Մուրացան՝   Գևորգ Մարզպետունի

Վերջապես մի քանի ժամվա կատաղի կռվից ու խիզախ հարձակումից հետ Բեշիրը հրաման արավ զորքին նահանջ տալու և բանակատեղը դառնալու:

Այդպես էլ կատարվեցավ:

Իսկ բյուրականցիք ուրախության աղաղակներով ծաղր ու ծանակ էին անում նրանց:

Այդ գիշեր թշնամու բանակը կարծես սուգի մեջ էր, մինչդեռ Բյուրականը ջահերով ու ղամբարներով լուսավորված` հաղթության տոն էր կատարում:

Հետևյալ երկու օրը թշնամին հարձակում չարավ, որովհետև զբաղված էր յուր վնասները դարմանելու և նոր զորախմբեր կազմելու հոգսերով:

Երրորդ և հետևյալ օրերը նա շարունակ հարձակվում և մի քանի ժամ անհաջող կռիվ մղելուց ու հարյուրավոր հոգիներ կորցնելուց հետ վերադառնում էր բանակ:

Յոթ օր անցավ այսպես և սակայն Բեշիրը չկարողացավ Բյուրականն առնել: Ութերորդին` նա պատրաստվում էր բանակը վերցնել և հեռանալ, երբ մի դժբախտ ու անակնկալ դեպք հայոց բախտի անիվը դարձուց:

Սոլոմոն ճգնավորի բերած զորքերից երկու հոգի, որոնք պահանորդ խմբից էին, վեճի բռնվեցան կաթողիկոսարանի թիկնապահների հետ: Վեճը կռվի փոխվելով` բյուրականցիները նորեկներին ծեծեցին: Վերջիններս առանց իրանց առաջնորդի խնդիրն ու թախանձանացը ուշադիր լինելու` դիմեցին վեհարան` կաթողիկոսին գանգատվելու: Սահակ եպիսկոպոսը դիմավորեց նրանց և յուր քաղցր խոսքերով ու հորդորներով աշխատեց զինվորների սիրտը ամոքել, բայց վերջիններս անդրդվելի մնացին, նրանք կամենում էին կաթողիկոսին տեսնել:

Երբ վերջապես եպիսկոպոսը հայտնեց, թե կաթողիկոսը Բյուրականում չէ, հետևապես նրան տեսնել չեն կարող, պահանորդ զինվորները կարծես սառեցան:

«Ի՞նչ, ուրեմն մենք մեր կաթողիկոսին չէի՞նք պաշտպանում, ուրեմն մեր անձը վտանգի էինք ենթարկել մի քանի թշվառ, բյուրականցիների՞ համար...», ասացին նրանք եպիսկոպոսին և առանց այլևս ուշադիր լինելու նրա խոսքերին, իրանց տեղը վերադարձան:

Նույն ավուր երեկոյան սև խորհուրդ հղացան այդ երկու հայերը, որոնք, դժբախտաբար, պահանորդ լինելով` ո՛չ եկեղեցումն էին գտնվել, ո՛չ եպիսկոպոսի քարոզը լսել և ո՛չ հաղորդություն առել: Նրանց սրտերը ոչնչով չէին փափկացել այդ օրհասական օրերում: Ընդհակառակը, դեռ ավելի խստացել ու անգթացել էին թե՛ պատերազմի արյան գոլորշիներով և թե՛ կաթողիկոսարանի թիկնապահներից կրած վիրավորանքով:

Կաթողիկոսն ինքը փախել է Բագարան, իսկ յուր ժողովուրդը թողել թշնամու առաջ, օրինավո՞ր բան է այս, — հարցնում էր զինվորներից մինը մյուսին:

Իհարկե, ոչ:

Ինչո՞ւ ուրեմն մենք մեր գլուխը մահուն ենք տալիս: Բեշիրը երբ էլ լինի Բյուրականն առնելու և մեզ ամենքիս սուր է քաշելու: Եթե կաթողիկոսը, որ հայր ու խնամակալ է, թողնում է ամենքին ու փախչում, մենք ինչո՞ւ չպիտի հետևենք նրա օրինակին: Ո՞վ կպահե մեր կինն ու զավակները, եթե մենք սպանվինք: Իհարկե` ոչ ոք:

Ի՞նչ անենք ուրեմն, փախչե՞նք այստեղից, — հարցրեց ընկերը:

Առաջին զինվորը մի փոքր մտածեց և ապա շշնջալով ասաց.

Մենք կարող ենք մինչև անգամ վրեժխնդիր լինել մեզ ծեծողներին:

Ինչպե՞ս:

Մինչև անգամ կարող ենք մեզ հարստացնել...

Բայց ի՞նչ պիտի անենք:

Բեշիրը հո ամրոցը վերջ ի վերջո պիտի առնե:

Այո՛:

Հո բոլորին պիտի կոտորե:

Այո՛:

Է՜, եթե մենք կենդանի մնանք, բյուրականցիներին ի՞նչ վնաս:

Իհարկե ոչինչ:

Ուրեմն ես կերթամ այս գիշեր Բեշիրի մոտ:

Հետո՞:

Կխոսեմ նրա հետ: Եթե նա կհամաձայնի տալ մեզնից յուրաքանչյուրին հարյուրական ոսկի, այլև Ոստանում հարյուր արտավար հող, մենք ամրոցը կհանձնենք նրան...

Պահանորդ զինվորի աչքերն ուրախությունից փայլեցին: Ո՛չ խիղճը, ո՛չ եղբոր թշվառությունը չշարժեցին այդ վայրկենին նրա սիրտը, որ հրճվում էր ապագա հարստության ու երջանկության հուսով:

Գնա՛, իսկ ես կբանամ աշտարակի փոքրիկ անցքը... Ամրոցում ո՞վ կարող է իմանալ, թե մենք առաջնորդեցինք Բեշիրին... չէ՞ որ շատ տեղերում կան անցքեր և պահանորդներ...

