Մուրացան՝   Պատմվածքներ

Դատարկ բաների վերա ես մտածում, որդի, — շարունակեց մայրը, — արհեստը ոսկի պարապմունք է. այդ պարապմունքով էլ դու մարդ կդառնաս և պատիվ կվաստակես, եթե միայն կամենաս: Տեսնո՞ւմ ես, այն ծերունի Գուստավը քեզ օրինակ: Չէ՞ որ նա էլ առաջ քեզ պես մի խեղճ գործավոր է եղել, իսկ այսօր մի ամբողջ գործարան ունի: — Այս ասելով Թամարը վեր կացավ և բերավ որդու համար վաղուց արդեն պատրաստ ընթրիքը, որը բաղկանում էր մի կտոր սառած մսից, պանրից և սև հացից:

Գևորգը, չնայելով իր ներքին վրդովմանցը, շատ ախորժակով ընթրեց: Եվ երբ վերջացրավ, վեր առավ յուր սրինգը և դուրս գնաց բակը:

Գեղեցիկ և լուսնկա գիշեր էր:

Գևորգի դրացուհիները՝ կանայք և աղջիկներ, դուրս էին եկել կտուրների վերա և թամաշա էին անում Սոմարյանցի տան մեջ եռացող խնջույքին: Բայց Գևորգին Սոմարյանցի տունը չէր գրավում, նրա սիրտն ուրիշ ցավ էր տանջում: Նա նստավ բակի մեծ տանձենու տակ, մի կոճղի վրա, որ նայում էր ուղիղ Սոմարյանցի տան լուսավորված դահլիճին և սկսավ մեղմ և քաղցր ձայնով երգել «Զրկված սիրահարի» տխուր երգը:

Ա՛խ, երանի տկար սրտին
Սիրո նետեր չդիպչեր.
Երանի՛ թե աղքատ մարդին
Սիրուց բաժին չտրվեր:

Նոր մանկության հովտեն ելած
Մտի սիրո բուրաստան,
Ուր հույլ ի հոյլ դեռ թերաբաց
Փայլում են վարդն ու շուշան:

Ուր սոխակը ոլորում է
Յուր սրտառուչ դայլայլիկ,
Եվ զեփյուռը գուրգուրում է
Առվին ալիք գեղեցիկ:

Ինձ պատում են բյուր հրապույրներ
Գեղ և շնորհք երկնային,
Եվ հնչում են թովիչ ձայներ
Իմ փափկալուր ականջին:

Իմ սառ սիրտը ջերմանում է,
Ներսս վառվում նոր կրակ,
Եվ վարդենին ինձ դյութում է
Յուր աչքերովն անուշակ:

Աղբերակունք վճիտ, մաքուր,
Խաղացնում եմ նորա շուրջ,
Հովհարներով բերում զեփյուռ
Յուր վարդերին փչել շունչ:

Սպասում եմ, որ տար ծաղիկ
Ինձ իմ գողտրիկ վարդենին.
Փնջիկներով հանգչեր իմ գիրկ
Մեղմիկ բուրեր իմ սրտին

Ափսոս, դաժան էր պարտիզպան,
Նա իմ հույսը կործանեց.
Աղքատների բաժին չէ սա»,
Ասաց և ինձ դուրս հանեց:

Եվ ցողեցին աչքերս առատ,
Կյանքս դարձավ սգալից.
Եվ ոչ մի ձայն իմ հուսահատ
Սրտին եղավ կարեկից:

Բայց երանի- տկար սրտին
Սիրո նետեր չդիպչեր,
երանի- թե աղքատ մարդին
Սիրուց բաժին չտրվեր…:

Եվ երգի յուրաքանչյուր տունը ավարտելուց հետո Գևորգը հնչեցնում էր յուր տխուր և մելամաղձիկ սրինգը, որի բեկբեկուն ձայնը գիշերային լռության մեջ թռչում, հասնում էր թաղի հեռավոր անկյունները:

Այս միջոցին Սոմարյանցի տան մեջ հրավիրյալների ուրախությունը հասել էր յուր գագաթնակետին: Մի կողմից երաժշտությունը, մյուս կողմից բազմականների խառնաշփոթ աղաղակը դղրդեցնում էին ամբողջ տունը: Սեղանի վերա արդեն պտտվում էր 3-րդ խորտիկը, գինով շշերը վաղուց արդեն կորցրել էին իրենց կանոնավոր դիրքը, կենացները և էքստրաներն անդադար հաջորդում էին միմյանց:

Սոմարյանցի հրավերքը հասարակ մարդկանց հրավերքին չէր նմանվում: Նրա հյուրերը բոլորն էլ զարգացած մարդիկներ էին: Բոլորն էլ զուտ հայեր և «անխառն ազգասերներ»: Այդ էր պատճառը, որ հրավերքն ընդունել էր մի տեսակ ազգային հանդեսի կերպարանք: Այստեղ առաջարկվում էին և հայ գործիչների ու բարերարների կենացները, որոնց արժանավորագույնը պսակվում էր պարոն սեղանապետի գեղեցիկ ատենաբանությամբ և բազմականների անվերջ ծափահարություններով: Այսպիսի պատվի արժանացավ, իհարկե, հայոց ապագա կաթողիկոսի և ապա, ինչպես որ մոդա էր, Կ. Պոլսի Ներսես պատրիարքի, Խրիմյան Հայրիկի և այլոց կենացները:

Բազմականներից մեկը, որ ըստ երևույթին թեմական տեսուչ էր, առաջարկեց խմել հայոց դպրոցների կենացն այնպիսի եռանդուն նախանձախնդրությամբ, որ կարծես այդ կենացից կախված լիներ հայոց դպրոցների ներկան ու ապագան: Պարոն սեղանապետը հարգեց, իհարկե, այս առաջարկությունը, և դահլիճը թնդաց կեցցեների աղաղակներով:

Մի ուրիշ պարոն, որ բավական նուրբ ճաշակով հագնված էր և որ յուր շարժմունքների մեջ ոչնչով ետ չէր մնալ մի ամենակոկետ կնոջից, առաջարկեց խմել հայոց թատրոնի կենացը:

Այո՛, այո՛ հայոց թատրոնի կենացը, — գոչեցին մի խումբ նրբաճաշակ և ըստ երևույթին գեղարվեստը պաշտող երիտասարդներ, որոնք առանձին ժողովված էին սեղանի մի անկյունում:

Սեղանապետը հարգեց և այդ առաջարկությունը և դարձյալ մի ատենաբանությամբ առաջարկեց նորան հյուրերին, վերջիններս, իհարկե, ընդդիմություն ցույց չտվին բաժակները դատարկելու մեջ:

Բայց սեղանի մի անկյունում հավաքված նրբաճաշակ երիտասարդների խումբը, անկախ սեղանապետի բարեհաճությունից, խմեց և հայոց գեղեցիկ դերասանուհիների կենացը: Իմ ընթերցողներն, իհարկե, ինձ հետ միասին, այս վերջինը ամենից արժանավորն են գտնում:

Այս բոլոր կենացներին մի մարդ միայն չէր մասնակցում: Դա հայոց լավ հեղինակներից մինն էր, որ կանգնած դահլիճի պատուհանում, երկար նայում էր դեպի դուրսը: Թատրոնի կենացից հետո միայն սեղանապետը նշմարեց նորան և բավական ծանր նկատողություն արավ նորան յուր այդ անկարգ վարմանց համար:

Ներեցե՛ք ինձ, պարոն սեղանապետ, — դարձավ նորան հեղինակը, — այստեղ մի երգչի չնաշխարհիկ ձայնը գրավել է ինձ ավելի, քան ձեր բոլոր կենացները (սեղանի շուրջը հավաքված երիտասարդների մեջ անբավականության նշաններ). լսեցեք նորան մի փոքր և տեսեք արդյոք իրավունք չունեի՞ ես ուշադիր լինելու ավելի այս երգչին, քան թե ձեր կենացներին:

Ի՞նչ երգիչ է, հապա՛ տեսնենք: — Այս ասելով տեղից վեր կացավ սեղանապետը և մոտեցավ պատուհանին: Սեղանապետի օրինակին հետևեցին և հրավիրյալներից շատերը և մի ակնթարթում ժողովվեցան դահլիճի պատուհանների մոտ:

Երաժշտությունը լռեց. Սոմարյանցի հյուրերն ամենայն ուշադրությամբ լսում էին դրացի տան բակում երգող երգչին: Դա Գևորգն էր, որ հնչեցնում էր յուր սրինգը և երգում էրՀրավիրյալները որոշ լսեցին նորա երգի հետւևյալ կտորը,

Բայց ափսո՛ս, որ միշտ կմնամ հուսահատ.
Քեզ ժառանգելու չեմ ունենար բախտ.
Քեզ փեսա կընտրես հարուստ և իշխան.
Բայց ես սիրուց զատ՝ չունիմ ուրիշ բան:

Ո՞վ է այս տղան, Սերգեյ Յագորիչ, — հիացած ձայն տվավ սեղանապետը:

Մեր դրացի դարբին Ղազարի որդին է, — այս խոսքերով մոտեցավ սեղանապետին պարոն Սոմարյանցը և հարցրեց, — հավանո՞ւմ եք նորան:

Նա ինձ հիացնում է, խնդրում եմ, կանչել տվեք նորան այստեղ:

Այո՛, այո՛, նա մեզ հիացնում է, բերել տվեք նորան այստեղ, — գոչեցին բոլոր հյուրերը գրեթե միաբերան:

Իսկույն, — պատասխանեց Սերգեյ Յագորիչը և ներկա եղող ծառաներից մեկին հրամայեց գնալ և կանչել Գևորգին:

Ներկա գտնվողը միևնույն ծառան էր, որ կոպտությամբ վիրավորել էր խեղճ Գևորգին, նա չհամարձակվեցավ անձամբ գնալ նրա մոտ, որ մի գուցե նրա զայրույթը գրգռելով, առիթ տար յուր վատ վարմանց երևան հանելուն, այլ յուր կողմից մի ուրիշին ուղարկեց Գևորգի մոտ:

Աղան ձեզ խնդրում է, որ գաք մեզ մոտ, — ասաց Սոմարյանցի ծառան, մոտենալով Գևորգին:

Ի՞նձ, — հարցրեց զարմացմամբ Գևորգը:

Այո՛, ձեզ, — պատասխանեց ծառան:

Գևորգի համար բոլորովին անսպասելի չէր այդ հրավերը, ուստի նա շփոթվելով հարցրեց. «Ի՞նչ ունի ինձ հետ ձեր աղան այս ժամին, վանդակների համար չէ ուզում խոսել»:

Ի՞նչ վանդակների համար:

Այն վանդակների, որ ես այսօր բերի ձեր տուն:

Ո՛չ, կարծեմ մեր հյուրերը լսել են ձեր երգելը և կամենում են, որ գաս իրենց մոտ էլ երգես:

Գևորգի շփոթությունն անցավ, և մի գաղտնի ուրախոթյուն, որ առաջանում է անմեղ փառասիրությունը գգված լինելուց, պատեց նորա սիրտը:

Լա՛վ, կգամ, դուք գնացեք, — ասաց նա ծառային և ինքը մտավ տուն, մորը իմացնելու: Բայց մայրն արդեն Օրփեոսի գրկումն էր, և չկամենալով նորան զարթեցնելլվացվեցավ, մաքրվեցավ և դուրս գնաց:

Հասնելով Սոմարյանցի տան այն մուտքին, որ հանում էր խնջույքի հարկը, նա կանգ առավ և չէր վստահանում միայնակ բարձրանալ: Նա հնչակը քաշեց:

Իսկույն երևեցավ միևնույն ծառան, որ Գևորգին հրավիելու էր գնացել:

Պարոն Գևորգ, ինչո՞ւ չեք գալիս, հրամեցե՛ք:

Գալիս եմ, բայց...

