Մուրացան՝   Չհաս է

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Next Last

Պետրոսը մնաց շվարած, տիրացուի բացատրությունները մի նոր և անծանոթ աշխարհ բացին նրա առաջ, որտեղ առաջին անգամ ևս պատահեց յուր աշակերտակից Պահլավունուն. այդ րոպեին կարծես կրկին անգամ հնչեցին նրա ականջներին երիտասարդ ճառախոսի խոսքերը. — «Մեզ հարկավոր չեն իրավաբաններ, երկրաչափներ, և ճարտարապետներ... Տվեք մեզ քահանաներ, իրենց կոչումը, իրենց պարտքը և իրավունքը ճանաչող քահանաներ». Պետրոսի առաջ կենդանացավ անցյալը, նա հիշեց յուր ուսանողական ճաշը, հիշեց Պահլավունու՝ հայ քահանայի և հոգևորականի մասին խոսած ճառը և խորը հառաչելով հեռացավ խոսակցից:

Նա այժմ չգիտեր, թե ո՞ւր և ո՞ւմ է դիմում, հուսո աղբյուրները ցամաքել էին նրա համար...

ԼԴ

ՄԻՄՅԱՆՑ ՉՀԱՍԿԱՑԱՆ

Ինչպես տեսաք, գործերի դրությունը արդեն որոշ կերպարանք էր առել: Մեր սիրահարների բախտը կաշկանդողը այլևս օրենքի շղթաները չէին, այլ դրամական վարձատրության խնդիրը, որից պինդ բռնել էր բարեկարգիչը օգնական անդամներովը հանդերձ:

Պետրոսը փող չուներ, յուր ինքնասիրությունն էլ թույլ չէր տալիս հորեղբորը դիմելու, թեպետ դեռ հարց էր, թե հորեղբայրը կզիջաներ նրան այնպիսի մի մեծ գումար, որպիսին արժանապատիվ հայրերն էին պահանջում: Հազար ռուբլի՝ սա կատակ չէր դա մի քանի օրվա ընթացքում ձեռք բերելու գումար չէր: Եվ մի՞թե հենց գումարի մեծությունը չպիտի ստիպեր Թովմասին եղբորորդու խնդիրը մերժելու:

Խեղճ երիտասարդը մնացել էր շվարած: Օրերը հաջորդում էին միմյանց, շաբաթները լրացնում էին ամիսը, և սիրահարների գործը դեռ մազաչափ դեպի լավը չէր առաջանում: Իրերի այս տարտամ դրությունը իր վատ ներգործություն արավ ամբողջ գերդաստանի վերա: Հռիփսիմեն և Եղիսաբեթը միշտ տխուր էին, որդիների դժբախտ դրությունը մի բանով բարվոքել չկարողանալով, նրանք հաճախ լաց էին լինում միմյանցից և որդիներից ծածուկ: Աստղիկը օր-օրի վերա մաշվում էր. Նրա անուշ ժպիտը, որ այնքան քնքուշ գեղեցկություն էր տալիս յուր դեմքին, էլ չէր խաղում նուրբ շրթունքների վերա, նրա մեծ-մեծ և սևորակ աչքերը, որոնցից այնքան կրակ և կենդանություն էին ցոլանում, այժմ գրեթե հանգած հազիվ էին թավալում գունատ կապիճների մեջ: Պետրոսի ուրախ և զվարթ բնավորությանը հաջորդել էր մի մելամաղձային մտախոհություն, որ մոռացնել էր տվել նրան այն ամենը, ինչ որ մի քանի շաբաթ առաջ յուր և յուր ընտանիքի ուրախությունն ու կյանքն էին կազմում...

Նախկին զրույցները, զվարճաբանությունները և կատակները տեղի էին տվել այժմ լուրջ և տխուր խոսակցության, հառաչանքների և արտասուքի...

