Մուրացան՝   Գևորգ Մարզպետունի

Ի՞նչ, դու կարծում ես, թե նորեն պիտի կարողանա՞ս արքայիդ յուր ընտանիքի գիրկը դարձնել, — ընդհատեց հանկարծ թագուհին:

Յուր ընտանիքի գի՞րկը, այո՛:

Ի՞նչ ձևով, ի՞նչ եղանակով, նա ինձ չէ սիրում...

Իշխանը կանգ առավ և սկսավ տարակուսական հայացքով դիտել թագուհուն:

Գուցե դու մի ուրիշ բան գիտես, գուցե նա քեզ խոստովանել է, որ զղջում է արդեն, գուցե... ասա՛, իշխան, ասա՛, ոչինչ մի՛ ծածկիր ինձանից:

Մենք միմյանց չհասկացանք, մեծափառ թագուհի:

Ինչպե՞ս, արքայի մասին չէ՞ քո խոսքը:

Այո՛:

Ուրե՞մն...

Ես ասացի, թե ապագայի մասին պիտի հոգանք, դու ինձ ընդհատեցիր, ապա կամենում էի հարել, թե այժմ մեծ ցավեր ունինք, նրանց հոգը պիտի քաշենք:

Ասացիր` արքային յուր ընտանիքի գիրկը պիտի դարձնես...

Այո՛, մեծափառ տիկին, այդպես ասացի, բայց չէ՞ որ աստված նրա ընտանիքի սահմանն ընդլայնել է շատ. արքայի ընտանիքը համայն ազգն է կազմում: Նրա գիրկը պիտի դառնա նա:

Թագուհին մի անհանգիստ շարժում արավ և աթոռի մեջ ուղղվելով դժգոհ եղանակով հարցրեց.

Մի՞թե թագավորն այդ ընտանիքի գրկում չէ գտնվում այժմ:

Ո՛չ:

Ինչպե՞ս, չասացի՞ր, թե նա Ամրամի հետապնդություններից փախչելով հասել է Կաքավաբերդ և նստել այնտեղ:

Այդպես ասացի:

Է՜, Կաքավաբերդը Սյունիքում չէ՞. Սյունիքը Հայաստանի նահանգը չէ՞:

Այդպես է, մեծափառ տիկին. բայց թագավորը չէ կամենում այլևս վերադառնալ Ոստան, նա քաշվել է Կաքավաբերդ` այստեղից երբեք չելնելու պայմանով:

Ի՞նչ նորություն է այդ, չեմ հասկանում:

Թագավորը հուսահատ է սաստիկ. Ամրամի երեսից փախուստ տալը ամոթահար է արել նրան. «Այսուհետև, ասում է, ես ո՛չ սուր կհանեմ, ո՛չ գահույք կբարձրանամ. իմ իշխանները ամոթապարտ կացուցին ինձ աշխարհի առաջ, թո՛ղ նրանք ուրեմն պատասխանատու լինին իմ երկրի ավերման»:

Իշխանները... մի՞թե իշխանները ամոթապարտ կացուցին նրան, — դառնությամբ հարցրեց թագուհին:

Հապա էլ ո՞վ... Եթե նրանք միաբան լինեին թագավորի հետ, Ցլիկ-Ամրամը չէր համարձակվիլ ապստամբել, ափխազցիք չէին միանալ նրա հետ...

Ինչպե՜ս մոռացկոտ ես դու, իշխան. — ընդհատեց թագուհին. — մի՞թե չես հիշում մոտիկ անցյալը: Չէ՞ որ երկու ամիս առաջ ամենքն արդեն արքայի հետ էին: Աբաս տագրս ու Աշոտ սպարապետը հաշտված էին, նախարարները բարեկամ էին. և այդ ընդհանուր միության շնորհիվ էր, որ թագավորը կրկին Դվինն առավ և հագարացիներին այդտեղից հալածեց: Դուք մինչև անգամ հաղթության տոներ կատարեցիք Դվինում: Եվ սակայն Ամրամը հենց այս հաջողության ժամանակ ապստամբեց... Ի՞նչն էր պատճառը:

Մարզպետունին լուռ նայում էր գետնին:

Դու չե՞ս կամենում պատասխանել. — ես կասեմ. — պատճառն այն էր, որ իմ և քո թագավորը հեռացել էր արդեն առաքինության ճանապարհից, որ նա անխղճաբար կործանել էր յուր և ընկերոջ ընտանիքը, և աստված պատժեց նրան հենց այն ժամանակ, երբ նա կարծում էր, թե ինքն արդեն ամենազոր է և թշնամիներից ապահովված, թե նա կարող է գործել ամեն չարիք և մնալ անպատիժ: Նույնիսկ այն միջոցին, երբ բախտը հաջողեց նրան մայրաքաղաքն այլազգիներից թափելու, նա, փոխանակ աստծուն գոհության պատարագ մատուցանելու, փոխանակ դեպի ծրազգավորս, յուր ընտանիքի գիրկը վերադառնալու, և այս թշվառ, խոցոտյալ սիրտը մի փոքր մխիթարելու, նա դարձյալ դիմում էր դեպի Ուտիք, որպեսզի Դվնո մեջ ունեցած հաջողությանց խրախճանին մասնակից անե Ցլիկ-Ամրամի կնոջը, Սևորդյաց Ասպրամին... Եվ ահա հենց այդտեղ աստուծո ձեռը ծանրացավ նրա վրա. դեռ Ուտիքին չհասած` լսեց, որ Ամրամն ապստամբել է իրանից... Այդ գույժը նրան չվախեցրեց. նրա հպարտ հոգին աստուծո առաջ չխոնարհեց, նա դիմեց եգերացիներին և զենքի ուժով կամեցավ վանել այն արդար ձեռքը, որ պատիժ էր չափում իրան... բայց սխալվեցավ. նա չէր կարող կռվել աստուծո հետ: Եվ այդ էր պատճառը, որ վերջ ի վերջո ընկճվեցավ և ամոթահար փախավ յուր իսկ զորքերի ձեռքից: Այժմ, ասում ես, Կաքավաքար նստած` մեղադրական է կարդում յուր իշխանների դեմ: Բայց իզուր, նա իրավունք չունի մեղադրել ուրիշներին, նա ինքն է թե՛ յուր և թե՛ մեր դժբախտության պատճառը... Եվ անշուշտ ինքն էլ խոստովանում է այդ և, երևի, գուշակում, որ աստված այլևս չպիտի հաջողի յուր ոչ մի ձեռնարկությունը. այդ պատճառով ինքն իրան դատապարտել է անգործության...

