Մուրացան՝   Ռուզան

Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last

ՀԱՄՏՈԻՆ. — (ուրախանալով և ինքն իրեն) Ահա՛ թե ի՞նչ էի կամենում լսել... հրճվի՛ր այժմ, սի՛րտ իմ:

ԲՈԻՐԱ. — (կատաղաբար) Այդպե՞ս հանդգնեց պատասխանել այն շունը... Յուր դստեր փոխարեն նա յուր սո՞ւրն է առաջարկում ինձ: Լավ, ուրեմն: Ես այդ սուրը նրա գլխի հետ միասին իմ ոտքերի տակ կփշրեմ. նրա երկիրը արյան ու կրակի ծով կդարձնեմ: Մինչև մի քանի օր բոլոր այն շեները թող անապատ դառնան (կանչելով դեպի բեմի խորքը): Է՛յ, դահիճներ, առաջ անցեք: (Ներս են մտնում մի խումբ կարմրազգեստ դահիճներ, իրենց դահճապետի հետ):

Այստե՛ղ, իմ աչքի առաջ, նախ կոտորեցեք այս գլխավորներին (ցույց տալով կապյալների վրա), որոնք եկել էին իմ գթությունը հայցելու. մնացած խուժանը թող բաժին դառնա զորականի սրերին: (Դառնալով յուր դիմացը գտնվող կապյալներին): Ես ձեզ խոստացա կյանքերնիդ շնորհել, եթե ձեր իշխանն իմ առաջարկությունը կընդուներ: Բայց նա, ինչպես լսեցիք, ոչ միայն մերժել է այն, այլև խրոխտացել է թե` պիտի գա յուր սրովն ինձ պատասխանելու: Ուրեմն ես այժմ սուր քաշել կտամ ձեզ և ձեր դիակները կհրամայեմ դիզել նրա բերդի առաջ: Թող այդ հիմարը հասկանա, որ ես կատակ չեմ անում, և այնուհետև գա յուր պատասխանը տալու:

Ա ԾԵՐՈԻՆԻ. — (ծնկան վրա գալով) Գթություն, տե՛ր, մենք անմեղ ենք, այդ գիտես դու, գիտե և աստված:

Բ ԾԵՐՈԻՆԻ. — (ծնկան գալով) Խնայի՛ր մեզ, տե՛ր, դու ամենազոր ես, իսկ մենք` անպաշտպան:

ԲՈԻՐԱ. — (բարկությամբ) Լռեցե՛ք, թշվառականներ: (Դահիճներին): Դահիճնե՛ր, ձեր գործը տեսեք:

ՏԵՍԻԼ Ե

Առաջիններն եվ Ռուզան

ՌՈԻԶԱՆ. — (շտապով և շնչասպառ բեմը մտնելով և ձեռքը դեպի դահիճները պարզելով ճչում է) Ահ, ոչ, սպասեցեք... (Բոլորը ցնցվում են):

ԲՈԻՐԱ. — (դահիճներին) Սպասեցե՛ք:

ՀԱՄՏՈԻՆ. — (առանձին) Ա՛հ, Ռուզանը... բախտիս բախտիս անիվը դարձավ...

Ա ԾԵՐՈԻՆԻ. — Իշխանուհի, Ռուզան, դու այստե՞ղ...

ԲՈԻՐԱ. — (զարմացած) Ռուզա՞ն...

ՋՈԼԱ. — (Համտունին՝ հետաքրքրությամբ) Ո՞վ է այս կինը:

ՀԱՄՏՈԻՆ. — (հուզված) Նա է...

ՋՈԼԱ. — Բայց ո՞վ: (Հարցական հայացքով նայում է կես` Համտունին և կես՝ Ռուզանին):

ՌՈԻԶԱՆ. — (առաջ գալով) Հասան-Ջալալի աղջիկ Ռուզանը:

ՋՈԼԱ. — (զարմացած) Հասան-Ջալալի աղջի՞կը...

