Մուրացան՝   Գևորգ Մարզպետունի

Բայց որքա՞ն մեծ եղավ նրա զարմանքն ու երկյուղը, երբ Սյունյաց Սմբատ իշխանը լուր ուղարկեց իրան, թե Բագարանից ելնելուց հետ` նա հանդիպել էր Աշոտ բռնավորի մի քանի վաշտերին, որոնք Երասխաձորից առաջանում էին դեպի Երազգավորս: Իշխանն ավելացնում էր, թե ինքը վտանգավոր մի նպատակ է նշմարում զորքերի այս շարժման մեջ և հետևապես խորհուրդ է տալիս Մարզպետունուն` զգուշության միջոցներ ձեռք առնել գալիք վտանգների առաջն առնելու համար:

Իշխանն այդ լուրն առավ բանակում, նա տակավին վարանման մեջ էր, երբ յուր հավատարիմ Եզնիկը մոտենալով հայտնեց մի ուրիշ նորություն:

Երկու օր է,-ասաց նա, — ինչ մի քանի բագարանցիք ձրի պաշար են բաժանում մեր զորքին, ասելով, թե Բագարանի շրջանում գտնվող ամեն հայ զինվոր կարող է ձրիաբար օգտվել սպարապետի համբարանոցից: Բացի դրանից` նրանք շարունակ սպարապետի գովեստն են անում, ասելով, թե նա առատ թոշակ է տալիս զորքին և թե նրա տասնապետները ավելի հարուստ են մեր հարյուրապետներից:

Այս ամենը լսելով իշխանն այլայլվեցավ: Նա կանչեց իսկույն Գոռին և հայտնելով նրան այս նորությունները, ասաց.

Բոլոր նշաններից երևում է, որ «բռնավորը» պատրաստվում է յուր հին խաղը խաղալու: Ես չէի կարծում, թե նա այնքան ստոր կլինի, որ կօգտվի նույնիսկ սգո օրերից: Այժմ ես գնում եմ քաղաք և պիտի ստիպեմ թագուհուն և արքաեղբորը թողնել իսկույն Բագարանը, որքան էլ որ դա ընդդեմ լինի ընդունված սովորության: Թո՛ղ նրանք իրանց սուգը պահեն արքունիքում: Իսկ դու զգույշ կաց և ուշադրությամբ հսկիր թե՛ մեր զորքերին և թե՛ քաղաքի ելումուտքին: Ինձ թվում է, թե անախորժ դեպքերի պիտի հանդիպենք:

Այս ասելով իշխանը յուր նժույգը հեծավ և սրարշավ դեպի «բռնավորի» ապարանքը դիմեց:

Եզնիկը հետևեց նրան:

Մարզպետունին հասավ ապարանքին հենց այն ժամանակ, երբ «բռնավորն» ու Աբասը պատրաստվում էին բարձրանալ դեպի միջնաբերդը, իբր թե Աշոտի նորակառույց դղյակը դիտելու: Ապարանքի առաջ կանգնած էր մի պահակախումբ, որ սպասում էր յուր իշխանապետի հրամանին:

Ո՞ւր եք դիմում, տե՛ր, — հարցրեց իշխանը արքաեղբորը, նայելով նրա վրա խորհրդավոր հայացքով:

Հորեղբայրս կամենում է իմ թախիծը փարատել, նա առաջարկեց ինձ բարձրանալ միջնաբերդ` յուր նորակառույց դղյակը դիտելու, — պատասխանեց Աբասը միամտաբար:

Դու էլ, եթե կամենում ես, ընկերացիր մեզ, — հարեց «բռնավորը» քաղցրությամբ. — շատ պիտի ուրախանամ, եթե Մարզպետունի իշխանը հավանե իմ ճարտարապետական ճաշակին:

Դու մոռացել ես, տեր, բայց ես տեսել եմ քո ձեռակերտը` դեռ այն ժամանակ, երբ Հովհաննես կաթողիկոսը ապաստանած էր նրան, — պատասխանեց իշխանը սառնությամբ...

Հոգ չէ, ընկերացի՛ր մեզ. եղանակը ջերմ է և հաճելի, — պնդեց Աշոտը:

Մեծափառ տեր, քո դղյակը գեղեցիկ է և ամուր, իշխանաց-իշխանն անշուշտ կհավանե նրան, բայց ցանկալի էր, որ մենք դժգոհություն չպատճառենք թագուհուն, — առարկեց իշխանը:

Ի՞նչ կնշանակե այդ, — հարցրեց Աբասը զարմացած:

Մենք տակավին սգո մեջ ենք և մեր թախիծն անցնելու վրա չպիտի մտածենք. — պատասխանեց Մարզպետունին:

Կենդանիները մեռելների հետ չեն թաղվում, Գևորգ իշխան, — նկատեց «բռնավորը» կեղծավորաբար ժպտալով:

Այդ ճիշտ է. բայց մեռյալներին այդքան էլ շուտ չեն մոռանում:

Տե՛ր Մարզպետունի, քեզ չի հասնիլ հրահանգել քո իշխանապետին, նա քո թագավորն է այժմ, — խստությամբ նկատեց «բռնավորը»:

Այո՛, իմ թագավորն է. կեցցե՛ Աբաս հայոց թագավորը, — բացականչեց իշխանը` սաղավարտը հանելով և խոժոռ աչքերով սպարապետի վրա նայելով:

Ի՞նչ կնշանակե այս ամենը, — տարակուսած հարցրեց Աբասը` զգալով, որ երկու հակաճառողներին հայտնի է արդեն մի գաղտնիք, որը սակայն անգիտանում է ինքը:

Տեր, դո՞ւ ցանկություն հայտնեցիր դղյակը բարձրանալու, — հարցրեց իշխանը Աբասին, առանց նրա հարցին պատասխանելու:

Ո՛չ, հորեղբայրս առաջարկեց, և ես շնորհակալ եմ նրա հոգածության համար:

Ես առաջարկեցի, այո՛, իսկ դու, Մարզպետունի իշխան, ինչո՞ւ ավելորդ բացականչություններ ես անում իմ արքայական մեծության առաջ. — գոչեց «բռնավորը»` աչքերը զայրացած իշխանի վրա սևեռելով:

Վերջինս չպատասխանեց նրան, այլ դառնալով Աբասին` մեղմությամբ ասաց.

