Մուրացան՝   Պատմվածքներ

Գիտե՞ս, սիրելիս, ես պետք է հեռանամ քեզանից...

Հեռանա՞լ... երբե՛ք, այդպիսի լուր ես չեմ կարող լսել. ես կմեռնեմ...

Բայց գիտես, պիտի հեռանամ շատ կարճ ժամանակ, ընդամենը մի ամսով:

Եվ ու իսկ մի օրով, բացականչեց նա ջերմությամբ, — այն օրը որ դու կհեռանաս ինձանից, այն օրն էլ դու ինձ կկորցնես հավիտյան...

Մարգարիտա, հոգյակս, դու այնպես ես խոսում, որ իբր թե այս բաժանումը շատ ցանկալի է ինձ համար, բայց գիտցիր, որ ես սիրտս սեղմելով եմ զիջանում այս ձեռնարկությանը, որովհետև անհրաժեշտ է նա:

Անհրաժե՛շտ, բայց ինչու՞ համար, մի՞թե կա մի ուրիշ գործ ավելի անհրաժեշտ քան այն, որ քո ներկայությամբ դու պիտի սփոփես քո սիրատանջ և վշտահար Մարգարիտային...

Ես մի վայրկյան լռեցի, որովհետև չէի համարձակվում խաբել իմ սիրուհուն, այդ րոպեին նա իմ աչքում երևում էր ինչպես մի գերբնական ոգի, որ կարող էր թափանցել իմ սրտի մեջ և քննել նրա գաղտնիքները... Այդ սիրտը, ինչպես մի հանցավոր, դողում էր նրա առաջ և խելքն ու կամքը տեղի էին տալիս իմ մեջ սրտի սրբազան զգացմունքներին...

Բայց չէ՞ որ չարիքներից փոքրագույնը պետք էր ընտրել. ավելի լավ էր խաբել նրան վիշտ չպատճառելու համար, քան վշտացնել՝ մի անօգուտ ճշմարտություն խոստովանելու համար: Կամաց կամաց ես հակվում էի վերջին միջոցի կողմը: Ուստի երբ նա կրկին հարցրեց թե՝ ինչու՞ համար է անհրաժեշտ իմ հեռանալը, ես ցույց տվի նրան շինծու հեռագիրը: Խեղճ Մարգարիտա, նա իսկույն հավատաց ինձ և տխուր ձայնով մրմնջաց.

Քանի որ մայրդ հիվանդ է, ես չեմ կարող ստիպել քեզ, որ ուշանաս: Գնա, գուցե նա կարոտ է քո օգնության, գուցե նրա կյանքը քո վերադարձից կախում ունի. նա կարող է վշտանալ և անիծել այն ձեռքը, որ արգելում է քո վերադարձը... բայց ասա նրան, Արա՛մ, որ այդ ձեռքը իմն է, որ ես պաշտում եմ քեզ... որ ես պիտի մեռնեմ առանց քեզ...

Այս խոսքերով նա ընկավ իմ պարանոցով և սկսավ հեկեկալ և դառնապես արտասվիլ... Իմ սիրտը կտրտվում էր, ես կամենում էի ընկնել իմ սիրուհու ոտքերի առաջ, ծածկել նրանց իմ համբույրներով և հենց այդտեղ, նրա ոտքերի տակ, ավանդել իմ հոգին...

Բայց ավա՛ղ, մարդիկ ցանկացած րոպեին երջանկանալ կարենալու չափ ուժ չունին. նույնիսկ մահը փախուստ է տալիս նրանցից, երբ գիտե, թե յուր մատչելով՝ գոհություն պիտի պատճառե մահկանացուին...

Եվ այսպես, մենք երկար գրկախառնված միայն լալիս էինք, մինչև որ վերջապես մեր արտասվաց առուները փակվեցան, և մենք հոգեկան վրդովմունքից գրեթե վաստակած նստանք հովանավոր ուռիների տակ:

Մարգարիտան դեռ չգիտեր, թե քույրս և փեսաս էլ պիտի ընկերակցեին ինձ, բայց երբ այս բանը ես հայտնեցի նրան, շատ ուրախացավ, որովհետև, դա մի հաստատուն գրավական էր իմ շուտափույթ վերադարձի համար, ըստ որում Մարգարիտան ինքն էլ գիտեր, որ փեսաս ու քույրս երկար բացակայել չէին կարող:

Երբ կերթաք մորդ մոտ և աստուծով նրան կառողջացնեք, — սկսավ սիրաբանել Մարգարիտան, — ասացեք նրան, որ դուք թողել եք այստեղ մի երկրորդ հիվանդ, որը նույնպես կարոտ է յուր որդու հոգատարության, թող նա շուտ, շատ շուտ վերադարձնե քեզ ինձ մոտ: Այսուհետև օրերը տարիներ պիտի դառնան ինձ համար և արևը մութ ու լուսինը խավար պիտի երևի իմ աչքում: Ասա մորդ, որ նա խղճա ինձ, յուր երկրորդ աղջկանը, յուր Արամի Մարգարիտային... Ասա, որ ես սիրում եմ նրան, որովհետև նա քո մայրդ է. ասա՛, որ ես ճնշում եմ իմ սիրտը, որ ես խեղդում եմ իմ սերը, միմիայն յուր համար, թող ինքն էլ չզլանա ինձ ամենափոքրիկ զոհողությունզրկվիլ քեզանից միայն մի ամիս, այնուհետև մենք կրկին կվերադառնանք յուր մոտ և միշտ միասին կլինինք...