ՌՈԻԶԱՆ. — Այո՛, նույն ինքը: (Դառնալով Բուրային): Չարմաղան մեծ զորապետի որդի Բուրան դու լինելու ես, անշուշտ:

ԲՈԻՐԱ. — (համեստությամբ) Այո, քո բարեկամը:

ՌՈՒԶԱՆ. — Գուցե այս րոպեին, բայց ոչ առաջ:

ՋՈԼԱ. — (Համտունին) Այս կինը կախարդելու է եղբորորդուս:

ՌՈԻԶԱՆ. — (Բուրային) Դու պատգամավոր էիր ուղարկել հորս մոտ և պահանջել ինձ՝ քեզ կնության, հակառակ դեպքում պիտի կոտորեիր այս անմեղներին:

ԲՈՒՐԱ. — Այո՛, իշխանուհի:

ՌՈՒԶԱՆ. — Երկու օր առաջ սկսված էր իմ հարսանիքը: Ես պիտի ամուսնանայի այն երիտասարդ իշխանազնի հետ, որին երկար ժամանակից ի վեր սիրում եմ: Բայց ձեր անակնկալ հարձակումը մեր ուրախությունը փոխեց տխրության...

ԲՈԻՐԱ. — (ցույց տալով Համտունին) Այս իշխանը կարող է վկայել, որ ես ցավել եմ դրա համար:

ՌՈԻԶԱՆ. — Շնորհակալ եմ... Այդ ցավը, սակայն չէ արգելել քեզ պահանջել իմ հորից՝ ուղարկել յուր դուստրը քեզ կնության:

ԲՈւՐԱ. — Քո գեղեցկության գովեստն, որ այս իշխանն արավ, քեզ դարձրեց իմ սրտին կարի տենչալի:

ՌՈԻԶԱՆ. — Սակայն քո պատգամը մեր ամրոցը լցրեց վշտով:

ԲՈՒՐԱ. — Ինչո՞ւ, իշխանուհի, Չարմաղանի որդին մի բանով ավելի արժե, քան ա՛յն իշխանազնը, որին քեզ հայրդ պիտի տար:

ՌՈԻԶԱՆ. — Չարմաղանի որդին շատ ավելի արժե... Բայց այդ չէ խնդիրը... Մենք գարշում ենք ձեզանից ոչ թե նրա համար, որ դուք այլակրոն, կամ, ըստ մեզ` անհավատ եք, այլ, որովհետև ձեր սուրն ու ձեռքերը պղծվում են շարունակ անմեղների արյունով. որովհետև դուք ձեր հացը զանգում եք թշվառների արտասուքով: Այնտեղ, ուր կոխում է ձեր ոտքը, սփռում է ավեր և ապականություն, ահա՛ այս ամենի համար մենք ատում ենք ձեզ:

ՋՈԼԱ. — (անհանգիստ շարժումներով) Եղբորորդիս կամ գժվել, կամ անզգայացել է:

ԲՈԻՐԱ. — Լռի՛ր և լսիր, ծերո՛ւկ:

ՌՈԻԶԱՆ. — Եվ այսպես՝ եթե իմ հայրը մերժեց քո առաջակությունը, նա իրավունք ուներ, որովհետև ոչ մի ծնող չի հոժարիլ յուր դուստրը կնության տալ ա՛յն ազգի որդուն, որից ինքն ատում և որիթ գարշում է, սակայն ես, որ պաշտելու չափ սիրում եմ իմ փեսային և կյանքն առանց նրան համարում եմ դժոխք, այնուամենայնիվ, երբ իմացա թե՞ հորս մերժումը պիտի գրգռե ձեզ` այս անմեղները կոտորելու, և թե մերայինները չի պիտի կարենան ժամանակին այս մարդազոհն արգելել, գաղտուկ փախա մեր ամրոցից և միայնակ եկա այստեղ, որպեսզի արգելք լինիմ այն կոտորածին, որ իմ պատճառով պիտի լիներ: (Դեմքը Բուրայից կիսադարձ պարզում է ձեռը նրան): Ահա քեզ իմ ձեռը:

ԲՈՒՐԱ. — (Ռուզանի ձեռը ազնվաբար բռնելով) Իշխանուհի, դու ինձ հիացրիր ոչ միայն քո գեղեցկությամբ, որ երկնային է, այլև այն անձնվիրությամբ, որ ցույց տվիր դեպի թշվառ ազգակիցներդ: Քո խոսքերը թեպետ ծանր Էին ու դառն, բայց որովհետև ճշմարտություններ Էին, ուստի ես լսեցի ոչ առանց հաճության: Եվ ես քեզ անշուշտ կվերադարձնեի քո հոր գիրկը, եթե քեզ գտնեի պակաս արժանավոր: Բայց, ինչո՞ւ թաքցնեմ, այժմ արդեն քեզանից զրկվիլը ինձ համար կլինի մեծագույն կորուստ: Ուստի, որպեսզի դու չգարշես ինձանից՝ ես կսովորեմ այսուհետև հարգել քո կրոնը, որ կարողանում է այդքան արժանիքներ ծնեցնել մի աղջկա մեջ. ես կսիրեմ նաև ա՛յն ազգն ու ժողովուրդը, որ ծնում ու կրթում է քեզ պես զավակներ: Իսկ քեզ կտանեմ թաթարաց երկիրն` այնտեղի մեծագույն զարդը դարձնելու համար:

ՌՈԻԶԱՆ. — Դրա համար քեզանից խնդրելիք ունիմ:

ԲՈԻՐԱ. — Իմ բոլոր իշխանությունս տալիս եմ քո ձեռքը. հրամայիր, ինչ կամենում ես:

ՌՈԻԶԱՆ. — Ես խնդրում եմ քեզանից նախ՝ այս կապյալների և իմ հոր իշխանության մշտական ազատությունը և ապա (դառնալով դեպի Համտուն և հանդիսաբար նրան մատնացույց անելով) այս դավաճանի գլխատումը:

ԲՈԻՐԱ. — (դեպի դահիճներն ու զորականները) Արձակեցե՛ք բոլոր կապյալներին և թողե՛ք նրանց: (Ռուզանին): Իսկ քո հորը, տիրուհի, հենց այս վայրկյանից ազատ եմ հայտարարում յուր բացարձակ իշխանության մեջ: Ինչ վերաբերում է այս իշխանին (ցույց տալով Համտունի վրա), որին ես երբեք չհարգեցի, սա կգլխատվի մի քանի րոպեից: (Դառնալով դահճապետին): Դահճապետ, այս ապիրատի գլուխը մի ժամից կուղարկես Ջալալ իշխանին:

ԴԱՀՃԱՊԵՏ. — (մոտենալով Համտունին և ձեռքը նրա ուսին զարկելով) Գնանք, բարեկամ, իմ գործն էլ թեթևացավ: (Դուրս է տանում նրան):

Ա ԾԵՐՈԻՆԻ. — (ծնկաչոք դեպի Ռուզանը) Ազնիվ իշխանուհի, մենք պատրաստ էինք քեզ համար զոհվելու, իսկ դու այս ի՞նչ արիր... (ծերունուն ձայնակցում են բոլոր կապյալներն իրենց օրհնություններով):

ՌՈԻԶԱՆ. — Ինչ որ ես արի, նույնը սովորեցրեք ձեր զավակներին անել, և ձեր հայրենիքը կազատվի ցավերից:

Վարագույր

ՎԵՐՋԱԲԱՆ

Տեսարանը ներկայացնում է մի կանաչազարդ հովիտ, ուր բանակած են թաթարները: Բեմի աջ կողմը Բուրայի իշխանական վրանն է՝ կազմված մի քանի բաժանմունքներից, որոնց առաջինը ներկայացնում է կանանոցը՝ զարդարված կերպասյա, փնջազարդ վարագույրներով: Վրանի մեջ դրված է գեղեցիկ գահավորակ` մետաքսյա օթոցով և թավշյա բարձերով: Նրա վրա կռթնած է Ռուզանը, առջևն ունենալով բոլորշի փղոսկրազարդ սեղանիկ, որի վրա դրված է արծաթյա հուրան՝ ոսկյա գավաթի հետ:

ՏԵՍԻԼ Ա

Բուրա եվ Ռուզան

ԲՈԻՐԱ. — Ո՛վ իմ գեղանի, բոլոր ցանկություններդ արդեն կատարվեցան. քո հորն ու ժողովրդյան ես տվի ազատություն և ատելի Համտունին պատժեցի չարաչար: Այնուհետև ցանկացար, որ իմ զորքերը հանեմ քո հոր իշխանության սահմաններից, որպեսզի նրա երկրում տիրե ապահովություն. այս վերջին ցանկությունն էլ, ահա, կատարեցի: Այժմ մենք հեռի ենք Խաչենի հովիտներից և քո հայրենական լեռների միայն կատարներն ենք տեսնում: Արդ, հասել է ժամը, որ դու խոստումդ կատարելով` երջանկացնես ինձ: Օ՛ն ուրեմն, վանի՛ր թախիծը քո դեմքից և լուսալիր աչերդ արցունքներից ազատիր: Թող հրճվանքի արևը սիրուն ճակատդ ոսկեզօծե և շուրթերիդ վրա՝ սիրո ժպիտը խաղա: Թո՛ղ, որ ես մոտենամ քեզ, ո՛վ հավերժահարս, և սիրավառ կուրծքիս վրա այդ սիրուն գլուխդ հանգչեցնեմ:

ՌՈՒԶԱՆ. — Քո շնորհը դեպի ինձ՝ մեծ է, ո՛վ իշխան. բայց տո՛ւր ինձ, խնդրում եմ, մի փոքր ժամանակ:

ԲՈՒՐԱ. — (զարմացած և դժգոհ) Դարձյա՞լ ժամանակ. այս քանի՞երրորդ անգամ:

ՌՈՒԶԱՆ. — Ոչ ավելի, քան մի ժամ... Ես կամենում եմ քո հաճույքը կատարելուց առաջ՝ վերջին անգամ աղոթել և, դրա հետ միասին, կատարել մի սուրբ պարտք, որ ծանրանում է այժմ իմ խղճի վրա:

ԲՈՒՐԱ. — Գիտցի՛ր, ո՛վ Ռուզան, դու միակ կինն ես, որին ես այսքան զիջումներ եմ անում: Իմ հարեմի գեղեցկուհիների ամենից համառն անձնատուր է եղել ինձ մեր միայնության առաջին ժամում: Բայց քո ձայնն ու հայացքը հաղթահարում են ինձ, ուստի չեմ կամենում, որ առանց քո ցանկության, նույնիսկ, շունչս մոտենա քեզ: Ուրեմն ես նորեն տալիս եմ քեզ, ահա՛, մի ժամ ժամանակ: Բայց գիտցի՛ր, որ դա կլինի վերջինը: Այդ ժամն անցնելուց ետ՝ դու պիտի երջանկացնես ինձ քո սիրաշունչ համբույրներով: (Դուրս է գնում):

ՌՈԻԶԱՆ. — (աչքերը խոնարհած) Թող այդպես լինի, տե՛ր

ՏԵՍԻԼ Բ

Ռուզան (միայնակ)

