Մուրացան՝   Պատմվածքներ

Օհ, դրանով ի՞նչ եք ուզում ասել, պ. Ավետիք, — ծանրությամբ հարցրավ վարպետ Սարգիսը, — հապա խոսելով պահք էլ չպահե՞նք:

Պահք ի՞հարկե պետք է պահեք, որովհետև տերն ասում է՝ «Այս դևը ոչ մի բանով դուրս չի գալ, բայց միայն պահքով ու աղոթքով»: Բայց պահքը, որ լսել եք այն չէ ինչ որ դուք եք պահում, կամ ինչ որ ձեր քահանաներն են քարոզում:

Ախր չասացի, թե դրան մի բառ եթե թույլ տաք խոսելու, հազարն էլ հետո կխոսի, — անհամբերությամբ ներս ընկավ Համբարձումը:

Տո անպիտան, քեզ չասացի, որ լռիր, տեսնենք մարդը ինչ է խոսում, — բարկացավ նրա վրա մատռվակը:

Իմ կարծիքով, — խոսեց Ավետիքը, — Համբարձումը մեզ խառնում է նրա համար, որ գինի խմելը դադարեցրել եք: Ես ձեզ խորհուրդ կտամ պ. մատռվակ, որ նրան միանվագ 3 բաժակ գինի տաք խմելու, իբր պատիժ:

Մատռվակը հրամայեց, և Համբարձումի մոտիկ ընկերը երեք բաժակ լցնելով առաջարկեց նրան: Վերջինս ներքին բավականությամբ և արտաքին դժգոհությամբ երեք բաժակները դատարկեց:

Ավետիքի խարդախությունը ոչ ոք չիմացավ: Նա կամենում էր յուր հակառակորդին հարբեցնելով թուլացնել, որը որքան էլ հիմարաբար էր խոսում, դարձյալ իրեն խանգարում էր: Բայց սխալվեցավ:

Այժմ կարող եք խոսալ, ես կլռեմ, — հայտարարեց Համբարձումը բաժակները դատարկելուց ետ:

Հա, — սկսավ Ավետիքը, — այն էի ասում, թե քահանաները ուղիղ պահք պահելը չսովորեցնելով՝ ձեզ խաբում ու մոլորեցնում են:

Հիմա այստեղ ես ի՞նչպես դիմանամ, — գլուխը շարժելով խոսեց ինքն իրեն Համբարձումը, — հիմա էլ մեր քահանաներին խաբեբա է անվանում:

Հարգելի պարոն Համբարձում, — խոնարհ ձայնով դարձավ Ավետիքը դեպի նրան, — դուք դարձյալ դժգոհություն եք ցույց տալիս, ես տեսնում եմ, որ դուք շատ նուրբ հասկացողություն ունիք և ինձ շուտով կբռնեք. թողեք խոսեմ. եթե սխալ կգտնեք խոսածիս մեջ, կարող եք ինձ լռեցնել:

Սա երկրորդ զենքն էր:

Այս խոնարհ խոսակցության եղանակը Համբարձումի ինքնասիրությունը գգվեց, և նա խոստացավ լռել: Ավետիքը սկսավ:

Եթե ես ասում եմ թե ձեր քահանաները ձեզ մոլորեցնում են սխալ ճանապարհներ տանելով, դուք նեղանում եք: Տեսեք. դուք միշտ միմյանց հայհոյում եք, բամբասում եք, զրպարտում եք, թշնամություն եք անում, միմյանց տուն քանդում եք, բայց այս բոլորի համար ձեր քահանան ձեզ չի ասում, թե մեղք է, մի անեք, այդ բանից պահք պահեցեք, այլ ընդհակառակը յուղ ու միս ուտելից է ձեզ զգուշացնում: Սա մոլորեցնել չէ՞: Այստեղ յուղով փլավի տեղ` ձեթով եք ուտում, իսկ այնտեղ գնում ընկերընկերի միս ուտում. սա ինչի՞ նման է:

Ես իմ աստվածը շատ լավ է ասում պարոն Ավետիքը, — ընդհատեց նրան մատռվակը, — վայ մեր մեղացը:

Հա, ի՞նչ խոսք ունիս սրան, պարոն Համբարձում, — հարցրավ նրան տանուտեր Գրիգորը, որին ըստ երևույթին շատ դուր էին գալիս Ավետիքի խոսքերը, — սուտ է ասում թե՞ ճշմարիտ:

Ես ի՞նչ գիտեմ, սուտ է ասում թե ճշմարիտ, — կես բարկությամբ պատասխանեց Համբարձումը, — պետք է մեր վարժապետ Հարությունը այստեղ լիներ, որ դրա խոսածների միտքը իմանար: Այսքան գիտեմ, որ դա յուր կյանքում ոչինչ լավ բան չի խոսիլ. ինչ էլ խոսի` մեր սուրբ հավատի հակառակ է:

Այո, — շարունակեց Ավետիքը, բնավ ուշադրություն չդարձնելով Համբարձումի խոսածներին, — ձեր մեջ հազարավոր պակասություններ կան, որոնց չեն ուզում ուղղել ձեր քահանաները, որովհետև նրանք չեն ուզում ձեր աչքերը բանալ: Ձեզ խավարի մեջ պահելով իրանք միշտ ավելի կշահվին: Ձեր մեջ հարյուրավոր ընտանիք քաղցից մեռնում են, դուք նրանց չեք մոտենում, նրանց կարեկից չեք լինում, նրանց ցավերը չեք մեղմում, և այդ բանի համար ձեր քահանան ձեզ ոչինչ չի հիշեցնում, որովհետև եթե սխալվի և հիշեցնի իհարկե յուր բաժինը դուք կտաք այն խեղճերին: Այսպես, ձեր հոգևոր հայրերը ձեզ հետ ամեն բան հաշվով են գործում, և իրանց օգուտի համար ձեր հոգիները դժոխքի բաժին են դարձնում:

Ավետիքի այս խոսքերը լուռ լսում էին բոլոր հյուրերը, միայն Համբարձումի համար յուր լռությունը շատ երկար թվաց: Նա քարոզչին ընդհատեց:

Դե բավական է, ի սեր աստծո, այստեղ ժամ չե՞ս շինելու, քարոզ ունիս, գնա քո «եղբայրներիդ» քարոզիր:

Դու էլ իմ «եղբայրն» ես, հարգելի պարոն Համբարձում, ուստի...

