Մուրացան՝   Ինչ լայեղ է

Pages: First Previous 1 2 3 4 5 6 Next Last

Քո տալոջ աղջիկը իմ գործը պիտի խանգարե, — կամացուկ շշնջաց նա յուր կնոջ ականջում, որը պարսկական ոճով կահավորված մի սենյակում ազատորեն ձգվել էր բազմարանի վերա և ուրախ-ուրախ խոսում էր մի քանի երիտասարդների հետ:

Ի՞նչ է պատահել, — անհանգստությամբ հարցրեց Ռոզա Անդրեևնան և խոսակիցները թողնելով, առանձնացավ ամուսնու հետ սենյակի անկյունը:

Ամալիան դեռ չէ երևում, իսկ Մաշտոցյանը արդեն այստեղ է, — խորհրդավոր եղանակով հայտարարեց Սիմբրյանը և աչքերը հարցական ձևով հառեց դեպի ամուսինը:

Եվ ա՞յդ է Ամալիայի հանցանքը, — արհամարհական ժպիտով հարցրեց տիկինը:

Իհարկե, և դու երևի դրան նշանակություն չես տալիս:

Ի՞նչ նշանակություն պետք է տալ:

Այն, որ գործը կարող չէ հաջողվիլ:

Բայց ինչո՞ւ համար, ասա խնդրեմ, միթե քո շինելիք գործը այնքան խախուտ հիմք ունի, որ Ամալիայի ուշանալը կարող է նրան խանգարել:

Ա՛յ կին, նա մինչև անգամ հիմք չունի, ես նոր եմ նրան հիմնարկում, հասկանում ես:

Էհ, ուրե՞մն...

Ուրեմն եթե նա ուշանա, Մաշտոցյանը կարող է դուրս գնալ, որովհետև ես նրան հազիվ այսօր համոզեցի մի քառորդ ժամ նվիրել այս գործին և այսպես բանը կդժվարանա:

Օ՛, հո՛, հո՛, շատ մեծ մարդ է. կարծես Ամալիային փեսաներ են պակասում, — արհամարհանոք նկատեց տիկինը:

Դու նրա համար ես այդպես խոսում, Ռոզա, որովհետև ապագայի մասին չես սիրում մտածել, և մանավանդ, որովհետև կին ես, — նեղացած խոսեց Սիմբրյանը:

Երբեք էլ չէի ցանկալ մարդ լինիլընդհատեց տիկինը,

Հավատում եմ, որովհետև հիմարները ավելի հանգիստ են ապրում աշխարհում:

Մինչդեռ երկու ամուսինները այս վիճաբանության մեջ էին, ներս մտավ Ագապյան գեղեցկուհին յուր իշխանուհի մոր ընկերակցությամբ:

Վարժարանն ավարտելուց ետ այս առաջին անգամն էր, որ օրիորդ Ամալիան մտնում էր հասարակաց պարահանդեսը... Այդ օրը նա արդեն տասնևութ տարեկան էր, հետևապես ժամանակն էր, որ նա երբեմնապես վայելեր աշխարհային զվարճությունները և սովորեր զանազանել աշխարհի չարն ու բարին:

Այդպես էր ասում իշխանուհի Դարիան:

Սիմբրյան և Ագապյան տան ներկայացուցիչները մտերմաբար ողջունեցին միմյանց:

Ամալիա, դու մորեղբորդ շատ անհանգստացրիր, քո պատճառով նա կամենում էր կռվել ինձ հետ, — ասաց տիկին Սիմբրյանը:

Մի՞թե, և ինչու համար, — հարցրեց օրիորդը հետաքրքրությամբ:

Դու շատ ուշացար, իսկ նա պատճառ ուներ քեզ ավելի վաղ սպասելու:

Կատակ է անում Ռոզան, — շտապեց մորեղբայրը ընդհատել կնոջը, վախենալով նրա շատախոսությունից:

Թողեք, խնդրում եմ, որ նա խոսի, — պահանջեց օրիորդը, — երևի ես մի հանցանք եմ գործել իմ ուշանալովս:

Բայց տիկին Սիմբրյանը, որ ամուսնու խորհրդավոր ակնարկությամբ արդեն զգացել էր յուր լռելու անհրաժեշտությունը, փոխեց յուր խոսքի վերջավորությունը: — Մորեղբայրդ ցանկանում էր, որ այսօր դու մի քանի ժամ ավելի վայելեիր պարահանդեսի զվարճությունները, — ասաց նա, այդ պատճառով նեղացավ ինձանից, որ ես անձամբ չեմ եկել քեզ ավելի վաղ այստեղ բերելու: Բայց ոչինչ, դեռ ժամանակ շատ ունինք. գնանք դահլիճը, ավելացրեց նա և օրիորդին յուր թևն առնելով դիմեց դեպի բուն պարահանդեսը:

Պարոն Սիմբրյանը շտապեց Մաշտոցյանին որոնելու: Նա գտնվում էր յուր հավասարակիցների մի շքեղ շրջանում, ուր տաք-տաք խոսում էին մի անծանոթ գեղեցկուհու մասին, որը այդ երեկո յուր այցելությամբ պատվել էր ակումբի պարահանդեսը: Մաշտոցյանը նրան չէր տեսել, բայց հետաքրքրությամբ լսում էր յուր խոսակիցներին:

Մի երկուսն ասում էին, որ նորեկը ֆրանսուհի էր և երևի դաստիարակչուհի տեղական հարուստներից մեկի տանը: Ուրիշները՝ թե նա վրաց մի իշխանուհի է, որը երևի ապրում է Թիֆլիսից դուրս, գտնվեցավ մինչև անգամ մի երիտասարդ, որ պնդում էր, թե այդ աղջիկն օպերայի դերասանուհիներից մինն է, և որ ինքը նրան տեսել է «Ֆաուստի» մեջ Մարգարիտի դերում:

