Մուրացան՝   Գևորգ Մարզպետունի

Բե՞ր իշխանը... Նա՞ էլ այստեղ է:

Այո՛, նա էլ այստեղ է... հայոց թագավորի տոհմական թշնամին:

Որի հետ միացել ես դո՛ւ:

Այո՛, և երդվել եմ, ինչպես նրան, նույնպես և մյուս դաշնակիցներին, կռվել հետերնին միասին, մինչև իմ վերջին շունչը:

Եվ եթե հաշտվե՞ս:

Այն ժամանակ այդ բոլորի սուրը կդարձնեմ միայն իմ անձի դեմ: Այս է մեր պայմանը:

Հիշածների մեջ, սիրելի Ամրամ, միայն Ափխազիո երիտասարդ իշխանն է, որ դժգոհ կմնա հաշտությունից, որովհետև նա եկել է կոտորելու և ավերելու նպատակով: Ինքդ ասացիր, որ նա արքայի տոհմական թշնամին է, և բնական է, որ չկամենա ձեռնունայն վերադառնալ յուր հոր մոտ: Բայց մյուս իշխաններն ընդդեմ չեն լինիլ, եթե դու հաշտվես և արգելես առաջիկա կոտորածը:

Իսկ Սևադա իշխա՞նը, նրա երկու որդինե՞րը, կատաղի գարդմանացի՞ք, որոնք եկել են իրանց կույր իշխանների վրեժը լուծելու թագավորից...

Սևադա իշխանը ներեց թագավորին:

Ի՞նչ, Սևադան ներե՞ց,-տեղից վեր թռչելով բացականչևց Ամրամը:

Այո՛, ես նրա մոտ էի. նա ներեց և հետ կկանչե յուր զորքերը, եթե դու էլ վեհանձնաբար վայր դնես քո սուրը:

Բարկության հուրը ցոլաց Ամրամի աչքերում, նրա դեմքը այլայլվեցավ, և շունչը կարծես թե բռնվեցավ, ինչպես հնոցի մեջ խեղդվող բոցի ծուխը:

Նա մի քանի քայլ առաջ գնաց, նորեն հետ դարձավ և, ապա կանգ առնելով իշխանի առաջ, հարցրեց կրկին.

Եվ այդպե՛ս, նա ուրեմն ներե՞ց... և զորքերը հետ կկանչե, եթե ես հաշտվե՛մ...

Այո՛, նա բոլորովին ներեց, նա հարգեց իմ խնդիրը, նա ապացուցեց, որ սիրում է հայրենիքը:

Ամրամը ձգեց յուր ձեռը, բռնեց իշխանի թևից և կամացուկ ձայնով ասաց.

Այստեղ մեզ կարող են լսել, արի իմ առանձնարանը:

Այս ասելով, նա առաջ անցավ և ներքին վարագույրը բանալով` մտավ վրանի երկրորդ բաժանմունքը: Իշխանը հետևեց նրան:

Այդ Սևադան, այդ հպարտ գարդմանացին, որ երդվել էր պատժել յուր դահճին, ի՞նչ բարիքների հուսով է հաշտվում թագավորի հետ, — դարձավ Ամրամը Մարզպետունուն:

Յուր անձի համար և ոչ մի: Նա խնայում է յուր հայրենակիցների արյունը:

Իսկ նա պատմե՞ց քեզ, թե ինչո՛ւ համար եմ սուր վերցրել ես:

Պատմեց, ես բոլորը գիտեմ:

Պատմեց, և դու բոլորը գիտե՞ս... — զայրույթից կարծես խեղդվելով հարցրեց Ամրամը:

Այո՛, բայց մի՛ վրդովվիր:

Չվրդովվե՞մ, այդ ի՞մ ցանկությունից է կախված, կարո՞ղ ես հրամայել առյուծին, որ նա չմռնչե, երբ դարանակալ սուրը ցցվում է յուր կողերի մեջ...

Համբերությունը ամենազորավոր զենքն է...

Ի՞նչ համբերություն՛ից խոսելու ժամանակ է, Մարզպետունի՛ իշխան: Ասում ես, որ Սևադան ներել է նրան, ինչո՞ւ, ինչո՞ւ ուրեմն այդ ծերուկը դժոխք վառեց իմ սրտում, ինչո՞ւ իմ հոգու խաղաղությունը վրդովեց, ինչո՞ւ իմ կյանքը թունավորեց... եթե այսօր պիտի ներեր:

Երբ մարդու հոգին կուրանում է վրեժխնդրության կրքերից...

Էլ ո՛չ մի խոսք, Մարզպետունի՛ իշխան: Սևադան թող ներե, նրա որդիքը թո՛ղ ներեն, բոլոր աշխարհը ներե, Ամրամ սեպուհը չի՛ ներիլ... հաշտությո՞ւն... Աշոտ-Երկաթի հե՞տ, երբե՛ք... Եթե կարողանամ` նույնիսկ դժոխքի հետ կմիանամ այդ անարժան թագավորին գահավեժ կործանելու համար... Եթե դու կարողանայիր մտնել իմ հոգեկան աշխարհը և տեսնել, թե տանջանքների ի՛նչ հրդեհ է վառվում այնտեղ, կսոսկայիր, կսարսափեիր...

Եվ ահա՛ հենց այդ ժամանակն է, որ հերոսը և մեծ հայրենասերը կարողանում է ապացուցանել, թե յուր մայրը հասարակ ծնունդ չէ պարգևել աշխարհին:

Ամենից հասարակ և ամենից սինլքորը կարող է հանդուրժել այս անպատվությանը, մեծ հոգին, ընդհակառակը, չի կարող տանել նրան:

Սևադան փոքրիկ մարդ չէ. Աշոտը կուրացրել է նրա երկու աչքերը, կուրացրել է և նրա որդուն, և սակայն նա մոռանում է այսօր այդ անփոխարինելի զրկանքը և ներում է անխիղճ փեսային միայն հայրենիքի սիրույն համար:

Աշոտը նրա աչքերն է կուրացրել, բայց իմ` սիրտը: Կույր աչքը կարող է ներել, բայց կույր սիրտը չի ներիլ... չի կարող ներել:

Բայց....

