Մուրացան՝   Չհաս է

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Next Last

Ես գազան չեմ, օրիորդ, ոչ էլ մարդկային դժբախտություններին սառնությամբ նայելու ընդունակ, ես էլ իմ սրտում կրում եմ մի զգայուն սիրտ, որ մորմոքվում է ձեր այդ խոսքերով, որ դողում է ձեր ապագայի վերա... ես խոսեցի ձեզ ուրիշների համոզմունքի մասին և ոչ իմ. այն ժողովը, որ գումարվել էր ձեր բախտը որոշելու համար, ես նրան դատապարտեցի դեռևս չգումարված:

Ուրեմն դուք համաձայն չե՞ք մյուս քահանաների հետ, — կարծես ուրախանալով հարցրեց տ. Հռիփսիմեն:

Իհարկե ոչ:

Էհ, ուրեմն դուք կարող եք պսակել մեր որդիներին, — միամտաբար նկատեց տիկինը:

Բայց ինձ պետք է հրաման տան դրա համար... հակառակ դեպքում ինձ կարգալուծ կանեն, իսկ ձեր որդիների պսակը կլուծեն:

Տեր հայր, որ ես սիրում եմ այս աղջկանը, այս հաստատ է, — լրջորեն խոսեց Պետրոսը, — որ ես չեմ բաժանվիլ սրանից, թեկուզ ամբողջ դժոխքը զինվի իմ դեմ, այս ավելի հաստատ է. ուրեմն ձեզ մնում է հասկացնել ձեր պաշտոնակիցներին, որ նրանք պետք է ինձ հրաման տան պսակվելու, առանց հապաղման, ես այդ չեմ խնդրում նրանցից իբրև շնորհ, այլ պահանջում եմ իբրև իրավունք, որովհետև երբ ես սիրում եմ մի աղջկա, որ իմ հարազատ արենառուն չէ ոչ մոր, ոչ հոր, ոչ եղբոր և ոչ քրոջ կողմից, և երբ այդ աղջիկն էլ ինձ է սիրում, երբ մենք երկուսս միասին մեր կյանքը, մեր բախտը և երջանկությունը մեր միության մեջ ենք գտնում, մենք պետք է ամուսնանանք, սա մի արդար և բնական օրենք է: Հետևապես ոչ մի դեպքում և ոչ մի պայմանով ես չպիտի հնազանդեմ այդ քահանաների քմահաճ վճռին: Թող նրանք իրենք որոշեն, թե ո՞րն են գերադասում, հրաման տալ ինձ պսակվելու, թե ստիպել ինձ օտար եկեղեցու գիրկը դիմելու, որովհետև ես իմ հարսնացուից բաժանվելու միտք չունիմ:

Պետրե, Պետրե, այդ ի՞նչ ասացիր դու, միթե հավատամ ես իմ ականջներին... — կարծես քնից սթափվելով բացականչեց օրիորդը. — այդ դու ասացիր, թե օտար եկեղեցու գիրկ կդիմես... ետ առ խոսքդ, ետ առ, ապա թե ոչ ես այս րոպեից արդեն կարհամարհեմ քեզ...

Էլ ուրիշ ի՞նչ ելք է մնում ինձ, Աստղիկ, մի՞թե կարող եմ ես բաժանվել քեզանից...

Դու ինքդ մոռացել ես քեզ, Պետրե, այդքան թուլություն ես քեզ չեմ ներում, — կրկնեց օրիորդը, — եթե դու չես կարող բաժանվել մի աղջկանից, որին սիրում ես, ինչպես կարող ես ուրեմն բաժանվել այն եկեղեցուց, որ քեզ ծնել և սնուցել է, ինչպես կհամարձակվես անարգել այն եկեղեցին, որ քո ազգի միակ հույսը և ապավենն է, միակ հարստությունը և պարծանքն է, որին պահպանելու համար քո նախահայրերը արյուն են թափել, ընտանիքներ են զոհել, իսկ դու, օհ, ամաչում եմ ասել դու մի աղջկա սերն անգամ դժվարանում ես զոհել... Եվ ի՞նչ, դու կարծում ես, թե ես այնքան ստոր կլինեմ, որ դարձյալ կշարունակեմ սիրել քեզ, երբ կտեսնեմ քեզ հայ եկեղեցուց օտարացած: Մի սխալվիր, Պետրե. կանայք դյուցազներին են սիրում, գաճաճների համար նրանք սիրտ չունին...

Բայց ի՞նչ ես հրամայում ինձ որ անեմ, Աստղիկ, այն օրը, որ կվճռվի իմ և քո բաժանումը, այն օրը էլ ես չպիտի շնչեմ այս աշխարհի օդը...

Ես դեռ իմ հույսը չեմ կտրում, իսկ դու որ տղամարդ ես, ինձանից ավելի քաջություն պիտի ունենաս: Մենք դեռ կաշխատենք անիրավ ճակատագրի դեմ մաքառելու. եթե մեզ բախտը չի հաջողիլ, այն ժամանակ կմտածենք, թե ինչ պիտի անենք, եկեղեցուց վրեժ առնելու իրավունք չունինք: Ինչ կլինի մեր դրությունը, եթե ամեն մի դժգոհը օտար եկեղեցու գիրկը վազե: Միթե հայ եկեղեցին պատասխանատու է յուր պաշտոնյայի անիրավություններին: Եթե մենք զարգացածներս քաջություն չունինք փորձությունների ժամանակ մեր եկեղեցուն հավատարիմ մնալու, ի՞նչ իրավունքով ենք մենք սինլքոր խուժանը դատապարտում... Եթե քո եկեղեցու օրենքը հրամայում է քեզ մեռնել, մեռի՛ր, և ամոթ մի՛ բերիլ նրան, այս է դյուցազնական ազնվությունը և այս բարեմասնության տիրապետը միայն իրավունք ունի սիրելու

Պետրոսը գլխիկոր լսում էր սիրուհուն, և երբ նա ավարտեց, բարձրացրեց աչքերը, նայեց նրա դեմքին, որ այդ րոպեին վառվում էր վարդագույն կրակով և մեղմ ձայնով ասաց.

