Մուրացան՝   Պատմվածքներ

Ես այժմ ամեն բան հասկացա, ես էլ չեմ զղջում, — շուտ շուտ կրկնում էր, նաև յուր ցնծությամբ լի աչքերը դարձնում մերթ ինձ և մերթ տեր-Հովհաննեսի վերա:

Երբ օգնական պատերների միջամտությունը սպասված ընդունելությունը չգտավ, կրկին քարոզիչը վիճաբանության մեջ մտավ Տեր-Հովհաննեսի հետ: Բայց տեր-հայրը դեռ չէր պատասխանել նրան, երբ դիմացի դուռը բացվեցավ, և Մարգարիտան ներս մտավ հավատաքննական ատյանը:

Բոլորը լռեցին և ուղղվեցան իրենց աթոռների մեջ. իսկ իմ մարմնի վրայից անցավ մի հանկարծական սարսուռ...

Մարգարիտայի դեմքը թեպետ տխրությունից դալկացած, բայց յուր աչքերը զայրույթից վառվում էին. նա այդ րոպեին և՛ գեղեցիկ, և՛ զարհուրելի էր... Հառաջանալով դեպի հավատաքննիչները, նա կանգնեց նրանց դեմ առ դեմ և սրտմտությունից դողացող ձայնով ասաց.

Պատվելիներ, դուք շատ խոսացիք և ապարդյուն խոսացիք. այժմ հերթն իմն է, ուրեմն ինձ լսեցեք: — Ձեր բոլոր վիճաբանությունները, ձեր քննությունները և ընդդիմախոսությունները ինձ համար են. դուք կամենում եք փրկել իմ հոգին դժոխքից, շնորհակալ եմ ձեր հոգատարության համար: Բայց թույլ տվեք ինձ անկեղծ լինել և խոստովանել իմ զգացումները և հավատը: — Ես սիրում եմ այս երիտասարդին, (նա այդ ժամանակ մատնացույց արավ ինձ վերա), և իմ հոգին մեր միությունից չի կորչիլ: Այս երիտասարդին եմ նվիրել ես իմ սիրտը, այս երիտասարդին էլ կնվիրեմ այդ հոգին... Ազատեցե՛ք մեր տունը ձեր խռովարարությունից, դարձրե՛ք մեզ մեր ընտանեկան խաղաղությունը...Եթե դուք քրիստոնեությունն եք պաշտպանում, քրիստոնեությունը իմ խնդիրքի մեջ է, պատկառ կացեք նրան: Բայց դուք կամենում եք դեռ երկար համառել, հավատացեք, որ այդ համառումը ապարդյուն կլինի, որովհետև ես իմ կամքիս հաստատ եմ և իմ զգացմունքներիս հավատարիմ:

Այս ասելով նա մի մտերմական, բայց դեռ զայրույթից անբաժան ակնարկ ձգեց ինձ վերա և դուռը շառաչմամբ փակելով, դուրս գնաց:

Պ. Լուսինյանը մնացել էր ապշած, ես և տեր-Հովհաննեսը հիացել էինք, իսկ հավատաքննիչ պատերները ձեռնամբարձ աղոթում էին դեպի Պիոս 9-րդի պատկերը:

Մի քանի րոպեից հետ տեր-հոր ընկերակցությամբ ես էլ դուրս գնացի հավատաքննական ատենից: Թե ինչ պատահեց այնուհետև պատերների հետ, ես չիմացա:

ՄԻ ՆՈՐ ՓՈՐՁ

Մեր հավատաքննական հաշիվը կաթոլիկ կղերի հետ վերջացնելուց հետո պ. Լուսինյանը բոլորովին փոխվել և նոր հոգի ու սիրտ էր ստացել: Այն բոլոր վշտերը, որ նա յուր վարմունքով պատճառել էր ինձ և Մարգարիտային, այժմ աշխատում էր մոռացնել տալ մեզ: Նա ինքը զանազան զվարճություններ էր պատրաստում մեզ համար, դաշտային զբոսանքների էր հրավիրում մեզ և տխուր անցքերի հիշատակը մեր մտքերից գլխովին ջնջելու համար փոքրիկ խնջույքներ էր սարքում յուր տան մեջ կամ այգիում և հրավիրում ինձ և Մարգարիտային սիրելի ընկերությունները:

Ճշմարիտ սիրող սրտերը չափազանց դյուրազգաց են լինում, որքան շուտ են վիրավորվում նրանք մարդիկների անիրավությունից, նույնչափ շուտ էլ խանդաղատվում են նրանց բարությունով: Ապագայի փոքրիկ քաղցրության հասնելուն պես անցյալի մեծ դառնությունները երազի նման անհետանում են սիրող մարդու աչքում, որովհետև սերը ինքը տրամադիր է միշտ չարությունը մոռանալու: Տվեք նրան երջանիկ լինելու համար մի օր, և նա կներե ամբողջ տարիների ընթացքում ձեր յուր դեմ լարած մեքենայությանց բոլոր հանցանքը...

