Մուրացան՝   Ռուզան

Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last

(Աբուն դուրս է գնում):

ՆԵՐՍԵՀ. — (սուրը հանելով) Կեցցե՛ մեծ իշխանը. ահա իմ սուրը պատրաստ է նրան ծառայելու:

ԻՇԽԱՆՆԵՐ. — (բոլորը միասին վեր կենալով և սրերը հանելով) Կեցցե՛ մեծ իշխանը, ահա՛ և մենք՝ պատրաստ նրա հրամանին:

ՋԱԼԱԼ. — Օն ուրեմն, հառա՛ջ, իշխաններ, հրամայեցեք բանալ բերդի դռները, թող մեր զորքերը հետևին մեզ իսկույն: Եթե պիտի մեռնենք, ապա թող այդ լինի սուրը մեր ձեռին և կռվի դաշտի վրա: Անարգ կյանքից ավելի՝ ազատ մահն է գովելի. հառա՛ ջ, քաջերս: (Բոլորը պատրաստվում են ելնելու):

ՏԵՍԻԼ Դ

Առաջիններն եվ Ռուզան

ՌՈԻԶԱՆ. — (դուրս գալով աջ դռան վարագույրի ետևից) Կացե՛ք, հայր իմ:

ՋԱԼԱԼ. — (ցնցվելով) Աղջիկս...

ՆԵՐՍԵՀ. — Ռուզան... (բոլորը միաբերան)

ՋԱԼԱԼ. — (ցնցվելով) Աղջի՛կս...

ՌՈԻԶԱՆ. — (բոլորին) Ո՞ւր եք դիմում, իշխաննե՛ր:

ՋԱԼԱԼ. — Թշնամու դեմ, որդյա՛կս:

ՌՈԻԶԱՆ. — Ես չի պիտի թողնեմ:

ՋԱԼԱԼ. — Հազար կապյալներ պիտի զոհվին այնտեղ՝ եթե մենք ուշանանք:

ՌՈԻԶԱՆ. — (հանդիսավոր) Գիտեմ. բայց նրանց ես պիտի ազատեմ:

ՋԱԼԱԼ. — Օ՜հ, աղջիկս...

ՆԵՐՍԵՀ. — Ռուզա՛ն, ի՞նչ ասացիր:

ՄԱՄՔԱՆ. — Ի՜նչ եմ լսում: (Դիմում է դեպի Ռուզանը): Դստրիկս, ի՛նչ ես խոսում:

ՌՈԻԶԱՆ. — Ի՞նչ, մի՞թե կարծում էիք, թե ձեր խռովության ու վրդովման պատճառները գաղտնի պիտի մնային ինձնից: Ես բոլորն իմացա: Թեպետ ինձ արգելեցիք ներկա լինել ձեր խորհրդարանում. սակայն ա՛յս հասարակաց աղետի ժամանակ՝ ես չէի կարող ձեր հրամանը ճշտությամբ կատարել: Ես պահվեցա այս վարագույրի ետև (ցույց է տալիս աջ դռան վարագույրը) և բոլորը լսեցի: Ես գիտեմ թե ո՞վ է այն անձն, որ Համտուն իշխանի սրտում դավաճանություն է հղացել, թե ո՞վ է նա, որ բռնավոր Ջոլայի՝ մեր երկիրը արշավելուն պատճառ է դարձել և որ հազար անմեղ կապյալների կոտորելուն էլ պատճառ պիտի դառնա... այդ թշվառն ես եմ. ես ինքս էլ, ուրեմն, իբրև հանցավոր, պատիժը կկրեմ:

ՋԱԼԱԼ. — Աղջի՛կս, ի՛նչ ես կամենում անել:

ՌՈԻԶԱՆ. — Ես պարզ խոսեցի, սիրեցյալ հայր. ես պիտի զոհվիմ. ինձ պիտի ղրկեք թշնամու բանակն և հանձնեք բռնավորին, որովհետև քո իշխանության և ժողովրդի բախտն այդ անձնազոհությունից է կախված: Իսկ ես այնքան թուլասիրտ չեմ, որ իմ հայրենիքին այսպիսի մի զոհ բերելու համար վայրկյան անգամ տատանիմ: Ես վճռել եմ:

ՋԱԼԱԼ. — Երբեք, ես այդ չեմ անիլ:

ՌՈԻԶԱՆ. — Բայց, հայր իմ, եթե դու չանես, ես պարտավոր եմ անել և դրա համար արդեն քո հրամանն ունիմ: Քանի դեռ փոքր էի, ուսուցանում էիր ինձ՝ սիրել հայրենիքը իմ անձից ավելի, և նրա բարօրության համար զոհել ամենը, ինչ որ ունիմ թանկագին: Արդ, հասել է ժամը քո պատվերը կատարելու, մի՞թե դու այժմ հակառակը պիտի խրատես...

ՄԱՄՔԱՆ. — Ա՜հ, բավական է, Ռուզա՛ն, մի՛ խոսիր, ես ցնորվում եմ...

ՌՈԻԶԱՆ. — Քո մի հատիկ դստեր համար ես ցավում, մայր իմ, այնպես չէ՞... Հապա ի՞նչ անեն ա՛յն հարյուրավոր մայրերը, որոնց որդիները մի քանի ժամից պիտի զոհվին անգութ դահիճների սրին: Ի՞նչ պիտի անեն այն հարյուրավոր հարսունք, որոնք մի ժամից պիտի այրիանան: Ո՞վ պիտի խնամե և մխիթարե այն հազարավոր մանուկներին, որոնք մի օրում պիտի որբանան... Մի՞թե արդարություն է, որ այսքան հոգիները քո դստե՞րը զոհվին: Ավելի լավ չէ՞, որ դրանց բոլորին ազատելու համար զոհվիմ միայն ես: Եվ մի՞թե դո՛ւք, որ ազգի տերն եք ու պաշտպանը, պիտի զլանա՞ք նրան այդ կարևոր շնորհը:

ՋԱԼԱԼ. — (ձեռքով ճակատը բռնելով) Աստվա՛ծ իմ, աստվա՜ծ իմ, ինձ դրել ես երկու սրի մեջ՝ մեկը մյուսից սայրասուր: (Ընկնում է աթոռի վրա և գլուխը առնում ձեռների մեջ):

ՌՈՒԶԱՆ. — Ուրեմն վճռված է. դուք սիրտ չունի՞ք ինձ հրամայելու. ես ինքս կերթամ. թոզ պատգամավորը ինձանից առաջ չհասնե յուր տիրոջ մոտ: (Կամենում է դուրս գնալ):

ՄԱՄՔԱՆ. — (մոտենալով և Ռուզանի թևն առնելով) Ռուզան, դստրիկս:

ՌՈՒԶԱՆ. — (քնքշաբար մորը հեռացնելով) Ա՛հ, մայր իմ, մի՛ խանգարիր ինձ, աղաչում եմ...