Երբ Պետրոսը դուրս էր գնում տանից, Աստղիկը ժամերով փակվում էր յուր սենյակում, կամ առանձնանում էր պարտեզի մի անկյունում և տանջում էր իրեն տխուր մտածմունքներով: — «Ի՞նչ պիտի լինի մեր վախճանը, ո՞ւր պիտի հանգի այս դժբախտության ճանապարհըմտածում էր նա: — Ամբողջ քաղաքը խոսում է ինձ վերա, ամենքը բամբասում են ինձ. ես այլևս այն պատվավոր վարժուհին չեմ, որին ամենքը գովում ու փառաբանում էին, որի առաջ հարգանքով գլուխ էին խոնարհում, որի հետ ծանոթանալ, նստել, խոսել ամեն մարդ յուր համար ուրախություն էր համարում... Այժմ ես մի անպատիվ աղջիկ եմ, թողված, լքված ամենքից, որովհետև ես համարձակություն եմ ունեցել սիրել մի երիտասարդ, և այդ բավական չէ, ես հանդգնել եմ ընդունել նրան իմ տան մեջ այն ժամանակ, երբ նրա հարազատ հորեղբայրը արտաքսել էր նրան յուր տնից... Այո, իմ արածները աններելի հանցանքներ են. մի՞թե հասարակությունը կարող է քննել մեր սրտի խորքերը, և գիտե՞ արդյոք, թե որպիսի՞ սրբությամբ են ապրում միմյանց հետ այդ դժբախտ սրտերը, իհարկե ոչ. բայց նա դատապարտում է մեզ, այդ նրա անբռնաբարելի իրավունքն է...

Այսպես շարունակել անկարելի է Պետրե, — ասաց մի օր Աստղիկը երիտասարդին, — երևի աստված մեզ միմյանց համար չէ ստեղծել, որ նա թույլ է տալիս անսիրտ մարդկանց մեր ուրախությունը խանգարելու, մտածենք ուրեմն մի նոր հնար այս տխուր դրությունը բարեփոխելու: Տեսնո՞ւմ ես, մեր պատճառով տանջվում են նաև մեր մայրերը, բայց նրանք այսուհետև գոնե իրավունք ունեին կյանք վայելելու, որովհետև երկար ժամանակ դժբախտ են ապրել

Ինչո՞վ կարող ենք այս տխուր դրությունը բարեփոխել, չգիտեմ, մտածելու ընդունակությունս էլ ես կորցրել եմ. խոսիր դու ինքդ առաջարկիր ինչ կամենում ես, ես դիմադրելու էլ ուժ չունիմ այժմ, — տխրությամբ պատասխանեց Պետրոսը:

Մենք պետք է հեռանանք միմյանցից, խոհեմությունը այդ է պահանջում...

Հեռանա՞նք... մե՞նք, միմյանցից... օհ, Աստղիկ, այդ դու ես ասում, հեռանալ... մի՞թե այդ բառը կարողանում են քո շրթունքները արտասանել...

Ուրիշ ի՞նչ ելք է մնում մեզ, Պետրե: Քանի որ ժողովրդի բարօրության մասին մտածողները իրենք են նրանց դժբախտացնելու համար ճանապարհ հարթում, ինչ կարող է անել այդ բռնության դեմ մասնավոր անհատը, որի ուժը շատ անգամ յուր գոյությունը պահպանելու համար էլ չէ բավականանում...

Ի՞նչ գործ ունինք մենք ժողովրդի բախտը կառավարող անձանց հետ. թող մեռյալները իրենց մեռելները թաղեն. ով կարող է և ով իրավունք ունի մեզ խանգարելու ապրենք միասին, ապրենք միմյանց համար...

Ես քեզ հասկանում եմ, Պետրե, բայց այդ անկարելի է:

Անկարելի՞ և ինչո՞ւ համար:

Ինչ կասե մեզ այն հասարակությունը, որի մեջ. պիտի ապրենք մենք:

Ի՞նչ կարող է ասել, միթե նա իրավունք ունի մեզ դատապարտելու, քանի որ նա ինքն է սնուցանում յուր մեջ այն տարրը, որ այսօր դժբախտացնում է մեզ:

Ամեն հասարակության մեջ էլ գտնվում են չարասիրտ մարդիկ, որոնք ժողովրդի հավատը ենթարկում են փորձության. բայց դրանց վարմունքով մոլորվել կարող է միայն ամբոխի մարդը, նա՛, որ տգետ է, նա, որ ապրում է անասանական բնազդմամբ, բայց ով որ խելք և զարգացում ունի, ով որ հասկանում է, թե ի՞նչ բարձր, ի՞նչ վսեմ ստեղծված է հասարակական բարոյականությունը, ով որ գիտե, թե այդ բարոյականության դեմ գիտակցաբար մեղանչելը ստորագույն վատություն է, նա իրավունք չունի նրա դեմ մեղանչելու: Մի՞թե դու հանգիստ սրտով կկարողանայի՞ր փայփայել ինձ, եթե ես հասարակական բարոյականության վերա կոխելով ընկնեի քո գիրկը

