Մուրացան՝   Պատմվածքներ

Ինձի լսեիք նե, Փարիզ կղրկեիք, — մեջ մտավ պարոն Դեմուրջյանը, — վասնզի հոն...

Ո՛չ, ո՛չ, Լայպցիգ ղրկենք. այդ քաղաքը նշանավոր է իր երաժշտական դպրոցով, — ընդհատեց պոլսեցուն մի ուրիշ երիտասարդ:

Իսկ մի հաղթանդամ կապալառու, որ մի անգամ կարդացել էր «Բազմավեպի» մեջ Եվդոկիա քաղաքի նկարագրությունը, մի գլուխ գոչում էր՝ «Եվդոկիա ղրկենք, Եվդոկիա, պարոն սեղանապետ »:

Պարոն Դեմուրջյանը, որ լավ ծանոթ էր Եվդոկիային, խիստ բարկացավ կապալառուի վրա և առաջ նետվելով գոչեց. «Պարո՛ն, ինչու՞ այդ աստիճան տգետ եք, չգիտեք, որ Եվդոկիայում քոնսերվատոր չկա ու հոն պղինձ շինելեն զատ ուրիշ ոչինչ չգիտեն»:

Վնաս չունի, կարելի է, կարելի է, — անտարբերությամբ կրկնում էր հաղթանդամ կապալառուն:

Սեղանապետը տեսնելով, որ խոսողները շատացան, հրամայեց, որ բոլորն էլ լռեն: «Ես ինքս կկարգագրեմ, ուր որ ղրկելու է. միայն թե դուք ձեր ստորագրած փողերը վաղվանից սկսեցեք վճարել», — ավելացրեց նա:

Շատ լավ, շատ լավ, դուք կարգադրեցեք, — կրկնեցին ամեն կողմից հրավիրյալները: Եվ սեղանապետը շնորհակալություն հայտնելով նրանց՝ շարունակեց կենացների ընդհատված գործը:

Այժմ Գևորգի բարեկամները շատացան: Երիտասարդ, հասակավոր, ուսումնական, վաճառական, բոլորն էլ խնդակցում էին նորան, սեղմում էին նորա կոշտ ձեռքերը, հետաքրքրվում էին նորա անցյալով և ներկա դրությամբ: Մինչև անգամ Գևորգին Եվդոկիա ղրկելու համար խորհուրդ տվող կապալառուն խոստացավ յուր աղջիկը տալ նորան, երբ նա Եվդոկիայից ուսումն ավարտած կվերադառնար: Իսկ հայոց թատրոնին ծառայող մի հին դերասան շշնջում էր Գևորգի ականջին, «Գիտե՞ս, պարոն, եթե ես այստեղ չլինեի, դու այդպես մեծ ընդունելություն չէիր գտնիլ: Ես ինքս առաջին անգամ ճառախոս բժշկին խորհուրդ տվի հրավիրյալների ուշադրությունը դարձնել քեզ վրա և ստորագրություն բանալ քեզ երաժշտական դպրոցը ղրկելու համար»:

Գևորգը բոլորովին զգացվել և ուրախությունից շփոթվել էր, նա չգիտեր, որի՞ն արդյոք պատասխաներ, և ճարահատյալ գլուխ էր իջեցնում աջ ու ձախ ի նշան շնորհակալության: Վերջապես ճառախոս բժիշկը մոտեցավ նորան և պատվիրեց, որ հենց վաղվանից թողնե յուր պաշտոնը Գուստավի գործարանում և ապա ներկայանա պարոն Տանպետյանցին, որը նույնպես յուր կողմից հարկավոր հոգացողությունները վաղվանից կանե՝ նորան Պետերբուրգ ղրկելու համար:

Գևորգը խոնարհությամբ գլուխ տվավ և խոստացավ, բժիշկի պատվերի համաձայն, վաղվանից թողնել յուր պաշտոնը Գուստավի գործարանում:

Առավոտյան չորս ժամին Սոմարյանցի տան մեջ ընթրիքը և հրավիրյալների ուրախությունները վերջացան: Հյուրերից յուրաքանչյուրը քաշվեցավ յուր տունը, նոցա հետ էլ երգիչ Գևորգը:

Առավոտյան շատ վաղ Թամարը զարթելով որդու անկողինը պարապ գտավ: Այդ բանն առաջին անգամ նորան չանհանգստացրեց, որովհետև Գևորգը սովորություն ուներ շատ անգամ դեռ լուսաբացին տանից դուրս գալու: Նա գնում էր Քուռի ափին լվացվելու և ապա մոտակա այգիները պտտում էր, մինչև Գուստավի գործարանում աշխատանքը կսկսվեր: Բայց մի փոքր հետո Թամարը նկատեց, որ երեկոյան յուր ձևռքռվ պատրաստած անկողնին գրեթե ձեռք դիպած չէր: Եթե Գևորգը այստեղ քնած լիներ, նա ամեն ավուր պես խառն ու անկարգ դրության մեջ կլիներ: Թամարն սկսեց անհանգստանալ. նա շտապավ անկողնից ելնելով հագնվեցավ և դուրս թռավ բակը:

Բակի դուռը նույնպես բաց էր: «Անպատճառ երեխաս մի չարիք է բերել յուր գլխին, նա երեկոյան տխուր էր», — շշնջաց ինքն իրեն Թամարը, նա պատրաստվում էր փողոց դուրս գալու և ահա բակը մտավ Գևորգը: Նա ուրախությունից բոլորովին այլայլվել էր:

Ո՞րտեղ էիր, որդի՛, ի՞նչ է պատահել քեզ, ինչու՞ այդպես այլայլված ես... — իրար ետևից հարցնում էր մայրը:

Այս րոպեիս կասեմ, մայրիկ, դու տուն արի: — Այս ասելով նա մոր ձեռքից բռնած շտապեց դեպի տուն:

Երբ նոքա ներս մտան, Գևորգը գրկեց մորը և բացականչեց.

