Մուրացան՝   Գթության քույրեր

Pages: First Previous 1 2 3 4 Next Last

Կուրսկ քաղաքում գտնված ժամանակ, հրավեր ստացա այդտեղի մի կալվածատիրոջից` էլեկտրական լուսավորություն հաստատելու իր կալվածքում, որը գտնվում էր Կուրսկից դեպի արևելք գտնվող Ռատ գետի վրա: Այդտեղ պետք է գնալ դեպի Տիմ քաղաքը տանող խճուղիով: Կեսօրվա մոտ էր, երբ մենք հասանք Ռատին: Կամրջին մոտենալուց` գետափնյա թմբին տեսա գիմնազիոնի երեք աշակերտուհիներ, որոնք մոտակա ամառանոցաբնակներից էին և եկել էին այդտեղ ծաղիկ ժողովելու: Բայց տեղն, ուր նրանք շրջում էին, վտանգավոր էր. հողը կարող էր փլչել և նրանք երեքն էլ կթափվեին գետը: Հենց այս մտքի մեջ` հրամայեցի կառապանին` շուտ հասնել կամրջին, որպեսզի աղջկերանց խորհուրդ տայի հեռանալ: Եվ, սակայն, իմ նախազգացումը հառաջեց զգուշությանս: Հազիվ ձիաները ոտք դրին կամրջին, և ահա փլավ գետափի այն մասը, որի վրա կանգնած էր օրիորդներից մեծը, որը և ճչալով սահեց դեպի վար: Մյուս երկուսն իրենց տեսնելով անկարող` ընկերուհուն օգնելու, սարսափի աղաղակով ետ փախան դեպի դաշտը: Մինչդեռ ես իսկույն ցատկեցի կառքից դեպի կամուրջը և տեսա որ աղջիկը ոգորում է ջրերի հետ: Էլ ժամանակ չկար հանվելու: Շտապով ազատվեցա վերնազգեստից ու կոշիկներից և անմիջապես ցած թռա դեպի գետը: Աղջիկը, բարեբախտաբար, քիչ լողալ գիտենալով` կարողպցել էր մի քանի վայրկյան պահել իրեն ջրի վրա. բայց հագուստն ամբողջապես ողողված լինելով պիտի սուզվեր շուտով ջրի հատակը: Սակայն, մինչև այդ` ես վրա հասա: Եվ որովհետև ինքս լավ լողորդ էի, ուստի որքան էլ հանգամանքներն աննպաստ, այսինքն որ ջուրը հորդացած էր, ափը` բարձրադիր և անկռվան, իսկ մենք երկուսս հագուստով, այսուամենայնիվ բավական միջոց հոսանքի հետ կռվելուց հետո` վերջ ի վերջո աղջկան ափը հանեցի ողջ առողջ:

Բռավո, — գոչեց Սաբորինը և ի նշան խրախուսանքի թոթվեց ընկերոջ ուսը:

Ահա, հենց իմ պատմության այդ տեղում, — շարունակեց լեհացին, — մեկ էլ տեսա պաննա Զոֆիան...

Բայց ի՞նչ եղավ ազատված աղջիկը, — ընդհատեց ռուսն ընկերին:

Ի՞նչ պիտի լիներ, միացավ ընկերուհիներին և շտապեց դեպի տուն ողողված հագուստները փոխելու:

Իսկ դո՞ւ:

Ես էլ, որ, ըստ սովորության, հետս փոխնորդ ունեի, հագա այն հենց այնտեղ, իմ կառքի մեջ և ճանապարհը շարունակեցի:

Ի՞նչ արավ պաննա Զոֆիան, այն ասացեք, — հետաքրքրվեցա ես:

Հա. պաննա Զոֆիան, որ սրտատրոփ լսում էր պատմությունս, որը ես, իհարկե, պատմում էի ավելի մանրամասնորեն, այլև համեմում վիպական նկարագրությամբ, հենց որ իմացավ թե` «երկար ոգորումներից» հետո, ես «վերջ ի վերջո», ազատեցի «վեշտասանամեա» գեղեցիկ օրիորդին Ռատի «կատաղի ալիքներից», հանկարծ բացականչեց մեր Սաբորինի պես`

— «Ապրե՛ս... ահա՛ թե ի՞նչ երիտասարդի արժե սրտանց սիրել»... Եվ այս ասելով` խոնարհեց դեպի ինձ, առավ գլուխս ձեռքերի մեջ և իսկույն էլ ճակատիս դրոշմեց մի շտապ ու ջերմ համբույր...:

Հիանալի՛... Հրաշալի՛... Ա՛յ թե որտե՞ղ է մեր առածն արդարանում` нет худа без добра: Եթե պայթյունը չպատահեր, թևդ չէր վիրավորվիլ. եթե թևդ չվիրավորվեր, հիվանդանոց չէիր մտնիլ. եթե հիվանդանոց չմտնեիր, պաննա Զոֆիան քեզ չէր համբուրիլ...: Հիանալի՛ է, հիանալի՛, — բացականչում էր Սաբորինը հրճվանքով, առանց մտածելու թե` այդ պատմությունն սկսված էր իր դժբախտությունը հաստատելու նպատակով:

Այդ օրից հետո, — շարունակեց լեհացին, — սկսվեց մեզ համար սիրահարության երկրորդ և ավելի բուռն շրջան: Բայց դրա հետ միասին էլ ողջունում էր թևս: Այժմ ես ոչ միայն կարողանում էի շարժել այն ազատորեն, այլև նրանով ջերմությամբ գրկում էի իմ գթության քրոջը, որին յուր համբույրից հետո` չէի անվանում այլևս պաննա Ջոֆիա, այլ ուղղակի Զոֆիա, որ լեհերեն փաղաքշական է:

Երբ բժշկապետը հայտնեց թե` թևս արդեն առողջ է, ուստի կարող եմ մի քանի օրից թողնել հիվանդանոցը, ես ուրախացա: Թեպետ այդտեղից ելնելուց` ես պիտի զրկվեի չքնաղ Զոֆիային հաճախ տեսնելու բարեբախտությունից, այսուամենայնիվ, դրսումն էլ կային բարիքներ, որ ցանկանում էի վայելել: — Երկու ամիս էր` ինչ փակված այդտեղ անշարժ ու անգործ, ծծում էի հիվանդանոցի ծանր ու անախորժ և դեղահոտերով տոգորված օդը: Պետք էր, վերջապես, ազատվել նրանից, վայելել արևի լույսով ողողված օդը և վերսկսել վաղուց ընդհատված իմ աշխատությունը, որի մեջ ես միշտ ավելի էի գտնում թե՛ հանգիստ և թե՛ ուրախություն: Այդ իսկ պատճառով շատ չէի վշտանում սիրելի բարեկամուհուցս անջատվելու համար:

Սակայն վերջինս այդպես չէր մտածում: Նա, որ սկզբում դեպի ինձ տածել էր միայն կարեկցության մի քնքուշ զգացում, չէր իմացել, իհարկե, թե այդ վերջ ի վերջո պիտի փոխվի սիրո, ինչպես այդ պատահում է շատ ուրիշ կանանց, թեկուզ դրանք անցյալի հետ կապված են լինում ուխտերով: Այդ պատճառով սկզբում երկյուղ չկրելով` յուր մեջ հետզհետե դեպի ինձ աճող բարեկամությունից, թույլ էր տվել զգացմունքներին` իշխել յուր վրա և վերջը միայն տեսել, որ արդեն խճճված է սիրո ցանցերում: Եվ որովհետև այդ դեպքում կանայք, համարյա, կատակ չեն սիրում, որովհետև մեզանից ավելի են հավատում թե իրենց և թե մեր զգացմունքին, ուստի Զոֆիան էլ որոշել էր` յուր սիրուն վերաբերվել լրջորեն:

Իմանալով, որ շուտով պիտի թողնեմ հիվանդանոցը, նա եկավ ինձ մոտ և առաջին անգամից իսկ մի զարմանալի պարզությամբ և մանկական հավատով հարցրեց:

Չե՞ք տխրում արդյոք, որ թողնում եք ինձ:

Ես, փոխանակ ճշմարիտ զգացմունքս հայտնելու, փոխանակ ասելու թե` «թեպետ ինձ համար շատ հաճելի էր` հաճախ ձեզ հետ տեսնվել և միշտ էլ ձեր քաղցր զրույցները լսել, բայց որովհետև գործն ու աշխատությունը ինձ ավելի են գրավում, ուստի շատ չեմ տխրում ձեզ թողնելուս համար», ընդհակառակն, իբրև մինն այն բազմաթիվ երիտասարդներից, որոնք առհասարակ, թեթևամտությամբ են վերաբերվում այսօրինակ սիրուն` համարելով այն պատահական զգացմունք, կամ նայում նրա վրա իբրև ուղևորության ժամանակ կայարաններում մատուցվող մի առձեռն բարիքի, որը կարող են վայելել ու անցնել, ուստի ես ևս առանց վարանելու պատասխանեցի.

Օ՛, և ինչպե՛ս եմ տխրում, այժմյանից արդեն սարսափում եմ` հիշելով այն ժամերը, որ պիտի անցցնեմ առանց ձեզ:

Եթե այդպես է, ուրեմն ես չեմ թողնիլ որ դուք այդպիսի ժամեր անցցնեք, — ասաց նա հուզված:

Եվ ի՞նչ պիտի անեք, — հետաքրքրվեցա ես:

Ես չեմ սիրում առաջուց խոսել այն բանի մասին, ինչ որ պիտի անեմ. բայց արածս կտեսնեք...: Այս ասելով նա գրկեց ինձ, համբուրեց և արագ դուրս գնաց:

Երեկոյան դեմ Զոֆիան նորից մտավ ինձ մոտ. նստեց կես ժամի չափ և խոսում է հետս կես հուզված, կես ոգևորված և հաճախ հառում աչքերը վրաս այնպիսի մի հայացքով, որն, ասես, լցված էր լույսով ու կրակով:

Հեռանալիս ասաց.

Այս երեկո` ութերորդ ժամից հետո` երեք ժամվա հերթապահություն ունիմ: Այն վերջացնելուց հետո կմտնեմ ձեզ մոտ:

Ուշ չի՞ լինիլ, — հարցրի ես:

Ավելի լավ, — պատասխանեց նա և խորհրդավոր ժպիտով հեռացավ:

Սկզբում ես չհասկացա նրա միտքը. բայց հետո, կարծես, գուշակեցի և մի երանական ուրախություն ամբողջ էությունս գրավեց:

Գիշերվա 11-րդ ժամին, երբ հիվանդանոցում լռություն էր տիրում, սենյակիս դուռը հուշիկ բացվեցավ: Ներս մտավ Զոֆիան: Նա դուռը նորեն զգուշությամբ ետ դնելով` շոյեց փականքը և մոտեցավ ինձ: Քայլերից արդեն երևում էր, որ նա հուզված է: Երբ մոտեցավ ճրագին, ես զարմացա նրա դեմքի այլայլումը տեսնելով: Նրա այտերը շիկնած էին, մինչդեռ երեսն ու քունքերը` գունատ: Թվում էր թե նա վախեցած է մի բանից, կամ հենց նոր ազատված մի վերահաս վտանգից:

Ի՞նչ է պատահել ձեզ, Զոֆիա, — հարցրի ես անհանգստությամբ:

Ոչինչ, ոչինչ... Ես սանդուղքներով բարձրացա, այս նրանից է. շուտով կանցնի, — ասաց նա և նստեց մահճակալիս վրա այնպես մոտիկ` որ ես ոչ միայն նրա շնչառության շոշափն էի զգում դեմքիս վրա, այլև լսում էի սրտի բաբախումը:

Բայց դուք շատ հուզված եք, — նկատեցի ես նորեն:

Այդ նրանից է, որ ես շտապեցի մի վայրկյան առաջ ձեզ գրկել, — ասաց նա ժպտալով և իսկույն էլ առավ ինձ թևերի մեջ...: Եվ նրա հուզումը գնալով սաստկացավ: Այդ հուզո՞ւմը... Օ՛, դա կատարյալ դրախտ էր. երջանկության մարմնացումն: Դա այն հուզումն էր, որ տիրում է կնոջ ամբողջ էությանը, երբ նա որոշում է մի ծանր ու դժվարին, հաճախ, իր կյանքի համար ճակատագրական քայլ անելու: Զոֆիան այդ քայլի վրա էր: Նա մտել էր ինձ մոտ ոչ այլևս իբրև գթության քույր, այլ իբրև անժույժ սիրահար...Նա եկել էր ինձ երջանկացնելու, ինձ իր անմեղության առաջին ծաղիկը նվիրելու...

Նշանակված օրը ես ելա հիվանդանոցից բոլորովին առողջ, իսկ մի քանի օր հետո թողեց իր պաշտոնը Զոֆիան, ինչպես որ խոստացել էր ինձ և փոխադրվեց իմ բնակարանը, որ ամեն հարմարություն ուներ երկու մտերիմ սրտերի գգվանքն ու սերը հետաքրքիր աչքերից ծածկելու:

Երիտասարդը լռեց:

Վերջն ի՞նչ եղավ, ամուսնացա՞ր նրա հետ, — հետաքրքրվեց Սաբորինը:

Ոչ, չամուսնացա, — պատասխանեց լեհացին:

Ինչո՞ւ: Մարդիկ ճրագով են պտրում այնպիսի կանանց, որոնք կարողանային սիրել: Այդ կինն ապացուցել էր, որ սիրում է քեզ:

Այո, ապացուցել էր: Եվ հենց այդ պատճառով էլ փափագում էի առնել նրան: Եվ թեպետ հայրս մեռնելուց առաջ կտակել էր ինձ` երբեք չամուսնանալ այնպիսի աղջկա հետ, որն օրինական ճանապարհով, այն է` պսակով ինձ հետ միանալուց առաջ, անձնատուր է եղել ինձ, որովհետև, ասել էր, այդպիսի աղջիկը, վերջ ի վերջո դժբախտություն կբերե քեզայնուամենայնիվ Զոֆիայի գեղեցկությունը, սիրո ջերմությունը և վերջապես վերջին հավատով անձնվիրությունը մոռացնել տվին ինձ իմ հոր պատվերը: — Ո՞ւր կարող եմ գտնել սրանից արժանավորը, ասում էի ես, ուստի և որոշում առնել նրան ինձ կնության: Բայց, ինչպես երևում է, հորս հոգին արդեն հսկում է եղել իմ բախտին: Մի քանի ամիս ինձ հետ կենակցելուց հետո, նա գնաց հայրենի քաղաքը` ծնողներին այցելելու և մեր ամուսնության համար` նրանց համաձայնությունն առնելու: Անցավ երկու ամիս և բոլոր ժամանակ մենք սիրալիր նամակներ էինք գրում իրար: Երբ հասավ Զոֆիայի վերադարձի ժամանակը և ես հուսալից սպասում էի նրան, ահա մի օր ստացա մի հակիրճ նամակ, որով նա ինձ հայտնում էր թե արդեն ընդունել է առաջարկությունը մի զինվորականի, որի հետ և ամուսնանում է. ուստի խնդրում էր ինձ մոռանալ ամենը, ինչ որ անցել է մեր մեջ...

Ի՞նչ է ասում... — զարմացավ Սաբորինը:

Այո՛, այդպես էր գրել,— կրկնեց լեհացին:

Եվ ամուսնացա՞վ:

Հարկավ:

Զարմանում եմ:

Բայց ավելի պիտի զարմանաս, եթե ասեմ թե` նա ամուսնացավ այն զինվորականի հետ, որը որսի ժամանակ սպանել էր յուր նշանածին...:

3

Օ՛, բարեկամ, քո այդ գթության քույրը, իսկապես, ֆուրիա է եղել. իզուր դու նրան օրինակ բերիր` իմ սիրած օրիորդի ուխտը կասկածելի անելու համար, — բացականչեց ռուսը, կարծես հոգով հանգստանալով:

Չգիտեմ. գուցե քո սիրածը ավելի իդեալիստ լինի: Բայց ես, առհասարակ, չեմ հավատում կանանց ուխտերին:

Ես կսովորեցնեմ քեզ հավատալ: Տեսնում ես այս նամակըՍաբորինը հանեց ծոցից մի ծրար և ցույց տվավ, — սա իմ սիրեցյալի վերջին գրությունն է. այստեղ նա նշանակել է նույնիսկ ժամանակը, երբ պետք էր ընդունվի «Սուրբ երրորդության» մեջ: Իսկ այդ միաբանությունը չէ նմանում քո տեսած հիվանդանոցին... Այդտեղից ելած քույրերը մի-մի սուրբեր են:

Իսկ դու միջոց կունենա՞ս հետևել քո սուրբի կյանքի ընթացքին:

Այդ պետք էլ չէ. ես միայն կամենում եմ տեսնել նրան այժմ աշխարհից հեռացած, որպեսզի կարողանամ նրա ծնողներին ասել. — Ոնց է. կերա՞ք, ինձ որ չտվիք ձեր աղջկան, արդյոք նա ձեզ մնա՞ց...: Ա՛յ, հենց դրա համար էլ գնում եմ այժմ Վարշավ: Հորեղբորս որդուն խնդրած եմ դիմավորել ինձ կայարանում: Եթե նա հայտնեց թե` Մարին արդեն հեռացել է Վարշավից, ես կառքս ուղղակի պիտի քշել տամ Միրովիչների տունը և այցետոմսս աջ կողմից դեպի վար ծալելով` ուղարկեմ վերև, ցույց տալու համար թե կարեկցելու և մխիթարելու համար է այցելությունս:

Տարօրինակ վրիժառություն, — նկատեց Յանը ծիծաղելով:

Ամերիկական տեսակի...— հարեց Սաբորինը և նույնպես կարկաչեց:

Նույն երեկոյան մենք հասանք Վարշավ: Կայարանում, արդարև, մեր ռուս ընկերոջը դիմավորեց հորեղբոր որդին, որը նրա պես առողջ ու զվարթադեմ մեկն էր և հենց նրա պես էլ խոսում էր բարձրաձայն: Մեր ընկերոջ հարցին թե` «Ի՞նչ լուր ունիս Մարիից», նա պատասխանեց.

Մարին արդեն գնաց:

Գնա՞ց... բռավո, այդպես էլ սպասում էի, — ասաց Սաբորինը և գոհությամբ լի հայացքը ուղղեց լեհացուն:

Բայց գի՞տես ուր գնաց:

Ինչպե՞ս չէ, «Սուրբ երրորդության» միաբա...

Ո՛չ, նա գնաց արտասահման, — ընդհատեց լրատուն:

Ինչպե՞ս թե արտասահման, — զարմացավ Սաբորինը:

Հապա՞, չէ՞ որ նա ամուսնացավ:

Ի՞նչ:

Ամուսնացավ:

Ո՞ւմ հետ:

Պոտեցկիի որդու:

Սաբորինը տեղն ու տեղը սառավ. նրա բերանը մնաց բաց, աչքերը չռած, իսկ կապոցներով բեռնված ձեռքերը` կախվեցան օդում անշարժ:

Գնանք, ինչո՞ւ ես կանգնել, — խոսեց դիմավորողը, տեսնելով որ ճամփորդները հետզհետե խռնվելով` դեսուդեն են հրում հորեղբոր որդուն: Բայց վերջինս ապուշի պես կանգնած` չէր լսում նրան:

Հեռանանք, թող նա չիմանա թե մենք բոլորը լսեցինք... — շշնջաց լեհացին ականջիս և մենք կամացուկ խույս տվինք կայարանից:

4

Օգոստոսի վերջն էր: Վենետիկից վերադառնում էի Վիեննա: Թրիեստի կայարանում խիստ շատ ուղևորներ ներս մտան վագոն, այնպես որ տեղս նեղացավ: Ստիպված էի իրեղեններս ամփոփել, այլև ինքս կծկվել մի անկյուն, որպեսզի ուրիշները ևս իրենց տեղը բռնեին: Այս բանն, իհարկե, դուր չեկավ ինձ: Որովհետև գնացքը Վենետիկից ելել էր գիշերով, և գրեթե, դատարկ, այդ պատճառով տեղի ընդարձակությունից օգտվել էի ավելի քան շռայլորեն: Այժմ ստիպված էի բավականանալ քչով, որպեսզի ուրիշներն էլ իրենց բաժնին տիրանային: Այստեղ, ահա, սկսա մտածել այն մասին, թե` ինչպես վատ է երբ մարդ սովորում է «լեն ու բոլ» ապրելուն: Որովհետև կյանքը նույնպես մի գնացք է, որ շարունակ շարժվում, սլանում է առաջ և չգիտես թե նրա ո՞ր կայարանում ստիպված կլինիս կծկվիլ կամ իրերդ ամփոփել: Ուրեմն, ավելի լավ է, որ մարդ հենց սկզբից սովորե իր իղձերը չափավորելուն և բավականանա քչով, որպեսզի նեղության օրերը հասնելուց` ստիպված չլինի` ակամա կծկվիլ և դրա համար էլ վշտանալ:

Այս մտածության մեջ էի դեռ, որ ականջիս դիպան ռուսերեն խոսքեր: Սա ինձ համար նորություն էր: Վասնզի Ռուսիո սահմաններից ելնելուց հետո` Եվրոպայում գրեթե ոչ մի տեղ չէի լսել այդ բարբառը: Գլուխս բարձրացրի և տեսա որ խոսողը քիչ հեռու կանգնած, ոչ շատ տարիքոտ, մաքուր հագնված, լուրջ և, միևնույն ժամանակ, համակրելի դեմքով մի պարոն է, որին ընկերակցում էր տարիքն առած ու կարճահասակ մի կին, որ թեպետ շատ տգեղ չէր, բայց երբևիցե գրավիչ եղած լինելու նշան էլ չուներ վրան: ՜Նրանք իրար հետ խոսում էին ընտանեբար և եզակի դեմքով, որից եզրակացրի թե` առաջինը որդին է, իսկ երկրորդը` մայրը:

Ռուսերեն խոսողներին, որոնք դիմացս նստան, մի տեսակ հայրենակից համարելով ինձ, շտապեցի հետերնին ծանոթանալ, որի համար նրանք ուրախ եղան: Իմ մասին հարկ եղած ծանոթությունը տալուց հետո, իմացա, որ պարոնը ռուսաստանցի է և մայրաքաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի գերմաներեն լեզվի ուսուցիչը. իսկ հետը խոսողը` յուր... կինը:

Ամեն տեսակ նորության կսպասեի, բայց լսել թե` այդ հիսունամյա, երեսը խորշոմած, աչքերը կկոցված և արդեն թալկադեմ պառավը ամուսինն է այն զվարթ ու կայտառ տղամարդու, որ, գուցե, հազիվ էր քառասունն անցել, չէի սպասիր Այսուամենայնիվ, զարմանքս զսպելով` սկսա խոսակցիլ նրանց հետ և ընդնմին ուշիուշով հետևել կնոջը, իմանալու համար թե` ինչո՞վ է արդյոք նա գրավել այս երիտասարդին և յուր նման «անցյալ կատարյալին» կապել սրա գլխին:

Իմ հետամտությունն, իհարկե, չէր կարող այդպես շուտ ծանոթացնել ինձ նրանց անցյալին, կամ բացատրել գեթ մինը այն գաղտնիքներից, որոնք պատճառ էին եղել այս անհավասար ամուսնության, բայց նա ծանոթացրեց ինձ մի անսպաս ճշմարտության. այդ այն էր` որ ես տեսա թե Վերա Վասիլևնան (այդ էր տիկնոջ անունը) բավական խելացի, նուրբ դիտող և համբերատար մի կին է:

Այս հատկություններով, առհասարակ բնությունը նվազ չափով է օժտում կանանց. բայց Վերա Վասիլևնային, չգիտեմ ո՞ր բացառիկ օրենքի հիման վրա, տվել էր ավելի:

Այդ պարզ երևաց բոլոր այն զրույցի ժամանակ, որ տեղի էր ունենում մեր մեջ դեռ Թրիեստի կայարանից սկսած և որը, չեմ հիշում, ի՞նչ առիթով արդեն փոխվել էր լուրջ խնդրի, այն է` կանանց ազատագրության հարցին:

Այս խնդրում Իվան Իվանիչը (տիկնոջ ամուսինը) պահպանողական հայացքների տեր էր, մինչդեռ տիկինը, ինչպես որ սպասելի էր` ազատամիտ:

Եվ սակայն սա հարցերին վերաբերվում էր ոչ այնպես հախուռն, ու վայրիվերո, ինչպես, առհասարակ անում են շատ կանայք, կամ անփորձ երիտասարդներ, այլ միշտ կոռեկտ ու տրամաբանորեն: Յուր առարկությունները նա հաստատում էր փաստերով, իսկ ենթադրությունները հանում այնպիսի օրինակներից, որոնց դեմ վիճելը շատ էլ հեշտ չէր լինում:

Ես, սակայն շարունակ հարցեր էի տալիս և մի-մի անգամ էլ կատակով աշխատում` կռվացնել ամուսիններին: Իվան Իվանիչը, որ ավելի պարզասիրտ և դյուրագրգիռ էր, երբեմն բռնվում էր իմ լարած թակարդում, մինչդեռ տիկինը զգուշությամբ խույս էր տալիս և հաճախ յուր խոհեմ ու քաղաքավար դիտողությամբ ի դերև հանում իմ չարամիտ ջանքը: Եթե պատահում էր, որ ամուսինը գրգռվում էր վիճելիս, նա այնպես մեղմ ու ամոքիչ խոսքերով հանգստացնում էր նրան, որ ասես թե` մի մայր էր, որ խոսում էր յուր տասներկու տարեկան զավակի հետ:

«Ահա թե, ինչով է գրավել պառավը երիտասարդին», մտածեցի ես և իմ աչքում գին ստացան տիկնոջ այդ հատկությունները: Այնուհետև արդեն հարգանքով էի վերաբերվում դրացուհուս և սիրով լսում նրա դատողությունները:

Գնացքը հասավ Կրայնայի հերցոգության մայրաքաղաքը: Լայբախ: Այստեղ դուրս գնացող ուղևորներին փոխարինեցին նորերը, որոնց թվում, Վերա Վասիլևնայի կողքին և ուղղակի իմ դիմաց, տեղ բռնեց տարօրինակ հագուստով մի բարձրահասակ գեղեցկուհի, որին ես սկզբում միանձնուհի կարծեցի: Վասնզի նա հագած էր մուգ կապույտ մահուդի երկայն պարեգոտ և նրա վրա կապած` նույն գույնի կտավից հասարակ գոգնոց. մինչդեռ գլխին ծածկված էր ձյունի պես սպիտակ` թևատարած մի փակեղ, որ նման էր ավելի փոքրիկ հովանոցի, քան գլխանոցի և պատրաստված էր կտավից ու խնամքով օսլայած. իսկ կրծքին ուներ նույնպիսի կտորից օձիք` տասնաբանյա պատվիրանի տախտակների ձևով: Իբրև անհրաժեշտ պատկանելիք յուր սքեմին` նա կախած էր գոտկատեղից կանաչ երիզի վրա շարված երկար, սևահատիկ մի համրիչ, որի ծայրին ճոճվում էին աղյուսագույն ոսկորե մի գանգ և փոքրիկ, պղնձե խաչ` խաչյալ Քրիստոսով:

Նստելով մեր դիմաց, նա դրավ կողքին սև շալե մի քսակ, որ մինչև այն բռնած էր ձեռքին և նրանից հանելով մի սև, կիսագործ գուլպա, սկսավ գործել:

Այժմ կարելի էր հանգիստ կերպով դիտել այդ կնոջ պատկերը, որ ճշմարիտ գեղեցկության մի հազվագյուտ տիպար էր: Եվ թեպետ արդեն կյանքի գարունը անցուցած, այսուամենայնիվ նա ուներ դեռ այնքան գրավչություն, որ մարդ մի անգամ վրան նայելուց` էլ չէր ուզում աչքերը դարձնել ուրիշ կողմ կամ զբաղեցնել նրանց ուրիշ առարկայով:

Թևատարած փակեղը, որ կույսի սիրուն գլուխը պատելով` չէր երևեցնում մազերի և ոչ մի գիսակ, նրա դեմքի վերին մասի վրա ձգել էր մի մեղմ ստվեր, որի միջից մեծ-մեծ, խաժակն աչքերը` պատած երկար արտևանունքներով փայլում էին մի քաղցր ու խաղաղ լույսով, որպիսին տալիս է արևը` թեթև ամպերով սքողված ժամանակ: Նրա մաքուր, մարմարե դեմքը, հազիվ շիկնած մի վարդանիշով, որը կարծես վաղուց սառել, մնացել էր այտերի վրա, արտահայտում էր ազնվական վեհություն: Նա նայում էր շուրջը, ըստ երևույթին, հանգիստ, մինչև իսկ մի տեսակ սառն անտարբերությամբ. բայց այդ հանգիստ հայացքի մեջ ցոլում էին կայծեր, երբ հրաշալի աչերը սևեռում էր մի կետի, որ հետաքրքրում էր իրեն: Այդպիսի ժամանակ` նրա դեմքի վրա խաղում էր ժպիտ, որ, սակայն հազիվ էր նուրբ շրթունքները վառում` նման գերեզմանի վրա փայլող վերջալույսին: Իսկ այդ շրթունքները, թեպետ դեռ կարմրալար, սակայն ունեին այնքան կենդանություն, որքան թփից պոկված վարդը` որ թառամում է յուր հետ փնջված շուշանների մեջ...:

Առաջին անգամից իսկ այդ կինը գրավեց իմ բոլոր ուշադրությունը: Ես ամբողջապես աչք դարձած` նայում էի նրան, նայում էի և չէի կշտանում:

Բայց ի՞նչ կար նրա մեջ. ի՞նչն էր ինձ այդպես դյութել ու հմայել: Մի՞թե միայն գեղեցկությունը: Հարկավ, ոչ. ըստ որում մինչև այն` շատ ավելի գեղեցիկ կանանց էի հանդիպել և սակայն դեռ ոչ ոք այդպիսի տպավորություն չէր թողել վրաս: Թվում էր թե` կար և մի ուրիշ պատճառ և այդ` նրա դեմքի արտահայտությունն էր, որ այնքան վեհ ու պատկառելի լինելով հանդերձ, ցոլացնում էր յուր մեջ այնպիսի մի պարզություն ու մանկական անմեղություն, որպիսին կարելի էր տեսնել նկարների դեմքին այն կանանց, որոնք ապրում էին Մեդիչիների շրջանում, երբ նկարչի վրձինն ու արձանագործի քերիչը պատկերացնում էին գեղեցկությունը պարզ, խաղաղ, փաղաքշող, բայց երբեք պատշաճի սահմանն անցնող արտահայտությամբ:

Սակայն, երբ մի վայրկյան նա հառեց վրաս յուր աչքերը, ինձ թվաց թե նրանց մեջ վառվում է և ուրիշ հուր: Իսկույն իմ հայացքը ուղղեցի այդ աչերին, կամենալով գեթ մի վայրկյան վայելել նրանց հրապույրը. բայց կույսը նորեն շրջեց յուր դեմքը և ինձ մնաց դիտել նրա գեղեցիկ պրոֆիլը, որ նմանում էր ոչ թե կենդանի մարդու, այլ ալեբաստրից թափած արձանի դեմքին:

Այսուամենայնիվ նրա այդ վայրկենական հայացքը իմ մեջ նոր մտքեր զարթեցրեց. — անկարելի է, որ սրա ներսը խաղաղ լինի դրսի չափ, մտածեցի ես. անկարելի է որ սրան շրջապատող արդի կյանք` մտածել չտա իրեն այնպիսի բաների մասին, որոնց վրա չէր մտածիլ, եթե գտնվում լիներ կուսանոցի պատերում: Չէ՞ որ սա յուր առաջ այժմ տեսնում է մի հասարակություն, որ ոչնչով չէ նմանում այն հասարակության, որի մեջ ինքն ապրել ու կրթվել է տարիներով. տեսնում է մարդիկ, որ ուրախ են ու զվարթ, ազատ և ինքնիշխան, գնում են` ուր կամենում են, ապրում են ինչպես ցանկանում են, ոչ հավիտյան անփոփոխ պատվերներ են կատարում, ոչ խստասիրտ հսկողի հրամաններից են դողում: Այստեղ ամեն մարդ կարող է խոսել, ինչ կամենում է, խնդալ ու ծիծաղել, երբ կամենում է. միով բանիվ, ազատ է լինել այն, ինչ որ ազատ բնությունն է պահանջում և ոչ թե այն` ինչ որ մարդկային տգիտությունն է հնարել և բռնությունը` սրբագործել: Եվ, սակայն, նա տեսնում է, որ ինքը սրանց թվին չէ պատկանում... չէ կարող սրանց պես ազատ լինել կամ գործել: Գոնե գիտենայի թե ի՞նչ է մտածում` նայելով յուր շրջապատողներին, լսելով նրանց անհոգ զրույցներն ու ուրախ կատակները. արդյո՞ք նախանձում, թե՞ արհամարհում է նրանց... գուցե ավաղում է յուր կորած անցյալը, վաղաթառամ երիտասարդությունը (ըստ երևույթին նրա տարիքը երեսունհինգից ավելի չէր), կամ գուցե անիծում է վանքի պարիսպները և ա՛յն վայրկյանը, որ ստիպեց իրեն այդ ուխտն անելու...:

Բայց նա կրկին նայեց ինձ և այս անգամ արդեն ավելի ակնապիշ... Աստված իմ, ինչ հրաշալի հայացք էր այս. ինչ երկնային աչեր... Մի՞թե նրանք այլևս չեն կարող սրտեր գերել, և այս սիրուն բերանը` չէ՞ կարող նորից սիրո խոսքեր շշնջալ, իսկ այս շրթունքները` չե՞ն կենդանանալ ու ջերմ համբույրներ չեն դրոշմիլ սիրող մարդու շուրթերին. — Հապա ինչո՞ւ են նրանք այսքան գեղեցիկ ստեղծվել, մի՞թե անօգուտ թառամելու համար...:

Տես թե մեր բարեկամը ինչպե՞ս է գրավվել նորեկով, — դարձավ Վերա Վասիլևնան ամուսնուն:

Ես ետ նայեցի և տեսա, որ նրանք ծիծաղում են:

Այո՛, տիկին, այս նորեկը շատ է զբաղեցնում ինձ, — ասացի ես:

Այդ արդեն երևում է, որովհետև դուք այլևս այս կողմը չեք նայում:

Իրավունք էլ ունի, նրա աչքերն զբաղված են արժանավոր առարկայով, — հարեց Իվան Իվանիչը:

Իմ աչքերից ավելի` միտքն է զբաղված, — նկատեցի ես:

Ձեր մի՞տքը, մի՞թե կարելի է,— զարմացավ տիկինը:

Ի՞նչը չէ կարելի, — հարցրի ես:

Որ տղամարդը նստե գեղեցկուհու առաջ և մտածե:

Այդ ինձ շատ է պատահում:

Դուք ուրեմն ձանձրալի ասպետ կլինիք կանանց համար, — նկատեց տիկինը ծիծաղելով:

Այո՛, տիկին, դեռ ոչ ոք չէ գովել ինձ այդ պաշտոնի համար, — խսստովանեցի ես:

Բայց ի՞նչ եք մտածում:

Ա՛յն թե` ինչո՞ւ այս հրաշալի ծաղիկը թառամել է փշերի մեջ:

Վանքի մասի՞ն է ձեր խոսքը:

Այո՛, տիկին, ամեն կրակ մարող այդ ցուրտ շիրիմի մասին:

Բայց համոզվեցեք, որ նա թառամել է յուր թփի վրա, այդ ավելի լավ է, քան թե նա պոկվեր թփից և թառամեր մի տղամարդի անմաքուր ձեռքերում:

Բայց նա կարող էր զարդարել մի արժանավոր կուրծք:

Մի քանի ժամ միայն:

Կամ ոսկեզօծ ծաղկամանում փայլել դահլիճի մեջ և պարարել աչքերը բազմաթիվ հյուրերի...:

Որոնց յուրաքանչյուրը մի թերթ պոկերով նրանից` ավելի անփառունակ վախճան կպատրաստեր նրա համար, — հարեց Իվան Իվանիչը ժպտալով:

Դուք ա՞յդ կարծիքն ունիք կանանց ճակատագրի մասին, — հարցրի ես:

Ուրիշ ճակատագիր չունի գեղեցիկ կինը, եթե նա չէ ապրում ժայռերի գագաթին, մենավոր արծվի բնում, որին չէ մոտենում հետամուտ ոսոխը, — պատասխանեց խոսակիցս ջերմությամբ:

Դա շատ հին երգ է, — նկատեցի ես:

Բայց նրան այսօր էլ սիրով են երգում բոլոր փորձառուները:

Որոնք հետաքրքրվում են միայն արծիվների շահո՞վ և երբեք չեն մտածում նրա բնում փակված Վարուժանի՞ մասին:

Օ՛, այդ ավելորդ է. բավական է որ ժայռերն ունենան լայն հորիզոն, առողջարար օդ և սովամահ չլինելու չափ կերակուր... այդքանով էլ վարուժանը կարող է գոհ լինել և զգալ իրեն երջանիկ, երբ ընկերի անկեղծ սերը կգա իրեն գգվելու և յուր կյանքի պակասը այդ գգվանքով լցնելու: Գլխավորն այն է, որ նա սովորե բավականանալ քչով և առիթ չունենա հաճախ տեսնել յուր մոտ մի օտար, որ թաքուն շշունջով վրդովե նրա սիրտը, կամ խելամուտ անե այնպիսի նորությանց, որոնց չիմանալը` Վարուժանի օգուտն է:

Բայց ի՞նչ հայացք է այդ, առանձնացնել կնոջը, որ նա մնա անարա՞տ... Ավելի լավ չէ՞ աշխատել մաքրել մթնոլորտը, որ շրջապատում է նրան:

Օ՛, իհարկե, ավելի լավ է, այն ժամանակ մարդը հենց յուր մահկանացու մարմնով կմտներ արքայություն: Բայց հնարավո՞ր է այդ: Փորձն արդեն ցույց է տալիս, որ այն օրից ի վեր` ինչ գիտնականներն ու բարոյագետները սկսել են իրենց նոր գյուտերով ու ստեղծած ճշմարտություններով հասարակական կյանքի մթնոլորտը մաքրել, այդ օրից ապականությունն ավելի է զորացել: Առաջ մարդիկ հանցանքը գործում էին պարզությամբ, առանց նրան վարպետորեն ծածկել կարենալու, ուստի և հանցավորների թվով` լինում էին դատապարտյալներ, այսօր, համարյա, ամենքն են հանցավոր և սակայն, ոչ ոք դատապարտյալ...:

Ի՞նչ է պատճառը ձեր կարծիքով:

Այն, որ մարդիկ գազաններ են և սակայն մենք նրանց ուրիշ էակների տեղ ենք դնում: Եթե գազանին գազան ճանաչեինք, ապա նրա տալիք վնասից էլ ազատ կմնայինք, որովհետև կպաշտպանվեինք: Բայց այժմ, առհասարակ, այն կարծիքն է տիրում, թե մարդիկ այլևս առաջվանը չեն, թե լուսավորությունը նրանցից հանել է չար գազանը և տեղը դրել իսկական մարդուն, ուրեմն տիրողը ազնվությունն է, որից չպետք է վախենալ: Այս թյուր կարծիքը ստեղծել է մի քաոս, որի մեջ ճարպիկներն ու ձեռնածուները հնձում են հաջողության դափնիներ, մինչդեռ համեստ, առաքինի և արժանավոր մարդիկ կամ դառնում են միայն զոհ, կամ անհայտության մեջ կորչում:

Ի՞նչ անել ուրեմն, նորից դառնալ հնի՞ն:

Չեմ ասում դարձեք հնին, որովհետև ոչ մի ապուշ չի վերադառնալ ընթացած ճանապարհով` նույնը նորից անցնելու համար, այլ ասում եմ, մի գովեք նորը, որովհետև նրա մեջ գովելու ոչինչ չկա:

Եթե դու նկարիչ լինեիր, միշտ զորեղ գույներ գործ կածեիր, չմտածելով, որ դրանով փչացնում ես նկարդ, — նկատեց տիկինն ամուսնուն. եթե հնի մեջ տասը լավ է եղել, նորի մեջ այդ լավից հարյուրները կան, ինչո՞ւ ես ճշմարտությունը բոլորովին մոռանում:

Եվ եթե կատարյալը ձեռք չէ բերվում այժմ, — ավելացրի ես. — դրա պատճառն այն է, որ մենք տակավին ճիշտ չենք ըմբռնել ժամանակակից մարդու հոգեբանությունը, ուստի և շատ դեպքում կրթում ենք նրան սխալ ճանապարհով: Տվեք նրան համապատասխան կրթություն և կտեսնեք, որ ձեր ճանաչած գազանի մեջ հրեշտակ է ապրում:

Հա, հենց խնդիրն էլ այդ է, որ մենք չենք խոստովանում մեր տգիտությունը` ժամանակակից մարդուն ճանաչելու վերաբերմամբ և, սակայն, շարունակում ենք կրթել նրան համաձայն մեր անճանաչողության: Եվ համոզված լինելով, որ արդեն գտնվում ենք ճշմարիտ ճանապարհի վրա, ազատորեն ծաղրում ենք հին բարքերն ու սովորությունները, առանց մտածելու թե` եթե նրանք մարդուն չէին ծանոթացնում փիլիսոփայության ու մաթեմատիկայի նրբություններին, չէին բարձրացնում մինչև Պառնասի գագաթը, գոնե սովորեցնում էին լինել համեստ, բարի և երախտագետ. վարժեցնում էին արիության և աշխատասիրության. սիրելի էին դարձնում նրան անձնվիրությունն ու դյուցազնական առաքինությունը: Ի՞նչ է տալիս սակայն, այժմյան կրթությունը: Նա զարգացրել է ամբարտավանությունը և պոռոտախոսությունը, ստեղծել է ծույլերի ու ձրիակերների ոհմակներ, որոնք հանուն, ո՞վ գիտե, ի՞նչ բարձր գաղափարների հարստահարում են ժողովուրդը. ասպարեզ է բացել կոպիտ անձնապաշտության. անհետացել է անձնվիրության վսեմ գաղափարը...: Նայեցեք ուսումնավարտ երիտասարդների այն շարքերին, որոնք իրար ետևից գալիս մտնում են հասարակության խավերը. աշխատեցեք գտնել նրանց մեջ առաքինի, անձնվեր, սեփական եսն ուրացող և ժողովրդի բարվույն նվիրվող անձանց, որոնեցեք իսկական մարդուն և տեսեք թե նրանից քանի՞սը կգտնեք: Արդյունքը կապշեցնե մեզ: Ի՞նչ է դրա պատճառը, այն` որ մեր տղաները սովորում են ամեն բան` լեզվագետ, գիտնական շահագործ և այլն լինելու համար, բայց չեն սովորում ոչինչ` մարդ լինելու համար: Մենք ունենք բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք մեր աղջկերանց սովորեցնում են խոսել օտար լեզուներով, երգել, նվագել, պարել և հագնվել գեղեցկագետի ամենանուրբ ճաշակով, բայց չունենք մարդիկ, որոնք խոսեին թե` ի՞նչ պիտի անեն եթե երբևիցե բախտը կապե իրենց մի երիտասարդի հետ. ի՞նչ պիտի անեն նրան և իրենց երջանկացնելու, սեփական հարկը խաղաղության ու քաղցրության օթևան և ոչ թե դժոխք դարձնելու համար. ի՞նչ պիտի անեն զորեղ մի ընտանիք ստեղծելու, արժանավոր զավակներ սնուցանելու և այդպիսով հայրենիքին պիտանի անդամներ տալու և նրանցով հայրենիքը զորացնելու համար...»: Եվ հենց այս պատճառով էլ մենք այժմ ունինք անթիվ օրիորդներ, բայց չունինք հարսնացուներ, ունինք տիրուհիներ, բայց չունինք ամուսիններ. ունինք կենցաղագետ ու պչրող կանայք, բայց չունինք տան հիմքը յուր ուսերին կրող ժրագլուխ տան -տիկնայք. իսկ որ ամենից ցավալին է` ունինք միշտ պահանջող, քրթմնջող, օրին մեկը առողջ` իսկ տասը հիվանդ, միշտ դյուրագրգիռ ու անհամբեր, հաճախ իրավունքից խոսող, բայց երբեք յուր պարտքը հիշող հանըմներ և սակայն չունինք ընտանիքի պատվին ու զավակի սիրուն նվիրված` և այդ սիրո համար ամեն ցավ ու վիշտ համբերությամբ տանող առաքինի մայրեր...: Այս այսպես լինելուց հետո` դուք ինչո՞ւ եք զարմանում երբ ես ասում եմ թե` եթե ձեր այս «հրաշալի ծաղիկը» (կարծեմ այդ անունը տվիք այս գեղեցիկ միանձնուհուն ) փայլում լիներ դահլիճի մեջ` ոսկեզօծ ծաղկամանում, ապա նրա շուրջը վխտող հյուրերը ոչ թե այդ ծաղկի տեսքով կզմայլեին, այլ անպատճառ իրենց թաթերը կպարզեին նրա քնքուշ թերթերը կապտելու համար: Ուրեմն, կամ լավ է, որ ծաղիկը թառամի յուր իսկ բունի վրա, ինչպես որ քիչ առաջ կինս էր ասում. կամ արծվի վարուժանը ապրե ժայռերում, լեռան գագաթին, որպեսզի որսորդին մնա անմատչելի...:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 Next Last