Մուրացան՝   Ինչ լայեղ է

Pages: First Previous 1 2 3 4 5 6 Next Last

Բայց Ամալիան յուր ուսուցչի առաջարկությամբ հասնելով Իտալիա՝ կանգ առավ հռչակավոր Նեապոլում, ուր գտնվում էր հայտնի երաժշտական դպրոցը: Այնուհետև հաճախում էր նա այնտեղ, թե ոչ, ուսանում էր մի բան, թե զվարճանում էր անգործությամբ, ճիշտը հայտնի չէր ոչ միայն նրա մորը, այլև նրա կովկասցի բարեկամուհիներից և ոչ մինին: Միայն ստեպ-ստեպ ստացվում էին նրա նամակները, որոնց մեջ նա հուսալիր խոստումներ էր գրում յուր հռչակավոր ապագայի մասին, գեղեցիկ գույներով դրվատում էր յուր աշխատասիրությունը, հառաջադիմությունը, դպրոցի վարչության յուր վերա ունեցած սերն ու համակրանքը, և այլն, և այլն: Պատահում էր, որ երբեմն էլ նա հիշողություններ էր անում յուր նախկին ուսուցիչ և բարերար Ջոմարջիձեի մասին, երախտագետ սրտով գովելով նրա խնամատարությունը. — «Իշխան Պլատոնը, — գրում էր նա յուր մորը, — թեպետ վաղուց գտնվում է Հռոմում, բայց երբեմն այցելում է Նեապոլ, խրախուսում է ինձ յուր խորհուրդներով և բարեխոսում Կոնսերվատվարի վարչությանը՝ հոգածու աչք ունենալ ինձ վերա: Ցավալի է միայն, որ իշխանի պաշտոնը չի ներում նրան ավելի շուտ-շուտ ինձ այցելելու, կամ յուր տեսակցությունը գեթ մի օրով երկարելու, որովհետև առավոտյան գնացքով նա գալիս է Նեապոլ և կեսավուր գնացքով վերադառնում: Բայց նա այնքան բարի և այնքան ազնիվ է, որ ես կկամենայի ամսվա մեջ գոնե մի օր նրա ընկերակցությամբ անցուցանել:

Եվ մի՞թե այս էր ճշմարտությունը: Իհարկե ոչ: Իշխան Պլատոնը Իտալիա մտնելու օրից սկսած անբաժան էր մնում օրիորդ Ամալիայի հետ Նեապոլում: Վերջինս մի քանի անգամ միայն այցելեց Կոնսերվատվարը և այն լոկ զվարճության, կամ նրա ներքին կյանքին մասամբ ծանոթանալու համար: (Որովհետև նա յուր նամակների մեջ երբեմնապես զանազան հիշողություններ էր անում այդ հաստատության մասին, հետևապես նրան հարկավոր էր գեթ մի հարևանցի ծանոթություն նրա հետ): Իսկ մնացյալ ժամանակը անցուցանում էր իշխան Պլատոնի հետ զանազան զվարճություններով, որովհետև վաղուց արդեն նրանք անձնատուր էին եղած սիրահարության արբեցության... Երբ Նեապոլի մեջ կյանքը ձանձրալի դարձավ, երկու սիրահարները սկսան ճանապարհորդել դեպի Իտալիայի ուրիշ հետաքրքիր կողմերը: Սիրահարներն առհասարակ զգուշավոր են լինում իրենց ծնողների և բարեկամների շրջանում. անծանոթ քաղաքներում ընդհակառակը՝ զգուշությունը ավելորդ բեռն է համարվում նրանց համար, բայց դա մի սխալմունք է՝ դարձյալ անփորձության հատուկ: Զգուշությունը հարկավոր է ամեն տեղ, ուր որ բաց երկինք կա: Հակառակ կարծիք ունեցողը անպայման կպատժվի:

Այդպես էլ պատահեց մեր սիրահար զույգին: Դեռ մինչև այժմ էլ գաղտնիք է մնացել, թե ո՞վ էր այն անձը, որ իտալական մի քաղաքից գրել էր իշխանուհի Դարիային նրա դուստր Ամալիայի՝ իշխան Պլատոնի հետ ունեցած սիրակցության մանրամասն պատմությունը, սկսած այն օրից, որ նրանք այնտեղից փոխադրվեցան Հռոմ և ապա Վենետիկ՝ Ադրիատական ծովափանց գեղեցկություններով զվարճանալու համար:

Շուտով մի չարագուժ նամակ հասավ Կովկասից Ամալիային, որի մեջ նրա թշվառ մայրն անիծում էր այն օրը, որի մեջ յուր անդրանիկ դուստրը աշխարհ եկավ՝ Ագապյան տան անունը խայտառակելու համար... «Մինչև այժմ իմ վերջին կոպեկները ես խնայելով ղրկում էի քեզ, ապերախտ զավակ, — գրում էր նրան վշտահար մայրը, — և սպասում էի, որ իմ խնայողությամբ հավաքած այդ լումաներով դու կհարստացնես այն գանձը, որ անարատ հանձնեցի քեզ, և որ իմ և քո միակ պարծանքն էր աշխարհում, բայց դու այդ անգին գանձը, — որ քո կուսական պարկեշտությունն էր, արատավորեցիր... Այսուհետև դու իմ աղջիկը չես, Ամալիա, դու անպատվությամբ մեռար, և ես չեմ կամենում, որ դու այլևս կենդանանաս...»:

Այսպիսի մի տխուր հիասթափությունից հետո, կարծիք չկար, որ մայր իշխանուհին այլևս պիտի մերժեր Ամալիային յուր դրամական օժանդակությունը: Իշխան Պլատոնի պարտքով վերցրած փողերից շատ քիչ բան էր մնացել, այնպես որ սիրահարները ստիպված էին վաղընդփույթ վերադառնալ Կովկաս, օտար երկրում սովամահ չկորչելու համար: Բայց ինչ երեսով գալ:

Իշխան Ջոմարջիձեի համար ասենք մի դժվարություն չկար, նրա միակ հոգսը յուր պարտատերերն էին, որոնցից Իտալիա գալու համար նա բավական պարտք էր վերցրել: Բայց մեր ժամանակում ով է պարտքի համար անքուն գիշեր անցուցանում: Դժվար դրությունը Ամալիայինն էր. նա չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե երբևիցե կարող է յուր մոր աչքին երևալ: Նա պատվավոր թողել էր հայրենի քաղաքը և անպատիվ մուտ պիտի գործեր այնտեղ: Սա մի հեշտ ձեռնարկություն չէր: Բայց սիրահար իշխանը ստիպված էր նրան համոզելու, որովհետև ապրուստի միջոցները սպառվում էին. մի քանի օր ևս և ճանապարհի փող էլ չէր մնա խեղճ Պլատոնի գրպանում: Բայց նա իրեն մեծ հարուստ էր ցույց տվել Ամալիայի մոտ, կալվածների և հպատակների տերինչպես կարող է այժմ հայտնել, որ ապրելու փող չկա: Այս պատճառով նա գործ դրեց յուր բոլոր ճարպկությունը, համոզելու Ամալիային վերադառնալ Կովկաս, ազնվաբար խոստանալով Թիֆլիս ժամանելուն հետևյալ օրը պսակվել նրա հետ և բառնալ նրա վրայից ամեն արատ և անվանարկություն:

Ամալիան համոզվեցավ. և ահա մի գեղեցիկ օր սիրահար զույգը մուտք գործեց հայրենի քաղաքը և իջևանեց տեղական հյուրանոցներից մինում:

ԺԱ

Ինձ պետք է տանես իմ մոր մոտ, — ասաց Ամալիան Պլատոնին, երբ նրանք մի քանի ժամ հանգիստ առին հյուրանոցում, — ես միայնակ չեմ կարող գնալ, դու անպատճառ պիտի ընկերակցես ինձ:

Ես նույնպես, Ամալիա, նրան տեսնել չեմ կարող: Դու գիտես, որ քո մոր ականջը հազար ու մի զրպարտություններ են հասցրել մեր թշնամիները: Ուրեմն անխոհեմություն է ինձ համար երևալ նրա աչքին, քանի որ դու չես նախապատրաստել նրան՝ ինձ իբրև յուր փեսա ընդունելու:

Զարմանում եմ, թե դու արդեն այդ կոչումը քեզ վերա ես առնում, ի՞նչ հարկ կա այլևս քաշվելու, միթե դու իրավունք չունեիր ինձ վերա իբրև իմ ամուսին...

Ես քեզ հասկանում եմ, Ամալիա, բայց քո մայրը հազիվ թե հասկանա ինձ: Նա առաջին անգամից իսկ կսկսի հանդիմանել ինձ: Իսկ ես չեմ ուզում նրանից հանդիմանություն լսել, որովհետև ես արժանի չեմ դրան: Առայժմ ինքդ գնա նրա մոտ. դու կարող ես ամոքել նրա սիրտը, իսկ երեկոյան, երբ դու կիմացնես ինձ գործի դրությունը, ես նույնպես կգամ ձեզ մոտ:

Ամալիան լռեց, բայց դա համաձայնության նշան չէր. նա տարուբերվում էր անվճռականության, հուսո և երկյուղի մեջ: Ամոթը առաջին անգամ սկսում էր տանջել նրան և նա զգում էր յուր հանցանքի բոլոր ծանրությունը... Բայց և այնպես անհրաժեշտ էր մի որոշ եզրակացության գալ: Եվ նա վճռեց միայնակ գնալ մոր մոտ: Ուստի փողոց իջնելով նստեց առաջին պատահած կառքի մեջ և շտապեց դեպի հայրենական տունը, որից նա բացակա էր մի ամբողջ տարի:

Մայր իշխանուհին տխուր և մտախոհ ճեմում էր դահլիճի մեջ, երբ Ամալիան ներս մտավ: Տեսնելով աղջկանը, նա առաջին անգամ չհավատաց յուր աչքերին և կարծես թե ինքն իրեն երազի մեջ էր զգում: Բայց լսելով Ամալիայի ձայնը, նա խելագարի նման վազեց դեպի նրան:

Աստվա՛ծ իմ, Ամալիա, մի՞թե այդ դու ես, — բացականչեց նա ուրախությամբ և երկու բազուկները տարածելով ջերմությամբ գրկեց նրան և կաթոգին համբույրներով երեսը ծածկեց:

Օհ, սիրելի մայրիկ, ես այսպիսի ընդունելություն չէի սպասում քեզանից, ես այնքան հանցավոր եմ քո առաջ, որ այս քո խանդաղատանքը մեծ շնորհ եմ համարում ինձ համար... — ասաց Ամալիան:

Բայց նա դեռ խոսքը չէր վերջացրել, երբ մայրը հանկարծ ետ քաշվեցավ նրանից, կարծես մի թունավոր օձից խայթված:

Ի՞նչ պատահեց քեզ, մայր իմ, — զարմացմամբ հարցրեց Ամալիան և մոտեցավ նրան:

Հեռո՛ւ, Ամալիա, հեռո՛ւ ինձանից, 0հ ինչպե՛ս հիմարացա ես, աստված իմ. դու իմ աղջիկը չես, Ամալիա. հե՛ռացիր այստեղից, դու արատավորեցիր քո անբիծ անունը, դու կործանեցիր ինձ...