Զարմանալի չէր լինիլ ուրեմն, եթե ես և Մարգարիտան նույնպես հեշտությամբ մոռացության տայինք մեր կրած վշտերը: Առաջին անգամ երբ ես կրկին լսեցի Լուսինյանից, որ նա չէ մերժում այլևս յուր դստեր ձեռքը ինձ տալու, ուրախությունից չգիտեի ինչ անել: Մարգարիտան այդ ժամանակ կանգնած էր ինձ մոտ ներքին հրճվանքից այրվող երեսով, յուր հոր վճիռը լսելուն պես մեր հայացքները ուղղվեցան միմյանց, և մենք ինքնաբերաբար գրկախառնվեցանք, ջերմությամբ սեղմվեցինք իրար և արտասվեցինք... այդ րոպեին ես էլ ուրիշ բան չէի հիշում բացի այն, որ Մարգարիտան իմ գրկումս էր, որ Մարգարիտան իմն էր

«Օ՛ն և օ՛ն, էլ ոչ մի ույժ, էլ ոչ մի մեքենայություն չէր կարող խլել նրան ինձանից, — մտածում էի ես, — այս անգամ ես Մարգարիտային իմ կրծքի վերա, իմ գրկերի մեջ պիտի պահեմ. առաջ մահ և ապա թե պարտություն...»:

Երկու օր անցավ, երկու երջանիկ օրեր: Ամեն բան լավ էր գնում, վերքերը արդեն բուժվել էին, սերը ապրում էր...

Մենք նորեն ձեռք առինք այն մենավոր զբոսանքները, որոնք սնունդ և կյանք են տալիս սիրահարներին: Մեր զրույցները թեպետ մի առ ժամանակ անցյալ վշտերին և մեր դեմ լարած մեքենայություններին էին նվիրված, բայց շուտով էլ նախնի կերպարանքն առին: — Սիրել, սիրվիլ, ամուսնական երջանկություն, ապագայի երջանկություն... ահա այն խնդիրները, որոնք զբաղեցնում էին մեզ:

Շուտով քաղաքի մեջ էլ սկսան խոսել մեր մոտալուտ հարսանիքի վերա և զվարճասեր օրիորդները դարձյալ տուալետներով գբաղվիլ սկսան:

Բայց «մարդը մտադրվում է, աստված կարգադրում է». դեռ ոչ ոք չէր գուշակել այն, ինչ որ կատարվեցավ:

Լուսինյանի վերջնական համաձայնությունը առնելուս երրորդ օրն էր: Համաձայն մեր նախընթաց ավուր ժամադրության ես մեր տան մեջ սպասում էի Մարգարիտային: Բայց որոշյալ ժամանակից մի քանի ժամ արդեն անցել էր, և նա չէր երևում: Ես սկսում էի անհանգստանալ. մի փոքր հետո որոշեցի գնալ իրեն մոտ: Բայց դեռ նախասենյակից դուրս չէի եկել, երբ Մարիին տեսա, որը գալիս էր ինձ մոտ:

Բարի լինի գալուստդ, ի՞նչ կա, — հարցրի ես.

Մարին ոչինչ չպատասխանեց և տվավ ինձ մի նամակ: Նրա լռությունը և դեմքի չափազանց տխրությունը արդեն գուժում էին ինձ մի նոր դժբախտություն: Ես շտապ շտապ բացի նամակը և կարդացի.

«Սիրեցյալդ իմ Արամ:

Որքան էլ դու հավատում էիր մեր բախտին, այսուամենայնիվ ես թերահավատում էի, թեպետ չէի արտահայտում այդ զգացմունքը, թերահավատում էի, որովհետև մի անգամ այս բախտը սկսել էր գլորվիլ և պիտի մինչև վերջը գլորվեր... Մի նոր դժբախտություն էլ այսօր երևան եկավ. պատրաստվիր նրան էլ քաջությամբ դիմավորելու, մինչև որ ես կգամ քեզ մոտ: Այս անգամ ես զգում եմ արդեն, որ կարող եմ հերոսուհի լինել. պատրաստվիր ինձ հետ միասին հերոսանալու: Դժբախտության մեջ երջանկություն գտնել անկարելի են համարում փիլիսոփաները, բայց մենք կապացուցենք դրա կարելիությունը:

Այսօր քեզ հետ կդարձնեն քո նշանատվության ընծաները. ընդունի՞ր նրանց անվրդով, առանց տխրության, որովհետև նրանց մեջ չես գտնիլ այն ընծան, որ ամենից թանկագին է և որը քո հոգին է նվիրել ինձ. նա պահվում է իմ կրծքի տակ և մարդկային ձեռքը անզոր է նրան այնտեղից դուրս խլելու:

Մինչև ընդ փույթ ցտեսություն:

Քո Մարգարիտա»:

Նամակը կարդալուց ետ իմ սիրտը բոլորովին հանգիստ էր. Մարին զարմացավ իմ սառնասրտության վերա:

Գնա՛ և ասա՛ Մարգարիտային, որ ես չտխրեցի, — ասացի նրան և դուրս գնացի պատշգամբ:

Բայց որովհետև քույրս դեռ ոչինչ չգիտեր և կարող էր այլայվիլ եթե իմ նշանատվության ընծաները հետ բերեին մեզ, ուստի նրան էլ կանչեցի ինձ մոտ և նամակը կարդացի իրեն:

Ինչպե՞ս կարող էր լսել մի թույլ կին այս հայտնությունը. հենց այդպես էլ լսեց նա: Կսկիծ, զայրույթ, հոգեկան այլայլություն և վերջը վհատություն ու լաց՝ ահա այն զենքերը, որոնցով իմ քույրը դիմավորեց իմ հաղորդած չարագույժ նորությանը:

Բայց ես սկսա համոզել, խոսքերով մխիթարել նրան, հասկացնելով, որ ինձ ոչինչ տխրություն չեն կարող պատկառել հետ դարձող ընծաները, բավական է, որ Մարգարիտան այս դեպքում այնքան արիություն է ցույց տալիս:

Քիչ ժամանակ չանցած մեզ մոտ մտավ ոստիկանական մի պաշտոնյա, քաղաքի նոտարի հետ միասին:

Մենք ձեզ մի քանի իրեղեններ ունինք հանձնելու համաձայն այն հրամանին, որ Սարատովի գերապայծառը նույն տեղի ոստիկանության միջոցով հեռագրով հաղորդել է մեր ոստիկանատանը, — ասաց պաշտոնյան և բանալով յուր անթի տակ առած արկղիկը, հանեց նրա միջից իմ նշանատվության ընծաները և մի մի համարելով հանձնեց ինձ: Հետո նոտարը բացավ մի մատյան, որի մեջ ցուցակագրված էին այդ իրեղենները և ինձ առաջարկեց ստացումս ստորագրելու: Ես իհարկե կատարեցի այդ առաջարկությունն էլ:

Այս պաշտոնական այցելությունը վերջացնելուց հետ մեր անծանոթ հյուրերը քաղաքավարությամբ ողջունեցին մեզ և դուրս գնացին:

Թեպետ ես շատ լավ համոզված էի, որ մեզ բերած անշունչ առարկաները չէին մեր սիրո պատճառն ու գրավական, թեպետ ես գիտեի, որ ոչ մի պաշտոնական նշանադրություն կամ քահանայական օրհնություններ չէին կարող սրտեր կապել և մի ամուսնություն երջանիկ անել, եթե սերը չէր սրտերի կապը, եթե սերը չէր ամուսնության թագադիրը, այսուամենայնիվ ես չկարողացա այդ ժամուն զսպել իմ վրդովմունքը: Այդ հետ դարձրած ընծաները իմ .աչքում մի մի կենդանի հոգիներ էին երևում, սևասքող և տխրադեմ, ես երկար նրանց նայել չկարողացա և հրամայեցի քրոջս հեռացնել իմ աչքից: Մինչև այդ, ես դեռ մի փոքր արիություն էի պահպանում, բայց երբ քույրս մոտեցավ գոհարներին և նրանց մինը վերցնելուն պես լաց եղավ, ես այլևս չկարողացա զսպել ինձ. ես էլ իսկույն արտասվեցա... Բայց ամոթից թաքցրի այդ արտասուքները և դուրս գնացի:

Երեկոյան դեմ Մարգարիտան եկավ ինձ մոտ: Այդ միջոցին ես միայնակ նստած իմ սենյակում խորասուզվել էի տխուր մտածմունքների մեջ: Ես մինչև անգամ մոռացել էի, որ Մարգարիտան ժամադիր էր եղել ինձ այցելելու, և նրան չէի սպասում:

Մտնելով սենյակս նա ժպտալով ողջունեց ինձ: Ես բոլորովին շվարած նայեցի նրա վերա:

Զարմանո՞՜ւմ ես, որ ես տխրամած դեմքով չեմ հանդիպում քեզ, — հարցրեց նա:

Մի՞թե չպետք է զարմանամ, — պատասխանեցի ես և դողդոջուն ձեռքով նրա աջը սեղմեցի:

Եթե դու հոգեբան լինեիր, ինձ կհասկանայիր, — պատասխանեց նա, — շատ անգամ ծայրահեղ չարիքները մեծամեծ բարիքներ են ծնեցնում, որովհետև թշվառության ծանրությունը ստիպում է մարդիկներին զգաստանալ և հաղթահարել նրան: Եթե չար ոգիները այսքան եռանդով զինվեին իմ բախտի դեմ, երբեք ես չէի վստահանալ նրանց դեմ ապստամբվելու: Այժմ չոր փայտի հետ դալարն էլ պիտի այրվի, եսարդեն որոշել եմ:

Մարգարիտան այնպիսի հաստատուն ձայնով արտասանեց յուր այս խոսքերը, որ ես մի վայրկյան սարսափեցի:

Ի՞նչ ես որոշել դու անելու, — անհանգստությամբ հարցրի ես, — քո ողջույնի ժպիտը ուրախության ժպիտ չէր. այլ հուսահատության, ասա ինձ, մի՞թե դու որոշել ես ինձ կրկնապատիկ անբախտացնելու...

Անբախտացնել, ինչու՞ համար, — բացականչեց նա ոգևորությամբ, — ես կամենում եմ դեռ ապրել և քեզ հետ միասին երջանկանալ: Մի՞թե դու կարծում ես, թե ես անձնասպանության վերա՞ եմ մտածում, բնավ, դեռ իմ հոգին այդքան ընկճված չէ, դեռ ես պետք է ապրեմ իմ թշնամիներին վրեժխնդիր լինելու համար...

Մարգարիտա, դու ինձ հիացնում ես, ի՞նչ ես որոշել դու, ասա՞ շուտով, ես կամենում եմ իմանալ:

Ես քեզ կասեմ, բայց ո՛չ այստեղ, — պատասխանեց նա, — գնանք դուրս, դու ամբողջ օրը սենյակումն ես փակվել, այդ լավ չէ: Բացի այդ, ես կամենում եմ մի քիչ զբոսնել քեզ հետ այգում: Գնա՛նք, ամեն բան դու այնտեղ կլսես:

Ես հնազանդվեցա:

Քույրս երևի կարծելով, որ ես արդեն քնանում եմ իմ սենյակում, ինքն էլ միամտվել և քնել էր յուր ննջարանում: Ես չկամեցա արթնացնել նրան, բայց կասկածելով, որ այսպիսի միջոցներում իմ բացակայությունը կարող էր նրան անհանգստացնել, պատվիրեցի ծառային հայտնել նրան մեր տեղը և ապա մենք դուրս գնացինք:

Երբ այգին հասանք, արեգակը խոնարհվում էր դեպի յուր մուտը. նրա վերջին ճառագայթները խաղում էին կանաչազարդ ծառերի կատարների վերա: Երեկոյան հովին արդեն տեղի էր տվել ցերեկվա տոթը, և այգվո մենավոր ճեմիլիքների մեջ հետզհետե խռնվում էին զբոսնողների խմբակները: Մարդիկներից չտեսնվելու համար մենք հեռացանք մի ամենախուլ անկյուն, ուր գրեթե վերջանում էր այգվո ծառաստանը և սկսվում ծովի ավազուտը, և նստեցինք անձրևի ու ալիքների հարվածներից մաշված մի նստարանի վերա:

Դու կամենում էիր իմ որոշման համար լսել, — հարցրեց Մարգարիտան:

Ոչ, ամենից առաջ դու ինձ այն օրվա հանելուկի մասին պատմիր, ես նրա վերաբերությամբ, դեռ շվարման մեջ եմ, — պատասխանեցի ես: — Ո՞վ հրամայեց ձեզ հետ դարձնել ինձ իմ նշանադրության ընծաները:

Այդ հրամանը եկավ Սարատովի եպիսկոպոսից և մեզ հաղորդվեցավ ոստիկանատնից, պատասխանեց Մարգարիտան: Գերապայծառը յուր պաշտոնական հեռագրի մեջ հայտնել էր ոստիկանապետին, որ ինքը հիմնվելով յուր վերապատվելի քարոզիչ Ֆրանցիսկոս Լորենտանի և Պետրե ու Սիմոն հայրերի հեռագրական զեկուցման վերա, մեծ և անզիջանելի չհասություն է գտնում Լուսինյան օրիորդի և Բյուրատյաների երիտասարդի ամուսնության մեջ, հետևապես օգտվելով յուր սրբազան իրավունքից արգելում է այդ միությունը. ընդ նմին և հրամայելով վերադարձնել երիտասարդին յուր նշանատվության առհավատչյան: Ահա բոլորը, ինչ որ ես գիտեմ այս օրվա հանելուկի մասին:

Ես աչքերս հառած լսում էի Մարգարիտային: Երբ խոսքը վերջացրավ, ես հարցրի նրան,

Ի՞նչ մարդ է ձեր հայրը, դուք ճանաչո՞ւմ եք նրան:

Այո՛, ճանաչում եմ, նա այն մարդիկներից մինն է, որոնք ապրում են՝ և մեռած են. որոնց ուղեղը աշխատում է՝ բայց իրենց համար, որոնց սիրտը բաբախում է՝ բայց ստրկական զգացումներով... այո, ես ճանաչում եմ իմ հորը:

Եվ այդպես դու նրանից ոչինչ չե՞ս պահանջում:

Ես նրանից ոչինչ էլ չեմ սպասում: Գերապայծառի հրամանը նրա համար սուրբ է, և նա մինչև վերջը հնազանդ կմնա նրան: Բայց ես որոշել եմ չթողնել քեզ...

Այո՛, քո որոշումը, ես այդ մոռացել էի:

Եվ որոշել եմ հեռանալ քեզ հետ...

Հեռանա՞լ. մի՞թե այդ հնարավոր է:

Այո հեռանալ, մենք պետք է միասին քո հայրենիքը գնանք:

Բայց քո մայրը...

Մենք մի օր դարձյալ կվերադառնանք նրա մոտ: Նա իմ որոշման համար շատ չի տխրիլ: Որովհետև ավելի սիրելի է նրան լսել, որ մենք միասին ենք և երջանիկ, քան տեսնել ինձ յուր մոտ և դժբախտ

Մարգարիտա, դու մի քաջ աղջիկ ես, ես հազիվ թե արժանի եմ քեզ, — բացականչեցի ես, — գնանք, ես իմ թևերի վերա կտանեմ քեզ:

Ուրեմն համաձա՞յն ես...

Եվ դու կասկածում էի՞ր... մի՞թե ես արդեն երջանկության մեջ ծերացա... Քեզ հետ միասին՝ թեկուզ աշխարհի ծայրը:

Ուրեմն վճռված է, մենք կերթանք:

Հենց առաջիկա շոգենավով, — ավելացրի ես, — ուշանալու կարիք չկա:

Եվ մենք որոշելով տեղը և ժամանակը, ուր կարևոր պատրաստությունների վերա պիտի խոսեինք, հեռացանք այգիից:

ԴԱՐԱՆ

Նույն ավուր երեկոյան պահուն այցելեց ինձ իմ հին բարեկամ Կլեմեսը: Պատերների մասին արած հայտնությունից ի վեր՝ կաթոլիկ սարկավագը ինձ սիրելի էր դարձել: Շատ անգամ ես նրա հետ զբոսնում էի ծովափում և պատմում էի նրան մինչև անգամ իմ ցավերը: Նա այնքան բարի և ազնիվ էր երևացել իմ աչքում, որ ես անխոհեմություն չէի համարում հայտնել նրան մինչև անգամ մի քանի գաղտնիքները:

Երբ նա մտավ ինձ մոտ, ես ուրախացա, որովհետև գիտեի, որ միշտ մի նոր լուր պետք է հաղորդեր ինձ. բացի այդ պատերների մասին ես մի քանի տեղեկություններ պետք է քաղեի նրանից: Թեպետ Կլեմեսը այլևս նրանց մոտ չէր գնում, բայց ինչպես ինքն ասում էր, միշտ հետևում էր նրանց քայլերին և ամեն բանի մասին լիուլի տեղեկություններ ուներ:

Ես շատ անհանգիստ եմ, և շտապեցի ձեզ մոտ մի շատ կարևոր գործի համար, — ասաց նա, պարզելով ինձ յուր ձեռքը:

Ի՞նչ կա, — հարցրեցի ես անհանգստությամբ, — պատմեցեք տեսնեմ:

Դուք անցաթուղթ ունե՞ք, — հարցրեց նա:

Ինչո՞ւ համար եք հարցնում:

Դեռ ասացե՛ք, շուտ, ես անհանգստանում եմ:

Այո՛, ունիմ:

Հապա ո՞րտեղ է. ցույց տվեք ինձ, ես կամենում եմ աչքով տեսնել:

Բայց ինչու՞ համար է ձեզ այդ հետաքրքրությունը, — հարցրի ես, — առաջ դուք պատմեցեք:

Ինձ ցույց տվեք ձեր անցաթուղթը, — կրկնեց նա միևնույն եղանակով, — հետո ես կպատմեմ:

Ես դուրս քաշեցի մահճակալի տակից իմ պայուսակը և բանալով նրան, հանեցի նրա միջից իմ անցաթուղթը և ցույց տվի բարեկամիս:

Կլեմեսը կարդալով նրան մինչև վերջը, ծալեց և հետ տվավ ինձ, ասելով.

Դրեք յուր տեղը, այժմ ես հանգիստ եմ:

Էհ, հիմա պատմեցեք, տեսնեմ ինչու համար էիք անհանգստանում, — հարցրի ես:

Ահա՛ թե ինչու համար, — պատասխանեց նա: — Ոստիկանության մեջ ծառայող իմ մի բարեկամը այսօր պատմեց ինձ, որ պատեր-Սիմոնը հայտնել է ոստիկանապետին, թե դուք անցաթուղթ չունենալով հանդերձ եկել եք այստեղ և խռովում եք յուր փոքրաթիվ հոտը, ուստի և խնդրել է հեռացնել ձեզ այստեղից համաձայն օրինական կանոնադրության: Ոստիկանապետն էլ իրավացի գտնելով պատվելիի պահանջը, հրամայել է թաղապետին գալ և այս մասին հայտնել ձեզ: Այժմ փառք աստուծո, որ դուք անցաթուղթ ունիք և ես նրան իմ աչքովս տեսա: Այսուհետև ոչինչ երկյուղ չունիմ. թո՛ղ դարաններ լարեն, որքան կամենում են. աստված անմեղի կողմն է...

Այս անակնկալ հայտնությունը որքան զարմացրեց ինձ. նույնչափ էլ ավելացրեց իմ սերը և համակրությունը դեպի երիտասարդ սարկավագը: Ես սկսում էի անկեղծությամբ կապվիլ նրա հետ. մինչև այժմ հասարակ գաղտնիքներն էի հայտնում նրան, բայց այս նորությունը լսելուց հետո ես մինչև անգամ վստահացա մեր փախչելու համար ունեցած դիտավորությունն էլ նրան հայտնելու:

Ահա՛ խելոք միտք, — բացականչեց նա, երբ ես պատմեցի նրան փախուստի համար մեր ունեցած ծրագրի մանրամասնությունները, — գնացեք, բարի ճանապարհ, այնուհետև էլ ոչ ոք չէ կարող խլել ձեզանից ձեր Մարգարիտային: Ճանապարհվեցեք որքան կարող եք շուտ, որովհետև ձեր կորցրած ամեն մի վայրկյան թանկ է, և եթե ուշանաք, դուք կարող եք երբևիցե բռնվիլ պատերների որոգայթի մեջ:

Այնուհետև նա ինձ խորհուրդներ էր տալիս, թե որ շոգենավով ավելի հարմար և ապահով կլիներ մեր փախուստը, թե ինչ ձևով պետք է վարվեինք նավի մեջ անծանոթ մնալու համար, թե ինչ պետք է անենք իմ հայրենիքը հասնելուն պես և այլն և այլն:

Երբ այս բոլորի մասին կարևոր խոսակցությունը ավարտեցինք, Կլեմեսը խնդրեց ինձ, որ յուր հետ միասին գնայինք յուր տունը:

Քանի որ դուք մտադիր եք հեռանալ այստեղից, գոնե մի անգամ այդ պատիվն արեք ինձ, — ասաց նա, — այցելեցեք ինձ իմ տան մեջ, և ես չեմ մոռանալ երբեք, որ մի անգամ դուք իմ ամենալավ բարեկամն էիք...

Ես այս խոսքերից մինչև անգամ գորովվեցա:

Գնանք, — պատասխանեցի ես, — ինձ համար ավելի սիրելի է ձեզ նման անկեղծ մարդու տնակում ժամանակ անցկացնել, քան կեղծավոր մարզիկների ապարանքում:

Երբ մենք դուրս եկանք տանից արդեն մութն էր:

Երկինքը ամպամած լինելով աստղեր չէին երևում և խավարը արդեն բռնել էր փողոցները, լապտերների նվազ լույսն էր միայն աղոտ կերպով լուսավորում նրանց: Եթե մի լուսնյակ գիշեր լիներ, գուցե ես զղջայի, որ հոժարվեցա ամառային երեկոն մի խուցում անցուցանելու, բայց այժմ ուրախությամբ էի ընկերակցում սարկավագ բարեկամիս:

Դուք երևի, չգիտեք, թե ինչ ճանապարհներով եմ ես այս պատերների գաղտնիքները իմանում, — հարցրեց նա, երբ մենք մոտեցանք պատեր-Սիմոնի բնակարանին:

Ո՛չ, ես մինչև անգամ այդ կամեցել եմ հարցնել ձեզ, բայց միշտ մոռացել եմ, — պատասխանեցի ես:

Պատեր-Սիմոնի մոտ ծառայողը իմ քրոջ որդին է, — խոսեց Կլեմեսը: — Նա ինքն էլ ատելով ատում է նրանց: Բայց ինչ անե խեղճը. նա աղքատ է, և պաշտոնը թողնել անկարող է: Ես դեն շպրտեցի իմ պաշտոնը նրա համար, որ փոքր ի շատե կարողություն ունեի, և նրանով էլ ապրում եմ, բայց նա չէ կարող: Միայն թե յուր ատելությունը դեպի նրանց և հավատարմությունը դեպի ինձ նրանով է ապացուցանում, որ ամեն գաղտնիք հայտնում է ինձ և ես կարևոր օգուտները քաղում եմ նրանից: Այսօր էլ մի կարևոր հանձնարարություն ունեմ արած. այժմ իսկ պիտի հարցնեմ և տեսնեմ. կատարե՞լ է, թե՞ ոչ: Դուք այստեղ մի վայրկյան սպասեցեք, ես կմտնեմ նրա մոտ, — այս ասելով նա ներս մտավ արդեն բաց դռնով և անհայտացավ բակի խավարի մեջ:

Ես հետաքրքրությամբ մոտեցա դեպի փողոցը նայող սենյակի պատուհանինտեսնելու համար, թե ովքեր կան ներսում: Բայց հաստ վարագույրը արգելեց ինձ իմ նպատակին հասնելու, միայն ներսում խոսում էին մի քանի ձայներ, որոնց մեջ ես որոշակի ճանաչեցի և պ. Լուսինյանի ձայնը: Ես ավելի հետաքրքրվեցա և սկսա ուշադրությունս ի մի ամփոփել տեղի ունեցող խոսակցությունից մի բան որոշելու համար, բայց մինչ այդ Կլեմեսը դուրս եկավ:

Գնանք, հանձնարարությունս դեռ չէ կատարել, — ասաց նա, — երևի վաղը կհաջողվի նրան այդ:

Ի՞նչ հանձնարարություն է, չեմ կարող իմանալ:

Ոչ, երբ կվերջանա, ես կհայտնեմ ձեզ, և դուք ինձանից շնորհակալ կլինեք, — ասաց նա:

Դուք իմացա՞ք, թե ովքեր կան այդտեղ, — հարցրի ես:

Ինչպես չէ, պ. Լուսինյանը, նա մի քանի ժամ է, ինչ որ այստեղ է գտնվում, այսպես ասաց ինձ իմ քեռորդին, — պատասխանեց Կլեմեսը:

Այո՛, ես էլ նրա ձայնը լսեցի, — պատասխանեցի ես, — բայց չիմացանք, թե ինչու համար էր եկել:

Այդպես շուտ չէր կարելի իմանալ. դրա համար դեռ վաղը պիտի տեղեկանամ, — ասաց սարկավագը, և մենք շարունակեցինք մեր ճանապարհը:

Կլեմեսի պատեր-Սիմոնի տուն մտնելը իմ մեջ ոչ մի կասկած չզարթեցրեց. ես հավատացի նրա բոլոր խոսքերին:

Երբ հասանք մի նեղ փողոց, խավար անկյունի մեջ նա ցույց տվավ մի մեծ դուռ, որը բացված էր երկու փեղկերի վերա, և ասաց.

Ահա՛ այստեղ, այս բակումն է իմ սենյակը, մտնենք: Եվ նա առաջնորդեց ինձ դեպի ընդարձակ բակը, որը յուր կենդանությամբ բոլորովին հակառակ պատկեր էր ներկայացնում այդ տունը շրջապատող փողոցին: Բակի երկու կողմից հորիզոնական ձևով շինված էին բազմաթիվ սենյակներ, քարվանսարայի խուցերի ձևով, որոնց բոլորի պատուհաններն էլ լուսավորված էին և հաստ վարագույրներով ծածկված: Նրանցից մեկի դուռը բացավ Կլեմեսը և ներս մտավ: Ես էլ հետևեցի նրան:

Ուրիշ ո՞վքեր են ապրում այս տան մեջ, — հարցրի ես:

Շատերը. բայց բոլորին էլ ես անծանոթ եմ. իմ բնակարանը միայն այս սենյակն է: Նա միևնույն ժամանակ է և՛ իմ ննջարանը, և՛ հյուրասենյակը, և՛ դահլիճը, և՛ գրասենյակը. մեզ նման մարդիկ դրանից ավելի իրավունք չունին ունենալու:

Այս ասելով նա հրավիրեց ինձ սենյակի անկյունում դրված մի կլորիկ սեղանի մոտ, որի վերա արդեն դրված էին գինվո մի կիսատ շիշ, երկու բաժակներով, միրգ և շաքարահաց:

Նստեցեք այստեղ և վայելեցեք, մինչև ես տիրուհուս կկանչեմ, — ասաց Կլեմեսը և պատրաստվեց դուրս գնալու:

Ի՞նչ, մի՞թե դուք միայնակ չեք ապրում այստեղ, — հարցրի ես:

Ոչ, միայնակ չեմ, — պատասխանեց նա:

Ուրեմն դուք ամուսնացա՞ծ եք:

Դարձյալ ոչ: Բայց դուք խո երիտասարդ եք և ինձ չեք բամբասիլ, եթե, օրինակ, իմանաք, որ ես մի աղջկա հետ եմ ապրում:

Բնավ, ինչու՞ համար պետք է նեղանամ, ամենայն մարդ ազատ է յուր տան մեջ:

Ուրեմն ես իսկույն կծանոթացնեմ ձեզ իմ Լուիզիայի հետ, — այս ասելով Կլեմեսը դուրս գնաց:

Ես իսկույն զղջացի իմ արածից. չպետք է գայի այստեղ, մտածեցի ես, բայց արդեն ուշ չէր, պետք է քաղաքավարությամբ վերջացնեի սկսածս:

Կլեմեսը ուշանում էր: Ես սկսա զննել սարկավագի սենյակը, բայց որքան մեծ եղավ զարմանքս երբ սարկավագական ոչինչ չգտի այնտեղ: Մի մահճակալ բռնել էր խուցի գրեթե կեսը, պատի տակ դրած սեղանի վերա ընկած էր մի փոքրիկ հայելի և նրա չորս կողմը անկարգ և անկանոն ցրված էին հոտավետ ջրերի շիշեր, պուդրի կամ երեսաներկի տուփեր և զանազան օծանելիքներ: Սենյակի պատերի վերա կախված էին աղջկերանց և կանանց զանազան պատկերներ, ոմանք լուսանկար, և ոմանք վիմատիպ: Նրանցից մի քանիսը ներկայացնում էին մինչև անգամ մերկ աղջիկներ, ջրերի մեջ լողանալիս, կամ ուրիշ անպատկառ գործերով պարապած:

Մահճակալի ոտքերի մոտ միայն ընկած էր մի գիրք, որը և հետաքրքրվեցա վերցնելու: Դա Պոլ-դը-Քոկի այն խայտառակ ռոմաններից մինն էր, որոնք ի սկզբանե անտի մեծ ընդունելություն են գտել աշխարհի անբարոյական շրջաններում: Մի փոքր հեռու, սենյակի մի անկյունում կախված էին մի քանի ժյուպոններ և ուրիշ կանացի հագուստներ:

Այս բոլորը տեսնելուց հետո ես պատրաստվում էի Կլեմես բարեկամիս ամենածանր հանդիմանություններ անել, նկատելով, որ նրա սենյակը բնավ իրեն պատիվ չէր բերում և որ նա ավելի հասարակաց կնոջ` քան մի սարկավագի բնակության հարմարություն և կերպարանք ուներ:

Դեռ այս մտածմունքի մեջ էի երբ սենյակի դուռը բացվեցավ և ներս մտավ ինձ մոտ մի գեղեցիկ աղջիկ գանգրահեր, հարուստ հագնված, կիսամերկ կրծքով և բազուկներով և որ ի կարգիննա ժպտադեմ մոտենալով, պարզեց դեպի ինձ յուր ձեռքը և ասաց.

Ես ձեզ շատ սպասել տվի կարծեմ, ներեցեք, ես զբաղված էի:

Ես մնացի բոլորովին ապշած. և չգիտեի ինչ պատասխանել.

Նստեցեք խնդրեմ. ինչու՞ համար եք տխուր. նստեցեք, ես իսկույն կուրախացնեմ ձեզ:

Այս ասելով նա բռնեց ձեռքիցս և տարավ դեպի աթոռը, ես ապուշի նման հետևեցի նրան և նստեցի սեղանի մոտ: Բայց մի փոքր հետո ինքս ինձ գալով հարցրի.

Ասացեք խնդրեմ, ո՞ւր է Կլեմեսը, ինչո՞ւ նա չէ գալիս այստեղ:

Ահ, ի՞նչ կանեք Կլեմեսը, նրան ուղարկեցի գինի բերելու, ես մի՞թե բավական գրավիչ չեմ ձեզ համար, խմեցեք գինի, գինի խմեցեք, — այս ասելով նա լցրեց սեղանի վերա դրած երկու բաժակները, և նրանցից մինը իմ կենացը դատարկելով, մյուսն էլ դրավ իմ առաջս և ստիպեց, որ յուր կենացը խմեմ:

Ես զարմացած նայում էի տարօրինակ կնոջ երեսին, նա մի անբարոյական կին էր. ես այդ տեսնում էի, բայց թե իրավ նա Կլեմեսի տիրուհի՞ն էր, այդ մեկը ես չգիտեի:

Տիկին, ես կամենում եմ Կլեմեսին տեսնել, բարեհաճեցեք նրան կանչելու, ես երկար այստեղ մնալ չեմ կարող, — թախանձում էի անծանոթ կնոջը, բայց նա պատասխանելու փոխարեն բարձրաձայն ծիծաղում էր և կատակներ անում: Հետո բաժակը աջ ձեռքն առնելով և ձախը պարանոցովս պատելով ասաց.

Խմեցեք իմ կենացս, և ես կերթամ նրան իսկույն կանչելու:

Ես մեքենայաբար բաժակը ձեռքս առի:

Իմ կենացը, իմ կենացը, — բացականչեց նա, և, այդ րոպեին սենյակի դուռը բացվեցավ:

Ես կարծում էի որ Կլեմեսը պիտի մտներ. բայց որքան մեծ եղավ իմ զարմանքն ու ապշությունը, երբ տեսա թե մտնողները պ. Լուսինյանը, յուր երկու ազգականները և պատեր-Սիմոնն էին:

Վերջինս ամենից առաջ անցնելով նայեց ուղղակի իմ երեսին, և ապա Լուսինյանի ձեռքից բռնելով առաջ բերավ նրան դեպի ինձ, և ասաց.