Հասարակությունը, Աստղիկ, նման է մի երեխայի, որ շատ փայփայելուց երես է առնում և յուր խաղալիքները շատ անգամ տան թանկագին զարդերից է ընտրում, ինչ հոգս է նրան մտածել, թե փառավոր բյուրեղյա լամպարը պիտի ծառայե սենյակը լուսավորելու համար, նա ավելի զվարճություն է զգում, երբ գետին խփելով փշրում է նրան, քան երբ նրա զորեղ լույսն է վայելում, որին ինքը ոչինչ գին չէ կարող տալ: Ուրեմն չպետք է երես տալ այդ հասարակություն կոչված երեխային: Ես գիտեմ մարդիկ, որոնք և՛ ուսում են առել, և՛ զարգացել են, և՛ կրթված հասարակության մեջ են ապրել, բայց այսօր ավելորդ են համարում հասարակության քմահաճությանը ծառայել, որովհետև իրենք էլ են կամենում ապրել

Շատ հարմար անուն տվիր հասարակությանը, Պետրե, ճմշարիտ է, նա նման է մի երեխայի, նրա կազմը շատ անգամ թույլ է և անզարգացած, բայց ինչպես են վարվում դաստիարակները երեխաների հետ: Մի՞թե նրանք երբևիցե տգեղ օրինակներով մոլորեցնում են նրանց մատաղ սրտերը: Եթե հասարակությունը մի երեխա է, ապա ուրեմն ավելի զգույշ պետք է վարվել նրա հետ: Այն մարդիկ, որոնք իրենց զվարճության և զգայական կյանքի համար գիտակցաբար ոտնակոխ են անում հասարակության սրբությունները և անպատկառ վարմունքով ծաղրում են նրա բարոյականությունը, նրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ մարդկային ցեղի մարմնացյալ ապականություններ, որոնք յուր մեջ ապրեցնել չի հոժարիլ ոչ մի պատվասեր հասարակություն:

Բայց մեզ մոտ այդպիսիները ոչ միայն ապրում են, այլև առաջնորդում են ժողովրդին, ուրեմն չարժե այդքան էլ նշանակություն տալ այս հասարակության կարծիքներին:

Չէ, Պետրե, հասարակության անտարբերությունը չպետք է խրախուսե մեզ նրա օրենքները անպատվելու: Երկյուղած մարդու համար սրբության բեկորները պաշտելի են նույնիսկ անարժան վայրերում: Մենք պետք է հարգենք հասարակական օրենքները ոչ թե նրա համար, որ նրանք հասարակությանն են պատկանում, այլ որովհետև նրանք այդ հասարակությանը բարոյականություն են քարոզում: Այդ օրենքներին ենք պարտական, որ մարդիկ գազանների հետ չեն ապրում անտառներում... Այդ օրենքներին ենք պարտական, որ ընտանիքի պատիվը զենքերով չենք պաշտպանում...

Ուրեմն, մենք մեր ձեռքով մե՞ր արևը խավարեցնենք:

Ավելի լավ է այդպես անել, քան թե հասարակական բարոյականությունը խախտել ես չեմ կարող ստորացնել ինձ մինչև այն աստիճան, որ փողոցի անցորդներն անգամ իրավունք ունենան ինձ ծաղրելու:

Բայց ես կարծում եմ, որ ավելի լավ է ապրել, քան թե ծաղրելուց վախենալ:

Իսկ ես, ընդհակառակը, ավելի լավ եմ համարում մեռնել, քան թե ծաղրելի դառնալ:

Ա՞յդ է քո համոզմունքը:

Այո՛, այս է և իմ վերջին վճիռը...

Պետրոսը լռեց և գլուխը կրծքի վերա կախելով ընկավ մտածմունքների մեջ: Աստղիկը նույնպես հետևեց նրա օրինակին: Երկար ժամանակ մնացին սիրահարները այդ դրության մեջ: Վերջապես վերկացավ տեղից Պետրոսը և վճռական ձայնով բացականչեց.