Այս և սրա նման շատ խոսքեր էր խոսում ինձ Մարգարիտան սևեռելով ինձ վերա յուր սևորակ և գեղեցիկ աչերըմերթ կրակոտ և սիրապատար, մերթ մեղմ և աղաչավոր հայացքներով: Ես լսում էի նրան հոգեզվարճ հիացմունքով և սրբազան հափշտակությամբ... Եվ երբ նա ավարտեց յուր խոսքը, մենք ուղղվեցանք դեպի տուն:

Քույրս ու փեսաս մեր ուղևորության միակ արգելքը Մարգարիտայի կողմից էին սպասում, բայց նրանք շատ ուրախացան, երբ Մարգարիտան զվարթ երեսով հանդիպեց նրանց և մինչև անգամ բարի ճանապարհ մաղթեց: Իրենք էլ մյուս կողմից ավելի սփոփեցին նրան, խոստանալով, որ ամեն ջանք գործ կդնեն ինձ շուտ վերադարձնելու: Մյուս կողմից էլ, երբ բացատրեցին նրան մեր ուղևորության անհրաժեշտությունը, նույնիսկ մեր և յուր հոր լարված դրությունը բարեփոխելու և պատերների խումբը ցրվելու նպատակով

Մարգարիտան ավելի հանգստացավ և սկսեց մինչև անգամ օգնել քրոջս մեր ուղևորության պատրաստությունների մեջ: Ամբողջ այդ օրը Մարգարիտան մնաց մեզ մոտ և երեկոյան դեմ հեռանալով՝ ժամադիր եղավ առավոտը շոգենավի ճանապարհվելու ժամանակ գալ ուղղակի նավահանգիստը և այնտեղ նավամատույցի վերա առնել մեր վերջին հրաժեշտի ողջույնը:

ՀՈԻՅՍԵՐՍ ՓՇՐՎԵՑԱՆ..

Դուք անշուշտ երազներին չեք հավատում, ես էլ ձեզ նման սնահավատ չեմ: Բայց համոզվեցեք, որ կան երազներ, որոնք չեն խաբում և որոնց պետք է հավատալ: Ահա այդ երազներից մինն էր, որ այդ միևնույն գիշերը խռովեց իմ հանգիստը:

Ինձ թվում էր, թե Մարգարիտայի հետ զբոսնում էի մի գեղազարդ այգիի մեջ, ուր ամեն կողմից մեզ շրջապատում էին հարուստ և բարձրաբերձ ձառեր, ծաղկափթիթ պուրակներ և կանաչազարդ թփիկներով եզերված առուներ, որոնք կարկաչասահ և բազմապտույտ ոռոգում էին գեղեցիկ դարաստանը:

Մենք թևիթև ճեմում էինք հովանավոր ծառերի տակ, և Մարգարիտան մերթ ընդ մերթ ամենագեղեցիկ ծաղիկները փրցնելով նրանցից փնջեր էր կապում և կախում էր իմ կրծքի վերա:

Այս փնջերը թող հիշատակ մնան քեզ մոտ, Արա՛մ, — ասում էր նա, — որովհետև իմ վախճանը մոտեցել է, և ես պետք է մեռնիմ... Բայց երդվիր ինձ, որ իմ մահից հետո, դու անթառամ կպահես այս փնջերը և երբ քո հոգին կբաժանվի քեզանից, դու նրան կհանձնես մեր սիրո այս գողտրիկ հիշատակները ինձ բերելու համար...

Եվ այս խոսքերը դեռ նա չէր ավարտել, երբ մի հանկարծական թնդյուն շրջապատեց մեզ, գեղեցիկ դարաստանը փրոխվեցավ մի հորձանուտ ծովակի, որի կոհակները կատաղի շառաչմամբ դիմում էին դեպի մեզ... Մենք սարսափահար սկսանք փախչել նրանցից:

Այդ փախուստի ժամանակ հանկարծ Մարգարիտան ճչաց` «Արամ, ազատիր ինձ...»: Ես իսկույն հետ դարձա և ինչ եմ տեսնում, ո՛վ աստված, կոհակներից մինը մարդու կերպարանք առած ահագին բերանով և կատաղի աչքերով վազում էր մեր ետևից, նա հագած ուներ սառույցներից շինված քահանայական սքեմ և նույնպիսի սաղավարտ, իսկ ձեռքի մեջ մի հրեղեն սուր և մի արյունոտ խաչ... Հենց այն րոպեին, որ ես կամենում էի պատսպարել Մարգարիտային, նա խլեց նրան իմ ձեռքից և, մի ակնթարթում անհայտացավ ծովակի ալիքների մեջ...

Մարգարիտա, — աղաղակեցի ես իմ բոլոր ուժով և սարսափահար վեր թռա քնիցս:

Թեպետ նույն րոպեին երազի մեջ լինելս իմանալով ուրախացա, բայց երկյուղից ամբողջ մարմինս դողում էր:

Արդեն մոտ էր լուսանալու, ես էլ քնել չկարողացա: Զանազան տխուր մտածմունքներ հետզհետե սկսում էին ինձ պաշարել: Ես վախենում էի, թե չլինի՞ այդ տարօրինակ երազը կատարումն ստանա:

Եվ թեպետ մերոնք արթնանալով ինձ ևս ստիպեցին վեր կենալ և ուղևորության համար պատրաստվիլ, բայց ամբողջ ժամանակ սիրտս մեռածի պես էր, և երակներիս մեջ կարծես արտասուք էր հոսում...

