը, որպեսզի յուր տուրքն արձանագրե այնտեղ:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Next Last