Մուրացան՝   Խորհրդավոր միանձնուհի

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last

Եվ երբ այսպիսով կմաքրվի վեհավայրը շրջապատող մթնոլորտը, երբ սևաթույր ամպերը հորիզոնից կանհետանան և արդարության արևը սուրբ խորանը կողողե, այն ժամանակ այդ արևից կջերմանան նաև սառած սրտերը, կամոքվին, ուժ կառնեն վշտացած հոգիները, նորեն կվերածնվին և վեհ մտքերը, և մեծ հույսերը... Եվ ամենքը միահամուռ, մի սիրտ և մի հոգի՝ կփարին իրենց լուսածին մորը, կտան նրան սիրո կաթոգին համբույր և նրանից կառնեն լույս, ջերմություն և կենդանություն. … Այս ոգևորված մտորումների ժամանակ, մի հանդուգն զգացմունք խտտղում էր սիրտս և լցնում այն անբացատրելի երանությամբ: — Ես մտածում էի թե ինչպիսի հոգեկան հրճվանքով պիտի գգվեմ այն միտքը, թե այս մեծ անձը որ այնքան առաքինաբար յուր նվիրման ընթացքը կատարեց և որքան զոր շնորհներով զարդարվելով ազգի միահամուռ ընտրության արժանացավ, այս վեհ անձը, որ այսօր մեր հոգևոր կյանքի նավը վարում է այսքան իմաստնաբար և հմտորեն հեռացնելով խարակներից ու խութերից՝ ուղղում է դեպի հուսո, սիրո և հավատո անգութ նավահանգիստը, այս անձը, որին սիրում է ամեն ազնիվ հայի սիրտ և որի մեջ նա յուր լավագույն իղձերն ու հույսերն է ամփոփում. սա նա է, որին իմ սիրտը սիրեց, որին իմ հոգին փարեց ջերմագին...: Ապա այս քաղցր ցնորքներին հաջորդում էր մի ուրիշը, առավել քաղցրագույնը. — Ես մտածում էի, թե կհասնե և այն օրը, երբ վեհը կելնե յուր վիճակը պտտելու, յուր ժողովուրդն nւ նրա չարն ու բարին տեսնելու: Եվ այդ ժամանակ նա կմտնե նաև հին Սյունյաց աշխարհը, կայցելե նրա լեռներին ու հովիտներին, նրա հեռավոր, բայց սիրազվարճ գյուղերին, նա կհանդիպե նաև մեր այս ավանը, ուր կգտնե ինձ յուր նախկին աշակերտուհուն... Նա կտեսնե նրան՝ աշխարհից հեռացած սև սքեմ հագած և յուր իմաստուն խորհրդով ժողովրդին նվիրված... Կտեսնե նաև այդ նվիրման արդյունքըիմ ստեղծած գործերը, իմ աշխատությանց պտուղները և դրանց արժեքը արդարությամբ գնահատելով, կօրհնե ինձ, կօրհնե իմ գործերը և այն վայրկյանը, երբ յուր սիրո կայծը վառեց իմ հոգին և պատճառ եղավ այսքան բարիքների... Օ, կարող եք զգալ չափն այն բերկրանքի, որ լցնում էր սիրտս նման վայրկյաններում և մոռացնել տալիս ինձ այն բոլոր վշտերն ու նեղությունները, որ երբևիցե կրել եմ իմ կյանքում. Եվ ինչ կանվանեիք դուք այս զգացմունքը, եսասիրություն, թե սնափառություն, ինձ թվում է թե՝ ոչ մեկն է և ոչ մյուսը:

Այս զգացմունքը, նույնիսկ, անուն չուներ յուր համար: Որովհետև նա չէր արտահայտվում հրապարակով, աղմուկ չէր հանում, մտքեր չէր հուզում, նա միայն թաքուն սնունդ էր տալիս կնոջ զգայուն սրտին և ընդունակ դարձնում նրան անվերջ նվիրվելու, հավիտյան զոհվելու... Եվ սակայն, ավաղ, այս բոլոր երազները անցան իբր ստվեր, իմ քաղցր հույսերը մեռան անհարիր մեռցնելով իրենց հետ իմ սիրտն ու հոգին»

