Մուրացան՝   Խորհրդավոր միանձնուհի

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last

Արևը մայր մտնելու մոտ դուրս եկանք Ուզուն-Դարայից և սկսանք բարձրանալ դեպի Ն. գյուղի բարձրությունները, որոնք հետզհետե մացառուտից ազատվելով ծածկվում էին նոր դեղնող արտերով: Ճանապարհը գնալով լայնանում և արահետ էր դառնում: Մեզ պատահում էին գյուղացիներ, ոմանք լծած սայլերով, ոմանք բեռնաբարձ ձիերով ու ավանակներով, իսկ շատերը՝ միայնակ, մի ցուպ ձեռքներին կամ մի պարկ շալակած: Այդ բոլորից արդեն երևում էր, որ մենք հեռու չենք այն գյուղից, որ իմ ամառային կայանն էր լինելու:

Հունիս 3.

Մութը կոխել էր: Լուսնի արծաթափայլ սկավառակը հուշիկ բարձրանում էր լեռների ետևից և աղոտ լույսով սար ու ձոր լուսավորում: Շրջակա զառիվայրերը հետզհետե ծածկվում էին արոտից վերադարձող նախիրներով ու հոտերով: Կովերի բառաչը, մաքիների մայունը, տավարածի հա-հո-ները և հովվական սրնգի մելամաղձիկ երգը, որ հնչում էր մթապատ ձորամիջում, խառնվելով միմյանց, մի հաճելի աններդաշնակություն էին կազմում: Որքան մոտենում էինք գյուղին, այնքան աղմուկն ու շշուկը ավելանում էր: Ն. գյուղը հասնելով՝ մենք իջանք տեղական քահանայի տանը:

Հայոց գյուղերում երկու տուն կա, ուր ճանապարհորդը վստահությամբ և առանց հարցուփորձի կարող է իջևանել: Առաջինը՝ տանուտերի տունը, որ ավելի պաշտոնական մարդկանց է հյուրընկալում, երկրորդը քահանայի, ուր ամեն բարի հայ սիրով է ընդունվում: Թեպետ հասարակ գյուղացին էլ յուր հյուրասիրությամբ ետ չէր մնում այդ երկուսից, այնուամենայնիվ, ճանապարհորդը միշտ չէ վստահում մոտենալ նրան զգուշանալով ավելորդ նեղություն պատճառելուց:

Երբ ներս մտանք քահանայի տան բակը, մեզ իսկույն դիմավորեց մի բարձրահասակ և բարեկազմ երիտասարդ, որ ուրախ ժպիտով մեզ ողջունելուց հետո, մոտեցավ ինձ օգնելու, որ ձիուց իջնեմ: Ես, իհարկե, նեղություն չտվի նրան և իսկույն իջնելով, սեղմեցի ձեռքը, որ նա կանխավ ուղղել էր ինձ առանց սպասելու, որ ուղեկիցս հայտնե նրան իմ ով լինելը:

Դա, ինչպես հետո իմացա, քահանայի ամուսնացած որդին էր:

Երիտասարդի հրամանով մի ծառա սկսավ մեր ձիերը պտտեցնել, մինչև որ նրանց քրտինքը ցամաքեր և ապա ախոռը տաներ: Իսկ մենք հյուրընկալի առաջնորդությամբ մտանք սրահը, ուր երիտասարդի ամուսինը մի ակնթարթում արդեն ընդարձակ թախտի վրա փռել էր մաքուր գորգ և վրան էլ օթոց:

Քահանան տանը չէր: Իմ հարցին թե՝ ուր է նա, երիտասարդը պատասխանեց թե դեռ եկեղեցուց չէ վերադարձել:

Միթե այստեղ այդպես ուշ են սկսում ժամերգությունը, — հարցրեցի ես:

Միայն շաբաթ երեկոները, որպեսզի հանդից վերադարձողը կկարողանա եկեղեցի գնալ:

«Գեղեցիկ կարգ է», — մտածեցի ես և հենց պատրաստվում էի հարցնել թե՝ արդյոք հին սովորություն է դա, թե տեր-հայրն ինքն է սահմանել, մեկ էլ տեսա, որ վերջինս բակը մտավ:

Դա բարձրահասակ, առողջակազմ, ալեխառն մորուքով և քաղցրադեմ մի քահանա էր, որ առաջին վայրկյանից իսկ ախորժ տպավորություն արավ ինձ վրա: Նրան տեսնելուն պես ես ոտքի ելա և առաջանալով, համաձայն գյուղի սովորության, աջը համբուրեցի:

Տեր-հայրը շատ սիրով ընդունեց ինձ և ձեռս բռնած բերավ իմ տեղը նստեցրեց: Շուտով մենք ծանոթացանք միմյանց: Ես իմ ով, որտեղից լինելը և ինչ նպատակով իրենց գյուղը գալս հայտնեցի, իսկ ինքը, մանրամասն տեղեկություններով, ծանոթացրեց ինձ յուր անձին ու ընտանիքին:

Տեր-Հովսեփ հայրը, ինչպես ինքն ասաց, հիսունևվեց տարեկան էր և քահանայի որդի: Ձեռնադրված էր 1850 թվականին Գևորգ եպիսկոպոս Վեհապետյանից: Մարիամ տիրուհին 8 տարով իրենից փոքր էր և նույնպես քաջառողջ մի կին, որ տեր-հոր գալուց հետո միայն եկավ և բարևեց ինձ: Նրանք ունեին երկու որդի, որոնցից մեծը, Սարգիս անունով, մեզ ծանոթ երիտասարդն էր և 28 տարեկան լինելով՝ արդեն ամուսնացած և մի տղայի էլ տեր էր: Հարսի անունը Հերիքնազ էր, որ տեր-հոր հրամանով եկավ ինձ բարևելու և, գյուղական սովորության համաձայն, կամենում էր ձեռս համբուրել, բայց ես թույլ չտվի և միայն բարեկամաբար ձեռը սեղմեցի: Գեղեցիկ էր թե ոչ, չիմացա, որովհետև երեսն ամբողջապես ծածկված էր չարղաթովթեպետ տեղական սովորության համաձայն, իբրև երեխա ունեցող կին, նա իրավունք ուներ արդեն երեսը կիսով չափ բանալու: Տեր-հայրը գովում էր, որ նա ժրագլուխ և աշխատասեր կին է: Քահանայի կրտսեր որդին, Հակոբը, 25 տարեկան էր: Նրան նոր էին նշանել, այդ պատճառով էլ այդ օրը տանը չերևաց, որովհետև մերձակա գյուղը՝ աներոջ տունն էր գնացել:

Տիրուհին ամենից առաջ շտապեց մեզ համար պատրաստել թեյ, որ վաստակած ճանապարհորդի համար ամենադուրեկան ըմպելիքն է լինում: Եռացրեց նույնպես նոր կթած կաթ և դրա հետ միասին բերավ նոր թխած գաթա, որն, յուր ասելով, նորահարսի համար այդ օրը պատրաստած և ղրկած «պաշարից» էր:

Մենք վայելում էինք տիրուհու պատրաստած բարիքը և շարունակ խոսում: Տեր-հայրը խիստ հետաքրքրում էր ինձ յուր խոսակցությամբ և հայտնած կարծիքներով: Դրանցից մի քանիսը լսելուց հետո, ես եկա այն եզրակացության, որ նա գռեհիկ քահանաների թվին չէ պատկանում: Իբրև գյուղական քահանա, նա մինչև անգամ ավելի բան գիտեր, քան սպասելի էր: Ինձ շատ զարմացրեց մանավանդ այն, որ նույնիսկ օրվա խնդրի մասին որ այդ ժամանակ կաթողիկոսական ընտրությունն էր, նա նորություններ գիտեր և հայտնում էր բանավոր կարծիքներ: Նա ծանոթ էր ոչ միայն Ներսես պատրիարքի, Խրիմյան Հայրիկի և Մելիքսիդեկ սրբազանի անուններին, այլև նրանց գործերին, անձնական արժանիքներին և կենսագրությանը:
Նա հարցնում էր ինձանից նաև բացատրություններ՝ նկատմամբ լրագրական այնպիսի ակնարկությունների, որոնք յուր ուշադրությունից չէին վրիպել: Իմ տարակուսանքն, իհարկե, փարատվեց, երբ իմացա, որ տեր-հայրը ստանում
է Թիֆլիսում հրատարակվող հայոց թերթերը, հասկանալի է որ լրագիրը շատ բան կսովորեցներ նրան: Բայց և այնպես այդ մեկուսացած լեռների մեջ այդպիսի մի քահանա գտնելն ինձ համար մի հաճելի անակնկալ էր:

Ինչպես տեսնում եք, մենք բոլորովին կտրված չենք աշխարհից, — ասում էր տեր-հայրը, — օրհնվի լրագիր հնարողը, այս հեռու անկյունում, ուր տարիներով քաղաքացու երես չենք տեսնում, մեր միակ մխիթարությունը լրագիրներն են: Այնքան անձկությամբ ենք սպասում նրանց, որ եթե որոշյալ ժամանակից ուշանում են, իսկույն ձի եմ նստում և նրանց ետևից, կես օրվա ճանապարհմինչև վանքը գնում: Քաղաքից կոնսիստորը վանահոր անվամբ է ղրկում թերթերը, իսկ հայր-սուրբը շատ անգամ ուշադիր չէ լինում ժամանակին հասցնելու:

Իմ հարցին թե՝ այդ լրագիրներից միայն ինքը տեր-հայրն է օգտվում, թե ժողովրդին էլ մասն է հանում, նա պատասխանեց,

Ինքս է, շատ տարի չէ, ինչ սկսել եմ լրագիր կարդալ: Օրհնվի մեր կույսը, նա վաղուց էր թերթ ստանում և հաճախ կարդում ինձ մոտ, աշխատելով սիրելի անել ինձ
յուր կարդացածները: Եվ իրավ, մի տարուց հետո, ես այնքան սիրեցի լրագիրը, որ կարևոր համարեցի ինքս ստանալ և անձամբ կարդալ, որպեսզի կույսին միշտ նեղություն չպատճառեմ: Փառք աստուծո, ես նյութապես ապահով եմ
և հեշտությամբ էլ վճարում եմ լրագրի գինը: Երբ լրագիր կարդալն ու հասկանալը ինձ համար հեշտացավ, մեր կույսը խորհուրդ տվավ ինձ հետաքրքրական և հեշտ հասկանալի կտորները կարդալ և հասկացնել նաև իմ ժողովրդին: Ես հետևեցի նրա խորհրդին և մի կիրակի, ճաշից հետո, երբ գյուղի գլխավորները հավաքվել էին ինձ մոտ, կարդացի նրանց առաջ լրագրի մի քանի կտորներ և բացատրեցի:
Այդ նորությունն այնքան դուր եկավ նրանց, որ այդ օրից սկսած ամեն կիրակի, ճաշից հետո հավաքվում է մեր բակը բազմաթիվ ժողովուրդ և սիրով լսում է իմ ընթերցումն
ու բացատրությունները:

Տեր-հոր հաղորդածները ինձ համար հաճելի նորություններ էին: Այդպիսի քահանայի հովվության հանձնված գյուղում, անկարելի էր, որ նաև դպրոց չլիներ: Ուստի ցանկացա իմանալ ունին թե ոչ:

Ինչպես չէ և ինչ հրաշալի դպրոց, — բացականչեց տեր-հայրը հպարտությամբ, — եթե տեսնեք, կհավանեք: Օրհնվի մեր կույսը, նա է հիմնողը, ինքն էլ կառավարում է:

Այս քանիերորդ անգամն էր, որ «կույսի» անունը լսում էի տեր-հորից, ուստի հետաքրքրվեցա իմանալ, թե ով է այդ կույսը, արդյոք վարժուհի է, թե որևէ անապատի հավատավոր կին:

Այդ կույսը քույր-Աննան է, մի՞թե չեք ճանաչում, — հարցրեց ինձ տեր-հայրը:

Ոչ, չեմ ճանաչում, — պատասխանեցի ես:

Ամբողջ Սյունիքը ճանաչում է մեր կույսին, ամենքին հայտնի է նրա անունը, այդ ինչպես է, որ դուք չեք ճանաչում:

Այդպես է, տեր-հայր, չեմ ճանաչում, անունն անգամ չեմ լսել:

Ճշմարի՞տ եք ասում, — հարցրեց քահանան զարմանալով:

Իհարկե, ճշմարիտ, ի՞նչպես կարող եմ ստել, — նկատեցի ես:

Տեր-հայրը սկսավ մտածել, հետո ինքն իրեն մի քանի բառ շշնջաց և ապա դառնալով ինձ, շարունակեց.

Իրավունք ունիք, որդի, մեր այս կորած անկյունից ով է ձեզ համար լուր բերում: Ասենք թե՝ շատ էլ բերին, ինչ նշանակություն ունին ձեզ համար գյուղի նորությունները: Քույր-Աննան և նրա գործերը մեր՝ գյուղացիներիս աչքումն են մեծ բաներ երևում, ապա թե ոչ, դուք այնքան նշանավոր մարդիկ ու գործեր ունիք, որ մեր հսկաները թզուկներ կերևան ձեզ:

Ասենք այդտեղ սխալվում եք. մենք ո՛չ նշանավոր մարդիկ ունենք, ո՛չ նշանավոր գործեր: Բայց թողնենք այդ հարցը: Կարող եք կույս-Աննայի ով լինելն ինձ հայտնել:

Ինչպես չէ, ասացի, որ նա մեր գյուղական դպրոցի հիմնադիրն է և կառավարողը, այժմ ավելացնեմ, որ դասատուն էլ ինքն է: Նա մի բարի, ազնիվ և առաքինի կին է. ուղիղ տասնևինը տարի է, որ գտնվում է մեր գյուղում: Իմ ձեռնադրությունից վեց տարի հետո եկավ այստեղ: Այդ ժամանակ ո՛վ գիտեր, թե ի՞նչ բան է գյուղական կանոնավոր դպրոցը: Ես էի մի քանի տղաներ գլխիս հավաքել և լավ-վատ կարդացնում էի: Բայց երբ կույս-Աննան եկավ, նա յուր ծախքով և, իհարկե, նաև մեր օգնությամբ, շինեց դպրոցական տուն, որ անշուշտ կտեսնեք: Նա հավաքեց յուր մոտ թե տղա, և թե աղջիկ երեխաներ և սկսավ կարդացնել: Այժմ մեր գյուղում քիչ երիտասարդ կա, որ հայերեն գրել-կարդալ չիմանա: Այս րոպեին էլ դպրոցը մոտ հարյուր հիսուն աշակերտ և աշակերտուհի ունի ժողովված թե՛ մեր և թե՛ շրջակա գյուղերից: Դրանք բոլորն էլ կարդում են ձրիաբար: Եվ դեռ պետք է գիտենալ, թե կույսի դպրոցը որքան գրագետներ է տվել մեր գավառին այսքան տարվա ընթացքում: Ճշմարիտն ասած, այդ կույսը մեր բարեբարուհին է, մենք բոլորս պաշտում ենք նրան: Իմ ու տանուտերի խոսքից ավելի նրա խոսքն ունի արժեք գյուղացու համար, բոլորը նրան լսում են ինչպես իրենց իմաստուն մորը: Եվ ի պատիվ նրա, պետք է ասել, որ մոր նման էլ խնամք է տանում գյուղացիների վրա, օգնում է կարոտյալին, այցելում է հիվանդին, պաշտպանում է այրիներին, անզոր որբուկներին, ես ո՞ր մեկն ասեմ: Սկսած այն օրից, որ կույսը մեր գյուղումն է, գրեթե ոչ մի տան, կամ ընտանիքում խռովություն, կամ դժգոհություն չէ պատահել: Հենց որ լսում է, թե մի տեղ անհամաձայնություն, վեճ կամ կռիվ կա, իսկույն դիմում է այնտեղ և խաղաղության հրեշտակի պես ամենքին հաշտեցնում, երբեմն խրատելով, երբեմն հանդիմանելով, բայց շատ անգամ էլ քաղցրությամբ համոզելով: Իսկ ով համարձակվում է քույր-Աննային ընդդիմանալ կամ նրա խրատներն արհամարհել, նրա հետ այլևս ոչ ոք չէ խոսում, մինչև որ վերջինս համոզվելով թողություն չէ խնդրում: Մեր գյուղական գործերի մեջ նույնպես քույր-Աննան օգնում է մեզ յուր իմաստուն խորհուրդներով և առհասարակ այն գործը, որ նրա ցույց տված ճանապարհովն ենք սկսել և շարունակել՝ միշտ հաջողությամբ է պսակվել: Բացի այս, դուք մեզ մոտ կտեսնեք գեղեցիկ կարգեր ու սովորություններ, որոնք մյուս գյուղերում չկան, դրանք բոլորը նույնպես քույր-Աննային ենք պարտական: Միով բանիվ, այդ կույսը մեր բարերարը և խնամակալուհին է, որին, կխնդրեմ աստծուն, պարգևել երկար կյանք և առողջություն:

Տեր-հոր պատմածները վերին աստիճանի գրգռեցին իմ հետաքրքրությունը:

Բայց ո՞վ է վերջապես, այդ կինը, որտեղացի է, որի աղջիկն է, որտեղ է սովորել, — հարցրեցի ես շտապով:

Նա միանձնուհի է, — պատասխանեց քահանան միամտաբար:

Բայց ո՞րտեղից, ո՞ր կուսանոցից:

Տեր-հայրը մնաց կանգնած: Նա չէր կարողանում որոշ պատասխան տալ, ուստի մի փոքր մտածելուց հետո, ասաց,

Ճշմարիտը խոստովանած, չգիտեմ:

Բայց միթե այսքան տարիների ընթացքում երբեք չհետաքրքրվեցիք իմանալ թե՝ ո՞րտեղից է նա լույս ընկել այս լեռների մեջ:

Ի՞նչ մեղքս ծածկեմ, չեմ հարցրել, այսքանը միայն գիտեմ, որ նա միանձնուհի է և գալով մեր գյուղը, հավանել է նրան և վճռել ապրել այստեղ և օգտավետ լինել մեզ:

Իսկ նա հասակավո՞ր է, թե՝ երիտասարդ: — Նրա տարիքը քառասունից ավելի է:

Ուրեմն այդքա՞ն միայն գիտեք նրա մասին:

Այո՛, միայն այսքան:

Այժմ ես տեսա, որ տեր-Հովսեփս ինքնիրեն բուսած մի ծառ չէ, այլ անշուշտ, այդ խորհրդավոր կնոջ ստեղծագործածն է: Տեր հոր այն խոստովանությունը, թե այդքան տարիների ընթացքում չէ հետաքրքրվել այդ կնոջ ով լինելն իմանալու, ինձ անկեղծ էր թվում, ուստի նրա վարկը որոշ չափով նվազեցավ իմ աչքում, որովհետև այդպիսի մի անտարբերությունը հանցանքի չափ ծանր էր թվում իմ աչքում: Բայց հետո մտածեցի, թե գուցե այդ կինը ինքն է փախուստ տվել քահանայի հետաքրքրությունից, առիթ չտալով նրան այդպիսի հարցերի դիմելու: Թեպետ այն էլ գիտեի, որ հեշտ չէր գյուղում այսքան տարի ապրել և ազատ մնալ գյուղացիների հարցասիրությունից: Սակայն բոլոր այս մտածություններն ուղեղս լարելուց զատ ուրիշ մի եզրակացության չէին բերում: Մնում էր, որ ինքս ծանոթանայի այդ կնոջը և նրա ով և ինչ անձնավորություն լինելը ստուգեի անձամբ:

Ե՞րբ կարող եք ծանոթացնել ինձ ձեր միանձնուհուն, — հարցրի տեր-հորը:

Երբ կամենաք, — ասաց նա, — վաղը կյուրակե է, ես պատարագ ունիմ. կգաք եկեղեցի, ներկա կլինիք պատարագին, և երբ ժամերգությունը կավարտի, ես ձեզ կծանոթացնեմ նրան:

Շատ լավ, — ասացի ես և որովհետև ընթրիքն արդեն պատրաստ էր, ուստի շուտով սեղան նստանք:

Տեր-հայրը բոլոր ջանքը գործ էր դնում ամենալավ կերպով ինձ հյուրասիրելու: Եվ թեպետ յուր գինին արժանիքով ստոր էր տանուտեր Ակոբի գինուց, այսուամենայնիվ մենք նրանով էլ մի քանի կենաց բաժակներ դատարկեցինք:

Տեր-հոր հյուրասենյակում ինձ համար քնելու տեղ պատրաստեցին ուր և առանձնացա խաղաղության հրեշտակին հանձնվելու համար:

Հունիս 4.

Չնայած որ ամբողջ նախընթաց օրը ճանապարհորդել էի, այսուամենայնիվ, երեկ շատ վաղ զարթեցա, գյուղը, կարծես ինքն է զարթեցնում քեզ: Մարդ այստեղ ամաչում է, եթե չասենք ափսոսում առավոտյան զով ժամերը քնին նվիրելու: Երբ դուրս եկա բակը, արշալույսը դեռ նոր էր շառագունում, բայց տեր-հայրն արդեն գնում էր եկեղեցի:

Մի՞թե այսքան վաղ պիտի սկսեք ժամերգությունը, — հարցրի ես:

Դեռ սաղմոս պիտի քաղեմ, դուք կարող եք կես ժամով ուշ գալ, — պատասխանեց նա:

Ես որովհետև եկեղեցում երկար կանգնել չէի կարողանում, ուստի որոշեցի օգուտ քաղել ժամանակից և բարձրանալով գյուղի վերնակողմը՝ նրա ընդհանուր շրջապատը տեսնել, որպեսզի հավաստիանամ թե որքան հարմար ամառանոց եմ ընտրել:

Բակի մի անկյունում տիրուհին և յուր հարսը կթում էին կովերը, որպեսզի նախիրը արոտ ուղարկեն: Սարգիսը մոտ կանգնած օգնում էր նրանց առաջ բերելով կովերը: Որպեսզի նորից տանից դուրս չգայի, մոտեցա նրանց և մի բաժակ կաթ խնդրեցի: Հերիքնազն իսկույն վայր դրեց կովկիթը և վազելով տուն՝ բերավ մի մեծ բաժակ և յուր ձեռքով կթելով կաթը նրա մեջ, տվավ ամուսնուն և վերջինս ինձ: Ես ախորժանոք դատարկեցի անուշահամ ընպելիքը և խընդրեցի երկրորդը, որը նույն հոգածությամբ դարձյալ լցվեցավ և նույն ճանապարհով հանձնվեցավ ինձ: Իմ նախաճաշը վերջացել էր, որի համար շնորհակալություն անելով հարցրի Սարգսից գյուղի վերին կողմերն անցնելու ճանապարհը և հեռացա:

Ես գնում էի մանվածապատ, նեղ և զառիվեր փողոցներով, որոնցից շատերը կազմում էին պարտեզների շրջապատ ցանկերը: Ուրախ էի, որ ոչ մի տեղ շներ չպատահեցին՝ իրենց աղմուկով ինձ ուղեկցելու համար: Երբ գյուղի վերին ծայրը հասա, արևի առաջին ճառագայթներն ընկան մոտիկ բլրի վրա, որ ծածկված էր գեղեցիկ անտառակով: Հասնելով այդ բլրին, սկսա նրա վերին կողմից դիտել գյուղը և նրա շրջապատը:

Ն. գյուղը, որ զուտ հայաբնակ է, գտնվում էր մի գեղեցկադիր և արեգընդդեմ լեռնալանջի վրա, որի շարունակությունը դեպի լեռը ծածկված էր ամբողջապես անտառով: Գյուղի դիրքը մասամբ սարահարթ և մասամբ զառիվայր էր: Տները, որոնց թիվը երկու հարյուրից ավելի պիտի լինեին, շինված էին խառն ի խուռն և, մեծ մասամբ, ետևի կողմից գետնին հավասար: Գետնի մակերևույթից բարձր տներ, առանձնապես, գտնվում էին գյուղի այն մասում, որի դիրքը սարահարթ էր: Գյուղը, ըստ ամենայնի, նման էր մյուս բոլոր հայաբնակ գյուղերին, միայն այն առավելությամբ, որ այստեղ ամեն տուն ուներ յուր մեծ կամ փոքր պարտեզը և սարերից իջնող ջրերն այնքան էին առատ, որ գրեթե ամեն տուն առու ուներ յուր բակում: Գյուղի վերջին ծայրում՝, մի կանաչազարդ բարձրավանդակի վրա, կառուցած էր եկեղեցին, որ հեռվից բավական կոկիկ և գեղեցիկ էր երևում: Նրա մոտ կար միահարկ, բայց ընդարձակ և սիրուն ծառերով շրջապատված մի ուրիշ շինություն, որ անշուշտ ուսումնարանը պիտի լիներ: Գյուղի ընդհանուր պատկերն առաջին անգամ ինձ վրա ախորժ տպավորություն արավ: Սակայն ավելի գեղեցիկ էին նրա շրջակա տեսարանները: Գյուղի առաջ ընկած էր ընդարձակ և անտառախիտ խորաձոր, որի միջից խոխոջալով անցնում էր մի գետակ: Նրանից այն կողմը, ինչպես և գյուղի ետևից, բարձրանում էին վիթխարի լեռներ, փառահեղ գագաթներով, որոնցից մի քանիսի վրա դեռ նշմարվում էին հին դարերում ապրող սյունեցիների զորության ու մեծագործության հետքերըկիսավեր բերդերի մնացորդներ: Գյուղի աջ կողմից սկսվում էր մի հովտաձև սարահարթ, որ գնալով լայնանում ու դաշտանում էր և որի վրա տարածվում էր գյուղացիների արտերը:

Այս բոլորը տեսնելուց և զննելուց հետո ես կամաց-կամաց իջա գյուղը` բռնելով այնպիսի ուղղություն, որ ինձ պիտի տաներ դեպի եկեղեցին:

Զարմանալի շարժում էր տիրում այդ ժամանակ գյուղի փողոցներում: Կարծես բնակիչները մի հրաշք տեսնելու, կամ հրդեհ հանգցնելու համար էին շտապում: Կին, տղամարդ, ծեր և երիտասարդ աճապարում էին դեպի եկեղեցին, նրանք գնում էին աղոթելու:

Այս տեսարանը որքան ուրախացնում, նույնքան և զարմացնում էր ինձ և այդ զարմանքը կրկնապատկվեց, երբ ուրիշների հետ ես ևս եկեղեցին հասնելով՝ տեսա այդտեղ հավաքված ժողովրդի բազմությունը: Ես հայոց շատ գյուղերում էի եղել, բայց ոչ մի տեղ ժողովրդի մեջ այսքան ջերմեռանդութուն չէի նկատել: Սա ինձ հիշեցնում էր Կովկասի գերմանական մի գաղթավայր, ուր հաճախ գտնվել և միշտ հիացել էի գերման ժողովրդի եկեղեցասիրության վրա և տխրել, որ մեր գյուղերում, ընդհակառակը, ժողովուրդն օրըստօրե սառչում է եկեղեցուց, առանց սակայն մի ուրիշ հոգեշահ գործի մոտենալու:

Գրեթե զոռով ներս մտա եկեղեցին և զոռով էլ առաջ անցա, որովհետև խռնված բազմությունն յուր միջից անցնելու ճանապարհ չէր թողել:

Եկեղեցում, ամենից առաջ, ուշադրությունս գրավողը բազմախումբ դպիրների երգեցողությունն էր, որին ես երբեք չէի սպասում: Ավելի հառաջանալով՝ ավելի ևս զարմացա, տեսնելով, որ մոտ 20 հոգուց բաղկացած խմբի մեջ, տղաների հետ միասին կանգնած էին և հասակակից աղջիկներ, որոնց բոլորին դպրապետություն էր անում բարձրահասակ, գլուխը սև շղարշով փաթաթած և մթագույն շապիկ հագած մի կույս, հար և նման մեր կուսանոցի միանձնուհիներին:

Իսկույն հիշեցի տեր-Հովսեփի կույս-Աննան և չերկմտեցի, որ իմ առաջ կանգնած դպրապետուհին նա ինքն է: Բայց նախքան կույսի անձով հետաքրքրվելս, իմ լսելիքը գրավեց սրբասացության խորհրդավոր երգը, որ նա հրաշալի ձայնով սկսավ երգել: Բայց ինչ երգ, ինչ ձայն էր այն: Ոչ մի եկեղեցում նմանը չէի լսած: Մի քանի րոպե ինձ այնպես թվաց, թե հնչող ձայնը ոչ թե մարդկային կրծքից, այլ մի կախարդական սրնգից, կամ երգեհոնի միջից բխում, այնքան հնչեղ և, միևնույն ժամանակ, գողտրիկ ու ախորժալուր էր նա: Երգչուհու ձայնը, նայելով երգի աստիճաններին, գնալով զորանում ու զվարթանում էր, եկեղեցու կամարները կարծես ձայնակցում էին նրա դյութական հնչյուններով: Ես հիացա, հափշտակվեցա և գյուղական եկեղեցում գտնվելս մոռացա: Ես ամբողջապես լսելիք էի դարձել, նույնն էր և ժողովուրդը. ոչ ձայն, ոչ շշուկ, բոլորն էլ հափշտակված լսում էին հրաշալի մեղեդին և ջերմեռանդությամբ աղոթում: Եվ որքան սեր, որքան հավատ այդ ծնկաչոք և ձեռնամբարձ պաղատողների մեջ... չգիտեմ ինչպես, ես էլ արդեն չոքել էի խոնավ գետնի վրա (որ ուրիշ տեղ չէի անում) և գյուղացիների հետ միասին աղոթում էի: Եվ իմ երիտասարդական կյանքի մեջ դա առաջին ջերմեռանդ աղոթքն էր: Շուտով խումբն էլ սկսավ դաշնակցիլ դպրապետուհուն: Երգեցողությունը հորդոր, բայց ներդաշնակ կերպարանք առավ: Այս բոլորը լսում էի հրճվախառն հիացմունքով և զգում, որ այդ գյուղական եկեղեցում կատարյալ քրիստոնյա եմ դարձել նման այն բարեպաշտ քրիստոնյաներին, որոնք ապրում էին այդ սրբազան կրոնի հալածանքների դարերում, երբ իշխանն ու ստրուկը, տիկինն ու աղախինը, միևնույն մթին գետնափորում, միասին պաշտում և աղոթում էին քրիստոնեության հիմնադրին և միևնույն սեղանի վրա՝ հաղորդվում նրա կենարար մարմնին և արյանը:

Քաղաքի եկեղեցիներում, խոստովանում եմ, խորշում էի փոքր ի շատե գծուծ հագնված մի մարդու մոտ կանգնելուց, վախենալով շորերս կեղտոտել... Բայց այստեղ, օհ, ինչպիսի սիրով ողջունեցի ես մի աղքատ, կորաքամակ և կոշտ հագուստներով ծերուկ գյուղացու, երբ սարկավագի «Ողջույն տուք միմյեանց ի համբոյր սրբութեան...» խոսքերը լսեցի: Ես պատրաստ էի իմ ողջույնի հետ միասին նույնիսկ համբուրել ծերուկին... — Ինչ հեղափոխություն էր այս, որ կատարվում էր իմ մեջ. չգիտեի: Ուր էին այն թերահավատ մտածմունքները, որոնք ճնշում էին ուղեղս մեր եկեղեցիներում. չկային, անհետացել էին: Արդյոք հրաշալի երգչուհու և նրա խմբի ներդաշնակ ու ոգևորող երգեցողոությունը չէր իմ մեջ կատարվող այս հեղափոխության պատճառը:

Ամենամեծ հաճությամբ լսեցի պատարագի մնացորդ երգեցողությունը, շարունակ հիանալով դպրապետուհու դյութական ձայնի վրա: Սակայն քանիցս փորձ փորձեցի տեսնել նաև նրա դեմքը, բայց այդ չհաջողվեց ինձ, որովհետև նա յուր դեմքը ոչ մի կողմ չէր դարձնում, իսկ իմ կանգնած տեղից առաջ գնալ չէի կարող: Բոլոր ժողովուրդը սպասեց մինչև վերջին «օրհնեալ եղերուք»-ը, ես ևս նրանց հետ, առանց մի վայրկյան ձանձրանալու:

Դուրս գալով եկեղեցուց, սկսա նրա շուրջը պտտել և ապա ուսումնարանի կողմն անցա, բայց աչքս միշտ եկեղեցու դռանը, որպեսզի կույսի ելնելը տեսնեի:

Եկեղեցին թեպետ հնաշեն ու պարզ, բայց բավական ընդարձակ էր, սպիտակ ներկած թե դրսից և թե ներսից: Եկեղեցու ներքին զարդարանքն այնքան էր, որքան մի գյուղական եկեղեցի կարող էր ունենալ առանց ժողովրդին ավելորդ ծախքի ենթարկելու: Նա ուներ նաև մի փոքրիկ զանգակատուն՝ երկու հին զանգակներով և մի երկաթե սևացած խաչով: Իսկ ուսումնարանը՝ երեք ընդարձակ և լուսավոր և երկու էլ փոքրիկ սենյակներից բաղկացած մի տուն էր, նույնպես ընդարձակ և լայնադիր պատշգամով: Ուսումնարանի չորս կողմը տնկված էին մի քանի կարգ գեղեցիկ ծառեր, որոնք ամբողջ շենքի շուրջը կազմում էին կանոնավոր ծառուղիներ: Ընդհանրապես, թե եկեղեցու և թե դպրոցի շուրջը գտնվող ծառերից ազատ տեղերը ծածկված էին կանաչ ածուներով և ծաղիկների թփերով, որոնց բոլորի վրա երևում էր, որ հսկում է մի հոգատար ձեռք: Այո բոլորը, սակայն, մի հայ դյուզի վերաբերմամբ այնքան անբնական, կամ, գոնե, անսպաս բաներ էին, որ ես ինձ զգում էի մի ինչ-որ անհասկանալի դրության մեջ և անհանգիստ սպասում՝ այդ դրությունը ստեղծող հանելուկների լուծման:

Դեռ զբոսնում էի եկեղեցու բակում, երբ տեր-հայրն ու կույս-Աննան եկեղեցուց դուրս գալով ուղղվեցան դեպի ինձ: Ես ևս իմ կողմից առաջացա դեպի նրանց:

Բայց, աստված իմ, այս կինը ինձ հանդիպող հանելուկների մեծագույնն էր: Այս ետ ընկած հայ գյուղում, այս վայրենի լեռներում դիմում էր դեպի ինձ Կոմոլետտիի «քույր-Թերեզան»: Նույն գեղեցիկ հասակը, նույն սիգաճեմ գնացքը, նույն ազնվական տիպարը, որ ես թատրոնի բեմի վրա, կուսանոցի պատերում քույր-Թերեզայի մեջ էի տեսել, այդ բոլորը ճշտությամբ գտնում էի այստեղ ինձ մոտեցող կնոջ մեջ: Կարո՞ղ էի միթե զարմանքս չափավորել և ապուշի կերպարանք չառնել:

Իմ բախտից ժամավոր կանանցից մինը, հենց ճանապարհի կիսում, կանգնեցրեց երկուսին և ինչ որ բան էր հարցնում, կամ հաղորդում նրանց: Ես ժամանակ ունեցա զգաստանալու և, մինչև անգամ, խոսելու նյութ ընտրելու: Երբ իրար մոտեցանք, ողջունեցի տեր-հորը և կույս-Աննային ասելով.

Այսօր ես այստեղ երկու խիստ ուրախացնող անակնկալների հանդիպեցա. առաջին ձեր եկեղեցու հրաշալի երգեցողությունը, որի նմանը, խոստովանում եմ, լսած չէի ոչ մի տեղ և երկրորդ՝ այս գեղեցիկ դպրոցական շենքին, որի գոյությունն այսպիսի մի հեռավոր գյուղում չէի կարող երևակայել:

Այդ բոլորը, ահա՛, մենք այս քրոջն ենք պարտական նրան պետք է շնորհակալ լինել: — Այս ասելով տեր-հայրը ծանոթացրեց ինձ կույս-Աննային, հայտնելով իմ ով, որտեղացի լինելս և ինչ նպատակով իրենց գյուղն այցելելս:

Շատ ուրախ եմ, որ երկար պիտի վայելենք ձեր ընկերակցությունը, — ասաց միանձնուհին, — վաղուց է քաղաքացի հյուր չենք ունեցել: Իսկ այս գյուղն, — ավելացրեց նա, — առողջարար է, կարող եք հուսալ, որ կատարյալ առողջություն կգտնեք:

Ուրախ կլինիմ, եթե ձեր գուշակությունը կատարվի, — ասացի, — բայց եթե չկատարվի էլ դարձյալ ես գոհ եմ, որ այս գյուղն այցելելով, ձեզ ու ձեր գեղեցիկ գործերին ծանոթացա, այս արդեն մեծ բախտ եմ համարում ինձ համար:

Ձեր խոսքերը պետք է ընդունեմ իբրև խրախուսանք, ապա թե ոչ ես այդքան էլ գովության արժանի գործեր չունիմ, — նկատեց կույսը ժպտալով, — իմ կողմից կցանկանամ, որ մեր լեռները ձեզ պարգևեն կատարյալ առողջություն, որովհետև առանց դրան մարդն անկարող է, նույնիսկ, բարին ու գեղեցիկը տեսնել, կամ սիրել:

Անշուշտ, անշուշտ, դուք ինձանից ավելի կառողջանաք, մեր գյուղը թշնամի է ամեն տեսակ տկարության, — հարեց տեր-հայրը:

Այսպես խոսելով մենք առաջ անցանք: Այժմ միջոց ունեի միանձնուհուն դիտելու:

Չնայելով տարիքին, որ, տեր-հոր ասելով, քառասունից ավելի էր, այդ կինը տակավին մի կատարյալ գեղեցկուհի էր. նա ուներ բարձր ու բարեկազմ հասակ, որ մի առանձին շուք ու վեհություն էր տալիս նրա տխուր հանդերձին, գեղեցիկ ու սեգ գլուխ, որ սքողված էր միանձնուհու սևաթույր շղարշով, գողտրիկ ազնվական դեմք, ուր կարծես վարդագույնը թալկանում էր սպիտակ մարմարիոնի վրա և մեծ-մեծ, սևորակ աչեր, որոնց մեջ վառվում էր մի դյութող կրակ անբաժան, սակայն, սրբազան կայծերից: Երկայնատեգ արտևանունքներ եզերում էին նրա այդ լուսո լիճերը և գեղակամար հոնքերը հովանավորում նրանց, նուրբ, ողորկ քիթը և փոքրիկ սիրուն բերանը հազիվ գունավոր շրթունքներով լրացնում էին նրա կլասիկական գեղեցկությունը: Միայն մի անուշ տխրություն մեղմում էր նրա աչքերի կրակը և նվազեցնում դեմքի դյութական աշխույժը: Սակայն դրանց փոխարեն՝ նրա թափանցող հայացքի մեջ փայլում էր խելք և առաքինություն իսկ դեմքի վրա ազնվական վեհություն:

Առաջին վայրկենից իսկ այդ կինը մի հզոր պատկառանք ազդեց ինձ վրա, և ես, չգիտեմ ինչու, սկսա ճնշվել նրա առաջ և չգիտեի թե ուրիշ ինչ նյութի վրա խոսեմ:
Նա ինքն էլ կարծես զգալով յուր՝ ինձ վրա արած ազդեցությունը, սկսավ շարունակել խոսակցությունը, հարցնելով ինձանից տեղեկություններ մեր քաղաքի, նրա ուսումնարանների և ազգային մի քանի հարցերի մասին, որոնք այդ
ժամանակ առօրյա էին: Ես գիտցածս հաղորդում էի նրան:

Երբ այսպես խոսակցելով գյուղամեջը հասանք, միանձնուհին ներողություն խնդրեց, որ մեզ պիտի թողնե, մոտիկ մի հիվանդի այցելելու համար: Տեր-հայրն առաջարկեց գալ մեզ մոտ ճաշելու, բայց նա հրաժարվեց, առարկելով թե՝ այդ խոստումն արած է ուրիշին:

Ես, իհարկե, շատ ցավեցի, որովհետև ցանկանում էի խոսել նրա հետ երկար: Բայց երբ իմ ցավը հայտնեցի տեր-հորը, նա ասաց.

Հոգ չէ. էլի կտեսնվինք, նա հաճախ գալիս է մեր տունը: Իսկ այժմ երևի անկարող էր ընդունել իմ խնդիրը, որ մերժեց: Երբ քույրԱննան ասում է մի խոսք, այդ խոսքը պետք է ընդունել այնպես, ինչպես որ լսում եք, որովհետև նրա այոն այո է և ոչն ո՛չ:

Հասանք քահանայի տունը, ուր ճաշի սեղանը պատրաստած՝ սպասում էին մեզ:

Այստեղ ծանոթացա տեր-հոր կրտսեր որդուն Հակոբին, որն իմանալով, թե իրենք հյուր ունին, շտապել էր աներոջ տնից վերադառնալու, որպեսզի յուր բացակայությունը տան հյուրի աչքին չզարներ: Սա նույնպես բարեկազմ, առողջ, բայց ըստ երևույթին ավելի կրակոտ մի երիտասարդ էր: Իմ հարցին, թե եկեղեցումն էիք, նա համարձակ նկատեց:

Կարելի է միթե կիրակի օրն եկեղեցուց ետ մնալ: Բայg երբ յուր հարսնացուի որպիսության մասին հարցրի, նա գլուխը խոնարհեց և միայն մի քանի անլսելի բառեր շշնջաց:

Էհ, սիրելիս, Հակոբի համար դեռ վաղ է յուր նշանածի մասին խոսելը, — նկատեց տեր-հայրն օգնության հասնելով որդուն, — նա ինքն էլ մեզանից է տեղեկություններ հարցնում:

Ես ծիծաղեցի, բայց, իհարկե, երիտասարդի ներկայությամբ հակառակ կարծիք չհայտնեցի, մտածելով, որ պարկեշտությունն ու ամոթխածությունը վնաս չեն բերիլ նրան այս դեպքում:

Տեր-հոր երկու որդիներն էլ քույր-Աննայի աշակերտներն էին: Ճաշի նստելով մենք բոլոր ժամանակ դարձյալ խոսում էինք նրա մասին: Երբ ես կրկին անգամ իմ գոհությունը հայտնելով եկեղեցում տեսածս կարգապահության և գեղեցիկ ու ներդաշնակ երգեցողության մասին հարեցի թե՝ «արդարև, շատ քաղաքների եկեղեցիներ կարող են նախանձել ձեր գյուղական եկեղեցուն», տեր-հայրը պատասխանեց:

Շատերը կնախանձեն մեր գյուղին, նաև նրա ուրիշ առավելությունների համար, որ դուք, իհարկե, ձեր աչքով կտեսնեք և որոնց բոլորի սկզբնապատճառն այդ միանձնուհին է: Այո՛, մենք նրան շատ ենք պարտական, այդ գիտե ինքը, մեր ժողովուրդը: Եվ եթե նրան այժմ հարցնես թե՝ քույր-Աննայից կուզես զրկվիլ թե քո ստացվածքից, նա ուրախությամբ վերջին զրկանքը կընտրե, որովհետև փորձով գիտե թե՝ որ աստիճան բարի, առաքինի և ամբողջ գյուղի համար ցավող ու հոգացող կին է նա: Հազար անգամ մենք ինքներս մեզ հարցրել ենք թե՝ աստված մեր որ բարի գործի համար է այս բարերար հրեշտակին ուղարկել մեզ:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last