Բայց ի՞նչ, ամաչո՞ւմ եք:

Ոչ... բայց ասացեք խնդրեմ, շա՞տ մարդ կա այդտեղ:

Իհարկե շատ մարդ կա. բայց ձեզ ի՞նչ. շատ մարդիկ ձեզ խո չե՞ն ուտելու, հրամեցեք:

Գևորգը յուր բոլոր արիությունը ժողովելով` բարձրացավ սանդուղքից, հասնելով գեղեցիկ լուսավորված նախագավիթը, նորեն կանգ առավ:

Դուք դարձյալ կանգնո՞ւմ եք, իսկ ձեզ սպասում են, — նկատեց ծառան:

Գևորգը տեղից չշարժվեց, նա ամբողջ մարմնով դողում էր:

Սպասավորը երկար չսպասեց, նա շտապ մտավ դահլիճը և հայտնեց աղային, որ Գևորգը եկել է, բայց ամաչում է մտնել:

Ի՞նչ հիմարություն, ո՞ւր է, — բացականչելով դուրս եկավ պարոն Սոմարյանցը նախագավիթը և տեսնելով Գևորգին, որ կծկվել էր դռան մոտ՝ «Վա՞, արի՛ է, ինչու՞ համար ես ամաչում, ձեր հարևանի տունն է, օտարի տուն խո չէ», — այս խոսքերով բռնեց նա Գևորգի ձեռքից և խնամակալի իշխանությամբ ներս քաշեց նրան դեպի դահլիճը:

Դ

Սոմարյանցի հյուրերը Գևորգին տեսնելով ուրախության աղաղակ բարձրացրին: Նրանցից մի մասը ուռա- էր կանչում, մյուսները գժանոցից փախած խելագարների նման բացականչություններ էին անում, ուրիշները հրավիրում էին նրան իրենց մոտ նստել, իսկ երաժիշտները, որ այդ միջոցին լուռ էին, սկսան ի պատիվ Գևորգի մի տուշ ածել:

Գևորգն առաջին անգամ մի այսպիսի տեղ մտնելով, մնացել էր ապշած:

Դահլիճի հրաշալի լուսավորությունը, նորա շլացնող զարդարանքները, հարուստ և շքեղ սեղանը, փայլուն հյուրերի բազմությունը, երաժշտության որոտը, այդ բոլորը մի րոպեում այնպիսի կախարդական ազդեցություն արին նրա վերա, որ խեղճն իրեն երազի մեջ էր կարծում: Հենց առաջին րոպեներից սկսած մի տեսակ թմրություն կամաց-կամաց պատեց նրա ամբողջ մարմինը, նա կարծես հետզհետե խլանում էր. նրա աչքերը սկսում էին մթագնել, դահլիճի մեջ որոտացող երաժշտության ձայնը, հարբած հյուրերի աղաղակն այլևս լսելի չէին լինում նրան, դահլիճի հարյուրավոր ճրագները, յուր չորս կողմը պտտվող բազմությունը, կամացկամաց անհետանում էին նորա աչքից և ստանում էին հյուլեների կերպարանք, որոնք արեգակի շողերի առաջ լողում են օդի մեջ: Նա սկսում է թուլանալ:

Գևո՛րգ, ի՞նչ պատահեց քեզ, — վրդովված ձայնով գոչեց տանուտերը, տեսնելով, որ պատանին երերվում է ոտքի վրա, — դու հիվա՞նդ ես, հա՛ , դու հիվա՞ դ ես:

Գևորգը ոչինչ չպատասխանեց:

Աթո՛ռ, աթոռ տվե՛ք տղային, որ նստե, — ձայն տվին մի քանիսը:

Նա ուշաթափվում է, ջո՛ւր հասցրեք, — աղաղակում էր մի ուրիշը:

Ջո՛ւր, ջուր սրսկեցեք, — հրամայեց սեղանապետը: Եվ իսկույն ծառաներից մի ամենաշնորհալին ջրի շիշը կըլթ, կըլթ, կըլթ, թափեց խեղճ Գևորգի գլխին և շորերի վերա:

Կամա՛ց, հիմա՛ր, խեղճ տղայի շորերը բոլորովին թրջեցիր, — բարկությամբ գոչեց Սոմարյանցը և սեղանից անձեռոցը վերցնելով, սրբեց Գևորգի շորերը:

Սպասավորի շնորհալի բարերարությունը և Սոմարյանցի ու հյուրերի աղաղակը սթափեցրին Գևորգին թմրությունից: Նա իսկույն բարձրացավ աթոռից և շփոթված սկսեց ուղղել յուր հագուստները:

Ի՞նչ պատահեց քեզ, ո՛րդի, — հարցրեց նրան Սոմարյանցը, — ինչո՞ւ այդպես դարձար:

Ոչի՛նչ, գլուխս մի փոքր պտույտ եկավ, — աչքերը գետնին գցած պատասխանեց Գևորգը:

Ոչի՛նչ, ոչի՛նչ, կա՛նցնե, շուտով կանցնե, — գոչեց մյուս կողմից սեղանապետը, և մոտենալով բռնեց նրա ձեռքից և նստեցրեց յուր կողքին:

Այժմ դեռ պետք է մեր սեղանից մի բան վայելես, հետո մեր հյուրերի կենացը կխմես, և հետո մեզ համար կերգես, այնպես չէ՞: Դե-, սկսիր առաջին գործդ, — ասաց նրան սեղանապետը և հրամեցրեց նրան հատկապես սեղանապետի համար պատրաստված կարկանդակը:

Գևորգը սաստիկ ամաչում էր: Յուր կյանքում նա առաջին անգամն էր արժանանում այսպիսի բարձրաստիճան հյուրերի ուշադրության: Ուստի և նա ոչինչ չկարողացավ ճաշակել, ամոթից քրտինքը վազում էր նրա ճակատի վերա:

Պարոն սեղանապե՞տ, դուք, շատ քնքշաբար եք վարվում իմ դրացու հետ, — նկատեց Սոմարյանցը, — ինձ թողեք նորա մտերմությունը վաստակել: — Այս ասելով նա մոտեցավ Գևորգին, կտրեց կարկանդակից մի մեծ կտոր և սկսավ զոռով խրել Գևորգի բերանը: Էլ այժմ ազատում չկար, պետք էր վայելել այդ անիծյալ կարկանդակը: Եվ Գևորգը հնազանդվեցավ յուր ճակատագրին: Բայց դեռ վերջին պատառը չէր անցել նրա կոկորդից, և ահա՞ սեղանապետը մոտեցրեց նրան գինվո ահագին բաժակը:

Ես գինի չեմ խմում, պարոն սեղանապետ, — համեստությամբ նկատեց պատանին և բաժակը հեռացրեց իրենից:

Այդ անկարելի է, — գոչեց սեղանապետը յուր բոլոր սեղանապետական արժանավորությամբ, — դու պետք է մեր հյուրերի կենացը խմես:

Այո՞, այո՞, անկարելի է, պետք է, որ մեր կենացը խմե, — աղաղակեցին միաբերան մի քանիսը:

Իսկ եթե չի խմիլ, ես գինու բաժակը կթափեմ նրա գլխին, — ավելացրեց Սոմարյանցը:

Գևորգն այս վերջին սպառնալիքից վախեցավ: Նա ձեռքն առավ բաժակը և աչքերը գետին խոնարհած՝ «Ձեր կենացը», — շշնջաց հազիվ լսելի ձայնով և խմեց մի քանի կաթիլ:

Չեղա՞ վ, չեղա՞վ, բոլորը պետք է խմել, — աղաղակեց սեղանապետը:

Բաժակի հատակը պետք է չորացնել, — գոչեց մի ուրիշը, որ ըստ երևույթին առանձին հմտություն ուներ արբեցության արհեստի մեջ: Գևորգը այս անգամ կես ամոթից և կես բարկությունից ստիպված մի կողմ թողեց յուր ծայրահեղ ամոթխածությունը և բաժակը դատարկեց փառավորապես:

Կեցցե՛ս, կեցցե՛ս, — աղաղակեցին հյուրերը և երաժշտությունը սկսավ նրանց ձայնակցել:

Մի փոքր ժամանակից հետո սեղանապետը նշան տվավ, և երաժշտությունը լռեց:

Այժմ դու պետք է մեզ համար երգես, — ասաց նա Գևորգին և դառնալով դեպի հյուրերը, հրամայեց, որ բոլորն էլ լռեն:

Ի՞նչ երգ եք կամենում, որ ես երգեմ, — հարցրեց Գեվորգը ոտի կանգնելով:

Որը որ դու ավելի լավն ես համարում:

Այո՛, որը որ դու ավելի լավն ես համարում, — արձագանք տվին սեղանապետի խոսքերին մի ուրիշ անկյունից: Բայց ո՞ր երգն էր ավելի լավ յուր գիտեցածներից, այդ մեկը նույն րոպեին Գևորգը չէր կարողանում որոշել, ուստի մի քանի րոպե մնաց լուռ կանգնած և բոլոր դահլիճն ուշադրությունը լարած՝ սպասում էր նրան:

«Ես կերգեմ ա՛յն երգը, որ Շառլոտան ավելի էր սիրում», — վերջապես մտածեց ինքն իրեն պատանին, — «երևի դա է ամենից լավը իմ երգերից»: Եվ նա սկսեց քաղցր և մեղմ ձայնով երգել «Սիրահարի բաղձանքը»:

Տխուր գիշեր, աղոտ լուսին
Թե լինեին ինձ ընկեր,
Շունչ զեփյուռին, մրմունջ առվին
Շշնջեին ինձ երգեր:

Մայրյաց թավուտ, մարմանդ դալար,
Մարդկան ոտից անկոխ հովիտ,
Ուր սուրբ սիրույն ծխի բուրվառ
Թե իրենց մեջ տային հանգիստ:

Այդ սրբազան միայնության
Մեջ կերգեի իմ Սիրուհին,
Եվ իմ դողդոջ երգերի ձայն
Կավանդեի գողտրիկ հովին:

Որ նա տաներ, մեղմիկ հնչեր
Այնտեղ, ուր նա կննջե լռին,
Եվ նորա սիրտն առներ, բերեր
Իմ սիրալիր սեղմեր սրտին:

Վերջին տունը հազիվ թե վերջացրեց երգիչը և ահա դահլիճի մեջ որոտացին ծափահարությունների և կեցցեների ձայները: Բոլոր հրավիրյալներն անխտիր հիացան պատանու գողտրիկ և ոլորուն ձայնի վերա, բոլորն էլ միաբերան գովում էին նրան:

Բայց այդ միակ երգով չբավականացան, իհարկե, Սոմարյանցի հյուրերը: Նրանք խնդրեցին սեղանապետին, որ կրկին երգել տա Գևորգին:

Գևորգն այժմ այլևս չէր ամաչում, նա սկսեց երգել, և երգեց մոտ տասը հատ երգեր, մեկը մյուսից հաջողակ:

Ծափահարություններին և կեցցեներին վերջ չկար:

Այժմ մեր հրավիրյալներն սկսան խորը կերպով հետաքրքրվել պատանու դրությամբ, հարցնում էին Սոմարյանցից նրա հոր, մոր և մինչև անգամ ազգականների անունները: Տեղեկություններ էին պահանջում նրա կեցության և պարապմանց մասին և այլն, և այլն:

Պարոն Սոմարյանցը, պետք է խոստովանել, շատ քիչ բան գիտեր յուր դրացու մասին, և նրա նման մի հարուստին այդ բանում մեղադրել անկարելի էր. ուստի նա հազիվ թե կարողանում էր գոհացնել յուր հյուրերի հարցասիրությունը:

Բայց դահլիճի մի ուրիշ անկյունում, մի խումբ հյուրեր բոլորովին ուրիշ կարծիքներ էին հայտնում Գևորգի մասին: Նրանցից մի քանիսը պնդում էին, որ նա հայոց դպրոցներից մեկի աշակերտն է դեռ. մյուսները հաստատում էին, որ նա նոտայի վարժապետ է. յուր քթի մեծությամբ նշանավոր մի պարոն հիշում էր, որ այդ տղային տեսել էր Թիֆլիսի երաժշտական դպրոցում, մի ուրիշը հաստատում էր, որ նա մասնակցում էր Հայոց բարեգործական ընկերության վերջին անգամ տված նվագահանդիսին. իսկ հայոց «գեղեցիկ դերասանուհիների» կենացը խմող երիտասարդներից մեկն ասում էր և փաստերով հաստատում, որ ինքն այդ տղային անցյալ տարի տեսել էր Պետերբուրգի երաժշտական դպրոցում և զարմանում էր, թե նա այժմ ի՞նչ էր շինում Թիֆլիսում և կամ ինչո՞ ւ այդպես աղքատ է հագնված:

Այս տարաձայն խոսակցությունները, որոնք հակասում էին միմյանց, շատ անհանգստություն պատճառեցին երիտասարդ բժիշկ Դուդուկջյանին, որը գեղեցիկ սովորություն ուներ ամեն տեսակ ժողովների մեջ բոլորից առաջ խոսելու: Նա բարձրացավ յուր տեղից և գինվո բաժակը ձեռքում բռնած (մոռանալով, որ կենաց առաջարկելու համար չէր կանգնել), ամենին լսելի ձայնով հարցրեց.

Պարոն սեղանապե՞տ, մեր հարգելի հյուրերը ցանկանում են իմանալ, թե արդյոք մեր այդ տաղանդավոր և շնորհալի երգիչը ո՞րտեղ և ինչո՞վ է պարապում: Արդյոք կարո՞ղ եք հրամայել, որ նա բավարարություն տա նրանց հետաքրքրությանը:

Ինչո՞ւ չէ, — պատասխանեց սեղանապետը և ապա դառնալով դեպի Գևորգը հարցրեց.

Դու ի՞նչ գործով ես պարապում, մեր հյուրերը կամենում են իմանալ:

Ես լինում եմ գերմանացի Գուստավի գործարանում և պարապում են փականագործությամբ, — համեստությամբ պատասխանեց Գևորգը:

Փականագործությա՞մբ, — զարմացմամբ հարցրին մի քանի տեղերից:

Այո , փականագործությամբ, — կրկնեց պատանին:

Ի՞նչ եք ասում, մի՞թե կարելի է, որ ձեզ պես շնորհալի երիտասարդը փականագործությամբ է պարապում, — տաքացած մոտեցավ նրան բժիշկը, ձեռքի բաժակը սեղանի վրա դնելով:

Ի՞նչ պետք է անել, պարոն բժիշկ, դրանից ավելի լավ պարապմունք ինձ ո՞վ պիտի տար:

Ա՛, ինչ եք ասում, պարոն, դուք ձեզ կորցրել եք անհայտության մեջ:

Բայց ես չեմ կարող հավատալ մեր երգչի խոսքերին, նա երևի կատակ է անում, — ձայնը լսելի արավ հայոց «գեղեցիկ դերասանուհիների» կենացը խմող և Գևորգին Պետերբուրգի երաժշտական դպրոցում տեսնող պարոնը:

Ես կատակ չեմ անում, հարգելի պարոն, ես փականագործությամբ եմ պարապում պարոն Գուստավի գործարանում:

Ցավալի է, շատ ցավալի է, — հարեց սեղանի ձախ կողմից երդվյալ հավատարմատար Մաստակյանը, խիստ կարեկցական արտահայտություն տալով յուր դեմքին, բայց և այնպես շամպանիայի բաժակը ձեռքից չթողնելով:

Իսկ ես պիտի ասեմ, որ ոչ միայն ցավալի, այլև ամոթ է ձեզ, ռուսաստանցիներուդ համար ասանկ շնորհալի երիտասարդ մը ունենալ և զանի, ինչպես հարկն է, խնամել չկամենալ: — Այս փոքրիկ հառաջաբանով խառնվեցավ խոսողների հետ պարոն Դեմուրջյանը, մի պոլսեցի նորեկ երիտասարդ, որ բավական խնամքով սրել էր յուր ընչացքի ծայրերը և «Մասիսի» մի համարը ծալած դրել էր րեդինգոտի գրպանըեթե ասանկ տաղանդավոր պատանի մմեր Պոլիսը գտնվեր, — շարունակում էր նա, — կտեսնեիք, թե մեր հոնտեղի ազգայինք ի՛նչ մեծ զոհաբերություններով զանի առաջ պիտի քաշեին գեղարվեստից տաճարներուն մեջ:

Բայց դուք հարգելի պարոն, մի Դուրյան ունեիք, երիտասարդ, բայց իրոք տաղանդավոր բանաստեղծ, որ մեծ ապագա էր խոստանում և նա քսան և երկու տարեկան հասակում մեռավ Պոլսում, վերջին աղքատության մեջ, — նկատեց նրան պարոն Սլաքյանը, որ մի կողմը քաշված մեծ զվարճությամբ լսում էր հափշտակված հյուրերի ճառախոսությունները:

Եթե ամեն բանի մեջ ատանկ ծուռը դատելու ըլլանք նե, պարոն, — հարեց Դեմուրջյանը, — գիտե՞ք ուր կհանգի ձեր ճանապարհըԿրետեի հին լաբյուրինթոսին մեջ, որը, ինչպես գիտեք, Մենովսի հրամանավ Դեդալոս անդրիագործը շինեց

Լաբյուրինթոսների պատմությունն անել ավելորդ է, շարունակեցեք բուն խնդրի վրա խոսել, — ընդհատեց նորան պարոն Սլաքյանը:

Դարձյալ ծուռը կդատիք, պարոն, լաբյուրինթոսներու պատմությունն անանկ հետաքրքիր նյութ մէ հնագիտության համար, որ մեր դարու բոլոր հնախոսք մեծամեծ հատորներ հրատարակած են ցարդ անոնց վրայոք: Եթե ինձ չեք հավատար, շնորհ ըրեք մեր Պոլսո գրավաճառանոցներն այցելելու ու հոն պիտի տեսնեք, թե ի-՜նչ ահագին հատորներ կվաճառվեն, բոլորն ալ հնագիտության և գլխավորապես լաբյուրինթոսներու մասին հարուստ տեղեկությամբք լի

Պարո՛ն, դուք դարձյալ բուն խնդիրը մոռացաք, — նորեն ընդմիջեց նրան պարոն Սլաքյանը, — ես Դուրյանի մասին էի խոսում, որ Պոլսում աղքատության մեջ մեռավ, դուք ի՞նչ էիք կամենում սրա մասին ասել:

Հա, մոռցա, ես ալ ադոր համար պիտի խոսեի: Դուք, հարգելի պարոն, Դուրյանի անուն տալով խնդիրը կշփոթեք: Վասնզի այլ է բանաստեղծ, այլ է երգիչ: Բանաստեղծը չկրնար երգիչ ըլլալ և ոչ ալ երգիչը բանաստեղծ: Սա անանկ ճշմարտություն մէ, որ մեր Պոլսո բոլոր ազգայինք գիտեն, և ձեզի պես նշանավոր ազգասերի մալ չգիտնալը պատիվ չի բերեր...

Մենք, պարո՛ն, գիտենք ըստ հարկին պատվել զԼիթռե, զՎիկթոր Հուկո, դուք Կովկասու հայքդ հազիվ կրցաք Դյուլոռեի մը հոգեհանգիստը կատարել:

Բայց բուն խնդիրը, պարո՛ն, բուն խնդիրը, — անհամբերությամբ ընդհատեց նրան պարոն Սլաքյանը:

Բուն խնդիրն այն է, որ Դուրյան իբրև սոսկ բանաստեղծ կրնար աղքատության մեջ մեռնիլ, ըստ որում բանաստեղծությունը մեր պոլսեցվոց մոտ գին չունի, մինչ երգիչ մը կրնա դյուրավ հաճո ըլլալ անոնց, մանավանդ, ա՛յն մեծ խնջույքներուն մեջ, որք հաճախ տեղի կունենան մեր Պոլիսը հարուստներու քով: Եվ ասանկով այդ երգիչը կրնա յուր համար ապահով ապագա մը պատրաստել, ինչպես խել մը եվրոպացի նշանավոր երգիչք... — Պարոն Դեմուրջյանը դեռ չէր ավարտել յուր ճառը, որ ծիծաղն ու քրքիչը լցվեցավ դահլիճը: Պարոն ճառախոսը զգաց, որ յուր իմաստալից խոսքերն ըմբռնողներ չգտնվեցան յուր սեղանակիցների մեջ, ուստի «անհասկացողներու առաջ խոսելը հիմարություն մ՛է» փնթփնթալով անցավ և յուր տեղը բռնեց:

Պարոն Դեմուրջյանին հաջորդեց մեզ ծանոթ երիտասարդ բժիշկը հետևյալ ճառով.

«Պարոննե՛ր, մեր ազգն այժմ աղքատ է մեծ մարդիկներով և դորա պատճառը մենք ինքներս ենք: Որովհետև, ո՞չ թե ազգն է ամուլ, որ չէ ծնում այդ տեսակ մարդիկներ, այլ մենք, ազգի անդամներս ենք մեղավոր, որ նրա ծնածները չենք խնամում: Մեր մեջ շատերը կան, որոնք ի բնե կանչված են մեծ մարդիկներ լինելու համար, բայց այդպիսիներն անխնամ մնալով չեն զարգանում, չեն ուռճանում, այլ վայրի բույսերի նման մի աննշան հասակ առնելով՝ գոսանում, անհետանում են: Այդ տեսակ ծնունդներ, այդ տեսակ ուժեր մեր մեջ շատ կան. մնում է միայն հետամուտ լինել՝ նրանց գտնելու համար, և գտնելուց հետո ըստ պատշաճին խնամել նրանց: Մի որոշ ժամանակից հետո մենք մեծ մարդիկներ կունենանք, այնքան մեծ, որ մենք նրանցով կկարողանանք պարծենալ… (կեցցեներ և ծափահարություններ):

«Այս երիտասարդը, — շարունակեց ճառախոսը, — որ այսօր մեզ հոգեկան զվարճություն պատճառեց յուր գեղեցիկ երգերով և գրավեց մեր բոլորի ուշադրությունը, իմ հիշած ուժերից մեկն է, նա կարող է ապագայում մի նշանավոր երգիչ լինել, նա կարող է և օտարների ուշադրությունը գրավել յուր երկնատուր շնորհքների կատարելագործությամբը. բայց նա կարող է և կորչիլ անհայտության մեջ, որովհետև մի կտոր հացի համար ծառայում է փականագործի գծուծ արհեստով: Ուրեմն, մենք պետք է օգնենք նրան յուր կոչմանը ծառայելու:

(Համաձայնության աղաղակներ):

«Ես տեսնում եմ, որ դուք համակրում եք իմ խոսածներին, ինձ մնում է առաջարկել այն միջոցը, որով կարելի կլինի օգնել այդ երիտասարդին բարձրացնելու ա՞յն աստիճանների վերա, որի համար օժտված է նա բնությունիցս»:

Առաջարկեռե՞ք, առաջարկեցե՞ք, — ձայն տվին մի քանի տեղերից:

Ահա՛ իմ առաջարկությունը, պարոններ: Ես կարևոր եմ համարում հենց այստեղ ստորագրություն բանալ այդ երիտասարդի օգտին, որին մենք բոլորս անխտիր կմասնակցենք: Յուրաքանչյուրը մեզանից, յուր կարողության համաձայն, թո՛ղ մի գումար ստորագրե, և այդ ժողովված փողով մենք կղրկենք այս երիտասարդին Պետերբուրգի կամ եվրոպական մի ուրիշ նշանավոր քաղաքի երաժշտական դպրոցը, ուր նա յուր ձայնը կմշակե և երգելու արհեստի մեջ կկատարելագործվի:

Կեցցե՛, կեցցե՛, պարոն բժիշկ, — գոռացին հրավիրյալները և ծափահարություններով թնդացրին դահլիճը:

Իսկ սեղանապետը իբրև վարձատրություն նորա գեղեցիկ ճառին, առաջարկեց խմել պարոն բժշկի կենացը:

Բոլոր հրավիրյալներն ուրախությամբ ընդունեցին այդ առաջարկությունը և դատարկեցին բաժակները:

Սակայն մեր նախածանոթ պարոն Դեմուրջյանը ռուսահայոց նման լռությամբ կենացներ խմելն անվայել համարելով, առաջ անցավ և ձախ ձեռքում բաժակը բռնած, իսկ աջով յուր ընչացքը ոլորելով, խոսեց. «Ձեր թանկագին կենացը կպարպեմ սա բաժակը, պարոն բժիշկ: Մեր ամենուս մեջ, եթե չասեմ խելոքը, գեթ ամենեն ազգասերը գտնվեցաք: Ձեր ըրած առաջարկությունը մեր երգչին քոնսերվատոր խրկելու համար անանկ խելացի առաջարկություն մէ, որ պատիվ կբերե թե՛ առաջարկողին և թե՛ ընդունողներուն: Քաջահույս եմ, թե մեծարգո հրավիրյանք, որքան հնարավոր է առատագույնս պիտի նվիրաբերին սա հանրօգուտ գործին համար: Ձեր ճառի համար ալ պիտի ըսեմ, պարոն բժիշկ, որ հրաշալի բան մէր: Շատուց ի վեր է, որ Պոլսեն հեռի գտնվելու ապաբախտություն ունենալուս համար, ասանկ շենք ու շնորհքով ատենաբանություն մը լսած չունեի: Կցավեմ միայն, որ համառոտ անցաք: Գիտե՞ք, ասանկ փափուկ նյութը մեր ազգային ժողովի մեջ երկար վիճաբանությանց առարկա կըլլա. ան ատեն տեսնելու է, թե մեր պատվելի երեցփոխանք ի՞նչ գովության արժանի ճիգեր կթափին ատենաբանությանց մեջ զիրար գերազանցելու: Գեղեցիկ խոսելն ալ առանձին ձիրք մէ, զոր աստված ի վերուստ շնորհած է մեզ մահկանացուներուս: Դժբախտաբար մեր Ռուսիո ազգայինք սա շնորհքեն զուրկ ըլլալուն համար, անոր հարգը, ինչպես որ կվայելի, չեն ճանչնար է: Մինչդեռ անդին պոլսեցի մը յուր կյանքը կտա գեղեցիկ ատենաբանություն մը լսելու համար...

Փառավոր լինեք, պարոն Դեմուրջյան, շատ գեղեցիկ եք խոսում, — ընդհատեց նրան սեղանապետը, տեսնելով, որ պարոն ճառախոսի ախորժակը հետզհետե բացվում է խոսելու համար, — դուք այնքան բարի կլինեք, որ թույլ կտաք ինձ իսկույն ևեթ գործին ձեռնարկել, որովհետև ինչպես որ դուք, պոլսեցիներդ խոսելն եք սիրում, այնպես էլ մենք ռուսաստանցիներս` գործելը:

Շնորհ ըրեք, կաղաչեմ, կրնա՞մ մի ձեզ ընդդիմանալ, — այս ասելով պարոն Դեմուրջյանը կրկին դիմեց բժշկին և «Ձեր թանկագին կենացը» ասելով բաժակը դատարկեց:

Երիտասարդ բժիշկ Դուդուկջյանը չկամենալով հարմար րոպեն ձեռքից թողնել, իսկույն թուղթ պահանջեց և սովորական վերտառությունը նրա վրա գրելով, առաջարկեց սեղանապետին ստորագրելու:

Որովհետև առաջարկությունը ձերն է, առաջ դուք ստորագրեցե՛ք, — դարձավ սեղանապետը բժշկին:

Ո՛չ, պարոն սեղանապետ. դուք եք այժմ մեր մեծն ու կառավարիչը. ձեզ է վայել առաջնորդ լինել մեզ և այս գեղեցիկ գործի մեջ:

Այս խոսքերը սեղանապետի ինքնասիրությունը գգվեցին, և նա գրիչը ձեռքն առնելով և բարձրաձայն արտասանելով, ստորագրեց՝ «Բանկիր Աբրահամ Տանպետյանց 500 ռուբլի»:

«Կեցջի՛ք, կեցջի՛ք», — գոչեցին միաբերան հրավիրյալները և տեղերից բարձրանալով իրենք էլ միաբերան ոգևորված առաջ անցան և սկսան կարգով ստորագրել:

Ի՞նչ ըսավ. 500 ռո՞ւբլ, — բացականչեց զարմացմամբ պարոն Դեմուրջյանը և մոտենալով Դուրյանի մասին իրեն նկատողություն անող պարոն Սլաքյանին, նրա ականջում շշնջաց. «Լսա՞ք ինչ ըսավ պարոն սեղանապետը»:

Այո՞, ի՞նչ կա, — սառնությամբ հարցրավ Սլաքյանը:

500 ռուբլ ըսավ, եղբայր, ասանկ առատաձեռնություն կըլլա՞ մի:

Ինչո՞ւ չէ. դուք ինքներդ չէի՞ք, որ ձեր ճառի մեջ հույս էիք հայտնում, թե «առատագույնս պիտի նվիրաբերեն»:

Կսխալիք, բարեկամս. եթե բոլորս ալ 500-ական ռուբլ ստորագրելու ըլլանք նե, գիտե՞ք ծայրը ո՞ւր կհանգի:

Կրետեի լաբյուրինթոսին մեջ, զոր Մինովսի հրամանավ Դեդալիոս անդրիագործը շինեց, — ծիծաղելով պատասխանեց պարոն Սլաքյանը:

Դուք զիս կծաղրե՞ք, հա՞, բայց ես առանց կատակի կխոսեմ, — տաքացած շարունակեց Դեմուրջյանը: — Ասանկով դուք ժողովուրղը կանբարոյականացնեք:

Ի՞նչ հարկ կա այս աստիճան առատությամբ վարձատրել ողորմելի երգիչ մը, մինչդեռ անդեն Երուսաղեմ յուր լեռնակուտակ պարտքերուն տակ կհեծե...

