Մուրացան՝   Գևորգ Մարզպետունի

Աղձնյաց իշխանն, օրինակ, խոստանում էր միացնել յուր զորքը արքայական բանակին, եթե միացած կտեսներ նրան Աշոտ սպարապետի զորքը և Աբաս արքաեղբոր գնդերը: Մոկաց իշխանը նույն համաձայնությունն էր տալիս, եթե հիշյալների հետ միասին կգար պատերազմելու Վասպուրականի թագավորը: Աշոտ բռնավորը խոստանում էր մտնել դաշնակցության մեջ, եթե արքայական հրովարտակով յուր իշխանության կհանձնվեին Արարատի հինգ գավառները: Աբաս արքաեղբայրը, ընդհակառակը, ավելորդ էր համարում կազմել մի դաշնակցություն, որ պիտի կռվեր Աշոտ-Երկաթի դրոշի տակ: Նրա կարծիքով թագավորն արդեն վհատված ու հեռացած էր. պետք էր ուրեմն թույլ տալ նրան հանգստանալ մի ամրոցում, իսկ գահը հանձնել օրինավոր ժառանգին, այն է` իրան: «Այնուհետև, ասում էր, կարիք չի լինիլ, որ Գևորգ իշխանն ու Վահրամ սեպուհը զորք մուրան իշխաններից և կամ միության միջնորդ հանդիսանան, զի քաջ թագավորին կմիանան միշտ քաջերը»:

Այս բանակցություններն ամիսներ տևեցին: Աշունն ու ձմեռը անցան, և սկսավ Հայաստանի գեղեցիկ գարունը:

Եվ սակայն միջնորդ իշխանները ոչ մի միություն ստեղծել չկարացին:

Բայց Դվինի հագարացի կրոնապետը Բեշիր զորապետին արած յուր խոստումը կատարեց: Որքան էլ ոստիկանը համառ էր ու ինքնակամ, այսուամենայնիվ դենպետը կարողացավ համոզել նրան, թե նա մեծ նախատինք է հասցրել Մահմեդի կրոնին, ապահովության գիր տալով հայոց կաթողիկոսին:

Աստված այդ սուրը տվել է քեզ նրա համար, որ դրանով մեր կրոնը անհավատների մեջ տարածես, որ Մահմեդի քարոզած ճշմարտությունն աշխարհին ծանոթացնես, որ այդ ճշմարտության հակառակորդներին փշրես ու ջախջախես: Բայց դու, ընդհակառակը, խնամում ու հովանավորում ես մեր կրոնի թշնամուն, Մահմեդի հայհոյչին, սրբազան ղուռանի անարգող մարդուն:

Այս և սրանց նման զրույցներ շարունակ անում էր կրոնապետը, մինչև որ ոստիկանը համոզվելո՞ւց, թե՞ ձանձրանալուց հրաման տվավ Բեշիրին` հետևել նորեն կաթողիկոսին և դարձնել նրան Դվին:

Բեշիրի ցանկությունն էլ այդ էր: Ամբողջ ձմեռը նա Դվինում մաշվել էր անգործությունից: Այժմ ահա՛ գարնան գեղեցիկ օրերի հետ, հասավ իրան ոստիկանի ավելի ևս գեղեցիկ հրամանը: Ի՞նչ էր մնում նրան անել, եթե ոչ զորքերը հավաքել և դիմել Բյուրական:

Այդպես էլ նա արավ: Մի քանի օրվա մեջ կազմեց, պատրաստեց յուր հզոր բանակը և հրաժեշտ տալով բարերար ոստիկանին, դիմեց դեպի ծերուկ Արագածը:

Գարնան սկիզբն էր: Չնայելով որ Արագածը, Արայի լեռը և նույնիսկ Եռաբլուրը պատած էին դեռ ձյունով, այնուամենայնիվ Անբերդու գավառը ծածկվել էր կանաչով: Նրա սիրուն դաշտերը, գեղեցիկ հովիտները, սարավանդներն ու լեռնալանջերը զարդարվել էին ընտիր ու գույնզգույն ծաղիկներով: Աղբյուրները բազմացել, առուները հորդացել և գետերը վարարել էին: Խաշնարածները իրանց ձմեռային հանգիստը թողնելով` բարձրանում էին դեպի Արագածի լանջերը, որպեսզի նրա հովասուն արոտներում իրանց հոտերն ու նախիրը արածացնեն:

Արարատյան դաշտի վրա դեռ խաղաղություն էր տիրում, և գեղջուկն ու երկրագործը սկսել էին զբավիլ դաշտային աշխատություններով:

Հանկարծ Ոստանից լուր հասավ, թե հագարացիք ստվար բանակով հառաջանում են դեպի Անբերդ: Նորեն փախուստն ու թաքուստը սկսավ:

Կաթոողիկոսը սակայն դեռ հանգիստ նստած էր Բյուրականում, այլև զբաղված յուր դաստակերտի բարեկարգություններով: Այն օրից ի վեր, որ նա ոստիկանից ստացել էր ապահովության հրովարտակ, բազմացել էին Բյուրականում ոչ միայն հոգևոր կոչման տեր անձինք, այլև, աշխարհական ընտանիքներ, որոնք ապաստանել էին այդ տեղին` ինչպես կաթողիկոսի հովանավորությունը վայելող մի ամրության:

Ահեկի (ապրիլի) գեղեցիկ առավոտներից մինն էր: Վեհափառը յուր դղյակի պատշգամբում բազմած դիտում էր այն փառավոր ու ակնապարար հորիզոնը, որ շրջապատում էր հովասուն Բյուրականը: -Նրա հյուսիսային կողմից բարձրանում էր լայնադիր ու քառագագաթ Արագածը յուր ծաղկածին սարատափերով, լեռնային լճակներով և ձյունապատ ստինքներով: Հյուսիս-արևելյան կողմից երևում էր Արայի լյառը յուր կանաչազարդ լանջերով: Արևմտյան կողմից փակում էին հորիզոնը Բարդողի ձյունապատ կատարները, իսկ հարավից ձգվում էր մի դաշտահովիտ, որ Եռաբլուր լեռան ստորոտը բերելով` հասնում էր մինչև Քասախի խառնուրդը և ապա դաշտանալով` տարածվում մինչև Մասիս: Այդ դաշտահովտի վրա ընկած էին բազմաթիվ գյուղեր ու ավաններ, որոնց իշխում էր հիշատակաց արժանի Օշականը, որ ամփոփում էր յուր մեջ Հայաստանյաց երկրորդ լուսատուի, այն է` սրբույն Մեսրոպա թանկագին նշխարները: Մի փոքր հեռու երևում էր քաղաքամայր Վաղարշապատը, իսկ նրա մոտ հայոց եկեղեցիների թագուհին` նախաթոռ Էջմիածինը, սուրբ Գայանեի վանքը, Մարիանե կույսի Շողակաթը և վերջապես հզոր արքայի սերն ու վիշտը մերժող հրաշագեղ Հռիփսիմեի հոյակապ վկայարանը: Այս բոլորից հետ ամբառնում էր վեհապանծ Մասիսի սպիտակափառ կատարը, ծածկված հավիտենական ձյունով ու սառույցով, որ կարծես իշխում էր Արարատյան լայնածավալ դաշտի վրա իբրև հզոր ու անպարտելի միապետ:

Այս գեղեցիկ տեսարանները, որոնք գրեթե ամեն օր գրավում էին կաթողիկոսին և զբաղեցնում նրան վերացական մտածություններով, այսօր, կարծես թե, կրկնապատկել էին իրանց հրապույրը: Նա զվարճանում էր, որ կարողացել էր յուր դաստակերտի համար ընտրել այսպիսի մի գեղավայր, և որոշում էր ընդարձակել նրան նորանոր շինություններով, ամրացնել մարտկոցներով և բազմացնել յուր մենարանի միանձանց թիվը:

Բայց ահա հենց այդ ժամանակ գուժաբերը հասավ Բյուրական: «Բեշիրը գալիս է» խոսքը կայծակի արագությամբ տարածվեց բոլոր ամրոցում և ամենքին սարսափահար արավ: Ամրոցի դռները ճռնչալով փակվեցան, պատրաստի եղած զորքերը զինվեցան, ամրոցում գտնվող և զենք կրել գիտցող մարդկանց զենքեր բաժանվեցան, ի բաց չառնելով նաև երիտասարդ հոգևորականները:

Բայց ի՞նչ. մի՞թե այդ տկար ուժերով պիտի կռվեին նրանք հագարացիների դեմ. իհարկե ոչ. դա հուսահատ դիմադրության պատրաստություն էր:

Հետզհետե հասնող լուրերը հավաստեցին, թե Բեշիրը գալիս է ոչ թե Բյուրականը գրավելու, այլ կաթողիկոսին ձերբակալելու: Եվ ահա այդ պատճառով նորեն խնդիր ծագեց Վեհափառի փախստյան համար: Նրա այն մերձավորները, որոնք վախենում էին, թե Բեշիրը կաթողիկոսին ձեռք, ձգելուց հետ իրանց էլ պիտի կալանավորե, խորհուրդ տվին նրան Բյուրականից հեռանալ: Բայց Սահակ եպիսկոպոսը, Մովսես վարդապետը և տեղվույն միաբանության գլխավորները հակառակեցան այդ խորհրդին:

Չպետք է մի անձի պատճառով շատերին զոհել, — ասում էին նրանք,-կաթողիկոսի փախստյան համար տեղ չի պակսիլ. բայց նրա ամեն մի փախուստը բազմաթիվ զոհեր է տալիս թշնամուն: Եթե աստված Վեհափառի համար մահ է որոշել, ապա նա չպիտի վարանի այդ որոշման հնազանդել. ըստ որում ո՞ւր որ էլ փախչե, դարձյալ պատուհասը կհասնե նրան, իսկ եթե չէ որոշել, ապա Բեշիրի հարձակումը չի կարող վնասել նրան:

Բայց այս զրույցները չփարատեցին կաթողիկոսի և նրա մերձավորների երկյուղը: Կայացավ մի գաղտնի խորհուրդ, որ որոշեց Բյուրականի բախտը, այն է` համոզել կաթողիկոսին հեռանալ շուտով դեպի Բագարան, Աշոտ սպարապետի մոտ, և ազատել յուր անձը վտանգից: Սպարապետը ոչ միայն մեծ զորք ու անառիկ ամրություն ուներ, այլև վայելում էր ոստիկանի բարեկամությունը: Հետևապես Վեհափառը կապահովեր իրան, եթե ապավիներ այդ իշխանին:

Երբ կաթողիկոսը հայտնեց Սահակ եպիսկոպոսին յուր որոշումը և առաջարկեց նրան «խույս տալ աստուծո բարկությունից» յուր հետ միասին, սրբազանը պատասխանեց.

Ես կմնամ իմ ժողովրդի հետ: Ե՛րբ նա կռվե, ես կաղոթեմ, երբ մեռնի, կմեռնեմ նրա հետ միասին...

