Մուրացան՝   Չհաս է

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Next Last

Օրիորդը նկատեց այդ և մի քաղցր ժպիտով, որ կրկնապատկում էր նրա գեղեցկությունը, հարցրեց Պետրոսին:

Ուրեմն դուք ինձ չեք ճանաչում:

Ձեր հայացքը, արդարև, ինձ ծանոթ է երևումգրեթե վախենալով պատասխանեց Պետրոսը, — բայց ձեր անձնավորությունը...

Որ բոլորովին նման է ձեր դրացի Սարգսի աղջկան՝ Աստղիկին, — ծիծաղելով ավելացրեց օրիորդը

Աստղիկի՞նզարմացմամբ բացականչեց Պետրոսը:

Այո՛, ձեր խաղերի ընկերուհուն:

Այդ անկարելի է

Ինչպես թե անկարելի է. ուրեմն անկարելի է, որ ես ես եմ. — ծիծաղելով նկատեց օրիորդը:

Տեր աստված, ուրեմն դուք այդքան փոխվե՞լ եք, ես բոլորովին չճանաչեցի ձեզ, ինչպե՞ս դուք մեծացել եք

Այո՛, հինգ տարին քիչ ժամանակ չէ: Մեր օրերում նա երկարակյացների կյանքի քառորդն է կազմում, — նկատեց օրիորդը ժպտալով:

Երբեք, երբեք ես չէի կարող ձեզ ճանաչել, եթե դուք ինձ հիշեցրած չլինեիք Աստղիկ անունը: Օհ, որքան ուրախ եմ, որ իմ անսահման հարգանքը և համակրությունը գրավող վարժուհու մեջ եմ գտնում իմ ընկերուհի Աստղիկին...

Ուրեմն գոհ եք ինձանից, որ ես ձեր ընկերուհուն ծանոթացրի ձեզ հետ, — նկատեց Սերոբյանը

Օհ, շատ, շատ, դուք ինձ շնորհապարտ կացուցիք ձեզ:

Նույնպես ինձ... — ծիծաղելով ավելացրեց օրիորդը, — որովհետև ես արդեն վիրավորվել էի, որ Պետրոսը առաջին անգամից իսկ չէր ողջունել ինձ. բայց այժմ, ահա, ձեր շնորհիվ ճշմարտության հասու եղա և ես ներում եմ նրան յուր չգործած հանցանքը...

Շնորհակալ եմ, օրիորդ, սակայն ինձ մոլորեցնողը իմ հիշողությունը չէր, այլ ձեր արժանյաց բացարձակ առավելությունը, որին ես այսօր ծանոթացա, — նկատեց Պետրոսը:

Եթե այդ խոսքերը հաճոյախոսություն չլինեին, Պետրե, ես կցանկանայի արժանանալ նրանց:

Դուք արժանի եք ավելիին, որի համար ես բառեր չունիմ:

Մի վիճեք, երկուսդ էլ ճշմարտություն եք խոսում, — մեջ մտավ Սերոբյանը, — տարակուսանքը միայն նրա մեջ է, որ միմյանց չեք հավատում:

Երեք խոսակիցներն էլ ուրախ-ուրախ ծիծաղեցին:

Հետո Պետրոսը սկսավ դպրոցական գործերի մասին տեղեկություններ հարցնել օրիորդից, որ յուր գիտցածները հետզհետե հաղորդելով մեծ ուրախություն պատճառեց նրան: Վերջապես Պետրոսը հոգու ուրախ տրամադրությամբ բաժանվեցավ գեղեցիկ վարժուհուց խոստանալով անպատճառ այցելել նրան վաղը իրենց տանը:

ԱՆԾԱՆՈԹ ԶԳԱՑՄՈԻՆՔՆԵՐ

Ո՞ւմն եմ տեսել այսօր, մայրիկ, կարո՞ղ ես գուշակելվերադառնալով տուն, ուրախ-ուրախ հարցրեց մորից Պետրոսը:

Չգիտեմ, հոգիս, բարեկամներ շա՛տ, երևի նրանցից մինին:

Ոչ. հապա իմացիր:

Ի՛նչպես իմանամ, որդի, գոնե ասա, թե որտեղ, ում մոտ:

Աղջկերանց ուսումնարանում:

Իմացա, Աստղիկին:

Այո՛, մայրիկ, և ի՛նչպես մեծացել, ինչպես գեղեցկացել է նա. իսկ նրա ուսումը, նրա զարգացումը... երևակայիր, ամբողջ ժամերով ես նրա առաջ նստած, նա խոսում է, հարցաքննում է, ես նրան լսում եմ և չեմ ճանաչում: Հարյուր անգամ ինքս ինձ հարցրել եմ. տե՛ր աստուած, ո՞վ է այս աղջիկը, այսքան երիտասարդ և այսքան զարգացած...

Հետո ինչպե՞ս ճանաչեցիր:

Մի բարեկամ տղա մեզ ծանոթացրեց միմյանց հետ:

Ի՛նչպես, Աստղիկն էլ քեզ չէր ճանաչում:

Ոչ, ընդհակառակը, նա ինձ տեսնելու րոպեին էր ճանաչել:

Այո՛, նա կճանաչեր և ի՞նչպես կարող էր քեզ մոռանալ. Աստղիկը, այո՛, պատվական աղջիկ է. նա մի հատ է մեր ամբողջ քաղաքում, երանի այն մորը, որին նա հարս կերթա:

Ճշմարիտ է, պատվական աղջիկ է. բայց երբեք ես չէի կարող երևակայել, թե այն խեղճ, այն ամաչկոտ Աստղիկը այն աստիճան կառաջադիմեր ուսման մեջ, որ օրիորդական դպրոցի մեջ վարժուհի կարգվեր, և այն էլ այնքան արժանավոր պաշտոնում... Հիշում ես դու, մայրիկ, որ ես նրան զոռով էի մեր տուն բերում ինձ հետ խաղալու, և երբ դու նրան միրգ էիր տալիս, նա ամաչում էր վերցնելու... Տեր աստված, տեր աստված, ինչպես շուտ է անցնում մեր մանկությունը, ես կարծում եմ, թե այն երեկ էր, որ ես նրա հետ վազվզում էի մեր պատշգամբի վերա և կամ խաղում իրենց ծառերի տակ...