Այդ բոլորը ճիշտ է, մեծափառ տիկին, բայց ի՞նչ անենք այժմ, ձեռքերնիս ծալած նստե՞նք: Չէ՞ որ երկիրը տագնապի մեջ է:

Արեք, ինչ որ կարող եք:

Կանենք, բայց դու մեզ պիտի օգնես:

Ե՞ս:

Այո՛, մեծափառ թագուհի:

Ի՞նչ կարող եմ անել: Քեզ ասացի, թե մի թշվառ կին եմ ես, ոչինչ մի՛ պահանջեք ինձանից:

Իսկ ես միայնակ կարո՞ղ եմ գործել: Թագավորն անշարժ նստած է Կաքավաքարում. Աշոտ սպարապետն ամրացել է Բագարանում. Աբաս արքաեղբայրը Քաշվել է Երազգավորս. Մոկաց տերն ու Անձևացյաց նահապետը պաշտպանում են միայն իրանց լեռները. Գագիկ Արծրունին Վասպուրականից դուրս հայություն չի ճանաչում, կաթողիկոսը փոխանակ միջնորդ լինելու և իշխանները համախմբելու, եկել, ապաստանել է Գառնիին. դու էլ ահա՛ հրաժարվում ես գործակցությունից, իսկ այս ընդհանուր անշարժության ժամանակ Նսըրն եկել, գրավել է Դվինը և յուր ասպատակները սփռել ամեն կողմ... էլ ի՞նչ ունինք մտածելու, կործանենք ուրեմն արքայական գահը և գնանք խոնարհենք արաբական դրոշակի առաջ:

Մարզպետունին յուր խոսքերն արտասանեց այնպիսի մի բացականչությամբ, որ թագուհին ցնցվեցավ:

Ի՞նչ է իմ անելիքն, իշխան, — հարցրեց նա ճնշված ձայնով:

Գործելու օրինակ տալ նրանց, որոնք նստած են անգործ:

Իմ սիրտն այնքան հուզված և միտքս այնպես խռոված է, որ ոչինչ գուշակել չեմ կարող: Ասա՛ պարզ` ի՞նչ է իմ անելիքը:

Ես վերադարձել եմ այստեղ Գարդմանա բերդակալ Վահրամ սեպուհի հետ: Մեզ հավատարիմ մնացող իշխանների մեջ դա ամենից անձնվերն է. աչքի առաջ ունենալով մեր արդի ճգնաժամը, մենք որոշեցինք սեպուհի հետ միասին դիմել ամրոցաբնակ իշխաններին և ամեն մեկից մի կամ երկու գունդ զորք առնելով` բանակ կազմել և դաշտն իջնել: Ինչպես գիտես, բերդերի մեջ եղողներն ապահով են թշնամու հարձակումից, բայց անամրոց քաղաքները, գյուղերն ու ավանները մնացել են անպաշտպան, երկրի ժողովուրդը գտնվում է ուղղակի մերկ սրի առաջ. պետք է շտապել օգնության հասնելու նրան:

Ես չեմ խանգարում ձեզ. գնացեք, աստված թող օրհնե ձեր ճանապարհը:

Աստված կօրհնե. նա մեզ կաջակցե. բայց ամենից առաջ թագուհին պիտի զրկվի յուր մի քանի վաշտերից:

Ի՞նչ, դու կամենում ես Գառնին յուր պահակներից զրկե՞լ:

Քանի որ մեր բանակի նպատակն է թշնամու ուշադրությունը յուր վրա դարձնել, Գառնին կամ մյուս բերդերը պաշտպանության մեծ կարիք չեն ունենալ:

Թշնամու զորությունը մեծ է. նա կարող է միաժամանակ թե՛ ձեզ հետ կռվել և թե՛ բերդերը պաշարել:

Նա այդ չի կարող անել, մենք թույլ չենք տալ նրան, — պատասխանեց իշխանը վստահաբար:

Թագուհին լռեց և սկսավ մտածել. «Կատարե՞լ արդյոք իշխանի խնդիրը, թե՞ ոչ»:

Մի քանի վայրկյանից հետ նա հարցրեց.

Ուրիշ ումի՞ց հույս ունիս զորք առնելու:

Սպարապետից, Աբասից, Սյունյաց տերերից, Անձևացիներից...

Իսկ եթե նրանք մերժե՞ն:

Եթե թագուհին առաջին օրինակը չտա, ոչ ոք չի համարձակիլ:

Ես չեմ մերժում, դատարկիր թեկո՛ւզ բոլոր Գառնին, — վճռաբար պատասխանեց թագուհին:

Իշխանը խոր գլուխ տալով շնորհակալություն հայտնեց նրան:

Ապա իրավունք խնդրելով` հրավիրեց դահլիճ Վահրամ սեպուհին, որին թագուհին ընդունեց սիրով ու քաղցրությամբ: Նրանք երեքը միասին սկսան խորհուրդ անել ապագա ձեռնարկության համար և գործելու եղանակները որոշել:

Տակավին խորհրդակցության մեջ էին նրանք, երբ սենեկապան սպասուհին ներս մտնելով` հայտնեց թագուհուն, թե կաթողիկոսը կամենում է ներկայանալ իրան:

Թո՛ղ շնորհ բերե, — ասաց թագուհին և ապա իշխաններին դառնալով ավելացրեց. — անշուշտ Վեհափառն էլ կօգնե մեզ մի խորհրդով:

Անշուշտ, — հարեց Վահրամ սեպուհը:

Բայց Մարզպետունին չպատասխանեց: Նա նկատել էր, որ սպասուհին ներս մտավ դահլիճ այլայլված դեմքով և այդպես էլ դուրս գնաց: Երևի կաթողիկոսը գալիս էր հայտնելու մի տխուր նորություն, որ հայտնի էր արդեն դրսում եղողներին: Նա սկսավ անհանգստանալ: Բայց այդ անհանգստությունը ոչ թե յուր, այլ թագուհու համար էր: Նա վախենում էր, թե միգուցե Վեհափառը հայտնե տիկնոջը այնպիսի մի նորություն, որ իսկապես պիտի ծածկվեր նրանից:

Հրամայի՛ր մեզ, տիրուհի, ընդառաջել Հայրապետին, — ասաց Գևորգ իշխանը` տեղից վեր կենալով: Նա կամենում էր շտապել և մի վայրկյան առաջ տեսնվել կաթողիկոսի հետ:

Ընդառաջեցեք, — ասաց թագուհին:

Բայց հազիվ թե իշխանն ու սեպուհը հասան դահլճի դռանը, և ահա՛ ներս մտան Վեհափառի գավազանակիրը, ավագ, սարկավագները, ապա ինքը` կաթողիկոսը, Դռան եպիսկոպոս Սահակը և մի քանի ուրիշ վարդապետներ: Դրանց հետ միասին գալիս էր և մի անապատական` դեմքն ու ձեռները արյունոտ, վիրակապերով փաթաթած և վեղարն ու քուրձը պատառոտած: Նրա տխուր, գունաթափ դեմքը ծանր տպավորություն էր անում տեսնողի վրա:

Այս ի՞նչ է, — բացականչեց Մարզպետունին և առաջ անցավ, կարծես կամենալով անապատականի մուտքն արգելել:

Թո՛ղ դրան, իշխան, թո՛ղ որ թագուհին մեր թշվառությունը տեսնե, — արգահատական ձայնով խոսեց կաթողիկոսը:

Այդ ի՞նչ է, — առաջ գալով բացականչեց թագուհին:

Գազան հագարացիները Այրիվանքը քանդել, ավերել և միաբաններին զարհուրելի տանջանքներով նահատակել են: Միայն սրան` այս ապաբախտ վարդապետին թողել են կենդանի, որ թե՛ յուր վերքերի ցավից տանջվի և թե՛ լուր բերելով մեր սիրտը կսկծեցնե, — խղճալի ձայնով հայտնեց կաթողիկոսը և աջը համբուրելու տալով թագուհուն և իշխաններին, բազմեց նախագահ աթոռի վրա:

Ինչպե՞ս պատահեց այդ. ինչո՞ւ ոստիկանը բերդերը թողած` Այրիվանքի վրա է հարձակվում, — շտապավ հարցրեց Մարզպետունին:

Կաթողիկոսը չպատասխանեց, նա նայում էր թագուհուն, կարծես հուսալով, թե վերջինս ավելի անմեղ հարց կանե իրան:

Ինչպե՞ս պատահեց այդբոլորը, պատմիր, — դիմեց թագուհին վիրավոր անապատականին:

Պատմի՛ր, Մովսես վարդապետ, պատմի՛ր մեծափառ թագուհուն գազանների բոլոր արարքը, — հրամայեց կաթողիկոսը, անհանգիստ շունչ քաշելով:

Մովսես վարդապետն առաջ անցավ և չնայելով յուր վիրավոր ու անկար վիճակին, սկսավ իրան հատուկ աշխուժով պատմել հագարացիների հարձակման և յուր ընկերների նահատակության բոլոր պատմությունը, չմոռանալով մինչև անգամ արի նահատակների մահվան ժամում արտասանած վերջին խոսքերը, որոնք հուզեցին բոլոր լսողներին:

Երբ վարդապետը յուր պատմությունն ավարտեց, Գևորգ իշխանը մոտենալով կաթողիկոսին` հայտնեց, թե առանձին խոսելիք ունի, ուստի և խնդրեց նրան` հեռացնել դահլճից յուր հետևորդներին, բացի Դռան եպիսկոպոս Սահակ սրբազանից և Մովսես վարդապետից:

Վեհափառը կատարեց իշխանի խնդիրը:

Երբ ավելորդ անձինքը հեռացան, Գևորգ իշխանը վեր կացավ տեղից և թույլտվություն խնդրելով թագուհուց ու կաթողիկոսից` հետևյալը խոսեց.

Այս հոգևոր հայրերը կատարել են այնպիսի մի գործ, որ մեզանից ոչ ոք իրավունք չուներ նրանցից պահանջելու: Նրանք խմբովին մատնվել են թշնամու սրին, իրանց եղբարց կյանքն ու Այրիվանից սրբությունները պահպանելու համար: Այս անզեն հոգևորականները ցույց են տվել աշխարհին բոլորանվեր անձնազոհության մի օրինակ, ապացուցելով, թե քաջ հովիվներ են և գիտեն «դնել սանձինս ի վերայ ոչխարաց...»: Այսպիսով նրանք բարձրացրել են հայ եկեղեցվո փառքն ու պատիվը, և հետևելով Ղևոնդյանց շավղին, դարձել են մեզ համար պարծանաց աստեղ... Այս բոլորը լավ. բայց մենք ի՞նչ ենք անում. մե՛նք, ժողովրդյան առաջնորդներս. մե՛նք, որոնց ձեռքը աստված սուր է տվել և կառավարելու ու պաշտպանելու իրավունք:

Իշխանը նայեց կաթողիկոսին և ապա թագուհուն, նրանք երկուսն էլ հառած էին աչքերը յուր վրա:

Մենք ոչինչ չենք անում,-շարունակեց նա եռանդով. — կամ անում ենք այն, ինչ որ ամոթ և նախատինք է բերում հայ անվանը: Մենք քաշվել, նստել ենք մեր բերդերում, շրջապատել ենք մեզ պահակ գնդերով, ապահովել ենք թշնամու հարձակումից, իսկ ժողովուրդն ու եկեղեցիները թողել անտերունչ, անպաշտպան կամ ավելի ճիշտն ասած, մատնել նրան թշնամու սրին... Ա՞յս է արդյոք առաջնորդի իրավունքը:

Իշխանն այս ասելով սևեռեց աչքերը կաթողիկոսի վրա:

Վերջինս հասկանալով նրա հայացքի նշանակությունը` շտապով հարցրեց.