Աստված ոչ անե, որ ես քո «եղբայրը» լինեմ, այն ժամանակ ես էլ քեզ նման մի անամոթ մարդ կլինեմ:

Համբարձում, — հրամայող ձայնով դարձավ նրան տանտեր Գրիգորը, — ինչու համար հայհոյում ես իմ հյուրին:

Շատ լավ եմ անում, եթե դու էլ քո հյուրի քարոզներին հավանում ես, գնա նրա աղոթարանը, քեզ էլ այնտեղ ֆարմասոն կմկրտեն:

Ավետիքը հրճվում էր Համբարձումի կոպտությունները տեսնելով տանտիրոջ հետ, որովհետև համոզված էր, որ դրանով վերջինս յուր կողմը կանցնի: Բայց կամենալով մատռվակին էլ գրգռել, ասաց.

Զարմանում եմ, որ պարոն մատռվակի ներկայությամբ այդ Համբարձումը կարողանում է այսպես անպատիժ անկարգություններ անել. միթե մենք բոլորս էլ այժմ նրա խոնարհ հպատակները չենք:

Ո՞վ է այդ խռովարարը, պետք է դուրս հանենք այստեղից, — կարծես քնից արթնացած գոչեց մատռվակը:

Այո՛, այո՛, պետք է դուրս հանել, — գոչեցին մի քանի տեղերից հյուրերը և միաբերան հաստատեցին, որ խռովարարը Համբարձումն է: Ուստի մատռվակի հրամանով զոռով դուրս հանեցին նրան մյուս սենյակը և ստիպեցին, որ քնե ու հանգստանա: Չնայելով, որ խեղճ Համբարձումը կաշվից դուրս էր գալիս համոզելու համար, որ ինքը չէ խռովարարը, այլ այն ֆարմասոնն է, որ ուր մտնում է երկպառակություն և բաժանումն է գցում, այսուամենայնիվ նրա ճիգը զուր, անցավ, սենյակի դուռը վերան փակվեցավ և նա ստիպված էր ժողովի վճիռը կատարելու համար կամաակամա այդտեղ քնանալու:

Քարոզիչը այժմ ազատ շունչ քաշեց:

Ահա սիրելի եղբայրներս, — նորեն սկսավ նա խոսել` երբ խռովարարը մեջտեղից բարձվեցավ, — ձեր հոգևոր հայրերը այսպես են խնամում իրենց հանձնված հոտի անդամները: Դուք մեզ ավետարանական ու ֆարմասոն անվանելով մեզ վրա ծիծաղում եք, բայց մեր «եղբայրների» մեջ այստեղ խռովարար մարդիկներ չեն կարող գտնիլ, նրանք միշտ հեզ են, ողորմած, աղքատասեր, միով բանիվ այնպես՝ ինչպես հրամայում է նրանց լինել մեր Տերը: Եվ մենք մեր Տիրոջ սուրբ կամքից երբեք չենք շեղվում:

Այնուհետև քարոզիչը նորեն դարձավ պասին, սուրբերին, պատկերներին և մեր եկեղեցու զանազան արարողությանց և ծեսերին: Երկար ու բարակ խոսեց և ըստ կամաց հազար ու մի սուտ ու սխալ բացատրություններ տվավ այդ ամենի համար: Հետո նա յուր կարծիքով այնքան պակասություններ գտավ մեր հոգևոր հայրերի մեջ, այնքան թերություններ մեր կրոնի և եկեղեցու մեջ, որ յուր ունկնդիրներից մի քանիսին, ի միջիայլոց և ոսկերիչ Գրիգորին, համոզեց, որ իրանք բոլորն էլ մոլորյալ ոչխարներ են, արդեն դժոխքի համար պատրաստված, որովհետև արքայություն մտնելու համար նորեն պետք է «եղբայրություն» ընդունեին, այլապես անհնար էր:

Քարոզիչը յուր բոլոր խոսակցության ժամանակ աշխատում էր խեղճ և տգետ արհեստավորների առաջ այնպիսի բաներ խոսել, որոնց հետ վերջիններս շատ ծանոթ էին, և որովհետև այդ խեղճ մարդիկը նրա ասածների միմիայն երեսն էին տեսնում, առանց խորը թափանցել կարողանալու և մանավանդ, որ սա կրկնում էր մեր այն թերությունների մասին, որոնց մենք ինքներս շատ անգամ հարվածում ենք, այս հանգամանքը մանավանդ օգնում էր, որ մի քանիսը բոլորովին հափշտակվել էին յուրմով: Ինչ վերաբերում է ոսկերիչ Գրիգորին նա սրան երկնքից իջած էր համարում: Հյուրերից հասակավորները միայն գինու առատությունից թմրել և լսելու ու հասկանալու անընդունակ էին դարձել, մյուս բոլոր երիտասարդները արդեն բավական խմորվել էին:

Ավետիքի զգացած ուրախությանը չափ չկար: Նա խոսելուց և քարոզելուց այն ժամանակ դադարեց, երբ ճրագները ներս բերին: Այնուհետև հյուրերի ցրվելու ժամանակն էր: Երբ հերթը եկավ Ավետիքին՝ նա վերկենալով հայտարարեց, որ այսուհետև կաշխատե շուտշուտ տեսնվիլ յուր այս օրվա բարեկամների հետ, որոնց նմաններին նա դեռ պատահած՝ չէր, ինչպես ասում էր, և կխոսի «հոգեշահ» բաների վրա: Ոսկերիչ Գրիգորը և յուր մի քանի ընկերները ուրախություն հայտնեցին նրա «հոգեշահ» քարոզներին ներկա գտնվելու ուր և լինի:

Բայց քարոզչի աշակերտ Կարոն ավելի լավ բան առաջարկեց, այսինքն վաղը երեկոյան ժողովվել յուր տանը ընթրիքի: Ներկա եղողները պարտավորվեցան բոլորն էլ այնտեղ գտնվիլ մի ուրիշ ժամում և միմյանց «բարի գիշեր» մաղթելով հեռացան:

Գրիգորը հյուրերին ճանապարհ դրավ մինչև բակի դուռը: Երբ դարձավ տուն, Մարիամին գտավ շատ տխուր և առանձնացած սենյակի մի անկյունը:

Մարիամ, ինչո՞ւ տխուր ես, — ըստ սովորականին քնքշաբար մոտեցավ նրան Գրիգորը, — մի՞գուցե հիվանդ ես:

Ո՛չ, հիվանդ չեմ:

Ուրեմն, բարկացա՞ծ ես:

Այո՛, քեզ վրա:

Ի՞նձ, հա, հա, հա, ինչո՞ւ համար, մի՞թե քո դեմ մի անախորժ բան ունե՞մ արած:

Այո, շատ անախորժ: Ո՞վ է այդ Ավետիքը, որի շատախոսությունները այդքան զմայլված լսում ես:

Ո՞վ պետք է լինի, մի բարի մարդ, մի՞թե մեղք է նրա հետ խոսիլը:

Այո, շատ մեղք է, դա բարի մարդ չէ, այլ սատանայից էլ չար: Դու գիտես, որ դա լութերական քարոզիչ է, դրան ուր ես քո սեղանի վրա նստեցրել:

Եթե լութերական է, բայց ինքն էլի հայ է, ուրեմն չի՞ կարելի մեր սեղանի վրա նստեցնել:

Գլխիս վրա էլ կնստեցնեմ, եթե լուռ ու մունջ մյուսների պես նստե, յուր հացն ուտե, ուրախություն անի ու դուրս գնա, բայց որ նստել է քարոզներ ասում, և մարդկանց ճանապարհից հանում, ես նրան ախոռն անգամ մտնելու իրավունք չեմ տալ: Դեռ նրա ճանապարհով խեղճ Համբարձումին էլ վիրավորում ես: Դու կամենում ես բոլոր դրացիներին միանգամով քեզ վրա խոսեցնել տաս:

Տե՛ս, Մարիամ, հիմարություններ ես դուրս տալիս, ինձ շատ հարկավոր է, որ դրացիները մեզ վրա կխոսա՞ն:

Ե՞ս եմ հիմարություններ դուրս տալիս:

Ի՛հարկե, — կես բարկությամբ պատասխանեց Գրիգորը, մարդը քեզ մի վատություն չէ արել, դու նրա վրա թշնամաբար ես խոսում, դա հիմարությունից էլ մի փոքր ավելի է:

Մարիամը ոչինչ չպատասխանեց: Այդ առաջին կոպիտ խոսքն էր, որ յուր ամուսնուց լսավ: Նրա աչքերը իսկույն արտասուքով լցվիցան, և նա սկսավ լալ:

Առաջին արտասվաց կաթիլները գլորվեցան...

Գ

Իմ ընթերցողները չմոռացան իհարկե, որ ոսկերիչ Գրիգորը յուր հյուրերից մի քանիսի հետ հետևյալ օրը հրավիրված էր Կարոյի տունը ընթրիքի: Այդ երեկոյան երբ Գրիգորը՝ յուր խանութը փակելով դարձավ տուն և պատրաստվում էր՝ յուր խոստման համաձայն հյուրասիրող բարեկամի մոտ գնալու, Մարիամը եկավ նրա մոտ և խնդրում էր, որ նա թողնե յուր այդ մտադրությունը:

Ինչո՞ւ համար, Մարիամ, ինչո՞ւ այդ արգելում ես ինձ, — հարցրավ Գրիգորը ամուսնուց, — Կարոյի տունը գնալս այս առաջին անգամը չէ, և վերջապես ես երեկ խոստացել եմ, ինչպես կարող եմ խոստմանս դրժել:

Խոստմանդ ուղղակի մի դրժիլ, դու կարող ես ասել թե հիվանդ եմ, կամ գործ ունեի, վերջապես ինչ կամենում ես ասա, բայց այսօր մի՛ գնալ այնտեղ, աղաչում եմ:

Բայց ինչու՞ համար, զարմանում եմ, ինչի՞ց ես կասկածում:

Ես, չգիտեմ, թե ինչո՞ւ համար, չգիտեմ, թե ինչի՞ց եմ կասկածում, բայց չեմ կամենում, որ այնտեղ գնաս: Այսօր ամբողջ օրը ես տխուր էի և միմիայն այդ բանի վրա էի մտածում: Ես այնպես եմ համոզված, որ եթե դու գնաս այնտեղ, եթե դու մեկ էլ լսես այն չար սատանայի խոսքերը, դու կփոխվես, դու էլ նրա պես չար կդառնաս, դու էլ իմ Գրիգորը չես լինիլ...