Չէ, Աստղիկ, այլևս անկարելի է այս կյանքը տանել, ես դրա համար ուժ չունիմ, ես կամենում եմ վերջ տալ նրան, օն ուրեմն, հեռի՛ ինձանից փոքրոգություն... Սիրել և չժառանգել, այդ ես չեմ կարող, քաջ մարդը մեռնում է, երբ չի կարողանում հաղթել...

Այո՛, Պետրե, այո՛, մինչև այսօր մեր սերը մենք անարատ պահեցինք, թող ուրեմն անարատ էլ գերեզման տանենք նրան: Մի օր ես փոքրոգի էի անվանում նրանց, որոնք ուժ չունենալով կյանքի դառնությունները տանելու, անձնասպանությամբ վերջ են տալիս իրենց կյանքին: Բայց այժմ հավատում եմ, որ կան դրություններ, որոնք կերպարանափոխում են ամենազորեղ հոգիների բնավորությունը, որոնք հպարտ Հերակլեսից Լյուդիայի թագուհու համար աղախին են պատրաստում... Չէ, որքան էլ անհաղթելի ուժ ունենա մարդու հոգին, այսուամենայնիվ, քանի որ նա ապրում է մսից և արյունից կազմված մարմնի մեջ, դարձյալ նա կհաղթվի, մանավանդ եթե հասած թշվառության մեծությունը գերակշռում է նրա կարողությանը...

Ուրեմն վճռված է, Աստղիկ, դու ինձ չես դատապարտիլ, եթե ես մի հուսահատ ձեռնարկության դիմեմ...

Արա՝ ինչ որ հաճելի է քեզ. ես չեմ կարողանում քո տանջանքը տեսնել:

Ուրեմն մնաս բարով:

Բայց դու ո՞ւր ես գնում, — երկյուղով հարցրեց օրիորդը:

Չգիտեմ, իբրև մարդ ոչնչանալու...

Այս ասելով շտապով դուրս գնաց Պետրոսը սիրուհու սենյակից, առանց ուշք դարձնելու նրա ձայնին, որ կանչում էր յուր ետևից:

ԱՐԴԵՆ ՈԻՇ ԷՐ

Պետրոսի հանկարծ հեռանալը խելագարացնելու չափ ցնցեց օրիորդին:

Ո՞ւր գնաց նա, տեր աստված, — շփոթված հարցրեց նա ինքն իրեն, — ինչ ասաց նա ինձ, ինչ պատասխանեցի նրան, չգիտեմ, չեմ հիշում... նա կարծեմ ասաց թե ես գնում եմ ինձ ոչնչացնելու...

Այո՛, հիշում եմ, նա ասաց. «Քաջ մարդը մեռնում է, երբ չէ կարողանում հաղթել...»: Սա մի գեղեցիկ խոսք է, այո, շատ գեղեցիկ խոսք... բայց Պետրեն, տեր աստված, նա մեռնի, մի՞թե այդ կարելի է... և ես կենդանի ականջներ ունենամ նրա մահը լսելու, օհ, ոչ, ոչ, ես նրանից շուտ կմեռնեմ. մեր հոգիները թող պատահեն միմյանց երկնքի ճանապարհի վերա, այնտեղ միասին թող գրկախառնվին նրանք, առանց մարդիկներից քաշվելու, առանց նրանցից վախենալու... ու այնպես գրկախառնված թող դիմեն նրանք այն աստուծո մոտ, որ սերը ստեղծեց, սերը քարոզեց, սիրո համար մեռավ... Բայց ի՞նչ եմ խոսում ես, միթե ես խելագարված եմ... — կարծես զգալով յուր անբնական այլայլությունը, ինքն իրենից սարսափեց նա: Հետո նա այլայլված դուրս փախավ յուր սենյակից, դահլիճի մեջ ոչ ոք չկար, դիմեց մոր սենյակը, այնտեղ էլ դատարկ էր... «Այս ի՞նչ է, բոլորն էլ ինձ միայնակ են թողել, բայց ո՞ւր են նրանք...»:

Այդ րոպեին մի ոտնաձայն լսվեցավ պատշգամբի վերա, օրիորդը շտապով դուրս գնաց:

Օհ, Ղազար, այս դո՞ւն ես. ի՞նչ ես բերել ինձ, — հարցրեց նա եկվորին, որ դպրանոցի սպասավորն էր:

Մի ծրար ունիմ ձեզ հանձնելու, օրիորդ, — պատասխանեց ծառան, և թևի տակ բռնած տետրակի միջից հանելով ծրարը հանձնեց օրիորդին:

Այս ումնի՞ց է, հոգաբարձությունի՞ց:

Այո՛, օրիորդ, բարեհաճեցեք ստացումը ստորագրել: Աստղիկը ներս տարավ տետրակը, ծրարի ստացումը ստորագրեց և տետրակը սպասավորին հանձնելով, կրկին վերադարձավ յուր սենյակը: Այս անգամ նա մի փոքր սթափվել էր: «Արձակուրդների ժամանակը լրացավ, հոգաբարձուները երևի մեր պարտավորությունն են հիշեցնում մեզ». — մտածեց օրիորդը և ծրարը բացավ: Բայց մի քանի տող կարդաց թե չէ, գույնը նետեց, ծնկները դողացին և նա թուլացած ընկավ աթոռի վերա:

Հոգաբարձությունը գրում էր օրիորդին հետևյալը.

«Ազնիվ օրիորդ.

Ձեր արժանիքը մենք միշտ գնահատել ենք և երբեք չենք կարող ուրանալ այդ, որովհետև մեր դպրոցի համար դուք շատ եք աշխատել և անձնվիրությամբ էլ ծառայել եք նրան: Դուք արժանի եք ամեն հարգանքի: Բայց ձեզ հայտնի հանգամանքի պատճառով քաղաքում շատ են խոսում ձեր մասին: Մենք, իհարկե, ոչ մի զրպարտության հավատալ տրամադիր չենք, բայց ստիպված ենք դպրոցի օգտի համար խնդրել ձեզ, որ բարեհաճեք ներկայացնել ձեր հրաժարականը, ըստ որում ծնողներից շատերը որոշել են իրենց աղջկերանց դպրոց չուղարկել, եթե դուք այստեղ պաշտոն կունենաք: Հույս ունինք մեր խնդիրը ձեզ չի վշտացնիլ, որովհետև մենք ակամա ենք առաջարկում նրան»:

Մի քանի րոպե գրեթե անզգայացած դրության մեջ մնալով օրիորդը կրկին ձեռքն առավ հոգաբարձության գրությունը և սկսեց մտադրությամբ կարդալ նրան: Երբ ընթերցումը ավարտեց, նա վեր կացավ աթոռից, դեն ձգեց գրությունը և վճռական ձայնով բացականչեց.

— «Ժամանակը հասավ, էլ ավելորդ է ապրել, սա է վերջին հարվածը, որ հասցնում է ինձ անիրավ ճակատագիրը. ես չեմ կարող նրա դեմ կռվել, ես մի թույլ, անօգնական կին եմ, իմ դժբախտ մահը թող բողոքե այսուհետև անարդար բռնության դեմ:

Եվ նա շտապով դիմեց դեպի մոր պահարանը, բացավ նրան և ուշադրությամբ սկսավ քրքրել մի փոքրիկ գզրոց: Երկար պտրտելուց ետ վերջապես նա հանեց այնտեղից մի փոքրիկ փաթեթ և մի առանձին ուրախությամբ սեղմելով նրան յուր ձեռքի մեջ, դիմեց դեպի յուր առանձնարանը:

Բայց ո՞ւր գնաց Պետրոսը:

Աստղիկի հուսահատ դրությունը վերջապես ճնշեց նրա համառությունը, նա որոշեց դիմել յուր հորեղբորը և օգնություն խնդրել նրանից:

Թովմասը դահլիճի մեջ միայնակ անցուդարձ էր անում, երբ ներս մտավ Պետրոսը:

Երիտասարդի երևալը մի հանկարծական ուրախություն պատճառեց հորեղբորը:

Պետրե, սիրելի որդի, վերջապես դու հիշեցիր ինձ, — բացականչելով Թովմասը դիմեց դեպի եղբորորդին և ջերմությամբ գրկեց նրան:

Պետրոսը զգացվեցավ հորեղբոր սրտագին ընդունելությամբ և սիրով համբուրվեցավ նրա հետ:

Ի՞նչպես պատահեց այս, Պետրե, որ դու հիշեցիր քո հորեղբորը, — հարցրեց Թովմասը եղբորորդուն, նստեցնելով նրան յուր կողքին:

Կարիքը ստիպեց ինձ ձեզ դիմելու, — անկեղծությամբ պատասխանեց Պետրոսը:

Իմ բոլոր կարողությունը քոնն է, որդի, քանի որ դու եկել ես ինձ մոտ, ես էլ ոչինչ ցավ չունիմ. ասա ինձ, ինչով կարող եմ ես օգնել քեզ:

Պետրոսը պատմեց հորեղբորը յուր երկրորդ դժբախտության մանրամասն պատմությունը սկսած այն օրից, որ նա թողեց հորեղբոր տունը մինչև այն րոպեն, որ նա կրկին ներս մտավ այդ տան դռնով:

Պետրե, Պետրե, դու այդպիսի ցավ ես ունեցել և հորեղբորդ չե՞ս հայտնել. — զգացված բացականչեց Թովմասը, — միթե ես այնքան անգութ կլինեի, որ մերժեի քեզ այդ չնչին գումարը, հապա ում համար եմ ես պահում իմ հարստությունը:

Ներիր, հորեղբայր, այժմ էլ իմ նեղ դրությունն է ստիպել ինձ, որ մի անգամ քո հրամանով այս տանից արտաքսվելուց ետ ես դարձյալ դիմել եմ ձեզ...

Իրավունք ունիս, որդի, իրավունք ունիս, ես մի անիծված մարդ եմ, բայց և այնպես դու պիտի ներես քո հորեղբորը. նրա սիրտը այնքան էլ անողորմ չէ, որքան երևում է... բայց ինչ որ է, դու շտապիր այսօր ևեթ քո պսակի հրամանագիրը առնելու, ես խղճում եմ այն օրիորդին, նա պատվական աղջիկ է: — Այս ասելով նա բռնեց Պետրոսի ձեռքից, տարավ նրան յուր առանձնարանը, և բանալով մեծ, երկաթյա պահարանը, հանեց նրա միջից տասը հատ նոր հարյուրանոցներ և տալով Պետրոսին ասաց.

Վճարիր, ում որ հարկավոր է: Գործդ վերջացնելուցդ ետ վերադարձիր այստեղ Հռիփսիմեի հետ: Վաղվանից հարկավոր պատրաստությունը կտեսնեմ, և իմ ու քո անվան վայել հարսանիք կանեմ ձեզ համար:

Պետրոսը ջերմաջերմ համբուրեց հորեղբոր ձեռքը և բյուր շնորհակալություններ անելով, հազար ռուբլու հետ միասին դուրս թռավ փողոց:

Նա գտավ բարեկարգչին հոգևոր ատյանում, կանչեց նրան մի ծածուկ անկյուն և հանձնելով նրան տասը հարյուրանոցները, ասաց նրան:

— «Ես սպասում եմ այստեղ, մինչև մի ժամը պատրաստիր պսակի հրամանագիրը և հանձնիր ինձ»:

— «Մինչև կես ժամը պատրաստ կլինի», — ասաց նա խորհրդավոր ձայնով և ներս մտավ ատյանը:

Հազիվ Պետրոսը մի քանի անց ու դարձ էր արել առաջնորդարանի պարտիզում, և մի քանի ծրագիրներ կազմել հարսանիքի համար, և ահա բարեկարգիչը մոտեցավ նրան, հանձնեց երիտասարդին պսակի հրամանագիրը և սեղմելով նրա ձեռքը, շնորհավորեց նրա բախտավորությունը:

— «Վերջապես...» — բացականչեց երիտասարդը և հրամանագիրը մի անգամ կարդալուց ետ դրավ ծոցի մեջ և շտապ-շտապ քայլերով դիմեց Աստղիկի մոտ:

Բայց որքա՛ն մեծ եղավ նրա սարսափն ու հուսահատությունը, երբ նա յուր սիրուհուն գտավ մահճի մեջ պառկած, նրան շրջապատել էին դժբախտ մայրերն ու դրացուհիները: Հրավիրված բժիշկը հուսահատ կանգնած էր մի անկյունում, գեղեցիկ Աստղիկը մահվան տագնապի մեջ էր».

Աստղիկ, այդ ինչ արի՞ր դու, ես մեր պսակի հրամանագիրն եմ բերել, իսկ դու...

Պսակի... հրամանագի՞րը... արդեն ուշ է... Պետրե, շատ ուշ է... — մահվան ժպիտով շշնջաց օրիորդը և գլուխը կքեց...

Թշվառ աղջիկը թունավորել էր իրեն մկնդեղով, երկու ժամից ետ նա հոգին ավանդեց...

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Next Last