Պարոն Սլաքյանը որ յուրայինների ինչ պտուղ լինելը լավ էր ճանաչում, ծիծաղեց Դեմուրջյանի միամտության վերա, և «Երուսաղեմի պարտքն էլ պոլսեցիներդ կհոգաք» ասելով հեռացավ:

Մինչդեռ այստեղ Դեմուրջյանն ու Սլաքյանը խոսում էին, մյուս հրավիրյալները սեղանապետի գլխին թափված եռանդով ստորագրում էին: Սեղանապետից հետո ստորագրեց Սոմարյանցը՝ դարձյալ նրա օրինակին հետևելով, 500 ռուբլ: Իսկ մյուս հյուրերը ոչ ավելի քան 200, 150, 100 և 50 ռ.: Վերջին գումարից պակաս ստորագրող չեղավ: Կես ժամվա մեջ ամբողջ թերթը ծածկվեցավ ստորագրություններով:

Երբ բոլորը վերջացրին, երիտասարդ բժիշկը հաշվեց, և, ի մեծ ուրախություն հրավիրյալների, հայտնեց, որ ստորագրվածների գումարը հասնում է 4550 ռուբլու:

Դահլիճը դարձյալ թնդաց ուրախության աղաղակներով և ծափահարություններով: Գևորգը մնացել էր ապշած: Մի քանի րոպե նա կարծեց թե ինքը երազի մեջ է: Նա մինչև անգամ մտաբերեց իրենց հարևան պառավ Սալոմեի պատմությունը, թե ի՛նչպես մի գիշեր քաջքերը նրան տարել էին հարսանիք, ի՛նչպես նրան պատիվներ և ընծաներ էին տվել, ոսկե զարդեր էին հագցրել, մինչևի լույս իր հետ խաղացել, պարել և քեֆ էին արել, իսկ հետո լուսաբացին տարել էին, որ սարից ներքև. գլորեն, բայց նա իսկույն երեսին խաչակնքել էր և քաջքերն աներևութացել էին, իսկ ինքը ողջ և առողջ վերադարձել էր տուն»:

Այս պատմությունը մտաբերելով, Գևորգը կամեցավ մինչև անգամ երեսին խաչակնքել, կասկածելով թե գուցե յուր տեսած բարի մարդիկներն էլ քաջքեր էին, ապա թե ոչ, ի՞նչ տարօրինակ երևույթ էր այս, որ երեկ Գուստավի գործարանում մշակի պես բանող գործավորը, որին երեկոյան ինչպես մի գրաստի շալակել էին տվել երկաթե վանդակները, մի քանի ժամից հետո հանկարծ մի այդպիսի շքեղ դահլիճում գտնվեր, այդքան մեծ պատիվներ ու գովությունների արժանանար, հարուստ մարդիկ իրենով հետաքրքրվեին, մի կես ժամում 4550 ռուբլ փող ժողովեին իրեն համար, Պետերբուրգ ղրկելու խոստումներ անեին և այլն, և այլն:

«Չէ՛, չէ՛, սա երազ է», — շշնջաց ինքն իրեն պատանին և ձեռքի պատառաքաղը սեղանի տակով գաղտուկ դեպի ազդրը տանելով պինդ հրեց մարմնի վրա, որ տեսնե՝ եթե միսը ծակում է և ինքը ցավ է զգում, ուրեմն երազ չէ, իսկ եթե ոչինչ չէ զգում, ուրեմն ճիշտ որ քաջքերի մեջ է գտնվում:

Հարկ չկա ասել, որ հարուստի պատառաքաղը նոր և սուր լինելով, կատակներ չէ անում, այդ պատճառով էլ խեղճ Գեվորգի բարակ վարտիքն ու ազդրը նրա սուր ծայրին չդիմադրեցին, և ծակվելով բավական կսկիծ պատճառեցին իրենց տիրոջը:

Այսուամենայնիվ, Գևորգը շուտով զվարթացավ, երբ յուր հետ պատահածների երազ չլինելն ստուգեց:

Պարոն Դուդուկջյանը ստորագրված փողերի հաշիվն անելուց հետո թուղթը ծալեց և հանձնեց սեղանապետին:

Ի՞նչ պետք է անեմ այս թուղթը, — հարցրեց նրանից սեղանապետը:

Այդտեղ ստորագրված փողերը կժողովեք և հարկ եղած հոգացողությունն անելուց հետո, մեր երգչին կուղարկեք Պետերբուրգի երաժշտական դպրոցը:

Անպատճառ Պետերբուրգի՞:

Այո՛, իմ կարծիքով:

Պարոննե՛ր, դուք ո՞րտեղ ավելի հարմար կդատեք, — հարցրեց սեղանապետը հրավիրյալներին:

Վիեննա, — գոչեց մեկը սեղանի ծայրից:

Ո՛չ, Փարիզ, — կրկնեց մի ուրիշը:

Ավելի լավ չէ՞, որ Լոնդոն ղրկենք, — հարցրեց մի երրորդը:

Ինչո՞ւ Իտալիա չուղարկենք, մուսաների աշխարհը:

Իմ կարծիքով, թե փողը կբավականանա, ղրկենք Նյու-Յորք, այդ ամենից նպատակահարմարն է:

Next page