Ահա՛, հասավ ժամը՝ վերջին պարտքը կատարելու, կյանքին և աշխարհին վերջին բարևը տալու... Օ՛ն, ուրեմն, սի՛րտ իմ, զորացի՛ր և գործի՜ր պարտքերից ծանրագույնը կատարի՛ր քաջությամբ: Այն խաչը, որ մինչև այստեղ հոժարամիտ կրեցիր, այժմ պիտի փառավորես քո կյանքի գնով... Թո՛ղ երկյուղն ապշե՝ արիությունդ տեսնելով. թող մահն ամոթից կարմրի քո առաջ... (հանում է մատանին և գոհարը բարձրացնելով՝ նայում է տակը պահված թույնին) Դո՛ւ, որ այդքան փոքր ես և, սակայն, ահավոր զորություն ունիս քո մեջ. դո՛ւ, որ եղծանում ես արարչի հրաշակերտը` նրա երակների արյունը սառեցնելով և զգացմունքների անոթը փշրելով, անշուշտ, ստեղծված ես ո՛չ միշտ չարիքներ ծնանելու համար, և ո՛վ դիմում է քո օգնությանը` չէ՛ միշտ հանցավոր և անիծապարտ...Երբ բախտի չար կամքով դառնանում է սրտի անուշ քաղցրությունը, երբ բռնության շնորհիվ սիրո արքայությունը փոխվում է դժոխքի, երբ ապականությունը զորանալով` սպառնում է առաքինությանը նախատական կորուստ, այն ժամանակ դու, ո՛վ մահաբեր թույն, դառնում ես տենչալի և արդա՛ր հոգվույն. և եթե նրան բաժանում ես մարմնից և սատար լինում երկինք վերանալու, դրանով արդեն գործում ես բարիք՝ ազատելով հոգին մեղսածին կապերից: (Մատանին խրում է ոսկյա գավաթի մեջ) օ՛ն, ուրեմն, իջի՛ր հատակն այս ջրի, որ հոսել է իմ երկրի կուսական լեռներից. հաղորդի՛ր սրան քո բոլոր զորությունը, թունավորի՛ր սրա վերջին կաթիլը, որպեսզի սա սրտիս բերե հավիտենական քուն և փրկե հոգիս սիրատանջ վշտերից.... տեղից բարձրանալով՝ նայում է հեռուն): Այժմ մնաք բարով, հայրենի լեռնե՛ր, հայրենի երկի՛նք, հայրենի արև, ձեզ վրա նայում եմ ես վերջին անգամ և ձեզ նվիրում իմ ետին շունչը, իմ օրհնությունը... Մնաս բարով և դու, հայո՛ց ժողովուրդ, քեզ սիրեցի ես կաթոգին սիրով և քո փրկության սեղանի վրա (բարձացնում է թունալից գավաթը) դնում եմ, ահա՛, իմ ողջակեզը... Ընդունի՛ր այս զոհը և աղոթի՛ր աստծուն, որ սա լինի վերջինը այն անբավ զոհերի, որ քո որդիքը բերին քեզ կամակար... (խմում է թույնը և վրանի վարագույրը քաշելով՝ մտնում է նրա խորքը):

ՏԵՍԻԼ Գ

Գուժկան, զինվորներ, Ջոլա եվ Բուրա

ԳՈՒԺԿԱՆ. — (աղմուկով ներս վազելով) Օ՛ն, ի զե՛ն, եղբա՛յրք, թշնամին հասնում է:

ԶԻՆՎՈՐՆԵՐ. — (շրջապատելով գուժկանին) Ովքե՞ր են, ո՞ր կողմից...

ԳՈՒԺԿԱՆ. — Հայերը, հայերը, ահա՛ մեր ետևում:

ՋՈԼԱ. — (դուրս վազելով վրանից) Ի՞նչ աղմուկ է այս:

ԲՈԻՐԱ. — (դուրս գալով մյուս վրանից) Ո՞վ է համարձակվում մեր հանգիստը վրդովել:

ԳՈՒԺԿԱՆ. — Տեր իմ, հայերը վրա հասան հանկարծ. մեր վերջապահները կռվի բռնվեցան, բայց չկարողանալով դիմադրել նրանց, կիսով չափ ջարդվեցան և փախուստ դարձան:

ԲՈԻՐԱ. — (վրդովված) Իսկ մեր հեծելազո՞րը...

ԳՈՒԺԿԱՆ. — Պատահեց թշնամուն այս հովտի բերանում և կռվում է նրա հետ:

ՋՈԼԱ. — (կատաղաբար) Անիծյալնե՛ր, դավաճաննե՛ր, մինչև այդտեղ հանդգնեցա՞ն...

ԲՈԻՐԱ. — (դեպի զորականը) Ազդարարնե՛ր, նշան տվեք, թող ամենքը զենքի դիմեն: (Թմբուկները զարկում, շեփորները հնչում են. ամենքը շտապով դիմում են զենքի):

ՋՈԼԱ. — (Բուրային) Ես գիտեի, որ վաղ թե ուշ այս չարիքը պիտի հասներ:

ԲՈԻՐԱ. — Հորեղբայր, չարիք սերմանողը՝ չարիք էլ հնձում է:

ՋՈԼԱ. — Բայց դու բարիք արիր այդ անիծյալ հայերին, էլ ուրիշ ի՞նչ են ուզում:

ԲՈԻՐԱ. — Եկել են, անշուշտ մեր գողոնը խլելու:

ՋՈԼԱ. — Ի՞նչ գողոն, տղա՛ս, Ջալալի գանձերը հո չառի՞նք:

ԲՈԻՐԱ. — Գանձերից թանկագինը գտնվում է մեր վրանում... բայց խոսելու ժամանակ չէ. աճապարենք գործել (թիկնապահներին): Հապա քաջեր. իմ նժույգը: (Թիկնապահներն շտապում են նժույգներ բերել):

ՋՈԼԱ. — Եվ ի՛մը շուտով:

ՏԵՍԻԼ Դ

Ներս են վազում մի խումբ փախստյալներ

ԲՈԻՐԱ. — Այս ի՞նչ է, փախստյանե՞ր...

ՄԻ ՓԱԽՍՏՅԱ. — Տեր-Նուին, հայերը սաստիկ թափով մեզ ցրվեցին:

ԲՈԻՐԱ. — (զայրացած) թշվառականներ, դուք համարձակվում եք փախչել, երբ մենք դեռ նոր ենք սուրը մերկացնում:

ՓԱԽՍՏՅԱ. — Տեր իմ, անկարելի է դիմադրել:

ԲՈՒՐԱ. — Քաշի՛ր լեզուդ, կնամա՛րդ, (մյուսներին և զորականին), օ՛ն, ամենքդ հառա՛ջ (սուրը հանելով դիմում է բեմի խորքը):

ՋՈԼԱ. — Հառաջ, օ՛ն հառաջ... (հետևում է Բուրային): (Զորքերը գոռալով հետևում են նրանց):

ՏԵՍԻԼ Ե

Բեմից դուրս սկսում է ընդհարումն, շփոթ, աղաղակ, զենքերի շաչյուն. իրար ետևից մտնում են բեմը թաթար փախստյաներ, որոնք խմբակներով փախչում են այս ու այն կողմը: Ապա երևում են հայոց ու թաթարաց ախոյաններ, որոնք մենամարտելով՝ մտնում են բեմը, ուր ոմանք ընկնում, և ոմանք փախուստ են տալիս: Սրանց հետևում են ուրիշ ախոյաններ, որոնք նույն ձևով կռվելով անցնում են բեմից: Լսվում են մոտեցող թմբուկների ու փողերի ու փողերի ձայներ, հաղթական աղաղակներ: Ներս են մտնում հայոց իշխաները՝ Ջալալ, Զաքարե, Ներսեհ, Սմբատ, Ումեկ, իրենց թիկնապահներով. նրանց հետևում են զորախմբերը:

ՋԱԼԱԼ. — (Ներսեհին) Հապա, իմ քաջ, առաջ անցիր, Ռուզանս գտի՛ր:

ՆԵՐՍԵՀ. — (դիմելով դեպի առաջին պատահած վրանը)

Այս վրանը դատարկ է:

ՋԱԼԱԼ. — (ցույց տալով կանանոցը) Ահա՛ կանանոցը, այստե՛ղ որոնիր:

ՆԵՐՍԵՀ. — (կանանոցի վարագույրը քաշելով) Ահա այստեղ է մեր սիրո հրեշտակը (մոտենալով Ռուզանին) Ողջույն քեզ, պաշտելիդ իմ:

ՋԱԼԱԼ. — (ներս վազելով) Այստե՞ղ է Ռուզանս. (փարվելով աղջկանը). ո՛վ իմ անգին զավակ:

ՌՈՒԶԱՆ. — (դժվարությամբ բարձրանալով գահավորակի վրա) Ներսեհ... հայր իմ... դուք այստե՞ղ... Ո՜վ ամեազոր աստվա՛ծ...

ՋԱԼԱԼ. — (անհանգստությամբ) Այս ի՞նչ է, դու հիվանդ ես, սիրեցյա՛լ զավակս:

ՆԵՐՍԵՀ. — Գուցե մի չարի՞ք հասավ քեզ...