Տե՛ր Մարզպետունի, այն մարդը, «որ գիտ», թե թագավորն ի՛նչ անարգանք է հասցրել իմ անվանը և սակայն խորհուրդ է տալիս ինձ հաշտվել նրա հետ, նա իմ թշնամին է: Եթե դու իմ վրանում չլինեիր, ես կմենամարտեի քեզ հետ...

Ուրեմն, ես իմ գործը վերջացրի... — ասաց Մարզպետունին իշխանը և տեղից վեր կենալով` ողջունեց Ամրամին և վրդովված դուրս գնաց վրանից:

Հազիվ իշխանը ներքին մուտքից հեռացել էր մի քանի քայլ, սեպուհը բարձրացրեց վարագույրը և ձայն տվավ նրան.

Տե՛ր Մարզպետունի:

Իշխանը հետ դարձավ և հարցրեց.

Դու ինձ ուրիշ ասելիք ունի՞ս:

Ես դեռ ոչինչ չեմ ասել քեզ, — պատասխանեց Ամրամը:

Իշխանն ինքն իրան ուրախացավ: Նրա սրտում նոր հույս ծագեց: «Միգուցե նա զղջաց յուր սառն ընդունելության համար, միգուցե նա կամենում է «հարգել իմ խնդիրը...», վայրկենապես անցան այս մտքերը Մարզպետունու գլխով, և նա հոժարությամբ հետ դարձավ և նորեն ներքին վրանը մտնելով` հարցրեց.

Ուրիշ ի՞նչ ունիս ինձ ասելու:

Նստի՛ր այստեղ մի վայրկյան, — ասաց սեպուհը` ցույց տալով իշխանին յուր մահճակալը:

Իշխանը նստեց:

Տե՛ր Մարզպետունի, եթե դու եկել ես ինձ մոտ իբրև պատգամավոր, ապա ուրեմն պետք է լրիվ պատասխան տանես նրան, ով որ ուղարկել է քեզ, — ասաց սեպուհը:

Ոչ ոք ինձ չէ ուղարկել: Թագավորը, ինչպես գիտես, նոր է վերադառնում եգերացոց աշխարհից, իսկ Ուտիքում եղած ժամանակ ես նրան չեմ տեսել...

Ես կարծում էի, թե գուցե թագուհին...

Եվ ո՛չ թագուհին, և ո՛չ կաթողիկոսը... ես ինքս տեսա, թե ի՞նչ ավեր է սպառնում մեր աշխարհին: Ամեն կողմ անցա, ամեն ինչ դիտեցի. և վերջը որոշեցի գալ և խնդրել ձեզ երկուսիդ` քեզ և Սևադային` խնայել և խղճալ ձեր բազմաչարչար հայրենիքին...: Սևադա իշխանը, շնորհակալ եմ, լսեց ինձ, մոռացավ յուր վիշտը, յուր վրեժխնդրությունը... Դու էլ, ես հավատացած եմ...

Ո՛չ, տեր Մարզպետունի, մի՛ հավատար, — ընդհատեց հանկարծ սեպուհը. — մի՛ հավատար, թե ես կարող եմ քեզ լսել, թե քո խոսքերը կարող են իմ սիրտը շարժել, թե Ամրամ սեպուհը կարող է հայրենիքի համար մտածել...

Ինչո՞ւ ուրեմն հետ դարձրիր ինձ. ես այդ համոզմունքով արդեն հեռանում էի քեզանից:

Հետ դարձրի, որ իմ սիրտը բանամ քո առաջ, ցույց տամ քեզ նրա ժահահոտ վերքերը, որպեսզի թագավորիդ հանդիպած ժամանակ պատմես նրան, թե Ամրամը ինչո՞ւ կործանման սուրը մերկացրեց:

Նա քեզ չի արդարացնել:

Մի՞թե ես սպասում եմ, որ նա ինձ արդարացնի...

Ինչո՞ւ ուրեմն հայտնեմ նրան, թե ի՛նչ պատճառով կործանման սուրը մերկացրիր:

Որպեսզի, եթե աստված ինձ հաջողե, և ես քո թագավորի զորությունը ջախջախեմ, երկիրն ավերեմ. քաղաքները հրդեհեմ և նրա գահն ու թագը ապականության մոխրով ծածկեմ, նա իմանա, թե որ անարգանաց վրեժը լուծեց Ամրամը իրանից...

Այդ նա կիմանա... Անշուշտ կիմանա, բայց դու էլ իմացիր, որ այդպիսի անխիղճ գործերի համար բոլոր աշխարհը պիտի քեզ անիծե:

Այդ անեծքները չեն տանջիլ իմ հոգին ավելի, քան, որքան տանջվում է նա այժմ ապիրատ թագավորի ինձ հասցրած անարգանքի պատճառով... Նույնիսկ օրհնություններն անկարող են բուժել այն վերքերը, որոնք լափում, սպառում են այժմ իմ գոյությունը...

Բայց եթե կարողանայիր մի վայրկյան սառը ուղեղով դատել, եթե երիտասարդական անփորձ եռանդը տեղի տար խոհեմության և իմաստության... եթե վրեժխնդրության փոխարեն վառվեր քո սիրտը հայրենիքի սիրով... այն ժամանակ հավատացած եմ, չէիր կամենալ մի կնոջ պատճառով հայրենյաց դավաճանի անունը վաստակել:

Սեպուհը մոտեցավ իշխանին, յուր հրավառ հայացքն ուղղեց նրա աչքերին և ներքին հուզմունքից դողացող ձայնով ասաց.