Այո՛, որդի, ամեն բան աշխարհում շուտ է անցնում. բայց աստված պահե ձեզ, դուք դեռ կյանքը վայելելու համար ժամանակ ունիք:

Աստղիկից խոսիր, մայրիկ, ինչպես պատահեց, որ նա այդպես առաջ գնաց, ախար չէ որ նրա մայրը կարողություն չուներ նրան ուսում տալու:

Ճշմարիտ է, որդի, կարողություն չուներ, բայց յուր մարդու մահվանից հետո մի այգի էր մնացել, տանն էլ ոսկեղեն, արծաթեղեն ունեին, մայրը բոլորը ծախեց և նրանցով յուր աղջկանը ուսում տվեց:

Մի՞թե, այդ նշանակում է, որ նա խելոք կին է, տեսնում ես, ավելորդ բաները վաճառելով աղջկանը կրթություն է տալիս, նա էլ այսօր փոխարենը վերադարձնում է յուր մորը:

Եղիսաբեթը, իհարկե խելոք կին է. մի ժամանակ ընկեր հարևան շատ խոսեցին նրա վերա, թե ինչ ունի նա, որ աղջիկ է կարդացնում, ի՞նչ լայեղ է նրա ուսում առած աղջիկը և էլ ուրիշ հազար մի բաներ, բայց նա ոչ ոքին չլսեց և այսօր նրան երանի են տալիս հենց նրանք, որոնք մի օր բամբասում էին նրան:

Օ՛, մեր կանանց բամբասանքի մասին էլ մի՛ խոսիր, դժոխքն էլ մտնելու լինին նրանք, սատանաներին կգժվացնեն... Ես դեռ զարմանում եմ, թե ինչու Եղիսաբեթը յուր խելքը չէ կորցրել և աղջկանը դպրոցից հանել:

Չէ, նա խելքը կորցնող կին չէ. բայց դու նրան այցելության չես գնալ, Պետրե, — հանկարծ փոխեց խոսքը տիկին Հռիփսիմեն, — նա իմ միակ բարեկամուհին է:

Ի՞նչպես չէ. ես Աստղիկին խոստացա վաղը անպատճառ այցելելու նրանց տուն:

Լավ կանես, որդի. Եղիսաբեթը կուրախանա. նա էլ ոչ ոք չունի աշխարհում, ինչպես և քո մայրը

Օ՛, ես նրան այսուհետև շատ պիտի պատվեմ, մի կին, որ Աստղիկի նման աղջիկ է մեծացրել, արժանի է ամեն հարգանքի:

Հետևյալ առավոտ մի առանձին փութով պատրաստվեցավ Պետրոսը Աստղիկին և նրա մորը այցելելու համար: Ժամը դեռ ութն էր, նա պետք է այցելեր նրան գոնե տասին: Եվ այդ երկու ժամերը նրա համար երկու օրի չափ երկարացան: Այդ միջոցը անզգալի կերպով անցկացնելու համար Պետրոսը ոչինչ չգտավ, որով զբաղվել կարողանար, նա անընդհատ անցուդարձ էր անում իրենց պատշգամբի վերա և ամբողջ ժամանակ զբաղված էր Աստղիկի վերա մտածելով, որի պատճառը ինքն էլ չէր հասկանում: Երեկվա նրա դիրքը, նրա դեմքը, նրա հայացքը այդ րոպեին յուր աչքերի առջևն էին, իսկ նրա այնքան քաղցր և դյութական ձայնը կարծես դեռ այժմ էլ հնչում էր յուր ականջին: Բայց ինչու համար նա միայն գեղեցիկ վարժուհու վերա էր մտածում. չէ որ մինչև այն նա հետաքրքրվում էր դպրոցի բախտով, նրա առաջադիմությամբ, նրա զարգացման գործով..: Պետրոսը ձեզ կասեր, որ հենց այն րոպեին էլ նա դպրոցի մասին էր մտածում, բայց ինչպես, այդ է հետաքրքիրը: Նա հիշում էր, թե ինչպես քաղցր և անուշ ձայնով բացատրում էր վարժուհին յուր աշակերտուհիներին գողթնեցիների գեղեցիկ երգը. «Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի և մարգարիտ տեղայր ի հարսնութեան Սաթինկան...»: Բայց միթե դպրոցում ուշադրության արժանի էլ ուրիշ ոչինչ չկար, ինչպես չէ. հապա վարժապետները, աշակերտուհիները, հանդիսատեսները, այսուամենայնիվ նա նրանց մասին չէր էլ հիշում:

Վերջապես ժամը տասը լրացավ. Պետրոսը ուրախությամբ դիմեց յուր մանկական խաղերի ընկերուհու մոտ: Երբ առաջին անգամ նա ներս մտավ նրանց դռնով, բակի ընդհանուր պատկերը մի քաղցր և սիրախորժ ազդեցություն արավ նրա վերա: Այդտեղ գրեթե ոչինչ չէր փոխվել: Նա տեսավ մեծ տանձենին, որի հովանու տակ շատ անգամ նստել խաղացել էր նա փոքրիկ Աստղիկի հետ, որի ճյուղերից երբեմն չվան կապելով ճլորթի էին արել նրանք, տեսավ թավուտ խնձորենին, որ յուր ծուռ բունով թեքված էր ջրհորի վերա որից արգիլում էին իրենց խնձոր քաղելու, տեսավ վանդակապատ փոքրիկ պարտեզը, որ նույնպես գեղեցիկ, նույնպես կանաչազարդ էր ինչպես առաջ, տեսավ և սիրուն ծաղկածուն, որ դեռ ձգված էր կանաչ վանդակապատի երկարությամբ: Հասնելով բակի մեջտեղը, Պետրոսը կանգ առավ այստեղ մի քանի րոպե և սկսավ դիտել յուր շուրջը գտնվող ծանոթ առարկաները, որոնք հիշեցնում էին նրան յուր անցած, գնացած մանկությունը, յուր անհոգ խաղերը, յուր անմեղ զվարճությունները, և նրա կրծքից ակամա դուրս թռավ մի հառաչանք:

Այդ րոպեին սանդուղքների փոքրիկ պատշգամբի վերա երևեցավ Աստղիկը, որ տեսնելով Պետրոսին բակի մեջ կանգնած, ձայն տվավ ծիծաղելով:

Օ՛, բարև ձեզ, բարև ձեզ. այդ ինչ է, դուք արդեն մոռացե՞լ եք մեր տան ճանապարհը:

Ոչ, օրիորդ, ես հոգով ու մտքով վերափոխվել եմ դեպի մեր մանկության քաղցր անցյալը և դժվարանում եմ վերադառնալ... — պատասխանեց Պետրոսը և ժպտադեմ բարձրացավ դեպի պատշգամբը: Բարեկամ և բարեկամուհի սիրով ողջունեցին իրար:

Աստղիկը ներս հրամցրեց Պետրոսին և ներկայացրեց նրան յուր մորը:

Օ՛, ինչպես դու մեծացել ես, Պետրոս, սիրուն տղամարդ ես դարձել, — բացականչեց տիկին Եղիսաբեթը և գրկելով նրան համբուրեց ճակատը:

Պետրոսը սաստիկ զգացվեցավ, տիկնոջ համբույրը լցրեց նրան մի անբացատրելի ուրախությամբ և նա որդիական անսահման սիրով համբուրեց նրա ձեռքը ջերմագին:

Էհ, ինչպես ես, որդի, առո՞ղջ ես, հաջո՞ղ են գործերդ. Հռիփսիմեն ուրախ է, այնպես չէ՞, իհարկե շատ ուրախ կլինի, — խոսեց տիկին Եղիսաբեթը:

Շնորհակալ եմ և՛ առողջ եմ, և՛ հաջողակ, իսկ մորս ուրախության, հարկավ, դեռ չափ ու սահման չկա:

Իհարկե, էլ ուրիշ ինչո՞վ կարող է նա ուրախանալ, աշխարհի մեջ միայն քեզ ունի, ինչպես ես իմ մինուճար Աստղիկին, աստված երկուսիդ էլ պինդ ձեռքով պահե, որդի... դուք եք մեր կյանքի միակ հույսը և ուրախությունը... Սկզբից արդեն դուք քույր ու եղբայր էիք, կուզեմ, որ մինչև վերջն էլ նույն սիրով ապրիք:

Երկու երիտասարդները նայեցին հանկարծ միմյանց՝ կամենալով կարծես հարցնել, թե ի՞նչ կնշանակեն այդ խոսքերը. բայց իսկույն էլ կարծես միմյանց հասկանալով դարձրին աչքերը միմյանցից և խոնարհեցին գետին:

Բայց գիտես, մայրիկ, երեկ պ. Պետրոսը չկարողացավ ինձ ճանաչել, — յուր ներքին հուզմունքը ծածկելու համար խոսեց Աստղիկը. — նա ստիպված է եղել պ. Սերոբյանին դիմելու ինձ հետ ծանոթանալու համար:

Միթե, այդքան էլ մոռացկոտություն, հապա ինչպե՞ս ես դու քո դասերդ սովորում:

Է, մայրիկ, ընդհակառակը, դասերով շատ է զբաղվել, որ մեզ մոռացել է, — ծիծաղելով նկատեց Աստղիկը:

Այո՛, օրիորդ, այսօր ես ավելի եմ ճանաչում ձեզ, քան երեկ, — պատասխանեց Պետրոսը, — դրա պատճառը այն է, որ դուք ձեր տան մեջ գրեթե նույնն եք, ինչ որ առաջ. իսկ ուսումնարանում բոլորովին փոխված էիք. այնտեղ ձեզ այնքան լուրջ, այնքան ակնածելի գտա ես, որ չկարողացա մտքովս անգամ անցնել, թե երբևիցե բախտ եմ ունեցել ես այսպիսի մի անձնավորության հետ ծանոթ լինելու:

Բոլորովին ճիշտ է. տեսնո՞ւմ եք, մեր բոլոր արժանիքը հենց նրա մեջ է կայանում, որ կարողանում ենք ցույց տալ մարդկանց այն ինչ որ չենք իսկապես...

Օ՛, դուք վիրավորվեցա՞ք իմ խոսքերից, հազար ներողություն, ես ուրեմն չկարողացա ասել ձեզ ա՛յն, ինչ որ ցանկանում էի...