ՌՈԻԶԱՆ. — Օ՛, ոչինչ. այս շուտով կանցնի... Աստվա՛ծ իմ, ինչպե՜ս ուրախ եմ. ուրեմն դուք այստե՛ղ, իմ շուրջն եք... և այս երազ չէ, սիրեցյալ հա՛յր, սիրելի հորեղբա՛յր, և դո՞ւ Ներսե՛հ, և դո՞ւք իշխաններ, ողջույն ձեզ. օ՛, որքան երջանիկ եմ, որ նորեն տեսնում եմ ձեզ... դե՛հ, պատմեցեք այդ ինչպե՞ս եղավ, ինչպե՞ս հասաք այստեղ...

ՋԱԼԱԼ. — Աստուծո օգնությամբ, սիրելի զավակս:

ՌՈՒԶԱՆ. — Բայց պատմեցեք, ես ուզում եմ լսել:

ՆԵՐՍԵՀ. — Հենց որ թշնամին ամրոցի մոտից հեռացավ, մենք դուրս եկանք բերդից մեր սակավաթիվ զորքերով: Հիսնապետներին ցրեցինք գյուղերը զորաժողով անելու, իսկ մենք քայլ առ քայլ հետևեցինք թշնամուն: Երկու օրվա ընթացքում մեր շուրջը ժողովեցան հինգ հազար քաջեր, որոնց հետ միասին և հարձակվեցանք թշնամու վրա: Թաթարաց գնդերը չվում էին զատ-զատ. մի քանի կետերում մենք նրանց ջարդեցինք, իսկ մի քանիսում՝ փախուստ դարձրինք: Վերջին դիմադրությունը եղավ (ցույց տալով) այս հովտում, ուր մեռնողների թվում դժոխք ուղարկեցինք ծերուկ Ջոլային: Բայց Բուրա-Նուինը փախչողների հետ ազատվեց:

ՌՈՒԶԱՆ. — Օրհնյա՛լ է աստված... իսկ մեր քաջերից մի՞թե շատերն ընկան:

ՆԵՐՍԵՀ. — Հազիվ մի երկու տասնյակ զինվոր...

ՌՈՒԶԱՆ. — Իսկ իշխաննե՞րը՝ բոլո՞րը ողջ են:

ՍՄԲԱՏ. — Միայն Պապաքը զոհ գնաց յուր անխոհեմության: Նա կամեցել էր դասալիք լինել, ուստի և զինվորներից նետահար եղավ:

ՌՈՒԶԱՆ. — (դժվարաշունչ) Ուրեմն աստուծո աջը օգնաթյան է հասել ձեզ... օրհնվի նրա անունը հավիտյա՛նս հավիտենից...

ՋԱԼԱԼ. — (անհանգստությամբ) Բայց քեզ ի՞նչ է պատահում, զավակս, դու հետզհետե նվաղո՞ւմ ես...

ԶԱՔԱՐԵ. — Ի՞նչ չարիք է հասել քեզ, Ռուզան, խոսի՛ր հայտնապես:

ՆԵՐՍԵՀ. — Խոսի՛ր Ռուզան, քո դեմքի դալուկը սարսափեցնում է ինձ:

ՍՄԲԱՏ. — Միգուցե ապիրատի մեկը հարվածեց քեզ շփոթի Ժամանակ:

ՌՈՒԶԱՆ. — Ես, այո՛, հարված ստացա, բայց ոչ ուրիշի, այլ իմ ձեռքից...

ՋԱԼԱԼ. — Քո ձեռքի՞ց... Դու, ուրեմն, վիրավորեցի՞ր քեզ:

ՌՈՒԶԱՆ. — Ես թունավորեցի ինձ...

ՋԱԼԱԼ. — (սարսափահար) Դո՞ւ... թու...նավորեցի՞ր քեզ...ով անբախտ զավակ...

ՆԵՐՍԵՀ. — (հուսահատաբար) Ո՛վ զարհուրելի գույժ. ինչո՞ւ երկինքը չէ փլչում մեր գլխին...

ՌՈՒԶԱՆ. — Մի՛ տխրիք և մի հուսահատիք... ես երջանիկ եմ, որ պիտի մեռնեմ ձեր գրկերում...