ՄԱՄՔԱՆ. — (ավելի մոտենալով և գրկելով Ռուզանին) Ոչ, Ռուզան, ոչ, քեզ չպիտի թողնեմ. քեզ այսպես պիտի գրկեմ, իմ կուրծքը քեզ համար պատնեշ պիտի շինեմ. թող թափվին ինձ վրա բռնավորի դահիճները, թող նրանք առաջ ինձ մաս-մաս կտրտեն և ապա թե քեզ իմ գրկից խլեն: Ես բաց աչքերով չի պիտի տեսնեմ քեզ գերի՝ անհավատ բռնավորի ձեռքում, քե՛զ, Ռուզա՛ն, որին վարդի պես պահել, վարդի պես մեծացրել եմ. դու պիտի խնայես մորդ, որի աչքերի լույսն ես, Ռուզան...

ՌՈՒԶԱՆ. — Ա՛հ, մայր իմ, մայր իմ... դու մորմոքում ես իմ սիրտը, դու թուլացնում ես իմ արիությունը...

ՄԱՄՔԱՆ. — (աղաչավոր ձայնով դեպի իշխանները) Իշխաններ, դուք կանգնել եք անգործ, մի թե չեք զգում մեր թշվառության ծանրությունը. փութացեք, գործեցեք` ինչ որ կարող եք...

ԻՇԽԱՆՆԵՐ. — (առաջ շարժվելով) Մենք սպասում ենք մեծ իշխանի հրամանին:

ՌՈԻԶԱՆ. — (հրամայաբար) Թող ոչ ոք ձեզանից առաջ չշարժվի:

ՄԱՄՔԱՆ. — (հուսահատ ձայնով) Ռուզա՛ն... աղջի՛կս... (թուլացած նստում է աթոռին):

ՆԵՐՍԵՀ. — (առաջ գալով) Ռուզա՛ն, ես մինչև այժմ լռեցի, որովհետև չի պիտի կարենայի ազդել քեզ վրա ավելի, քան կարող Էին ազդել մի հոր վշտահար դեմքը և մի թշվառ մոր աղաչավոր լեզուն: Բայց որովհետև դու անդրդվելի ես մնում այդ հսկա ուժերի առաջ, ուրեմն ես այլևս չի պիտի աշխատեմ քո սիրտը շարժելու: Ես չի պիտի խոսեմ մեր բարեկամության վրա, մեր ջերմ և անզուգական սիրո վրա, որին ուխտել ենք հավատարիմ մնալ մինչև ի մահ, այլ միայն պիտի աղաչեմ, որ մի փոքր համբերես: Ես այս րոպեին իմ քաջերով կթռչեմ դեպի այն հանդիսավայրն, ուր հազար կապյալներն են. ես կջնջեմ այդ զոհերի դահիճների խումբը, ես կազատեմ նրանց...

ՌՈԻԶԱՆ. — (ընդհատելով) Իսկ դրան հետևող կրկնապատիկ թշվառությո՞ւնը, իսկ թշնամու ահագին բանա՞կը:

ՆԵՐՍԵՀ. — Ես դրանց դեմ ոտքի կհանեմ բոլոր Արցախը. գեղացիների թրերով միայն կջնջեմ այն բանակն, որ դու ահագին ես անվանում: Չանցած մի քանի օր, և Ջոլայի զորքերը անհետացած կլինեն մեր սահմաններից:

ՌՈԻԶԱՆ. — Դու այդ չես կարող անել, սիրելի Ներսեհ:

ՆԵՐՍԵՀ. — Եթե դժոխքի կատաղիներն անգամ զինվեն իմ դեմ, ես չի պիտի հաղթահարվիմ: Այս կուրծքի մեջ, ուր բաբախում է մի սիրտ քեզ սիրելու համար, սնանում է և մի առյուծ՝ քեզ պաշտպանելու համար: Քանի դեռ շնչում եմ, քանի դեռ արյուն է վազում իմ երակներում, և քանի այս բազուկը կորովի է, ես թույլ չեմ տալ, որ բռնավորի պիղծ ձեռքերը մոտենան քեզ: Բայց երբ ես անկարող կլինեմ քո անիրավ ճակատագիրը ջնջելու, երբ ես իմ քաջերով կընկնեմ պատերազմի դաշտում, այն ժամանակ, Ռուզան, ազգի փրկության սեղանի վրա դու կհանես քո ողջակեզը: Ուրեմն դեռ այժմ մենք կերթանք գործելու: (Շարժվում է դեպի առաջ):

ՌՈԻԶԱՆ. — (հրամայաբար) Ներսե՛հ: (Ներսեհը կանգ է առնում, Ռուզանը շարունակում է մեղմով): Ներսեհ, իմ հոգվո անգին հատոր, գիտես, որ քեզ սիրում եմ. սիրում եմ իմ բոլոր հոգվով, իմ սրտի բոլոր կարողությամբ: Մինչև այսօր դո՛ւ էիր իմ մտածմունքը, դու էիր իմ հրճվանքը, դու էիր իմ սիրո և հիացման առարկան... օ՛, հիշում եմ՝ ինչպե՛ս մեր անուշ զրույցների և զբոսանաց ժամերում՝ ինձ թվում էր, թե աշխարհն էլ չունի վշտեր, թե ցավերն ու չարիքները վերացել են երկրից: Ինչպե՛ս ես քեզմով հպարտանում էի և քո ապագա կենակցությունն ինձ հետ՝ համարում բախտի մեծագույն մի շնորհ. զի հավատում էի` թե այդ միությամբ մեզ համար պիտի բացվի երջանկության այն աղբյո՛ւրն, որից հավասարապես պիտի օգտվենք թե՛ մենք, թե՛ մեր հարազատները և թե՛ ժողովուրդը... Բայց ահա՛ աստված տնօրինեց այլ կերպ: Նա փակեց մեր առաջ երանության դուռը և բացավ փորձության մի փշալից ճանապարհ, որով պիտի անցնենք: Անցնենք, ուրեմն, առանց դժգոհության, զի ոչ ոք կարող է աստծո խորհուրդները քննել կամ գուշակել թե՝ այս ամենը չէ իսկապես բարիք, որ նա ղրկել է մեզ վշտերի կերպարանքով... Խոնարհե՛նք նրա սուրբ կամքի առաջ և մեզ վիճակված դառն բաժակը քամենք կամակար: Իրա՛վ, սա մեր սրտին կբերե տանջանք, բայց և ժողովրդին կտա փրկություն: Ուրեմն և դու, սիրեցյալդ իմ, քաջացիր և կրիր քո բաժին զրկանքն և հենց այդ զրկանքում քո վարձը որոնիր, զի մեզնից ոչ ոք ունի իրավունք` ժողովրդի ազատությունն յուր բախտին զոհելու:

ՆԵՐՍԵՀ. — Ես բախտ չեմ որոնում, ով աննման կույս. բայց իբրև հայ զինվոր՝ պարտավոր եմ հայ կնոջ մեջ՝ հայ անվան պատիվը պաշտպանել:

ՌՈԻԶԱՆ. — Այդ պարտքը ես կվճարեմ. զի իմ վճիռն անդարձ է, ինչպես զոհի վերջին շունչը, որ նա ավանդում է մահու թագավորությանը... Ուրեմն կացեք բարյավ և մի՛ խանգարեք ինձ (պատրաստվում է դուրս գնալու):

ՋԱԼԱԼ. — Աղջիկս...

ՄԱՄՔԱՆ. — Ռուզան...

ՍՄԲԱՏ. — (առաջանալով) Իշխանուհի, դու կապտում ես մեր սրբազան իրավունքն, արգելելով մեզ կատարել մեր պարտքը. մի՛ թույլ տար, աղաչում եմ, որ զինվորի սուրը կարմրի ամոթից:

ՌՈԻԶԱՆ. — Ժամանակն անցնում է, իշխաններ, մի խանգարեք ինձ: Զինվորի պատվասիրությունը ստիպում է ձեզ կռվել. գիտեմ, բայց դա կլինի մի չարիք, որ դուք կգործեք, և որին կհետևե ավելի մեծ թշվառություն: Ձեր ունեցած ուժին ես ծանոթ եմ քաջապես: Ջաքարե հորեղբայրս ամեն ինչ խոսեց. ես ամեն ինչ լսեցի: Դուք չպիտի կարենաք դիմադրել թշնամուն, ուրեմն և հուսահատ փորձի մի՛ դիմեք: Ես չեմ կամենում, որ իմ պատճառով զոհերի թիվն ստվարանա. թողեք ինձ... (Հեռանում է դեպի դուռը):

ՄԱՄՔԱՆ. — (ճչալով) Ռուզա՛ն...

ՋԱԼԱԼ. — (բարկությամբ) Կա՛ց, Ռուզան, հրամայում է հայրդ:

ՌՈՒԶԱՆ. — (արտասվալից ձայնով) Բայց կանչում են կապյալները...

ՆԵՐՍԵՀ. — (առաջն առնելով) Ես դեռ մեռած չեմ, Ռուզա՛ն:

ՌՌՒԶԱՆ. — (կանգնելով դռան առաջ, դեմքը դեպի բեմը և ձեռքը հրամայաբար դեպի Ներսեհը պարզելով) Մի քայլ անգամ չհամարձակվես փոխել... (Պատկեր):

Վարագույր

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Ամրոցի մատուռի սյունազարդ գավիթը, որի վրա բացվում է

մատուռի դուռը:

ՏԵՍԻԼ Ա

Պապաք եվ Թենի

ՊԱՊԱՔ. — Ռուզանն իմաստուն որոշումն էր արել երկիրը թշնամուց ազատելու համար. բայց հայրն արգելեց նրան այդ որոշումն իրագործելու:

ԹԵՆԻ. — Այդ ես իմացա և չեմ մեղադրում իշխանին, ոչ մի ծնող չի հոժարիլ յուր սիրած աղջիկը մատնել թշնամուն:

ՊԱՊԱՔ. — Բայց միևնույն է, թշնամին վերջ ի վերջո կտիրանա նրան:

ԹԵՆԻ. — Կտիրանա՞: Ինչպե՞ս:

ՊԱՊԱՔ. — Իշխաններն արդեն ելնում են Ջոլայի դեմ. այդ կնշանակե՝ թե նրանք գնում են ուղղակի մահվան առաջ, վասն զի թշնամին բազմաթիվ է և մեր հինգ հարյուրին կջարդե մի ժամում: Այնուհետև նա բերդը ամեն կողմից կպաշարե և կառնե անաշխատ: Այստեղ գտնվողներին, իհարկե, սուր կքաշե, իսկ Ռուզանին կտանե յուր հետ:

ԹԵՆԻ. — Դու սարսափեցնում ես ինձ, իշխան:

ՊԱՊԱՔ. — Այո՛, ա՛յդ կլինի մեր ճակատագիրը. ամենքին կկոտորեն:

ԹԵՆԻ. — Ամենքի՞ն, և նույնիսկ կանա՞նց:

ՊԱՊԱՔ. — Կանանցից երիտասարդներին գուցե գերի տանեն, բայց պառավներին մյուս աշխարհը կուղարկեն:

ԹԵՆԻ. — (սարսափահար) Ի՞նչ անենք, ուրեմն, իշխան, փրկության մի ճանապարհ չորոնե՞նք:

ՊԱՊԱՔ. — Փրկության միակ ճանապարհը կլինի այն, որ գտնվի մեկը, որ հորդորե Ռուզանին յուր որոշումն իրագործելու:

ԹԵՆԻ. — Ի՞նչ հարկավոր է հորդորել, քանի որ նա ինքը պատրաստ է զոհվելու, բանն այն է, որ նրան արգելում են:

ՊԱՊԱՔ. — Նա կարող է փախչել:

ԹԵՆԻ. — Բայց բերդի դռները փակված են ամուր, իսկ ամեն ելքի մոտ դրված են պահապաններ:

ՊԱՊԱՔ. — Այս մատուռի ավանդատունն ունի մի պատուհան, որ նայում է դեպի կաղնիների անտա՛ռը: Այդ պատուհանից հեշտությամբ կարելի է իջնել:

ԹԵՆԻ. — (մտածելով) Այդտեղ, արդարև, կա այդպիսի մի ելք:

ՊԱՊԱՔ. — Հայտնի՛ր այս մասին օրիորդին:

ԹԵՆԻ. — Հայտնե՞մ...