Ընդհակառակը, դուք մի ճշմարտություն ասեցիք:

Ո՛չ, ես կամենում էի ասել, որ դուք այնտեղ ավելի պաշտոնական դիրք, դաստիարակչի լրջություն և կարգապահության նախանձախնդիր նայվածք ունեիք, իսկ այստեղ ես ձեր մեջ գտնում եմ իմ հին բարեկամուհուն յուր ազատ դիրքով, յուր ուրախ բնավորությամբ, յուր սիրելի պարզությամբ...

Լավ, ուրեմն ներողություն, ես ձեզ չհասկացա, բայց միթե դուք կսխալվեիք, եթե հենց միևնույն կարծիքը հայտնեիք իմ մասին:

Այնպիսի մի ժամանակ, երբ ես ձեզանով հիացա՞ծ էի..

Ինչպես մի խեցիով, որ արեգակի առաջ փայլում է հեռվից, — ծիծաղելով նկատեց օրիորդը:

Օրիորդ, համեստությունը յուր ծայրահեղության մեջ ավելի տգեղ է, քան նույն ինքը հանդգնությունը, մի աշխատեք, ուրեմն, ծածկել այն արժանիքը, որով դուք իրավունք ունիք պարծենալու, — լրջությամբ խոսեց Պետրոսը, — նրանք, որոնք շնորհունակ հոգիներից անպայման համեստություն են պահանջում, դրանով կամենում են միայն իրենց անշնորհքությունը ծածկելՉե՞ք պատահել արդյոք մի մարդու, որ բախտի քմահաճությամբ դառն աղքատությունից հանկարծ ընկել է մեծ հարստության մեջ, տեսեք, թե նա այսօր ինչպես է դրվատում հարստությունը, որին դեռ երեկ ծաղրում էր անպայման: Այո՛, համեստության սիրահարը միայն նախանձն է. քիչ է այն մարդկանց թիվը, որոնք սիրում են մանիշակը, երբ նա դժնիկի տակ ծածկված հեռվից է բուրում յուր հոտը, բայց մայիսյան վարդի ճշմարիտ սիրահարները չեն ախորժում տեսնել նրան ծածկված տերևների տակ, նրանք հիանում են, երբ քնքշության թագուհին յուր հրապուրիչ աչքերով տիրում է ազատ և անկախ ծաղիկների աշխարհինինչու, ուրեմն, արժանիքը չթագավորե այնտեղ, ուր անշնորհքությունը անամոթաբար այլանդակում է ստեղծագործության գեղեցկությունը:

Օրիորդը քնքշությամբ նայեց Պետրոսի վերա, նրա աչքերը այդ րոպեին վառվում էին և մի մոլար կրակով, նա կամեցավ խոսել բայց լեզուն չէր հնազանդվում, նա կարծես վախենում էր ինքն իրենից, թե չլինի մի այնպիսի խոսք թըռցընե բերանից, որ յուր սրտից լիներ բխած և ոչ թե ուղեղից: Այդ միջոցին տիկին Եղիսաբեթը դուրս գնաց յուր նորեկ հյուրի համար սուրճ բերելու:

Դուք համաձա՞յն եք իմ կարծիքների հետ, — հարցրեց Պետրոսը օրիորդին:

Չգիտեմ:

Ի՞նչպես, դուք չգիտեք, ուրեմն, թե որքան եք ինձ հետ համամիտ:

Ես համամիտ եմ այն մարդկանց հետ, որոնք սիրում են մանիշակը, երբ նա դժնիկի տակ ծածկված հեռվից է բուրում յուր հոտը

Այդ ապացուցանում է ձեր զգացմունքների ազնվությունը, բայց դուք պիտի համոզվիք, որ համեստության ծայրահեղությունը մեռցնում է ճշմարիտ արժանիքը, ծաղիկները շվաքի մեջ չեն աճում, այլ կենարար արեգակի առաջ, այս ճշմարտությունը այնքան հին է, որքան և նոր:

Այո, բայց կան ճշմարտություններ, որոնց մենք իրավունք չունինք քարոզելու, մեր այդ իրավունքը բռնաբարված է թե բնության և թե՛ մարդկանց ձեռքով:

Իսկ ես կարծում եմ, որ ճշմարտությունը ամեն բերանով էլ կքարոզվի:

Բացի կանանց:

Որ, այսուամենայնիվ, ավելի է ազդում սրտերի վերա:

Եվ հենց այդ ազդեցությունն է մեր զրկանքի պատճառը... — ծիծաղելով նկատեց օրիորդը:

Պետրոսը լռեց, և անթարթ աչքերով սկսավ նայել օրիորդի վերա: Նա այդ րոպեին այնքան վեհ, այնքան գեղեցիկ էր երևում նրա աչքում, որ Պետրոսը ավելի լավ էր համարում անընդհատ նայել նրա վերա և նրա գեղեցկությամբ զմայլվել, քան շարունակել յուր փիլիսոփայությունները: Բայց հանկարծ օրիորդը ծիծաղեց և Պետրոսը սթափվեցավ յուր հափշտակությունից:

Ինչո՞ւ համար եք ծիծաղում, — հարցրեց նա ժպտալով:

Ոչինչ:

Ոչինչ բանի համար չեն ծիծաղում:

Ընդհակառակը, մինչև անգամ լաց են լինում:

Բայց դուք անկարելի է, որ մի պատճառ չունենայիք:

Այո՛, ես հանկարծ մտաբերեցի ձեր և իմ մանկությունը. հիշեցի ձեր չարությունները և թե ինչպես մի անգամ դուք իմ ընկույզները հափշտակելով փախաք ձեր տուն: Լսելով ձեր այժմյան փիլիսոփայությունները, ես հիշեցի այդ փոքրիկ դեպքը և ծիծաղեցի:

Ես էլ հենց այդ անցյալի վերա էի մտածում և համեմատում էի իմ ընկերուհի Աստղիկին, այն փոքրիկ ամաչկոտ աղջկան այժմյան հրաշալի օրիորդի և վարժուհու հետ, և որքան տարբերություն, տեր աստված, դուք միացրել եք ձեր մեջ ձեր անվանակցի և Աթենասա ուժերը միասին, այդ հազիվ է հաջողում կանանց...