Մի կնոջ պատճառո՞վ, ասացիր... Օ՛հ, ինչպե՜ս կկամենայի, որ մենք մի անծանոթ դաշտի վրա լինեինք, և ես այդ խոսքը լսեի քեզանից այնտեղ և ոչ թե իմ վրանում... Հավատա՛ ինձ, Մարզպետունի՛ իշխան, որքան էլ դու հզոր, որքան էլ քաջամարտիկ, բայց ես իմ սրով կպատառեի քո կուրծքը, եթե նա մինչև անգամ ծածկված լիներ պողպատե լանջապանով... Դու կարողանում ես ասել մի կին` այն արարածին, որ իմ տան թագուհին, իմ սրտի աստվածուհին էր մինչև այսօր...

Ների՛ր ինձ, սիրելի Ամրամ, ես չէի կամենում քեզ վիրավորել, ոչ էլ «մի կին» ասելով` ուզում էի Ասպրամ իշխանուհուն նվաստացնել...

Լռի՛ր, աղաչում եմ քեզ. մի՛ հիշիր նրա անունը, գոնե մի՛ հիշիր իմ առաջ, մի՛ խոսիր նվաստության մասին, ես կարող եմ խելագարվել...- — ընդհատեց իշխանին Ամրամը, ներքին հուզմունքից բոլորովին այլայլվելով:

Ես պետք է կրկին և կրկին անգամ ներողություն խնդրեմ քո վրանը մտնելուս համար, — մեղմ ձայնով ասաց Մարզպետունին:

Սեպուհը չպատասխանեց: Նա վրդովված սկսավ անցուդարձ անել վրանում և ձեռքը մերթ ընդ մերթ դեպի ճակատը տանելով` շփել նրան, աշխատելով կարծես յուր ուղեղը ծանրաբեռնող մտածությունները ցրել:

Անցան մի քանի վայրկյաններ: Լուռ էին երկուսն էլ: Վրանի մեջ լսվում էր միայն սեպուհի խուլ քայլատրոփը:

Իշխանն աչքերը Ամրամի վրա հառած, հետևում էր նրա քայլերին և միևնույն ժամանակ մտածում, թե ինչպե՞ս անե, որ յուր այցելությունն ապարդյուն չանցնե: Նա պարզ տեսնում էր, որ յուր խոսքերն ազդեցություն չեն անում սեպուհի վրա. բայց և այնպես չէր հուսահատվում: Նրան ծանր էր գալիս մանավանդ այն, որ համառ Սևադային համոզելուց հետո ձեռնունայն պիտի հեռանար Ցլիկ-Ամրամից: Նա չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե խելք ու սիրտ ունեցող տղամարդը կարող է ընդհանուր հայրենիքի շահը զոհել յուր անձնական չնչին հաճույքին, յուր վրեժխնդրությանը: Այս պատճառով էլ նա սպասում էր, որ Ամրամի զայրույթն իջնե, և ինքը նորից սկսե խոսել նրա հետ:

Վերջապես սեպուհը նստեց յուր մահճակալի ծայրին և կարծես վրդովմունքից հոգնած, լուռ և անթարթ աչքով սկսավ նայել վրանի մուտքին:

Ամրամ սեպուհ, ի՞նչ անուն կտայիր դու այն մարդուն, որ մի քանի վայրկյան տաքանալու համար հրդեհեր յուր տունը, — հարցրեց հանկարծ իշխանը, չսպասելով սեպուհի խոսելուն:

Խելագար կանվանեի... — պատասխանեց վերջինս` առանց աչքերը վրանի մուտքից հեռացնելու:

Ես կարծում եմ` մեզանից ամեն մեկի իսկական տունը և հարազատ ապաստանարանը ապահով հայրենիքն է: Եթե մենք մեր անձնական, մեր անցողական հաճույքի համար վտանգում ենք նրա խաղաղությունը, նմանում ենք այն մարդուն, որ յուր մարմինը տաքացնելու համար վառում է յուր տունը, չմտածելով, թե երբ այդ կրակը հանգչի, երբ հարկի սյուները մոխիր դառնան, ինքը պիտի մնա անտուն, անպատսպարան, միշտ հալածական դառնաշունչ հողմերից կամ թե արևի կիվիչ ճառագայթներից...

Այդ այդպես է, — պատասխանեց սեպուհը` իշխանին դառնալով. — բայց կա այնպիսի սառնամանիք, որ երբ պաշարում է մարդուն, այն ժամանակ սեփական տունը հրդեհելն անհրաժեշտ է դառնում: Մենք ամեն բանից առաջ մարդ ենք, մսից և արյունից կազմված: Բե՛ր խրեմ այս սուրը կողերիդ մեջ, և տե՛ս, թե մահվան տագնապը կպաշարե՞ քեզ թե ոչ:

Կպաշարե: Բայց հենց այդ տագնապի մեջ հոգիս ուրախությամբ կբաժանվի իմ մարմնից, երբ մտածեմ, թե մեռնում եմ հայրենիքի համար:

Իսկ երբ դաշույնը ցցվի հոգվո՞ւյդ մեջ. երբ հոգին ինքը տանջանքների մատնվի՞...

Եթե դու սիրտ և զգացում ունիս, եթե քո երակներում ազնվական արյուն է հոսում, անկարելի է, որ քո հոգին ավելի չխոցոտվի այն ժամանակ, երբ տեսնես, թե քո ձեռքով անարգանք է հասել հայրենիքին, թափվել է եղբարցդ արյունը, վտանգվել է պետական գահը, և քո բաց արած ճանապարհով մտել է թշնամին, որ ավերում է հայրենի երկիրը...