ՊԱՊԱՔ. — Այո՛, անպատճա՛ռ. և քանի շուտ՝ այնքան լավ:

ԹԵՆԻ. — (տարակուսելով) Բայց...

ՊԱՊԱՔ. — Չպետք է տարակուսել և ոչ էլ ուշացնել: Մի փոքր ժամանակից Ռուզանը կգա այստեղ, որովհետև հայրը` արգելելով նրան յուր որոշումն իրագործել, իրավունք տվավ միայն իջնել այս մատուռը և աղոթել: Ուրեմն ուր որ է` նա կգա. աշխատիր խոսել հետը իսկույն:

ԹԵՆԻ. — Բայց, իշխան, այդ ես չեմ կարող անել, լեզուս չի զորիլ...

ՊԱՊԱՔ. — (վճռաբար) Խոսի՛ր ասում եմ, ցո՛ւյց տուր ճանապարհը. հակառակ դեպքում մենք ամենքս կորած ենք: Ահա՛ և օրիորդը (ցույց տալով գավթի մի կողմը), գալիս է նաժշտի հետ. աշխատի՛ր առաջ հեռացնել այդ աղջկան, ապա խոսիր հետն առանձին: Ես կերթամ իշխանների մոտ, գուցե կարողանամ համոզել նրանց՝ ուշացնել հարձակումը: (Դուրս է գնում):

ՏԵՍԻԼ Բ

Թենի (միայնակ)

(Նայելով դեպի Ռուզանի կողմը) Խեղճ աղջիկ. գալիս է աղոթելու... որքա՛ն վշտահար է... Բայց ի՞նչ անեմ, խոսե՞մ արդյոք. ցո՞ւյց տամ փախստյան ճանապարհը... Սա, արդարև, կլինի մի բարիք բոլոր երկրի համար... Բայց եթե հանկարծ իմանա՞ն... Ո՛հ, սիրտս ճմլվում է. չգիտեմ ի՞նչ անեմ. խղճում եմ այս հրեշտակին... Բայց Պապաքն ասաց՝ թե մեզ բոլորիս կկոտորեն... այդ հո ավելի սարսափելի է...

ՏԵՍԻԼ Գ

Նույն, Ռուզան եվ Շանույշ

ԹԵՆԻ. — (առաջանալով դեպի Ռուզանը) Իմ բարի զավակս...

ՌՈԻԶԱՆ. — Դու այստե՞ղ ես, մայր Թենի, չէի կասկածում. անշուշտ աղոթում էիր խեղճ կապյալների համար:

ԹԵՆԻ. — Այո՛, զավակս:

ՌՈԻԶԱՆ. — (Շանույշին) Շանույշ, դու գնա՛. ես կաղոթեմ և կվերադառնամ Թենիի հետ:

ՇԱՆՈԻՅՇ. — Թող աստված լսե քո աղոթքը, իմ բարի տիրուհի: (Հեռանում է):

ՏԵՍԻԼ Դ

Թենի եվ Ռուզան

ՌՈԻԶԱՆ. — (հուզված) Թենի, մա՛յր Թենի, այս ի՞նչ վիշտ հասավ մեզ... ամեն բան իմացար, այնպես չէ՞...

ԹԵՆԻ. — Այո՛, զավակս...

ՌՈԻԶԱՆ. — Այժմ ասա՛, ի՞նչ անեմ, ո՞ւր դիմեմ իմ դժբախտ գլուխը ողբալու համար:

ԹԵՆԻ. — Հանգստացի՛ր, որդյակս, աստված ողորմած է. նա չի զլանալ մեզ յուր օգնությունը:

ՌՈԻԶԱՆ. — Հանգստանա՞մ... օ՛, մի ասիր այդ, Թենի. ինչպե՞ս կարող եմ ես հանգստանալ, քանի որ գիտեմ, թե մի քանի ժամից մահն իմ պատճառով յուր ահռելի շնչով պիտի մոտենա հազար անմեղների. քանի որ գիտեմ, թե մի քանի ժամից բյուր հայի բերան անեծք պիտի կարդա իմ անվան... Օ՛, ինչո՞ւ մայրս ինձ ծնեց. ինչո՞ւ ինձ կյանք տվող վայրկյանը՝ չեղավ ինձ մահաբեր... իսկ այժմ ինչո՞ւ արգելեցին ինձ. ինչո՞ւ թույլ չտվին այս թշվառությունը բառնալու... Մի՞թե ես կկամենայի մատնել ինձ գազանին, եթե չիմանայի, թե իմ հայրն անզոր է՝ յուր երկիրը փրկելու:

ԹԵՆԻ. — Սիրելի զավակս, դու, արդարև, կամեցար բարի գործ կատարել, քո զոհն, անշուշտ, հաճելի կլիներ աստծուն. բայց ի՞նչ արած, ծնողների սիրտն էլ քարից չէ տաշած, նրանք չէին կարող թույլ տալ քեզ` այդ անել:

ՌՈԻԶԱՆ. — Իսկ դու, մայր Թենի, չէ՞ որ այս զոհը կարևոր ես համարում:

ԹԵՆԻ. — Անշուշտ, որդյակս, լավագույն է, որ մարդ ինքը միայն մեռնի, քան յուր պատճառով հազարավորներ:

ՌՈԻԶԱՆ. — (փարվելով Թենիին) Օհ, շնորհակալ եմ, մայր Թենի. ուրեմն դու ինձ կօգնես այս սուրբ գործի մեջ, այնպես չէ՞ :

ԹԵՆԻ. — Կօգնե՞մ... ինչո՞վ, աղջի՛կս:

ՌՈԻԶԱՆ. — Ցույց կտաս ինձ մի փախստյան ճանապարհ...

ԹԵՆԻ — (ինքն իրեն) Անշուշտ աստված է կամենում, որ այս աղջիկը զոհվի: (Ռուզանին) Փախստյան ճանապա՞րհ... ի՞նչ ես խոսում, զավակս, մի՞թե կարող եմ:

ՌՈԻԶԱՆ. — Աղաչում եմ Թենի, ի սեր աստծո, ի սեր այն խաչին, որի վրա Փրկիչը բարձրացավ. խոսի՛ր, ցույց տուր ինձ մի ելք. դու ավելի տեղյակ ես ամրոցի անցքերին. իմ սիրտը հուզված, ուղեղը շփոթված է. ես ոչ մի ելք չգիտեմ...

