Մուրացան՝   Պատմվածքներ

Մեծապատիվ շնորհակալ եմ ձեզանից, պարոն բժիշկ. միայն թե դուք բարեհաճեիք...

Ո՛չ, ո՛չ, ինձ ուրիշ ոչինչ չի մնում անելու, դուք դիմեցեք պարոն Տանպետյանցին, նա ամեն բան կհոգա, — այս խոսքերով ընդհատեց բժիշկը Գևորգին և մտավ յուր առանձնարանը:

Գևորգը նույնպես դուրս գնաց: Սանդուղքներով իջնելիս քիչ էր մնում, որ նա գլխի վերա ցած գլորվեր, այնքան նա վրդովված և շփոթված էր: Վերջապես նա դուրս գնաց փողոց:

Դրսի օդը նրան մի փոքր օգնեց: Նա կանգնեց բժշկի տան մուտքի մոտ և ընկավ խորը մտածության մեջ: «Եթե. գործն այսպես շարունակվի, ի՞նչ կլինի իմ ապագա վիճակը, — շշնջաց նա, բայց մի քանի րոպեից հետո սիրտ առնելով, քայլերը շտապեցրեց դեպի Տանպետյանցի տունը:

Ուշացաք, պարոն, իմ աղան արդեն դուրս գնաց և նա ժամը երկուսին կվերադառնա, — եղավ Տանպետյանցի ծառայի պտասխանը:

Գևորգը մնաց շվարած:

«Այժմ ի՞նչ պատասխան տանեմ մորս, նա սպասում է ինձ, — մտածեց ինքն իրեն Գևորգը, — առաջին քայլափոխում իսկ ես անհաջողության եմ հանդիպում... Եվ եթե այսպես շարունակվի՞ ... եթե իմ մոր գուշակությունները կատարվե՞ն... Օ՛հ, ես այն ժամանակ ինձ ջուրը կձգեմ... — Բայց ի՞նչ հիմարն եմ ես, — նորեն սիրտ էր տալիս իրեն Գևորգը, — դեռ ի՞նչ է պատահել, որ ես այսպես հուսահատվում եմ: Բժիշկն ինձ այնպես մի մերժողական բան չասաց: Նա կրկնեց այն, ինչ որ ինձ ասել էր խնջույքի երեկոյին, նա խորհուրդ տվավ Տանպետյանցին տեսնել: Է՛հ, սրան էլ չկարողացա տեսնեի որովհետև ուշացա, ի՞նչ վնաս, հիմա չլինի, երկու ժամեն լինի: Կտեսնվենք, կխոսենք, դեռ ժամանակ ունինք»:

Այս մտածմունքներով քաջալերում էր իրեն Գևորգը և աշխատում էր զոռով ցրել այն անձուկը, որ յուր կամաց հակառակը գալիս, ծանրանում էր իր սրտի վերա: Այս պատճառով իսկ նա յուր քայլերը դարձյալ ուղղեց դեպի այգին: «Այստեղ կզբոսնեմ, մինչև որ երկու ժամը կլրանա», — մտածեց նա և խառնվեցավ այգու ճեմելիքները լցնող ամբոխի մեջ:

Ը

Չնայելով, որ այդ օրվա տոնի պատճառով այգին շատ զվարթ կերպարանք էր առել, որ նրա բոլոր ճեմելիքները լցված էին բազմությամբ, որ երաժշտական խումբը գրավիչ եղանակներով նվագում էր, այսուամենայնիվ, այն երեք ժամերը, որ Գևորգն ստիպված էր այստեղ անցկացնել, չափազանց երկարեցան: Գևորգին թվում էր, թե այդ երեք ժամվա միջոցում նա մի քանի հարյուր անգամ պտտել էր ամբողջ այգին:

Վերջապես, զինվորանոցի ժամացույցը զարկեց ցանկալի երկու ժամը:

Մի քառորդ ժամից Գևորգն արդեն բազմած էր պարոն Տանպետյանցի շքեղ ընդունարանում:

Ա՛, այս դո՞ւք եք, բարով, հիշում եմ. այն երեկոյան դուք մեզ մեծ հաճություն պատճառեցիք ձեր գեղեցիկ երգերով: Նստեցեք, խնդրեմ: — Այս սիրալիր խոսքերով ընդունեց տանուտերը Գևորգին և ապա բազկաթոռի մեջ խրվելով հարցրեց.

Ինչո՞ւ համար եք շնորհ բերել:

Ինձ ուղարկեց ձեզ մոտ պարոն Դուդուկջյանը:

Ա՛, մեր բժի՞շկը:

Այո՞, պարոն բժիշկը:

Շատ գեղեցիկ, հրամայեցե՛ք, լսում եմ:

Պարոն բժիշկն ասաց, որ իմ մասին ձեզ հետ խոսեցած է պարոն Սոմարյանցի տանը…:

Ի՞նչ, չեմ հիշում:

Այն, որ ինձ համար ստորագրություն բացվեցավ և ինձ Պետերբուրգ...

Այո՛, այո՛, այդպիսի մի բան հիշում եմ, շարունակեցեք խնդրեմ:

— ...Եվ ինձ Պետերբուրգ ղրկելու համար փող գրեցին պ. պ. հրավիրյալները:

Այո՛, հիշում եմ, հետո՞:

Այժմ պարոն բժիշկն ասում է, որ ստորագրության թերթը ձեզ մոտ է գտնվում,..

Այո՛, կարծեմ ինձ մոտ է:

Ես եկա ձեզ խնդրելու, որ բարեհաճեք փողերը ժողովել, որպեսզի կարողանամ...