Գիտե՞ս ի՛նչ կա, տեր Մարզպետունի:

Ասա՛, լսում եմ:

Դու հունաց դպրության ծանոթ ես ինձանից ավելի: Ասում են, որ թագավորի հետ Բյուզանդիոն գնացած ժամանակ կայսեր արքունիքում զարմացել էին քո հունագիտության վրա: Ճշմարի՞տ է այս, թե ոչ:

Ճշմարիտ է. բայց դու ինչո՞ւ համար ես իմ հունագիտությունը հիշում:

Ինչո՞ւ համար, ասեմ: Դու հո կարդացե՞լ ես Հոմերոսը:

Ինչպե՞ս չէ. նրա հանգերգություններից շատը բերան գիտեմ:

Ուրեմն և գիտես, թե ինչո՛ւ Տրովադան կործանվեցավ, և ինչո՛ւ նրա պարիսպների տակ բազմաթիվ հույն զորավարներ իրանց բյուրավոր զորքերով ջարդվեցան:

Գիտեմ, մի կնոջ, մի Հեղինեի անհավատարմության պատճառով:

Ո՛չ, սխալվում ես, մի դավաճան Պարիսի պատճառով:

Ես այդպես չեմ հասկանում Հոմերոսը:

Իսկ հին հույներն այդպես էին հասկանում: «Հեղինեն մի կին է, ասում էին նրանք, իսկ կինը ոչ այլ ինչ է, եթե ոչ նույն ինքն թուլությունը, որին առաքինությունն ու մոլությունը միատեսակ են գրավում: Ազնիվ տղամարդի պարտավորությունն է ոչ թե օգուտ քաղել կնոջ թուլությունից, այլ խնամել նրան և պաշտպանել, մանավանդ եթե նա կարոտ է պաշտպանության» Պարիսը հակառակը գործեց, նա դավաճանեց յուր հյուրընկալ Մենելավոսին, հրապուրեց նրա կնոջը` Աստղիկ դիցուհուց ստացած կիթառի նվագներով, և փախցրեց նրան Տրովադա: Այս պատճառով ահա հունաց քաջերը ոտի կանգնեցան, բյուրավոր զորքերով դիմեցին Պոնտոս, տասը տարի շարունակ պաշարեցհն Պրիամոսի ոստանը, առան նրան և հիմնահատակ արին, որպեսզի դրանով լուծեն վրեժն այն անպատվության, որ դավաճան Պարիսը հասցրել էր հույն թագավորի ընտանիքին` հյուրասիրության սուրբ օրենքը պղծելով: Մեզանից երկու հազար տարի առաջ մարդիկ ընտանիքի պատիվն անարգող հրեշներից այդ ձևով էին իրանց վրեժը լուծում և երկու հազար տարուց հետո դարձյալ նույն ձևով պիտի լուծեն: Ի՞նչ կարծիք ունիս դու այս մասին:

Ես մի Հեղինեի պատճառով նույնիսկ տասը հույնի արյուն չէի թափիլ, ո՛ւր մնաց թե բյուրավոր հույների, զորապետների, թագավորների...

Հա՞... Ուրեմն դու մեծ մարդ ես... Բայց Հունաստանը քեզ պես չմտածեց: Նա ասաց, «Եթե այսօր Պարիսին թողնենք անպատիժ, վաղն էլ Հեկտորը կգա... ուրեմն լավ է, որ անդրանիկ հարվածն իջեցնենք անդրանիկ հանցավորի գլխին...»

Եվ դու ուրեմն արդարացնում ես բյուրավոր մարդկանց կոտորածը մի մարդու պատճառո՞վ:

Պատվի պատճառով...

Եվ դու նույնը կարող ես անե՞լ:

Նույնը պիտի անեմ, պարտավոր եմ անել:

Եվ հանգիստ սրտով կնայես կռվի այն դաշտին, ուր եգերացի նիզակները կպատառոտեն հայ կտրիճների կուրծքը, ուր փայլուն սրերը կկիսեն նրանց գլուխները, ուր հայ զորքը յուր դրոշակի պատիվը փրկելու համար կկռվե աննահանջ և կկոտորվի անընդհատ... Իսկ թափվող արյունը, թավալող դիակները, մեռնողների անեծքը, վիրավորների հառաչանքը չե՞ն կտրտիլ քո սիրտը, մանավանդ երբ մտածես, թե այդ բոլորը լինում է մի կնոջ համար...

Լսի՛ր, տե՛ր Մարզպետունի: Դու խոսում ես ինչպես մի աբեղա, բայց ես զինվորական եմ...

Ամրամ սեպուհ, դու մոռանում ես քեզ, — հանկարծ տեղից վեր թռչելով բացականչեց իշխանը, — դու պարտավոր ես զանազանել հայրենասերն աբեղայից:

Ներողություն, տեր Մարզպետունի, ես աբեղա բառը գործ դրի խաղաղասերի մտքով. Ամրամն անծանոթ չէ Մարզպետունյաց ժառանգի քաջարիության:

Իշխանն ըստ երևույթին հանգստացավ և նորեն նստեց մահճակալի վրա:

Ասացիր, որ պատերազմի արհավիրները պիտի կեղեքեն իմ սիրտը, եթե մտածեմ, թե այդ բոլորը լինում է մի կնոջ պատճառով... — խոսել սկսավ նորեն Ամրամը, — այդպես է, իշխան, պիտի կեղեքեն, եթե հայրենասիրության մի կայծ գոնե մնացել է իմ սրտի մեջ... Բայց եթե վերջին կայծն էլ մարա՞ծ է արդեն, եթե իմ սիրտը բաբախում է միայն վրեժխնդրությա՞ն համար...

