Մուրացան՝   Պատմվածքներ

Հասարակությունը, որի մեջ ապրում էր նա և որը բաղկացած էր աղքատ ընտանյաց աղջիկներից, կարող էր վնասավոր լինել Հեղինեի պես մի անփորձ աղջկա համար: Հաճախ նա լսում էր յուր ականջների համար բոլորովին խորթ զրույցներ, անպատկառ խոսակցություններ, որոնք առհասարակ անպակաս են լինում կարանոցներում: Բայց նա կարողանում էր տիրել իրեն: Նա զզվում էր, և այդ տեսակ անախորժ վայրաբանությունները չլսելու համար քաշվում էր կարանոցի մի հեռավոր անկյունը և լուռ ու մունջ կարում էր յուր գործը: Բայց միշտ այդպես վարվել նրան չէր հաջողվում: Պատահում էր, որ նա ստիպված էր լինում կարել մի մեծ գործ, երեք-չորս աղջիկների հետ միասին, որոնք այդ ժամանակ էլ շարունակում էին իրենց վայրաբանությունները, մանավանդ, երբ տիկին Բերնարն այստեղ չէր լինում: Այդպիսի դիպվածներում Հեղինեն գործ էր դնում յուր բոլոր ուժը՝ այդ աղջիկների մեջ ամոթի զգացմունքը զարթեցնելու համար, և նրա ջանքը երբեմն պսակվում էր հաջողությամբ: Բոլոր կարողների մեջ նա միայն երկու աղջիկների հավանեց, որոնք թե՝ բնավորությամբ և թե՝ աշխատասիրությամբ նմանվում էին իրեն: Դրանցից մեկը Նինոն էր, խառատ Օսեփի աղջիկը, որ թեպետ մի առանձին գեղեցկություն չուներ, բայց հայտնի էր յուր չափազանց բարի և ազնիվ բնավորությամբ, իսկ մյուսը ղազազ Ալեքսի թոռը՝ Շուշանը, որ մեծ հեղինակություն ուներ կարանոցի մեջ, իբրև ամենից ավելի հառաջադեմ և լավ կարող աղջիկ: Այդ երկուսին էլ Հեղինեն յուր համար մշտական ընկերուհիներ ընտրեց: Նրանք երեքն էլ միմյանց չափից դուրս սիրում էին, սեղանի վրա միշտ միասին էին նստում, մեծ գործերը միասին կարում և ազատ ժամանակները միասին զբոսնում: Հենց այսօր էլ այգու մեջ դրանք երեքը միասին էին ման գալիս: Բայց ինչպես ասացինք, «Ազնվականական» ծառուղիի մեջ զբոսնողների ուշադրությունը միայն Հեղինեն էր գրաված:

Երկու երիտասարդներ, որոնցից մեկն ավելի աչքի էր ընկնում յուր դեմքի և կազմվածքի գեղեցկությամբ և հագնված էր խիստ նուրբ ճաշակով, ուշի ուշով հետևում էին տիկին Բերնարի կարողուհիներին: Յուրաքանչյուր անցուդարձի մեջ նրանք մի քանի անգամ պտույտ էին գալիս երեք աղջիկներին դեմ առ դեմ պատահելու համար, և նրանց հանդիպած ժամանակ խոր ուշադրությամբ սևեռում էին իրենց աչքերը Հեղինեի վրա, որն ամոթից իսկույն շառագունում էր: Ամբողջ զբոսանքի ժամանակ մի րոպե անգամ նրանք չհեռացան այդ աղջիկներից: Նինոն և Շուշանը գիտեին, որ երկու երիտասարդների դեգերանքը Հեղինեի համար էր, սակայն նրանք ոչ միայն չէին նախանձում նրան, այլև այդ առիթով նրա հետ կատակներ էին անում:

Ելենա, այս երիտասարդները շատ են գրավվել քեզնով: Նրանցից մեկը անպատճառ քեզ ուզելու է, — ասում էր նրան Շուշանը ծիծաղելով:

Ինչո՞ւ համար ես կարծում, որ ինձմով են գրավվել և ոչ թե քեզմով կամ Նինոյով, — պատասխանեց Ելենան շառագունելով:

Ի՞նչ հարկ կա այդ հարցնելու, որովհետև դու ավելի գեղեցիկ ես, քան թե մենք երկուքս, — շտապավ կցեց Նինոն և գաղտուկ դիտեց Շուշանին: Նրանք երկուսը միասին սկսան ծիծաղել:

Ա՛խ, Նինո, ես չե՞մ խնդրել, որ ինձ մոտ այդպես բաներ չխոսա՞ք, — նեղացած տրտնջաց Ելենան:

Ի սեր աստծո, Ելենա՛, թողի՛ր այդ հիմարությունները, մինչև ե՞րբ պետք է դու երեխա մնաս. Թիֆլիսո՞ւմ չես ապրում, ի՞նչ է, — կշտամբեց նրան Շուշանը:

Քո արևը վկա՛, Շո՛ւշան, ես ձեր թիֆլիսեցիների պես չեմ սիրում տղաների վրա խոսելը, ի՞նչ անեմ, մի բան, որ ինձ դուր չէ գալիս, խո զոռով չպիտի՞ սիրեմ: Ես սովոր չեմ այդ տեսակ խոսք ու զրույցների:

Լավ, լավ. տեսնենք մինչև ե՞րբ այդպես խելոք կմնաս, — պատասխանեց նրան Շուշանը և լռեց:

Բայց իրավ, Ելենա՞, տե՞ս ի՞նչ գեղեցիկ տղա է այդ երիտասարդը, — կրկին դիմեց նրան Նինոն ծիծաղելով, երբ երկու երիտասարդները դեմ առ դեմ հանդիպեցին նրանց:

Ա՛խ, Նինո, դու բոլորովին զայրացնում ես ինձ, — բարկացած պատասխանեց նրան Ելենան ու ուղղվեցավ դեպի զառիվայր ճեմելիքը տուն վերադառնալու դիտավորությամբ: Նինոն և Շուշանը քրքջալով հետևեցին նրան:

Բայց մի քանի քայլ հազիվ էր փոխել Ելենան, որ գեղեցիկ երիտասարդը հեռվից յուր աչքովն ընկավ: Նրանց հայացքները պատահեցին միմյանց և մի քանի րոպե դեպի իրար սևեռած մնացին: Ելենան տեսավ, որ երիտասարդն իրոք շատ գեղեցիկ էր, Նինոն իրավունք ուներ նրանով հետաքրքրվելու: Բայց նա շատ երկար չնայեց նրան, այլ աչքերը դարձնելով շարունակեց յուր ճանապարհը:

Յուր ընկերուհիները երկու հայացքների միմյանց պատահելը չնկատեցին:

Երկու երիտասարդները նույնպես ուղղվեցան դեպի զառիվայր ծառուղին: Նրանք հետևում էին երեք ընկերուհիներին:

Սամվել, մի՞թե դու չես ճանաչում այս աղջկանը, — հարցնում էր գեղեցիկ երիտասարդին յուր ընկեր Մարգարը:

Չեմ ճանաչում, մինչև այսօր էլ տեսած չեմ:

Զարմանք. ի՞նչ է շինում ուրեմն քո Սալոմեն, եթե այսպիսի թռչունները քեզանից անհայտ կարող են ապրել Թիֆլիսում:

Ի՞նչ զարմանք, նա խո ամբողջ քաղաքը չի ճանաչում:

Չէ, բարեկամ, չէ. ես չեմ հավատում, թե դու այս աղջկան տեսած չլինիս. երևի ժլատություն ես անում և կամ փորձել ես ու ձեռքդ խաղողին չէ հասել:

Ինչ վերաբերում է ժլատության, կարծում եմ՝ դու ինքդ էլ չես կարող հավատալ, թե երբևիցե ես կարող եմ ժլատ լինել: Բայց թե փորձել եմ ու ձեռքս խաղողին չէ հասել, այդ ինձ համար չէ ասված, եթե այդպես բան պատահելու լինի ինձ հետ, դա առաջին անհաջողությունը կլինի իմ ամբողջ կյանքում:

Դու կարո՞ղ ես ապացուցանել, որ այս աղջկա վերաբերությամբ ոչինչ անհաջող փորձ չես արել դու:

Ո՞րքան ժամանակ ես տալիս ինձ:

Մի ամիս:

Սամվելը ոչինչ չպատասխանեց:

Եթե այդ քիչ է, ես մի ամիս էլ կավելացնեմ, — հեգնելով ավելացրեց Մարգարը:

Մի փոքր սպասիր, բարեկամ, թո՞ղ տեսնեմ այս աղջիկները ո՞րտեղ են մտնում և հետո ես քեզ կպատասխանեմ, — ասաց նրան Սամվելը և լռեց: Մարգարը նույնպես լռեց: Նրանք երկուսը միասին քայլ առ քայլ հետևեցին երեք աղջիկներին:

Վերջիններս դուրս եկան պրոսպեկտի վրա, անցան առաջին և երկրորդ փողոցները և ապա խոտորվելով դեպի ձախակողմյան նեղ ճանապարհը, մտին մի խանութ, որի լայն պարավորի վերա ոսկեզօծ մեծ տառերով գրված էր՝ «Տիկին Մարգարիտա Բերնար»: Սա տիկին Բերնարի կարանոցն էր:

Սամվելը տեսնելով, թե որտեղ մտան աղջիկները՝ հանգստացավ և դառնալով դեպի ընկերը հարցրեց,

Դու ո՞րքան ժամանակ տվիր ինձ ապացուցանելու համար, որ ես այս աղջկա վերաբերությամբ ոչինչ անհաջող փորձ չեմ արել:

Մի ամիս, — պատասխանեց Մարգարը:

Այդ շատ է. կյուրակե օրն այդ աղջիկը իմ առանձնարանում կլինի, և ես քեզ կհրավիրեմ այնտեղ միասին նրա հետ ճաշելու:

Ճշմարի՞տ ես ասում, — ծիծաղելով հարցրավ Մարգարը:

Դու այդ կտեսնես, — հակիրճ պատասխանեց Սամվելը և ողջունելով բարեկամին, հեռացավ:

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒՆ

Կաթոլիկների գերեզմանատան աջ կողմում, մի բավական ընդարձակ զառիվայրի վերա ընկած են մի երկու նեղ փողոցներ, մոտ հարյուրաչափ տներով, որոնք շինված են խիստ խառն ու անկարգ դրության մեջ: Ճարտարապետի կարակինը ոչինչ աշխատանք չի կրել այս անորոշ թաղի համար: Այդտեղ շինությունները կարծես բնությունն ինքն է բուսեցրել առանց մարդիկներին նեղություն պատճառելու: Շատ տեղ նրանք ներկայացնում են բազմաթիվ խորշերի մի խառնուրդ: Շատ տեղ էլ մեկի կտուրը կազմում է մի ուրիշի բակը. և երբեմն երրորդի դուռը մտնելու համար ստիպված ես անցնելու առաջինի պատշգամբով և երկրորդի խարխուլ սանդուղքներով: Այդ տներից մի քանիսը կպած են բարձր զառիվայրի ապառաժի կրծքին, և նմանվում են ավելի անգղների բներին:

Այս փոքրիկ թաղի մեջ բնակվում են ամեն սեռի և ամեն տեսակի մարդիկներ: Սկսած արհեստավորներից, լվացարարներից, կարողուհիներից և վերջացրած խաբեբա գրբացներով, վհուկներով և անառակ կանանցով: Սրանք բոլորը միմյանց ճանաչում են, ծանոթ են մինչև անգամ միմյանց մանրամասն կենսագրության: Բայց դրսի թաղերից շատ քչերն են իրենց ճանաչում: Եվ այն էլ մի որոշ արհեստների ծառայող անձինք, որոնք շարունակ հարաբերություն ունին իրանց հետ: Երբեմն էլ այս թաղին գիշերով այցելում են հարուստ տներից զանազան երիտասարդ և պառավ անձինք, իրենց ծանոթներին զանազան պատվերներ տալու համար:

Երեկոյան ութ ժամն էր: Երկինքը թեպետ պարզ և աստեղավառ, բայց լուսինը դեռ ծածկված էր հեռու լեռների ետևում և նրա շուտ ծագելուն հույս չկար: Այս ժամին, երբ Թիֆլիսի գլխավոր փողոցներում դեռ մեծ կենդանություն է տիրում, այս թաղի մեջ լռությունը կատարյալ էր. միայն թե այս ու այն բակում շների աննպատակ հաչոցը մերթ ընդ մերթ ընդհատում էր նրան:

Զառիվայրի կրծքին կպած տներից մեկի նեղ բակում այս միջոցին անց ու դարձ էր անում մի սև ստվեր, նա երբեմն գալիս հասնում էր յուր բակի շարունակությունը կազմող հարևան տան կտուրի ծայրը և երկար արձանացած կանգնում էր այնտեղ, և երբեմն անցուդարձ անելուց հոգնելով նստում էր կտուրի ճակատին: Իրենից մի փոքր հեռու երկու փոքրիկ պատուհաններում երևում էր ճրագի նվաղ լույս, դա ստվերի կացարանն էր: Գիշերվա այս խավար ժամին ամենափորձ խուզարկուն անգամ չէր կարող գտնել այդ խորհրդավոր բարձրության ճանապարհը:

Մի ընդարձակ և ուղղաձիգ փողոց, որի վրա անընդհատ անցուդարձ էին անում կառքերը, կազմում էր զառիվայր թաղի ստորոտը: Մեռ ծանոթ ստվերի դեմքը միշտ ուղղված էր լինում դեպի այդ կողմը: Հանկարծ փողոցի ծայրում երևաց կարմիր լապտերներով մի կառք: Ստվերը, որ նստած էր կտուրի ճակատին, իսկույն բարձրացավ տեղից և մի քանի արագ քայլեր փոխելով դեպի ներքև, անհայտացավ խավարի մեջ: Կարմիր լապտերներով կառքը խուլ դղրդյունով, ինչպես այդ հատուկ է հարուստների սեփական կառքերին, առաջանում էր դեպի զառիվայրի թաղը: Հասնելով այն բարձրության հանդեպը, ուր անցուդարձ էր անում ստվերը, նա կանգնեց:

Կառքի միջից դուրս եկավ մի բարձրահասակ երիտասարդ ծածկված վերարկուի մեջ և հապճեպ քայլերով ուղղվեցավ դեպի զառիվայրը հանող ճանապարհը: Բայց նա հարյուր քայլ դեռ չէր հեռացել, երբ նրան հանդիպեց մի սևազգեստ կին. սա մեզ ծանոթ ստվերն էր: Երիտասարդը ողջունեց նրան առանց ձեռք պարզելու: Երևում էր, որ կինը նույնպես անկեղծությամբ է վերաբերվում դեպի նրան, որովհետև խոնարհ գլուխ իջեցնելով միայն պատասխանեց երիտասարդի ողջույնին:

Ի՞նչ պատահեց քեզ, որդի, էս քանի-օր է էլ քո Սալոմեին չես հարցնում, — խոսեց սևազգեստ կինը, հետևելով երիտասարդին, որ բարձրանում էր դեպի զառիվայրը:

Ես քեզ վերա շատ եմ բարկացած, Սալոմե, գիտե՞ս, թե ոչ:

Ի՞նձ վերա, և ինչո՞ւ համար, որդի, — վախենալով հարցրեց նրան Սալոմեն:

Տիկին Բերնարի կարանոցում մի աղջիկ կա, դու նրա մասին ինձ ոչինչ տեղեկություն չես տվել մինչև այսօր:

Տիկին Բերնարի՞... այդ կարանոցը ես

Այդ կարանոցը դու երևի չես էլ ճանաչում:

Այո՛, որդի՛, ինչ թաքցնեմ, չեմ ճանաչում:

Հիմա՛ր, թե ասում էիր ամբողջ Թիֆլիսը ճանաչում ես. մինչև այսօր խաբու՞մ էիր ինձ:

Ինչո՞ւ այդպես բան ես ասում, որդի, ես քեզ ինչո՞ւ համար պիտի խաբեմ, մի՞թե ամբողջ Թիֆլիսում մի այնպիսի կորած անկյուն չի՞ պատահիլ, որը ես չճանաչեմ:

Բերնարի կարանոցը կորած անկյուն չէ, նա քաղաքի մեջտեղումն է և ամենալավ փողոցի վրա:

Հազար անգամ ներողություն եմ խնդրում: Բայց ի՞նչ ես հրամայում, ասա, որդիս, ես իսկույն կկատարեմ:

Վաղը ամեն բան վերջացած պետք է լինի:

Այժմեն իսկ կարող ես վերջացած համարել. միայն պատմիր, թե բանն ինչումն է:

Մինչ այս նրանք հասել էին Սալոմեի տան բակը, մի շատ կարճ ճանապարհով: Պառավը հրավիրեց երիտասարդին յուր կացարանը: Սա մի փոքրիկ տնակ էր, բաղկացած երկու սենյակներից: Նրանցից մեկը տանտիրուհու և՛ հյուրանոցը, և՛ սեղանատունը, և՛ դահլիճը, և՛ ննջարանն էր, կահավորված ամենահասարակ կարասիներով, որոնք աչքի էին ընկնում իրենց զանազանակերպ աններդաշնակությամբ: Նրա աջ կողմը դրված էր մի թախտ, ծածկված թաղիքներով, իսկ նրանց վրայով փռված էր մի կոշտ և կեղտոտ օթոց: Պահարանի նման մի խորության մեջ վառվում էր կանթեղը, որի ծուռ կտրված պատրույգից առաջացած ծուխը սևացրել էր ապակիի ամբողջ կեսը: Հարևան սենյակը Սալոմեի խոհանոցը, մառանը և փայտատունն էր: Նրա բաց դռներից փչում էր մի տեսակ սառն խոնավություն, որը միանալով կանթեղից առաջացած ծխի հետ, լցրել էր սենյակը մի անախորժ գարշահոտությամբ:

Այսուամենայնիվ, երիտասարդն առանց ոչինչ զզվանք զգալու մտավ այդտեղ և անցնելով նստավ թախտի պատվավոր տեղում, այսինքն այնտեղ, ուր դրված էր հին թավշապատ մութաքը: Նրա շարժվածքից երևում էր, որ առաջին անգամը չէ այցելում այս տնակին:

Հա՛, տիկին Բերնարի կարանոցը գտնվում է Ս... փողոցի վրա, — շարունակեց երիտասարդն ընդհատված խոսակցությունը: — Այդտեղ մի աղջիկ կա Ելենա անունով. բարձրահասակ, գեղեցիկ դեմքով, սև և գրավիչ աչքերով, միով բանիվ բոլոր կարողուհիների մեջ նա ամենից գեղեցիկն է: Երեկ ես նրան պատահեցա այգիում յուր ընկերուհիների հետ զբոսնելիս: Հետո ավելի մոտիկից զննելու համար անձամբ մտի տիկին Բերնարի մոտ և նրան դիտմամբ կես դյհւժին շապիկներ պատվիրեցի:

Այդ առիթով ես մոտեցա և այդ աղջկանը. նա հայուհի է. մի քառորդ ժամու չափ խոսեցի նրա հետ. նա ինձ կախարդեց, ես հիացած եմ նրանով. հասկանո՞ւմ ես, հիացած եմ...

Հասկանում եմ, որդի, հասկանում եմ, բոլոր աղջիկներն առաջին անգամ քեզ հիացնում են...

Ա՛յ, որ ոչինչ չես հասկանում, — ընդհատեց Սալոմեին երիտասարդը, — նա բոլորովին ուրիշ աղջիկ է, ես մինչև անգամ նրան սիրեցի. հասկանո՞ւմ ես...

Հասկանում եմ, որդի, հասկանում եմ, — ամենախոնարհ ձայնով պատասխանեց Սալոմեն:

Այդպես, նա շատ սիրուն աղջիկ է, ես մինչև անգամ լավ տեղեկացա, թե նա ով է և որտեղացի է:

Մի՞թե թիֆլիսեցի չէ:

Ո՞չ, նա գավառական քաղաքներից է:

Օ՛, օ՛, ասա կռո՛ է, էլի. բաս բանը շատ դժվար պիտի գլուխ գա, — հուսահատաբար խոսեց Սալոմեն և շարժեց գլուխը:

Դժվար-մժվար չգիտեմ: Այսօր հինգշաբթի է, կյուրակե օրը նա իմ առանձնարանում պիտի լինի, որովհետև ես խոստացել եմ մեր Մարգարին, որ այդ օրը Ելենայի հետ միասին ճաշ տամ նրան այնտեղ:

Պառավը մի փոքր ժամանակ մնաց լուռ և աչքերը սևեռեց գետնին: Երևում էր, որ նա մի մեծ արգելք է նկատում յուր ճանապարհի վրա. նա հետզհետե ընկղմվում էր մտածողության մեջ:

Սալոմե՞, ի՞նչ ես լռել, քնո՞ւմ ես, — գոչեց հանկարծ երիտասարդն այնպիսի ձայնով, որ պառավը վեր թռավ:

Չեմ քնում, որդի, մտածում եմ:

Ի՛նչ ես մտածում. քեզ խոսք եմ ասում, կյուրակե օրը Ելենան իմ առանձնարանում պիտի լինի:

Լսեցի, որդի, լսեցի:

Լսելը բավական չէ. դու ինձ ասա՞, խոստանո՞ւմ ես, որ նրան կբերես ինձ մոտ:

Մի փոքր համբերություն ունեցիր, որդի, առաջ մի տեսնեմ ինչ աղջիկ է, ասում ես, թե Թիֆլիսեցի չէ, կարելի է ծնողները չեն համաձայնում, այն ժամանակ շատ դժվար...

Լռի՛ր, լռի՛ր, — ընդհատեց Սալոմեին երիտասարդը, — ես քեզ ասել եմ, որ ինձ մոտ այդպիսի բաներ չխոսես. «չեմ կարող, կամ դժվար է» բառերն ինձ մոտ բերանիցդ չհանես, հասկացա՞ր: Կյուրակե օրը նա ինձ մոտ պիտի լինի:

Այս ասելով երիտասարդը վեր կացավ տեղից:

Ինչո՞ւ ես բարկանում, որդիս, եթե այդ է քո ցանկությունը, ինչպե՞ս կարող եմ հակառակել, — հեզությամբ պատասխանեց պառավը, — միամիտ եղիր, կերթամ, կաշխատեմ և չեմ ուտիլ, չեմ քնիլ, մինչև չկատարեմ քո ցանկությունը, Սալոմեի համար այդ խո առաջինը չէ՞:

Ա՛յ, այդպես պետք է խոսես, Սալոմե, այն ժամանակ ես քեզանից շնորհակալ կլինիմ. աշխատիր, որ երբեք ինձ չբարկացնես. դու խո գիտե՞ս, ես ինչ բնություն ունեմ:

Այս ասելով երիտասարդը հանեց գրպանից յուր պորտմոնեն և մի քանի թղթադրամներ պառավի ձեռքը խրելով դուրս գնաց սենյակից:

Սալոմեն դարձյալ նույն ճանապարհով ուղեկցեց նրան մինչև կառքը:

Կյուրակե օ՞րը, չմոռանաս, — կրկին հիշեցրեց նա պառավին իր պատվերը և կառքը նստելով հեռացավ:

Ընթերցողները ճանաչեցին, իհարկե, որ այս երիտասարդը Սամվելն էր, որին նրանք տեսել էին Ալեքսանդրյան այգիում Բերնարի կարողուհիների ետևից դեգերելու ժամանակ:

Սալոմեն վերադարձավ յուր բնակարանը:

ԳՐԲԱՑ ՍԱԼՈՄԵՆ

Մեզ ծանոթ Սալոմեի արտաքին կերպարանքը հակակրական չէր, ինչպես այդ հատուկ է այս քաղաքի պառավներից շատերին: Նա կարճահասակ էր, կլորիկ և քաղցր երեսով, միշտ ժպտող բերանով: Նրա աչքերը թեպետ պառավությունից կկոցված, բայց դեռ պահել էին իրենց մեջ վաղեմի գեղեցկության հետքերը, խորշոմները դեռ բոլորովին չէին գրավել նրա այտերը, որոնց վրա միշտ փայլում էր մի գունատ կարմրություն:

Նրա հայացքը երբեմն քաղցր էր և պարզ, և երբեմն սուր և խորհրդավոր: Սալոմեն թեպետ սիրում էր շատախոսել, բայց նա յուր գաղտնիքներից ոչինչ չէր հայտնում յուր մերձավորներին, իսկ գաղտնիքներ նա շատ ուներ: Եվ այդ գաղտնիքների սկիզբը դրվեցավ այն օրից, երբ յուր հանգուցյալ ամուսին դերձակ Սանդրոն գինու տկճուրը մի ձեռքում և խորովածի շամփուրը մյուսում քարափից ներքև գլորվեցավ և խեղդվեցավ Քռի մեջ: Հանգուցյալի համփսոններն ասում էին, որ իբր Սանդրոն հարբած լինելով գինու տկճուրը և խորովածը ձեռքին կամեցել է պարել քարափի ծայրին, բայց չկարողանալով պահել իրան, սահել է և գինու ու խորովածի հետ միասին գլորվել Քռի մեջ: Իսկ Սալոմեն, իհարկե, չէր հավատում Սանդրոյի համփսոնների պատմության, որովհետև յուր ամուսնու խեղդված գիշերը սուրբ Ծիրանավորը երեվացել էր նրան և ասել էր, թե Սանդրոյին ինքն է տարել իր մոտ, որ սուրբերի համար շորեր կարի: Իսկ դրա փոխարեն սուրբ Ծիրանավորը տվել էր Սալոմեին մարգարեության շնորհք, որով նա կարող էր բոլոր երիտասարդների և աղջկերանց գաղտնիքները հասկանալ, նրանց ապագան գուշակել, աստծու բարկությունը մարդիկներից հեռացնել և այլն, և այլն:

Հարկ չկա ասել, որ Սանդրոյի մահից հետո, Սալոմեն քաղցից կմեռներ, եթե սուրբ Ծիրանավորը նրան մարգարեության այդ շնորհքը չտար:

Եվ այսպես, տասը տարի առաջ Հավլաբարում «դերձակ Սանդրոյի կին» անունով հայտնի Սալոմեն մի գեղեցիկ օր երևեցավ մեզ հայտնի թաղում «գրբաց Սալոմե» անունով և ամսական երկու ռուբլիով վարձեց ա՞յն տունը, որի մեջ մինչև այսօր էլ ապրում է նա:

Հետզհետե նրա մոտ սկսավ հաճախել իրենց ապագայի հետ ծանոթանալ ցանկացող կանայք և աղջիկներ: Սալոմեն շատ ճշտությամբ գուշակում էր նրանց սրտի ցանկությունները, ցավերը, հոգեկան վշտերը և զարմանալի մարգարեություններ էր անում նրանց ապագայի համար, որոնք միշտ կատարվում էին:

Այսպես, օրինակ, մի մանկամարդ կին հայտնում էր նրան, որ ինքը սիրում է այսինչ երիտասարդին, բայց ամաչում է յուր սերը հայտնել նրան, ուստի խնդրում էր Սալոմեին, որ փալին նայե ու տեսնե, արդյոք հույս կա՞, որ այդ երիտասարդն էլ իրեն սիրե:

Սալոմեն իսկույն շարում էր յուր թղթերը զանազան ուղղությամբ, երկար նայում էր նրանց վրա, ապա զատում էր նրանցից մի քանիսը, կրկին խառնում էր, կրկին շարում, և հետո սկսում էր յուր գուշակությունները: — «Այդ երիտասարդը երեք օրից հետո առանձին քեզ նամակ կգրե, կհայտնե քեզ յուր սերը, մի տեղ կնշանակե, ուր դուք իրար հետ կտեսնվիք և ապա կսկսեք ձեր բարեկամությունը...»: Եվ իրավ, երեք օրից հետո մանկամարդ կինը ստանում էր յուր սիրած երիտասարդից առանձին նամակ, նրանք տեսնվում էին իրար հետ և սկսում էին իրենց երջանիկ բարեկամությունը...