Ասացին և կատարեցին:

Կես-գիշերվա մեջ հագարացիների փողը հնչեց ամրոցում: Հայոց զորքն ու ժողովուրդը, որ հանգիստ քնած էին, և չէին երազում, թե հաղթված թշնամին կհամարձակի մոտենալ բերդին, սարսափահար վեր թռան տեղներից: Աղմուկն ու աղաղակը բռնեց ամեն տեղ. հագարացիները կոտորել սկսան... Չնայելով, որ հայոց զորքը զենքի դիմեց իսկույն, չնայելով որ Թեոդորոս սարկավագն ու Սոլոմոն ճգնավորը սրերը ձեռքներին զորքի առաջն անցան, ահավոր ձայնով խրախույս կարդացին և սկսան կռվել ներս խուժողների դեմ, այսուամենայնիվ նրանց ընդդիմությունը չկարողացավ ընկճել թշնամու զորությունը, որ գնալով աճում և ամեն տեղ գրավում էր, որովհետև ամրոցի մեծ դռները բացված էին արդեն և հագարացիք գունդագունդ ներս էին թափվում:

Անցան մի քանի ժամեր օրհասական կռիվն ու հուսահատ ընդդիմությունը վերջացավ... Ամրոցն ամբողջապես ողողվեցավ արյունով, փողոցներն ու տները լցվեցան դիակներով, որքան զորք ու ժողովուրդ կար ամրոցում, ամենքը գրեթե նահատակվեցան. բայց կրկին չափով հագարացիներ ջնջվեցան, որովհետև ամեն մի հայ զինվոր` մեռնելուց առաջ` սատակում էր մի քանիսին:

Երբ արյան գոլորշիներից արբած հրոսակները ներս խուժեցին եկեղեցին, Սահակ եպիսկոպոսը հսկումն էր կատարում այդտեղ: Նրան շրջապատել էին ծերունի միաբանները, անզոր կանայք և զառամյալ ծերունիք: Աղոթք ու պաղատանք, լաց և կոծ իրար միախառնված դղրդեցնում էին տաճարը: Հանկարծ շրջապատեցին նրանց սուսերամերկ զինվորները, ահարկու դեմքերով, արյունռուշտ հայացքներով և վայրենի աղաղակով:

Սակայն ո՛չ սրերի շողալը և ո՛չ դահիճների սպառնանքը չվախեցրին աղոթող նահատակներին: Կարծես թե հենց դրան էլ սպասում էին նրանք: Ժողովրդի մի մասը դուրս փախավ եկեղեցուց, մի մասը տեղն ու տեղը սրի ճարակ դարձավ, իսկ եպիսկոպոսին ու միաբաններին դուրս քաշեցին իրանք, կատաղի զինվորները, և բերին կանգնեցրին Բեշիրի առաջ:

Ո՞ւր է ձեր կաթողիկոսը,-հարցրեց նրանց զորապետը:

Գնաց Բագարան, — պատասխանեցին նրան:

Այս անգա՞մ էլ ուրեմն փախավ նա իմ ձեռքից...— գոչեց Բեշիրը կատաղությամբ... և ապա ատամները կրճտելով մռմռաց, — հոգ չէ, մենք Բագարան էլ կերթանք... Այժմ դեռ դուք տուժեցեք:

Այս ասելով նա հրամայեց զինվորներին մերկացնել բոլորին և ծանր տանջանքներով ու անարգ առականքով կոտորել նրանց:

Զինվորները կատարեցին իսկույն զորապետի հրամանը: Առաջին և դառնագույն մահը հասավ Սահակ եպիսկոպոսին, ապա մյուս միաբաններին:

Այդ օրը, որ 924 թվականի ապրիլ 17-ն էր, միաժամանակ նահատակվեցան բոլոր այն գլխավորները, որոնք հակառակելով կաթողիկոսի հեռանալուն, իրենք մնացել էին Բյուրականում: Դրանց թվումն էին Մովսես վարդապետը, Դավիթ և Մովսես քահանաները, նրանց զինվորական Սահակ եղբայրը և Սոլոմոն ճգնավորը:

Թեոդորոս սարկավագը, որ վիրավոր ընկած էր դիակների մեջ, մահվան հարված ստացավ մի սինլքոր զորականից:

Բեշիրը Բյուրականն ավերելուց ետ մեծ ավարով ու բազմաթիվ գերիներով վերադարձավ Դվին:

Ներկայացնելով ոստիկանին երկու հայ մատնիչներին, զորապետը խնդրեց Նսըրին` վարձատրել նրանց:

Եվ Նսըրը, արդարև, ըստ արժանվույն գնահատնց այդ թշվառականների մատուցած ծառայությունը:

Ձեր վարձատրությունը կլինի այն, ինչ որ ստանում են առհասարակ բոլոր մատնիչները, — ասաց նա զինվորներին. — դուք, որ չկարողացաք հավատարիմ մնալ ձեր տերերին ու հավատակիցներին, հարկավ, մեզ ավելի ևս անհավատարիմ կլինիք:

Այս ասելով նա հրամայեց դահիճներին իսկույն ևեթ գլխատել նրանց:

Ե

ՀԵՐՈՍԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Մի քանի օր էր ինչ Գևորգ Մարզպետունին և Վահրամ սեպուհը վերադարձել էին Գառնի: Նրանց առաքելությունը, ինչպես իմացանք, ապարդյուն էր անցել: Ո՛չ Աբաս արքաեղբայրը, ո՛չ Աշոտ սպարապետը, ո՛չ Գագիկ Արծրունին չէին կամեցել միության մեջ մտնել: Աղձնյաց ու Մոկաց տերերն էլ` նրանց նայելով` մնացել էին ձեռնպահ:

Ի՞նչ պետք էր անել այժմ:

Այս մասին էր մտածում իշխ. Մարզպետունին, երբ լուր հասավ, թե Բեշիրը Բյուրականն առել, ավերել և բնակիչներին սրի է անցրել:

Այդ լուրը ծանր տպավորություն արավ իշխանի վրա:

Ուրեմն ավերումն սկսավ և մենք չկարողացանք դրա առաջն առնել...— մտածեց նա և խորը հառաչեց:

Դղյակի լուռ և մենավոր մի առանձնարանում ճեմում էր նա տխուր և մտախոհ: Հիշում էր մի քանի ամսից ի վեր յուր գործ դրած ջանքերը, անխոնջ աշխատությունները` բաժանված ու պառակտված ուժերը միացնելու, երկիրը օտարի բռնությունից, իսկ գահը կործանումից ազատելու համար... հիշում էր նաև յուր կրած անհաջողությունները, և հուսահատությունը պաշարում էր նրան:

Բայց չէ՞ որ այդ զգացմունքն անծանոթ էր մինչև այդ Մարզպետունի իշխանին: Չէ՞ որ նա հավատում էր Քրիստոսի այն խոսքին, թե «որ հայցե` գտանե, որ բախե` բացցի նմա...»: Իսկ ինքը շարունակ հայցեց և սակայն, ոչինչ գտավ, բոլորի դուռը բախեց և ոչ ոք բացավ նրան...

«Ուրեմն աստված կամենում է, որ այս ազգը կորչի, որ նրա հիշատակը երկրի երեսից ջնջվի... Այո՛, և այդ է պատճառը, որ նա իշխանների սիրտը կարծրացրել, թագավորին մոլորեցրել, թագուհուն վհատեցրել է... Թողնենք ուրեմն ամեն ինչ բախտի կամքին, հեռանանք, քաշվենք մենք էլ մի անկյուն և տեսնենք, թե աստված ինչպե՞ս է պատժում այս ապաբախտ ու նահատակ ժողովրդին...»:

Այս հուսահատ մտքերի մեջ էր իշխանը, երբ սեպուհը մտնելով` հայտնեց նրան մի ուրիշ նորություն:

Սյունիքից դարձող մի զինվոր տխուր լուր է բերել մեզ, — ասաց նա Մարզպետունուն:

Տարօրինակ կլիներ, եթե ուրախ լուր բերեր, որովհետև չենք սպասում նրան, — նկատեց իշխանը տխուր ժպտալով. — ի՞նչ է հայտնում զինվորը:

Թագավորը Կաքավաբերդից հեռանալով` եկել, նստել է Սևան...

Սևա՞ն, — զարմանալով հարցրեց Մարզպետունին:

Այո՛, Սևան. և որոշել է չելնել այլևս այնտեղից:

Իսկ թագուհի՞ն:

Նա էլ թագավորի հետ է:

Իշխանը, որ մինչև այն նստած էր աթոռի վրա, վեր կացավ տեղից և սկսավ անցուդարձ անել սենյակի մեջ: Նա ոչինչ չէր խոսում, բայց դեմքն արտահայտում էր հուզում և վրդովմունք:

Երկար անխոս ճեմելուց ետ նա կանգ առավ հանկարծ սենյակի մեջ և աչքերը սեպուհի վրա սևեռելով` հարցրեց.

Վա՛հրամ, ի՞նչ ես մտածում այժմ անելու:

Սեպուհը չպատասխանեց, նա միայն ուսերը շարժեց:

Ի՞նչ ես մտածում անելու. պատասխանի՛ր, — կրկնեց իշխանը:

Եթե զորք ունենայինք, եթե իշխաններից գոնե մի երկուսը միանային...

Զորք չունինք, և իշխանները չեն միանում... այդ արդեն գիտենք... Ուրիշ ի՞նչ գիտես, ա՛յն ասա:

Էլ ուրիշ ի՞նչ ասեմ, մենք միայնակ ենք, «Մի ձեռը ծափ չի տալ», «մի ծաղկով գարուն չի գալ»:

Իշխանը մի քայլ առաջ անցավ, ձեռքը դրավ սրին և գլուխը վեր բարձրացնելով` հպարտ-հպարտ նայեց սեպուհի վրա:

Էլ ուրիշ ոչինչ չե՞ս կարող ասել, — հարցրեց նա կրկին:

Ոչինչ, — պատասխանեց սեպուհը:

Իսկ ես կասեմ, որ «մի ձեռը ծափ կտա» և «մի ծաղկով գարուն կգա»:

Սեպուհը ժպտաց:

Անկարելի է, տեր Մարզպետունի:

Հաստատուն կամքի և անձնվեր աշխատության առաջ անկարելի ոչինչ չկա:

Մենք ամեն բան արինք և սակայն չշահեցանք ոչինչ:

Մենք երկուսս միասին, այո՛, ամեն բան արինք. բայց ես, Մարզպետունի իշխանս, ամեն բան չարի, ես դեռ ուրիշ պարտք ունիմ կատարելու:

Ի՞նչ է մնում քեզ այլևս անելու:

Այդ մասին կհայտնեմ ես վաղը, հրապարակավ, բոլոր ամրոցական զորքերի և Գառնիին ապաստանող իշխանազունների առաջ:

Սեպուհը, ճանաչելով իշխանի բնավորությունը, հետամուտ չեղավ ավելի հարցուփորձելու. բայց հետաքրքրությամբ սպասում էր նրա վաղվա հայտարարության:

Հետևյալ առավոտ, իշխանի հրամանով, ժողովվեցան Տրդատա հովանոցի առաջ Գառնիում գտնվող բոլոր զորքերը` իրանց պետերով ու առաջնորդներով: Այստեղ հավաքվեցավ և Գառնո ժողովուրդը յուր հոգևորականներով: Եկան և բազմեցին հովանոցում նաև դղյակի իշխանազուն տիկնայքն ու երիտասարդները: Միով բանիվ, Գառնին ամբողջապես ամփոփվեցավ արքայաշեն հովանոցի առաջ գտնվող հրապարակում, իսկ դղյակը` հովանոցի մեջ:

Մարզպետունի Գևորգ իշխանը հագած էր այդ օրը տոնական զգեստ և զրահավորված ամբողջապես: Նա ծածկած էր պողպատյա, արծաթազարդ սաղավարտ, սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով, հագած էր պողպատյա վերտ, պղնձյա, փայլուն լանջապանակով և նույնպիսի բազպաններով, սրունքներին ամրացրած երկաթահյուս զանկապաններ և ոտքերին կարմիր, երկաթագամ կոշիկ: Ծանր, ոսկեպատ սուրը, որ քարշ էր ընկած նրա կողքից, լրացնում էր իշխանի զինվորական զարդարանքը: Եվ այդ ամենի մեջ նրա բարձր ու թիկնավետ հասակը` գեղեցիկ և պատկառելի դեմքով, իմաստուն և թափանցող հայացքով, հպարտ և շնորհալի շարժվածքով երևում էր ավելի հրապուրիչ` քան ուրիշ օրերն առհասարակ:

Երբ ամենքը իրանց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և աստիճաններից վերնագունի վրա կանգնելով, բարձր ու խրոխտ ձայնով խոսեց.

Ազնիվ իշխաններ և իշխանուհիք, սիրելի զինակիցներ և ժողովուրդ: Անցան ահա մի քանի ամիսներ, հորմե հետե թագավորը բացակա է Ոստանից: Ապստամբ իշխաններին նվաճելու, համար նա հեռացավ այստեղից, բայց որովհետև անհաջողության հանդիպեց, ուստի քաշվեցավ Կաքավաբերդ և սպասում էր իշխանների օգնության: Ոչ ոք տեղից չշարժվեցավ, ոչ ոք յուր թագավորին չհիշեց: Ինձ թվում էր, թե եթե մինը մեզանից հանձն առնե միջնորդի պաշտոն և հորդորե բաժանված իշխաններին միանալու, անշուշտ նրանք արքայի շուրջը կժողովվին: Եվ ահա՛ այդ պաշտոնը հանձն առանք ես և ազնիվ սեպուհ Վահրամը: Երկար ճանապարհորդեցինք, ամբողջ Շիրակը, Աղձնիքը, Մոկաց աշխարհը և Վասպուրականը շրջեցինք, բոլոր իշխաններին այցելեցինք, ամենքին խնդրեցինք. հորդորեցինք, որ միանան և թև ու թիկունք լինին արքային, պաշտպան` հայրենիքին ու գահին. բայց ո՛չ ոք մեզ լսեց և ո՛չ ոք մեր խնդիրը հարգեց: Ամեն մի իշխան յուր զորքերով ու պաշարով ամրացած է մի անառիկ բերդի մեջ. ամեն ոք այդտեղ ապահով ապրում է յուր համար: Բայց թե երկրի ժողովուրդը մնացել է անխնամ ու անպաշտպան, թե գահը մնացել է թափուր և արքան դարձել աստանդական, այդ մասին ոչ ոք չէ մտածում: Նույնիսկ կաթողիկոսը միայն յուր փրկության համար հոգալով, շարունակ մի ամրոցից դեպի մյուսն է փախչում: Նա էլ զլանում է հասարակաց օգտի համար հոգալու: Եվ այս ամենի արդյունքը լինում է այն, որ ոստիկանը գրավում է մայրաքաղաքը, որ Բեշիրը քանդում ու ավերում է Այրիվանքը, գրավում է Բյուրականը, կոտորում ժողովուրդը, նահատակում է հոգևորականներին, և այսուհետև էլ գնալով ավելի պիտի ընդարձակե յուր ավերումների շրջանը:

Այս ամենը տեսնելով թագավորը, ավելի ես հուսահատվում և Կաքավաբերդից քաշվում է Սևան: Այն դյուցազնը, որ մի օր թշնամու ահն ու սարսափն էր, որ չէր ընկճվում ո՛չ մի զորության առաջ, որ չէր խուսափում ո՛չ մի վտանգից, այժմ ապաստան է որոնում հոգևոր հայրերի խուցերում, որովհետև այլևս հույս չէ տածում յուր զինակիցների վրա... Ամո՛թ մեզ, հայեր, ամո՛թ, ո՛վ զինակիցներ...

Ի՞նչ անենք մենք, ի՞նչ կարող ենք անել... — ձայն տվին այս ու այն կողմից:

Ի՞նչ կարող ենք անել... լավ հարց է. լսեցեք, ես պիտի պատասխանեմ: Մեր արդի դրությունը հայտնի է ձեզ բոլորիդ: Հայրենիքը, ժողովուրդը, արքայական և կաթողիկոսական գահերը վտանգի մեջ են. այդ գիտեք: Գիտեք և այն, որ ես ձեր բոլորի կողմից, ողջույն հայության կողմից դիմեցի կարող իշխանների օգնության, աղաչեցի, պաղատեցի նրանց` սպառնացող վտանգի առաջն առնել, ոչ ոք ինձ լսեց, ոչ ոք ինձ ընկերացավ: Դատապարտո՞ւմ եք այդ մարդկանց թե ոչ:

Այո՛, Այո՛, դատապարտում ենք, — ձայն տվին այս ու այն կողմից:

Բարի: Այժմ ուրեմն դառնում եմ դեպի ձեզ, ո՛վ Գառնո զինվորք և ժողովուրդ, դառնում եմ նույն խնդիրքով ու առաջարկությամբ, որ մեր իշխանները մերժեցին. այդ իմ վերջին պարտքն է, որ կատարում եմ. լսեցե՛ք: Գառնին ամուր է և անառիկ, թշնամին նրան վնասել չէ կարող, եթե միայն մատնիչները չդավաճանեն, և եթե պաշարը չսպառի: Մատնիչներ չեմ ճանաչում այստեղ, իսկ պաշար շատ ունինք: Թողնենք ուրեմն Գառնո մեջ միայն մի հարյուր պահակ. Մուշեղը նրանցով կարող է շատանալ: Իսկ մնացյալ զինվորներին, պետերին ու առաջնորդներին առաջարկում եմ հենց վաղվանից ընկերանալ ինձ և դաշտն իջնել: Ես ձեզ բոլորիդ խմբերի կբաժանեմ, առաջնորդներ կկարգեմ, հրահանգներ կտամ: Բեշիրը հրոսակների խմբեր է պատրաստում արքայական, գավառներն ավարելու համար, մենք դրանց կհանդիպենք և զատ-զատ կջարդենք: Չի անցնիլ մի ամիս, և մեր բանակը կստվարանա: Առաջին հաղթանակին կհաջորդե երկրորդը, երրորդը և հազարավոր զինվորներ ինքնակամ հոժարությամբ կգան, կժողովվին մեր դրոշակի տակ... Այնուհետև մեր հաջողությունը հույս կներշնչե նաև թագավորին, նա նորեն դեպի յուր գահը կդառնա, նորեն յուր զորքի գլուխ կանցնի, և իշխանները իրանք կմիանան նրան... Այս փառքը, օ՛ գառնեցիք, մենք կարո՛ղ ենք ժառանգել. օ՛ն ուրեմն, դեպի գործ...

Իշխանը լռեց և աչքերը հածեց այս ու այն կողմը, տեսնելու համար, թե ո՞վ է արձագանք տալիս իրան:

Բայց բոլորը միանման անխոս էին և անշարժ: Երկու հոգի միայն իրանց հրացայտ աչքերը հառել էին իշխանի վրա և շրջապատի լռությունից գրգռված` բոլորի փոխարեն, կարծես, կամենում էին թռչել դեպի նրան: Դրանցից մինը Գոռն էր, որ կանգնած էր զինվորականների հետ, և մյուսը` Շահանդուխտը, որ գտնվում էր իշխանուհիների խմբում:

Բայց Գևորգ իշխանը դրանց չէր որոնում, նա հինավուրց զինվորների և նրանց առաջնորդների ձայնին էր սպասում: Սակայն երբ տեսավ, որ նրանք լուռ են և շատերը, մինչև անգամ, աշխատում են իրանց հայացքը նրանից թաքցնել մեղմ ձայնով շարունակեց.

Չէի սպասում, թե այստեղ, Գառնիումն էլ այսքան շատ երկչոտների կհանդիպեմ: Ուրեմն չկան ձեր մեջ գեթ հարյուր հոգի, որոնք ապացուցանեին, թե քաջերի զավակ են իրանք:

Տե՛ր իշխան ի՞նչ կարող է անել հարյուրը: Թո՛ղ հազար զինվոր ունեցողը գոնե ասպարեզ իջնե, և մենք միանանք նրան, — ձայն տվավ մի երիտասարդ հարյուրապետ:

Ո՛վ որ շատերի ուժն է պտրտում, ապացուցանում է, որ ինքը վատարանց մեկն է, — գոչեց Մարզպետունին: — Ո՛չ մի զինվոր, եթե իրոք նա զինվոր է, չպետք է սպասե ընկերին, երբ հայրենիքը վտանգի մեջ է գտնվում: Ո՛վ որ ուժ ունի կռվելու, ո՛վ որ կարող է հարված տալ թշնամուն կամ մի նետ ուղղել նրա կրծքին և սակայն թաքչում է պարսպի տակ կամ ձեռքը ետ քաշում, նա մի մատնիչ է: Կամենո՞ւմ եք ապրել, կամենո՞ւմ եք կյանք վայելել, բարի. էլ ինչո՞ւ համար եք զենք կրում, ինչո՞ւ անպատվում եք սուրն ու երկաթը: Դե՛ն ձգեցեք դրանց, առեք ձեռքներիդ մուրացկի եղեգը և գնացեք կանգնեցեք ամիրաների դռանը, գուցե նրանք շնորհ անեն ձեզ իրանց ստրուկների թվում կարգելու...

Զորքերն ու պետերը մնացին ապշած, նույնիսկ իշխանազունները չէին հավատում իրանց ականջներին: Ոչ ոք մինչև այդ չէր լսել իշխանից որևէ ծանր խոսք կամ մի վիրավորանք, ի՞նչ էր պատահել այժմ, ինչո՞ւ այդ աստիճան վրդովվել էր նա: Չգիտեին: Շատերն սկսան իրար նայել, մի քանիսը մինչև անգամ փորձ փորձեցին առաջ գալու և նրան իրանց դժգոհությունը հայտնելու: Բայց իշխանի հրացայտ հայացքը ամեն մի շարժում յուր տեղը մեխեց: Նա լռեց մի վայրկյան, շուրջ հածեց աչքերը և Վահրամ սեպուհին դառնալով գոչեց.

Տե՛ր սեպուհ, երեկ ասում էիր ինձ, թե «մի ձեռը ծափ չի տալ», «մի ծաղկով գարուն չի գալ», քո խոսքը կրկնում են այժմ այս աբեղացուները, որոնք սխալմունքով զինվորական են դարձել: Այժմ ես կամենում եմ ապացուցանել, որ դուք ամենքդ էլ սխալվում եք:

Այս ասելով իշխանը սուրը հանեց և մի քայլ առաջ անցնելով որոտաձայն գոչեց:

Ահա՛ ես միայնակ գնում եմ հագարացոց դեմ. ո՞վ է այն քաջը, որ կկամենա ինձ հետ միանալ, թո՛ղ առաջ գա:

Ե՛ս, հայր իմ, — որոտաձայն գոչեց Գոռը և սուրը հանելով դիմեց դեպի նրան:

Ի՛մ քաջ... — շշնջաց իշխանը և գրկախառնվելով որդուն, որ հուզմունքից շառագունել էր, համբուրեց նրան ջերմագին:

Եվ ե՛ս, տեր Մարզպետունի, — ասաց Վահրամ սեպուհը և մոտեցավ նրան խաղաղ ժպտալով:

Ազնիվ սեպուհը մի գունդ արժե ինձ համար, — պատասխանեց իշխանը և ձեռքը պարզեց դեպի նրան:

Եվ ե՛ս, տեր իմ, — խոնարհությամբ մոտեցավ Եզնիկը:

Եվ մե՛նք, — առաջ անցան սեպուհի չորս թիկնապահները:

Ե՛վ ե՛ս... և մե՛նք... — այս խոսքերով հետզհետե մոտեցան իշխանին մի քանի գառնեցի, բասենցի և ոստանիկ զինվորներ:

Ընդհանուր թիվը եղավ տասնինը:

Վերջապես մոտեցավ Մուշեղ բերդակալը և գլխանոցը հանելով ասաց.