Տեր իմ, քո ծառան աղաչում է, որ դղյակը բարձրանալու փոխարեն բարեհաճիս իջնել բանակը, եթե կարիք ես զգում թախիծդ փարատելու. Ախուրյանի ափերը ավելի զվարճալի են այժմ, և արևն այնտեղ ավելի է ջերմացնում:

Աբասը դեռ չէր պատասխանել, երբ «բռնավորը» գոչեց:

Ինչո՞ւ իմ հարցին չես պատասխանում, Մարզպետունի իշխան:

Քո հարցին պատասխանելուց առաջ` ինքս պիտի նոր հարց տամ քեզ. ասացե՛ք, ինչո՞ւ Երասխաձորի քո զորագունդը հառաջանում է դեպի Երազգավորս...

Իմ զորագո՞ւնդը... — այլայլած ու շփոթված հարցրեց Աշոտը:

Երասխաձորից դեպի Երազգավո՞րս... Այդ ի՞նչ է նշանակում, — վրդովված հարցրեց Աբասը:

Այո՛, մինչդեռ մենք ապահով նստած ենք այստեղ, մեր հյուրընկալը մտածում է մեզ հանկարծակիի բերելու... — հարեց իշխանը:

Դու ստում ես... — բացականչեց «բռնավորը»:

Ստում է քո «արքայական մեծությունը», — զայրացած պատասխանեց Մարզպետունին, առանց այլևս համբերել կարողանալու:

Դու հանդգնում ես մինչև այդտե՞ղ, — գոռաց «բռնավորը» և ապա զորականին դառնալով` հրամայեց. — կալանավորեցե՛ք իսկույն այս թշվառականին:

Զինվորներից մի քանիսը առաջ անցան:

Մի՞թե ստեղծվել է այն մարդը, որ պիտի համարձակվի Մարզպետունուն կալանավորել նրա մեռնելուց առաջ... — որոտաց իշխանը և սուրը հանելով` հրավեր կարդաց զորականին: -Օ՛ն, ուրեմն, փորձեցեք ձեր ուժը, բագարանցի քաջեր...

Եզնիկն այս տեսնելով` թռավ ձիու վրա և դեպի բանակը սլացավ: Բայց հառաջացող զինվորները տեղերնին մեխվեցան:

Այս ի՞նչ է նշանակում, մեծափառ տեր. մի՞թե Բագրատունյաց պայազատը կարող է այս աստիճան նվաստանալ... — վրդովված խոսեց Աբասը:

Ի՞նչ, նվաստանա՞լ ասացիր... և այն իմ պահակների՞ առաջ... — բացականչեց «բռնավորը»:

Դու ոտնակոխ ես անում հյուրասիրության սրբազան օրենքը, դու անարգում ես հանգուցյալ թագավորի հիշատակը, ուրիշ ի՞նչ անուն կարող եմ տալ այդ վարմունքին:

Դու ուրեմն կրկնո՞ւմ ես հայհոյանքդ:

Ավելին կարող եմ ասել, դու մի դավաճան ես... — զայրացած պատասխանեց Աբասը և ապա դառնալով Մարզպետունուն` հրամայեց.— իշխա՛ն, խնդրի՛ր իմ կողմից թագուհուն պատրաստվել իսկույն, մենք այսօրևեթ պիտի հեռանանք այստեղից:

Ոչ ոք չպիտի հեռանա, — կտրուկ ձայնով գոչեց «բռնավորը»:

Հեռանալը մեր կամքից է կախված, — նկատեց Աբասը:

Իսկ թողնելը իմ կամքից, — պատասխանեց Աշոտը:

Թողնե՞լը... Ի՞նչ, դու ուրեմն կալանավորում ես մեզ, — բացականչեց Աբասը զայրույթից դողալով:

Ոչ, ես կամենում եմ ավելի երկար հյուրասիրել ձեզ, — պատասխանեց «բռնավորը» հեգնորեն ժպտալով:

Ա՞յդ նպատակով էիր ուրեմն ինձ քո դղյակն առաջնորդում, այնտե՞ղ էիր կամենում ինձ բանտարկել, — հարցրեց Աբասը զայրագին:

Այո՛... եթե հաճելի է քեզ հավատալ քո կասկածին:

Այդ ոչ թե կասկած, այլ ճշմարտություն է. Մարզպետունի իշխանն ավելի շուտ գուշակեց քո դիտավորությունը:

Եթե այդպես է, թո՛ղ ուրեմն մարմնանա այդ ճշմարտությունը... Ո՛չ ոք այլևս իրավունք չունի ելնել այս ապարանքից... Պահակապետ, կատարի՛ր քո պարտքը... — Այս ասելով նա նշան արավ պահակախմբի գլխավորին և ինքը շուռ եկավ ներս մտնելու համար:

— «Սավո՛ւղ, Սավո՛ւղ, խիստ է քեզ ընդդեմ խթանի աքացել...», — գոչեց Աբասը և սուրը մերկացնելով «բռնավորի» առաջն առավ. — ո՞ւր ես գնում, կանգնի՛ր, երկրորդի՛ր հրամանդ...-որոտաց նա ահավոր ձայնով. — Բագրատունյաց գահի պայազատին իրավունք չունիս անարգելու, կանգնի՛ր և ասա՛ ինձ` ո՞վ ես դու:

Ես հայոց թագավորն եմ, իսկ դու իմ հպատակը, — պատասխանեց «բռնավորը» և նորեն դառնալով պահակներին` գոչեց. — ի՞նչ եք կանգնել, թշվառականներ:

Եվ իրավ, ի՞նչ եք կանգնել, — բացականչեց Մարզպետունին և սուրը քաշելով դիմեց առաջացող պահակների վրա:

Վերջինները շրջապատեցին իշխանին և կամենում էին սուրը խլել նրանից: Այս տեսնելով` Աբասը հարձակվեց նրանց վրա:

Օ՛ն ուրեմն, կատարենք մեր պարտքը, — գոչեց նա և սկսավ սրի հարվածներով դիմադիր վահանները ջախջախել:

Ընդհարման աղմուկն ամբողջ ապրանքը բռնեց, այս ու այն կողմից դուրս վազեցին արքաեղբոր թիկնապահները և, տեսնելով նրան վտանգի մեջ, հարձակվեցին դավադիրների վրա: Սկսվեցավ կանոնավոր կռիվ:

Բարեբախտաբար ընդհարումը հեռու էր կանանոցից և «բռնավորը» փակել էր տվել այդ կողմի անցքերը, այնպես որ թագուհուն ու իշխանուհիներին չէր սարսափեցնիլ այդ կողմի շշուկը: Բայց դավադիրների խումբը հետզհետե ստվարանում էր, նրանց հարձակումը ծանր կերպարանք էր առնում. փոքր մի ևս և պիտի ընկճեին նրանք արքաեղբորն ու Մարզպետունուն: Բայց, ահա՛, հենց այն վայրկենին, որ մի քանի զորեղ ձեռքեր պրկեցին Գևորգ իշխանի բազուկը և կամենում էին սուրը հանել նրա ձեռքից, գալարափողերը որոտացին ապարանքի առաջ և Գոռը սուսերամերկ ընկավ դավադիրների վրա:

Դժոխքի որդիք, ի՞նչ եք անում, — գոչեց նա զայրագին և սկսավ հարվածել հոր հակառակորդներին:

Երիտասարդ իշխանին հետևեցին յուր թիկնապահները, հետո` Դրանիկների խումբը, վերջը` Վանանդացիք: Չանցավ մի քանի վայրկյան և ապարանքի ընդարձակ բակը լցվեցավ զորքերով, որոնք սրեր շողացնելով և նիզակներ ճոճելով սպառնում էին քանդել, կործանել` ինչ որ մի անգամ կդիմադրեր իրանց:

Փոքր ժամանակից հետ հասան ուրիշ զորախմբեր, որոնք «բռնավորի» ապարանքը ամեն կողմից պատեցին:

Դավադիր պահակները մի ակնարկում փախել, չքացել էին: Ընդհարման տեղում մնացել էին միայն մի քանի դիակներ, որոնց արքայական զորքը տրորեց յուր ոտքերի տակ:

Ինչ վերաբերում է «բռնավորին», նա անհայտացել էր հենց գալարափողի ձայնը առնելուն պես:

Արքաեղբայրն ու Մարզպետունին, ազատվելով վերահաս վտանգից, փութացին իսկույն կանանոցը` թագուհուն ու պալատական տիկնանց հանգստացնելու, որովհետև դավադրության երևան գալը գուժել էր նրանց փողերի ձայնը:

Հեռանանք այստեղից, հեռանանք շուտով, — ասաց թագուհին. — ես չեմ կամենում ապագա չարիքների պատճառով անիծել այն քաղաքը, որին ավանդ եմ տված իմ սիրելին...

Կհեռանանք հենց այսօր, — պատասխանեց Աբասը. — միայն թե ժամանակ տուր ինձ ձերբակալել դավաճանին, որովհետև օձը միշտ պիտի խայթե, քանի մականը չէ ջախջախել նրա գլուխը...

Թո՛ղ դրան, սիրելի Աբաս, աստված ինքը կպատժե չարին, եթե արժանի է նա պատժի... Աշոտը դավաճանեց յուր հյուրերին, բայց հյուրերը թո՛ղ ապերախտ չլինեն դեպի հյուրընկալը:

Ասացե՛ք` դեպի դավաճանը, — բացականչեց Մարզպետունին:

Անվանեցեք, ինչպես կամենում եք, բայց թողե՛ք նրան և հեռացե՛ք, — կրկնեց թագուհին:

Նույնը թախանձեցին և Գուրգենդուխտ տիկինը, Գոհար ու Շահանդուխտ իշխանուհիները և մյուս պալատական տիկնայք:

Դրանիկները, ընդհակառակն, պահանջում էին կալանավորել «բռնավորին»:

Բայց Աբասն ապագա խռովություններից խույս տալու համար զիջավ թագուհու առաջարկության:

Նույն ավուր երեկոյան արքաեղբայրը` յուր դրանիկներով, թագուհին` յուր տիկնանցով և Մարզպետունի իշխանը` պետական զորքերով ելան դավադիրների քաղաքից և ուղղվեցան դեպի Երազգավորս:

Գարդմանա տեր Դավիթ սեպուհն ուղեկցեց յուր թագուհի քրոջը մինչև արքունիքը:

Աշոտ բռնավորի այն զորախմբերը, որոնք նրա հրամանով դիմել էին Երազգավորս` քաղաքն ու արքունիքը գրավելու, լուր առնելով «բռնավորից», թե յուր մտադրությունը չէ հաջողած և թե Աբասն ու Մարզպետունին իրանց զորքերով վերադառնում են Երազգավորս, ձգեցին իսկույն քաղաքը և խույս տվին դեպի Շիրակաշատ, որպեսզի շրջան անելով` վերադառնան Բագարան. առանց արքայական զորաց հետ ընդհարումն ունենալու:

Բայց որքա՛ն մեծ եղավ Բագարանից դարձողների զարմանքը, երբ նրանք Հռոմոսի վտակի մոտ հանդիպեցին արաբական հեծելազոր մի գնդի, որ նույնպես վերադառնում էր Երազգավորսից:

Հեծելազորը հեռվից նկատելով հայոց բանակը, աշխատեց խույս տալ նրանից, բայց Մարզպետունու հրամանով վրա հասան նրա հառաջապահ գնդերը և շրջան կազմելով` փակեցին իրանց մեջ արաբացիներին:

Վերջիններս, տեսնելով իրանց սակավությունը և հակառակորդի առավելությունը, ընդհարվելու փորձ անգամ չարին:

Աբասի հարցին, թե ովքե՞ր են իրանք և ի՞նչ ունին յուր սահմաններում, զորքի պետը պատասխանեց.

