Մուրացան՝   Առաքյալը

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Next Last

Վանահայրը սկզբում չհասկացավ նրա ասածը, ապա երբ երիտասարդը յուր խնդիրը կրկնեց, նա ժպտալով նկատեց.

Էհ, որդի, մեր վանքումն ի՞նչ ա շինում մատյանը... մենք նահապետական մարդիկ ենք, ուխտավորը գալիս ա, իրա ուխտն անում, եդո վանահոր աջն առնում, մի աջահամբույր տալիս, գնում: Նրանից եղը էլ ո՞վ ա հարցնում թե ի՞նչ տվավ, ի՞նչ չտվավ, յա չէ մեզանից ո՞վ պտի հաշիվ ուզի: Էդ որ աջահամբույրի համար էլ գիր ու կիրակոս պահենք, ծե՞րն ուր կերթա:

Բայց ես կարծում եմ, որ եթե այդպիսի մի կարգ սահմանեիք, այսինքն ամեն տուրք մատյանի մեջ արձանագրվեր, վատ չէր լինիլ: Դա, մինչև անգամ, օգուտ կբերեր վանքին: Նախ` որ այդ մատյանը կարելի կլիներ առաջարկել ամեն այցելուի, երկրորդ, որ վերջինս հաստատ գիտենալով թե յուր տվածը արձանագրվում է մի տեղ, և այն էլ ի տես ուրիշ այցելուների, կնվիրաբերեր ավելի առատորեն:

Էդ հու էս ջահիլների խոսքն ա. էրևում ա դու էլ ըսդոնցից ես լսել, — նկատեց վանահայրը, կարծես վիրավորվելով:

Դա ի՞նչ մի նոր բան է, որ ես սրանցից լսեմ, բոլոր աշխարհում ընդունված, ամեն տեղ գործադրվող մի սովորական բան է:

Չէ, որդի, ես մատյան բան չեմ գիտում: Միշտ ասել եմ, էսօր էլ կասեմ. վանքի մատյանը նրա վանահայրն ա. ով նրան հավատում ա, նրա վրեն վստահ ա, թող տա, ինչ ուզում ա. ով չի հավատում, տերը նրա հետ. էդենց մարդու տուրքն էլ ըսկի վանքին պետք չի:

Կամսարյանին այլևս առարկելիք չէր մնում, նա շտապեց յուր սխալը ուղղել նրանով, որ ջերմությամբ համբուրեց վանահոր աջը և մի տասնոց դրավ նրա ձախում:

Վանահայրն, իհարկե, հաշտվեց յուր սրտում երիտասարդի հետ և քաղցր խոսքերով օրհնելով նրան, մաղթեց նաև բարի ճանապարհ:

Պետրոսը նորից յուր շնորհակալությունը հայտնեց միաբանության բոլոր անդամներին և բարեկամաբար նրանց ձեռքը սեղմելով, մնաք բարև ասաց և հեռացավ: Աբեղաներից մի քանիսը, նույնպես և լուսարարը, ուղեկցեցին նրան մինչև լճափը:

Այստեղ նրանք հանդիպեցին վանքի ելևմտից կառավարիչ սարկավագին, որ հենց նոր էր վերադարձել Ցամաքաբերդից, ուր գտնվում էր վանքի «Դրսի տունը», այն է` նրա տնտեսության արտաքին բաժանմունքը և ուր սա հաճախ երթևեկում էր գործով:

Լուսաբարը երիտասարդին ծանոթացնելով նորեկի հետ, ցավ հայտնեց, որ վերջինս վաղ չէր վերադարձել, ապա թե ոչ, ասացնա ընենց պատիվ կտար քեզ, որ քո օրում Սևանը ըսկի չէիր մոռանա:

Շնորհակալ եմ դուք էլ լավ պատվեցիք, Սևանը դարձյալ չպիտի մոռանամ, — հարեց երիտասարդը:

Չէ, մեր բանն ուրիշ ա, սարկավագինն ուրիշ. սա բանի ղայդան լավ ա գիտում, — կրկնեց լուսարարը ծիծաղելով:

Սարկավագի աստիճանում Կամսարյանը տեսել էր միշտ մի երիտասարդ, հաճախ աշխարհականի շորերով, բայց նորեկը վաթսունն անց մարդ էր, բարձրկեկ հասակով, առողջակազմ, միայն մի քիչ դալկադեմ: Ուներ շեկ, ալեխառն մորուք և ծովի խորահայաց աչքեր: Հագուստը ոչնչով չէր զանազանվում վարդապետների հագուստից, որովհետև բաղկանում էր նույն մույգ կապույտ կտավի կապայից, շալե գոտուց, կոշտ բրդե փարաջայից և խայտաբղետ գուլպաներից ու քոշերից: Միայն թե վեղարի փոխարեն գլխին ծածկած էր գառան մորթու տափակ գդակ, որ գարիբալդի կոչվածի ձևն ուներ և որի մեջ այնպես խոր էր մտցրել գլուխը, որ ծածկել էր ճակատը` մինչև թավամազ հոնքերը:

Ժպիտը, որ նա խաղացրեց շրթունքներին, հյուրին ողջունելու ժամանակ, բռնազբոսիկ էր և չէր հարմարում դեմքին, որ կարծես ստեղծված էր միշտ խիստ ու մտախոհ երեվալու համար: Առաջին տպավորությունը, որ նա արավ երիտասարդի վրա, այն էր թե` նա բանի տեղ չէր դնում միաբանության անդամներրն: Որովհետև մոտենալուց, նա ոչ միայն չնայեց վերջինների վրա, այլև մինչև իսկ չտեսնելուն տվավ, իբրև այնպիսի մարդկանց, որոնց հետ չուներ որևէ առնչություն, կամ որոնց գոյությունը չէր հետաքրքրում իրեն, լոկ այն պատճառով, որ գիտեր թե նրանցից ոչ մեկը չէ կարող յուր հայտնի վիճակի վրա ունենալ լավ կամ վատ ազդեցություն:

Սովորական քաղաքավարությամբ երիտասարդի «քեֆը» հարցնելուց հետո, նա ցանկացավ իմանալ թե ինչո՞ւ վերջինս չէ մնում իրանց մոտ մի քիչ ավելի:

Ուրախությամբ կմնայի, բայց իմ ձիապանն, ահա, նստած լճափին սպասում է ինձ, — առարկեց երիտասարդը:

Վնաս չունի, նրանք սովոր են սպասել, — նկատեց սարկավագը այնպիսի եղանակով, որ կարծես այդ «նրանքը» իսկի մարդիկ չէին:

Բայց միևնույն է, ես արդեն ձեր վանքում ամեն ինչ տեսա, ամեն բանի ծանոթացա, ավելի մնալն այլևս միտք չունի:

Հա՞, դե որ էդպես ա, լավ ա: Ասենք շատ տեսնելու էլ բան չունենք, մի դարտակ վանք ա, մին էլ մի քանի սևագլուխներ. եկողն ուրիշ ի՞նչ պտի տեսնալ, — նկատեց սարկավագը ժպտալով, ապա նայեց աբեղաներին այնպիսի մի հայացքով, որով կարծես կամենում էր ասել` «չլինի թե սխալվիք ուրիշ կարծիք հայտնել»:

Նրա դիտողությունը, սակայն, ոչ ոք առավ ուշադրության, իսկ Պետրոսը շտապեց նավակը, որ սպասում էր իրեն:

Ծովակն անհանգիստ էր, թեպետ ոչ անսաստ հուզված: Ալիքները դեռևս խաղում էին իրար հետ և կարծես զգուշանում միմյանց ընդհարվելուց, որպեսզի ծովակի ժպտուն դեմքը չխռովեն:

Կամսարյանի հարցին թե` արդյոք ջրի անհանգստությունը վտանգ չէ՞ սպառնում, սարկավագը պատասխանեց.

Էդ տեսակ անհանգստությունից հեչ վտանգ չկա. ուրիշ ա, որ քիչ հետո քամին սաստկանա, բայց մինչև էն վախտը դու կլինես Չիբուխլուում:

Մինչդեռ ուղեկցող աբեղաներից մինը, որ մեր ծանոթ բողոքարկուն էր, երիտասարդին ավելի միամտացնելու համար, պատրաստակամություն հայտնեց ուղեկցել նրան մինչև դիմացի ափը:

Կամսարյանը սիրով ընդունեց այդ առաջարկությունը և նրանք միասին մտան նավակը, որ իսկույն էլ առաջացավ դեպի խորը:

Սակայն այստեղ ալիքները թվում էին հետզհետե ավելի անհանգիստ և, հետևապես, ավելի ահարկու: Թեպետ թիավարների հուժկու բազուկների շնորհիվ հնատարազ նավակը սուրում էր արագ, այսուամենայնիվ ծփանքը նրան այնպես էր տատանում, որ թվում էր թե ահա, ուր որ է, մի հորձանք կխուժե նավակի խորը և լցնելով այն` ուղևորների հետ միասին կիջեցնե հատակը:

Երիտասարդ աբեղան տեսնելով, որ Կամսարյանը երկյուղ է կրում, սկսավ նախ նրան հանգստացնել, ասելով որ ծովակի ավելի հուզված ժամանակն իսկ ամենքը նրա վրա երթևեկում են աներկյուղ, ըստ որում մինչև այսօր դեռ ոչ ոք այդտեղ վտանգի չէ հանդիպել: Իսկ հապա նրա ուշադրությունը ուրիշ բանի վրա դարձնելու համար, սկսավ նորեն խոսել վանքի ցավերից.