Որ կարողանաք գնալ Պետերբո՞ւրգ:

Այո՛:

Ա՛, սիրելի բարեկամ, այդպես հեշտությամբ կարծում եք կարելի՞ է մեր մարդիկներից փող ժողովել, որ դեռ դուք էլ Պետերբուրգ գնաք:

Բայց ես ձեր և պարոն բժշկի հրամանով արդեն թողել եմ իմ պաշտոնը, ինձ համար դժվար է երկար պարապ մնալը:

Ի՞նչ պաշտոն եք թողել: Դուք պաշտո՞ն ունեիք:

Դուք, ինչպես երևում է, իմ մասին ամեն բան մոռացել եք, ես փականագործի մոտ էի. դուք այս մասին ինձանից տեղեկություններ ստացաք պարոն Սոմարյանցի տանը:

Այո՛, այո՛, այժմ հիշում եմ, դուք պատմեցիք, որ փականագործի մոտ եք լինում: Եվ դուք թողե՞լ եք արդեն այդ պաշտոնը:

Այո՛:

Շատ լավ եք արել: Այդ տեսակ գծուծ պաշտոնը ձեզ վայել չէ, դուք շնորհալի տղա եք և կարող եք ուրիշ լավ գործերում առաջ գնալ:

Գևորգը, որ մինչև այն սաստիկ տագնապի մեջ էր, այս խոսքերից հետո մի փոքր շունչ առավ:

Այժմ ի՞նչ եք հրամայում, որ անեմ, — դարձավ նա Տանպետյանցին:

Մի փոքր ինձ ժամանակ տվեք: Այս քանի օրը ես խառնված եմ սեփական գործերով: Ազատ միջոց գտնելուց անմիջապես ձեր մասին հարկավոր հոգացողություն կանեմ:

Ուրեմն ե՞րբ կհրամայեք, որ կրկին ներկայանամ ձեզ:

Երկու շաբաթից հետո:

Բայց այդ շատ երկար ժամանակ է ինձ համար, պարոն Տանպետյան:

Ուրիշ կերպ անկարելի է, սիրելի բարեկամ, երկու շաբաթում էլ հազիվ կարելի է տեսնվել ստորագրվող պարոնների հետ:

Գոնե, կարո՞ղ եմ հուսալ, որ այդ փողերը կժողովվի և ես կերթամ Պետերբուրգ մի բան սովորելու:

Իհարկե, բարեկամ, իհարկե: Դուք դեռ երիտասարդ եք, դուք շատ բան կարող եք սովորել այսուհետև:

Ուրեմն երկու շաբաթից հետո ներկայանա՞մ ձեզ, — տեղից բարձրանալով հարցրեց կրկին Գևորգը:

Այո՛, այս կյուրակե չէ, մյուս կյուրակե: Այս երկու շաբաթում դուք կարող եք մի բանով պարապել, օրինակ հենց ռուսերեն լեզվով:

Եվ մինչև այն դուք կհոգա՞ք իմ մասին...

Այո՛, այո՛, միամիտ եղեք, կաշխատեմ, որքան կարող եմ:

Մեծապես շնորհակալ եմ, պարոն Տանպետյան, դուք մեծ բարերարություն եք անում ինձ և իմ խեղճ մորը, մենք երկուսս էլ անպաշտպան ենք և կարոտ ձեր նման բարի մարդիկների օգնությանը:

Այո՛, մեր պարտքն է, կաշխատենք:

Ուրեմն...

Գնացե՛ք, միամիտ եղեք, անպատճառ կաշխատենք: Գևորգը շատ խոնարհ գլուխ տալով դուրս եկավ սենյակից:

Ավռաամ, ո՞վ էր այդ երիտասարդն, — ընդունարանը մտնելով հարցրեց ամուսնուց տիկին Ելիզավետա Սերգեևնան, այդպես էր կոչում դրան պարոն Տանպետյանցը:

Մի խեղճ տղա է, լավ երգում է: Անցյալ երեկոյան Սոմարյանցի տանն էր:

Իսկ քեզ մոտ ինչու՞ համար էր եկել:

Դրա համար այնտեղ ստորագրություն էինք բացել Պետերբուրգ ղրկելու նպատակով: Ստորագրության թուղթը ինձ մոտ էր, եկել էր խնդրելու, որ սկսենք փողերը ժողովել:

Շա՞տ ստորագրեցին:

Ոչինչ չեմ հիշում: Apropos, Ելիզավետա, հանիր խնդրեմ իմ այն ավուր հագած րետինգոտի գրպանից այդ թուղթը և բե՛ր ինձ: — Ելիզավետա Սերգեևնան հնազանդվեցավ:

Տեսնենք, դու ո՞րքան ես ստորագրվել, — դարձավ նա ամուսնուն, թուղթը ձեռքին սենյակը մտնելով:

Տո՛ւր տեսնեմ, չգիտեմ:

Տե՛ս, եթե տասը ռուբլուց ավել ստորագրած լինիս,ականջդ պիտի քաշեմ, — ասաց նա քնքշաբար և թուղթը հանձնեց մարդուն:

Ա՞յս ինչ է, — վախեցած վեր թռավ Տանպետյանցը թղթին նայելուց հետո:

Ի՞նչ պատահեցավ, — անհանգստությամբ հարցրեց նրան տիկինը:

Վա՛, վա՛, գժվա՞ծ եմ եղել, — բացականչեց Տանպետյանցը, — առանց կնոջ հարցին ուղղակի պատասխանելու:

Ի՞նչ պատահեց քեզ, Ավռաամ, ասա՞ է,-, տասը ռուբլուց ավել ես ստորագրվել, հա՞:

Ի՞նչ տասը, ի՞նչ քսան, ի՞նչ հիսուն...