ԹԵՆԻ. — Աղջիկս, դու ինձ երդվեցրիր զարհուրելի երդումով,պիտի կատարեմ խնդիրդ...

ՌՈԻԶԱՆ. — Պիտի կատարե՛ս. բարի. ուրեմն խոսի՛ր, ասա՛, ո՞րտեղից կարող եմ ես ելնել:

ԹԵՆԻ. — Այս մատուռի ավանդատունը ունի մի պատուհան, որ հանում է դեպի կաղնիների անտառը: Իսկ այդտեղից մի կածան իջնում է ուղղակի թշնամու բանակը...

ՌՈԻԶԱՆ. — (ուրախացած) Ա՛հ, հիշում եմ. իրա՛վ որ այդտեղ կա մի ցածուն պատուհան: Շնորհակալ եմ, մայր Թենի, անհուն շնորհակալ: Դու ուրեմն ճանապարհը բացիր ինձ համար և իմ հոր ժողովուրդն ազատված է քո շնորհիվ... Օրհնյալ է աստված, որ ողորմեց մեզ յուր անհուն ողորմությամբ: Բայց քեզնից, մայր Թենի, ունեմ դարձյալ մի խնդիր:

ԹԵՆԻ. — Դարձյալ մի խնդի՞ր:

ՌՈԻԶԱՆ. — Ամենավերջինը...

ԹԵՆԻ. — Ի՞նչ, սիրելի՛ս...

ՌՈԻԶԱՆՏո՛ւր ինձ քո ա՛յն մատանին, որի մեջ ասում էիր, թե թույն կա պահված:

ԹԵՆԻ. — (նայելով մատի վրա մատանուն) Այս մատանի՞ն. բայց ինչո՞ւ է պետք:

ՌՈԻԶԱՆ. — Տո՛ւր ինձ, աղաչում եմ. դա կարող է ինձ փրկել:

ԹԵՆԻ. — Փրկե՞լ, ինչի՞ց:

ՌՈԻԶԱՆ. — Դժոխքից, գեհենի կրակներից:

ԹԵՆԻ. — Չեմ հասկանում խոսքերդ:

ՌՈԻԶԱՆ. — Օ՛, շո՛ւտ, ժամանակն անցնում է:

ԹԵՆԻ. — (անզգայաբար հանելով մատանին և տալով Ռուզանին) Ահա՛, բայց ասա՛, ինչի՞ համար ես ստանում այն:

ՌՈԻԶԱՆ. — (արագ քրքրելով մատանու պսակը) Ասում էիր, որ այստեղ, այս գոհարի տակն է պահված, այնպես չէ՞:

ԹԵՆԻ. — Այո՛. այդտեղ կա զորեղ մահաթույն, բայց ինչո՞ւդ է պետք այն:

ՌՈԻԶԱՆ. — (պահելով մատանին) Ա՛հ, շնորհակալ եմ քեզանից, մայր Թենի: Երբ իմ զոհաբերության գնով փրկված կլինի այս երկիրը, ա՛յն ժամանակ ես կօգտվիմ քո այս նվերից՝ անհավատ գազանին չմատնվելու համար... այժմ մնաս բարյավ: (Շտապով մտնում է մատուռը և դուռը ետ դնում):

ԹԵՆԻ. — Բայց դու... իշխանուհի...

ՏԵՍԻԼ Ե

Թենի (միայնակ)

Չլսեց, աստված իմ... (Շվարած): Ի՞նչ արի ես, արդյոք չսխալվեցա՞. արդյոք նա չշփոթեցրե՞ց ինձ... Մի՞թե ցույց պիտի տայի ճանապարհը... բայց Պապաքն ասաց, թե մեր բոլորի փրկությունը կախված է նրա զոհաբերությունից: Այո՛, այդպես է. բայց մատանի՞ն... մի՞թե պետք է տայի նրան: Արդյոք դրանով մի ոճիր չգործեցի՞... (Մտածում է) Կարծեմ՝ ոչ. ընդհակառակն... եթե Ռուզանը զոհում է իրեն՝ մեզ ազատելու համար, ապա ես էլ ազատում եմ նրա արդար հոգին: Թող ուրեմն իմ խիղճը չտանջե ինձ իզուր...

Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ

Մի մացառուտ լեռան զառիվայր ստորոտ, որ ծածկված է ծառերով, թուփերով և տեղ-տեղ՝ մեծամեծ ժայռերով: Լեռան կատարին երևում է Խոխանաբերդը՝ բարձր պարիսպներով և հզոր աշտարակներով:

ՏԵՍԻԼ Ա

Շանույշ եվ Սուրիկ (միմյանց հանդիպելով)

ՍՈԻՐԻԿ. — Շա՛նույշ, դո՞ւ էլ եկար տիրուհուն պտրելու:

ՇԱՆՈԻՅՇ. — Այո՛, Սուրիկ, սիրտս չհամբերեց. ես էլ եկա նրան որոնելու:

ՍՈԻՐԻԿ. — Նա այստեղից չէ անցել, հավատացած եմ. ես այնպիսի ճանապարհով իջա, որ ամբողջ զառիվայրը կարող էի տեսնել, բայց օրիորդն իմ աչքին ոչ մի տեղ չերևաց:

ՇԱՆՈԻՅՇ. — Ինձ թվում է թե՝ նա մոլորվել է մացառուտում:

ՍՈԻՐԻԿ. — Գուցե. բայց և այնպես նա չի ազատվիլ մեր ձեռքից. հետամուտները շատ են. ուր որ է նրա առաջը կառնեն:

ՇԱՆՈԻՅՇ. — Իսկ եթե նա արդեն հասած լինի բանակը՞:

ՍՈԻՐԻԿ. — Այն ժամանակ արդեն գործը կդժվարանա. մենք չենք մոտենալ բանակին:

ՇԱՆՈԻՅՇ. — Ուրեմն ժամավաճառ չլինենք. անցնենք զատ-զատ կողմեր. գուցե մեզանից մեկին հաջողի պատահել նրան:

ՍՈԻՐԻԿ. — Անցնենք: (Բաժանվում են աջ ու ձախ):

