Մուրացան՝   Խորհրդավոր միանձնուհի

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last

Այս բոլորը թեպետ ավելի և ավելի գրգռում էին իմ հետաքրքրությունը կույս-Աննայի վերաբերմամբ, այսուամենայնիվ, այն րոպեից, որ ես տեր-հորից իմացա թե՝ նա չգիտե այդ կնոջ ով և որտեղացի լինելը, ես այլևս այդ մասին ոչինչ չէի հարցնում նրան, ինձ վերապահելով երբևիցե այդ գաղտնիքը պարզելու նախաձեռնությունը: Բայց և այնպես իմ հետաքրքրությունը աճում էր ժամերով:

Ճաշից հետո, երբ առանձնացա հանգստանալու, իմ մտածմունքը դարձյալ քույր-Աննայի մասին էր: Շարունակ ինքս ինձ հարցնում էի թե՝ արդյոք ի՞նչն է ստիպել այդ կնոջը հեռանալ աշխարհից և քաշվել իրեն անծանոթ և հեռավոր մի գյուղի անկյունը: Նրա թե՛ արտաքինից, թե՛ խոսքերից և թե՛ շարժմունքից պարզ երևում էր, որ հասարակ կին չէ. հետևապես չէր կարող լոկ բարեպաշտական զգացմունքից դրդված գալ միանձնուհի լինելու դժվարին որոշման: Մեր ժամանակում, երբ կյանքն յուր բազմակողմանի հրապույրներով այնքան է սիրելի դարձրել աշխարհը, որ մարդիկ ամենաթանկագին սրբություններն անգամ զոհ են բերում նրա սիրուն, տարօրինակ է, որ սիրելու և սիրվելու բոլոր բարեմասնություններով օժտված մի կին փախչում է այդ սիրազվարճ աշխարհից և փակում իրեն մի հեռավոր և անծանոթ անկյունում, գյուղական կոշտ ու կիսավայրենի ժողովրդի մեջ՝ լոկ նրան ծառայելու պաշտոնը ստանձնելով:

Այս ամենն ինձ համար առեղծվածներ էին, որոնց պարզելու համար պակասում էր միջոց: Ես անհամբերությամբ սպասում էի մեր երկրորդ տեսակցության, հավատացած լինելով թե այդ ժամանակ արդեն կհաջողվի ինձ լուծել այս տարօրինակ հանելուկը:

Հունիս 5

Հետևյալ օրը վաղ առավոտից զբոսնում էի եկեղեցուն մոտ գտնվող անտառակում: Սքանչելի եղանակ էր: Ցանկանում էի մի քանի ժամ անցնել այդտեղ, բայց դպրոցական զանգի ձայնը լսելով շտապեցի այն կողմը:

Պատշգամբի վրա պատահեցի քույր-Աննային, որ քաղցր ժպիտով իմ ողջույնն ընդունեց:

Ներեցեք, որ այսքան վաղ եմ այցելում ձեր դպրոցը, — ասացի ես, — որովհետև ցանկանում եմ օրվա բոլոր պարապմունքին ներկա գտնվիլ:

Շնորհ արեք, խնդրեմ, դուք մեծ հաճույք կպատճառեք ինձ, հրամեցեք, լսեցեք, հարցաքննեցեքպատասխանեց քույր Աննան ուրախ պատրաստակամությամբ:

Հարցաքննել, ո՛չ. մի խոսքով անգամ չեմ խանգարիլ ձեր պարապմունքը. միայն կլսեմ, — ասացի ես, և մենք, միասին մտանք դպրոցի առաջին դասատունը:

Մաքուր և ընդարձակ սենյակի մեջ, մի քանի կարգ կոկիկ նստարանների վրա, շարված էին աշակերտները մեկ և աշակերտուհիները՝ մյուս կողմից: Երբ ներս մտանք, բոլորը համեստությամբ ոտքի ելան, ողջունեցին մեզ և վարժուհու հրամանով սկսան երգել առավոտյան աղոթքը, որ եկեղեցում լսածս երգեցողության չափ քաղցր էր և ներդաշնակ:

Աղոթքից հետո սկսվեց դասը, որ հայոց լեզվից էր: Դասագիրքն էր ավետարան, որից աշակերտները կարդում, թարգմանում և գրատախտակի վրա գրում էին: Վարժուհին սիրով ու աշխույժով բոլորին հարցնում, լսում, ուղղում և բացատրում էր: Իրենք աշակերտներն էլ Սյունյաց երկրի ծնունդ լինելով մեծ մասամբ ընդունակ և սրամիտ երևացին ինձ. պատասխանողներից ոչ մինը դժգոհություն չպատճառեց վարժուհուն:

Հետո քույր-Աննան սկսավ խոսել նոր դասը՝ կարդալով ավետարանից մի ուրիշ գլուխ և թարգմանելով: Դժվարիմաց բառերն ու մտքերը նա ուշադիր հոգածությամբ բացատրում և հասկացնում էր, կրկնել տալով նույնը թույլ աշակերտներին: Նրա բացատրություններն, առհասարակ, այնքան պարզ և դյուրըմբռնելի էին, որ ինքս էլ լսում էի մեծ հաճությամբ: Ինձ համար աննկատելի չանցավ այն, որ նրա բոլոր դասավանդության ժամանակ ես լսում էի ոչ թե պաշտոնական վարժուհու, այլ գորովագութ մոր ձայնը, և երևի այդ էր պատճառը, որ նրա աշակերտների մեջ համեստության հավասար ցոլանում էր և հոգվո արիություն:

Դասն ավարտելուց հետո դուրս եկանք պատշգամ, իսկ աշակերտներն ու աշակերտուհիները բակն իջան խաղալու:

Վերջինների մի մասը, գեղջկուհիներին հատուկ ամաչկոտությամբ, հավաքվեց ծառաստանի մի անկյունը և չէր մասնակցում փոքրիկների խաղին: Այդ հանգամանքը իմ աչքին զարկավ:

Գեղջկուհին միշտ գեղջկուհի է մնում, — նկատեցի ես, — ինչու այդ աղջիկները չեն խաղում, նրանք այնքան մեծահասակներ չեն, որ մեզանից քաշվեին: Մի՞թե դպրոցական կյանքը ոչինչ հեղափոխություն չէ մտցրել նրանց մեջ:

Այդ դեպքում՝ ո՛չ, և ես չեմ ցանկանում այդ, — պատասխանեց քույր-Աննան լրջորեն: — Ես պահանջում եմ, մինչև անգամ, որ գեղջկուհին միշտ գեղջկուհի մնա: Ես չէի ցանկանալ, որ դպրոցը կապտեր նրանցից այն թանկագին
հարստությունը, որը նա հետո չէր կարող վերադարձնել առանց ծանրագին աշխատության: Խոսքս վերաբերում է այն ցեղական պարկեշտության, որ մեր գեղջկուհիներն ունին: Ես, իհարկե, սովորեցնում եմ նրանց կարդալ և գրել ավանդում եմ ինչ-որ ուսման համար կարևոր և իրենց անձին օգտավետ է, աշխատում եմ, որ նրանց մտքերի հետ միասին կրթվին և ազնվանան նրանց հոգիները հաստատում և ամրապնդում եմ նրանց կրոնական զգացմունքները, միով բանիվ, ամեն ջանք գործ եմ դնում, որ նրանցից պատրաստվին որոշ չափով կրթված հայ գյուղացիներ,
բայց միևնույն ժամանակ, զգուշանում եմ, որ իմ ներշնչած այդ նորությունները չխեղդեն նրանց մեջ գյուղացու այն հատկությունները, որոնք նրանց բարոյականի հաստատուն հիմունքներն են կազմում և որոնք իմ ավանդած սահմանափակ ուսումովը չէին արմատանալ նրանց մեջ, եթե նրանք այդ չժառանգեին ծնողներից, գյուղական անարատ մթնոլորտում: Եթե մենք եղած հինը քանդելով կարողանայինք նրա տեղ նորը, բայց լավագույնը հաստատել, այն ժամանակ այդ հինը աներկյուղ կքանդեինք: Բայց քանի որ ցանկալի ուժն ու միջոցները չունինք, անհրաժեշտ է, որ եղած լավ հատկությունները խնամենք և պահպանենք՝ նույնիսկ իրենց հին կերպարանքի մեջ: Այդ հատկություններն են՝ գեղջուկի ամոթխածությունը, բարեպաշտությունը, պարզասիրությունը և աշխատասիրությունը: Ես մեծ խնամքով եմ վերաբերվում այդ գեղեցիկ հատկություններին՝ աշխատելով, իհարկե, որ նրանցից մի քանիսը ծայրահեղության չհասնեն, օրինակ, որ նրանց ամոթխածությունը չհավասարվի երկչոտության, իսկ բարեպաշտությունը՝ չսնանա նախապաշարմունքով: Թեպետ այս վերջին դեպքում ևս զգուշությամբ եմ վարվում, որովհետև գեղջուկի կրոնականը նման է հնադարյան մի սրբազան շինության, որի վրա, հարկավ, դարերի ընթացքում նստել է և փոշի, և անմաքրություն, բայց նրան այդ փոշիներից մաքրելու համար զգուշաբար պիտի վարվի մեծադրել գիտցող հնագետը, որպեսզի սխալմամբ գեղեցիկ քանդակներից մեկը չփշրե, կամ ընտիր մյուսիոններից մեկը չեղծանե: Ահա այդպիսի զգուշությամբ եմ վարվում և ես իմ աշակերտների ու նրանց ծնողների հետ, երբ հարկավոր է լինում նրանց որևէ կրոնական նախապաշարման դիմախոսել:

Իսկ ես կարծում եմ, որ այդքան համր ընթանալով՝ շատ աննշան հառաջադիմություն կանեք, — նկատեցի ես:

Ձեր կարծիքը մասամբ իրավացի է, — պատասխանեց կույսը. — բայց ո՞րն է ավելի լավ, քիչ հառաջադիմելը, թե դեպի կորուստ փութալը:

Իհարկե առաջինըասացի ես:

Ահա՛, այդ պատճառով էլ ես համր, բայց ուղիղ ընթանալու կողմն եմ, որովհետև գեղջուկն ու նրա զավակը մեր քայլերով ընթանալ չեն կարող: Նրանք նման են նոր ոտքի ելած մանուկների, որոնց եթե շտապեցնես, կսայթաքեն և կգլորվեն ճանապարհի վրա: Որդեսեր և հասկացող մայրը որքան էլ առողջ ոտքեր ունենա, այսուամենայնիվ, նա յուր ետևից քարշ չի տալ մանուկին, այլ, ընդհակառակը, կհարմարեցնե յուր քայլերը տղայի դողդոջուն քայլիկներին, մինչև որ այդպիսով նրան կանոնավոր քայլել սովորեցնե:

«Իսկ ինչ վերաբերում է գեղջուկի բնական աշխատասիրության ու պարզասիրության, — շարունակեց կույսը, — ես աշխատում եմ ավելի և ավելի զարգացնել նրա մեջ այդ հատկությունները: Ես գովում ու խրախուսում եմ աշակերտին կամ աշակերտուհուն, երբ պատահում եմ մինին, դասից ազատ միջոցին անտառից փայտ բերելիս, մյուսին խոտ հարելիս, երրորդին ջրի սափորով վերադառնալիս, չորրորդին՝ այգում քաղհան անելիս և այլն: Այդ իսկ պատճառով ես սկզբից արդեն սահմանել եմ, որ իմ աշակերտներն nւ աշակերտուհիներն իրենց մյուս օրվա դասերը պատրաստեն դպրոցում՝ իմ հսկողության ներքո, որպեսզի տուն վերադառնալուց թե ազատ լինեն դասերի ճնշումից և թե կարողանան ընտանեկան գործում օգնել իրենց ծնողներին: Այդ տեսակ ազատ պարապմունքը կծառայե նրանց նաև իբրև մարմնամարզություն, որի օգուտը վաղուց ճանաչված է:

«Միևնույն ձևով ես հոգում եմ, որ պարզասիրությունն արյուն ու մարմին դառնա նրանց մեջ, — շարունակում էր միանձնուհին: — Ես անպայման ատեցող եմ ցույց տալիս, ինձ հարուստ ու շքեղ հագնվելուն, թեպետ մաքրասիրությունը գովում եմ: Պատահել է, որ իմ աշակերտներից մինը, հարուստ ծնողների զավակ լինելուն համար, գյուղում, գործած շալի փոխարեն մահուդ է հագել, կամ աշակերտուհիներից մինին յուր ծնողները բամբակե շիլայի փոխարեն մետաքսե ղանավուզից շապիկ են հագցրել: Ես այդպիսիներին, բոլոր աշակերտների ներկայությամբ, քաղցրությամբ հանդիմանել եմ և իսկույն ետ դարձրել տուն, պատվիրելով որ նախկին, կոպիտ շորերը գերադասեն այդ թանկագին հագուստներին, որովհետև ասել եմ, դրանք գյուղացու համար անվայել հագուստներ են: Բայց, միևնույն ժամանակ, չեմ մոռացել նախատել և այն աշակերտին, որ հերարձակ, ցեխոտ փեշերով, կամ կեղտոտ օձիքով համարձակվել է մտնել դասատուն: Այս բոլորից հետո կարող եմ մակաբերել, թե ես ինչ աչքով եմ նայում գյուղացու կրթությանը և ո՞րքան հակառակ եմ, որ գյուղացին յուր մասնավոր ուսումն ու կրթությունը ստանալուց հետո, գյուղացի լինելու փոխարեն, ձգտի լինել մի ուրիշ բան:

Մինչդեռ ես ուշադրությամբ լսում էի քույր-Աննային, զանգակը հնչեց և աշակերտները կարգով սկսան հավաքվել դասարանները: Այդ ժամանակ միայն նկատեցի աշակերտների բազմությունը և հարցնելով տեղեկացա, որ դպրոցը կազմված է երկու նախակրթական և մի առաջին դասարաններից: Իմ հարցին թե՝ ովքեր են դասախոսում նախակրթարաններում, քույր-Աննան ժպտալով պատասխանեց.

Իմ պատրաստած վարժապետն ու վարժուհին:

Ո՞ւր են նրանք, — հարցրի ես հետաքրքրությամբ:

Ահա՛ վարժապետը, ահա՛ վարժուհին, — ցույց տվավ նա պարզ հագնված մի գյուղացի պատանի և նույնպիսի հագուստով մի պատանեկուհի, որոնք աշակերտների ետևից մտնում էին դասատուն:

Դրանց ես սովորողների տեղ էի ընդունում, այնքան մանկամարդ են, — նկատեցի ես:

Ո՛չ, դրանք իմ օգնական դասատուներն են. հաճեցեք ներկա լինել նրանց դասերին, եթե կցանկանաք, հուսով եմ, կհավանեք:

Շնորհակալ եմ, մեծ ուրախությամբ, — ասացի ես և չկամենալով այլևս ուշացնել քույր-Աննային ինքս առաջինն ուղղվեցա դեպի այն դասարանը, ուր երիտասարդը պիտի դասախոսեր:

Նույնպիսի հարգանքով ընդունեցին ինձ և այստեղ: Գեղջուկ վարժապետը քաղաքավարությամբ աթոռ առաջարկեց ինձ. ես նստա և սկսա լսել:

Հարցնելու և ուղղելու միևնույն ձևը, դասախոսելու և բացատրելու նույն եղանակը, ինչ-որ քույր-Աննայի՝ նույնն և այս երիտասարդի մեջ նկատեցի, սա նրա հարազատ պատճենն էր: Զարմանում էի այս գեղեցիկ նմանության և առավել ևս այն համբերության վրա, որ նորատի երիտասարդն ուներ: Որպիսի քաղցրությամբ և որքան հանգիստ սրտով ուղղում, էր նա մի երկու, ըստ երևույթին՝ բացառություն կազմող, աշակերտների շարունակ կրկնվող միևնույն սխալները: Ոչ միայն բարկանալն, այլև կոշտ խոսելը, կարծես հանցանք էր համարում, մի հատկություն, որ ճրագով ենք որոնում մեր վարդապետների մեջ: Սիրով լսեցի երիտասարդ ուսուցչի ամբողջ ժամվա դասախոսությունը, որ, ըստ ամենայնի, գոհություն պատճառեց ինձ:

Բոլորովին ուրիշ ազդեցություն գործեց ինձ վրա գեղջուկ վարժուհին, երբ երրորդ դասին նրա դասարանը մտա: Նրան տեսնելուց և մի փոքր լսելուց հետո, ես նմանեցրի նրան այն թանկագին գոհարին որ դեռ նոր հողի միջից հանված, իր անողորկ տեսքի պատճառով թվում էր մի աննշան ապակի, բայց հմուտ ակնագործը գուշակում է թե որ թագուհու ճակատը կարող է նա զարդարել, եթե ինչպես հարկն է հղկվի ու կոկվի:

Յուր հագուստով նա չէր զանազանվում աշակերտուհիներից: Հագած էր հասարակ չթից արխալուղ, կարմիր շիլայից երկար շապիկ, նույն կտորից կապած մի գոտի պատում էր մեջքը իսկ մի փոքրիկ կանաչ չարղաթ ծածկում էր գլուխը: Ահա, այս էր վարժուհու բոլոր հանդերձանքը: Եթե ես պատահեի նրան աղբյուրի վրա, ջրի սափորն ուսին, ոչնչով չէի զանազանի մյուս գեղջկուհիներից: Բայց այժմ նա իմ առաջ կանգնած դաս էր խոսում մաքուր հայերեն լեզվով և այն որքան հմտությամբ, շնորհքով, քաղցր ու գրավիչ ձայնով: Միթե չպետք է զարմանայի ու հիանայի: Ես այնքան զգացվել, ոգևորվել էի, երբ դասը վերջացավ և ես դուրս գալով պատշգամ պատահեցի քույր-Աննային, կամենում էի առնել նրա ձեռքերը և ջերմագին, անվերջ համբույրներով ծածկել՝ ի նշան իմ սրտնեռանդ շնորհակալության: Բայց ավա՛ղ, չէի կարող այդ անել և չգիտեի ինչպես զեղանել նրա առաջ իմ անկեղծ զգացմունքները:

Ձեր գործը գովելու համար ես լեզու չունիմ, — ասացի նրան, — ընդունեցեք, գոնե, իմ ջերմագին շնորհակալությունը, իբրև իմ ներքին գոհունակության և, առավել ևս, իմ մեծագույն զարմացման մի տկար առհավատչյա:

Շնորհակալ եմ, դուք ինձ քաջալերում եք, երևում է, որ հավանել եք թե՝ վարժապետիս և թե՝ վարժուհուս, — պատասխանեց քույր-Աննան քաղցր ժպտալով:

Այո, սրանցից լավը ես չեմ տեսել, գոնե մեր քաղաքի դպրոցներում:

Ես դրանց պատրաստել եմ այն չափով, որ ազատ կարող են սովորեցնել նախակրթարանում, ընդունելով իհարկե, որ նախակրթարանի ուսուցչից ևս պահանջվում է որոշ չափով հմտություն, իսկ քիչ ժամանակից հետո նրանք պատրաստ կլինին այնքան, որ կկարողանան իմ տեղը բռնել:

Ինչպես, միթե դուք մտադիր եք երբևիցե թողնել այս գյուղըհարցրի ես:

Թողնե՛լ, երբեք, — պատասխանեց միանձնուհին. — բայց ով կարող է երաշխավորել, թե որքան կարող եմ ապրել: Ես այն կարծիքին եմ թե մի գործ մշտնջենավոր անելու համար, անհրաժեշտ է, որ սկսող մարդը գործի գոյությունը իր գոյության հետ չկապե: Հակառակ դեպքում գործը մեռնում է, եթե մեռնում, կամ հեռանում է գործի հիմնադիրը: Մեր մեջ, առհասարակ, շատ օգտավետ գործեր ոչնչացնում են նույնիսկ իրենց հիմնադիրների փառամոլության շնորհիվ: Որովհետև քիչ չէ թիվն այն մարդկանց, որոնք մի հասարակական բարի գործ սկսում և առաջ են տանում ոչ թե նրա համար, որ հասարակությանն օգնեն, այլ որ նրա մեջ երևան և նրանից փառք ու պատիվ վայելեն: Այդպիսիները, մինչև անգամ, չեն ցավում, եթե իրենք հեռանալուց հետո ընկնում, ոչնչանում է գործը, որովհետև այդ առիթ է տալիս նրանց ապացուցելու, թե իրենք հայտնի ուժեր են և թե իրենց չեղած տեղը երկիրը չէ կարող խոտ բուսցնել... Այսպիսիներն իմ աչքում նույն ոճրագործներն են, որոնք իրենց անձի դյուրության համար անշնչացնում են մի անգամ շունչ տված զավակին: Պետք է միշտ ապրել գործի կենդանության համար, իսկ եթե հարկը պահանջե մեռնել, որպեսզի օգտավետ գործն ապրի, այդ զոհն էլ պետք է բերել առանց տրտնջալու:

«Ես սիրում եմ իմ սկսած գործը, ցանկանում եմ, որ նա հավիտյան ապրի, որովհետև հավատում եմ նրա մեծության ու կենարար ուժին՝ ապագայի նկատմամբ: Այդ պատճառով էլ աշխատում եմ այնպիսի հիմքերի վրա դնել այդ գործը, որ իմ մեռնելուց հետո նա չտկարանա, որ հողմերն ու հեղեղը չսասանեն նրան: Այժմյանից արդեն ես արժանավոր և գուցե ինձանից ավելի լավ գործող հաջորդներ եմ պատրաստում և երդմամբ պիտի պարտավորեցնեմ նրանց՝ նույնն անել որդվոց որդի: Եվ որովհետև ես վստահ եմ իմ ներշնչած ոգուն, ուստի և կարող եմ հանգիստ սրտով մեռնել:

Ես ուշադիր լսում էի քույր-Աննային և սրտանց ցանկանում, որ նա ավելի խոսեր: Ոգևորվում էի նրա զրույցներով, ուստի և փափագում շարունակ լսել նրան... Բայց աշակերտներն արձակվեցան. ժամանակ էր և ինձ հեռանալ: Միայն խնդրեցի, որ նա պաշտոնապես ծանոթացնե ինձ յուր վարժապետին ու վարժուհուն: Քույր-Աննան կատարեց խնդիրս սիրով: Իմացա, որ վարժապետի անունը Պետրոս է, Կովիկյան ազգանունով, իսկ վարժուհունը՝ Մանիշակ Սահակյան: Մի քանի խոսք էլ դրանց հետ փոխանակեցի, որի ժամանակ նորատի վարժուհին շարունակ շիկնում էր: Հետո կրկին անգամ շնորհակալություն արի քույր-Աննային, ողջունեցի նրա երիտասարդ օգնականներին և հեռացա՝ քայլերս ուղղելով իմ հյուրընկալ տեր-Հովսեփի տունը:

Հունիսի 7

Անցյալ օրը քույր-Աննայից հեռանալով՝ բավական մտածում էի իմ տեսած ու լսածների վրա: Ինձ զբաղեցնում էին միանձնուհու հայտնած կարծիքներն ու հայացքները, երկար որոճում էի նրա գեղեցիկ խոսքերը և վերջը գալիս այն եզրակացության թե՝ արդարև այդ բոլորը երազներ չեն և գոյություն ունին: Բայց նախկին մտածմունքը դարձյալ տանջում էր ինձ. — «Ով է վերջապես այդ կինը»...: Ես անպատճառ ցանկանում էի իմանալ, նման այն մանրակրկիտ հետաքրքրին, որ արհեստի մի հրաշալիք տեսնելուց, չէ բավականանում նրա վրա նայելով ու զվարճանալով, այլև հետամուտ է լինում նրա ստեղծագործության գաղտնիքն իմանալու:

Արդեն որոշել էի դիմել քույր-Աննային և առանց այլևայլության խոսելու նրա հետ, ինձ մտատանջություն պատճառող հարցի մասին: Երբ մի կին այս աստիճանի հետաքրքրում է ինձ յուր հասարակական օրինակելի գործունեությամբ, հանցանք չէ, որ ես փափագեմ նրա անձին ու անցյալին ճշմարտապես ծանոթանալու, այստեղ քաշվելու բան չկա. — մտածում էի ես:

Այդ իսկ պատճառով, երեկ, դեռ առավոտվանից, դարձյալ դպրոցումն էի: Տեսնվեցա քույր-Աննայի հետ, լսեցի նրա դասերը, խոսեցինք զանազան նյութերի վրա, բայց և այնպես չկարողացա մոտենալ իմ նպատակին:

Զարմանալի և տարօրինակ մի կին է այդ միանձնուհին: Երբեմն այնքան մեղմ, քաղցր ու հեզահամբյուր է, որ մարդ կարծում է, թե նրա ամբողջ գոյությունը կարող է առնել իր ափի մեջ, իսկ երբեմն այնքան լուրջ սառն և բարձրահոն, որ ես համարձակ չեմ կարողանում նայել երեսին:

Այսուամենայնիվ, երեկ ճաշից հետո դարձյալ գնացի նրա մոտ վճռած լինելով իմ մտքում հայտնել նրան իմ ցանկությունը առանց տատանվելու:

Քույր-Աննային պատահեցի ուսումնարանի բակում օրիորդ Մանիշակի հետ: Նրանք զբաղված էին իրենց ծաղիկներով: Կույսն ինձ տեսնելով թողեց գործը, մոտեցավ և բարևեց, ապա աթոռներ բերել տալով առաջարկեց նստել հովանավոր նշդարիների տակ:

Սկսանք խոսել: Մի քանի թեթև հարցեր շոշափելուց հետո, ես աշխատեցի մեր զրույցը դարձնել այնպիսի խնդիրքերի վրա, որոնց միջոցով կարելի լիներ պարզել իմ հայացքներն այս կամ այն հարցի վերաբերմամբ և այդ ճանապարհով ծանոթացնել քույր-Աննային իմ ներքին աշխարհին, համոզմունքներին և գաղափարներին, որպեսզի դրանով նրա հոգեկան մտերմությունը վաստակեի: Եվ որովհետև ես այն կարծիքին էի թե ոչ մի արտաքին հանգամանք այնպես շուտ չի գրավիլ կնոջ բարեկամությունն ու մտերմությունը (խոսքս, իհարկե, լրջամիտ և զգայական կյանքով չապրող կնոջ մասին է), որքան ներքին համոզմունքների և գաղափարների միությունը, ուստի անչափ գոհ եղա, երբ տեսա, որ նա, շատ հարցերի նկատմամբ, համամիտ ու գաղափարակից է ինձ: Ուրեմն կարելի էր հուսալ, թե շուտով պիտի հասնեմ նպատակիս: Որովհետև մի անգամ ինձ ճանաչելուց հետո հեշտ կլիներ նրան այնուհետև բացվիլ իմ առաջ: Այդ իսկ պատճառով այժմ էլ սկսա խոսել այնպիսի հարցերից, որոնք առիթ պիտի տային ինձ ուղղակի ցանկացածս խնդրին դիմելու:

Սակայն այդ միջոցն ևս ապարդյուն անցավ: Քույր-Աննան, կարծես, գուշակելով իմ դիտավորությունը, հաճախ մի խոսքի, կամ լոկ մի բառի բացատրությամբ այնպես անսպաս շրջում էր խոսքի ձևը, կամ զրույցի ընթացքը փոխում, որ ես մնում էի կանգնած հենց նույն տեղը, որտեղից սկսել էի: Ես նորից փորձ էի անում, նորից նմանօրինակ նյութի վրա խոսում և այն ժամանակ, երբ մտածում էի, թե ահա հասել եմ նպատակիս, դարձյալ նրա բոլորովին նոր հարցով, կամ դիտավորությամբ ստիպված էի լինում ճանապարհս կորցնել և յուր ետևից գնալ: Հուսահատությունը տիրում էր ինձ: Ես նմանում էի ծովամույն եղող մի մարդու, որ ալիքների հետ կռվելով աշխատում է ափին մոտենալ և հենց այն րոպեին, որ ձգում է ձեր ժայռերից բռնելու, ահա մի կոհակ գալիս, խփում է նրան և հեղձամղձուկ անելով կրկին ծովի խորը նետում, նա նորից փորձ է անում, նորից մոտենում ափին և դարձյալ ալիքներից մղվում դեպի ծովի խորքերը:

Քույր-Աննան այժմ երևում էր ինձ իբրև մի անմատչելի աշտարակ, որի վրա պետք էր նայել հեռվից և նրա արտաքինով միայն զվարճանալ, առանց իրավունք ունենալու ներքինը գիտելու: Այժմ ես այլևս չէի մեղադրում տեր-Հովսեփին յուր անտաբերության համար, որովհետև տեսա, որ նա այդ կետում հանցանք չուներ: Կյանքումս առաջին անգամ էի պատահում մի կնոջ՝ այդքան գերազանց ուժով:

Առանց մի բավարար եզրակացության գալու մեր բոլոր խոսակցությունից վերադարձա տուն, գրեթե հուսահատ:

Հունիս 10

Երեք օր էր, որ չէի տեսել քույր-Աննային: Այդ բոլոր ժամանակը շրջում էի գյուղի մոտակա անտառներն ու լեռները տեր-հոր կրտսեր որդու Հակոբի հետ: Մենք որսում էինք: Այդ զբաղմունքը այնքան էր ինձ գրավել, որ ես որոշել էի այսօր ևս լեռներում անցցնել գնալով ավելի հեռավոր կողմեր: Բայց Հակոբը չկամեցավ ինձ ընկերանալ՝ առարկելով, թե կյուրակե լինելու պատճառով, չէ կարող գյուղից հեռանալ: Պետք է եկեղեցի գնանք պատարագ լսենք, — ասում էր նա: Իսկ ես այդ օրվա կյուրակի լինելը մոռացել էի:

Հարկ չկա ասել, որ յուր ժամանակին եկեղեցումն էի: Ինչ զվարճություն կարող է գերակշռել քույր-Աննայի և նրա խմբի հրաշալի եգեցողությունը լսելու հաճույքին:

Պատարագը վերջանալուց հետո, դուրս եկա եկեղեցու բակն, ուր պատահեցի վարժապետ Պետրոսին: Ինձ ողջունելուց հետո նա հայտնեց, թե քույր-Աննան մի քանի անգամ հարցրել է իմ մասին և անհանգիստ է եղել, որ այսքան ժամանակ չեմ երևացել: «Նա կարծում էր, թե հիվանդ եք, — շարունակեց Պետրոսը, — բայց ես եկա և տեր-հորից իմացա, որ որսորդության եք գնացել»:

Այո, կամենում էի ծանոթանալ ձեր լեռներին, — ասացի ես, — բայց ինչպես է քույր-Աննայի առողջությունը:

Փառք աստուծո, նա միշտ առողջ է և այդ մեզ շատ է ուրախացնում, — պատասխանեց Պետրոսը այնպիսի մի եղանակով, որ կարծես ամենասիրելի մոր համար է խոսում:

Մենք զրուցելով առաջացանք դեպի ուսումնարանի բակը, ուր Պետրոսը ներողություն խնդրելով, բաժանվեց ինձանից, որովհետև աշակերտները եկեղեցուց եկել էին ուսումնարան, պետք էր արձակել նրանց:

Շուտով երևաց և քույր-Աննան, որ սիրով ու մտերմաբար ինձ ողջունելուց հետո, մեղադրեց, որ իմ պարտքը չեմ կատարում այցելելով իրեն ամեն օր:

Գիտե՛ք, չի վայելիլ որ ես ձեզ պտրեմ, — նկատեց նա անկեղծորեն. — դուք երիտասարդ եք և ավելի ազատ, դուք պետք է գաք մեզ մոտ: Եվ ես սպասում եմ ձեզ իրավունքով, որովհետև միայն մի երկու ամիս եք այստեղ, իսկ ձեր հեռանալուց հետո, գուցե երկար ժամանակ ձեզ նման հյուր այլևս չունենանք:

Ես ներողություն խնդրեցի քույր-Աննայից, հայտնելով, որ երեք օր իրեն չայցելելուս պատճառը որսորդական զբոսանքներս էին, որոնց, իսկապես, ձեռնարկեցի նրա համար, — ավելացրի ես, — որ չէի ցանկանում իմ հաճախակի այցելություններով յուր պարապմունքը խանգարել:

Օ, դրա համար մի՛ մտածեք, գյուղում այնքան թանկ չէ ժամանակը, — նկատեց քույր-Աննան ժպտալով, — բայց թանկագին և հազվագյուտ են մարդիկ, որոնց կարելի լիներ լսել: Միթե կարծում եք թե՝ հեշտ բան է ստիպված լինել միշտ խոսել, միշտ լսողներ ունենալ, բայց անկարող լինել երբևիցե լսել մի ուրիշին, կարծիքներ իմանալ մտքեր փոխանակել...