Նսըր ամիրայի հրամանով մենք գնացել էինք Երազգավորս` Բագարանի թագավորի զորաց օգնության, բայց որովհետև նրանք ձեր գալուստը լսելով փախան, ուստի մենք ևս ահա՛ վերադառնում ենք Դվին:

Աբասը սաստիկ զայրացավ և քիչ էր մնում, որ հրաման արձակեր` սուր քաշել ամենքին: Բայց Մարզպետունին հանգստացրեց նրան ասելով.

Աստված հաջողում է մեզ, տե՛ր, ոստիկանի հետ գրած դաշինքը մենք չէինք կարող ոտնակոխ անել` առանց ամիրապետի ցասումը գրգռելու: Բայց ահա՛ Նսըրն ինքն է առաջինը դրժում յուր երդման: Այժմ ուրեմն մենք ազատ ենք Դվնո վրա հարձակվելու, և ամիրապետն ինքը կարդարացնե այս վրեժխնդրությունը:

Աբասը բանավոր գտավ իշխանի առարկությունը և հրամայեց խլել բոլոր հագարացիներից զենքերն ու ձիերը և իրանց հետիոտն արձակել Դվին:

Գնա՛ և ասա՛ ոստիկանին, թե շուտով մենք կգանք յուր հաշիվը քննելու... — ասաց նա արաբացի գլխավորին և հեռացավ:

Հայոց զորքերը զինաթափ արին հագարացիներին, խլեցին արաբական նժույգները և արձակեցին նրանց:

Հասնելով Երազգավորս` Մարզպետունու առաջին գործն եղավ` սուրհանդակ ուղարկել Վասպուրական և հիշեցնել Գագիկ թագավորին հանգուցյալ արքայի հետ դրած բարեկամության դաշինքը և խնդրել նրան` վերցնել կաթողիկոսին և գալ Երազգավորս Աբասին թագավոր պսակելու:

Գագիկը պատճառ բերելով յուր ծերությունը` խնդրեց Աբասին իրան իջնել Վասպուրական և Արծրունյաց հին ոստանում թագավոր պսակվել:

«Քանի որ արտաքին ու ներքին թշնամիները այդքան մոտ են ձեզ, ասում էր նա յուր նամակում, նրանք կարող են մեզ խանգարել նույնիսկ թագադրության ժամին: Ուստի ես բարվոք եմ համարում այդ սրբազան հանդեսը կատարել Վանում, ուր ես կհրավիրեմ բոլոր իշխաններին և ուր հայոց թագավորը կարող է վայելել ապահով հանգիստ, որչափ ժամանակ և ինքը կկամենա»:

Աբասն ու Մարզպետունին շահավոր գտան այս առաջարկությունը և իսկույն էլ իրանց համաձայնությունը հայտնեցին Գագիկին:

Այն ժամանակ վերջինս սուրհանդակներ ղրկեց Հայաստանի նահանգներն ու գավառները և հրավիրեց հայոց բոլոր իշխաններին ու նախարարներին փութալ յուր ոստանը` Վան, և թագավոր պսակել Աբասին Բագրատունյաց գահի վրա:

Եվ որովհետև «բռնավորի» դավադրության լուրը հասել էր ամեն տեղ և գրգռել ամենքին, ուստի իշխանները, առանց ժամանակ կորցնելու, շտապեցին Վան` հայոց գահի պայազատին իրանց բարեկամության ու հարգանաց հավաստիքը մատուցանելու:

_________

928 թվականի գարունն էր: Բզնունյաց ծովի ափերը ծածկվել էին կանաչով: Սիփանն ու Վարագը, Արտոսն ու Գրգուռը` թեպետ դեռ ձյունապատ` բայց արդեն հալոցի առուներ էին հոսում դեպի հինավուրց ծովակը: Դաշտային կյանքը եռում էր ամեն տեղ և այգեստանները պճնվել էին փայլուն կանաչությամբ:

Բայց ամենից ավելի ակնապարար պատկեր էր ներկայացնում ծովի արևելյան ափը, ուր բարձր դիրքի վրա, իբրև պերճապաճույճ թագուհի, բազմած էր Շամիրամա գեղեցիկ դաստակերտը: Նրա հյուսիսային կողմից բարձրանում էր երկայնանիստ մի քարաբլուր, որ արևելքից դեպի արևմուտք ձգվելով և անշեղ ու միապաղաղ դեպի վեր բարձրանալով` ներկայացնում էր բնության մի գեղեցիկ հրաշակերտ, որին սակայն մարդկային ձեռքը դարձրել էր հզոր և ահարկու: Նրա քարեղեն սրտի մեջ ծածկված էին բազմաթիվ գաղտնարաններ` փորված անհիշատակ ժամանակներից, որոնք ծառայում էին քաղաքը տիրապետողի բազմազան պետքերին, ոմանք իբրև գանձարան, ոմանք իբրև զնդան և ոմանք իբրև փրկության ապաստարան: Տիտանական այդ զանգվածի վրա ամբառնում էր Վանա անմատչելի բերդը, որ հյուսիսային ու արևմտյան կողմերից պատած էր մի քանի կարգ պարիսպներով ու մարտկոցներով, իսկ մյուս երկու կողմերից ապահովված միապաղաղ ժայռերի բնական պատնեշներով: Բերդի հարավային կողմից ընկած էր քաղաքը, որ աջ ու ձախ տարածվելով` գրավում էր քարաբլրի ստորոտը բազմաթիվ շինություններով, նրանց մեջ աչքի էին ընկնում հոյակապ ապարանքներ, սյունաշար սարավույթներ և վիմարդյան եկեղեցիներ ու մատուռներ: Այդ ամենի վրա յուր ընդարձակությամբ ու հոյակապությամբ իշխում էր Գագիկ թագավորի արքունիքը, որ զարդարված էր կամարակապ պատշգամբներով, սյունազարդ սարավույթներով և ոսկեզօծ ու դրվագազարդ դահլիճներով: Քաղաքի փողոցները հովանավորում էին սաղարթախիտ ծառեր, որոնց ոռոգում էին սրբատաշ քարերի միջով հոսող բազմապտույտ առուներ: Այդ բոլորի շուրջը պատում էր հզոր կրկնապարիսպը լայնադիր աշտարակներով, իսկ դրանց ամենևին փակում էր ընդարձակ խրամ:

Բայց բնության գեղեցկագույն հարստությունը վիճակված էր քաղաքի արևելյան մասին, որտեղից սկսված տարածվում է ընդարձակ ծառաստան, որ կազմված էր զվարճալի պարտեզներից ու այգիներից և ոռոգվում էր քաղցրահամ աղբյուրներով ու առուներով:

Եվ ահա՛ գարնանային գեղազվարճ օրերին Արծրունյաց այս հոյակապ ոստանն էին ժողովվում հայոց տոհմական իշխանները, նախարարները և սեպուհները` իրանց ազնվազարմ ընտանիքներով և պահանորդական խմբերով: Այստեղ եկավ և կաթողիկոսը Աղթամարի գահերեց միաբանների հետ: Ամենից վերջը հասավ Աբասը` յուր դրանիկներով ու ազատանիներով, Գուրգենդուխտ տիկինը` յուր իշխանուհիներով ու նաժիշտներով և Մարզպետունի իշխանը` Արարատյան թագավորության զորախմբերով:

Աշոտ-Դերենիկը դիմավորեց Աբասին Արծրունյաց տոհմի պայազատների և Վասպուրականի իշխանների հետ և ողջունելով նրան Տոսպա սահմանի վրա, մեծ պատվով ու փառքով առաջնորդեց դեպի Վան յուր հոր` Գագկա արքայանիստը:

Քաղաքի դռների մոտ դիմավորեց գահաժառանգին ինքը` Գագիկ թագավորը: Նրա հետ էին թե՛ արքունի իշխանները և թե՛ հրավիրյալ նախարարներն ու ազատանիները, որոնք եւ փառահեղ հանդեսով ուղեկցեցին նրան մինչև Գագկա հոյակապ արքունիքը:

Թեպետ բոլոր քաղաքը զարդարված էր արդեն գույնզգույն դրոշներով և պատշգամբներն ու սարավույթները պճնված շղարշներով, երփներանգ պաստառներով և սյունական գորգերով, բայց արքունյաց զարդարանքը շլացնում էր ամեն աչք:

Նրա սյունաշարերը պճնված էին դալարով և գույնզգույն ծաղիկներով, կամարներն ու բարավորները` սքողված ծիրանիով և ոսկեթել վառերով: Դահլիճների հատակը ծածկված էր գորգերով, թավշով ու կերպասով, իսկ կարասիների վրա, որոնց մեծ մասը շինված էր փղոսկրից ու սատափից, փայլում էին առատորեն արծաթ և ոսկի: Միով բանիվ ամեն տեղ երևում էր հարստություն և արքայական պերճություն:

Վասպուրականի թագավորը, որ սիրահար էր շքեղության, դրա հետ միասին ուներ անհուն փառասիրություն: Եթե մի կողմից նա շքեղազարդել էր արքունիքը ի պատիվ Արարատյան վեհապետի, մյուս կողմից էլ այդ արել էր յուր վեհազնյա հյուրերի, իշխանների և իշխանուհիների առաջ պարծենալու համար:

Եվ շատերի աչքը, արդարև նա շլացրեց, բայց այդ շատերի թվում չէին ո՛չ Մարզպետունին և ո՛չ Սյունյաց հարազատները, որոնք գիտեին, թե ի՞նչ գնով է Գագիկն այդ ամենը ձեռք բերել, ինչ գնով է նա թագավոր ճաշակվել և որքա՜ն չարիք, որքա՞ն թշվառություններ է պատճառել ազգին, մինչև որ արքայի կոչումն է ստացել:

Սակայն հանգամանքներն ստիպել էին այժմ դրանց` դիմել հինավուրց մատնչի օգնության և նրա ոստանում թագավոր պսակել Աբասին:

Երբ այդ մասին դիտողություն արավ Սյունյաց իշխանը, Մարզպետունին պատասխանեց:

Ընտրեցինք չարիքներից փոքրագույնը...

Մի քանի օրից հետ Թեոդորոս կաթողիկոսը Վանա ս. Հովհաննես կոչված հոյակապ տաճարի մեջ Գագիկ թագավորի, նրա պալատականների և բոլոր հրավիրյալ իշխանների և իշխանուհիների ներկայությամբ թագավոր պսակեց Աբասին, և թագուհի` Գուրգենդուխտ տիկնոջը:

Այդպիսով Հայաստանի նախագահ իշխանապետ կամ արքայից-արքա հռչակվեցավ Աբասը և նրա թագավորությունը սրտագին ողջունեցին ինչպես Գագիկ Արծրունին, նույնպես և հայոց բոլոր իշխանները, երդվելով նրան հավատարմություն և անխախտ բարեկամություն:

Աբաս թագավորը մեծամեծ ընծաներով պատվեց թագադրության ներկա եղող իշխաններին: Բայց ամենից արժանավոր պարգևը տվավ Գևորգ Մարզպետունուն, կարգելով նրան յուր բոլոր զորքերի վրա հրամանատար սպարապետ, և տալով նրան իրավունք` վայելել այդ պատիվը որդվոց որդի:

Է

ԴՎՆՈ ԱՌՈՒՄԸ

Գագիկ Արծրունին մի քանի շաբաթ շարունակ հյուր պահեց յուր մոտ Աբաս թագավորին և ի պատիվ նրա, նաև հրավիրյալ իշխաններին: Այդ բոլոր ժամանակ նա նրանց զբաղեցնում էր հաճոյական զբոսանքներով: Մի օր շրջեցնում էր յուր անառիկ բերդում և ցույց տալիս նրանց նրա հրաշալիքները, բնության ու մարդկանց և մանավանդ, յուր ձեռքով կերտված ամրությունները, ահավոր մարտկոցները, վիմափոր անձավները` իրանց գաղտնի ճանապարհներով, քարակոփ մատուռները և ջրալից ավազանները: Ցույց էր տալիս այդ լեռնակարկառ բարձրության առաջ բացվող գեղազվարճ տեսարանները, որոնց վրա նայում էին նրանք` բազմելով քարաբլրի ծովահայաց կողերում ամֆիթեատրաձև փորված նստարանների վրա: Այդտեղից երևում էր քաղաքը յուր բազմազան շինություններով, ծովակը` յուր գեղածուփ ալիքներով և ապառաժուտ կղզիներով. երևում էին ծովափնյա այգիներ ու դարաստաններ, կանաչազարդ դաշտեր ու բլուրներ և կապուտակ լեռների ձյունագագաթ գոտիներ, որոնք Բզնունյաց ծովակը պատում էին չորս կողմից` Սիփանը հյուսիսից, Արտոսը հարավից, Վարագը արևելքից և Գրգուռն ու Ընձաքիսարը արևմուտքից:

Մի ուրիշ օր նա զբոսեցնում էր նրանց Վանա գեղազվարճ այգեստաններում, որոնք քաղաքի արևելյան կողմից սկսած տարածվում էին դեպի ծովակի հարավակողմը մի քանի ժամվա ճանապարհ, ամփոփելով իրանց մեջ փոքրիկ ավաններ, շեներ ու գյուղեր և իշխանական ամառանոցներ: Ամեն մի ուշադրության արժանի վայրում, կարկաչահոս աղբյուրների մոտ և հովանավոր ծառերի տակ` նա պատրաստում էր հյուրերի համար զվարճալի խրախություններ, համեմված ճոխ հացկերույթներով և գուսանական երգերով ու կայթերով, որոնցով մանավանդ հարուստ էր յուր արքունիքը:

Հաճախ նա առաջնորդում էր հյուրերին դեպի արքայական որսարանները, որոնք գտնվում էին Վարագա ապառաժուտ լանջերում, կամ ծովի հարավակողմը գտնվող անտառներում, ուր և էրեների առատ որսորդությամբ զվարճացնում էր նրանց:

Երբեմն էլ նա պտտեցնում էր նրանց Վասպուրականի այն վանքերը, որոնք հռչակավոր էին իրանց դպրությամբ կամ միաբանական կարգավորությամբ, ցույց տալու համար յուր երկրի մտավոր ու կրոնական զարգացման հառաջադիմությունը:

Վերջապես նա յուր արքայական նավակներով զբոսեցնում էր հյուրերին նաև Վանա ծովի վրա` այցելելով նրանց հետ միասին ծովափնյա ամրաստանները և ծովի մեջ գտնվող Լիմ, Կտուց, Առտեր և մանավանդ գեղադիր ու քարեշեն Աղթամար կղզիները: Վերջինի մեջ այդ ժամանակ նստում էր հայոց ընդհանրական կաթողիկոսը: Այդտեղ Գագիկ թագավորը կառուցել էր հրաշակերտ եկեղեցի, հոյակապ արքունիք, անառիկ բերդ ու դղյակ, ուր և անցնում էր ամառային ամիսները: Այդ բոլորը նա ցույց էր տալիս յուր բարձրաստիճան հյուրերին, բացատրում էր նրանց յուր ճարտարապետական գաղտնիքները և հրճվում էր նրանց գովությունները լսելով:

Բայց այս բոլոր զբոսանքների ժամանակ Աբաս արքայի ուշադրությունը գրավում էին միայն Գագիկ Արծրունու ռազմական ամրությունները: Նա գտնում էր, որ դրանց շնորհիվ է նրա երկիրն ազատ մնացել թշնամու ավերումներից, չնայելով որ այդտեղ բազմիցս արշավել էին թե՛ Յուսուփ ոստիկանը և թե՛ նրա տեղապահները: Թեպետ Վասպուրականը բնությունից արդեն օժտված էր գեղեցիկ ամրություններով, այնպես որ, ոչ միայն Գագիկ Արծրունու նման բազմափորձ զինվորականը, այլևս նրանից ավելի տկար մի իշխանապետ կարող էր այդ ամրությանց ապավինելով` ապահովել երկիրը թշնամու հարձակումներից, բայց և այնպես, Գագիկ Արծրունին բնության տվածների վրա ավելացրել էր նաև յուր ստեղծագործությունները: Վասպուրականի ամեն մի կիրճը, քարաբլուրն ու լեռնալանջը, վանքն ու մենաստանը նա դարձրել էր պաշտպանության վայր, ժողովրդյան ապաստանարան. իսկ բերդերն ու ամրոցները շինել էր անմատչելի: Եվ ահա՛ այս պատճառով Վասպուրականի ժողովուրդը ավելի բարեվիճակ, վանքերն ավելի շեն, միաբանությունները բարեկարգ էին, քան թե Արարատյան երկրում: Եվ Աբասն ինքն իրան մտածում, ծրագիրներ էր կազմում, որ յուր երկիրը դառնալուն պես` ամեն ջանք դնե յուր թագավորությունը նույն ձևով բարեկարգելու:

Սակայն Գևորգ Մարզպետունին բոլորովին այլ գործով էր զբաղված: Նախ` նա մտածում էր Արարատյան ու հարավային իշխանապետությանց մեջ ստեղծած միությունն հաստատուն կապերով ամրապնդելու և երկրորդ` համոզել բոլոր միացած իշխաններին` հավաքական ուժով Դվնո վրա արշավելու, որպեսզի մայրաքաղաքը գրավելով` մի անգամ ընդմիշտ օտար տիրապետության անհարազատ ազդեցությունը երկրի վրայից հեռացնե:

Այս նպատակով, ահա՛, նա շարունակ խոսում, հորդորում էր մերթ Աղձնյաց ու Մոկաց տերերին, մերթ Սյունյաց իշխաններին և հաճախ` Գագիկ Արծրունուն կամ արքայորդի Աշոտ-Դերենիկին: Նա հարյուրերորդ անգամ կրկնում, ապացուցանում էր այդ ձեռնարկության անհրաժեշտությունը և նրանից գալիք օգուտների մեծությունը թե՛ Հայաստանի ժողովրդի և թե՛ նույնիսկ իրանց` իշխանապետների համար:

Եվ նա այնքան աշխատեց, որ բոլորին համոզեց հինավուրց մայրաքաղաքը պաշարմամբ գրավելու որոշումն անել:

_________

Ոստիկանը նույնպես անհոգ չէր այդ ժամանակ: Նա գիտեր, որ Աբասը թագավոր է պսակվել Վասպուրականում և որ հայոց իշխանները մեծ մասամբ նրա հետ են: Եվ որովհետև ինքը անխոհեմություն էր արել Աշոտ բռնավորի դավադրության աջակցելու, և այդպիսով յուր երդման դրժելով` քակել էր Աբասի հետ ունեցած բարեկամության կապը, պարզ է, որ վերջինս, թագավոր պսակվելուց հետ, վրեժխնդիր պիտի լիներ, մանավանդ որ նա այդ մասին սպառնացել էր իրան: Հետևապես ոստիկանն էլ յուր կողմից էր պատրաստվում:

Ամենից առաջ նա միացավ Աշոտ բռնավորի հետ և խոստումն առավ նրանից` օգնել իրան յուր զորքերով` եթե Աբասը հարձակվելու լինի յուր դեմ: Ապա զորքեր խնդրեց ամիրապետից` առարկելով, թե Հայաստանի արաբական կալվածները վտանգի մեջ են, հետևապես անհրաժեշտ է այդ վտանգի դեմ զինվելու: Բայց ամիրապետն զբաղված լինելով յուր երկրի ուրիշ կողմերում ծագած խռովություններով` անուշադիր թողեց Նսըրի խնդիրը: Այն ժամանակ վերջինս միացավ Միջագետքի և Կորդվաց կողմերում ինքնագլուխ իշխող ամիրաների հետ և, օգնական զորք առնելով նրանցից, սկսավ Դվինն ու նրա շրջականերն ամրացնել:

Ամենից առաջ նա ընտիր պահակախմբերով և. առատ պաշարով ապահովեց Դվնո և Արտաշատու բերդերը (որոնք միմյանց մոտ լինելով` ունեին միմյանց հետ և գաղտնի հաղորդակցության ճանապարհներ), որպեսզի վտանգի դեպքում ինքը ապաստանե դրանցից մեկին: Ապա յուր զորքերը բաժանելով մի քանի ստվար մասերի, նրանցից մինին հանձնեց քաղաքի ներքին պարիսպների և աշտարակների պահպանությունը, երկրորդին` արտաքին մարտկոցների հսկողությունը, երրորդին քաղաքի խրամը ջրով լցնելու և շարժական կամուրջները կառավարելու գործը, չորրորդին` Արտաշատու Տափերական կոչված նշանավոր և մեծատարած կամրջի պաշտպանությունը, որի վրայով թշնամին պիտի հառաջանար դեպի Դվին: Բացի այդ նա յուր ունեցած հեծելազորը չորս հառաջապահ գնդերի բաժանելով` ուղարկեց նրանց Դվնո նշանավոր ճանապարհները բռնելու: Դրանցից մինը Խլաթա ուղին էր, որ սկսվում էր քաղաքի արևմտյան հարավից. երկրորդը` Նախիջևանի պողոտան հարավ-արևելքից. երրորդը` Բերդկանց ճանապարհը արևելյան կողմից. չորրորդը` Կողբափորի ուղին, որ ձգվում էր հյուսիսից: Ինչ վերաբերում է Կարնո ճանապարհին, որ քաղաքի արևմտյան կողմն էր ընկնում, այդտեղ ոստիկանը պահապաններ չկարգեց, որովհետև այդտեղից նա սպասում էր յուր դաշնակից Աշոտի զորքերին, մինչդեռ մյուս կողմերից, նրա կարծիքով, պիտի հառաջանար թշնամին, այսինքն` Խլաթա կամ Նախիջևանի ճանապարհով Աբասը, Բերդկանց ճանապարհով` սյունեցիք, իսկ Կողբափորի կողմից` Վահրամ սեպուհը, որ տակավին գտնվում էր Գուգարքում:

Չնայելով այս պատրաստությանց, ոստիկանը, սակայն, հույս ուներ դեռ ազատ մնալ հայոց վրեժխնդրությունից, որովհետև ծանոթ էր նրանց խաղաղասեր բնության և հավատում էր, թե` կարող է նորեն գրավել թագավորի սիրտը և նորոգել նրա հետ յուր բարեկամությունը:

Այս պատճառով նա ընծաներով մարդիկ ուղարկեց Վասպուրական` Աբաս արքայի գահակալությունն ու թագադրությունը շնորհավորելու և նրա հետ հաշտության նոր դաշն կռելու:

Ասացեք ամիրային, թե հայոց թագավորը Դվնո մեջ կընդունե նրա շնորհավորությունները... — պատվիրեց Աբասը արաբացի դեսպաններին և հետ դարձրեց նրանց իրանց ընծաներով:

Այսքանն արդեն բավական էր, որ ոստիկանը հասկանար, թե թագավորն այլևս չի կամենում խաբվել և յուր ուխտադրուժ վարմունքը ներել: Այս պատճառով երբ դեսպանները հասան Դվին և թագավորի պատվերը հայտնեցին, Նսըրը հրամայեց զորքին կռվի պատրաստվել:

Բայց Աբաս թագավորի բանակը, որ կազմված էր միայն Արարատյան գնդերից և Արծրունյաց զորքերից, ծանրությամբ էր հառաջանում: Որովհետև, համաձայն կանխավ արած որոշման, Մոկաց տերն ու Աղնձյաց նահապետը իրանց զորքերով պիտի միանային արքայի հետ Շարուրի դաշտում. Սյունյաց իշխանները պիտի մտնեին Մազազ և Գառնո ու Գեղա զորքերի հետ միասին իջնեին Ուրծաձոր: Իսկ Վահրամ սեպուհը, որ ապահովված էր արդեն ափխազների կողմից (որովհետև ամբողջ Գուգարքը զինել էր արդեն նրանց դեմ), յուր զորքերն առնելով պիտի իջներ Շիրակ և Երազգավորսի շրջանում եղած գնդերի հետ միանալով` դիմեր Դվնո դաշտը: Ուրեմն, մինչև որ այդ իշխանները կհասնեին որոշյալ տեղերը, թագավորի զորքը չպիտի շտապեր, որովհետև դաշնակից իշխանները նպատակ ունեին միահամուռ կերպով պաշարել Դվինը և եթե կարելի էր, գրավել նրան հարձակումով:

Բայց այստեղ արդեն արաբացիք տենդային պատրաստությանց մեջ էին. քաղաքի պարիսպների մոտ ժողովում էին ռազմական մթերքներ, դարանները լցնում էին դյուրավառ նյութերով, խրամատների համար պատրաստում էին խցաններ, մարտկոցները զինում էին երկաթյա կարթերով ու ջախջախող գործիքներով, բուրգերի մեջ հավաքում էին որձաքարի բեկորներ, որով պետք է փիլիկվաններն ու սանդուղքները ջարդեին` միով բանիվ առավոտվանից մինչ երեկո մարդիկ զբաղված էին մահառիթ աշխատությամբ և հույս ունեին, որ դրանով մեծ կոտորած պիտի անեն պաշարողների մեջ:

Ներքին պատրաստություններն ավարտելուց ետ` ոստիկանը հրամայեց խրամը ջրով լցնել: Եվ ահա արաբացի զինվորները հարյուրավոր բահերով դիմեցին դեպի Արտաշատու ջրանցքը, որպեսզի թումբերը բանալով` ջուրը դարձնեն դեպի Դվին:

Այդ ջրանցքը շինվել էր Քրիստոսից մոտ 200 տարի առաջ Արտաշիաս կուսակալի օրով և կարթագենացոց հռչակավոր զորավար Աննիբալի ծրագրով: Երբ վերջինս հայրենիքից տարագիր` դեգերում էր Հայաստանի մեջ, Արտաշիասն ասպնջականեց նրան սիրով և օգուտ քաղելով բազմափորձ զորավարի ներկայությունից, նրա խորհրդով հիմնեց Արտաշատ քաղաքն ու բերդը Երասխ գետի վրա: Եվ որովհետև տեղը, ուր հիմնված էր քաղաքը, երեք կողմից պատած էր Երասխ և Մեծամոր գետերով, ուստի չորրորդ կողմը ջրափակ անելու համար փորեցին այդ ջրանցքը, որով քաղաքը դառնում էր թշնամուն անմատչելի:

Բայց որովհետև հռչակավոր Արտաշատը վաղուց արդեն դադարել էր շահաստան լինելուց, և նրա փառաց ու ճոխության ժառանգորդ այժմ Դվինն էր հանդիսանում, ուստի նրա հինավուրց ջրանցքն էլ Դվնո խրամը պիտի ողողեր: Արտաշատի անշքանալուց ետ` հայոց թագավորները` սկսած Խոսրով Բ.— ից, որ Դվինը շինեց և յուր աթոռն այդտեղ փոխադրեց, մինչև Բագրատունյաց պայազատները, իրանց հոգն ու խնամքը Դվինի նվիրեցին և ռազմական ամրություններով հարստացրին նրան: Ուստի այդ ժամանակից հիշյալ ջրանցքն էլ ծառայում էր Դվնին:

Բայց օրերն անցնում էին և Աբաս արքայի զորքերը դեռ չէին երևում: Մինչև անգամ Նախիջևանի ճանապարհը պահող հեծելազորը շարունակ լուրեր էր ղրկում Դվին, թե Աբասը դեռ բանակած է Շարուրում: Այս պատճառով արաբացիք սկսան մի առժամանակ անհոգության տալ իրանց և կերուխումով զվարճանալ: Մինչև անգամ ջրանցքի վրա աշխատողները ծանրությամբ էին շարժվում և մի քանի օրվա մեջ հազիվ էին փլել թումբերի մի մասը:

Սակայն Աբաս թագավորի զորքը, որին միացել էին արդեն աղձնեցիք և մոկացիք, վաղուց հեռացել էր Շարուրից և այն` գիշերանց:

Նրա բանակատեղում մնում էին միայն դատարկ վրաններ` մի քանի վաշտ պահապաններով, որոնք պաշտոն ունեին` խաբել Նախիջևանի ճանապարհը պահող արաբացիներին, ցույց տալով նրանց, թե հայոց զորքը դեռ բանակած է այնտեղ: -Այդ զորքը, սակայն, զանազան մասերի բաժանված, անծանոթ ճանապարհներով դիմում էր Դվին:

Արդեն ամեն կողմից մոտենում էին դաշնակիցները միմյանց, երբ լուր հասավ Մարզպետունուն, թե արաբացիք սկսել են ջրանցքի թումբերը փլել` Դվնո խրամը լցնելու համար: Սպարապետ իշխանը, որ միտք ուներ դեռևս հանգիստ տալ զորքին Ուրծաձորում, սաստիկ այլայլվեցավ, որովհետև խրամի լցվելով ահագին դժվարություններ պիտի առաջանային իրանց համար, նախ` զորքն անկարող պիտի լիներ մոտենալ քաղաքի ջրապատ պարսպին կամ դռներին, հետևապես մտադրված հարձակումը չպիտի հաջողեր, երկրորդ` մեծ աշխատություն և երկար ժամանակ պիտի գործ դնեին ջրանցքի բերանը փակելու և ջրալից խրամը, գոնե մի քանի տեղ, խիճով լցնելու, որպեսզի այդ տեղերով զորքը կարողանար մոտենար պարսպին, երրորդ` այդ գործերը կատարելու համար աշխատող հայերից շատերը նետահար պիտի լինեին թշնամուց, որովհետև պարսպի վրա եղողները թույլ չէին տալ ոչ ոքին` պարսպի տակ գործելու:

Next page