Գիտե՞ք, բարեկա՞մ, ես շատ ուրախացա, երբ դուք վանահորից նվիրատվության մատյան պահանջեցիք: Թեպետ ցավալի էր, որ նա կարծեց թե դուք մեր խոսքն եք կրկնում և ոչ թե ձեր սեփական ցանկությունը հայտնում, այսուամենայնիվ, լավ եղավ, որ այդ բանն արիք, որովհետև դրանով մեր դատին ուժ տվիք: Երանի թե ամեն այցելու այդպիսի մի պահանջ անե նրանից: Այն ժամանակ նա կիմանա, որ համեստության պակասությունը կամ ըմբոստությունը չէ պատճառը, որ մենք ևս հաճախ նման պահանջներ ենք անում, այլ մեր գիտակից պարտաճանաչությունը, որին իրավունք չունինք դավաճանելու` լռելով այնտեղ, ուր պետք է խոսել: Դուք նվիրատվության մատյանն եք ասում, մի հարցրեք թե ուրիշ որևէ մատյան ունի՞ մեր վանքը: Տեսա՞ք դուք այդ սարկավագին, որ նոր վերադարձավ: Ուշադրության արժանի անձնավորություն է դա: Ով որ կամենում է մեր մի կարգ գործերի անհաջողության գաղտնիքը լուծել, նա պետք է ուսումնասիրե այդ տեսակ անձանց, որոնք չնայելով իրենց ոչնչության, այսուամենայնիվ մեծ դեր են խաղում մեր բախտը տնօրինելու կարևոր գործում: Սևանում, օրինակ, այդ մարդը վայելում է մեծ իրավունքներ: Չեմ սխալիլ, եթե ասեմ, թե դա է մինչև անգամ մեր ամենի գլխավորը և ոչ թե վանահայրը, որ ոչ այլ ինչ է, եթե ոչ մի խեղճ ու տգետ մարդ: Վերջինս, իսկապես, մեզ չի սիրում, նրա համար, որ իրեն հաճախ անում ենք այնպիսի պահանջներ, որոնց խորհուրդը նա չէ հասկանում: Մյուս կողմից էլ նրան լարում են մեզ դեմ յուր մտերիմները և մանավանդ սարկավագը, որին նա հավատում է միամտաբար, կամ, գուցե հարկից ստիպված: Ո՞վ է, սակայն, սարկավագը, որ այսքան ուժ ունի, — մի տգետ ու գռեհիկ մարդ, որ անհիշատակ ժամանակներից գտնվելով այս անապատում, յուր ժրության և ճարպկության շնորհիվ արժանացել է «աներևույթ կարգադրիչների» ուշադրության և նրանց ջանքերով էլ «վերևից» կարգվել վանահոր օգնական: Նրա պաշտոնն է, իբրև վանքի գործակատար, հսկել նրա կալվածներին, ժողովել եկամուտը, երբեմնապես գնալ մոտիկ քաղաքները, թե՛ այդ տեղերի կալվածոց արդյունքը գանձելու և թե՛ միաբանության համար հագուստ կամ այլ պիտույք հայթայթելու: Բայց նա յուր պաշտոնը կատարում է ոչ թե իբրև գործակատար, այլ իբրև վանքի տեր ու իշխեցող: Եկամուտ ձեռք բերելու դժվարին մասը նա, իհարկե, հանձնում է վարդապետներին սրանք են, օրինակ, հավաքում միաբանության հասանելիք «պտղի բաժին» — ոչխարը, պանիրը, ձեթը, ցորենը և այլն: Այս առիթով խեղճերը սարերն են բարձրանում, ձորերն են իջնում, դաշտերն ու գյուղերն են չափում և սակայն այդ ամենը վանքը մտնելուց հետո, ենթարկվում է սարկավագի միահեծան իշխանության: Ինչ վերաբերում է դրամական գործերին, դրանք արդեն նրա ձեռքումն են: Ի՞նչ մուտք ունի վանքը և ի՞նչ ելք, այդ մենք չգիտենք, բայց գիտե սարկավագը և եթե հարկ լինի որևէ հաշիվ տալ մեկին, այդ կտրվի այնպես, ինչպես որ սարկավագը կուզե, և ոչ թե այնպես, ինչպես որ իրոք կա: Այսօր կղզին մտնելուց դուք խոսեցիք գյուղացիների տրտունջի մասին, որը, սակայն, ընկերս համարեց զրախոսություն, բայց նա սխալվում էր: Գյուղացվոց տրտունջն էլ ունի յուր հիմքը: Մեր գործերն առհասարակ այնպես են ընթանում, որ հեռվից նայողը պիտի կարծե թե, այս անտեր հայոց ազգում ո՛չ մեծ կա, ո՛չ փոքր, ո՛չ տեր կա, ո՛չ տիրական, այլ կան մի-մի սարկավագներ, որոնք հենված իրենց պաշտպան «ուժերին», գործում են` ի՞նչ կամենում են, և ոչ ոք նրանց չէ իշխում խանգարել: Եվ հենց այդպես էլ է, եթե երբեմն մարդիկ համբերությունից ելնելով սկսում են տրտնջալ, կամ ուր հարկն է բողոքել, այդ ամենի արդյունքը լինում է այն, որ սարկավագը կատարում է մի փոքրիկ ճանապարհորդություն, համբուրում է «աներևույթ կարգադրիչների» ձեռքը և վերադառնում դարձյալ յուր պաշտոնով ու իրավունքներով: Այնուհետև ջուրը դարձյալ հոսում է յուր հին ճամփով և մարդիկ հոգնած հաշտվում են այդ դրության հետ: Այս է իսկապես պատճառը, որ վանահայրն ամեն բանում համակերպվում է սարկավագին: Նրա մեջ այլևս մեռել է տրտնջող ու բողոքող հոգին և մնացել է միայն մի փոքրիկ փառասիրություն, որ զոհ է, գեթ նրանով, որ ինքն աշխարհի առաջ համարվում է «վանահայր»: Իսկ թե այնուհետև ի՞նչ է կատարվում շուրջը, այդ ամենի համար նա կարող է աչք գոցել, որպեսզի «աներևույթ» պաշտպանները չգրգռվին: Այս կերպով են վարվում մեր գործերը շատ տեղ և «խոհեմ» մարդիկ չեն վրդովվում այդ դրությամբ, որովհետև հավատացած են թե ոչինչ այլևս չէ կարելի փոխել: Բայց մի՞թե այդպես է: Մի՞թե այդ ձևով պիտի մտածենք նաև մենք, որ մտել ենք հոգևոր զինվորության մեջ գաղափարով ոգևորված... Ի՞նչպես թե մի տգետ ու գռեհիկ գեղջուկ միահեծան տեր լինի այս հինավուրց անապատին... Ի՞նչպես թե այդ պաշտոնը նա գնե այնպիսիներից, որոնց մի փութ աղած կողակի նվերը ավելի է զբաղեցնում, քան թե Սևանի շուրջն ապրող ժողովրդի ցավերն ու կարիքները... Եվ երբ այս մասին մտածում ես, երբ երևակայում ես թե ի՞նչ կարող էր լինել պատմական Սևանը, ինչե՞ր կարող Էին լինել հռչակավոր Տաթևը, Սանահինն ու Հաղբատը, Գանձասարն ու Ամարասը և ուրիշ շատերը, որոնք, սակայն, այսօր ոչ այլ ինչ են, եթե ոչ ավերանոցներ, զայրույթից քիչ է մնում որ խելագարվես... Ահա, այսպիսի դեպքերումն է, պարո՛ն Կամսարյան, որ մենք հիշում ենք ձեզ, զարգացած ու կարող երիտասարդներիդ և կարոտում ձեր օգնության...

