Մուրացան՝   Չհաս է

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Next Last

Ուրեմն որո՞նք կլինեն մեր գները, — հարցրեց Թովմասը:

Մենք կնշանակենք հացի համար 1 ռ. 10 կոպեկ, մսի համար 3 ռ. 80 կոպ., գինու համար 4 ռ. 75 կոպ, և օղիի համար 6 ռ. 65 կոպեկ:

Օհ, թե այդ գներով կապալը ինձ վերա մնա, Միկիթ-բեկ, երկու տարվա մեջ ես ձեզ կհարստացնեմ, — ոգևորությամբ բացականչեց Թովմասը:

Եվ անպատճառ կմնա, բավական է, որ Մելքոնաղան էլ նույնն է ցանկանում:

Պ. Թովմասը աճուրդին ներկայացվելիք թղթերը Միկիթ-բեկից ստանալով վերադարձավ տուն:

Այդ գիշեր նա գրեթե չկարողացավ քնել: Հազար և մի մտքեր տանջում էին նրան: Երբեմն նա հույս էր տածում, որ կապալը անպատճառ իրեն կմնա, որ նրանով ինքը կհարստանա, պատիվ և անուն ձեռք կբերե, Մելքոն-աղայի փառակիցը կդառնա և այլն և երբեմն կասկածում, թե գուցե մի ուրիշը հափշտակե յուր որսը և իրեն միայն անպատվություն և այնքան օրերի նեղությունը մնա:

Վերջապես փորձության օրը հասավ: Եվ չնայելով, որ աճուրդը նշանակված էր ժամը տասին, սակայն պ. Թովմասը ժամը ութից արդեն անց ու դարձ էր անում գնդապետի տան բակում, ուր գտնվում էր զորանոցի վարչությունը: Այդտեղ հետզհետե գալիս խռնվում էին ոչ միայն կապալին հետամուտ մարդիկ, այլև այնպիսիները, որոնց մասին Միկիթբեկը ոչինչ չէր հիշել և պ. Թովմասը երբեք չէր մտածել, թե կարող էին նրանք մի որևէ աճուրդի մասնակցել, բայց որոնք այսուամենայնիվ ծրարներ ունեին բռնած իրենց ձեռքերում:

Այս հանգամանքը շատ անհանգստացնում էր պ. Թովմասին: Բայց շուտով եկավ Մելքոն-աղան, որ հասկացրեց յուր խնամուն, թե այդ մարդիկը կապալ վերցնողներ չեն, այլ, այսպես ասած, աճուրդի անգղներ, որոնք սովորաբար իրենց համար որս են որոնում ամեն մի աճուրդի ժամանակ: Նրանք մոտենում են միամիտներին և սպառնում, որ իբր թե իրենք էլ կամենում են մասնակցել աճուրդին, բայց հենց որ մի քանի ռուբլի վարձատրություն են ստանում, իսկույն չքանում են ասպարեզից: «Թիֆլիսում, մանավանդ, ուր հաճախ աճուրդներ են լինում, — ավելացրեց Մելքոն-աղան, — բազմաթիվ է այդ անգղների թիվը և շատերը հատկապես այդ արհեստով են պարապում և ապրում»:

Եվ իրավ, երբ աճուրդի ժամանակը հասավ, երևացավ, որ նրան մասնակցողները միայն պ. Թովմասը և Միկիթ-բեկի երեք բարեկամներն էին:

Հարկ չկա ասել, որ աճուրդը վերջացնելուց ետ՝ Թովմաս Մարալյանը հրատարակվեցավ տերունական զորքերի միակ մատակարարը:

Թե ո՛րքան մեծ էր այդ ժամանակ Թովմասի ուրախությունը, դրա մասին ես ոչինչ չեմ ուզում խոսել, ընթերցողները իրենք էլ կարող են նրա չափը երևակայել: Այսքանը միայն կասեմ, որ զորանոցի վարչությունից դուրս գալուց ետ, պ. Թովմասը, իբրև յուր խոսքը հարգող մարդ, Մելքոն-աղայի հետ միասին դիմեց հեռագրատուն և յուր եղբոր որդուն հեռագրեց հետևյալը. — «Ձեր նամակը ստացա, ուրախ եմ, որ հաջողակ քննությամբ ավարտել եք ձեր ուսման ընթացքը, սակայն Պետերբուրգ գնալուց առաջ անհրաժեշտ է, որ վերադառնաք մեզ մոտ, որովհետև կարևոր և անհետաձգելի նորություն ունիմ ձեզ հաղորդելու. սպասում եմ»:

Վերադառնալով տուն, Թովմասը ուրախությունից չգիտեր ինչ անել, նա վազեց յուր հարսի մոտ, գրկեց նրան, ավետեց յուր հաղթանակը և հայտնեց, որ արդեն հեռագրել է Պետրոսին վերադառնալ շուտով հայրենիք իրենց ուրախությանը մասնակցելու համար:

Տիկին Հռիփսիմեն այս անսպաս նորություններից շփոթված մնացել էր անխոս: Յուր կյանքում առաջին անգամն էր, որ նա արժանանում էր յուր տագեր ողջագուրանքին և առաջին անգամը, որ նրա ճակատի կնճիռները նա անհետացած էր տեսնում: Ուստի այն բոլորը, ինչ որ նա տեսավ և լսեց, սկզբում դեռ իրեն համար երազ էին թվում, բայց երբ ամեն բան տեղն ու տեղը հասկացավ և մանավանդ հավաստիացավ Պետրոսի վերադառնալուն, խեղճը ուրախությունից սկսեց արտասվել: Իհարկե մի ճնշված կնոջ ուրախության համար այս բոլոր նորությունները բավական արժանավոր պատճառներ էին:

ՈԻՍԱՆՈՂՆԵՐԻ ՃԱՇԸ

Այժմ դուք պիտի բարեհաճեք ինձ հետ միասին տեղափոխվել Թիֆլիս, ուր մենք ներկա կլինինք ուսանողության մի հացկերույթի: Ես հավատացած եմ, որ այս տեղափոխությունը մի առանձին վնաս չի պատճառիլ ձեզ. ընդհակառակը, գուցե մի փոքր էլ օգուտ ունենաք, որովհետև այդտեղ դուք կպատահեք, անշուշտ, ձեր ծանոթներից շատերին և գուցե նրանցից մի քանի նոր բաներ կսովորեք, եթե դուք արդեն նրանց վարդապետները չեք:

Ուղիղ մի շաբաթ էր անցել այն օրից, երբ գիմնազիոնի ընդարձակ դահլիճում, բազմաթիվ հանդիսականների ներկայությամբ, յուր ուսման ամբողջական ընթացքը հաջողությամբ ավարտած լինելուն համար ոսկյա մրցանակով վարձատրվեցավ հայտնի ուսանող Պետրոս Մարալյանը: Սա մի բարձրահասակ և սիրուն կազմվածքով երիտասարդ էր, գեղեցիկ և գրավիչ դեմքով, քաղցր ու խելոք աչքերով, զվարթադեմ, բարեսիրտ և որ ավելին է, առաքինի: Գիմնազիոն մտնելու օրից սկսած նա հավասարապես սիրելի դարձավ թե վարժապետին և թե յուր ընկերներին: Ուսման մեջ, բացի յուր բնական ընդունակությունը, նա չափազանց աշխատասեր էր. պարապ նստելու, կամ անօգուտ զվարճություններով զբաղվելու համար նա երբեք ժամանակ չէր վատնիլ, այդ պատճառով յուրաքանչյուր տարի նա գերազանց մրցանակներով փոխվել էր դասատնից դասատուն: Եվ այս հաջողությունները ոչ միայն չէին փչացրել նրա բնավորությունը, այլ, ընդհակառակը, առավել մեղմել և անուշացրել էին: Յուր բոլոր ընկերների հետ նա վարվում էր սիրով և մտերմությամբ, սակայն առանց նրանց շողոքորթելու, քծնելու և ստրկությամբ նրանց առաջ ծալվելու, ինչպես անում են շատերը փոքրոգի երիտասարդներից, նա, ընդհակառակը, ավելի քան ճշմարտախոս, անկեղծ և անաչառ էր:

Առհասարակ Պետրոսի բոլոր ընկերները ուրախ էին, որ նա ոսկյա պատվավոր մրցանակ ստացավ և նրա այդպիսի բախտավորության ոչ ոք չարասրտությամբ չնախանձեց: Սակայն այդ մրցանակը այնպիսի մի պարգև էր, որի ստացումը աննշան թողնել չի սիրում ուսանողությունը: Այդ պատճառով նա պահանջեց Պետրոսից մի հացկերույթ, որպեսզի գինիների ազդեցության տակ ավելի անկեղծությամբ շնորհավորել կարողանա նրան յուր մրցանակի ստացումը:

Պետրոսը, իհարկե, ուրախությամբ ընդունեց:

Ամառային ամենագեղեցիկ օրերից մեկն էր: Ժամը տասը դեռ չլրացած, ուսանողները լցվել էին արդեն Պետրոսի փոքրիկ սենյակը: Այդ օրը նա խնդրել էր յուր տանտիրուհուց զիջանել յուր տան առաջ գտնվող պարտեզը, որ թեպետ ընդարձակ չէր, բայց խնամված էր մեծ ուշադրությամբ, և ուսանողների հացկերույթի համար մի ամենահարմար գեղավայր կարող էր լինել: Թույլտվության հրամանը դեռ ստացված չլինելով, ուսանողները առժամանակ խռնվել էին Պետրոսի փոքրիկ բնակարանը և լցրել նրան ծխախոտի թանձր մուխով, որ ամպի պես կանգնել էր առաստաղի վերա և հանդիպակաց պատուհանների թափանցող քամին անգամ չէր կարողանում ցրել նրան:

Ժամը տասնևմեկին թույլտվության հրամանը եկավ, և ուսանողները ուրախությամբ դուրս թափվեցան իրենց վանդակից և երգելով ու կայտռելով ներս խուժեցին տանտիրուհու պարտեզը:

Շուտով որթապատ հովանոցի տակ բացվեցավ երկարաձիգ սեղանը և ուսանողներից մի քանիսը Պետրոսի առաջարկությամբ սկսան կարգավորել նրան: Մեր ուսանողների ճաշը համադամներից չէր կազմված, հաց, պանիր, կանաչեղեն, երշիկներ և խորովածայս էր նրա խորտիկների ամբողջ ցուցակը, բայց ուտելյաց համեստության հակառակ գինին շատ առատ էր: Քսանևչորս հոգու համար պատրաստված էր երեք վեդրո գինի, այսինքն յուրաքանչյուր ուսանողի համար երկու շիշ: Սա արդեն Հիպոկրատի նշանակած թվի կրկնապատիկն էր, սակայն ուսանողների համար ամենաբնական չափը:

Ժամը մեկն էր, երբ ուսանողները ճաշի նստան: Չնայելով տեսակների սակավության, սակայն ամեն բան առատ էր: Հացը բլրակներ էր ներկայացնում սեղանի վերա, պանիրը ձյունակույտ, կանաչեղենը թփիկներ, երշիկներին թիվ չկար, իսկ խորովածի շամփուրները անընդհատ հաջորդում էին միմյանց: Սրա վրան էլ ավելացրեք քառասունևութ շիշ գինի և ուսանողների միշտ ուրախ տրամադրությունը, նրանց աղմուկն ու ծիծաղը, նրանց կատակներն ու երգերը, և դուք ճիշտ գաղափար կունենաք ուսանողական ճաշի վերա: Բայց ինչ ախորժակ ուտելու համար, ի՞նչ անկեղծություն խմելու մեջ... Օ, եթե գիտենայիր, թե որչափ երջանիկ ես դու ուսանող աշխարհ... եթե գիտենայիր, թե քանի-քանի բախտավորներ, հարստությամբ ու փառքով պերճացած մարդիկ, հասարակության հիացման ու երանության արժանացած ընտանիքներ փափագում են վայելել գոնե մեկը այն օրից, որոնք քո կյանքը, քո տարիներն են կազմում:

Այո՛, ուսանողներ, երբ դուք կթողնեք այդ սրբազան տաճարաները, որոնց հարկի տակ տեսականապես սովորեցնում էին ձեզ ապրել, այն ժամանակ դուք կհամոզվեք, որ ապրել ոչ այլ ինչ է, թե ոչ՝ տանջվել, որ ապրել նշանակում է քիչ-քիչ մեռնել: Վայելեցեք, ուրեմն, այդ կյանքը, որքան կարող եք. մի շտապեք դեպի մեր աշխարհը, այստեղ ամեն բան փայլուն և գեղեցիկ է երևում, մինչև անգամ բազեների կտուցները, որոնք թաթախված են ճնճղուկների արյան մեջ... բայց բոլոր այդ փայլերը ոչ այլ ինչ են, եթե ոչ թշվառության ոսկեզօծ կեղևներ: Աշխատեցեք, ուրեմն, երկար ապրել ձեր գաղափարական աշխարհում, որովհետև իրական կյանքը մի դժոխք է, միայն դևերն են կայտռում...

Բայց մենք շարունակենք մեր պատմությունը: Երբ սեղանի վերա կենացները սկսան բոլորել և հերթը հասավ օրվան հերոս Պետրոս Մարալյանի կենացին, վերջինս վերցրեց շնորհակալության բաժակը, կանգնեց սեղանի առաջ և սկսավ խոսել.

— «Պարոններ, ես կարծում եմ այս վերջին անգամն է, որ ես բոլորիդ հետ միասին գտնվում եմ ուսանողական սեղանի վերա: Թեպետ կցանկանայի վայելել այս հաճույքը տարվա մեջ գոնե մի քանի անգամ, որովհետև այժմյանից իսկ զգում եմ, թե որքան ծանր պիտի լինի ինձ համար բաժանվել ձեզանից, այն ընկերությունից, որի մեջ այնքան երկար ապրել եմ ես, որի մեջ այնքան սեր և անկեղծ բարեկամություն եմ գտել ես... Բայց ճշմարիտ իրողությունը այն է, որ այս բաժանումը տեղի պիտի ունենա և ես ընդմիշտ պիտի զրկվիմ ձեզ բոլորին միանգամ էլ միասին տեսնելու բախտից: Աշխարհի մեջ հավիտենական քաղցրություն չկա. ամենասերտ միություններն էլ ունին իրենց բաժանումը, որովհետև ամեն սկիզբ ունի յուր վախճանը: Եվ որովհետև այս այսպես է, ուրեմն կներեք ինձ օգուտ քաղել ձեր այս օրվա ինձ արած պատվից: Ես կամենում եմ մի քանի խորհուրդներ հարցնել ձեզանից իմ ապագա ձեռնարկության համար:

— «Խոսեցեք», — ձայն տվին մի քանի տեղերից: Պետրոսը շարունակեց: — Դուք լավ գիտեք, պարոններ, որ մենք, միջնակարգ դպրոցների ուսանողներս, մտնում ենք վարժարաններ, ուսումնարաններ, սովորում ենք յոթ-ութ երկար տարիներ, սակայն մեր վերջնական մասնագիտության համար սկսում ենք մտածել հենց այն ժամանակ, երբ պետք է սկսենք այդ մասնագիտության ուսումը: Այդ անհոգությունը հատուկ է ուսանող երիտասարդության, միևնույն դրության մեջ եմ և ես: Մի շաբաթ սրանից առաջ, ես արդեն նամակով հայտնեցի իմ հորեղբորը իմ հաջողակ քննության և ավարտման մասին և նրանից փողի եմ սպասում Պետերբուրգ ճանապարհվելու համար: Հարկ չկա ասել, որ նրա կողմից մի որևէ արգելք չէ կարող հետաձգել իմ ուղևորությունը: Բայց ես մինչև այս րոպեին էլ դեռ չեմ որոշել ինձ համար, թե Պետերբուրգ հասնելով ինչ մասնագիտության դասեր պիտի լսեմ համալսարանում: Ինչպես գիտեք, ես սովորություն ունիմ ոչ միայն ծանրակշիռ, այլև ամենաթեթև գործերում դիմել միշտ իմ բարեկամների խորհրդին: Իսկ այս գործի համար ես ո՞րտեղ կարող եմ գտնել ձեզանից ավելի լավ բարեկամներ: Ասացեք ուրեմն, գիտության ո՞ր ճյուղն եք իմ ընդունակութեանց հարմար գտնում: Ձեր միահամուռ կարծիքը շատ թանկ է ինձ համար: Խոսեցեք, ես որոշել եմ անպատճառ հետևել ձեր խորհրդին:

ԻՐԱՎԱԲԱ՞Ն, ԵՐԿՐԱՉԱ՞Փ, ԹԵ՞ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ

Ուսանողների մեջ միառժամանակ լռություն տիրեց: Ոչ ոք չէր վստահանում առաջինը խոսել: Բայց սեղանապետը, որ մի առաջադեմ երիտասարդ էր Հեթումյան ազգանունով, չկամենալով երկար սպասեցնել Պետրոսին, պատասխանեց.