Բայց մայր իմ

Մի՛ խոսիր, ես չեմ ուզում քեզ լսել, և ոչ քո երեսը տեսնել, ես հիմարացա և գրկեցի քեզ, բայց դու, ապերախտ զավակ, դու արժանի չես քո մոր գգվանքին:

Օհ, մայր իմ, մայր իմ, ներիր ինձ, ես հանցավոր եմ քո առաջ, — աղաչավոր ձայնով մոտեցավ դեպի նրան Ամալիան և ծունկ չոքեց մոր առաջ:

Ներել քեզ, և մի՞թե այդ հնարավոր է. ներե՛լ մի աղջկա, որ յուր անառակությամբ անպատվեց հայրենի տան անունը և յուր ծնողի հիշատակը...

Բայց ես, մայր իմ, նույնչափ գոնե հանցավոր չեմ, որքան կարծում եu դու. ես սիրել եմ մի մարդու, որ ամեն կերպ անձնվեր է եղել դեպի ինձ, որին ես արժանի եմ գտել իմ սիրուն... և վերջապես մի՞թե ես իրավունք չունեի իմ ապագա ամուսնուն սիրելու:

Ամուսի՞ն, ի՞նչ ասացիր, դուք ուրեմն ամուսնացե՞լ եք, — կարծես ուրախանալով հարցրեց մայրը:

Ոչ, բայց մենք պիտի ամուսնանանք. մենք եկանք առաջ քո օրհնությունն ստանալու:

Օրհնությո՞ւն, բայց ինչու համար, միթե դու մոռացել ես, որ դու հայ ես, իսկ քո փեսացուն վրացի:

Ոչ, մայր իմ, չեմ մոռացել, բայց այսպիսի դեպքում, երբ մենք արդեն սիրել ենք միմյանց...

Իշխանուհին կարծես հասկացավ աղջկա միտքը, և չկամենալով, որ նա յուր միտքը շարունակե, ընդհատեց նրան:

Բավական է, աղջիկս, ես իրավունք չունեմ այժմ դավանության հարցերով զբաղվելու: Վեր կաց, ես քեզ ներում եմ, միայն թե ամուսնանաս և չխաբես ինձ...

Խաբե՞լ, աստված չանե, ի՞նչպես կարող եմ ես այդքան հանդգնությամբ ստախոսել:

Որտե՞ղ է ուրեմն Պլատոնը:

Նա հյուրանոցումն է և սրտատրոփ սպասում է, թե ինչ լուր կուղարկեմ ես նրա համար: — Ի՞նչ լուր է սպասում նա:

Թե արդյոք դու ներում ես մեզ և թույլ ես տալիս մեզ ամուսնանալու:

Նույնիսկ այս երեկո, եթե այդ կարող եք դուք: Ձեր ամուսնությունն այսուհետև իմ սրտի միակ բաղձանքը պիտի լինի:

Օհ, մայր իմ, ինչպես կուրախանար Պլատոնը, եթե նա լսեր քեզ այս րոպեին:

Ուղարկիր ծառային նրա ետևից և թող նա շուտ գա մեզ մոտ:

Ամալիան իսկույն վազեց յուր առանձնարանը, նա նրան նույն դրութան մեջ գտավ, ինչպես թողել էր. բայց դեռ նրան ողջունելու և նրանով զբաղվելու ժամանակ չուներ, նա շտապով վերցրեց գրիչ և թուղթ և գրեց իշխանին հետևյալ նամակը.

«Սիրելի Պլատոն.

Մորս գտի տան մեջ միայնակ, սկզբում նա կատարյալ ուրախությամբ ընդունեց ինձ, գրկեց և համբուրեց, բայց հետո հիշելով մի քանի բան իմ անցյալից, նա հուզվեց, արտասվեց և հանդիմանեց ինձ: Բայց այդ անախորժ փոփոխությունը երկար չտևեց, վերջ ի վերջո նա հանդարտվեցավ և ներեց մեզ. մանավանդ նա ուրախ է, որ մենք պիտի ամուսնանք: Այժմ նա սպասում է յուր սիրելի փեսային, շտապիր, ժամանակը թանկ է:

Քո Ամալիա»:

Վերջացնելով նամակը նա զանգահարեց:

Ծերուկ սպասավորը ներս եկավ, բայց զարմանքից սառեցավ դռան մոտ:

Հա, ի՞նչ պատահեց քեզ, Բաբո, զարմանո՞ւմ ես, որ ես այստեղ եմ: — Օ՛հ, տիրուհի, սա մի հրաշք է մի՞թե դուք այստեղ եք...

Ինչպես տեսնում ես:

Բայց մի՞թե կարելի է...