Տեսնո՞ւմ ես, ինչ հիմարհիմար մտքեր ես անում, Մարիամ:

Դարձյալ հիմա՞ր, — այս խոսքում Մարիամը փղձեցավ, և նրա աչքերը արտասուքով լցվեցան:

Հապա ի՞նչ ասեմ, դու ինձ երեխա ես կարծում, ի՞նչ է: Այսուհետև պետք է ինձ փոխեն, այսուհետև պիտի չար դառնամ:

Չգիտեմ, Գրիգո՛ր, հոգյակս, միայն խնդրում եմ մի գնալ այնտեղ, իմ սիրտը շատ վատ բաներ է գուշակում, ես վախենում եմ: Այդ Ավետիքի համար մեր դրացիները շատ վատ բաներ են խոսում, ասում են, ով որ մի անգամ նրա ձեռքը ընկավ, էլ ազատվիլ չէ կարող...

Էհ, դատարկ բաներ ես խոսում, թող թե աստվածդ կսիրես, մարդիկը այժմ ինձ են սպասում, ամոթ է: — Այս ասելով Գրիգորը անցավ դեպի դուռը:

Բայց քեզ խնդրում եմ, ինձ չե՞ս լսում, — այս խոսքերով Մարիամը վազեց դեպի դուռը և նրա ձեռքը բռնեց:

Թող, — ասում եմ, Մարիա՛մ, ինձ մի՛ ուշացնիր, ես խոսք եմ տվել և իմ խոսքից դառնալ չեմ կարող:

Ո՛չ չպետք է թողնեմ, ես չեմ կամենում, որ գնաս:

Էհ, դու ինձ զզվեցնում ես: — Այս ասելով նա յուր ձեռքը խլեց կնոջ ձեռքից և շտապով հեռացավ:

Մի քանի րոպե Մարիամը մնաց յուր տեղը արձանացած: Նրա աչքերը անշարժ ուղղվել էին դեպի այն դուռը, որտեղից յուր ամուսինը դուրս գնաց: Բայց մի փոքր հետո նա ուշքի եկավ և դառն հեկեկանքով սկսավ լալ:

Երեխաները մյուս սենյակում խաղում էին. նրանք չտեսան, թե ի՞նչ պատահեցավ իրանց մոր հետ: Իսկ Մանիշակը հարևանի տանից դառնալով, երբ յուր մայրը գտավ լալիս, մնաց շվարած:

Ի՞նչ պատահեցավ քեզ, մայրիկ, ինչո՞ւ լալիս ես, — հարցրավ նա մորը:

Իսկ վերջինս ո՛չ միայն ոչինչ չպատասխանեց, այլև աղջկանը տեսնելուն պես ավելի ևս սկսավ արցունքներ թափել: Քնքույշ Մանուշակը չդիմացավ մոր արտասուքներին, և ինքն էլ նրա հետ սկսավ լալ: Երկար այս աղիողորմ տեսարանը շարունակվում էր: Ի վերջո մայրը սթափվելով դադարեց լալուց և բեկված սրտով սփոփեց աղջկանը: Սակայն վերջինիս համար դեռ անբացատրելի մնաց յուր մոր լացի պատճառը:

Եվ իրավ, ինչու՞ համար խեղճ կինը այդ աստիճան վշտանում էր, ի՞նչն էր նրա արտասվաց և հուսահատության պատճառը:

Այդ յուր ամուսնու լութերական դառնալու երկյուղն էր, երկյուղ, որ պաշարել էր նրան այն րոպեից սկսած, երբ քարոզիչ Ավետիքը իրանց սեղանի վրա նստած տեսավ: «Լութերական» — այս բառը գավառեցի հայ կինը սառնասրտությամբ լսել չէ կարող, նա ակնհայտնի խորշում է նամանավանդ այդ անունը կրող հայից: Որքան կամենում եք դատապարտեցեք նրա այդ զգացմունքը, կամենում եք նախապաշարված կոչեցեք նրան, կամենում եք մոլեռանդ, — այդ նրա հոգը չէ, նա միայն գիտե, թե պետք է խորշել այդ կրոնափոխ մարդիկներից, որովհետև դրանց այդ հավատավաճառության գործի՝ մեջ նա ոչինչ ազնիվ և բարի բան չէ նկատում: Մի բան, որ անհերքելի իրողություն է մնում հայ կնոջ համար, այդ այն է, որ նա յուր նուրբ դիտողությամբ պարզ տեսնում է, թե յուր ընտանյաց այն անկումը, որ տգիտությամբ բռնվում է այդ մարմնազդեցիկ դևերի ցանցի մեջ, նա ընդմիշտ կորչում է յուր ընտանյաց համար: Նա այլևս ամենօրվանը չէ, նրա մեջ սառչում են սովորական զգացմունքները, նրա սիրտը, այլևս համահավասար չէ տրոփում այդ ընտանյաց սրտի հետ: Հայրական սեր, մայրենի գորով, հարազատաց խանդադատանք, այդ բոլորը նրա համար կորցնում են իրանց բարերար ազդեցությունը: Նա ծաղրում է ամեն բան, նա ծիծաղում է և ընտանյաց բոլոր հնավանդ սրբությանց վերա...