Ինչպես ես, այնպես էլ կարծում եմ իմ ընկերները, չեն կարող մի հաստատ կարծիք հայտնել, թե որ մասնագիտությունն է իսկապես, հարմար ձեր ընդունակության, որովհետև մեզանից ոչ ոք, ես կարծում եմ, դեռ ուշի-ուշով չէ ուսումնասիրել ձեզ և չգիտե, թե ձեր ներքին հակումը բացառապես որ ճյուղի համար է ավելի պիտանի: Մենք բոլորս էլ ձեզ ճանաչում ենք միայն իբրև առաջադեմ և ընդունակ աշակերտ, սրանից ի զատ ուրիշ կարծիք հայտնել չենք կարող, հետևապես որ մասնագիտության ավելի հակումն ունիք՝ այդ ձեր գիտենալու գործն է: Բայց ինչ վերաբերում է նրան, թե որ մասնագիտությունն է առհասարակ շահավոր դրա մասին կարող ենք դրական պատասխան տալ ձեզ:

(Եվ միայն դրա մասին էլ հարկավոր է խոսել, — նկատեց մի կարճահասակ ուսանող, որին ընկերները Եզովպոս էին անվանում:

(Շատ լավ խոսեցեք դրա մասին, — պատասխանեց Պետրոսը, առաջին կետի վերա ես ինքս կմտածեմ:

(Իմ կարծիքով շահավոր մասնագիտությունները բազմաթիվ չեն, — խոսեց Հեթումյանը, — մեր ժամանակում ավելի հարգի էին իրավաբանությունը, բժշկությունը, երկրաչափութունը և ճարտարապետությունը: Այս չորս մասնագիտություններն էլ կյանք ապահովելու ձիրք ունին. Սրանցից որն էլ ընտրելու լինիր, համարձակ կարող եմ ասել, որ չեք զղջալ:

(Դուք մոռացաք մեքենայագիտությունըձայն տվավ ուսանող Կարինյանը:

(Եվ գյուղատնտեսությունը, որ ապրելու համար ամենից խաղաղ և արդյունավոր ճանապարհն է ցույց տալիս, — բացականչեց Մատինյանը:

( Եթե այդպես շարունակելու լինենք՝ այդ ուր կերթա, — նկատեց Հեթումյանը. — բայց ես միայն ամենից ավելի նշանավորները հիշեցի:

( Ես իրավաբանության, երկրաչափության և ճարտարապետության կողմն եմ, — խոսեց Եզովպոսը:

Իսկ ես միայն բժշկության, — ձայն տվավ պ. Մեհերյանը:

Ես իմ մեքենայագիտությունը կպաշտպանեմ:

Իսկ ես իմ գյուղատնտեսությունը, — լսեցրին իրենց ձայները Կարինյանն ու Մատինյանը:

Ամենից առաջ ես կամենում եմ լսել պ. Եզովպոսին, — խոսեց Պետրոսը, — թողեք, որ նա բացատրե մեզ, թե ինչու համար ինքը իրավաբանության կողմն է:

Շատ պարզ պատճառով, — պատասխանեց Եզովպոսը, — որովհետև նա ամենից նշանավոր է, և ահա ինչպես.

Իրավաբանություն սովորած մարդու համար, մանավանդ մեր երկրում, ապահով և հանգիստ ապրելու ճանապարհներ շատ կան: Առաջին՝ որ բոլոր դատաստանատները բաց են նրա համար: Նա կարող է լինել և՛ դատավոր, և՛ քննիչ, և՛ խորհրդական, և՛ էլ ուրիշ շատ բաներ: Այդ տեսակ պաշտոնների համար, դուք էլ գիտեք, թե ինչպես փափուկ ռոճիկներ կան, իսկ բացի ռոճիկները, որպիսի կողմնակի արդյունքներ... Միթե, օրինակ, դատավորի ընդունակությունից չէ կախված. բացատրել օրենքը այնպես, ինչպես ինքն է հասկանում և քննիչի կամքից շարունակել եղեռնագործության քննությունը, թե ոչ: Սրանք ուշադրության արժանի դրություններ են և սրանց համար առհասարակ վճարում են ավելի, քան որքան արժե ծառայությունը: Բայg եթե առաջավար չունես, որ օգնե քեզ արդյունավոր պաշտոնով դատարան մտնելու, ավելի հեշտ և ավելի արդյունավոր պարապմունք կա քեզ համար: Փաստաբան դարձիր, ահա քեզ պատվավոր գործ:

Մի երկիր, ուր ժողովուրդը հասկացողություն չունի ճշմարիտ առաքինության համար և ազնվությունը դեռ գերի է նյութական ուժին, մի երկիր, ուր մարդիկ պարտքի և իրավունքի վերա որոշ գաղափար չունին, և ուր դատախազը մտածում է ոչ թե պատվի հատուցման, այլ հակառակորդին կործանելու վերա, այդպիսի երկրում փաստաբանությունը և՛ հեշտ, և՛ արդյունավոր պարապմունք է: Եթե քաղաքային ուսումնարաններից դուրս եկած ամեն մի համբակը քաջալերված այդ դրություններով, առանց ակնածության, կարողանում է մեզ մոտ փաստաբան հռչակվիլ և գտնվում են մարդիկ, որոնք խմբերով նրա պաշտպանության են դիմում, որքան առավել կհաջողվի այդ համալսարանը ավարտող իրավագետին, որից շատ անգամ, ինչպես ասացի, պահանջում են յուր հավատարարները, ոչ թե արդարության և իրավանց պաշտպանության, այլ հաղթանակ հակառակորդի դեմ: Եվ ինչ կա փաստաբանի համար ավելի հեշտ, քան այն, որ նա չէ պարտավորվում օրինական իրավունքները յուր խղճի ձայնի հետ հաշտեցնելու... մանավանդ որ անվամբ, դիրքով և հարստությամբ հռչակված մարդիկ վճարում են նրան ավելի առատ, երբ նա բռնաբարում է յուր խղճի ձայնը, քան այն ժամանակ, երբ նա պաշտպան է կանգնում հարստահարված արդարության...

Եթե դուք չեք չափազանցում, պարոն, — բացականչեց Պետրոսը, — օ՛ն և օ՛ն ուրեմն, ես գործ չունիմ իրավաբանության հետ, գոնե ձեր նկարագրած պայմաններով ես հաց աշխատել չեմ կարող, որովհետև ավելի գերի եմ իմ խղճի ձայնին, քան իմ նյութական պահանջներին:

Ուրեմն ուրիշ մասնագիտություն ընտրեցեք, իրավաբանության օգտավետության մասին ես միայն այդ գաղափարն ունիմ:

Երկրաչափության դեմ ի՞նչ ունիք, — հարցրեց Հեթումյանը Եզովպոսին:

Նույնպես օգտավետ պարապմունք է, — պատասխանեց վերջինս. — մանավանդ մեր երկրում, ուր լեռները ավելի բարձր են, ձորերը ավելի խոր, դաշտերը անհավասար, լավ ճանապարհները սակավաթիվ և որտեղ, իհարկե, առավել պահանջ կա գործ շինելու: Միայն թե երկրաչափը խելոք լինի, փորձված, մաթեմատիկական հաշիվների մեջ չսխալվող, որովհետև ամեն հաջողություն այդ հաշիվների ճշտությունից է կախված: Ինչ հարկավոր է, օրինակ, մտածել, թե այս գյուղից մյուս գյուղը տանող ճանապարհը ավելի էժան կնստի, եթե նրան դաշտի միջով անցկացնենք, կամ ավելի էժան, եթե այս ձորի վերա մի կամար կամուրջ հաստատենք: Չէ. եթե կարծում ես, որ հանդիպակաց բլուրը պատռելով ճանապարհը ավելի կկարճանա, պատռել տուր բլուրը, ինչ անենք, թե այդտեղ ավելի աշխատանք կա և ծախք ավելի կերթա. դու խո չէիր կարող առաջուց գուշակել, թե բլուրը փորելու համար որքան մեծ կլինի ծախքը, դու միայն ճանապարհի կարճությունն ունեիր աչքի առաջ և հասար նպատակիդ: Եթե տասը հազար ռուբլու փոխարեն տասնևհինգ հազար է ծախսվել, միթե դու այդտեղ մեղավոր ես, իհարկե ոչ. դու մեղավոր կլինեիր այն ժամանակ, եթե տասնևհինգ հազարից հինգ հազարը քո գրպանում գտնվեր, բայց այդպես բան չկա. կարող եք հաշվին նայել, չէ՝ որ այդտեղ ելքի և մուտքի կշիռը հավասար է բոլորովին...

Դուք մեզ համբերությունից հանում եք, պ. Եզովպոս, — բարկացած բացականչեց Հեթումյանը. — ճարտարապետության դեմ հո մի բա՞ն չունիք:

Ոչինչ, ոչինչ շատ գեղեցիկ պարապմունք է. որտե՞ղ կարող էինք մենք աղոթել, եթե ճարտարապետները եկեղեցիներ չշինեին, կամ որտեղ Պատտիին լսել, Սարա-Բերնարի վերա հիանալ, Օլրիջով ոգևորվել, եթե նրանք մեզ համար թատրոններ չկառուցանեին: Օ, ճարտարապետները արժանի են ամեն հարգանքի: Բայց չեմ կարող չխոստովանել, որ այդ բոլորի համար նրանք մեզանից վերցնում են մի քիչ ավելի. սակայն, իհարկե, այդ ավելին էլ ունի յուր պատճառը. թատրոնի մեջ, օրինակ, կան այնպիսի մանրամասնություններ, որոնց գոյության մասին ժողովուրդը գաղափար անգամ չունի, բայց նրանց գոյությունն անհրաժեշտ է, որովհետև, հակառակ դեպքում, թատրոնը կարող է արձագանքից զուրկ լինել, խախուտ հիմքեր ունենալ և ուրիշ շատ խորհրդավոր պակասություններ, և ահա այս բոլորի համար մի քիչ ավելին անհրաժեշտ է: Այսուամենայնիվ, ես չեմ կարող չպատմել ձեզ մի փոքրիկ անցք, որի մի գաղտնիքը մինչև այսօր էլ ինձ համար անբացատրելի մնաց: Մեր քաղաքում մի անգամ հայրս խանութներ էր շինել տալիս յուր սեփական գետնի վերա: Որմերը մի կանգունաչափ արդեն բարձրացել էին գետնից, երբ շինության մոտ երևեցավ քաղաքային ճարտարապետը: Ի մեծ ցավ և զարմացումն բոլորիս, նա հայտնեց, որ որմերը անկանոն են դրված և ճանապարհի կողմից բավական տեղ գրաված է. հայրս հետևապես հրամայեց մինչև, առավոտ քանդել բոլոր շինությունը և ինքը թողեց գնաց: Ես դեռ փոքր էի և պետք է ասած, որ շատ տխրեցի հորս հասած դժբախտության համար, մանավանդ երբ տեսա, որ նա գլխակոր և անմռունչ հետևում էր ճարտարապետին, յուր խոնարհ խնդիրը նրան լսեցնելու համար:

Մյուս առավոտ որմնադիրները դարձյալ աներկյուղ շարունակում էին խանութների շինությունը:

Հայրիկ, չ՞ես վախենում երեկվա մեծավորից, — զարմացմամբ հարցրի ես իմ աներկյուղ հորից:

Ոչ, որդի, հիմա էլ չեմ վախենում:

Ինչու չես վախենում, հապա նա քեզ չհրամայեց, որ էլ խանութները շինել չտաս:

Այդ քո գործը չէ. գնա դասերդ սովորիր, — կարճ կտրեց հայրս և հեռացավ:

Այնուհետև պ. ճարտարապետը էլ չերևաց մեր շինության մոտ, բայց թե ինչու, այդ բանը մինչև այսօր էլ գաղտնիք մնաց ինձ համար:

Ուսանողների մեջ տիրեց ընդհանուր ծիծաղ:

Ժ

ՄԵՔԵՆԱՅԱԳԵՏ, ԹԵ՞ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍ

Որովհետև Հեթումյանին դուր չեկան պ. Եզովպոսի բացատրությունները, ուստի իբրև սեղանապետ, նա հրամայեց նրան, որ չհամարձակվի այլևս մասնագիտությանց վերա խոսել:

Բայց ձեր առաջարկած չորս մասնագիտությունների մեջ բժշկությունը մնաց, թողեք որ նրա համար էլ Եզովպոսը հայտնե յուր կարծիքը, — թախանձեցին մի քանի ուսանողներ, որոնք ավելի ծիծաղելու էին տրամադիր, քան կարծիքներ լսելու:

Ոչ, անկարելի է, — պատասխանեց անողոք սեղանապետը, — նա միշտ վատ կողմից է նկարագրում ամեն բան:

Բժշկության համար խոսելու իրավունքը ինձ է պատկանում, — նկատեց Մեհերյանը:

Բայց թողեք առաջ ես իմ մեքենայագիտությունը պաշտպանեմ, — շտապով ներս ընկավ Կարինյանը, — հետո դուք կխոսեք ձեր բժշկության վերա:

Ոչ, հետո ես կխոսեմ իմ գյուղատնտեսության վերա, — ձայն տվավ Մատինյանը:

Շատ լավ, շատ լավ. բոլորդ էլ կխոսեք, — նկատեց սեղանապետը, — Բայց խոսքը դեռ պ. Կարինյանինն է:

Պարոններ, ես մեր Եզովպոսի նման բացարձակապես չեմ դատապարտում ոչ իրավաբանությունը, ոչ երկրաչափությունը և ոչ ճարտարապետությունը, — սկսավ խոսել Կարինյանը: — Մի մարդ, որ ուղղամիտ և ազնվասիրտ է, որ ճանաչում է յուր պատիվը և պարտքը, որ գիտե հարգել ընկերի իրավունքները, որքան էլ որ կողմնակի շահերի դռներ ճանաչե, այսուամենայնիվ, երբեք թույլ չի տալ իրեն ի չարը գործ դնել յուր գիտությունը և ուրիշների յուր վերա ունեցած վստահությունը, բայց որովհետև հին ասած է, թե «մարդը սխալական է», իսկ մեր մեջ, մանավանդ, բացակայում է հաստատուն և առաքինի բնավորություններ զարգացնելու հոգսը, այդ պատճառով ես կարծում եմ հիշյալ երեք մասնագիտություններն էլ չկազմակերպված բնավորությունների համար փորձության մի-մի վիհեր են: Շատ անդամ հենց ինքը ժողովուրդն է սովորեցնում ազնիվ մարդուն լավ աճանել յուր սկզբունքներին: Յուր սեփական գործի օգտի համար նա բանում է նրա առաջ նվերներ ընդունելու հեշտին և գրավիչ ճանապարհը, որ հետո տանում է պաշտոնյային դեպի ստոր կաշառակերությունը, որի ազդեցության տակ ամենազորեղ մարդն էլ շեղվում է ճշմարտության ճանապարհից:

Այդ պատճառով, ես կարծում եմ, ով որ ուժ չունի կրակի հետ խաղալու, նա պետք է հեռու մնա նրանից: Բայց ինչ վերաբերում է իմ պաշտպանության հանձնված մասնագիտության, նա հավասար օգտավետ է թե՛ զարգացած և թե չզարգացած բնավորությունների համար: Արհեստները առհասարակ ծնեցնում են մարդու մեջ սեր դեպի աշխատանքը և դեպի գործունեությունը, իսկ այս երկուսը զորացնում են մարդու հոգեկան ուժը, որին մենք կորով ենք անվանում: Ամենամեծ տաղանդներն անգամ, եթե զուրկ են կորովից, կանգնում են ճանապարհի կիսում և նրանց գործունեությունը նմանում է այն ծաղկի կոկոնին, որ չորանում է դեռևս չբացված: Բոլորը գիտեն, որ կյանքի վշտերն ու դառնությունները քաղցրացնողը հույսն է, իսկ հույսը ապրում է այն մարդկանց մոտ, որոնց սրտում կորով կա: Հետևապես, եթե կորովն է այն մեծ ուժը, որ տաղանդը հանճարի է փոխում, որ ամենածանր գործերին հոգի ու կյանք է ներշնչում, որ ազատում է մարդուն մտքեր հիվանդացնող տենչանքներից, որ մղում է նրան դեպի դրական գործունեություն և սովորեցնում է քաջությամբ համբերել և փառքով հաղթանակել, ապա ուրեմն սիրենք այն գործը, այն պարապմունքը, որ զորացնում է մեր մեջ կորովըհոգեկան ուժը: Այդ պարապմանքը, պարոններ, արհեստն է, և մեքենայագիտությունը, ինչպես գիտեք, պատկանում է նրա ճյուղերից մինին: Բայg թե ինչու համար եմ ես արհեստի այդ ճյուղը գերադասում, կարծեմ ձեզ համար էլ հասկանալի է: Մինչև այժմ մեր բոլոր խոսակցությունը պտտում էր շահու և օգտի շուրջը, հետևապես, այդ տեսակետից նայելով գործի վերա, պետք է ընդունել, որ այսօրվան օրս մեքենայագիտությունը արհեստի բոլոր ճյուղերի մեջ առաջինն է, իբրև շահավոր մասնագիտություն:

Դուք տեսնում եք, թե ինչպես օրըստօրե բազմանում են շոգենավերը, երկաթուղիները, գործարանները, և մեքենայագիտության վերաբերյալ ուրիշ բազմաթիվ գործերը, իսկ այդ բոլորի համար լապտերով են պտրտում հմուտ մեքենայագետին: Բացի առատ վարձատրությունը, որ նա ստանում է ամեն տեղ իր աշխատության համար, միևնույն ժամանակ նա վայելում է մի քանի ուրիշ բարիքներ, որոնցից զուրկ են թե՛ իրավաբանը, թե՛ երկրաչափը և թե՛ ճարտարապետը: Մեքենայագետը, իբրև արհեստավոր, հոգեպես միշտ առույգ և զվարթ է. նա գոհ է յուր պարապմունքից և աշխատությունից, որոնք երբեք չեն դավաճանում նրա հույսերը, նա գոհ է յուր վիճակից, որովհետև կարոտության երկյուղը անծանոթ է նրան, նրա սիրտը խաղաղ և խիղճը հանգիստ է, որովհետև յուր անձնական օգտի համար չէ խաբում և չէ զրկում մի ուրիշին և կամ յուր գոյությունը պահպանելու համար ստիպված չէ գլորել ընկերին: Յուր գործերի և պարապմանց մեջ նա ազատ և ինքնիշխան է. ոչ անիրավ հրամանների է հպատակվում, ոչ անարդարության առաջ է գլուխ ծռում. այդ պատճառով էլ նրա մեջ անարգել զարգանում են ազնվությունը, անկեղծությունը և անաչառությունը, որոնք և նրան ազատ են պահում հասարակաց զրպարտություններից և անվանարկությունից, որոնց, ընդհակառակը, միշտ ենթակա են և՛ իրավաբանները, և՛ երկրաչափները, և՛ ճարտարապետները:

Ահավասիկ այս առավելությունների համար է, որ ես պաշտպանում եմ մեքենայագիտությունը:

Այդ բոլորը լավ, բայց մեքենայագիտության մի պակասավոր կողմը դուք ուշադրության չեք առնում, — նկատեց Մատինյանը:

Որն է այդ:

Այն, որ մեքենայագետը պարտավորված է լինում շատ անգամ այնպիսի տեղերում գործելու, ուր ահավոր վտանգներն անխուսափելի են: Ձեզ օրինակ այն դժբախտությունները, որոնք հաճախ պատահում են շոգենավերի և երկաթուղիների վերա և կամ շոգեշարժ գործարաններում: Դեռ ոչինչ չեմ ասում այն ապականված ու գարշահոտ մթնոլորտի մասին, որի մեջ ապրում և գործում է խեղճ մեքենայագետը, և որի սպանող ազդեցության շնորհիվ շատ գործավորներ գերեզման են իջնում, թողնելով իրենց գերդաստանը վերջին թշվառության մեջ:

Զարմանալի դատողություն եք անում դուք, որն է ուրեմն այն պարապմունքը, որ մարդուն հացի հետ միասին անմահություն է տալիս, — նկատեց Կարինյանը:

Գյուղատնտեսությունը, պարոն, գյուղատնտեսությունը, — բացականչեց Մատինյանը. — նա է այն պարապմունքը, որ ձեր թված բոլոր բարեմասնությունները յուր մեջ ամփոփելուց ի զատ ունի և այն առավելությունը, որ ապրեցնում է մարդուն աստուծո ստեղծած աշխարհի մեջ, նրա առողջարար օդերում, նրա դալարազվարճ հովիտներում, նրա զովաստվեր անտառներում, նրա ծաղկածին լեռների վերա, որոնց մեջ Հեփեստյան հնոցի փոխարեն վառվում է Ապոլոնի կենարար կրակը, դժոխային կռահանության փոխարեն լսվում են առվակների մրմունջը, գետակի կարկաչը, ծառերի սոսափյունը, սոխակի մեղեդին... որոնց գիշերվա խավարը մեղմանում է ո՛չ Արամազդա շանթերով, այլ Անահտա լապտերով, որոնց մեջ անուշ մայում են գառները, անհոգ արածում նախիրն ու խաշները, որտեղ տավարածն ու գեղջուկ հովիվը հնչեցնում են ազատ թե՛ երգ, թե՛ սրինգ...