Վերջապես կամաց-կամաց սկսանք պատրաստվիլ, ծանր իրեղենները ժամ առաջ շոգենավը ղրկեցինք, տանը մնացած իրեղենները ըստ պատշաճի ամրացրինք, և նրանց պահպանելու համար ծառաներին կարևոր հրահանգները տվինք և այսպես մինչև ժամ ութը ամեն բան վերջացնելով դուրս եկանք տնից և ուղղվեցանք դեպի նավահանգիստը:

Ես սկսա շտապեցնել քայլերս նավակամրջի վերա Մարգարիտային տեսնելու և նրա հետ մի քանի վայրկյան ավելի խոսելու համար:

Բայց դեռ ծովափը տանող ճանապարհի վերա էի, երբ տեսա, որ Մարին վազում է իմ ետևից:

Ի՞նչ կա, Մարի՛, — : շտապով հարցրի ես:

Օրիորդը այս նամակը տվավ ինձ, որ ձեզ հանձնեմ, պատասխանեց նա և մի նամակ տվավ իմ ձեռքը:

Իսկ ինքը ո՞ւր է, մի՞թե չէ գալու, — հարցրի ես անհանգստությամբ:

Չգիտեմ. մենք նրան այսօր յուր անկողնում չգտանք, երևի շատ վաղ է վերկացել, մենք կարծում էինք, թե նա ձեզ մոտ կլիներ:

Ինչպե՞ս թե մեզ մոտ, — շվարած հարցրի ես, և ապա նամակը հիշելով հարեցի, — հապա այս նամակը նա ե՞րբ տվավ քեզ:

Երեկ երեկոյան և խնդրեց, որ այս առավոտ հանձնեմ ձեզ:

Ես կամեցա իսկույն բանալ նամակը, բայց ծրարի վերա գրված մի քանի տողերը իմ ձեռքերը թուլացրին:

«Արամ, երդվեցնում եմ քեզ մեր սուրբ սիրո անունով, որ կատարես իմ վերջին խնդիրը: Այս նամակը կարդա այն ժամանակ, երբ դու արդեն շոգենավով մի քանի փարսախ հեռացած կլինիես»:

«Ի՞նչ նամակ պետք է լինի այս» մտածեցի ես զարհուրելով և շտապեցի նավահանգիստը:

Մարգարիտան յուր խոստման համաձայն այնտեղ պիտի լիներ:

Բայց որքան մեծ եղավ երկյուղս, երբ այնտեղ էլ Մարգարիտային չտեսա: Նավահանգիստ եկողներըճանապարհորդները թե հուղարկուներ, բոլորը արդեն հավաքվել էին, մերոնք արդեն պատրաստվում էին նավակի մեջ մտնելու, բայց Մարգարիտան դեռ չկար:

Նստիր նավակում, դեռ գնանք շոգենավը, — ասում էր ինձ փեսաս, — Մարգարիտան նավակով այնտեղ էլ կգա:

Բայց մի՞թե ես կարող էի լսել նրան: Մի քանի րոպեից եկան և Մարգարիտայի զույգ ընկերուհիները՝ Վարդուհին և Վարվարան, նույնպես և տեր-Հովհաննեսը և մեր մյուս բարեկամները և ծանոթները, բայց Մարգարիտան դարձյալ չէր երևում: Ամենից վերջը եկավ իմ զոքանչը միայնակ: Էլ սարսափը տիրեց ոսկորներիս:

«Ի՞նչ բան է վերջապես այս նամակը, ի՞նչ եմ հիմարացել, ինչու՞ չեմ կարդում» կշտամբեցի ինքս ինձ և դողացող ձեռքերով բանալով նրան սկսա կարդալ:

«Սիրեցյալդ իմ Արամ.

Ճակատագիրը մեզ հալածում էր, և մենք իզուր էինք կռվում նրա դեմ. տկար մահկանացուի համար չէ սերը և ո՛չ էլ երկիրն է նրա բնակարանը. պետք էր հնազանդիլ անողոք ճակատագրին, երկինքն ընտրելով մեզ համար սիրո ասպարեզԴու երեկ խաբեցիր ինձ, թե քո մոր հիվանդության պատճառով ես հեռանում այստեղից, դու վախենում էիր ճշմարիտ պատճառը ինձ հայտնելու, որովհետև ճանաչում էիր քո Մարգարիտային և գիտեիր, որ նա իսկույն կմեռներ... Բայց միթե ավելի լա՞վ չէր քեզ մոտ, քո գրկերում մեռնիլ

Երեկ երեկոյան եկան մեզ մոտ պատերները և նրանց հետ էլ մի ոստիկանական պաշտոնյա և մեզ մոտ ուրախության տոն կատարեցին, որ կարողացել էին ոստիկանական ուժով քշել տալ քեզ այստեղից և դեռ խրոխտանում էին, որ քիչ ժամանակից հետ պիտի աքսորել տան քեզ քո հայրենիքից... Իմ հայրը ուրախությամբ հյուրասիրում էր նրանց, նա տոնում էր յուր աղջկա ազատությունը՝ նրա սիրելուն հալածելով... ասա՛ ինձ, Արամ, մի՞թե կարող էի ես բաց աչքերով քո հավիտյան ինձանից բաժանվիլը տեսնել, մի՞թե կարող էի ես իմ հոր ձեռքով քեզ հասած դժբախտությունները լսել... Վերջապես, մի՞թե կարող էի ես մի վայրկյան անգամ քեզանից հեռու և քեզ տեսնելուց հուսահատ ապրել... Օ՛հ, ոչ, ես այդքան ույժ չունիմ, ես միայն մի բան կարողացա վճռել և կատարել: Քանի որ Մարգարիտան քոնը չէր, նա ուրիշինն էլ չի պիտի լիներ... Ես կամեցա իմ սերը սուրբ պահել և ես նրան ինձ հետ երկինքը տարա... այն ժամանակ երբ դու այս տողերը կկարդաս, քո Մարգարիտան ծովի ալիքների մեջ անշնչացած կլինի... բայց դու ներիր քո դժբախտ Մարգարիտային...»:

Նամակը դեռ չվերջացրած, գլուխս սկսավ պտտվիլ, աչքերս սևացան, և ես թուլացած ծնկներով ընկա նավակամրջի նստարանի վերա:

Բոլոր շրջապատողները թափվեցան ինձ վերա, քույրս ու բարեկամներս սկսան շփոթվիլ, հարցեր անել ինձ, ճիչեր արձակել, բայց ես կարծես խլացած ոչինչ չէի լսում, աչքերս միայն ապուշ-ապուշ շրջում էի այս ու այն կողմը՝ առանց մի բան տեսնել կարողանալու: Զգում էի, որ անդամներս սառչում էին, մահը կարծես թե մոտենում էր ինձ...

Մեկ էլ հանկարծ իմ չորս կողմը ձայներ լսվեցան.

Խեղդված մարդ են բերում, խեղդված մարդ:

Ես իսկույն վեր ցատկեցի, հետաքրքիր ամբոխը խռնվում էր դեպի նավակամրջի ծայրը. ես էլ խելագարի նման վազեցի նրանց մոտ:

Հիսուն քայլ հեռավորությունից լողում էր դեպի մեզ քաղաքի «փրկարար նավակը» յուր կարմրագույն դրոշակով: Չորս նավաստիներ արագ-արագ շարժում էին թիակները. մի քանի րոպեից հետ մակույկը մոտեցավ նավակամրջին: Դիակը արդեն դուրս էին հանում նավաստիները, երբ ես ամբոխը ճեղքելով առաջ անցա: Եվ ի՞նչ տեսին աչքերս, աստված իմ, Մարգարիտան առավոտյան սպիտակ լոդիկով, հերարձակ և կիսամերկ բազուկներով՝ անշնչացած ընկած էր իմ առաջ...

Երա՛զ... Մարգարիտա, — աղաղակեցի ես և ուշաթափ ընկա սիրուհուս դիակի վերան...

Թե ի՞նչ պատահեց ինձ հետ այնուհետև, էլ ես չիմացա: Առաջին անգամ որ աչքերս բացի, ես արդեն ծովի վերա էի, պառկած նավի տախտակամածի վերա: Ինձ տխրադեմ շրջապատել էին քույրս, փեսաս և մեզ հետ եղող մեր մի քանի ծանոթները:

Նավը սլանում էր, և ես հավիտյան բաժանվում էի Մարգարիտայից...

ՀԱՍԱՐԱԿԱՑ ՈՐԴԵԳԻՐԸ

Մութն արդեն կոխել էր, երբ Գուստավի արհեստանոցի մեջ շոգեմեքենան սուլեց: Դա նշան էր, որ աշխատանքը դադարում է: Մի քանի րոպեի մեջ գործավորներն իրենց գործիքները տեղավորեցին և խառնաշփոթ աղաղակներով դուրս թափվեցան արհեստանոցի բակը: Նոցանից մաքրասերներն իսկույն զբաղվեցան իրենց հագուստների փոշին մաքրելով, ուրիշներն սկսան լվացվիլ արհեստանոցի բակում շինված ավազանի մեջ, իսկ մի քանի անհոգներ դեռ շարունակում էին իրենց տաք վիճաբանությունը, որն սկսվել էր արհեստանոցի մեջ:

Շառլ Գուստավի գործարանում անխտիր բանում էին թե՛ ռուս, թե՛ հայ և թե՛ վրացի երիտասարդներ: Նոքա, ճշմարիտը խոստովանած, վարվում էին միմյանց հետ հաշտ և բարեկամաբար: Բայց այդ, իհարկե, ծերունի Գուստավի շնորհիվն էր, որը աշխատանքները բաժանելու մեջ երբեք հավասարակշռությունը ձեռքից չէր թողնում: Իսկ եթե նա երբեմն, իրենից անկախ պատճառներով, սխալներ էր գործում, այդ ժամանակ, իհարկե, յուր գործավորների միմյանց հետ ունեցած հարաբերությունը շատ էլ գովելի չէր լինում: Եվ շատ բնական էր որ փոքրիկ վիճաբանություններին հաջորդեին փոքրիկ հայհոյանքներ, իսկ այս վերջիններին՝ փոքրիկ կռիվներ: Որքան և այդ բանն անհաճո լիներ ծերունի Գուստավին, այսուամենայնիվ նա չէր կարող յուր գործարանը բարոյականության դպրոց դարձնել կովկասցի կիսավայրենիների համար: Հենց այս երեկո էլ քիչ էր մնացել, որ ծերունի Գուստավը մի մեծ կռիվ գցեր յուր գործավորների մեջ, եթե յուր դուստրը օգնության չհասներ իրեն:

Պատճառը ես իսկույն կասեմ:

Գործարանի մեջ աշխատանքը դադարելուց ետ, երբ գործավորները բակը ժողովվեցան, պարոն Գուստավը հայտնեց նորանց, որ գործարանի մեջ նույն օրն ավարտած չորս հատ երկաթե վանդակները պետք է հասցնվի պատվիրող պարոն Սոմարյանցի տունը: Այս հայտնությունից ետ մի քանի րոպե լռություն տիրեց ամբողջ բակի մեջ և ոչ ոք չէր կամենում ձայն հանել, որովհետև վախենում էր, որ այդ ծանրությունը յուր վերա կբարձեն:

Ինչու՞ եք լռում, — վերջապես ձայն տվավ Գուստավը, — ձեզանից մեկն անպատճառ պետք է այդ վանդակները հասցնե պատվիրողի տունը, որովհետև խոստացել եմ:

Թող Վալուշկինը տանե, հերթը նորանն է, — խմբի միջից ձայն տվավ մի գործավոր:

Ինչու՞ համար դու ինքդ չես տանում, հիմա՛ր, — գոռաց բարկությամբ Վալուշկինը:

Հիմարը դուն ես, ես շաբաթ օրը իմ հերթը վերջացրի:

Մի՛ կռվեք. հերթը Կուլակովինն է, — ձայն տվավ մի ուրիշը:

Կուլակովը գործարանի մշակ չէ՞ խո, — խռպոտ ձայնով գոչեց վերջինս: — Երեկ չէ՞ր, որ ես ձողերը երկաթուղին տարա: Շաբաթը խո տասն անգամ չպետք է իմ հերթը հասնի:

Ուրեմն Կամարիձեն պետք է տանի, — լսելի արավ յուր ձայնը մի ուրիշը:

Իմ ոտքը ցավում է, ես չեմ կարող, — պատասխանեց Կամարիձեն և ապա՝ «Ինչո՞ւ այս հայերը չեն տանում, իրենց հայն է պատվիրողն» ասելով հեռացավ դեպի բակի մի խավար անկյունը:

Այո՛, այո՛, այս հայերը պետք է տանեն. իրենց հայն է պատվիրողը, — աղաղակեցին իսկույն մի քանի հոգի:

Այդ ի՞նչ հիմարություն է, — խոսեց խմբի միջից մի առոողջակազմ հայ երիտասարդ, — եթե հայի պատվիրածն անպատճառ հայ գործավորը տանե, դուք՝ ռուս և վրացի գործավորներդ պետք է երբեք ոչինչ չտանեք, որովհետև ձեր ազգակիցները մեր գործարանին գրեթե պատվերներ չեն տալիս, ըստ որում ո՞ չ փող ունին, ո՛չ կարիք:

Պարոննե՛ր, ինչու՞ համար եք վիճում, թողեք ինձ ես այդ խնդիրը կլուծեմ, — լսվեցավ մի կանացի ձայն գործարանի վերնահարկի պատշգամբից:

Դա պարոն Գուստավի աղջկա ձայնն էր:

Այո՛, այո՛, օրիորդ, ի սեր աստուծո, դուք վճռեցեք, — ձայն տվին ամեն կողմերից գործավորները և հավաքվեցան պատշգամբի տակը:

Խոստանո՞ւմ եք, որ կկատարեք իմ վճիռը, պարոններ, — հարցրավ նրանց Շառլոտան:

Այո՞, օրիորդ, խոստանում ենք, կկատարենք, — ձայն տվին բոլորը միաբերան:

Շատ լավ, լսեցեք: Ես չեմ ճանաչում, թե ո՞րտեղ է գտնվում պարոն Սոմարյանցի տունը և չեմ էլ ճանաչում ձեր, գործավորներիդ տները. ուրեմն ինչ որ առաջարկեմ, իմացեք, որ բոլորովին անկողմնապահությամբ եմ առաջարկում: Ահա իմ առաջարկությունը. թո՛ղ այդ վանդակները տանե նա, որի տունն ավելի մոտ է Սոմարյանցի տանը:

Կեցջի՛ք, կեցջի՛ք, օրիորդ, լավ վճիռ կայացրիք, — ուրախությամբ գոչեցին մի քանիսը, — ուրեմն մեր երգիչ Գեվորգը կտանե, որովհետև նա Սոմարյանցի դրացին է:

Մի՞թե, — զարմացմամբ և շփոթված հարցրավ Շառլոտան:

Այո՛, այո՛, Գևորգը Սոմարյանցի ամենամոտ դրացին է, — կրկնեցին գործավորները և հարցը վճռված համարելով, սկսեցին ցրվել յուրաքանչյուրը դեպի յուր տունը:

Ծերունի Գուստավն էլ, բավական յուր դստեր վճռից, մտավ տուն: Իսկ խեղճ Գևորգը, որ մի տասն և ինն տարեկան պատանի էր, անցավ դեպի գործարանը՝ վանդակները վերցնելու համար:

Շառլոտան շատ զղջացավ յուր այդպիսի առաջարկություն անելուն համար: Նա շատ սիրում ու հարգում էր Գևորգին, իբրև բոլոր գործավորների մեջ ամենից համեստ տղային: Բացի այդ, Գևորգը, որ գեղեցիկ ձայն ուներ, շատ անգամ աշխատանքից դառնալուց ետ, յուր սիրուն երգերով զվարճություն էր պատճառում Շառլոտային, երբ սա զբոսնում էր տան այգիում լուսնկա գիշերներով: Գևորգի բարության փոխարեն Շառլոտան այս տեսակ վարձատրություն, իհարկե, չէր ցանկանալ անել նրան, բայց սխալն ուղղելու հնար չկար:

Երբ Գևորգը նորից երևեցավ բակի մեջ յուր ծանր բեռով, Շառլոտան իսկույն իջավ սանդուղքից և վազելով դեպի նորան՝ «Ների՞ ր ինձ, Գևորգ, — ասաց նրան, — ես բոլորովին չէի կարծում, թե վիճակը քեզ պետք է դուրս գար, ապա թե ոչ, երբեք այդպիսի առաջարկություն չէի անիլ գործավորներին: Այդ վանդակները շատ ծանր են, թո՛ղ որ հորս խնդրեմ, որպեսզի մեր ծառային քեզ հետ դնե, բեռանդ կեսը նա կարող է վերցնել»:

Շնորհակա՛լ եմ, օրիորդ, — հեզությամբ պատասխանեց Գևորգը, — Դուք շատ բարի եք. այս բեռը որովհետև ձեր առաջարկությամբ եմ կրում, ինձ համար ծանր չէ, մանավանդ թե շատ թեթև է... — այս ասելով նա դուրս գնաց բակի մեծ դռնից:

Շառլոտան մի քանի վայրկյան մնաց կանգնած բակի մեջ. նորան սաստիկ վշտացնում էր իր գործած սխալը. վերջապես նա վերադարձավ տուն:

Բ

Հուշիկ և ծանր քայլերով Գևորգը գնում էր երկար և ուղղաձիգ փողոցով, Չնայելով որ նորա բեռը չափազանց շատ ծանր էր, այսուամենայնիվ նա շունչ առնելու համար ոչ մի տեղ չէր կանգնում: Նա մինչև անգամ ուշադրություն չէր դարձնում ա՛յն մեծ շարժողության վրա, որը երեկոյան այդ պահուն, ինչպես միշտ, կար այդ փողոցում: Անդադար անցուդարձ անող կառքերի դղրդյունը, ձիաքարշի հաճախակի զանգահարությունը, երթևեկ ամբոխի շշուկը, գործից դարձող բանվորների ուրախ և բարձրաձայն խոսակցությունները, այս բոլորն անլսելի և անտեսանելի էին նորա համար: Նա մտածմունքների մեջ խորասուզված անընդհատ շարունակում էր յուր ճանապարհը և հուսահատված խոսում էր ինքն իրեն. «Այս բեռն ինձ համար ծանր չէ. ես սորանից ավելի ծանր ծառայություններ եմ արել Գուստավին, բայց ծանր է արդարև նորա աղջկա ինձ հասցրած վիրավորանքը: Նա դիտմամբ արավ այդ բանը, այո՞, դիտմամբ: Նա ճանաչում էր իմ տունը, երևի ճանաչում էր Սոմարյանցի տունը. գիտեր, որ նա մեր դրացին է, նա դիտմամբ հանձնեց ինձ այս ծառայությունը, հասկացնելու համար, որ ես ոչ այլ ինչ եմ, եթե ոչ՝ յուր հոր գործարանի մշակը... Եվ իհարկե, ես մի ողորմելի մշակ եմ, իսկ ինքը հարուստ գործարանատիրոջ աղջիկ... Ա՛խ, ուր էր թե ես էլ հարուստ լինեի...»: Այս խոսքերի հետ նա մի խորը հառաչ արձակեց և իտալացու ջարդված գլխարկը գլխից հանելով և ճակատի վրա վազող քրտինքը սրբելովշարունակեց յուր ճանապարհը:

Մի քառորդ ժամից նա հասավ Սոմարյանցի տունը, որն այդ երեկո փայլում էր արտաքո կարգի լուսավորությամբ: Յուր ծանր բեռը բակի մեջ գետին ձգելով՝ Գևորգն ուղղվեց ամբողջ թիկունքով, հանգիստ շունչ քաշեց և սկսավ նայել դեպի վեր, տան դստիկոնը:

Սոմարյանցի տան այդ մասը լուսավորված էր աչք շլացնելու չափ: Դահլիճի ահագին պատուհաններից երևում էին բյուրեղյա ջահերըկրակված հարյուրավոր ճրագներով: Բազմաթիվ հյուրեր անցուդարձ էին անում այդտեղ, և նոցա ուրախ խոսակցության ձայները, խառնվելով թնդացող երաժշտության հետ, մի կախարդական կերպարանք էին տալիս այդ հոյակապ տանը:

Գևորգը երկար նայում էր հարուստ մարդիկների ուրախությանը և ինքն իրեն շշնջում էր. «Ահա՛ ինչ կնշանակե հարուստ լինել, շատ փող ունենալ: Եվ ես հարյուր տարի էլ եթե ապրեի այսուհետև, դարձյալ Սոմարյանցի դահլիճի ներսը ոտք դնել չէի կարող: Ախր ի՞նչ մարդիկներ ենք մենք, չէ որ աստված մեզ ստեղծել է միայն բախտավոր հարուստներին ծառայելու համար: Ես և Սոմարյանցի տղան միասին էինք կարդում, ես նորանից ավելի լավ էի կարդում և նորանից ավելի շուտ ավարտեցի: Բայց որովհետև աղքատ էի, ես գնացի դարբին Գուստավի մոտ արհեստ սովորելու, իսկ նա մտավ գիմնազիոն, այժմ էլ նա ուրախանում է յուր հարուստ հոր հյուրերի հետ: Իսկ ես, իբրև մշակ, մի վերստ հեռավորությունից շալակել բերել եմ նրանց վանդակները: Իհարկե, Շառլոտայի նման գեղեցիկ աղջիկները Սոմարյանցի տղին կսիրեին, իսկ ինձ վրա կծիծաղեին, շատ բնական է…»: Այսպես խոսելով նա մոտեցավ սանդուղքի լուսավորված մուտքին և հնչակը քաշեց: Իսկույն երևեցավ ֆրակով և սպիտակ փողպատով մի սպասավոր: Գևորգը նորան հայտնեց, որ Գուստավի գործարանից բերել է յուր տիրոջ պատվիրած վանդակները և խնդրում էր, որ կարգադրեն ծառաներին ներս տանելու:

Ֆրակով սպասավորը, ինչպես սպասելի էր, սաստիկ բարկացավ Գևորգի համարձակության վրա. «Թշվառակա՛ն, — գոչեց նա կոպիտ ձայնով, — չէի՞ր կարող այդ մասին դռնապանին հայտնել, որ ինձ էիր անհանգստացնում»: Այս խոսքերով նա արագությամբ փակեց սանդուղքի մուտքը և անհետացավ:

Գևորգը մի քանի րոպե մնաց շվարած կանգնած. ծառայի հանդգնությունը վերջին աստիճանի վիրավորեց նորան, բայց ի՞նչ կարող էր անել: Նա լուռ ու մունջ ետ դարձավ և գտնելով դռնապանին, որ բակի դռան ետքում խռմփալով քնում էր, զարթեցրավ նորան և իրեն այդքան նեղություն պատճառող վանդակները նորան հանձնելով՝ գնաց տուն:

Գ

Գևորգենց տունը իսկապես մի հողե կտուրով աղքատիկ տնակ էր, բաղկացած մի մեծ սենյակից և մի խոհանոցից: Դարբին Ղազարը հազիվ էր կարողացել այդ փոքրիկ կալվածը ձեռք բերել յուր ճակատի քրտինքով: Ինքը երեխայությունից լինելով որբ և ամեն տեսակ պաշտպաններից զուրկ, դեռ տղա հասակում մուրալով էր ապրել: Հետո յուր մի բարի դրացուհու միջնորդությամբ մի դարբնի մոտ աշակերտ մտնելով, սովորել էր դարբնությունը: Մինչև քսանհինգ տարեկան հասակը, նա կարողացել էր այնքան գումար վաստակել, որ գնել էր այդ փոքրիկ տնակը և ամուսնացել Սարաջ-Օհանի աղջկա` Թամարի հետ:

Դարբին Ղազարը գուցե կարող կլիներ շատ առաջ գնալ, կարող կլիներ և մի փոքր հարստություն ձեռք բերել, այս աշխարհում մի՞թե այդ բանն անկարելի է, բայց մի անակնկալ հիվանդություն, դեռ երիտասարդ հասակում, խլեց նորան յուր սիրելի կնոջ գրկից, նորա համար միակ մխիթարության թողնելով երկու տարեկան Գևորգին:

Խեղճ Թամարը շատ երկար սգաց յուր ամուսնի մահը. նա մերժեց յուր ազգականների թախանձանքը՝ կրկին ամուսնանալու համար, և յուր բոլոր խանդաղատանքը փոքրիկ Գեվորգի մեջ ամփոփելով, սկսավ ապրել միմիայն նրա համար:

Թամարն ամուսնու մահից հետո յուր և որդու ապրելու հոգսը յուր վերա տեսնելով՝ հանձն առավ մերձակա լվացարանում լվացարարի պաշտոն և ամսական 25 ռուբլի ստանալով, ապրում էր ինքը և ապրեցնում էր որդուն:

Երբ Գևորգը տասներեք տարեկան դարձավ, նա տվավ նորան հայոց դպրոցը, որտեղ նորան ձրի ընդունեցին: Գևորգը շատ ուշիմ տղա էր. նա լավ էր սովորում և բոլոր վարժապետները նորանից գոհ էին: Ինչ վերաբերում էր դպրոցի վերակացուին, նա պատրաստ էր ամսական 50 ռուբլու փոխարեն 25-ով ծառայել, եթե միայն դպրոցի բոլոր աշակերտները Գևորգի նման համեստ և խոնարհ տղաներ լինեին:

Գևորգը 17 տարեկան հասակում յուր ուսման ընթացքն ավարտեց և այնքան բան գիտեր, որքան նորան սովորեցրել էին դպրոցում: Այժմ հարկավոր էր, որ նա յուր համար մի պարապմունք գտներ: Գևորգը հավատարիմ մնալով այդ ժամանակներում դպրոցում տիրապետող ոգուն, կամենում էր անպատճառ գործակատար դառնալ և շուտով հարստանալ: Բայց հանգուցյալ տեր-Օհանեսը, որ շատ սիրահար էր արհեստներին, կարողացավ համոզել նորան, որ յուր մոր ցանկության համեմատ շարունակեր յուր հոր՝ Ղազարի արհեստը, այն է՝ դարբնություն: Բայց, իհարկե, Գևորգը հայոց դպրոցն ավարտած և յուր վարժապետների ասելով զարգացած տղա, խո չէր կարող հասարակ դարբին լինել՝ արդեն մեծ զիջում էր անում նա մորը և տեր-Օհանեսին, որ գործակատար լինելու դիտավորությունը թողնում էր, ուստի նա ընտրեց փականագործությունը և մտավ գործարանատեր Շառլ Գուստավի մոտ:

Այստեղ երկու տարվա մեջ Գևորգը բավական առաջ գնաց յուր արհեստի մեջ, և ծերունի Գուստավը հատկացրավ նորան ամսական 15 ռուբլի:

Այժմ նա կամաց-կամաց մոտենում էր ցանկացած նպատակին, այն է՝ ազատել մորը լվացարանում օրն ի բուն չարաչար աշխատելուց:

Բայց մեկը, որ Գևորգին ավելի կապեց Գուստավի գործարանի հետ, այդ նորա դուստրը՝ գեղեցիկ Շառլոտան էր: Նորա գեղեցկությունն առաջին անգամից իսկ գրավեց Գևորգի ուշադրությունը, և նա հետզհետե գործարանը գնալով և հաճախ Շառլոտային տեսնելով, զգաց, որ այլևս անտարբեր չէ դեպի նորան: Մինչև այժմ իրեն անծանոթ մի զգացմունք սկսեց անհանգստացնել նորան: Նա ամենից վաղ շտապում էր Գուստավի գործարանը և ամենից ուշ հեռանում էր այնտեղից և այս միայն նորա համար, որ ավելի շատ ժամանակ ունենա Շառլոտային տեսնելու: Խեղճ երիտասարդը սիրում էր նորան