Լավ, բացատրությունը հետո, վերցրու այս նամակը, հասիր շուտով «Կովկաս» հյուրանոցը և տուր իշխան Պլատոնին, նա գտնվում է վեցերորդ համարում:

Սպասավորը կրկնել չտվավ տիրուհու հրամանը և նամակը վերցնելով շտապեց դեպի հյուրանոցը:

Ամալիան վերադարձավ մոր մոտ և սկսեց զբաղեցնել նրան զանազան պատմություններով, աշխատելով որքան կարելի է, մեղմել նրա սրտմտությունը, և նախապատրաստել նրան շատ սիրով Պլատոնին ընդունելու:

Բայց որքան մեծ եղավ խեղճ Ամալիայի զարմանքն ու երկյուղը, երբ ծառան վերադառնալով հայտնեց, որ իշխան Պլատոնը «Կովկաս» հյուրանոցում չէ գտնվում:

Երևի ծառան լավ չէ հասկացել իմ պատվերը, կամ սխալ հարցմունք է արել հյուրանոցից, — ասաց Ամալիան մորը, — ավելի լավ է ես կերթամ նրան այստեղ բերելու:

Մայրը չընդդիմացավ, և Ամալիան կառքը բերել տալով նստեց և շտապեց հյուրանոցը:

Հասնելով վեցերորդ համարին, նա ամուր-ամուր բախեց դուռը, բայց ներսից բացող չեղավ: Շուտով երևեցավ հյուրանոցի ծառան:

Ո՞ւմն եք կամենում, տիկին, — հարցրեց նա Ամալիային:

Իշխան Ջոմարջիձեն, միթե նա այստեղ չէ:

Ոչ, տիկին, նա այսօր դուրս գնաց այստեղից:

Դուրս գնաց, ինչ եք ասում, այդ անկարելի է:

Այո՛, նա դուրս գնաց:

Բոլորովի՞ն:

Բոլորովին:

Բայց նրա իրեղենները երևի այստեղ են:

Ոչ, տիկին:

Անկարելի է. նա չէր կարող հեռանալ այստեղից:

Կարող եք ինքներդ համոզվել, — ասաց ծառան և հանելով գրպանից սենյակի բանալին, բացավ դուռը և դատարկ համարը ցույց տվավ թերահավատ տիկնոջը:

Ամալիան անզգայաբար ներս մտավ և աչք ածեց սենյակի չորս կողմը, կարծես աշխատելով գտնել յուր փախստականին մի որևէ անկյունում պահված: Բայց երբ սենյակի դատարկությունը տեսավ, գլուխը սկսավ պտտիլ, և նա նստեց աթոռներից մեկի վերա:

Բայց միթե դուք չգիտեք, թե ուր գնաց իշխանը, — կրկին հարցրեց նա ծառային:

Ոչ, տիկին, մենք միայն նրա կառքում նստելը տեսանք:

Եվ նա ձեզ ոչ մի խոսք չապսպրեց:

Ոչ մի խոսք:

Միգուցե նա փոխվել է մի ուրիշ հյուրանոց, կամ գնացել է յուր տունը:

Դարձյալ չգիտեմ:

Հուսահատությունը տիրեց երիտասարդ իշխանուհուն և նրա հետ միասին հազար և մի տխուր գուշակություններ ըսկսան պտտվիլ նրա գլխում: Արդյոք Պլատոնը խաբեց, արդյոք նա թողեց իրենց, արդյոք հավիտյան հեռացավ նա, թե դեռ պիտի վերադառնար, ոչինչ հայտնի չէր: Այժմ նա չգիտեր անգամ, թե ուր պիտի գնար, արդյոք յուր մոր մոտ, թե յուր գայթակղեցնողի ետևից:

Առաջինից ամաչում էր երկրորդի ուր լինելը չգիտեր: Այժմ էլ խելաբերում, թե որպիսի հիմարությամբ էր կապվել նա յուր սիրահարի հետ. նա չէր ճանաչում մինչև անգամ նրա բնակարանը, և չգիտեր իսկ, թե այդ իշխան փեսացուն սեփական տուն ուներ, թե ոչ, որ գոնե այդ տունը պտրտելով կարողանար նրա տիրոջը գտնել: Բայց հյուրանոցի ծառան սպասում էր տիկնոջը, նա պետք էր հեռանար այդ ժամանակավոր ապաստարանից: Եվ Ամալիան վեր կացավ աթոռից և երերալով դուրս գնաց սենյակից: Իջնելով փողոց՝ նա տեսավ յուր կառապանին, որ սպասում էր իրեն.

Բարեկամ, ճանաչո՞ւմ ես դու իշխան Ջոմարջիձեի տունը, — հարցրեց նա նրան:

Ոչ, տիկին, այդպիսի տուն ես չեմ ճանաչում, — պատասխանեց կառապանը:

Եվ ոչ իրեն իշխանին:

Եվ ոչ իշխանին:

Լավ, վերադարձիր այն տունը, որտեղից ինձ բերիր, — հրամայեց նա և նստավ կառքի մեջ:

Հասնելով տուն, նա գտավ սեղանի վերա յուր հասցեով մի նամակ: Ձեռքը, որով գրված էր հասցեն, նա ճանաչեց, դա իշխան Պլատոնինն էր. Ամալիան կես ուրախությունից և կես տխրությունից դողացող ձեռքերով սկսավ բանալ ծրարը, իշխանը նրան գրում էր մի քանի տող.

«Հարգելի օրիորդ.