Նույն որոշումն արին կաթողիկոսի հետևորդներից Մովսես վարդապետը, Թեոդորոս սարկավագը, երկու եղբայր` Մովսես և Դավիթ քահանաները իրանց աշխարհական եղբոր` Սարգսի հետ, և մի քանի ուրիշներ:

Բայց և այնպես նույն ավուր գիշերը կաթողիկոսը, յուր երկչոտ մերձավորները ժողովելով, նրանց հետ միասին խույս տվավ դեպի Բագարան:

Հետևյալ առավոտ մի քանի գունդ զինվորներ հառաջանում էին դեպի Բյուրական: Ամրոցականները, հեռվից նրանց տեսնելով` կարծեցին, թե թշնամու հառաջապահներն են և սկսան տագնապով դեպի մարտկոցները վազել: Բայց երբ այդ գնդերը մոտեցան, նրանք զարմանալով նկատեցին ոստանիկների դրոշակները և ուրախությամբ լցվեցան: Եկողները ոչ թե թշնամիներ, այլ հայ զորքեր էին. բայց ո՛ր իշխանի զորքերը, ոչ ոք չգիտեր:

Երբ նրանք Բյուրականի պարսպներին հասան, ամրոցականները զարմանալով տեսան, որ մի քանի հարյուր հոգուց բաղկացած այս զորագունդը ոչ պետ ունի, ոչ գլխավոր, այլ մի ինչ-որ խարազանազգեստ մարդ, խաչանիշ դրոշը ձեռին, առաջնորդում է նրանց:

Երբ ամրոցի դռները բացին օգնության հասնող զորքը ներս ընդունելու, Սահակ սրբազանը դեպի դրոշակակիր առաջնորդը առաջանալով, ասաց.

Այս ի՞նչ եմ տեսնում... հայր Սոլոմոն: Ճգնավորը զորապե՞տ է դարձել...

Այո՛, սրբազան, եկեղեցվո ազատությունը պաշտպանող զորքին ճգնավորները պիտի առաջնորդեն, — պատասխանեց խարազանազգեստ հայրը և պատմեց նրան, թե ինչպե՞ս էր ժողովել այդ զորագունդը:

Սոլոմոն ճգնավորը Սագաստան աքսորված մի հայ քահանա էր, որ բախտի բերմամբ ազատություն գտնելով` վերադարձել էր հայրենիք և յուր օրերը վանքերում անցկացնում էր ճգնությամբ:

Լսելով Այրիվանքի կոտորածը և հայոց կաթողիկոսի կրած հալածանքները, նրա մեջ վառվեց ազգակիցներին օգնելու նախկին եռանդը և նա սկսավ թափառել շեներն ու ավանները և հորդորել ժողովրդին զենքի դիմելու և իրանց պաշտպանելու, քանի որ իշխանները մերժում էին նրանց այդ պաշտպանությունը:

Ճգնավորին ընկերացան մի քանի ազատ զինվորներ, որոնց շնորհիվ նա հետզհետե կազմակերպեց մի գունդ, որ օգնության էր հասնում հարձակման ենթարկվող գյուղացիներին: Երբ լուր տարածվեց, թե Բեշիրը դիմում է Բյուրական` կաթողիկոսին ձերբակալելու, ճգնավորը հրավեր կարդաց յուր գնդին` գնալ հայրապետին օգնության, որովհետև, նա էլ նույնչափ լքյալ ու անօգնական էր, որքան գեղջուկ ժողովուրդը:

Այս հրավերը սիրով ընդունվեցավ գնդի կողմից:

Բացի այդ, ճգնավորի խմբին միացան նաև ավաններում գտնվող ուրիշ ազատ զորքեր, որոնք «մինչև այսօր երկրի իշխանների համար կռվեցինք, այժմ էլ եկեղեցվո իշխանի համար կռվենք» ասելով, հարել էին խաչանիշ դրոշին և դիմել Բյուրական:

Ճգնավորի հետ եկած զորքը վեհարանի շուրջը պատած սպասում էր, որ Վեհափառը ելնե և օրհնե իրանց: Այդ մի բնական և իրավացի ցանկություն էր այն զորականի համար, որ ինքնակամ եկել էր յուր եկեղեցին և նրա պետը պաշտպանելու: Բայց որքա՜ն մեծ եղավ Սոլոմոն հոր ցավը, երբ Դռան եպիսկոպոսը հայտնեց նրան, թե Վեհափառը խույս է տվել Բագարան:

Իմ զորքերը կցրվեն, եթե այդ իմանան,-ասաց նա եպիսկոպոսին, — նրանք եկել են այստեղ Վեհափառին պաշտպանելու: Իսկ եթե նրանց հայտնվի, թե կաթողիկոսը ձգել է միաբանությունը յուր անձն ազատելու համար, նրանք գուցե վերադառնան հենց այս վայրկենին:

Ի՞նչ անենք ուրեմն. մենք կարոտ ենք այդ զորքի օգնության, — հարցրեց եպիսկոպոսը:

Փոքր մտածելուց ետ ճգնավորը պատասխանեց.

Պետք է հայտնել նրանց, թե Վեհափառը հիվանդ է և ելնել չէ կարող:

Այս անմեղ սուտը օգուտ կբերե մեզ:

Չէ՛, հայր Սոլոմոն, չկա մի սուտ, որ հանցանք չհամարվի, և չկա հանցանք, որ անպատիժ մնա, — նկատեց եպիսկոպոսը, — ես այդ տիրասեր զորքին խաբել չեմ կարող: Ավելի լավ է հայտնենք նրան ճշմարտությունը, իսկ մեր պաշտպանության գործը թողնենք նրա խղճին:

Այդ միևնույն է, թե մենք մեր ձեռքով Բյուրականը հանձնենք թշնամուն:

Ի՞նչ անենք ուրեմն, — հարցրեց եպիսկոպոսը տարակուսելով:

Ոչինչ այլևս անելու չունենք, մնում է, որ ես ինքս գործեմ այդ հանցանքը, եթե արդարև դա մի հանցանք է, — ասաց ճգնավորը: Ապա դուրս գալով Վեհարանի բակը, հայտնեց զորքերին, թե «վեհափառը հիվանդ է և իմ բերանով ուղարկում է ձեզ յուր հայրական օրհնությունը»:

Զորքը, իհարկե, հավատաց ճգնավորին և շատերը նրանցից եկան այն համոզման, թե թշնամու հարձակման լուրը վախեցրել է կաթողիկոսին:

Այս համոզումը մինչև անգամ բորբոքեց նրանց մեջ վրեժխնդրության կրակը:

Նույն օրն ևեթ զորքերը կարգավորեցին: Թե՛ ամրոցում եղածները և թե՛ նորեկները բաժանեցին մի քանի խմբերի, որոնց և կարգեցին զանազան տեղերում, այն է, ոմանց` աշտարակների մեջ, ոմանց` պարիսպների վրա և մնացյալներին` դռների առաջ կամ գաղտնի ծածկարաններում:

Ընդհանուր հրամանատարությունը հանձն առան տեղական զորքերի վրա` Թեոդորոս սարկավագը, որ քաջ զինաշարժ էր, իսկ եկվորների վրա` Սոլոմոն ճգնավորը:

Արդեն ամեն ինչ պատրաստ էր, երբ թշնամին երևաց, որ նստաջանում էր Վաղարշապատի կողմից:

Իսկույն ամեն մի մարդ յուր տեղը բռնեց:

Սահակ եպիսկոպոսը հրամայել էր, որ ամրոցի հոգևորականներից նրանք, որոնք զենք չէին կրում, ժողովվին եկեղեցի և հսկումն կատարեն: Այդ հսկումը պիտի շարունակվեր բոլոր ժամանակ, քանի զորքը կռվում էր: Կոչնակի ձայնն առնելուն պես եկեղեցին աղոթողներով լցվեցավ: Այդտեղ էին ինչպես հսկումն կատարողները, նույնպես և այն կանայք ու ծերունիք, որոնք զորքին պիտանի լինել չէին կարող: Ինքը` եպիսկոպոսը առաջնորդում էր աղոթողներին:

Թշնամու զորքը մոտենալուն պես հարձակումն սկսավ: Բեշիրը կարծելով, թե կաթողիկոսը ամրոցումն է և թե վերջինս թափուր է պաշտպանության միջոցներից, որոշել էր հանկարծական հարձակումով վախեցնել կաթողիկոսին և ստիպել նրան ինքնակամ անձնատուր լինելու: Գոռոզ հագարացին ավելորդ էր համարում մինչև անգամ բանակցություն սկսել նրա հետ: Նա մտածում էր, թե իրավունք ունի հարձակվելու և կալանավորելու նրան, ինչպես յուր վերջին ծառային. ի՞նչ հարկ կար քաղաքավարական ձևեր գործ դնելու:

Բայց որքա՜ն մեծ եղավ նրա զարմանքը, երբ տեսավ, որ Բյուրականում այնպես չեն հանդիպում իրան, ինչպես Այրիվանքում, որ ամրոցի պարիսպներից ու աշտարակներից տեղում է յուր զորքի վրա նետերի սաստիկ տարափ և հարյուրավոր սվիններ ու գեղարդներ օդի մեջ թռչելով` շամփրում են հարձակվողների կրծքերն ու թիկունքը: Այս դեռ բոլորը չէր: Բերդի դռան աշտարակից թափվեցավ դուռը ջախջախել ճգնող զորքի վրա կպրաձյութի կրակվող հեղեղ, որ շատերին տեղն ու տեղը այրեց:

Ուրեմն մենք գործ ունինք ո՛չ թե անպաշտպան կաթողիկոսի, այլ զինավառյալ մի ամրոցի հետ, — ասաց Բեշիրը յուր մերձավորներին. — ետ քաշվենք, բանակ դնենք և կանոնավոր հարձակման պատրաստվենք:

Այս ասելով նա նահանջի փող հնչեցրեց, և զորքերը պարիսպներից հեռացան: Ամրոցականներն ուրախության աղաղակ բարձրացրին և սկսան ծաղրել հագարացիներին, անվանելով նրանց «երկչոտ ու կնամարդի»:

Թշնամին ոչինչ չէր պատասխանում, նա միայն կրճտում էր ատամները և վրեժխնդրություն սպառնում:

Նույն ավուր երեկոյան Բյուրականի պարիսպների վրա վառվեցան հարյուրավոր կրակներ, և զորքն ու ժողովուրդը սկսավ ուրախության տոն կատարել:

Բայց թշնամու բանակում ուրիշ գործի վրա էին: Բազմաթիվ վարպետներ զբաղված էին բաբաններ, պալիստրներ և ուրիշ պարսպահար գործիքներ պատրաստելով: Կառուցանում էին, մինչև անգամ, մի կրիա և փայտե շարժական աշտարակ: Զորքը պարապած էր կախարաններ ու վերելակներ պատրաստելով, իսկ ինքը` Բեշիրը անձամբ հսկում էր այդ աշխատությանց վրա:

Հետևյալ առավոտ ամրոցականները տեսան, որ թշնամին մի գիշերվա մեջ բավական գործ է կատարել, և որ շարունակվող աշխատությունները հետզհետե սպառնացող կերպարանք են առնում: Բայց այդ բաներից նրանք չվախեցան, այլ իրանք էլ իրանց կողմից սկսան համապատասխան պատրաստություններ տեսնել: Ամենից առաջ աշխատեցին հրանյութի պաշարն ավելացնել և պարիսպների տակ գաղտնի անցքեր բանալով` կրիան այրելու կամ աշտարակը կործանելու մասին հարկ եղածը հոգա: Դարբիններն զբաղված էին երկաթե կարթեր կամ ջախջախող գործիքներ կռելով: Կանայք հնոտիներից գնդակներ էին պատրաստում և եռացրած ճարպի կամ ձյութի մեջ թաթախում: Զորքն այդ ամենը փոխադրում էր պարիսպների կամ աշտարակների վրա: Ամեն տեղ աշխատանքը եռում էր. ամենքն էլ մասնակցում էին մի որոշ գործի:

Երեք օրից հետ վերջապես թշնամին նորեն սկսավ մոտենալ և առաջ վարել ռազմական գործիները: Մի հարյուր հոգի զբաղված էին տափարակ ու լայնադիր կրիան գլանների վրա գլորելով, մի հարյուրը առաջ էր վարում անիվների վրա հաստատած եռհարկյան աշտարակը: Մի խումբ բերում էր բաբանն ու խոյը, մի ուրիշը պալիստրները, մի երրորդը` ջրով լի տիկերը, որոնցով պետք է պարիսպներից թափվող կրակը հանգցնեին, իսկ զենք շարժող զորականն սկսում էր ամրոցի շուրջը պատել:

Այդ միջոցին Բյուրականի եկեղեցում հանդիսավոր պատարագ էր մատուցանում Սահակ եպիսկոպոսը: Ժողովրդի հետ միասին գտնվում էր եկեղեցում նաև զորքը: Նա եկել էր վերջին անգամ պատարագ տեսնելու, վերջին անգամ յուր սուրբ նախահարց հոգեբուխ երգերը լսելու ս. Փրկչի կենարար մարմնին ու արյանը հաղորդվելու:

Բացակա էին միայն պահնորդ զորքերը, որոնք հսկում էին ամրոցի դռներին և թշնամու շարժմանը:

Զորքին հաղորդություն տալուց առաջ Սահակ եպիսկոպոսը խոսեց նրա հետ բեմի վրայից.

Չորս հարյուր յոթանասուն տարի առաջ, ով իմ սիրելի զավակներ, պատրաստվեցան թշնամու հետ կռվելու վարդանանց քաջերը: Նրանք էլ ձեզ նման նախ աստուծո օգնության և ապա իրանց բազկի զորության դիմեցին: Նրանք էլ աշխարհային փառքի կամ անձնական շահու համար չէին կռվում, այլ հայրենիքի և եկեղեցու ազատության համար: Ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ, թշնամին կամենում էր այդ ազատությունը խլել, հայ ազգն ստրկացնել, բայց Վարդանանց քաջերը թույլ չտվին նրան այդ անելու: «Ավելի լավ է ազատ մեռնենք, քան ստրուկ ապրենք», ասացին նրանք և անկեղծ սրտով հարձակվեցան թշնամու դեմ, որ կրկնապատիկ զորավոր էր իրանցից: — «Չվախենաք հեթանոսների բազմությունից, մահկանացուի ահավոր սրից, — ասում էր Վարդանը յուր զորքերին, — զի եթե աստված մեզ օգնե, մենք նրանց կսատակենք և ճշմարտության կողմը կբարձրանա: Բայց եթե հասած է մեր մեռնելու ժամը, ապա ավելի լավ է, որ մեռնենք սուրբ կռվի մեջ և քաջության հետ վատություն չխառնենք...» Եվ նրանք քաջաբար կռվեցին, բազմաթիվ թշնամիներ սատակեցին և իրանք էլ քաջությամբ մեռան` սրերը ձեռքներին, հարվածները կրծքի մեջ... բայց նրանց անունը անմահ մնաց մինչև այսօր և անմահ պիտի մնա հավիտյան... Ո՞վ կիմանար աշխարհում, թե եղել են Վարդանանք, եթե նրանք երկչոտությամբ միայն իրանց անձն ապրեցնեին: Չէ՞ որ նրանցից առաջ և հետո ապրել և մեռել են միլիոնավոր մարդիկ, ո՞վ է դրանց անունը հիշում: Իսկ Վարդանանց քաջերին չեն մոռանում, որովհետև նրանք կռվել ու մեռել են ամենասուրբ գործի` հայրենիքի ազատության համար: Դուք էլ ահավասիկ կամենում եք հավասարվել Վարդանանց, դուք էլ նրանց նման պատրաստվել եք եկեղեցու և հայրենի ազատությունը պաշապանելու, դուք էլ կամենում եք անմահ անուն ժառանգել ազգի մեջ... Ուրեմն մի՛ վախենաք թշնամու զորությունից, նրա ահավոր պատրաստությունից: Ձեր դատն արդար է և կռիվն իրավացի, իսկ աստված զորավիգ է լինում արդարության: Եթե մինչև անգամ մահ հասնե ձեզ այս կռվում. ուրախությամբ ընդունեցեք նրան, զի դրա փոխարեն երկնքում անանց կյանք, իսկ երկրում անմահ անուն պիտի ժառանգեք: Այս հանդիսավոր ժամուն ս. աստուծո սեղանի առաջ ես էլ կրկնում եմ սուրբ Ղևոնդ երեցի այն խոսքերը, որ նա ուղղեց Վարդանանց քաջերին. «Մի՛ թուլությամբ լքանիցեմք, եղբարք, այլ պնդությամբ սրտիվ և հաստատուն հավատով կամակար հարձակեսցուք ի վերա թշնամյացն, որ հարուցյալ գան ի վերա մեզ: Մեր հույս մեզ կրկին երևի. եթե մեռանիմք` կյանք, և եթե մեռուցանեմք, մեզ նույն կյանք առաջի կան...»: Մոտեցեք ուրեմն ճշմարտության և սուրբ իրավանց համար մեռնող Փրկչի մարմնին ու արյանը. հաղորդվեցեք նրան և այդ հաղորդությունը թող արիացնե ձեր սրտերը, ուժ տա ձեր բազկին և հաղթություն` ձեր սրին...