Օրիորդը շառագունեց և աչքերը խոնարհեց գետին:

Պետրոսը այդ նկատելով զղջաց յուր անտեղի հաճոյախոսության վերա և խոսք դարձրեց ուրիշ առարկաների:

Այդ միջոցին արդեն ներս եկավ տիկին Եղիսաբեթը, որին հետևում էր ծառան սուրճի սկուտեղը ձեռքին: Խոսակցությունը ընդհանրանալով զգացմունքների լարումը տեղի տվավ զվարճախոսության և կատակների:

Մի կես ժամ ևս խոսելուց ետ, դուրս գնաց Պետրոսը դրացուհու տնից, թողնելով այնտեղ յուր սիրտը անծանոթ զգացմունքներով լցված:

ԺԶ

ԱՆԿԵՂԾ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Կան սրտեր, որոնք այնքան քնքուշ, և այնքան ենթակա են ազդեցությունների, որ շատ անգամ րոպեական դեպքերը բավական են լինում նրանց թագավորության մեջ ամենամեծ հեղափոխություններ հարուցանելու: Օրիորդ Աստղիկը պատկանում էր այն դասին, որ կրում է յուր մեջ այս տեսակ սրտեր: Սկսած այն րոպեից, որ Պետրոսը դուրս գնաց նրա մոտից, նա դարձավ օրիորդի մտածմանց առարկան: Այն աղջիկը, որ րոպե անգամ անգործ նստել չէր սիրում, որ դպրոցական պարապմունքներից ետ անմիջապես տան զբաղմունքներն էր սկսում, որ յուր ուրախությունը և զվարճությունը անխոնջ աշխատության մեջ էր գտնում, այսօր մոռացել էր սովորական զբաղմունքները, դպրոցական պարապմունքների մասին չէր հիշում ոչինչ, տնային գործերը չէին հետաքրքրում նրան... Մտածել ամբողջ ժամերով, — ահա մի բան, որ շատ դուր էր գալիս նրան, բայց ինչու անպատճառ Պետրոսի վերա, այդ նա չէր կարողանում բացատրել: Անցյալից, մանավանդ, նա սկսում էր հիշել գողտրիկ դեպքեր, որոնք վերաբերում էին յուր և Պետրոսի մանկական բարեկամությանը, իրենց խաղերին և զվարճություններին, նա շատ լավ հիշում էր և այն թե ինչպես տխրեց, և մինչև անգամ արտասվեց ինքը, երբ յուր մայրը առաջին անգամ հայտնեց իրեն, թե Պետրոսը գնաց Թիֆլիս... նա տխրեց, որովհետև յուր ընկերը գնացել էր օտար քաղաք առանց իրեն տեսնելու, առանց իրեն հրաժեշտի ողջույնը տալու: Եվ հենց այդ րոպեից սկսվեցավ յուր մեջ բուռն ցանկություն ուսման մեջ առաջադիմելու: Ճշմարիտ է, նա Պետրոսի ժամանակ արդեն ուսանում էր, բայց այն չափով, որքան հարկավոր էր մի խեղճ ընտանիքի աղջկա համար և որով, իհարկե, նա շատ բան ձեռք բերել չէր կարող: Սակայն Պետրոսի գիմնազիոն գնալը վառեց նրան նախանձախնդրության հոգվով. — «Նա գնում է գիմնազիոնում ուսանելու, մի քանի տարուց ետ նա կվերադառնա մեծ ուսումով, մեծ խելքով. նա էլ չի կամենալ ինձ հետ խոսել, ինչպես չկամեցավ վերջին անգամ ինձ տեսնել... իհարկե, նա հարուստի տղա է, նա կարող է գնալ Թիֆլիս, գիմնազիոն, բայց ես էլ կարող եմ սովորել գոնե այնքան, որ նրա հետ մի տեղ պատահած ժամանակ չամաչեմ նրանից...»: Մոտավորապես այս մտքով մի խորհրդածություն արավ այն ժամանակ փոքրիկ Աստղիկը և այս խորհրդածությունը պատճառ դարձավ այն առաջադիմության, որ նա հասավ վեց տարվա անխոնջ և շարունակ աշխատությամբ:

Անցյալից այս բոլորը հիշելով Աստղիկը գալիս էր այն եզրակացության, որ երևի այդ երիտասարդը վաղ թե ուշ մի մասնակցություն պիտի ունենա յուր բախտի և ապագայի հետ: Բայg և այնպես նա դեռ վճռապես չէր կարողանում հաշիվ տալ ինքն իրեն, թե ինչու ամբողջ ժամերով միայն նրա վերա էր մտածում և այնքան շատ նրա կրկին տեսության փափագում:

Լինում է ժամանակ, երբ քաղաքավարության օրենքները բռնաբարում են մարդու սիրտը և զգացմունքները, ստիպելով նրանց ստել և կեղծավորել, բայց պատահում է նաև, որ այդ օրենքները ծառայում են մարդկային սրտի և զգացմանց հաճույքներին: Օրիորդ Աստղիկի ուրախությանը չափ չկար, երբ այն միջոցին, որ նա պատճառներ էր որոնում Պետրոսի հետ տեսնվելու, հանկարծ մտաբերեց, թե քաղաքավարության օրենքը պահանջում էր իրենից վերադարձնել նրան յուր այցելության փոխարենը:

Եվ հետևյալ օրը նա այցելեց նրան:

Պետրոսը հույս չուներ այդպես վաղ Աստղիկին տեսնելու, այդ պատճառով նրա հանկարծ ներս մտնելը մեծ ուրախություն պատճառեց իրեն:

Եթե ձեր այցելությունը մի պարտքի հատուցումն է, ես նրան չեմ ընդունում, — ծիծաղելով նկատեց Պետրոսը, դիմավորելով օրիորդին:

Մի՛թե այդ ձեր ցանկությունից չէ կախված ընդունել նրան այն մտքով, ինչ մտքով որ հաճելի է ձեզ:

Իհարկե ոչ. ենթադրությունները զբաղեցնում են ուղեղը, բայց սրտին ուրախություն չեն պատճառում, ուրախանալու համար մենք պետք է ապացույցներ ունենանք:

Եթե իմ խոսքը կարող է ձեզ իբրև, ապացույց ծառայել, ուրեմն կասեմ, որ ես միայն ձեզ տեսնելու համար եկա:

Շնորհակալ եմ. ես չէի տարակուսում, ուրեմն նախազգացումը ամփոփում է յուր մեջ ճշմարտության ամբողջությունը...

Դուք հավատո՞ւմ եք նրան, — ծիծաղելով հարցրեց օրիորդը:

Այժմ ավելի քան երբեք: Իսկ դո՞ւք...

Ե՞ս

Այո:

Ես... ոչ, չեմ հավատում:

Ի՞նչպես, դուք չե՞ք հավատում որ նախազգացումը ապագայի կարապետն է:

Եթե այդպես է, ուրեմն ավելի լավ էր չհավատալ:

Ինչո՞ւ:

Որովհետև կյանքի մեջ տխրությունները այնքան շատ են, որ նախազգացմանը հավատալով մենք ստիպված պիտի լինինք ամեն օր լաց լինելու, իսկ տխրել ես չեմ սիրում:

Ուրեմն դուք հավատացեք նրան այն ժամանակ միայն, երբ նա շշնջում է ձեր ականջին մոտալուտ ուրախության լուրերը:

Կամ ավելի լավ է ասել, նախազգացումը դուք ինքներդ ստեղծեցեք, որպեսզի նա տխուր լուրեր չհաղորդե ձեզ, — նկատեց օրիորդը և ուրախ-ուրախ ծիծաղեց, հետո Պետրոսին դառնալով հարցրեց.

Ի՞նչ նախազգացման մասին էիք խոսում դուք:

Իմ նախազգացման:

Այդ գիտեմ, բայց ինչի վերաբերությամբ:

Դա մի գաղտնիք է, որ շատ ուշ պիտի խոստովանեմ ձեզ, — խորհրդավոր եղանակով պատասխանեց Պետրոսը:

Եթե այդ գաղտնիքը մի օր պիտի խոստովանեք ինձ, ուրեմն ավելի լավ է հենց այսօր խոստովանել:

Եթե միայն դուք խոսք կտաք չբարկանալ ինձ վերա, կամ գոնե անքաղաքավար չեք անվանիլ ինձ:

Երկուսի համար էլ ես իրավունք չունիմ:

Եթե բանը իրավունքի եկավ, ուրեմն իմ պարտքս էլ լռելն է:

Ոչ, մի նեղանաք, խնդրում եմ, խոստովանեցեք ձեր գաղտնիքը, ես խոստանում եմ ոչ բարկանալ և ոչ անքաղաքավար անվանել ձեզ:

Շնորհակալ եմ. ուրեմն ես ձեր հետաքրքրությունը կգոհացնեմ. դուք լավ եք ասում, թե մի գաղտնիք, որ մի օր պիտի խոստովանեք ինձ ավելի լավ է հենց այսօր խոստովանել: Եվ իրավ, եթե մենք երկու օտարներ լինեինք, դեռ նոր միմյանց հետ ծանոթացած, հարկավ ամենաթեթև մտերմական խոստովանությունն էլ մի հայտնի ժամանակից ետ կարող էինք անել միմյանց, այսինքն երբ արդեն միմյանց բնավորություն բավական ուսումնասիրած կլինեինք: Բայց մենք, որ մանկությունից արդեն ճանաչում ենք միմյանց, ապրել մեծացել ենք միասին իբրև քույր և եղբայրկարծեմ կարիք չունինք մի որևէ խոստովանության համար որոշ ժամանակի սպասելու, ուրեմն լսեցեք ինձ: — Այն օրից սկսած, երբ ես առաջին անգամ տեսա ձեզ ուսումնարանում և իմ երևելի հիշողության շնորհիվ ստիպվեցա Սերոբյանի միջոցով նորոգել ձեզ հետ իմ բարեկամությունը, այդ օրից սկսած դուք դարձաք իմ մտածմունքների միակ առարկան: Մինչև այն րոպեին, երբ ես կրկին անգամ արժանացա ձեր տեսության, ժամերը օրերի չափ երկարացել էին ինձ համար, իսկ այն րոպեից սկսած, երբ ես դուրս եկա ձեր տնից, ես իմ հանգիստը կորցրի բառի բուն նշանակությամբ: Ամեն տեղ և ամեն կողմ ես ձեզ էի պտրտում և ձեզ վերա մտածում: Իսկ այսօր առավոտվանից արդեն ես հաստատապես սպասում էի ձեր գալստյան, որովհետև իմ նախազգացմունքը ասում էր ինձ, որ դուք անպատճառ կգաք հնձ տեսնելու: Իրավունք ունեի՝ արդյոք ձեզ սպասելու, թե ոչ, ճիշտը դուք կարող եք իմանալ, բայց որ նախազգացումը ինձ չխաբեց, դրա ապացույցն այն է, որ ահա դուք այստեղ, ինձ մոտ եք: Այս էր իմ խոստովանության գաղտնիքը, որը, ինչպես տեսնում եք, միայն մի քանի հասարակ ճշմարտություններ է պարունակում յուր մեջ...