Ի՞նչպես էր պատահում այդ. հրաշքո՞վ, — ո՛չ. ամենապարզ եղանակով: Սալոմեն մանկամարդ տիկնոջ գաղտնիքն իմանալուց հետո անձամբ տեսնվում էր երիտասարդի հետ, հայտնում էր նրան տիկնոջ խոսածները և գործը կարգադրում էր այնպես, ինչպես ինքն էր գուշակել: Հարկ չկա ասելու, որ երիտասարդն էլ իր կողմից մեծ հաճությամբ կատարում էր Սալոմեի պատվերը թե՞ նրա գուշակությունը սուտ չհանելու և թե յուր բախտը լիովին վայելելու համար: Իսկ Սալոմեն պարզ է, որ երկու կողմից էլ առատ վարձատրություն էր ստանում:

Այսպիսի հրաշագործություններով քիչ ժամանակի մեջ նա այնպիսի հռչակ ստացավ, որ քաղաքի ամեն անկյուններից կանայք, աղջիկներ և նախապաշարյալ մարդիկ բազմությամբ դիմում էին նրա մոտ իրենց ցավերին դեղ ու դարման անելու համար: Իսկ ավելի բարձր ընտանիքները նրան պատվով հրավիրում էին իրենց տունը, և ամենայն տեղ էլ առատ վարձատրությամբ վարձատրում նրան:

Նախապաշարմունքը, կախարդության և հմայության հավատալը՝ միայն աղքատ և տգետ կանանց բաժինը չէ. մեր մեջ այդ ախտով տոոգորված են նույնիսկ զարգացածները, դպրոցներ և վարժարաններ ավարտած կանայք, արիստոկրատ տիկնայք և մեծանուն օրիորդներ: Փիլիսոփայական խորհրդածություններ կարդացող և հասկացող աղջիկը նույնչափ հավատով և հաճությամբ է նայում գրբացությանը, հմայական հռութներին և նոր կախարդական խաբեություններին, որչափ հավլաբարցի մի տգետ կալատոզի աղջիկը: Պարզ է, ուրեմն, որ Սալոմեի նման մի խաբեբա պառավը մեծ ժողովրդականություն պիտի վաստակեր այս քաղաքի մեջ. Բայցայդ դեռ բոլորը չէ:

Սալոմեն յուր այդ արհեստի շնորհիվ հետզհետե ծանոթանալով քաղաքի ամեն անկյունների հետ, յուր համար մի այլ եկամտի աղբյուր էլ հնարեց, այն էգտնել հարուստ և շռայլող երիտասարդների համար զվարճության նորանոր առարկաներ, այսինքն՝ բարեկամուհիներ, տարփածուներ... Նա այնքան հնարագետ և ճարպիկ էր, որ այդ տեսակ գործերից ամենադժվարին անգամ աներկյուղ ձեռնարկում էր և հաջողությամբ գլուխ հանում: Յուր արհեստը այդ բանում օգնում էր նրան: Ծանոթ լինելով ամեն տեսակ ընտանիքների հետ, նա յուր առաջ փակ դուռ չուներ: Նա թափանցում էր անմատչելի գաղտնարանները, մտնում էր սկեսրարներով և տագրներով շրջապատված հարսի առանձնարանը, խոսակցում էր հոր բռնության տակ ապրող աղջկա հետ, հիմարացնում էր հարուստ և աղքատ, բայց միշտ գեղեցիկ այրիներին, խաբում էր չքավոր մայրերին և հրապուրում թեթևսոլիկ աղջիկներին...

Ահա այսպիսի մի ծառայության համար էլ նա ծանոթացավ քաղաքի մի շատ հարուստ մարդու, այն է՝ Աղաբաբ Փուլշատյանի որդու՝ Սամվելի հետ: Վերջինս մի քանի դեպքերում տեսնելով Սալոմեի արտաքո կարգի խորամանկությունը և ճարպկությունըյուր սիրած գործերում, ընտրեց նրան յուր համար մշտական զվարճությանց մատակարար ամսական որոշ թոշակ կապելով նրա համար: Այսպիսով Սալոմեն պարտավոր էր քաղաքի մեջ լույս ընկնող ամեն մի գեղեցկուհու մասին տեղեկություններ տալ երիտասարդ Փուլշատյանին, թե արդյոք ո՞վ և ո՞ր տեղացի է այդ գեղեցկուհին, ի՞նչ պաշտպաններ ունի, ինչո՞վ կարելի է նրան ձեռք բերելոսկո՞վ, թե ուրիշ միջոցներով, և այս ամենը ստուգելուց հետո ծանոթացնել և բարեկամացնել նրան Սամվելի հետ...

Գրբացությունը և. զանազան հմայությունները, որոնք մինչև այն Սալոմեի համար միակ ապրուստի միջոցնեին էին, այժմ ծառայում էին նրան իբր մի ուռկան, որի մեջ անխտիր բռնվում էին թե՛ խեղճ ծնողաց աղջիկները, թե՛ անպաշտպան որբուկները և թե՛, նույնիսկ, և՛ հարստություն, և՛ պաշտպանություն վայելող գեղանիները: Հարկ չկա ասել, որ զվարճասեր Փուլշատյանն այս բավականության համար ոչինչ չէր խնայում այն մեծ հարստությունից, որը դիզել էր յուր հայրը ճակատի քրտինքով, ինչպես նա միշտ սովոր էր ասել: Եվ Սալոմեն յուր սկսած գործերի մեջ երևան եկող դժվարություններն և արգելքները հաղթելու համար ամեն միջոց առձեռն ուներ, որովհետև յուր երիտասարդ պարոնի մոտ վայելում էր անսահման վարկ և հավատարմություն:

Զվարճության մի «առարկան» ձեռք բերելուց ետ, խորամանկ պառավը իսկույն ևեթ սկսում էր որոնել մի ուրիշը, որովհետև այնպես էր հրամայված յուր երիտասարդ պարոնից, որը շատ սիրում էր փոփոխություններըԻսկ այդ «ուրիշը» գրավելուց հետո նա պարտավոր էր հետամուտ լինել «երրորդին» և այսպես շարունակ:

Նախընթաց գլխում Սալոմեի մոտ գիշերով այցելող երիտասարդի հանձնարարությունը նույնպես վերաբերում էր՝ այս «ուրիշներից» կամ «երրորդներից» մինին:

ՏԻԿԻՆ ԲԵՐՆԱՐԻ ԿԱՐԱՆՈՑՈՒՄ

Այն խանութները, որոնց մեջ զետեղված էր տիկին Բերնարի կարանոցը, բաղկացած էին մի քանի մասերից: Առաջին բաժանման մեջ, որը նայում էր մեծ փողոցի վրա, բանում էին նրա կարողուհիները, իսկ նրա ետքի սենյակներում բնակվում էր ինքը՝ տիկին Բերնարը և յուր գիշերօթիկ բանողները:

Չնայելով, որ դեռ առավոտյան ժամը յոթն էր, Բերնարի կարանոցում արդեն աշխատանքները սկսված էին: Մոտ քսանևհինգ աղջիկներ, ոմանք խմբակներով, ոմանք երկ-երկու և այլք առանձին-առանձին նստած, գլխակոր և անխոս կարում էին: Նրանց մեջ լուռ և մունջ անցուդարձ էր անում ինքը՝ տիկին Բերնարը: Սա մի հաստլիկ, միջահասակ և համակրական դեմքով կնիկ էր: Թեպետ տեսնողը նրան հազիվ քառասուն տարեկան կկարծեր, բայց, իրոք, հիսունից անց էր: Տիկին Բերնարի անցյալի մասին շատ քչերը միայն տեղեկություններ ունեին, և այդ քչերը պատկանում էին վաթսունական թվականների այն երիտասարդական խմբին, որ յուր կյանքի ամենաթանկ րոպեներն անցուցել է Օրթաճալայի այգիներում, անուշ գինիների և գեղեցիկ աղջիկների ընկերակցությամբ: Պատմում են, որ տիկին Բերնարն այդ միջոցներում արտասահմանից դեռ նոր էր եկել Կովկաս: Նա նշանավոր էր յուր գեղեցկությամբ, այդ պատճառով էլ իսկույն գնահատվեցավ զարգացած ճաշակ ունեցող երիտասարդությունից: Այդ ժամանակ ամենակատարյալ քեֆերը սարքվում էին միայն տիկին Բերնարի համար, ամենագեղեցիկ երգերը երգվում էին նրա ներկայությամբ և ամենաթանկագին գինիներով խմում էին նրա կենացը:

Ինչպես պատմում են՝ լոգարանը (ванна) շամպանիայով լցնելը, նրա մեջ լողանալը և յուր մարմինը լվացած շամպանիայով երկրպագուներին արբեցնելը առաջին անգամ Կովկաս մտցրեց տիկին Բերնարը: Քեֆերի ժամանակ նրա երկրպագուներից շատերը բաժակի փոխարեն նրա ոտնամաններով էին գինի խմում: Նա ինքը մի օր գրել է Նիցցայում ապրող յուր մի բարեկամուհուն հետևյալը.

— «Իզուր են կարծում, թե Կովկասում վայրենիներ են ապրում: Թիֆլիսը ճաշակի զարգացման կողմից ոչնչով ետ չի մնում եվրոպական նշանավոր քաղաքներից: Չի պիտի զարմանաք եթե ասեմ, թե այստեղի ապրել գիտցող երիտասարդությունը տասը տարվա ընթացքում ինձ համար զոհել է հինգ միլիոն ֆրանկից ավելի: Եվ թեպետ այդ բոլորը գործադրվել է միմիայն մեր բարեկամական շրջանի կյանքը մասամբ քաղցրացնելու համար, այսուամենայնիվ հենց այդ բարեկամաց շնորհիվ ես այսօր մի ապահովված դրություն ունիմ...»:

Այո՞, տիկին Բերնարը մի օր Թիֆլիսի երիտասարդության աստվածուհին էր. բայց չէ՞ որ քսանևհինգ տարին մի շատ երկար ժամանակ է: Իսկ ժամանակը, որ կոթողները մաշում է և կամարները կործանում, պետք է յուր դրոշմը դներ տիկին Բերնարի գեղեցիկ դեմքին և խորշոմներով ծածկեր նրան... Այդ շատ անախորժ բան է, բայց ո՞վ կարող է կռվել բնության հետ. դարձյալ խելոքը նա է, որ հարմարվում է ժամանակի հետ:

Ահա` թե ինչո՞ւ այսօր տիկին Բերնարը կարանոց էր պահում և այժմ էլ այդ ճանապարհով է փող վաստակում:

Դառնանք այժմ մեր պատմության:

Տիկին Բերնարը շարունակում էր յուր լուռ անցուդարձը կարանոցի մեջ. երբեմն-երբեմն էլ խոնարհվելով դեպի այս ու այն կարողը դիտում էր նրա գործը և զանազան նկատողություններ անում: Կարողուհիներից ոչ ոք գրեթե ոչինչ չէր խոսում, բացի այն ժամանակ, երբ հարկավոր էր մի բան հարցնել տիկնոջից:

Այս միջոցին Բերնարի աղախինը մտավ կարանոցը և. հայտնեց տիկնոջը, որ մի հայ կին ուզում է իրեն տեսնել: Տիկին Բերնարը դուրս գնաց: Կարողուհիներն սկսան իրենց խոսք ու զրույցը:

Մի րոպեի մեջ կարանոցը նմանվեցավ դպրոցի այն դասատուններից մեկին, որի վարժապետը բացակա է:

Ամեն անկյունից այժմ լսվում էին հարց ու պատասխաններ, ծիծաղ, քրքիջ և երբեմն էլ կանացի փոքրիկ հայհոյանքներ, անեծքներ:

Կարանոցի աջ անկյունի մոտ գտնվող մեծ պատուհանի առաջ դարձյալ միասին նստած էին մեր նախածանոթ երեք կարողուհիները՝ Ելենան, Նինոն և Շուշանը և փոքրիկ զրուցատրությամբ կարում էին իրենց գործը: Նրանց խոսակցության առարկան դարձյալ երեկվա գեղեցիկ երիտասարդն էր:

Լավ, Ելենա, եթե այն տղի աչքը քեզ վրա չէր, ինչո՞ւ համար մեր ետքից մտավ այստեղ և շապիկներ պատվիրեց, — կամացուկ խոսում էր Շուշանը:

Զարմանալի բան ես հարցնում, այդ մարդուն շապիկներ էին հարկավոր և եկավ պատվիրեց, ինչո՞ւ անպատճառ իմ պատճառով պիտի լիներ: Եվ վերջապես մի՞թե ես միայնակ եմ այստեղ և ուրիշ աղջիկներ չկա՞ն, որ նրանց պատճառով լիներ:

Ուրիշ աղջիկներ էլ կան, բայց տեսա՞ր, որ նա միայն քեզ մոտեցավ և քեզ հետ խոսեց:

Ձեզ հետ էլ խոսեց:

Ո՞չ, մեզ հետ միայն քո պատճառով խոսեց:

Դուք էլի՞ սկսեցիք վիճել, — մեջ մտավ Նինոն:

Ի՞նչ անեմ, չե՞ս տեսնում, Շուշանը ուզում է անպատճառ հաստատել, որ այդ երիտասարդն ինձ ուզում է, — կես բարկությամբ հարեց Ելենան, — չեմ իմանում ի՞նչն է ստիպում նրան միշտ այդ առարկայի վերա խոսել:

Է՛հ, լավ, Ելենա, ճշմարիտն ասա, եթե այդ տղան քեզ ուզելու լինի, չե՞ս գնալ, — հարցրեց Նինոն:

Ելենան ոչինչ չպատասխանեց:

Քեզ հետ չե՞մ, ինչու՞ չես պատասխանում, — կրկին խոսեց Նինոն և կարը թողնելով սևեռեց աչքերը Ելենայի վրա:

Իմ գլխի տերը ես չեմ, որ գնամ կամ չգնամ, այդ իմ ծնողների գործն է, — պատասխանեց նա:

Իսկ եթե նրանք համաձայնվելու լինեն, կերթա՞ս:

Ինչո՞ւ չէ, — կամացուկ պատասխանեց Ելենան և ժպտաց:

Ա՛, ուրեմն դու սկսել ես նրան սիրել:

Այնպես երիտասարդին ո՞վ չի սիրիլ, — նկատեց Շուշանը:

Ճշմարի՞տ չէ. սկսել ես սիրել, — կրկին հարցրեց Նինոն:

Այո՛, այո՛, սկսել եմ սիրել, — իբր թե բարկացած պատասխանեց Ելենան, բայց նրա հանկարծակի շառագունիլը հայտնի ապացուցանում էր, որ օրիորդն անտարբեր չէր դեպի գեղեցիկ երիտասարդը:

Համեստությունը, որ այնքան զորեղ կերպով կապանքներ է դնում պարկեշտ աղջկա բերանին, միշտ անզոր է գտնվել նրա սիրտը շղթայելու համար: Իզուր միամիտ խնամակալները սրտի անմեղությունը չափում են նրա բերանի լռությամբ: Այդ լռությունը շատ անգամ ավելի է խոսում, քան լեզուն, որ նրան հնազանդվում է. միայն ցավալին այն է, որ շատ քչերն են ըմբռնում լռության խոսքը: Ելենան, չնայելով յուր լռակեցությանը, ճշմարիտ, որ սկսել էր սիրել գեղեցիկ երիտասարդին: Առաջին անգամից իսկ, երբ այգու մեջ նրա հայացքը հանդիպեցավ երիտասարդի հայացքին և նրանից հեռացավ, մի անծանոթ անհանգստություն պղտորեց նրա սիրտը, ի՞նչ զգացում էր այդ, նա չգիտեր, բայց կցանկանար, որ այդ հայացքը կրկին պատահեր իրեն, միայն այնպես, որ ուրիշները չնկատեին, որ նույնիսկ երիտասարդն այդ չհասկանար: Հենց այդ րոպեից սկսած նա անուշադիր էր յուր ընկերուհիների խոսակցության, և միայն այն ժամանակն էր մտադրությամբ լսում նրանց, երբ խոսքը դառնում էր գեղեցիկ երիտասարդի վրա:

Երեկ իսկ, երբ նա մտավ կարանոցը շապիկներ պատվիրելու համար, և մոտեցավ իրեն հետ խոսելու, Ելենան սաստիկ շառագունեցավ, նրա սիրտն սկսեց անհանգստությամբ տրոփել. այդ բանը նկատեցին յուր ընկերուհիները և սկսան ծիծաղել, նրանք այդ վերագրում էին միայն նրա ամոթխածությանը, որը միշտ ծաղրում էին: Իսկ այս գիշեր նա մինչև անգամ շատ անհանգիստ քնեց, յուր երազներում հաճախ տեսնում էր գեղեցիկ երիտասարդին և փախչում էր նրանից: Անմեղ սիրտը սկսել էր խաղալիք դառնալ սիրո անդրանիկ հարվածին...

Հաջորդ էջ