Ուրախացի՛ր, մայրիկ, ուրախացի՛ր, մենք բախտավոր ենք...

Բայց ի՞նչ է պատահել քեզ, որդի, ես ոչինչ չեմ հասկանում, — անհանգստությամբ ընդհատեց նորան մայրը:

Այս րոպեիս, մայրիկ, այս րոպեիս, կպատմեմ քեզ բոլորը, և դու կտեսնես, որ մենք բախտավորվել ենք:

Այս ասելով Գևորգը նստեց մահճակալի ծայրին և մի փոքր շունչ առնելուց ետ, սկսեց պատմել բոլորը, ինչ որ երեկ երեկոյանից մինչև այն րոպեն անցել էր յուր գլխով:

Այսպես նա պատմեց Սոմարյանցի տանից յուր հրավիրվելը, նրա պատվարժան հյուրերի առաջ երգելը, յուր գտած ընդունելությունը, հյուրերի յուր մասին խոսածները, վերջապես, իրեն Պետերբուրգ ղրկելու համար ստորագրությամբ փող ժողովելը և այլն, և այլն:

Թամարը մնացել էր ապշած, նա չէր կարողանում յուր ականջներին հավատալ: «Սոմարյա՞նց և դարբին Ղազարի որդին. իմ Գևորգը, և Պետերբուրգ: ոչինչ չեմ հասկանում...», — շշնջում էր ինքն իրեն խեղճ կինը: Բայց երբ Գևորգը սկսեց նորան հավատացնել, որ յուր բոլոր պատմածները ճիշտ է և ադ պատճառով էլ ինքն այս գիշեր տանը չէ քնել, որի ապացույցը յուր անձեռնամուխ անկողինն է, Թամարը սկսեց ուրախությունից լալ: Նա գրկեց որդուն, սեղմեց յուր կրծքին և երկար համբուրում էր նրան:

Երբ մոր և որդու հուզմունքը մի փոքր մեղմացավ, Թամարը հարցրեց. — «Այժմ ի՞նչ ես կամենում անել, որդի»:

Ի՞նչ պիտի անեմ, պետք է գնամ Գուստավի մոտ և հայտնեմ նրան, որ թողնում եմ յուր գործարանը:

Բայց մի՞թե այդպես շտապավ:

Իհարկե, մայրիկ: Պարոն բժիշկն ինձ պատվիրեց, որ այսօր անպատճառ թողնեմ իմ այդ կեղտոտ արհեստը և պատրաստվեմ Պետերբուրգ գնալու համար: Պատրաստվելու համար էլ քիչ ժամանակ չէ հարկավոր:

Բայց թե քո պաշտոնը այդտեղ թողնես և հետո քեզ չուղարկե՞ն, այն ժամանակ ի՞նչ կլինի մեր ճարը, Գուստավն էլ քեզ չի ընդունիլ...

Հա՛, հա՛, հա՛, հա՛, ի՞նչ միամիտ ես, մայրիկ, — լիքը բերանով ծիծաղեց Գևորգը, — Սոմարյանցին, Տանպետյանցին կամ թե նոցա մյուս պատվավոր հյուրերին, դու հավասարեցնում ես մեր աղքատ Ալեքսին ու Սանդրոյին, էլի՞: Հիանալի է, հիանալի, հա՛, հա՛, հա՛, հա՛, — և ուրախ ձայնով կրկին Գևորգն սկսավ կարկաչել;

Ինչու՞ համար ես ծիծաղում, որդի: Մի՞թե չէ կարող պատահել, որ այսօր քեզ խոստանան և վաղը չկատարեն:

Է՛, է՛, սիրելի մայրիկ, շատ միամիտ ես: Դու մեծ մարզիկներին չես ճանաչում. նոցա տված խոսքն ու գլուխը մեկ է: Վերջապես ինչպե՞ս կարող են չկատարել. կատարել տվողը փողը չէ՞: Փողն արդեն պատրաստ է, ուրեմն իմ Պետերբուրգ գնալս էլ վերջացած գործ է:

Աստված տա, որ այդպես լինի, որդի: Միայն թե պիտի գիտենաս, որ Գուստավի գործարանը թողնելը հեշտ է. ոչ ոք զոռով քեզ չի կարող կապել նորա հետ: Ավելի լավ է առայժմ շարունակես գնալ քո առաջվան գործին, և երբ այդ քո բարերարներն ամեն բան կկարգադրեն ու կպատրաստեն, այն ժամանակ կթողնես Գուստավի գործարանը և ուղղակի կճանապարհվես Պետերբուրգ:

Սխալվում ես, մայրիկ: Ես խոսք եմ տվել պարոն բժշկին, և եթե հենց այսօրվանից չթողնեմ իմ պաշտոնը, նա ինձ վերա վատ գաղափար կկազմե: Նա մինչև անգամ իմ Պետերբուրգ գնալուն էլ արգելք կդառնա:

Դու գիտես, որդի: Ինքդ չափահաս տղա ես. ես չպետք է քեզ խելք սովորեցնեմ: Եթե գիտես, որ հաստատ քեզ տերություն պիտի անեն այդ մարդիկը և եթե դու վստահ ես նրանց վրա, կատարիր քո տված խոսքը և հենց այսօրվանից թողիր պաշտոնդ: Իսկ եթե մի փոքր կասկածելի տեղ ունես, իզուր մի դժբախտացնիր քեզ և քեզ հետ էլ քո մորը: Աչքիս մեջ մազ է բուսել, մինչև որ քեզ այդ հասակին եմ հասցրել և մի արհեստի տիրացրել: Այնպես չանես, որ կրկին ինձ ստիպես լվացարանում աշխատելու: Արդեն ուժից ընկել եմ ես, և դու պետք է այսուհետև հոգաս ինձ և քո ապագայիդ համար:

Միամիտ կաց, սիրելի մայրիկ, ես պետք է մեռնեմ, որ դու կրկին լվացարան գնաս, բայց քանի որ կենդանի եմ, այդ բանը քեզ հետ չի պատահիլ:

Իսկ ինչ կվերաբերի իմ բարերարների վրա վստահ լինելուն, ես շատ եմ վստահ: Եթե դու ինքդ լինեիր Սոմարյանցի տանը և տեսնեիր, թե ինչե՞ր էին անում ինձ համար այդ մարդիկը, դու ինքդ առաջինն ինձ կստիպեիր, որ թողնեմ իմ պաշտոնը: Վերջապես այդ մարդիկն ինձ իրենց որդեգիին են ընդունել: Մի՞թե մի ամբողջ հասարակություն չի կարողանալ մի որդեգիր պահել:

Դու գիտես, որդի, ես էլ ոչինչ ընդդիմանալու չունեմ, երբ դու ինքդ վստահ ես այդ մարդկանց վրա, ես ի՞նչ կարող եմ ասել, դու խո քո թշնամին չես:

Արա՛, ինչպես կամենում ես:

Ուրեմն հենց այս րոպեից կերթամ Գուստավին հայտնելու, որ թողնում եմ ծառայությունս:

Ո՛չ դեռ քնիր մի փոքր, հանգստացիր, և հետո կերթաս: Անքնությունդ քեզ կարող է հիվանդացնել:

Գևորգը չընդդիմացավ: Նա հանվեցավ պառկեց և չնայելով որ չափից դուրս ուրախ էր, այսուամևնայնիվ, քունը շուտով ծանրացավ նորա արտևանունքների վերա:

Կես օրը արդեն անցել էր, երբ Գևորգը զարթեցավ:

Ա՛խ, մայրիկ, ինչու՞ համար ինձ ժամանակին չզարթեցրիր, ես ուշացա, — տրտնջաց Գևորգը և ցատկելով անկողնից սկսավ շտապ-շտապ հագուստները հագնել:

Չես ուշացել, որդի. Գուստավին մինչև երեկո կարող ես՞ տեսել, — հանգստացրեց նրան մայրը:

Գուստավը չէ իմ ցավը: Պարոն Տանպետյանցին և բժշկին պիտի տեսնեի:

Իզուր է, մի՞ շտապիր: Այդ մարդիկն ամբողջ գիշերը քեֆ են արել, նրանք աղքատների պես չեն ապրում, ամբողջ օրը քնում կլինեն:

Ճշմարի՞տ ես ասում, մայրիկ:

Իհարկե, որդի, նրանք դեռ քնած կլինեն: Մինչև անգամ հարմար էլ չէ, որ հենց այսօր գնաս այդ մարդկանց մոտ և նրանց անհանգստացնես:

Ինչպե՞ս թե հարմար չէ, բայց ե՞րբ պիտի գնամ:

Վաղը: Այդ ավելի քաղաքավարություն կլինի քո կողմից.

Ճշմարիտ որ այդպես է, մայրիկ. Իսկույն ևեթ այդ մարդկանց անհանգստացնելը լավ չէ: Ուրեմն վաղը կերթամ նրանց մոտ: Իսկ այժմ կշտապեմ Գուստավի գործարանը, այնպես չէ՞:

Բայց էլի մի բան եմ ուզում հարցնել քեզ, որդի, — խոսեց Թամարը երկչոտ ձայնով:

Ի՞նչ բան, ի՞նչ բան, — շտապով ընդհատեց նրան Գևորգը:

Ուզում էի հարցնել, թե՝ արդյոք դու լավ վստա՞հ ես այդ մարդկանց վերա, և համոզվա՞ծ ես, որ նրանք քեզ չեն խաբիլ:

Վստահ եմ, վստահ եմ, մայրիկ. բնավ մի կասկածիր:

Տե՛ս, չզղջաս: Գուստավի գործարանը մի անգամ թողնելուց ետ, երկրորդ անգամ դու նրան դիմել չես կարող:

Չէ՛, մայրիկ, չեմ զղջալ, միամիտ եղիր: — Այս ասելով Գևորգը վեր առավ յուր ջարդված գդակը և դուրս գնաց:

Այսուամենայնիվ Թամարն ուրախ չէր: Մի տխուր մտածմունք, որը նա իրենից հեռացնել չէր կարողանում, անհանգստացնում էր նրան: Նա հավատացած էր, որ Գևորգը մի սխալմունք է գործում Գուստավի գործարանը թողնելով, բայց և այնպես նա նրան արգելք դնել չէր կարող, որովհետև Գևորգն էլ պակաս չէր հավատում յուր բարերարների արած խոստմունքներին:

Փողոցը դուրս գալով՝ Գևորգը բոլորովին ուրիշ տրամադրության մեջ մտավ: Նա գնում էր Գուստավի մոտ յուր ծառայությունը թողնելու, այդ արդեն վճռված էր: Ուստի նա ուրախ էր և այդ ուրախությունը կարծես թևեր էր տալիս նորա ոտքերին: Ուրիշ ժամանակ գուցե մի այդպիսի դեպք, որպիսին էր նրան Պետերբուրգ ղրկելը, գուցե շատ դժվարությամբ հեռացներ նրան Գուստավի գործարանից, որովհետև նա պետք է հեռանար Շառլոտայից, բայց այժմ նա ուրախ է: Ինչո՞ւ համար, պատճառը շատ պարզ է: Նա վիրավորված է: Նա դրանով կարող կլինի վրեժխնդիր լինել թե՞ Գուստավի և թե՞ նրա աղջկանից:

Գուստավի ամբողջ գործարանը, դրա հետ էլ միասին նրա բոլոր ընտանիքը մինչև այսօր Գևորգին ճանաչել էին ինչպես մի հասարակ գործավոր, մի մշակ և դորա համեմատ էլ վարվել էին նրա հետ: Բայց նա մի հասարակ մշակ չէր, նա... բայց թողնենք, որ ինքը խոսի յուր համար: «Այո՞, ես մի հասարակ բանվոր չեմ, — մտածում էր Գևորգը, արագ արագ յուր քայլերը փոխելով, — ես ունեմ արժանավորություններ, ես բարձր եմ Գուստավի բոլոր գործավորներից մի ամբողջ գլխով: Եվ այդ բանը ես չեմ ասողը: Սոմարյանցի պատվարժան հյուրերի կարծիքն է սա: Ես տեսա, թե ինչպես զարմացան նոքա, երբ ես հայտնեցի, թե մի փականագործի մոտ եմ ծառայում: Այդ խելոք մարդիկները իսկույն ճանաչեցին իմ արժանիքը և ափսոսացին: Ես տաղանդ ունիմ, ես ձիրքեր ունիմ. այդ բանը Սոմարյանցի բոլոր հյուրերն էլ վկայում էին, ինչու՞, ուրեմն, անհայտության մեջ թաղել այլ հարստությունը: Ճշմարիտ է, ես իմ արժանիքը մինչև այսօր չեմ ճանաչել, բայց ես մեղավոր չէի: Ես մեղավոր կլինեմ, արդարև, թե այսօրվանից հետո դարձյալ նույն հիմարը մնամ, եթե ես Գուստավի գործարանում կորաքամակ երկաթ ծեծեմ, ճախարակ պտտեցնեմ և թույլ տամ, որ օրիորդ Շառլոտան երկաթե վանդակները շալակել տա ինձ ինչպես գրաստի...Իսկ քեզ հետ, հարգելի օրիորդ, իմ հաշիվը հետո կվերջացնեմ, — տաքացած շարունակում էր Գևորգը: — Ես քեզ սիրում էի, ես քեզ համար մտածում էի, իսկ դու արհամարհեցի՞ր ինձ: Հոգ չէ: Մենք մի օր կտեսնվինք միմյանց հետ: Այդ օրը ես աղքատ հագուստներում չեմ լինի և ոչ էլ ջարդված գդակով: Այդ օրը դու գուցե կմեկնես ինձ քո ձեռը, իսկ ես արհամարհանքով շուռ կտամ իմ երեսը: Իսկ դուք, ողորմելի հիմարներ, — ինքն իրեն դառնում էր Գևորգը յուր ընկեր բանվորներին, — դուք, որ առիթ չէիք փախցնում ինձ ծաղրելու և չարչարելու համար, դուք միշտ էլ այդպես ողորմելի կմնաք, պատռտած հագուստով և մրոտած երեսով: Եվ այն ժամանակ, երբ ես մի նշանավոր երգչի համբավ կվայելեմ, երբ ամենայն տեղ ժողովուրդն ինձ ծափահարություններով կդիմավորե, երբ ես հարուստ, բախտավոր կլինեմ, այն ժամանակ էլ դեռ դուք երկաթ կծեծեք, և պողպատ կսղոցեք...»:

Այս մտածմունքներով Գևորգը շարունակում էր յուր ճանապարհը: Վերջապես նա հասավ Գուստավի գործարանին. — «Այժմ, երբ ինձ Գուստավը տեսնե, դեմքը պիտի խոժոռե, իսկ իմ ընկերակիցներն անշուշտ կսկսեն հաչել, թե ինչու՞ համար եմ ուշացել»: Ինքն իրեն խոսում էր Գևորգը գործարանի բակը մտնելով: — «Բայց ինչպես պիտի զարմանան, — շարունակում էր նա, — երբ ես հայտնեմ նրանց, թե թողնում եմ ծառայությունս: Եվ այն ժամանակ թող Շառլոտան ու յուր հայրը կարծեն, թե հենց երեկվա ինձ հասցրած վիրավորանքի համար եմ թողնում իմ ծառայությունը. Այդ ավելի կտանջե նրանց»:

Գևորգը դեռ չէր հասել գործարանի դռանը, և ահա ծերունի Գուստավը դիմավորեց նրան. բահը ուսին դրած նա գալիս էր պարտիզից: Բայց նա յուր դեմքը չխոժոռեց, ինչպես Գևորգը գուշակել էր: Ընդհակառակը, շատ բարեսրտությամբ խոսեց նրա հետ:

Գևորգ, դու շատ ես ուշացել: Տեսնում ես, ծեր մարդ, վաղ առավոտվանից սկսած բանում եմ պարտիզի մեջ, իսկ դու կես օրը անցկացրել ես և հետո ես գալիս: Երիտասարդ մարդը ծերից ավելի պիտի գործ շինե, իսկ դու ընդհակառակն ես անում, մի՞թե այդ լավ է:

Ես ուշացա նրա համար, պարոն Գուստավ, որ այսօրվանից վճռեցի թողնել իմ ծառայությունը ձեզ մոտ:

Ինչպե՞ս թե վճռեցիք թողնել ձեր ծառայությունը, — զարմացմամբ հարցրեց Գուստավը:

Այնպես էլի. վճռեցի, որ այսուհետև այլևս փականագործությամբ չպարապեմ:

Դուք կատա՞կ եք անում:

Բնավ, շատ լրջությամբ եմ խոսում:

Ուրեմն գործարանատերերից մեկը ձեզ ավելի ռոճիկ է խոստացել հա՞, — հարցրեց Գուստավը, ձեռքի բահը տան պատի վերա հենելով:

Ոչ, պարոն Գուստավ: Ինձ ո՛չ ոք գործարանատերերից ոչինչ չէ խոստացել, այլ երեկվանից ես վճռեցի, որ ձեզ մոտ այլևս չծառայեմ:

Ինչո՞ւ համար անպատճառ երեկվանից:

Անշուշտ նրա համար, որ երեկ վանդակներն իրեն շալակել տվինք, — այս խոսքերով իջավ սանդուղքից Շառլոտան, որ մինչև այդ պատշգամբի վերա կանգնած լսում էր յուր հոր և Գևորգի խոսակցությունը:

Գևորգը Շառլոտային տեսնելուց մի տեսակ վրդովմունք զգաց սրտի մեջ և մի քանի քայլ անզգայաբար ետ քաշվեցավ: Օրիորդը կանգնեց Գևորգի հանդեպ:

Ճշմարի՞տ, որ դուք թողնում եք մեր գործարանը, — հարցրեց նրանից Շառլոտան յուր խելոք և գեղեցիկ հայացքը սևեռելով Գևորգի վերա:

Այո՞... ես արդեն հայտնեցի պարոն Գուստավին:

Եվ պատճառն այն էր, որ մենք վանդակները երեկ ձեզ հանձնեցինք տանելու, այնպես չէ՞ :

Գևորգը ոչինչ չպատասխանեց:

Կարծում եմ մեղավորը ես էի: Եթե ես ներողություն խնդրեմ խո կմնա՞ք մեզ մոտ, — հարցրեց նորեն Շառլոտան:

Ինչներուդ եմ ես պետք, օրիորդ, դուք արդեն ինձանից լավ շատ գործավորներ ունեք:

Բայց ես կկամենայի, որ դուք անպատճառ մնայիք ինձ մոտ, դուք կարող էիք առաջ գնալ, — ասաց նրան Գուստավը:

Նույնը ես էի ուզում ասել, Գևորգ: Դուք իզուր եք ձեր երկու տարվա աշխատանքը կորցնում, դուք գուցե կզղջաք, — ավելացրեց Շառլոտան:

Մեծապես շնորհակալ եմ ձեր բարերարությունից, բայց ինչ որ լինի, ես պետք է անպատճառ թողնեմ իմ ծառայությունը: Այդ արդեն վճռված գործ է:

Եթե ես ավելացնեմ ձեր ռոճիկը, կմնա՞ք ինձ մոտ, — հարցրեց Գուստավը:

Ո՞ չ չեմ կարող:

Հետո ինչո՞վ պիտի պարապեք

Ա՛խ, հայրիկ, ինչու՞ համար ավելորդ հարցեր եք անում դրան, — բարկացած ընդհատեց հորը Շառլոտան, — եթե չէ կամենում մնալ մեզ մոտ, թո՛ղ չմնա, մենք հո չպետք է աղաչենք նրան: Յուր հաշիվը վերջացրեք և հետո` բարի ճանապարհ, ուր կամենում է, թող գնա: — Այս ասելով Շառլոտան բարձրացավ սանդուղքի վերա և մտավ տուն:

Օրիորդի այդ տեսակ վարմունքն ավելի խորը վիրավորեց Գևորգի սիրտը: Նա թեպետ վճռել էր թողնել Գուստավի գործարանը, բայց Շառլոտայի երևալը կարծես թե կոտրել էր յուր կամքի հաստատությունը, յուր տված պատասխանները շինծու էին, նա իսկույն կհաղթահարվեր Շառլոտայից, եթե նա շարունակեր յուր մեղմ և անուշ խոսակցությունը: Բայց Գևորգի բախտը բանեց.

Շառլոտան արհամարհանքով վերաբերվեց դեպի նրան, վիրավորեց նրա ինքնասիրությունը, այժմ ավելի հեշտ կլինի նրա համար Գուստավից հեռանալը, այժմ առանց զղջալու կթողնե Շառլոտային...

Ուրեմն մնաք բարով, պարոն Գուստավ, — դարձավ դեպի «

րան Գևորգը Շառլոտայի հեռանալուց հետո և խորը գլուխ տալով, կամենում էր հեռանալ:

Սպասեց՛եք, դեռ պետք է ձեր հաշիվը վերջացնեմ, — այս ասելով Գուստավը հանեց գրպանից քսակը և քսան ռուբլ համարելով առաջարկեց Գևորգին, — տասը ռուբլին ձեր այս ամսվա վարձից ձեզ հասանելիքն է, — ասաց նրան, — իսկ տասը ռուբլին ես ձեզ նվեր եմ տալիս, վերցրեք:

Դուք ինձ տվեք միայն իմ վարձը, իսկ նվերը... կարծեմ ես նրան արժանի չեմ

Վերցրեք, — ընդհատեց նրան Գուստավը, — դուք արժանի եք վարձատրվելու, ցավալի է միայն, որ թողնում եք ձեր պաշտոնը, դուք շնորհալի տղա եք, դուք կարող էիք առաջ գնալ, բայց ձեզ սխալեցրել են:

Ինձ ոչ ոք չէ սխալեցրել, ես ավելի առաջ գնալու համար եմ թողնում իմ պաշտոնը:

Աստված տա, որ սխալված չլինեք, բարի ճանապարհ, — այս ասելով Գուստավը փողերը տվավ Գևորգին, հեռացավ:

Գևորգը խորը գլուխ տալով ուղղվեցավ դեպի բակի դուռը:

Գևորգ, Գևորգ, դո՞ւրս ես գնում, անպիտան, եկ մի մնաք բարով էլ է ասա մեզ, է՛, — գոչեցին մի քանի հոգի գործարանի բանվորներից, որոնք մինչև այն հեռվից ականջ էին դնում նրա ու Գուստավի խոսակցությանը: Գևորգն իսկույն զգաց յուր սխալը և դարձավ բանվորների մոտ: Նոքա գործերը թողնելով շրջապատեցին նրան:

Տո, ո՞ւր ես կորչում, — հարցնում էր մեկը:

Ժաքոյի գործարանն ես գնո՞ւմ, հա՞, — հարցնում էր մի ուրիշը:

Կարելի է նորից գիմնազիա՞ է մտնում, ո՞վ գիտե, — ավելացնում է մի երրորդը:

Տո ձեր ինչի՞ն է հարկավոր, ուր որ գնում եմ, այդ իմ գործն է, կանչել եք, որ մնաք բարև ասեմ ձեզ, ահա՛ ասում եմ՝ մնա՛ք բարև: — Այս ասելով Գևորգը կամեցավ հեռանալ: Բայց մի վրացի երիտասարդ բռնեց նրան և հարցրեց.

Ճշմարիտն ասա, փո՞ղ ես գտել, որ դուրս ես գալիս:

Ի՞նչ հիմարն ես, — վրա բերավ մի ռուս գործավոր, — չե՞ս իմանում, որ հայը գործից դուրս կգա միմիայն տերտեր դառնալու համար:

Ինչպես և ռուսն ազատ արբելու համար, — ավելացրեց մի հայ երիտասարդ:

Ներեցեք, ես ժամանակ չունեմ, ես գնում եմ, մնաք բարյավ: — Ասաց Գևորգը և շտապով հեռացավ:

Գործավորներից մի քանիսն աշխատեցին նրան բռնել դարձյալ իրենց վայրախոսությունները շարունակելու համար, բայց նա ճարպկությամբ դուրս պրծավ նրանց ձեռքից և բակի դռնից փախավ:

Զ

Գևորգը թեպետ կարծում էր, որ յուր հեռանալով մեծ կսկիծ ու վնաս պատճառեց Գուստավին և նրա դստերը, և նա այս անվանում էր մի վրեժխնդրություն յուր ստացած վիրավորանքի համար, բայց, իսկապես, նոցանից և ոչ մեկը ոչինչ չէր կորցրել այդ դեպքում: Գուստավի համար բանվորները պակաս չէին: Նա ափսոսաց միայն, որ այդ երիտասարդը յուր անմիտ վարմունքով վնասեց յուր ապագային, իսկ Շառլոտան, որ առաջ համակրում էր նրան իբրև մի համեստ և շնորհալի տղայի, այժմ փոխեց նրա մասին ունեցած կարծիքը և արհամարհեց նրա, մինչև այն օրն իրեն անհայտ, համառ բնավորությունը: Սրանով էլ վերջացավ Գևորգի՝ պարոն Գուստավի գործարանի հետ ունեցած հարաբերության բոլոր պատմությունը:

Այսուամենայնիվ, Գևորգը շտապում էր դեպի տուն այնպիսի ուրախությամբ, որ կարծես մի փառավոր հաղթությունից էր վերադառնում: Նա այժմ ազատ մարդ էր: Նա բանվոր չէր: Նրա առաջ բացվում էր նոր բախտ, երջանկության նոր աշխարհ: 4500 ռուբլի. Պետերբուրգ. երաժշտական դպրոց. սրանք այնպիսի բաներ էին, որ բոլոր երիտասարդներին կգժվեցնեին: Իհարկե, ես դեռ չեմ հիշում այն բախտավոր ժամանակը, երբ Գևորգը յուր ուսումը վերջացրած, պատվավոր դիպլոմով կթողնե Պետերբուրգի երաժշտական դպրոցը, երբ նա կտա յուր առաջին նվագահանդեսը և կհիացնե ժողովրդին. երբ հազարները, իբրև խոնարհ ծառա, միմյանց ետևից կգան կդարսվեն նրա գրպանում, երբ... բայց ո՞ր մեկը հիշել: Մի՞թե բոլորիդ էլ հայտնի չէ, թե երբ բախտը ժպտում է մեկին յուր գեղեցիկ շրթունքներով և ավելի ևս գեղեցիկ աչքերով, ի՛ նչ նախանձելի բարձրության է հասնում նա:

Տուն հասնելով Գևորգը պատմեց մորը Գուստավի հետ ունեցած խոսակցության բոլոր մանրամասնաթյունները, բայց չկարողացավ գովությամբ չհիշատակել Գուստավի ազնիվ վարմունքը յուր հաշիվը վերջացնելու վերաբերությամբ:

Նա միշտ բարի է եղել դեպի քեզ, որդի, դու էիր անշնորհակալը, որ իզուր տեղը թողեցիր քո պաշտոնը... — նկատեց նրան մայրը:

Մի՛ խոսիր, մայրիկ, մի՛ խոսիր այլևս Գուստավի մասին, — շուտով ընդհատեց նրան Գևորգը, — այժմ ամեն բան վերջացած է և պետք է մտածեի թե ի՞նչ պատրաստությամբ պետք է ներկայանամ իմ բարեկամներին:

Թամարը լռեց:

Այս կեղտոտ հագուստներով, իհարկե, չի կարելի այդ պատվավոր մարդկանց մոտ գնալ, — շարունակեց Գևորգը, — պետք է մի ձեռք նոր հագուստ գնել:

Արա՞, ինչ կամենում ես, որդի, այդ քո գիտենալու գործն է: Ես քեզ չեմ խանգարում:

Շատ լավ, սիրելի մայրիկ, այժմ դու վեր կաց իմ պահած քսան ռուբլուց դարձյալ տասը բեր ինձ, որ մոտս ունեցածի հետ դառնա երեսուն, և ես կշտապեմ, քանի որ խանութները չեն կողպել, մի ձեռք հագուստ կգնեմ, վաղն ուշ կլինի:

Թամարը վեր կացավ տեղից, բացավ սնդուկը և յուր որդու խնայողություններից գոյացած բոլոր հարստության, կեսը՝ տասը ռուբլին, բերավ և տվավ նրան:

Երկու ժամից ետ ես կվերադառնամ, — ասաց Գևորգը և փողը գրպանը դնելով դուրս պրծավ:

Կարճ միջոցի մեջ նա հանդիպեց բոլոր հագուստ վաճառողների խանութները:

«Լավը, գեղեցիկը և աժանը», — կրկնում էր նա ամեն տեղ, բայց և ոչ մի տեղ այդ երեք հատկություններով հագուստ չէր գտնվում:

Ինչպես հայտնի է, դեռ մինչև այսօր աղքատի այդ երեք համառոտ պահանջները` «լավը, գեղեցիկը և աժանը» ոչ մի դերձակ կամ հագուստներ վաճառող չէ գոհացրել: Բայց ի մեծ զարմացումն բոլորիդ, պիտի ասեմ, որ մի անմորուս հրեա այդ բավականությունը տվեց Գևորգին: Մի րեդինգոտ, մի ժիլետ և մի վարտիք, շատ լավը, շատ գեղեցիկը և շատ աժանը նա յուր պահեստում գտավ Գևորգի համար, և միայն նրա համար: Գևորգը վճարեց քսան և հինգ ռուբլին և նոր հագուստների սեփականատեր դարձավ: Հենց դպրոցի խանութում էլ նա գնեց մի նոր գլխարկ: Այժմ ամեն բան պատրաստ էր: Տուն վերադառնալով՝ Գևորգը յուր սրբազան պարտքը համարեց յուր նոր հագուստները հագնել և մի լավ դիտել յուր շնորհքը նոր սեփականության մեջ:

Ի՞նչ սիրուն սազ է գալիս քեզ այդ տեսակ հագուստը, Գևորգ, — հիացմունքով բացականչեց Թամարը սենյակը մտնելով:

Իրա՞վ, մայրիկ:

Այո՞ , շատ սազ է գալիս: Կարծես հենց քեզ վրա ձևած է եղել:

Գեղեցիկ է կարված, այնպես չէ՞:

Շատ գեղեցիկ է. իրավ որ շատ գեղեցիկ է, բայց քանիսո՞վ գնեցիր:

Քսան և հինգ մանեթով:

Քսան և հի՛նգ. այդքան թա՞նկ:

Մի՞թե թանկ է, մայրիկ. ընդհակառակը, շատ աժան է:

Իհարկե, մեզ համար թանկ է: Ի՞նչ է մեր աշխատանքը, որ քսան ու հինգ մանեթանոց շորը մեզ համար թանկ չերևա:

Ա՛խ, մայրիկ, ճշմարիտ, որ դու մոռացել ես Սոմարյանցի տան անցքը: Ախր չէ՞ որ մենք այժմ հարուստ ենք, չէ որ 4500 ռուբլուց ավելի փող կա հավաքած մեր անունով:

Ո՞վ գիտի, որդի, այդ փողը մեզ կտա՞ ն, թե՞ ոչ:

Է՛հ, մայրիկ, դու միշտ միևնույնն ես կրկնում: Չէ որ քեզ հարյուր անգամ ասացի, թե այդ մարդիկը խաբեբաներ չեն: Ախար ինչու՞ համար ես կասկածում նրանց վերա: Դու խո անձամբ նրանց չես ճանաչում, նրանց վերա մի վատ բան լսած չունիս:

Ես ինքս չգիտեմ, որդի, թե ինչու համար եմ կասկածում, միայն թե սիրտս վկայում է, որ այդ մարդիկը մեզ դժբախտացնելու են. պետք է, որ դու չհեռանայիր Գուստավից:

Ա՛խ, մայրիկ, միշտ վատ բաներ ես մտածում: Ուրեմն աշխարհքի մեջ ոչ ոքի չպետք է հավատալ, քանի որ Սոմարյանցի տան մեջ գտնվող պատվելի և զարգացած հյուրերն էլ խաբեբաներ են եղել: Եվ վերջապես, նրանք ինչ շահ ունեին ինձ խաբելուց, ո՞վ էր նրանց ստիպում ինձ համար այդ տեսակ խոստմունքներ անել փողեր ստորագրել, ոչինչ չեմ հասկանում: Սխալվում ես, շատ ես սխալվում, մայրիկ:

Թամարը ոչինչ չպատասխանեց, նա գնաց ընթրիք պատրաստելու:

Առավոտյան շատ վաղ էր զարթել Գևորգը: Պետք է, որքան կարելի էր, շենք ու շնորհքով պատրաստվեր նա յուր բարերարներին այցելելու համար: Այդ պատճառով և ջուր ու սապոն չխնայեց: Առաջին անգամ նա յուր կյանքում սապոնով երեսը լվացավ: Այդ բանը մի քանի օր առաջ նա դարձյալ կանացիություն կանվաներ, բայց այժմ հանգամանքները փոխվել էին, չէր կարելի նրանց չհարմարվել:

Նոր հագուստներն այս առավոտ ավելի գեղեցիկ էին:

Ոչինչ, պակասություն չեմ բերիլ իմ բարերարներին, եթե այս պատրաստությամբ այցելեմ նրանց, — խոսեց ինքն իրեն Գևորգը, իրենց կոտրած հայելիի մեջ յուր պատկերը տեսնելուց հետո:

Դու արդեն պատրաստվել ես և գնո՞ւմ ես, — հարցրեց որդուն Թամարը եկեղեցուց դառնալով:

Այո՛, գնում եմ. բարեմաղթություն արա ինձ համար, որ գործս հաջող լինի:

Ես արդեն շատ եմ աղոթել, որդիս, գնա՛, աստված քեզ հետ:

Փողոց դուրս գալով, Գևորգը մտածում էր, թե առաջ ո՞ւմ մոտ պետք է գնար:

«Բժիշկն ինձ ասաց, որ գնամ. պարոն Տանպետյանցի մոտ, բայց ավելի լավ է առաջ բժշկի մոտ գնամ և թող նա յուր այն երեկոյան պատվերը կրկնե», — վերջապես վճռեց Գևորգը և բռնեց բժշկի տան ճանապարհը:

Կես ժամից ետ նա նրա մուտքի մոտ էր:

Երեք անգամ հնչակ քաշելուց հետո միայն ծառան երևեցավ:

Ո՞ւմն եք կամենում, պարոն:

Պարոն բժշկին, տա՞նն է նա:

Տանն է, բայց այսպես վաղ չէ կարելի նրան անհանգստացնել, նա քնած է:

Ո՞ր ժամին կարող եմ տեսնել:

Տասին, — պատասխանեց ծառան և շտապով դուռը փակեց:

«Ուրեմն, մինչև որ սա կզարթնի, ես կերթամ Տանպետյանցին տեսնելու. նա անշուշտ զարթած կլինի», — խոսեց ինքն իրեն Գևորգը և ուղղվեցավ դեպի Տանպետյանցի տունը:

Մի քառորդ ժամից նա այնտեղ էր:

Ո՞ւմն եք կամենում, — հնչակը մի թեթև քաշելուց երևեցավ Տանպետյանցի ծառան՝ այս հարցով:

Պարոն Տանպետյանցին կարելի՞ է տեսնել:

Ո՛չ նա դեռ քնած է, — եղավ ծառայի պատասխանը և դուռը դարձյալ կողպվեցավ:

«Դարձյա՞լ քնած: Հաջողությամբ չէ սկսվում գործս, մտածեց Գևորգը, բայց գուցե հաջողությամբ կվերջանա: Տեսնենք»:

Այս հուսատու խորհրդածությամբ հեռացավ նա Տանպետյանցի տնից և մտավ քաղաքային այգին, որ մոտ էր, որպեսզի մի փոքր ժամանակ այնտեղ զբոսնե, մինչև որ յուր հարուստ բարերարները կզարթնեին:

Մի ժամից հետո տասը լրացավ: Գևորգը դարձյալ բռնեց բժշկի տան երկար ճանապարհը: Կես ժամից հետո նա դարձյալ նրա մուտքի մոտ էր:

Այս անգամ պատրաստ է, կարող եք տեսնել նրան, — պատասխանեց բժշկի ծառան Գևորգի «զարթե՞լ է բժիշկը հարցին:

Երբ ծառան հայտնեց յուր տիրոջն այցելողի մասին, պարոն Դուդուկջյանն առաջին անգամ կարծեց, որ երեք ռուբլ բերող մի հիվանդ է նա, ուստի շատ քաղցր և ամոք արտահայտություն տվավ դեմքին ընդունարանը մտնելու ժամանակ, բայց երբ այդտեղ մեր երգիչ Գևորգին տեսավ, յուր բնական մթին կերպարանքն առավ:

Ի՞նչ եք հրամայում, — դարձավ նա Գևորգին:

Ես եկի հիշեցնելու ձեզ այն երեկոյան ձեր ինձ արած պատվերի մասին, — ակնածությամբ պատասխանեց Գևորգը:

Ի՞նչ պատվեր, ես լավ չեմ հիշում, — հարցրեց բժիշկն աչքի մեկը խփելով և ծնոտը դեպի պատուհանը ծռելով:

Դուք պարոն Սոմարյանցի տանը ինձ պատվիրեցիք, որ իմ պաշտոնը թողնեի Գուստավի գործարանում, և իսկույն գնայի պարոն Տանպետյանցի մոտ, որը պետք է, հոգար ինձ Պետերբուրգ ղրկելու համար:

Այո, հիշում եմք դուք այն երեկոյան երգում էիք մեզ մոտ: Եվ դուք արդեն թողե՞լ եք ձեր պաշտոնը, — ավելացրավ բժիշկը:

Այո՛, պարոն բժիշկ, ձեր պատվերի համաձայն հենց երեկ թողեցի:

Ի՞նչ եք ասում, — կես զարմացած գոչեց Դուդուկջյանը:

Այո՛, դուք այնպես պատվիրեցիք և ես չկամեցա ճշտիվ չկատարել ձեր պատվերը:

Չեմ կարծում, թե ես այդպես բան լինիմ պատվիրած: Այսուամենայնիվ, այդպես շուտ ձեր պաշտոնը թողելնիդ անխոհեմություն է:

Բայց ես ձեր պատվերը կատարեցի:

Այդ միևնույն է, բայց ինչ որ է, անցել է:

Այժմ ի՞նչ եք հրամայում, որ ես անեմ, պարոն բժիշկ, — հարցրեց Գևորգը մի փոքր վրդովված:

Դուք պետք է գնաք պարոն Տանպետյանցի մոտ: Ստորագրության թուղթը նրա մոտ է, նա պետք է փողերը հավաքե և հարկավոր հոգացողությունը անե ձեզ համար: Ինչ որ ինձ է վերաբերում, ես արդեն արել եմ, և կարծեմ բավական մեծ բան եմ արել ձեզ համար:

Հաջորդ էջ