Որոնք արտահայտված են բավական համարձակ կերպով, — նկատեց օրիորդը և ապա խոսքը փոխելով հարցրեց.

Ո՞ւր է ձեր մայրը, ես կամենում էի նրան էլ տեսնել:

Նա դեռ երկեղեցուց չէ վերադարձել և երևի շատ չի ուշանալ այնտեղ, բայց մի՞թե իմ ներկայությունը ձեզ արդեն ձանձրացրեց:

Ես այդպես բան չասացի:

Ուրեմն իմ խոստովանությունը ձեզ վշտացրեց:

Օրիրոդը ոչինչ չխոսեց, նա լուռ էր և աչքերը ուղղած դեպի սենյակի դուռը, որտեղից կարծես սպասում էր մեկի ներս մտնելուն:

Դուք ոչինչ չե՞ք պատասխանում, — կրկին հարցրեց Պետրոսը:

Ահա՛ ձեր մայրը գալիս է, ես նրա ոտնաձայնը լսում եմ, — խոսեց օրիորդը, և դիմավորեց տիկին Հռիփսիմեին, որը նույն րոպեին ներս մտավ սենյակի դռնով:

Տիկնոջ «ողորմի աստված»-ը վերջ տվեց լարված խոսակցությունը:

ԺԷ

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ

Լուսնյակ գիշեր էր. մեղմ և զովաշունչ: Անցուդարձը արդեն դադարել էր փողոցներում. արծաթափայլ լուսինը, որ կամաց-կամաց դեպի արջնաթյուր երկնակամարն էր բարձրանում, իզուր յուր պայծառ լապտերով լուսավորում էր նրանց, ոչ ոք չէր կամենում օգուտ քաղել ամառային զովարար գիշերից, քաղաքի բնակիչները, իբրև երդվյալ գավառացիներ, վաղուց արդեն խոր քնով խռմփում էին և գիշերային խորհրդավոր լռությունը ընդհատվում էր միայն շների հաչյունով, որ մերթ ընդ մերթ լսվում էր փակված բակերի մեջ:

Պետրոսը, որ այդ երեկո հրավիրված էր յուր ծանոթներից մեկի տանը, միայնակ և մտախոհ վերադառնում էր տուն: Նրա մտածմանց առարկան այն ծանր լռությունն էր, որ գիշերվա այդ ժամին տիրում էր ամբողջ քաղաքի մեջ:

Իբրև ուսանող նա սովոր էր լավ երեկոները մի քանի ժամ զբոսնել ընկերակիցների հետ միասին և օգուտ քաղելով ազատ ժամերից, խոսել և դատել օգտավետ խնդիրների մասին: Այդ լինում էր Թիֆլիսում, ուր կյանքը սկսվում էր նույնիսկ գիշերային ժամերից, բայց ի՞նչ անել այստեղ, յուր հայրենի քաղաքում, ուր կյանքը դադարում էր արևի վերջին ճառագայթների հետ: «Ահա այսպես էլ ամեն բանում տիրում է մեռելություն, — կամաց-կամաց քայլելով մտածում էր նա ինքն իրեն. — գիշերվա ժամերի նման մարդկանց սրտերն էլ քնած են, արևի ջերմությունն է միայն, որ կարող է կյանք ներշնչել նրանց մեջ, բայց ո՞ւր գտնենք այն մարդը, որ արևի գունդը ծածկած ունենա յուր կրծքում... Խեղճ Պետրե, և դու քո տգիտության համար չարաչար պատժվեցար. ինչ հարկավոր էր անկեղծ լինել այնտեղ, ուր անկեղծության մասին գաղափար չունին մարդիկ...:

Պետրոսը յուր անհաջող խոստովանության մասին էր խոսում, որի պատմությանը նախընթաց գլխից արդեն ծանոթ են մեր ընթերցողները:

Մի տաս րոպեից ետ նա հասավ այն խուլ փողոցին, որի վերա էր գտնվում իրենց տունը, կից Աստղիկենց տան: Հասնելով նրանց պարտեզի ցանկապատին, նա անզգուշաբար կանգ առավ նրա առաջ, նայեց դեպի պարտեզը և զարմացմամբ նշմարեց մի սպիտակազգեստ երևույթ, որ նստած էր ծառերից մեկի տակ, փոքրիկ նստարանի վերա: Նա նմանում էր մի մարմարիոնե արձանի, որով քանդակագործը կամեցել էր պատկերացնել գիշերային աստվածուհիներից մինին... Երևույթը չէր շարժվում, բայց նրա աչքերը, որոնք ուղղված էին դեպի լուսնի պայծառ շողերը, փայլում էին ինչպես երկու արեգակներ: Պետրոսը հիացմամբ նայում էր նրանց վերա, գիշերային խորհրդավոր գեղեցկուհին նրա հոգին դյութել, հափշտակել էր. և նա չէր համարձակվում ամենափոքր շշունջ անգամ հարուցանել յուր աստվածուհու մենավոր մտածմունքները չխանգարելու համար:

Վերջապես երևույթը, որ նույն ինքը Աստղիկն էր, շարժվեցավ տեղից և մի քանի քայլ առաջացավ դեպի ցանկապատը, կարծես նա զգաց, որ այնտեղ դիտում են իրեն:

Պետրոսը արագությամբ, բայց թեթև քայլերով ետ փախավ դեպի փողոցը չկամենալով յուր գաղտնի ներկայությամբ վախեցնել սիրուհուն, և այնտեղից նորեն լսելի ոտնաձայնով սկսավ առաջանալ դեպի պարտեզը: Երբ նա հասավ ցանկապատին, նրա ետևում արդեն կանգնած էր սպիտակ երևույթը, որ իսկույն ճանաչեց Պետրոսին:

Պետրե, այս դո՞ւ ես, որտեղից ես գալիս այսքան ուշ. — քնքշաբար և մտերմությամբ հարցրեց նրան Աստղիկը:

Մի բարեսիրտ ծանոթի տնից, որ խղճալով իմ միայնությունը, հրավիրել էր ինձ յուր մոտ, — պատասխանեց երիտասարդը, — բայց դուք ինչ ունիք այդտեղ, այս գիշերային ժամուն...

Ինձ ծանոթները չեն հրավիրում, ուստի փորձում եմ մենավոր կյանքին ընտելանալու, — ժպտալով պատասխանեց օրիորդը:

Երևի միանձնուհի դառնալու համար:

Այո՛, երբ աշխարհի մեջ էլ հրապուրիչ ոչինչ չեմ գտնիր:

Ուրեմն դուք դեռ աշխարհը չեք ատում:

Դու այդ սպասո՞ւմ էիր:

Մի՞թե չպետք է սպասեի. ով որ զգացմունք չունի սիրո համար, նա արդեն աշխարհի սահմաններում չէ ապրում:

Օ՛, դու ինձ կամենում ես վրեժխնդիր լինել: Արի այստեղ, Պետրե, ես քեզ ավելի մոտիկից կպատասխանեմ, արի ինձ մոտ, դու երևի ճանապարհը ճանաչում ես:

Պետրոսի սիրտը ուրախությունից թունդ ելավ, էլ ի՞նչ հարկավոր էր նրան ճանապարհներ պտրտել, մի ոստյուն, և նա արդեն պարտեզումն էր:

Երկու երիտասարդները ջերմությամբ սեղմեցին միմյանց ձեռք, և Աստղիկը Պետրոսի ձեռքից բռնած տարավ նրան պարտեզի խորը, որտեղ նրանք նստան մի մեծ խնձորենու տակ, որի ստվերաշատ ճյուղերը արգիլում էին լուսնին լուսավորելու նրանց:

Պետրե, ես կամենում եմ առաջինը խոսել, թո՞ւյլ կտաս դու ինձ այդ, — քնքշաբար հարցրեց օրիորդը:

Օ, եթե միայն դու խոսես, ես պատրաստ եմ հավիտյան լռելու, — ջերմությամբ պատասխանեց երիտասարդը:

Ուրեմն լսիր ինձ: Անցյալ օրը երբ ես քեզ այցելության եկա, շատ բաներ ունեի քեզ հայտնելու, շատ բաներ՝ քեզ խոստովանելու... բայց երբ դու քո գաղտնիքը ինձ բացիր, ես ակամա ետ կանգնեցի իմ դիտավորությունից, մի գաղտնի երկյուղ թուլացրեց իմ արիությունը, մանավանդ, երբ ձեր տան մեջ ես ինձ հանկարծ միայնակ գտա քեզ հետ: Որքան էլ կամենում էի խոսել և մի պատասխան տալ քո հարցերին, այսուամենայնիվ լեզուս չէր հնազանդվում ինձ, և որքան շատ ուրախացա, երբ քո մայրը ներս գալով վերջ տվավ իմ անել դրությանը: Ես տեսա, որ դու նեղացար, տեսա, թե ինչպես դժգոհությունը պատեց քո դեմքը, բայց ես գոհ էի, որովհետև ազատվեցա հաղթահարվելու երկյուղից:

Այժմ բուն ճշմարտությունը խոստովանելուց առաջ ես մի հարց ունիմ քեզ անելու, խոսի՛ր ուրեմն անկեղծությամբ, առանց ստելու, առանց իմ քեզ վերա ունեցած վստահությունը հարստահարելու. սիրո՞ւմ ես դու ինձ, Պետրե, թե ոչ, ասա՛, ես կամենում եմ կրկին անգամ լսել այդ քո բերանից:

Սիրո՞ւմ եմ քեզ, հարցնում ես դու ինձ, և ինչ ես կամենում, որ ես պատասխանեմ:

Ճշմարտությունը, որ անմահ է այս լուսնի նման:

Եվ որ այդ լուսնի ստեղծողն է. — Այո , Աստղիկ, ես քեզ սիրում եմ, սիրում եմ իմ սրտի բոլոր ջերմությամբ, իմ հոգու բոլոր կարողությամբ... Վկա է աստված, որ սիրո արարիչն է, վկա այս լուսինը, որ սիրահարի խորհրդականն է. վկա այս գիշերը, որ սիրող սրտի մտերիմն է, ես քեզ սիրում եմ, և այս միակ խոսքի մեջ է ամփոփվում իմ բոլոր երջանկությունը...

Ես հավատում եմ, Պետրե, և ես երջանիկ եմ... ահա բոլորը, ինչ որ կարող եմ ասել...

Աստղիկ, ուրեմն դու ինձ սիրում ես, օհ, խոսի՛ր, խոսի՛ր, աղաչում եմ, դարձյալ մի խո՛սք, մի բառ... — Այս ասելով երիտասարդը ծունկ չոքեց օրիորդի առաջ և ջերմ համբույրներով սկսավ ծածկել նրա ձեռքը:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Next Last