Քույր-Աննան այնպիսի մի մտերմական եղանակով արտասանեց այս խոսքերը, որ ես զգացվեցա:

«Արդարև, ապրել շարունակ գյուղում, տեսնել շուրջդ միայն գյուղացին և նրա միօրինակ կյանքը, չստանալ նրանից ոչինչ նոր, ոչինչ թարմացնող և ստիպված լինել սպառել նրա համար ինչ որ ունիս պաշարած, սա դժվար կացություն է: Պետք է մարդ այս դեպքում հոգու գերազանց ուժ և կորով ունենա ձանձրույթից բոլորովին չխեղդվելու համար...:

Այս մտածմունքը րոպեապես անցավ իմ գլխով և ես, չգիտեմ ինչպես, համարձակություն առի՝ այնքան շատ ինձ մտատանջություն պատճառող հարցի մասին ուղղակի խոսել:

Հասկանում եմ ձեր ասածը և զգում ձեր դրության բոլոր ծանրությունը, — պատասխանեցի ես, — բայց հասկանում մի բան, որ ինձ շատ է մտածել տալիս:

Ի՞նչ, — հարցրեց քույր-Աննան հետաքրքրությամբ:

Այն թե՝ նախախնամության որպիսի տնօրինությամբն եք գտնվում դուք այս լեռների մեջ:

Քույր-Աննան լուրջ կերպարանք առավ, նա, անշուշտ, չէր սպասում այս հարցին և, կարծես, պատրաստվում էր նկատել, թե ինչու ես այդքան համարձակություն առի, բայց ես նրան խոսելու ժամանակ չտվի

Մի՛ վշտանաք իմ հարցից, հարգելի քույր, — ասացի նրան, — ձեր այս մեծ գործերը տեսնելուց հետո, գործեր, որոնք արդյունք են մեծ անձնազոհության և որոնք ժողովրդի բախտն են կառավարում, ես, իբրև հայ մարդ, իբրև իմ արյունակիցների ուրախության ու վշտերին բաժանորդ, բնական է, որ հետաքրքրվեմ ձեր անցյալով, ոչ իբրև մասնավոր անձի, այլ իբրև հասարակական անձնվեր գործչի: Ծանր է ինձ, արդարև, ծանոթ լինել ձեր անվանը և ստեղծած գործերին, և, միևնույն ժամանակ, չիմանալ թե դուք ով եք, կամ որ աշխարհի ծնունդ... ներեցեք, որ ես պահանջում եմ ավելին, քան գուցե այժմ թույլատրելի է ինձ,
բայց հավատացեք, որ ես չեմ ներիլ ինձ, եթե հեռանամ այստեղից լոկ այն ծանոթությամբ ինչ-որ ունիմ ձեր մասին:

Քույր-Աննան մի ներողամիտ հայացք ձգեց վրաս և ժպտաց:

Այդ ժպիտը նոր վստահություն ներշնչեց ինձ. ես ավելացրի:

Ուրեմն, մի՛ մերժեք ինձ, խնդրում եմ, պատմեցեք ձեր մասին մի քանի բան, ծանոթացրեք ինձ ձեր անցյալին, որքան այդ հնարավոր է և դա կլինի ամենամեծ շնորհը, որ դուք կանեք ինձ:

Իմ անցյալի՛ն... հավատացեք, որ նա հետաքրքրական ոչինչ չունի յուր մեջ:

Թող այդպես լինի, այսուամենայնիվ, ես ցանկանում եմ լսել ձեզ և այս ցանկությունից ետ կկենամ այն ժամանակ, երբ կասեք թե անհաճո է ձեզ ծանոթացնել ինձ այդ անցյալին, որը, հավատացած եմ, նույնպիսի հիացում պիտի պատճառե ինձ, որպիսին պատճառում է ներկան:

Ի՞նչ կկամենայիք, օրինակ, որ ես պատմեի ձեզ, — նույն մեղմ ժպիտով հարցրեց ինձ քույր-Աննան:

Օրինակ թե՝ ինչ դիպվածներ ստիպեցին ձեզ հեռանալ մեր սիրելի աշխարհից և ապաստանել այս հեռավոր լեռներին:

Միթե այս լեռները ձեր աշխարհում չեն գտնվում. — հարցրեց նա ծիծաղելով:

Ոչ, ինչպես և միանձնուհիները չեն ապրում մեր աշխարհում:

Հասկանում եմ, բայց ասացեք խնդրեմ, կա ձեր աշխարհում ավելի քաղցր ու սիրելի մի կյանք, քան ինչ-որ այստեղ վայելում եմ ես:

Չկա, այդ ճշմարիտ է, բայց այդ կյանքի քաղցրությունը ճանաչել կարողանալու համար, շատ փոքր պիտի լիներ այն հասակը, որ ունեցել եք դուք այստեղ գալու ժամանակ: Իմացա, որ քսան տարուց ավելի է, ինչ գործում եք այստեղ:

Ընդունեցեք, ուրեմն, որ այստեղ գալու ժամանակ էլ քսան տարեկան էի: Եվ միթե այդ հասակը բավական չէր, որ ես ճանաչեի սիրած աշխարհի ոչնչությունը և նրա մեջ ինձ համար գրավիչ ոչինչ չգտնելով հեռանայի նրանից ավելի բարձր կյանքի նվիրվելու համար:

Անկարելի է, — բացականչեցի ես, — աշխարհը որքան էլ ոչինչ, որքան էլ ունայն լինի, դարձյալ մի քսանամյա երիտասարդ աղջկա համար շատ հրապույրներ ունի յուր մեջ: Անկեղծ եղեք ինձ հետ, աղաչում եմ և խելամուտ արեք ինձ ճշմարտությանը: Դուք, ուրեմն, մեզ բոլորովին անհայտ մի աշխարհի ծնունդ եք, որ այդ հասակում կարողացել եք անձնվիրության մասին մտածել: Մեր երկրում այդպիսի բույսեր չեն աճում, գուցե և նրա համար որ սերմանող չկա: Բայց ինձ, որ պաշտում եմ ձեր մեջ այդ մեծ առաքինությունը, թույլ տվեք հետաքրքրվել և սովորել թե՝ ինչպես է նա մարմնացել ձեր մեջ: Հավատացեք, որ ես ձեր հայտնությունների և զգացմունքների ամենահավատարիմ ավանդապահը կլինեմ:

Քույր-Աննան ոչինչ չպատասխանեց, նա յուր աչքերը հառեց իմ աչքերին, կարծես կամենալով կարդալ նրանց մեջ իմ խոսքերի անկեղծությունը: Բայց այդ հայացքը այնքան զորեղ էր որ ես ակամա փախցրի իմ աչքերը նրանից: Կարճ լռությունից հետո սկսավ խոսել:

Ես կրկնում եմ, որ իմ անցյալի պատմությունը չի կարող ձեզ հետաքրքրել: Կան դրություններ, որոնց պատճառած հաճույքն ու վիշտը զգալու համար, պետք է անպատճառ այդ դրություններին ենթարկվել: Հետևապես, նա, որ միայն այդ դրությունների նկարագիրն է լսում և բնականաբար չի բաժանելու դրանց պատճառած հաճույքն ու վիշտը, կարող է ակամա ցավ պատճառել նկարագրողին: Թույլ տվեք, ուրեմն, որ ես այդ մասին ոչինչ չխոսեմ:

Չեմ կարծում, թե դուք կամենում եք ինձ վիրավորել, բայց հավատում եմ, որ զգալու և հասկանալու ընդունակ չեք համարում ինձ, այդ դեպքում ինձ մնում է ետ առնել իմ խնդիրը, — վշտացած նկատեցի ես:

Որպեսզի ապացուցանեմ, թե դուք սխալվում եք, ես կկատարեմ ձեր խնդիրը, — ասաց քույր-Աննան քաղցրությամբբայց ես այդ կանեմ ոչ այս րոպեին: Ինձ ժամանակ պիտի տաք ամփոփելու հիշողությանս մեջ քսան տարի առաջ տեղի ունեցած անցքերի պատմությունը:

Շնորհակալ եմ, դուք ինձ ամենամեծ պատիվն եք անում, ուրեմն երեկոյան դեմ շնորհ կունենամ ձեզ լսելու, — ասացի ես:

Այդքա՞ն շուտ, — նկատեց քույր-Աննան ժպտալով, — դուք, ուրեմն, կխեղդեիք ձեր պարտապաններին, եթե նրանք պայմանաժամը չհարգեին:

Այդ դեպքում անպատճառ, — պատասխանեցի ես ծիծաղելով. — ձեր պարտքը այնքան մեծ արժեք ունի իմ աչքում, որ ես ժամ առաջ կկամենայի գանձել այն:

Թող այսպես լինի, — ասաց քույր-Աննան, և ես շնորհակալություն հայտնելով հեռացա:

Հունիս 11.

Նշանակած ժամին դպրոցումն էի, բայց քույր-Աննային տանը չգտա: Ուսումնարանի աղախինն ասաց թե՝ նա հենց նոր օրիորդ Մանիշակի հետ իջավ փոքրիկ անտառակը, որ գտնվում է եկեղեցուց ներքև: Ես ևս այն կողմն իջա, պտրեցի նրանց, բայց չկարողացա գտնել: Մոտիկ հոսող առվակի ափին, հովանավոր լաստենու տակ, շինված էր մի տախտակե նստարան, որի վրա նստա և սպասեցի: Որ ուր էլ լինեին, տուն վերադառնալու համար նրանք այդտեղից պիտի անցնեին:

Ամառային այն գեղեցիկ երեկոներից մինն էր, որ բնությունը միայն այս լեռներին է պարգևում: Արևը թեպետ անցել էր անտառապատ սարերի ետևը, բայց նրա ճառագայթները դեռ վառում էին գյուղի հանդիպակաց լեռան գագաթը: Միջանցուկ ձորը՝ յուր խիտ անտառներով՝ ստվերի մեջ էր և զովարար զեփյուռը գուրգուրում էր այդտեղ ծաղիկն ու խոտը, մացառն ու ծառը, փչելով մերթ թույլ, մերթ զորեղ շնչով: Անտառային թռչունները երգում էին հատ ընդ հատ, մինչդեռ ճնճղուկները աղմկում օդը իրենց ճռվողյունով: Կողքիս հոսող առվակը խոխոջում էր մեղմաձայն և վարսագեղ ափերը հանդարտ քերելով սահում դեպի խորունկ ձորի լանջի վերը և աղմկում այնտեղ տիրող լռությունը: Ես նստած սպասում էի և անտառի քաղցրաբույր հովը վայելում:

Եվ ահա քույր-Աննան երևաց ծառերի մեջ: Նա առաջանում էր դեպի ինձ լուռ և մտախոհ: Այդ վայրկենին նա այնքան էր վեհ ու գեղեցիկ, որ ես ակամա հայացքս սևեռելով՝ սկսա դիտել նրան անհագ հիացմունքով: Հոյակապ հասակը, սիգաճեմ գնացքը և ազնվաշուք դեմքը նմանեցնում էին նրան անտառային մի դիցուհու, կամ հայոց պաշտած սուրբ կույսերից մինին: Պակասում էր միայն մի լուսապսակ, որ յուր մեջ ամփոփելով այդ հողաստեղծ արարածին, դարձներ նրան երկնայինայնքան գեղանի , վեհաշուք էր նա, չնայելով որ տարիքը անցած էր քառասանից...

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last