Սպասում էի, տեր իշխան, որ ինձանից ավելի արժանավորները առաջ անցնեն: Այժմ տեսնում եմ, որ քաջերի թիվը լրացավ, ընդունի՛ր ուրեմն ինձ ևս իբրև վերջին ծառա այս անձնվեր և քաջասիրտ խմբի, որ քո հրամանի և դրոշի տակ պիտի կռվի:

Արի՛, իմ սիրելի և հավատարիմ Մուշեղ, արի, տո՛ւր ինձ քո ձեռը: Քո աջակցությունը թանկագին է ինձ, զի դու ծերացել ես կռիվների մեջ: Անշուշտ, աստված մեզ կօգնե հայրենիքի թշնամուն հաղթահարելու, քանի քեզ նման արդարներն ընկերակցում են մեզ:

Իշխանի զինվորների թիվը եղավ քսան:

Դուք արդեն բավական եք. ես հազարներ կջախջախեմ ձեզմով, — բացականչեց Գևորգ իշխանը և դիմելով Վահրամ սեպուհին` ասաց. — գնանք այժմ երդվելու:

Ո՞ւր եք դիմում, եկեղեցին այս կողմն է, — նկատեց սեպուհը:

Ո՛չ, մեր երդման սեղանը այստեղ է, — ասաց իշխանը և մոտեցավ Մաշտոց կաթողիկոսի շիրմին, որ գտնվում էր հովանոցի արևելյան անկյունում:

Սիրելի զինակիցներ, — դիմեց իշխանը յուր խմբին, երբ վերջինս շիրիմը շրջապատեց, — մեզ պիտի երդվեցներ, մեր սրերը պիտի օրհներ հայոց հայրապետը, եթե նա յուր անձի փրկությունը որոնելով թափառում չլիներ այս ու այն կողմը: Բայց նա հավատարիմ չմնաց յուր կոչման, նա չնմանեց քաջ և անձնվեր հովվին, այդ պատճառով մենք այլևս նրա հոտը լինել չենք կարող: Այստեղ հանգչում են ամենից առաքինի և ամենից անձնվեր հովվի նշխարները: Դրե՛ք ձեր սրերը այս սրբազան շիրմի վրա և հենց այստեղ էլ երդվեց՛եք հավատարմություն ձեր ուխտին, որ է` այս վայրկենից իսկ լինել անձնվեր զինվոր և նահատակ հայրենիքի փրկության: Ձեր սրերը թո՛ղ օրհնե սուրբ Մաշտոցը և ձեր օգտին ու երդման թո՛ղ վկա լինին նրա նշխարները:

Զինակիցները հանեցին իսկույն սրերը և կաթողիկոսի շիրմի վրա դնելով` հավատարմություն ուխտեցին իշխանին, արքային և հայրենիքին:

Երբ ամենքը իրանց երդման խոսքն արտասանեցին, Գևորգ իշխանն առաջ անցավ և բարձր ձայնով ասաց,

Սիրելի զինակիցներ, ես ձեր երդումը լսեցի, այժմ էլ դուք իմը լսեցեք. «Երդվում եմ ձեր առաջ, երդվում եմ հավիտենականի անունով, երդվում եմ իմ հայրենիքի արևով և այս սուրբ գերեզմանով, որ ես չեմ վերադառնալ այլևս իմ ընտանյաց գիրկը, չեմ մտնիլ իմ հարկի տակ, մինչև վերջին հագարացին չհալածեմ հայրենի սահմաններից: Թո՛ղ կործանե ինձ աստված, թո՛ղ քրիստոնյան ինձ Հուդա և հայը Վասակ անվանե, եթե ես երբեք դրժեմ իմ ուխտին ու երդմանը: Ես պիտի ապացուցանեմ, որ ամրոցների և իշխանական զորության մեջ չէ ամփոփվում հայրենիքի ուժը, այլ նրա որդիների անձնվիրության մեջ. պիտի ապացուցանեմ, որ քսան անձնազոհ նահատակներն ավելի արժեն, քան քսան հազար զինվորներից կազմած բանակը... Օ՛ն ուրեմն, հառա՛ջ... Հայի աստվածը մեզ օգնական, հայի խաչը մեզ ապավե՜ն...»:

Տակավին իշխանը չէր վերջացրել խոսքը, երբ օրիորդ Շահանդուխտը իշխանուհիների խմբից ելնելով իջավ հովանոցից և մոտենալով ս. Մաշտոցի շիրմին, մեղմ ու անուշ ձայնով բացականչեց.

