Մուրացան՝   Գևորգ Մարզպետունի

Այդ պատրաստությունները, որոնք մի քանի օր տևեցին, հաճախ խանգարում էին պաշարյալները` մերթ հախուռն նետաձգությամբ և մերթ պարսատիկներից քար ու կրակ տեղալով: Թեպետ այդ բոլորից հայ զորականը չէր վնասվում, որովհետև գործում էր զգուշությամբ և շարունակ պաշտպանվելով, այսուամենայնիվ գործը դանդաղում էր բավական:

Յուրաքանչյուր երեկո սպարապետի հրամանով զորքերը մոտենում էին պարիսպներին, որպեսզի գիշերվա պահուն արաբացիք վնաս չհասցնեին մեքենական պատրաստությանը: Նրանք այդ կարող էին անել պարիսպներից իջնելով և դյուրավառ նյութերով մեքենաները կրակելով:

Երբ ամեն ինչ պատրաստվեցավ, թագավորը հրամայեց զորքերն առաջ վարել:

Մայիսյան առավոտ էր. մինն այն օրերից, որ զվարճալի է կացուցանում Դվնո շրջակայքը, քանի չէ ծագել արևը, բայց որ շուտով այրում ու մրկում է նրա դաշտը, երբ արևը կանգնում է երկնակամարի վրա:

Հայոց զորքերը նոր էին սկսում ելնել բանակից, և դաշնակից իշխանները նոր սկսել էին քննել իրանց հարձակման դիրքերը, երբ լուր հասավ Մարզպետունուն, թե Արտաշատի մեջ խլրտումն է սկսվել և զորքերը միջնաբերդից իջնում են դեպի քաղաք: Այդ նշան էր, թե արաբացիք պատրաստվում են դաշտն իջնելու:

Դվնո հրամանատարները որոշումն էին արել անսպաս հարձակվել հայերի վրա և այն` երկու կողմից, այն է` Դվնո և Արտաշատու: Դվնեցիք առջևից պիտի հարձակվեին, իսկ արտաշատցիք` ետևից: Այս կարգադրությունը մեծ հաջողություն կունենար, որովհետև հարձակման համար ընտրել էին ամենահաջող միջոց, այսինքն` այն վայրկյանը, երբ հայերը կսկսեին բանակատեղը ձգել և պատնեշներից ելնելով դիմել դեպի Դվին: Այդ ժամանակ նրանք հույս չունենալով հանդիպել որևէ հարձակման ավելի անհոգ և անպատրաստ կլինեին. ըստ որում կռիվը դեռ պիտի սկսեին մի օր հետո:

Սակայն այս ամենը գուշակեց սպարապետը և հրաման արավ զորքին` բանակից ելնել կատարյալ պատրաստությամբ: Բացի այդ, նա կարգադրեց, որ Մոկաց իշխանն ու Վահրամ սեպուհը իրանց գնդերով վերջինը ելնեն բանակից և հետևապես զգուշանան, որ Արտաշատու կողմը որևէ խլրտումն տեսած ժամանակ` իսկույն իրանցից անջատվեն եւ հարձակվեն նրանց վրա: Մյուս հառաջապահ գնդերը` ամենայն ապահովությամբ կարող էին շրջափակել իրանց մեջ արաբացիներին, եթե նրանք հանդգնեին ելնել Դվինից:

Սեպուհն ուրախությամբ լսեց այդ կարգադրությունը և նորեն հղացավ մի հանդուգն միտք, այն է` Արտաշատից ելնողներին աստուծո օգնությամբ վանելուց հետ, թափանցել, մուտք գործել քաղաքը: Եվ որքա՜ն մեծ եղավ նրա ուրախությունը, երբ Մոկաց իշխանը, որ յուր պես աներկյուղ` բայց իրանից ավելի ձեռներեց մի մարդ էր, համաձայնվեցավ նրա հետ: Հենց այս պատճառով սեպուհին ընկերացավ նաև Գոռ իշխանը յուր քաջարի գնդով:

Եվ իրավ, հազիվ հայերը բանակատեղը թողեցին, և վերջապահ գնդերը պատնեշներից հեռացան, ահա՛ Արտաշատու լայնաբերան դռներից դուրս խուժեցին արաբացիք և վայրենի աղաղակով հայերի ետևից ընկան:

Հայոց վերջապահ գնդերը, որոնց առաջնորդում էին Գոռը, Վահրամ սեպուհը և Մոկաց իշխանը, և որոնք րոպե առ րոպե սպասում էին Արտաշատու կողմից լինելիք այդ հարձակման, ետ դարձան իսկույն և որոտագին աղաղակով դիմեցին արաբացոց վրա:

Վերջինները, որոնք չէին սպասում հայերի կողմից որևէ դիմագրավում, կարծես հանկարծակիի եկան, որովհետև տեսան, որ իրանց գաղտնիքը նախատեսնված է նրանցից: Այսուամենայնիվ շարունակեցին իրանց ընթացքը, մինչև որ միմյանց հանդիպելով սկսան ընդհարվել:

Հայերը երեք կողմից շրջապատեցին արաբացիներին, որովհետև թվով գերազանցում էին և սկսան նրանց հետ զորեղ դիմամարտ:

Անցավ կես ժամ. կոտորածը շարունակվում էր: Արաբացիք կռվում էին քաջությամբ. բայց միևնույն ժամանակ շարունակ նայում էին դեպի Դվին, հուսալով, թե ահա՛ կբացվեն շուտով նրա դռները, և՛ ոստիկանի զորքը դուրս կխուժե այդտեղից հայերին շփոթելու և իրանց աջակցելու համար: Բայց ժամանակն անցնում էր. հայերը շարունակում էին իրանց ջարդը և սակայն Դվնո կողմից օգնություն չէր հասնում:

Պատճառը հետևյալն էր: Ոստիկանն ու Բեշիրը, տեսնելով թե հայոց զորքերի մի մասը արագությամբ շուռ եկավ ու ընկավ արտաշատցոց վրա, իսկ մյուս մասն անշարժ սպասում է Դվնից ելնողներին, զգացին, որ նրանք գուշակել են արդեն իրանց դիտավորությունը, ուստի վտանգավոր համարեցին քաղաքի դռները բանալ և զորք հանել այդտեղից:

Իսկ Արտաշատու կողմը կռվողները տեսնելով, թե դվնեցիք իրանց խոստումը չեն կատարում, բավական երկար դիմադրելուց և բազմաթիվ զոհեր տալուց հետ, դիմադարձ եղան և սկսան դեպի քաղաքը փախչել:

Հայոց առաջնորդները հրամայեցին զորքերին խառնվել արաբացոց հետ և միջամուխ լինել քաղաքը: Եվ որովհետև առաջին օրինակը Գոռն ու սեպուհը տվին, ուստի զորքն աներկյուղ խառնվեցավ թշնամու հետ: Հագարացիք, որոնք իրանց գլուխները կորցրած` անձերնին փրկելու վրա էին մտածում, չկարողացան արգելք լինել ներս խուժող հայերին: Եվ երբ բերդապահը փախչողներին ներս առած կարծելով` հրամայեց քաղաքի դռները գոցել, սարսափելով տեսավ, որ երկաթապատ փեղկերը ջախջախվել են արդեն հայերի ձեռքով և թե նրանցից շատերը նոր կոտորած են սկսել քաղաքի մեջ:

Հուսահատությունը տիրեց հագարացիներին, մանավանդ, երբ դեպի վեր նայելով տեսան, թե միջնաբերդի վրա ծածանում է արդեն հայոց հաղթական դրոշակը: Ուրեմն փրկության վերջին ապավենն էլ գրավված էր: Այդտեղ բարձրացել էր Գոռը յուր քաջերով: Որովհետև, հարձակվող հագարացոց թիվը բազմացնելու պատճառով միջնաբերդի զորքերը ևս միացել էին նրանց հետ, ուստի բերդը մնացել էր անպաշտպան: Գոռն այդտեղի սակավաթիվ պահակները ջարդելով` գրավել էր բերդը և յուր գնդի դրոշը ցցել հինավուրց դղյակի ճակատին:

Արաբացիք իրանց կատարյալ պարտությունը տեսնելով` զինադուլ խնդրեցին: Եվ որովհետև հայերը նույնպես հոգնել էին, ուստի անմիջապես կռիվը դադարեցրին և զինաթափ անելով արաբացիներին, քաղաքն ու բերդն առան իրանց հսկողության տակ:

Հաղթության լուրը հասավ հայոց բանակը և ուրախությամբ լցրեց ամենքին, որովհետև Արտաշատու գրավումով ոչնչանում էր այն միակ ամրությունը, որ Դվինից զատ` կարող էր վտանգ սպառնալ հայոց հաջողությանը:

Հետևյալ առավոտ արքայական բանակը մոտեցավ Դվնո պարիսպներին և Գևորգ սպարապետի, Վահրամ սեպուհի և Սյունյաց, Մոկաց և Աղձնյաց իշխանների առաջնորդությամբ սկսավ յուր երկրորդ և հզորագույն հարձակումը:

Արևը դեռ նոր էր Գեղա բարձունքը ոսկեզօծում, և սակայն կռիվն սկսված էր արդեն:

Նետաձիգ գնդերը իրանց նետերի տարափն էին տեղում, բաղիստրավորները սվիններ էին արձակում, պարսատիկներից կրակ էին ցրվում, բաբանները ահավոր ռումբեր էին նետում, իսկ խոյերն ու էշերը փորում խրամատում էին պարիսպները: Ինչ վերաբերում է շարժական աշտարակներին, նրանք մարտնչում էին բուրգերի ու մարտկոցների հետ` մի տեղ վանելով պահակախմբերը, մյուս տեղ շարժական կամուրջներ վարսելով, երրորդ տեղում բուրգի կողերը փլելով և այլն:

Սաստիկ և աննահանջ հարձակումը մեծ վնասներ էր պատճառում պաշարյալներին, կոտորում էր զորքերը, հրդեհում էր մերձակա շինությունները և խախտում, անպիտանացնում էր ամրությունները: Այսուամենայնիվ արաբացիք դիմադրում էին քաջությամբ: Նրանց նետաձիգներն ու սվինավորները փոխարինում էին հայերին` սրանցից ստացած վնասը: Բացի այդ, նրանք այրեցին հայոց մի աշտարակը, անպիտանացրին մի քանի խոյեր և իրանց երկաթե կարթերով ու ձողերով գլորեցին և կործանեցին բազմաթիվ սանդուղքներ և վերելակներ:

Բայց և այնպես դիմադրության եռանդը քանի գնում` նվազում էր պաշարյալների մեջ, մանավանդ որ նրանք ստիպված էին կռվել քաղաքի բոլոր շրջապատի հետ: Մի քանի կետերում հայոց հարձակումն ու հասցրած տագնապը այն աստիճան սաստիկ էր, որ արաբացիք ստիպված էին նահանջել դեպի ներքին պատնեշները, արտաքինը թողնելով բախտի կամքին, որոնց և հայերն անմիջապես գրավեցին:

Բացի այդ, սպարապետի առաջնորդությամբ կռվող զորագունդը հաջողել էր քաղաքի երկաթյա դռներից մինը` բաբանից արձակված ռումբերով ջախջախել, որից հետո զորականն սկսել էր դռան հետին սրահակը փորել: Այդտեղ լցված խիճն ու ավազը դուրս հանելուց հետ, արդեն պիտի բացվեր քաղաքի մուտքը: Թեպետ արաբացիք կարող էին նրա առաջ փայտի ու նավթի հրդեհ բորբոքել` ներս խուժողներից արգելելու համար, բայց դիմադրության այդ միջոցը երկար չէր տևիլ. հրդեհի նյութը վերջ ի վերջո կսպառեր կամ հայոց հրշեջները կհանգցնեին նրան:

Բեշիրն այդ անդարմանելի վնասը տեսնելով` շտապեց իսկույն ոստիկանի ապարանքը և հայտնեց նրան, թե թշնամին կարող է շուտով ներս խուժել, ուստի խորհուրդ տվավ շտապել, ամրանալ միջնաբերդում և քանի հայերը չէին խանգարում իրանց, զորքերը հետզհետե փոխադրել այնտեղ:

Նսըր ամիրան, որ չէր մոռացել թագավորի այն պատգամը, թե «եթե ես Դվինը բռնությամբ գրավեմ, պետք է բոլորիդ սուր քաշել տամ», սաստիկ վախեցավ, երբ զորապետի խոսքերը լսեց:

Միջնաբերդը մեզ չի պաշտպանիլ, քանի որ քաղաքի պարիսպներն ու պատնեշները չեն կարողանում պաշտպանել, — ասաց նա Բեշիրին. — եթե Արտաշատը գրաված չլինեին, այն ժամանակ գոնե կարելի էր հուսալ միջնաբերդի վրա, որովհետև նրա գետնափորով կարող էինք ապաստանել Արտաշատին, եթե անխուսափելի վտանգ հասներ մեզ: Փախստյան այդ ճանապարհը փակված լինելով` մեծ չարիք կհասնե մեզ, եթե ամրանանք միջնաբերդում: Դրանով նախ` մենք չենք կարող ապահովել մեզ. որովհետև հայերը կա՛մ վերջ ի վերջո բերդը կգրավեն, կա՛մ երկար պաշարումով սովամահ կանեն մեզ. երկրորդ` մենք այդ ընդդիմությամբ ավելի կգրգռենք մեր թշնամու զայրույթը, և նա, միջնաբերդը գրավելուց հետո այլևս չի խնայի ո՛չ զորականին և ո՛չ մեր անձին:

Ի՞նչ անենք ուրեմն, վտանգը դռան մոտ է, — հարցրեց Բեշիրը:

Ոստիկանը չպատասխանեց նրան, աչքերը գետնին հառած մտածում էր:

Ի՞նչ անենք, տեր իմ, սպասելու ժամանակ չկա, — կրկնեց զորապետը:

Գիտե՞ս ինչ...

Հրամայի՛ր:

Քաղաքը մեր կամքով պիտի հանձնենք հայերին:

Ինչպե՞ս... հապա մեր այսքան կորուստն ու կոտորա՞ծը, — բացականչեց Բեշիրը:

Ով որ խնայում է մնացորդը, որքան էլ այն աննշան լինի, նա իմաստնաբար է գործում, — նկատեց ամիրան լրջությամբ, — եթե մենք համառինք, ավելի պիտի կորցնենք...

Ուրե՞մն...

Պիտի հանձնենք թագավորին յուր մայրաքաղաքը` մեր զորքն ու անձը փրկելու համար:

Բեշիրը գլուխը կախեց և լռեց:

Մի ժամից հետ քաղաքի մեծ դռան աշտարակի վրա վայրահակ կախեցին մի կանաչ դրոշ, որ նշան էր, թե պաշարյալները հաշտություն են առաջարկում, խնդրելով ընդսմին հարձակումը դադարեցնել:

Իսկ փոքր ինչ հետո դռները բացվեցան, և երևացին Նսըրի պատգամավորները, որոնք քաղաքի բանալիները բերում էին հայոց արքային հանձնելու:

Իսկույն սպարապետը զինադադարի փողը հնչել տվավ, և կատաղի ընդհարումը կանգ առավ մի վայրկենում:

Արաբացոց պատգամավորները հասան արքայի վրանը և ոստիկանի հաշտության պատգամը հաղորդելուց հետ` հանձնեցին թագավորին բերած բանալիները:

Հետևյալ առավոտ տեղի ունեցավ հայոց զորքերի հաղթական մուտքը դեպի Դվին:

Ամենից առաջ ներս մտավ Գևորգ Մարզպետունին` Արարատյան գնդով, որ կրում էր սպարապետական դրոշը և գրավեց քաղաքի կարևոր դիրքերը` անսպառ խլրտումներից ապահով լինելու համար, նրան հետևեցին դաշնակից իշխանները` յուրաքանչյուրը յուր զորախմբով և իշխանական դրոշով: Ապա գալիս էր Վահրամ սեպուհը, առաջնորդելով հեծյալ գնդերին: Դրանց հետևում էր արքայական հեծելախումբը` թագավորական դրոշակով, և ապա ինքը` Աբաս թագավորը` շրջապատված յուր ազատագունդ թիկնապահներով:

Ամենից հետո գալիս էր Գոռ իշխանը, բանակի վերջապահ գնդերով, որոնք կրում էին Մարզպետունյաց Տան դրոշը:

Քաղաքի կարևոր կետերը բռնելուց ետ, սպարապետի առաջին գործն եղավ տեղեկանալ, թե որտե՞ղ է գտնվում Սյունյաց Սահակ իշխանը: Եվ երբ իմացավ, որ նա փակված է միջնաբերդում, իսկույն մի զորախմբով դիմեց այնտեղ և, մտնելով հինավուրց դղյակը, ուր մնում էր իշխանը և որին տակավին հսկում էին արաբացի պահապաններ, հանեց նրան այնտեղից և պատվով ու շուքով բերավ արքայի մոտ:

Թագավորը, տեսնելով հորաքեռորդուն ողջ և առողջ, ուրախացավ և փարելով իշխանին` ասաց:

Միայն ի պատիվ քո ազատության` ներում եմ ես ոստիկանին: Թո՛ղ ապրե նա յուր ապարանքում և վայելե մեր Դվնո բարիքները:

Ապա Սյունյաց հարազատները հանդիպեցին միմյանց և ցնծության արտասուքն աչքներին փարեցին իրար: Նրանց ուրախության մասնակցեցին բոլոր իշխանները:

Այնուհետև թագավորը Գևորգ սպարապետի և բոլոր իշխանների ու զորքերի ուղեկցությամբ դիմեց ս. Գրիգորի տաճարը, գոհություն մատուցանելու աստծուն այն մեծ հաջողության համար, որ նա պարգևեց իրանց: Արքային դիմավորեց Դվնո հոգևորականությունը եկեղեցական շքեղ թափորով:

Տաճարից դուրս գալուց հետ Աբաս թագավորը գնաց Տիկնունի կոչված պալատը, որ թեպետ մյուս ապարանքների նման գրավված էին արաբացիք, բայց սպարապետն շտապել, պատրաստել էր տվել արքայի բնակության համար:

Հետևյալ օրն ազատեցին նաև կաթողիկոսարանը` հալածելով այդտեղից արաբական պաշտոնյաներին: Դրա հետ միասին խլեցին նաև մյուս արքայաշեն ապարանքներն ու աչքի ընկնող շինությունները, որոնցից ամեն մինը գրաված ուներ մի ամիրա:

Երբ Գևորգ Մարզպետունին առաջին անգամ մտավ կաթողիկոսարանի մեծ դահլիճը, ուր առհասարակ դրված էր լինում հայրապետական գահույքը, զգացվեց և արտասվեց:

Ահա՛ վերջապես ազատեցինք և կաթողիկոսարանը, — բացականչեց նա հուզված ձայնով, — բայց ո՞ւր է կաթողիկոսը, ո՞ւր է նրա գահույքը... ինչո՞ւ այդ մարդը չհամբերեց այնքան, որ աստուծո աջը օգնության հասներ...

Նա ակնարկում էր հանգուցյալ Հովհաննես կաթողիկոսին, որ յուր թույլ և կամազուրկ բնավորության շնորհիվ պատճառ դարձավ կաթողիկոսական գահը դեպի հեռավոր Աղթամար փոխադրելու:

Այսուամենայնիվ ընդհանուր ուրախությունը մեծ էր, որովհետև, մայրաքաղաքը վերջ ի վերջո գրավվեցավ հայոց քաջերի ձեռքով:

Ը

ՏԱՍՆ ԵՎ ՀԻՆԳ ՏԱՐՈՒՑ ՀԵՏՈ

Դվնո առումից հետո անցել էին տասն և հինգ երկար տարիներ: Այդքան ժամանակի մեջ Աբասը թագավորում էր խաղաղությամբ: Հայաստանի ժողովուրդը մոռացել էր արդեն թշնամիների հարձակումը, հափշտակության, ավազակության և նման արհավիրքների գոյությունը: Շինականն ազատ արօրադրում ու սերմանում էր արտը, այգեպանը` դարմանում յուր որդերը, պարտիզպանը` յուր ծառերը, առանց երկյուղ կրելու, թե` ահա մի որևէ անակնկալ հարձակում կավերե, կոչնչացնե յուր նեղության և քրտանց արդյունքները: Այդպիսով խոպան դաշտերը, ոստաքանց այգիները, ոտնակոխ պարտեզները նորեն մշակվել, գեղազարդվել էին և լցվել բնության բազմազան բարիքներով: Լիության եղջյուրը սփռել էր ամեն տեղ յուր առատ պարգևները: Եվ որովհետև երկրի խաղաղությունը երկար ժամանակ չխանգարվեց, ուստի ոչ միայն հեռավոր կողմեր փախչողները վերադարձան, այլև ուրիշ տեղերից խաղաղակյաց ժողովուրդներ գունդագունդ Հայոց երկիրը գաղթեցին, որովհետև գյուղերը բազմամարդացան, քաղաքները բարգավաճեցին, արհեստները ծաղկեցան և առևտուրը կենդանանալով` երկրի մեջ էլ շահավոր շարժում ու կենդանություն ստեղծեց:

Եվ որովհետև երկրի խաղաղ դրությունից կախում ուներ նաև դպրության ու արվեստի բարգավաճումը, ուստի Հայաստանի այն վանքերը, որոնք խռովության օրերից արդեն ամայացել և շատերն էլ ավերվել էին, նորեն սկսան շենանալ և բարեկարգվիլ: Որովհետև այս ու այն կողմերը փախած կամ տարագիր եղած առաջնորդներն ու միաբանները նորեն դարձան դեպի իրանց Ուխտերը, ավերվածները նորոգեցին, քանդածները շինեցին, միաբանակիցներ ժողովեցին և փութաջան աշխատությամբ սկսան այդ վանքերում ուսումն ու դպրությունը ծաղկեցնել: Եվ որովհետև Հայոց վանքերը Մեծին Ներսեսի և Ս. Սահակա օրերից սկսած` դպրություն տարածելուց և ժողովրդի հոգևոր պետքերը հոգալուց զատ` պաշտոն ունեին նաև տկարները խնամելու, հիվանդները դարմանելու, օտարները ժողովելու և այլն, ուստի այդ վանքերից շատերում հիմնվեցան նաև որբանոցներ, հիվանդանոցներ, հյուրանոցներ և ուրիշ կարևոր ապաստարաններ:

Այդ բոլոր հասարակական հաստատություններին հովանավորում էր ինքը Աբաս թագավորը` ոմանց նպաստելով արքայական գանձարանից, ոմանց կալվածներ նվիրելով, ուրիշներին հասույթներ սահմանելով, և այլն, և այլն:

Այդպիսով Աբաս թագավորի օրով ոչ միայն եղած վանքերը բարեկարգվեցան, այլև նորերը հիմնվեցան և ծաղկեցին, ինչպես օրինակ` Արշակունյաց գավառի «Կամրջաձորի վանքը», որ 300-ից ավելի միաբաններ ուներ: Նույն գավառի «Կապուտաքար վանքը», որ հայտնի էր յուր առաջադեմ վանականներով: Շիրակ գավառի «Հռոմոսի վանքը», որ նշանավոր եղավ յուր հյուրանոցով, ուր կարոտները ոչ միայն կերակուր, այլև հանդերձներ էին ստանում: Նույն գավառի «Դպրեվանքը», որ անշուշտ հայկական դպրությունը գերազանցապես ծաղկեցնելու համար նույն անունն ստացավ: Դերջան գավառի «Խլաձորի վանքը», որ Սիոն անունով մի ճգնավոր շինեց, որով ապացուցում էր թե` երկրի մեջ տիրող խաղաղության շնորհիվ որ աստիճան էր հոգեկան գործերով պարապելու եռանդը զարգացել: Այդպիսի ոգևորության արդյունք էին` Խարբերդ գավառի «Մովսիսավանքը», Կարնո «Հնձուց մենաստանը», Վայոց-ձորի «Ցախյաց վանքը», որոնք հայտնի եղան իրանց շինարար միաբանություններով. և վերջապես, Ռշտունյաց գավառի «Նարեկա վանքը», որ հայ ազգին տվավ փիլիսոփայության և բանաստեղծության մեջ հայտնի վարդապետներ: Ինչպես օրինակ` Անանիա Նարեկացուն, որ Թոնդրակեցոց հաղթահարիչը եղավ, և աստվածային ողբերգակ Գրիգոր Նարեկացուն, որ յուր բանաստեղծական անզուգական հանճարով կարողացավ արժանապես երգել Ահավոր Հավիտենականի հզորությունն ու բարությունը, որի հոգեբուխ աղոթքները դարուց ի դարս մրմնջացին Հայոց բարեպաշտները...

Եվ սակայն խաղաղության տարիների բերած անդորրությունը չթուլացրեց թագավորի քաջազնական եռանդը: Նա թեպետ մեծ ուշադրություն դարձրեց երկրի ներքին բարեկարգության վրա, որի մեջ և գտնվում էր ժողովրդի իսկական երջանկությունը, այսուամենայնիվ, բարձիթողի չարավ նաև արտաքին թշնամիներից քաջապես պաշտպանվելու միջոցները: Որովհետև գիտեր, որ յուր երկիրը շրջապատված է անկիրթ և բարբարոս դրացիներով, որոնք եթե ոչ այսօր, գուցե վաղը հարձակվեին յուր վրա, եթե իմանային, որ ինքը զուրկ է պաշտպանության միջոցներից:

Այս նպատակով Արքայական բանակը զորացնելու գործը իշխան Մարզպետունուն հանձնելով` ինքն զբաղվեցավ Արքայական գահի համար ապահովագույն մի կայան ընտրելու և արհեստի ամեն կատարելությամբ նրան ամրացնելու գործով: Որովհետև Երազգավորսը զուրկ էր անհրաժեշտ ամրություններից, իսկ Դվինն ընդարձակ դաշտի վրա լինելով` մեծ ուժ էր պահանջում պաշտպանվելու համար:

Եվ որովհետև Վանա անառիկ բերդի պատկերը չէր հեռանում թագավորի աչքի առջևից, ուստի նա մտածում էր նույնպիսի մի ամրություն, եթե չգտնվի իսկ, ստեղծել յուր երկրում, որպեսզի յուր նախորդների կրած նեղություններից ընդմիշտ ազատ մնա ինքը:

Այս դեպքում, իհարկե, նա խորհուրդ արավ Գևորգ Մարզպետունու հետ, որ ռազմագիտական փորձառության հետ միասին քաջածանոթ էր, մանավանդ, հայրենի երկրին և սա ամենից հարմար և բնական ամրություններով օժտված տեղը` Վանանդ գավառի Կարս քաղաքը գտավ, որ նորա ասելով, կարող էր գահի համար ապահով ու զորավոր կայան դառնալ:

Այդ բերդաքաղաքը, հին ժամանակներում պատկանում էր քաջազգի Վանանդացոց նախահայրերին: Բայց բուն սկզբնավորությունն անհայտ էր մարդկանց և, հարկավ, վերաբերում էր անհիշատակ ժամանակներին: Նա բազմած էր ուղղակի Վանանդ գավառի սրտում` Կարուց գետի վրա և օժտված էր բնական շատ մի ամրություններով:

Արևմտյան և հյուսիսային կողմից նրան արմնկաձև պատում էր գետը, որ ուներ խոր հատակ և ժայռապատ ափունք, որոնք և քաջապես պաշտպանում էին նրան այդ կողմից: Իսկ արևելյան և հարավային կողմից բարձրանում էին պարիսպներ և ժայռաշեն աշտարակներ, որոնք և կազմում էին այդ կողմի ամրությունները:

Քաղաքի հյուսիս-արևմտյան անկյունում գտնվում էր միջնաբերդը, որ բարձր և անկռվելի քարափանց վրա թառած, պաշտպանվում էր միայն բնության ստեղծած ամրություններով, այն է, երկու կողմից` գետի խորահատակ հոսանքով և առապար ափափաներով, իսկ մյուս երկու կողմից` ուղղաբերձ և պարեխավոր ժայռերով, որոնք անմատչելի էին դարձնում նրան նույնիսկ ճարպիկ քարագնացներին:

Այդ տեղը ընտրելով յուր համար աթոռանիստ, Աբաս թագավորը նախ և առաջ սկսավ միջնաբերդը զորացնել, ըստ որում նրա ունեցած ամրությունները բավական չէր համարում:

Եվ այսպես չգոհանալով բնության ստեղծագործությամբ, նա ավելացրեց նրա վրա արհեստի գյուտերը: Նախ միջնաբերդի շուրջը պատեց հզոր պարիսպով և ատամնավոր աշտարակներով, իսկ բերդի շուրջը քաջապես դիտելու համար` նրա արևելյան անկյունում կանգնեցվեց բարձր և մեծամուր բուրգ: Բերդի մուտքերը փակեց երկաթյա դռներով, իսկ նրանց առաջ կանգնացրեց քարաշեն պատնեշներ: Ապա բերդի ներսում շինեց մթերանոցներ զենքերի և պաշարի համար, իսկ դրանց մեջտեղում փորել տվավ ահագին ջրամբար, երեք հարյուր քարակտուր սանդուղքներով, որոնց վերջինը հավասարվում էր քաղաքի հատակին: Դրանով ջրի պաշարը, որ հաճախ անձնատուր լինելու պատճառ էր դառնում, ապահովվում էր ընդմիշտ:

Միջնաբերդի ամրությունները վերջացնելուց ետ, թագավորն սկսավ քաղաքն ամրացնել: Նախ` նրա արևելյան և հարավային կողմերը պատեց կրկին պարսպով, քառակուսի աշտարակներով և դժվարամատույց պատնեշներով: Ապա նույն կողմերից փորեց ահագին խրամ, որ և միացնելով քաղաքի արևմուտքն ու հյուսիսը փակող գետի հետ, քաղաքը յուր միջնաբերդով և քառակուսի դիրքով գրեթե կղզիացրեց: Եվ որովհետև Կարսը երեք կողմերից, այն է` Արևելքից, Արևմուտքից և Հյուսիսից շրջապատված էր թումբերով, բլուրներով և խորաձորերով, ուստի թագավորն այդ ամենի վրա հարմարավոր դիրքեր ընտրելով, կանգնեցրեց բազմաթիվ մարտկոցներ և փոքրիկ, պատնեշապատ բերդեր, որոնք պատերազմի դեպքում պիտի ծառայեին քաղաքին իբրև հառաջապահ պատնեշներ:

Այդ բոլոր տեղերը նա լցրեց զորքերով, պահակախմբերով և պատերազմական զենքերով ու մեքենաներով:

Այդ ամենը վերջացնելուց ետ, թագավորն սկսավ քաղաքը բարեկարգել: Նախ այդտեղ շինեց Արքայական հայակապ ապարանք, իսկ միջնաբերդում գեղեցիկ դղյակ, որից հետո և Աթոռը Երազգավորսից փոխադրեց Կարս և վերջինս հռչակեց Արքայանիստ Ոստան: Ապա սկսավ զարդարել նրան նորանոր շինություններով, գեղեցիկ սարավույթներով, հասարակական ապաստարաններով, բաղնիքներով, ագուգաններով, նոր ուղիներով և կամարազարդ կամուրջներով:

Այս պատճառով Արքայական Ոստանը կարճ ժամանակի մեջ լցվեցավ բազմաթիվ ու բազմազան բնակիչներով, որոնք և հիմնեցին այդտեղ ազգ արհեստանոցներ, ոստանայնկության գործարաններ, ընդարձակ զինարաններ և անընդհատ երթևեկությամբ ու կենդանի տուրևառով Կարսը դարձրին բազմամբոխ և շահավաճառ քաղաքներից մինը:

______

Հասավ 943 թվականը: Այդ տարին բոլորում էր Աբաս արքայի գահակալության տասն և հինգերորդ տարեդարձը և սակայն դեռ նոր էր ավարտվում Կարսի գլխավոր շինություններից մինը, որի հիմքը դրվել էր 13 տարի առաջ:

Դա սուրբ Առաքելոց հոյակապ եկեղեցին էր, որ բարեպաշտ թագավորը հիմնարկեց 930 թվականին, իբր յուր գահակալության առթիվ առ Աստված ուղղած շնորհակալյաց առհավատչյա: Նա գտնվում էր Միջնաբերդի ստորոտում, գեղադիր բարձրավանդակի վրա և կառուցված էր ժամանակակից ճարտարապետության կատարելությամբ: Արտաքուստ նա հոյակապ էր, քանդակազարդ և ուներ բոլորշի-ութանկյուն ձև: Իսկ ներքուստ կերտված էր խաչաձև, բաժանված տասներկու երեսների վրա, որոնցից ամեն մինը կրում էր առաքյալներից մինի պատկերը: Սրածայր գմբեթը բարձրանում էր անսյուն կամարների վրա և յուր փայլուն խաչով հովանավորում էր թե՛ յուր շուրջն ապրող բարեպաշտ ժողովրդին և թե՛ հեռու, ժայռերի տակ շառաչող Կարուց գետակին:

Որովհետև Ս. Առաքելոց եկեղեցու ավարտման հետ միասին, ինչպես ասացինք, լրանում էր նաև Արքայի գահակալության տասն և հինգ ամյակը, և այդ բոլոր ժամանակ հայրենիքն ու ժողովուրդն ապրել էին խաղաղ երջանկության մեջ. ուստի Աբաս թագավորը ցանկացավ այդ առթիվ շքեղ նավակատիք կատարել:

Այս նպատակով նա կարգադրեց` հրավեր ղրկել նաև կաթողիկոսին և ապա յուր երկրի իշխաններին, նախարարազուններին, ազնվականության, հոգևոր միաբանություններին և նույնիսկ դրացի իշխողներին, որպեսզի ամենքը հավաքվեն արքայանիստ Կարսը, յուր կառուցած տաճարն օծելու և նրա նավակատիքը տոնելու:

Այդ դեպքից կամեցավ օգուտ քաղել Մարզպետունի իշխանը և ազատվել այն երդման կապանքներից, որով նա կաշկանդել էր իրան Գառնո ամրոցում:

Չնայելով, որ նա անօրինակ անձնվիրության, աննման հայրենասիրության և անխոնջ ջանքերի շնորհիվ Հայրենիքն արդեն վայելում էր անդորրություն, իսկ գահը` ապահովություն, այսուամենայնիվ նա դեռ իրան կապված էր համարում Գառնիում արած ահավոր երդումով:

Նա խոստացել էր հալածել Հայաստանից վերջին հագարացին և մինչև որ այդ չաներ, չպիտի վերադառնար յուր ընտանյաց գիրկը, չպիտի ոտք դներ սեփական հարկի տակ:

Եվ այս պատճառով, չնայելով, որ հագարացիք արդեն ջախջախվել, ետ էին քաշվել, չնայելով, որ Դվինը գրավվել էր հայերից, և արաբական իշխանությունն էլ չէր համարձակվում գավազան շարժել հայ ժողովրդի դեմ, այսուամենայնիվ, որովհետև Դվնում դեռ արաբացի ամիրաներ էին նստում, իսկ Հայաստանի նահանգներում ապրում էր խաղաղ հագարացի ժողովուրդ, որին պատճառ չկար հալածել երկրի միջից և իզուր տեղը Արաբացոց Ամիրապետի արդար զայրույթը գրգռել, այս պատճառով Մարզպետունի իշխանը մնացել էր Գառնիից տարագիր, ասելով թե` որովհետև Աստված չհաջողեց ինձ բոլոր հագարացիներին Հայաստանից վռնդել, ուրեմն նա չի կամենում նաև իմ վերադարձը:

Այս պատճառով այդ բոլոր տարիների ընթացքում նա ապրում էր թագավորի մոտ, երբեմն Երազգավորսում, իսկ վերջերը Կարսում: Նրան այցելելու գալիս էին թե՛ Գոհար իշխանուհին, թե՛ Շահանդուխտ հարսը և թե՛ Գոռ որդին: Բայց ինքը երբեք չէր գնում նրանց մոտ:

Այսուամենայնիվ, որովհետև իշխանը դեպի ծերություն էր գնում. և նրա մազերը արդեն սպիտակել էին, ուստի վերջին տարիներում նրա մեջ ծնվել էր ցանկություն` խնդրել կաթողիկոսից ազատել իրան երդման կապանքներից, որպեսզի, գոնե` մեռած ժամանակ կարողանա թաղվել Գառնո ամրոցում, ս. Մաշտոցի գերեզմանի մոտ:

Ծերությունը շատ անգամ բերում է յուր հետ այնպիսի քնքուշ ցանկություններ, որոնք երիտասարդ զգացմունքների համար տղայական են թվում, բայց կյանքի դառնագույն փորձերից անցնող և աշխարհի ունայնության իսկությունն ըմբռնող հոգիները հասկանում ու հարգում են այդ ցանկությունները:

Այդ էր պատճառը, որ երբ Աբաս թագավորն իմացավ, թե յուր սիրելի Սպարապետը ցանկանում է Արքայաշեն եկեղեցու Նավակատյաց տոնին երդման լուծումն առնել կաթողիկոսից, շտապեց օր առաջ ղրկել Վեհափառին յուր հրավերը, որպեսզի դրանով հաճույք պատճառե Հայրենիքի բարերարին:

Հազիվ սկսել էին Կարսում նավակատյաց տոնի պատրաստությունները տեսնել, և ահա մի անակնկալ դեպք Արքայի և Սպարապետի մտադրությունը խանգարեց:

Տայոց իշխանը լուր տվավ նրանց, թե` Ափխազաց Բեր թագավորը ծանր զորքով մտել է յուր նահանգը և այնտեղից էլ առաջանում է Գուգարք:

Միջանկյալ պետք է ասել, որ Ափխազաց թագավորը` Աբաս Արքայի գահակալության օրերից արդեն` հեռացած էր Հայաստանի սահմաններից: Որովհետև երբ նա իմացավ, թե Հայոց Հյուսիսային ու հարավային իշխանությունները միացել են և ընդհանուր ուժով Դվնո վրա են գալիս, ինքը, չնայելով, որ այդ ժամանակ Ցլիկ-Ամրամի հետ ունեցած դաշնադրության զորությամբ գրաված էր Հայոց աշխարհը և դեռ սպառնում էր Գուգարքին, այսուամենայնիվ, վախենալով միացյալ զորության հետ ընդհարվելուց, յուր զորքերը հետզհետե Հայոց աշխարհից հանեց: Իսկ երբ Դվնո առման լուրը հասավ իրան, նա դատարկեց այդ նահանգի նույնիսկ յուր սահմանին մոտ եղող բերդերը և զորքերն առնելով` քաշվեց Ափխազիա:

Բայց որովհետև Հայաստանի խաղաղությունը, ընդհանրապես, խաղաղություն էր բերում նաև դրացի երկրներին, ուստի այդ հանգամանքը, շատ անգամ, ծառայում էր ի վնաս Հայոց շահերին: Եվ ահա թե ի՞նչ պատճառով:

Հայաստանը, գտնվելով Միջին և Փոքր-Ասիայի, այլև Կովկասային երկրների մեջտեղում, հաճախ մի կողմից դեպի մյուսն արշավող ազգերի համար ծառայում էր կամ իբրև կամուրջ և կամ իբր պատնեշ: Այնպես որ` հարավից դեպի հյուսիս, կամ արևելքից դեպի արևմուտք անցնել ուզող աշխարհակալները կամ հակառակորդ ազգերը, ամենից առաջ ընդհարվում էին Հայաստանցոց հետ: Եթե սրանց ընկճում էին, այն ժամանակ ազատորեն դիմում էին դեպի մտադրյալ նպատակը, իսկ եթե, ընդհակառակը, հաղթվում էին սրանցից, այն ժամանակ հետ էին քաշվում և այդպիսով Հայոց դրացիները, նույնիսկ Հայոց զոհաբերության գնով, ազատվում էին սպառնացող չարիքից: Այդպես սկսվել էր դարերից ի վեր և այդպես շարունակվում էր:

Եվ հենց այդ պատճառով, Հայաստանի խաղաղ եղած ժամանակ, նրա դրացի ազգերն էլ խաղաղություն էին վայելում: Բայց փոխանակ դրա համար քաջ կամ նահատակ Հայերին շնորհակալ լինելու, ընդհակառակը` Հայոց շնորհիվ ձեռք բերած այդ խաղաղության արդյունքը, որ լինում էր իրանց զորանալը, գործ էին դնում հենց բարերար դրացու դեմ:

Այդպես էլ արին Ափխազցիները:

Աբաս Արքայի գահակալության օրով, ինչպես Աղվանները, Վրացիք, Եգերացիք, Խաղտիացիք, Քուրելացիք, Մկրելցիք և մյուս հյուսիսային ազգերը, նույնպես և Ափխազցիք` վայելում էին կատարյալ անդորրություն: Իսկ դրա հետևանքը եղել էր այն, որ նրանք ներքին բարեկարգություններով զբաղվելու ժամանակ գտնելով, հետզհետե զորացել էին: Տասնևհինգ տարուց ետ, Բեր թագավորը նորից հիշեց Ցլիկ-Ամրամի հետ ունեցած դաշնադրությունը, որի զորությամբ Հայաստանի հյուսիսային նահանգները իրան պիտի անցնեին, բայց որոնցից նա զրկվել էր այդ ժամանակ` մասամբ Վահրամ Սեպուհից հալածվելով և մասամբ Հայոց միությունից վախենալով: Իսկ այժմ որովհետև իրան բավական զորեղ էր զգում Հայոց թագավորի հետ ընդհարվելու, ուստի հիշեց հին դաշնադրությունը: Եվ չնայելով, որ Ցլիկ-Ամրամն արդեն մեռած, իսկ ինքը Ափխազիայում նրան տված գավառները նորեն գրաված էր, այսուամենայնիվ, ցանկացավ օգուտ քաղել եղած դաշնադրությունից: Եվ հավատացած լինելով թե` կարող է ցանկացած նահանգները բռնությամբ խլել հայերից, մեծ զորք ժողվեց և մտավ Տայոց երկիրը:

Աբաս թագավորն այդ լուրն առնելով` շվարեց, որովհետև չէր կամենում պատերազմ սկսել որևէ դրացու հետ: Նա գնահատում էր խաղաղության արժեքը և, մանավանդ, խնայում զորքերի կյանքը, որոնց սիրում էր յուր որդիների պես: Բացի այդ, Բերը յուր աներձագն էր, ուստի հույս ուներ թե` կարող է առանց պատերազմի` բանավոր հորդորներով համոզել և վերադարձնել նրան յուր երկիրը:

Այս պատճառով թագավորը խորհուրդ արավ Գևորգ Սպարապետի հետ, և ինքնագիր նամակ գրելով Բերին, հարցրեց նրան թե` ինչո՞ւ համար է զորքով յուր երկիրը մտել: «Եթե մի կարևոր պատճառ քեզ չէ ստիպում իմ և քո երկրների խաղաղությունը վրդովել, ավելացնում էր թագավորը յուր նամակում, ապա ուրեմն հիշիր որ ես քո քեռայրն եմ և քրիստոնեա դրացիդ. հետևապես իմ բարեկամությունն ավելի շահ կարող է բերել քեզ, քան քո թշնամությունը: Մտածիր ուրեմն լրջությամբ, հեռացիր աշխարհակալ ցնորքներից և գիտցիր, որ այն ազգը, որ ստիպեց քեզ լուռ մնալ տասնևհինգ երկար տարիներ, կստիպե այժմ հավիտյան լռել, եթե չես կամենալ հոժարությամբ քո երկիրը վերադառնալ»:

Նամակը թագավորը հանձնեց Գոռ իշխանին, որպեսզի սա, Ափխազաց թագավորից անհաջող պատասխան առնելու դեպքում, ուշի ուշով ծանոթանա նրա պատերազմական զորության հետ և այնպես վերադառնա Կարս:

Մինչև, Գոռ իշխանի հասնիլն` Ափխազաց թագավորը հառաջացել էր դեպի Գուգարք և մտնելով նրա Արտահան գավառը, բանակ էր դրել Կուր գետի աջ ափին, Արտահան բերդից դեպի հյուսիս:

Իշխանը հասնելով Ափխազաց բանակը, ներկայացավ թագավորին:

Վերջինս էլ առաջվա նրբակազմ երիտասարդը չէր: Նա պարարտացել էր և մարմինը յուր բարձր հասակի համեմատ աճելով, տվել էր նրան մի զորեղ հսկայի կերպարանք: Երիտասարդական դեմքը փոխվել էր առնականի, աղու աչքերը դարձել խստահայաց, իսկ քնքուշ, միշտ ժպտացող երեսը` ծածկվել հարուստ ընչացքով ու մորուքով, որոնք նրան դարձնում էին խիստ խոշորագեղ:

Բերը Գոռ իշխանին ընդունեց յուր վրանում, բայց կարի սառնությամբ և առնելով նրանից Հայոց թագավորի նամակը, տվավ յուր դպրապետին` հրամայելով նրան կարդալ ի լուր Ափխազաց իշխանների:

Նամակի ընթերցանության ժամանակ նա դեմքի վրա խաղացնում էր արհամարհական ժպիտ, իսկ երբեմն էլ հոնքերը պռստելով` պատրաստվում էր կարծես շանթ ու կրակ թափելու:

Երբ դպրապետը հասավ վերջաբանին, ուր Աբասն ասում էր` «Հայերը կստիպեն քեզ հավիտյան լռելու, եթե չես կամենալ հոժարությամբ քո երկիրը վերադառնալ», Բերը զայրույթից կատաղեց:

Գնա՛ և ասա՛ քո թագավորին,-որոտաց դեպի Գոռը, — որ ես կարևոր չեմ համարում բացատրել նրան, թե ի՞նչ պատճառով եմ յուր երկիրը մտել: Այսքանը միայն կասեմ, որ ես լսե՛լ եմ թե` նա նոր ու հոյակապ եկեղեցի է կառուցել Կարսում և պատրաստվում է նրա օծման նավակատիքը կատարել: Ասա՛, որ ես եկել եմ այդ եկեղեցին Վրաց ծեսով օծել տալու և մինչև որ ես չմտնեմ Կարս, նա չպիտի համարձակի որևէ հանդես կատարել...

Next page