«6 հոկտեմբեր

«Երեկ կամենում էի խոսել այն մասին թե՝ ինչպես հիվանդ մարմինը հիվանդացնում է հոգին, բայց զգացմունքների հոսանքը տարավ ինձ այլ կողմ, ուստի մտադրյալ նյութից հեռացա: Այժմ արդեն կխոսեմ այդ հիվանդության համար, որ ինձ պատահեց գրեթե անսպաս, կամ ավելի ճիշտն ասած, ինքնամոռացությունից: — Տխուր նորության իրազեկ լինելուց և մեր կորուստի չափն ըմբռնելուց հետո, արդեն աշխարհը մթնել էր ինձ համար: Առաջին վայրկյանից իսկ, ինչպես անցյալներն էլ ասացի, զգացի ծանր շունչը մի ճնշող վհատության, որ ապա հետզհետե իմ էությանը տիրեց: Այդ իսկ պատճառով գործ ու պարապմունք մի կողմը թողած, անձնատուր էի եղել տխուր մտածությունների: Ոչ միայն գյուղն ու ժողովուրդը, որոնց կարծես մոռացել էի, այլև իմ դպրոցն ու սիրած սաները համարյա այլևս չէին գրավում ինձ: Ես որ ամեն առավոտ նրանց տեսնելով թարմանում ու զվարթանում էի, այժմ ընդհակառակն, աշխատում էի հեռանալ նրանցից, որպեսզի կարողանամ ազատորեն նվիրվել իմ մենավոր մտածությանց, որոնք որքան էլ ծանր ու հոգեմաշ, այսուամենայնիվ, գրավում էին ինձ ավելի քան որևէ ուրիշ զբաղմունք: Այդ իսկ նպատակով առավոտից արդեն հարկ եղածը կարգադրելով ինքս փակվում էի իմ առանձնարանում կամ դպրոցից հեռանալով անտառի մեջ թափառում, որպեսզի կարողանամ ցնորքների աշխարհում գտնել այն սփոփանքը, որ զլանում էր տալ ինձ իրական աշխարհը: Ահա այդպիսի մի օր, երկար թափառելուց հետո, վերադառնում էի տուն: Հասնելով անտառի եզերքին, կամեցա քիչ հանգստանալ, որովհետև թե հոգնած և թե քրտնած էի: Երեկոյան դեմ լինելով՝ հովը փչում էր խիստ անուշ և թռչունները ճռվողում էին ծառերի մեջ: Նստելով առվի մոտ ընկած մամռապատ ու հանգիստ ժայռերից մեկի վրա, աչքերս սևեռեցի հեզասահ ալիքներին, որոնց մեջ իրոք տեսնում էի մտքերիս հարազատ պատկերը: Դրանք երկուսն էլ հարաշարժ ու հեղհեղուկ, միշտ միմյանց հրելով և միմյանց թևակոխելով՝ շարունակ դիմում էին առաջ, առանց գիտենալու թե՝ ո՞ւր են գնում, ուր է իրենց հանգիստը և ուր վախճանը... Չգիտեմ ախորժ հովը, թե հոգնածությունը քիչ հետո մի տեսակ թմրություն բերին վրաս, ուստի գլուխս ժայռին դնելով կամեցա մի փոքր նիրհել և սակայն շուտով քաղցր քուն մտա: Մի քանի ժամ անցավ, չգիտեմ, միայն թե երբ արթնացա շուրջս արդեն մութ էր, աստղերը փայլում էին և լուսնի սկավառակը հուշիկ բարձրանում էր լեռների ետևից: Տեղիցս բարձրանալու ժամանակ զգացի, որ մրսել եմ, որովհետև մեջքս ու թիկունքս սառել էին տախտակի պես: Վերադառնալով տուն, անհանգիստ դրության