Տեր իշխան. ներիր իմ համարձակությանը, որ, սակայն, ներշնչեց քո հրավերն ու երդումը... Կանանց հրամայված չէ խառնվել արանց գործերին և ոչ էլ մասնակցել մարտի արհավիրներին... Բայց ոչ ոք չի արգելիլ նրանց հայրենիքի համար մեռնել... Ընդունիր և ինձ, աղաչում եմ քեզ, քո մարտիկների խմբում: Դու ասացիր, թե «ով կարող է հարված տալ թշնամուն կամ մի նետ ուղղել նրա կրծքին և սակայն թաքչում է պարսպի տակ կամ ձեռքը ետ քաշում, նա մի մատնիչ է...», արդ` ես կարող եմ և՛ հարվածել, և՛ նետահարել, ուրեմն և չեմ թաքչիլ պարսպի տակ: Ընդունի՛ր ինձ քո խմբում, տեր ի՛շխան, եթե ես պիտանի չլինիմ իբր զինվոր, պիտանի կլինեմ իբր հոգածու քույր, ես կկապեմ քո զինվորների վերքերը, երբ երանք վիրավոր վերադառնան դաշտից...

Օրիորդը, որ հուզմունքից շառագունել էր, արդեն նմանում էր այդ վայրկենին մի հրաշագեղ դիցուհու, որ իջնում էր երկնքից յուր սիրած մահկանացուի անիրավ ճակատագիրը ջնջելու...: Նրա գեղանի աչքերը կրակ էին թափում, կարմրալար շուրթերը դեռ դողում էին, և պարկեշտ կուրծքը բարձրանում ու իջնում էր` տեղի տալով սրտի անհանգիստ տրոփյունին:

Այս անսպաս դիմումը այն աստիճան հուզեց իշխանին, որ նրա քարեղեն աչքերում արցունք ցոլացին: Նա բացավ թևերը, առավ գեղանան և սեղմելով կրծքին` ճակատը համբուրեց:

Ո՛վ իմ դյուցազնասիրտ զավակ,-բացականչեց նա, հուզմունքից արտասվելով, — դու պսակեցիր մեր ուխտը, դու անպարտելի կացուցիր մեր սուրը... Եթե հայոց աշխարհը քեզ նման ծաղիկներ ունի, ապա այս քաջերը թույլ չեն տալ, որ թշնամին նրա սահմանը կոխոտե... Քեզ իմ խմբի մեջ, սիրեցյալ զավակս, ընդունել չեմ կարող, որովհետև քո քնքուշ սիրտը, որ այդպես շուտ հաղթահարվեց իմ խոսքերից և մանավանդ թե առ հայրենիքդ ունեցած սիրուց, անկարող կլինի տոկալ մարտի արհավիրքներին: Բայց ես քեզ կհանձնեմ մի պաշտոն, որ նույնչափ ծանրակշիռ է, որչափ և զինվորությունը, դու արժանի ես նրան:

Այս ասելով իշխանը բռնեց օրիորդի ձեռքից, և մինչդեռ ամենքը հիացած նայում էին դյուցազնուհուն, նա հանեց նրան աստիճանների վրա և դառնալով ժողովրդին, բարձրաձայն հայտարարեց...

Զինվորք և ժողովուրդ Գառնո, այս մանկամարդ իշխանուհին ձեր ամենքի հանցանքը քավեց. հայրենիքի «փրկության համար նա յուր անձն է առաջարկում ողջակեզ... Անշուշտ դուք էլ ինձ նման չեք կամենալ, որ այդ զոհն ընդունենք, բայց նրա քույրերին խրախուսելու համար մենք նրան պիտի վարձատրենք. նա ապացուցեց, որ հարազատ ժառանգ է Սյունյաց դյուցազնոգի նախարարաց. մենք էլ պիտի ապացուցանենք, որ գիտենք մեծարգել հայկազանց հարազատ նախարարազնի անձնվիրությունը: Արքայի հրամանով ես Գառնո տերն ու բերդակալն եմ: Իմ բացակայության ժամանակ այդ պաշտոնը ես հանձնեցի Մուշեղին. իսկ Մուշեղը, որովհետև մեր ուխտի մեջ մտավ արդեն, ուստի բերդակալության պաշտոնը հանձնում եմ այժմ Սյունյաց դյուցազնասիրտ օրիորդ Շահանդուխտին, որ կհսկե և կհրամայե այս ամենոցին դղյակի իշխանազունների խորհրդակցությամբ: Շահանդուխտը իմ Գոռի հարսնացուն է, հետևապես և իմ տան ժառանգորդը, Գառնո այն զինվորը կամ բնակիչը, որ կհամարձակի նրա հրամանին անսաստեք այս սրին պատասխանատու կլինի...

Այս ասելով` իշխանը յուր սուրը կամարաձև բռնեց օրիորդի գլխին:

«Եվ մեր սրերի՛ն», բարձրաձայն որոտացին ուխտի զինվորները և սրերը միանվագ շողացրին օդի մ՛եջ:

Ապրի՛ Սյունյաց օրիորդը, — գոչեց ժողովուրդը և նրան մասնակցեցին Գառնո զինվորները, որոնք այս դեպքերից հետո մնացել էին ամոթահար:

Երբ իշխանը հրաման առավ նրանց հեռանալ, մի խումբ երիտասարդ զինվորներ մոտեցան նրան և խնդրեցին ընդունել իրանց ուխտի մեջ:

Իշխանը մերժեց նրանց խնդիրը` ասելով.

Դուք հետևեցիք ոչ թե իմ, այլ օրիորդի օրինակին, ուրեմն մնացեք ամրոցում և ծառայեցեք նրան հավատարմությամբ: Ապագայում, եթե նա կմիջնորդե ձեր մասին, ես դարձյալ կընդունեմ ձեզ իմ դրոշի տակ:

Երբ իշխանի հրամանով ժողովուրդն ու պահակ զինվորները ցրվեցան, ուխտի անդամները բարձրացան հովանոցի սրահը: Այստեղ իշխանազունների խումբը շրջապատեց նրանց և սկսավ գովություններով քաջերի նվիրումը դրվատել: Տիկին Մարզպետունին և Մարիամ իշխանուհին գրկեցին և համբուրեցին Գոռին ու Շահանդուխտին, հայտնելով նրանց իրանց հիացումը այդպիսի անվեհեր ընթացքի համար:

Իսկ պատանի Գոռը, որ մինչև այն մի անբացատրելի հուզման, մի երանական հափշտակության մեջ էր գտնվում յուր հարսնացուի ցույց տված արիական վարմունքից, մոտեցավ հորը և համեստությունից շառագունելով, ասաց նրան.