Այսպիսի օրինակները բազմաթիվ են նամանավանդ մեզ ծանոթ արհեստավորանց թաղի մեջ, այդ խավարի ու տգիտության կենտրոնատեղում: Այդտեղ կային լութերականացած հայրեր, որոնք խռով էին ապրում իրենց կնոջից և զավակներից, երիտասարդներ, որոնք օրն ի բուն անարգում և թշնամանում էին իրանց խորթ հավատը չդավանող ծնողներին: Այս բոլորին Մարիամը ծանոթ էր, նա այս մասին ավելի շատ տխուր պատմություններ գիտեր և ահա սրանք էին նրան այնքան վիշտ ու արտասուք պատճառողները: Եվ նրա նախազգացումը իրան չխաբեց:

Գրիգորը Կարոյի տունը գալով այնտեղ հավաքված գտավ բոլոր «եղբայրներին» և նրանց, որոնք անցած օրը խոստացած էին Ավետիքի «հոգեշահ» քարոզներին հաճախելու: Ընթրիքից առաջ քարոզիչը երկար խոսեց Կարոյի հյուրերի հետ: Նա յուր ատենաբանության նյութ էր առել դարձյալ հայոց լուսավորչական կրոնը և նրանց հոգևորականությունը: Նա այնքան ճարպկությամբ հարմարեցնում էր յուր խոսակցությունը՝ նամանավանդ առաջին անգամ ներկա գտնվող հյուրերի հասկացողության և հոգեկան տրամադրությանը, որ նրանցից և ոչ մեկի մեջ չէր հուզում հակառակ զգացումներ:

Նորա առաջ նստած էին խեղճ և աղքատ արհեստավորներ, որոնք իրանց սրբազան կրոնը և եկեղեցին ճանաչում էին միայն այնքան, որքան իրանց ծնողներից սովորել էին: Ղեռ հազար հինգ հարյուր տարուց առաջ «եղբայրություն և հավասարություն» քարոզող լուսավորչական եկեղեցու այդ հարազատ զավակները, մինչև անգամ գաղափար չունեին թե մի եկեղեցի կարող է պակասություններ ունենալ կամ մեկը կարող է մյուսից առավելություններով գերազանցել: Նորանց համար անծանոթ էին աստվածաբանների քրիստոնեության համար արած քմահաճ մեկնաբանությունները կամ ավետարանի յուրաքանչյուր բառի և դարձվածի վրա մինչև այսօր էլ տեղի ունեցող անվերջանալի վիճաբանությունները և ահա այս պատճառով, ինչպես իրանց ավանդված էր, նոքա բոլոր եկեղեցիները հավասար սուրբ և հավասար ուղղափառ էին Համարում: Կարծիք չկա, որ այս մարդկանց համար քարոզչի խոսածները հետաքրքիր կլինեին: Մարդիկ բնականաբար միշտ տրամադիր են նորություններ լսելու, իսկ քարոզչի խոսածները բոլորն էլ նորություններ էին նոցա համար. այդ քարոզները քանդում և ոչնչացնում էին իրանց մինչև այսօր ունեցած համոզմունքները և գաղափարները: Այն եկեղեցին, որին նոքա մինչև այսօր սուրբ և առաքելական էին համարում, հանկարծ քարոզիչը պիղծ է անվանում, լուսավորչի այն հավատը, որին նոքա մինչև այսօր Հիսուս Քրիստոսից և յուր առաքյալներից ավանդված էին ընդունում, քարոզիչը մոլորեցնող աղանդ է կոչում: Եվ այս ամենը նա, իհարկե, կարողանում էր հաստատել յուր խեղճ և տգետ ունկնդիրների առաջ, այնպիսի մի տեղ, ուր նորա ստախոսությունները հասկացող և երևան հանող մեկը չկար: Խեղճ արհեստավորները թեպետ եկեղեցվո և կրոնի մասին քարոզչի խոսածներում սուտը և ճշմարիտը զանազանել չէին կարողանում, բայց իրանց հոգևորականաց պակասությանց մասին խոսածների մեջ ճշմարտություններ տեսնում էին: Այդ պակասություններից շատերը իրենց հայտնի էին, այդ պակասությանց վրա իրանք շատ անգամ մատնացույց են արել և ահա հենց այս մեկ հանգամանքը օգնում էր քարոզչին յուր ունկնդիրներին հեշտությամբ մոլորեցնելու, որովհետև նոքա այնպես էին մտածում: «Մեր հոգևորականաց պակասությանց համար խոսածներում մենք ստություն չենք նշմարում, այդ պակասությունները կան, և մենք տեսնում ենք: Ուրեմն մեր եկեղեցվո և կրոնի պակասության մասին խոսածներն էլ անպատճառ ճշմարիտ կլինին, որովհետև այդ պակասությունները մենք մեր տգիտությամբ հասկանալ չենք կարող»: Բայց խեղճ մարզիկը չգիտեին, որ այդ անխիղճ մարդորսները հոգևորականաց այդ մեզ անծանոթ պակասությունները անդադար առաջ են բերում միմիայն նորա համար, որ մեր եկեղեցին էլ պակասավոր ցույց տալ կարողանան: Ապա թե ոչ նոցա համար ի՞նչ նշանակություն ունեին մեր հոգևորականաց պակասությունները, որոնք ամեն ազգերի հոգևորականաց մեջ գտնվում են և այն դեռ շատ մեծ չափերով: Ինչևէ, քարոզչի ճառախոսությունները բոլորը քաղցր ուշադրությամբ լսում էին, իսկ ոսկերիչ Գրիգորը գրեթե զմայլված էր...