մեջ գտա սպասուհուս, որ իմ վերադարձը զբոսանքից չէր տեսած այդքան ուշ: Ես նրան հայտնեցի, թե քնով էի անցել առվի ափին, սառը ժայռերի վրա: Բարի կինը վախեցավ և գուշակեց, որ անշուշտ ցուրտ առած պիտի լինիմ, ուստի խորհուրդ տվավ շտապել, կարելվույն չափ շուտ պառկել և քրտնել: Բայց ես զանց արի նրա խորհուրդը: Կյանքն այլևս ինձ համար գրավիչ ոչինչ չուներ: Ուրեմն, հարկ էլ չկար նրա պահպանության համար հոգալ: Հետևյալ առավոտ շատ թույլ էի տեսնում ինձ. մարմինս կարծես ջարդված էր: Իսկ երրորդ օրը, սաստիկ գլխացավն ու ջերմախտի նշանները համոզեցին ինձ, որ արդեն վտանգավոր հիվանդության բռան մեջ եմ... Սակայն այդ համոզմունքն ինձ չտխրեցրեց: Ընդհակառակը, մի թաքուն ուրախություն զգացի, մտածելով թե գուցե այս նորաբաց ճանապարհով ազատվիմ իմ հոգեկան բազմաթիվ վշտերից: — Դուք, իհարկե, այս տողերը կարդալով նախատում եք ինձ իմ փոքրոգի մտածությանց համար, բայց ես արդեն ձեզ ասել եմ թե՝ անկեղծորեն պիտի խոստովանիմ իմ կրածն ու զգացածը: — Եվ ահա այսպես, ես հիվանդացա թոքերի սաստիկ բորբոքումով: Քահանան, իմ սաներն ու նրանց ծնողները շրջապատեցին ինձ իրենց կարեկից հոգատարությամբ, բայց և այնպես չգիտեին թե՝ ինչով իսկապես կարող են առաջն առնել իմ հիվանդության, որ հետզհետե սուր կերպարանք էր առնում: Նրանք, ամենից առաջ աշխատեցին համոզել ինձ բժիշկ բերել տալ քաղաքից, բայց ես չկամեցա և հավատացնում էի թե՝ շուտով պիտի առողջանամ: Տասնևհինգ օր շարունակ ճգնաժամի մեջ էի և այժմ, գուցե, պառկած լինեի հողի տակ, եթե մի հասարակ միջոցեղջյուրով արյուն առնելը, որի բարերար ներգործության ես չէի հավատում թեթևացրած չլինեին իմ ցավերը: Բայց և այնպես, այսօր արդեն ամիսը լրանում է և ես դեռ անկողնումն եմ: Թեպետ կրծքումս ու թիկունքումս այլևս ցավեր չեմ զգում, բայց հազս սաստկացել է. հաճախ ջերմում և գիշերները քրտնում եմ. մարմինս հետզհետե մաշվում է և մի քանի որ կա, ինչ տանջող հազիս հետևում է արյուն... ինձ թվում է թե իմ հիվանդությունն արդեն փոխվեցավ և շուտով էլ ինձ գերեզման կտանե. մանավանդ որ տխուր մտածմունքները հանգիստ չեն տալիս ինձ... Այս պատճառով էր, որ ասում էի թե՝ հիվանդ մարմինը հիվանդացնում է և հոգին: Եթե մարմինս առողջ լիներ, գուցե հոգիս չընկճվեր այս աստիճան կամ հուսահատությունը չհաղթահարեր նրան... Օհ, եթե իմանաք թե որքան ուժ եմ գործ դնում ամեն անգամ մի քանի տող գրելու համար և թե հետո այդ լարումից որպիսի անկումն ու թուլություն է հաջորդում... բավական է. էլ գրիչ շարժել չեմ կարող...