Ո՞ւր է մեր թագավորը, նա պետք է առաջնորդե զորքին:

Ուր է թագավո՞րը, — վրդովված բացականչեց Մարզպետունին. — կասեմ, թե ուր է նա: Թագավորը յուր իշխաններից թողված, ապստամբներից հալածված` նստած է Կաքավաքար: Նա այնտեղից դուրս չի գալ, նա է՛լ սուր չի մերկացնիլ, էլ դրոշ չի բարձրացնիլ. հուսահատությունն ընկճել, խոնարհել է նրան... Բայց ո՞ւր է կաթողիկոսը, հայոց հայրապետը, մեր հոգևոր զինվորության վեհափառ գլուխը...

Իշխան... տեսնում ես, որ նա քո առջևդ է... — ծանրությամբ, բայց ընկճված ձայնով նկատեց կաթողիկոսը:

Իմ առջև, այստե՛ղ, Գառնիում. այնպես չէ՞... Բայց ինչո՞ւ համար...

Ո՞ւր կկամենայիր, որ նա լիներ:

Դվինում, մեր կաթողիկոսարանում:

Բայց ոստիկանը ծարավ է իմ արյանը. նա կամենում է ինձ սպանել:

Նա հետևում է քեզ միայն այն պատճառով, որ դու խույս ես տալիս նրա երեսից: Նա քեզ չէր վնասիլ, եթե դու փառոք նստած լինեիր հայրապետական գահի վրա, և, մինչև անգամ, միջնորդ հանդիսանայիր նրա և հալածվող ժողովրդի մեջ: Քո երկչոտ փախուստով դու գրգռել ես նրա զայրույթը և ստիպել, որ նա բարկության թույնը թափե անպաշտպան անապատականների վրա:

Ես չէի կամենում հեռանալ Այրիվանքից, բայց աստված ինձ հրամայեց:

Աստվա՞ծ, — զարմացած հարցրեց իշխանը:

Այո՛, աստված, այդ ամենքը գիտեն. այդ գիտե և թագուհին, ես պատմեցի նրան:

Այո՛, իշխան, աստված հրամայեց, — խոսեց Դռան եպիսկոպոսը և սկսավ պատմել կաթողիկոսի Այրիվանքից հեռանալու և արևի խավարման բոլոր պատմությունը:

Երբ նա վերջացրեց, իշխանն ասաց.

Հավատում եմ այդ հրաշքին և խոնարհում աստուծո զորության առաջ: Բայց դուք էլ պիտի հավատաք, որ եթե աստված այսպիսի օրում խնայում է առաջնորդի կյանքը, խնայում է միայն նրա համար, որ այդ կյանքը նա գործ դնե ժողովրդի օգտին: Իսրայելացի մանկանց ընդհանուր կոտորածի ժամանակ նա Նեղոսի ալիքներից հրաշքով ազատեց մանուկ Մովսեսին և պատսպարեց նրան փարավոնի պալատում միայն նրա համար, որ վերջը նա եգիպտացոց գերությունից յուր ժողովուրդը փրկե: Այսպե՞ս է թե ոչ:

Այդպես է, իշխան, — պատասխանեց կաթողիկոսը, — բայց աստված Մովսեսին հրաշքներ պարգևեց. և նա նրանցով յուր ժողովուրդը փրկեց, իսկ ես չունիմ այդ շնորհը, չեմ կարող հրաշք գործել:

Կարող ես, Վեհափառ տեր. Մովսեսը գավազանը օձ էր շինում, դու էլ նույնը կանես: Այնտեղ, ուր ուժը չի հաղթահարում, խոհեմությունը, լեզուն, անուշ խրատները կարող են հաղթել: Թո՛ղ այսօրվանից Գառնին և դարձիր Երազգավորս, իջի՛ր Բագարան, անցի՛ր Աղձնյաց ու Մոկաց երկիրները, մտի՛ր Վասպուրական. խոսիր Աբասի, Աշոտի, Արծրունի եղբարց և այլ իշխանների հետ, խրատիր ու հորդորիր նրանց. համոզիր, որ առնեն իրանց զորքերը և գան հավաքվին արքայի դրոշակի տակ, կռվեն միասնական ուժով և վանեն թշնամուն երկրի երեսից, փրկեն ժողովուրդը վերահաս վտանգից. այդպիսով նրանք ուժ կտան արքային և ուժ կառնեն իրանք. կհալածեն մեջտեղից բաժանման ոգին և ընդհանուր հայրենիքը պաշտպանելով` կպաշտպանեն նաև իրանց երկիրները, հայրենի կալվածները, տունն ու ընտանիքը...