Սիմբրյանը իսկույն հասկացավ, թե ինչ աղջկա մասին է խոսքը և ուրախացավ ինքը յուր մեջ: «Բանը ինքն իրեն շինվում է», — մտածեց նա և մոտեցավ Մաշտոցյանին:

Կամենո՞ւմ ես տեսնել այդ գեղեցկուհուն, կամացուկ շշնջաց նա նրա ականջին:

Երևի այդ նա է. այնպես չէ՞:

Չգիտեմ, եկ և տես:

Մաշտոցյանը իսկույն թևը տվավ Սիմբրյանին և նրանք երկուսը միասին մտան դահլիճը:

Կադրիլը վերջանում էր: Հյուրերի մեծամասնությունը հառել էր յուր աչքերը դեպի դահլիճի ճակատը, ուր ջահերի շլացուցիչ լուսավորության առաջ, ինչպես գերբնական մի դիցուհի կանգնած էր օրիորդ Ամալիան. նրա հարուստ երկնագույն շրջազգեստը, որ զարդարված էր ամենանուրբ հյուսկեններով և միայն կիսով չափ էր քողավորում յուր մարմարյա կուրծքն ու բազուկները, մի առանձին պերճություն էր տալիս նրա ուղղաձիգ հասակին, որի վերա շնորհաշուք կերպով իշխում էր յուր հպարտ և գեղեցիկ գլուխը: Նրա սևորակ ու կրակոտ աչքերը, որոնք հովանավորված էին երկարատեգ արտևանունքներով, մերթ ընդ մերթ նայում էին դեպի դահլիճի չորս բոլորքը, որտեղ հարյուրավոր աչքեր հիացմամբ դիմում էին իրեն, երբեմն էլ այդ հայացքները ետ մղելու համար գեղանի օրիորդը ծածկում էր յուր դեմքը փղոսկրյա հովհարով, որի քնքշիկ շարժումներից ծածանում էին գեղեցիկ գանգուրները յուր սպիտակափառ ճակատի վերա:

Մանկամարդ իշխանուհին դեռ ժպտադեմ և շնորհաշուք խոսակցում էր տիկին Սիմբրյանի հետ, երբ վերջնոյս ամուսինը յուր թևն առած երիտասարդ Մաշտոցյանին, մտավ դահլիճը:

Ո՞ւր է գեղեցիկ աղջիկը, — հետաքրքրությամբ հարցրեց երիտասարդը:

Ահա՛, մեր դիմաց, — մատնացույց արավ դեպի նրան Սիմբրյանը:

Երիտասարդը տեսավ գեղեցկուհուն թե չէ, քնից զարթնածի նման խլեց յուր ձեռքը Սիմբրյանի թևից և մի քանի քայլ առաջ անցավ դեպի գեղանին:

Ի՞նչ պատահեց քեզ, գժվեցար, — ծիծաղելով հարցրեց Սիմբրյանը:

— «Աստված իմ, սա այն աղջիկն է, ճիշտ ա՛յն աղջիկը, — շշնջաց ինքն իրեն երիտասարդը, ուշ չդարձնելով Սիմբրյանի խոսքերին:

Որ աղջիկը, մի՞թե դու նրան ճանաչում ես, — հարցրեց կրկին Սիմբրյանը:

Այո, ես այդ աղջկան տեսա երեք տարի սրանից առաջ Օրիորդական գիշերօթիկում, ես տեսա նրան մի օր, և էլ այնուհետև ոչ մի տեղ չկարողացա տեսնել, նրա գեղեցիկ դեմքը ես մինչև այսօր էլ հիշում եմ, նույնն է, ինչ որ էր երեք տարի սրանից առաջ, նա գրեթե չի փոխվել:

Ուրեմն դու տեսել ես իմ քրոջ աղջկան դեռ իմ ցույց տալուց առաջ:

Ների՛ր ինձ, խնդրում եմ, այս գեղանին տեսնելուց ետ, ես էլ ոչ մի աղջկա անուն լսել չեմ կարող, ես պետք է իմանամ, թե ով է այս դիցուհին և նրա ետևից պիտի գնամ թեկուզ մինչև աշխարհի վերջը, — ջերմությամբ պատասխանեց երիտասարդը, առանց ըմբռնելու Սիմբրյանից լսածի միտքը և շտապեց դեպի առաջ:

Ո՞ւր ես վազում, խելագար, — բացականչեց Սիմբրյանը նրա թևից քաշելով, — քեզ ասում եմ, թե դա իմ քրոջ աղջիկն է:

Մաշտոցյանը ետ դարձավ և սկսավ զարմացած աչքերով նայել Սիմբրյանի վերա: Նա կարծես չէր հավատում նրա խոսքերին և պատրաստվում էր հանդիմանել նրան յուր ստախոսության համար:

Դու դժվարանում ես հավատալ, այնպես չէ՞, — գուշակեց Սիմբրյանը:

Այո՛, ես չեմ հավատում ձեզ, — պատասխանեց երիտասարդը վստահությամբ:

Նայի՛ր, ուրեմն, ովքե՞ր են նրա մոտ կանգնած, իմ կինս և քույրս, դու հո ճանաչում ես նրանց:

Այո, նա խոսում է Ռոզա Անդրեևնայի հետ, իսկ նրա կողքին կանգնած է իշխանուհի Ագապյանը... Ուրեմն, ճշմարիտ որ նա ձեր քրոջ աղջիկն է:

Այժմ հավատո՞ւմ եք ինձ:

Այո, բայց մի՞թե այս օրիորդի ձեռքն էիք խոստանում ինձ:

Նույնիսկ այդ օրիորդի:

Օ՛հ, եթե արդարև դուք կամենում եք դրանով բախտավորեցնել ինձ, ես հավիտյան երախտագետ կլինեմ դեպի ձեզ, — ջերմությամբ բացականչեց երիտասարդը և ամուր-ամուր սեղմեց Սիմբրյանի ձեռքը:

Դուք ցանկանում եք Ամալիայի հետ ծանոթանալ, այնպես չէ՞:

Կյանքս կտայի դրա համար:

Գնանք ուրեմն, — ասաց Սիմբրյանը, — ես քեզ կներկայացնեմ իմ քրոջը և քեռորդուն: Եվ նրանք երկուսը միասին դիմեցին դեպի նրանց:

Քիչ ժամանակից ետ պարոն Արսեն Մաշտոցյանը ճեմում էր դահլիճի մեջ գեղեցիկ իշխանուհու հետ միասին և քաղցր զրուցատրությամբ զբաղեցնում էր նրան: Իշխանուհի Դարիան հետևում էր նրանց, խոսակցելով յուր եղբոր և նրա կնոջ հետ, բայց միևնույն ժամանակ տեսությունից չհեռացնելով երիտասարդ զույգին, ինչպես մի հմուտ որսորդ, որ քայլ առ քայլ հետևում է միամիտ երեին:

Ինչ վերաբերում է օրիորդ Ամալիային, նա շատ հաճությամբ էր լսում նոր բարեկամի զրույցներն ու հաճոյախոսությունները, ինչպես առհասարակ բոլոր նորավարտ սանուհիները, հետևապես առանց դիմադրության էլ ընդունեց նրա առաջարկությունը երկրորդ կադրիլում յուր հետ պարելու:

Մաշտոցյանի բարեկամները, տեսնելով նրան պարահանդեսի այդ միակ թագուհու հետ մտերմացած, նախանձից մեռնում էին, բայց որովհետև նրան խանգարել չէին կարող, հետևապես ստիպված էին իրենց ճակատագիրը անիծելու:

Պարահանդեսի վերջում պարոն Մաշտոցյանը մի մեծածախ ընթրիքով պատվասիրեց Ագապյան և Սիմբրյան գերդաստանի չորս թանկագին անդամներին ու գոհ սրտով և հոգվո ամենաուրախ տրամադրությամբ վերադարձավ տուն:

Զ

Անհրաժեշտ մի փոքրիկ բացատրություն նախընթաց երեկոյան պարահանդեսի ժամանակ պարոն Գևորգ Սիմբրյանի բռնած ընթացքի համար:

Այն օրից սկսած, որ օրիորդ Ամալիան թողեց օրիորդական գիշերօթիկը, նրա ապագայի խնդիրը ծանրացավ պարոն Սիմբրյանի սրտի վերա: Ինչպես հարազատ մորեղբայր և շատ չար ու բարի տեսած մարդ, նա գուշակում էր, թե ինչ թշվառ վախճան կունենար այդ աղջկա վերաբերությամբ այսօրվա ունեցած ամենափոքր անհոգությունը:

Նա գիտեր, որ գեղեցկությունը երկսայրի սուր է մի կնոջ ապագայի համար, նա կարող է բարձրացնել նրան մինչև երջանկության գագաթնակետը կամ գլորել թշվառության անհատակ անդունդը: Մի առաքինի և հաստատուն բնավորության տեր կնոջ համար գեղեցկությունը թանկագին զարդ է. նա ստիպում է մարդկանց ճանաչել իրմով առաքինությունը և պաշտել նրան, նա հարգանք է ծնեցնում նույնիսկ ապառաժ սրտերում, ճշմարիտ արժանավորությունը երկրպագվում է նրա շնորհիվ: Բայց նույն այդ գեղեցկությունը մի դժբախտություն է թեթևամիտ և սնափառ կնոջ համար: Այդ գեղեցկությամբ, ճշմարիտ է, նա խմբում է յուր չորս կողմն անթիվ երկրպագուներ, բայց դրանցից ամեն մեկը մոտենում է նրան յուր որոշ նպատակով, առանց ներքին հարգանքի, առանց ազնիվ զգացմունքների... Մի քանի գողտրիկ հաճոյախոսություններ, մի քանի քաղաքավար շարժմունքներ, որոնք մեր շատ երիտասարդների միակ արժանավորությունն են կազմում և որոնք սակայն բավականաչափ գգվում են թեթևամիտ գեղեցկուհիների ինքնասիրությունը, կարողանում են այս վերջինների սիրտն ու զգացմունքը հաղթահարելու և նրանց գերելու: Այնուհետև վտանգը դառնում է անխուսափելի և կորուստը տեղի է ունենում յուր բնական ճանապարհով: Զղջումը վերա է հասնում հենց այն ժամանակ, երբ արդեն կորուստը անդառնալի է...

Այս ամենը քաջ գիտենալով, պարոն Սիմբրյանը շտապում էր գտնել յուր քեռդստեր համար մի արժանավոր փեսացու և ամուսնացնել նրան որքան կարելի է շուտ, այսինքն քանի որ դեռ Ամալիան շատ չէր ծանոթացել աշխարհի հետ և քանի որ նա ազատ էր անսիրտ և անհոգի երիտասարդության դավադրություններից: Բացի այս, պարոն Սիմբրյանին հարկավոր էր Ամալիայի շնորհիվ բարեկամանալ այնպիսի մի մարդու հետ, որ նյութական մեծ ուժ ունենար և որ հարկավոր ժամանակում բարեհաճեր իրեն թև ու թիկունք դառնալու: Հենց այս էր, եթե չեմ սխալվում, և իշխանուհի Դարիայի ցանկությունը: Բայց ո՞վ էր Թիֆլիսի մեջ այն անձը, որ թե՛ գեղեցիկ, թե՛ առողջ և թե՛ զարգացած լիներ Ամալիային հաճելի լինելու համար և թե հարուստ պարոն Սիմբրյանին և յուր քրոջը գրավելու համար: Այդպիսին միայն Արսեն Մաշտոցյանն էր, որին ճանաչում են ընթերցողները:

Եվ ահա պարոն Սիմբրյանը մոտենում է նրան, տեղեկանում է նրա ամուսնանալու ցանկությանը և իշխանուհի Ամալիային արժանի գովեստներով առաջարկում է Մաշտոցյանին նրա ձեռը: Վերջինս չէր ճանաչում այդ աղջկանը և պնդում էր, որ չէր տեսել նրան ոչ մի տեղ, հետևապես անկարող էր ընդունել Սիմբրյանի առաջարկությունը, նախքան աղջկա հետ ծանոթանալը: Այդ պատճառով նա խոստացավ նրան Ակումբի առաջին պարահանդեսին ներկա գտնվիլ մի փոքր ժամանակով և այդտեղ օրիորդի հետ ծանոթանալուց ետ, հայտնել Սիմբրյանին յուր վերջնական որոշումը:

Այնուհետև արդեն հայտնի է ընթերցողներին, թե այս ժամադրությունը ինչպես տեղի ունեցավ և ինչ վախճան ստացավ:

Բայg որքան մեծ եղավ պարոն Սիմբրյանի զարմանքը, երբ պարահանդեսի հաջորդ օրը հայտնելով յուր այս դիտավորությունը իշխանուհի Դարիային՝ նրանից մերժումն ստացավ:

Իմ աղջիկը ես այդպես շուտ մարդու տալ չեմ կարող, և այն առաջին պատահած երիտասարդին, — նկատեց իշխանուհին. — Ամալիան այնքան երիտասարդ և այնքան գեղեցիկ է, որ Մաշտոցյանից ավելի հարուստ և ավելի պատվավոր մարդիկ կարող են խնդրել նրա ձեռքը, բացի այս. Մաշտոցյանը մի վաճառական է և ուրիշ ոչինչ, իսկ մի վաճառականը Ամալիայի համար շատ քիչ է. իմ աղջիկը իշխանազն է և իշխանի հետ էլ պիտի ամուսնանա, եթե այդ չհաջողվեցավ, գոնե մի գեներալի հետ, և ոչ թե մի հասարակ վաճառականի, որի հայրը տասնյակ տարիներ առաջ մի փերեզակ էր:

Դարիկո, եկ ես ու դու մեր մեջ անկեղծությամբ խոսենք, այստեղ մեզ ոչ ոք չի լսում, — մի փոքր վրդովված խոսեց Սիմբրյանը. — այդ բոլորն ինչ որ դու ասացիր, միայն դատարկ խոսքեր են, ես ինքս շատ լավ եմ ճանաչում ձեր իշխանական տան արժեքը, ձեր իշխանազնությունը դեռ չէ ապացուցանում, որ դուք մեծ մարդիկներ եք. կամենում ես այդ իշխանազն ցեղից ես լակեյներ կբերեմ քեզ համար: Բայց բանը նրանումն է, թե արդյոք այդ իշխանական տիտղոսի և նրա համար ունեցած ձեր մեծամտության արժանավայել կարողություն էլ ունիք դուք: Կարող ես արդյոք մի քանի տարի շարունակ այնպես պատվավոր պահել քո աղջիկը, որ քո ցանկացած իշխաններն ու գեներալները հետամուտ լինին նրա ձեռքը խնդրելու: Պատիվն էլ եթե մյուս կողմը դնենք, փող ունիս դու նրան երեկվա պես միշտ զուգված ու զարդարված պահելու, կամ գոնե խելք սրիկաների որոգայթներից նրան միշտ ազատ պահելու:

Եվ վերջապես ինչու համար ես իշխան ու գեներալ պտրտում, մեր կյանքի միակ նպատակը երջանիկ ապրելը չէ՞, էհ, ո՞ր իշխանի տանը կարող է Ամալիան այնքան բախտավոր լինել, որքան Արսեն Մաշտոցյանի տանը: Իշխանությունն էլ, ուժն էլ, պատիվն էլ այժմ փողի մեջ է, իսկ Մաշտոցյանն այնքան փող ունի, որ քո աղջկանը ոչ թե իշխանուհու, այլև պրինցեսի պես կարող է պահել: Ի վերջո ինչ ես դու շատ իշխանազնությունից խոսում, քո եղբայրը ես չեմ, մեր հայրը մի աղքատ կոշկակար չէր, և եթե մեր հարևան Ղարսոյի ողորմությամբ ես մի քիչ ուսում չառնեի ու իմ խելքի ուժով անուն չաշխատեի, դուն Ագապյանների հարսը կդառնայիր: Մի քանի տասնյակ տարի առաջ երազումդ էլ չէիր տեսնում, թե ինչ բան է իշխանազնությունը, բայց հիմա քո մեծամտությունն ինձ վերա ես ուզում ծախել: Թող, քույրիկս, այդ հիմարությունները, մենք իրար ճանաչում ենք և միմյանց չպետք է խաբենք:

Իշխանուհին տեսավ, որ էլ ընդդիմանալու տեղը չէ. յուր առաջ նստած էր այն եղբայրը, որ ճանաչում էր յուր անցյալը և ներկան և որին ինքը պարտական էր յուր բոլոր գոյությամբ, պետք էր լսել նրան: Բայց ով չգիտե, որ տարիներով պաշտած ու գուրգուրած իդեալը մի օրում ուրանալ հեշտ չէ:

Դեռ Ամալիան մի փոքրիկ աղջիկ էր, որ իշխանուհին պարծենում էր նրա ապագայով, նա մտածում էր նրա բախտի վերա պատվաստել յուրը և նոր իշխանական տան խնամությամբ բարձրացնել Ագապյանի տան ընկած անունը: Այսօր այդ բոլորը ցնդվում էր օդի մեջ, որովհետև տխուր իրականությունը գալիս էր նրան համոզելու, թե պետք է հնազանդվել յուր եղբոր վճռին: Այսուամենայնիվ իշխանուհին վերջին միջոցը գործ դրեց անուղղակի ճանապարհով յուր եղբոր դիտավորությունը խանգարելու:

Ես համաձայն եմ քեզ հետ, — ասաց նա եղբորը, — առաջարկիր այդ Ամալիային իրեն, նա չափահաս աղջիկ է և պետք է որ ինքը վճռե յուր ապագայի խնդիրը: Այդ դեպքում ես ցանկանում եմ պատասխանատվությունից ազատ լինել:

Սիմբրյանը համաձայնվեցավ:

Այդ միջոցին օրիորդ Ամալիան գտնվում էր մի ուրիշ սենյակում յուր ձայնագրության ուսուցիչ Պլատոն Ջոմարջիձեի հետ: Այս պարոնը հասարակ մահկանացուներից չէր, նա էլ օրիորդ Ամալիայի նման իշխանական ծագումն ուներ: Բայց վարժապետություն էր անում օրիորդին մի բախտավոր դիպվածով: Մի անգամ օրիորդ Ամալիան յուր մոր հետ միասին հրավիրվեցավ վրաց մի արիստոկրատ ընտանիքի հացկերույթին: Բախտի բերմամբ այդտեղ գտնվում էր և իշխան Ջոմարջիձեն, որը հենց նոր էր վերադարձել Իտալիայից, ուր նա գնացել էր իր ձայնը կատարելագործելու: Հացկերույթի ժամանակ օրիորդ Ամալիային ճանաչող տիկիններն ու օրիորդները ստիպեցին նրան երգելու և նա մի քնքշիկ ընդդիմությունից հետո երգեց, բայց երգեց այնպես հրաշալի, որ նույնիսկ իշխան Ջոմարջիձեն հիացավ:

Այս աղջիկը մեծ ապագա ունի, — բացականչեց նա և ապա մոտենալով իշխանուհի Դարիային, ասաց. — իշխանուհի, թույլ տվեք, որ ես մի քանի ամիս պարապեմ ձեր իշխանուհի դստեր հետ և ուսուցանեմ նրան յուր ձայնը մշակելու արհեստը:

Ի՞նչ վարձատրություն կպահանջեք ձեր այդ նեղության համար, — ծիծաղելով հարցրեց իշխանուհին, կարծելով, թե իշխանը կատակ է անում:

Ոչինչ, ինձ բավական է այն հոգեկան զվարճությունը, որ ես կզգամ մի նշանավոր տաղանդ զարգացնելով, — անկեղծությամբ պատասխանեց իշխան Պլատոնը:

Իշխանուհին տեսնելով, որ երիտասարդ երգիչը ձրիաբար առաջարկում է իրեն մի արժանավոր ծառայություն, ուրախությամբ ընդունեց և հետևյալ օրից արդեն իշխան Պլատոնը սկսավ հաճախել օրիորդի մոտ և երգեցողության դասեր տալ նրան:

Բայց ինչպես որ բնական էր՝ իշխան Պլատոնի յուր աշակերտուհու վերաբերությամբ ունեցած պլատոնական հարաբերությունը միշտ նույնը չմնաց, շուտով նա տեսավ, որ իշխանուհին գեղեցիկ աչքեր ունի, և որ նրանց մեջ այրվում է մի աստվածային կրակ... Մի երեսնօրյա դասախոսությունից ետ, վարժապետի և աշակերտուհու զրույցները մտերմական կերպարանք առին, առանց մայր իշխանուհու գիտության:

Այն միևնույն միջոցին, երբ Սիմբրյանը խոսում էր քրոջ հետ յուր քեռդստեր ապագա ամուսնության մասին, Ամալիան դաշնամուրի առաջ նստած պատմում էր Ջոմարջիձեին նախընթաց ավուր պարահանդեսի մանրամասնությունները: Ի միջի այլոց նա պատմեց նրան յուր ծանոթանալը Արսեն Մաշտոցյանի հետ, նրա հետ պարելը և նրա հյուրասիրությունը: Պատմության այս կտորն ուսուցչի ուշադրությունը գրավեց, մանավանդ երբ իմացավ, որ ծանոթացնողը Սիմբրյանն է եղած, որը մի քանի օր առաջ հայտնել էր իրեն յուր աշակերտուհուն ամուսնացնելու դիտավորությունը:

— «Այս մարդիկ ինձ դեմ հզոր հակառակորդ են հանում», — մտածեց նա ինքն իրեն և մտքումը դրավ մինչև վերջը մաքառելու:

Ամալիա, կարողացել եք արդյոք գուշակել ձեր մորեղբոր՝ Մաշտոցյանի հետ ձեզ ծանոթացնելու դիտավորությունը, — խորամանկությամբ հարցրեց նա օրիորդից:

Ոչ, մի՞թե դուք կարծում եք, թե դա մի առանձին դիտավորությամբ է եղած:

Այո՛, ձեր մորեղբայրը ցանկանում է յուր իշխանուհի քեռդուստրը ամուսնացնել այդ ապատոհմիկ վաճառականի հետ:

Վերջին բառերը նա արտասանեց արհամարհանքով: — Այդ անկարելի է, — վիրավորված բացականչեց օրիորդը, — իմ մորեղբայրը չի մտածիլ այդքան նվաստացնել ինձ: Իշխանը ինքն իրեն ուրախացավ օրիորդի այդ պատասխանով, բայց շարունակեց գրգռել նրան.