«12 հոկտ.

«Հինգ օր շարունակ ոչինչ չգրեցի: Չէի կարող, սաստիկ թուլացել եմ. հազս, մանավանդ, հանգիստ չէր տալիս, բայց այսօր կամեցա շարունակել... գեղեցիկ եղանակը գրավեց ինձ: Արևի շողերը լցրել են սենյակս կենդանարար ջերմությամբ. իսկ դուրսը հրաշալի է... Հիշո՞ւմ եք դուք իմ պատուհանի առաջ բացվող տեսարանըլեռնալանջի թավուտը, ժայռերի սպառվածը և ապա երկուստեք ուռիներով ծածկված ջրաղացի առուն, որ ժայռերին հասնելուց՝ զորեղ շառաչով թափվում է դեպի ձորը... Այդ բոլորն այժմ ողողված է արևի լուսով: Սակայն կանաչը դեղնել է արդեն, ծառերը հետզհետե մերկանում են տերևը: Բնությունն էլ, կարծես, թուլացել, կորցրել է յուր առույգությունը... բայց ինչու նրա այդ տկարության մեջ մենք դարձյալ գրավիչ մի բան ենք տեսնում. ինչու այնքան սիրով նայում ենք նրա հանգչող կենդանության վրա... Ինձ թվում է, թե այն պատճառով, որ հավատացած ենք թե՝ նա չի մեռնելու, թե նրա կենդանությունը ոչ թե սպառում, այլ հանգստանում է՝ նորեն ուժ առնելու, նորեն վերածնելու, նորեն ստեղծագործելու համար... Հավատացած ենք, թե ամեն ինչ սառեցնող և մահացնող ձմեռը չի կարող սպանել բնության գեղեցկությունը. թե ցրտաշունչ եղանակին կհաջորդե գարունը յուր ջերմացնող արևով, յուր քաղցրասյուք հովերով, յուր վարսագեղ կանաչով, յուր վառվռուն ծաղիկներով, որ առատորեն ամեն կողմ սփռելով կպճնե, կզարդարե մարգն ու մարմանդը, դաշտն ու բլուրը, լեռն ու քարափը և... մոռացնել կտա մարդկանց ժանտ ձմռան գոյությունը, նրա ցուրտն ու սառույցը, նրա մահաշունչ բռնությունը... Իսկ այդ գարունը, օհ, աստված իմ, ես էլ չեմ տեսնելու... նրա արևն ու հովերը, նրա կանաչն ու ծաղիկները, էլ իմ աչքերը չեն պարաբելու... Բայց, ախ, ինչպես կկամենայի ապրել, նորեն ուժ առնել, նորեն առույգանալ, նորեն աշխատել, տքնել և գարնան բարիքներով իմ ջանքերը պսակել... Ինչո՞ւ, ինչու բնությունից դասեր չենք առնում. ինչու նրա հարազատ ծնունդները լինելով նրա ցույց տված օրինակներով չենք ոգևորվում և թույլ ենք տալիս, որ վհատությունը տիրե մեր հոգուն, գերե մեր սրտերը, սպանե թանկագին տենչերն ու իղձերը... Չէ որ գիտենք, թե՝ մահաշունչ ձմռան հաջորդում է միշտ կենսաբեր գարունը, չէ որ սա արդեն հավիտենական ճշմարտություն է... Եվ սակայն, ավաղ, սխալ գործեցի, մոռացա մի վայրկյան մեծ ճշմարտությունը և այժմ արդեն nւշ է...Չպետք է մոռանալ և ոչ իսկ մի վայրկյան...

«14 հոկտ.

«Կամեցա դարձյալ գրել, բայց տեսնում եմ, որ ուժ չունիմ. ինքս չկարողացա նստել անկողնում. Մանիշակն օգնեց... Ախ, այս հրեշտակը, այս բարի և ազնիվ հոգին... մի վայրկյան չի հեռանում ինձանից, իսկ Պետրոսը շարունակ պտտում է մյուս սենյակում: Ինչպե՛ս տխուր ու ճնշված են նրանց մատաղ սրտերը... Իմ ցավերը չեն տանջում ինձ այնքան, սրանց արտասուքն է, որ մորմոքեցնում է սիրտս... 0հ, այժմ, այժմ միայն կցանկանայի ապրել, որ սրբեի սրանց արցունքը և սովորեցնեի լալ, երբեք լալ, այլ արիանալ և գործել... ավաղ, այդ դասը ես չտվի նրանց, որովհետև չգիտեի թե՝ հարկ կլինի լալ... այժմ տեսնում եմ, որ անհրաժեշտ դասը մնացել է առանց խոսելու... Ի՞նչ անեմ, ես այլևս անկարող եմ... մնում է օրհնել այն բերանները, որոնք այդ դասը կխոսեն ոգևորությամբ...