Ահա՞ հասարակաց տունը, ահա՞ հասարակաց աղջիկը, ահա՞ ձեր ազնիվ փեսան. — էլ ուրիշ ի՞նչ ապացույց եք կամենում:

Պ. Լուսինյանը մոտեցավ դեպի ինձ այնպիսի մի հանդուգն երեսով, որպիսին ունենում են առհասարակ տերերի անկումը տեսնող ստրուկները և բացականչեց.

Պարոն, դուք, որ այդքան ստոր և խառնագնաց եք, դուք, որ հասարակաց տների մեջ եք քարշ գալիս, ի՞նչ իրավունքով չեք ձեռք վերցնում իմ աղջկանից: Միթե ինքներդ չե՞ք խղճահարվում, երբ համարձակվում եք իմ միամոր հրեշտակի անմեղությունը ձեր կեղտոտ անվան հետ կապելու...

Ես մինչև այն մնացել էի շվարած և ուր լինելը չգիտեի: Պատեր-Սիմոնի խոսքերից հետո ես արդեն հասկացա, որ Կլեմես սարկավագը ինձ դավաճանել էր և որ նրա այսքան ժամանակ ինձ հետ մտերմություն պահպանելը վերջ ի վերջո այսպիսի մի ստոր դիտավորության գլուխ բերելու համար էր եղած:

Ես կես ցնորված և կես անզգայացած էի, բայց Լուսինյանի խոսքերը լսելով արյունս զարկավ գլխիս և կատաղություն եկավ վրաս:

Պարոն, մի համարձակվեք ինձ հայհոյելու, — գոչեցի ես դողդողացող ձայնով, — ես պոռնկանոց չեմ եկած. այլ Կլեմես սարկավագի տունը, ես մեղավոր չեմ, որ նա ինձ դավաճանել է... ես այդ տան մեջ էլ ավելի սուրբ եմ քան թե ձեզ այստեղ առաջնորդողները...

Դեռ խոսքս չավարտած կողքիս կանգնած կինը մեջ մտավ և սկսավ իբր թե պաշտպանել ինձ:

Պարոններ, ինչո՞ւ համար եք իմ բարեկամի վերա հարձակվում. նա իմ սիրահարն է, նա իմ ապագա ամուսինն է...

Էհ, ի՞նչ պատասխան ունիք սրան, պարոն, — դառն հեգնությամբ հարցրեց ինձ Լուսինյանը, — այս կինն է՞լ է դավաճանում ձեզ:

Ես տեսա, որ ամեն բան վարպետությամբ է սարքված. Լուսինյանը իրավունք ուներ հիմարանալու:

Պարոն, անմեղը այստեղ միայն ես եմ և դուք, — պատասխանեցի ես, — խաբվողը միայն մենք երկուսս ենք, հավատացեք ինձ:

Այո, այո, նա իմ սիրահարն է, — Կրկին մեջ մտավ կինը, — դուրս գնացեք, մի խանգարեք մեր զվարճությունը:

Ես էլ համբերել և կատաղությունս զսպել չկարողանալով, հարձակվեցա անզգամ կնոջ վերա և մի շեշտակի հարված իջեցրի նրա գլխին, կինը երերաց և բարձրաձայն ճչալով գլորվեցավ գետնին:

Մի ակնթարթի մեջ պատեր-Սիմոնը, Լուսինյանը և յուր ազգականները դուրս փախան, և նրանց հաջորդեց լկտի կանանց և արբած երիտասարդների մի բազմություն, որը հարևան սենյակներից էր դուրս թափել: Մի պառավ և ջատուկ կին դուրս գալով այդ բազմության միջից աղաղակելով ընկավ վերաս, և քիչ էր մնում, որ մազերս պիտի փետտեր, բայց ներկա եղող երիտասարդներից երկուսը ինձ ազատեցին: Ճիչ, աղաղակ, հիշոցներ, մի րոպեի մեջ բռնեց ամբողջ տունը, և մոտակա հարևանները ներս խուժելով լցվեցան ընդարձակ բակի մեջ:

Մինչ այս մինչ այն հասավ և ոստիկանությունը: Իմ դատախազները բազմաթիվ էին, և նրանց ձայնը ավելի շուտ լսելի եղավ քան թե իմը:

Ես ճանաչվեցա իբր մի չարագործ մարդ, որ համարձակվել էր մի կնոջ ծեծելու: Տեղի ունեցած դեպքի մասին արձանագրություն կազմելուց հետ ոստիկանական պաշտոնյան առաջնորդեց ինձ դեպի քաղաքի բանտը....

ԲԱՆՏԻ ՄԵՋ

Հասնելով բանտը՝ ոստիկանական պաշտոնյան ինձ հանձնեց բանտապետին պատվիրելով արգելել ինձ մի սենյակում, մինչև ցպահանջ, և ինքը դուրս գնաց:

Բանտապետը մի ծեր, միջին հասակով և չոր կազմվածքով մարդ էր: Ճակատի կնճիռները գրեթե իրենց ծանրությամբ ճնշում էին նրա երկարամազ և թավ հոնքերը, որոնք ծածկում էին երկու մեծ մեծ, բայց խոր ընկած աչքեր: Նրա դեմքի արտահայտությունը սառն էր և անտարբեր: Յուր պաշտոնը կարծես մեռցրել էր նրա մեջ կարեկցելու գողտրիկ զգացմունքը: Ոստիկանական պաշտոնյայի հեռանալուց հետ նա դարձավ դեպի ինձ:

Բարեհաճեցեք խնդրեմ ինձ հետևելու:

Next page