Դու ուրեմն արժանի չես քաջի և զինվորի անուն կրելու, — վրդովված նկատեց Մարզպետունին:

Ես չեմ նեղանում այդ խոսքից: Ես պարտավոր եմ հարգել տեր Մարզպետունու աստիճանն ու տարիքը... Բայց պիտի դառնամ նորեն Հոմերոսին: Աքիլլեսը ո՛չ միայն քաջ, այլև դյուցազն էր, այնպես չէ՞, իշխա՛ն:

Այո՛:

Հունաց հերոսների մեջ ո՞րն էր նրան հավասար:

Ո՛չ ոք:

Նա միակն էր, այնպես չէ՞:

Այո՛:

Եվ սակայն նա երկար ժամանակ յուր նավի մեջ անգործ նստած, հանգիստ սրտով նայում էր Հեկտորի հաղթանակներին, տեսնում էր, թե ինչպե՜ս տրոյացիք ջարդում էին յուր հայրենակիցներին, հրդեհում էին հունաց նավերը, անպատվում էին նրանց դիակները, տեսնում էր, թե ինչպե՜ս գոռոզ հելլենացիք կծկվել էին ծովեզրի վրա, և տրովական սուրը հաղթանակում էր ամեն տեղ: Նա գիտեր, որ լոկ յուր` դաշտում երևալը նոր շունչ ու հոգի կտար հույներին, վերջ կդներ նրանց կոտորածին, բայց նա տեղից չէր շարժվում, դորապետների աղաչանքը չէր լսում, կռվի դաշտը չէր իջնում... Ի՞նչ էր պատճառը. ինչո՞ւ յուր եղբարց կոտորածը չէր հուզում նրան:

Իշխանը լուռ էր:

Պատճառը դարձյալ նույնպիսի մի նախատինք... — հարեց Ամրամը, — Ագամեմնոն արքան, հունաց դաշնակցության գլխապետը, խլել էր Աքիլլեսից Բրիսեիսե սիրուհին, որ նրան իբր մրցանակ էր տրված տրոյական ավարից:

Աքիլլեսը չկարողացավ տանել այդ նախատինքը, նա յուր սուրը պատյանի մեջ դրավ... նա հետ կեցավ պատերազմից, և մի Բրիսեիսեի պատճառով հազարավոր հույներ կոտորվեցան: Այժմ դու կամենում ես, որ Ամրամ սեպուհը ավելի մեծ և ավելի քաջ լինի, քան Թետիսի որդին, դյուցազն Աքիլլե՞սը:

Չէի՞ր կամենալ նրանից ավելի մեծ և ավելի քաջ հռչակվել:

Կկամենայի...

Ուրեմն մոռացի՛ր քեզ հասած նախատինքը ի սեր հայրենիքի, և դու ավելի մեծ կլինես, քան Աքիլլեսը:

Ինձ ընդհատում ես. կկամենայի, բայց չեմ կարող, բնությունն ինքն է քարացնում մարդու սիրտն այսպիսի դեպքում... Ես հանցավոր չեմ:

Ուրեմն ի՞նչ ես որոշել անելու:

Պատերազմել. ուրիշ միջոց ես չգիտեմ անարժան արքային պատժելու համար: Աշոտ-Երկաթը կենդանի չպիտի վերադառնա յուր Ոստանը: Ես որոշել եմ այդպես, և այդպես պիտի լինի:

Չե՞ս վախենում, որ դու լինիս առաջին զոհը:

Այդ միևնույն է. կամ ես, կամ նա. մեզանից մինը պիտի մեռնի, երկուսը միասին աստուծո լույսը չպիտի վայելեն:

Իսկ երբ դու միայնակ մնաս, կարծում ես, թե ուրախությա՞մբ պիտի վայելես այդ լույսը:

Ոչ, ինձ համար այլևս ուրախություն չկա. իմ ուրախությունը դառնացավ, իմ շուրջն այժմ դժոխքն է թագավորում... Երբեք, տեր Մարզպետունի, երբեք չէի ցանկանալ, որ նույնիսկ իմ թշնամին տանջվեր այն ցավերով, որով այժմ Ամրամ սեպուհն է տանջվում: Դա ցավերից ամենաանտանելին է. դա աստուծո անեծքը, դա հավիտենականի պատիժն է... Դու ինձ ճանաչում ես. ինձ ճանաչում են բոլոր հայերը: Ամենքն էլ ինձ Ցլիկ-Ամրամ են կոչում, բայց ո՛չ իմ չարության կամ անգթության, այլ իմ ուժի և քաջության համար: Դու եղել ես ինձ հետ պատերազմներում, գիտես, թե որքան աներկյուղ էի ես, որքա՜ն ահարկու և կործանիչ` իմ թշնամիների համար: Բայց հայ ժողովրդի, իմ եղբայրակիցների հետ կենակցելիս, ո՞վ է եղել ավելի հեզ, ավելի բարի, ավելի սիրող և անձնվեր, քան Ցլիկ-Ամրամը: Տեսե՞լ ես իմ մեջ մի ամենափոքր չարություն դեպի իմ ազգակիցը, դեպի ամեն մի մարդ, որ հայ անունն էր կրում... Հարկավ ոչ: Բայց այժմ ես դարձել եմ մի վայրագ գազան, սրտիս մեջ վառվում է չարության դժոխքը... էլ չեմ զանազանում, թե ո՛րն է հայը և ո՛րն է օտարը, իմ աչքերը պտրում են միայն մի մարդու, դա Աշոտ-Երկաթն է. հոգիս ձգտում է միայն մի գործի, դա վրեժխնդրությունն է... անողոք, մահաշունչ վրեժխնդրությունը... Եվ ամեն մի պատճառ, որ ուշացնում է այդ վրեժխնդրության ժամը, ես կամենում եմ սրով ու հրով վանել... Եվ այժմ դու ինձ հաշտությո՞ւն ես առաջարկում, դու ինձ խնդրում ես ներե՞լ նրան... Ներել այնպես, ինչպես որ ներեց Սևադա՞ն... և զարմանում ես, որ յուր տեսությունից, յուր զույգ աչքերից զրկված մարդը մոռանում է ատելությունը և ներում չարագործին, իսկ ես չե՛մ ներում... Ո՜հ, ի՞նչ անեմ, ինչպե՞ս հասկացնեմ քեզ, թե որքա՜ն տարբեր է իմ վիշտը Աևադայի վշտից... հանեցե՛ք և իմ զույգ աչքերը, առեք ինձանից իմ իշխանությունը, իմ հարստությունը, իմ կալվածքները, բոլոր անձնական բարիքները, բայց վերադարձրեք ինձ ա՛յն, ինչ որ Աշոտը խլեց ինձանից, վերադարձրեք ինձ իմ պատիվը, իմ Ասպրամը... Կարո՞ղ եք այդ անել... Ո՜հ, որքա՜ն ծանր, որքա՜ն անտանելի է այս...