ՋԱԼԱԼ. — (վշտահար) Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ կամեցար մեռնել... մի՞թե բավական չէր քո փախուստը...

ՌՈՒԶԱՆ. — Օ՛, հայր իմ, մի՛ կշտամբիր ինձ... եթե ես չփախչեի, եթե ես չզոհեի ինձ, թշնամին չէր հեռանալ քո բերդի ստորոտից...

ԶԱՔԱՐԵ. — (տխրահռչակ) Եվ մենք չէինք կարող զորաժողով անել և երկրի փրկությունը սրով ձեռք բերել:

ՍՄԲԱՏ. — (առանձին) Ճշմարիտ է ասում, սա ինքն է մեր փրկիչը...

ՆԵՐՍԵՀ. — (հուզված) Բայց մեզ փրկելուց ետ ինչո՞ւ կամեցար մեռնել...

ՌՈԻԶԱՆ. — (նվազաձայն) Որպեսզի թշնամու ձեռը չփարեր քո հարսնացուին...

ՋԱԼԱԼ. — Մի՞թե չգիտեիր, որ քո հայրը չէր թողիլ քեզ նրա ճանկերում:

ՌՈԻԶԱՆ. — Գիտեի. բայց չուզեցի որ թշնամին ճանաչեր ինձ իբրև գործիք դավադրության... Կամեցա, որ աշխարհն իմանա թե՝ հայ աղջիկը կարող է զոհվել, բայց երբեք խաբել...

ՋԱԼԱԼ. — (լալագին) Ո՛վ իմ աննման զավակ...

ՈՒՄԵԿ. — (իշխաններին) Բայց ո՞վ մատակարարեց սրան թույնը:

ՌՈԻԶԱՆ. — Մի՛ բարի հոգի...

ՍՄԲԱՏ. — Ահա՛ այս գավաթի մեջ է մեզ ամենքին հայտնի Թենիի մատանին:

ՆԵՐՍԵՀ. — (վեր թռչելով) Թենիի մատանի՞ն... (մոտենում է դիտելու):

ՋԱԼԱԼ. — (զարհուրագին) Թենիի մատանի՞ն... Օ՛, որդեսպան (Ռուզանին). ուրեմն այդ պառա՞վը մատակարարեց քեզ թույնը...

(Ամենը սարսափի բացականչություններ են անում):

ՌՈԻԶԱՆ. — Նա մի բարի գործ կատարեց. ների՛ր նրան, հայր իմ...

ՋԱԼԱԼ. — (զայրագին) Ներել նրան. օ՛, ոչ. միակ և առաջին արյունը, որ պիտի թափվի իմ ամրոցում կլինի այդ ժանտ պառավի արյունը...

ՌՈԻԶԱՆ. — (վերջին շնչում) Ների՛ր նրան, հայր իմ, քեզ խնդրում է զավակդ յուր վերջին շնչում...

ՋԱԼԱԼ. — Բայց նա...

ՌՈԻԶԱՆ. — (ընդհատելով) Այո՛ Թենին կին է, կնոջ միշտ պետք է ներել...

ՋԱԼԱԼ. — (արտասվագին) Իսկ դու, զավակս, դու արդեն թողնում ես մեզ...

ՌՈԻԶԱՆ. — (վերջին շնչում) Թողնում եմ... այո՛, բայց հանգիստ և ուրախ... հավիտյան ձեզ օրհնելով... — մնացեք բարով, հայր իմ... և դու Ներսեհ... և դուք, իշխաններ... տարեք իմ ողջույնը տարաբախտ մորս... աղաչեցեք, որ ներե ինձ և աղոթե ինձ համար... (հետզհետե նվաղելով՝ ընկնում է գահավորակի վրա):

ՋԱԼԱԼ. — (հեկեկալով և Ռուզանին գրկելով) Ո՛վ իմ աննման, ո՞ւր թողեցիր ինձ...

ՆԵՐՍԵՀ. — (ծնկան գալով գահավորակի առաջ) Ռուզան, Ռուզան...

ԲՈԼՈՐԸ. — (հեկեկում են):

Վարագույր

ՎԵՐՋ

Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last