ՏԵՍԻԼ Բ

Շանույշ եվ Ռուզան

Ռուզանը երևում է զառիվայրի բարձրում, որտեղից նա ժայռերն ու թուփերը բռնելով իջնում է դեպի վայր, հերարձակ, շտապ քայլերով և երկյուղագին այս ու այն կողմը նայելով. բեմը դատարկ է:

ՇԱՆՈԻՅՇ. — (վերադառնալով) Ոչ մի տեղ չէ երևում: Այս կողմը (ցույց է տալիս եկած կողմը) քարաժայռերն են և նրանց ներքևը՝ սարսափելի անդունդ. ոչ ոք այդտեղից անցնել չի կարող: Իսկ այստեղից (ցույց է տալիս հակառակ կողմը) սկսում է մեծ հովիտը, որի վրա բանակած է թշնամին: Եթե մի քայլ այն կողմն անցնեմ, նրա դժոխային գունդերը կերևան: Ինձ մնում է եկածս ճանապարհով կրկին վերադառնալ (պատահմամբ նայում է բարձր և տեսնում է Ռուզանին): Ահա նա... ահա՛... Ո՛հ, աստված իմ, շնորհակալ եմ քեզանից... տե՛ս ինչպե՞ս աներկյուղ դիմում է նա դեպի յուր դահիճը: Ծածկվիմ այստեղ, մինչև նա կիջնե: (Քաշվում է մացառի ետևը): Ո՛հ, աստված իմ, խնայի՞ր նրան, ուժ տուր իմ բազուկներին՝ զորով դարձնել նրան յուր ծնողների գիրկը:

ՌՈԻԶԱՆ. — (իջնելով դեպի բեմը և մի քանի քայլ մնացած` կանգ առնելով զառիվայրի վրա) Ինձ չէին կամենում թողնել. ինձ արգելում էին. իմ պատճառով ուզում էին ժողովուրդը զոհել և սգո մեջ թողնել բյուրավոր ընտանիքներ: Ո՛չ. այդ բոլորի փոխարեն նշանակված զոհը ես եմ և ես միայն կզոհվիմ: Մի քանի վայրկյան ևս, և ես կհասնեմ թշնամուն, իմ ձեռքը կտամ բռնավորին և սրա փոխարեն կստանամ իմ հոր և յուր ժողովրդյան ազատությունը... Իսկ այնուհետև անելիքս որոշված է. այդ մասին այլևս մտածելիք չունիմ... Բայց... (տատանվելով որոշման մեջ): Ո՛հ, ինչպե՜ս դժվար է` թողնել իմ ետևից մայրս կիսամեռ, հայրս սգավոր, փեսաս սրտաբեկ... հեռանալ սիրելիներից. հեռանալ հայրենիքից...և այս ծաղիկ հասակում խամրիլ խորշակահար... Ա՛հ, ծնկներս ծալվում են... (բռնում է ժայռից): Աստվա՛ծ իմ, ուժ տուր ինձ. արիացրո՛ւ ինձ` այս լուծը մինչև ի վերջ տանելու... (հեկեկում է և ապա մի քանի քայլ առաջանալով՝ բացականչում): Բայց ի՞նչ եմ անում... Ինչո՞ւ եմ ուշանում. չէ՞ որ բանբերից առաջ պիտի հասնեմ զոհերին... (առաջանում է դեպի այն կողմը, ուր պահված է նաժիշտը):

ՇԱՆՈԻՅՇ. — (պահված տեղից ելնելով) Բայց ես չի պիտի թողնեմ, տիրուհի:

ՌՈՒԶԱՆ. — (վեր թռչելով) Ա՛հ, Շանո՛ւյշ, դու այստե՞ղ ես. այդ ինչպե՞ս եկար և ինչո՞ւ:

ՇԱՆՈՒՅՇ. — Ո՛հ, տիրուհի. դու չի պիտի գնաս թշնամու մոտ, դու պիտի խղճաս քո ծնողներին:

ՌՈՒԶԱՆ. — Այդ դո՞ւ պիտի սովորեցնես ինձ, խե՜ղճ աղջիկ: Դարձիր ամրոցն առանց ուշանալու. դու այնտեղ կհարկավորվիս:

ՇԱՆՈԻՅՇ. — Բայց ո՞ւմ պիտի հարկավորվիմ. իմ միակ տիրուհին այստեղ է. ես եկա նրան ծառայելու. ես նրան պիտի օգնեմ ամրոցը բարձրանալու:

ՌՈՒԶԱՆ. — Այդ նեղությունը քեզ չի պիտի տամ, Շանույշ, դարձի՛ր, ասում եմ քեզ. մի՛ ուշացնիր ինձ: Մինչև թշնամուն հասնիլը դեռ բավական ճանապարհ կա. մի փոքր ևս և բանբերը կհասնե բռնավոր տիրոջ մոտ, և կապյալները սրո կերակուր կդառնան. թող որ շտապեմ նրանց ազատելու:

ՇԱՆՈՒՅՇ. — Եվ քեզ գազանին մատնելու, այնպես չ՞է, ո՛հ ոչ. չեմ կարող. թույլ չի պիտի տամ: Եվ եթե ինձ չլսես... (Ընկնում է ծնկան վրա և բռնում է Ռուզանի ոտքերից), այսպես պիտի ընկնեմ քո առաջ, պիտի փարեմ քո ծնկներով, պիտ՛ի արգելեմ քեզ:

ՌՈՒԶԱՆ. — (աշխատելով հեռացնել նրան) Հեռո՛ւ... Անխոհեմ աղջիկ. ինձ չկարողացան արգելել իմ ծնողների արտասվալից աչքերը, և այժմ դո՞ւ պիտի արգելես. հեռո՛ւ, ասում եմ քեզ: (Հեռացնում է նրան):

ՇԱՆՈԻՅՇ. — Բայց դու չգիտես, տիրուհի, թե ի՞նչ հանցանք ես գործում նրանց դեմ, թե ի՞նչ թշվառություն ես բերում նրանց գլխին... Եթե տեսնեիր, թե ինչպե՞ս էր կոծում մայրդ և դառն արցունքներ թափում... Եթե տեսնեիր, թե ինչպես ողբում էր հայրդ, և ինչպե՛ս լալիս ու ճիչեր էին արձակում քույրդ, փոքր եղբայրներդ, և ամրոցը դղրդում էր նրանց հեկեկանքների ձայնից...

