Մուրացան՝   Գևորգ Մարզպետունի

Այո՛, այդ ամենի մասին պատմել է Գևորգ իշխանը, — հարեց թագուհին:

Այս հաջողությունների լուրն արդեն բավական եղավ սթափեցնելու հայոց իշխաններին իրանց թմրությունից, — շարունակեց Սեդան:

Բոլորը կարծես միաժամանակ ոգևորվեցան: Գագիկ Արծրունին Վասպուրականից սկսավ վռնդել հագարացիներին: Անձևացյաց և Մոկաց իշխանները իրանց երկրներից հալածեցին Յուսուփա զորքերը: Հյուսիսային նահանգներից էլ մեր ասպատակները քշեցին նրանց: Այնպես որ Յուսուփը հանկարծակիի եկածի նման մնացել էր շվարած: Երբ իմացավ, որ Աշոտ թագավորն էլ հունաց օգնական զորքերովն է վերադառնում Հայաստան, էլ սարսափը պատեց նրան. առանց ժամանակ կորցնելու ելավ և յուր մնացած զորքերով փախավ Դվինից դեպի Ատրպատական: Թագավորը վերադարձավ հաջողություններով պսակված: Առանց աշխատության տիրեց կրկին հագարացիների գրաված երկրներին: Մի քանի տեղ, ճշմարիտ է փոքրիկ ընդդիմություններ եղան, բայց հունաց և հայոց միացյալ ուժի առաջ ամեն արգելքներ հարթվեցան: Մեր աշխարհը կրկին խաղաղվեց, ժողովուրդը շունչ, առավ, արտերն ու այգիները կանաչեցին, երկիրը բերքերով լցվեցավ և մարդիկ սկսան ոչ միայն առօրյա հանգստություն վայելել, այլև ուրախության տոներ կատարել.

Կարծեմ ամենից առաջ իմ տագր Աբասն սկսավ:

Արքաեղբա՞յրը... Այո՛: Թագավորը դեռ չէր վերադարձել՝ որ նա գնաց և ափխազաց Գուրգեն մեծ իշխանի դստեր հետ ամուսնացավ: Չէ՞ որ վաղուց սիրում էին նրանք իրար:

Գիտեմ. թագավորի թագադրության օրերից: Իմ աչքի առաջ սկսվեցավ նրանց բարեկամությունը...

Այո՛, Դվինում. մի փոքր առաջ պատմում էիր: Բայց ժողովուրդը բամբասում էր նրան, որ մեծ և թագավոր եղբորից առաջ պսակվիցավ:

Իզուր: Երևի Ափխազիայի օրիորդը առավել գրավիչ և զորեղ էր, քան Սահակ Սևադայի աղջիկը, ինչ կա այդտեղ բամբասելու:

Ո՛չ, իմ թագուհի, անակնկալ դեպքերն ուշացրին ձեր հարսանիքը: Չէ՞ որ Յուսուփ ոստիկանը թագավորի` հունաց հետ միաբանելը լսելով` շտապել էր մի ընտանի և զորեղ թշնամի պատրաստելու նրա դեմ: Սատանայական խորամանկությամբ նա թագ դրավ Աշոտ սպարապետի գլուխը և ուղարկեց Հայաստան:

Այո՛, որպեսզի հարազատը հարազատի դեմ կանգնեցնելով` երկուսին էլ ուժասպառ անե:

Եվ եղբայրասպան կռվով հայոց զորքերը տկարացնելով` անաշխատ տիրե մեր երկրին:

Հասկանալի է: Այդպես էլ նա արավ Գագիկ Արծրունու հետ, որպեսզի Սմբատ թագավորի ուժը ջլատե: Բայց վերջում, որովհետև Գագիկը հեռացել էր իրանից, սպարապետին առաջ քաշեց: Դա մի հին խաղ է, որով մեր թշնամիներն աշխատել են միշտ մեզ տկարացնել: Չէ՞ որ ավելի ձեռնտու է նրանց, որ հայերը միմյանց ջարդելով ոչնչանան, քան թե իրանք սեփական զորքեր բերեն այստեղ հայերի հետ կռվելու: Ի՞նչ է պակասում թշնամուն, մեկին թագ կընծայե, մյուսին իշխանություն կտա, այդ տիտղոսներով նրանց փառամոլությունը կգրգռե և միմյանց դեմ կզինե: Իսկ երբ նպատակին կհասնե, թագն էլ կխլե, իշխանությունն էլ: Այդպես անում են բոլոր խարդախ տիրապետները. իսկ փառքի և անձնական շահու համար ազգ վաճառողներ ամեն երկրում կան:

Այո, թագուհի. սպարապետը գիտեր Յուսուփի խորամանկ նպատակը, բայց և այնպես չխղճահարվեցավ հայրենիքի շահը յուր փառամոլության զոհելու: Իբր հակառակաթոռ թագավոր` սկսավ եղբայրասպան կռիվ մղել յուր հորեղբոր որդու և ազգի օրինավոր թագավորի դեմ: Կոտորածներ արավ, գյուղեր ու ավաններ քանդեց, քաղաքներ առավ, մինչև որ վերջապես Վաղարշապատի մոտ թագավորական զորքերից չարաչար հաղթվելով փախավ Դվին: Ահա` Աշոտ բռնավորի այս չարիքներն էին պատճառ, որ արքայական հարսանիքն ուշացավ: Թագավորը կամենում էր երկիրն ամեն կերպ խաղաղացնել և ապա թե տոնական հանդեսներով զբաղվիլ:

Եվ դու, Սեդա, հիշում ես բոլորը, այնպես չէ՞...

Օ, այնպես, որպես թե երեկ կատարվեցավ:

Եվ, իրավ, որքա՜ն քիչ ժամանակ է անցել, ընդամենը երկու տարի... աստված իմ... Եվ այս կարճ ժամանակում այսքան երկա՜ր ապրել...