Բանավոր է իշխանի խորհուրդները, Վեհափառ տեր, — ասաց Սահակ սրբազանը:

Եվ անհրաժեշտ` հետևել անմիջապես այդ խորհրդին, — հարեց թագուհին:

Բայց կաթողիկոսը լուռ էր, աչքերը դահլիճի դռան հառած:

Ոչ ոք ինձ չի լսիլ, ոչ մի իշխան զորք չի անջատիլ յուր բերդերից, — խոսեց վերջապես կաթողիկոսը, իշխանին դառնալով:

Թող Վեհափառը կատարե յուր պարտքը, և երբ նրան չեն լսիլ, այն ժամանակ «արյուն ձեր ի գլուխ ձեր» ասելով կհեռանա, — նկատեց Մարզպետունին:

Ոստիկանի հրոսակները բռնած են Շիրակի ճանապարհները, որտեղի՞ց կարող եմ ես անցնել և գնալ Երազգավորս, Բագարան կամ իջնել Աղնձյաց երկիրը, — պատճառաբանեց կաթողիկոսը:

Վահրամ սեպուհը, որ մինչև այն լուռ նստած էր, վեր թռավ տեղից և աշխուժով բացականչեց.

Ես կընկերակցեմ քեզ, Վեհափառ տեր, իմ վանանդացի քաջերով. ո՛չ մի հագարացի չի համարձակվիլ ձեռք բարձրացնել քեզ վրա:

Կաթողիկոսը նայեց սեպուհին և չկարողանալով ուրիշ առարկություն անել, ասաց.

Թող մեծափառ թագուհու և իշխանների կամքը կատարվի, միայն թե խորհելու ժամանակ տրվի ինձ: Ծանր մի գործ է այդ միջնորդությունը, անկարելի է անխորհուրդ կերպով ձեռնարկել նրան:

Խորհի՛ր որքան հաճելի է քեզ, Վեհափառ տեր, միայն թե կատարի՛ր մեր առաջարկությունը, — ասաց Մարզպետունին: -Երկրի փրկությունը կախված է այժմ իշխանների միությունից և այդ միությունը պետք է ստեղծել` զոհաբերության ի՛նչ գնով ուզում է լինի:

Կաշխատեմ, — ասաց կաթողիկոսը և խոստանալով հայտնել շուտով յուր որոշումը, բարձրացավ աթոռից, ողջունեց թագուհուն ու իշխաններին և հեռացավ Սահակ սրբազանի ու Մովսես վարդապետի հետ: Վահրամ սեպուհը հետևեց նրան մինչև վեհարանը:

Բնավ հույս չունհմ Վեհափառի վրա, — ասաց Գևորգ իշխանը, միայնակ մնալով թագուհու հետ:

Այս անգամ, ընդհակառակը, պետք է հուսալ, — պատասխանեց թագուհին. — նա արդեն զգում է, որ Դվինից հեռանալով` դժգոհություն է պատճառել ամենիս, այժմ կաշխատե, որ մի բանով պիտանի լինի մեզ:

Բայց կաթողիկոսը, որ վիրավոր վարդապետին բերել էր թագուհու և իշխանների մոտ` իրական փաստով ապացուցանելու համար, թե ի՛նչ մեծ վտանգից է փախել ու ազատվել ինքը, շատ տխրեց, երբ տեսավ, թե հակառակ կերպարանք առավ գործը: Նա կամենում էր Այրիվանքի սրածությունը առիթ առնելով յուր փախուստն արդարացնել, այլև, յուր Գառնիում մնալն ապահովել, այժմ ընդհակառակը, նոր պաշտոն էին հանձնում իրան և ուղարկում, համարյա, թշնամու հանդեպ: Չէ՞ որ յուր ուղևորության միջոցին հագարացիք կպատահեին նրան մի որևէ տեղ և կձերբակալեին: Ի՜նչ կարող էր անել այդ բանի դեմ Վահրամ սեպուհը յուր մի խումբ վանանդացիներով: Հարկավ` ոչինչ: Կաթողիկոսը ձերբակալելուց ետ` կաթողիկոսարանն էլ կգրավվեր: Այնուհետև ամեն ինչ կկորչեր անդարձ:

Այդպես էր մտածում կաթողիկոսը, և այդ մտքերը խռովում էին նրան: Շուտով նա խորհրդի հրավիրեց յուր մերձավորներին և հայտնեց, թե մտադիր է մերժել թագուհու և իշխանների առաջարկությունը, որովհետև դրա կատարելու մեջ նա վտանգ է տեսնում աթոռի նկատմամբ:

Ոչ ոք չընդդիմացավ Վեհափառի կամքին, որովհետև արևի խավարման հայտնի հրաշքը տեսնելուց հետ, նրա ցանկությունները երկնքից ներշնչված էին համարում: Բայց որովհետև հիշյալ առաջարկությունը մերժելով` նա այլևս չէր կարող մնալ Գառնիում, ուստի որոշվեցավ, որ Վեհափառը հեռանա Սևան, ուր անապատականների մեծ միաբանություն կար: Այդտեղ նա կլիներ յուր հոգևոր զինվորների հետ. նրան այլևս չէին բամբասել: Բացի այդ, Սևանը ուներ անառիկ բերդ և ջրապարփակ լինելու պատճառով` անմատչելի էր թշնամիներին:

Որքա՜ն մեծ եղավ թագուհու զարմանքը, երբ նա իմացավ, թե կաթողիկոսը հեռանում է Սևան: Վահրամ սեպուհը զայրույթից մինչև անգամ ողջերթ մաղթելու չգնաց: Իսկ Մարզպետունի իշխանը, որ Մուշեղ բերդակալի հետ միասին ճանապարհ դրավ նրան մինչև Ազատի կամուրջը, շատացավ միայն մի դիտողությամբ.