Այո, անզուգական է այն կյանքը, որին մենք շինական անուն ենք տալիս, և գերազանց այն պարապմունքը, որ շինական մարդու միակ հարստությունն է կազմում: Համեմատեցեք մի անգամ քաղաքի ապականված մթնոլորտի մեջ ապրող և գործող մարդկերանց կյանքը խաղաղակյաց գյուղատնտեսի կյանքի հետ և դուք կհամոզվիք, որ վերջինը արդեն գրկախառնված է երջանկության, իսկ առաջինները դեռ խարխափում են նրան գտնելու համար:

Եվ ի՞նչ կա արդյոք աշխարհում ավելի քաղցր, քան արթնանալ ամեն առավոտ մաքուր և առողջարար օդի մեջ, շինական պարզ և խաղաղ մարդկերանց հետ, այցելել այստեղ պարտեզդ, որ գունավորված է երփներանգ պտուղներով. այնտեղ այգեստանդ, ուր խաղողենու ուռերը ծանրաբեռնված են դեղին ու ծիրանի ողկույզներով, մի տեղ մեղվանոցը, ուր բյուրավոր մեղուներ բզզալով ու տզզալով աշխատում են ամբողջ օրը, ինչպես մի լարված մեքենա, մյուս տեղ որդանոցը, ուր շեղջակույտ ոստերի վերա երախտագետ շերամը մետաքս է պատրաստում քեզ համար: Վերջապես դիտել բարեբեր դաշտերը, ուր արածում են նախիրդ ու խաշներդ, և կամ աջ ու ձախ փռվում, ծածանվում ոսկեփայլ արտերդ: Մի տեղ մշակը խոտ է հարում արոտում, քո անասունների ձմեռվա պաշարը հոգալու համար, մյուս տեղ գեղջկուհին ցորեն է կալսում քո ամբարները լցնելու համար: Ահա շուտով էլ կգա աշունը, կքաղեն խաղողը, կթափեն հնձան, մեծ տակառներում, խոր չալաներում կեփի, կեռա փրփրոտ շիրան: Պարտեզից կբերեն լի կողովներով տանձն ու խնձոր, դեղին սերկևիլ, և մեղվանոցից մեղրի խորիսխներ, սպիտակ ու դեղին: Շերամատնից դուրս կտան բոժոժը, հավաբներից՝ ձուն հազարներով և կաթնատանից՝ յուղն ու պանիրը ուռած տիկերով... Ահա ձեզ ապրուստ, ահա ձեզ ոսկի, միակ նպատակ մարդկային կյանքի:

Գեղեցիկ է, հրաշալի է, — բացականչեց սեղանապետը, — խմենք շինական հայի և շինական հայուհու կենացը, ապրին նրանք երկար իրենց խաշներով, իրենց արոտներով, իրենց արորներով... ապրին նրանք երկար և բարի օրինակ լինին մեզ:

Ուսանողներդ սրտաբուխ կեցցեներով ողջունեցին սեղանապետի առաջարկած կենացը և բաժակները դարդակեցին:

ԺԱ

ԲԺԻՇԿ

Ինչ որ խոսեցին Կարինյանն ու Մատինյանը, բոլորն էլ ճշմարտություններ էին, — սկսավ խոսել պ. Մեհերյանը: — Կարինյանի տեսակետից մեքենայագիտությունը ավելի շահավոր մասնագիտություն երևացավ, քան Եզովպոսի պաշտպանածները, իսկ Մատինյանի տեսակետից՝ գյուղատնտեսությունը: Բայg իմ տեսակետից եթե նայելու լինենք գործի վերա, բժշկությունը գերազանց է այդ երկուսից էլ, հետևապես և առաջին երեքիցն էլ: Դուք լավ գիտեք, որ մարդու էության սահմանը որոշելու համար ասում են. «Մարդս ընկերական կենդանի է»: Այդ ճշմարիտ է. բայց ընկերական բառը զանազան շրջանների համար զանազան նշանակություն ունի: Իհարկե մի անմարդաբնակ կղզում Ռոբինզոնի համար յուր վայրենի Ուրբաթն էլ մի լավ ընկեր էր. բայց եթե մի մարդաշատ քաղաքի, կամ գյուղի մեջ դրանք առաջին անգամ պատահեին միմյանց, շատ սիրով չէին իրար ընկերակցի: Այսպես էլ օրինակ, մի դարբնի համար ավելի լավ է յուր դարբնոցի ընկերների հետ կենակցիլ և մի շինականի համար յուր տգետ դրացիների հետ, քան երկուսին էլ լուսավորված և ազնվական մարդկանց շրջանում: Եթե այս այսպես է, ապա ուրեմն, որքան ավելի ծանր է լուսավորված, մտքով և սրտով ազնվացած, նուրբ ճաշակի և զգացմանց տիրացած մարդու համար ապրել փոշոտած մարմին, ծխոտած երես, կոշտ բնավորություն և վարմունք ունեցող դարբինների ու մեքենայագործների հետ և կամ խավարամիտ, խելքով ու մտքով աղքատ, զգացմունքների նրբությունից զուրկ և կիսով չափ վայրենի շինականների շրջանում: Որքան էլ դուք ճառեր խոսեք և այս տեսակ մարդկերանց բախտավորությունը դրվատեք, այսուամենայնիվ ես չեմ կարող համոզվել, թե մի զարգացած մարդ կարող է այդ հակակրական շրջանների մեջ բախտավոր ապրել: Դեռ ոչինչ չեմ խոսում այն անհայտ և աննշան կյանքի մասին. որ ստիպված են վարելու թե՛ մեքենայագետը և թե՛ գյուղատնտեսը, հեռու, կորած անկյունում, ուր երկար տարիներ չարչարվելով ու տանջվելով, անհայտ ու անծանոթ էլ մեռնում, կորչում են:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Next Last