Երբ պատարագիչ սրբազանը ս. հաղորդության սկիհը ձեռին խոնարհեց բեմի վրա, զորքերը կարգով առաջ եկան և հաղորդվեցան: Նրանց հետևից ամրոցի ժողովուրդը սկսած փոքրից մինչև մեծը, որովհետև ամենքն էլ պատրաստվում էին օրհասական կռվի:

Փոքր ժամանակից հետ զորքերն արդեն պարսպի և մարտկոցների վրա էին:

Արևն արդեն բարձրացել էր, երբ թշնամու նախահարձակ գնդերն ամրոցի շուրջը պատեցին և սկսան նետաձիգ լինել դեպի պարսպի հայ զինվորները: Վերջիններս պատասխանեցին նրանց նույն զենքով:

Ապա հետզհետե մոտեցան կանոնավոր խմբերը, որոնց մի-մի շարքը ասպարափակ անելով` ծածկում էր թե՛ իրան և թե՛ հետևող խմբերին: Վերջիններս այդպիսով պատսպարված` նետաձիգ էին լինում անընդհատ: Այդ դեպքում պաշարյալներին պաշտպանում էին միայն պարսպի ատամները:

Մի առ ժամանակ հակառակորդներն զբաղված էին այս հանգիստ տուրևառով: Բայց ահա մոտեցրին պարսպին մի ստվարագլուխ խոյ: Դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ մի ահագին գերան, որ հաստ շղթաներով կախված էր անիվների վրա ամրացրած մի ծածկի առաստաղից և գլխին հագցրած մի հաստ ու սրածայր երկաթ: Այդ կախարանավոր գերանը պարսպին մոտեցնելով` նրա ետևից չվանով քաշում էին տասնյակ մարդիկ և հանկարծ բաց թողնելով` երկաթե գլուխը զարկում պատին: Այդպիսով նրանք քարերը խախտելով աշխատում էին պարիսպը կործանել:

Ուրիշ կողմերից մոտեցնում էին բաբաններ ու պալիստրներ` լարած արջառի ամուր ջիղերով: Դրանց վրա դնում էին ահագին քարեր և ուժգին թափով զարկում պարսպի շուրթերին:

Պարսպահար գործիների շուրջը վխտում էին բազմաթիվ զորքեր: Նրանցից ոմանք գործիներն էին շարժում, ոմանք գործավորներին պատսպարում և ոմանք գործիների դեմ խիզախող մարտիկները վանում:

Բայց հազիվ առաջին խոյը սկսել էր յուր հարվածները և ահա պարսպի վրայից թափեցին նրա վրա կրակված կպրի հեղեղ և նավթով թաթախուն խոտի խրձիկներ, որոնք խոյի տախտակե ծածկը վառելով, ահագին հրդեհ առաջացրին: Չնայելով որ հրշեջները իրանց տկերը դատարկելով աշխատեցին հրդեհը հանգցնել, այնուամենայնիվ բոցը լափեց խոյի ծածկն ու կախարանը և գործին անպիտանացած ընկավ գետնի վրա:

Ոչնչացած խոյին փոխարինեց մի ուրիշը, որի ծածկը պատած էր թրջած թաղիքով և տամկացած կաշիներով: Ամրոցականները նրա դեմ էլ սկսան մրցել համապատասխան հնարներով:

Իսկ քարեր արձակող պալիստրների դեմ միայն մի միջոց ունեին նրանք, այն է` չվաններով կապում ու կախում էին պարսպից խոտի ահագին խուրձեր, որոնց դիպչելով` պալիստրի ռումբը կորցնում էր յուր թափի զորությունը և այդպիսով անվնաս դառնում պարսպի համար: Բայց թշնամին յուր երկարաբուն ջահերով վառում էր այդ խուրձերը, որից հետո ամրոցականները չվանը կտրելով` վայր էին ձգում հրդեհված խոտը և ուրիշ խուրձեր փոխարինում նրանց:

Մինչդեռ թշնամին մի կողմից յուր պարսպահար գործիներով աշխատում էր պարիսպներն ու պատնեշները փլցնել, մյուս կողմից նրա ավելի խիզախ խմբերը սանդուղքներ ու վերելակներ էին ամրացնում պարսպի ու աշտարակների վրա և աշխատում էին դեպի վեր բարձրանալ: Նրանք վահանները գլխներին և սուրը ձեռքներին բռնած` մագլցում էին այդ սանդուղքները և զարմանալի արիությամբ դեպի վեր սուրալով` աշխատում էին զոռով ներս թռչել դեպի ամրոցը:

Բայց հայ զինվորները ժամանակ չէին տալիս այդ քաջերին: Երկաթե ահագին ձողերով, սվիններով ու նիզակներով շարունակ հարվածում, վայր էին գլորում նրանց կամ երկաթե ժանիքավոր կարթերով նրանց գլուխն ու մարմինը շամփրելով` դեպի վեր էին քաշում և չարաչար սատակում: Շատ տեղ էլ սանդուղքները գլորելով` գետին էին թոթափում վրան մագլցողներին:

Թշնամու հարձակումն անընդհատ շարունակվում էր: Թե՛ դրսից և թե՛ ներսից կռվում էին կատաղությամբ: Ոչ մի կողմը տեղի չէր տալիս մյուսին: Նետերի տարափ էր, որ տեղում էր վերից վայր և հակառակ, սվիններ ու գեղարդներ էին, որ շարունակ թռչում էին օդի մեջ. սանդուղքներ էին, որ ջախջախվում, նիզակներ, որ փշրվում, վահաններ, որ ջարդվում էին:

Իսկ բոցն ու կրակը ինչպես մի լանածավալ հրդեհ պատում էր պարիսպները, պատնեշները և աշտարակները:

Բեշիրը տեսնելով, որ բյուրականցիների ընդդիմությունը ահագին կոտորած է անում յուր զորքի մեջ, հրամայեց նրան նահանջել այդ օրը: Պարիսպների տակ կուտակված էին ահագին թվով դիակներ, որոնց թշնամին ժողովելով` հազիվ մինչև երեկո թաղել կարողացավ մի ընդհանուր փոսի մեջ:

Այս հանգամանքը կատաղեցնում էր Բեշիր զորավարին, նա փրփրում և ատամները կրճտում էր: Բայց ի՞նչ կարող էր անել: Պաշարյալները իրանց պարտքն էին կատարում և պաշտպանվում էին հերոսաբար:

Մի վայրկյան նա մտածեց թողնել Բյուրականին բռնությամբ տիրելու որոշումը և առաջարկել կաթողիկոսին անձնատուր լինել խաղաղությամբ: Նա հավատացած էր, թե կաթողիկոսը ամրոցումն է և թե ինքը վերջ ի վերջո պիտի տիրե նրա դղյակին և ձերբակալե նրան: Բայց մեկ էլ մտածելով, որ պաշարյալները կարող են յուր առաջարկությունը մերժել, իրան էլ այդպիսով ծաղրել ու վիրավորել, թողեց այդ որոշումը:

Զենքի ուժով կառնեմ և կհատակեմ այս ամրոցը, — ասաց նա, վերջապես և հրաման տվավ զորքին` նոր և սաստկագույն հարձակման պատրաստվելու:

Հետևյալ առավոտ, դեռ արևը չծագած, Բեշիրը նորեն յուր զորքերով դեպի բերդը դիմեց: Նորեն նետաձիգներն ու պարտզահարները իրանց գործն սկսան: Բացի այդ, պաշարյալները երկյուղով տեսան, որ փայտակերտ աշտարակն ու ահագին կրիան, որոնց նախընթաց օրը թողել էին պարիսպներից հեռու (որովհետև հույս ունեին ավելի թեթև գործիներով պարիսպները փլցնել), արդեն մոտեցնում են` առաջինը պարիսպներին, իսկ երկրորդը` բուրգերից մինին: Նրանց երկյուղը ոչ թե աշտարակի ու կրիայի տալիք հարվածներից էր, այլ այն մտադրությունից, թե չլինի՞ այդ գործիները չմոտեցնեն այն տեղերին, ուր ցանկալի էր, այսինքն` ուր որ դարան էին լարել իրանք: Այս պատճառով ինչպես նախընթաց, նույնպես և այդ օրը հայ զինվորները չմոտեցան պարսպի այն մասին, որ ամենից թույլն ու դյուրամատույցն էր, կամենալով մոլորեցնել թշնամուն: Իսկ վերջինս, որ օր առաջ արդեն նկատել էր ինչպես այդտեղի հարմարությունը` աշտարակից կամուրջ ձգելու համար, նույնպես և այն, որ զորքերը չեն պաշտպանում այդ մասը, եկել էր այն եզրակացության, թե ներսից ուրեմն կռվան չունի պատվարը, և այդ է պատճառը, որ զորք չէ կանգնում այդտեղ: Ուստի շուտով եռհարկյան մարտկոցը անիվների վրա տատանելով սկսավ մոտենալ պարսպի այդ մասին: Պաշարյալների ուրախությանը չափ չկար: Որովհետև նա կանգ պիտի առներ հենց այնտեղի վրա, ուր իրանք փորել էին ընդարձակ գետնափոր, որի վերին երեսը պահպանվում էր ներսից զարկած և հենարանների վրա հաստատած մի տախտակամածով: Այդ գետնափորի մեջ տեղ-տեղ դարսված էին նավթով թաթախուն խռիվ ու խրձիկներ: Եթե աշտարակը կանգնեցնեին գետնափորի վրա, իրանք հենարանները հանելով` տախտակամածը պիտի քանդեին: Այդպիսով հողի ծածկը աշտարակի ծանրության չդիմանալով` պիտի փլչեր, որով և մարտկոցը վայրահակ կործաներ: Այնուհետև խոտն ու խռիվը կրակելով` պիտի այրեին նաև աշտարակը:

Պաշարյալների ակնկալությունն ի դերև չեղավ: Փայտակերտ մարտկոցը կանգնեցրին պարսպի դյուրամատույց տեղի մոտ, իսկ և իսկ գետնափորի վրա: Հագարացիների մարտիկները աշտարակը մտնելով իրանց գործն սկսան: Նրա ներքին հարկից սակրերով ու նիգերով փորփրում էին պարսպի հիմքը: Երկրորդ հարկից` փոքրիկ խոյերով խախտում էին նրա պրգունքի քարերը: Այդ երկու բաժանման աշխատավորներին պաշտպանում էր պաշարյալների հարվածներից տամուկ կաշով պատած հաստ տախտակամածը, որ երկրորդ հարկի հատակից բացվելով` կառչում էր պարսպին և այդպիսով ծածկում պարսպահարներին:

Հայ զորքերի մի ստվար խումբ վազեց իսկույն աշտարակի կողմը և սկսավ կռիվ մղել նրա երրորդ հարկի մարտիկների դեմ, որոնք աշխատում էին երկաթապատ կամուրջը պարսպի վրա իջեցնել:

Երկու կողմից էլ կատաղի կռիվ սկսավ: Նետերը տեղում էին աջ ու ձախ. նիզակները ճոճում ու հարվածում, ժանիքավոր սվինները խփում ու միմյանց կառչում, բայց կռվողներից ոչ մինը տեղի չէր տալիս մյուսին:

Հանկարծ երկաթե ձողապատ կամուրջն աշտարակի բարձունքից ճռնչալով իջավ պարսպի վրա, և հագարացի մարտիկները միմյանց ետևից սկսան նրա վրայով խուժել դեպի պարիսպը:

Այստեղ փրթեց հուսահատ կռիվ. ներսինները դիմադրում էին հերոսաբար, դրսինները խիզախում համարձակորեն: Նիզակներ էին` որ փշրվում, վահաններ` որ ջախջախվում, սրեր` որ շողում կամ թռչում էին աջ ու ձախ, և մարտիկներ, որոնք կամրջի ու պարսպի վրայից թոթափվում էին դեպի վայր: Հագարացի ընկած զինվորներին շարունակ փոխարինում էին նորերը, որոնք ներքին հարկից վազում էին դեպի վեր դիվական ճարպկությամբ մինչդեռ հայ զորաց թիվը գնալով նվազում էր: Որովհետև մյուս կողմերի վրա կռվողներից սրանց օգնության հասնել չէին կարող. ամեն մի խումբ յուր դիմադիր հակառակորդն ուներ: Բայց և այնպես այդ սակավաթիվ քաջերը կռվում էին հուսահատ կատաղությամբ և միևնույն ժամանակ զարմանում կամ զայրանում, որ աշտարակը այդքան ժամանակ կանգուն է մնում յուր տեղը:

Փոքր մի ևս և հայ կտրիճները պիտի հաղթահարվեին, և աշտարակի զորքերը վերջին հարվածը տալով նրանց, պիտի խուժեին պարսպից ներս: Բայց ահա` հանկարծ լսվեց մի բոմբյուն, ապա մի դղրդոց, և փայտակերտ աշտարակը, ալիքների մեջ ընկղմող հսկայական նավի նման ճոճալով ու տատանելով սկսավ մի կողմից խրվել գետնի մեջ և մյուս կողմից հակվելով` զարնել պարսպին: Կամուրջն ու ներքին տախտակամածը փշրվեցան, վերին հարկը մյուս երկուսից բաժանվելով կործանվեցավ, իսկ վերջիններին շրջապատեց մի սոսկալի հրդեհ, որ առաջացել էր գետնափորի մեջ նավթով ողողած խռիվների վառվելուց:

Հագարացիները այդ տեսնելով հուսահատության աղաղակ բարձրացրին, մինչդեռ հայերն ուրախության ու ցնծության ձայներ էին արձակում: Թեպետ հրշեջների խումբը շրջապատեց իսկույն վառվող աշտարակը և թափեց նրա վրա յուր այծատիկների ջուրը, սակայն կրակը հանգցնել չկարողացավ: Բոցեղեն լեզուները, որոնք գետնի միջից անընդհատ ծառանալով շրջապատել էին աշտարակը, գրեթե կես ժամում այրեցին ու մոխիր դարձրին նրան` յուր մեջ ունեցած զենքերով ու զորքերով:

Աշտարակից ավելի լավ բախտի չհանդիպեց կրիան, որ գլխավոր բուրգին մոտեցնելով` կամենում էին նրա ներքին հարկը խրամատել: Կրիան մի քառակուսի և լայնադիր տախտակամած էր, մի քանի կանգուն բարձրությամբ, հաստատված ութ ստվար անիվների վրա և չորս կողմից պատած անեփ ու թաց կաշվով, որ նրան վերին կողմից ազատ էր պահում հրդեհից: Այդ ծանրաշարժ գործին առաջ էին մղում գլանների վրա ձգած տախտակների վրայով: Բուրգին կամ պարսպին մոտեցնելուց հետ, նրա տակ մտնում էին մի քանի տասնյակ մարդիկ, որոնք և թրերով ու նիգերով սկսում էին քանդել պատվարը, չվախենալով ամրոցական հարվածներից, որովհետև հաստաշեն տախտակամածը պաշտպանում էր նրանց:

Սակայն բյուրականցիք ուրիշ հնար էին մտածել նրան կրակելու համար: Հենց որ հագարացիք առաջին փոքրիկ խրամատը բացին, իրանք այդ տեղով սկսան թափել ահագին քանակությամբ թեփախառն նավթ: Հեղուկը հոսելով լճացավ կրիայի տակ. ապա մի ակնթարթում կրակեցին նրանք այդ հեղուկը հենց խրամատի բերանում: Բոցը ծավալվելով մտավ կրիայի մեջ: Պարսպահար գունդն սկսավ փախչել, շատերն էլ կրակից բռնվեցան, իսկ կրիան մնաց բոցեղեն լեզուների մեջ: Այդ միջոցին բուրգի վերևից սկսավ տեղալ նետերի սաստիկ տարափ այն խիզախ խմբերի վրա, որոնք կարթավոր չվանները ձեռքներին մոտենում էին կրիային` կրակների մեջքից նրան ազատելու համար: Այդ անել, իհարկե, թույլ չտվին նրանց հայերը, և կրիան հետզհետե այրվելով դարձավ մի մոխրակույտ:

Զորապետի կատաղությանը չափ չկար: Արաբական նժույգը հեծած, սուսերամերկ և սրարշավ նա դիմում էր մերթ այս և մերթ այն կողմը, և ահեղ որոտալով` առաջ էր մղում մարտիկներին, ոմանց թշնամանում, ոմանց խրախուսում էր. հայ կտրիճներին օրինակ էր տալիս նրանց, վառում, բորբոքում էր պատերազմը: Բայց բոլորն իզուր, բոլորն ապարդյուն: Հայոց նետերն ու կրակը ահագին կոտորած էին անում նրա զորքի մեջ: Շատերը նրանցից ձգում, փախչում էին և զորավարի հրամանն ու սպառնալիքը չէր վերադարձնում դասալիքներին:

Next page