Դու որ այդքան հոգում ես քո անձի համար, — ասաց նա կաթողիկոսին, — կփրկես միայն քեզ: Իսկ կաթողիկոսական աթոռը ժառանգություն կմնա նրանց, որոնք կարող կլինեն նրան պաշտպանել:

Ես հեռանում եմ միայն այդ աթոռը պաշտպանելու համար, — ասաց կաթողիկոսը:

Չէ՛, Վեհափառ տեր, այսուհետև քո պաշտպանածը կլինի Հովհաննես կաթողիկոսի` բայց երբե՛ք Լուսավորչի աթոռը: Դու կորցրիր նրան այն օրից, որ հեռացար Դվինից:

Կաթողիկոսն, իհարկե, չհավատաց իշխանի գուշակության և յուր ճանապարհը շարունակեց:

Սևանում ընդունեցին նրան մեծ ուրախությամբ:

Բայց Գևորգ իշխանը վերադառնալով Գառնի, նորեն խորհուրդ կազմեց թագուհու մոտ: Երկրի ճգնաժամն անցնելու միակ ելքը բաժանված իշխանները միացնելու մեջ էր գտնում, ուստի ի՛նչ կերպ էլ որ լիներ` նա պետք է գլուխ բերեր այդ գործը: Կաթողիկոսի վարմունքը ո՛չ միայն չհուսահատեցրեց, այլ, ընդհակառակը, ավելի ևս ոգևորեց նրան յուր մտադրությունն առաջ տանելու:

Այժմ մենք պետք է մեզ վրա դնենք մեր հույսը, — ասաց նա յուր խորհրդակիցներին և որոշեց, որ թագուհին առաջվա նման մնա Գառնիում, որպեսզի արքունական տունը գոնե համարվի Ոստանում: Այդ անհրաժեշտ էր միության գործի համար: Որովհետև եթե իշխաններն իմանային, թե Ոստանը, որ երկրի սիրտն էր, ամբողջապես գտնվում է հագարացոց ձեռքում, այն ժամանակ հազիվ թե համաձայնվեին միանալ նրանց դեմ:

Ինչ վերաբերում էր իրան ու Վահրամ սեպուհին, որոշեցին` որ ինքը դիմեր Աթաս արքաեղբորը և Աշոտ սպարապետին, իսկ սեպուհը` Աղձնյաց ու Մոկաց իշխաններին: Դրանց համաձայնությունն առնելուց հետ նրանք պիտի դիմեին նաև Վասպուրականի տերերին:

Կաթողիկոսի հեռանալուց մի օր հետո դուրս եկան Գառնիից Մարզպետունի իշխանը և Վահրամ սեպուհը, յուրաքանչյուրը թիկնապահների մի փոքրիկ խմբով և դիմեցին դեպի իրանց առաքելության վայրերը:

Գ

ՄԻ ԴԱԼԱՐ ԲՈՂԲՈՋ ՉՈՐԱՑԱԾ ԾԱՌԻ ՄՈՏ

Մարզպետունի իշխանի հեռանալուց հետո թագուհու վրա մի տարօրինակ անտարբերություն եկավ: Նա, որ մինչև այն աչալրջությամբ հսկում էր ամրոցի պահպանության, անձամբ այցելում էր պահականոցները, ներկա էր լինում զորականի վարժությանց կամ թե դիտում էր պաշտպանության պատրաստությունները, հանկարծ հեռացավ, քաշվեցավ այդ բոլորից և է՛լ ուշադրություն չէր դարձնում ոչ մի բանի վրա:

Բնակակից իշխանուհիները զարմանալով հարցնում էին իրար, թե «ի՞նչ է պատահել արդյոք թագուհուն»:

Եվ նրանք իրավունք ունեին զարմանալու, որովհետև այդ կինը, որ այնքան շատ հոգում էր թե՛ յուր և թե՛ ամրոցականների ապահովության համար դեռ այն ժամանակ, երբ ո՛չ մի տեղից վտանգ չէր սպառնում երկրին կամ երբ թագավորը դեռ չէր հանդիպել ձախորդության, ինչո՞ւ ընդհակառակն, անուշադիր էր թողել ամրոցը այն միջոցին, երբ ոստիկանն արդեն նստած էր Դվինում և ամեն վայրկյան կարող էր հարձակվել յուր վրա:

Պատճառը պարզ էր: Հուսահատությունն ընկճել էր նրա կանացի հոգին:

Մինչև այն, որքան էլ ծանր վշտերի մեջ, նա դարձյալ հոգում էր յուր և շրջապատողների վիճակի մասին, որովհետև նա սպասում էր արքայի վերադարձին, որովհետև հույս ուներ, թե գուցե Ամրամի ապստամբությունը մի նոր և յուր համար շահավոր փոփոխություն առաջ բերե թագավորի մեջ... Բայց Մարզպետունու բերած լուրերը նրա հույսերը փշրեցին: Մանավանդ թագավորի Կաքավաքար քաշվիլը և երկիրը բախտի կամքին թողնելը նրան ավելի վհատեցրեց: Եթե Աշոտ-Երկաթը հուսահատվում ու հեռանում էր, ո՞վ էր ինքը, որ համարձակվեր ավելի երկար տոկալու: Նա նմանվում էր այժմ մի խեղդվող մարդու, որ ալիքների հետ երկար կռվելուց ու ոգորելուց հոգնած, հանձնում է իրան վերջապես հոսանքի կամքին...

Ճշմարիտ է, Մարզպետունու` Գառնիում եղած ժամանակ նա համակերպվեց նրա խորհրդներին, ցանկություն հայտնեց գործակցել նրան, բայց այդ ամենը նա արավ առանց ինքն իրան հաշիվ տալու, առանց մի ներքին բնական եռանդից առաջ մղվելու: Կյանքը նրա աչքում կորցրել էր արդեն յուր նշանակությունը, նա նրան այլևս չէր հրապուրում. էլ ինչո՞ւ ուրեմն նոր հոգսերի ենթարկվեր, նոր ցավերով բեռնավորվեր: Թող կատարվի, ինչ որ կատարվելու է, ինչ որ նախասահմանված է... Մարդկային ձեռը չի կարող ջնջել այն ճակատագիրը, որ գծագրել է հավիտենականի ձեռքը...

