Մուրացան՝   Խորհրդավոր միանձնուհի

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last

Որպեսզի տեր-Հովսեփն իմ դիտավորության մեջ յուր սկսած գործի խափանումը չնկատեր, ես նրան հանձնեցի ուսումնարանն ընդարձակելու հոգսը: Հարկ չկա ասել, որ կարևոր խորհուրդներն ու հրահանգները ես էի տալիս, իսկ ժողովրդի առաջ միայն ինքն էր երևում:

Մեր ժամականավոր ուսումնարանը քահանայի ընդարձակ ներքնատան մեջ էր, ուր ձմեռը կրակ էր վառվում նույն նահապետական օջախում և ծուխը բարձրանում նույն վաղեմի երդիկով: Բայց նորությունն զգալի էր աշակերտների թվի մեջ, որ տասնևհնգից հասել էր յոթանասունի, տեսակի մեջ՝ ըստ որում տղերանց հետ միասին սովորում էին և աղջիկներ, նույնպես դասավանդության եղանակի և առարկաների մեջ, որոնց մեծ մասը ես էի ավանդում:

Առաջիկա գարնան, ահա, այս ուսումնարանի շինության հիմը դրինք, որն և գրեթե նույն տարվա մեջ ավարտվեց: Ճշմարիտ է, գլխավոր և կշիռ ունեցող ծախսը ես արի, բայց գյուղացիներին էլ հորդորեցի մասնակցել գործին իրանց նպաստներով: Եվ այդ՝ ոչ թե նրա համար, որ իմ նյութական ուժը չէր բավում ամբողջ շինությունն ավարտելու, այլ որպեսզի նրանք հասարակական գործի համար զոհաբերություն անելը սովորեին: Այդ առաքինությունը, մանավանդ, անծանոթ էր այն ժամանակ այս գյուղացիներին, գոնե այն չափով, որպիսին ես էի պահանջում: Բայց բարի օրինակը վարակիչ դարձավ: Զարմանալի եռանդով ու ոգևորությամբ ձեռք զարկեցին նրանք գործին, ինչպես այդ անում են, առհասարակ, եկեղեցու շինության համար և շուտով ավարտեցին այն:

Ուսումնարանի շինությունն ավարտելուց և ուսման գործը կանոնավոր ընթացքի մեջ դնելուց հետո, ես քահանայի հետ շրջեցի մոտակա գյուղերը և ամեն տեղից էլ աշակերտներ հավաքեցի, որպեսզի մեր դպրոցից միայն այս գյուղը չօգտվեր, այլ ուրիշներն ևս շահվեին: Այսպիսով, մեր գործը հետզհետե ընդարձակվելով եկավ հասավ նախանձելի դրության: Այնուհետև աշխատեցի ուրիշ գյուղերից բերած մի քանի ուշիմ աշակերտներից ուսուցիչներ պատրաստել և նույնիսկ իրենց գյուղերում փոքրիկ դպրոցներ հիմնելով նրանց կառավարության հանձնել, հարկավ իմ անմիջական հսկողության ներքո: Այդ գործն ևս, ահա քանի տարի է, շարունակվում է արդյունավոր կերպով:

Երբ դպրոցական գործը հաստատուն հողի վրա դրվեցավ, ես ուշադրություն դարձրի գյուղական եկեղեցու բարեզարդության վրա: Ոչ մի հաստատություն այնքան մոտիկ չէ գեղջուկի սրտին, որքան եկեղեցին, և ոչինչ այնքան չէ վառում, բորբոքում նրա սիրտն ու հոգին, մեղմում բարքի կոշտությունը, սանձում կրքերը և ընդունակ դարձնում նրան բարիք գործելու, որքան ախորժալուր երաժշտությունը, հանդիսավոր պատարագը և մշտամրմունջ աղոթքները: Նրանք, որոնք այս ժողովրդին վայրենի են համարում և անընդունակ՝ բարվո և գեղեցկի արժանիքը հասկանալու, չարաչար սխալվում են: Գյուղացին, ճիշտ է, լեզու չուներ յուր զգացածն արտահայտելու և ոչ էլ շնորհք՝ նույնիսկ հիացման և հափշտակության ժամանակ յուր դեմքին քնքուշ արտահայտություն տալու, բայց նա բարվո և գեղեցկի ստրուկն է. նրա ոգևորությունը անօգուտ չէ անցնում, նրա զգացածը հեշտությամբ չէ մոռացվում: Իմ առաջարկություններից շատերը ես արել եմ այդ գյուղացիներին՝ մի հանդիսավոր պատարագից, կամ ժամասացությունից հետո, նրանց զգացված և ոգևորված միջոցին: Եվ այդ առաջարկությունները, որքան էլ որոշ դժվարությունների հետ լծորդված, այսուամենայնիվ ուրախությամբ ընդունել և անտրտունջ կատարել է ժողովրդի գոնե մեծագույն մասը, համոզված լինելով թե՝ ինչ որ հասարակության համար է անում, այն և յուր անձի համար է: Այս իսկ պատճառով եկեղեցու պայծառությունը դպրոցական գործի հառաջադիմության հավասար օգտավետ ճանաչելով ես աշխատեցի, որքան ուժերս ներում էին, առաջ տանել նրան և հասցնել այն դրության, որին ծանոթ եք արդեն:

Հետո կարգը գալիս էր գյուղացիների թե ներքին ընտանեկան կյանքի և թե նրանց դաշտային աշխատության մեջ մի քանի նորություններ մտցնելուն:

Հեռվից դիտողը այնպես է կարծում թե՝ գյուղացին սովորած լինելով պարզ ու անպաճույճ կյանքի, շատ աննշան էլ կարիքներ ունի, թե նա միշտ գոհ է յուր վիճակից և թե, առհասարակ, նրան շատ քիչ բան է պակասում: Մի բան ճշմարիտ է. այն, որ գյուղացին տրտնջալու և ամեն անցորդի յուր ցավերը պատմելու սովորություն չունի: Նա գլխակոր և անմռունչ աշխատում է, ինչպես և յուր անասունը: Բայց նա ամբողջապես կազմված է կարիքներից.: Այո՛, պետք է ապրել նրա ընտանիքում, տեսնել և շոշափել նրա աղքատությունը, ներկա լինել դաշտում նրա կրած տանջանքներին և չափել այդ տանջանքների գնով ձեռք բերած արդյունքի չնչին արժեքը, որպեսզի կարող լինի մարդ գաղափար կազմել գյուղացու կարոտությունների մասին:

Իսկ այդ կարոտությունները միթե կարծում եք թե՝ միայն նյութական օգնությամբ են վերացվում: Ոչ, նյութականը, հարկավ, ավելի մեծ և ավելի արագ գործ է կատարում: Բայց որտեղից ձեռք բերել այնքան նյութական օգնություն, որով ամեն գյուղացի կարողանա ապահովվել: Եղածը, հարկավ, կլինի ժամանակավոր նպաստ, վերջինի պակասելուց կարոտությունը դարձյալ երևան կգա նոր ուժով և այն լցնելու համար՝ գյուղացին դարձյալ կստիպի խնդրել:

Բայց կա, արդարև, գյուղացուն մշտապես կարոտությունից ազատող ապահով միջոց, այն է՝ սովորեցնել նրան ինքնօգնության, որը կայանում է յուր աշխատությունը և ստացած արդյունքը տնտեսելու և խելացի կերպով գործադրելու մեջ: Այս միջոցն արդարև շուտով չէ լցնում զորացող կարոտությունը, բայց լինում է հաստատ և տևողական: Մի անգամ արդեն զարթեց տկար մարդու մեջ ինքն իրեն օգնելու գիտակցությունը, նա այնուհետև ապահովված է ամեն տեսակ կարոտությանց դեմ: Միակ, փոքրիկ դժվարությունը գյուղացուն այդ բանին վարժեցնելն է:

Եվ ահա այդ նպատակով ես շարունակ աշխատեցի, ժողովներ կազմեցի, խոսեցի, բացատրեցի, նույնը նաև հաճախ քարոզել տվի տեր-Հովսեփին, մինչև որ վերջ ի վերջո հասա նպատակիս: Այժմ մենք ունինք այստեղ մի «հասարակաց շտեմարան», որին՝ յուրաքանչյուր գյուղացի, տարվա մեջ ստացած յուր արդյունքից տալիս է տասանորդ ցորեն, գարի կամ կորյակ, նայելով թե՝ ինչ արմտիք ունի ինքը: Իսկ կարոտության ժամանակ նա անարգել օգուտ է քաղում այդ շտեմարանից փոխառաբար, այն պայմանով, որ պարտքը վերադարձնե որոշ տոկոսի հետ: Այդ շտեմարանին տասանորդ չեն վճարում միայն չունևորները, բայց կարիքի ժամանակ նրանք էլ համահավասար իրավունքով օգտվում են նրանից:

Մենք ունինք նույնպես «հասարակաց նախիր», որին ամեն մի ունևոր տարվա մեջ նվիրում է մի կամ երկու հորթ, նայելով, թե աստված որքան է պարգևել իրեն: Այդ նախիրը գնալով հարստանում է և մենք նրանցից լցնում ենք դարձյալ չունևոր ընտանիքների կարոտությունը մեկին մի կամ երկու կով նվիրելով, որ նրանց կաթով յուր երեխաները կերակրե, մյուսի դաշտը ձրիաբար հերկելով, երրորդի խոտն ու խուրձերը հանդից տուն բերելով, չորրորդի կալը կալսելով և այլն:

Ունինք նաև մի փոքրիկ «փոխատու գանձարան», որի հիմնական դրամագլուխը ինքս եմ հոգացել, դարձնելով այն գյուղական հասարակության սեփականություն: Այդ գանձարանից, ահա, հավասարապես օգուտ են քաղում թե այս և թե շրջակա գյուղերի բնակիչները իրենց կարոտության ժամանակ, կարողը մի թեթև տոկոս վճարելով, իսկ աղքատը՝ առանց տոկոսի փոխ առնելով: Այս փոքրիկ ըստ էության աննշան հաստատությունը, որի նմանը հարյուրներով կարող են հիմնել մեր հարուստները գյուղերում, բացի գյուղացու կարիքը ժամանակին լցնելուց և նրա աշխատող ձեռքերին ազատություն տալուց, փրկում է նրան, նաև, վաշխառուների ճանկերից: Վերջինները վաղուց է, ինչ հալածական են այս կողմերից:

Այս ամենը կատարելու հետ միասին, զգալի էր լինում միշտ մի կարիք, որ լցուցանելու համար, դժբախտաբար, ես բավական պատրաստություն չունեի, այն է սովորեցնել գյուղացուն յուր աշխատությունից առավել շահավոր եղանակով օգտվելու ճանապարհը:

Այդ նպատակին մասամբ հասնելու համար՝ ես բերել տվի գյուղատնտեսական գրքեր, երկրագործության, անասնապահության, հավաբուծության, մեղվապահության և կաթնային տնտեսության վերաբերյալ և շարունակ կարդալով ու ուսումնասիրելով նրանց, սկսա գործադրության հարմար եղածները սովորեցնել գյուղացիներին: Այդ նպատակով ես ձմեռ ժամանակ, դասից ազատ միջոցներին, հրավիրում էի գյուղացիներին ուսումնարանի դահլիճը և գրքերից ուսածներս պատմում և հասկացնում նրանց: Հավաքում էի հաճախ և գեղջկուհիներին և տնային տնտեսության վերաբերյալ հասկանալի դասեր խոսում նրանց: Այս նորությունները բոլորին էլ հավասարապես ուրախություն և գոհություն էին պատճառում:

Շատ անգամ անձամբ ներկա էի լինում տանը գեղջկուհու և հանդում գյուղացու արած փորձերին, նրանց չհասկացածները ես նորեն կրկնում, նորեն բացատրում էի և երբ փորձերից մինն անհաջող էր անցնում, քաջալերում, խրախուսում էի և փորձը նորեն կրկնել տալիս, մինչև ու հաջողությունը ձեռք էինք բերում:

Այսպիսով, ըստ իմովսանն, օգնում էի գյուղացուն յուր դժվարաքիրտն աշխատությունը բարվոք գործադրելու: Եվ որովհետև այստեղի ժողովուրդն ինքն ի բնե ուշիմ և ընդունակ է, ուստի իմ սովորեցրածները յուր ունեցած փորձառության հետ միացնելով կարողանում է հին ժամանակներից ավելի օգուտ քաղել յուր աշխատությունից:

Քաղաքներում ապրող մեր գործողներն, առհասարակ, այն կարծիքի են թե գյուղում գործելու ասպարեզ չկա, թե ձանձրույթն ու պարապությունը կարող են այստեղ մարդուն խեղդել: Մինչդեռ ես, չգիտեմ թե որքան ժամանակ էլ պիտի ապրեմ, որ գյուղական ժողովրդի մեջ կատարելիք կարևորագույն գործերի գեթ մի մասը կարողանամ կատարել: Քաղաքներին կյանք մատակարարողը գյուղն է, ինչպես և ազգի կենդանության ուժ տվողը գյուղացին: Ով որ կամենում է ազգի կենդանությունը զորացնել, նա պիտի գյուղը գործելու, ծառը ջրելու և ուռճացնելու համար նախ նրա արմատները պետք է հագեցնել...

Քույր-Աննան յուր պատմությունը, գրեթե, ավարտել էր: Այժմ ես գիտեի թե՝ այնքան շատ ինձ հետաքրքրող «միանձնուհին», ով էր: Սակայն մնում էր իմանալ էլի մի բան, այսինքն այն թե յուր թված բոլոր այս գեղեցիկ գործերը, որոնցից ավելին ինքս ամեն օր տեսնում էի իմ աչքով, արդյո՞ք նա առանց դժվարության և արգելքների էր սկսել և գլուխ հանել, թե հանդիպել էր նաև խոչընդոտների: Եվ եթե այս վերջինները եղել էին, ապա ինչպես նա, մի տկար կին, կարողացել էր կոպիտ գյուղացու ստեղծած արգելքների դեմ կռվել: Իմ այդ հարցին նա պատասխանեց.

Աշխարհում ես չգիտեմ դեռ մի գործ, որի կատարելն ազատ լիներ արգելքներից: Գոնե իմ փորձերից սովորած՝ ես կարող եմ ասել, թե նույնիսկ ամենադյուրին կատարված գործը, կապ ունի միշտ մի արգելքի հետ: Սակայն այդ արգելքները կարծում եմ, միշտ էլ վնասակար չեն:

Ընդհակառակը, դրանք սովորեցնում են գործողին՝ յուր գործը դնել հաստատ հիմքի վրա, կամ ապագա չարիքների դեմ՝ դարձնել այն աննկուն ու զորավոր:

Արգելքների մասին եք հարցնում, օ՛, ես նրանց շատ եմ հանդիպել, թեպետ իմ պատմության ընթացքում և ոչ մինը հիշեցի: Եթե իմ նվիրման գործում զգացածս ուրախությունը թունավորվել է երբևիցե, այդ պատահել է հենց արգելքներից հզորագույնին հանդիպածս ժամանակ, մանավանդ, երբ դրանց դեմ կռվելու համար իմ ուժը նվազ և քաջությունն անբավարար եմ գտել: Բայց համբերությունն ու անվհատ աշխատությունը ոչնչացնում են, նույնիսկ, ամենազորավոր արգելքները: Այդ ճշմարտության ես հասու եղա, դժբախտաբար, մի փոքր ուշ, որովհետև համբերությունն էլ սովորեցնում է մարդուն փորձառությունը, որից ես զուրկ էի իմ առաջին ձեռնարկությունների ժամանակ:

Դժվար չէ ձեզ երևակայել, թե ո՛րքան մեծ էր լինում իմ տանջանքը, երբ մի օգտավետ գործ սկսելու համար ամեն ինչ մտածած, կշռած և կարևոր ծրագիրը կազմած, ուրախ ու հուսալիր դիմում էի գյուղացիներին և առաջարկում նրանց օգնել ինձ այդ գործն սկսելու, հանդիպում էի սառն ու անտարբեր ընդունելության: Ճշմարիտ է, նրանք ինձ հարգում էին, ուստի և լսում ինձ հոժարությամբ, շատ անգամ էլ, նույնիսկ, գլուխները շարժում ի նշան համաձայնության, բայց դրանով էլ վերջանում էր նրանց ձեռընտվությունը: Ամեն ոք անտարբեր գնում էր յուր գործին և ես դարձյալ մնում էի միայնակ՝ իմ մտածմունքների և ծրագրերի հետ:

Դրանից հետո, ասենք, ես դիմում էի քահանային, խոսում էի նրա հետ ամբողջ ժամերով: Նա նույնպես ուշադրությամբ լսում էր ինձ և, մինչև անգամ, համոզվում, որ ես հասարակության համար օգտավետ գործ եմ առաջարկում: Սակայն մի բան արգելում էր նրան համաձայնվել ինձ հետ: Ինչ բան էր այդ, չգիտեի, միայն ինձ թվում էր թե՝ նա չէր կամենում այս դեպքում յուր խելքին հավատալ, նա վախենում էր թե՝ մի՞գուցե յուր համաձայնությունից, կամ առաջարկածս գործից մի վնաս հասնե իրեն: Նույն ձևով էր վարվում և տանուտերը, երբ խոսում էի նրա հետ և սկսելիք գործի կարևորությունը բացատրում՝ իրեն մատչելի օրինակներով: Նա ինձ հասկանալով և իմ խոսքերից համոզվելով հանդերձ՝ խնդրում էր թողնել գործը մի ուրիշ անգամի, կամ գալ տարվան: «Մինչև այն ժամանակ գուցե, գյուղացիներին կարողանամ համոզել», — ասում էր նա և սակայն այնուհետև գյուղացիների հետ ոչինչ չէր խոսում, կամ եթե խոսում էր, հարցն այն ձևով էր դնում, որ լսողները ոչ հետաքրքրվում և ոչ էլ ուշադրության էին առնում այն:

Ոչ մի բանից այնքան չէ խորշում գյուղացին, որքան այն նորություններից, որոնք հակառակում են գյուղի նահապետական սովորություններին: Գյուղացու այդ հատկությունը հարգելի է արդարև յուր ունեցած առաքինությունների ու խիստ բարոյականի նկատմամբ, բայց նույն հատկությունն անպայման վնասում է նրան, երբ խնդիրը գալիս է յուր աշխատությունը և արդյունագործելու հին եղանակը բարեփոխելուն, կամ գյուղի մեջ հանրօգուտ մի հաստատություն հիմնելուն: Նա դրանց դեմ էլ, համարյա, նույն ուժովն է կռվում, ինչ ուժով որ կկռվեր, եթե մինը համարձակվեր ձեռնամուխ լինել յուր բարոյականը խախտելուն: Ուղեղի ծուլությունն, առհասարակ, թագավորում է գյուղերում և այդ է պատճառը, որ գյուղացին խորշում է միշտ սկսել այն՝ ինչ որ չեն սկսել յուր հայրը, կամ պապը:

«Այդպիսի դեպքերում ես վերադառնում էի իմ խուցը տխուր և շատ անգամ հուսահատ: — Ինչ պիտի կարողանամ անել այս ժողովրդի համար, քանի որ նա ինքը չէ կամենում յուր բարին, — մտածում էի ես, — մի օր, այո՛, այն կարծիքին էի, թե ամեն ինչ կարող եմ անել, ամեն արգելքների կարող եմ հաղթել, բավական է, որ հաստատ կամք և գործելու եռանդ ունենամ... բայց այժմ, ահա, տեսնում եմ որ բարիք գործելու համար էլ բավական չէ գործողի կամքը, այլ նրան պիտի միանա նաև բարիք ստացողի ցանկությունը: Այսպես էի մտածում, այո՛, բայց հետո տեսնում, որ մտածելով ոչինչ չէր առաջանում, պետք էր գործել: Եվ ես դարձյալ մտնում էի գյուղը, խոսում էի, հորդորում էի, որին էլ պատահում էի և վստահ էին իրենց հառաջադիմության նկատմամբ ունեցածս սիրո վրա: Այնուհետև ես ոչ թե խնդրում, այլ պատվիրում էի, և իմ պատվերները կատարում էին ճշտությամբ:

Ով որ կոչված է գյուղում գործելու, նա պետք է իմանա, որ գործ ունի քմահաճ մի երեխայի հետ: Ինչպես որ հոգատար դաստիարակը համբերությամբ և առանց հուզվելու տանում է երեխայի քմահաճությունները, չհրաժարվելով սակայն շարունակ նրան ուղղելու, անհրաժեշտ միջոցներից և նրա ընդունակության չափով, նրան բարին ու ազնիվը ներշնչելու պարտավորությունից, այդպես էլ պիտի վարվի գյուղի մեջ գործողը: Նա չպետք է նույնիսկ ինքնասիրություն ունենա կամ հուզվի ու վրդովվի, եթե այդ ինքնասիրությունը կոպտությամբ վիրավորեն: Նա ավելի առաքյալի, քան հասարակ գործողի դեր պիտի կատարե: Գյուղում հնձելու ոչինչ չկա, դա մի խորդացած, խոպանապած երկիր է. պետք է հերկել, արորադրել այն, պետք է մշակել, պարարտացնել հողը և ապա թե սեր անել: Այդքանն է միայն մեր ժամանակի մշակների գործը: Իսկ այդ գործի ազնիվ պտղաբերության հունձը ուրիշ և ավելի բախտավոր ժամանակի մշակներ կանեն, օրհնելով, անշուշտ, այն անձնվեր նախորդներին, որոնք հմտությամբ մշակեցին երկիրը և «սերմանեցին զսերմն բարի...»:

Որովհետև արգելքների մասին է խոսքը, — շարունակեց քույր-Աննան, — ես կարծում եմ, դրանց թվում պետք է դասել և այն արգելքները, որոնք երբեմն հասնում էին ինձ ոչ թե արտաքուստ, այսինքն դիմացի մարդկանցից, այլ նույնիսկ ինձանից: Կարող եք այդպիսի արգելքներ երևակայել:

Չգիտեմ, չեմ հասկանում ձեր խոսքը, — պատասխանեցի ես:

Այո, այդպիսի արգելքներ գոյություն ունեին և կարողանում էին երբեմն խանգարել ինձ, — շարունակեց: նա: — Միթե կարծում եք, թե հնարավոր է ապրել աշխարհում մոտ քսան տարի, սովորել կյանքի հրապույրներին, ի վերջո ջերմագին սիրել և այս ամենը միանգամից մոռանալ... ով որ չէ փորձել նա գուցե հասարակ աչքով նայե այդ բոլորի վրա: Բայց ես ասում եմ, որ դրանք մարդկային կյանքի ծանրագույն փորձերն են և դրանց բովից անվտանգ անցնելու համար պետք է ունենալ ավելի ուժ, ավելի քաջություն, քան որքան այս դեպքում ենթադրելի է:

Պատահել է շատ անգամ, մանավանդ, արտաքին արգելքների հանդիպածս ժամանակ, որ իմ ուխտը լեռան չափ ծանրացել է սրտիս վրա: Այդպիսի ժամանակները փափագելով փափագել եմ գտնվիլ կրկին իմ նախկին ընկերուհիների շրջանում, այն անհոգ, միշտ ուրախ և միշտ ծիծաղող հասարակության մեջ, ուր տխրությունը չէր կնճռում ճակատս, ուր ամենքը սիրում, զբաղեցնում էին ինձ, ուր կյանքը հրապույրով լի ծիծաղում էր ինձ...

Պատահել է, որ ես անձկությամբ ցանկացել եմ տեսնել իմ ծնողներին, մի անգամ էլ լսել նրանց քաղցր ձայնը, նրանց սիրապատար, անուշ խոսքերը, վայելել նրանց ջերմ գրկախառնությունը, սիրաշունչ համբույրը... Բայg նրանք չկային, այնպես չէ: Գոնե մի անգամ շիրիմները տեսնեի և իմ արտասուքով թրջեի նրանց... Պատահել է, որ ես հիվանդացել եմ. ինձ սիրով այցելել, ինձ համար հոգացել են գյուղացի կանայք, նույնպես և իմ սիրելի աշակերտուհիները: Բայց դրանց բոլորի մեջ հոգիս անձկությամբ պտրել է իմ հարազատ մորը: Ես կամեցել եմ լսել նրա ձայնը, զգալ նրա ձեռքերի շոշափը իմ այրվող ճակատի վրա... Հիշել եմ այն երջանիկ ժամանակները, երբ ես հիվանդանում էի, և նա անհանգիստ, սրտադող և շունչը բռնած, պտտում էր անկողնիս շուրջը, սիրով ու խանդով լի աչքերը դարձնում վրաս, ճակատս քնքշությամբ շփում, ձեռքերս ափերի մեջ ճմլում և անդադար «ինչպե՞ս ես այժմ իմ անուշիկ Աննա...», հարցնում ինձ այնպիսի իմ քնքուշ, խանդակաթ ձայնով, որ այժմ էլ հիշելուց սիրտս թուլանում է...

Իսկ ի՞նչ ասեմ ես նկատմամբ Գարեգնի, որ իմ կյանքի մեջ այս դժվարատար հեղափոխությունը մտցրեց: Միթե կարող էի նրան մոռանալ, նրան, որ իմ բոլոր մտքերի, խորհուրդների և գործերի հեղինակն էր. որին այնքան ուժգին, այնքան ջերմությամբ սիրեցի, բայց որն այժմ հազարավոր մղոն հեռու էր ինձանից: Երբեմն ժամերով նստած մտածում էի նրա համար: Նախկին կրակը բուռն կերպով արծարծվում էր իմ մեջ, փափագում էի տեսնել նրան մի անգամ, լսել նրան մի անգամ... հիշում էի մեր վերջին տեսակցությունը և նրա վերջին հրաժեշտի խոսքերը, «գնա սիրեցյալ քույրիկ, ես օրհնում եմ քեզ, օրհնում եմ քո ճանապարհը, գնա, թող աստված լինի քեզ հետ», ասաց նա: Ես եկա և մարմնացրի նրա ցանկությունը: Բայց ո՞ւր է նա ինքը: Ցանկանում էի, որ նա տեսներ թե ինչպե՛ս հավատարիմ մնացի իմ ուխտին, թե ինչպես, յուր սիրո պատճառով, կնոջ համար ծանրագույն խաչը ես բարձի... բայց նա չկար, չէր կարող տեսնել գոնե իմանայի, թե նա մտածում է իմ մասին, հիշո՞ւմ է նա ինձ, թե մոռացել է իսպառ... Եվ այս վերջին միտքը տանջում էր հոգիս:

Այսպես, ուրեմն, թե՛ այս մտածությունները և թե՛ նորոգվող զգացումները նույնպես արգելքներ էին իմ ձեռնարկած գործին և մինչև իսկ, երբեմն, զորեղ արգելքներ: Հաճախ իմ հոգին թուլանում, ընկճվում էր դրանց ազդեցությունից, իմ աշխույժը նվազում և գործելու եռանդը հանգչում էր, որովհետև աշխարհային կյանքը դեռ ամբողջապես չէր մեռել իմ մեջ. նա օրհասական կռիվ էր մղում այն բարձր ու սրբազան կյանքի դեմ, որ պատրաստվում էր շուտով իմ գոյությանը տիրել:

Սակայն այս հոգեկան կռիվներն իմ մեջ կատարվում էին, իհարկե, իմ նվիրման առաջին տարիներում, երբ մի կողմից էլ, ինչպես ասացի, արտաքին նեղություններն էին պաշարում ինձ: Ես սովորություն ունեի այդպիսի ճգնաժամերում կարդալ իմ հիշատակարանը և գլխավորապես նրա այն էջերը ուր իմ սիրելի ուսուցչի խոսքերն էին գրված: Նրանք ինձ մխիթարում ու քաջալերում էին: Մի անգամ այդպիսի մի հուզված ժամանակ, ես պատահեցի նրա այն խոսքերին, որ ասել էր հորս՝ իմ ձեռքը մերժելու ժամին. «Կա մի ուրիշ մարմին, որ ավելի սիրելի և ավելի պաշտելի է քան մեր սեփականը. այդ մարմինը Հայրենիքն է: Ես ուխտել եմ իմ անձը նրան նվիրել, նրա սիրուց զատ աշխարհում ուրիշ սեր չճանաչել, նրա ցավերից զատ ուրիշ ցավերով չվշտանալ, նրա բախտավորությունից զատ՝ ուրիշ բախտավորություն չխնդրել...»: Եվ այս խոսքերը մեծ-մեծ տառերով տախտակի վրա օրինակելով՝ կախեցի իմ սենյակի ճակատին: Այնուհետև ամեն օր կարդում էի նրանց և հոգեպես կազդուրված իմ գործը շարունակում:

Բայց հետո, իհարկե, տարիները հոլովվելով՝ վաղեմի զգացումներն էլ հետզհետե թուլացան, մանավանդ որ ես շարունակ ճնշում էի նրանց: Իմ սկսած գործը գնալով մեծացավ, բարգավաճեց և իմ բոլոր հոգսերն ու մտածմունքը գրավեց: Այնուհետև շարունակ ես զբաղված էի այդ գործելով և իմ ուժը մինչև անգամ չէր բավում բոլորին: Ես ստիպված էի շատ բան թողնելու մեր քահանային, նախապես նրան գործելու եղանակը սովորեցնելով: Եվ տեր-հայրը, պետք է խոստովանել, ամենահավատարիմ հետևողը դարձավ իմ օրինակին:

Իսկ այժմ, երբ ես դառնում նայում եմ իմ այս քսանամյա գործունեության վրա, տեսնում եմ թե ինչպես մի տկար կնոջ կամքը կարողացել է այսքան գործ կատարել, հրճվում, մխիթարվում եմ և շարունակ օրհնում իմ սիրելի և իմաստուն ուսուցչին, որ յուր հոգեշունչ խոսքերով վառեց, բորբոքեց իմ սիրտը և ուխտել տվավ ինձ այս սրբազան ուխտը: «Հեռացեք աշխարհից, բայց մի մտնեք կուսանոց, — ասաց նա ինձ. — գնացեք հեռու-հեռու, դեպի կորած հայ գյուղերը, դեպի այն ժողովուրդը, որին մոռացել են մեր գործողները, որի մեջ օրըստօրե նվազում, հանգչում է կենդանության ուժը, գնացեք այնտեղ, ուր տգիտությունը բռնացած քանդում, ավերում է ինչ որ պատմական ժամանակներից մնացել է գեղեցիկ և հարգելի: Մտեք այդ ժողովրդի մեջ. նվիրեցեք ձեզ նրա բարօրության և նրա մանկանց կրթության գործին: Սովորեցրեք նրան ճանաչել յուր անցյալը, բարվոքել ներկան և գործել ապագայի համար: Ուսուցեք նրան հարգել իրեն, սիրել ընկերին և պաշտպանել նրան, երբ հարկը պահանջե...»: Ես լսեցի իմ ուսուցչին և հեռացա աշխարհից, ահա՛ իմ բոլոր պատմությունը...

Սեպտեմբեր 15, X. քաղաք:

Երեք ամիս շարունակ մնացի Ն. գյուղում և անցուցի այդտեղ ամենաքաղցր և հիշատակի արժանի օրեր: Բացի մենավոր և որսորդական զբոսանքներս, որոնք հարուստ բնության ծոցում լինելուն համար մեծ հաճույք էին պատճառում ինձ, ես բախտավոր էի նաև նրանով, որ շարունակ վայելում էի քույր-Աննայի սիրելի և անզուգական ընկերակցությունը: Թեպետ ես արդեն դադարել էի նրա գեղեցիկ ստեղծվածներով հիանալուց, ըստ որում նրանց պատահում էի գրեթե ամեն քայլափոխում, այսուամենայնիվ, դեռ նրա զրույցներն ու կարծիքները լսելու ծարավ էի: Այս պատճառով կցանկայի երկար ապրել այդ գյուղում և երկար վայելել ազնիվ կույսի ընկերակցությունը: Դժբախտաբար օգոստոսը վերջանում էր, և ես պետք է վերադառնայի քաղաք, որովհետև անձնական գործերս չէին ներում ավելի ուշանալ: Գրեթե այս միակ պատճառով իմ հյուրընկալ տեր-Հովսեփը, ցանկանալով արտաքո կարգի մի պատիվ անել ինձ, որոշեց յուր որդու՝ Հակոբի հարսանիքը իմ ներկայությամբ կատարել:

Գյուղացիներս, առհասարակ, ձմեռն ենք ազատ, — ասաց նա ինձ մի օր, — և մեր հարսանիքները, գլխավորապես, այդ ժամանակն ենք անում: Բայց որովհետև ցանկանում եմ, որ դուք իմ որդու հարսանիքը տեսնեք, այդ պատճառով որոշեցի այս ամսում կատարել:

Ես, իհարկե, շնորհակալություն արի տեր-հորը՝ ինձ արած պատվի համար, որից չէի կարող հրաժարվել, եթե մինչև իսկ կամենայի, որովհետև դրանով վիրավորած կլինեի քահանային: Այդ հարսանիքը տեղի ունեցավ: Հակոբի հյուրերի հետ, որոնք բաղկացած էին գյուղի երիտասարդներից, ես էլ գնացի մոտակա շենը, ուսկից և բերինք նրա նորատի և գեղեցիկ հարսնացուն: Գեղեցիկ եմ ասում նրա համար, որ ճանապարհին հաջողվեց ինձ մի վայրկյան տեսնել նրա երեսը, որ ծածկված էր թանձր, կարմիր քողով: Հարսանիքը, հակառակ իմ սպասածին, կատարվեց շատ պարզ և անպաճույճ ձևով: Ուրիշ գյուղերում տեսել էի, որ նա տևում է երեք կամ չորս օր և այդ բոլոր ժամանակ ամբողջ գյուղն ուրախության և զվարճության մեջ է լինում: Կովեր ու եզներ են մորթում, գինին ու օղին ջրի պես է հոսում, իսկ հրավիրյալները հարսանիքատան ներսն ու դուրսը լցված՝ ուտում, խմում են. մանավանդ, երբ հարսանիքը գյուղի հարստին է պատկանում: Բայց այստեղ տեր-հայրը միայն մի օր ուներ հացկերույթ և այն շատ պարզ պատրաստությամբ:

Իմ հարցին թե ինչու այստեղի գյուղացիք ուրախանալ չգիտեն, քույր-Աննան պատասխանեց,

Գյուղացիք ամեն տեղ էլ նույնն են: Մանավանդ սյունեցիք ավելի շքեղ տոներ կատարել գիտեն: Իմ նոր եկած տարիները ես այստեղ յոթ օր շարունակ հարսանիք եմ տեսել և սարսափել, որովհետև այդ ուրախության մեջ գյուղացու տան իսկական ավերումն եմ նկատել, մանավանդ, երբ իմացել եմ, որ դրանցից շատերը պարտքերով են այդ ուրախությունը կատարում: Յուր չնչին փառասիրությունը գոհացնելու համար, գյուղացին քաղաքում պարտք է վերցնում տոկոսով և երկու երեք օրվա մեջ փոխ առածն սպառելով հավիտյան ստրուկ է մնում վաշխառուի ձեռքին: Այնուհետև նրա տունը, տեղը, անասունը, այգին վաշխառուի ստացվածքներն են: Պարտապան գյուղացին դողալով է յուր պարտատիրոջ երեսը ելնում: Նրա տարած ընծաները՝ կաթ, ձու, մածուն, կարագ կամ հավ, որ նա շարունակ յուր երեխաների բերանից է խլում, վաշխառուն ընդունում է իբրև իրեն հասանելի եկամուտ, սակայն առանց գյուղացու պարտքից մի սև փող իջեցնելու: Եվ ինչու համար այս բոլորըմիայն մի քանի օր զվարճանալու և հարևաններին զվարճացնելու՝ համար:

«Սակայն շատ տարիներ են, ինչ այս գյուղում այդ շռայլությունները վերացել են: Գյուղացին, առհասարակ, ինքն էլ ուրախ է լինում, որ այդ ծանրության տակ չմտնե, միայն թե ընկեր-հարևանից է ամաչում: Պետք է մինը լինի, որ ամենքին հավասարապես հորդորե այդ կորստաբեր ճանապարհից հեռանալ: Եվ նրանք կլսեն նրան: Ահա այդ դերն էլ ես հանձն առի, ժամանակին խոսեցի, բացատրեցի, նույնիսկ քահանային քարոզել տվի եկեղեցում, որից հետո գյուղացիներն իրենք արդեն եկան և մեր ներկայությամբ համախոսական ստորագրելով որոշեցին վերացնեն իրենց միջից ամեն ավելորդ ծախք, որը սովորություն ունեին նրանք անելու թե՛ ուրախության և թե՛ տրտմության ժամանակ: Հակառակ վարվողը տուգանք պիտի վճարեր գյուղական գանձարանին: Այդպիսի տուգանք, իհարկե, դեռ մինչև այսօր չէ մտել մեր գանձարանը, որ ապացուցանում է թե գյուղացին ինքը շատ գոհ է այդ որոշումից: Այստեղից օրինակ են վերցրել և հարևան գյուղերը, հույս ունեմ թե՝ ուրիշ հեռու տեղեր էլ կհետևեն այս բարի սովորության:

Կարող էի միթե չհամակերպվել քույր-Աննայի այս մտքերին, որոնք, որքան էլ պարզ և հասարակ երևային, այսուամենայնիվ, ամփոփում էին իրենց մեջ գյուղական ընտանիքի հաստատության պայմանները:

Հակոբի հարսանիքից մի քանի օր հետո քույր-Աննան հայտնեց ինձ որոշ նորություն, այն է թե շուտով պիտի կատարել տա յուր ձեռնասուն վարժուհու և վարժապետի պսակը:

Եթե տեր-հայրը յուր որդու հարսանիքով կամեցավ պատվել ձեզ, ես էլ իմ որդեգիրների հարսանիքով կպատվեմ, — ասաց քույր-Աննան ժպտալով: — կցանկանայի նաև, որ դուք լինեիք նրանց խաչեղբայրը. այդ մեծ՝ ուրախություն կպատճառեր իմ որդեգիրներին, բայց գյուղական սրբագործված սովորության դեմ չպետք է մեղանչել: Նրանց ծնողներն արդեն ունին իրենց հին կնքահայրը, որի ընտանիքի անդամները, նույնիսկ որդոց որդի, պիտի կատարեն այդ պաշտոնը փոխադարձաբար: Մենք ուրեմն չենք խառնվիլ նրանց իրավունքներին: Դուք կլինիք հարսեղբայր:

Ես ուրախությամբ ընդունեցի քույր-Աննայի առաջարկությունը և հարցրի թե՝ արդյոք վաղուց են նրանք նշանված:

Նրանք վաղուց սիրում էին միմյանց, — պատասխանեց քույր-Աննան ժպտալով. — այդ ես նկատեցի դեռ մի քանի տարի սրանից առաջ, երբ նրանք տակավին ուսանում էին: Այդ սերն, իհարկե, արտահայտվում էր լոկ քնքուշ, մանկական բարեկամությամբ: Եվ որովհետև երկուսն էլ չափից դուրս ուշիմ երեխաներ էին, ուստի իմ առանձին հոգածության առարկան դարձրի նրանց, նպատակ ունենալով, ինչպես առաջներն էլ ասացի, պատրաստել նրանցից իմ գործը շարունակող հաջորդներ:

«Պետք է հիշեմ նաև, որ Մանիշակը այն երիտասարդ գյուղացու աղջիկն է, որ առաջին անգամ ինձ, իբրև «միանձնուհի» այս գյուղը բերավ: Նա ամուսնացավ իմ գալուց մի քանի տարի հետո և սա նրա առաջին զավակն է: Իսկ Պետրոսը որդի է մի այնպիսի մարդու, որ շարունակ իմ ձեռնարկություններին արգելք էր լինում: Սակայն ես նրա տան միջից պատրաստեցի ինձ համար հավատարիմ օգնական:

Նշանակված օրը երիտասարդ զույգի պսակը կատարվեց: Եկեղեցում ներկա էին քույր-Աննայի հետ միասին և յուր դպրոցի աշակերտներն ու աշակերտուհիները, որոնց առանձին խնամքով հյուրասիրեց Պետրոսի հայրը յուր գեղեցիկ պարտիզում: Քույր-Աննան, պսակված զույգը և ես այդ փոքրիկ հյուրերի հետ էինք, իսկ գյուղացի հրավիրյալները ուրախանում էին մեզանից հեռու գտնվող մի ուրիշ այգում, իրենց գլուխ ունենալով տեր-Հովսեփին: Այսպես էր կարգադրել ինքը, քույր-Աննան, որպեսզի յուր սանիկները հանդիսատես չլինեին մեծերի ազատ զվարճությանը: Այս տոնախմբությունների հետ միասին օգոստոսն էլ վերջացավ: Քույր-Աննայի գուշակության համաձայն ես բոլորովին կազդուրվել էի: Պետք էր այժմ վերադառնալ քաղաք, ուսկից ամբողջ երեք ամիս բացակա էի: Այս վերադարձն, իհարկե, ծանր չէր ինձ համար, բացի անձնական գործով զբաղվելու անհրաժեշտությունը, վաղուց էր ինչ հեռու էի մորիցս ու քույրերիցս, բարեկամ ու ծանոթ չէի տեսել, շատ մի նորություններից զուրկ էի և որքան էլ դեպի քաղաքի կյանքն անհամակիր, այսուամենայնիվ, այժմ փափագում էի վերադառնալ:

Բայց իմ գյուղացի բարեկամների, մանավանդ քույր-Աննայի համար, զգալի էր իմ հեռանալը: Վերջինս, մինչև անգամ, ցավում էր, որ սովորել է իմ ընկերակցության:

Գոնե չգտնեի ձեր մեջ իմ գաղափարների ու համոզմանց համակիր մեկը, այն ժամանակ ավելի հեշտ կլիներ մոռանալ ձեզ, — ասում էր նա պարզությամբ. — Բայց բախտի բերմունքով դուք էլ նույն դավանությունն ունիք մեր ճակատագրի մասին ինչ որ ես, այդ պատճառով ձեր բաժանումը՝ իբր իմ մխիթարության զրկանք եմ նկատում: Քույր-Աննայի խոստովանությունն անկեղծ էր, սակայն ես պիտի խոնարհեի հարկի առաջ: Սեպտեմբերի 2-ին, կյուրակե առավոտ գնացի նրան իմ հրաժեշտի ողջույնը տալու:

Ես հեռանում եմ այստեղից, բայց տանում եմ ինձ հետ ամենաթանկագին հիշատակներ՝ ձեր բարեկամության ու գործերի, — ասացի նրան: — Եթե բախտը հաջողե՝ ես կրկին կվերադառնամ այստեղ՝ վայելելու համար բնության և ձեր ձեռքով այս գյուղում պատրաստված բարիքները, որոնք մեծագնի էին ինձ, մանավանդ, ձեր անզուգական բարեկամությամբ համեմված լինելուն համար: Իսկ եթե անկարող լինիմ այդ փափագին հասնել, այն ժամանակ կմխիթարվիմ գեթ այն քաղցր մտածությամբ թե՝ մի անգամ, գոնե, վայելեցի ես այդ բոլորը:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last