Ամրամը, որ խոսելու միջոցին բարձրացել էր տեղից, նորեն ընկավ մահճակալի վրա, հուզմունքից դադրած և գլուխը ձեռքերի մեջ բռնելով` սկսավ ծանր շունչ քաշել:

Լռություն տիրեց վրանում: Չէր խոսում և Մարզպետունին, նա էլ խորասուզվել էր մտածմունքների մեջ:

Անցան մի քանի վայրկյաններ: Հանկարծ ձիաների խրխնջյուն լսվեցավ վրաններից դուրս, և մի պահապան ներս մտնելով` հայտնեց, որ Բեր իշխանը գալիս է սեպուհին այցելելու:

Երկու խոսակիցները միաժամանակ բարձրացրին գլուխները: Երբ պահապանը դուրս գնաց, Մարզպետունին վեր կացավ տեղից և, ձեռքը դեպի Ամրամը պարզելով` հուսահատ ձայնով ասաց.

Մնաս բարյավ, բարեկամ, երևի հաճելի չէր աստծուն` խնայել այս անգամ մեր ժողովրդին, այդ պատճառով նա քո սիրտը կարծրացրեց: Բայց դեպի քեզ ունեցած իմ պարտքը ես կատարեցի, իմ խիղճն այլևս չի տանջիլ ինձ:

Մնում է այժմ կատարել դեպի ազգն ու թագավորն ունեցած իմ պարտքը, և ես կերթամ այն կատարելու:

Երթաս բարով: Այս վայրկյանից մենք հակառակորդներ ենք: Ես չեմ նեղանալ, որ դու պաշտպանես քո թագավորին, այլ կհարգեմ քեզ մինչև անգամ ա՛յն վայրկյանին, երբ դու նրան պաշտպանելու համար` քո սուրը կմխես իմ կրծքի մեջ... Բայց կցանկանայի, որ Մարզպետունյաց ազնվարյուն ժառանգը պաշտպան լիներ ավելի ազնվասիրտ թագավորի...

Ի՞նչ արած, Աշոտ Երկաթն է այժմ գահի վրա, իսկ ես գահի խոնարհ ծառան եմ: Մնաս բարյավ:

Այս ասելով, Գևորգ իշխանը սեղմեց Ամրամի աջը և տխուր սրտով դուրս գնաց վրանից:

Ամրամը ճանապարհ դրավ նրան մինչև մյուս վրանի մուտքը: Այդտեղ Մարզպետունին պատահեց ափխազաց արքայազն Բեր իշխանին: Սա մի նրբակազմ, բարձրահասակ և գեղեցիկ երիտասարդ էր և հենց նոր ձիուց իջնելով` պատրաստվում էր մտնել վրանը:

Իշխանը հառեց յուր աչքերը երիտասարդի վրա. մի ծանր հայացքով չափեց սրան ոտից մինչև գլուխ և առանց ողջունելու անցավ:

«Գեշի հոտ են առել թշվառականները և հավաքվել ինչպես անգղներ... Սպասեցեք, կտեսնվենք մի օր ձեզ հետ»... շշնջաց ինքն իրան Գևորգ իշխանը և դառը ժպիտը բերանին, աշտանակեց յուր նժույգը և հեռացավ:

Եզնիկը հետևեց նրան:

Բ

ԱՆԱԿՆԿԱԼ ՎԱԽՃԱՆ

Աշոտ արքայի բանակը, որ գլխավորապես կազմված էր եգերացոց թագավորի հեծելազորից, հետզհետե մոտենում էր հայոց սահմանին: Նրա հառաջապահ գնդերը հասել էին արդեն այն հովտին, ուր վերջանում էին Սևորդյաց անտառները և ուր կարկաչահոս Խրամը, յուր ծոցն առնելով Ձորոգետի վտակը, թափվում էր հանդարտահոս Կուրի մեջ:

Այստեղ, գետի ափին բանակած` նրանք զբաղված էին մոտալուտ հարձակման պատրաստությամբ: Մի քանի օր էր ինչ Զորոգետի կուսական անտառները մերկանում էին իրանց բազմամյա զարդերից: Հինավուրց մայրիներն ու կաղամախիները սրաբերան տապարների հարվածներին չդիմանալով` ահագին ճարճատմամբ խոնարհում, ընկնում էին, ինչպես մեռնող հսկաներ և իրանց ծանրամարմին բուների տակ ճնշում ու ջարդում մատաղ ծառերն ու ընձյուղները: Մոտակա գյուղերից հավաքած եզանց լուծերով շարունակ դեպի Կուրի ափն էին կրում հսկայական գերաններ: Այդտեղ լաստագործ եգերացիք ուռենու դալար ոստերից հյուսած լախտերով կապկպում, միացնում էին այդ գերանները և նրանցից մեծամեծ լաստեր կազմելով` գետն իջեցնում:

Երբ լաստերի թիվը մի քանի տասնյակների հասավ, լաստավարներն սկսան միացնել այդ բոլորը պարաններով և հետզհետե դեպի հանդիպակաց ափը մղել:

Այսպիսով լաստ լաստի միացնելով և ամենը միասին գետափի վրա ցցած բիրերին կապելով` կազմեցին մի ապահով կամուրջ, որի վրայով հեծելազորն սկսավ հետզհետե հայկական սահմանն անցնել:

Շուտով հասավ և Աշոտ թագավորը եգերացոց վերջապահ գնդերով: Միջօրյա հանգստությունից հետ նա հանդես արավ յուր զորքերին:

Մի քանի հազարից կազմված հեծելախմբերը բռնեցին գետափի ուղղությամբ ձգվող դաշտավայրը բազմաթիվ շարքերով, որոնցից յուրաքանչյուրին առաջնորդում էր մի իշխանազն զորավար:

Այդտեղ էին եգերացիք, խաղտիացիք, քուրյալցիք, մկրելցիք, ապազցիք և Ճորոխի ձորահովտում բնակվող քաջերը: Նրանց միացել էին նաև Տայոց նահանգի հայ հեծելախմբերը: Այսպիսով թագավորն առաջնորդում էր մի հզոր բանակի, որին, ըստ երևույթին, չպիտի կարենային դիմադրել ապստամբները: Դրանք բոլորն էլ հուժկու, հաղթանդամ և քաջամարտիկ զորականներ էին, ամենքն էլ հագած երկաթե զրահներ և պաշտպանված երկաթագամ լանջապաններով, թիկնապահ տախտակներով, խոշոր և ահարկու սաղավարտներով և երկաթե դիմակալներով: Նրանք զինված էին միաժամանակ թե՛ աշտեներով ու սվիններով, որոնց հեռվից ձգում էին թշնամու վրա, և թե՛ երկար նիզակներով, որոնցով կռվում էին հակառակորդի հետ` մոտ եղած ժամանակ: Ունեին թեթե վահաններ և ծանր, քառակուսի ասպարներ. զինված էին սրերով և վաղակավորներով: Կային և նետաձիգ գնդեր, որոնք կռվում էին լայնալիճ աղեղներով և թունավոր նետերով:

Հանդես կազմելով զորքին յուր սահմանի վրա, թագավորը կամեցավ հավաստիանալ, թե արդյոք այդ հեծելազորը յուր արտաքին կազմության և ահարկու տեսքին համեմատ ունի՞ նաև ռազմական հմտություն և կարո՞ղ է ուտիացոց ու սևորդյաց զորությունն ընկճել:

Տեղի ունեցող փորձերը համոզեցին թագավորին` թե եգերացիք արժանի էին իրանց հռչակին: Նա ուրախ էր, որ ափխազաց այդ տոհմական թշնամիներով պիտի կարողանար կրկին մի խրատական դաս տալ Բեր իշխանին, որ Ափխազիայից եկել էր Ուտիք` յուր ապստամբ իշխաններին օգնելու համար:

Սակայն չնայելով այս բոլորին, չնայելով և այն հաջողությանը, որին հանդիպեց արքան եգերացոց երկրում` ստանալով նրա թագավորից օգնական զորք այնպիսի մի ժամանակ, երբ ինքը մնացել էր մենակ և կարոտ զորավոր բարեկամի օգնության, այսուամենայնիվ, մի ներքին տխրություն ճնշում էր նրա սիրտը:

Այն միտքը, թե ինքը մտնում է յուր երկիրը օտար զորքերով, և մտնում է յուրայինների դեմ կռվելու համար, տանջում էր նրան սաստիկ: Բացի հայ զորաց կոտորածը, որ տեղի պիտի ունենար անշուշտ թե՛ հաղթության և թե՛ պարտության դեպքում և որի մասին մտածելն անգամ վիշտ էր պատճառում նրան, թագավորը ճնշվում էր նաև ամոթից, այն մասին` որ ինքը մենակ էր, որ յուր մոտ չկային գեթ մի քանի հայ իշխաններ, որոնք յուր վանանդացի թիկնապահների հետ միասին արքայական շքախումբը կազմեին: Նա ամաչում էր եգերացի իշխաններից և նույնիսկ նրանց զորքերից: Բայց աշխատում էր միշտ ուրախ երևալ և դեմքի վրա ժպիտ ունենալ:

Թագավորին անհանգստացնում էր նաև այն միտքը, թե ինչո՞ւ մինչև այն Մարզպետունին չերևաց: Ի՞նչ դրության մեջ էր արդյոք երկիրը. նոր խռովություն հո չէ՞ փրթել մի տեղ կամ որևէ հարձակում չէ՞ եղել յուր բերդերի վրա:

Զորահանդեսը վերջացնելուց և վրանը վերադառնալուց ետ` թագավորն զբաղված էր այս մտքերով, երբ յուր բարապանը, որ վանանդացի հավատարիմներից մինն էր, ներս մտնելով` հայտնեց Գևորգ Մարզպետունու գալուստը:

Թագավորն ուրախությունից վեր թռավ տեղից, կարծես մի նոր և մեծ զորություն օգնության հասավ իրան վտանգի վայրկենին:

Ո՞ւր է, կանչիր այստեղ, — հրամայեց նա իսկույն և ուրախ անհանգստությամբ սկսավ անցուդարձ անել վրանում:

Մարզպետունին ներս մտավ և ողջունեց արքային խոնարհությամբ: Վերջինս, սակայն, գրկեց նրան ինչպես շատ տարիներից ի վեր չտեսած յուր մի սիրելուն:

Ոչ ոք յուր կյանքում այսպես տենչանոք չէ սպասել քեզ, իշխան, ինչպես որ այժմ սպասում էի ես, — ասաց թագավորը ժպտալով: -Որտեղի՞ց և ինչպե՞ս հասար այստեղ. մենա՞կ ես, թե զորք ունիս հետդ. ի՞նչ են անում ապստամբները, ի՞նչ դրության մեջ են մեր գավառները... — իրար հետևից սկսավ հարցեր անել թագավորը և ապա, նստելով բազմոցի վրա` իշխանին էլ առաջարկեց նստելու: -Անշուշտ հոգնած ես, շո՛ւնչ առ, հանգստացիր, հետո կխոսես, — հարեց նա, բայց առանց յուր հարցական հայացքը իշխանից հեռացնելու:

Այստեղ եկել եմ միայնակ, մեծափառ տեր, — պատասխանեց Մարզպետունին, աթոռակի վրա նստելով. — միակ թիկնապահս Աղստևից վերադարձրի Գարդման` Վահրամ բերդակալը յուր վանանդացի հավատարիմներով այստեղ հրավիրելու համար.

Ինչպե՞ս. Վահրամ բերդակա՞լը, — ընդհատեց թագավորը անհանգստությամբ. — ինչպե՞ս կարող է նա գալ այստեղ, ո՞ւմ պիտի հանձնե Գարդմանը. չէ՞ որ Սևադան նստած է այնտեղ յուր դղյակում և կարող է մեքենայություններ նյութել...

Մարզպետունին սկսավ այնուհետև մանրամասն պատմել թագավորին յուր ճանապարհորդության պատմությունը` սկսած այն օրից, որ ինքը գարդմանացոց ձորում բաժանվել էր արքայից, մինչև այն վայրկյանը, որ վերադարձավ նորեն նրա մոտ:

Նա նկարագրեց երկրի դրությունը այնպես, ինչպես որ տեսել էր. հայտնեց Սևադա իշխանին և Ցլիկ-Ամրամին արած յուր այցելությունը, նրա նպատակը, տեղեկություններ տվավ ապստամբության արտաքին շարժառիթների, նրա ծավալման և ապստամբների ունեցած ուժի և ռազմական ծրագրերի մասին:

Միով բանիվ` հաղորդեց թագավորին այն ամենը, ինչ որ կարևոր էր նրան գիտենալ յուր առաջիկա արշավանքը հաջողությամբ պսակելու կամ վերահաս վտանգներից խուսափելու համար: Բայց չհայտնեց նրան ոչինչ` ապստամբության ներքին շարժառիթների մասին:

Թագավորն ուշադրությամբ լսում էր իշխանին, առանց սակայն ամենափոքր դժգոհության նշույլ երևցնելու յուր դեմքի վրա: Նա լսում էր այդ ամենն այնպես, ինչպես կլսեր ամեն մի սովորական և երկրի դժբախտության հետ ոչ մի կապ չունեցող պատմություն:

Բայց նրա ներսը հանգիստ չէր: Իշխանը թեպետ չհայտնեց նրան Սևադայի կամ Ամրամի իրան հայտնած գաղտնիքները, բայց թագավորը գուշակում էր, որ Մարզպետունին գիտե անշուշտ մի բան այդ գաղտնիքներից, և որ նա խնամքով ծածկում էր այդ իրանից:

Երբ վերջինս ավարտեց յուր պատմությունը, թագավորը վեր կացավ տեղից և սկսավ լուռ անցուդարձ անել վրանի մեջ: Նրան հայտնի էին Ամրամի ապստամբության իսկական պատճառները, բայց հայտնի չէր այն, թե Մարզպետունին ի՞նչ չափ է ծանոթ այդ պատճառներին: Ուստի ինքնիրան մտածում էր, թե արդյոք խոսե՞ այդ մասին իշխանի հետ, բանա՞ նրա առաջ հին վերքերը և դիմե՞ նրա մտերմական օգնությանը` այդ վերքերը սպեղանիով ծածկելու համար, թե անվթար պահպանե դեռ յուր արքայական վեհությունը...

Առաջին դեպքում նա կունենար մի հավատարիմ խորհրդական, որ կօգներ իրան տագնապի ժամանակ թե՛ գործով և թե՛ խորհուրդներով. իսկ երկրորդ դեպքում` նա ազատ կլիներ այն մտատանջությունից, թե նվաստացրել է իրան յուր ստորադրյալ մի պաշտոնյայի առաջ:

Նա հպարտ էր և անընկճելի: Նա կարող էր կործանվել, բայց կուրանա՞լերբե՛ք. այդ պատճառով յուր երկար մտածություններից հետո նա եկավ դարձյալ այն որոշման, որի վրա էր և այդ մտածություններից առաջ, այն է` չխոսել գաղտնիքների մասին ոչինչ և աներկյուղ դիմավորել յուր ճակատագրին...

Եվ այդպես. մենք ուրեմն վաղ առավոտ ճանապարհ կընկնենք դեպի Աղստև, — խոսեց թագավորը իշխանի հետ: -Եթե ապստամբները չեն կամենում հոգնեցնել իրանց, պետք է այդ նեղությունը մենք հանձն առնենք: Իմ հեծելազորը կարող է կռիվ մղել նաև հոգնած ժամանակ:

Next page