Այսպես էր մտածում թագուհին և մի տեսակ թմրության անձնատուր եղած` փակվում օրերով դղյակի սենյակներում և կամ միայնակ զբոսնում Տրդատա հովանոցում:

Մյուս կողմից, սակայն, Մուշեղ բերդակալն ու Գոռ իշխանիկը ծանր հոգսերի մեջ էին. պատրաստություններ էին տեսնում ապագա հարձակմանց դիմադրելու համար, ավելացնում էին ամրոցի պաշտպանության պարագաները և ամբողջ օրերով աշխատեցնում էին զորքը:

Այդ ամենը տեսնում էր թագունին, նայում էր այդ աշխատությանց վրա սառն, անտարբեր աչքով և երբեմն հարցնում ինքն իրան, թե «ինչո՞ւ համար է այս ամենը. ինչո՞ւ մարդիկ կամենում են երկար ապրել, քանի՞ օր կարող են նրանք բախտավոր լինել իրանց կյանքում... և միթե վերջ ի վերջո չպիտի՞ մեռնին»:

Մի լուսընկա երեկո, երբ թագուհին Տրդատա հովանոցում, յուր սովորական բազմոցի վրա նստած` հենց այսպիսի մտքերով էր զբաղված, հանկարծ հովանոցի աստիճանների մոտից անցնողի մի շշուկ յուր ուշադրությունը գրավեց: Նա բարձրացավ բազմոցից և նայեց դեպի վար:

Այնտեղից մի նեղ կածան, որ փորված էր ժայռերի մեջ, իջնում էր դեպի մի փոքրիկ, տափարակ գահավանդ, որ տարվա մեծ մասը ծածկված էր լինում կանաչով: Նրա շուրջը գտնվում էին հինավուրց ուռենիներ, որոնք արևի ժամանակ գեղեցիկ հովանի էին անում նրա վրա. իսկ գահավանդի կողքից բխում էր մի վճիտ աղբյուր, որ հեզասահ ոռոգում էր ուռենիները և ապա քաղցրակարկաչ դեպի ժայռերը գահավիժելով` թափվում էր խորաձորում շառաչող Ազատի մեջ: Այդ գահավանդակը յուր գեղեցիկ դիրքի պատճառով վաղուց արժանացել էր հոգածու ձեռքերի խնամքին: Ո՛վ գիտե, գուցե հենց հովանոցի անդրանիկ տիրուհու` հայոց թագածին օրիորդ Խոսրովդուխտի հրամանով հարդարված էր նա իբրև զբոսանոց ճեմարան: Գուցե նա ինքն այդտեղ անցուցել էր մենավոր մտածությանց ժամեր, կուսական նվիրական հափշտակության վայրկյաններ կամ, թերևս, չարաբաստիկ սիրո տանջանաց օրեր... սիրո, որ դատապարտեց նրան հավերժական կուսության...

Ինքը` Սահականույշ թագուհին, սիրում էր հաճախ նստել այդտեղ և զրույց անել իշխանուհիների հետ կամ վայելել երբեմն մի բացօթյա նախաճաշ:

Անցնող անձը, հովանոցի ստորոտը քերելով, խոտորեց դեպի այդ գահավանդակը տանող ուղին: Թագուհին զարմացավ` տեսնելով, որ դա մի նորատի աղջիկ է, անշուշտ դղյակի բնակչուհիներից մինը և այն` իշխանազուն օրիորդ, որովհետև ծածկած էր մետաքսյա շղարշ և գլխին ուներ ասեղնագործ հյուսկեն, որի ծակոտիներից երևում էր լուսնի առաջ փայլող նրա ոսկե ծամակալը: Բայց ո՞վ էր նա իսկապես և ինչո՞ւ միայնակ դեպի ժայռերի գահավանդն էր առաջանում, թագուհին չիմացավ, որովհետև նա անցավ ինչպես այծյամ, և ինքը նրա դեմքը չնշմարեց:

«Միգուցե գաղտնի վշտերից տանջվող թշվառի մեկն է, որ գնում է իրան դեպի քարաձորը գահավիժելու. անշուշտ ե՛ս չեմ աշխարհում միակ թշվառը...», մտածեց ինքն իրան թագուհին և առաջացավ դեպի հովանոցի աստիճանները: Նա կամեցավ նախ կանչել սպասուհիներին, որոնք հովանոցից հեռու սպասում էին յուր հրամանին, և ուղարկել նրանց հեռացողի ետևից. բայց մեկ մտածելով, թե գուցե այդպիսով շտապեցնե վտանգը, որոշեց անձամբ հետևել անցնողին: Նա շտապ-շտապ իջավ սանդուղքներից և կամացուկ քայլերով ուղղվեցավ դեպի ժայռերի գահավանդակը:

Չնայելով որ աշնանավերջ էր, սակայն օրը մեղմ ու տաքուկ լինելով, ախորժելի էր կացուցել երեկոն: Երկինքը պարզ էր և աստեղազարդ, լուսինը պայծառ շողերով լուսավորում էր Գեղա լանջերը և Գառնո ձորը, թույլ չտալով, որ սեպացած ժայռերն ու ամբարտակները թաքցնեն ստվերի մեջ Ազատի հոսանքը; Գիշերային տեսարանը գեղեցիկ էր և հրապուրիչ. բայց թագուհին չէր հետաքրքրվում նրանով: Այդ րոպեին իրան զբաղեցնողը խորհրդավոր երիտասարդուհին էր, որ ստվերի նման անցավ ժայռերի վրայից և ծածկվեց մթության մեջ:

Հազիվ հասել էր թագուհին նրբուհու կեսը և ահա՛ մի խոսակցության շշուկ հասավ յուր ականջին:

«Ուրեմն ժայռերից գահավիժելու չէր գնում անծանոթուհին», մտածեց թագուհին և քայլերը ծանրացրեց: Պարզ էր, որ գաղտնի մի ժամադրության պիտի հանդիսատես լիներ ինքը: «Բայց հառաջանա՞լ, թե վերադառնալ», մտածեց նա և կանգ առավ մի վայրկյան:

«Տեսնենք ովքե՞ր են և ի՛նչ են խոսում», շշնջաց թագուհու ականջին «կնոջ հետաքրքրությունը» և նա առաջ անցավ: Բայց յուր քայլերը փոխում էր այնպես, որ խոսակիցները ոչինչ չլսեն և մանավանդ, թե իրան չնշմարեն:

Երբ հասավ հաստաբուն ուռենուն, որի խիտ ճյուղերը ծածկում էին իրան գահավանդակի խոսակիցներից, նստավ նա ժայռի վրա:

Որքա՜ն մեծ եղավ թագուհու զարմանքը, երբ խոսակիցների մեջ նա ճանաչեց երիտասարդ Գոռ իշխանին և օրիորդ Շահանդուխտին:

Նրանք սիրում էին միմյանց. այդ գիտեր թագուհին, գիտեին և դղյակի մյուս բնակիչները: Բայց որ մենավոր ճեմանոցում ժամադիր լինեին կամ թաքուն տեսակցեին, այդպիսի բան չէր սպասում նրանցից թագուհին:

Այդ հանգամանքը ա՛յն աստիճան գրգռեց տիկնոջ հետաքրքրությունը, որ նա որոշեց ականջել նրանց:

«Երևի կարևոր գաղտնիք ունեին միմյանց հաղորդելու», մտածեց թագուհին և լսողությունը լարեց:

Բայց մենք թողնենք նրան յուր ժայռի վրա և ծանոթանանք օրիորդ Շահանդուխտի հետ:

Ո՞վ էր այդ աղջիկը, որի անունը մի անգամ միայն հիշեցինք մենք մեր պատմության սկզբում:

Դա արքայի հորաքեռ թոռը, Սյունյաց մեծ իշխան Վասակի դուստրն էր, որ հոր մահվանից հետո յուր իշխանուհի մոր հետ միասին ապրում էր արքունիքում:

Մի քանի տարի առաջ ամիրապետը Յուսուփ ոստիկանին կալանավորելով` վերակացու էր կարգել յուր մասի հայկական գավառներում Ըսբուք անունով մեկին, որ յուր նախորդներից ավելի թույլ և խաղաղասեր մարդ էր:

Դրա ժամանակ դեռևս Սյունյաց Նահանգի Գողթն գավառը յուր Երնջակ ամրոցով գտնվում էր մի պարսիկ ամիրայի ձեռքում: Յուսուփ ոստիկանը Սմբատ թագավորին նահատակելուց հետ` Երնջակ ամրոցը գրավելով հանձնել էր այդ ամիրային` Գողթան գավառի հետ միասին:

Արդ` երբ Յուսուփի տեղ Ըսբուքը նշանակվեցավ, Սյունյաց իշխանները հարմար ժամանակ գտան հայրենի կալվածքը ամիրայի ձեռքից ազատելու: Ուստի բոլոր չորս եղբայրները` Վասակ, Սահակ, Սմբատ և Բաբգեն միանալով զորք ժողովեցին և հարձակվեցան ամիրայի վրա: Պատերազմի ժամանակ սյունեցի զորքերը ջարդեցին հագարացիներին: Բայց Վասակ իշխանի հետ եղող սկյութացի զինվորները, որոնք իբր հայերին օգնելու էին եկած, բայց իսկապես կաշառված էին ամիրայից, ետևից զարկելով սպանեցին իշխանին, որ կռվում էր աննահանջ:

Երեք եղբայրները թողեցին իսկույն ճակատը և քաջ ու աննման եղբոր մարմինն առնելով Գեղարքունիք դարձան և մեծ սուգ արին նրա վրա:

Լսեցին այդ գույժը Աշոտ թագավորը ու Սահականույշ թագուհին և լացին դառնապես:

Բայց ինքն արքան, որ իշխանի կենդանության ժամանակ անիրավաբար բանտարկել էր նրան Կայյան բերդում, ծանր վշտից զատ տանջվեցավ նաև խղճից: Նա հիշեց Վասակ իշխանի արած բարիքները, յուր և Աշոտ բռնավորի մեջ հաշտություն ստեղծելը, արքայական գահին ցուցած ծառայությունները և ի վերջո յուր նրան փոխարինած ապերախտությունը և վշտացավ: Նա որոշեց քավել մի բանով յուր հանցանքը: Եվ այդ որոշման արդյունքն եղավ այն, որ նա որդեգրեց նրա դուստր Շահանդուխտը, որին և յուր մոր` Մարիամ իշխանուհու հետ միասին առավ յուր խնամոց ներքո:

Այնուհետև օրիորդը ապրում էր արքունիքում իբր արքայադուստր. նրան սիրում և փայփայում էին ինչպես մի հարազատ զավակի թե՛ թագավորը և թե՛ թագուհին: Նրան սիրում էին նույնպես իշխանուհիները:

Բայց այդ բոլոր սիրողների մեջ մինը պաշտում էր նրան:

Այդ Գևորգ Մարզապետունու որդին` Գոռ իշխանիկն էր:

Ինչպե՞ս սկսվեցավ նրանց սերը, այդ ոչ ոք չգիտեր և նույնիսկ, իրանք չգիտեին: Գոռը առաջին անգամ պատահեց այդ սևաչյա, գանգրահեր, գեղեցկադեմ և աշխույժ աղջկան Երազգավորսի արքունիքում, երբ դեռ նոր էին բերել նրան Սյունիքից, և սիրեց նրան, բայց սիրեց ինչպես մի քրոջ և առաջին անգամից էլ քույր անվանեց նրան: Շահանդուխտը, որ եղբայր չուներ, հաճությամբ լսեց այդ քաղցր անունը և Մարզպետունյաց միամոր ժառանգ, գեղահասակ, գեղեցկադեմ և գեղաչյա Գոռին եղբայր ընդունեց իրան: Այնուհետև նրանք քույր և եղբայր էին և երկուսը միասին կազմում էին արքունիքի զարդը:

Next page