Անձնական մի քանի գործերի պատճառով, որոնց մասին հենց նոր տեղեկություն առի, ստիպված եմ այժմ ևեթ քաղաքից դուրս գնալու: Շտապում եմ այս մասին տեղեկացնել ձեզ, որ իզուր տեղը հյուրանոց չգաք ինձ պտրտելու: Մի քանի օրից ես կաշխատեմ վերադառնալ քաղաք: Այն ժամանակ, իհարկե, ես կայցելեմ ձեզ, և այն գործի համար հարկ եղածը կխոսանք:

Ձեր խոնարհ ծառա
Պլատոն Ջոմարջիձե»:

Վերջացնելով նամակը, նա անզգայաբար ձգեց նրան սեղանի վերա և ինքը նրա առաջ մնաց արձանացած: Յուր մեծ և սևորակ աչքերը անթարթ նայում էին չարագուժ թերթի վերա և յուր ուղեղը աստիճանաբար ընդարմանալով կարծես դադարում էր մտածելուց: Ամալիայի համար այլևս գաղտնիք չէր մնում, որ յուր սիրահարը թողնում էր իրեն, նամակի ոճն ու խոսքերն այդ ճշմարտությունն էին արտահայտում: Բայց ավա՛ղ, որքա՛ն ծանր է մի կին մարդու համար համոզվիլ, թե ինքը դժբախտ է արդեն... ինչպես մի ջրամոյն, որ մահը աչքի առաջ տեսնելով, կռվում է ալիքների դեմ, այնպես էլ խեղճ աղջիկը հետզհետե խելաբերելով ոգորում էր յուր զգացմունքների հետ. նա չէր կամենում հավատալ յուր գուշակություններին, նա աշխատում էր չհուսահատվել... «Անկարելի է, որ Պլատոնը այդ աստիճան անազնիվ լինի, — ինքն իրեն երազում էր նա, — ես չեմ կարող հավատալ, թե նա կդավաճանե ինձ. նա, որ այնքան շատ էր սիրում ինձ, նա՝, որ այնքա՛ն զոհաբերություններ արավ ինձ համար...»:

Բայց տխուր իրականությունը նրա աչքերի առաջին էր. նա իրավունք չուներ նրան չտեսնելու...

Բացի այդ նա պարտավոր էր գոհացնել յուր մոր ակնկալությունը, բերելով նրա մոտ իշխան Պլատոնին և նրա բերանով ապացուցանել, որ նրանք արդարև պատրաստ են օրինավոր պսակով ամուսնանալու, միայն թե սպասում են մայր իշխանուհու սրտագին օրհնությանը

Ի՞նչ անե ուրեմն, ինչ պատասխանե սպասող մորը:

Բայց նույնիսկ Ամալիային այսքան մտատանջություն պատճառող Պլատոնի նամակը՝ նրան այդ հոգսերից միառժամանակ ազատվելու էլ պատճառ դարձավ: — «Արի ես խորամանկության գործ դնեմ, — մտածեց նա ինքն իրեն, — մայրս կարդալ չգիտե. ես մի ուրիշ նամակ կգրեմ դարձյալ Պլատոնի կողմից և կկարդամ նրա մոտ, այսպիսով թե՛ ես ազատ կլինեմ կրկնակի խայտառակությունից և թե՛ ժամանակ կվաստակեմ Պլատոնին գտնելու համար: Եվ նա նստելով սեղանի առաջ, շարադրեց հետևյալ գրությունը.

«Հոգվույս անգին հատոր, սիրեցյալդ իմ Ամալիա.

«Մի անակնկալ դեպքով ստիպված եմ այս րոպեին հեռանալ քաղաքից: Գորիի մոտ գտնված իմ երկու գյուղերի բնակիչների մեջ մեծ կռիվ է ծագել, որի մասին այսօր հեռագրել են իմ հավատարմատարին: Վերջինի ինձ տված զեկուցումից երևում է, որ գործը շուտով սուր կերպարանք կստանա, եթե ես շտապով չհասնեմ անկարգության տեղը: Որքան էլ որ ինձ համար տանջանք է մի քանի օրով քեզանից հեռու գտնվիլ, այսուամենայնիվ ապագա անհաճոյություններից ազատ մնալու համար՝ ստիպված եմ կրել այդ նեղությունը: Ես մեծ հույս ունեմ, որ մայր իշխանուհին արդեն ներումն է շնորհել մեզ: Հայտնիր նրան իմ որդիական խորին հարգանքը և ջերմագին ողջունիր իմ կողմից, խնդրիր նույնպես նրան իմ կողմից օգնել քեզ հոգալու մեր հարսանյաց համար կարևոր պատրաստությունները: Ես կամենում եմ մի քանի օրից ետ անպատճառ տեղի ունենա մեր այդ իշխանական ուրախությունը: Անշուշտ եմ, որ մայր իշխանուհին չի ընդդիմանալու յուր փեսայի այդ կարևոր ցանկությանը:

Ջերմագին համբույրներով
մնամ քեզ անկեղծ երկրպագու
Պլատոն Ջոմարջիձե»:

Վերջացնելով նամակը, Ամալիան փակեց նրան ծրարի մեջ և թողեց սեղանի վերա միևնույն տեղ, ուր տեսել էր Պլատոնի իսկական նամակը և ինքը գնաց մոր մոտ:

Իշխանուհին տեսնելով նրան միայնակ, հարցրեց անհանգստությամբ.

Ո՞ւր է Պլատոնը, միթե առանց նրան եկար դու:

Նրան յուր համարում չգտի, հյուրանոցի սպասավորը հայտնեց, որ իմ այնտեղից հեռանալուց մի քանի ժամ հետո մի երիտասարդ եկել է նրա մոտ, և մի փոքր միջոցից ետ նրանք երկուսն էլ կառքով գնացին դեպի պոստի կայարանը, պատվիրելով հյուրանոցի տիրոջը լավ հսկել սենյակում թողած իրեղեններին, ըստ որում մի երկու օրով իշխանը բացակայելու է քաղաքից: Բայց զարմանում եմ, թե ինչպես է պատահել, որ Պլատոնը գոնե մի նամակ էլ չէ ղրկել ինձ, — ավելացրեց Ամալիան կատարյալ անտարբերությամբ, կամենալով այսպիսով հավատացնել յուր մորը, որ իշխանի այդ անակնկալ կերպով բացակայելու գործում կասկածելու ոչինչ չէ տեսնում:

Նամակ, ինչպես չէ, մի փոքր առաջ աղախինը մի նամակ բերավ այստեղ և ասաց, որ քո հասցեովն է. ես հրամայեցի նրան քո սենյակը տանելու:

Միթե, ուրեմն այդ նամակը անպատճառ Պլատոնիցն է, — նկատվեց Ամալիան և շտապով զանգահարեց:

Աղախինը երևաց:

Որտեղ ես դրել այն նամակը, որ մի փոքր առաջ տվել են քեզ. բեր շուտով, — հրամայեց Ամալիան և աղախինը վազելով գնաց և բերավ նրան կեղծ գրությունը:

Ամալիան շտապով քանդեց ծրարը, կարդաց նամակը բարձր ձայնով և ապա դեմքը խոժոռեց ու խորհրդավոր ձևով սկսավ շարժել գլուխը ի նշան բարկության:

Ինչու համար ես բարկանում, Ամալիա, մարդը ստիպված է եղել հեռանալու, նա հո դրանով մի հանցանք չի գործելնկատեց դյուրահավատ իշխանուհին:

Իհարկե, հանցանք է գործել, նա պարտավոր էր առաջ քեզ այցելել և ապա գնալ յուր գործին, — իբր թե վիրավորված պատասխանեց Ամալիան:

Եթե այդ է միայն նրա հանցանքը, ոչինչ, ես ներում եմ նրան:

Իհարկե միայն այդ, ուրիշ ի՞նչ հանցանք կարող էր գործել նա, — պաշտպանեց Պլատոնին Ամալիան և այդպիսով էլ միառժամանակ վերջ ստացավ նրա մտատանջությունը:

ԺԲ

Մի երկու օրից ետ արդեն բարեկամ շրջանների մեջ տարածվեցավ օրիորդ Ամալիայի գալստյան լուրը և սրտակից բարեկամուհիներից շատերը առանց սպասելու նրա այցելությանը, իրենք առաջինը շտապեցին նրա հետ տեսնվելու: Բանից երևաց, որ այդ սրտակիցներն իսկապես այն հետաքրքիրներն էին, որոնք մինչև այն ուշի ուշով հետևել էին Ամալիայի և նրա ուսուցչի վերաբերությամբ քաղաքում տարածված լուրերին և մեծ հաճությամբ զբաղվել էին այդ լուրերից հրեշավոր պատմություններ հյուսելով:

Ամալիայի մայրը, որ տհաճությամբ էր ողջունում այդ տեսակ բարեկամների գալուստը, առանձին ծանոթացրեց աղջկանը նրանց դիտավորության հետ և պատվիրեց նրան զգուշանալ յուր զրույցների մեջ՝ գոնե մինչև յուր ամուսնության օրը:

Ամալիան կարողացավ օգուտ քաղել այդ նախազգուշությունից: Նրա բոլոր խոսակցությունըինչ տեսակ այցելուի հետ էլ որ լիներմիշտ վերաբերում էր Նեապոլի հռչակավոր Կոնսերվատվարին, նրա օրենքներին, նրա դասատուներին, նրա մեծանուն պրոֆեսորներին, նրա երաժշտական գործիքներին և վերջապես իտալական երգիչներին, երգչուհիներին և այլ այս տեսակ երաժշտական նորություններին: Զբոսարանների, հանդիսարանների կամ զվարճության տեղերի մասին բնավ խոսք չէր լինում: Նույնիսկ Պլատոն Ջոմարջիձեի անունը մնում էր առանց հիշատակության: Ամալիային լսողները կհավատային, որ նա Նեապոլի երաժշտական դպրոցից զատ ուրիշ ոչինչ չէ տեսել Իտալիայում: Եվ նա, իհարկե, հենց այդ նպատակին էլ հարմարեցնում էր յուր զրույցները:

Սակայն մի օր պառավ օրիորդներից մինը, որը մի անգամ Ջոմարջիձեի վերաբերությամբ հակառակորդ էր համարվում իշխանուհի Ամալիային, կարողացավ նրա պահքը լուծել: Նա հայտնեց մի լուր, որ Ամալիային անհանգիստ դրության մեջ դրավ:

Այդ օրը նրա եղբայրը մեծ խնջույք ուներ «Պարիզ» հյուրանոցում: Օրիորդը հայտնեց, որ այդ ճաշկերույթը կազմված է երիտասարդ բարեկամների խնդրանոք իշխան Ջոմարջիձեի գալուստը տոնելու համար:

Բարեբախտաբար իշխանուհի Դարիան ներկա չէր այս հայտնությանը, և Ամալիան կարողացավ հետաքրքրվիլ նրանով:

Ինչ նշանակություն ունի նրա գալուստը տոնելը, — հարցրեց նա օրիորդին:

Այն, որ մեր երիտասարդների մեջ միակ տաղանդավոր մարդն է, հայտնի յուր շնորհալի արվեստով: Երիտասարդները կամենում են պատվել նրան:

Ուրեմն հացկերույթը ընդհանուրին է վերաբերում և ոչ թե միայն ձեր եղբորը, — խորամանկությամբ նկատեց Ամալիան:

Երիտասարդները մասնակից են միայն ուրախությանը, բայց ծախքը եղբորս է:

Այդ ինչո՞ւ համար:

Որովհետև... Բայց ինչու համար եք հետաքրքրվում, — հարցրեց օրիորդը:

Այնպես, կամենում եմ իմանալ, թե ձեր եղբայրը ի՞նչ կապ ունի Ջոմարջիձեի հետ:

Հին պատմություն է, — նկատեց մի տիկին, որ երկուսի խոսակցությունն էլ լսում էր, — օրիորդի եղբայրը կամենում էր Ջոմարջիձեին փեսայացնել իրեն:

Մի՞թե, ուրեմն կարող ենք շնորհավորել ձեզ, — վերա բերավ Ամալիան կատարյալ անտարբերությամբ և մինչև անգամ ժպտալով: Բայց օրիորդի շառագունիլը ավելացրեց նրա ներքին հուզմունքը: Այսուամենայնիվ նա աշխատեց խոսակցությունը ուրիշ նյութի վերա դարձնել, որպեսզի մայրը վերա չհասներ: Իրեն հարկավոր տեղեկությունը Ամալիան արդեն քաղել էր, ավելին կարող էր յուր դիտավորությունը խանգարել: Երբ իշխանուհին ներս մտավ, նրանք արդեն վիճում էին այն բանի վերա, թե քաղաքային վարչությունը ձևի համար է սակագին (տաքսա) նշանակում քաղաքում վաճառվող մթերքների վերա, թե իսկապես հսկում էլ է այդ սակագնի գործադրությանը: Վիճող ձայների մեծամասնությունը, որի վերա և ավելացավ իշխանուհու ձայնը, այն եզրակացության եկավ, որ այդ բանը արդարև լոկ ձևակատարություն է և որ դրանից խեղճ ժողովուրդը գրեթե օգուտ չէ ստանում:

Երբ լրաբեր օրիորդը հեռացավ, Ամալիան շտապեց յուր առանձնարանը և կանչեց այնտեղ ծառային:

Դու ճանաչո՞ւմ ես «Պարիզ» հյուրանոցը, — հարցրեց նա նրան:

Ինչպե՞ս չէ, ճանաչում եմ:

Իսկ իշխան Պլատոն Ջոմարջիձեին:

Ա՛յն, որ անցյալ տարի դաս էր տալիս ձեզ:

Այո՛:

Շատ լավ եմ ճանաչում:

Բարի, ուրեմն կերթաս այդ հյուրանոցը, այնտեղ այսօր խնջույք կա և երևի արդեն վերջանալու վերա է: Դրսում, կամ այնտեղի ծառաների մոտ կսպասես, երբ մյուս հյուրերի հետ միասին դուրս կգա և իշխան Ջոմարջիձեն, դու կհետևես նրան հեռվից և կտեսնես, թե ո՞ր տունն է մտնում գիշերելու համար: Եթե ոտով կերթա նա, դուն էլ ոտով կհետևես, իսկ եթե կառք կնստե, դու էլ կառք կնստես, միայն միշտ աշխատելով, որ նա չտեսնե քեզ: Երբ տուն կհասնեք, դու լավ կդիտես նրա տան թե փողոցը և թե մուտքը և ապա կվերադառնաս:

Այս ասելով նա տվավ ծառային կառքի փող, և վերջինս մի ակնթարթում անհետացավ:

Այնուհետև Ամալիան նստավ յուր առանձնարանում և խորասուզվեցավ տխուր մտածմունքների մեջ: Նրա մոտիկ անցյալը, որ ամբողջապես կազմված էր երիտասարդական անփորձություններից, և որ այժմ սպառնում է կործանել նրա ապագան, նկարվեցավ յուր առաջ, նա սարսափով նայում էր այդ տխուր պատկերին, որի վերա դրոշմված էին յուր սխալանքները, որոնց այլևս հնար չկար ուղղելու: Նա հիշում էր այն զվարճությունները, այն սիրահարական արկածները, որոնց նա զոհել էր իր միակ և անզուգական հարստությունը, յուր կուսական անարատ պատիվը

— «Եթե արդարև նա թողնե ինձ, ի՞նչ պիտի անեմ ես, — հարցնում էր ինքն իրեն թշվառ աղջիկը, — ինչ պիտի պատասխանեմ ես իմ մորը և ի՞նչ՝ հասարակությանը... Ամենքը այժմ կուրախանան իմ դժբախտության վերա, որովհետև իմ հանդգնությամբ ես մերժեցի այն առաջարկությունը, որին արժանի էին, ինձանից շատ ավելի բարձր աղջիկները…:

Բայց էլ ինչ կօգնե Ամալիային յուր զղջումը: Նրան մնում էր մտածել, ինչպես և ուր հանդիպեր Ջոմարջիձեին, նրա հետ յուր հաշիվը վերջացնելու համար: Իսկ այնուհետև նա պիտի հանձնվեր աստծո կամքին:

Սակայն անցավ մի երկու ժամ և ծառան չէր երևում: Ամալիան նորից սկսում էր անհանգստանալ: — «Մի՞գուցե այն աղջիկը խաբեց ինձ», — ասում էր նա. բայց մտածելով, որ այդ դեպքում ծառան ավելի շուտ կվերադառնար, հանգստանում էր և ապա համոզվում, որ երևի հացկերույթը դեռ շարունակվում է:

Վերջապես ծառան եկավ:

Հա, տեսա՞ր իշխանին, — շտապով հարցրեց նրան Ամալիան:

Տեսա, տիրուհի, տեսա, տունն էլ ճանաչեցի, — պատասխանեց ծառան կարծես պարծենալով յուր հաջողության վերա:

Ամալիան հանգիստ շունչ քաշեց:

Դե՛հ, այժմ պատմիր, թե ինչպես պատահեցիր նրան, — ասաց Ամալիան և ծառան սկսավ յուր պատմությունը:

Ամենից առաջ ես գնացի «Պարիզ». նա, գիտեք, գտնվում է մեծ փողոցի վերա: Այնտեղի ծառաներից մեկը դրսումն էր, ես նրան հարցրի, թե այստեղ խնջույք կա: Նա պատասխանեց որ կա. հետո ես հարցրի, թե իմ աղան այստեղ է. նա հարցրեց թե ով է քո աղան, ես ասացի թե իշխան Պլատոն Ջոմարջիձեն. նա ասաց թե այստեղ է:

Բայց ինչու համար դու ասացիր, թե դու նրա ծառան ես, գուցե հյուրանոցի սպասավորը ճանաչում է նրա ծառային:

Օ, այդ կողմից միամիտ եղեք, տիրուհի, իշխան Պլատոնը ծառա չունի:

Դու այդ ո՞րտեղից գիտես, — զարմացմամբ հարցրեց Ամալիան:

Ինչպես չէ, ես վաղուց եմ ճանաչում նրան, նա ոչ թե միայն ծառա չունի, այլև, իր հագուստներն ու կոշիկներն ինքն է սրբում միշտ:

Ամալիան մնաց ապշած, բայց յուր այլայլությունը նա աշխատեց ծածկել:

Բաբո, դու կարծեմ շատ ես սխալվում, ախր չէ որ իշխան Պլատոնը հարստություն ու կալվածներ ունի, ի՞նչպես կարող է ծառա չունենալ, միթե նա այդքան ժլատ է:

Հարստություն. կալվածներ. ի՞նչ եք ասում, տիրուհի, ով ասաց ձեզ այդ բաները: Հիսուն տարի է, որ ես ծառայում եմ ձեզ և հիսուն տարի է, որ ես ճանաչում եմ նրանց: Նրա հայրը իրավ իշխան էր, մի երկու կալվածներ ուներ, բայց որդին նրանց վաղուց ծախել ու կերել է: Այս վերջին անգամն էլ նա խաբեց մի կախեթցի իշխանի ու նրանից մի քանի հազար ռուբլի պարտք առնելով գնաց հեռու երկրներ ման եկավ: Երևի նա այդ փողն էլ է վերջացրել, որ արդեն վերադարձել է այստեղ: Նա ժլատ չէ, տիրուհի, եթե նա ժլատ լիներ, այժմ հարուստ մարդ կլիներ:

Ամալիան ամբողջ մարմնով դողաց: Նախազգացո՞ւմն էր այդ, թե դյուրահավանություն, հայտնի չէր, բայց նա հավատաց ծառայի խոսքերին:

Որտեղի՞ց գիտես դու այդ տեղեկությունները Բաբո, — հարցրեց նա ծառային այնքան նվաղած ձայնով, որ եթե Բաբոն շատ ծերացած չլիներ, կնկատեր իսկույն յուր տիրուհու վրդովմունքը:

Ծառաները ամեն բան գիտեն, տիրուհի. Ծառաների հասարակությունը ավելի շատ գաղտնիքներ գիտե, քան թե քաղաքի մեծ կլուբը:

Ինչու ուրեմն այդ բաները նրանց տերերն էլ չգիտեն:

Պատճառը շատ պարզ է, տիրուհի, որովհետև ծառաներն իրենց տերերի հետ մասլահաթ անելու իրավունք չունին:

Եթե իշխան Պլատոնն այդպիսի մարդ է, ինչու ուրեմն նրա պատվի համար խնջույք են սարքել, — իբր նոր գյուտ արած հարցրեց Ամալիան:

Բաբոն ծիծաղեց և ապա հեգնությամբ նկատեց.

Ախար մի հարցրեք, տիրուհի, թե ինչ մարդիկ էին, նրա ընկերները... մարդիկ եմ ասում, որոնց դուք տուն չէիք թողնիր:

Լավ, շարունակիր, հետո ինչ եղավ իշխան Պլատոնը:

Լավ, այն էի ասում, երբ իմացա, թե իշխանը այդտեղ է, ես հյուրանոցի դռնում սպասեցի: Մութը կոխեց. կարծում էի, թե հյուրերը երկար կմնան այնտեղ. բայց սխալվում էի: Մի ժամ չքաշեց և տեսա, որ նրանք գոչելով երգելով դուրս թափվեցան հյուրանոցի դահլիճից: Իշխան Պլատոնը դուրս գալով փողոց, շուտով բաժանվեց յուր ընկերներից. ես հետևեցի նրան:

Ոտքո՞վ:

Ո՛չ, տիրուհի, դուք մի շտապեք, ես իսկույն բոլորը կպատմեմ: Հա՛, այն էի ասում, ես նրան հետևեցի: Իշխանը հարբած էր, բայց օ, շատ էր արբած, մինչև մոտակա կառքերին հասնելը, նա քիչ էր մնացել, որ մի քանի անգամ գետին գլորվեր: Երկու անգամ ես նրան բռնեցի, բայց նա ինձ հայհոյեց: Իհարկե, նա ինձ չճանաչեց: Վերջապես նա նստեց մոտ կանգնած կառքի մեջ. ես էլ նրա ետև կանգնած կառք ցատկեցի: — Էյ, ասի կառապանին, առաջ չվազես և ոչ էլ եւ քսան քայլ միայն հեռու գնա՛ այդ առաջին կառքից: Կառապանը, գիտեք, մեր գյուղացի էր. նա իմ հրամանը լավ կատարեց...

Լավ, վերջացրու, հետո որ կողմ գնաց իշխանը,-անհամբերությամբ ընդհատեց Ամալիան:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 Next Last