Մուրացան՝   Նոյի ագռավը

Pages: First Previous 1 2 3 4 Next Last

Վանին գոնե փող ուղարկո՞ւմ է քեզ, — հարցրի ես ծերունուն:

Չէ, չի ղարկում, մեր կնքավորի տղին ասել ա թե ապուն ասա ինձանից նեղանա ոչ. խարջս շատ ա մենծ. տարին 34 հազար մանեթը հերիք չանում, ես էլ անջախ (հազիվ) էդքան եմ աշխատում:

Իսկ խոջա Մարութի պարտքը վճարե՞ց:

Չէ՛, քեզ մատաղ, նրան էլ երկու գոմշակովս տվի, հոգիս ազատեցի:

Հապա երբ այստեղ եկավ, իսկի չասացիր, թե ինչո՞ւ գոնե յուր համար արածդ պարտքը չի վճարում:

Ասեցի, ասում ա, ա հեր դիփ մեկ չի՞, ինչ ունես չունես ծախիր կեր. եփ որ կդարտակվես, կգաս Թիֆլիս իմ տանը կապրես:

Դու ի՞նչ ասեցիր:

Ասեցի, յանղլիշ ես, որդի, որ իմանամ քաղցած մեռնելու եմ իմ ոտն իմ գեղիցը դուրս չեմ դնիլ, ըստեղ ծնվել եմ, ըստեղ էլ պտի մեռնեմ, իրա վաթանը մոռացողը, հոր տունն աչքից ու մտքից քցողը մարդ չի, հայվան ա:

Եվ այդ դրության մեջ ուրեմն դու ոչ մի մխիթարություն չունի՞ս, — հարցրի ես ծերունուն, ի սրտե ցավակցելով նրան:

Ունեմ, ո՞նց չունեմ, — պատասխանեց նա հուզված ձայնովիմ մխիթարությունն էլ էն ա, որ եփ լսում եմ թե մեր գեղականին մինը ուզում ա իրա տղին քաղաք ղրկի հուսում առնելու, էն սհաթին գնում եմ կռնիցը բռնում, բերում մեր հայաթումը կանգնեցնում ու ասում, — – տես, որդի, էս Վեդունց Սարգսի շեն օջախն ա, որ էսօր վերանա (ավերակ) ա դառել: Ա՛յ, տես, կտուրը ծռվել ա, պեշերը թափվել են, գերանը կախ ա ընկել, գյումը դատարկվել ա, ու մեզ թացան (թաց կերակուր) տվողը մի էծ (այծ) ա մնացել... Մենք էլ, տեսնում ես, մարդ ու կնիկ ծերացել մնացել ենք անտեր, ոչ ձեռք կա, որ մեր դուռը բանա, ոչ ձեն կա, որ սիրտներս ուրախացնի... էս դիփ նրա մեղն ա, որ ես իմ տղին հուսումի ղրկեցի... Վախի՛ր էդ բանիցը, որդի, րեխեդ քու կըշտին պահիր, տանիցդ մի հեռացնիր, որ իմ Վանու նման Նոյի ագռավ չդառնա...:

Բայց դուք հո դրանով չարիք եք գործում, — բացականչեց Պետրոսը վրդովվելով:

Չարիք խի՞ եմ գործում, — պատասխանեց ծերունին եռանդով, — լավն էն չի որ մեր գեղը հիսուն վար անող տղամարդ ավելի ունենա, քան թե հարիր Նոյի ագռավ: Վար անողը հլա հաց կբերի տուն, քյուլփաթի (զավակների) ռուզին կըշտացնի. Նոյի ագռավն ինչի՞ ա պետք: Յա չէ, հո՞վ ա մեղավոր, որ ես հմի ըսենց եմ խրատում մարդկանց, ես, թե՝ իմ տղեն: Մի սհաթ առաջ գնացել եք տեր Մուկուչի յախեն (օձիիքը) բռնել թե էս խի դու գիտուն չես, էս խի՞ տղերանցդ հուսումի չես ղրկել... Խեղճն էն սհաթին եկավ ինձ գանգատվեց: . Ասեցի, ո՞ւր ա, էդ շլյապավոր տղերանց մի ղրկի ըստեղ՝ ես էլ նրանց իմ հարցմունքն անեմ: Հմի հազիր եկել եք. խնդրում, եմ որ ասեք. — հո՞վ ա մեղավոր, որ գեղի քահանան տեր Մուկուչն ա, հո՞վ ա մեղավոր, որ եղցու առաջը անապատ ա. հո՞վ ա մեղավոր, որ գեղը կեղտոտ ա, տները տափից կպած, հայաթները թրքով լիքը, քուչեքը ծուռումուռ... ասեցեք տենամ, հո՞վ ա մեղավոր, խեղճ գեղակա՞նը, թե Նոյի ագռավները: Ախր ինչկլի հմի էս գեղարանքից մի տասը, քսան տղա գնացել են հուսում առել, լուսավորվել, հմի ո՞ւր են, ընչի նրանցից մինն ու մինը եդ չեկավ, որ իրա հոր օջախը վառի, իրա վաթանը պայծառացնի, որ գեղացին հենց մին օրինակ էլ ա տեսնի ու ասի թե՝ «ղորթ ա, հուսումը լավ բան ա, եկեք մենք քար ու քացախ ուտենք, ամա մեր րեխանց հուսում տանք, լուսավորենք...»:

Ծերունին լռեց, իսկ մենք պատասխանելու ոչինչ չունեինք:

Բարեբախտաբար այդ միջոցին պարտիզի դռնում երևաց մեր հյուրընկալը, որ եկել էր մեզ ճաշի կանչելու: Օգուտ քաղելով առիթից, վեր կացանք տեղից և ողջունելով ծերունուն, հեռացանք ծանր տպավորության տակ:

Երբ իջնում էինք սոսիների զառիվայրով՝ հարցրի Պետրոսին թե՝ — արդյոք հիշո՞ւմ է այն խոսքը, որ ասում էի թե «կգտնվին հոգվո կամ մտքի աչքերով հիվանդներ, որոնք խավարը կորոնեն իբրև դեղ, իրենց ցավը մեղմելու համար»:

Հիշում եմ, — ասաց նա, — և այս ծերունին այդ հիվանդներից մինն է:

Այո, սակայն նրա միտքն առողջ և հոգին կայտառ է եղել, երկուսն էլ հիվանդացրել է լուսավոր որդին, — հարեցի ես:

Անշուշտ, — պատասխանեց ընկերս և այս անգամ արդեն խոր համոզմունքով:

Pages: First Previous 1 2 3 4 Next Last