Ի՞նչ, երկա՞ր ապրել ասացիր...

Այո՛, Սեդա, շատ երկար տանջվեցի... Ինձ թվում է, թե տասնյակ տարիներ են անցել: Քսանհինգամյակս դեռ չէ բոլորել, և սակայն վաղուց պառավել եմ ես...

Դու դեռ այնպես գեղեցիկ ես, ինչպես մի հրեշտակ:

Հա՜, հա՜, հա՜... խեղճ Սեդա... գեղեցիկ եմ, բայց ո՞ւմ համար, ո՞ւմն է պետք քո թագուհու գեղեցկությունը:

Դու դարձյալ տխրում ես...

Հիշում եմ ինչպես այսօր: Ես կանգնած էի դղյակի վերին դստիկոնում. ինձ հետ էին մանկահասակ նաժիշտներս... Ներքև, ամրոցի բակում, հայրս պատվերներ էր տալիս մի խումբ գարդմանացի հեծյալների, որոնք նույն գիշեր ևեթ պիտի ճանապարհվեին դեպի Աղստև, որպեսզի այնտեղ գտնվող մեր մի զորագունդը առաջնորդեին դեպի Վաղարշապատ, թագավորին օգնություն հասցնելու: Հանկարծ հեռվում, Գարդմանա կամուրջից այն կողմը, մի կարմիր դրոշակ նշմարեցի, որ կարծես թռչում էր օդի մեջ: «Աղջիկներ, ի՞նչ բան է այն», հարցրի նաժիշտներիս: Բոլորը միասին այն կողմը նայեցին: Եվ մինը, որ ամենից սրատեսն էր, հանկարծ աղաղակեց. «Ավետաբերն է»: — Ավետաբե՞ր... — հարցրի մեքենայաբար և սիրտս սկսավ տրոփել... Սա ուրեմն թագավորի կողմիցն է, — մտածեցի ես, և ուրախությունից շունչն բռնվեցավ... Եթե հիշում ես, քիչ ժամանակ առաջ ապստամբեցան Գուգարաց վերակացու Գնթունի իշխանները: Թագավորը Աբաս տագերս հետ միասին գնաց և նվաճեց նրան: Ապա երկուսը միասին հյուր գնացին ափխազաց Գուրգեն մեծ իշխանին: Ահա՛, թագավորի այդ բացակայությունից օգտվելով` բռնավոր Աշոտը եկավ և Վաղարշապատը գրավեց: Թագավորը և Աբաս եղբայրն անմիջապես վերադարձան Ափխազիայից և դիմեցին Վաղարշապատ: Գարդմանից նրանք անցել էին գիշեր ժամանակ: Հորս հետ տեսնվել էր թագավորը միայն մի քանի վայրկյան, իսկ ինձ թույլ չէր տվել, որ արթնացնեին: Նույնիսկ ձեզանից ոչ ոք չէր իմացել թագավորի գալն ու Գարդմանից անցնելը:

Այո՛, որովհետև նա նպատակ էր ունեցել հանկարծ հարձակվելու Աշոտ բռնավորի վրա: Ոչ ոք չպետք է այդ իմանար:

Այդպես է. բայց ճանապարհվելուց հայտնել էր հորս, թե՛ «եթե սուրբ կաթողիկեն օգնե ինձ այս անգամ բռնավորը յուր պարիսպներից վանելու, ավետաբեր կուղարկեմ քեզ կարմիր դրոշով, և ապա կվերադառնամ Գարդման մեր հարսանիքը տոնելու»: Եվ այդ գիտեի ես, Սեդա, հայրս հայտնել էր ինձ արդեն. ուրեմն կարող ես երևակայել, թե ի՛նչ հրճվանք, ի՛նչ ուրախություն տիրեց իմ հոգուն, երբ կարմիր դրոշը նշմարեցի...

Երևակայում եմ:

Եվ այս բանը հորս հայտնել չկարողացա. լեզուս կարկամել էր ուրախությունից: Վերջը, երբ նաժիշտներից մինը ճչաց վերևից. «Իշխան, ավետաբեր է գալիս», և հայրս կարծես չհավատալով նրան` հարցական հայացքով նայեց դեպի ինձ, ես ուրախությունից կիսահագած` «Այո՛, Այո՛, կարմիր դրոշով», ճչացի նույնպես և վազեցի ներքև: Երեսս հրճվանքից վառվում էր: Հիշո՞ւմ ես դու այդ օրը, Սե՛դա:

Եվ կարելի՞ է մոռանալ այն: Բոլոր ամրոցը ցնծում էր ուրախությունից: Իշխանը մի ընտիր սուր, մի նժույգ և շատ ոսկիներ պարգևեց ավետաբեր զորականին: Նա մեր այժմյան բերդակալը` Մուշեղն էր, այնպես չէ՞:

Այո՛, նա ինքն էր: Ես կամենում էի, որ ավելի մեծագին ընծաներով պարգևատրեին նրան, բայց հորս ոչինչ չասացի. խնդիրն ինձ էր վերաբերում, ամաչում էի:

Եվ երկու օրվա մեջ, — հարակցեց Սեդան, — ամբողջ Գարդմանը տոնական կերպարանք առավ: Աղստև գնալու նշանակված հեծյալները զրկվեցան Գուգարք, Սյունիք, Արցախ և ուրիշ հեռավոր տեղեր` հայոց իշխաններին հարսանիքի հրավիրելու: Թագավորը դիտմամբ ուշացավ Վաղարշապատում: Եվ երբ նա եկավ, արդեն բոլոր իշխանները, սեպուհները, նախարարական տանուտերերը և բոլոր իշխանական ընտանիքները գտնվում էին Գարդմանում. Ափխազիայի իշխանը միայն մի օր առաջ հասավ. իսկ վրաց թագավորը դիտմամբ ուշացել էր Գանձակում, որպեսզի մեր թագավորի հետ միասին մտնե Գարդման, չնայելով, որ ինքը նրա երկրորդն էր: Բայց Արծրունյաց Գուրգեն իշխանը, չնայելով քեզանից մերժված լինելուն, այսուամենայնիվ, յուր բարյացակամությունը թագավորին ցույց տալու համար` ոչ միայն շքադիր խմբով եկավ հարսանիքին, այլև Գանձակ գնալով` հնարներ գործ դրավ, որ վրաց Ատրներսեհին թագավորից գոնե կես օր առաջ բերե Գարդման: Եվ հաջողեց էլ: Ատրներսեհը երեկոյան եկավ, իսկ թագավորին հետևյալ առավոտը ընդունեցինք:

Ընդունեցիք... Այո՛, դուք ընդունում էիք թագավորին: Գարդմանը երիտասարդացել էր. լեռներն ու բլուրները հրճվում էին. ժողովուրդը շլանում էր հայոց իշխանապետության փառահեղ պերճությամբ, իսկ իշխաններին շլացնում էր Սահակ Սևադան յուր հարուստ և մեծավայելուչ հանդերձանքներով... Իսկ ե՞ս, Սեդա, ես ընդունում էի ո՛չ միայն հայոց թագավորին, հայոց իշխանապետության պարծանք Աշոտին, այլև... Ա՜խ, ... և այժմ ես կարողանում եմ այս բառերն արտասանել... Այո՛, Սեդա, ես ընդունում էի նրան, որ բերում էր յուր հետ իմ վարդածին հույսերի պսակը, իմ անսահման երջանկությունը, իմ երանության երկինքը... Ընդունում էի նրան, որ կրում էր յուր մեջ իմ սիրապատար սիրտը, իմ սիրաշունչ հոգին... որի հայացքը հափշտակում էր իմ էությունը, որի ձայնը հնչում էր իմ ականջին ինչպես գերոբեների մեղեդին... և այդ դյուցազնը, այդ գերբնական արարածը, Սե՛դա, իմ փեսան, իմ ամուսինն էր... Օ՛հ, մի՞թե կարելի էր այդքան երջանկության դիմանալ...

Եվ այն բոլոր փառահեղ պատրաստությունները, իշխանների ցույց տված հարգանքը, գարդմանացոց ու հայ զորաց ոգևորությունը շատ փոքր բաներ էին երևում իմ աչքում: Ես կամենում էի որ Աշոտ-Երկաթի համար այդ ամենը կրկնապատկվեր, եռապատկվեր. չէ՞ որ նա բոլոր ընտիր հայերից ընտրելագույնն էր, համայն հայ իշխաններից բարձր ու գերազանցն էր... Ա՜խ, Սեդա. եթե գիտենային տղամարդիկ, թե ինչպե՜ս մենք հպարտանում ենք նրանցով, թե ինչպես կնոջ փխրուն սիրտը դառնում է ադամանդ` երբ կապվում է նա ճշմարիտ արժանյաց տեր հերոսի հետ... Օ՛հ, այն ժամանակ նրանք երբեք չէին իջնիլ սեղանի այն բարձրությունից, որի վրա մեր բարեպաշտ սիրտը երկրպագում է նրանց...

Խեղճ կին... — շշնջաց ինքն իրան Սեդան:

Հայրս պահանորդ գնդով թագավորին դիմավորելուց առաջ պատվիրել էր, որ ես, իբրև արքայի հարսնացու և Գարդմանա հզոր իշխանի աղջիկ, չելնեմ իմ դստիկոնից և չերևամ ժողովրդին, մինչև որ ինքն արքան դղյակը գալուց հետո չպատրաստվեր ինձ ընդունելու: — Պատշաճից օրենքը այս է պահանջում, — ասում էր նա: Բայց ես... ո՜վ երջանկության անդարձ վայրկյաններ... չկարողացա դիմանալ և պատշաճից օրենքներին չանսաստել: Բոլոր Գարդմանը իմ արքայի ու փեսայի ընդունելության փառքը պիտի տեսներ, ինչպե՞ս կարող էի ես զուրկ մնալ այդ հաճույքից: Եվ ահա փակել տվի ես իմ դստիկոնի մուտքը, նաժիշտներին հրամայեցի ոչ ոքի չընդունել և ես նրանցից մինին վերցնելով, դղյակի գաղտուկ նրբանցքով բարձրացա մեծ աշտարակի գլուխը: Այնտեղ բարձրացե՞լ ես դու, Սե՛դա:

Ո՛չ. կինն ինչպե՞ս կարող է բարձրանալ: Բերդապահ նետաձիգները հազիվ են սողում այդ անցքերից:

Բայց մենք բարձրացանք` ինչպես այծյամ: Գարդմանա շրջակաները երևում են այնտեղից` ասես թե ափի մեջ: Դաշտը, գետակը, լեռները, բոլորը մեր առջևն էին: ժողովուրդը խռնված էր ամեն տեղ: Երբ առաջին անգամ դեպի կամուրջը նայեցի, հառաջապահ հեծյալների գունդը տեսա, որոնք սպիտակ դրոշը ծածանելով թռչում Էին հողմի պես: Նրանց հետևում էր արքան, շրջապատված յուր գեղահասակ թիկնապահներով, որոնց փայլուն զրահները շողշողում էին արևի առաջ և կարծես իրանց շուրջը կայծակներ թոթափում: Թագավորը նստած էր սպիտակ և ոսկեսար նժույգի վրա, հագած ոսկեփայլ զրահներ և ծածկած նույնպիսի սաղավարտ, որի վրա ծածանում էր` արծվաձև Գարդմանակը հովանավորող` ձյունաթույր ցցունքը: Արքային հետևում էր հայրս` զուր գարդմանացի ասպետներով. ապա Սիսական իշխանները, ոստանիկների խումբը, Աղվանից սեպուհը, Գուգարաց բդեշխը, Արծրունյաց ու Մոկաց իշխանները, Արցախու և Խաչենի տանուտերերը, և այլն, և այլն: Այնուհետև գալիս էին պետական ու տանուտիրական զորքերը, սեպուհ, դրանիկ և ոստանիկ գնդերը, և վերջապես շրջականերից հավաքված ժողովրդի ստվարախումբ ամբոխը: Երբ հառաջապահ հեծյալների խումբը մոտեցավ բերդին և փողերը արքայի գալուստն ավետեցին, Գարդմանը հեղեղող իշխանների, զորքի և ժողովրդյան բազմությունն անհետացավ իմ աչքից: Իմ աշխույժ ու անհագ հայացքը հառեցի միայն իմ փեսայի և սիրարժան թագավորի վրա: Թիկնապահների խումբը բերդի դռանը հասնելով` կանգ առավ երկու կարգի վրա: Թագավորն առաջ անցավ: Նրա ահիպարանոց նժույգը` զգալով կարծես թե ի՛նչ դյուցազն է կրում յուր վրա, մոտենում էր դարբասին ավելի սիգապանծ և որոտաձայն խրխնջյունով: Եղբայրներս իրենց հետևորդներով ընդառաջեցին թագավորին բերդի հանդիպակաց դռներում. իսկ մայրս ընդունեց նրան դղյակի մուտքի առաջ, շրջապատված Գարդմանի ավագանիներով և նրանց տիկիններով: Եթե համոզված չլինեի, որ այս շլացուցիչ փառքին հաղորդակից պիտի լինիմ ես, եթե չգիտենայի, որ ինձ է պատկանում այն անձը, որին ամենքն աշխատում են մոտենալ, որի հայացքը այնպես ճգնում են հափշտակել, և ես միևնույն ժամանակ տեսնեի ինձ այնքան նրանից հեռու, աշտարակի մեջ բանտարկյալ, օ, գուցե այդ բարձրությունից իսկ գլորեի ինձ ներքև... բայց երբ մտածում էի, թե նա իմն է, թե այդ բազմամբոխ զորքի ու ժողովրդյան հրամայողը իմ ապագա ամուսինն է, երբ տեսնում էի, որ երբեմն իմ ձեռքը խնդրող իշխաններն այժմ անհուն մեծարանքով ու ակնածությամբ գլուխ են խոնարհում նրա առաջ, և այդ բոլորը ես տեսնում եմ, ներքին հրճվանքից սիրտս կամենում է դուրս թռչել... և այդ միևնույն սիրտը, եթե գտնվեր այդ րոպեին իմ ձեռքում, հավատացիր, իմ բարի Սեդա, ես կգլորեի նրան, այդ դյուցազնի ոտքերի առաջ...

Թ

ԱՆՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Թագուհին ընդհատեց խոսքը մի քանի վայրկյան, կամենալով, կարծես, յուր աշխույժը չափավորել և ապա նորեն եռանդով շարունակեց.

Այո՛, Սե՛դա, դու իրավունք ունիս: Արդարև, կարելի է անցյալ քաջությունները հիշելով մոռանալ մի փոքր ներկայի դառնությունները... Եվ ինչպե՛ս սիրելի է ինձ այժմ անցյալը... Մտաբերում, եմ այն երջանիկ վայրկյանը, երբ առաջին անգամ ներկայացա թագավորին, նա նստած էր այդ ժամանակ դղյակի մեծ դահլիճում, շրջապատված յուր ավագանիներով և իշխաններով: Բոլորն էլ ինձ էին սպասում: Հենց որ հորս հետ դահլիճի դռներում երևացի, թագավորն իսկույն բարձրացավ աթոռից և դիմավորելով մեզ վայելչաբար ողջունեց: Անշուշտ ես շառագունեցի, որովհետև երեսս սկսավ այրվել... Ինչպե՜ս լավ հիշում եմ այդ վայրկյանը... Հայրս հանձնեց նրան իմ ձեռը՝ ասելով. «Ահա՛, արքա, իմ դուստրը և քո հարսնացուն»: Թագավորն ուրախ և ժպտադեմ առավ իմ աջը, ջերմությամբ համբուրեց և առաջնորդելով ինձ տարավ մինչև յուր գահույքը, որի քիչ հեռու պատրաստված էր ինձ համար ծիրանիով ծածկած աթոռ: — «Ներկայացնում եմ ձեզ, իշխաններ, ձեր ապագա թագուհուն» — հանդիսավոր եղանակով ասաց թագավորը, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՛ թագավորը, կեցցե՛ թագուհին»... Հետո բոլոր իշխանները մոտեցան և ողջունեցին ինձ ավագության կարգով: Այդտեղ էին, Սեդա, ինձանից մերժված բոլոր իշխանները... Օ՛, ինչպես կամենում էի, որ այդ րոպեին լինեի ես աշխարհի միակ գեղեցկուհին, որ ամենքը հիանային ինձնով և ասեին, թե հայոց թագավորը ընտրել է, արդարև, յուր անվան արժանի հարսնացու:

Դու գեղեցիկ էիր ինչպես ավետաբեր քերոբեն ...