Քո հանդիմանությունները իրավացի են, Աստղիկ, իմ խոսածները արդարև հիմարություններ էին. ես ներողություն եմ խնդրում: Երբ մարդ անձնատուր է լինում բարկության, շատ հազիվ է պատահում, որ նա իմաստուն վճիռներ դնե: Իհարկե, ես այդ խոսքերը ասացի միայն ասելու համար, ապա թե ոչ խոսքից մինչև գործը անցնելը բավական ճանապարհ կա և քիչ է պատահում, որ զայրույթի սաստկությունից անզգայացած խոհականությունը չզարթնի այդ ճանապարհի վերա: Միթե հավատում ես, թե ես կստորանայի այդ աստիճան, քանի որ ստորանալուց առաջ կարելի է պատվով հրաժեշտ տալ աշխարհինՈւրեմն թող բուժվին քո զգացմունքները, եթե ես անխոհեմաբար վիրավորել եմ նրանց:

Դու միշտ նույն սիրտն ունիս, Պետրե, մի վայրկյան անգամ ես իրավունք չունեի նրա ազնվության վերա կասկածելու, ուրեմն դու էլ ինձ ներիր, որ ես սառնությամբ հանդիմանեցի քեզ:

Աստված ձեզ երկուսին միմյանց համար է ստեղծել, — խոսեց վերջապես և տեր Գարեգինը, որ մինչև այն լուռ նստած լսում էր երկու սիրահարների խոսակցությունը. — մարդիկ իզուր են աշխատում բաժանել ձեզ միմյանցից: Ես հոժարությամբ կզոհեի ձեր բախտավորության համար իմ քահանայական կոչումը, եթե գիտենայի, թե չարասիրտ մարդիկ դարձյալ չեն խանգարիլ ձեր երջանկությունը:

Ո՛չ, ով որ նշանակված է զոհվելու, նա ինքն էլ կզոհվի, — նկատեց Աստղիկը. — դուք պարտավոր եք անկորուստ պահել այն հարստությունը, ինչ որ ձեր սեփականությունը էլ, այլ ձեր ընտանիքի, մենք ձեր բարյացակամությամբն էլ գոհ ենք արդեն:

Այսուամենայնիվ ես իմ բոլոր ուժս գործ կդնեմ, որ այս արժանավոր միությունը չխափանվի, — ասաց տեր Գարեգինը տեղից վեր կենալով, — իսկ եթե իմ ուժս չի բավականանալ, այն ժամանակ արդեն...

Ա՛յն ժամանակ մենք կհանձնենք մեզ ճակատագրի կամքին... — վճռական ձայնով ավելացրեց Պետրոսը և տեր Գարեգինի հետ միասին դուրս եկավ տնից:

ԼԲ

ԲԱՐԵԿԱՐԳՉԻ ՏՎԱԾ ԽՈՐՀՈԻՐԴԸ

Պետրոսը տեր Գարեգինի հետ միասին տնից դուրս գալով մտադիր էր ուղղակի առաջնորդին դիմելու նրանից վերջնական պատասխան առնելու համար, որովհետև Սրբազան հայրը խոստացել էր նրան այդ առավոտը ևեթ յուր վճիռը տալու:

Իմ կարծիքով քո Սրբազանի մոտ գնալը զուր աշխատանք է. ինչ որ բարեկարգիչն է ցանկանում, նույնն էլ Սրբազանը պիտի որոշե, — ասաց տեր Գարեգինը Պետրոսին, երբ նրանք մի քանի քայլ տանից հեռացան, — ավելի լավ է բարեկարգչի հետ տեսնվել և նրա հետ համաձայնություն կայացնել:

Չեմ հասկանում ձեզ, ի՞նչ կնշանակե, թե Սրբազանը բարեկարգչի ցանկության համաձայն պիտի իմ գործը որոշե, մի՞թե առաջնորդն ու բարեկարգիչը փոխել են իրենց դերերը, թե իշխանավորի կամքը յուր ստորադրյալ ծառան է կառավարում:

Այդ հարցին ես բացորոշ պատասխան տալ չեմ կարող, այսքանը միայն կասեմ, որ քո պսակի հրամանագիրն ուշանում է և ոչ թե մերժվում, և ուշանում է փողի պատճառով, իսկ փողը որչափ բարեկարգչի մոտ է հարգի, նույնն էլ առաջնորդի մոտ...

Փողի պատճառո՞վ, մի՞թե, դրա վերա ես մինչև անգամ չեմ մտածել:

Իսկ ես մտածել եմ. պսակի գործերը միշտ կապ ունեն դրամական հաշիվների հետ:

Հասկանում եմ ձեզ. բայց մի՞թե ես այդ աստիճան կստորացնեմ ինձ... միթե այդ ճանապարհով պսակի հրամանագիրը կստանամ ես. — երբեք, եթե մեր միությունը փողով կարող է հաս լինել, ուրեմն առանց փողի էլ նա հաս պիտի լինի, ինչ կնշանակե օրը ցերեկով հարստահարել այն մարդուն, որ տգետ ամբոխի անդամը չէ և կամով կուրանալ չէ կարող, տեր աստված, «եթե ընդ դալար փայտ զայս առնեն, չորն զինչ լինիցի...»:

Դու առաջինը չես, որ այդպես ես խոսում, Պետրե, քեզ նման շատերն են խոսացել, բայց ի վերջո բոլորն էլ «կակղել կերել են»: Ես ինքս, որ ամեն գաղտնիքների հետ ծանոթ եմ, շատ եմ աշխատել արմատախիլ անելու այդ ախտը մեր քահանաների միջից, երբեմն քաղցրությամբ քարոզելով, երբեմն խստությամբ հանդիմանելով, բայց իմ բոլոր աշխատանքը, իմ քարոզներն ու հանդիմանությունները եղել են «ձայն բարբառոյ յանապատի...»: Հոգևորականությունը այս հիվանդությունից ազատելու համար շատ քիչ են մասնավոր մարդկանց բարի ցանկությունները, խրատներն ու քարոզները, որովհետև գետակը ակունքների մոտ է պղտորված...

Բայg ես չեմ կամենում շատերի ընկերը լինել, ես կամ պիտի ստանամ իմ պսակի հրամանագիրը առանց կողմնակի վարձատրությունների, և կամ պիտի դատվիմ հրապարակի վերա իմ բոլոր հակառակորդների հետ միասին:

Անփորձ ես, Պետրե, անփորձ ես, արա այն, ինչ որ ես քեզ խորհուրդ եմ տալիս, ապա թե ոչ, ամեն տեղ էլ դու քո դատը կկորցնես:

Թո՛ղ ուրեմն այս խնդրում փորձվիմ, — պատասխանեց Պետրոսը և ողջունելով տեր հորը ուղղեց քայլերը դեպի առաջնորդարան:

Դեռ նոր էր նա առաջնորդարանի բակը մտնում, երբ նրան պատահեց հայր բարեկարգիչը:

Ողջույն ձեզ, Պետրոս-բեկ, ո՞ւր եք շնորհ տանում, — հարցրեց նա Պետրոսին, գրեթե նրա առաջը առնելով:

Սրբազանի մոտ:

Ինչո՞ւ համար, երևի համաձայն Սրբազանի խոստման, գնում եք ձեր պսակի հրամանագրի մասին նրա վճիռը լսելու:

Այո, հենց դրա համար եմ գնում:

Սրբազանը տկար է և ոչ ոքին չէ ընդունում յուր մոտ, բայց ձեր գործի մասին նա արդեն յուր գրավոր հրամանը ուղարկել է ինձ. ահա՛ այդ հրամանը, կարող եք կարդալ, — այս ասելով նա հանեց ծոցից Սրբազանի հրամանագիրը և տվեց Պետրոսին:

Երիտասարդը արագությամբ աչքի անցրեց բոլոր գրվածքը և զայրույթից գույնը նետեց: Սրբազանը, ի միջի այլոց, գրում էր բարեկարգչին, «Խստագույնս հրամայեմք ոչ թույլատրել ումէք ի քահանայից պսակել զՊետրոս Մարալեան ընդ Աստղկան Սարգսեան, վասն մերձաւորագոյն ազգականութեանն՝ որ ի նոսա...»:

Եվ սրանով ամեն բան վերջանո՞ւմ է, — զայրացած հարցրեց Պետրոսը բարեկարգչին, երբ հրամանագրի ընթերցումը ավարտեց:

Գրեթե ամեն բան:

Եվ ես չպետք է պսակվի՞մ իմ հարսնացուի հետ:

Իհարկե ոչ:

Եվ այդ դուք հնարավո՞ր եք համարում:

Եթե այդպես չլիներ, Սրբազանը այդ հրամանը չէր գրիր:

Պետրոսը լռեց, նա բարկությունից դողում էր ամբողջ մարմնով, բայց ինչ կարող էր անել, ում կարող էր բողոքել: Եվ միթե նա ուժ և ժամանա՞կ ուներ դրա համար, կամ կարող էր արդյոք հուսալ, թե յուր այդ բողոքով դատը կվաստակի: Նա հիշեց տեր Գարեգինի խոսքը. «Քո պսակի հրամանագիրը ուշանում է և ոչ թե մերժվում...» և համոզվեցավ, որ պետք է բարեկարգչի հետ համաձայնություն կայացնել «Անտեղի ճշմարտությունն էլ շատ անգամ գործի խանգարման պատճառ է դառնում, — մտածեց նա ինքն իրեն. — բայց որտեղից էր նրան նույնիսկ նյութական կարողություն, որ նրա շնորհիվ յուր հակառակորդների սիրտը ամոքել կարողանար նա: Այս էլ ուշադրության արժանի խնդիր էր: Այսուամենայնիվ երիտասարդը որոշեց տեր Գարեգինի խորհրդին հետևել, գոնե հակառակորդների բուն դիտավորությունը հասկանալու համար:

Տեր հայր, դուք երևի չեք ուրանալ, որ մեր քահանաները մինչև այժմ հարյուրավոր չհաս պսակներ են կատարել և այսուհետև էլ կկատարեն, եթե հարկը պահանջե, — դարձավ Պետրոսը բարեկարգչին. դուք չեք ուրանալ նույնպես, որ իմ պսակի առթիվ քահանաների ցույց տված ընդդիմությունը ջերմեռանդ օրինասիրությունից չէ բխում, ուրեմն հայտնեցեք ինձ անկեղծությամբ, ինչո՞ւ համար են նրանք մեր միությանը ընդդիմանում, և ինչով կարող եմ ես այդ ընդդիմությունը վանել:

Բարեկարգիչը զգուշությամբ նայեց չորս կողմը, բռնեց Պետրոսի ձեռքից և տանելով նրան դեպի բակի անկյունը, խորհրդավոր եղանակով ասաց.