Ձեր մորեղբայրը հայ չէ միթե, այդ հայերից ամեն բան սպասելի է, միթե նրանք կարող են գնահատել արյան ազնվությունը, նրանցը փողն է, փողի հետ էլ կամուսնացնեն ձեզ:

Իմ մորեղբորից, ընդհակառակը, ես այդ աստիճան ստորություն չեմ սպասում, նա թույլ չի տալ իրեն աղարտել իմ հայրական տան պատիվը:

Այդ հետո կտեսնենք, — ծիծաղելով պատասխանեց իշխանը, լսելով Սիմբրյանի ձայնը, որ յուր քրոջ հետ խոսելով մոտենում էր Ամալիայի սենյակին, ստիպեց աշակերտուհուն մի բան երգելու, որպեսզի իրենց մտերմական խոսակցության վերա չպատահեն, իսկ ինքը ձախ կողմից սկսավ մեղմով զարկել դաշնամուրի ստեղունքները, կեղծելով, իբր թե ձայնակցում է երգին:

Ամալիա, երևի դու ցանկանում ես Շտոլցի1 հացը խլելծիծաղելով նկատեց Սիմբրյանը, քրոջ հետ միասին մտնելով նրա սենյակը:

Գուցե մի օր նրան կգերազանցե, — շողոքորթեց օրիորդին ուսուցիչը, — այժմ դեռ վաղ է:

Ես էլ այդ հավատն ունիմ Ամալիայի վերա, մանավանդ, երբ իշխանն է նրա վարժապետը, — պատասխանեց Սիմբրյանը և բազկաթոռն առաջ քաշելով նստեց դաշնամուրի մոտ: Բայց վարժապետը կարծես գուշակեց, որ քույր ու եղբայր խոսելիք ունեին յուր աշակերտուհու հետ, ուստի դասը կարճ կտրելով հեռացավ:

Քեզ մի շատ լավ նորություն ունիմ հայտնելու, Ամալիա, — սկսավ խոսել Սիմբրյանը, — Ի՞նչ ես խոստանում ինձ, որ հայտնեմ:

Առաջ հայտնիր, որ արժեքը տեսնեմ, — սառնությամբ պատասխանեց օրիորդը, գուշակելով մորեղբոր հառաջաբանության հետևանքը:

Մենք, այսինքն ես և մայրդ, որոշել ենք քեզ ամուսնացնել, ինչ ես կարծում, լավ որոշում ենք արել, թե վատ:

Կարծում եմ դեռ իմ ամուսնանալու ժամանակը չէ սիրելի մորեղբայր, ուրեմն ձեր որոշման մասին կարծիք հայտնել չեմ կարող:

Սխալվում ես, սիրելիս, ուրիշները ամուսնանում են դեռ տասնհինգ կամ տասնվեց տարեկան հասակում, իսկ դու արդեն տասնութ տարեկան ես և շուտով տասնևինը կմտնես: Այդ բավական մեծ հասակ է կովկասցի աղջկա համար:

Լա՛վ, թողնենք հասակը, ո՞վ է իմ փեսացունժպտալով հարցրեց Ամալիան:

Քո փեսացո՞ւն, ա՛յ, դրա համար կարող ես հարցնել ես ոչինչ ասելիք չունիմ: Քո փեսացուն մի շատ առողջ, գեղեցիկ, զարգացած և հարուստ երիտասարդ է, նա Թիֆլիսի բոլոր երիտասարդների մեջ ընտրվածը և միակն է:

Բայց ո՞վ է, — անհանգստությամբ ընդհատեց օրիորդը:

Պարոն Արսեն Մաշտոցյանը, — ծանրությամբ պատասխանեց քեռին, — այն պատվական երիտասարդը, որի հետ երեկ ծանոթանալու պատիվը ունեցար:

Ամալիան հոնքերը կիտեց և նրա աչքերը բարկությունից սկսան փայլել:

Մորեղբայր, կատա՞կ եք անում ինձ հետ, — հարցրեց նա խորհրդավոր եղանակով:

Կատա՞կ, ինչու համար, սիրելիս, շատ լրջությամբ եմ խոսում:

Ավելի վատ. ուրեմն դուք գիտակցաբար ստորացնում եք ինձ:

Ստորացնե՞լ, ինչու համար, Ամալիա, մի՞թե այդպիսի առաջարկություն անելը քեզ ստորացնել կնշանակե:

Իհարկե, ինչ լայեղ է ինձ ամուսնանալ մի որևէ վաճառականի հետ... — խորին արհամարհանքով բացականչեց իշխանուհի օրիորդը և ձեռքում բռնած նոտաները բարկացած շպրտեց դաշնամուրի վերա:

Ամալիա, այդ վարմունքը քեզ չի վայելիր, — դառնությամբ նկատեց Սիմբրյանը, — դու երիտասարդ ես և արածդ չես հասկանում:

Ավելի կանեմ, եթե երկրորդ անգամ թույլ կտաք ձեզ այդպես կոպիտ կերպով ինձ անպատվելու:

Ամալիա, դու քո բախտը հեռացնում ես քեզանից, հետո շատ կզղջաս, բայց արդեն ուշ կլինի:

Ավելի կգերադասեմ ազնվական պատվով մեռնել, քան թե վաճառականի կին դառնալով հարյուր տարի ապրել: Մի խոսեք ինձ հետ այլևս այդ նյութի վերա, ես չեմ կամենում լսել:

Դուք ինչ եք ասում, տիկին, — դարձավ Սիմբրյանը յուր քրոջը, որ թեպետ լուռ, բայց ներքին հաճությամբ լսում էր յուր դստերըդուք էլ նույն մտքին եք, ինչ որ ձեր աղջիկը:

Ամուսնացողը նա է, եթե նա չէ հավանում, ես ի՞նչ կարող եմ ասել, — պատասխանեց իշխանուհին անտարբերությամբ:

Սիմբրյանը տեսավ, որ յուր քրոջ հիմարությունը գերազանցում էր աղջկանը, ուստի վերին աստիճան վրդովված, «արյուն ձեր ի գլուխ ձեր» ասաց ավետարանի խոսքերով և բարկացած դուրս գնաց սենյակից:

Առաջիկա կյուրակե օրը պարոն Մաշտոցյանը հարմար գտավ այցելել Ագապյաններին, յուր ծանոթությունը հաստատելու և յուր ապագա հարսնացվին ի մոտո ճանաչելու համար: Նա ոչինչ տեղեկություն չուներ այն դժգոհությունից, որ տեղի էր ունեցել Ագապյանների և պարոն Սիմբրյանի մեջ: Երբ ծերուկ սպասավորը հայտնեց օրիորդ իշխանուհուն մի անծանոթ հյուրի գալուստը, նա հրամայեց առաջնորդել նրան յուր մոտ, որովհետև մայր իշխանուհին դեռ եկեղեցումն էր: Ինքը օրիորդը այդ ժամանակ նստած էր դաշնամուրի առաջ և երգում ու նվագում էր: Մտնելով դահլիճը, պարոն Մաշտոցյանը լսեց օրիորդի դաշնահարության և երգի ձայնը, նա մի քանի րոպե կանգ առավ դահլիճում, չհամարձակվելով խանգարել իշխանուհու մուսաներին: Օրիորդը երգում էր ոգևորված, նրա անուշ և ոլորուն ձայնը միախառնվելով դաշնամուրի բեկբեկուն և սրտաշարժ հնչյունների հետ ստեղծում էր մի հրաշալի մեղեդի, որով բանաստեղծը երգել էր յուր սիրո անմահությունը:

Քանի-քանի գեղեցիկ պատկերներ նկարվեցան այդ րոպեին երիտասարդի երևակայության առաջ: Նա հանկարծ մտաբերեց այն բախտավոր օրը, երբ Ամալիան յուր սիրելի ամուսինը կլինի և յուր տան մեջ էլ նույնպիսի ոգևորությամբ կերգի և կնվագի դաշնակը, այն ժամանակ նա կհիշեցնե նրան այս միևնույն օրը, երբ ինքը դահլիճի մեջ կանգնած զմայլմամբ լսում էր իրեն առանց համարձակվելու խանգարել նրա մենավոր ոգևորությունը:

«Այսօր ես այստեղ կանգնած եմ անվստահ հույսով՝ թե արդյոք պիտի հաջողեմ քեզ ժառանգելու, — մտածում էր ինքն իրեն երիտասարդը, — բայց կգա երևի մի օր, երբ ես առանց քո գիտության կկանգնեմ իմ սեփական դահլիճում և այսպես կլսեմ քո դաշնահարությունը. բայց ով երջանկությունս, այն ժամանակ այսպիսի կասկածներ չեն տանջիլ ինձ, այն ժամանակ հանգիստ սրտով կսպասեմ քեզ հետ գրկախառնվելու րոպեներին»: Բայց նա երկար չկարողացավ այս երազներով զբաղվել:

Դուք կարող եք ներս գնալ, — լսեցրեց յուր անհաճո ձայնը ծերուկ առաջնորդը, — երգելուն մի նայեք, մեր իշխանուհին ամեն օր է երգում:

Մաշտոցյանը կարծես քնից արթնացավ, նա չէր սպասում սպասավորի նկատողությանը, որովհետև չգիտեր էլ թե նա յուր հետևում կանգնած է. այժմ ստիպված էր առաջ գնալու: Երբ ներս մտավ, իշխանուհի օրիորդը դեռ երգում էր. նա այնպես ձևացրեց, իբր թե չէ նշմարում Մաշտոցյանին: Վերջինս մնաց կանգնած, մինչև որ օրիորդը յուր նվագը վերջացրեց: Դարձնելով յուր դեմքը, նա տեսավ Մաշտոցյանին:

Օ՛հ, դուք այստեղ, հազար ներողություն, ինչպես պատահեց, որ ես ձեր գալը չիմացա, — զարմացմամբ բացականչեց օրիորդը և քաղաքավարությամբ առաջարկեց նրան նստել հանդիպակաց բազկաթոռի վերա:

Իշխանուհի, դուք ա՛յնպես գեղեցիկ և ա՛յնքան հրաշալի եք երգում, որ ես կցանկանայի ամբողջ օրն աննկատելի մնալ ձեզանից, միայն թե լսեի ձեր կախարդող մեղեդին:

Շնորհակալ եմ ձեր հաճոյախոսության համար, ես հազիվ թե արժանի եմ նրան, — ժպտալով պատասխանեց օրիորդը:

Հաճոյախոսությո՛ւն, երբե՛ք, ես ճշմարտությունն եմ ասում, օրիորդ, հաճոյախոսելու բնավ տեղիք չունիմ:

Ավելի լավ. ուրեմն ինձ մնում է ուրախանալ, որ մի բանով կարողացել եմ ձեզ զվարճացնել, — նկատեց օրիորդը ինքնագոհ ժպիտով:

Այսուհետև Մաշտոցյանը և իշխանուհին, որոնք խոսակցության մի կարևոր նյութ չունեին, բայց պարտավոր էին միմյանց զբաղեցնել, սկսան, ինչպես բնական էր խոսել իրենց ծանոթության սկզբնապատճառ պարահանդեսի, նրա մեջ տեղի ունեցած անցքերի, մի քանի աչքի ընկնող անձնավորությունների և այլ այսպիսի աննպատակ բաների վերա: Վերադարձավ եկեղեցուց և մայր իշխանուհին, որը յուր կողմից նույնպես քաղցրությամբ ողջունեց երիտասարդի գալուստը, և սկսավ ընկերակցել նրանց խոսակցությանը, ավելացնելով մի քանի նոր պատմություններ երկու երիտասարդներին անծանոթ անցյալից: Այդ պատմություններից երևաց, որ Մաշտոցյանի պապը շատ սրտակից բարեկամ էր եղած իշխանուհու հոր հետ, իսկ հայրը դրացի ընկեր նույնիսկ իշխանուհու հետ, թե մի ժամանակ նրանց տունը գրեթե մեկ էր, թե ամեն օր այդ երկու դրացիները միասին էին ժամանակ անցուցանում, միասին ուտում, խմում և քեֆ անում, թե ինչպես հիմա ժամանակները փոխվել են, ինչպես դրացության բարեկամությունը մոռացվել և նրա օրենքները խախտվել են և այլ այսպիսի հին ու անպետք ճշմարտություններ:

Այս բոլոր աննպատակ խոսակցության ժամանակ երեք խոսակիցներն էլ մի որոշ նպատակ ունեին իրենց համար: Երիտասարդ Մաշտոցյանն ուշի ուշով դիտում էր օրիորդ Ամալիային, որ յուր կարծիքով յուր անբռնաբարելի սեփականությունն էր: Վաճառականին հատուկ սրամտությամբ նա քննում էր նրա արտասանած ամեն մի խոսքը, նրա յուրաքանչյուր հայացքը, ժպիտը և շարժմունքը: Նա կարծում էր, թե այդ ճանապարհով կարող էր ուսումնասիրել յուր ապագա հարսնացուին և նախքան առաջարկություն անելը՝ ճանաչել նրան: Սա, իհարկե, մի տղայական խորամանկություն էր, որ նրան մի ճշմարիտ եզրակացության հասցնել չէր կարող: Մի կին ճանաչելու համար շատ քիչ են ոչ միայն վայրկենական այցելությունները, այլև տարիների կենակցությունը: Կինը մի գաղտնիք է, որի բանալին յուրաքանչյուր անգամ նորից պետք է ստեղծել, ըստ որում նրա բարոյական կազմությունը ոչ մի տեսական օրենքի չէ ենթարկվում: Նույնիսկ փորձառու մարդիկ ընդհանրապես կանանց մասին խոսելու ժամանակ զգուշանում են որոշ կարծիքներ հայտնելուց, որովհետև մի կնոջ վերաբերությամբ ունեցած փորձառությունը անպետք է լինում մյուսի համար: Հետևապես մի երիտասարդ Մաշտոցյանի համար շատ վաղ էր օրիորդ Ագապյանին ճանաչել՝ դեռ յուր առաջին ծանոթության ժամանակ: Իսկ վերջինս, չնայելով որ արդեն մերժել էր Մաշտոցյանի հետ ամուսնանալու առաջարկությունը, այսուամենայնիվ ոչինչ ջանք չէր խնայում նույն երիտասարդի ներկայությամբ ավելի գեղեցիկ և շնորհալի, ավելի խելոք և զարգացած երևալու, քան ինչ որ էր իսկապես: Սա մի բնական ձգտում էր՝ հատուկ ցուցամոլության, բայց քննիչ երիտասարդը չէր տեսնում այդ բանը. Ամալիայի գեղեցիկ աչքերը խանգարում էին նրան... ինչ մայր իշխանուհուն էր վերաբերում, նա առաջ աշխատում էր գտնել երիտասարդի մեջ մի աչքի ընկնող պակասություն, խելքի մեջ լիներ այդ, թե դեմքի վերա, որպեսզի կրկին անգամ յուր եղբորից առաջարկություն ստանալուց այդ պակասության առարկությամբ ազատվեր նրանից: Բայg երբ տեսավ երիտասարդը անբիծ էր (ըստ յուր քննության), այժմ մտածում էր ունենալ նրան ի նկատի, որ եթե իշխանների ու գեներալների բանը չհաջողվի, գոնե այս հարստություն էլ մնա իրենց, որովհետև իշխանուհին փորձով գիտեր, որ հարսնացու աղջիկներին միայն մի անգամ են հետամուտ լինում, խելք ունեցողը այդ մի անգամը չպետք է ձեռքից տա:

Բայց պարոն Մաշտոցյանը զգաց, որ հակառակ ընդունված սովորության, երկարացան յուր այցելության ժամերը: Նա պատրաստվում էր արդեն դուրս գալու, երբ ներս մտավ իշխան Ջոմարջիձեն: Մաշտոցյանի ներկայությունը պարոն ուսուցչի վերա վատ տպավորություն արավ. — «Ուրեմն սրանք կատակ չեն անում, — մտածեց նա ինքն իրեն, — այս բուրժուան կամենում է հափշտակել իմ սեփականությունը…»:

Երբ Մաշտոցյանը դուրս գնաց, ուսուցիչը խորամանկությամբ մոտեցավ մայր իշխանուհուն և կեղծավոր ժպիտով հարցրեց.

Կարող եմ արդյոք շնորհավորել իշխանուհուն յուր սիրելի դստեր արժանավոր նշանադրությունը:

Նշանադրությո՞ւն, — զարմացմամբ բացականչեց իշխանուհին, — այդ առաջին անգամ ձեզանից եմ լսում:

Մի ծածկեք ձեր բարեկամից այն, ինչ որ բոլոր քաղաքն արդեն գիտե, — շարունակեց Ջոմարջիձեն խորամանկությամբ, — ես միայն կարող եմ ուրախանալ ձեր դստեր բախտավորության համար:

Այդպես բան չկա դեռ, իշխան, ձեզանից ծածկելու ոչինչ չունինք:

Ուրեմն ինձ սխալեցրե՞լ են:

Անպատճառ: Բայց ո՞ւմ համար են ասում, թե Ամալիայի փեսացուն է:

Ահա այս երիտասարդ վաճառականի: Եվ եթե թույլ կտաք ինձ անկեղծ լինելու, կասեմ, որ մեր իշխանների շրջանում շատ արհամարհանքով են նայում ձեր այս ընտրությանը: Իշխանուհիներից շատերը ափսոսանքով են խոսում օրիորդ Ամալիայի մասին, և խիստ զարմանում են, որ նա թույլ է տվել իրեն այդպես անխղճաբար յուր անունը անպատվելու:

Ուրեմն գտնվել են մարդիկ, որ հավատացել են այդ շինծու լուրերի՞ն, — հեգնական ժպիտով հարցրեց իշխանուհին,

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 Next Last