Եվ ուրախ էի, որ չէի ամաչեցնում իմ փեսային:

Այո՛, նա հայտնել էր Մարզպետունի իշխանին, թե երջանիկ է համարում իրան, որ դու գեղեցկությամբ գերազանցում ես Աբասի ամուսնուն: Ափխազիայի մեծ իշխանը, ասել էր թագավորը, այլևս չի պարծենալ, թե յուր դուստրն է միայն հայոց արքունիքի զարդը:

Երբ պսակի ժամանակ եպիսկոպոսը առնելով իմ ձեռը՝ տվավ արքային, ես բարձրացրի աչքերս և նայեցի նրան... Օ՛հ, ինչպե՜ս վեհաշուք երևաց նա ինձ այդ րոպեին, և ես որքա՜ն նրանով բարձրացած... — «Ահա վերջապես մարմին առան իմ հույսերը, ես երջանիկ եմ», — մտածում էի ինքս ինձ և ապա հանդուգն մտքեր հղանում. «Սա, այս Աշոտը, այս երկաթի թագավորը իմն է. ոչ ոք այլևս չի կարող խլել նրան ինձանից. մենք արդեն պսակվում ենք. մեր միության դաշնագիրը վավերանում է աստվածային կնիքով... » «Զոր աստված զուգյաց, մարդ մի՛ մեկնեսցե», — ասում է եպիսկոպոսը: Բայց այսօր, Սեդա, ես զրկված եմ նրանից, նա այլևս իմը չէ. ինչպե՜ս դառն է հավատալ այդ ճշմարտությանը... Բայց չէ՞ որ «աստված մեզ զուգեց», ո՞վ եղավ բաժանողը, ինչպե՞ս պատահեց այդ. ասա՛, Սե՛դա, ասա՛, չէ՞ որ դու էլ այդ գիտես, չէ՞ որ խոստացար պատմել...

Ես շատ բաներ պատմեցի, սիրելի թագուհի:

Ո՛չ. դու ինձ չպատմեցիր, թե ինչպե՛ս սկսվեցավ մեր դժբախտությունը. չէ՞ որ նախկին կայծերի հրդեհը մի հայտնի պատճառից բորբոքվեցավ:

Այո՛ պատճառը դարձյալ մեր թշնամին եղավ...

Ո՞վ:

Յուսուփը:

Ինչպե՞ս:

Հիշո՞ւմ ես, որ ձեր հարսանյաց օրերը նա մեծագին ընծաներ ուղարկեց թագավորին:

Այո՛, արքայական թագ, ականակուռ սուր, Արաբիայի ոսկեսար նժույգներ և ուրիշ շատ թանկագին զարդեր:

Այլև մի մեծ գունդ հագարացի հեծելազոր, իբրև արքունական բանակի սատար:

Այո՛, հիշում եմ:

Ի՞նչ էր այդ բարեկամության նպատակը:

Ասում էին, որ Յուսուփը Պարսկաստանին ինքնագլուխ տիրելու համար կամենում է ամիրապետից ապստամբել: Եվ որովհետև այդ ժամանակ հայոց թագավորը հաջողության մեջ էր, հունաց կայսրը դաշնակից էր նրան, հայոց իշխանները միաբան էին հետը, հաշտվել էր նա, մինչև անգամ, Գագիկ Արծրունու հետ, իսկ նրա միակ թշնամին, Աշոտ բռնավորը չարաչար հաղթվելով փախել էր Դվին, ահա՛ այդ պատճառով կամենում էր նա թագավորի բարեկամությունը վաստակել: Եվ մեր հարսանիքը հարմար առիթ եղավ նրա համար: Յուր այդ հարուստ ընծաներով, արդարև, Յուսուփը թագավորի սիրտը շահեց:

Բայց տես, թե այդ ընծայաբերության մեջ ուրիշ ի՛նչ գաղտնիք էր թաքնված: Հագարացոց ոստիկանը, հարկավ, հայոց թագավորի հաջողության ցանկացող չէր, սակայն խնդրում էր նրա բարեկամությունը, որովհետև այդ միջոցին հաջողության մեջ էր Աշոտ թագավորը: Բայց այն հեծելազորը, որ Յուսուփը ուղարկել էր թագավորին, իբր նրա բանակին օգնություն, պատճառ դարձավ մեծ դժբախտության: Թագավորը չէր կարողանում համբերել Աշոտ բռնավորի ապստամբական շարժումներին: Ուստի, երբ հարսանյաց տոները վերջացան, նա որոշեց գնալ Դվին և հալածել նրան մայրաքաղաքից: Եթե հիշում ես, այդ մտքին հակառակ չէր Սահակ իշխանը: Ուստի նրանք միասին բանակ կազմեցին. արքայական զորքին միացրին գարդմանացի գնդերը և Յուսուփի հեծելազորը և այդ միացած ուժերով դիմեցին Դվին: Կաթողիկոսը, սակայն, ընդդեմ էր այդ կռվին. ուստի շտապեց, պատերազմն արգելելու: Չէ՞ որ երկու կողմից էլ հայ զորքերը պիտի ջարդվեին: Վեհի բոլոր ջանքը, հաշտեցնելու հակառակորդներին, անցավ ապարդյուն: Թագավորը մի կողմից յուր ուժի վրա վստահացած և մյուս կողմից, ասում են, քո եղբորից՝ Գրիգոր իշխանից՝ գրգռվելով, սկսում է պատերազմը: Բայց որովհետև Յուսուփը դեռ գաղտնի բարեկամ էր Աշոտ բռնավորին, ուստի նրա զորքերը, համաձայն իրանց զորավարի թաքուն հրահանգի, դավաճանեցին թագավորին: Կռվի ամենատաք ժամանակը նրանք թողեցին ճակատը և թիկունք դարձնելով՝ փախան: Այդ հանկարծական դիմադարձությունը շփոթել էր թագավորական զորքերին, որով նրանք բռնավորից չարաչար հաղթվեցան: Ահա՛, Յուսուփի խարդախության շնորհիվ ստեղծված այդ անհաջողությունը եղավ պատճառ, որ թագավորը նոր պատերազմ սկսելու պատրաստություններ տեսավ: Նա օգնական զորք բերել տվավ ափխազաց իշխանից, ապա մեծ բանակ կազմեց սեփական զորքերից: Մտադիր էր ահավոր կռիվ սկսել հակառակորդի հետ: Բարեբախտաբար, այս անգամ կաթողիկոսը կարողացավ յուր աղերսախառն թախանձանքներով համոզել նրան և հաշտեցնել բռնավոր հակառակորդի հետ...