ՌՈւԶԱՆ. — (արտասվահույզ) Ա՛հ լռի՛ր, Շանույշ, այդ բոլորը ես գիտեմ, բայց դու նորեն պատմելով կտրտում ես իմ սիրտը, լռի՛ր...

ՇԱՆՈԻՅՇ. — Իսկ Ներսեհի համար դեռ ոչինչ չասացի, տիրուհի, թե ինչպես վիրավոր և հուսահատ...

ՌՈԻԶԱՆ. — (արագ ընդհատելով) Բավակա՛ն է, Շանույշ, դու կամենում ես թուլացնել իմ արիությունը, բայց այդ չի հաջողիլ քեզ. ես գիտեմ իմ զոհաբերության ծանրությունը. բայց նա անհրաժեշտ է: Այժմ թո՛ղ ինձ, գնա՛ իմ սիրելիների մոտ և տա՛ր նրանց իմ վերջին ողջույնը: Ասա՛ իմ մորը, որ ես թշվառացող ծնողաց անեծքները իրենից հեռացնելու համար զոհեցի ինձ... Ասա՛ իմ հորը` որ յուր ժողովրդի ազատությունը գնելու և յուր փառավոր անունը ապագայում արատից զերծ պահելու համար զոհեցի ինձ. ասա իմ սիրելի քրոջն ու եղբայրներին` որ իմ անունն անմոռաց ունենան և հետևեն իմ օրինակին` երբ այդ հայրենիքը պահանջե... Եվ, վերջապես, ասա Ներսեհին, որ ես իմ սերը խեղդեցի այս թշվառ սրտում միայն նրա համար, որ նա յուր բախտը ազգից անիծված մի կնոջ հետ չկապե... Այժմ հեռացի՛ր... (Առաջանում է դեպի հովտի կողմը):

ՇԱՆՈՒՅՇ. — (առաջն առնելով) Դու դարձյա՞լ գնում ես:

ՌՈՒԶԱՆ. — (հրելով Շանույշին) Թո՛ղ, ասում եմ քեզ: (Առաջանում է մի քանի քայլ դեպի խորքը և ապա ճչալով ետ քաշվում): Ա՛հ, այսքան մո՞տ ենք մենք թշնամուն: (Դարձյալ երկու քայլ առաջանալով): Ահա՛, ահա՛ այստեղից երևում է բոլորը: Նայի՛ր, Շանույշ, ո՛հ, մի՞թե չես սարսափում: Տե՛ս, բոլոր հովիտը և գետափը ծածկված է թշնամու վրաններով: Իսկ այս շքեղ խորանը, որ այսքան մոտ է մեզ, բռնավորինը չէ՞ արդյոք: Նայի՛ր, սուսերամերկ պահապանները դժոխքի հրեշների պես հսկում են նրա դռանը: Իսկ այս կողմը, տե՛ս, կանգնած են կապյալները, ո՛հ, որքա՛ն շատ են. յուրաքանչյուրի գլխին շողում է մի սուսեր. նայի՛ր և սարսափիր... Իսկ այն ծերունիները. այն փոքրիկ տղաները. այն կանայքը... բոլորն էլ ձեռնկապ... նրանք լալիս են, այնպես չէ՞: Իսկ այս առույգ երիտասարդների խումբը, որ գլխակոր կանգնած է դահիճների առաջ... Ո՛հ, այս տեսարանը կտրատում է իմ սիրտը... Բայց աստված իմ. ահա և Համտունը՝ գարշելի դավաճանը. տե՛ս` ինչպես է ճեմում յուր զոհերի առաջ: (Ետ քաշվելով): Շանույշ, էլ Ժամանակը հասավ, համբերելու ուժ չմնաց: Մինչև այժմ սրտիս մեջ տրոփ և ոտքերումս մի դող էի զգում. այժմ, ընդհակառակն, արիություն եկավ վրաս. ես այլևս չեմ սարսափում բռնավորի առաջն ելնելու: Այս թշվառներն ազատելու և դավաճանը պատժել տալու հույսը լցնում է իմ սիրտը ուրախությամբ: Այժմ ես կերթամ. մնաս բարյավ... (Առաջանում է):

ՇԱՆՈԻՅՇ. — Բայց ես սպասում էի թե՝ այս ամենը կսարսափեցներ քեզ, տիրուհի:

ՌՈԻԶԱՆ. — (ետ գալով) Բայց ոչ. նայի՛ր ինձ. տե՛ս թե՝ գեղեցի՞կ եմ դեռ, գեղեցի՞կ եմ այնքան, որ բռնավորի սիրտը շարժել կարողանամ: Նայի՛ր ինձ. ուղղի՛ր իմ մազերը, ուղղի՛ր հագուստներս. թող բռնավորը հիանալու չափ գեղեցիկ գտնե ինձ:

ՇԱՆՈԻՅՇ. — (անզգայաբար ուղղելով նրան) Դու գեղեցիկ ես, տիրուհի, գեղեցիկ` ինչպես հրեշտակ. բայց էլ ինչո՞ւդ է պետք գեղեցկությունը:

ՌՈԻԶԱՆ. — Բռնավորի աչքերն ու միտքը կուրացնելու... Այժմ դու դեպի ամրոցն` ես դեպի զոհերը: (Առաջանում է):

ՇԱՆՈՒՅՇ. — (վերջին անգամ արգելելով) Տիրուհի՛...

ՌՈՒԶԱՆ. — (ուժգին հրելով Շանույշին) Հեռո՛ւ, ասում եմ քեզ, համառ աղջիկ: (Վազում է դեպի բեմի խորքը):

ՇԱՆՈՒՅՇ. — (ընկնելով գետնին) Ա՛հ, ամեն բան վերջացավ...

