Մուրացան՝   Գթության քույրեր

Pages: First Previous 1 2 3 4 Next Last

Բայց ի՞նչ էր նա իսկապես:

Մինչդեռ այս մտքերում խորասուզված` ակնապիշ նայում էի գեղանի քրոջը, նա հուշիկ մոտեցավ. կրկնեց յուր շնորհակալությունը և քաղցր ժպտալով խնդրեց ինձ թողնել տոպրակը, որի ծայրից դեռ բռնած` սպասում էի բեռնակրի:

Ես ետ չքաշվեցա և շարունակում էի նայել նրա սիրուն երկնագույն աչերին:

Ի՞նչ հասկացավ նա այդ բանից, և որի՞ տեղ դրավ ինձ, չգիտեմ. նա տարավ ձեռքը գրպանը և հանելով այդտեղից յուր աղքատիկ պորտմոնեն հանեց նրա միջից մի փոքրիկ արծաթ փող և պարզելով դեպի ինձ` քաշվելով ու շիկնելով ասաց.

Pardon...je nen ai plus... (ներեցեք, ավելին չունիմ):

Ես իսկույն թողեցի քսակը և ապուշ կտրած նայում էի գեղեցկուհուն, որ անգիտության ու վարանման այդ վայրկենին դարձել էր ավելի հրապուրիչ:

Այս կինն, ուրեմն, ոչինչ չէր հասկացել այն ամենից, ինչ որ ես արել էի... նա, մինչև անգամ, գաղափար չուներ այն մասին, թե մարդիկ սովոր են ծառայություն անել կանանց, կամ այդ պատրվակով` հետևել յուր նման գեղեցկուհիներին... նա չգիտեր թե` ինչ զորություն ունին յուր խաժակն աչքերը և ի՞նչ հրապույր յուր անմեղ ժպիտը... Բայց նա գիտեր, տեսել էր, որ բեռնակիրներ կան աշխարհում, որոնք ծանրոցներ են տեղափոխում և դրա համար էլ ստանում մի քանի սու: Ուրեմն ես ևս, որ, առ ի չգոյէ բեռնակրի, հանձն էի առել յուր տոպրակը բերել մինչև պլատֆորմ և որ այժմ կանգնած սպասում էի մի բանի, նշանակում է թե սպասում էի ոչ թե կառքի, կամ բեռնակրի, և կամ վերջին անգամ իրմով զմայլվելու, այլ դրամական վարձատրության...

Եվ մինչդեռ նա ձեռքը պարզած` նայում էր ինձ և իսկապես զարմանում թե` ինչո՞ւ չեմ փողն ընդունում, ես գլուխս շարժեցի և մի վերջին անգամ էլ հիացման հայացքս ուղղելով իրեն, ճշմարիտ հուզմամբ բացականչեցի. — O santka simplikitas (ո՛վ սուրբ պարզություն):

Երբ դարձա վագոն և պատմեցի ուղեկիցներիս գթության քրոջ արածը, Իվան Իվանիչը ուրախ-ուրախ ծիծաղեց, մինչդեռ կինն ասաց.

Դրանից ավելի լավ դաս ոչ ոք չէր կարող տալ ձեզ. դադարեցեք այսուհետև գաղտնիք որոնել այնտեղ, ուր չկա այդպիսին:

Իրավունք ունիք, տիկին, — հարեցի ես. — իրավ որ շատ անգամ ճշմարտությունը կանգնած է լինում մեր առաջ, բայց մենք նրան որոնում ենք անհայտության խորշերում, այս դասը երբեք չի պիտի մոռանամ ես:

Ուրեմն համոզվեցաք, որ այս գթության քույրը չէր նմանում նրանց, որոնց պատմությունն արիք:

Այլև հավատացի թե` արդարև աշխարհում կարող են լինել «գթության քույրեր», եթե միայն նրանք չապրեն այն մթնոլորտում, ուր ծնվել ու սնվել են հիշածդ քույրերը...:

Pages: First Previous 1 2 3 4 Next Last