Սե՛դա, բոլոր այդ պատմածներդ հայտնի են ինձ. բայց դրանք կապ չունեն իմ դժբախտության հետ:

Ընդհակառակը, թագուհի՛, շատ մոտիկ կապ ունին:

Ինչպե՞ս:

Հապա՛: Թագավորի այս անհաջող ընդհարումը եղավ պատճառ, որ Ուտիքում վերակացու կարգված Մովսես իշխանը ապստամբեցավ թագավորից:

Եվ հետո՞:

Թագավորը և Սահակ իշխանը գնացին միասին նրան նվաճելու ...

Եվ նվաճեցին: Թագավորը կռվի մեջ արդեն սիով կիսել էր նրա գլուխը և վերջը աչքերը հանել:

Այո՛, բայց Մովսես ապստամբի փոխարեն նա Ուտիքում վերակացու կարգեց Ցլիկ-Ամրամին:

Ցլիկ-Ամրամի՞ն... Այո՛, հիշում եմ. ուրեմն այդտեղից սկսվեցավ, հա՞...

Թագուհին մի անհանգիստ շարժումով մի կողմ հրեց բարձերը և մահճի մեջ ուղիղ նստելով, հառեց աչքերը դայակի վրա:

Սեդան ոչինչ չէր խոսում. ըստ երևույթին նա աշխատում էր փախուստ տալ նոր մերկացումներից, որովհետև վախենում էր՝ չլինի թե թագուհին նորից վրդովվի:

Ինչո՞ւ լռեցիր, Սե՛դա, — հարցրեց թագուհին:

Չգիտեմ, թե ուրիշ ի՛նչ խոսեմ, — պատասխանեց դայակը տխուր ժպտալով:

Ասացիր, որ թագավորը Ուտիքում վերակացու կարգեց Ցլիկ-Ամրամին, այնպես չէ՞:

Այո՛:

Ինչո՞ւ անպատճառ նրան և ո՛չ մի ուրիշին: Ի՞նչ գիտես դու այդ մասին:

Ասում էին, որ Ամրամի մասին բոլորն էլ գովեստով էին խոսել թագավորի հետ:

Այո՛, նա հուժկու և զորավոր մարդ է, և հենց յուր զորության համար էլ նրան Ցլիկ են անվանում: Բայց մի՞թե միայն այդ էր պատճառը:

Սեդան լուռ էր:

Պատմի՛ր ինչ որ գիտես, առանց մի կետ թաքցնելու, — հրամայեց թագուհին այնպիսի խիստ եղանակով, որ Սեդան այլևս հապաղել չհամարձակվեցավ և պատմեց նրան հետևյալը.

Մովսեսի ապստամբությունը Ուտիքում ճնշելուց հետո եղբայրդ Գրիգոր իշխանը` վերադարձավ Գարդման միայնակ, առանց մեծ իշխանի: Մորդ հարցին՝ թե ո՞ւր մնաց Սևադա իշխանը, նա պատասխանեց, թե թագավորի հետ միասին պիտի գնա Երազգավորս՝ թագուհուն տեսնելու: Բայց որքա՜ն մեծ եղավ մեր զարմանքը, երբ մեծ իշխանը երկու օրից հետո վերադարձավ նույնպես Գարդման, վերին աստիճանի տխուր և հուսահատ: Իշխանուհին շատ անհանգստացավ, կարծելով թե որևէ մի տխուր լուր է առել նա քեզանից: Բայց իրան, իշխանին սիրտ չարավ բան հարցնել, որովհետև, ինչպես գիտես, հայրդ սովորություն չուներ, յուր տխրության մասին բացատրություններ տալ մարդկանց և շատ զայրանում էր, եթե մեկը համարձակվում էր հարցեր անել նրան դրա համար: Երկու օր շարունակ իշխանը դղյակից դուրս չեկավ: Երրորդ օրը գաղտնի խորհուրդ ուներ մորդ և եղբարցդ հետ: Այնուհետև, համարյա, բոլոր տունը տխրեց: Այդ հանգամանքը անհանգստացնելու չափ ինձ հետաքրքրեց: Սակայն իշխանուհին, որ ինձանից ծածուկ ոչինչ չուներ, հայտնեց շուտով իրանց տխրության պատճառը. «Իմ Սահականույշը, Սե՛դա, դժբախտացավ արդեն ...», — ասաց նա ինձ մի օր:

Ինչո՞ւ, — հարցրի ես զարմանալով:

Ամուսնուս գործ դրած նախազգուշություններն ապարդյուն անցան, — ասաց, նա տխրությամբ: — Իշխանը կարծել էր, թե Սևորդյաց օրիորդին Ցլիկ-Ամրամի հետ ամուսնացնելով, կջնջե արքայի սրտից նրա սիրո հիշատակը, բայց սխալվել է չարաչար. նախկին սիրո կայծերն սկսել են արդեն երևան գալ և, գուցե, հրդեհ առաջացնեն...

Ինչպե՞ս,-վախենալով հարցրի ես:

Մովսես ապստամբին նվաճելուց հետո թագավորն իջել է Սևորդյաց ձորը՝ զորքին հանգստություն տալու: Այդտեղ դիմավորել է նրան Ցլիկ-Ամրամը Սևորդյաց իշխաններով և հրավիրել թագավորին յուր ամրոցը` Տավուշ: Սևադան աշխատել էր, որ նա այդ հրավերը չընդունե, որովհետև գուշակել է գալիք դժբախտությունը, բայց յուր ջանքն ապարդյուն է անցել: Ասում է, թե թագավորը, որ մինչև այն շտապում էր թագուհուն տված յուր խոստումը կատարելու, այն է` նշանակած ժամանակին Երազգավորս վերադառնալու, սիրով ընդունեց Ամրամի հրավերը և գնաց Տավուշ:

Հետո՞, — հարցրի ես:

Իշխանն ընկերացել է նրան, — շարունակեց մայրդ, — և ահա՛ թե ի՛նչ է պատմում, — այնտեղ էր, — ասում է, — արքայի նախկին սիրելին` Ցլիկ-Ամրամի կինը: Սա ինքը դիմավորեց թագավորին ամրոցի դռների մոտ: Այնպես գեղեցկացել և հրապուրիչ էր դարձել, որ անկարելի էր տեսնել նրան և չհիանալ: Երբ առաջին անգամ հանդիպեց թագավորին, ես տեսա, թե ինչպե՜ս նա այլայլվեցավ և շառագունեց: Նայողները կկարծեին, թե ամաչելուց կամ թագավորի ներկայությունից ճնշվեցավ, բայց ինձ հայտնի էր պատճառը: Իմ փորձված աչքերից, — ասաց հայրդ, — չթաքնվեցավ նույնիսկ թագավորի հուզմունքը: Ամրամի կինն այդ վայրկյանին այնքան հրապուրիչ էր, որ ես չէի զարմանալ, եթե թագավորը գրկախառնվեր նրա հետ: Ես պարզ տեսա, որ նախկին սիրո կայծերը ցոլացին երկուսի աչքերումն էլ և նրանց խորհրդավոր հայացքները հասարակ աչքերի համար աննշմարելի մտքեր հաղորդեցին միմյանց... Բայց թագավորը կարողացավ զսպել իրան. նա այնուհետև այլևս իշխանուհուն չէր նայում, և երևի Ցլիկ-Ամրամը նեղանում էր, որ յուր տիկինը թագավորի ուշադրությունը չէր գրավում: Սակայն շուտով իմ կասկածները մարմին առան: Թագավորը, որ մտադիր էր Ուտիքի վերակացությունը հանձնել իմ որդուն՝ Գրիգորին, հանկարծ միտք հղացավ այդ իշխանությունը տալ Ցլիկ-Ամրամին: Ես չհակառակեցի նրա այդ դիտավորությանը, որովհետև պարզ տեսա, որ գեղեցիկ իշխանուհու մի լուռ հայացքն ավելի շատ բան պիտի ասեր և ավելի շուտ համոզեր նրան, քան իմ ճարտարախոսությունը: Հետևյալ առավոտ թագավորն ստորագրեց «Ուտիքի իշխանությունը» Ամրամին հանձնող հրամանը: Իշխանուհին անձամբ եկավ արքային յուր շնորհակալությունը հայտնելու` զրահավորված յուր բոլոր գեղով և կանացի գրավչությամբ: Ինչ վերաբերում է Ցլիկ-Ամրամին. ուրախությունից քիչ էր մնում թագավորի ձեռքերը համբուրեր: Նույն ավուր երեկոյան ես հիշեցրի թագավորին թագուհուն արած յուր խոստումը Երազգավորս դառնալու մասին և զարմացա, որ նա հայտնեց, թե ցանկություն ունի երկու օր ևս Տավուշ մնալու, որպեսզի կարգադրություններ անե Ուտիքի մասին և կարևոր հրահանգներ տա Ցլիկ-Ամրամին: Ես այլևս չէի կարող մնալ այդտեղ, — ասում է իշխանը, — և հանդիսատես լինել, թե նախկին սիրահարներն ինչպե՛ս են նորոգում իրանց բարեկամությունը, ուստի վեր կացա և եկա այստեղ, որովհետև Երազգավորս գնալու այլևս սիրտ չէր մնում. ի՞նչ երեսով երևայի ես իմ աղջկան, Սահականույշին և ինչպե՞ս արդարացնեի թագավորի Տավուշ բերդում ուշանալը: Երկու օրից հետո մեծ իշխանը կանչեց ինձ և ասաց. «Սե՛դա, իմ դուստրը և քո Սահանույշը միայնակ է, այսուհետև նա ավելի կարոտ է քո խնամքին. պատրաստվի՛ր վաղը ևեթ ճանապարհվել Շիրակ»: Ես ուրախությամբ համաձայնեցա, որովհետև ոչ մի պաշտոն չէր կարող ինձ համար ավելի սիրելի լինել, քան իմ թագուհուն ծառայելը: Իշխանն արդեն իմացել էր, որ մայրդ պատմել է ինձ ամեն բան: Ուստի ճանապարհվելուս ժամին կանչեց ինձ իշխանուհու մոտ և ասաց. «Սե՛դա, դու արդեն գիտես, թե ի՛նչ վտանգ է սպառնում իմ դստեր ընտանեկան երջանկությանը. նա դեռ երիտասարդ է և կարող է յուր վարմունքով շտապեցնել վերահաս վտանգը: Գնա՛ և հսկիր նրա ամեն մի քայլին: Դու փորձված և կյանքը ճանաչող կին ես: Աշխատի՛ր, որ քո թագուհին զինված լինի միշտ կնոջ ամենանուրբ հրապույրքներով, որ նրա ամեն մի քայլը, խոսքը, հայացքը սեր զարթեցնե յուր ամուսնու մեջ և մոռացնել տա նրան Ամրամի կնոջ հրապույրները, նրա դյութող ու կախարդող աչքերը... ճշմարիտ է, արհեստական միջոցներով դժվար է սեր զարթեցնել, բայց նույն այդ միջոցներով կարելի է հանգցնել հին սիրո կայծերը կամ արգելել նրա բոցավառվիլը նորից: Պսակը չի ապահովում ամուսնու սերը. և ամուսնացյալները չպետք է երբեք բարձիթողի անեն միմյանց սիրելի լինելու և շարունակ միմյանց հրապուրելու` միջոցները: Ամուսնական կյանքի ընթացքում հարկավոր է շարունակել նույն մրցությունը, որով որ մարդ ձեռք է բերել յուր սիրած անձին. և պետք է շարունակել այդ ավելի եռանդով, որովհետև բնությունը մարդուն ստեղծել է այնպես, որ ցանկալի նպատակին հասնելուց հետո դադարում է այլևս նույն նպատակով գրավելուց և ոգևորելուց: Եվ ահա՛ հենց այս ժամանակն է, որ փորձությունը վրա է հասնում: Քո թագուհին այս բաները չգիտե և երանի թե՝ երբեք էլ չփորձե... նա, արդարև, սիրում է անկեղծությամբ. և հենց այդ պատճառով էլ մեծ հավատ ունի թագավորի վրա: Բայց ով որ անկեղծությամբ է սիրում, նա էլ հեշտությամբ այնպիսի սխալ քայլեր է անում, որոնք հեռացնում են իրանից յուր սիրած անձին, մանավանդ եթե վերջինի մեջ բուռն չէ փոխադարձ սերը կամ պատրաստ կա մի հակառակորդ, որ կարող է հրապուրել նրան: Շատ անգամ մի անզգույշ խոսք, մի անվայել ծիծաղ, մի կոպիտ շարժում, նույնիսկ հագուստի մի տգեղություն բավական է լինում, որ քեզ սիրող սրտի մեջ կաթե զզվանքի թույնը. առաջին կաթիլին հետևում է երկրորդը, երրորդը, և այնուհետև այլևս հեռացող սիրտն անհնար է լինում գրավել: Այս բոլորը գիտես դու, Սեդա, գնա և պատսպարի՛ր քո Սահանույշը վերահաս վտանգներից: Թագավորի սիրտը սասանած է արդեն. այդ ես հաստատ տեսա. աշխատիր, որ իմ դուստրը վերջին հարվածը չտա... Իսկ ես իմ կողմից հնարներ կմտածեմ սպառնացող վտանգի առաջն առնելու...» Այս խրատներով ճանապարհ դրավ ինձ մեծ իշխանը: Այնուհետև, ինչպես գիտես, ես եկա Շիրակ: Թագավորն արդեն քեզ մոտ Երազգավորսումն էր: Բայց նա գուրգուրում էր քեզ ջերմ սիրով: Դու գոհ էիր բախտից: Իշխանի հայտնած կասկածները չէին արդարանում, գոնե ես ոչ մի փոփոխություն չէի նշմարում թագավորի մեջ, որովհետև նրան միշտ քաղցր և սիրալիր էի տեսնում քեզ հետ: Բայց երբ նա նույն ամռանը զբոսանքներ պատրաստեց քեզ համար Սյունյաց և Գուգարաց լեռներում և ընկերուհիներ կարգեց քեզ Սյունյաց իշխանուհիներին, իսկ ինքը գնաց Սևորդյաց կողմերը, իբր թե Ուտիքի մեջ կարևոր կարգադրություններ անելու, այն ժամանակ արդեն կասկածը պաշարեց ինձ: Իհարկե ես քեզ ոչինչ չհայտնեցի. դու այնպես ուրախ և երջանիկ էիր... որ ոչ մի ապառաժ սիրտ չէր հանդգնիլ կասկածի անմաքուր շնչով քո անարատ հոգին թունավորելու, քո հաստատուն հավատը սասանելու... Բայց թե թագավորի սիրտը գրավված էր Ամրամի կնոջմով, այդ բանին ես հավատում էի արդեն... Այնուհետև թագավորի այցելությունները Ուտիքին կրկնվում էին հաճախ. դու ոչինչ չէիր կասկածում, բայց մենք, այսինքն` ծնողներդ` Գարդմանում, իսկ ես՝ արքունիքում, գրեթե հալումաշ էինք լինում: Վերջերում թագավորի այդ այցելություններն այնքան հաճախ կրկնվեցան, որ արքունիքի կանայք և նույնիսկ արքայի թիկնապահներն ասում էին, թե «թագավորը սիրահարվել է Սևորդյաց աշխարհի վրա...»:

Եվ իհարկե դրանք բոլորը գիտեին, թե ինչո՞ւ թագավորը հաճախում է Ուտիք, այնպես չէ՞, — հարցրեց թագուհին, գրեթե հուզմունքից դողալով:

Ո՛չ... կարծեմ միայն երկու հոգի յուր թիկնապահներից...

Ա՜խ, Սեդա, էլ ինչո՞ւ համար ես ծածկում, երկու հոգին էլ բավական են երկու հարյուրին իմացնելու համար: Իսկ արքունիքի կանանցից որի՞ն էր հայտնի իմ դժբախտությունը:

Այն ժամանակ կարծեմ ոչ ոքի: Բայց երբ Աբաս արքաեղբայրը յուր աներոջ՝ ափխազաց Գուրգեն իշխանի հետ միանալով` դավադիր եղավ արքային և կամենում էր բռնել նրան կամ սպանել, թագավորը խույս տվավ նրանցից: Դավադիրները պտրեցին նրան. նախ Շիրակում և ապա զորքերով դիմեցին Երազգավորս: Անշուշտ հիշում ես, որ մինչև նրանց գալը թագավորը մեզ բոլորիս վերցրավ և շտապով հասցրեց Ուտիք. Սևորդյաց ձորը: Այդտեղ մենք ամրացանք Տավուշ բերդում, Ցլիկ-Ամրամի մոտ: Ահա՛ այդ ժամանակ մեր տիկիններից երկուսը նկատել էին թագավորի և իշխանուհի Ասպրամի մտերմական հարաբերությունը և բամբասում էին, որ նա այդ տագնապի ժամանակ մեզ յուր սիրուհու տանն է պատսպարել և ոչ թե Սյունյաց բերդերից մինում:

Ովքե՞ր էին այդ տիկինները, Սեդա, ասա՛, ես կամենում եմ անպատճառ իմանալ, — հարցրեց թագուհին:

Մինը մեր Շահանդուխտի մայրը, մյուսը` Գոհար իշխանուհին:

Եվ նրանք քեզ հետ խոսեցի՞ն այդ մասին:

Այո՛, բայց գաղտնի: Մեզանից զատ ոչ ոք չգիտեր այդ բանը: Սակայն ես իմ կողմից աշխատեցի ցրել նրանց կասկածները:

Next page