Ընթրիքը վերջանալուց հետո քարոզիչը դարձյալ խոսաց մի քանի բան, բայց այս անգամ նա կամենում էր ծանոթանալ ներկա գտնվող նոր հյուրերի կարծյաց հետ: Վերջիններս, որոնք իսկապես սեփական կարծիք ասած բանից զուրկ էին, հայտարարեցին, որ բոլորովին համաձայն են քարոզչի հայտնած մտքերի հետ: Իսկ ոսկերիչ Գրիգորը, որ արդեն կատարելապես խմորված էր, մինչև անգամ ցանկություն հայտնեց նրանց «եղբայրության» մեջ մտնելու: Քարոզչի ուրախությանը չափ չկար: Բայց որպեսզի յուր արժանավորությունը կշռի մեջ պահեր, նա իսկույն չընդունեց ոսկերիչի առաջարկությունը, այլ խոստում առավ նրանից, որ նա կանոնավորապես կհաճախե յուր քարոզություններին շարունակ մի ամիս, և այնուհետև կարժանանա այդ կոչմանը: Ոսկերիչը հավատարիմ մնաց յուր խոստմանը: Նա շարունակ այցելում էր «եղբայրների» ժողովարանը և գրեթե միշտ ներկա էր գտնվում քարոզչի այն «հոգեշահ» ատենաբանություններին, որոնք տեղի էին ունենում երեկոները Կարոյի տանը: Մարիամի բոլոր ջանքերը յուր ամուսնուն այդ մարդորս քարոզչի ճանկերից ազատելու համար ապարդյուն անցան: Ո՛չ նրա աղաչանքները, ոչ թափած արտասուքները չկարողացան դարձնել յուր ամուսնուն այն ճանապարհից, որի մեջ դիպվածով սահել էր նրա ոտքը:

Կնոջ ամենօրյա թախանձանքներից ազատվելու համար ոսկերիչը առժամանակ հնարեց ծածկել նրանից յուր այցելությունները «եղբայրների» ժողովարանը: Այս պատճառով նա յուրաքանչյուր անգամ տանից ուշանալու համար մի նոր պատճառ էր հնարում: Մարիամը շատ հոժարությամբ հավատում էր յուր ամուսնուն և եթե գիտենար իսկ, թե նա իրեն խաբում է, դարձյալ ավելի կկամենար խաբվիլ, քան յուր ամուսնուց լսել մի վճռական խոսք, թե նա ընդդեմ յուր ցանկության ընդունում է լութերականություն կամ հենց համակրում է նրան... Սակայն ամիսը լրացավ թե չէ մեր ոսկերիչ Գրիգորը ստացավ կատարյալ բողոքականի կոչումը, նա դարձավ «եղբայրների» մի հավատարիմ անդամ և մտավ այն ընկերության հովանավորության ներքո, որի համար քարոզիչ Ավետիքը պատմում էր, թե՝ երկնքի արքայության միակ բանալիքը յուր ձեռքումն ունի...

Մի ամբողջ տարուց հետո ոսկերիչ Գրիգորի ընտանիքը այլևս յուր երջանիկ դրության մեջ չէր: Այստեղ ամեն բան այնպես փոխվել ու տակնուվար էր եղել, որ կկարծեիր, թե մի կործանող ոգի ծանրացել է այդ տան վերա: Կարծյաց և համոզմանց տարբերությունը, որ պառակտում է ամեն միություն, յուր ավերիչ ներգործությունը արել էր և այս ընտանյաց վերա: Տանուտերը կորուսել էր յուր առաջին զվարթ բնավորությունը: Նա դառնում էր տուն տխուր և մելամաղձիկ դեմքով, մի քանի րոպե հազիվ մնում էր յուր հարկի տակ և դարձյալ դուրս էր գնում այցելելու «եղբայրների» ժողովարանը: Մարիամը անդադար մտածելուց և իր կորուստը լալուց նիհարել էր, նրա վառվռուն այտերը դալկացել էին և գեղեցիկ աչքերը կկոցվել կնճիռներով: Ծնողաց հոգեկան տանջանքները ոչ սակավ ներգործել էին և երեխաների զվարթության վերա: Շատ հազիվ էր պատահում, որ նրանք զբաղվեին իրանց մանկական խաղերով մոր տխուր աչքերի առաջ, չնայելով, որ վերջինս բնավ այդ չէր արգելում նրանց: Բայց բոլորի մեջ ամենից ավելի տանջվում էր Մանիշակը: Սա գրեթե ամեն երեկո ներկա էր լինում ծնողաց տխուր վիճաբանություններին, որոնք շատ անգամ վերջանում էին կռվով: Այսպիսի երեկոները միշտ յուր մայրը լալիս էր և ինքը ընկերակցում էր նրան յուր լռիկ արտասուքներով: Ցերեկները նա մինչև անգամ չէր գնում հարևանի աղջկերանց հետ խոսելով կամ ժամանակ անցուցանելու, ինչպես առաջ սովորություն ուներ:

Այն օրից սկսած երբ յուր դրացի աղջկանց մեջ յուր ընկերակիցներից մեկը նրան վիրավորելու համար անվանեց նրան «լութերականի աղջիկ», նա այլևս ոչ մի ընկերուհու հետ չէր համարձակվում տեսնվել: Յուր ծաղկող հասակը, որ ավելացնում էր նրա գեղեցկությունը, չէր կարողանում հալածել այն անուշ տխրությունը, որը զգայուն աղջկա ճակատին դրոշմել էին ընտանեկան խռովությունները: Նա ամբողջ օրը զբաղված էր տան հոգսերով, և երբեմն միայն խոսակցում էր Աշոտի հետ, երբ նա խանութից դառնում էր տուն հայտնելու համար, որ այն երեկո յուր վարպետը հրավիրված է «եղբայրներից» մեկի տունը: Այս երիտասարդն էր մնացել միայն բոլոր բարեկամներից, որին մայրը և աղջիկը կարողանում էին բանալ իրանց սրտերը և հայտնել իրանց դեմ շատերին անծանոթ վշտերը...

