Մուրացան՝   Պատմվածքներ

Այն միջոցին, երբ երեք ընկերուհիներն իրենց ծանոթ երիտասարդի մասին կամացուկ խոսելով էին զբաղված, կարանոցի ետքը առանձնարանումն էլ մի ուրիշ խոսակցություն էր շարունակվում տիկին Բերնարի և գրբաց Սալոմեի մեջ: Թե ինչ էր, իսկապես, դրանց խոսակցության առարկան, հայտնի չէր, միայն թե նրանց հետևյալ խոսքերից կա՛րելի էր եզրակացնել, որ մի ինչ-որ խորհրդավոր առևտուր պիտի լիներ նա:

Հավատացնում եմ ձեզ, որ չեմ կարող, — համոզում էր տիկին Բերնարը Սալոմեին, — ձեր առաջարկածը շատ չնչին գին է համեմատելով առարկայի մեծության և այն վտանգի հետ, որին ինքս ինձ ենթարկում եմ:

Թե առարկան մեծ և արժանավոր է, դրան խոսք չունեմ, բայց պիտի իմանաք, որ մեր առաջարկած վարձատրությունն էլ պակաս գին չէ: Ես այդ գնով ավելի լավերն եմ ձեռք բերել: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե դուք վտանգի եք ենթարկվում մեր առաջարկությունն ընդունելով, դա բոլորովին ավելորդ երկյուղ է: Մենք խո այս բանի մասին միմյանց թուղթ չե՞նք տալիս: Ո՞վ կարող է ապացուցանել, որ այդ գործում դուք եք մեղավորը:

Այս միամտացնող խոսքերի վերա տիկին Բերնարը ժպտաց: Նա կարծես դրանով կամենում էր հասկացնել Սալոմեին թե՝ «քո կողմից ինձ խելք սովորեցնելն ավելորդ է. այս առաջին անգամը չէ, որ ես այդ տեսակ առևտուր եմ անում: Ուրեմն որքան էլ որ քիչ հասկացողություն ունենամ այդ ճանապարհների մասին, գոնե մի որևէ գրբաց Սալոմեից հետ չեմ մնալ»:

Այսպես թե այնպես, մա՛յրիկ, ես ձեր առաջարկությունն ընդունել չեմ կարող, — վճռաբար խոսաց տիկին Բերնարը, — ես մի գին ասացի, վերջացրի: Կամենո՞ւմ եք, տվեք՝ չե՞ք կամենում, բարով եկիք. ես երկար խոսելու ժամանակ, չունիմ:

Լավ, ուրեմն թող կրկնապատիկը լինի, սրա դեմ հո խոսք չունի՞ք, — վստահությամբ հարցրավ Սալոմեն:

Ձեզ ասացի, որ պակաս անկարելի է, ինչու համար իզուր տեղը ժամանակ եք վատնում: — Այս ասելով, իբրև թե բարկացած, վեր կացավ տիկին Բերնարը և ուղղվեցավ դեպի դուռը:

Երևում էր, որ էլ խոսելու տեղ չկար. Սալոմեն մնացել էր շվարած:

Լավ, մի՛ գնաք, համաձայն եմ, — գոչեց նա տիկին Բերնարի ետևից և յուր ձեռքը պարզեց դեպի նրան ի նշան հաճության: Տիկին Բերնարն յուր կողմից սեղմեց նրան, և առևտուրը վերջացավ:

Ուրեմն ի՞նչպես կանեք, որ էգուց երեկոյան ես տանեմ նրան, — հարցրավ Սալոմեն տիկին Բերնարին:

Դուք գնացեք փողը բերեք, իսկ մնացածը թողեք ինձ կարգադրելու, — հակիրճ պատասխանեց տիկին Բերնարը և հեռացավ:

Սալոմեն ուրախությամբ դուրս գնաց:

Աղջիկներ, ինչո՞վ եք զբաղվում, մի քանիսդ թողեցեք քիչ հարկավոր գործերը և սկսեցեք կարել երեկվա պատվիրած շապիկները, նրանք շատ հարկավոր են, ես խոստացա վաղը երեկոյան հանձնել տիրոջը: — Այս խոսքերով տիկին Բերնարը մտավ կարանոցը և մի քանի աղջկերանց ձեռքից իրենց կարերը վերցնելով, փոխարենը բաժանեց պարոն Փուլշատյանի պատվիրած շապիկներից մի-մի հատ:

Այս կարողների շարքում կային Ելենան և յուր երկու ընկերուհիները: Նրանք անընդհատ նայում էին միմյանց իրենց խորհրդավոր հայացքներով և ժպտում:

Ուրախացի՛ր, Ելենա, էգուց պետք է գեղեցիկ երիտասարդին տեսնես, — կամացուկ շշնջաց Նինոն Ելենայի ականջում, տիկին Բերնարի ծանուցումը լսելուց ետ:

Անշուշտ վաղը դու մեզ նրա հետ կծանոթացնես, այնպես չէ՞, դու արդեն նրա ծանոթն ես, — ավելացնում էր մյուս կողմից Շուշանը: Իսկ Ելենան, որ արտաքուստ բնավ չէր հաշտվում յուր ընկերուհիների կատակների հետ, ներքուստ մեծ հրճվանք էր զգում սիրած երիտասարդի մասին այդքան արձակ խոսակցություններ լսելուն համար: Նա մինչև անգամ մի առանձին փութաջանությամբ սկսեց յուր կարը: Բայց տիկին Բերնարի նոր պատվերն անհանգստացնելու չափ հետաքրքրում էր նրան:

Ի՛նչ էր արդյոք պատճառը, որ նա շտապեցնում էր երիտասարդի գործը: Ելենան շատ լավ հիշում էր, որ երեկ տիկին Բերնարը նրան ոչինչ խոստում չէր արել շապիկները շուտ հանձնելու համար, և եթե արած էլ լիներ, ինչո՞ւ առավոտվանից չտվավ նա այդ պատվերը կարողներին: Եվ վերջապես ո՞վ էր այն կինը, որ նրան կանչեց, ի՞նչ էր խոսում նա նրա հետ, այդ մանավանդ շատ հետաքրքրում էր իրեն, որովհետև նրա խոսածների և տիկին Բերնարի նոր պատվերի մեջ նա մի կապ էր նշմարում, բայց ճշմարտության հասու լինել չէր կարողանում:

Մինչև այն, տիկին Բերնարի մոտ շատ կանայք էին եկել, և տիկին Բերնարը շատ նոր պատվերներ էր տվել յուր կարողներին, բայց այդ դեպքերից և ոչ մեկն իրեն չէին հետաքրքրել: Իսկ այսօրայսօր նա ամեն ելումուտ հետաքրքրությամբ դիտում է, բոլոր խոսակցությունները լսում է, բոլոր ակնարկները զննում է: Մի գաղտնի նախազգացմունք անհանգստացնում է նրան, նա սպասում է մի ինչ-որ նորության, որ անշուշտ իրեն պիտի վերաբերերև այդ նորությունը, որի ինչ լինելն ինքը չգիտեր, մերթ ուրախացնում և մերթ սարսափեցնում էր նրան:

ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՎՈԻՄ Է

Բարոյախոսները թանկագին հարստություն են համարում «վարկը» և «պատիվը», և նրանց անարատ պահելու համար քարոզներ են կարդում մեր գլխին: Բայց մարդկությունն ավելի շնորհապարտ կլիներ նրանց, եթե այդ հարստությունը պաշտպանելու համար, դրանք կարողանային զենքեր հնարել և մեր ձեռքը տալ: «Քարոզները» շատ թույլ միջոցներ են «պատվի» սեփականությունը պաշտպանելու համար, մանավանդ, որ նրանք շատ անգամ ծառայում են իբր զենք հենց ա՛յն մարդկանց ձեռքում, որոնք «վարկի» և «պատվի» գողությամբ են ապրում: Նյութական հարստություն պաշտպանելու գործն ավելի դյուրին է, քան բարոյական հարստության: Առաջինի համար բավական են երկու զորեղ բազուկներ և մի փայլուն սուր, նյութական հարստությունը մեր տան մեջ, մեր առջևն է, հափշտակողին մի հարված, և դատաստանը վերջացած է: Իսկ բարոյական հարստությունըավա՛ղ նա մեր ձեռքում չէ, նա գտնվում է հասարակաց կարծիքի հրապարակի վրա: Շատ անգամ ճարպիկ սրիկաներ գողանում են նրան առանց մեր գիտության, և հենց այն րոպեին, երբ մենք պաշտպանում ենք նրան կարծելով, թե նա մեր ձեռքում, մեր գրկումն է, նա հրապարակի վրա վաճառքի է հանվում

Հասարակաց կարծիքը չէ որոնում ավազակներին, չէ պատժում մեր բարոյական հարստությունը գաղտագողի հափշտակողներին. նա միայն մի բան գիտե, նա դատավոր է նստում մեր գլխին և դատապարտում է մեզ, որ մենք մեր «վարկը» և «պատիվը» կորցրինքԻսկ ճշմարտությո՞ւնը . Օ՛հ նա ամենից երկչոտ արարածն է: Նա տեսնում է, թե ինչպես խորամանկները մեր շփոթությունը նկատելով անկյուններում ծիծաղում են, խեղկատակներն անխղճաբար ծաղրում են մեզ և ամբոխը քարեր է շպրտում մեզ վրա, նա տեսնում է այս ամենը, նա գիտե, որ մենք արդար ենք և դարձյալ երկյուղից կծկվում է յուր գաղտնարանում, և լույս աշխարհ գալիս միայն այն ժամանակ, երբ մենք արդեն ամբոխի կատաղի հարվածներից անշնչացած՝ գլորված ենք գետնի վրա...

Ի՞նչ դարման ունին արդյոք բարոյագետներն այս ցավալի դրության համար, իհարկե ոչինչ

Մութը կոխել էր, կրպակներում հետզհետե վառվում էին կանթեղները և գնալով փողոցների մեջ անցուդարձը կենդանանում էր: Բերնարի կարանոցը միայն բացառություն էր կազմում լուսավորված խանութների շարքի մեջ: Նրա դռները պինդ-պինդ կողպվում էին, որովհետև օրվան այդ ժամանակը այդտեղ դադարում էին աշխատանքները: Երթևեկ բանվորուհիներն արդեն ցրվել էին իրենց բնակարանները, և տիկին Բերնարի մոտ մնում էին նրա սակավաթիվ գիշերօթիկները, որոնք մի մեծ սենյակի մեջ հավաքված շաղակրատում էին, կատակներ էին անում և ծիծաղում էին: Ելենան նրանց մեջ չէր. այդ ժամանակ նա գտնվում էր տիկին Բերնարի առանձնասենյակում:

Դու ասում ես պատրա՞ստ է արդեն այն պարոնի շապիկները, — հարցնում էր Ելենային տիկինը, անցուդարձ անելով սենյակի մեջ:

Այո՛, ես ինքս իմ ձեռքով դարսեցի նրանց կողովի. նա բոլորովին պատրաստ է, կարող եք ուղարկել:

Շատ լավ, շատ լավ, — մեքենայաբար կրկնեց տիկինը և մի քանի անգամ անց ու դարձ անելուց ետ եկավ նստեց փափուկ բազկաթոռի վրա:

Արի նստի՞ր ինձ մոտ, Ելենա, քեզ հետ գաղտնի խոսելիք ունիմ, — ասաց նա և մի աթոռ քաշեց իրեն մոտ:

Ելենան ծանր և կարծես ակամա քայլերով մոտեցավ տիկնոջը և նստեց նրա կողքին:

Դու տեսա՞ր երեկվա երիտասարդին, Ելենա ,-հարցրեց տիկինը:

Ի՞նչ երիտասարդ:

Ա՛յն, որ մեզ շապիկներ պատվիրեց:

Այո՛... ի՞նչ կա:

Դու նրան հավանո՞ւմ ես:

Ի՞նչպես թե հավանում եմ, տիկին, ես ձեզ չեմ հասկանում, — հարցրեց Ելենան շառագունելով:

Այնպես' էլի, չե՞ս հասկանում, ուզում եմ ասել, հավանո՞ւմ ես նրա գեղեցկությանը, նրա շնորհքին, նրա...

Ա՛խ, տիկին, թողեք խնդրեմ. այդ ի՞նչ հարցեր են, — դժգոհությամբ ընդհատեց նրան Ելենան և կամենում էր տեղից վեր կենալ:

Սպասի՞ր, ո՞ւր ես գնում, ես քեզ հետ կատակի համար չեմ խոսում, այլ կարևոր գործի և քո օգտի համար, — նկատեց նրան տիկինը և ձեռքից բռնելով նստեցրեց յուր տեղը:

Այդ երիտասարդը, — շարունակեց տիկին Բերնարը, — մի շատ պատվական երիտասարդ է. խելոք, ուսումնական և շատ հարուստ: Նա յուր բարեկամուհու ձեռքով հայտնել է, որ քեզ հետ ուզում է ամուսնանալ, ուստի ամենից առաջ ցանկանում է, որ քեզ կրկին տեսնե:

Այդ բանի համար, տիկին, դուք իմ ծնողաց հետ պիտի խոսեք և ոչ ինձ հետ:

Շատ լավ ես ասում, Ելենա, բայց քո ծնողներդ գավառացի մարդիկ են, նրանց չէ կարելի համոզել, որ քեզ թողնեն գնալ երիտասարդի մոտ, որ նա քեզ տեսնե, դու ավելի շուտ մեզ կհասկանաս:

Ինչպե՞ս թե գնալ երիտասարդի մոտ:

Հապա նա իր տանն է ուզում քեզ տեսնել. նա մեծ մարդու որդի է, խո քո ոտքդ չի՞ գալու:

Ներեցեք, տիկին, ոչ ե՛ս կպահանջեմ, որ նա իմ ոտքը գա, և ոչ էլ ես կերթամ նրա մոտ. խնդրում եմ, թողեցեք ինձ հետ այդ խոսակցությունը և եթե կամենում եք, տեսնվեցեք իմ ծնողաց հետ, այդպես բաների վրա խոսել իմ գործը չէ:

Լսի՛ր, Ելենա , ես քեզ ափսոսում եմ. դու քո բախտիցդ մի զրկվիր. այսպես բան էլ քեզ հետ չի պատահիլ: Քո ծնողներին նայելով՝ քեզ հետ կամուսնանա շատ-շատ մի հյուսն կամ մի դարբին: Բայց սա քաղաքի ամենահարուստ մարդու որդին է. մոտ քսան և հինգ տեղ մեծամեծ տներ և հարյուրավոր խանութներ ունի, ապրում է իշխանի նման շքեղ պալատի մեջ. ման է գալիս սեփական կառետով, առջևը կանգնած ունի տասնյակ ծառաներ, աղախիններ և վերջապես քաղաքի առաջին մարդն է համարվում, նրա աչքը հարստության վրա չէ. քեզ տեսել է, հավանել է, և այժմ ուզում է ամուսնանալ քեզ հետ. մի՞թե հիմար չես լինիլ, որ մերժես նրա առաջարկությունը:

Ես չեմ մերժում նրա առաջարկությունը, տիկին, ընդհակառակը, ես բախտավոր կլինեմ այդպես ամուսին ունենալով, բայց այդ առաջարկությունն ինքս ընդունել չեմ կարող. այդ պարոնը պետք է իմ ծնողացը հայտնե յուր կամքը:

Աղջիկ, դու գժվել ես, կամ ինձ չես հասկանում: Նա խո այս րոպեին քեզ հետ չի ամուսնանում, այլ ուզում է կրկին քեզ տեսնել, լավ տնտղել, այդ բանի համար չարժե, որ հայտնենք քո ծնողացը և նրանք էլ, ո՞վ գիտե, ի՞նչ հիմար պատասխան տան և գործը քանդվի: Այս երեկո լուռ ու մունջ կերթաս նրա մոտ (նա միայնակ մի առանձին տան է կենում), այնպես որ մեր աղջիկներից ոչ ոք ոչինչ չի իմանալ, մի կես ժամ քեզ կտեսնե, հետդ կխոսա և էլի կվերադառնաս ինձ մոտ:

Ի՞նչ եք խոսում, տիկին, ես վեր կենամ գնամ նրա մոտ, թե ի՞նչ է՝ «եկել եմ, ինձ տեսնե՞ս...»:

Ո՛չ, ո՛չ ,հիմար չեմ. եթե ուղարկեմ, ես գիտեմ ի՛նչպես կուղարկեմ, դու քո համաձայնությունը տուր, մնացածը իմ գործս է:

Ելենայի հաստատամտությունը խախտվել էր: Յուր դեպի երիտասարդն ունեցած գաղտնի սերը, տիկնոջ խոսածների ազդեցությունը, հարուստ ամուսին ունենալու հույսը, բոլորը խառնվել միացել էին նրա մեջ. նա տարուբերվում էր հուսո և երկյուղի, ուրախության և անհանգստության մեջ, նա հակվում էր դեպի համաձայնվելու կողմը:

Դիցուք թե համաձայնվում եմ, բայց ի՛նչ պատրվակով եմ գնում նրա մոտ և ո՞ ւմ հետ:

Պատրվա՞կը, ա՛յ, այս շապիկներն են: Ես նրանց կտամ իմ, մի բարեկամ կին ունեմ, Սալոմե անունով, նրա ձեռքը երկուսդ միասին կնստեք ծածկված կառքում, կեթաք այն պարոնի տունը: Եվ դու կասես իբրև թե շապիկները բերել եմ տիկին Բերնարի կողմից, որ հանձնեմ ձեզ: Այնուհետև երիտասարդը գուցե մի փոքր կուշացնի քեզ, թեյ, բան կառաջարկի, այդ կնոջ հետ միասին մի փոքր կնստեք, կխմեք և կրկին կվերադառնաք:

Բայց այդ ի՛նչ կին է, որ ինձ հետ պիտի գա, — կարծես անվստահությամբ հարցրեց Ելենան:

Օ՛, դա մի շատ բարի կին է. մի քանի տարի առաջ նա ինձ մոտ կար էր անում, այժմ խեղճի աչքերը լավ չեն տեսնում, բայց ես երբեմն-երբեմն նրան այդ տեսակ ծառայություններ եմ հանձնում և վարձատրում եմ: Այո՛, մի շա՞տ բարի կին է: Բայց դու մի ուշանար, գնա լվացվիր և մի փոքր ուղղիր հագուստներդ, — ավելացրեց տիկինը, — որքան էլ գեղեցիկ լինիս, դարձյալ լավ չէ, որ այդպես քծծված մազերով և ջարդված շորերով երևաս այն երիտասարդի մոտ. քո պակասությունն էլ իմ կարանոցին է վերաբերում:

Ելենան գնաց: Մի ներքին ուրախություն, որից դեռ չէր բաժանվում երկյուղի նման մի զգացմունք, լցրել էր նրա սիրտը: Նա պետք է տեսներ ա՛յն երիտասարդին, որին սիրում էր, որը իրեն ամուսնություն էր առաջարկում և որը գեղեցիկ ու հարուստ էր...

Եվ նա գնաց լվացվելու:

Այդ միջոցին ներս մտավ և Սալոմեն, որը մինչև այն պահված էր ետևի սենյակում:

Հա՛, ամեն բան պատրաստ է, — խոսեց տիկին Բերնարը նրան տեսնելով, — բե՛ր մնացած փողը, որ մեր հաշիվները վերջացնենք:

Սալոմեն ուրախությամբ տարավ ձեռքը գրպանը և հանելով մի քանի ծալած թղթադրամներ, տվեց տիկնոջն ասելով՝ «Երեկ ես վճարեցի ձեզ 250 ռուբլին և ահա ինչպես պայմանավորված էինք, տալիս եմ ձեզ մյուս 250 ռուբլին»:

Տիկին Բերնարը համարեց փողերը և գրպանը դնելով գլխի թեթև շարժումով շնորհակալություն արեց Սալոմեին: Հետո նա պատմեց ինչ որ ինքը խոսացել էր Ելենայի հետ և պատվիրեց նրան, որ յուր խոսածների համաձայն վարվի և խոսա նրա հետ:

Իսկ ինչ վերաբերում է Ելենայի երիտասարդի մոտ մնալուն, — ավելացրեց տիկինը, — նա կարող է մնալ այնտեղ այնքան ժամանակ, որքան ինքը կկամենա, նրա ծնողներին հարկ եղած պատասխանը ես ինքս կտամ:

Կես ժամից հետո Ելենան և Սալոմեն կարած շապիկներն իրենց հետ վերցրած, նստեցին մի ծածկված կառքի մեջ և ուղղվեցին դեպի Սամվել Փուլշատյանի առանձնարանը:

ՍՊԱՆԴԱՆՈՑ

Քաղաքի մի հետ ընկած մասում, բայց գեղեցիկ և մաքուր փողոցի վրա, գտնվում էր մի փոքրիկ երկհարկյան տուն, երեք կողմից շրջապատված պարսպապատ այգիով: Նրա դրացիները, որոնք գլխավորապես օտարազգիներ էին, գրեթե տեղեկություն չունեին, թե իսկապես ո՞ւմ էր պատկանում այդ շինությունը: Ցերեկով այդտեղ ոչ ոք չէր լինում, բացի մի ծառայից և աղախնուց, որոնք շատ հազիվ էին երևում փողոցի մեջ և դրացիներից ոչ ոքի հետ հարաբերություն կամ խոսակցություն չունեին: Գիշեր ժամանակ այդ տան բոլոր պատուհանները, որոնք նայում էին գեղեցիկ փողոցի վերա, փակվում էին տախտակյա փեղկերով, մինչդեռ դեպի այգին բացվողները միշտ լուսավորված էին լինում: Փողոցի վրա բացվող մուտքը նույնպես ցերեկով միշտ փակ էր, և երթևեկությունը կատարվում էր պարտեզի մի գաղտնի դռնով, որ բացվում էր նեղ և մութ փողոցի մեջ: Մերձակա դրացիների համար դա մի խորհրդավոր բնակարան էր: Շատ անգամ նրանք այդ տունը երթևեկողների մասին հարց ու փորձ էին անում այն կառապաններից, որոնք գիշերվա ժամերում կանգնած էին լինում տան գլխավոր մուտքի առաջ, բայց դրանք իրենք էլ չգիտեին, թե ո՞ւմն են բերել այստեղ և ո՞ւմ պիտի տանեն:

Այս տունը Սամվել Փուլշատյանի առանձնարանն էր, որի անունը քանիցս առիթ ունեցա հիշելու: Նրա գոյության մասին տեղեկություն չուներ մինչև անգամ յուր հայրը: Նա կառուցվել էր Սամվելի անվամբ և սեփական փողերով: (Չմոռանանք հիշել, որ երիտասարդը սեփական էր անվանում այն փողերը, որ նա ճարպկությամբ և հաշիվներ խարդախելով գողանում էր յուր հորից): Այս փոքրիկ տան մեջ ամեն բան նախատեսված և պատրաստված էր գեղեցիկ ճաշակով և այստեղ երիտասարդ Փուլշատյանն անցուցանում էր գիշերային ժամերի մեծ մասը՝ յուր գեղեցիկ սիրուհիների և երբեմն էլ քեֆ սիրող մտերիմների հետ:

Երեկոյան ժամը ութն էր և մութը տիրել էր ամեն կողմ: Սամվելը լուռ և մտախոհ ճեմում էր գեղեցիկ կահավորված ընդունարանում: Առաստաղից կախված թանկագին ջահը յուր հինգ փառավոր կանթեղներով աչք կուրացնելու չափ լուսավորում էր սենյակը: Ամեն կողմը փայլում էր հարստություն և ճոխություն: Իսկ երիտասարդ տանուտերը՝ յուր բարեկազմ հասակով, գեղեցիկ դեմքով և գանգրահեր ճակատով լրացնում էր այդ սենյակի զարդարանքը:

Բայց նրա քայլվածքն անհանգիստ էր: Նա անհամբերությամբ սպասում էր մեկին և ստեպ-ստեպ ժամացույցը հանելով նայում էր նրան: Փողոցի մեջ անցնող յուրաքանչյուր կառքի դղրդյունը նրա սիրտը թունդ էր հանում, նա ականջը կախում էր դեպի այդ ձայնը և հուսով սպասում, որ ահա՞ մի, կամ երկու րոպեից այդ կառքը կկանգնի յուր տան առաջ. բայց դղրդյունը շարունակվում էր, կառքն անցնում էր և նա հուսահատաբար կրկին առաջ էր շարժում յուր քայլերը: Վերջապես մյուս սենյակում պատի ժամացույցը զարկեց ութ և կեսը. Սամվելը չէր հավատում նրան, հանեց իսկույն և յուրը, նայեց, սխալ չկար: Նա համբերությունից դուրս եկավ և վազելով դեպի դուռը, հենց կամենում էր ծառային կանչել, և ահա գլխավոր դռան հնչակը ամուր-ամուր քաշեցին: «Նա է. եկավ...», — շշնջաց ինքն իրեն Սամվելը և գնաց նստեց թավշապատ բազկաթոռի վրա և ձեռքն առնելով օրվան լրագիրը սկսեց մեքենայաբար կարդալ նրան:

Մի քանի րոպեից հետո ընդունարանի դուռը բացվեցավ և նեռս մտավ Սալոմեն:

Միայնա՞կ ես, ի՞նչ է, ո՞ւր է Ելենան... — անհամբերությամբ վեր թռավ բազկաթոռից Սամվելը և այս խոսքերով դիմեց Սալոմեին:

Միայնակ չեմ, նա այստեղ նախասենյակումն է, բայց ամաչում է գալ:

Ի՞նչ հիմարություն, և դու թողել ես նրան այնտեղ միայնակ: — Այս ասելով Սամվելը դուրս թռավ նախասենյակ և տեսնելով Ելենային, որ կողովը ձեռքին կանգնած էր այստեղ, իսկույն բացականչեց՝ «Ա՛, բարյավ ձեզ, օրիորդ, ինչո՞ւ համար եք այդտեղ կանգնել, խնդրեմ ներս հրամայեցեք»:

Ելենան ոչինչ չպատասխանեց, բայց երիտասարդին տեսնելով սաստիկ շառագունեց:

Դուք դարձյալ կանգնո՞ւմ եք. բայց ես խնդրում եմ ձեզ:

Ներս գալու ոչինչ կարիք չկա, պարոն, ես տիկին Բերնարի կողմից բերի այս շապիկները ձեզ ցույց տալու համար. խնդրեմ նայեցեք և եթե մի որևէ պակասություն նշմարեք, ասացեք, որ ուղղենք: — Այս ասելով նա վայր դրավ ձեռքի կողովը պատուհանի վրա:

Խնդրեմ ներս բերեք, ես այնտեղ կնայեմ, — ասաց Սամվելը և ակնարկելով Սալոմեին, ինքը ներս մտավ:

Սալոմեն վերցրեց կողովը և Ելենայի ձեռքից բռնելով, գրեթե զոռով, ներս քաշեց նրան դեպի երիտասարդի ընդունարանը:

Ասացեք խնդրեմ, ինչ կա քաշվելու, մի քանի րոպե նստեցեք այստեղ, իսկ ես կնայեմ շապիկները, — այս խոսքերով նա աթոռ առաջարկեց Ելենային: Նրանք նստեցին:

Մի քանի վայրկյան Սամվելը տնտղեց շապիկները. նայեց աջ, ձախ և ապա «շատ լավ է, շատ գեղեցիկ է» ասելով, կանչեց աղախնին և հանձնեց նրան, միևնույն ժամանակ պատվիրելով թեյ բերել հյուրերի համար:

Իսկույն հայտնվեցավ գեղեցիկ և մաքուր հագնված ծառան և արծաթյա ափսեով թեյ առաջարկեց յուր տիրոջը և նրա հյուրերին, թեյի հետ էլ բերելով կաթ և շաքարահաց:

Ելենան դժվարանում էր մինչև անգամ այդ հասարակ հյուրասիրությունն ընդունելու, բայց Սամվելն այնքան շատ ստիպեց նրան, որ նա հակառակել չկարողացավ:

Այժմ մենք կարող ենք գնալ, — ցած ձայնով շշնջաց Սալոմեի ականջում Ելենան յուր բաժակը դատարկելուց հետո և վեր կացավ աթոռից:

Ո՛չ, դեռ ձեզ հետ մի փոքր խոսելիք ունիմ, օրիորդ, մի շտապեք, — նկատեց Սամվելը նույնպես տեղից բարձրանալով:

Հրամայեցեք, ես լսում եմ, — համեստությամբ պատասխանեց Ելենան:

Ես առանձին պետք է խոսեմ ձեզ հետ:

Ուրեմն ես դրսումը կսպասեմ, — ասաց Սալոմեն և արագ դուրս գնաց սենյակից:

Սպասի՛ր, ո՞ւր ես գնումբացականչեց Ելենան Սալոմեի ետևից և պատրաստվեցավ ինքը ևս դուրս գնալու:

Դուք ո՞ւր եք գնում, օրիորդ, սպասեցեք, ես ձեզ հետ շատ կարևոր խոսելիք ունեմ, — այս ասելով բռնեց երիտասարդը Ելենայի ձեռքից և զոռով նստեցրեց թավշապատ դիվանի վրա:

Ասացեք խնդրեմ, ինչ որ կամենում եք. ես շատ ուշանալ չեմ կարող, տիկին Բերնարն ինձ սպասում է:

Ես ձեզ չեմ ուշացնիլ. բնավ մի անհանգստանաք, — միամտացրեց նրան Սամվելը և սկսավ յուր «կարևոր խոսելիքը»:

Ի՞նչ էր իսկապես նրա «կարևոր խոսելիքը», ես այդ մի առ մի չեմ կրկնիլ այստեղ՝ ձեզ չձանձրացնելու համար: Այսքանը միայն կասեմ, որ դա շատ նման էր ա՛յն սիրալիր և սրտառուչ խոսակցության, որ տեղի է ունենում առաջին անգամ միայնության մեջ միմյանց պատահած երկու սիրող սրտերի, երկու միմյանց անկեղծաբար պաշտող հոգիների մեջ:

Սամվելը գեղեցիկ խոսելու ձիրք ուներ, նա գիտեր գրավել, գիտեր հրապուրել: Նույնիսկ յուր մարմնական գեղեցկությունն օգնում էր նրան այդ բանում: Նա ճանաչում էր յուր ուժը, ճանաչում էր և գեղեցիկ սեռի թուլությունը:

Եվ ահա բոլոր այդ զենքերով նա զինվել էր մի տկար և անմեղ աղջկա դեմ, մի աղջկա, որ լռիկ, յուր սրտում, սիրում էր նրան:

Կկամենա՞ք լսել մի քանի կտոր երիտասարդի խոսակցությունից, ահա՞ նրանք՝ «Օ՛, եթե գիտենաս, Ելենա, թե ինչպես սիրում ու պաշտում եմ քեզ... այն օրից, որ առաջին անգամ քեզ այգիում տեսի, ես այլևս հանգստություն չունեի, ես խելագարի նման թափառում էի փողոցներում, ամեն տեղ պտրում էի քեզ, ամեն տեղ որոնում էի քո հետքերը, քո քաղցր հայացքը, քո անուշ ձայնը... Առանց քեզ ես չեմ կամենում ապրել, առանց քեզ աշխարհը ինձ համար մութն է և կյանքը տանջանք... և եթե դու այսօր եկած չլինեիր ինձ մոտ, ես ուղղակի դեպի Քուռը կվազեի և պիտի խեղդեի ինձ նրա մեջ.,.»:

Այս և սրա նման գողտրիկ խոսքեր անընդհատ շռայլում էր նա յուր սիրուհու առաջ: Ելենան, որ յուր ամբողջ կյանքում այսպիսի քնքուշ խոսքեր լսած չուներ, զմայլած նայում էր նրան, նա հափշտակվել էր, և բնավ չէր հիշում ոչ տիկին Բերնարի կարանոցը և ոչ յուր ծնողները:

Իսկ դու, Ելենա, մի՜՞թե դու ինձ չես սիրում:

Ե՛ս, ես էլ քեզ շատ եմ սիրում, շատ, շատ... — այսքանը միայն կարողացավ արտասանել անմեղ աղջիկը և շառագունելով գլուխը կախեց ցած:

Օ՛, քեզ կարելի է միայն պաշտել, — բացականչեց երիտասարդը և յուր հափշտակության մեջ ամուր գրկելով նրան, համբուրեց նրա շրթունքները:

Այդ համբույրից Ելենան ցնցվեցավ ամբողջ մարմնով և խլվելով երիտասարդի գրկից շառագունված ետ քաշվեցավ:

Ա՛խ, ի՞նչ եք անում դուք, — շշնջաց նա հազիվ լսելի ձայնով և ապա տեղից վեր բարձրանալով՝ «Ես պիտի գնամ, ուշանում եմ», — ասաց նա և ուղղվեցավ դեպի դուռը:

Ոչ, սիրելիս, ես քեզ այդպես շուտ չեմ թողնիլ, — խոսեց Սամվելը նույնպես տեղից վեր բարձրանալով և Ելենայի ձեռքից բռնելով, — դու դեռ ինձ մոտ պիտի ընթրես. մենք դեռ մի քանի ժամ էլ միասին կանցկացնենք, և հետո կերթաս:

Ոչ, խնդրում եմ, ինձ բաց թողեցեք, ես կամենում եմ գնալ:

Այդ անկարելի է, Ելենա, դու պիտի մնաս, ես խնդրում եմ: Եվ մի՞թե դու կկամենայիր իմ խնդիրը մերժել:

Բայց տիկին Բերնարը... ա՛խ, նա ինձ կսպասե... գիտե՞ք, մեր այնտեղի աղջիկները շատ վատ աղջիկներ են, նրանք հազար մի բաներ կխոսեն...

Ո՞չինչ, ո՞չինչ, հոգյակս, նրանք ովքե՞ր են, որ դու նրանց խոսելու վրա ուշադրություն ես դարձնում, մի շաբաթից հետո մենք պսակված կլինենք, դու ամենից հարուստ մարդու ամուսինը կդառնաս և նրանք հեռվից միայն մտիկ կտան քեզ վերա և չեն համարձակվիլ անգամ քեզ բարևել: Այո՛, դու այդ տեսակ աղջիկներին քեզ աղախին պիտի ունենաս, արժե՞ ուրեմն նրանց վերա մտածել:

Այսպիսի հուսալիր խոսքերով Սամվելը դեռ հանգստացնում էր Ելենային, երբ ծառան մտավ և հայտնեց որ սեղանը պատրաստ է:

Երիտասարդը Ելենային յուր թևն առավ և ուղղվեցավ դեպի սեղանատունը:

Բայց խնդրում եմ, այն կնոջն էլ կանչեցեք, և եթե մենք ընթրում ենք, թող նա էլ մեզ հետ ընթրի, նա երևի ինձ սպասում է այնտեղ, — ասաց Ելենան, չկամենալով միայնակ սեղանի վերա գտնվիլ օտար երիտասարդի հետ:

Ա՛, ինչպես կարելի է, Ելենա: Էգուց մենք պետք է ամուսիններ լինենք, և այսօր ուզում ես, որ մեր սեղանի վերա մեզ հետ ընկերացնենք մի ողորմելի աղքատ պառավի: Դու անփորձ ես, դու հարուստների շրջաններում չես գտնվել, դա շատ ամոթ բան է մեզ համար: Այն կինը կարող է ներքև մեր ծառայի և աղախնի հետ ընթրել, նրա համար ամեն բան կհոգացվի, դու միամիտ եղիր:

Ելենան ոչինչ չուներ պատասխանելու, նա լռեց, որովհետև կարծում էր, թե երիտասարդի խոսածներն այնպիսի ճշմարտություններ էին, որ ինքը չէր կարող հասկանալ:

Երբ նրանք մտան սեղանատունը, օրիորդի աչքերը շլացան: Գեղեցիկ կահավորված, մանավանդ գեղեցիկ լուսավորված սենյակում բացված էր մի շքեղ սեղան, որի վերա կարգով շարված էին բազմաթիվ և բազմատեսակ ուտելիքներ, հախճապակյա և ոսկեզօծ ամանների և սկուտեղների մեջ: Շամպայնի շշերը և մի քանի ուրիշ ըմպելիքներ արծաթապատ պնակների վրա փայլում էին ինչպես բյուրեղ, նրանց մոտ շարված էին մի քանի տեսակ ոսկեզօծ բաժակներ, որոնցից յուրաքանչյուրը հատկացված էր մի տեսակ ըմպելիքի համար: Սեղանի երկու կողմերում դրված էին մի-մի արծաթի բարձրադիր աշտարակներ հնգական ճյուղերով և նրանց մեջտեղում բարձրանում էր բյուրեղյա, աստիճանավոր ափսեներից կազմված մրգերի և շաքարեղենների մի կոթող, իսկ նրա գլխին տնկված էր թարմ ծաղիկներից և վարդերից շինած մի քաղցրաբույր և գեղեցիկ փունջ: Սեղանի մոտ դրված էր մի նորաձև բազկաթոռ, որ երկու իրար կից նստատեղիներ ուներ, նրանցից մեկի վրա նստեց երիտասարդ տանուտերը և յուր կողքին էլ քնքշաբար նստեցրեց Ելենային: Եվ նրանք սկսեցին ընթրել:

Ծառան հետզհետե ներս էր բերում զանազան համեղ խորտիկներ և Սամվելն ամեն մեկից յուր ձեռքովն էր բաժին վերցնում յուր գեղեցիկ հյուրի համար: Ելենան սկզբում ամաչում էր և քաշվելով էր ուտում, բայց մի երկու բաժակ շամպանիան, որ երիտասարդ տանուտերը զոռով խմացրեց նրան, բացավ նրա երեսը: Նա մինչև անգամ սկսավ ազատ խոսել և ծիծաղել յուր ապագա ամուսնու հետ:

Գինին ընդհանրապես բարերար ազդեցություն է անում ամաչկոտ և մանավանդ տխրազգաց մարզիկների վրա: Նա համր լեզուների և անխոս շրթունքների հրաշալի բանալին է: Նրա շնորհիվ կարելի է կարդալ սրտերի մեջ այն ամենն, ինչ որ լրջությունը ծածկում, թաքցնում է: Նույնիսկ ամենագործնական մարդիկը, որոնք իրենց գոյությունը պահպանելու համար միշտ շողոքորթում և կեղծավորում են, դարձյալ չեն կարողանում մի քանի ժամ անկեղծ չլինել այս հրաշալի նեկտարը որոշ չափով իրենց մեջ հյուրընկալելուց հետո: Գինու համար առանձին աստված չստեղծելով, աստվածաբանական մի մեծ սխալ գործած կլիներ հին դիցապաշտ աշխարհը. բայց Բաքոսի անունը և նրա երբեմն գոյություն ունեցող հոյակապ տաճարները, ապացուցանում են, որ մարդկությունը դեռ շատ հեռու անցյալում ճանաչում և պաշտում էր գինվո անմահ զորությունը:

Ահա՛ այս ամենակարող զորությունն էլ իրեն օգնության էր հրավիրել երիտասարդ Փուլշատյանը: Նա հետզհետե լցնում էր Ելենայի բաժակը քաղցր և անուշահամ գինիով և զանազան ոգելից օշարակներով: Օրիորդի կողմից ամենազորեղ ընդդիմությունն էլ ապարդյուն էր անցնում. Սամվելը նրան մերթ ստիպում, մերթ թախանձում էր և վերջ ի վերջո նա ստիպված էր լինում դատարկել բաժակը:

Ընթրիքը վերջանալու մոտ Սամվելը սկսեց երգել: Նա շատ քաղցր և դուրեկան ձայն ուներ: Այս վերջաբանը այնքան շատ դուր եկավ Ելենային, որ նա ինքը մինչև անգամ սկսեց ձայնակցել գեղեցիկ երիտասարդին, յուր թևը նրա վզով բերելով և կրակվող ճակատը նրա կրծքին հանգչեցնելով: Անուշ գինիներ, գողտրիկ երգեր, սիրալիր գրկախառնություն և կաթոգին համբույրներ... Այս բոլորը միախառնված ո՞ւր պիտի տանեին երկու երիտասարդներին... Իհարկե հանգստյան կայանը...

Ա՛խ, ես ուշացա, ես պիտի գնամ, — նվաղած ձայնով շշնջում էր օրիորդը, բայց, անզոր ինքն իրեն տիրապետելու, թուլացած ընկնում էր իրան գրկող բազուկների վրա:

Դու կերթաս, միամիտ եղիր... դու կերթաս, — մեքենայաբար կրկնում էր Սամվելը: Ելենան հավատում էր յուր ապագա ամուսնուն և չէր ընդդիմանում նրան...

ՀԵՂԻՆԵԻ ԾՆՈՂՆԵՐԸ

Արեգակը դեռ նոր էր բարձրանում Մախաթի ետևից, և նրա բեկբեկուն ճառագայթները ծիրանի գույնով խաղում էին քաղաքի հին բերդի ավերակների վրա: Քարափի թաղում հարուստ մարդիկ դեռ հանգիստ քնում էին. բայց մեր ծանոթ Ելենայի հայրըհյուսն Անտոնը վաղուց արդեն զարթել, լվացվել և շտապել էր եկեղեցի՝ կյուրակե օրվա պատարագին ներկա գտնվելու: Նրա կինը՝ Հռիփսիմեն, տուն տեղը սրբել, մաքրել ու կարգավորել էր և այժմ զբաղված էր կեսօրվան ճաշի համար մի քանի պատրաստություններով:

Առավոտները նա եկեղեցի չէր գնում, որովհետև իրենից հետո տանը ոչ ոք չէր մնում, ուստի և բավականանում էր մի քանի անգամ երեսը խաչակնքելով, երբ լսում էր Բեթխայինի զանգակների ձայնը: Իսկ կեսօրին, Ելենայի գալուց ետ, իհարկե, նա պիտի ներկա գտնվեր պատարագին մի որևէ եկեղեցում, ուր առավոտյան ժամասացությունը կեսից չէր եղած: Ելենան սովորություն ուներ կյուրակե օրերը շատ վառ յուր ծնողաց մոտ գալու, և այդ էր պատճառը, որ Անտոնը մինչև պատարագի վերջը եկեղեցում սպասել չէր կարողանում: Սուրբ-սուրբը լսելուց ետ նա դուրս էր գալիս: Եվ որքա՛ն մեծ էր լինում նրա ուրախությունը, երբ մի ամբողջ շաբաթ յուր սիրելի Ելենային չտեսնելուց հետո պատահում էր նրան բակի դռան մոտ` իրեն սպասելիս, կամ մաքուր-պսպղան ինքնաեռի մոտ՝ թեյ շինելիս:

Անտոնը կրթված քաղաքացիների նման ջերմությամբ չէր ողջագուրում յուր աղջկանը, նա միայն մի քաղցր ժպիտով էր դիմավորում նրան, բայց այդ ամաչկոտ ժպիտի մեջ որքա՛ն բուռն սեր, որքա՛ն հայրական խանդ և գորով էին պարունակում... Ամբողջ շաբաթվա մեջ, յուր տաժանակիր աշխատությանց ժամանակ կրած նեղությունները նա իսկույն մոռանում էր, հենց որ տեսնում էր նրան: Այդ միամոր աղջկա մեջ նա ամփոփել էր յուր բոլոր բախտը, կյանքը և հարստությունը: Ելենան նրա համար մի ամբողջ աշխարհք էր...

Next page