Վերջին բացականչությունը նեղը պիտի լծեր Կամսարյանին, եթե նրա բախտից նավակը չհասներ ափին: Բայց նա ոչ միայն հասել, այլև կողն արդեն դեմ էր արել ժայռին: Պետք էր ուրեմն ելնել: Այս դեպքում, իհարկե, պատշաճից դեմ չէր, որ երիտասարդը, իրեն ուղղված սրտառուչ դիմումին հարմար և վայել պատասխան չտալով, շատացավ միայն աբեղայի եռանդը մի քանի խոսքով գովելով: Հետո բարեկամաբար նրա ձեռքը սեղմելով, շնորհակալություն հայտնեց սիրալիր ուղեկցության համար և հատկապես խնդրեց, որ հայր-սուրբը հաճի վստահորեն դիմել իրեն, երբ հարկ լինի հանձնել իրեն որևէ պատվեր կատարելու:

Պատվերներ տալ ձեզ` չեմ համարձակվիլ, բայց գուցե խնդրեմ, որ երբեմն ինձ համար նոր գրքեր ղրկեք, դրանով դուք ինձ շատ շնորհապարտ կկացուցանեք, — ասաց աբեղան:

Ամենայն սիրով և ուրախությամբ, — հարեց երիտասարդը և մակուկավարներին առատորեն վարձատրելով, դուրս ելավ ափը:

Մի քանի րոպեից հետո նավակը հեռանում էր առնելով յուր հետ բողոքարկու աբեղային, իսկ Կամսարյանն յուր ձին խրախուսելով, դիմում էր դեպի Չիբուխլու:

ԺԴ

Դեռ բավական օր կար, որ Պետրոսը հասավ գյուղ: Տանուտերը տանը չէր. նրան դիմավորեց տանտիրուհին, որի հետ խոսել նա չէր կարող: Ինչպե՞ս անցնել ուրեմն օրվա մնացորդը, կամ ուր գնալ, մտածեց երիտասարդը և իսկույն էլ մտաբերեց տիրացու Մոսուն: — «Այցելեմ նրա դպրոցը, այս կարող է ուրախացնել տիրացուին», խոսեց նա ինքնիրեն և դուրս գնաց:

Առաջին պատահող անցորդը ցույց տվավ նրան տիրացուի տեղը, դեպի ուր և ուղղեց յուր քայլերը:

Տնակն, ուր ապրում էր Մոսին, գտնվում էր գյուղի ծայրում և բաղկացած էր մի հատ երդիկավոր միադուռն օդայից և ցածուն, բայց լայնադիր սրահից, որի առաջ գտնվում էր նաև փոքրիկ բակ, կիսով չափ պարսպած գետաքարերի անշաղախ պատով: Հովանավոր սրահում, այլև բակի այն մասում, որի վրա հարևանի աթարի դեզը տարածել էր լայն ստվեր, անկարգ ու խառն ի խուռն նստոտած էին մոտ երկու տասնյակ տղաներ, ոմանք կտավի փոքրիկ մինդարների, կամ հին կապերտի կտորների, ոմանք պատերի տակ ընկած սալաքարերի, իսկ ուրիշներ` ուղղակի հոգի վրա: Նրանք ձեռքերնին մի-մի գիրք առած կարդում էին, երբեմն կամացուկ, երբեմն մռմռալով, իսկ հաճախ բարձրաձայն, առանց մեկը մյուսին նայելու, որից և բակի ու սրահի մեջ բարձրացել էր աղմուկ ու ժխոր:

Տիրացուն, որ Կամսարյանին հանդիպած ժամանակ երևում էր կորաքամակ, այստեղ, աշակերտների առաջ ճեմում էր ձգված ու բարձրագլուխ: Մինչև անգամ մորթե գդակը, որ նա ճանապարհին քաշել էր գլխին մինչև ականջները, այժմ ոչ միայն բարձր էր` ճակատը երևալու չափ, այլ և քեշ (ծուռ) դրված, որով նրա դեմքը ստանում էր համարձակ ու ինքնավստահ արտահայտություն: Նա ձեռքին ուներ հասարակ փայտից շինած մի երկար քանոն, որ նմանում էր որմնադրի գազի և որը շարունակ աջ ու ձախ ճոճելով, մոտենում էք մերթ այս, մերթ այն աշակերտին և փոխանակ խոսքով դիտողություն անելու, նրա ծայրով բոթում էր կամ մեկի կրծքին` կամենալով ուղիղ նստեցնել նրան, կամ մյուսի գլխին` որպեսզի սա շատ չկորացնե այն, իսկ հաճախ զարկում սրա ու նրա գրքին, որպեսզի ծնկների վրա դնելու փոխարեն ձեռքերնին առնեն նրանց:

Հեռվում` ձայնը մի աշակերտի, որ կարդում էր կանգնած, հաղթում էր ընդհանուր ժխորին: Այդ նշանակում էր թե նա դաս է ասում:

Ի՞նչ է պաճարը, որ դու... — կարդում էր աշակերտը մայրենի լեզվից:

Պաճարը չի, ա լակոտ. պատճառն ասա, — ուղղում էր տիրացուն:

Պատճառը, որ դու այդպես…:

Ա հայվան, ադպեսը ո՞րն ա. մի շանց տու տենեմ,— ասում էր տիրացուն և քանոնը ճոճելով խոյանում դեպի աշակերտը:

Վերջինս, մեկ ճոճվող քանոնին, մեկ գրքին նալելով, շփոթված պտրտում էր այդպեսը:

Ու՞ր ա, դե շանց տու տենեմ. շանց տու, շո՛ւտ,— կրկնում էր տիրացուն անհանգստությամբ:

Աշակերտը վերջապես գտավ ադպեսը և ցույց տվավ:

Ադա, Էշի ծեք, բա Էդ ա՞դպես ա, էս «յ»-ին տենո՞ւմ չես. աչքդ քո՞ռ ա. հմի թխեմ դրուստ քոռացնե՞մ, — ասում էր վարժապետը և ապա ուղղում` — ասի` այդպես:

Այդպես:

Չո՛ռ... դե հմի միտդ պահի:

Այդպես ուրախ ծիծաղում ես... շարունակեց աշակերտը:

Կամսարյանը, որ մի քանի վայրկյան ցանկապատի հետևը կանգնած տեսնում ու լսում էր այս ամենը, վերջապես մտավ բակը:

Տիրացուն հենց որ նշմարեց նրան, ձեռքը բնազդաբար դեպի գլուխը տարավ, և գդակի դիրքը ուղղելով շտապ-շտապ մոտեցավ երիտասարդին:

Բարով ես եկել, աղա, հազար բարով, էս ո՞ր խաչից ա մեզ միտդ ես գցել, — ասաց նա ժպտալով և սև ու կոշտ ձեռքը Կամսարյանին ուղղելով:

Եկել եմ քո ուսումնարանը տեսնելու, — պատասխանեց վերջինս և թեթևակի ու կես անուշադիր սեղմեց Մոսու ձեռքը:

Շնորհակալ եմ... Աստոծ էլ քե մհալ գցի (ուշադիր լինի), ոնց որ դու մեզ մհալ ես գցում... ամա դեմ կբաշխես, քու տենելու լայաղ հուսումարան չունեմ:

Հոգ չէ, ինչ ունես` ա՛յն կտեսնենք:

Լավ կըլի, — համաձայնեց տիրացուն և դառնալով աշակերտներին` կես բարձր ու կես խեղդված ձայնով, հրամայեց, — ադա, վե կացեք, ազին գլուխ տվեք:

Աշակերտները մեկը մյուսի հետևից վեր կացան տեղներից ու շվարած ու երկչոտ հայացքով սկսան դիտել «աղին»:

Նրանց արտաքինը չափազանց տխուր ազդեցություն էր անում: Մոտ երկու տասնյակ աշակերտների մեջ հազիվ մի երկուսը հագնված էին օրինավոր, այսինքն ունեին չմաշված շոր և կաշվե ոտնամաններ: Մյուսները գրեթե ցնցոտիների մեջ էին, ոմանք մինչև իսկ կիսամերկ և բոկոտն, կային և այնպիսիները, որոնք արխալուղի (բաճկոն) տակ շապիկ չունեին, կամ եթե ունեին, այնքան էր կեղտոտ, որ կտավի ի՞նչ գույն լինելը չէր որոշվում:

Ադա, ձեզ ասըմ չե՞մ գլուխ տվեք, — կրկնեց տիրացուն յուր հրամանը:

Աշակերտներից մի քանիսը գլուխ իշեցրին. ավելի փոքրերը դեռ նայում էին. ապա ընկերներին հետևելով, նրանք էլ գլուխ տվին, առանց իմանալու թե ինչո՞ւ են այդպես անում:

Մի փոքրիկ դալկադեմ տղա, որ դեռ քարի վրա նստած յուր մեծ-մեծ սիրուն աչքերը հառել էր «աղին» և չէր մտածում ոտքի ելնել, գրգռեց տիրացուի զայրույթը:

Ա լակոտ, խի՞ չես վե կենում, — խուլ ձայնով ճչաց նա և յուր բարկացայտ աչքերը սևեռեց երեխայի վրա:

Վերջինս վեր թռավ, իբրև օձահար և երկչոտ հայացքը սկսավ պտտեցնել մերթ «աղի», մերթ վարժապետի վրա:

Հին պատառոտուն հագուստը, որ շատ տեղ նույնիսկ չէր ծածկում տղայի նիհար մերկությունը, անմեղ ու տխուր հայացքը, որ մի առանձին գրավչություն էր ստացել զգացած երկյուղի ազդեցության շնորհիվ, այնպես հուզեցին Կամսարյանի սիրտը, որ նա չկարողանալով յուր դժգոհությունը զսպել, ծանր դիտողություն արավ վարժապետին, որ նա կոպտաբար է վարվում երեխաների հետ:

Որ դհե չանես, սրանք մարդ չեն դառնալ: Դու գի տում չես թե ինչ թահր թայփա (ցեղ) են: Ափսո՞ս չեն մերոնք (ղազախեցիք), ընդոնցում խելք կա, շնորհք կա, ըստոնք ջլիզ (բոլորովին) հայվան են, — առարկեց տիրացուն:

Դեհ լավ, բավական է, աշակերտներին չեն հայհոյիլ, — կամացուկ նկատեց Կամսարյանը և ապա մոտենալով տղաներին, սկսավ նրանց խոսեցնել, հացուփոձել, մեկին կամ մյուսին կարդացնել, կամ նրանց գրքերն ու տետրակները նայել:

Տղաներից ոչ մեկը, նույնիսկ մեծերից, որոնք ձեռքերնին ավետարան ունեին, կանոնավոր կարդալ չէր իմանում:

Գրելու մեջ, մանավանդ, ետ էին մնացած բոլորը: Մի երեխայի տետրակի վրա նա տեսավ վարժապետի գրած մի քանի տող օրինակը, որ անկանոն ձևով գրված լինելուց զատ, լի էր նաև տառասխալներով:

«Եթե սա է վարժապետը, ի՞նչ կլինի աշակերտը», մտածեց Կամսարյանը և գլուխը շարժեց:

Տենում եմ, որ հավանում չես իմ հուսումարանին, — ժպտալով և միևնույն ժամանակ, քաշվելով նկատեց տիրացուն, երբ Կամսարյանը յուր հարցուփորձը ավարտելով, կամենում էր հեռանալ:

Ի՞նչ ասեմ, Մոսի, լավ կլիներ, որ դու այս ուսումնարանը փակեիր, — ասաց երիտասարդը:

Ընչի՞ հմար, — զարմացավ տիրացուն:

Նրա համար, որ դու ոչինչ չես սովորեցնում այս երեխաներին:

Յանի ո՞նց չեմ սովորեցնում: Բա դու քու աչքով տեհա՞ր ոչ` ո՞նց են կարդում, յա անգիր ասո՞ւմ:

Տեսա, բայց թե՛ կարդացածները և թե անգիր ասածները, բոլորն էլ սխալ էին ու անկանոն:

Դե որ դրանից լավ կարում չենք սովորեցնե՞նք...

Այն ժամանակ ավելի լավ է, որ իսկի չսովորեցնես: Այս դիտողությունը տիրացուի ինքնասիրությանը դիպավ, ուստի նա համարձակություն առավ խոսելու.

Գիտե՞ս ի՞նչ կա, աղա, օրինակի հմար ասենք, մի մարդ կա, որ քաղցած ա, ընենց քաղցած, որ ուզում ա թիլանա, ի՞նչ արած, ցորեն հաց չկա, որ տանք իրան ուտի: Ես ասըմ եմ ըստի մի կտոր ճաթ (կորեկահաց) կա, բերե'ք տանք իրան. դու ասըմ ես` չէ, ճաթը դժար կմարսի: Հեր օրհնած, մարդը սոված թիլանում ա, ցորեն հացը որ չկա, ճաթն էլ ա տանք, որ ուտի, չմեռնի, է՞ ... Հմի մեր էս րեխեքն են: Լավ, օսալ, մի բան սովորցնում ենք: Ասում չեմ` քերականութին յա ճարտասանութին եմ սովորցնում, ըդոնք ես էլ չեմ կարդացել: Ամա դե մի քիչ գրաճանաչ ենք անում, որ թղթի սև ու սպիտակը ջոկեն, այ հարկավոր վախտը` մի բարովագիր, յա սանադ (մուրհակ) գրեն, յա չէ, սուդը (դատարան) կանչած վախտը` իրանց անումն ու փամիլան կարան ձեռք քաշի:

Ախար եթե դու այս ուսումնարանը չունենաս, գյուղացիք կտեսնեն, որ իրենց երեխաները մնում են անուսում, կհավաքվեն, կմտածեն և իրենց համար մի կանոնավոր ուսումնարան կհիմնեն:

Տիրացուն ծիծաղեց:

Ինչո՞ւ ես ծիծաղում, — հարցրեց Կամսարյանը:

Բա ո՞նց չծիծաղեմ, խաչն իմն ա, զորութինը ես եմ գիտում: Մեր ժողովուրդը ընե՞նց ժողովուրդ ա, որ իրանից մի բան անի՞: Հրեն ամեն մի րեխին ամսեկան իրեք շահի, յա մին աբասի փող դեն տալ, սկի էն էլ տալիս չեն, պահում, գցում են կալավախտին, թե ի՞նչ ա, փողի տեղ ցորեն, յա գարի տան: Էն էլ թե տարին առատ ա ըլում, տալիս են, թե չէ, ասում են գյալաջախ (գալ տարի) կտանք: Ընենց մարդ էլ կա փողի տեղ ձու, ճուտ, յա հավ ա բերում. շատ վախտ էլ բերում չի: Այ, տենում ես էն պուճուր տղան, որ հմի քարիցը վե չէր կենում, նա եթիմ (որբ) ա, մի ըրբևերի (այրի) մեր ունի: Ասավ` րեխիս կարդացու, ամսեկան մի ջուխտ գուլպա կտամ: Ես էլ էս ա օխտն ամիս ա կարդացնում եմ: Ամա դե մի ամսվա հմար մի ջուխտ բերել ա ու ընդուցը եդը էլ բերում չի: Ասում եմ. — ա՛ նան (մայրիկ), բա խի՞ պարտքըդ տալիս չես. ասում ա. — վարժապետ, ղուրբան ըլեմ քե, բուրդ չունեմ թե մանեմ, մի քիչ մոհլաթ տուր, էս ա գնալ դեմ Նորադուզ, իմ քվոր տունը. ընտեղից բուրդ կբերեմ, թել կմանեմ ու գուլպեքդ կգործեմ, կըտամ: Ես էլ տենում եմ, որ խեղճ կնիկ ա, ըսկի հաց չունի թե րեխին կուշտ փորով ուտացնի, բուրդ ո՞րդիան դի գտնիլ որ թել մանի: Ըսենցով սիրտս ցավում ա. ասում եմ նանի ջան, փիքր մի՛ անիլ (մի' մտածիլ), ես քու րեխին մուֆտա (ձրի) կկարդացնեմ: Էն ա, նա էլ ուրախանում ու օրհնում ա ինձ: Սրանով բանը քութահ ա ըլում (վերջանում է):