Ես ձեզ հետ մոտիկ ծանոթ չեմ, Պետրոս-բեկ, որովհետև դուք միշտ այստեղ չեք եղել, բայց շատ լավ ծանոթ եմ օրիորդ Աստղիկի հետ և բոլոր սրտով հարգում ու պաշտում եմ նրան, իբրև մեր դպրանոցի մի աննման աշխատավորին, իբրև մի ընտիր վարժուհու և իբրև ընտրելագույն դաստիարակչի: Նրան բախտավորացնելու համար, ես ոչ իբրև մասնավոր անձն, այլ իբրև քահանա և հասարակաց գործի, հանձն կառնեի ամեն զոհաբերություն որպեսզի մեր մանուկների այդ պահպանման հրեշտակը կարելվույն չափ ուրախ ապրելով ավելի սիրտ և ժամանակ ունենար յուր սիրած գործին անձնվիրաբար ծառայելու: Եվ ահա հենց այդ պատճառով ես չէի ցանկանալ, որ ձեր ամուսնությունը խախտվեր, որովհետև դրանով խեղճ օրիորդի սիրտը կխոցոտվեր և այդպիսով նա յուր արդյունաշատ գործունեության ասպարեզը կլքաներ...

Եթե դուք այդ բոլորը գիտեք, արժանապատիվ հայր, ինչո՞ւ ուրեմն չեք օգնում այդ օրիորդին յուր սիրելի նպտակին հասնելու, — ջերմությամբ ընդհատեց քահանային Պետրոսը:

Չեմ օգնո՞ւմ, և մի՞թե այդպես բան ասել են ձեզ:

Ձեր մասին ես վատ բան լսած չեմ, բայց և այնպես հետաքրքիր է ինձ համար իմանալ, թե արդյոք աշխատել եք դուք երբևիցե հօգուտ մեր այս գործին:

Այո, բարեկամ, աշխատել եմ, և այժմ էլ աշխատում եմ անդադար, բայց իմ աշխատանքը վատնվում է իզուր, որովհետև Սրբազանը խիստ անողոք է օրինասիրության մեջ. նա մի անգամ լսել է քահանաների զեկուցումը և պահանջում է համաձայն այդ զեկուցման օրենքը պահպանվի:

Ուրեմն պետք է կորցնել ամեն հույս, ուրեմն էլ չպիտի կարողանանք մենք պսակվել:

Ոչ, դեռ հույս կա, հարկավոր է միայն այս անսիրտ քահանաների ձեռքը յուղոտել...

Կաշառե՞լ, միթե դուք ինձ այդ բանին ընդունակ եք համարում:

Այդ բառը շատ կոշտ է հնչում, բայց նրա գործադրությունը ինքնըստինքյան դժվարություններ չէ ներկայացնում, մի՛ խորշեք դուք այդ բառից, ամեն երկրում, ամեն շրջաններում կաշառքը ապրել է. պետք է ցավել, իհարկե, որ նա մուտ է գործում և այն դասակարգի մեջ, որը իսկապես արդարության պաշտպանը պիտի լիներ, բայց ինչ կարող ենք անել, քանի որ այդ սրբազան կոչումը ստանձնողները երբեք պարտուպատշաճ պատրաստությամբ չեն մոտենում նրան: Կամա-ակամա մենք պիտի հնազանդինք ճակատագրին, քանի որ նրան մեզ հնազանդեցնել չենք կարող: Մյուս կողմից էլ մեր քահանաների նյութական վիճակը շատ աննախանձելի է. նրան բարվոքելու համար մտածող ու հոգացող չկա. այդ պատճառով իրենք քահանաները աշխատում են հարմար առիթից օգուտ քաղել: Մի դատապարտեք նրանց, գոյության խնդիրը ուշադրության արժանի խնդիր է. ինչով կարող ես գոհացնել հաց խնդրող մանուկին, և ինչո՞վ ցրտի առաջ դողացող մերկանդամ որբուկին...

Ուրեմն ինչ պիտի անեմ ես ձեր կարծիքով:

Անվազն մի հազար ռուբլու նվեր պիտի անես այդ անօգնական թշվառներին:

Հազա՛ր ռուբլու, բայց որտեղից է ինձ այդքան գումար:

Բարեկարգիչը ծիծաղեց:

Դուք երևի չէք հավատում ինձ:

Ներեցեք, իհարկե՞ ոչ:

Բայց ես նույնչափ աղքատ եմ, որչափ ձեր քահանաներից յուրաքանչյուրը, ես էլ իմ ողորմելի ռոճիկով եմ ապրում:

Բայց չէ որ դուք հարուստ հորեղբայր ունիք:

Այո՛, ես հո այդ չեմ կարող թաքցնել, բայց նա արտաքսեց ինձ յուր տնից, որովհետև ես չընդունեցի նրա առաջարկությունը՝ Խալաթյանի աղջկա հետ ամուսնանալու:

Ճշմարի՞տ:

Միթե կարո՞ղ եմ ես այդքան անամոթաբար ստել:

Բայց քահանաները այդ չգիտեն:

Դուք կարող եք նրանց հայտնել:

Անկարելի է, չեն հավատալ:

Բայց մի բան, որ ճշմարիտ իրողություն է:

Չես կարող հավատացնել, նրանք կկարծեն, թե դիտմամբ ենք այդ բանը հնարեր

Բայց չե՞ն տեսնիլ, որ ես իմ հորեղբոր տանը չեմ ապրում:

Այդ դեռ չէ կարող ապացուցանել, որ հորեղբայրդ արտաքսել է ձեզ յուր տնից:

Ի՞նչ պետք է անեմ ես ուրեմն:

Եթե օր. Աստղիկի ընկերությունը թանկ է ձեզ համար, դուք պետք է իմ խորհրդին հետևեք:

Բայց ես հնար չունիմ, ասացի:

Անկարելի է, սիրելի բարեկամ, դուք գոնե ի սեր ձեր ապագա երջանկության պիտի աշխատեք այդ գործը գլուխ բերելու: Գնացեք ձեր հորեղբոր մոտ, ներողություն խնդրեցեք նրանից, հաշտվեցեք նրա հետ և նա անշուշտ կօգնե ձեզ:

Իմ հորեղբոր մո՞տ... ավելի շուտով ես դժոխք կերթամ, — զայրացած պատասխանեց Պետրոսը և առանց յուր խոսակցին ողջունելու հեռացավ նրանից:

Չմոռանաք իմ խորհուրդը, Պետրոս-բեկ, չմոռանաք իմ խորհուրդը, — ձայն տվեց երիտասարդի հետևից բարեկարգիչը և վերադարձավ առաջնորդարան:

ԼԳ

ՍՐԲԱԶԱՆԻ ԲԱՌԱՐԱՆԸ

Վերադառնալով տուն՝ Պետրոսը հայտնեց յուրայիններին, որ առաջնորդը արդեն վերջնական հրաման է արձակել իրենց պսակը արգիլելու համար և պատմեց բարեկարգիչ հոր խոստովանաբար իրեն հետ խոսածները և նրա տված խորհուրդները:

Երկու լուրերն էլ հուսահատեցնելու չափ տխրեցրին Աստղիկին: Մինչև այն, նա հույս էր տածում յուր սրտում, թե գուցե դեռ կհաջողվի տեր Գարեգինին հրաման ստանալ օրինական ճանապարհով, որովհետև վերջին անգամ նա ասաց, թե «ես իմ բոլոր ուժս գործ կդնեմ, որ այս արժանավոր միությունը չխափանվի», բայց այժմ այլևս հույս չմնաց, թե նա կկարողանար օգնել գործի հաջողությանը, որովհետև առաջնորդը արձակել էր արդեն յուր անդարձ հրամանը: Բարեկարգչի տված խորհուրդը, ճշմարիտ է, աներկևան էր կացուցանում գործի հաջողությունը, բայց օրիորդը մի վայրկյան անգամ չէր կարողանում հավատալ, թե Պետրոսը թույլ կտար իրեն երբևիցե այդ ճանապարհով հաջողություն ձեռք բերելու, մանավանդ որ մեջտեղ հորեղբայր Թովմասի հետ հաշտվելու խնդիրը կար, որ ինքնըստինքյան մի անիրագործելի առաջարկություն էր:

Բայց տիկին Հռիփսիմեի վերա բոլորովին հակառակ ազդեցություն արավ Պետրոսի հայտնությունը. նա շատ ուրախացավ լսելով բարեկարգչի տված խորհուրդը:

Այդ մի շատ խելոք առաջարկություն է, Պետրե, — ասաց տիկինը որդուն, — դու պետք է անպատճառ հաշտվես քո հորեղբոր հետ: Ես վաղուց գիտեի, որ այս գործը փողի պատճառով է ուշանում: Տեսնում ես բարեկարգիչը ինքն է քեզ յուր միտքը բացարձակ հայտնելու, ուրեմն այժմ քեզ ուրիշ ոչինչ չէ մնում, բայց եթե ուղղակի գնալ Թովմասի մոտ, հայտնել նրան քո դրությունը և օգնություն խնդրել նրանից: Թովմասը, ճշմարիտ է, բարկացկոտ մարդ է, բայց նա միևնույն ժամանակ շուտ զղջացող է: Մեր մի քանի բարեկամներին արդեն նա խոստովանել է, որ շատ է ցավում յուր անսիրտ արարմունքի վերա և պատրաստ է մեզ հետ կրկին հաշտվելու, եթե միայն մենք կդիմենք նրան:

Հաշտվել Թովմասի հետ, այդ ի՞նչ խորհուրդ ես տալիս ինձ, մայրիկ, — վշտացած խոսեց Պետրոսը. — մի՞թե կարող եմ ես այս աստիճան ստորացնել ինձ, դու երևի մոռացել ես քո տագեր կոպիտ խոսքերը. — «Այսօր ևեթ թողեցեք դուք իմ տունը երբեք էլ այստեղ ոտք չդնելու պայմանով», այսպես հրամայեց նա մեզ և անխղճաբար դուրս արավ նա յուր տնից, և այդ այն ժամանակ, երբ մենք մի օգնական և ապավեն չունեինք, երբ ես իմ գրպանում մի հատիկ սև փող չունեի... Այժմ դու կամենում ես, որ ես հաշտվիմ նրա հետ, մի՞թե ամոթ չկա իմ երեսին, թե իմ պատվասիրությունը վաճառել եմ ես փողոցում... Չէ, մայրիկ, չէ, ես Թովմասի հետ հաշտվող չեմ. ուրիշ օգտավետ խորհուրդ թե գիտես, տուր, ես կլսեմ քեզ. բայց հաշտվել իմ հորեղբոր հետ, երբե՛ք:

Ի՞նչ պիտի անես ուրեմն. պի՞տի բաժանվես քո հարսնացուից, — հարցրեց տ. Հռիփսիմեն:

Իհարկե՞ ոչ:

Բայց որ հրամայում են քեզ բաժանվել:

Հրամայում են, բայց չեն ստիպում, ուրեմն քանի որ դեռ ուժ ունիմ ես կմաքառեմ իմ հակառակորդների դեմ. երբ այդ ուժը կսպառի և հակառակորդները կստիպեն ինձ իմ հարսնացուից բաժանվելու, այն ժամանակ կմտածեմ ինձ ստորացնելու վերա:

Հռիփսիմեն վատ խուրհուրդ չէ տալիս քեզ, Պետրե, լսի՛ր նրան, — նկատեց տ. Եղիսաբեթը. — քո հորեղբոր հետ հաշտվելով, դու բոլորովին չես ստորացնում քեզ, որովհետև հորեղբայրը օտար չէ և եթե մինչև անգամ ներողություն խնդրելով ձեռք բերես դու այդ հաշտությունը, դարձյալ դու քեզ ոչնչով ստորացրած չես լինիր:

Չէ, մայրիկ, երբ մեջտեղ փող խնդրելու հարց կա, անկարելի է արդեն, որ այդ հաշտությունը տեղի ունենա, — նկատեց Աստղիկը, — ես ինքս անգամ խորհուրդ չեմ տա Պետրոսին հաշտվելու այդ դեպքում յուր հորեղբոր հետ. ինչ լինելու է, թող լինի, մուրանալով բախտավորվիլը հավասար է մի դժբախտության...

Շնորհակալ եմ, Աստղիկ, — զգացված պատասխանեց Պետրոսը, — դու խոսում ես այն՝ ինչ որ իմ հոգին է մրմնջում. այս անել դրության ժամանակ, երբ մոտալուտ թշվառության երկյուղը սպառնում է սրտիս մեջ հուսո վերջին նշույլները, քո այդ խոսքերը մխիթարում են ինձ: Ես էլ չեմ վախենում ապագա դատապարտությունից, որովհետև դու արդեն ներում ես ինձ, որ ես անսիրտ մարդիկներից բախտ չեմ մուրանում...

Ես մինչև անգամ գովում եմ քո վարմունքը, — նկատեց օրիորդը. — պատվասիրությունն էլ մի առաքինություն է, մանավանդ եթե մարդ յուր ընկերին վնասելու գնով չէ ապահովում նրան:

Եվ դու, ես կարծում եմ, քեզ ինձանից բաժանված մի ընկեր չես ընդունում, այնպես չէ՞:

Քավ լիցի. այդ զոհաբերությամբ դու պահպանում ես նաև իմ պատիվը:

Ուրեմն վճռված է. ես իմ հորեղբոր հետ նոր հաշիվ չպիտի ունենամ...

Այս որոշումից ետ անցան մի քանի օրեր: Պետրոսը տեր Գարեգինի խորհրդով կրկին անգամ դիմեց Սրբազան առաջնորդին, խնդրելով նրան հետ վերցնել յուր վճիռը և հրաման տալ իրեն պսակվելու: Սրբազանը բացեիբաց մերժեց նրա խնդիրը, առարկելով, թե մի անգամ արդեն հրաման արձակելուց ետ այլևս չէ կարող հակառակ կարգադրություն անել: Բայց խորհուրդ տվեց Պետրոսին առանձին-առանձին համոզել քահանաներին և նամանավանդ բարեկարգչին. որ նոր համախոսություն կայացնեն իրենց մեջ և առաջարկեն այն իրեն Սրբազանին. «Այս ճանապարհով գո՞ւցե կարողանամ նորեն շտկել գործը». — խորհրդավոր ակնարկությամբ ասաց նրան Սրբազանը:

Բայց Պետրոսը այս խորհրդի բուն միտքը չհասկանալով, բավականացավ միայն քահանաներին նորեն հին խնդիրը կրկնելով: Եվ որքա՛ն մեծ եղավ նրա ուրախությունն ու զարմանքը, որ քահանաներից ոչ ոք ընդդեմ չցույց տվեց իրեն Պետրոսի ցանկությանը:

Տեր Հովսեփը մեծ պատվով ընդունելով Պետրոսին, ասաց, որ ինքը առաջին օրն իսկ հորդորել է տեր Սարգսին ու տեր Գարեգինին մասնավոր զիջումներ անել իրար և գործը գլուխ բերել մի կերպ, և այժմ շատ ցավում է, որ տեր Սարգսի համառությունը դժվարացրել է գործի դրությունը: Այսուամենայնիվ «Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել համախոսական թղթի վերա, — ասաց նա, — եթե մյուս քահանաներն էլ կհամաձայնվեն ինձ ընկերանալու»:

Տեր Օհանեսը հայտնեց, որ ինքը ոչ միայն դատապարտում է քահանայական ժողովի վճիռը, այլ մինչև անգամ զարմանում է Սրբազանի միամտության վերա, որ նա տեր Սարգսի սուտ օրինասիրությանը համակերպելով, վեցերորդ սերնդի մեջ չհասություն է որոնում և համաձայն այդ մերժման հրաման արձակում: «Մի րոպե անգամ ես չեմ դանդաղիլ իմ ստորագրությունը տալու, — ասաց նա վճռական եղանակով, — եթե մյուս քահանաներն էլ կհամաձայնվեն ինձ հետ»:

Տեր Խաչատուրը, որ Պետրոս-բեկին ընդունելու համար մինչև սանդուղքի վերջին աստիճանն էր իջել, անկեղծաբար խոստովանեց, որ ինքը պատրաստ է մինչև անգամ Վեհափառի առաջ Պետրոս-բեկի իրավունքը պաշտպանելու, ըստ որում եկեղեցական պատմությունից անգամ օրինակներ գիտեր, որ հայոց եկեղեցին վեցերորդ սերնդի մեջ չհասություն չէ ճանաչում և որ տեր Սարգսի արածը թշնամական մի գործ է ընդունում: «Բայց և այնպես, դժվար է առաջնորդի հրամանին ընդդիմանալ, — ասաց նա, — որովհետև այս Սրբազանը մի քիչ խիստ և մի քիչ էլ բարկացկոտ է: Այսուամնայնիվ, եթե մյուս քահանաները կհոժարին նոր համախոսական թուղթ ստորագրելու, ես իմ ստորագրությունը երկու ձեռքով կտամ նրանց», — ավելացրեց տեր հայրը:

Տեր Ստեփանը մինչև անգամ հայտնեց, թե այս բոլոր դժվարությունները փող կորզելու նպատակով են առաջ բերում քահանաները և թե այսքան անողոք չէին լինի Պետրոսի վերաբերությամբ, եթե նա հարուստ հորեղբայր չունենար, «Բայց ես մասնակից չեմ դրանց մեղքերին, — ասաց նա մի անշահասեր քահանայի անկեղծությամբ, — ում ինչ կամենում ես, տուր, որդի, ես պահանջող մարդ չեմ. և չեմ էլ վարանիլ իմ սեփական ձեռքով ձեր պսակի հրամանագիրը ստորագրելու, միայն թե այդ հրամանագիրը ինձանից առաջ ստորագրած լինին գոնե չորս կամ հինգ քահանաներ»:

Սակայն հայր բարեկարգիչը հասկացրեց Պետրոսին, որ քահանաները միայն իրեն հաճոյանալու համար են այդպիսի պատասխաններ տվել և թե նրանք երբեք էլ չեն ժողովվիլ միասին համախոսական թուղթ ստորագրելու. — «Մինչև անգամ եթե այդ չորս քահանաները համաձայնվին, — ավելացրեց բարեկարգիչը. — այսուամենայնիվ տեր Սարգիսը, որ գլխավոր հակառակորդն է, երբեք չպիտի համաձայնի, որովհետև նա այդ հակառակության մեջ մյուս քահանաներից ավելի ընդարձակ շահեր ունի»:

Ի՞նչ ընդարձակ շահեր, — հետաքրքրությամբ հարցրեց Պետրոսը:

Այդ մի գաղտնիք է, որ ես այսօր ձեզ բանալ չեմ կարող:

Բայց եթե ձեզ ազնիվ խոսք տայի ոչ ոքին այդ մասին ոչինչ չխոսելու:

Այն ժամանակ դարձյալ ես չէի կարող ձեր հետաքրքրությունը գոհացնել:

Ի՞նչ է պատճառը, որ դուք այդ աստիճան պաշտպանում եք նրան:

Պաշտպանել երբեք, բայց մենք վախենում ենք նրանից որովհետև նրա համեստ կերպարանքի տակ դևերն են գործում: Եվ եթե դուք կարողանայիք միմիայն նրան համոզել չհակառակել ինձ, այն ժամանակ ես կխոստանայի ավարտել այս գործը մինչև անգամ առանց ձեզանից մի սև փող խնդրելու:

Եթե այդպես է ես խոստանում եմ նրա գրավոր համաձայնությունը բերելու ձեզ:

Այն ժամանակ ես էլ ձեր պսակի հրամանագիրը անհապաղ կհանձնեմ ձեզ:

Պետրոսը ուրախացավ բարեկարգչի այս նոր խոստմունքով և դիմեց տեր Գարեգինին, այս նորության համար նրանից խորհուրդ հարցնելու:

Բարեկարգիչը շատ ճշմարիտ խոսք է ասել քեզ, — նկատեց տեր հայրը Պետրոսին, երբ սա հաղորդեց նրան յուր նորությունը. — տեր Սարգիսը այն քահանաներից մինն է, որոնք օրենքը գործ են ածում իբրև զենք, ոչ թե հանցավորները պատմելու, այլ անձնական շահերը պաշտպանելու համար: Նրա համար նշանակություն չունի, թև ով ինչպես է դժբախտանում, կամ թե՝ յուր ժողովրդականներից մինը ի՞նչպես կարող էր յուրմով բախտավորվիլ. նա հետազոտում է միայն եկամտի ճանապարհները և նրանց մեջ թակարդներ լարելով է զբաղված: Այսուամենայնիվ փորձիր նրա սիրտը ամոքել, — ավելացրեց տեր հայրը, — գուցե մի անգամ նա հաշտվում է յուր խղճի հետ:

Պետրոսը յուր քահանայի խոսքերից չհուսահատվեցավ և որոշեց վերջին անգամ տեսնվել տեր Սարգսի հետ: Միևնույն խորհուրդը տվին նրան և տ. Եղիսաբեթն ու Աստղիկը, որոնք սկզբից լավ համարում ունեին այդ քահանայի վերա և չէին կամենում վերջին դեպքերի առթիվ հեշտությամբ փոխել դրա մասին ունեցած իրենց համոզումը:

Բայց ճանապարհին պատահեց Պետրոսին Վարի-թաղի եկեղեցու հին սպասավոր և տեր Սարգսի մշտական թշնամի տիրացու Հակոբը, որի անունը մի անգամ առիթ ունեցանք հիշելու և որը Պետրոսին մի քանի կարևոր նորություններ պատմեց:

Տիրացու Հակոբը հայտնի էր յուր անողոք ճշմարտասիրությամբ, այդ պատճառով էլ բոլոր քահանաներից ավելի տեր Սարգիսն էր նրան ատում: Նույնիսկ առաջնորդը չէր սիրում նրան և հենց նրա ճշմարտախոսությունն էր պատճառը, որ ուղիղ երեսուն տարի նա տիրացություն էր անում Վարի-թաղի եկեղեցում և քահանա ձեռնադրվելու մասին յուր ղրկած բոլոր խնդիրները, որոնք միշտ ոչինչ խոստացող բնավորություն էին ունենում, մնում էին անպատասխան:

Բայց տեր Գարեգինը սիրում էր տիրացուին ինչպես ճշմարտախոս մարդու, այդ պատճառով էլ Պետրոսը մեծ հետաքրքրությամբ լսեց նրա պատմածները:

«Ես հիսունևհինգ տարեկան եմ, բարեկամ, բայց անիրավության քայլերը ճանաչելու համար դեռ չեմ կորցրել երիտասարդական ուշիմությունս, — այսպես սկսավ տիրացուն յուր ողջույնը: — Ամբողջ քաղաքի մեջ խոսում են մի շատ մերձավոր խնամության մասին, որը իբր թե ջերմեռանդ օրինասիրությունից դրդված արգելում է արժանապատիվ տեր Սարգիսը: Այդ զրույցը իհարկե, վերաբերում է ձեր և օր. Աստղիկի ամուսնության: Բայց հիմար գլուխներն են միայն տեր Սարգսին օրինասեր մարդ ճանաչում: Տիրացու Հակոբը ամեն բան դիտում և ամեն բան տեսնում է: Ես թեպետ դեռ չեմ կորցրել քահանայանալու հույսս, այսուամենայնիվ բացարձակ կքարոզեմ այն, ինչ որ հաստատ գիտեմ: Տեր Սարգիսը ընդդեմ էր ձեր ամուսնության երկու գլխավոր պատճառներով, որոնք վերաբերում էին յուր անձնական հաշիվներին: Դրանցից առաջինը զուտ շահասիրական էր, իսկ երկրորդը՝ վրեժխնդրական: Շահասիրականը այն էր, որ Մելքոն Խալաթյանը հինգ հարյուր ռուբլու գրավիչ վարձատրություն է խոստացել նրան այն մերժման հրամանագրի մասին, որը արձակել է արդեն Սրաբազանը ձեր պսակը արգիլելու համար: Այդ հրամանի պատճենը անցյալ օրը արժանապատիվ հայրը տարավ Խալաթյանին և ինչպես իմ մի մտերմից իմացա, ստացավ յուր արդար վարձատրությունը: Վրեժխնդրականը այն էր, որ դեռ երկու տարի առաջ տեր Սարգիսը մի անգամ յուր կես-ապուշ որդուն ղրկել էր օր. Աստղիկի տունը՝ օրիորդին տեսնելու և նրան հավանելու համար: Կեսապուշին ընդունել էին իբրև այցելու և այնպես էլ ճանապարհ դրել: Բայց հետո երբ տեր Սարգիսը անձամբ ներկայացել էր տ. Եղիսաբեթին և պաշտոնապես խնդրել նրա դստեր ձեռքը յուր խելոք որդու համար, նրան փառավորապես մերժել էին: Տեր Սարգիսը, իհարկե, ոչինչ դժգոհություն չէր ցույց տվել չհաջողված խնամուն ու հարսնացուին, մինչև այսօր էլ նա առերես նրանց բարեկամն է, բայց ուղտի ոխը նա պահել էր յուր սրտում: Եվ այսօր ահա՛ հարմար առիթից օգուտ քաղելով նա վրեժխնդիր է լինում յուր ստացած վիրավորանքին:

Ահա, սրանք են տեր Սարգսի օրինասիրության պատճառները, և ոչ թե օրենքը, որին նա երբեք հարգող չէ եղել:

Առաջին պատճառը ես գուշակում էի, երկրորդի մասին հիմա եմ լսում, այսուամենայնիվ ես էլի դիմում եմ նրա օգնությանը, — պատասխանեց Պետրոսը:

Ո՞ւմ, տեր Սարգսի՞:

Այո՛, որովհետև ես տեսնում եմ, որ բոլորը նրա հաճության են սպասում իրենց համաձայնությունը տալու համար:

Ինչ հաճություն, ինչ համաձայնություն. Սրբազանը արդեն արձակել է մերժման հրամանը:

Գիտեմ, կարդացել եմ, բայց ես կրկին գնացի Սրբազանի մոտ և նա ինձ ասաց, որ եթե աշխատեմ ամոքել քահանաների սրտերը և մանավանդ բարեկարգչինը, նոր համախոսական թուղթ ստորագրելու, ինքը կաշխատե կրկին գործը շտկելու:

Եվ դուք ուրեմն բոլորի սրտերը ամոքե՞լ եք, մնացե՞լ է տեր Սարգսինը:

Այո, բոլորն էլ համաձայն են իմ պսակի հրամանը ստորագրելու, միայն նրա համաձայնության են սպասում:

Տիրացու Հակոբը ծիծաղից թուլացավ:

Ի՞նչու համար եք ծիծաղում, տիրացո՛ւ, — զարմացմամբ հարցրեց Պետրոսը:

Նրա համար, որ դուք այդքան միամիտ եք:

Բայց ի՞նչ բանի մեջ է իմ միամտությունը:

Ի՞նչ բանի մեջ և դեռ հարցնում եք... Մարդ աստուծո, Սրբազանը քեզ յուր բերանով ասում է, գնա՛ ամոքիր քահանաների սրտերը և մանավանդ բարեկարգչինը, իսկ դուք խոսքով եք կամենում նրանց սրտերը ամոքելու, չծիծաղեմ, հապա ինչ անեմ:

Ինչո՞վ ուրեմն պիտի ամոքեի:

Փողով, հասկանո՞ւմ եք, փողով, քահանաների ինչին են պետք ձեր խոսքերը:

Ամոքել ուրեմն փող տալ կնշանակե՞:

Իհարկե՞, դեռ նոր եք իմանում այդ:

Խոստովանում եմ. այդպիսի բացատրություն իմ բառարանում չկա:

Սրբազանի բառարանումն էլ ձեր հասկացածը չկա:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Next Last