Բա ո՞րքան:

Հինգ հարյուր, տո՛, հինգ հարյո՛ւր:

Ասա ճիշտ գժված ես եղել էլի՛:

Գժվածն էլ խո պոզեր չի՞ ունենա:

Դե լավ, ստորագրվել ես, ստորագրվել, խո այդքան փողը չե՞ս վճարելու:

Իհարկե չեմ վճարելու: Արբած մարդիկ ենք եղել, գինին ինչ որ հրամայել է, արել ենք էլի. չե՞ս տեսնում մեր Սոմարյանցն էլ հինգ հարյուր ռուբլի ստորագրել:

Բրավո՛, բրավո՛, մեծ գործ եք կատարել, լավ է, որ չեք ամաչում, — այժմ խստությամբ նկատեց տիկինը:

Բայց, Ելիզավետա, տե՛ս, աստծո ողորմությունը ինչպես է հասել, որ թուղթը մնացել է ինձ մոտ, թե չէ այն անպիտան Սլաքյանի ձեռքն ընկներ բոլորին էլ կխայտառակեր:

Նա ի՞նչ ունի ձեզ հետ:

Օ՛, օ՛ նա շատ վատ մարդ է. այսպիսի դեպքերում նա սատանայից էլ չար է: Նրա կարծիքով թե արբած և թե լուրջ ժամանակ, միշտ միևնույն մարդը պիտի լինիս, ինչ խոստացել ես, պիտի կատարես:

Որովհետև աշխարհում այդ տեսակ մարդիկներ էլ կան, ես նրանց աչքը, ա՛յ, այսպես կհանեմ, — այս ասելով տիկին Տանպետյանցը խլեց մարդու ձեռքից ստորագրության թուղթը և պատռեց:

Օ՛, օ՛, այդ լավ չարիր, Ելիզավետա, այդ լավ չարիր, — արտաքին դժգոհությամբ և ներքին գոհունակությամբ բացականչեց Տանպետյանցը:

Շատ լավ արի: Թող այդ տեսակ թղթերը ոչ մնան, ոչ էլ ընկնեն Սլաքյանի նման չար մարդկանց ձեռքը: Այս ասելով դուրս գնաց տիկինը, պատռոտած թղթի կտորտանքը դուրս թափելու համար:

Ամուսինը հետևեց նրան:

Ելիզավետա, թո՛ղ գոնե այդտեղ ստորագրվողներից մի քանիսի անունները նշանակեմ իմ հիշողության տետրակում, նա ինձ կհարկավորվի:

Ելիզավետան չընդդիմացավ, և Տանպետյանցը մի տասը ստորագրողների անուններ, իրենց ստորագրած փողերի հետ. միասին արձանագրեց յուր հիշողության տետրակում:

Գևորգը բոլորովին գոհ դուրս գնաց Տանպետյանցի տնից: Վերջինիս իրեն արած խոստումն այս անգամ ավելի վստահության արժանի համարեց նա:

Տուն հասնելով՝ նա ուրախությամբ հայտնեց մորը, որ երկու շաբաթից հետո անպատճառ ամեն բան վերջացած կլինի, փողերը կհավաքվին և ինքը կճանապարհվի Պետերբուրգ:

Այս անգամ Թամարն էլ մի փոքր ավելի հավատաց, որովհետև նոր խոստումը խնջույքի մեջ չէր արված, այլ սեփական տանը և սառը գլխով: Իսկ հավատալուց հետո, իհարկե, չէր կարող չխնդակցել որդուն:

Այժմ մնում էր Գևորգին այս երկու շաբաթվա մեջ մի բանով զբաղվիլ: Նա սովոր չէր պարապ ժամանակ անցնելուն:

Նա միանգամայն մոռացության տվեց այն ամենն, ինչ որ վերաբերվում էր յուր փականագործական արհեստին, և սկսեց ամենայն օր հաճախել գրադարանները, տեսնվում էր յուր դպրոցական ընկերների հետ, ներկա էր գտնվում նրանց ժողովներին, ուսումնական վիճաբանություններին: Վերջինների շնորհիվ նա ծանոթացավ և նոր ուսանողների հետ:

Նա մինչև անգամ սկսեց այցելել և հայոց հոգևարք թատրոնը, յուր համար տոմսակ առնելով, իհարկե, առայժմ գալերեայում:

Միով բանիվ նա դարձավ անդամ երիտասարդական այն շրջանների, որոնք բաղկացած են հայոց դպրոցների և գիմնազիոնների ուսանողներից, դերասանություն սովորող տղաներից, լուսավորության բարեկամ գործակատարներից, հեղինակներ լինելու համար պատրաստվող երեխաներից, տղայական խմբագրության անդամներից և այլն, և այլն, որոնց գլխավոր և սրտին ամենամոտիկ պարապմունքը ոչ թե մի բան սովորելն էր լինում, այլ ընդհանրապես սովորեցնելը, դատելը, վճռելը, չգիտցած և չսովորած բաների վրա վիճաբանելը, արժանավոր մարդիկների վրա հանդգնությամբ վայրահաչելը և այլն, և այլն:

Գևորգի ժամանակն այս շրջաններում տխուր չէր անցնում: Նա կարողացել էր նրանց մեջ յուր համար առանձին տեղ գրավել:

Բոլորը գիտեին, որ նա պատրաստվում է Պետերբուրգ գնալու, որովհետև հասարակությունը որդեգրել է նրան և մեծ գումար է հավաքել նրա համար, այս պատճառով և մի առանձին համակրությամբ էին վերաբերվում դեպի նրա անձնավորությունը: Մինչև անգամ երիտասարդների մի որոշ խումբ աշխատում էր մի առանձին մտերմություն հաստատել նրա հետ, յուր այս կամ այն նպատակներին նրան գործիք դարձնելու համար:

Իհարկե, բոլորն էլ լավ էին անում, բոլորն էլ իրավունք ունեին, բայց մենք կդառնանք մեր պատմության:

Վերջապես երկու շաբաթը լրացավ: Նշանակված կյուրակե օրը Գևորգն ըստ պատշաճի հագնվեցավ և դիմեց պարոն Տանպետյանցի տունը: Հասնելով նրա մուտքին՝ Գևորգի սիրտն սկսավ անհանգստությամբ տրոփել:

Արդյոք ի՞նչ պատասխան պիտի առներ նա Տանպետյանցից: Կարողացե՞լ էր նա փողերը ժողովել կամ իրեն Պետերբուրգ ղրկելու համար հոգացե՞լ էր մի բան: Այս հարցերը սաստիկ անհանգստացնում էին նրան:

Պարոն Աբրահամ Տանպետյանցն այսօր տանն էր: Նա առանց ուշացնելու ընդունեց Գևորգին դարձյալ յուր շքեղ ընդունարանում:

Ցավալի լուր պետք է հաղորդեմ ձեզ, սիրելի բարեկամ, — այս խոսքերով դարձավ նա Գևորգին, — իմ այսքան օրվա անխոնջ աշխատությունս իզուր անցավ, ոչ ոք չկամեցավ յուր ստորագրած գումարը վճարել:

Ի՞նչպես թե չկամեցավ... — երկյուղից դողալով հարցրեց Գևորգը, — ուրեմն ինչու՞ էին ստորագրում... ինչու՞ իզուր տեղից ինձ...

Այո՛, այո՛, իրավունք ունիք, — ընդմիջեց նրան Տանպետյանցը, — դուք կամենում եք ասել՝ ինչու՞, ուրեմն, խոստացան ձեզ, այնպես չէ՞:

Ոչ, հարգելի պարոն, ո՞չ, խոստանալ և չտալն իրենց կամքից է կախված, ես կամենում եմ ասել՝ ինչու, ուրեմն, ինձ ստիպեցին իմ պաշտոնը թողնել, իմ մի կտոր հացից զրկվել:

Է՛հ, այդտեղ դուք անարդար եք խոսում, բարեկամ, ձեզ շատ բան կարող են ասել, մի՞թե բոլոր ասածներին պարտավոր եք լսել: Ձեր պաշտոնը մանավանդ, դուք իրավունք չունեիք թողնելու, քանի որ խոստացվածը դեռ առձեռն պատրաստ չէր. այստեղ դուք եք մեղավոր:

Գևորգը չափազանց զայրույթից գունաթափվեցավ. նա ամբողջ մարմնով դողում էր:

Հարգելի պարոն, ես ոչինչ մեղ չունիմ այստեղ: Ձեր պարոն բժիշկը պատվիրեց ինձ անպատճառ թողնել իմ գծուծ պաշտոնը, որովհետև դուք բոլորդ էլ ծիծաղում էիք նորա վրա, որովհետև դուք ապահովացրիք ինձ ձեր պատվավոր ստորագրություններով, և. ես ձեզ լսելով, իբրև պատվավոր մարդիկների, թողեցի իմ պաշտոնը...

Դուք, պարո՛ն, արդեն սկսում եք անքաղաքավար խոսել, ես շատ չեմ համբերում այդ տեսակ վարմունքին, — երեսը խոժոռելով նկատեց Տանպետյանցը:

Գևորգը զգաց իսկույն յուր թշվառ և անզոր դրությունը, և նա սկսավ աղաչավոր ձայնով.

Ներեցե՞ ք ինձ, հարգելի պարոն, եթե ես համարձակվեցա անքաղաքավար գտնվիլ ձեր առաջ. բայց հավատացեք, որ ես արժանի եմ ձեր կարեկցության: Ես թողել եմ իմ պաշտոնը, որի միակ արդյունքովը կերակրում էի ինձ և իմ խեղճ մորը, ես թողել եմ նրան ձեր հույսով, ձեր բարերարության վրա վստահանալով. դուք չպիտի կամենաք թշվառացնել մեզ, մենք աղքատ ենք, հավատացեք, մենք անպաշտպան ենք... — և այս խոսքերի հետ նա սկսավ դառնապես լալ:

Իզուր եք լաց լինում, բարեկամ, — մի փոքր մեղմությամբ պատասխանեց Տանպետյանցը, — ես ինչ որ հարկավորն էր արել եմ, խնդրել եմ, ստիպել եմ, մինչև անգամ աղաչել եմ: Բայց երբ մարդիկ չեն կամենում, զոռով խո նրանցից փող խլել չէի կարող: Ավելի լավ է, դարձյալ դուք գնաք ձեր պաշտոնը խնդրեք, և միառժամանակ պարապեք նրանով, մինչև որ մենք տեսնենք, թե այս մեր ժլատ հայերի հետ ինչ ենք անում:

Օ՛հ, այդ մի՞ ասեք, պարո՞ ն, ես իմ պաշտոնը կրկին խնդրել չեմ կարող, ես ավելի շուտ ինձ ջուրը կձգեմ

Ինչո՞ւ համար, — զարմացմամբ հարցրեց Տանպետյանցը:

Այո՛, չեմ կարող. Գուստավը քանի՛ քանի՛ անգամ խնդրեց, որ ես իմ պաշտոնը չթողնեի, ես նրա խնդիրքը մերժեցի, այժմ ի՞ նչ երեսով կարող եմ գնալ նորեն նրա մոտ:

Այդ երեխայություն է. ուրիշ ոչինչ:

Ո՛չ, պարո՛ն, ես իմ խոսքի տերն եմ, թեպետ աղքատ:

Էհ, ուրեմն, ազատ եք, արեք ինչ ուզում եք. ես սրանից ավել ոչինչ չեմ կարող անել ձեզ համար:

Գևորգը մնաց շվարած, և չգիտեր ի՞նչ ասեր:

Շնորհեցեք ինձ այն ստորագրության թուղթը, — խոսեց նա վերջապես, — գուցե ես կկարողանամ մի բան ստանալ ստորագրող պարոններից:

Բոլորովին իզուր կաշխատեք, ես՝ ումնից որ պահանջելի էր՝ պահանջեցի, դուք ինձանից ավելի ազդել չեք կարող: Այսուամենայնիվ, — ավելացրեց նա, — ես ձեզ կտամ մի տասը մարդկանց անունները, նրանք ամենից հուսալի անձինքներն են, փորձեցեք, դիմեցեք նրանց, գուցե ձեզ կհաջողվի մի բան ստանալ:

Եվ նա յուր հիշողության տետրակը հանելով գրեց մի թղթի վերա ա՛յն անունները, որը ստորագրության պատռած թերթից հանել էր, և տվավ Գևորգին: Այդտեղ Սոմարյանցի անունն էլ կար յուր 500 ռուբլու հետ միասին: Գևորգն այն նկատելով մի փոքր ուրախացավ: «Եթե Պետերբուրգ չգնամ, գոնե միառժամանակ կառավարվելու համար փող կունենամ», — մտածում էր նա:

Իսկ դուք պիտի վճարե՞ք ձեր ստորագրած 500 ռուբլին, այնպես չէ՞, — հարցրեց Գևորգը Տանպետյանցին:

Ի՞նչ 500 ռուբլ:

Դուք այդչափ չստորագրեցի՞ք, միթե:

Հա՛, հա՛, հա՛, հա՛, — բարձրաձայն սկսավ կարկաչել պարոն Տանպետյանցը, Գևորգի ուսը քնքշաբար ծեծելով: — Ի՛նչ միամիտ եք, ի՛նչ բարի եք. ո՞վ ասաց ձեզ, թե ես 500 ռուբլ եմ ստորագրել:

Ես ինքս լսեցի, երբ դուք բարձրաձայն արտասանելով ստորագրեցիք:

Հա՛, հա՛, հա՛, — նորեն ծիծաղեց Տանպետյանցը, — ես այնպես բարձրաձայն արտասանեցի կատակի համար. բայց ստորագրածս իսկապես քսան և հինգ ռուբլ էր. դա էլ քիչ փող չէր, իհարկե: Բայց դեռ գնացեք, հեշտ է, թե մյուս ստորագրողները փող կտան, ես էլ մի բան կտամ: — Այս ասելով ողջունեց նա Գևորգին, և առանց նորա ողջույնն առնելու, մտավ մյուս սենյակը:

Գևորգը նույնպես դուրս գնաց:

ԺԱ

Սանդուղքից իջնելով Գևորգը դարձյալ մնաց շվարած, յուր ինչ անելիքը չգիտեր:

«Աստվա՛ծ իմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ դիմեմ, — ՜ մտածում էր նա, — մի՞թե բոլոր այս մարդիկներն էլ, որոնց անունները ես ունեմ, Տանպետյանցի նմանները չեն. մի՞թե նրանք էլ միևնույնը չպիտի կրկնեն, ինչ որ սրանից լսեցի, և դեռ սա իմ կարծիքով ամենից լավն էր: — Բայց... ոչ, ես իմ մոր երեսը դուրս գալ չեմ կարող, ես չեմ կարող գուժել նրան, որ իմ հիմարության պատճառով ես պատժված եմ. չեմ կարող ասել, որ յուր գուշակությունները կատարվել են, նա գիտեր, որ այս մարդիկները պիտի խաբեին ինձ, նրա սիրտը գուշակում էր, որ մենք պետք է թշվառանանք, նա գիտեր, նա ամեն բան գիտեր, նա ամեն բան գուշակում էր. բայց ե՛ս, ե՛ս հիմարս նրան չլսեցի... ես թշվառացրի նրան և ինձ...»: Եվ այս խոսքերի հետ նա սկսեց հեկեկալ:

Երկար այս դրության մեջ Գևորգը մնացել էր կանգնած: Վերջապես նա վճռեց դիմել այն մարդկանց, որոնց ցուցակը գտնվում էր յուր ձեռքում:

— «Այսպիսով ոչինչ չի դառնալ, — մտածում էր նա, — ես ձեռնունայն իմ մոր մոտ չպիտի դառնամ, այս վճռված է: Ամբողջ օրը պիտի ման գամ, բոլորին պիտի տեսնեմ, պիտի խնդրեմ, պիտի աղաչեմ, մինչև որ ձեռքումս մի բան ունենամ տուն վերադառնալու համար: Իսկ եթե բոլորից էլ մերժում կստանամ, այն ժամանակ... այն ժամանակ ես գիտեմ ի՞նչ կանեմայն ժամանակ իմ ապրելս ավելորդ է»:

Այս խորհրդածություններով նա քայլերն ուղղեց դեպի Սոմարյանցի տունը: Նա տանը չէր: Վերադարձավ մի ուրիշի մոտ: Սա էլ հյուրեր ուներ, տեսնել չէր կարող: Երրորդի մոտ վազեց, նա պատասխանեց, որ այդպիսի ստորագրության համար տեղեկություն չունի և խոստացավ Տանպետյանցին տեսնել: Չորրորդը մինչև անգամ պատուհանից տեսած լինելով, թե հնչակ քաշողն ով է, ծառային հրամայեց ասել «տանը չէ» այնպես բարկացած և բարձր ձայնով, որ Գևորգն ինքն այդ լսելով և առանց ծառայի պատասխանին սպասելու հեռացավ: Հինգերորդի համար ասացին, որ հենց այն առավոտը Փոթի էր գնացել: Վեցերորդը, որ բարեհաճեց Գևորգի հետ յուր բակում մի քանի խոսք խոսալ, նրան դատապարտեց յուր պաշտոնը թողնելուն համար, և վերջումն էլ նրան «ձրիակեր» անունը տվավ: Գևորգը խորը վիրավորված հեռացավ և՛ այդտեղից: Յոթներորդը ճաշի վրա էր արդեն, ուստի չէր կարող այդպիսի ժամանակ այցելու ընդունել: Գեղեցիկ հագնված սպասավորը մինչև անգամ նկատողություն արավ, որ ժամը երեքին այցելության գնալն անհարմար է, և ժամանակ որոշեց առավոտյան ժամը 1011-ը:

Գևորգը գրեթե խելագարված սկսեց թափառել փողոցներում, նա չգիտեր ո՞ւր է գնում, ո՞ւմ է պտռում: «Ճաշի ժամանակն անհարմար է այցելել» — այս լսել էր ութերորդի ծառայից, և սպասում էր, որ այդ ժամանակն անցնե:

Արդեն ութ անձինքներից և ոչ մեկի մոտ ցանկացած ընդունելությունը չգտավ. բայց նա դեռ հույս ուներ, թե մնացած երկուսն անպատճառ ավելի բարի և մարդասեր պիտի գտնվեին: Անցավ մի երկու ժամ: Վերջապես նա դիմեց իններորդին, նա քնած էր, տեսնել անկարելի է: Դիմեց տասներորդին, նա նույնպես քնած էր:

Վերջապես: Ի՞նչ պետք էր անել այժմ: Գևորգը ոչինչ չգիտեր: Նա այժմ մտածելու էլ անընդունակ էր դարձել: Ամբողջ օրը մի պատառ հաց չէր դրել բերանը, բայց նա քաղցածություն անգամ չէր զգում: Նա այժմ մի բան էր միայն ցանկանում, հեռանալ, հեռանալ որքան կարելի է մարդիկներից, ընկնել մի ամայի, մի անբնակ տեղ... Եվ նա գնում էր առանց մտածելու, առանց աջ ու ձախ նայելու...

Թողնենք նրան հանգիստ, և ես ձեզ կպատմեմ, թե ինչու համար բոլոր այս տասը մարդիկներից գեթ մեկի մոտ նա ոչինչ հաջողություն չգտավ:

Գևորգը Տանպետյանցին այցելելու առաջին օրից երկու օր հետո, պարոն Տանպետյանցն ընտանեկան երեկույթի ժամանակ գտնվում էր կլուբում: Նա այդտեղ պատահեց շատերին ա՞յն պարոններից, որոնք իրեն հետ միասին հրավիրված էին եղել Սոմարյանցի տանը: Միջերնին խոսք բացվելով, նա հիշեցրեց նրանց այն ստորագրության մասին, որով նոքա փող էին խոստացել մեր երգչին Պետերբուրգ ղրկելու համար: Այդ հիշեցնելը ներկա եղողներին շատ դուր չեկավ: Տանպետանցը նկատեց, թե ինչպես նրանցից մի քանիսը երեսները թթվացրին, մյուսները կամաց-կամաց պատրաստվում էին հեռանալ, իսկ մի երկու տաք-գլուխներ բարկացած զարմանք հայտնեցին, որ Տանպետյանցը թույլ է տալիս իրեն հիշեցնել նրանց մի խոստման և ստորագրության մասին, որը նրանք արել են արբած և հիմարացած ժամանակ: Պարոններից մեկը մինչև անգամ հայհոյեց բժիշկ Դուդուկջյանին, որ նա քաջ իմանալով հյուրերի արբած լինելը, դարձյալ հանդգնել էր մի այդպիսի ստորագրության թուղթ բանալ նոցա առաջ և այսօրվան համար մի խայտառակության գործ պատրաստել:

Տանպետյանցի ուզածն էլ հենց այդ էր: Տեսնելով յուր բարեկամների տրամադրությունը այդ խնդրում, նա վստահություն առավ և պատմեց նրանց, թե ինչպես Ելիզավետա Սերգեևնան բարկացել և պատռտել էր ստորագրության թերթը և սրանով ազատել նրանց արբած ժամանակի խոստումը կատարելուց:

Կեցցե՛, կեցցե՛ Ելիզավետա Սերգեևնան, — գոչեցին Տանպետյանցի բարեկամները գրեթե միաբերան, նոքա, որոնք սկզբումը թթվացրել էին իրենց երեսները, կամ պատրաստվել էին խմբից հեռանալու, իսկույն փոխեցին իրենց տրամադրությունը և հավաքվելով բոլորը միասին սկսան գովություններ շռայլել Ելիզավետա Սերգեևնայի խելացի արարքի համար:

Թեպետ այդ րոպեին Տանպետյանցի մոտ չէին Սոմարյանցի խնջույքին ներկա գտնվող բոլոր հյուրերը, սակայն մի երկու օրվա մեջ նրանք բոլորն արդեն գիտեին Ելիզավետա Սերգեևնայի արածը, և չէին կարողանում ներքին գոհունակությամբ շնորհակալություն չանել նրան: Բայց ո՞ւր գնաց մեր խեղճ Գևորգը:

Նա արդեն դուրս էր եկել քաղաքից և գտնվում էր Քռի ափում, մի ամայի տեղ: Մութը կոխել էր. լուսին չկար բայց աստղերն ադամանդների նման շողշողում էին կապուտակ երկնակամարի վրա: Նրան շրջապատող լռությունը խանգարվում էր միայն գետի խուլ հոսանքի ձայնով:

Նա մոտեցավ գետի ափին, դիտեց նրան լուռ ու մունջ և շշնջաց. «Օգնության հույս էլ չկա, ապրել այսուհետև ամոթ է ինձ համար, ահա՞ իմ տեղը, — և նա դողացող ձեռքը պարզեց դեպի գետի խորը, — բայց ի՞նչ եմ անում ես» — գոչեց նա հանկարծ և սոսկալով ետ դարձավ:

— «Հիմար, հիմար, — խոսում էր նա ինքն իրեն, — ո՞ւմ հույսով ես թողնում քո մորը, ո՞վ պիտի պահե, ո՞վ պիտի կերակրե նրան, ինչու՞ ես դառնացնում նրա ծերության օրերը, ինչու՞ ես սպանում նրան…»: Եվ այս մտածությունը կարծես նրան հոգի ու սիրտ տվավ. նրա հուսահատությունը, որ իրեն մոլորեցրել էր, անցավ, և նա արագ-արագ քայլերով դիմեց դեպի քաղաքը:

Երեկոյան ժամը 11-ին նա հասավ տուն:

ԺԲ

Թամարը շատ չէր անհանգստացել յուր որդու ուշանալու վերա: Նա կարծել էր, թե հարուստ բարերարներից մեկն այդ օրը հյուրասիրել էր յուր Գևորգին: Բայց նա ամբողջ մարմնով սոսկաց, երբ Գևորգը յուր գլխով անցածը բոլորը պատմեց: Նա չսոսկաց նրա համար, որ բարերարները մերժել էին յուր որդուն խոստացած օգնությունը, այլ սոսկաց նրա համար, որ նոցա շնորհիվ պիտի հավիտյան կորցներ յուր որդուն:

Դու ոչ մի բանի վերա մի մտածիր, Գևորգ, հոգյակս, ես դարձյալ լվացքարանը կմտնեմ, ես կաշխատեմ և կպահեմ քեզ, քանի ուժ ունեմ, միայն թե դու ողջ-առողջ ման գաս իմ աչքերի առաջ, մինչև որ ես գերեզման կմտնեմ... — Ասում էր նրան Թամարը, աշխատելով սփոփել յուր որդու հուսահատությունը:

Այս անգամ նա չէր հիշում մինչև անգամ այն գուշակությունները, որ նա արել էր օրերով առաջ, նրա միակ մտածությունը յուր որդու տխրությունը փարատելն էր:

Գևորգը հետզհետե սիրտ էր առնում. նրան սպանող հուսահատությունն անցնում էր:

Ես դեռ կստիպեմ այդ մարդկանց իրենց ստորագրությունը հարգել, — ասում էր նա, քաջալերվելով մոր գորովալիր խոսքերով, — ես այդ մարդիկներից այդպես շուտով ձեռք չեմ վերցնիլ:

Բայց իսկապես ի՞նչ կարողացավ անել նա. ոչի՛նչ: Անցան օրեր, անցան շաբաթներ: Եվ Գևորգն անընդհատ դիմում էր մերթ սրան, մերթ նրան, խնդրում էր, աղաչում էր, բայց իզուր, ոչ ոք նրան չլսեց. ոչ ոք նրա խնդիրն ուշադրության չառավ:

Եվ նա սովորեց միայն փողոցներում այդ պատրվակով թափառել:

Մի ամիսն անցավ: Թամարի բոլոր խնայողությունը սպառվեցավ. մի քանի օր շարունակ մայր և որդի ցամաք հաց էին ուտում, մի օր մինչև անգամ նրանք քաղցած անցրին:

Թամարի բոլոր աշխատությունը Գևորգին նորեն Գուստավի մոտ ղրկելու համար՝ ապարդյուն անցավ: Նա ավելի նախապատիվ էր համարում մեռնիլ, կամ Քռի մեջ խեղդվիլ, քան նորեն Գուստավին դիմել, նրա աղջկա արհամարհանքը տանել և յուր ընկեր բանվորների մոտ ծիծաղի առարկա դառնալ:

Ուրիշ գործարան էլ նա մտնել չհամաձայնվեցավ, որովհետև Սոմարյանցի տանը հասկացրել էին, որ ինքը մեծ մարդ է. և այդ գիտեին յուր նոր բարեկամները, դպրոցական աշակերտները, լուսավորության բարեկամ գործակատարները, դատելու ու վճռելու վարդապետ տղաները, և նա նրանցից ամաչում էր:

Ի՞նչ պետք էր անել, ուտելու հաց չկար:

Վերջապես խեղճ Թամարը նորեն մտավ լվացքարան, բայց այս անգամ 20 ռուբլով, որովհետև նա առաջվան ուժը չուներ և նրան ավելի չվճարեցին:

———

Եվ դուք ի՞նչպես վարվեցիք խեղճ փականագործի և նրա մոր հետ, դո՞ւք, փայլուն հասարակության զարգացած անդամներ: Դուք ձեր ոգևորության մեջ ճառեր խոսացիք, խոստումներ արիք, ձեր անտեղի գովեստներով խեղճ երիտասարդին փչացրիք, զրկեցիք նրան յուր պաշտոնից, թշվառացրիք նրա ապագան. ուժասպառ մորը նորեն լվացքարան ղրկեցիք.. և հե՞տոոչինչ. դուք ավելացրիք մեկն ա՞յն դատարկապորտ տղաներից, որոնք բուլվարների վերա օրն ի բուն շրջում են պարապ, անգործ, որոնք դատում են, վճռում են, դատապարտում են և առանց մի բան գիտենալու, առանց մի բան սովորած լինելու, ամենակար և ամենագետ են:

Ահա՛ ձեր գործը:

ՀԱՐՈւՍՏՆԵՐԸ ԶՎԱՐՃԱՆՈւՄ ԵՆ

ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈԻՄՆ

Գարնանային սիրուն երեկո էր: Արեգակը խոնարհվում էր դեպի յուր մուտքը: Օդը թեպետ մի փոքր տոթային, սակայն քաղցրաշունչ հովը բարեխառնում էր նրան և խիստ ախորժելի դարձնում զբոսասեր բազմությանը, որը լցված էր Ալեքսանդրյան այգու ճեմելիքները: «Ազնվականական» կոչված բարձրադիր ծառուղին գրեթե խեղդվում էր զբոսողների շատությամբ: Գեղեցիկ հագնված տիկիններ, վերջին տարազով պճնված օրիորդներ, նրբաճաշակ երիտասարդներկոկված Փարիզի նորությանց համեմատ, միշտ չարություններ և սկանդալներ անելու համար պատրաստ ուսանողներ և վերջիններին պաշտող ուսանողուհիներ, բոլորն էլ խառնիխուռն զբոսնում էին այդտեղ: Նրանց անընդհատ անցուդարձը նմանվում էր մի հանդիսավոր կադրիլի, որը պարում են հարուստ իշխանի դահլիճում նրա բազմաթիվ հյուրերը:

«Ազնվականական» ծառուղիում արգելված չէր, իհարկե, և աղքատներին զբոսնելու, միայն թե նրանք քաղաքավարությամբ խույս էին տալիս դեպի մենավոր ճեմելիքները, որպեսզի իրենց ներկայությամբ չխանգարեն հարուստներիդ կամ գոնե հարուստ երևացողների զվարճությունը: Հագուստի անշնորհքությունն ստիպում էր նրանց շքեղության աչքից հեռու պտտելու: Իսկ նրանք, որոնք թեպետ աղքատ, բայց շնորհքով էին հագնված, կարծիք չկա, զբոսարանական մրցումից չէին վախենում:

Այս վերջինների թվին պատկանում էին տիկին Բերնարի երեք նորատի կարողուհիները: Սրանք բոլորն էլ հայուհիներ էին, խեղճ ընտանյաց աղջիկներ, որոնք կարանոցում հենց նոր էին ավարտել մի մեծ աշխատանք և տիկին Բերնարնարձակել էր նրանց մի փոքր ժամանակով այգում զբոսնելու համար:

Հեղինեն, որին յուր ընկերուհիները Ելենա էին կանչում, յուր ընկերուհիների մեջ փայլում էր յուր արտաքո կարգի գեղեցկությամբ: Նրա բարձր հասակը, շնորհալի քայլվածքը, և մանավանդ երկարատեգ արտևունքներով եզերված կախարդող հայացքը գրավել էին զբոսնողների ուշադրությունը:

Նրա դեմքի յուրաքանչյուր շարժվածքը, նրա նրբաձայն ծիծաղը, նրա խոսակցությունը, դիտում և զննում էին հարյուրավոր աչքեր: Հեղինեի ընկերուհիները, որոնք ավելի զարգացած էին այդ բաները նկատելու համար, հասկացնում էին նրան, և սա ընդ ակամբ զննում էր այդ բոլորը և հրճվում կատարյալ երեխայական անմեղությամբ: Բայց նա չէր տեսնում, թե ինչպիսի նախանձոտ հայացքներ էին գցում իր վրա շքեղ հագնված, բայց ոչ գեղեցիկ տիկինները և օրիորդները, մանավանդ երբ սրանց երիտասարդ ասպետները հիացմունքով մատնացույց էին անում յուր վրա և ցանկություն էին հայտնում յուր ո՞վ լինելն իմանալու համար:

Ո՞վ պետք է լինի, մի անառակ աղջիկ, — պատասխանում էին նրանց օրիորդ-տիկինները, արհամարհական հայացք ձգելով Հեղինեի վրա:

— «Մի անառակ աղջիկ», — և ինչպե՛ս շուտ և սահուն կերպով արտասանում է այդ բառերը կնոջ քնքուշ բերանը, ինչպե՛ս պատրաստ է նա առանց խղճահարվելու ցեխոտել յուր ցեղի ամենաանարատ հոգին, եթե սա հանդգնում է, յուր խեղճության մեջ, մի բանով գերազանցել իրենց, եթե նրա ճշմարիտ արժանիքը ճնշում է զգայուն սրտերը և խլում է իրենց զոռով վաստակած երկրպագուներին: Բայց Հեղինեն «անառակ աղջիկ» չէր. նրա արտաքին գեղեցկության չափ գեղեցիկ էր և նրա հոգին: Նա բարի էր ինչպես հրեշտակ և առաքինի, ինչպես անապատի միանձնուհին:

Դուք կարող եք կարծել, որ ես չափազանցնում եմ, որովհետև այս քաղաքի մեջ մեր օրով հազվագյուտ են այդ հատկությանց տեր աղջիկներ, մանավանդ երբ դրանք աշխատում են կարանոցներում: Բայց իսկույն կծանոթացնեմ ձեզ նրա հետ: Հեղինեն Թիֆլիսեցի չէր: Նրա ծնողները նոր էին գաղթել այստեղ մի գավառական քաղաքից: Նրանք շատ պարկեշտ մարդիկներ էին, և Հեղինեն կրթվելով նրանց հոգատարության տակ, պարզ է, որ բոլորովին չպիտի նմաներ այստեղացիներին: Հեղինեի հայրը պարապում էր հյուսնությամբ, մայրը մերձակա հարուստ տներում լվացարարություն էր անում, իսկ իրեն մի քանի ամիս էր, ինչ որ տվել էին տիկին Բերնարի մոտ կար ու ձև սովորելու: Հեղինեն այդտեղ էլ մի քանի ուրիշ աղջիկների պես ապրում, ուտում և հագնվում էր տիկին Բերնարի հաշվով, և միայն կյուրակե օրերը գնում էր յուր ծնողացը այցելելու:

Next page