Բայց Գուստավի աղջիկը, իհարկե, նրա զգացմունքը չէր բաժանում և այդ երազել անգամ չէր կարող նա: Միայն թե բոլոր գործավորներից ավելի նորան էր համակրում: Գևորգը շատ համեստ և համակրական դեմք ուներ, առաջին անգամ նորան նայողը կսիրեր նորան. և Շառլոտան սիրում էր նորան, իբրև յուր հոր գործարանի մի բարի, աշխատասեր և պարկեշտ գործավորին: Բայց յուր քաղցր վարմունքը դեպի Գևորգը՝ վերջինիս մեջ բոլոր երիտասարդներին հատուկ մի սխալ կարծիք էր ծնեցրել, այսինքն թե նա սիրում է իրեն: Այս սխալ կարծիքի մեջ ավելի հաստատվեցավ Գևորգն այն օրից, երբ Շառլոտան պատահմամբ նորա երգելը լսելով, հրավիրեց նորան իրենց տան այգին և մի քանի նվագ յուր ծնողաց առաջ երգել տվավ նորան: Իսկ այնուհետև յուրաքանչյուր երեկո, երբ գեղեցիկ եղանակ կամ լուսին էր լինում, ինքը միայնակ զբոսնում էր այգիում և Գևորգին խնդրում էր նստել մեծ ակաթենու տակ և երգել: Գևորգը երգում էր նորա համար շատ քաղցր և գողտրիկ երգեր... Նա երգում էր մինչև անգամ այնպիսի կտորներ, որոնց մեջ յուր սրտի խանդն ու զգացմունքներն էին արտահայտվում:

Շառլոտան, իհարկե, հայերեն չգիտենալով, չէր էլ հասկանում Գևորգի երգերի միտքը, բայց երբ սա մի օր կամեցավ թարգմանել նորան յուր շատ սիրած երգի մի կտորը. նա թողեց Գևորգին այգիում և անխոս հեռացավ նորանից

Գևորգի մեջ մի կասկած զարթեցավ:

Նա զգաց, որ սխալված է, որ Շառլոտան նրան երբեք չի սիրել... Եվ այս տխուր ճշմարտությունն օրից օր ավելի հասկանալի էր դառնում նորա համար: Իսկ այս երեկո արդեն ամեն բան պարզվել էր: «Գուստավի աղջիկը, — մտածում էր ինքն իրեն Գևորգը, — ոչ միայն անկարող եղավ իմ զգացմունքը բաժանել, այլև ծիծաղեց ինձ վերա երկաթե վանդակները դիտմամբ շալակել տալով ինձ, որպեսզի զգալ տա ինձ նման թշվառականին յուր և մի խեղճ գործավորի մեջ եղած անհամեմատելի անհավասարությունը…»:

Այս խորհրդածություններն ալեկոծում էին դարձյալ խեղճ Գևորգի գլուխը, երբ նա հասավ տուն:

Խեղճ Թամարը երկար դրսում կանգնած՝ սպասում էր յուր որդուն, որովհետև նա այս երեկո սովորականից ավելի ուշացավ: Երբ Գևորգը մոտեցավ բակի դռանը, մայրը վազեց նորա առաջ: «Հոգյակս, ինչու՞ այսքան ուշացար», հարցրավ նորան մայրական խանդաղատանոք: Բայց Գևորգը այնքան վրդովված էր, որ մոր հարցին ոչինչ չպատասխանեց: Թամարը սաստիկ այլայլվեց: «Ի՞նչ է պատահել արդյոք նորան» — շշնջաց ինքն իրեն խեղճ մայրը և վազեց որդվո ետևից դեպի տուն»:

Այստեղ Գևորգը պատմեց նորան յուր տխրության պատճառը: Մայրն, իհարկե, մեծ նշանակություն չտվավ որդու պատմածներին, բայց աշխատեց մխիթարել նրան. «Դու քո գործը շինիր, որդի, — ասում էր նորան, — աշխատիր որքան կարող ես մի քանի շահի ետ գցել, և երբ ժամանակը կհասնի, ես քեզ համար այնպես լավ աղջիկ կուզեմ, որ դու իրեն կսիրես, ինքը`քեզ: Ի՞նչ ունիս դու գերմանացու աղջկա հետ. դու հայ ես, օտարի հետ խո չե՞ս պսակվելու»: Թամարը շատ լավ էր ասում, բայց որդու սրտից չէր խոսում:

Մայրիկ, կարծում ես, թե ես նորա համա՞ր եմ մտածում, — պատասխանում է Գևորգը, — թե ինչու՞ Գուստավի աղջիկն ինձ չէ սիրում, բնա՛վ, ինձ տանջում է միայն այն բանը, թե ինչու՞ մենք աղքատ ենք, որ մի փականագործի աղջիկ ինձ վերա ծիծաղի և Սոմարյանցի ծառան այդքան կոպտությամբ գոռա ինձ վերա: Ահա այս է ինձ սպանողը: Ես տեսնում եմ, թե արհեստավորը որքան ողորմելի մարդ է աշխարհի մեջ: Եվ եթե դուք թողնեիք ինձ գործակատար լինելԱյստեղ Գևորգն այլևս չկարողացավ իրեն պահել և սկսավ լալ:

Next page