«Հմի քե եմ հարցնում. ամիսը իրեք շահի, յա մին աբասի տալով, կալափայ, ձու, ճուտ, յա փողի տեղ` օրհնութին հվաքելով ժողովուրդը կարա՞ հուսումարան բանա՞լ...

Ա՛յ, ուրիշ բսմե էր էն, որ գալիս վախտը ճամպին ասում իր ինձ թե, եթե մի մարդ իրա ծախքովը ուզի հուսումարան բանալ, գեղացիք հո չե՞ն հկառակիլ: Ես էլ ասեցի` բա խի՞ են հկառակում. մարդ իրա աչքը քո՞ռ կուզի: Հմի թե որ ըդենց մի բարի մարդ գտնվի, էն չախը հա՛, կհավատամ, որ մի բան կըլի. թե չէ ժողովրդին որ թողնես, ինքն իրանից բան չի շինիլ:

Կամսարյանը զարմացավ, տեսնելով որ այնքան գռեհիկ երևացող այդ տիրացուն կարողանում է յուր (Կամսարյանի) առարկությունները հիմնավոր կերպով ջրել. ուստի հանցանքի մեջ բռնված մարդու նման չիմացավ ի՞նչ պատասխանել: Մի քանի վայրկյան լուռ մտածելուց հետո, ասաց.

Դու էլ իրավունք ունիս:

Հարկ է որ ունիմ. ինչ կըլի բանը չիմանամ, ես սկի կխոսե՞մ, — սրտավորվեց տիրացուն:

Երիտասարդն ուրիշ առարկություն չարավ և մնաս բարև ասելով, հեռացավ:

Ճանապարհին, սակայն, նա մտածում էր: Գաղափարական «ես»-ը դարձյալ շշնջաց նրա ականջին: Նա հիշեցնում էր տիրացուի խոսքերը, բացատրությունները, նրա կարեկից վարմունքը աղքատ այրիի հետ: «Այս չքավոր ու կիսակիրթ տիրացուն, յուր ողորմելի պատրաստությամբ, ավելի շատ է գործում և ավելի շատ օգնում խեղճ ժողովրդին, քան թե մենք, զարգացածներս, մեր բարձր գիտությամբ, մեր ունեցած հարստությամբ, — ասում էր այդ «ես»-ը և երիտասարդը լսելով նրան, թե՛ համոզվում և թե՛ զայրանում էր:

Ցած ու ստոր արարածներ ենք և ուրիշ ոչինչ,— բացականչեց նա հանկարծ և քայլերն արագացրեց:

Ճանապարհի կիսում նա հանդիպեց ուստա Պետուն, որ շտապ-շտապ գալիս էր իրեն գտնելու:

Աղա՛. ախր ես քե եմ ման գալի (պտրտում): Էսօր էրկու հետ (անգամ) գնացել եմ տանուտերի տունը` Սալբուն հարցրել. ասել ա` հլա Սևանից եկել չի: Քե մատաղ, աղա, թե կարաս, ջափա (նեղություն) քաշի, ե՛կ էն մարգին մի բանով օգնի, խեղճ ա, տունը քանդվում ա:

Ի՞նչ մարդ, չեմ հասկանում, — հարցրեց Կամսարյանը, սկզբում չիմանալով թե ո՞րի մասին է խոսքը:

Մեր Էն խեղճ Սային... բա Էրեկ չասի՞ թե` Խոջան հրաման ա բիրել, որ նրա էլած չէլածը ծախի՞: Այ, հմի պրիստավը վե կալած էկել ա, խեղճի դուռը կտրել: Քանի մարդիկ մեջ ընկան, խնդրեցին, աղաչեցին թե մի քիչ էլ ա մոհլաթ տա, ասավ` տալ չեմ. փողս բիրեք տվեք, պրիստավին վեր ունեմ գնամ, թե չէ ինչ ունի չունի, պտի վեր գրեմ, ինչ կըլի կնկանը շորերն էլ... Դե, մենք փող ո՞րդիան գտնենք էս սհաթին, գեղականի ջանումը հա՞լ ա մնացել որ հվաքի տա:

Գնանք, գնանք, ուրախությամբ կօգնեմ, եթե հնար լինի, — ասաց Կամսարյանը, գոհ լինելով, որ քիչ առաջ հուզված յուր խիղճը պիտի հանգստացնե մի բարի գործով:

Հնա, կըլի, խի՞ չի ըլիլ: Հենց որ դու ռուսևար պրիստավին հասկացնես, թե ախար էս մարդը Խոջին պարտ ա լել քսան մանեթ, էդ խի՞ քսանը հարիր էրսուն ա դառել, էն ա նա էլ Սայուն զոռիլ չի:

Ուրեմն Սայու պարտքը 20 մանեթ է եղել և հիմա ետ 130 է ուզո՞ւմ, — հարցրեց երիտասարդը:

Բա՛:

Քանի՞ տարի է:

Չորս:

Ճշմարի՞տ:

Սաղ գեղին ա հայտնի:

Գնանք, գնանք, դա հետաքրքրական է, — ասաց երիտասարդը և շտապեց:

Գյուղերում արտաքո կարգի մի դեպք պատահած ժամանակ, ուրախության առիթով լինի այդ, թե տխրության, գյուղացիք սովոր են խռնվիլ այն տան բակը, ուր դեպքն է պատահել և հետաքրքրվիլ նրանով` իբրև սեփական գործով: Սայու բակն էլ այդ վայրկենին լիքն էր ժողովրդով:

Պրիստավը, որ մոտ քառասնամյա, բարձրահասակ, շիկահեր և բարեդեմ մարդ էր, կանգնած խոսում էր մի քանիսի հետ, իսկ Խոջա Միրզան, որ պարտատեր լինելուց զատ թարգմանչի դեր էր կատարում, ձեռքերին ու ոտքերին անելով բացատրում էր պրիստավի խոսքերը:

Խոջան արտաքինով, անշուշտ և ներքինով, պրիստավի հակապատկերն էր: Դա մի գիրուկ, կարճահասակ մարդ էր, արևահար դեմքով, մանր ու շարժուն աչքերով, որոնց կոպերը` արտևունքներից զուրկ լինելուց զատ, խիստ կարմիր Էին և նրա հայացքին տալիս Էին ոչ միայն խորամանկ, այլև լպիրշ արտահայտություն: Կարճ, քիչ ջարդված քիթը, որ անշուշտ յուր անցյալ պատմությունն ուներ, և սուր կզակի վրա, տեղ-տեղ միայն բուսած, նոսր ու գորշ մորուքը, լրացնում Էին նրա դեմքի տգեղությունը, որ յուր մեջ ուներ նաև մի ժանտ գիծ, որից ռամիկը կամա ակամա պիտի վախենար:

Պրիստավը խոսում էր այնպիսի մարդկանց հետ, որոնք եկել Էին Սայու համար նրա օգնությունը հայցելու, դրանց թվումն էր և տանուտերը:

Մինչդեռ պարտապան Սային, որ աղքատ հագնված, նիհար, և ինչպես ասում են, մազն երեսին չորացած մի ծերուկ էր, մորթե գդակը կռան տակն առած և մեջքը սրահի սյունին հենած խեղճ ու կրակ նայում էր մեկ պաշտոնյային, մեկ խոսող մարդկանց, առանց մի բառ արտասանել կարողոնալու և ապա հայացքը ձգում յուր վերջին հույս ու ապավեն ձիուն ու մի հատ կովին, որ գոմից դուրս հանած, պատրաստվում Էին առաջինը վեր գրել, իբրև արժեքավոր իրեր:

Սայու կինը ցնցոտիների մեջ փաթաթված, ձեռքերը խաչած, կանգնած էր կովի մոտ, իսկ նորա կողքին գտնվում Էին յուր մեռած որդու երկու մանկահասակ, նիհար, կիսամերկ և բոկոտն որբուկները, մի տղա և մի աղջիկ, որոնք վախեցած աչքերով և մանկական հուսահատությամբ նայում Էին մերթ խոսող պաշտոնյային, մերթ պարտատեր Խոջին, որ յուր ժանտ դեմքով, սրածայր գդակով և մահուդից կարած երկար կապայով նրանց աչքին, այդ րոպեին, թվում էր իբրև մինն այն դևերից, որոնց մասին իրենք լսել Էին հեքիաթներ՝ պապից կամ տատից:

Մտնելով Սայու բակը, Կամսարյանն ուղղակի դիմեց պրիստավին և հայտնելով նրան յուր անունն ու ազգանունը, խնդրեց ծանոթանալ:

Վերջինս սիրով ընդունեց այդ ծանոթությունը և ուրախություն հայտնեց, որ Չիբուխլուի նման մի հետ ընկած անկյունում պատահում է պարոնի նման մի երիտասարդի, ուստի խոսակիցներից հեռանալով, սկսավ զրուցել վերջինի հետ:

Պետրոսն առանց ուշացնելու, հայտնեց պաշտոնյային յուր նպատակը, որ էր օգնել գյուղացուն, դժար կացությունից ելնելու:

Դուք, երևի, կամենում եք նրա պարտքն առնել ձեր վրա՞, — հարցրեց պաշտոնյան, լավ չըմբռնելով Կամսարյանի խոսածը:

Ոչ, ես իմացա, որ պարտատիրոջ պահանջն անարդար է, այդ պատճառով կամենում եմ, որ մասնավոր կարգով քննության առնենք այդ խնդիրը:

Այդպիսի քննության ես, դժբախտաբար, չեմ կարող մասնակցել և դա գործնական հետևանք էլ չի ունենալ: Որովհետև պարտատերը ներկայացրել է ինձ դատարանից առած օրինավոր հրամանագիր (կատարողական թերթ) և հայտնելով, որ պարտապանը հոժարությամբ չէ վճարում յուր պարտքը, պահանջում է վեր գրել նրա ստացվածքը և աճուրդով վաճառել. ես չեմ կարող օրենքի հրամանը չկատարել:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Next Last