«15 հոկտեմբեր

«Գրել այլևս անհնար է... գրիչս ընկնում է... նրա փոխարեն զորանում է արտասուքս... ծրարեմ այս թերթերը, եթե առողջացա, դարձյալ կգրեմ, եթե ոչ, խոսածս էլ բավ է... արդեն գիտեք թե ինչու մարեց կրակը... ընդունեցեք իմ ջերմագին ողջույնը... Եթե երբևիցե պատահեք իմ սիրելի ուսուցչին, պատմեցեք նրան իմ մասին մի քանի բան... Ասացեք, որ յուր քաղցր պատվերի համաձայն՝ մեռավ ցորեանն, զի բազում արդիվնս արասցէ...»:

Ձեր քույր-Աննա»:

Այս ամենը կարդալու ժամանակ՝ ես շատ անգամ հուզվեցա և երբեմն հազիվ էի ինձ զսպում, որ բարձրաձայն չհեկեկամ: Իսկ երբ աննման կույսի վերջին խոսքերը կարդացի, արտասուքս սկսավ աղբյուրի պես հոսել և ես գլուխս ձեռքերիս մեջ առած՝ երկար լաց էի լինում, ինչպես թանկագին հարազատը կորցրած մի մարդ:

Հետևյալ առավոտ, շատ վաղ գնացի քույր-Աննայի գերեզմանը համբուրելու: Նա գտնվում էր եկեղեցու արևելյան կողմը, փոքրիկ անտառի եզերքին, գեղեցիկ ու նորաստեղծ բարձրավանդակի վրա: Մի պարզ, սպիտակ տապանաքար ծածկում էր այդ սուրբ գերեզմանը, որի վրա սավառնում էին նորատունկ ուռիներ: Բարձրավանդակն ամբողջապես զարդարված էր ծաղկանց տունկերով, և նրանց շուրջը պատելով խոխոջում էր փոքրիկ, ականակիտ առվակ, որ յուր մշտամռունչ մրմունջը ուռիների սոսավյունին խառնելով՝ ասես թե հավիտենական մեղեդիներ էր երգում անզուգական կույսի հանգստյան համար:

Մենավոր շիրիմի շուրջը տիրում էր վսեմ, խորհրդավոր լռություն, որ մարդուն ակամա դարձնում էր ջերմեռանդ: Եu խորին ակնածությամբ մոտեցա շիրիմին և երկյուղածությամբ համբուրեցի այն: Տապանի վրա, հանգուցյալի ցանկությամբ փորագրված էր միայն երեք բառ. «Քույր-Աննայի հանգիստը»: Բայց որքա՛ն մտքեր, որքա՛ն պատմություններ կային այդ պարզ բառերի մեջ... Այդտեղ ամփոփված էր գողտրիկ զգացմունքների, սուրբ գաղափարների և ազնվագույն ոգևորության մի ամբողջ աշխարհ... Այդ կանաչազարդ շիրիմի մեջ հանգչում էր հայրենիքի սուրբ սիրո նահատակըմարմնացյալ անձնվիրությունը, որ սրի դեմ չէր գնացել, վառոդի դեմ չէր խիզախել, բայց մղել էր նույն կռիվը, ինչ որ ամեն մի մեծ հերոս... Ո՞ր ճշմարիտ հայրենասերը չէր խոնարհիլ յուր գլուխը այդ սրբազան շիրիմի առաջ և որ երիտասարդի սրտին՝ սեր ու եռանդ չէր ներշնչի «Քույր-Աննայի հանգիստը»...

Համբուրելով այդ շիրիմը, ես չոքեցի նրա առաջ՝ աղոթեցի սրտահույզ: Իմ աղոթքը մի ջերմ ցանկություն էր, տեսնել մեր մեջ, գոնե այսուհետև, քույր-Աննային և նրա ուսուցչին արժանավոր հետևողներ:

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last