Սիրեցյալ հայր իմ, բոլոր Գառնո առաջ դու հանդիսաբար հայտարարեցիր, թե Շահանդուխտը իմ հարսնացուն է և նրան պատվելու համար մեծագույն պաշտոնը տվիր իրան և քեզ ժառանգորդ հռչակեցիր. իմ երախտագիտությունը այդ մասին անսահման է դեպի քեզ. դու ինձ աշխարհի մեջ ամենաբախտավորը և ամենազորավորը կացուցիր... Այժմ իրավո՛ւնք տուր ինձ, որ ես էլ իմ կողմից իմ նշանտուքի նվերը տամ իրան իբր առհավատչյա այն միության, որ դու պիտի օրհնես:

Տո՛ւր, սիրեցյալ զավակս, նվիրի՛ր քո հարսնացուին ինչ որ հաճելի է քեզ... — պատասխանեց իշխանը խանդակաթ ձայնով:

Գոռը առաջ անցավ և լուծելով յուր մեջքից փոքրիկ ոսկեպատյան վաղակավորը, որ նվեր էր ստացել հորից, կապեց օրիորդի մեջքը` ասելով.

Իմ սուրը բավական է ինձ. իսկ այս վաղակավորը թող ծառայե մեզ իբր նշանտուքի առհավատչյա և պաշտպանն իմ բերդակալ հարսնացուին դարանամուտ թշնամիներից:

Կանայք սուր չեն կրում, Գոռ, բայց ես այս նվերը կկրեմ իբր հիշատակ քո սիրույն և կվերադարձնեմ քեզ այն ժամանակ, երբ դու քո արշավանքից կվերադառնաս հաղթական փառքով... — ասաց Շահանդուխտը ժպտալով և շառագունելով:

Գևորգ իշխանը, մայր-իշխանուհիները և ուխտի բոլոր անդամները օրհնեցին երիտասարդների նշանադրության այս հանդեսը և բարեմաղթություններ արին նրանց համար:

Իսկ Վահրամ սեպուհը, որ բարյացակամ էր ամեն մի հայի երջանկության, այնքան զգացվեցավ այս անակնկալ ու սրտաշարժ տեսարանից, որ տարածեց յուր հաղթ բազուկները և գրկելով երկուսին միասին, բացականչեց.

Եթե հայրենիքն անգամ ինձ չոգևորե, ձեզ երջանիկ տեսնելու ցանկությունս արդեն բավական է, որ անպարտելի հարված դառնամ ես թշնամու համար: Եթե մեր երկրում շատ կան ձեզ նման սրտեր, ապա թո՛ղ բոլորը երջանկանան: Վահրամ սեպուհը չի մեռնիլ, մինչև որ սուրբ պսակի խաչը, ձեր գլխին չբռնե. իսկ ես այդ կանեմ այն ժամանակ, երբ վերջին հագարացին կհալածեմ այս երկրից...

Այո՛, այո՛, վերջին հագարացին, — գոչեցին միաբերան ուխտի զինվորները, և ուրախությունն ու ոգևորությունը ամենքի սրտերը գրավեցին:

Երբ Մարիամ ու Գոհար իշխանուհիները իրանց օրհնության վերջին խոսքն ավարտեցին, Գևորգ իշխանը սուրը պատյանը դրավ և դիմելով զինակիցներին` ասաց.

Սիրելի ընկերներ. մեզ մնում է դարձյալ մի վերջին պարտք կատարելու.-տիրասիրության և հավատարմության պարտք, այդ այն է, որ մենք, թշնամուն որոնելուց և նրան պատահելուց առաջ, գնանք մեր թագավորի մոտ և նրա հրամանն ու օրհնությունն առնենք մեր արշավանքն սկսելու համար: Որքան էլ նա հուսահատ, որքան էլ մեզանից հեռու, այսուամենայեիվ նա մեր թագավորն է, և նրա հրամանն ու ցանկությունը պիտի առաջնորդե մեր սրերին:

Կեցցե՛ թագավորը, — գոչեցին միաբերան ուխտի զինվորները:

Եվ նույն ավուր երեկոյան ամենքը միասին զրահավորված ու զինվորված ելան Գառնո ամրոցից և ուղղվեցան դեպի Սևան:

Գեղանի բերդակալուհին, սյունեցի նժույգի վրա նստած և զրահավոր շքախմբով շրջապատած` ճանապարհ դրավ ուխտի զինվորներին մինչև մոտակա հանգրվանը, ուր, սիրահարներին սիրելի առանձնության մեջ, գրկախառնելով փեսացուին, ուղեկից տվավ նրան յուր անդրանիկ համբույրը և արտասվաթոր աչքերով նրա ճանապարհն օրհնելով վերադարձավ:

Ձ

ՎՇՏԵՐԻՑ ԾԱՆՐԱԳՈՒՅՆԸ

Լուսնի շառագույն սկավառակը երևաց Այծեմնասարի ետևից, և Գեղամա մթապատ ծովակն սկսավ լուսավորել: Երերուն դաշտի արևելյան կողմը հետզհետե վառվեցավ մութ բոսոր գունով, և մանրիկ, մեղմիկ մկանունքներն սկսան թավալել բյուր լուսնի գնդեր:

Սևանի վրա լռություն էր տիրում: Շարժումը դադարել, ճրագները հանգել էին: Անապատականները, օրվա բազմանվագ ժամասացություններից հոգնած, փակվել էին խոնավ խուցերի մեջ և քնո գիրկը մտել: Մատուռներն ու եկեղեցիները կարծես նիրհում էին նույնպես և ծովակի ափնածիր ծփանքը օրոր էր երգում նրանց համար:

Next page