Ահա այս պատկերն էր ներկայացնում ոսկերչի ընտանիքը նրա բողոքականություն ընդունելուց մի տարի հետո: Սակայն այստեղ էլ դեռ լրացած չէր այդ ընտանյաց թշվառության սահմանը, ճակատագիրը ավելի տխուր ապագա էր պատրաստել նրա համար:

Դ

Մի կիրակի առավոտ քարոզիչ Ավետիքը եկավ ոսկերիչի տունը և հայտնեց նրան, որ իրանց գլխավոր պաստորը Տփխիսից եկել է, ուստի ինքն էլ մյուս բոլոր «եղբայրների» հետ պիտի պատրաստվի նրա տեսության գնալու: Ոսկերիչ Գրիգորը նախ երկյուղ հայտնեց յուր տգիտությամբ մեծապատիվ պաստորի առաջ երևալու, բայց երբ Ավետիքը հարևանցի կերպով ծանոթացրավ նրան պաստորի անձնավորության հետ, հայտնելով, որ նա ինքը իսկ այս քաղաքացի է և հայտնի դպիր Ղազարի տղան է, որին յուր հայրը մանկության ժամանակ մի քանի ոսկով ծախել էր նեմենցներին, որոնց մոտ նա մնալով ուսել էր «տիրոջ խոսքը» և ստացել այս մեծ պաշտոնը, և թե նա բոլոր «եղբայրների» հետ իրանց հասկացած լեզվով պիտի խոսի, այն ժամանակ ոսկերիչը սիրտ առավ և հագնելով յուր պահեստի հագուստները, ընկերացավ քարոզչին: Վերջինս նրան առաջնորդեց յուր տունը, ուր հավաքված էին բոլոր «եղբայրները»: Իսկ այստեղից նրանք բոլորը միասին գնացին և ներկայացան մեծապատիվ պաստորին:

Քարոզիչ Ավետիքը պաստորին ծանոթացրավ «եղբայրներից» յուրաքանչյուրի հետ, համառոտ ծանոթություններ տալով նրանց անցյալի և ներկայի վերա, և հետո ներկայացրավ յուր եռամյա գործունեության հաշիվը: Այս հաշվից պաստորը բավականությամբ տեսավ, որ քարոզիչ Ավետիքը այդ ոչ շատ երկար ժամանակամիջոցում կարողացել էր երեսուն և երկու հոգի լուսավորչական հայերից դարձնել ավետարանականության: Միայն շատ չախորժեց տեսնելով, որ ներկայացրած տոմարի մեջ քսանյոթ հոգի պարտական էին կենտրոնական սնդուկին բավական նշանավոր գումարներ: Օրինակ, բազազ Հարությունը՝ 1200 ռ., նրա աներձագ Հովակիմը 1400 ռ., մուշտակագործ Ալեքսանը՝ 1000 ռ., ոսկերիչ Կարապետը (մեր ծանոթ Կարոն1500 ռ., ոսկերիչ Սիմոնը՝ 900 ռուբլի: Սրանք բոլորը ստացել էին կանխիկ դրամ իրանց անհրաժեշտ պիտոյից համար:

Այնուհետև գալիս էին երկրորդական ճանապարհներով պարտապանները:

Հյուսն Մաթեոսի տունը հրապարակական աճուրդից ազատելու և նրա պարտատերերը գոհացնելու համար ծախսված էր 1100 ռուբլի:

Նրա արհեստակից Սարգսին ձիու գողության մեջ բռնված լինելուն պատճառով 18 ամսվա բանտարկությունից ազատելու և ձիատերը գոհացնելու համար 160 ռուբլի:

Նախկին առևտրական փականագործ Հովհաննեսին յուր կինը և որդիները յուր ուղղափառ դավանության դարձնելուն համար ընծա 300 ռուբլի, այլև նրա կնոջը և որդոց միմի ձեռք հագուստ, արժեքը 120 ռուբլի:

Գրագիր Դանիելի համար սեղանապետի պաշտոն ձեռք բերելու համար երկու անձանց բարեխոսությունը վաստակելու համար նվեր 250 ռուբլի, այլև նոր տարվա օրը նույն անձիքների համար ընծա երկու գլուխ շաքար և երկու գլուխ թեյ, 14 ռ. 40 կոպեկ:

Փողհար Ասրիբեկի չհաս պսակը հաջողեցնելու համար նվեր 300 ռ.: Եվ հետո այդ երկուսին ավետարանականություն ընդունելու համար նվեր մի միահարկ տուն, արժողությամբ 490 ռուբլի:

Սրանից հետո նշանակված էին մանր պարտապանների անունները կամ փոքր գումարով արված նվերները: Սրանք այնքան աննշան էին, որ երկար թվումն մասանց անել ավելորդ է, կհիշենք միայն մի քանիսը: Օրինակ, Ծառաձագ գյուղացի Կարապետին նվիրված էր 26 ռուբլու արժողությամբ մի էշ, խառատ Հովսեփին 90 ռուբլու արժողությամբ հյուսնի գործիքներ, Բալլու գյուղացի Մկրտչին փոխ տված էր 60 ռուբլի, երկու ջրաղացի քարեր գնելու համար, այսպես իմացիր և մնացածները:

Ներկա եղող երեսուն և երկու հոգուց միայն հինգ հոգի կային, որոնք «եղբայրություն» էին ընդունել առանց որևէ նյութական նպաստ ընդունելու: Դրանցից մինը ոսկերիչ Գրիգորն էր:

Պարոն պաստորը այս վերջիններին առավել մեծարանքով ընդունեց և ամեն տեսակ հարգանաց և գովեստի արժանի հայտարարեց նրանց:

Հետո նա սկսավ խոսել մի բավական ընդարձակ ճառ, որի մեջ գլխավորապես ձգտում էր հասկացնել «եղբայրներին» թե նրանք ինչ մեծ և աստվածահաճո գործի են իրենց ավետարանականություն ընդունելով, և թե որքան նեղություններ և վշտեր պետք է կրեն իրանց այդ ընտրած ճանապարհով անհողդողդ առաջ գնալու համար, թե որքան դժվարությանց պիտի հանդիպին և թե որպիսի բարոյական ուժ պիտի գործ դնեն այդ դժվարությանց հաղթելու համար:

«Դուք, — ասում էր պաստորը, — բախտավոր եք նրանով, որ առաջինն եք այդ լուսավոր ճանապարհի վերա ոտք դնողները: Դուք կանչված եք նրա դժվարությունները հաղթելու և մաքրելու ձեր ապագա սերունդի համար: Այդ իսկ պատճառով էլ դուք առավելապես պիտի վարձատրվիք երկրում առաջին նահատակների փառավոր անունը և երկնքում «տիրոջ» արքայությունը ժառանգելով: Բայց որովհետև ձեզանից մի քանիսը, ինչպես մեր քարոզիչ եղբայրը ինձ հայտնեց դեռ ձեր ընտանիքը ձեր լուսավոր ճանապարհի վերա հանելու չեք հաջողած, այդ պատճառով ձեր զոհաբերությունը կատարյալ չէ: Դուք կամ չպիտի ապրիք այդ ընտանիքում, որ հեթանոս է, կամ եթե ապրում եք այդ հեթանոսներին էլ պիտի աշխատեք առաջնորդել դեպի փրկության ճանապարհը: Ես գիտեմ, այդ բանի համար դուք առաջին անգամ, ինչպես ասեցի կհանդիպեք դժվարությունների, դուք կբազմացնեք ձեր թշնամիները, կգրգռեք ձեր դեմ ձեր բարեկամների ատելությունը, ազգականների արհամարհանքը, դուք կհարուցանեք ձեր ընտանյաց մեջ խռովություն, անհամաձայնություն և շատ անգամ կռիվ: Բայց այս բոլորը ձեզ չպետք է վհատեցնեն: Դուք չպետք է կորցնենք ձեր արիությունը այլ միմիայն անձանձիր աշխատեք: Մի օր դուք ուրախությամբ կտեսնեք, որ վերջապես հասաք ձեր սուրբ և վսեմ նպատակին: Մի օր դուք հպարտությամբ կտեսնեք, որ ձեզանից յուրաքանչյուրը միմի ընտանիք և այնուհետև մի ամբողջ սերունդ հեթանոսությունից դարձնելու պատճառ եղաք, և այն ժամանակ ձեր հոգիները համարձակ կդիմեն դեպի նրան, որ կանչում է, «Եկեք իմ հոր օրհնածներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը»:

Այս և սրա նման շատ բաներ երկար խոսում էր պարոն պաստորը, և երբ յուր ճառը վերջացրավ, նա հարցրավ ներկա եղողների կարծիքը յուր ճառի մի քանի կետերի վերաբերմամբ: Բոլորը իհարկե պաստորի հայտնած մտքերի հետ համաձայն էին: Միայն ոսկերիչ Գրիգորը թույլատվություն խնդրեց իմանալու, թե արդյոք իբրև բացառություն իրեն չի ներվիլ, որ ինքը յուր համար ավետարանական մնա, իսկ իր կնոջը և երեխաներին թույլ տա իրանց մինչև այժմ դավանած կրոնը պաշտելու:

Մենք հեզության աշակերտներ ենք, — համոզիչ եղանակով պատասխանեց պաստորը, — և ոչ ոքի չենք կարող ստիպել, որ նա զոռով մեր աշակերտը լինի: Բայց ով որ մի անգամ մեր «եղբայրության» մեջ է մտնում, նա պետք է մարդասեր լինի, և չկամենա, որ մարդկանց հոգիները կորչին: Դուք էլ, որ մեր սիրելի «եղբայրներից» եք նույն հոգով պետք է վառվիք, այսինքն պետք է աշխատեք որքան կարող եք, մոլորյալ հոգիները փրկելու, և ոչ թե թույլ տաք, որ նրանք կորչին և գեհենի բաժին դառնան: Այս ամենը գիտենալուց ետ, ձեր կամքից է կախվածթողնել ձեր ընտանիքը մոլորության մեջ կամ դարձնել նրանց ուղիղ ճանապարհ: Բայց և այնպես, — ավելացրավ պաստորը, — դուք, որ առանց շահախնդրության մտել եք մեր «եղբայրության» մեջ (որովհետև պաստորը փորձով գիտեր, որ այդ տեսակ հավատափոխները հազվագյուտ էին), դուք չպետք է արատավորեք ձեր անբիծ անունը, թույլ գտնվելով այն մեծ գործի մեջ, որի համար կանչված եք «տիրոջ» կամքով: Եթե դուք թշնամի չեք այդ ընտանիքին, ուրեմն գործով պիտի ցույց տաք ձեր բարեկամությունը, փրկելով նրանց բոլորի հոգիները անդառնալի կորստից:

Հաջորդ էջ