Վարագույր

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Թաթարաց բանակը: (Տե՛ս երրորդ արարվածի տեսարանը):

Զորապետի խորանից քիչ հեռու կանգնած են մի շարք կապյալներ:

ՏԵՍԻԼ Ա

Ջոլա, Համտուն, Ա ծերունի, Բ ծերունի, պառավ

կին, մի շարք կապյալներ, որոնք հեռանում են

Բուրայի խորանից

ՋՈԼԱ. — (մոտենալով կապյալներին) Ինչի՞ համար եք հավաքվել, ի՞նչ էիք ուզում իմ եղբորորդուց:

Ա ԾԵՐՈԻՆԻ. — Գթություն, տե՛ր:

ՋՈԼԱ. — Գթություն ձե՞զ, մի՛ հուսար, ծերո՛ւկ: Քանի ձեր իշխանը ամրացած է բերդում, դուք չեք ազատվիլ մահից:

Ա ԾԵՐՈՒՆԻ. — Բայց ի՞նչ հանցանք ունի խեղճ ժողովուրդը:

ԶՈԼԱ. — Ոչինչ: Մեծերի համար ապրում է, մեծերի համար էլ պիտի մեռնի:

Ա. ԾԵՐՈՒՆԻ. — Բայց մի՞թե այդ արդարություն է:

ՋՈԼԱ. — Լռի՛ր, անպիտան, համարձակվում ես իմ առաջ արդարության մասի՞ն խոսել. հո չե՞ս կամենում, որ գլուխդ շների առաջ ձգվի ա՛յս վայրկյանին: (Հեռանում է):

ՀԱՄՏՈՒՆ. — (խոսող ծերունուն) Ինչո՞ւ չես կապ դնում լեզվիդ, բարեկամ. մի՞թե չգիտես, որ ձեռքերը կապված մարդը չպետք է լեզուն շարժե:

Ա ԾԵՐՈՒՆԻ. — Լեզուն, տեր իմ, սրտի գործիքն է և ոչ ձեռքերի:

ՀԱՄՏՈՒՆ. — Դու երևի սպասում ես, որ մի սուր ցցեն սիրտդ և հետո՞ լռես:

Բ ԾԵՐՈԻՆԻ. — Ուրեմն, տեր իմ, սա մի մեծ բախտ է, որ այստեղ, մեզ հետ գտնվում է մի հայ իշխան` ազատ ձեռքերով:

ՀԱՄՏՈԻՆ. — Ի՞նչ ես կամենում ասել:

Բ ԾԵՐՈԻՆԻ. — Այն, որ քո լեզուն կարող է խոսել:

ՀԱՄՏՈԻՆ. — Վե՞րջը:

Բ ԾԵՐՈԻՆԻ. — Գթա՛, ուրեմն, մեզ և բարեխոսիր մեր փրկության համար:

ՀԱՄՏՈՒՆ. — Ի՞նչ կարող եմ անել: Ես էլ այս բանակում մի գերի եմ ձեզ նման:

Բ ԾԵՐՈԻՆԻ. — Գերի՞, ո՛հ, ո՛չ. թաթարները մի գերիի հետ չեն վարվիլ այդպես սիրով: Դու դեռ երիտասարդ ես և չես կարող դառն փորձերի մեջ ալևորածին խաբել:

ՀԱՄՏՈՒՆ. — (բարկությամբ) Խաբե՞լ և ինչի՞ համար, հանդուգն ծերունի:

ՄԻ ՊԱՌԱՎ. — Որովհետև ամաչում ես ասել թե՝ դու մի մատնիչ ես:

ՀԱՄՏՈԻՆ. — Քաշի՛ր լեզուդ, գարշելի պառավ, ապա թե ոչ սուրս կլռեցնե նրան:

ՊԱՌԱՎ. — Իսկ աստծո անեծքի ձայնը ինչո՞վ պիտի լռեցնես:

ՀԱՄՏՈԻՆ. — (սուրը քաշելով) Դու շարունակո՞ւմ ես:

ՏԵՍԻԼ Բ

Առաջիններն եվ Բուրա

ԲՈՒՐԱ. — (հեգնությամբ ժպտալով) Իշխան... դահճի պաշտոնը կամենում ես թեթևացնե՞լ:

ՀԱՄՏՈԻՆ. — (ետ քաշվելով) Քեզ հայհոյողների թիվը կամենում եմ պակսեցնել, տե՛ր:

ՊԱՌԱՎ. — (ինքն իրեն) Վա՛տ և խաբեբա:

ԲՈԻՐԱ. — Արևս վկա, իմ հոր պալատում դեռ մինչև այսօր քեզ չափ հավատարիմ մեկը չտեսա:

ՀԱՄՏՈԻՆ. — Մարմնավոր իշխաններին հավատարիմ լինել մեր կրոնն է մեզ պատվիրում:

ԲՈԻՐԱ. — (հեգնությամբ) Քո հայրենակիցների մեջ, երևի, միայն դո՛ւ ես այդ կրոնը պաշտում:

ՊԱՌԱՎ. — Միայն դա՛ է, որ անարգում է այն:

ՀԱՄՏՈԻՆ. — (կատաղի հայացքով) Լեզո՛ւդ, անզգամ պառավ:

ՊԱՌԱՎ. — Պիտի անիծեմ քեզ, մինչև իմ վերջին շունչը:

ՀԱՄՏՈՒՆ. — Այդ շունչը երկար չի տևիլ:

ԲՈՒՐԱ. — Ուրեմն մի՛ վշտացնիր նրան, իշխան:

ՏԵՍԻԼ Գ

Առաջիններն եվ Ջոլա

ՋՈԼԱ. — (մտնելով) Բուրա, դու անծանոթ էիր հայի կամակորության:

ԲՈՒՐԱ. — Այստեղ մի փոքրիկ օրինակը տեսա:

ՋՈԼԱ. — Ավելի մեծը պիտի տեսնես:

ԲՈՒՐԱ. — Ի՞նչ է պատահել:

ՋՈԼԱ. — (դեպի ետ նայելով) Աբու, այստե՞ղ արի:

ԲՈՒՐԱ. — (անհամբեր) Ջալալն իմ առաջարկությունը մերժե՞ց:

ՋՈԼԱ. — Բավական չէ մերժումը:

ԲՈՒՐԱ. — Հապա՞:

ՋՈԼԱ. — Իսկույն կլսես:

ՏԵՍԻԼ Դ

Առաջիններն եվ Աբու

ԲՈԻՐԱ. — (Աբուին, որ մտնում է) Հա՛, ի՞նչ լուր բերիր:

ԱԲՈԻ. — Ջալալ իշիանը, տեր, քո մեծության հրամանն անարգեց:

ԲՈԻՐԱ. — (բարկացած) Կրկնի՛ր նրա պատասխանը բառ առ բառ:

ԱԲՈԻ. — Ասա՛ այն բռնավոր գազանին, պատասխանեց նա, թե ես ա՛յս րոպեին կիջնեմ դաշտը` իմ սրովս նրան պատասխանելու:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last